Նար-Դոս՝   Հենակներով մարդը

Pages: First Previous 1 2 Next Last

ՌՈԻԲԵՆ. Գիտեմշատ հիմար դրություն: Բայց ի՞նչ մեղավոր ես դու կամ ես:

ՖԼՈՐԱ. Ես մեղավորության մասին չեմ խոսում: Իհարկե, ոչ ես և ոչ էլ դու մանավանդ մեղք չունինք բախտի այս տարօրինակ խաղի մեջ: Բայց որքան էլ ես ինձ անմեղ համարեմ, այնուամենայնիվ խո չեմ կարող չմտածել և չտեսնել, որ նա դժբախտացել է իմ պատճառով: Չէ որ ինձնով նա կորցրել է կին, զավակ, տուն-տեղ մի ամբողջ օջախ, որի հիմքը նոր էր դրել այնքան սիրով, այնքան վառ հույսերով:

ՌՈԻԲԵՆ.Սպասիր: Ինչ էիք խոսում իմ գալուց առաջ: Ի՞նչ էր ասում:

ՖԼՈՐԱ. Ի՞նչ պիտի ասեր: Իր դժբախտությունից էր խոսում, մեղադրում էր ինձ, թե շտապել եմ, չեմ սպասել:

ՌՈԻԲԵՆ. Եվ դու չբացատրեցի՞ր, թե բանն ինչպես էր:

ՖԼՈՐԱ. Բացատրեցի, իհարկե, բայց ի՞նչ օգուտ:

ՌՈԻԲԵՆ. Խո չպահանջե՞ց, որ վերադառնաս իր մոտ:

ՖԼՈՐԱ. Այդքան էլ անմիտ մի կարծիր նրան: Նա շատ լավ հասկանում է, որ դրութունն այլևս անուղղելի է:

ՌՈԻԲԵՆ. Ուրեմն էլ ի՞նչ:

ՖԼՈՐԱ. Ուրեմն այն, որ դրանով դեռ ոչինչ չի պարզվում: Ստեղծվել է մի մոգական շրջան, որի մեջ ինչքան ուզում ես պտտվիր, ելնելու հնար չկա: ճիշտ է, նա արդեն հաշտվել է իր դրության հետ, բայց այդ չի նշանակում, թե ես էլ, նա էլ մեր հաշիվներն արդեն վերջացած պիտի համարենք իրար հետ, մանավանդ որ մեր միջև կա մեր անցյալի կենդանի կապըմեր զավակը:

ՌՈԻԲԵՆ. (անհանգստացած) Ես քեզ չեմ հասկանում Ֆլորա: Դու ինչ որ ուրիշ տեսակ ես խոսում: Պարզ ասա, — սա շատ լուրջ բան է, դու դարձյալ... սիրում ես նրան:

ՖԼՈՐԱ. Այո, եթե միայն կարելի է սիրել մի... ուրվականի:

ՌՈԻԲԵՆ. Բայց նա ուրվական չէ. նա ինքը կենդանի կանգնած է քո առջև:

ՖԼՈՐԱ. Այն օրից, որ հանգամանքները հարկադրեցին ինձ երկար սպասումից հետո նրան մեռածների կարգը դասելու, ես նրան հավիտենապես կորած համարեցի ինձ համար, և այժմ նա չէ, որ վերադարձել է, այլ նրա ստվերը, նրա ուրվականը, որպեսզի իր խղճալի տեսքով, իր անհուն դժբախտությամբ քայքայի իմ խիղճը, վրդովի իմ հանգիստը, թունավորի իմ նոր կյանքը...

ՌՈԻԲԵՆ. Ֆլորա, որքա՜ն լավն ես, որքան բարի, (Համբուրում է նրա ձեռքերը): Եվ քո այդ լավության, քո այդ բարի սրտի համար է, որ այսքան սիրում եմ քեզ: Ես հասկանում եմ քեզ. քո մեջ խոսում է խիղճը: Բայց իզուր ես այդքան մտածում: Ես ինքս չափազանց խղճում եմ նրան, մանավանդ որ ֆիզիկապես էլ դժբախտացել է: Եվ եթե նա որևէ կարիք ունի, մենք կհոգանք այդ կարիքը, եթե կուզենա բարեկամ լինել մեզ, մեր դուռը միշտ բաց կլինի նրա առջև, ես ուրախությամբ մի հարմար պաշտոն կտամ նրան մեր գրասենյակում, եթե կընդունի: Մի խոսքով՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի նա չզգա իր դժբախտությունը, և ես կարծում եմ, որ նա ժամանակի ընթացքում կմոռանա ամեն բան և ամեն բան լավ կգնա:

ՖԼՈՐԱ.Ինչ հեշտ ես վճռում...

ՌՈԻԲԵՆ. Հապա ի՞նչպես:

ՖԼՈՐԱ. Մի րոպե ինքդ քեզ դիր նրա դրության մեջ, մի րոպե երևակայիր, որ դու երկարատև բացակայությունից հետո վերադառնում ես տուն և տեսնում ես, որ այլևս տուն չունիս, ընտանիքդ քայքայվել է, սիրածդ կինը ուրիշի կինն է դարձել, միակ զավակդ մեծացել չի ճանաչում քեզ, ինքդ ամեն բանից զրկված և հաշմանդամ դարձել ես արգահատանքի և խղճահարության առարկա: Եվ եթե այդ բոլորից հետո նա, որ տիրացել է քո կնոջը, և ինքը այդ կինը, որ այլևս քո կինը չէ, գան քեզ մոտ և ասեն. «Մենք բարի ենք, մենք խղճում ենք քեզ, մենք կպահենք քեզ». — ի՞նչ կանես դու, եթե մի քիչ ինքնասիրության, մի քիչ պատվասիրության զգացում ունիս...

ՌՈԻԲԵՆ. (քայլելով մտախոհության մեջ). ճիշտ է, ճիշտ է... Ասածս անհեթեթ բան էր...

ՖԼՈՐԱ. Հեշտ բա՞ն է, ինչ է, մինչև հոգու խորքը խոցոտված մարդու զգացումների հետ խաղալը: Նա մինչև անգամ չկամեցավ տեսնել քո երեսը, և դու ուզում ես քո օգնությո՞ւնը առաջարկել նրան:

ՌՈԻԲԵՆ. Ճշմարիտ է, իրավունք ունիս: Ասածս հիմարություն էր: (Հանկարծ կանգ առնելով): Բայց մի բան պիտի արվի թե ոչ, ես, քանի գնում, տեսնում եմ, որ սա հանաք բան չէ, և այսպես թե այնպես վերջ պետք է տալ այս դրությանը: Դու ասա ի՞նչ անենք կամ ինչ կարող ենք անել:

ՖԼՈՐԱ (հուսահատորեն). Ա՛խ, ես գիտե՞մ որ... Ուղեղս դառնում է այս մասին մտածելուց:

ՌՈԻԲԵՆ. Ես մի բանից եմ միայն վախենում. — որ նա որքան էլ, ինչպես դու ես ասում, հաշտված լինի ստեղծված դրության հետ, այնուամենայնիվ իրավապես չի դադարում քո ամուսինը լինելուց և երբ ուզենա, կարող է պահանջել, որ վերադառնաս իր մոտ:

ՖԼՈՐԱ. Այո՛...

ՌՈԻԲԵՆ.Եվ եթե իսկապես պահանջի,.. Ասենք, ի՞նչ կարող է անել, քանի որ ես էլ նույնքան իրավունքներ ունիմ, որքան և նա: Նա քո օրինավոր ամուսինն է, ես էլ. նա քեզնից զավակ ունի՝ ես էլ: Թեև այս էլ պետք է ասած, որ այս բոլորը միայն խնդրի ձևական կողմն է, որը գրոշի արժեք չունի այս գործում, գոնե ինձ համար: Գլխավորն այստեղ խնդրի բարոյական կողմն է, որ ամբողջովին կախված է քեզնից, այսինքն՝ քո կամքից, քո ցանկությունից, քո ընտրությունից:

ՖԼՈՐԱ. Եվ դրա համար էլ ես եմ, որ մեջտեղը պիտի ճխլվեմ:

ՌՈԻԲԵՆ.Ոչ, ինչո՞ւ: Ես իմ կողմից պատրաստ եմ քեզ կատարյալ ազատություն տալու, որքան էլ այդ ծանր լինի ինձ համար:

ՖԼՈՐԱ. Որովհետև գիտես, որ ես քեզ չեմ թողնիլ մանավանդ որ,— ինչո՞ւ պարզ չասեմ, — ես սոսկում եմ այն խեղճությունից, որ արդեն բավականաչափ քաշեցի:

ՌՈԻԲԵՆ.Ուրեմ ինչո՞ւ պետք է մեջտեղը ճխլվես:

ՖԼՈՐԱ.Որովհետև ես չեմ կարող քեզ թողնել և միևնույն ժամանակ չեմ կարող ձգել նրան մենակ իր դժբախտության հետ: Միայն այն միտքը, որ նա այնտեղ մենակ, հաշմանդամ, իր նախկին ընտանեկան երջանիկ կյանքի կարոտը պիտի քաշի իմ պատճառով, միայն այդ միտքը բավական է, որ ես երբեք հանգիստ կյանք չունենամ:

ՌՈԻԲԵՆ. Ուրեմն տեսնում ես, որ լավագույն միջոցն էլի իմ ասածն էր, — այսինքն՝ որ նա չմերժի մեր բարեկամությունն ու օգնությունը: Ինքնասիրությունը ու պատվասիրությունը բնավ հիմք չունին այստեղ, քանի որ ոչ իմ, ոչ էլ քո կողմից ոչ մի դիտավորություն չի եղել նրան դժբախտացնելու, այլ նա զոհ է միայն հանգամանքների դժբախտ բերման: Դու այս բանը պետք է հասկացնես նրան, և ես կարծում եմ, որ նա անընդունելի չպիտի համարի մեր առաջարկը, եթե չի ուզում մեզ ևս դժբախտացնել իր հետ: Եվ լավ կլինի, որ այդ մասին նրա հետ խոսես հենց հիմա: Նա էլ չի մտնի այստեղ: (Մոտենում է պատուհանին): Ահա նստած է պարտեզում Սուրիկին ծնկների մեջ առած և ինչ-որ խոսում է նրա հետ:

ՖԼՈՐԱ.(քայլում էր մտախոհության մեջ, հանկարծ տեսնելով նրան պատուհանի մոտ). — Վա՛յ, Ռուբեն, այդ ի՞նչ ես անում: Շուտ հեռացիր պատուհանից:

ՌՈԻԲԵՆ. (զայրացած). — Ինչո՞ւ:

ՖԼՈՐԱ.Սուրիկը կտեսնի քեզ և...

ՌՈԻԲԵՆ.Արդեն տեսավ:

ՖԼՈՐԱ. ճի՞շտ...

ՌՈՒԲԵՆ. Հորը թողեց և վազում է այս կողմը:

ՖԼՈՐԱ.Օհ, Ռուբեն, այդ ի՞նչ արիր... Օ՛հ, այդ ի՞նչ արիր... (Ընկնում է աթոռի վրա հուսահատ):

ՌՈԻԲԵՆ. (զարմացած և վախեցած). Ի՞նչ է որ: Ի՞նչ պատահեց:

ՖԼՈՐԱ. Ախր դու չգիտես, իմ կորուստը այնքան մեծ ցավ չէ նրա համար, որքան որդու կորուստը:

ՌՈԻԲԵՆ. Ի՞նչպես թե կորուստը, ի՞նչ ես ասում:

ՖԼՈՐԱ.Սուրիկն ախր չճանաչեց նրան և այնպիսի խորթություն ցույց տվավ, որ ես սարսափեցի:

ՌՈԻԲԵՆ. Հապա ի՞նչպես էիր ուզում, որ լիներ հինգ տարի հորը չտեսնելուց հետո:

ՖԼՈՐԱ. Բայց ես վախենում եմ, որ նա միշտ էլ խորթ կմնա հորից:

ՌՈԻԲԵՆ. Ինչո՞ւ:

ՖԼՈՐԱ. Որովհետև քեզ է համարում իր հայրը և քեզ հետ է կապվել: Ես նկատում էի, թե ինչպես այլայլվում էր նա, երբ Սուրիկն իր երեխայական միամտությամբ քո անունն էր տալիս: Եվ ես կարծում եմ, որ նա չուզեց քեզ հետ ծանոթանալ և իսկույն դուրս գնաց գլխավորապես այդ պատճառով:

ՌՈԻԲԵՆ. Լավ, ես խո չեմ խլում նրա որդին և արդեն խո չեմ էլ կարող խլել:

ՖԼՈՐԱ.Արդեն խլել ես: Ահա, ասում ես, քեզ տեսավ թե չէ, թողեց հորը և վազում է քեզ մոտ: Սուրիկն անհամբեր քեզ էր սպասում, որովհետև ինչ որ վելոսիպեդ ես խոստացել, և ես աղախնին հատկապես պատվիրեցի, որ չգնա իմաց չտա նրան, թե դու եկել ես, իսկ դու հանկարծ ինքդ ես երևում նրա աչքին: Այժմ երևակայո՞ւմ ես նրա հոր դրությունը:

ՌՈԻԲԵՆ. Դե ես ի՞նչ գիտեի: Ինչո՞ւ չնախազգուշացրիր: Տեսնում ես, այդ էլ մի ուրիշ առիթ, որ դու պետք է անհրաժեշտորեն խոսես նրա հետ: Պետք է մի անգամ առ միշտ վերջ տալ բոլոր թյուրիմացություներին: Եվ որքան շուտ, այնքան լավ թե քո, թե իմ և թե իր հանգստության համար: Կանչենք նրան, նա կարող է գնալ:

ՖԼՈՐԱ. (հուսահատ և անվճռականորեն) — Ա՛խ, տեր իմ աստված, այս ինչ դրություն է...

ՌՈԻԲԵՆ . Կանչում եմ: (Զանգահարում է):

Մտնում է աղախինը:

X

Ֆլորա, Ռուբեն և աղախին:

ՌՈԻԲԵՆ. Վազիր իսկույն պարտեզ և հրավիրիր այն պարոնին, որ մի քիչ առաջ այստեղ էր. Իմ կողմից չէ, — լսո՞ւմ ես, — հրավիրիր տիկինի կողմից:

ԱՂԱԽԻՆ. Լսում եմ: (Դուրս է գնում մուտքի դռնից):

XI

Ֆլորա և Ռուբեն

ՌՈԻԲԵՆ. Եթե քեզ համար ծանր է մենակ դեմ առ դեմ խոսելը նրա հետ, ուզում ես, ես էլ...

ՖԼՈՐԱ.Ոչ, ոչ, ավելի լավ է, որ դու ներկա չլինիս: Դու միայն Սուրիկին առ և տար քեզ մոտ առանձնասենյակ:

ՌՈԻԲԵՆ. Շատ լավ:

Աջ դռնից ներս է վազում Սուրիկը վկայականը ձեռքին:

XII

Ֆլորա, Ռուբեն և Սուրիկ

ՍՈԻՐԻԿ. Վելոսիպեդը, հայրիկ, վելոսիպեդը... առեք հա՞: Տեսեք, փոխվո՛ւմ եմ:

ՌՈԻԲԵՆ. (ձեռքից առնում է վկայականը). Փոխվում ե՞ս: Վահ, ճիշտ է: Այն էլ ի՞նչպիսի հրաշալի թվանշաններով: Բռավո: Որ այդպես է, վելոսիպեդը, իհարկե, կառնեմ:

ՍՈԻՐԻԿ. Այսօր:

ՌՈԻԲԵՆ. Այսօր տոն է խանութները փակ են:

ՍՈԻՐԻԿ.Ուֆ, ճիշտ որ: Դպրոցից, գիտե՞ք, ուղղակի վազեցի ձեզ մոտ, այնտեղ չէիք, մոռացել էի, որ տոն է: Վաղը կառնեք, չէ՞:

ՌՈԻԲԵՆ.Անպատճառ: Բայց լսիր ինչ եմ ասում: Ինչո՞ւ դու այնպա... ինչո՞ւ հայրիկիդ թողիր և փախար եկար:

ՍՈԻՐԻԿ.Նա իմ ի՞նչ հայրիկն է:

ՌՈԻԲԵՆ.Ի՞նչպես թե քո հայրիկը չէ: Նա քո իսկական հայրիկն է, պատերազմ էր գնացել և հիմա վերադարձել է:

ՍՈԻՐԻԿ. Չեմ ուզում: Ես ուրիշ հայրիկ չեմ ուզում: (Քսմսվելով Ռուբենին): Իմ հայրիկը միայն դուք եք: Ես այդ էլ ասացի նրան:

ՖԼՈՐԱ .(սարսափահար).Տեր իմ աստված:

ՌՈԻԲԵՆ. Դու հիմար տղա ես, ոչինչ չես հասկանում:

ՍՈՒՐԻԿ.Հա՛, չե՛մ հասկանում... Ինչի՞ս պետք է: Մի ոտը չունի, առանց փայտերի չի կարողանում ման գալ, կեղտոտ: Երեսին կարծես ասեղներ ունի ցցած, ամբողջ երեսս ծակծկեց: Շինելից էլ զզվելի հոտ է գալիս: Ի՞նչ եմ անում զինվոր հայրիկ:

ՌՈԻԲԵՆ.Տեսնում ես, որ դու ոչինչ չես հասկանում: Նա զինվոր չէ, նա օֆիցեր է:

ՍՈԻՐԻԿ. Հա, ինչպես չէ, օֆիցեր է... Օֆիցերը թուր չի ունենա՞, օֆիցերը ուսադիրներ չի ունենա : Եվ, վերջապես, ինչի նման է միոտանի օֆիցերը:

ՌՈԻԲԵՆ. (հազիվ զսպելով ժպիտը): Դե որ ասում եմ հիմար ես: Եկ գնանք ինձ մոտ, ես քեզ կբացատրեմ, թե ինչու նա թուր և ուսադիրներ չունի և ինչու նրա մի ոտը կտրված է: Սուրիկի ձեռքից բռնած՝ դիմում է դեպի աջ կողմի դուռը: Այդ միջոցին դրսից լսվում է ատրճանակի պայթյուն:

ՖԼՈՐԱ. (ճչում է սաստիկ վախեցած):

ՌՈԻԲԵՆ. Այս ի՞նչ էր, (Սուրիկի ձեռքը թողնելով, վազում է դեպի պատուհանը):

Դուրսը իրարանցում, աղմուկ, վազվզոց, սուլոց:

XIII

Ֆլորա և Ռուբեն:

ՖԼՈՐԱ. (գույնը նետած, երերվելով մոտենում է պատուհանին). Ի՞նչ էր, Ռուբեն... ի՞նչ էր...

ՌՈԻԲԵՆ. (կանչում է պատուհանից դուրսը). Լսեցեք... Չեք լսո՞ւմ... ի՞նչ պատահեց... ո՞վ էր..(դրսից պատասխանում են, բայց ընդհանուր աղմուկի մեջ պարզ ոչինչ չի լսվում):

Աղախինը ներս է վազում գույնը նետած:

XIV

Ֆլորա, Ռուբեն և աղախին

ԱՂԱԽԻՆ. Լեզուն սարսափից կապ ընկնելովԱ՛... այն պա... րոնն էր...

ՖԼՈՐԱ. (մի թույլ ճիչ է արձակում և թուլացած ընկնում աթոռի վրա):

ՌՈԻԲԵՆ. Անձնասպա՞ն եղավ:

ԱՂԱԽԻՆ.Ա... Այո: Ա... ատրճանակը... ա... այստեղբեերնումը:

ՌՈԻԲԵՆ. Հետո՞... մեռա՞վ...

ԱՂԱԽԻՆ.Ա... այո...

ՖԼՈՐԱ. (դեմքը ծածկում է ձեռքերով և ծանր հեկեկում): Դուրսը աղմուկ և իրարանցումը շարունակվում են:

Վարագույր:

Pages: First Previous 1 2 Next Last