Մուրացան՝   Պատմվածքներ

Երեկ, այսինքն 1884 թվի օգոստոսի 12-ին, հինգ տարին լրացավ ա՛յն դժբախտ դեպքի, որ տեղի ունեցավ Վերայխ այգիներից մինում: Այս հինգ տարվա ընթացքում ս. Աստվածածնա տոնին Սերգոն և ոչ մի տեղ քեֆի չէր գնում, չնայելով որ յուր համփսոնները միշտ հրավիրում էին նրան: Հիշյալ անցքը այնպես վատ էր ներգործել նրա վերա, որ յուրաքանչյուր տարի ս. Աստվածածնի օրը մի առանձին նախապաշարմունքով տանից դուրս չէր գալիս, նմանօրինակ դժբախտության չպատահելու համար:

Բայց երեկ յուր հարևան մի երիտասարդի թախանձանաց զիջանելով, նրա հետ միասին գնաց Խոջիվանքի գերեզմանատունը և չզղջաց: Այդտեղ, ինչպես գիտեք, կա ս. Աստվածածնա անվամբ շինված մի հին եկեղեցի, ուր Աստվածածնա տոնին հավաքվում է ուխտավորների մեծ բազմություն, քաղաքի ամեն կողմերից: Այսօր էլ անցյալ տարիներից պակաս չէր այդտեղ ուխտավորների թիվը: Եկեղեցու բակը մի նորանշան կենդանություն էր ստացել: Մի քանի տեղ կրակներ էին վառած և մատաղներ կամ կերակուրներ էին եփում: Մի քանի տեղ էլ փոքրիկ վրաններ էին խփած, որոնցից մինի մեջ կանայք, աղջկերք և երեխաներ նստոտած ճաշում էին, մյուսի մեջ ընկեր, հարևան հավաքված զրույց էինք անում, և մի երրորդի մեջ չգիտես ո՞ր խմբի համար զանազան պատրաստություններ էին տեսնում: Մի ուրիշ տեղ մի քանի աշուղներ նստած ջոշ էին եկել, երգում էին, չունգուր էին ածում և հիացնում էին իրենց շրջապատող մշեցիներին և մշեցուհիներին: Իսկ մի երկու տեղ էլ երիտասարդներից, երիտասարդուհիներից և հասակավոր կանանցից և երեխաներից շրջան կազմած դահիրա էին խփում, հարմոն էին ածում և հերթով լեզգինկա էին պարում: Վերջապես եկեղեցու դռանն էլ նստած էր երիտասարդ բարեպաշտ Մազմանյանը և եկեղեցվո համար նվերներ էր հավաքում խիստ եռանդով հորդորներ տալով առատաձեռն ուխտավորներին և հանդիմանելով ժլատներին:

Սերգոն սկսավ պարող խմբերի չորս կողմը շուռ գալ և մի տեղի բոլոր պարողները և դահիրա ու հարմոն ածող հարսներն ու աղջիկները տնտղելուց ետ, մյուս տեղն էր փոխվում:

Եկեղեցու հարավային կողմը խփած մի վրանի առաջ բազմությունը խիստ շատ էր և պարողների ու դահիրա խրփողների եռանդը զգալի կերպով գերազանցում էր մյուս խմբերին: Սերգոն դիմեց այդ կողմը: Հենց այն միջոցին, որ նա յուր վիզը երկարացրավ խմբի պարողները դիտելու, դահիրան խփում էր մի բարձրահասակ, գեղեցկակազմ և նուրբ ու գրավիչ դեմքով աղջիկ: Նա թեպետ հարուստ տանից չէր երևում, բայց հագնված էր բավական ճաշակով: Նրա ամբողջ շարժվածքը ազնվական և հրապուրիչ էր. դեմքի ժպիտը քաղցր և կախարդող: Յուր փափուկ մատները ա՞յնպես ճարպկությամբ էին թրթռում դահիրայի վրա, որ ամբողջ խմբակի աչքերը ավելի նրա ձեռների վերա էին հառած, քան թե պարողների: Երկար նա խաղաց դահիրան և մի քանի պարողներ հետզհետե հաջորդեցին միմյանց:

Հիմա հերթը Նինուցինն է. էլ պարող չլինի, — ձայնը բարձրացրեց խմբակի մեջ մի հաստ ուսերով և բարձրահասակ տիկին, որը, ինչպես երևում էր, խմբակի պարապետուհին էր: Նա ձեռքը դեպի խառնված կանանց կողմը ձգելով, բռնեց մի խիստ շքեղ հագնված, բայց ո՞չ այնքան գեղեցիկ տիկնոջ ձեռքից և սկսավ զոռով ներս քաշել նրան:

Չեմ կարող, աստված վկա, չեմ կարող, ընդդիմանում էր շքեզ հագնված տիկինը:

Չի լինիլ, քո արևը գիտենա, չի լինիլ, պիտիս պարգա, — պնդում էր նրան պարապետուհին:

Վա՛, քեզ ասում եմ չեմ կարող, ես պարել չգիտեմ:

Է՛, լավ. նազ մի անիլ, թե աստվածդ կսիրես, եթե կուզես կասեմ, որ հարմոնն էլ քու խաթրին մեր Մաշոն ածի.դու խո գիտես նա ինչպես լավ է ածում:

Մաշոն մեզ ծանոթ գեղեցիկ դեմքով և գեղեցիկ դահիրա խփող աղջիկն էր: Պարապետուհին նրան նշան արավ և Մաշոն դահիրան տվավ յուր կողքին կանգնած մի ուրիշ աղջկան և ինքը սկսավ հարմոնը: Անշունչ գործիքը կարծես իսկույն նոր հոգի և կենդանություն ստացավ Մաշոյի ձեռքում: Մինչև այժմ հանդիսատեսներին դահիրան էր գրավում, այժմ էլ բոլորի աչքերը շուռ եկան հարմոնի վրա: Նրա սպիտակ ըստեղուքները այնպես արագ և փափուկ ոստոստում էին գեղեցիկ աղջկա ճարտար մատների տակ, որ լեզգինկանպար չիմացող անդամների մեջ էլ գրգիռ էր զարթեցնում:

Մաշոյի հարմոն ածելը վերջապես ամոքեց համառ Նինուցիի սիրտը և նա բարեհաճեց պարել «միմիայն Մաշոյի խաթեր համար»:

Բայց շատ քրքրվող տիկնոջ պարն էլ իսկի մի զատ չէր. հանդիսատեսներից ոչ ոքին նա ոչինչ գոհություն չպատճառեց յուր պարով, բացի պարապետուհուց, որ խիստ ամուր ծափահարում էր նրան՝ անընդհատ «տաշ-տաշի, տաշ-տաշի» բացականչելով, իսկ պարապետուհվոյն իրեն ձայնակցում էին մի քանի հին պառավներ, որոնք նույնպես իմանում էին, որ Նինուցին խիստ հարուստ և բախտավոր տան հարսն է: Վերջապես նա էլ դուրս գնաց և ասպարեզը մնաց ազատ: Պարապետուհին ձեռները այս և. այն կողմն էր ձգում, սրան էր քաշում, նրան էր քաշում, բայց ոչ ոք հանձն չէր առնում պարել, որովհետև մնացել էին միայն այն հարսներն ու աղջկերքը, որոնք ի ներքուստ թեպետ մեռնում են պարելու համար, բայց արտաքուստ սուտ համեստությունից ստիպված, այնպես են կեղծում, որ իբր թե չեն կամենում պարել: Դրա պատճառն էլ այն է, որ շատերը խնդրեն և գրեթե զոռով ներս գցեն իրենց, որ հետո ասեն թե՝ «ես սկի չէի ուզում, համա խիստ զոռեցին»: Բայց որովհետև այդպիսի դեպքերում ամեն մի առաջարկող յուր սրտումը ուզում է, որ ինքը պարե, ուստի շատ էլ չի զոռում յուր ընկերուհուն, որ ասպարեզը իրեն մնա: Բայց խիստ շատ է վրդովվում այդպիսին, երբ տեսնում է, թե մինչև յուր բանը շինելը՝ հանկարծ մի անկյունից դեդաներից մինը գդելով ներս ձգեց յուր տգեղ դեմքով ու կոպիտ հագուստով աղջկանը: Վայ ինձ. այդպիսի դեպքերում ես բնավ չեմ ծափահարում, և եթե դահիրան իմ ձեռքումը լիներ, կամ վայր կնկներ և կամ լեզգինկայի փոխարեն ես կսկսեի «երի, երի, չոբան երի» ածիլ, որով միայն արջերն ու կապիկներն են պարում: Ուրիշ բան է, իհարկե, երբ ասպարեզ է մտնում ամբողջ խմբի սիրելին, այդ ժամանակ ծափահարությունն էլ սրտաբուխ է, հիացմունքն էլ:

Վերջապես պարողների այս ընդհանուր ճգնաժամի միջոցին, չգիտեմ, ո՞ր աստծու օրհնածն էր, հանկարծ ձայն տվավ. «Հիմի էլ հերթը Մաշոյինն է»: Այդ ձայնը կարծես էլեկտրական ազդեցություն արավ ամբողջ շրջապատի վերա: Բոլորն էլ միաբերան գոչեցին, «Մա՞շոն, Մա՞շոն»: Իսկ մեր ծանոթ Սերգոն, որ մինչև այն հափշտակվել և ընդարմացել էր գեղեցիկ աղջկա դաշնահարությամբ, քնից զարթածի նման այնպես բարձր «Մաշո» կանչեց, որ բոլորն էլ երեսները դեպի իրեն դարձրին, իսկ հեգնասեր աղջիկներից մի քանիսը մինչև անգամ ծիծաղեցին նրա վերա: Երիտասարդը իսկույն կարմրեց և գլուխը թաքցրավ ընկերոջ ետքում: Բայց պետք է խոստովանել, որ միայն նրա ձայնն էր, որ կարողացավ ազդել պարապետուհու վերա, թե չէ անպիտան պառավը էլի կպել էր մի ինչ-որ փոդրաթչի Ծղալոբի մեծ քթավոր կնկա օձիքից և նրան էր ուզում ներս քաշելի ցավ և ի վիշտ շրջապատող երիտասարդների:

Այսքան ձայների և աչքերի առաջ՝ անկարելի էր, որ Մաշոն անտարբեր մնար. իսկույն մի վարդագույն կարմրություն պատեց նրա երեսը, և նա աշխատեց ծածկվիլ վրանի ետքում, բայց պարապետուհին վրա հասավ: — «Մի՛ փախչիր, պտիս պարի», — ասաց նա և ձեռքիցը բռնելով քաշեց դեպի իրեն:

Դահիրան ու հարմոնը ձեռք առին երկու ուրիշ աղջիկներ, որոնք նույնպես վարպետ դաշնահարներ էին և խիստ տակտով սկսան «լեզգինկան»: Գեղեցիկ Մաշոն ասպարեզ իջավ, ուրախության ձայները և ծափահարությունները օդը թնդացրին: Հանդիսատեսների խումբը հետզհետե սկսավ ստվարանալ, իսկ ուրիշ կողմերում պարերը դադարեցին: Մաշոն սկսավ պարել, բայց ի՞նչպես էր պարում, իհարկե դժվար է նկարագրել. արժեր, որ իմ ընթերցողները անձամբ ներկա լինեին այնտեղ: Նրա քնքշիկ ոստյունները, մերթ հապճեպ և մերթ ծանր շրջադարձը, նրա թրթռուն պտույտները և վերջապես գողտրիկ ձեռների շարժումները ա՞յնքան ճարտար, ա՞յնքան հաշված և գրավիչ էին, որ անկարելի էր չհիանալ նրանով: Ամբողջ քառորդ ժամ նա պարեց, բայց երբ վերջի պտույտը ավարտելով կամեցավ շրջապատից դուրս գալ, իրմով կախարդված և սիրահարված խմբակը ոչ մի տեղից ճանապարհ չտալով ընդհանուր աղաղակներով ու ծափահարությամբ ստիպեց նրան կրկին պարել: Մաշոն ընդդիմանալ չկարողացավ և սկսավ նորից յուր պարը, բայց խեղճը չափից դուրս վաստակած լինելով, շատ փոքր ժամանակ կարողացավ հաճույք պատճառել յուր խմբակին, և մի քանի պտույտներից ետ շառագունած և քրտնաթոր թողեց ասպարեզը:

Դաշնահարությունը իսկույն դադարեց, որովհետև նրանից հետո էլ ո՞վ կհանդգներ պարել, կամ ո՞վ մտիկ կտար այդ պարողին:

Ալեքսի, քո տունը չքանդվի, սա ո՞ւմ աղջիկն է. սա ինսա՞ն է, թե հրեշտակ, — հիացմամբ հարցրավ Սերգոն յուր հարևան երիտասարդից, երբ պարողների խումբը ցրվեցավ:

Չգիտեմ, Սերգո, ես էլ քեզ էի ուզում հարցնել:

Է՛հ ի՞նչ դառավ... — դժգոհությամբ պատասխանեց Սերգոն և անցավ ուրիշ կողմ, որ գուցե կարողանար մի ուրիշ ծանոթից իմանալ այդ բանը:

Դժբախտաբար այնպիսի բազմաճանաչ ծանոթներ էլ չկային և եղածներն էլ, մի որոշ բան ասել չկարողացան նրան: Իսկ կանանց մոտենալ և հարցնել Սերգոն ամաչում էր, մանավանդ, երբ նկատել էր, որ մի քանի աղջիկներ յուր վերա, մատնացույց անելով՝ «ա՞յ, սա էր Մաշո կանչողը» ասելով, կրկին ծիծաղել էին:

Այսուամենայնիվ երիտասարդը եկեղեցու բակից շուտով չհեռացավ, և անընդհատ պտույտներ անելով աշխատում էր որքան կարելի է շատ անգամ տեսնել գեղեցիկ Մաշոյին:

Վերջինս էլ կարծեմ նկատել էր այդ բանը, և թեպետ յուր սիրուն հայացքներին շատ չէր արժանացնում Սերգոյին, այնուամենայնիվ պատահած ժամանակ, եթե մի անգամ աչքի տակովը նայում էր նրան խեղճ երիտասարդը, հարյուր անգամ գնում էր էն կյանքը ու մեկ էլ ետ գալիս:

Իսկի չծիծաղես մեր Սերգոյի վերա, սիրելի ընթերցող: Սա կյանքի մեջ հաճախ պատահող ա՛յն երևույթներից մինն է, որ միանգամից վճռում է մարդու բախտը դեպի երջանկություն կամ դեպի կործանումն, և սրան անվանում են սիրահարություն: Եթե երբևիցե սիրահարվել ես, դու անշուշտ կկարեկցես խեղճ Սերգոյին, որովհետև իսկույն կնկատես, որ նրա մեջ էլ արդեն սկզբնավորվում է այդ քաղցր հիվանդությունը, բայց եթե մինչև այսօր այդ ցավի համը առած չես, կուզենայի (ներիր անկեղծությանս), որ դու առանց ղալմաղալի դուրս գայիր իմ ընթերցողների շարքից, ես կամենում եմ, որ ավելի զգայուն մարդիկ լսեն իմ պատմությունը:

Արեգակը վաղուց մայր էր մտել, մութը հետզհետե կոխում էր, և ուխտավորներից շատերը պատրաստվում էին հեռանալ դեպի իրենց տները: Սերգոյի տնից ոչ ոք այստեղ չլինելով, յուր համար էլ անհարմար էր երկար դեգերել այս ու այն ընտանիքի շուրջը. ուստի երբ տեսավ, որ Մաշոն էլ պատրաստվում է մի ինչ որ ընտանիքի հետ դուրս գնալու, ինքն էլ ուղղեց յուր քայլերը դեպի տուն:

Դ

Դեդի ջան, ո՞վ էր ա՞յն սիրուն աղջիկը, որ այնպես լավ պարում ու դահիրա էր խփում, — հարցրավ Սերգոն մորը, տուն մտնելով:

Ի՞նչ աղջիկ, ո՞րտեղ:

Վա, չտեսա՞ր, Խոջիվանքում...

Որդի, ինչե՞ր ես հարցնում, հնա՞րքով ես ընկել, ի՞նչ է, ե՞րբ եմ Խոջիվանքում եղել:

Սերգոն նոր մտաբերեց, որ, իրավ, յուր դեդին այսօր այնտեղ չէր:

Ա՛խ, գլուխս բոլորովին կորցրել եմ, — ինքն իրենից տրտնջաց նա և ապա դառնալով մորը, շարունակեց, — դեդի, այսօր Խոջիվանքում մի աղջիկ տեսա, մի աղջիկ, որ ասես թե աստղերիցն էր ներքև իջել. տե՞ր աստված, այնպես էլ բան կլինե՞ր, օ՛ , հո՛ , հո՛, մի սիրուն էր, մի դահիրա էր խփում, մի հարմոն էր ածում, մի պարում էր, որ ինձ իստակ գժվեցրեց էլիախ, դեդի, բաս դու նրան չե՞ս ճանաչում:

Որդի, որ չեմ տեսել ի՞նչպես կարող եմ ճանաչել:

Ա՛խ, էլի ասում է չեմ տեսել. բաս մեր Հավլաբարումը չես իմանում, թե ով է ամենից սիրունը, նա կլինի էլի:

Վա, սիրուն աղջկերք շատ, ես ինչպես իմանամ, թե որն է քո ասածը:

Հա՞, մոռացել էի. անունն էլ Մաշո է:

Որդի, Մաշո անունով մեր Հավլաբարում քի՞չ աղջկերք կան. ա՞յ, ղազազ Արութինի աղջկա անունն էլ Մաշո է. հալլաբ Սաքոյի աղջկա անունն էլ Մաշո է, մեր Փեփելի քրոջ աղջկա անունն էլ Մաշո է... Հա՞, քիչ էր մնացել, որ մոռանայիզառափ Կակուլու քրոջ անունն էլ Մաշո է, էլ ո՞ ր մեկն ասեմ...

Հենց այս վերջի խոսքերի վերա էր Սաբեթը, երբ խարազ Օհանի տղան ներս մտավ:

Օ՛, այս ի՛նչ լավ եղավ, որ դու եկար, Սանդրո ջան, — ուրախությամբ բացականչեց Սերգոն, — ախր դու այսօր մի ժամանակ աչքովս ընկար Խոջիվանքում, դո՞ւն էլ այնտեղ էիր, այնպե՞ս չէ՛:

Բա՞ս, ես էլ այնտեղ էի, մատաղ էլ ունեինք: Ի՞նչ է, դո՞ւն էլ կայիր:

Հապա՞:

Ի՞նչ է ասում, տո հեր օրհնած, մի կմոտենայիր է՛, ո՞նց պատահեց, որ ես քեզ չտեսի:

Լավ, Սանդրո ջան, այդ թողի՞ր, առաջ մի ինձ ասա՞՛, թե ո՞վ էր այն լավ դահիրա խփող ու պարող սիրուն աղջիկը:

Ո՞րը, Մաշո՞ն:

Հա՛, հա՛, Մաշոն, ես նրա հոգուն մեռնեմ. յարաբ նա ի՞նչ աղջիկ էր:

Տո, քո թշնամու քույրն է, չե՞ս ճանաչում:

Ի՞նչպես թե իմ թշնամու. Դարչոյի՞

Բա՞ս:

Թե ախպեր ես, սիրտս մի՛ տրաքացնիլ, ղո՞րթ նրա քույրն է:

Վա, քո արևը, նա է, սո՞ւտ եմ ասում: Ամա, հախ աստծու, ոսկի աղջիկ է, ոսկի:

Այս հայտնությունը կարծես թե Սերգոյի գլխին կայծակ իջեցրավ, նա շփոթվեցավ և ընկավ մտատանջության մեջ:

Ա՞յ, դեդի, եթե Սերգոն այսպես թշնամություններ չաներ Դարչոյի հետ, Մաշոն նրա համար կուզեինք, — դարձավ Սանդրոն Սաբեթին, — նա մի անգին աղջիկ է, ու լավ էլ իրար սազ կգային:

Ի՞նչ անեմ, որդի, Սերգոն իրեն էլ խայտառակեց, ինձ էլ, բաս ես չէի՞ ուզիլ, — տխրությամբ հարեց Սաբեթը:

Բայց Սերգոն այդ ժամանակ խորասուզվել էր մտածմունքների անհատակ ծովի տակ:

Հա՞, ի՞նչ պատահեց քեզ . բաներդ մոշլա էլա՞ն, — կատակով ընդհատեց նրան Սանդրոն:

Վա՞յ իմ մեղքը. ես իմ ձեռքով իմ տունը քանդել եմ, էլ ի՞նչ հույս կարող եմ ունենալ... — ինքն իրեն խոսում էր Սերգոն և գլուխը շարժում:

Ի՞նչ պատահեց քեզ, ո՞րդի. ինչի՞ վերա ես ինքդ քեզ հետ խոսում, — հարցրավ Սաբեթը անհանգստությամբ: Սերգոն ոչինչ չպատասխանեց և շարունակում էր ինքն իրեն մռթմռթալ: Բայց մի քանի վայրկյանից հետո հանկարծ տեղիցը թռավ և բացականչեց.

Դե՞դի, ես գնում եմ Դարչոյենց տուն...

Ինչո՞ւ է համար, որդի, ի՞նչ պատահեց:

Ոչինչ. գնում եմ, որ չոքեմ Դարչոյի առաջ, նրա ոտքերը համբուրեմ, մեղա գամ իմ գործած անիրավությունների համար և հաշտվիմ նրա հետ...

Բայց այսպես անժամանա՞կ...

Վնաս չունի, եթե նրանք ինձ դուրս կանեն, էլի ետ կգամ, — ասաց նա և շտապով գդակը վերցնելով դուրս գնաց:

Սանդրոն ու Սաբեթը մնացին շվարած:

Ե

Դարչոն յուր մոր և քրոջ հետ նստած դեռ թեյ էր խմում, երբ հանկարծ Սերգոն ներս մտավ: Սարսափը տիրեց ամբողջ ընտանիքին. Դարչոն ու Մաշոն անգիտակցաբար տեղերներից վեր թռան և պաշտպանողական դիրք բռնեցին. Քեթևանը մինչև անգամ մի թեթև ճիչ արձակեց: Բայց Սերգոն թույլ չտվավ, որ նրանց երկյուղը շարունակվի, նա մի քանի քայլ առաջանալով հանկարծ չոքեց Դարչոյի առաջ և անկեղծ սրտից բխած աղաչավոր ձայնով ասաց. «Դա՛րչո, քո հոգուն մեռնեմ. եկա որ մեղա գամ քեզ մոտ, և իմ գործած անիրավությունների համար թողություն խնդրեմ քեզանից: Ես մեղավոր եմ քո առաջ, ես այդ խոստովանում եմ. բայց դու ազնիվ տղա ես. ինձ պետք է ներես և պետք է հաշտվես ինձ հետ, թե կուզես ոտքդ էլ կհամբուրեմ…»: Այս ասելով նա մինչև անգամ խոնարհեց, որ Դարչոյի ոտքը համբուրե: Դարչոն զարմացած ետ քաշվեց, նա այդ բոլորից ոչինչ չէր հասկանում, նա չէր հավատում յուր աչքերին:

Դարչո ջան, զարմանում ես հա՞, — կրկին խոսաց Սերգոն, — իրավունք ունիս, ե՛ղբայր, իրավունք ունիս ինձ չհավատալու: Աստծուց թաքուն չէ, քեզանից ի՞նչ թաքցնեմ, ես քեզ հետ մինչև այժմ արյան թշնամի էի, և կամենում էի քեզ ոչնչացնել. այս դու ինքդ էլ գիտես. բայց այսօր մի բան պատահեց, որ ինձ սաստիկ զղջալ տվավ իմ բոլոր արածների վերա. ես այժմ ինձ դատապարտում եմ ինչպես մի ավազակի, մի մարդասպանի, ես ինձ չեմ ներում, բայց աղաչում եմ քեզ, դու ների՛ր և հաշտվիր ինձ հետ

Դարչոն մոտեցավ յուր նախկին ընկերոջը և նրա ձեռքից բռնելով.

Վեր կա՛ց, Սերգո, մենք կանգնած է՛լ միմյանց կարող ենք լսել, — ասաց նա և երբ վերջինս ոտքի ելավ, շարունակեց. — ճշմարիտն ասա, Սերգո, սրտով կամենում ես հաշտվե՞լ ինձ հետ, թե՞ էլի մի չարություն ունիս մտքումդ:

Դարչո ջան, ես ոչնչով չեմ երդվում, բայց հավատացիր, որ անկեղծ սրտով կամենում եմ հաշտվել քեզ հետ. իմ խիղճը տանջում է ինձ, ես կամենում եմ ազատվել այդ տանջանքից...

Լավ, ես հավատում եմ և հաշտվում եմ քեզ հետ. ես քեզ ներում եմ, ես մոռանում եմ քո գործածները դու ոչինչ թշնամություն չես արել ինձ... — Այս ասելով նա ձեռը մեկնեց Սերգոյին և երկուսը միասին իրար գրկելով համբուրվեցան, երկուսի աչքերն էլ ուրախությունից լցվեցան արտասուքով:

Քեթևանը նույնպես մոտեցավ նրանց, ուրախությամբ գրկեց երկուսին էլ, ճակատները համբուրեց, և ապա դառնալով Սերգոյին ասաց.

Սերգո ջան, էլի մի բան ինձ համար մութ է: Մինչև այսօր ինչ միջոցներ որ գործ դրինք, մենք քո սիրտը շահել չկարողացանք: Մի ինձ ասա տեսնեմ, թե այժմ ի՞նչ պատահեց քեզ, որ հանկարծ այդպես փոխվեցար:

Սերգոն սկսավ մանրամասնաբար պատմել նրանց այն ամենը, ինչ որ այն օրը ինքը տեսել և զգացել էր: Նա պատմեց ամեն ինչ անկեղծությամբ և առանց քաշվելու, նա հայտնեց և այն, թե քանի՛ քանի՛ անգամ ինքն իրեն անիծել էր, որ Մաշոյի նման աղջկա եղբոր հետ նա այն աստիճան տմարդությամբ էր վարվել, ուստի և մինչև այն րոպեն յուր խիղճը անգթաբար տանջում է իրեն:

Այստեղ մայր և որդի հասկացան, որ երբեմն իրենց փափագած այդ թանկագին հաշտությունը շնորհել են նրանց միմիայն Մաշոյի գեղեցկությունը և շնորհքը

Մի ստահակ սիրտ, որ երբեմն չէր ընկճվում ո՛չ մայրական արտասուքների, ո՛չ արդարադատության, ո՛չ քահանայի և ոչ անձնվեր մտերմության առաջ, այսօր նա ծունր է դնում գեղեցկության ոտքերի մոտ...

Եվ մի՞թե բնությունը անարդարությամբ է վարվում այստեղ. բնավ: Եթե գեղեցկության համար սահման որոշենք միմիայն մարդկային դեմքը, մենք նրանից խլած կլինենք յուր մեծ զորությունը, բայց եթե գեղեցկությունը արտափայլում է և՞ սրտի, և՛ հոգվո, և՛ մտաց, և՛ բարուց, մեջ, այն ժամանակ նա հայտնվում է իբրև մի ամենակարող ուժ, որի առաջ, առանց բացառության, պիտի խոնարհեն բոլոր ապստամբ, բայց զգայուն ոգիները...

Սերգոն յուր պատմությունը վերջացնելուց ետ ամենայն պարզությամբ հայտնեց և յուր միտքը, որ նա կամենում էր Մաշոյի հետ ամուսնանալ:

Այս առաջարկությունը մի փոքր շվարացրեց թե՛ Քեթեվանին և թե՛ Դարչոյին: Եվ իրավ, ի՞նչպես կարող էին նրանք մի այդպիսի շուտափույթ վճիռ կայացնել իրենց աղջկա ապագայի մասին: Բայց ամեն դժվարություն լուծեց ինքը` գեղեցիկ Մաշոն: Երբ Քեթևանն ու Դարչոն Սերգոյի առաջարկության պատասխանեցին թե՝ «այդ բանը պետք է դեռ Մաշոյից հարցնենք և առաջուց նրա հաճությունը առնենք», Մաշոն, որ մինչև այն ծածկված էր ինքնաեռի ետքում, առաջ անցավ և լուրջ ու վճռական ձայնով ասաց. «Ես համաձայն եմ»:

Եթե այդպես է, աստված շնորհավոր անի, — ասաց Քեթևանը, — ես չեմ ընդդիմանում:

Աստված շնորհավոր անի, — կրկնեց Դարչոն և սեղմեց Սերգոյի ձեռքը: Մի քառորդ ժամից ետ Դարչոյի և Սերգոյի հին ու նոր համփսոնները և ազգականները հավաքվեցան այդտեղ: Սազանդարները կարծես գետնի տակից բուսան: Եկավ այդտեղ և տեր-Մինասը, որ երիտասարդ զույգերի նշանը օրհնեց և այնուհետև քեֆը սկսավ: Բայց ի՛նչ քեֆ: Մի կողմից երկարամյա խռովության վերանալը և երկու բարեկամների հաշտությունը, և մյուս կողմից գեղեցիկ զույգերի նշանադրությունը: Կարող եք այժմ երևակայել, թե ինչ տեսակ քեֆ պետք է լիներ մեր թիֆլիսցի քաջերի հնարածը:

Շշեր էին, որ հաջորդում էին միմյանց և կենացներ, որոնք դատարկվում էին մեկը մյուսի ետևից: Երգերին ու պարերին խո չափ ու սահման չկար: Հավլաբարի ա՞յն թաղը, ուր Դարչոյենց տունն էր, ամբողջ գիշեր թնդում էր ուրախության ձայներից: Շատ ընտանիքներ էլ, որոնք թեպետ այդ քեֆին մասնակից չէին, այնուամենայնիվ ստիպվեցան մասնակցողների հետ հազիվ առավոտը քնել, որովհետև սրանց աղաղակները կատարելապես խանգարում էին նրանց: Առավոտյան դեմ ամեն բան հանդարտ էր:

Այսօր ճաշից հետո ես պատահեցի տեր-Մինասին, որ պատմեց, թե մեզ հայտնի զույգի պսակը այս երեկո պիտի կատարե: Ես շատ ուրախացա: Եվ թեպետ չեմ ճանաչում ոչ իմ հերոսին և ոչ հերոսուհուն, այսուամենայնիվ ես անկեղծ և ուրախ սրտով շնորհավորում եմ նրանց միությունը և երկար ու երջանիկ օրեր եմ մաղթում նրանց համար:

ԱՆՊԱՏՃԱՌ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Ա

Օրիորդ Աննա Լազարյան. — Հարուստ ծնողաց տեր, մեծ օժիտով, տասնևութ տարեկան, ուսումնավարտ, հասակը գեղեցիկ, դեմքը գրավիչ, աչքերը կրակոտ, պչրող, նորասեր և երբեմն փիլիսոփա:

Օրիորդ Վարդուհի Սամվելյան. — Աննայի մի հեռավոր ազգականը, բայց մոտիկ բարեկամուհին, նրան հասակակից, որբ հոր կողմից, միջակ կարողության տեր նրբակազմ, գեղադեմ, խելոք հայացքով, հրապուրիչ ձայնով, համեստ և ավելի քան բարեսիրտ:

Տիրան Մարության. — Նորեկ Պետերբուրգից, կանդիդատ լեզվագիտության, երկու հազարանոց պաշտոնում, վայելչակազմ, գեղեցկադեմ, ճարտարախոս և այս բոլորից հետո՝ հայագետ:

______________________

Ի՞նչ ես կարծում, Վարդո, չէ՞ որ մեր դրությունը ծիծաղելի է, և պետք է մի օր բարեփոխել նրան, — հարուստ բազկաթոռի վերա ընկած խոսում էր օրիորդ Լազարյանը յուր ընկերուհու հետ, որը հենց նոր էր այցելել նրան:

Ինչո՞ւ համար է ծիծաղելի, ես այդ չգիտեմ, — հարցրեց Վարդուհին հետաքրքրությամբ:

Մի՞թե ես այդ պետք է դեռ բացատրեմ քեզ: Ծիծաղելի է ասում եմ, և դու համոզվիր, որ այդպես է: Ինչ արարածներ ենք նույնիսկ մենք, արիստոկրատ ընտանիքի աղջիկներս: Ամեն օր անհոգությամբ ուտում ենք, խմում ենք, կամ զուգվում, փողոցներն ենք չափում: Ով է մեզանից մտածում, թե ո՞րտեղ է տանում մեզ այս ճանապարհը և կամ ո՞ւր պիտի հանգի նա:

Ես էլի քեզ չեմ հասկանում, Անիչկա, — ընդհատեց նրան Վարդուհին, — խոսի՛ր ավելի պարզ:

Ավելի պա՛րզ, շատ լավ: Դու հո գիտե՞ս, Վարդո, որ մեր ապագա բախտավորությունն ամուսնության մեջ է, այդպես չէ՞:

Իհարկե:

Շատ լավ. այժմ ասա, հոգիս, ո՞րքան ենք մենք մտածում մեր այդ ապագա բախտավորության համար: Ո՞վ է մեզանից հոգում, թե ի՞նչ ամուսին պետք է ընտրե յուր համար, կամ ո՞վ է հետամուտ լինում յուր սրտի ցանկացածը գտնելու: Ամեն հոգս ու դարդ մենք թողել ենք մեր ծնողների վերա, և մեր մահու ու կյանքի խնդրի լուծումը միայն նրանցից ենք սպասում: Այժմ ասա՛, իրավունք ունի՞նք միթե գանգատվել ապագայում, թե նրանց ընտրությունը մի որևէ դժբախտություն բերե մեր գլխին:

Ուրեմն, ի՞նչպես պետք է վարվել այդ դեպքում:

Շատ հասկանալի եղանակով: Երիտասարդներն ուղղակի իրենք են ընտրում իրենց հարսնացուներին և ծնողները խոնարհվում են նրանց ընտրության առաջ, միևնույնն էլ պետք է անենք մենք աղջիկներս և սովորեցնենք մեր ծնողներին մեր ընտրությունը հարգելու, որովհետև ամուսնությունից առաջացած չարն ու բարին միայն մեր բաժինն է լինում:

Եվ դու կարծում ես թե մեր սահմանափակ և անփորձ կյանքում մենք էլ նույնքան ճանաչողականություն կունենանք, որքան երիտասարդները:

Իհարկե, եթե մեր ամուսնության գործն ուղղակի մեր հոգածության առարկան կդառնա, մենք էլ նրանց պես ճանաչելու մեջ կվարժվենք:

Քո հայտնած մտքերդ, Անիչկա, նոր վարդապետություններ են, հապա քաջ եղի՛ր, առաջին օրինակը, եթե կարող ես, ինքդ մեզ տուր, և այնուհետև մենք կհետևենք քեզ, — ասաց Վարդուհին և անհոգությամբ ծիծաղեց:

Իզուր ես ծիծաղում, սիրելիս, այս հարցի մասին ես շատ լրջությամբ եմ խոսում, — նկատեց օրիորդ Աննան, — իմ հայտնած մտքերը վաղուց է, որ զբաղեցնում են ինձ, և առանց քո ասելուն էլ ես հաստատապես վճռել եմ իմ մեջ այսպիսի մի օրինակ տալ ձեզ:

Եվ դու այդքան հաստատակամություն կունենա՞ս:

Դու այդ կտեսնես...

Դեռ երկու օրիորդները իրենց խոսակցությունը չէին վերջացրել, երբ տան ծառան ներս մտավ և հայտնեց յուր տիրուհուն մի անծանոթ պարոնի գալուստը:

Հրավիրեցեք, — հրամայեց օրիորդը և ուղղվեցավ յուր բազկաթոռի մեջ:

Երկու րոպեից ետ ներս մտավ Տիրան Մարությանը և մայրաքաղաքում ընդունված քաղաքավար ձևերով ծանոթացավ տիրուհի օրիորդի և նրա ընկերուհու հետ:

Գուցե դուք ինձ չէիք սպասում, օրիորդ, — սկսավ խոսել պարոն Մարությանը, — բայց ես ա՛յնքան սիրեցի ձեր ծնողաց առաջարկությունը, որ մի ժամ առաջ ձեր տան հետ ծանոթանալս ինձ համար մեծ բախտ եմ համարում:

Ընդհակառակը, իմ հորեղբայրն այնքան գովությամբ էր խոսում ձեր հայագիտության մասին, որ ես մի օր առաջ էի ցանկանում ձեզ աշակերտել: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք այդպես շուտ մեզ այցելելու:

Այցելող երիտասարդը հայերենի ուսուցիչ էր հրավիրված օրիորդ Աննայի համար: Այո՛, բանն, իհարկե, շատ օտարոտի չպետք է երևա ձեզ, որովհետև այդ ժամանակները հայոց թատրոնի շնորհիվ հայերեն սովորելը haute nouveaute՛ էր համարվում մեր արիստոկրատ ընտանիքների մեջ: Հայ աղջիկները բարեհաճում էին հայերեն սովորել..

Տասը տարի առաջ, երբ ես իմ հայրենիքից եկա այստեղ, — շարունակեց պարոն Մարությանը, — Թիֆլիսը շատ վատ ազդեցություն արավ ինձ վերա: Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի-մի հայերեն խոսք միայն կինտոներից կամ բախալներից էի լսում, բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր: Իմ հայրենի քաղաքում այդպիսի բան ես տեսած չէի. այնտեղ անկարելի էր գտնել մի հայ անձն, որ հայերեն խոսել չգիտենար. եթե մինչև անգամ պատահեր, որ հարուստ ընտանիքներից մինում հայ կինը կամ աղջիկն օտար լեզվով խոսելու փորձ աներ, իսկույն յուր շրջապատողների ծաղրածության առարկա կդառնար: Ես, որ այստեղ եկած ժամանակ դեռ տասնևութ տարեկան էի, իմ հասակակից ընկերների հետ միասին հայերեն լեզուն և նրա գրականությունն արդեն մեր քաղաքում ուսած ավարտած էի: Պարզ է ուրեմն, որ այդ ժամանակվա Թիֆլիսը իմ աչքում շատ հրեշավոր կերևար: Բայց տասը տարուց ետ կրկին այստեղ վերադառնալով, ես մեծ փոփոխություն եմ նկատում: Այժմ գրեթե ամեն շրջաններումն էլ հայերեն խոսում ու կարդում են: Պակասը մեր արիստոկրատ ընտանիքներն էին, և ահա՛ դեռ իմ գալստյան հինգերորդ օրը ես դրանցից մեկի հրավերն եմ ստանում, իրենց ազնվաշուք օրիորդին դասախոսելու: Այս բոլորը, իհարկե, մխիթարական երևույթներ են: Եվ ահա, այս էր պատճառը, օրիորդ, որ ես ասացի ձեզ, թե մի ժամ առաջ ձեզ հետ ծանոթանալս ես ինձ համար մեծ բախտ եմ համարում:

Երիտասարդի վերջին հաճոյախոսությունները բոլորովին գրավեցին օրիորդ Աննային: Նա ոչ միայն մոռացավ ամուսնական խնդրի մասին ունեցած յուր նոր վարդապետությունը, այլ մինչև անգամ պատրաստ էր այդ րոպեին մոռանալ նույնիսկ ամուսնությունը, միայն թե հայերեն լեզուն ուսումնասիրելու համար բավական ժամանակ ունենար:

Մի քանի փոխադարձ հարց ու պատասխաններից հետո, արդեն սկսվում էին դասախոսության վերաբերյալ հարցերը: Օրիորդ Վարդուհին յուր բացակայությունը կարևոր համարելով, ողջունեց յուր խոսակիցներին և հեռացավ: Օրիորդ Աննան կամեցավ ճանապարհ դնել նրան մինչև սանդուղքի դուռը: Երբ նրանք հասան այնտեղ, Վարդուհին կամացուկ շշնջաց ընկերուհու ականջին.

Եթե դու հաստատապես վճռել ես քո նոր վարդապետությանը աշակերտել, հարմար առիթը պատրաստ է. պարոն Մարությանն ամենալավ ամուսինը կարող է լինել քեզ համար, աչքի առաջ ունեցիր նրան, նրա վերա մինչև անգամ կարելի է սիրահարվել...

Է՛հ, կատակներդ թո՛ղ, Վա՛րդո, ինձ այժմ դեռ մի բան է զբաղեցնումսովորել իմ մայրենի լեզուն և սովորել որքան կարելի է լավ, ուրիշ էլ ոչ մի բանի վերա չեմ ուզում մտածել:

Հավատում եմ. բայց դու իմ քեզ տված խորհուրդը չմոռանաս... — ժպտալով ասաց Վարդուհին և դուրս գնաց:

Շատ անգամ մի դատարկ խոսքը կամ մի անմեղ հայացքը մի ամբողջ ապագայի բախտն է վճռում:

Աննայի վերա յուր ընկերուհու խոսքը յուր չափով ազդեց: Վարժապետի մոտ վերադառնալիս, նա ծանրացրեց յուր քայլերը, ըստ երևույթին Վարդուհու տված խորհուրդը սկսել էր զբաղեցնել նրան, իսկ երբ ընդունարանը մտավ, նա մի ընդհանուր ակնարկ ձգեց վարժապետի վերա և ժպտաց:

Պարոն Մարությանն, իհարկե, այդ չնկատեց և սկսավ զբաղվել յուր դասատվության վերաբերյալ հարցերով:

Բ

Անցավ երկու ամիս: Այդ բոլոր ժամանակ պարոն Մարությանը կանոնավորապես այցելում էր Լազարյանների տունը և դասախոսում էր Աննային: Վերջինս յուր կողմից ոչ մի աշխատանք չէր խնայում յուր վարժապետի ասած դասերը յուրացնելու համար: Թատրոնի մեջ արդեն խոսում էին, որ օրիորդ Լազարյանը Թիֆլիսի բոլոր հայուհիների մեջ ամենալավ հայագետը և հայախոսն է:

Այդ շատ բնական է, — նկատում էր նախանձոտ աղջիկներից մինը հեգնությամբ, — քանի որ վարժապետը միևնույն ժամանակ և օրիորդի սիրահարն է, ի՞նչպես կարելի է որ ուրիշ կերպ լինի: Մինը եռանդով կդասախոսե, մյուսն էլ եռանդով կսովորե:

Սխալվում եք. պարոն Մարությանը Անիչկի սիրահարը չէ, այլ Վարդուհի Սամվելյանի, նրա ընկերուհու, — պատասխանում էր Լազարյանների մի բամբասասեր դրացուհին, — ես ամեն օր մեր պատուհանից դիտում եմ: Հենց որ Մարությանը գալիս է Անիչկին դասախոսելու, նրա ետևից մտնում է Վարդուհին իբրև թե յուր. ընկերուհուն այցելելու համար, բայց իսկապես Լազարյանների տունը նրա և Մարությանի ժամադրության տեղն է:

Այս և սրա նման շատ բաներ խոսվում ու լսվում էին բամբասասեր կանանց հասարակության մեջ, բայց թե ո՞րքան ճշմարտություն կար այս բոլորի մեջ, դեռ ոչ ոք հաստատապես չգիտեր:

Մի կյուրակե առավոտ, երբ խայտաճամուկ հասարակությունը խռնված էր քաղաքային այգու ճեմելիքների մեջ, երկու բարեկամուհի օրիորդները՝ Վարդուհին և Աննան հանդիպեցան միմյանց, յուրաքանչյուրը յուր մոր հետ: Վերջիններս ուրախությամբ իրար մոտեցան, ողջունեցին և խիստ բարեկամաբար միմյանց ձեռքն էին սեղմում, երկու օրիորդների մեջ, ընդհակառակը, մի ինչ-որ անսովոր փոփոխություն էր նկատվում: Օրիորդ Լազարյանը շատ սառնությամբ ընդունեց ընկերուհու ողջույնը և բոլոր զբոսանքի ժամանակ լուռ մնաց: Այս հանգամանքը միայն Վարդուհին էր նկատում և խիստ զարմանում: Ինքը՝ օրիորդը, որքան մտածում էր, նրան անհաճո մի բան արած չուներ, կամ որևէ մի վարմունքով վիրավորած չէր: Ինչո՞ւ պետք է յուր ընկերուհին այդքան սառը լիներ դեպի ինքը, այս միտքը նրան անհանգստացնում էր:

Հաջորդ էջ