Մուրացան՝   Պատմվածքներ

Այդ ինչե՞ր եք պատմում, այդ ինչե՞ր են պատահել, իմ ծնողները պտրտում են ինձ, նրանք լաց են լինում, նրանք ծեծում են իրենցիսկ այդ բոլորը դուք թարցում եք ինձանից... ա՛խ անգութներ, ինչու՞ քնացրիք ինձ, ինչու՞ սպանում եք մեզ...

Ի՞նչ է պատահել, Ելենա, հոգյակս, ի՞նչ բանից ես վրդովվել, — փաղաքշում էր նրան Սամվելը, իբր ոչինչ չիմանալով:

Ի՞նչ բանից... դեռ նո՞ր եք հարցնում, բայց ես բոլորը լսեցի... ի սեր աստծո, պարոն, ազատեցեք ինձ այստեղից. տարեք ինձ իմ ծնողների մոտ. ես չեմ կարող ուշանալ, իմ շունչը կտրվում է, ես խելագարվում եմ... տարեք ինձ...

Բայց ես այսպես ցերեկով քեզ հետ գնալ չեմ կարող, դա ամոթ բան է ինձ համար. սպասիր մութը մի փոքր կկոխե, այն ժամանակ ես կուղեկցեմ քեզ:

Ամոթ բա՞ն է... օ՛ օ՛, ամոթ բան է ինձ հետ մանգալ, շատ լավ. ուրեմն ես միայնակ կերթամ. գոնե ցույց տվեք ինձ ձեր տանից դուրս գալու ճանապարհը:

Բայց այժմ ո՞ւր ես գնում դու, գոնե մի երկու ժամ էլ սպասիր...

Ելենան թողեց Սամվելի խոսքը յուր բերանում և ինքը դուրս պրծավ դեպի պատշգամբը. այդտեղից այծյամի արագությամբ վար իջավ պարտեզը: Զբոսանքի ժամանակ նա այդտեղ նկատել էր մի գաղտնի դուռ, որ և յուր բախտից բաց գտավ:

Այդ դռնից նա դուրս փախավ և այլայլված սկսավ վազել մենավոր մի նեղ փողոցի մեջ:

Ինչո՞ւ համար ծառաներից մեկին չես հրամայում ետ դարձնել նրան, — հարցրավ Մարգարը Սամվելից, երբ Ելենան իջավ պարտեզ:

Ի՞նչ հարկ կա. թող ուր ուզում է գնա, — պատասխանեց Սամվելը, — այդպիսով նա իմ գործը դյուրացրավ: Իմ միակ ցանկությունն այն էր, որ այսօր քեզ նրա հետ ճաշ տայի իմ տանս. խոստումս կատարեցի և այժմ հանգիստ եմ:

ՃԳՆԱԺԱՄ

Հասնելով մի մեծ փողոց, Ելենան, դանդաղեցրավ յուր քայլերը, որպեսզի երագելով անցորդների ուշադրությունը չգրավե: Եվ թեպետ նրա վրա ոչ ոք մի առանձին ուշադրություն չէր դարձնում, բայց ինքն անդադար աջ, ձախ և ետ էր նայում: Նա կարծում էր, որ բոլորը գիտեն յուր արածը, որ բոլորը յուր վերա են խոսում... Նա մինչև անգամ յուր երևակայության մեջ լսում էր, թե ինչպես յուր ետևից ծաղրում են իրեն: Եթե մեկը ճանապարհին դեմուդեմ պատահում էր նրան և աչքերն ուղղում էր յուր վերա, ինքը երեսը շուռ էր տալիս, վախենալով թե՝ իսկույն մի նախատինք պիտի լսի այդ անցորդից, նա մինչև անգամ ամաչում էր օրը ցերեկով փողոցի մեջ, բաց երկնքի տակ գտնվելու համար և անհանգստությամբ շտապում էր մի գաղտնարանի մեջ ծածկվելու: Փուլշատյանի առանձնարանից դուրս գալու րոպեին նա միայն մի բան էր մտածում՝ դիմել յուր ծնողաց մոտ, հայտնել, որ ինքը կորած չէ, որ ինքը կենդանի է, և այսպիսով ուրախացնել նրանց... իսկ այժմ նա այդ մտքից անգամ սարսափում էր: Ի՞նչ երեսով գնալ յուր ծնողաց մոտ, ինչո՞վ արդարացնել յուր անհայտանալը...

Վերջապես նա վճռեց դեռ գնալ տիկին Բերնարի մոտ, այն կնոջ, որ յուր համար պատրաստեց այս հոգեկան տագնապը... Գուցե նա նրան մի ելք սովորեցներ... ուստի և ուղղեց յուր քայլերը դեպի կարանոցը:

Կյուրակե լինելով օրվան այդ ժամին կարանոցի մեջ ոչ ոք չկար: Թե՞ կարողուհիները և թե՞ ինքը՝ տիկին Բերնարը դուրս էին եկել զբոսնելու, միայն պառավ աղախինն էր, որ յուր տիկնոջ առանձնարանի դռան առաջ պառկած քնած էր: Ելենան առանց նրան զարթեցնելու, անցավ նախասենյակից և մտավ ա՞յն փոքրիկ սենյակը, ուր սովորաբար իրենց կարերով առանձնանում էին ինքը, Նինոն և Շուշանը կարողուհիների շաղակրատությունից և ափեղցփեղ խոսակցություններից ազատվելու համար: Նա տխուր և լռիկ նստեց յուր սիրելի անկյունում և ընկավ մտածողության մեջ:

Կարանոցի ամայությունն այժմ ավելի և ավելի զգալի էր դարձնում նրան յուր դրության ծանրությունը, «Անցյալ կյուրակե այս միևնույն ժամին ես էլ զբոսնում էի նրանց հետ», — մտածում էր խեղճ աղջիկը. — «այն օրը ես էլ ուրախ և անհոգ էի իմ ընկերուհիների նման, ոչ մի միտք ինձ չէր տանջում... իսկ այսօր... օ՛հ, ինչպես ծանր է. ինչպես անտանելի է... և այս բոլորը փոխվեցավ միմիայն մի շաբաթվա մեջ... այսօր ես վախենում եմ մինչև անգամ մարդու երես դուրս գալու, մարդու հետ խոսակցելու... իսկ իմ ծնողները... աստված իմ, ես սարսափում եմ, թե ի՞նչպես կարող եմ երևալ նրանց աչքին...»:

Այս և սրա նման մտքերով բավական երկար տանջվեցավ խեղճ աղջիկը: Ապա կես տխրությունից և կես հոգնածությունից նրա աչքերը ծանրացան և նա քնեց հենց այն փոքրիկ թախտի վերա, ուր նստած էր:

Երեկոյան դեմ բոլորը վերադարձան տուն, բայց Ելենայի բախտից ոչ ոք չմտավ այն սենյակը, ուր նա պառկած էր: Ամբողջ գիշեր նա հանգիստ քնեց այնտեղ:

Առավոտը մի ինչ որ գործի համար Նինոն մտավ այդտեղ և որքա՛ ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ Ելենային քնած գտավ այդ սենյակի մեջ: — Ելենա, մի՞թե դու այստեղ ես... — ուրախությամբ բացականչեց նա և վազեց փաթաթվեց յուր ընկերուհուն, որ դռան ճռնչալուց արդեն զարթել էր:

Ա՛խ, այդ դո՞ւ ես, Նինո... — մրմնջաց Ելենան և գրկեց նրան:

Ո՞րտեղ էիր դու, ասա, հոգիս, ո՞ւր էիր գնացել, ամբողջ քաղաքում քեզ պտրտում են: Ո՛րքան մենք տխրեցինք, ո՛րքան լացինք, եթե գիտենայիր... ասա, խնդրում եմ, ո՞րտեղ էիր, ե՞րբ եկար այստեղ:

Ինձանից ոչինչ մի հարցնիլ, Նինո, հոգյակս, ես այժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ ...

Ի՞նչպես թե ոչինչ չես կարող ասել, մի՞թե մի դժբախտություն է պատահել քեզ հետ:

Ոչինչ, դժբախտություն չէ պատահել, միամիտ եղիր, միայն թե այժմ ես ոչինչ չեմ կարող խոսել, ես հիվանդ եմ...

Ուրեմն սպասիր, որ տիկնոջն ու Շուշանին հայտնեմ քո գալդ, նրանք էլ շատ անհանգիստ են:

Ո՛չ, դեռ ոչ ոքին ոչինչ մի՞ հայտնիր, ամենից առաջ խնդրում եմ պատմի՛ր ինձ, թե ի՞նչ է պատահել ինձանից հետո: Դրանով դու ինձ շատ կպարտավորեցնես. իսկ հետո ես քեզ իմ ուր գնացած լինելս կասեմ:

Եվ Նինոն սկսավ մանրամասնաբար պատմել բոլորը, ինչ որ երեկ անցել էր կարանոցի մեջ. նա շատ սրտաշարժ ձևով նկարագրեց և Ելենայի ծնողաց դրությունը, նա պատմեց մինչև անգամ կարողուհիների մեջ յուր մասին տեղի ունեցած կեղտոտ խոսակցությունները...

Այդ բոլորը Ելենան լսեց մերթ ապշությամբ, մերթ կսկիծով և մերթ սարսափելով: Երբ Նինոն վերջացրավ յուր պատմությունը — «այժմ կարող ես իմ մասին հայտնել տիկնոջը», — ասաց նա ընկերուհուն, — «ես այստեղ սպասում եմ նրան»:

Եվ միայն տիկնո՞ջը:

Այո՛, առայժմ նրան. Շուշանին անգամ ոչինչ չասես, աղաչում եմ:

Բայց դու խոստացար ասել ինձ, թե ո՞ւր էիր գնացել:

Հետո՛, հետո՛, աղաչում եմ, այժմ մի՞ հարցնիր այդ, — թախանձեց նա Նինոյին և վերջինս դուրս գնաց:

Մի քառորդ ժամից հետո տիկին Բերնարը մտավ Ելենայի մոտ:

Այս ո՞րտեղ էիք դուք, Ելենա, ձեզ չարաչար պտրտում էին ձեր ծնողները;

Մի՞թե չգիտեք, թե որտեղ էի:

Ճշմարիտ, որ չգիտեմ:

Կատա՞կ եք անում, տիկին...

Ոչինչ կատակ չեմ անում:

Ես այնտեղ էի, ուր որ դուք ղրկել էիք, — կոշտ ձայնով նկատեց Ելենան, — այս դուք պետք է որ գիտենաք

Երիտասարդ Փուլշատյանի տա՞նը:

Այո՛:

Բայց ես չէի ղրկել ձեզ, որ այսքան ժամանակ այնտեղ մնայիք և ձեր անքաղաքավար ծնողները ինձ վերա կատաղեցնեիք:

Անկե՞ղծ եք խոսում, տիկին: — Այս ասելով Ելենան յուր հայացքը սևեռեց ուղղակի տիկնոջ աչքերին:

Տիկին Բերնարն ուշադրություն անգամ չդարձրավ նրա .խորհրդավոր հայացքին, և սառնասրտությամբ շարունակեց:

Օրիորդ, ես ձեզ այդպես չէի ճանաչել. այժմ դուք մի շատ վտանգավոր աղջիկ եք երևում իմ աչքում, ձեր այդ ակնարկություններն ինձ համար անտանելի են. և ես կկամենայի, որ իմ կարանոցը օր առաջ ազատ լիներ մի զրպարտողից. դուք կարող եք մինչև անգամ արատավորել նրա անունը:

Հեղինեն մնաց ընդարմացած. այս նրա սրտին կայծակի հարված իջեցրեց, և նա առաջին անգամ զգաց պատվի կործանման ծանրությունը...

Բայց տիկին Բերնարի այս տեսակ անողոք վարմունքն ուներ իր բնական պատճառները: Զգալով յուր գործած հանցանքի մեծությունը, նա աշխատում էր Ելենայի ամենափոքր ակնարկություններն անգամ, որոնք վերաբերում էին իրեն, պատժել սպառնալիքներով և նրա ամոթխած ու երկչոտ բնավորությունն այս ճանապարհով բռնաբարելուց ետ, չքացնել միանգամայն յուր անձին սպառնացող վտանգները: Եվ նա յուր հաշվի մեջ չէր սխալվում: Ելենան այժմ մի ծծկեր երեխայից է՞լ ավելի անզոր էր դարձել, ամեն մի ծանր խոսք նրան շփոթում էր. և տիկին Բերնարը վտանգներից իրեն ապահովեցնելու համար կարող էր անել նրա հետ ինչ որ կամենար:

Դուք պետք է գնաք ձեր ծնողաց մոտ, — խոսեց նա կրկին, երբ տեսավ, թե Ելենայի լռությունը շարունակվում է, — գոնե ձեր տան մեջ դուք պաշտպանված կլինիք, մինչդեռ այստեղ մեր աղջիկները ձեզ շատ նեղություն կպատճառեն. ձեր վարմունքն առիթ կտա նրանց ձեզ ծաղրելու, իսկ ես չեմ կարող միշտ զսպել նրանց:

Այս նոր հարվածի վերա Ելենան ամբողջ մարմնով դողդողաց. նա ըմբռնեց տիկնոջ խոսքերի բոլոր ճշմարտությունըԵվ իրավ, չէ որ նա այժմ մի անպատված աղջիկ էր, և նրան ամեն մարդ կարող էր և իրավունք ուներ ծաղրել... Այո՞, ամեն մարդ, մինչև անգամ փողոցի կանայք...

Շնորհակալ եմ, տիկին. դուք ինձ լավ խորհուրդ եք տալիս, — վերջապես խոսեց Ելենան նվաղած ձայնով, — ես կերթամ, կհեռանամ այստեղից, միայն մինչև երեկո թույլ պիտի տաք մնալ այստեղ, ես օրը ցերեկով չեմ կամենում ոչ ոքի երևալ:

Շատ լավ, ինչպես կամենում եք, — ասաց տիկին Բերնարը և դուրս գնաց սենյակից:

Ելենան մնաց միայնակ. նա գլուխը կախեց և ընկղմվեցավ տխուր մտածմունքների և հոգեկան տանջանաց անհատակ ծովի մեջ:

Այո՞, ես մի անպատված աղջիկ եմ, և տիկին Բերնարն իրավունք ունի ինձ յուր կարանոցից արտաքսելու. ես կարող եմ արատավորել նրա անունը... նա մինչև անգամ ինձ խղճում է, նա չէ կամենում, որ յուր աղջիկները ծաղրեն ինձ... Աստված իմ, աստված իմ, և մի՞թե ես անարգության մինչև այս աստիճանը պետք է հասնեի, մի՞թե ես այնքան պիտի ստորանայի, որ տիկին Բերնարի կարողներն անգամ ծաղրեին ինձ: Եվ տիկին Բերնարը, որ թշվառության այս արկածը յուր ձեռքով իմ գլխի վերա փաթաթեց, չէ կամենում մի օր անգամ պատսպարել ինձ յուր տան մեջ. նա վախենում է հասարակության բերանից, նա պատվավոր կին է.. Իսկ ես ո՞ւր գնամ, աստված իմ, ո՞ւմ դիմեմ, մի՞թե իմ ծնողաց մոտ. բայց ի՞նչ երեսով, ինչու՞ համար, որպեսզի նրանց էլ ընկեր հարևանի մոտ ծաղրի և խայտառակության առարկա շինե՞մ... խեղճ իմ բարի ծնողներ, և դուք երբեք չէիք կարծիլ, թե ձեր Ելենան, ձեր համեստ և ամոթխած աղջիկը, որին այնքան փայփայում, սիրում և պաշտում էիք, մի օր պիտի կորցներ ձեր միակ և թանկագին հարստությունը՝ ձեր անարատ անունը և պատիվըՕ՛հ, ո՛չ, ես չեմ ապրիլ, որ ձեզ անպատվություն բերեմ, ես կմեռնեմ. ավելի լավ է ինձ կորցնեք, քան թե ձեր բարի անունը...

Այս խոսքերից ետ նա վեր կացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հանկարծ մի լուսավոր միտք ծագեց նրա գլխում և նրա երեսը փայլեց մի անսովոր ուրախությամբ:

Ինչո՞ւ համար այս աստիճան ես կորցրել եմ ինձ, — բացականչեց նա, — ինչո՞ւ համար սպանեմ ինձ, մի՞թե ես այլևս պաշտպան չունեմ, իսկ իմ Սամվե՞լը, ինչու՞ համար ես մոռացել եմ նրան, չէ՞ որ նա ինձ սիրում է. չէ՞ որ նա իմ նշանածն է: Այո՛ ես կերթամ նրա մոտ, նա ինձ կպաշտպանե, նա չի թողնիլ, որ ուրիշները ծաղրեն յուր Ելենային... Ես կխնդրեմ, որ հենց վաղը նա դիմե իմ ծնողներին, խնդրե իմ ձեռքը և իսկույն պսակվի ինձ հետ. Նա իմ խնդիրը չի մերժիլ. նա ինձ սիրում է, նա գիտե, որ ես էլ յուր սրրո համար զոհեցի ինձ... Այո՛, նա կկատարե իմ խնդիրը և այդպիսով կփակե բոլոր խոսող բերանները և այն ժամանակ ես չեմ քաշվիլ բոլոր եղելությունը պատմել իմ ծնողներին, նրանք չեն դատապարտիլ ինձ, որ ես սիրել եմ և կհամոզվեն, որ իզուր չեմ սիրել

Այս մտքով ոգևորված, Ելենան անհամբերությամբ սպասում էր ցանկալի երեկոյին: Նա տիկին Բերնարի միջոցով կանչեց յուր մոտ Նինոյին և կրկին անգամ թախանձանոք պատվիրեց նրան, որ ոչ ոքի հետ ոչինչ չխոսե յուր մասին մինչև մյուս առավոտ: Նինոն խոստացավ ճշտությամբ կատարել յուր սիրելի ընկերուհվո խնդիրը:

ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ

Մթին և աստեղազարդ գիշեր էր: Լուսին չկար: Ելենան յուր շղարշի մեջ երեսը փաթաթած շտապ-շտապ դիմում էր յուր փեսացուի տունը: Միայն մի ուրիշ միտք, որի մասին նա առաջ չէր մտածել, նրան տանջելու չափ անհանգստացնում էր: «Գուցե տանը չգտնեմ նրան, ո՞ւր պիտի դիմեմ այն ժամանակ», — ասում էր նա: Բայց որքան մեծ եղավ յուր ուրախությունը, երբ հասնելով Փուլշատյանի առանձնարանը պատող պարսպապատ այգուն, ծառերի միջից նշմարեց, որ տան դեպի այգին նայող բոլոր պատուհանները պայծառ լուսավորված էին: Նա ուրախությամբ սկսեց քաշել այգվո փոքրիկ դռան հնչակը: Իսկույն ծառան հայտնվեցավ և բացավ դուռը:

Ո՞ւմ եք կամենում, տիկին, — հարցրեց նա Ելենային:

Սամվելին. տա՞նն է նա:

Այո՛, տանն է, բայց ձեզ ընդունել չէ կարող:

Դուք ինձ երևի չեք ճանաչում, — ասաց Ելենան, — բայց հոգ չէ, ես նրան կտեսնեմ: — Այս ասելով նա մտավ պարտեզը և իրեն ծանոթ ծառուղիով դիմեց դեպի տան կողմը:

Ես ձեզ ճանաչում եմ, տիկին, — նրան հետևելով ասաց ծառան, — բայց նա ձեզ էլ չէ կարող ընդունել, նա հյուր ունի յուր մոտ:

Հոգ չէ. ես առանձին կտեսնվեմ նրա հետ, — պատասխանեց Ելենան առանց յուր քայլերի արագությունը նվազեցնելու: Մի քանի րոպեից ետ նա իր ապագա փեսացուի ընդունարանումն էր: Բայց որքա՛ն շփոթվեցավ նա, երբ Սամվելին կանչելու համար գնացող ծառան ետ դարձավ և հայտնեց նրան, որ յուր աղան այս երեկո իրեն հետ տեսնվել չէ կարող:

Ի՞նչպես թե տեսնվել չէ կարող. ո՞վ է այժմ նրա մոտ, — դողացող ձայնով հարցրեց ծառային Ելենան:

Մի մեծ և պատվավոր տիկին է:

Մի տիկի՞ն, հոգ չէ. ես կմտնեմ: — Այս ասելով նա արագությամբ վեր կացավ տեղից և առանց ծառայի թախանձանաց ուշադրություն դարձնելու, մտավ շքեղ կերպով լուսավորված դահլիճը, ուր գտնվում էր Սամվելը:

Առաջին անգամ նրա ծնկները դողացին, երբ տեսավ յուր փեսացուին: Նա թևն առած մի բարձրահասակ և գեղեցիկ կին, անցուդարձ էր անում դահլիճի մեջ. տիկնոջ կարմիր թավիշից կարած հարուստ շրջազգեստը, նրա ձեռքերի, կրծքի և ճակատի վերա փայլող շքեզ ադամանդները, նրա մեծավայելուչ հայացքն ու շարժվածքը ցույց էին տալիս, որ նա մի հասարակ կին չէր. թեպետ բարոյական և պատվավոր մի տիկին լինելու էլ ապացույց չուներ վրան: Նա Սամվել Փուլշատյանի նշանավոր և հայտնի սիրուհին էր, մի սիրուհի, որ միևնույն ժամանակ գեղեցիկ երիտասարդի բռնակալուհին էր, որ խոնարհեցնում էր յուր ոտքերի առաջ նրա բոլոր ուժը, հարստությունը և ծնողաց անսասան կամքը... Նա իտալուհի էր:

Ի՞նչ ունիք այստեղ, ի՞նչ եք կամենում, — շփոթված հարցրեց երիտասարդը, երբ Ելենային տեսավ:

Ես եկա քո պաշտպանությունը խնդրելու, Սամվել, ես...

Խնդրում եմ, խնդրում եմ գնացեք. հետո կարող եք ինձ տեսնել, այս տիկնոջ հետ կարևոր գործ ունեմ, դուք ինձ կխանգարեք, — շտապով ընդհատեց նրան երիտասարդը:

Բայց ես կարոտ եմ քո օգնությանը, ես տանջվում եմ, ի սեր աստծո, մի քանի րոպե լսիր ինձ...

Ո՞վ է այդ աղջիկը, ի՞նչ է ասում, — բարեհաճեց հետաքրքրվել գեղեցիկ տիկինը:

Մեր աղքատ հարևանուհիներից մինն է. օգնություն է խնդրում, չգիտեմ ո՞ւմ համար, նա մի փոքր խելագար է, — պատասխանեց նրան երիտասարդը տիկնոջ մայրենի լեզվով և ապա Ելենային դառնալով — «Գնացեք, հեռացեք, — ասաց նա մի փոքր այլայլված, — դուք ինձ ամաչացնում եք այս բարձրաստիճան տիկնոջ մոտ. գնացեք, վաղը կարող եք գալ:

Գնա՞մ, բայց ո՞ւմ մոտ գնամ, — դողացող ձայնով խոսեց Ելենան, — ինձ ամեն տեղից արտաքսում են, ես ձեզ մոտ եմ եկել. դուք եք իմ միակ հույսը, իմ ապավենը, գթացեք ինձ վերա, աղաչում եմ. գթացեք ինձ վերա, Սամվել, դուք ինձ սիրում եք, դուք այդ ինձ ասել եք:

Երիտասարդը տեսնելով, որ գործը ծանր կերպարանք է առնում, ընդհատեց Ելենային և ծառային կանչելով բարկությամբ հրամայեց.

Դուրս տար այս աղջկան, ես քեզ կանխավ պատվիրեցի, որ ոչ ոքին չթողնես:

Ես չէի... ես չթողեցի... — կակազեց ծառան և մոտեցավ Ելենային:

Հեռու ինձանից, — կանչեց նա դեպի ծառան, — չհանդգնես քայլ անգամ փոխել. — և ապա դառնալով Սամվելին, զայրացած շարունակեց. — պարո՞ ն, դուք է՞լ եք արտաքսում ինձ ձեր տանից. դուք, որ այնքան բարի և ազնիվ էիք երևում իմ աչքում, դո՞ւք, որ նենգությամբ մոտեցաք ինձ, դո՞ւք, որ ինձ սիրել կեղծեցիք, դո՞ւք, որ ինձ ամուսնություն խոստացաք և իմ անմեղությունից օգտվելով, իմ միակ հարստությունը, իմ միակ պատիվը գողացաք... պարո՞ն, դուք ցած և ստոր մարդ եք. դուք անբախտացրիք ինձ և ինձմով իմ խեղճ և աղքատ ընտանիքը. դուք մարդկանց աչքում ինձ խաղք ու խայտառակ շինեցիք և այսօր անամոթաբար դուրս եք քշում ինձ փողոց... Ասացեք ինձ, պարոն, ո՞ւր դիմեմ, ո՞ւր գնամ ես այսուհետև:

Ի՞նչ եք սառել դուք, պարոն, ո՞վ է այս աղջիկը և ի՞նչ է ուզում ձեզանից, — կրկին հարցրավ գեղեցիկ տիկինը Սամվելից, որ հիմարացած և լուռ կոթնել էր սեղանին: Տիկնոջ ձայնը կարծես նրան սթափեցրավ և յուր տկար ախոյանին հաղթահարելու համար մի նոր ուժ տվավ իրեն. «Դո՛ւրս, դո՛ւրս գնա, քեզ ասացի», — դիմեց նա Ելենային և ձեռքից քաշելով կամենում էր զոռով արտաքսել նրան:

Ելենան կատաղությամբ խլվեցավ նրա ձեռքից և սուր ձայնով գոչեց. «Ինձ զոռո՞վ ես կամենում դուրս անել, գարշելի արարած, բայց ետ դարձրու ինձ առաջ իմ պատիվը, որ գողացար, իմ անունը, որ անարգեցիր...», — և այս ասելով կատաղաբար խլեց նա սեղանի վրայից արծաթի հինգճյուղյան աշտանակը և բոլոր ուժով զարկեց Սամվելի երեսին ու արագությամբ դուռս թռավ դահլիճից:

______________________

Ես այլևս չեմ կարող հետևել նրան. ինձ համար շատ ծանր է այդ...

Բայց իմ ընթերցողներն անշուշտ կհետաքրքրվին իմանալ, թե վերջն ի՞նչ պատահեց իմ հերոսների հետ: — Ի՞նչ պետք է պատահեր, մի՞թե այդ հայտնի չէ:

Ելենան սովորական անձնավորություն չէր, եթե նա այդպիսին լիներ, այն ժամանակ նա կերթար այն ճանապարհով, որով իրենից առաջ գնացել են հազար հազարավորները.. Բայց նրա ազնիվ և հպարտ հոգին չէր կարող տանել ամոթը և վիրավորանքը, նրա սիրտը թունավորված էր, և կյանքը կորցրել էր նրա համար յուր նշանակությունը... ամեն բարիք այժմ նրա աչքում երևում էր իբրև մի խաբուսիկ ստվեր... հուզված հոգին հանգիստ էր որոնում... նա այդ հանգիստը գտավ Քուռ գետի ալիքների մեջ...

Իսկ պարոն Սամվել Փոլշատյա՞նը... Նա այժմ էլ ապրում է, դարձյալ ուրախ, դարձյալ զվարթ: Նա հաճախում է պատվավոր հասարակություններ. նրան ամենքը հարգանքով ողջունում են. նրա հայտնած կարծիքներին ծափահարում են: Աղջիկներ ունեցող ընտանիքները մեծ պատիվներով հյուրասիրում են նրան. մանկամարդ երիտասարդուհիները հիանում են նրա գեղեցկությամբ, նրա շարժվածքով, նրա խոսակցությամբ. «он просто душка» շշնջում են ամեն անկյուններումԻսկ նրա ամոթալի գործե՞րը... մի՞թե ոչ ոք չգիտե. — ի՞նչպես չէ. «զինչ իցէ ծածուկ, որ ոչ հայտնեսցի». բայց նա փող ունի. «կապեր» ունի. և բարեկամներ, որոնք «հասարակաց կարծիք» են կառավարում. ահա՞ այդ է պատճառը, որ «Ձայն բազմացը» նրանց չէ դատապարտում

ՊԱՏԿԵՐ ԵՐԵԿՎԱ ԿՅԱՆՔԻՑ

Ա

Ամենից առաջ բարեհաճեցեք լսել մի փոքրիկ պատմություն, որ անմիջապես կապ ունի իմ «պատկերի» հետ:

Հինգ տարի սրանից առաջ էր. հենց միևնույն երեկվա օրը, այսինքն ս. աստվածածնա տոնին. արհեստավոր հայ երիտասարդների մի փոքրիկ խումբ Վերայի այգիներից մինում քեֆ էր անում: Թամադան դերձիկ Սերգոն էր, մի գեղեցիկ, առողջակազմ և զվարճախոս երիտասարդ: Պետք է գիտենալ, որ դերձիկ Սերգոն ինչ ընկերության մեջ ներկա գտնվեր, այնտեղ քեֆը կատարյալ կլիներ: Այդ պատճառով էլ նրան ամեն տեղ թամադա էին ընտրում:

Բացի հիշյալ բարեմասնությունները, Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ և մինչև այն օրը, օրինակ, չէր պատահել, որ նա յուր ընկերներից մինին վիրավորեր, կամ նրանցից ինքը վիրավորանք ստանար: Բոլոր տղերքը Սերգոյի արևով երդվում էին:

Բայց այդ օրը բանը շատ թարս պատահեց: Չգիտեմ ինչ մի դև մտավ խարազ Օհանի տղի գլուխը, որ նա կարևոր համարեց անպատճառ մի թամադայի օգնական էլ ընտրել: Նրա ընկերներից ոչ ոք այդ բանին չընդդիմացավ. վիճակ գցեցին և վիճակը ընկավ ոսկերիչ Դարչոյի վերա: Սա էլ շատ լավ տղա էր, բայց դժբախտաբար միայն լուրջ ժամանակը. իսկ մի քանի բաժակ խմելուց ետ՝ չէր կարելի երաշխավորել թե՛ հանգիստ կարող է տեղը նստել:

Մի քանի ժամ քեֆը կանոնավոր շարունակվում էր. բավական թվով շշեր դատարկվեցան. ներկա եղողների կենացները խմվեցան. այժմ մնում է նոր-նոր կենացներ հնարել:

Կարծեմ բանը «համքյարի հաստատության» կենացի վրա էր, երբ թամադան հրամայեց օգնական Դարչոյին, իրար վրա երկու բաժակ գինի խմացնել խարազ Օհանի տղին իբր պատիժ, նրա մի ինչ որ անհնազանդության համար: Դարչոն թամադայի հրամանը կատարելու փոխարեն, սկսավ պաշտպանել Օհանի տղին, երևի շարժված երախտագիտական զգացմունքից, որովհետև վերջինս էր, որ իրեն օգնականի պաշտոն տալ տվավ: Թամադան երկրորդ և երրորդ անգամ հրամայեց, բայց Դարչոն միշտ ընդդիմացավ նրան:

Սերգոյի իշխանական պատվասիրությունը առաջին անգամն էր վիրավորվում. նա համբերությունից դուրս եկավ:

Քեզ հրամայում եմ, որ անպատճառ խմացնես, թե չէ, կվերկենամ և այդ երկու բաժակը քու գլխին կթափեմ:

Ես էլ քեզ ասացի, որ չեմ խմացնում, որովհետև դու անիրավ տեղն ես պատժում նրան:

Սերգոն զայրացավ և տեղից թռչելով վերցրեց երկու լիքը բաժակները, և առանց աջ ու ձախ նայելու, թափեց Դարչոյի վերա: Վերջինիս երեսն ու սպիտակ չթե արխալուղը կարմիր ներկվեցան: Է՛հ, ի՞նչ եք կարծում, Դարչոն կդիմանա՞ր: Նա էլ վերցրեց գինով լիքը շիշը և շրխկՍերգոյի ճակատին:

«Վա՛ յ, մեռա...», — գոչեց երիտասարդը և գլորվեց գետին:

Քո տունը, չքանդվի, Դարչո, մեր հացը հարամ արիր, — բացականչեցին ամեն կողմից տղերքը և թափվեցան Սերգոյի վերա, որը ուշաթափվել էր: Երկար խեղճ երիտասարդները շփեցին նրան, ջուր սրսկեցին վրան և հազիվհազ մի կերպ սթափեցրին: Առաջին անգամ հենց որ Սերգոն աչքերը բացավ, մի փորձ փորձեց յուր հակառակորդի վերա հարձակվելու, բայց կրկին ուժասպառ գետին գլորվեցավ: Հարվածը խիստ զորեղ էր եղել:

Մեր տղորց քեֆը խանգարվեցավ. բոլորի սրտերն էլ կոտրվեց և սեղանը իսկույն հավաքեցին: Եվ որովհետև Սերգոյի դրությունը վտանգավոր էր երևում, շտապով դրին նրան կառքի մեջ և ուղղվեցան քաղաք: Միմյանցից բաժանվելու միջոցին Սերգոյի աչքն ընկավ Դարչոյի վերա, և նա ցած ձայնով մրմնջաց. «Լավ, Դարչո. եթե այսուհետև դու օր տեսնես, իմ հերը անիծիր», — այս խոսքերից ետ նա շուռ տվավ գլուխը մյուս կողմը, որ այլևս յուր թշնամու երեսը չտեսնե:

Երկու ամիս շարունակ մեր թամադան պառկած մնաց, երբեմն վտանգավոր և երբեմն հուսալի դիրք առնելով: Բայց ի վեջո հեքիմ Կոստոն (լիս դառնան նրա հերն ու մերը), կատարելապես առողջացրավ նրան:

Բ

Մի քանի օր էր, ինչ որ Սերգոն վեր էր կացել և գնում էր յուր գործին:

Մի մութ երեկո, Հավլաբարի կամուրջի վերա «թրխկ» մի մահակ տրաքեց մի երիտասարդի ճակատին: «Վա՛յ, մեռա…», — ճչաց երիտասարդը և ընկավ գետին: Հարված տվողը Սերգոն էր, որ իսկույն փախավ, հարված ստացողը Դարչոն էր, որին ոստիկանությունը կառքի մեջ դնելով տարավ յուր տունը:

Անցավ էլի մի փոքր միջոց: Դարձյալ գիշեր էր: Բերդի զառիվայրի վրա մի զորեղ աքացի երեսի վերա փռեց Դարչոյին:

Աքացի տվողը դարձյալ Սերգոն էր, որ սատանայի նման չքացավ:

Մի գեղեցիկ առավոտ (օրը կյուրակե էր), Դարչոն մի մեծ թաշկինակ ձեռքը, մեջը զանազան պաշարեղենով լիքը վերադառնում էր տուն: Դեռ իրենց մուտքին չհասած, մի ահագին քար թռավ հարևան տան կտուրի վրայից և իջավ ուղիղ խեղճ երիտասարդի ուսի վերա: Թաշկինակը ընկավ նրա ձեռքից, և մեջը եղածները ցրվեցան գետին, իսկ ինքը Դարչոն աղիողորմ կսկիծով ներս ընկավ տուն: Այս անգթությունն էլ Սերգոյի գործն էր:

Խեղճ Դարչոն ոչինչ հնար չէր գտնում յուր ոխերիմ հակառակորդի վրեժխնդրությունից ազատվելու համար, որովհետև վերջինս այնքան ճարպիկությամբ էր անում յուր հարձակումները, որ Դարչոն ոստիկանության կամ դատարանի առաջ հանելու համար ոչինչ ապացույց կամ փաստ չէր կարողանում ձեռք բերել: Ի՞նչ պետք էր անել: Մնում էր, որ յուր մայրը անձամբ գնար հակառակորդի տունը և շնորհ խնդրեր նրանից:

Սաբեթ ջան, թե հոգիդ կսիրես, մի ասա քո անդնջում Սերգոյին թե՝ ախր ի՞նչ է հոգեհան դառել իմ խեղճ երեխայի համար: Այդպես բան չի լինիլ. քեֆի ժամանակ ամեն ինչ կպատահի. ինքը իմ տղին է վիրավորել, նա էլ հարբած, ու յուր արածը չիմանալով նրան է խփել: Փառք աստծու, Սերգոն խո տակը չմնաց: Մեկի տեղ երեք է հասցրել, ավել էլ ի՞նչ է ուզում, մի՞թե բավական չէ: Հենց աստվածդ կսիրես, Սաբեթ ջան, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ տղադ ձեոք վերառնի իմ եթիմից. մենք էլ խեղճ ենք, աչքումս մազ է բուսել, որ նրան էն բոյին եմ հասցրել. հիմա էլ մի մայր ու աղջիկ նրա աչքին ենք մտիկ տալիս. եթե նրան չէ խղճում, գոնե ինձ ու նրա քրոջը խղճա...

Այսպես պաղատում էր Դարչոյի մայր Քեթևանը Սաբեթին և խնդրում էր նրա բարեխոսությունը յուր որդու համար: Բայց Սաբեթի մեղադրական ճառին Սերգոն անտարբերությամբ պատասխանեց.

Դեդա, ինչե՞ր ես խոսում, ո՞վ է Դարչոյին խփել, ես նրա հետ չեմ էլ խոսում. ես ինչ բան ունիմ նրա հետ. գուցե ուրիշ մարդիկ են խփել, ես ի՞նչ մեղավոր եմ... — այս վայրիվերո խոսքերով դուրս գնաց նա մոր մոտից և էլի շարունակեց յուր վրիժառու պարապմունքը:

Դարչոն այժմ դիմեց ոստիկանության և նրա պաշտպանությունը խնդրեց: Ոստիկանական պաշտոնյան կանչեց Սերգոյին և որովհետև նրան մեղադրելու համար փաստեր չուներ ձեռքին, ուստի բավականացավ լոկ սպառնալիքներ տալով նրան, որ եթե մյուս անգամ կհամարձակվի կրկնել յուր բարբարոսական վարմունքը նա անշուշտ կարգելվի բանտում և կամ կքշվի հայրենիքից դուրս:

Բայց ոստիկանության այս սպառնալիքներն էլ ոչինչ ազդեցություն չարին Սերգոյի վերա. նա միշտ մնաց նույնը:

Վերջապես Քեթևանը դիմեց իրենց ծխական քահանա տեր-Մինասին և լալով խնդրեց նրան մի ճար անել և հաշտություն կայացնել Սերգոյի և Դարչոյի մեջ:

Բայց տեր-Մինասի երկար ու բարակ քարոզները ոչ միայն ետ չկանգնեցրին ստահակ երիտասարդին, այլ ավելի ևս կատաղեցրին նրան: Հետևյալ գիշերը անհայտ չարագործներ կոտրեցին Դարչոյի խանութը, նրա արծաթեղեն ու ոսկեղեն իրեղենները գողանալու դիտավորությամբ:

Այս բանի մեջ էլ Սերգոյի ձեռքը խառն էր. և այն, իհարկե, ոչ թե մի շահադիտական, այլ լոկ վրեժխնդրության նպատակով:

Բարեբախտաբար ոստիկանությունը վերա հասավ և թեպետ գողերին բռնելու ձեռնահաս չեղավ, բայց Դարչոյի աղքատիկ հարստությունը հափշտակությունից ազատեց:

Այս անհաջողությունը ստիպեց Սերգոյին այժմ էլ ուրիշ նոր չարություններ նյութելու Դարչոյի դեմ: Վերջինս էլ հանգիստ չուներ յուր տմարդ թշնամու ձեռքից: Նա ամեն տեղ և ամեն րոպե դողալով սպասում էր նրա հարձակմանը կամ մի նոր դժբախտության՝ նրա կողմից: Մի որևէ խնջույքում, կամ հացկերության վերա անգամ մի ժամ ուրախ լինել չէր կարողանում. ամեն մի անգամ Սերգոյին հիշելով նա կորցնում էր յուր ուրախությունը և զվարթությունը: Սերգոն դարձել էր նրա սատանան: Սաստիկ երկյուղը և մտատանջությունը նրան այնքան մաշել և նիհարացրել էին, որ մայրն ու քույրը շատ անգամ նրան տեսնելով տխրում և լաց էին լինում: Մի օր, վերջապես, Դարչոն մտածեց դիմել յուր և Սերգոյի համփսոնների միջնորդության, խոստանալով մինչև անգամ դրամական վարձատրություն, եթե այդ Սերգոն կպահանջեր:

Բայց համփսոնների թախանձանաց առաջ էլ նա անդրդվելի մնաց: Միայն, իհարկե, սրանց առաջ նա չուրացավ յուր գործածները:

Դարչոն ինձ ա՞յն վիրավորանքն է հասցրել, — ասում էր նա, — որ քանի կենդանի եմ, նրան հալածելուց չի պիտի դադարեմ. և եթե հարկ լինի այդ բանի համար աքսոր անգամ գնալ, այսուամենայնիվ ես իմ վճռից չեմ դառնալ և երբեք նրա հետ չեմ հաշտվիլ:

Եվ իրոք երկար ժամանակ նա հաստատ մնաց յուր անգութ վճռի մեջ:

Ընթերցողը մի դժվարալուծ հանելուկի նման հակասություն կնշմարե իմ պատմածների մեջ: Ես առաջ ասացի, որ Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ, որ նա յուր կյանքում յուր ընկերներից ոչ ոքին վիրավորած չէր և այլն, և այլն. բայց այսօր ի՞նչ է պատճառը, որ մի ամենաչնչին դեպք նրա սրտի մեջ այնպիսի մի դժոխք է վառել, որին հանգցնել չեն կարողանում ոչ յուր ծնողը, ոչ ոստիկանությունը, ոչ խոստովանահայր քահանան և ոչ յուր սրտին և հոգվույն սիրելի համփսոնները:

Պատճառը հենց նա է, որ մարդկային սրտի և զգացմունքների հետ ըստ հաճոյից խաղալ անհնարին է. նրանց չէ կարելի հրամայել, որ սիրեն և խնդրել, որ ատեն: Սիրտը ինքն է ընտրում յուր պաշտելին և ինքն է կործանում նրան: Շատ անգամ ամենաչնչին համարված դեպքերը նրա փոքրիկ թագավորության մեջ այնպիսի հեղափոխություն են հարուցանում, որ ծանոթ մարդիկը և բարեկամները իրենց կողմնացույցը կորցնում ենհին բարեկամին ճանաչելու համար: Երբեք անբնական չէ, որ բնության ամենակատարյալ հրաշակերտըմարդկային սիրտը, նույնիսկ մարդկության համար շատ մի անբացատրելի գաղտնիքներ է պարունակում յուր մեջ. ահա հենց այդ գաղտնիքներից մինն էր, որ Սերգոյի սիրտը չարության գործարան էր դարձել, և յուր ծանոթներին շվարացրել, և դուք կտեսնեք, որ մի օր էլ այդ գաղտնիքներից մինը, մի նոր և հաճոյական կերպարանափոխություն կստեղծե նրա մեջ:

Գ

Next page