Մուրացան՝   Պատմվածքներ

Այդ նկատողությունը ճշմարիտ է. առաքինությունը, բարքի մաքրությունը, խնայող տանտիկնությունը և այլ տեսակ բարեմասնությունները հազվագյուտ են նրանց մեջ, այդ կողմից հայ աղջիկը գերազանցում է բոլորին, — պատասխանում էր իշխան Դիմիտրը, որը յուր բոլոր պանդխտության ժամանակ երբեք կարիք չէր ունեցել այդպիսի բարեմասնություններով օժտյալ մի կնոջ հետ ծանոթանալու:

Այո՞, իշխան, հենց պատճառն էլ այդ է, որ ձեզ համար ամենահարմար հարսնացուն ես միայն մեր Աննային եմ գտնում, մի աղջիկ, որը գեղեցիկ է և՛ դեմքով և՛ բարքով:

Այդ միջոցին օրիորդը սիգաճեմ անցնում էր նրանց մոտով մի պառավ խոշորագեղ աղջկա ընկերակցությամբ:

Նայեցեք, իշխան, — հարմարությունից օգտվելով շարունակեց Արտեմ Իվանիչը, — նա մի կատարյալ դիցուհի է, նայեցեք, նա արժանի է ձեր ուշադրության:

Ես արդեն հիացած եմ նրանով, և հավատացեք, քիչ է մնում, որ սկսեմ սիրել նրան

Եվ ի՞նչ, մի՞թե ամոթ չի լինիլ, եթե այս գիշեր դուք՝ սիրահարված չդուրս գաք այս դահլիճից, — ժպտալով նկատեց հորեղբայրը և իշխանը սկսավ ուրախ-ուրախ ծիծաղել:

Շատ դուր է գալիս ինձ, երբ իմ իշխանին ուրախ եմ տեսնում. կարո՞ղ եմ արդյոք մասնակցել ձեր զվարճախոսություններին, — անուշ ժպտալով և կոտրատվելով մոտեցավ երկու խոսակիցներին Մարիա Սերգեևնան:

Շատ հաճելի է մեզ ձեր ընկերակցությունը, տիկին, — պատասխանեց իշխանը, — ձեր պատվական տագրը մեծ հաճույք է պատճառում ինձ յուր զվարճախոսություններով, արժե նրան լսել:

Իմ տագրը, օ՛, նա անհամեմատելի է, և արդարև արժե նրան լսել:

Այո՛, Մարիա Սերգեևնա, ճիշտ նկատեցիք երկուսդ էլ, ես էլ կամենում եմ, որ թե՛ իշխանը և թե՛ դուք լսեք ինձ:

Մեզ այդ շատ հաճելի է, — գրեթե միաբերան պատասխանեցին նրանք:

Ուրեմն գործը վերջացած է, այնպես չէ՞, — հարցրեց Արտեմ Իվանիչը խորամանկությամբ:

Ի՞նչ գործ, — հարցրեց տիկինը:

Ես արդեն խոսացել եմ. ես կամենում եմ, որ իշխանը մեր փեսան լինի և դուք հանձնեք նրան Աննայի ձեռքը:

Ես դրա դեմ ոչինչ չունեմ, եթե իշխանին հաճելի է իմ տան բարեկամությունը, — պատասխանեց Մարիա Սերգեևնան, մի հարցական հայացք ձգելով իշխանի վերա:

Վերիջնս էլ խույս տալու ճանապարհ չուներ:

Ես ինձ համար պատիվ կհամարեմ, տիկին, լինել այդ տան բարեկամը:

Իմ Անիչկան ձեր հարսնացուն է, — վճռական եղանակով ասաց տիկինը և սեղմեց իշխանի ձեռքը:

Արտեմ Իվանիչը սկսեց յուր շնորհավորական ճառը, որին հետևեցին մի շարք բարեմաղթություններ:

Շուտով Վասիլ Իվանիչն էլ թողեց սազանդարների շրջանը, ուր նա ոգևորված երաժշտապետի պաշտոն էր կատարում և եկավ խնդակցելու քուր եղբորն ու տիկնոջը, որոնք յուր կապալներից ավելի շահավոր գործ էին գլուխ բերել:

Սկզբում թեպետ որոշվեցավ գաղտնի պահել այս դաշնադրությունը մինչև հանդիսավոր նշանադրության օրը, բայց երեկույթը վերջանալու վերա՝ դահլիճի ամբողջ կեսն արդեն գիտեր գաղտնիքը: Հյուրերից շատերը շնորհավորեցին տանտիկնոջը յուր դստեր բախտավորությունը, շատերը նախանձից պապանձվեցան, հավատալով, որ Լազարյանները մի անգին հարստություն են ձեռք բերել, շատերն էլ ծիծաղեցին նրանց հիմարության վերա, որ տասնևութ տարեկան քնքուշ աղջիկը համաձայնվել էին նշանելու մի քառասունևհինգ տարեկան, աշխարհի բոլոր բարիքները վայելած և արդեն վաստակած մարդու հետ:

Ինչ պարոն Մարությանին է վերաբերում, նա դահլիճից դուրս գնաց գրեթե կիսամեռ:

Է

Հետևյալ օրը Աննայի ծնողները առանձնացած էին իրենց աղջկա հետ տան ամենախուլ սենյակներից մեկի մեջ և խրատականներ էին կարդում նրա գլխին:

Որդի, դու դեռ ջահել ես, քո օգուտն ու վնասը չես կարող ճանաչել, — ասում էր նրան հայրը, — որին որ մենք ընտրել ենք, նա ամենից հարմար փեսացուն է, դու իզուր մի հակառակիլ մեր ընտրությանը:

Ես արդեն ասացի ձեզ իմ վերջնական որոշումը, ես Շահ-Մելիքյանի ամուսին դառնալ չեմ կարող, իմ ընտրած, իմ սիրած փեսացուն Մարությանն է, Մարությանն է, Մարությանն է. վերջացավ:

Տե՛ր ամենակարող աստվածԱ՛յ աղջիկ, ախր Մարությանը ո՞վ է, ինչ մարդ է, ի՞նչ ունի, ի՞նչ կարող է անել, մի մտածիր է: Շահ-Մելիքովը, սաղ աշխարհն էլ գիտե, որ Շահ-Մելիքովն է, իշխան է, փող ունի, կալվածներ ունի, էգուց-էլօր մի հարկավոր գործ ունենամ, կամ մի կապալ ուզենամ վերցնել, ամեն տեղ ինձ կօգնի, մեծ մարդկանց հետ ծանոթ է, բարեկամ է...

Ի սեր աստծո, մի կողմը թող կորչեն քո գործերն ու կապալները, ինձ նրանց պատճառով հո չպիտի ծախես, — զայրացած բացականչեց Աննան:

Վասիլ Իվանիչը կատաղեց. աղջիկը համարձակվել էր յուր գործերն ու կապալներն անիծելու, սա աններելի հանցանք էր:

Անզգա՛մ, դու համարձակվում ես ինձ մոտ այդպես վայրահաչել... — գոռաց նա խելագարի նման և քիչ էր մնում հարձակվեր աղջկա վերա... Բայց կինը արգելեց նրան ե ստիպեց սենյակից դուրս գնալու:

Գնա՛, գնա՛, դու խոսել չգիտես, — ասաց նա, — ե՞ս իմ աղջկա հետ կխոսեմ, նա ինձ կհասկանա:

Վասիլ Իվանիչը մռթմռթալով դուրս գնաց խորհրդարանից:

Անիչկա ջան, քո հայրը տղամարդ է, նա ամեն բան կարգին խոսել և հասկացնել չէ կարող, բայց դու ինձ լսի՞ր մի փոքր համբերությամբ և տե՞ս, եթե լավ խորհուրդներ չեմ տալիս քեզ, էլի քո գիտեցածն ու ցանկացածը կարող ես անել, ես քեզ չեմ ընդդիմանալ:

Խոսի՞ր, մայրիկ, լսում եմ, — հանդարտությամբ պատասխանեց Աննան և սկսավ ուշադրությամբ լսել նրան:

Մարությանը, սիրելիս, վատ տղա չէ, ես էլ համաձայն եմ քեզ հետ. նա խելոք է, զարգացած է, երևելի ուսումնական է, բայց մի մեծ պակասություն ունինա հարուստ չէ, փող չունի: Իսկ հարուստ չլինելը, իսկ փող չունենալը գիտե՞ս ինչ մեծ ցավ է, օ՛, անկարելի է, որ դու գիտենաս. դու աղքատություն չես տեսել, դու աչքդ բացել ես հարստության և լիության մեջ. բայց ես, օ՛, ես շատ աղքատություններ եմ տեսել, նույնիսկ իմ հորանց տանը շատ դառնություններ եմ քաշել: Շատ վատ բան է, սիրելիս, երբ տեսնում ես, որ քո ընկերները լավ հագնում են, լավ զուգվում են, թատրոններ, բալեր, մասկարադներ են հաճախում, իսկ դու հագնելու շոր չունիս, նրանց պես ման գալ, զվարճանալ չես կարող: Սիրտդ ուզում է, որ դու էլ նրանց նման լինիս, ցանկանում ես դուրս գալ նրանց հետ զբոսանքի, մի թամաշի և դուրս ես գալիս, բայց նրանք քեզանից քաշվում են, քո հասարակ հագուստների վերա ծաղրում են, շատ անգամ էլ ծաղրում են քեզ:

Բայց, մայրիկ, մի՞թե Մարությանն աղքատ է, նա պաշտոն ունի, երկու հազար ռուբլի ռոճիկ է ստանում, և, վերջապես, ես էլ իմ օժիտն ունիմ. մի՞թե մենք սրանցով չենք կարող անկարոտ ապրել:

Է՛, սիրելի, ապրիլ կա երկաթ է, ապրիլ կա երծաթ է. կապրեք, ինչո՞ւ չեք ապրիլ: Տարեկան երկու հազար ռուբլու հենց մենք հագուստ ենք փչացնում մեր տանը, իսկ ձեզ դեռ տուն է հարկավոր, տան սարք է հարկավոր, ուտելու ծախք, ծառաների ռոճիկ, և ուրիշ հազար ու մի ծախքեր են հարկավոր: Քո օժիտն էլ շատ-շատ մի երկու տարի բավականացավ, մանավանդ, որ հայրդ Մարությանին շատ փող չի տալ, քանի որ յուր սրտի մարդ չէ. այնուհետև ի՞նչ պիտի անեք: Վերջապես դու սովոր ես տարեկան մի քանի անգամ խնջույքներ, ընթրիքներ և երեկույթներ սարքելու, կարո՞ղ ես միթե Մարությանի տանը տարեկան գոնե մեկը սարքել, ախար չէ՞ որ ամեն մի խնջույքին հազար ռուբլին չի բավականանում: Դու մանկությունից սովոր ես սեփական կառքով ման գալու, կարո՞ղ ես Մարությանի մոտ գոնե միշտ վարձու կառքեր ունենալ: Այս բոլորը մտածելու բաներ են:

Իսկ ՇահՄելիքովի մոտ մի՞թե դրանք բոլորը կան:

ՇահՄելիքովի մո՞տ, ի՞նչ ես խոսում, հոգիս. Շահ-Մելիքովի տունը մի թագավորական տուն է. ահագին պալատ, փառավոր սարք ու կարգ, տասնյակ ծառաներ, սեփական կառքեր, անթիվ կալվածներ, արիստոկրատ ընտանիք ճոխ ապրուստ, ես ո՞ր մեկն ասեմ: Եվ այս բոլորից հետո մի մտածիր է՛, ախար դու հասարակ մարդու կին չես դառնում, այլ մի հայտնի իշխանի: Մարությանի հետ ամուսնանալով շատ-շատ դու կդառնաս տիկին Մարության, Մարության... ֆո՞ւ, լավ է, որ չես զզվում... Բայց ՇահՄելիքովի մոտ, մի լավ մտածի՞ր, իշ-խանու-հի, իշխանուհի՛ ՇահՄելիքով, կամ եթե կուզես հենց իշխանուհի ՇահՄելիքյան...

Օրիորդ Աննային շատ դուր եկան վերջին տիտղոսները, նա ծիծաղեց:

Հապա, հեշտ բան չէ իշխանուհի դառնալը. իշխանուհի եմ ասում: Դեռ ռուսերեն էլ տես ինչպես լավ սազ է գալիսկնյազինյա Աննա Շախ-Մելիկովա...

Մեր փիլիսոփա օրիորդը յուր սիրահարությունը մոռացավ, վերջին բառերը լսելուց նրա խելքը գնում էր:

Լավ, մայրիկ, դիցուք թե ես ընդունեմ ձեր առաջարկությունը, բայց չէ որ Մարությանին խոսք եմ տվել:

Օ՛հ, ինչ միմամիտ ես, Անիչկա, կարծես Մարությանի հետ նոտարյուսով կապվել ես, քեզանից մեծ տուգանքներ պիտի առնի:

Հապա ի՞նչ ասեմ նրան:

Մի շատ պարզ խոսք. «Պարոն, ես էլ ձեզ չեմ սիրում, խնդրեմ մոռացեք ամեն բան»:

Ա՛խ, մայրիկ, չգիտես, թե ո՛րքան դժվար է նրան այդպես խոսք ասելը:

Երեխա ես դու, երեխա, բայց չէ՞ որ ամբողջ կյանքը աղքատության մատնելը ավելի դժվար է: Եթե ամաչում ես երես առ երես նրա հետ խոսել, մի քանի խոսք է, նամակով գրիր և ուղարկի՞ր իրեն, դրանով ամեն բան կվերջանա:

Աննային այնքան խելացի թվաց մոր առաջարկած միտքը, որ նա ուրախությունից գրկեց մորը և համբուրեց, խոստովանելով, որ այդպիսի խելացի միտք երբեք յուր գլխում չէր կարող ծնվել:

Տիկնոջ զեկուցման համաձայն Վասիլ Իվանիչն էլ ներս եկավ, լսեց աղջկա խոստումը ՇահՄելիքովի հետ ամուսնանալու համար, և երեք անգամ համբուրեց նրա ճակատը:

Ամեն բան վերջացած էր, մնում էր իշխանական հարսանիքի պատրաստությունը:

Ը

Այս անցքից մի քանի օր հետո Մարությանը եկավ Վարդուհու մոտ: Առաջին անգամից օրիորդը չկարողացավ իմանալ, թե ի՞նչ հանգամանք կարող էր ստիպել նրան այցելել իրեն, բայց երբ մտաբերեց երեկույթի երեկոյան Լազարյանների տան մեջ յուր լսածները, իսկույն գուշակեց, որ պարոն Մարությանին մի անհաջողություն է պատահել:

Երիտասարդը մտավ ընդունարանը շատ տխուր և վշտացած դեմքով, բայց Վարդուհին ընդունեց նրան յուր սովորական ժպիտով:

Դուք չափից դուրս տխուր եք այսօր, ի՞նչ է պատահել, — առաջին անգամ հարցրեց օրիորդը:

Դուք այդ արդեն նկատեցի՞ք, օրիորդ, այո՛, ես շատ տխուր եմ, շատ տխուր...

Բայց ի՞նչ է պատահել ձեզ, ասացեք խնդրեմ:

Ոչինչ, մի փոքրիկ դժբախտություն... Երբ մարդիկ այնքան են հիմարանում, որ իրենց բախտը հողմաղացների վերա են կախում, շատ պարզ է, որ միայն դժբախտությունը կմնա նրանց բաժին... Ես այդ մարդիկներից մեկն էի:

Բայց ի՞նչ դժբախտություն է այդ, խոսեցեք խնդրեմ:

Մարությանը չպատասխանեց, այլ ծանրությամբ հանեց ծոցից մի նամակ և տվեց նրան:

Կարդացեք, օրիորդ, բարձր կարդացեք, ես կամենում եմ մի անգամ էլ լսեմ իմ սիրուհուն:

Սա մի նամակ էր օրիորդ Աննայից Մարությանին ուղղած: Վարդուհին սկսեց կարդալ:

«Հարգելի պարոն.

Կարևոր եմ համարում հայտնել ձեզ իմ սիրելի ծնողաց կամքը. — ես այսուհետև այլևս չպիտի շարունակեմ իմ հայերեն լեզվի ուսումը, հետևապես դուք այսօրվանից ազատ եք և ինձ դասախոսելու համար հատկացրած ժամանակը կարող եք ըստ ձեր հաճոյից գործադրելու: Որքան էլ որ ինձ համար ցավալի է ձեր օգտավետ դասախոսություններից զրկվիլը, այսուամենայնիվ ես իբրև մի թույլ աղջիկ, պարտավոր եմ ճակատագրին հնազանդվել: Իմ սիրելի ծնողքը ցանկանում էին, որ ես ընդունեմ իշխան ՇահՄելիքյանի առաջարկությունընրա հետ ամուսնանալու համար, և ես կատարեցի նրանց ցանկությունը. հուսով եմ, որ ձեզ չի վշտացնիլ իմ այս որոշումը:

Ձեր ամենախոնարհ աղախին

Աննա Լազարյան»:

Նամակի ընթերցանությունից հետո մի փոքր ժամանակ լռություն տիրեց. Վարդուհին և Մարությանն անխոս նայում էին միմյանց: Բայց վերջապես երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը:

Ի՞նչ եք հասկանում դուք այս նամակից, օրիորդ, հայտնեցեք ինձ ձեր կարծիքը:

Ա՛յն, ինչ որ գրված է:

Ո՛չ, այստեղ քիչ բան է գրված, բայց այդ քիչ բանից շատ բան պետք է հասկանալ:

Իմ կարծիքով շատ բաներ հասկանալու կամ երևակայելու հարկ չկա: Օրիորդ Աննան ձեզ հայտնում է, որ այլևս նեղություն չկրեք նրան այցելելու կամ իրեն ձեր հարսնացուն հաշվելու, որովհետև ինքն ամուսնանում է արդեն իշխան ՇահՄելիքյանի հետ, ահա բոլորը:

Բայց մի՞թե այդ հնարավոր բան է, օրիորդ, միթե դուք կարծում եք, որ այդ հնարավոր է... Վարդուհին ծիծաղեց:

Դուք է՞լ ուրեմն ծիծաղում եք ինձ վերա. օրիորդ, բայց չէ՞ որ ես կարեկցության եմ արժանի:

Ո՛չ դուք կարեկցության արժանի չեք, — սառնությամբ պատասխանեց Վարդուհին. — ձեզ, երիտասարդներիդ պետք է ծաղրել, և ա՞յն, որքան կարելի է, անգթաբար:

Բայց մեր ո՞ր հանցանքի համար, օրիորդ, ա՛յն հանցանքի, որ մենք հավատում ենք աղջկերանց ազնվությանը

Ազնվության համար թող խոսք չլինի, որովհետև ազնվությունը միայն կարող է հետամուտ լինել ազնվությանը, բայց դուք, պարոններ, ազնվություն չեք փնտրում, և ոչ արժանիք, և ոչ զգացմունք, և ոչ սիրտ, և ոչ ճշմարիտ սեր, ձեր փնտրածը փողն է և օժիտը, ուրեմն մի՛ վշտանաք, երբ ոչ մի տեղ ազնվության չեք պատահում, որովհետև դուք նրան չեք գնահատում: Եվ շատ բնական է, երբ վաճառականը նուրբ գործվածքներ չէ բերում վաճառելու, քանի որ գիտե, թե յուր գնողները նրանց չեն գնահատում:

Օրիորդ, դուք դալար փայտն էլ չոր փայտի հետ այրում եք. մի՞թե բոլոր երիտասարդներն էլ միևնույնն են և նրանց մեջ բացառություններ չկան:

Բացառություններ, այո՞, միայն բացառություններ կան, բայց շատ ցավալի է, որ բացառությունները ձեզ գոհացնում են: Եվ եթե դուք Մարությաններին էլ բացառությանց կարգն եք դասում, այն ժամանակ պետք է ասեմ, որ մեր դրությունը ողբալի է, որովհետև այդ նշանակում է, թե ուրեմն բացառություններ էլ չկան...

Ի՞նչ, մի՞թե դուք ինձ այդ շահամոլ և նյութապաշտ երիտասարդների կարգն եք դասում, — վրդովված հարցրեց Մարությանը:

Այո՛, պարոն, ես ձեզ նրանցից չեմ զանազանում, — սառնությամբ պատասխանեց Վարդուհին, — դուք բոլորդ էլ, միևնույն փայտից եք տաշված: Ձեր անհեռատես վարմունքով դուք անբարոյականացնում եք ձեր ապագա ամուսիններին, սովորեցնելով նրանց արհամարհել բարուց մաքրությունը, սրտի ազնվությունը, սրբությամբ սիրելու անհրաժեշտությունը, և այլ առաքինությունները, և միայն հետամուտ լինել օժիտը հարստացնելու, որովհետև դա ծածկում է արդեն բոլոր բարոյական պակասությունները... Եվ դուք դեռ զարմանո՞ւմ եք, երբ աղջիկները ծաղրում են ձեր զգացմունքները

Մարությանը զարմացած աչքերով նայում էր Վարդուհու վերա, բայց հետո կարծես նրա անվրդով հայացքից և խոսքերից հաղթվելով պատասխանեց.

Հավատացեք, օրիորդ, որ ոչ մի նյութական շահ ինձ չէ կապել օրիորդ Լազարյանի հետ. ես արդեն իմ առաջին խոստովանության ժամանակ ձեզ ասացի, թե ճանաչելով իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, ես աշխատում էի զգույշ լինել, չգրավվիլ նրանով, բայց հետո ես իմ զգացմունքներին դիմադրել չկարողացա, հավատացեք, օրիորդ, որ ես նրան սիրել եմ անկեղծությամբ և իմ բոլոր սրտով

Այսուամենայնիվ ձեզ չեք կարող արդարացնել, որովհետև նրա մեջ դուք չեք որոնել մի ներքին արժանավորություն, որից մարմին է առնում ճշմարիտ սերը. իսկ եթե դուք դրան որոնած լինեիք, այն ժամանակ նրա մեջ բացի փոփոխամտությունը և դյուրահավանությունն ուրիշ բան չէիք գտնիլ, իսկ այդ թերությունները սիրո դահիճներն են: Եվ որովհետև նույնպիսի թերություններ էլ դուք ձեր ընտրության ժամանակ եք ունեցել, ուրեմն մի՞ վշտանաք, եթե միևնույն ճանապարհով էլ պատժում են ձեզ: Օրիորդ Լազարյանն առաջ կարծում էր, որ պարոն Մարությանի հետ ամուսնանալը երջանկություն է: Բայց այժմ համոզված է, որ իշխան ՇահՄելիքյանի հետ նա ավելի կարող է բախտավոր լինիլ. սա համոզմունք է, սրա դեմ ի՞նչ կարող եք ասել:

Իհարկե ոչինչ, մի փոքր առաջ ես ինքս ձեզ խոստովանեցի, որ իմ բախտը հողմաղացի վերա էի կախել

Ուրեմն էլ բողոքելու տեղ չէ մնում, հանցանքը ձերն է, պատիժն էլ դուք պիտի կրեք:

Մարությանը լռեց: Նա մտածում էր: Վարդուհու խոսքերը նրա առաջ մի նոր և բոլորովին անծանոթ աշխարհ բացին: Նա տեսավ, թե որքան ետ էր մնացել մարդկանց սիրտը և հոգին ճանաչելու արհեստին մեջ. տեսավ թե ինչպես մի խեղճ աղջիկ, յուր սահմանափակ շրջանի մեջ ավելի էր ճանաչում երիտասարդների ներքին աշխարհը, քան թե ինքը յուր բոլոր զարգացմամբ` մի հասարակ և թեթևամիտ աղջկա սիրտը: Վարդուհու խոսքերը փոխանակ յուր սիրտը վիրավորելու, ընդհակառակը, նրա մեջ մի խորին ակնածություն և համակրանք էին զարթեցնում: Նրա անկեղծ և աներկյուղ հանդիմանությունը, իբրև մի ապաքինող բալասան, գալիս իջնում էին յուր հոգեկան վերքերի վերա, և նա զգում էր, թե ինչպես այդ վերքերը վայրկյաններով բուժվում, անհետանում են... Իսկ այդ բոլորից հետո նա մի համեմատւթյուն է անում Աննայի և Վարդուհու մեջ, տեսնում էր այն ահագին անջրպետը, որ բաժանում էր այդ երկու բնավորությունները միմյանցից, տեսնում էր առաջինին ինչպես մի եղեգն, որին հողմերն են կառավարում, որի մոտ խելքը զգացմունքների ստրուկն է, իսկ սիրո զգացումըվայրկենական տպավորություններիՏեսնում էր երկրորդին ինչպես մի մարմնացած բնավորություն, որի խելքը իշխում էր յուր զգացմունքների վերա, որի սիրտը և հոգին հետամուտ էին ճշմարտության, որը գիտեր արդեն անկեղծությունը գնահատել և կարող էր անշուշտ արժանավորությանը սիրահարիլՆա տեսնում և զգում էր այս բոլորը և խորը հառաչում, որովհետև յուր սխալանքը արդեն անուղղելի էր համարում...

Դուք իրավունք ունիք, օրիորդ, — երկար լռությունից ետ պատասխանեց երիտասարդը, — հանցանքն իմն է, պատիժն էլ ես պիտի կրեմ... — և այս ասելով նա վեր կացավ տեղից, ողջունեց օրիորդին և տխրությամբ հեռացավ նրանից:

Թ

Մարությանի հեռանալուց ետ Վարդուհին խղճահարվեցավ նրա դրության վերա, նա զգաց, որ անգթաբար վարվեցավ խեղճ երիտասարդի, առանց այն էլ վիրավոր սրտի հետ, մանավանդ, որ արդեն հավատում էր, թե նա առանց շահադիտական նպատակների էր սիրել Աննային: — «Ես պարտավոր էի մխիթարել նրան, — ասում էր նա ինքն իրեն, — Մարությանը հանցավոր չէ, որ սիրել է Աննային առանց նրա ներքին արժանավորությունները ճանաչելու: Սա մի սխալմունք է և ոչ հանցանք: Ի՞նչ անեն խեղճ երիտասարդները, մեր կյանքն այնքան փչացել, այնքան ապականվել է, որ հրապարակում ոչ ոք առանց դիմակի չէ շրջում, ինչպե՞ս և ո՞ւր գտնել ճշմարտությունը... Եթե ճիշտը խոստովանինք, դեռ մենք ինքներս պետք է կարմրենք մեր սեռի այս խարդախ թուլությունների համար: Իսկ Մարությանը... նա վատ տղա չէ, — շարունակում էր Վարդուհին, — սիրտ ունի, նա կարողանում է սիրել... Նրան կարծես թե ես դեռ սիրում եմ. ինձ այնպես է թվում... Բայց ո՞չ, ո՞չ, նա արժանիք չէ ճանաչում, — կարծես ինքն իրենից ամաչելով հերքում էր Վարդուհին յուր խոսածները. — նա սիրեց մի թեթևսոլիկ աղջկա, և նա պետք է պատժվի...»:

Բայց Մարությանը բոլորովին ուրիշ տպավորության տակ հեռացավ Վարդուհուց. նրա խոսքերը, նրա մտքերը, նրա դատողությունները այն աստիճան էին գրավել իրեն, որ նա մոռացել էր Աննային, և յուր նրա հետ ունեցած սիրային մտերմությունը, տեսակցությունները, աղջկա կողմից իրեն հասած վիրավորանքը, բոլորը, բոլորը երազ էին թվում իրեն: — «Ինչո՞ւ համար սխալվեցա ես, մտածում էր նա. — ինչո՞ւ համար այս անգին գանձը ես չտեսա այն ժամանակ, երբ արվեստական գոհարը շլացնում էր ինձ, ինչո՞ւ համար ես այդ աստիճան կուրացել էի... Բայց ի՞նչ, մի՞թե դեռ ուշ է, մի՞թե բախտը չէ այս, որ ծիծաղում է ինձ, և նախախնամության շնորհը չէ՞, որ ապագա դժբախտություններից ազատում է ինձ:

Ես դեռ կարող եմ հուսալ, որ Վարդուհին մի օր կճանաչե իմ սիրտը, կհամոզվի, որ ես շահամոլի մեկը չեմ, որ ես զգացմունք ունիմ, որ ես կարող եմ սիրել... Եվ նա կցանկանա բախտավորացնել ինձ... Ո՞վ գիտե, գուցե հենց մոտ է ա՞յն վայրկյանը, երբ նա ինքը կասե ինձ՝ «Տիրա՛ն, սիրում եմ քեզ»... Բայց չէ, ես զառանցում եմ. ես արժանի չեմ նրան և նա իմը չի լինիլ»:

Այս մտածմունքով ամբողջ օրը տանջվեցավ խեղճ երիտասարդը, և երեկոյան դեմ վճռեց կրկին անգամ այցելել Վարդուհուն: — «Գուցե մի բան կարողանամ ասել նրան», — մտածեց նա և դուրս գնաց տանից:

Բայց հազիվ թե մտել էր նրանց տան փողոցը, և ահա հեռվից նշմարեց նա նրանց պատշգամբի վերա մի շրջազգեստի ծայր. — «Նա Վարդուհին է», — շշնջաց նա և ինչպես մի հանցավոր արագ քայլերով խույս տվավ այդ փողոցից, կարծես վախենալով հանդիպել նրան:

Այսուամենայնիվ բախտը մեր Մարությանին հաջողում էր, պատշգամբի շրջազգեստը Վարդուհունը չէր. նա այդ ժամանակ զբոսնում էր պրոսպեկտի վերա յուր մի նորեկ ազգականուհու հետ: Մարությանը վերադառնալով նրանց փողոցից, պիտի անցներ պրոսպեկտը և նա այտեղ նշմարեց հեռվից Վարդուհուն:

Ամոթը, երկյուղը և ուրախությունը միախառնվեցան նրա մեջ, նա կամենում էր և խույս տալ նրա աչքերից, և մոտենալ նրան... Վերջին ցանկությանը օգնեց ինքը՝ Վարդուհին: Տեսնելով հեռվից Մարությանին, նա ժպտաց և քայլերը ուղղեց դեպի նրան:

Վերջինս յուր կողմից ավելի շտապեցրեց յուր քայլերը և նրանք շատ մտերմաբար ողջունեցին իրար, բայց երկուսն էլ միանվագ շառագունեցին. ինչո՞ւ համար, երևի իրենք էլ չգիտեին:

Ես այսօր շատ խստությամբ խոսեցի ձեզ հետ, դուք անշուշտ վիրավորվել եք, այնպես չէ՞, — հարցրեց Վարդուհին ծիծաղելով:

Օ՛հ, ո՛չ, օրիորդ, ընդհակառակը, դուք շատ ճշմարտություններ խոսացիք և շատ գատնիքների խելամուտ արիք ինձ: Ես այսօր վրդովված էի և չկարողացա շնորհակալություն անել ձեզ. բայց մի փոքր առաջ ես որոշեցի գալ կրկին ձեզ մոտ, իմ այդ պարտքը հատուցելու համար:

Եվ եթե ինձ չպատահեիք այստեղ, ուրեմն մեր տունը պիտի գայի՞ք, — ժպտալով հարցրեց Վարդուհին:

Այո՛, օրիորդ, բայց գիտե՞ք... ես եկա, ճշմարիտն ասած, ամաչում եմ խոստովանել... եկա և ձեր պատշգամբի վերա հեռվից մի շրջազգեստ նշմարելով ձերը կարծեցի և ետ փախա:

Ինչո՞ւ համար, չէ՞ որ ասում եք, թե ինձ պետք է շնորհակալություն անեիք:

Այո՛, բայց ամաչում էի կրկին երևալ ձեր աչքին: Վարդուհին ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ էլ շատ սիրեց երիտասարդի անկեղծությունը:

Ես շնորհակալություն չեմ սպասում ձեզանից, այնքան միայն լինի, որ իմ խոսածները կարողանան մոռացնել տալ ձեզ ձեր կորուստը, — խորհրդավոր եղանակով նկատեց Վարդուհին:

Հավատացեք ինձ, օրիորդ, ես այս րոպեին ոչ մի կորստի վերա չեմ մտածում և այսօր չեմ մտածել: Ես, ընդհակառակն, անչափ ուրախ եմ, որ իմ հիվանդությունը բուժվել է և այն ձեր շնորհիվ: Բայց եթե կա մի մտածմունք, որ ինձ տանջում է, դա բոլորովին նոր է, հենց այսօրվանից. և նրա պատճառած տուգանքը հոգեկան զվարճություն է բերում ինձ...

Վարդուհին հասկացավ երիտասարդի խոսքերի նշանակությունը, բայց կեղծեց իբր թե ոչինչ չէ հասկանում:

Աշխատեցեք, որ մտածմունքները չտանջեն ձեզ, թե չէ տանջանքի մեջ զվարճություն չկա, — ասաց նա:

Այո՛, եթե միայն դա սիրո տանջանք է, — նկատեց Մարությանը:

Վարդուհին ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց, ընկերուհու ներկայությունը չէր ներում նրան զգալի կերպով շոշափել այդ խորհրդավոր ակնարկությունը:

Շուտով նրանք պիտի բաժանվեին ուղիղ ճանապարհով, ուստի Մարությանը առնելով նրանց ողջույնը և Վարդուհու սիրալիր ժպիտը՝ հեռացավ գոհ սրտով:

Հետևյալ առավոտը Ա՝արությանը շատ հանդուգն միտք հղացավ: Քաջալերվելով նախընթաց ավուր տեսակցությունով, նա որոշեց մի անգամով վախճան տալ գործին և գնաց Վարդուհու մոտ:

Օրիորդ, ես ամեն վտանգ հանձն եմ առել ինձ համար մի որոշ վիճակ ստեղծելու համար, — ասաց նա, ողջունելով Վարդուհուն, — այդ պատճառավ և այսօր կրկին ես գտնվում եմ ձեզ մոտ:

Ի՞նչ վիճակ եք ուզում ստեղծել ձեզ համար, — հարցրեց օրիորդը, կարծելով, որ գործը դարձյալ Լազարյանի աղջկանն է վերաբերում:

Դժբախտ կամ բախտավոր, ցավերով լի, կամ երջանկությամբ:

Ձեզ չեմ հասկանում ես:

Իսկույն կհասկանաք: Ես այժմ հառաջաբանությամբ չեմ խոսում, օրիորդ, որովհետև ձեզ ճանաչում եմ և այս բավական է: Դուք գիտեք իմ անմիտ սիրո անցյալը, որի համար ես ի սրտե զղջում եմ. բայց չգիտեք այն, ինչ որ երեկվանից է սկսվել, ես ձեզ սիրում եմ: Ձեր ինձ արած հանդիմանությունները փոխանակ իմ սիրտը վհատեցնելու, նրա մեջ նոր ուժ և կենդանություն են ներշնչել, ես ծանոթացել եմ ձեր արժանյաց և ձեր սրտի ազնվության հետ, և ես չեմ կամենում բաժանվիլ նրանից, այժմ հանդգնում եմ հարցնելիրավունք կտա՞ք արդյոք սիրել ձեզ և հուսալ, որ կարող եմ սիրվել ձեզանից...

Վարդուհին լուռ նայում էր Մարությանի վերա և չէր պատասխանում:

Դուք ուրեմն ստիպում եք ինձ հավատալ, որ ձեր լռությամբ արհամարհում եք իմ զգացմունքները, — կրկին խոսեց Մարությանը:

Չե՞ք վախենում, որ ես էլ դավաճանեմ նրանց, — հանդարտությամբ հարցրեց Վարդուհին:

Ո՞չ, չեմ հավատում:

Շատ լավ լսեցեք: Աննայից առաջ ե՛ս էի սիրում ձեզ և սիրում էի խելագարված...

Աստված իմ, դուք ինձ անիծում եք, — զգացված բացականչեց երիտասարդը, — այդ անկարելի է...

Լսեցեք, անկարելի ոչինչ կա. ես ձեզ սիրում էի, ասում եմ, և այն ժամանակ, երբ ես քաղցր հույսերով օրորում էի ինձ, դուք իմ առաջ անգթաբար Աննայի սիրո խոստովանությունը արիք. ես սեղմեցի իմ կուրծքը և տարի ձեր ձեռքով ինձ համար պատրաստած տանջանքները: Նրանից հետո տեղի ունեցած անցքերը դուք գիտեք... Այսօր էլ ահա՛ նոր սիրո առաջարկություն եք անում ինձ: Այժմ ձեզանից եմ հարցնում՝ ընդունե՞մ այդ առաջարկությունը, թե ոչ:

Ո՛չ, օրիորդ, մի՛ ընդունեք, մի անարժան մարդու անմտությունը թող արատ չբերե ձեր ազնիվ զգացմունքներին և ձեր մեծանձնությանը. թողեք, որ տանջվի այդ մարդը, որովհետև նա արժանի է յուր հատուցման...

Գիտե՞ք ինչ կա. եթե ա՛յն ազնվարյուն հոգիներից լինեի, որոնք ստեղծված են միմիայն ազնվության գոյությունն ապացուցանելու համար, ես ձեզ կարհամարհեի, որովհետև դուք մի օր ուրիշին էիք սեր երդվում. բայց որովհետև այդ հոգիներից չեմ, և մեր մեջ ասած, միևնույն փայտից եմ տաշված, ինչ որ մեր ուրիշ շատ աղջիկները, և այդ միայն այն զանազանությամբ, որ գիտակցաբար գործելու ընդունակությունն իմ մեջ մի փոքր ավելի է զարգացած, այդ պատճառով ընդունում եմ ձեր առաջարկությունը. որովհետև զգում եմ, որ ես չեմ կարողանում սպանել այն քնքուշ զգացմունքները, որոնց մի օր ձեզ համար տածել եմ իմ սրտում: Եթե իմ այս խոսակցությունից ետ դուք դեռ կարող եք սիրել ինձ, սիրեցեք, ես ձերն եմ...

Այդ խոստովանությունից հետո դուք իմ աստվածուհին եք, — ոգևորված բացականչեց երիտասարդը և բռնելով Վարդուհու ձեռքը՝ ջերմաջերմ համբուրեց:

Մի փոքր ժամանակից ետ Վարդուհու մայրը խնդակցում էր աղջկանը և սիրալիր գգվանքներ նվիրում յուր թանկագին փեսային:

Ժ

Օրիորդ Լազարյանի և իշխան ՇահՄելիքյանի նշանադրության հանդեսը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ոչ շատ շքեղ կերպով, բայց քաղաքի մեջ շատ էին խոսում նրանց հարսանիքի մեծածախ և փառավոր պատրաստությունների մասին: Վասիլ Իվանիչը յուր կողմից աշխատում էր ապացուցանել, որ կյանքի վայելչությունների մեջ փողի արիստոկրատիան կարող է մրցել արյան արիստոկրատիայի հետ. և թե առատաձեռնության կողմից կապալառու Լազարյանը ոչինչով պակաս չէր յուր ազնվական փեսայից: Իշխան ՇահՄելիքյանն, ընդհակառակն, չէր ընդունում այն միտքը, թե վաճառական մարդու նիստն ու կացը կարող է երբևիցե հավասարվիլ իշխանական տան ապրուստի հետ, այդ պատճառով, և ճգնում էր յուր հարսանյաց հոյակապ պատրաստություններով զարմացնել բոլոր առևտրական աշխարհը: Վերջապես հարսանյաց օրը հասավ: Գիշեր էր և գեղեցիկ լուսին, բայց Լազարյանների տունը ստվեր էր գցում այդ խեղճ լուսնի վերա: Նա լուսավորված էր շատ շքեղ և գրեթե աչք շլացնելու չափ փառավոր: Դրսից նրան զարդարում էին հարյուրավոր լապտերներ գույնզգույն կրակներով, իսկ ներսում վառվում էր ջահերի ու ճրագների մի կատարյալ հրդեհ: Երաժշտությունը, որ որոտալով թնդում էր ներսում, հավաքել էր այդ տան չորս կողմը մի բազմաթիվ ամբոխ, որը հիացմունքով դիտում էր հարուստների ուրախությունը:

Իսկ տան մուտքի առաջ, ուր վառվում էին գազեղեն ղամբարները, խռնվել էր կառքերի և դեսպակների մի ահագին կույտ: Ոստիկանական պաշտոնյաները ջերմեռանդությամբ հսկում էին այդտեղ կարգապահությանը:

Գիշերվա ճիշտ տասներկու ժամին Լազարյանների փողոցը մտան իշխանական ընտանիքի քառալուծ կառքերը, որոնց հետևում էին բազմաթիվ փեսավերները իրենց բազմազան կառքերով և դեսպակներով: Իսկույն երաժշտական խումբը դուրս եկավ փողոցը (այդպես էր ցանկացել Վասիլ Իվանիչը) և թանկագին հյուրերի գալուստը ողջունեց մի որոտաձայն և երկարատև տուշով:

Վերջապես փայլուն նորեկները դուրս եկան և ցրվեցան հոյակապ դահլիճների մեջ, յուրաքանչյուրն իրեն արժանավայել տեղ ընտրելով յուր համար: Բայց իշխան փեսային ինքը տիկին Լազարյանն առաջնորդեց դեպի յուր համար պատրաստած փառավոր գահույքը, որի վերա արդեն բազմած էր օրիորդ Աննան յուր մեծավայելուչ փառքով: Երկու զույգերն էլ արժանի էին միմյանց:

Իշխան Շահ-Մելիքյանը, յուր վայելուչ հասակով, գեղեցիկ դեմքով, գեղագանգուր մազերով, ազնվական շարժվածքով և վերջապես յուր նրբաճաշակ զգեցվածքով գերազանցում էր գրեթե բոլոր հյուրերին: Նրա տարիքով լինելը բնավ չէր նշմարվում: Աղջիկներից շատերը նախանձում էին Աննայի բախտին, իսկ մանկամարդ տիկիններից յուրաքանչյուրը, միայն իրեն էր արժանի համարում այդ ազնվական իշխանի ամուսինը լինելու:

Օրիորդ Աննան, ընդհակառակն, երիտասարդների նախանձն էր շարժում: Նրա գեղեցկությունը թեպետ գերբնական չէր, բայց յուր վերայի հարստությունները նրան գերբնական էին դարձրել: Նրա հագուստը, որ կարված էր սպիտակ, թանկագին մետաքսից և զարդարված արվեստական հարուստ ծաղիկներով, ֆրանսիական ճարտարությանց մի կատարյալ հրաշակերտն էր ներկայացնում: Նրա գլխի խոպոպներն ու հյուսերը, մարմարյա կուրծքը և փափկիկ դաստակները զարդարված էին հարյուրավոր ադամանդներով, որոնք բյուրեղյա ջահերի առաջ ցրվում էին աջ ու ձախ բյուրավոր կայծեր ու շողեր: Բոլորի աչքերը նայում էին նրան, բոլորի աչքերը շլացած էին նրանով:

Մի քանի երաժշտական նվագներից և թեթև պարերից հետո, որոնք տեղի ունեցան ի պատիվ նորեկ հյուրերի, սկսան կատարել հանդերձօրհնեքի կարգը, որին մասնակցում էին բազմաթիվ քահանաներ իրենց երգիչներով և դպիրներով: Իսկ մի ժամից հետո արդեն իշխանական զույգը շրջապատված բազմաթիվ հյուրերով, գտնվում էր արիստոկրատների եկեղեցում, ուր խրոխտաձայն տեր-Մուշեղը հանդիսավոր եղանակով հարցաքննում էր նրանց. — «Որդյակ իմ», մինչև ի մահ տե՞ր ես» և կամ «Որդյակ իմ, մինչև ի մահ հնազա՛նդ ես» — և պատասխան առնում մի «Այո՛» և մի բազմիմաստ գլխի շարժում...

Հաջորդ էջ