Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last

Բայց ինչո՞ւ դուք Պետերբուրգը թողել եք:

Մի քանի գործերից ստիպված, իշխանուհի...

Եվ շա՞տ ժամանակ եք մտադիր այստեղ մնալու:

Նայելով գործերին... Սակայն ես մտադիր եմ այս ամառ Կովկասում անցկացնելու՝ Պուշկինի և Լերմոնտովի սիրած ու փառաբանած աշխարհում:

Կառքը միշտ առաջ էր սլանում, իսկ նրան զուգակիցՊետրովը՝ յուր նժույգ ձիով: Հարունյանները հետաքրքրութքամբ նայում էին իրենց այդ անկոչ ուղեկցին, որ, ըստ բնույթին, շատ չէր հետաքրքրվում, թե ովքեր են կառքի մեջ մյուս նստողներն և ձին զուգընթացաբար միշտ առաջ էր քշում կառքի հետ:

Դուք Մուշտաի՞դ եք շնորհ անում գնալ, — հարցրեց նա:

Այոպատասխանեց իշխանուհին:

Ուրեմն և ձեզ ուղեկցելու պատիվն եմ ունենում...

Վերջապես նրանք մտան Մուշտաիդի հաստաբուն ու բարձր ծառերի սաղարթախիտ ճյուղերով կազմված կամարի տակ: Մուշտաիդը թիֆլիսեցիների համար նույնն է, ինչ որ զվարճասեր փարիզեցիների համար Բուլոնյան անտառը կամ Եղիսյան դաշտերը:

Յուրաքանչյուր գեղեցիկ երեկո, մանավանդ շաբաթ և կիրակի օրերն, այնտեղ կարելի է տեսնել հարյուրավոր կառքեր, որոնք միմյանց ետևից շարված` պատում են Մուշտաիդի շուրջը: Չունենալով մի ուրիշ ավելի հարմարավոր զբոսատեղի, Թիֆլիսի խայտաբղետ ժողովուրդն այդտեղ է վազում փոքր-ինչ ազատ օդ շնչելու և լսելու երաժշտություն:

Մի քանի շրջան անելուց հետո իշխանուհին կամեցավ իջնել և գնալ այգիի հրապարակը մի բան խմելու: Կառքը կանգնեց: Պարոն Հարունյանը բացեց կառքի դռնակը, ցած թռավ և մեկնեց ձեռքը, որպեսզի օգնե իշխանուհուն կառքից իջնելու: Իշխանուհին տվավ նրան յուր փափուկ, սպիտակ ձեռքը և թեթև կերպով ցած թռավ կառքից: Իջավ և տիկին Հարունյանը՝ նույնպես ամուսնու օգնությամբ: Պետրովը (մենք այսուհետև ձիավորին այդպես կկոչենք), որ մի քայլ անգամ չէր հեռացել կառքից, նույնպես իջավ ձիուց, սանձը տվավ կառապանին և ուղղակի հայտնեց, որ կամենում է նրանց ընկերակցել: Իշխանուհին, որին, ըստ երևույթին, շատ չէր դուր գալիս այդ աստիճանավորի ներկայությունը, ակամայից ստիպված էր ներկայացնել նրան Հարունյաններին: Այնուհետև նրանք խոսելով անցան, հրապարակն, ուր հարյուրավոր մարդիկ՝ ամեն դասակարգի սեռի և հասակի` զբոսնում ու նստած էին: Մեջտեղում նվագում էր զինվորական երաժշտությունը: Նրանք նստեցին և խմելու մի բան պահանջեցին:

Պետրովի շարժումները, խոսակցության եղանակն իսկույն ցույց Էին տալիս, որ աղմկալից կյանքն ու բարձր շրջաններն են եղել նրա դաստիարակիչը: Զարմանալի ճարտարությամբ նա խոսում էր իշխանուհու և նոր ծանոթների հետ: Նա խոսում էր երբեմն ռուսերեն, երբեմն ֆրանսերեն և մինչև անգամ անգլերեն: Հենց առաջին հայացքից նա դուր չեկավ պարոն Հարունյանին: Նրա կարճ հասակը, կլոր ու սափրած կարմիր դեմքը կարճ բեղերով ու ինքնավստահ, գրեթե լիրբ արտահայտությամբ, շեկ մազերն, փոքրիկ ու շարժուն խորամանկ աչքերն և փոքրիկ վեր քաշված քիթը, — նրան մի տեսակ ատելի Էին թվում: Ինչո՞ւ: — «Ինչպես չենք կարող մենք առաջ բերել ուղիղ պատճառը, թե ինչու մեկը չէ սիրում խոզի բացված բերանր, մյուսը՝ կատվի պես անվնաս կենդանուն, երրորդը՝ ձայնը պարկապզուկի», ինչպես պատասխանում է Շեյլոկը, նույնպես և նա չէր հասկանում, թե ինչու այդ աստիճանավորը նրան ատելություն էր ներշնչում: Իշխանուհին խոսում էր նրա հետ կարծես ակամայից և մի տեսակ եղանակով, որից իսկույն երևում էր, որ նրան ևս չէր դուր գալիս այդ շատախոս ռուս աստիճանավորը: Հարունյանները չէին կարող չնկատել այն փոփոխությունը, որ ստացել էր իշխանուհին Պետրովին պատահելու րոպեից: Նրանք ակամայից մտածեցին, որ այդ երկուսի մեջ ինչ-որ կա... Արդեն սկսում էր մթնել, երբ նրանք վեր կացան և ուղևորվեցին դեպի կառք: Հարունյաններն ու իշխանուհին նստեցին կառքը, իսկ Պետրովը հեծավ յուր ձին և մի քանի անգամ դարձյալ շրջան անելուց հետո այգում, նրանք ճանապարհ ընկան դեպի տուն: Կիսաճանապարհին Պետրովը բաժանվեց նրանցից, առաջուց խնդրելով իշխանուհուց նրա հասցեն: Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե նա՞ է այն աստիճանավորը, որի մասին խոսում էր այն օրն Արմենակը:

Այո՛, — պատասխանեց միայն իշխանուհին:

Պարոն Հարունյանը կամենում էր հարցուփորձ անել իշխանուհուն այդ մարդի մասին, բայց լսելով այն եղանակը որով նա արտասանեց «այո» բառը, նա տեսավ, որ իշխանուհին չէ սիրում նրա մասին երկար խոսել: Նա ոչինչ չհարցրեց` մտքումը դնելով, որ ամեն բան կիմանա Արմենակից, որին, ինչպես նա եզրակացրեց յուր կնոջ խոսքերից: Հայտնի պիտի լիներ նրա ով լինելը և, գուցե, այն կապը, որ, ինչպես նա կասկածում էր իշխանուհու փոփոխությունից, կար նրա և վերջինիս մեջ:

Կառքը կանգնեց Հարունյանների տան առաջ: Հարունյաններն իջան և խնդրեցին իշխանուհուց գիշերը միասին անցկացնելուկամ մի որևիցե զվարճության տեղ գնալու, բայց իշխանուհին, որից Պետրովի ազդած տրամադրությունը չէր հեռացել, հայտնեց յուր շնորհակալությունը, խնդրեց, որ վաղն իրեն այցելեն, որովհետև մենակ է ինքը, և կառքը քշել տվեց դեպի յուր տուն:

Է

ՊԵՏՐՈՎ ԵՎ ՀԱՐՈԻՆՅԱՆ

Հետևյալ օրն, առավոտյան, երբ Հարունյանները պատրաստվում էին այցելելու իշխանուհուն, երկու եղբայրների մեջ խոսք ընկավ նրա և Պետրովի մասին: Տիկին Հարությանը չէր մասնակցում նրանց, նա մյուս սենյակում զբաղված էր յուր հագուստով: Արմենակը շատ զարմացավ, երբ իմացավ եղբորից, որ Պետրովն երեկ երեկոյան պատահել է իշխանուհուն:

Սակայն ինչո՞ւ եմ ես այսպես զարմանում, — ասաց նա, — եթե սերն այն բանն է, որ ստիպում է մարդուս ամեն բան անել, ապա նրա Պետերբուրգից այստեղ վազելը բոլորովին զարմանալի չէ:

Ի՞նչ... մի՞թե Պետրովը սիրում է իշխանուհուն, — հարցրեց իսկույն պարոն Հարունյանը մի այնպիսի եղանակով, որից երևում էր, որ այդ լուրը շատ չէր դուր եկել նրան:

Հապա ի՞նչն էր ստիպում նրան այնտեղ պաշտոնը թողնել ու վազել այստեղ, ուր երբեք ոչ եղել է և ոչ կարող է մի որևիցե գործ ունենալ:

Թեպետ ես այդ Պետրովի հետ այնքան հարաբերություն չեմ ունեցել և չէի կարող ունենալ, բայց դրան լավ եմ ճանաչում: Դա մի եղբայր ունի, որ համալսարանում իմ ամենալավ ընկերներից մեկն էր, նա ինձ դրա բոլոր արկածները պատմում էր: Դրան այնտեղ մի քանի շրջաններում Դոն-ժուան են կոչում, թեպետև, ճշմարիտն ասած, դրա մեջ դոն-ժուանական ոչնչից ոչինչ չկա, երևի ծաղրում են, բայց և այնպես դա հայտնի է յուր բազմաթիվ սիրային արկածներով: Ես կարող եմ հավատացնել, որ բացի գեղեցկուհիների շուրջը քծնելուց ու նրանց ձեռքերը լպստելուց, դա ուրիշ բան ու գործ չունի:

Բայց իշխանուհին ի՞նչպես է նայում դրա վրա...

Նա ատում է դրան, երեսն անգամ չէ ուզում տեսնել: Քանի՛ անգամ դա խնդրել է նրա ձեռքը, բայց նա մերժել է: Ամենալրբերից մեկն են ասում այդ Պետրովին. ոչ ամաչում է և ոչ հուսահատվում և ամենուրեք հետևում է նրան: Ինչպես յուր եղբայրն էր ասում, նա երդվել, մինչև անգամ, գրազ է եկել յուր նման մի քանիսների հետ, որ իշխանուհուն անպատճառ կգրավի յուր կողմը: Այդ պատճառով ահա նա վազել է նրա ետևից Թիֆլիս:

Բայց ի՞նչու իշխանուհին ատում է դրան:

Որովհետև չի սիրում...

Այդ րոպեին ներս մտավ տիկին Հարունյանը՝ ձեռնոցները հագնելով:

Այդ ի՞նչ բանի մասին եք խոսում, — հարցրեց նա:

Պետրովի մասին, — պատասխանեց Արմենակը:

Իրավ, ես մոռացա քեզ հարցնելու, Արմենակ. ո՞վ է այդ Պետրովը: Երեկ երեկոյան ախար ծանոթացանք նրա հետ. նա պատահեց մեզ Մուշտաիդի ճանապարհին:

Արմենակը պատմեց նրան այն բոլորն, ինչ որ յուր եղբորը:

Ի՞նչ ես ասում, — բացականչեց տիկին Հարունյանը զարմացած: — Պետրովը սիրում է իշխանո՛ւհուն և իշխանուհին նրա՞ն...

Ոչ, իշխանուհին չէ սիրում նրան, ասացի: Ահա ամբողջ տարին է գնում, ինչ այդ Պետրովը նրան հանգիստ չէ տալիս, բայց տակավին, բացի ատելության կրկնապատկելուց, ուրիշ զգացմունք չէ կարող հարուցանել նրա մեջ:

Ինչպես երևում է, այդ Պետրովը սաստիկ լիրբն ու անամոթն է:

Էլ մի՛ ասիր...

Դե՛հ, ժամանակ է գնալու, — ասաց պարոն Հարունյանը, որ մինչև այդ ժամանակ, ինքն էլ չհասկանալով, թե ի՛նչպես և ինչո՛ւ, մտածության մեջ էր ընկել:

Նրանք դուրս գնացին, մի կառք նստեցին և քշել տվեցին իշխանուհու տուն: Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց մի շքեղ, քարաշեն եռհարկանի տան առաջ, որի առջև գտնված փոքրիկ պարտեզը փողոցի կողմից քաշած էր երկաթյա վանդակապատով: Նրանք իջան կառքից: Տիկին Հարունյանը սեղմեց դռան էլեկտրական զանգակի կոճակը, և մի րոպեից հետո ծեր դռնապանը, որ, ինչպես երևում էր, յուր կյանքի մեծ մասն այդ տանն էր անցկացրել, բացեց դուռը: Նա հանեց նրանց վերարկուները: Հարունյանները այնտեղ աստիճանավորի ինչ-որ վերարկու տեկան կախած Այդ ժամանակ կապուտաչյա փոքրիկ աղախինը, որ վազել էր իշխանուհուն հայտնելու հյուրերի գալուստը, վերադարձավ և հրավիրեց նրանց հյուրասենյակ:

«Եվ չգիտեմ մինչև ե՞րբ պիտի այսպես տևի...» — լսեցին Հարունյանները իշխանուհու բարկությամբ և տասանած խոսքերը` հյուրասենյակը մտնելիս: Նրանք ներս մտան: Իշխանուհին արագ քայլերով այս ու այն կողմն էր գնում սենյակի մեջ: Նրա գեղեցիկ դեմքն այլայլված, շառագունած էր: Իսկույն երևում էր, որ սաստիկ բարկացած էր: Լուսամուտի մոտ կանգնած էր Պետրովը՝ լիրբ ժպիտը կլոր դեմքին: Հյուրերի մտնելուն պես իշխանուհին իրեն հավաքեց և, աշխատելով դեմքին հանգիստ արտահայտություն տալ, ժպտալով դիմավորեց նրանց, սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը: Հարունյանները իսկույն հասկացան, թե բանն ինչումն էր և այնպես ձևացրին, իբրև թե ոչինչ չեն նկատում: Նրանք ողջունեցին և Պետրովին, որի դեմքի վրայից լիրբ ժպիտը չէր հեռանում:

Ա՛, դուք այստե՞ղ...կանչեց զարմացմամբ Պետրովը՝ տեսնելով Արմենակին:

Այո: Ինչո՞ւ եք զարմանում:

Ես չէի կարծում, թե դուք կարող եք հարգելի իշխանուհու բարեկամը լինել:

Այո՛, ես հարգելի իշխանուհու բարեկամն եմ, այս պարոնի եղբայրը (նա ցույց տվեց պարոն Հարունյանի վրա) և այս տիկնոջ տագրը (նա ցույց տվեց տիկին Հարունյանի վրա): Իսկ դուք ե՞րբ եք շնորհ բերել:

Այս երրորդ օրն է:

Ափսոս՝ ես մի օրով ուշ եմ եկել ձեզանից: Ձեր եղբայրն ինձ ոչինչ չէ ասել ձեր գալուստի մասին, ապա թե ոչ, մենք միասին կգայինք:

Իմ եղբորս այդ անհայտ էր:

Իշխանուհին և Հարունյան ամուսինները խոսում էին մյուս կողմը: Իշխանուհու բարկությունը և այլայլմունքն արդեն անցել էր: Նա ամենաքաղցր կերպով ժպտում էր նրանց հետ խոսելիս, բայց երբեմն Պետրովին նայելիս նրա դեմքը խիստ արտահայտությո՛ւն էր ստանում: Պարոն Հարունյանը այդ օրն էլ լավ աչքով չէր կարողանում նրան նայել: Հյուրասենյակը մտնելուն պես, երբ տեսավ նրա լիրբ դեմքը, նա իսկույն զգաց, որ, այո՛, իսկապես ատում է նրան: Մինչև անգամ կատաղության նման մի բան` խառը մի տեսակ չար նախանձի հետ` շարժվեց նրա սրտում, երբ մտնելուն պես նրան իշխանուհու մոտ գտավ: Եվ յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զգացմունք, թեպետև բոլորովին մութ և անորոշ, ներս էր սողում մինչև այժմ նրա սիրող ու բարի սրտի մեջ: Առաջին նվագ ակամայից, ինքն էլ չհասկանալով, թե ինչու, նա անձնատուր էր լինում այդ զգացմունքին, բայց երբ փոքր-ինչ ու ավելի լրջորեն էր մտածում այդ մասին, նա ինքն էլ զարմանում էր, թե ինչո՛ւ և ի՛նչ իրավունքով այդպես պիտի անե: Ինչո՞ւ և ի՞նչ պատճառով, ախար, ատել այն մարդուն, որից ո՛չ թե ոչինչ, թեկուզ ամենաչնչին վնաս չես ստացել, այլ որին մինչև անգամ բոլորովին նոր ես տեսնում ու ծանոթանում նրա հետ... Այդ նրան հիմարություն էր թվում: Սակայն երբ ավելի ու ավելի խոր էր մտնում նա բուն խնդրի մեջ, նրան թվում էր, թե լուծումըպատճառը գտել է: Բայց այդ լուծումն, այդ պատճառն այնքան անորոշ, այնքան մութ էր նրա համար, որ հազիվ թե նա թույլ էր տալիս դրա վրա դրականապես հիմնվելու,..

Իշխանուհու և Հարո՛ւնյան ամուսինների խոսակցության մեջ մտան և Պետրովն ու Արմենակը: Այնուհետև պարոն Հարունյանն առանձնացավ մի ուրիշ սենյակ՝ ծխախոտ ծխելու. նա չէր կարողանում տանել Պետրովի ներկայությունը: Բայց հակառակի պես Պետրովն էլ հետևեց նրան նույն նպատակով: Արմենակը, տեսնելով, որ ինքը ավելորդ է երկու ընկերուհիների մեջ, նույնպես միացավ առաջիններին:

Նրանց երեքի մեջ խոսք բացվեցավ կնոջ և տղամարդի մասին, որի պարագլուխը եղավ Պետրովը: Նրանք երկար ժամանակ վիճում էին այդ առարկայի վրա: Պետրովը սաստիկ տաքացել էր: Առանց այն էլ նրա կարմիր դեմքը բոլորովին կարմրել էր, փոքրիկ աչքերը պլպլում էին և, կանգնած պարոն Հարունյանի առաջ, բայց մի տեղ հանգիստ չմնալով ու ձեռքերն անդադար շարժելով, նա ճարտար արագախոսությամբ դուրս էր թափում յուր կարծիքներն, հայացքներն յուր բացած առարկայի վերաբերությամբ: Պարոն Հարունյանը բոլորովին լուրջ ու հանդարտ կերպով ծխախոտ էր ծխում և լսում էր նրան: Արմենակը նստած էր լուռ և չէր միջամտում:

Տղամարդն, — ասում էր Պետրովը, — կնոջը պետք է պաշտի, երկրպագի, ինչպես մի սուրբի, որովհետև տղամարդն յուր բոլոր գոյությամբ պարտական է միայն կնոջը, չլինի կինըտղամարդը ոչինչ է, նա մի օր, մի րոպե անգամ կարող չէ առանց նրան ապրել, ինչպես կարող չէ ապրել առանց օդի...

Իսկ եթե տղամարդը չլինի, — հարցրեց պարոն Հարունյանը, — կինը կարո՞ղ է ապրել:

Ճշմարիտ է, կարող չէ ապրել, բայց դարձյալ ու դարձյալ տղամարդը պետք է պաշտի նրան, պետք է նրա ստրուկը դառնա, հասկանո՞ւմ եք դուք ինձ, որովհետև կինն է միայն կազմում նրա բոլոր երջանկություններից երջանկագույնը որովհետև կինն է միայն տալիս նրան այն քաղցրությունը, որի նմանը նա երբեք ուրիշ ո՛չ մի բանից կարող չէ վայելել: Եվ տղամարդն, այդ բոլորը գիտենալով, հասկանալով, ի՞նչ իրավունքով, ասացեք խնդրեմ, պետք է հակառակե կնոջը թեկուզ հենց ամենաչնչին բանի մեջ, ինչո՞ւ նա նրա ամեն մի խնդիրքն, ամեն մի հրամանը չպիտի կատարե և կատարն ինչպե՛ս, — կուրորեն: Մինչև անգամ ես այս համոզմունքին եմ, որ եթե կինը տղամարդի կյանքն էլ, հասկանո՞ւմ եք, կյանքն էլ պահանջելիս լինի, — տղամարդն իրավունք չունի մերժելու, պետք է անպատճառ այդ տա նրան, իբրև նրանից ստացած մի պարգև, մի առանձնաշնորհություն: Ամբողջ քաղաքակրթյալ աշխարհն այդպես է մտածում և այդպես է անում... միայն տգիտության խավարի մեջ խարխափող ազգերն են, որոնք բոլորովին չեն հասկանում կնոջ մեծ արժանավորությունն և, փոխանակ նրան աստվածացնելու, նրան պաշտելու, նրանք ամենաստոր անասունի տեղ են ծառայեցնում նրան...

Ա՞յդ է բոլորը, ինչ որ դուք ունեիք ասելու կնոջ և տղամարդու մասին, — հարցրեց վերջապես պարոն Հարունյանը:

Այո: Եվ դա իմ համոզմունքս է, որին ես երբեք չեմ փոխի:

Ուրեմն ավելորդ է խոսել:

Ոչ, կարող եք դուք էլ ձեր կարծիքը հայտնել... բայց ի սեր աստծո, դուք մի՛ կարծեք, թե դրանով ես ուզում եմ ասել, թե իմ խոսքերս ստուգության են կարոտ, այլ ես ուզում եմ իմանալ միայն ձեր կարծիքն այս առարկայի վերաբերությամբ:

Ուրեմն, պարո՛ն, — ասաց պարոն Հարունյանը, — եթե դուք իսկապես այնպես եք մտածում ու հասկանում, ինչպես որ դատո՛ւմ եք, ապա մնում է ինձ ասել, որ դուք սաստիկ և սաստիկ սխալվում եք այդ առարկայի վերաբերմամբ: Ձեր կարծիքն այնքան անհեթեթ է կնոջ և տղամարդի մասին, որ ամենաեսասեր կինն անգամ չի համաձայնիլ ձեզ հետ: Թույլ տանք, որ դուք չունիք տղամարդու եսասիրություն, որ թեպետև ոչինչ նշանակություն չունի առողջ դատողության մեջ, բայց, այնուամենայնիվ, օգնում է չափազանցությունների մեջ չմտնել և բոլորովին չստորացնել յուր սեփական «եսը», — թույլ տանք, ասում եմ, որ դուք չունեք այդ եսասիրությունը, բայց մի՞թե այդ ձեզ իրավունք է տալիս, առանց մի որևիցե հիմնական փաստի առանց մտնելու բուն խնդրի մեջ, ստորացնել այդպես տղամարդցի կոչումը կնոջ առաջ, դնել մի այդպիսի սահմանափակ շրջանակի մեջ նրա դերը կնոջ առաջ: Դուք հիմնվում եք այն փաստի վրա, որ ինքնըստինքյան անհեթեթ էթե կինն է միայն կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն և տալիս է նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ոչ մի բանից նա կարող չէ ստանալ: Առաջինը դեռ հարց է՝ թե իսկապես միայն կինն է կազմում տղամարդի ամենամեծ երջանկությունն ու տալիս նրան այն քաղցրությունը, որ ուրիշ ո՛չ մի բանից նա կարող չէ ստանալև այդ միևնույն բանը հակառակ չէ՞ պատահում արդյոք՝ այսինքն, որ տղամարդը լինի կազմելիս կնոջ ամենամեծ երջանկությունն ու տալիս լինի նրան միևնույն քաղցրությունն, ինչ որ ինքը՝ նրան, և երկրորդը՝ ձեր ասածներից եզրափակելով, որ տղամարդն ամենաստոր աստիճանի վրա է կանգնած կնոջ առաջես ձեզ համարձակ կարող եմ հավատացնել որ իբրև միևնույն զգացումներով ու կրքերով և այլնկինն ու տղամարդը հավասար են միմյանց, ինչպես ահա, այս ձեռքիս հինգ մատները հավասար են մյուս ձեռքիս հինգ մատներին, և ավելի ակնհայտնի ապացույց այն` որ առանց կնոջ տղամարդը գոյություն կարող չէ ունենալ է առանց տղամարդիկինը՛ համաձա՞յն եք դուք ինձ հետ:

Բայց ինչո՞ւ ամբողջ քաղաքակիրթ ախարհը միշտ և ամեն ժամանակ կնոջը գերապատվում է. տղամարդից, երկրպագում է նրան:

Այս բոլորովին ուրիշ խնդիր է, որի պատճառն էլ մենք ուրիշ բանի մեջ կգտնենք: Բայց, ինչպես երևում է, դուք ձեր համոզմունքը կազմելիս դրա վրա եք հիմնվել իսկապես: Թեպետև իրավունք եք ունեցել այդպես մտածելու, բայց ափսոս, որ դուք հավատացել եք միայն ձեր աչքերին ու ականջներին և չեք կամեցել բուն խնդրի մեջ մտնել` իմանալու համար դրա Էական պատճառը, որին շատերը ձեզ պես կամ չեն հավատում, կամ չեն ուզում հավատալ: Իսկ այդ պատճառն ուղեղի և կամքի այն զարգացողությունը կամ այն կեղծավորությունը, որ այժմյան ժամանակս «քաղաքակրթություն» անունն են տալիս: Այդ կեղծ լուսավորությունն իրեն համար առաջնորդ ունենալով սխալ և անհիմն հայացքներ վեհ գաղափարների վրա, կնոջը տվել է կատարյալ ազատություն, իբրև թե դրա մեջ ճանաչելով իրեն նման և իրեն հետ հավասար իրավունք ներ ունեցող էակի: Դրանով կեղծ լուսավորությունն, յուր կարծիքով, կամեցել է կատարել ընդհանուր մարդկային մի վեհ գործ, բայց դրա փոխարեն դուրս է եկել վարքի կատարյալ ապականումն, կատարյալ անբարոյականություն, որոնց նմանը հազիվ թե գտնվի «տգիտության խավարում խարխափող ազգերի» մեջ, և եթե գտնվի էլ, այդ ներելի է նրանց, որովհետև նրանք կոչվում են «տգիտության խավարի մեջ խարխափող ազգեր» և ո՛չ թե «քաղաքակիրթ աշխարհ»... Ամբողջ «քաղաքակիրթ աշխարհը», մտածելով ճիշտ այնպես, ինչպես դուք եք մտածում, կնոջը տվել է ազատություն, իսկ ինքը նրա ստրուկն է դարձել, աստվածացրել է նրան, պաշտում է նրան: Կնոջ ազատություն և նրա իրավունքների պաշտպանություն` սքանչելի՛ գործ… «Քաղաքակիրթ աշխարհը» պարծենում է դրանով, կարծելով, թե մի հրաշք է գործել, այնինչ նա ստեղծել է այլանդակ արարածներ, որոնց վրա նայելիս մարդ չէ ուզում հավատալ, թե դրանք լուսավորության և լուրջ մտածության դարի արդյունքներն են... Ո՞ւր է ճշմարիտ ամուսին, ո՞ւր է ճշմարիտ մայր, որոնց համար միայն ևեթ ստեղծված է կինը: Հարցրե՛ք «քաղաքակիրթ աշխարհին», — և նա ձեզ ցույց կտա մի շարժուն և խոսող պաճուճապատանք, որին ամեն բան կարոդ եք անվանել, բայց ո՛չ երբեքամուսին, ո՛չ երբեք մայր...

Յուր բոլոր այդ խոսակցության ժամանակ նրանից չէր հ՛եռանում յուր սովորական սառնասրտությունը, չնայելով, որ ի ներքուստ նրա կատաղությունը գալիս էր, երբ տեսնում էր Պետրովի կլոր դեմքի վրա լիրբ ժպիտը, որի մեջ այդ ժամանակ նկատվում էր մի տեսակ զիջող հոգնություն: Իսկ վերջին խոսքերի հետ նա մի սուր հայացք ձգեց Պետրովի վրա, վեր կացավ և դիմեց դեպի հյուրասենյակը:

«Վարդապետական քարո՛զ», — լսեց նա յո՛ւր ետևից Պետրովի խոսքերը: Նա ետ չնայեց և նույն սառնասրտությամբ դուրս գնաց դեպի հյուրասենյակը:

Դուք լսեցի՞ք ձեր եղբոր հռետորությունը, — հարցրեց Պետրովն Արմենակին, երբ նրանք երկուսով մենակ մնացին:

Լսեցի:

Համաձա՞յն եք նրա հետ:

Համաձայն եմ:

Ուրեմն երանի՛ ձեզ, դուք երջանիկ կլինեք, հա՛, հա՛, հա,,. — նա բարձրաձայն ծիծաղեց և դուրս գնաց դեպի հյուրասենյակը, Արմենակը հետևեց նրան:

Ը

ԵՐԿՈՒ ՍԵՐ

Եվ այսպես Հարունյան ընտանիքի և իշխանուհի Մելիքյանի մեջ հաստատվեցավ այն բարեկամական կապերից մեկը, որ օր-օրի վրա ավելի ու ավելի ամրապնդվում է: Նրանց միմյանց մոտ գնալ-գալը, նստել-խոսակցելը կարծես թե մի պահանջ էր դարձել, որին ոչ մի բանով չէին կարող հակառակ գնալ: Օր չէր անցնիլ, որ նրանք միմյանց փոխադարձապես չայցելեին: Բայց զարմանալին այն էր, որ իշխանուհին Թիֆլիսում բոլորովին խաղաղ կյանք էր վարում, նրա Պետերբուրգում վարած կյանքի նշույլն անգամ չէր երևում ոչ յուր տանն և ոչ դուրսը: Բայց ի՞նչ էր պատճառը: Եթե ասենք, որ Վրաստանի երբեմնի մայրաքաղաքը չէր կարող նրան այն բավականությունը տալ, ինչ որ Պետերբուրգըայդ, կարծեմ, եթե չասենք բոլորովին, բայց փոքր-ինչ անարդարացի կլիներ, ո՛րովհետև վերջին ժամանակներս Թիֆլիսում ավելացող զանազան զվարճատեղիները քիչ թե շատ կարողանում են մրցել մայրաքաղաքների նույնանման հիմնարկությունների հետ: Չէ՞ որ եվրոպական քաղաքակրթությունն յուր պայծառ շողը հետզհետե և ավելի ու ավելի հեռուն է սփռում: Կամ եթե ասենք, որ Թիֆլիսում նա չուներ այն «բարեկամներն», ինչ որ Պետերբուրգումայդ կողմից ևս մենք սխալված կլինեինք, որովհետև այդպիսի դեպքում մենք շատ քիչ ծանոթ կլինեինք հրաշագեղ իշխանուհի Սոֆիա Մելիքյանի հետ: Բավական էր, որ նա կամենար, և այդպիսի «բարեկամներ» չէին հապաղիլ հավաքվելու նրա շուրջը, ինչպես մեղրի շուրջը ճանճերը, փառք աստծո, Թիֆլիսն էլ խո այնքա՛ն հարուստ է այդպիսիներով: Ոչ այս և ոչ այն, այլ իշխանո՛ւհի Մելիքյանր կամենում էր, ասենք նրա խոսքով, «հանգստանալ»:

Ես բոլորովին ձանձրացել եմ այդպիսի կյանքից, — ասում էր նա տիկին Հարունյանին: — Ամուսինդ շատ ճիշտ է ասում, որ խաղաղ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. այդ պատճառով ես, բացի ձեզանից, ուրիշ բարեկամներ չեմ ուզում ունենալ, նրանք այժմ ինձ բոլո՛րովին անտանե լի են թվում...

Սակայն, բացի Հարունյաններից, նրա մշտական այցելուն էր և Պետրովը: Արմենակի պատմությունից մենք արդեն գիտենք, թե ո՛վ էր նա, ի՛նչ էր զգում դեպի իշխանուհին և ինչո՛ւ էր եկել Թիֆլիս. գիտենք նույնպես, թե իշխանուհին ի՛նչպես էր նայում նրա վրա: Թեպետ վաղուց նա ձանձրացել էր այդ լիրբ աստիճանավորից, բայց երբեմն էլ նա զվարճանում էր դրա անօգուտ, հիմար սիրո վրա և ուղղակի ծաղրում էր նրան:

Դուք մինչև ե՞րբ պետք է հետևեք ինձ, պարոն Պետրով, — հարցնում էր նա նրան, ծիծաղելով:

Մինչև որ ձեր թանկագին սիրտն ինձ կնվիրեք, — պատասխանում էր Պետրովը:

Ուրեմն սպասեցեք, հա՛, հա՛, հա՛... Հիրավի, ի՛նչ երջանիկ օր կլինի այն, երբ իմ թանկագին սիրտն արդեն ձեզ նվիրած կլինեմ, հա՛, հա՛, հա՛... դուք հիմար եք, պարոն Պետրով:

Դուք ինձ հիմար համարեցեք, բայց ես չեմ հուսահատվի: Այդ էլ ինձ համար մի երջանկություն է, որ ես ձեր թանկագին բերանից եմ կնքվում մի այդպիսի ածականով:

Իրավ որ այդպիսի խոսակցությունը մեծ զվարճություն էր պատճառում իշխանուհի Մելիքյանին:

Բայց ի՞նչ ասենք այն զգացմունքի մասին, որ հետըզհետե արմատ էր բռնում նրա և պարոն Հարունյանի սրտերի մեջ. ի՞նչ ասենք այն կապի մասին, որով իշխանուհին իրեն կապված էր տեսնում պարոն Հարունյանի հետ, և սա նրա հետ... Եվ այդ զգացմունքն, այդ կապն, իհարկե, ինչպես ընթերցողն հասկացել էսեր էր, սերըայդ անվերջ երգը, այդ անիմանալի, անկախ ուժը երկու սրտի մթության, նրանց բազմախորհուրդ կապակցությանԱյդ սերն յուր հիմքը գցել էր նրանց սրտի մեջ հենց այն վայրկյանից, երբ առաջին անգամ նրանք տեսան միմյանց: Իշխանուհուն դուր եկավ Հարունյանի հաղթանդամ, քաջազնական տեսքն, իսկ վերջինիս առավելապես գրավեցին նրա գեղաժպիտ, կրակոտ աչքերը, որոնց բոլոր ուժը հենց առաջին հայացքից նա փորձեց յուր վրա...

Հարունյանը, իհարկե, այդ շատ պարզ զգում էր, բայց և նա այնքան թուլամո՛րթ, անհեռատես և կրքից շուտ բորբոքվող չէր, որ առանց մտածելու անձնատուր լիներ այդ զգացմունքին, որի բոլոր սոսկալի հետևանքներն իսկույն ևեթ պատկերանում էին նրա առաջ: Այո՛, նա շատ լավ հասկանում էր, որ այդ սերն ապօրինի էր, հետևաբար աններելի և շատ չարիքներ առաջացնող: Նա շատ լավ հասկանում էր, որ դրա պատճառած ամեն մի քաղցրությունը նոր և հետզհետե ավելի սոսկալի դառնության կեղև պիտի լիներ յուր համար: Չէ՞ որ ինքն ամուսին էր. ուներ կին, ուներ զավակ, որոնց միայն ևեթ նա պարտական էր և պետք է սիրեր, բացի դրանից ուրիշ ո՛չ ոքի, թեկուզ դա լիներ հրեշտակ` երկնքից իջած: Առավել ևս, որ այդ պարտականությունն ինքն յուր կամքով էր վերցրել յուր վրա. ուրեմն ի՛նչ ուզում է լիներ, բայց նա յուր այդ հոժարակամ պարտականությանը պետք է իրագործում տար: — Եվ այդ պատճառով նա ամեն կերպ աշխատում էր խզել յուր մեջ ապօրինի սիրո կապը, սառեցնել յուր մեջ այն հետզհետե բորբոքվող զգացմունքը, որ նա տածում էր դեպի իշխանուհի գեղեցկուհին: Բայց թե ո՛րքան այդ նրան հաջողվում էրնա ինքն էլ պարզ չգիտեր, որովհետև լինում էր ժամանակև շատ հաճախերբ նա զգում էր, որ իշխանուհու ամեն մի ժպտող, թափանցող հայացքի տակ յուր ուժերը թուլանում էին, չնայելով յուր բոլոր ջանքին` սառնասրտությամբ տանելու նրա բոլոր փորձող հայացքներնև նա ակամայից անձնատուր էր լինում նրա դյութություններին...

«Ո՛չ, ո՛չ, այս չպե՛տք է լինի, — կանչեց նա վերջապես մի անգամ յուր դրության վրա լավ խորհելուց հետո: — Հիմար եմ, ի՞նչ է... Եվ ես չեմ կարողանում վերջապես դուրս կորզել սրտիցս այս կեղեքիչ, անպիտան զգացմունքը: Եթե միշտ այսպես պիտի շարունակվի, ուրեմն ես ամենաողորմելին եմ, ուրեմն իմ մեջ չկա կամքի ուժ, ուրեմն ես մարդ չեմ... Եվ ի՞նչպես պիտի տանեմ ես իմ սեփական նախատինքը... Օ՛, ո՛չ, ես անձնատուր չեմ լինի այս զգացմունքին, թեկուզ հարկավորվի դրա համար կյանքս ետ գնել...»:

Եվ Հարունյանը վերջնականապես և անձնավստահորեն վճռեց յուր մեջ այդ բանը: Նա պետք է հաստատակամությամբ և անդադար պատերազմի յուր մեջ գործող զգացմունքի դեմ, մինչև որ վերջապես այդ ներքին սոսկալի պատերազմը կպսակվի ամենաքաղցր հաղթությամբ: Նա հույս ուներ, իհարկե, որ այդ բանը նրան անպատճառ կհաջողվի, եթե միայն անձնատուր չլինի յուր ներքին ամենաուժեղ թշնամունցանկությանը, որին հաղթելու համար, իբրև միակ զենք այդպիսի դեպքում, նա ընտրել էր յուր հաստատակամությունը:

Եվ Հարունյանը սկսեց յուր բարոյական պատերազմը:

Նա սկսեց նրանից, որ ամեն կերպ աշխատում էր խույս տալ իշխանուհի Մելիքյանից: — Երբ իշխանուհին գալիս էր նրանց տսւն, նա, սուտ գործեր պատճառ բերելով, իսկույն դուրս էր գնում տանից, որպեսզի այդ գեղեցկուհու աչքերը չթուլացնեն նրա ուժերը: Երբ կինը խնդրում էր նրան իշխանուհուն այցելության գնալու, նա նույն գործերի պատրվակով չէր գնում, այնպես որ կինը ստիպված էր լինում կամ մենակ գնալու, կամ բոլորովին չգնալու:

Զարմանալի է, — նկատեց նրան մի անգամ կինը կասկածանքով, — քո գործերն այն ժամանակ են հայտնվում, երբ կամ նա է մեզ այցելում, կամ ես եմ խնդրում քեզ նրան այցելության գնալու:

Հավատացիր, սիրելիս, որ չեմ կարող գալ, անհետաձգելի գործեր ունիմ, — պատասխանեց ամուսինը, անհրրաժեշտ համարելով ստախոսել այդ դեպքում: — Այսօր դու գնա մենակ նրան այցելության, անշուշտ մյուս անգամ ես ժամանակ կունենամ քեզ ընկերակցելու:

Իսկ երբ մյուս անգամ էլ կինը նկատեց նրան այդ միևնույն բանն և դարձյալ միևնույն պատասխանն ստացավ, նա ասաց ուսերը վեր քաշելով.

Ես բոլորովին զարմանում եմ, թե ի՞նչ է նշանակում այդ, Ստեփաննոս... դու ինձ հետ լայեղ չե՞ս անում, ինչ է, նրան այցելելու...

Ամուսինն այնպես նայեց կնոջը, որ նա ստրջացավ յուր ասածից:

Կամ նրան արհամարհո՞ւմ ես, ատո՞ւմ ես, — շտապով ավելացրեց:

Արհամարհո՛ւմ եմ, ատո՛ւմ եմ… — բացականչեց ամուսինն այս անգամ ծիծաղելով, բայց մտքումը ցավելով կնոջ միամտության վրա: — Ի՞նչն է ստիպում ինձ նրան արհամարհելու, ատելու, սիրելիս, որ դու այդպես ես խոսում:

Հապա ինչո՞ւ դու երբեք չես կամենում նրան այցելության գնալու, նա ախար նեղանում է... մինչև անգամ այդ ամոթ է, հավատացիր, ի՞նչ կմտածե նա քեզ վրա...

Հոգիս, ի՞նչպես դու ինձ չես հասկանում, որ անհետաձգելի գործեր ունեմ...

Եթե ինձ սիրում ես, Ստեփաննոս, այս մի անգամը թո՛ղ գործդ, և գնանք իշխանուհու մոտ:

Դու դարձյալ քոնն ես պնդում, Նունե: Ախար ի՞նչ օգուտ իմ այնտեղ գալուց... իսկ գործերիցս ետ ընկնելով ես վնաս կկրեմ, մեծ վնաս... — ասաց այլաբանորեն ամուսինը մի առանձին զգացողությամբ նայելով կնոջ աչքերի մեջ, կարծես թե կամենալով հասկացնել, թե որքան վտանգավոր է նրա այդ թախանձանքը:

Կինն ստիպված էր լռել: Դեպի իշխանուհին ունեցած ամուսնու արտասովոր վարմունքի մասին նա սկսեց կասկածել, բայց թե ի՛նչայդ ինքն էլ չգիտեր: Յուր այդ անորոշ կասկածանքին մի որոշ պատկեր տալու նա ոչ մի կերպ չկարողացավ: Սակայն պարոն Հարունյանը չէր կարող միշտ խույս տալ իշխանուհուց, որքան էլ այդ կամենար: Կնոջ և իշխանուհու կասկածը փարատելու համար նա երբեմն այցելում էր այս վերջինիս կամ նրա իրենց տուն եղած ժամանակ մնում էր տանը և աշխատում էր իրեն ոչ մի բանով չմատնել:

Բայց իշխանուհի Մելիքյանի սրատես և փորձված աչքերից ոչինչ չէր կարող խուսափել: Նա այնպիսի կիներից էր, որոնք ամենաչնչին բանի վրա անգամ մատների միջից են նայում: Նա ամեն բան հասկանում էր այնպես, ինչպես հասկանում, թե այդ ժամանակ ի՛նչ էր կատարվում յուր մեջ: Նրա կատաղությունը սաստիկ գալիս էր, որ այդ մարդը, որին ինքը սիրում էր, կարողանում է դեպի նա այնպես սառնասրտությամբ վերաբերվել և ավելի ևս, որ այդ մարդը նույնպես սիրում էր նրան: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՛նչ սոսկալի բան էր կատարվում յուր մեջ, երբ մտածում էր, որ այդ մարդը կարողանում էր դեմ կենալ մի այնպիսի զգացմունքին, որպիսին էր սերը, այնինչ ինքըկինը` սիրո գլխավոր առարկան, որն ամեն տեղ, ամեն հանգամանքներում և ամեն ժամանակ միշտ հաղթող է հանդիսացել` անձնատուր է եղել այդ սիրույն, նրա ստրուկն է դարձել, որ ամենասոսկալի կերպով այրում, կրծում է նրա սիրտը: Նա երազել անգամ չէր կարող, որ կինն այս աստիճան կարող է ընկնել, որ դուրս գա մի տղամարդ, կարողանա նրան հաղթել, նրա վրա իշխել. ընկնե՛լ... և այն էլ մի այնպիսի գեղեցկուհին, որպիսին է ինքը, ինքը, որի առաջ հարյուրավոր այդպիսի մարդիկ, որպես սուրբի առաջ, ծունկ են խոնարհել, որի ամեն մի հայացքից հարյուրավոր այդպիսի մարդիկ նոր կյանք են ստացել, որի մի խոսքից միայն կախված է եղել հարյուրավոր այդպիսի մարդկանց մահու և կենաց խնդիրը... իսկ ա՞յժմ: — Այժմ այդ միևնույն գեղեցկուհին պատրաստ է մի տղամարդի առաջ չոքելու, նրա յուրաքանչյուր հայացքից նոր կյանք ստանալու, նրա յուրաքանչյուր խոսքից միայն մահու և կենաց խնդիրը լուծելու... Ինչո՞ւ հանկարծ այդպես Ոլիմպոսի բարձրությունից ցա՛ծ ընկնել մինչև ամենահասարակ մահկանացուների շարքը... Օ՛, ոչինչ է ուրեմն աշխարհի ստեղծմանից մինչև այժմ գտնված բոլոր բանաստեղծների գոված, փառաբանած սերը, գեղեցկությունն, երբ այժմ մի պարոն Հարունյան ամենահանդուգն կերպով ծաղրում է դրանց... Ոչի՞նչ է, ոչի՞նչ գեղեցկությունըԱստղիկը, որի առաջ մինչև անգամ գո՛ռոզ աշխարհակալներ խոնարհել են իրենց սրերը...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last