Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last

Վերջին խոսքերի հետ նա կամաց դարձյալ ծունկ խոնարհեց իշխանուհու առաջ, այս անգամ համբուրելով ոչ թե նրա ձեռքը, այլ հանդերձի քղանցքը և, բոլորովին խոնարհեցնելով յուր գլուխը, շրթունքները սեղմեց նրա վրա:

Իշխանուհին բոլոր ժամանակ կանգնած էր արձանի նման: Նրա դեմքը սաստիկ գունատվել էր. կուրծքը շարժվում էր հանդարտ, շատ հանդարտ կերպով, ձեռքերը կախված էին թողացած, շրթունքներն ամուր սեղմած էին միմյանց, աչքերը, կարծես խփված, շարունակ նայում էին ներքև, և նրա երկար, թուխ, սիրուն թերթերունքները մի շատ սքանչելի աղոտ ստվեր էին ձգում աչքերի տակ: Ի՞նչ էր կատարվում արդյոք նրա ներսըայդ աստված գիտե, բայց որ Հարունյանի խոսքերն ազդել էին նրա վրա, այդ ակներև էր: Վերջինս տեսնելով յուր առաջ չոքած համբուրելիս յուր հանդերձի քղանցքը, նա այս անգամ հեռու, շատ հեռու էր Ոլիմպոսից, սիրո անհուն երջանկության արտահայտության փոխարեն՝ նրա դեմքն այժմ ստացել էր խորին վշտի և կարեկցության արտահայտություն: Նա շտապով խոնարհվեց նրա վրա և, կամաց բռնելով նրա ուսերից, շշնջաց դողդոջուն ձայնով.

Ստեփաննո՛ս... Հարունյա՛ն, ի՞նչ եք անում, վերկացեք...

Հարունյանը բարձրացրեց գլուխը, բայց վեր չկացավ: Նրա աղերսող հայացքը հանդիպեց իշխանուհու տխուր և կարեկցող հայացքին:

Խղճո՞ւմ եք ինձ, կօգնե՞ք ինձ... — արտասանեց նա:

Վեր կացեք, վեր կացեք,— կրկնեց իշխանուհին և դեմքը շուռ տվեց նրանից: Հարունյանը վեր կացավ:

Իշխանուհին բոլորովին շուռ եկավ, երևում էր, որ չէր ուզում ցույց տալ նրան յուր դեմքը: Հանկարծ նրա ուսերը թեթև կերպով ցնցվեցին: Կարճ միջոց լռություն տիրեց:

Սպասեցեք ինձ. ես իսկույն գալիս եմ, — վերջապես ասաց նա հանդարտ, բայց մի տեսակ փոխված ձայնով և արագությամբ դուրս գնաց դեպի հարևան սենյակը:

Հարունյանը մնաց անշարժ՝ նրա ետևից նայելով: Մի տեսակ հոգեկան թեթևություն էր զգում նա, ինչպես մի մարդ, որ յուր վրա դրված բարոյական ծանր պարտականությունն արդեն կատարած, վերջացրած է լինում, բայց միևնույն ժամանակ նրա սրտին տիրել էր մի տեսակ դառնություն, մի տեսակ վիշտ, որպիսին զգում է մարդ, երբ տեսնում է, որ արդեն հավիտյան կորցրել է յուր սրտին մոտ մի անգին բան:

Անցավ երկար, Հարունյանի համար շատ երկար ժամանակ: Միևնույն տեղը կանգնած՝ նա շարունակ նայում էր այն դռանը, որտեղից դուրս գնաց իշխանուհին, նայում էր և սպասում, սպասում էր և մտածում. — ինչու համար արդյոք դուրս գնաց նա...

Վերջապես դուռը բացվեց, և իշխանուհին ներս մտավ: Այս անգամ ուսերի վրա նա գցած ուներ նուրբ գործվածքի մետաքսյա կապույտ փոքրիկ շալ, որ բոլորովին ծածկում էր նրա կուրծքը, իսկ մազերը պնդացրած ուներ ետևում: Նրա դեմքն առաջվանից ավելի գունատ էր, իսկ աչքերը կարմիր էին և թաց. իսկույն երևում էր, որ նա լաց էր եղել, և լաց էր եղել դառն կերպով: Հանդարտ քայլերով սենյակը մտնելով, նա մի տխուր, շատ տխուր հայացք ձգեց Հարունյանի վրա: Հարունյանի սիրտը ճմլվեց, այդ հայացքի մեջ նա կարդաց ինչ-որ տխուր, բայց խոր հանդիմանություն: Նա չկարողացավ տանել այդ հայացքն և իսկույն հանցավորի նման աչքերը վայր թողեց:

Նստեցեք և խոսենք, պարոն Հարունյան, — հանդարտ և տխուր ձայնով ասաց իշխանուհին, անմիջապես նստելով բազկաթոռներից մինի մեջ:

Հարունյանն, առանց նրան նայելու մեքենայաբար նստեց, նրանից բավական հեռու աթոռի վրա:

Երկար ժամանակ սենյակի մեջ կատարյալ լռություն տիրեց: Երևում էր, որ այդ լռությունն երկուսի համար էլ ծանր էր: Հարունյանը՝ ձեռքերը ծնկների վրա դրած և աչքերը խոնարհեցրած` շարունակ նայում էր ներքև: Իսկ իշխանուհին նույն տխուր հայացքով անթարթ նայում էր նրա դեմքին:

Ի՞նչ եք կամենում ինձնից, որ ես կատարեմ, պարոն Հարունյան, — վերջապես առաջինը խոսեց իշխանուհին: — Ինչ որ էլ կամենալիս լինեք ինձնից, հավատացած եղեք, որ ես կկատարեմ... որ ես կաշխատեմ կատարելու... Ասացեք:

Հարունյանը շարժվեց նստած տեղում. շրթունքները բաց ու խուփ եղան, բայց ոչ մի բառ դուրս չեկավ նրա բերանից: Նա մնաց յուր առաջվա դրության մեջ:

Ասացեք, պարոն Հարունյան, — կրկնեց իշխանուհին:

Հարունյանը դարձյալ շարժվեց, շրթունքները դարձյալ բաց ու խուփ եղան:

Ծա՛նր է, իշխանուհի, շա՛տ ծանր է... — վերջապես կարողացավ նա արտասանել: — Ես այդ չեմ կարող ասել...

Իշխանուհու տխուր աչքերը չէին հեռանում նրա դեմքից:

Ես ինքս կասեմ, պարոն Հարունյան, — կարճ լռությունից հետո խոսեց նա: — դուք կամենում եք, որ ես... հեռանամ ձեզանից և ընդմիշտ... կտրեմ իմ ձեզ հետ ունեցած բոլոր հարաբերությունները... Այնպես չէ՞:

Նա լռեց և սպասում էր, որ Հարունյանը կասե «այո», բայց Հարունյանը մնաց լուռ:

Այդպես չէ՞, — կրկնեց իշխանուհին:

Ա՛խ, մի՛ տանջեք ինձ այսպես, — աղերսագին ձայնով կանչեց Հարունյանը:

Իշխանուհին խոր հոգոց հանեց, գեղեցիկ աչքերը ծանր վշտով գրեթե բոլորովին խփեց և գլուխը կախեց կուրծքի վրա:

Սենյակում երկար ժամանակ դարձյալ լռություն տիրեց:

Դուք խելոք մարդ եք, պարոն Հարունյան, դուք ազնիվ մարդ եք, պարոն Հարունյան, — վերջապես խոսեց իշխանուհին ցած ձայնով և առանց փոխելու յուր դրությունը: — Ես այդ նոր եմ հասկանում և նոր եմ գնահատում ձեզ... Դուք շատ իրավացի եք. այսպիսի հանգամանքներում մենք չենք կարող միմյանց սիրել... մենք չպետք է միմյանց-սիրենք: Որքա՛ն սիրելի, որքա՛ն սքանչելի բան է անձնազոհությունն ընկերի երջանկության հզմար... Այդ դա էլ նոր եմ ըմբռնում, այդ ես էլ նոր եմ գնահատում, որովհետև

Նա գլուխը բարձրացրեց և նայեց Հարանյանի դեմքին:

Ա՛խ, եթե դուք գիտենաք, թե այս րոպեիս ին՛չ է կատարվում իմ մեջ, ի՛նչ զարմանալի փոփոխոթյհւն, — շարունակեց նա: — Կարծես թե նոր մարդ եմ դառնում, բոլորովին նոր մարդ՝ նոր հոգով, նոր, զգացմունքներով, նոր ցանկություններով, որոնց նմանն առաջ բնավ չկար իմ մեջ... Եվ այդ բոլորն այսքան կարճ միջոցում...

Նա լռեց և գլուխը դարձյալ կախեց կուրծքի վրա

Այժմ ես մտածում եմ՝ ի՛նչ էի առաջ և ի՛նչ եմ այժմ նորից շարունակեց նա կարճ լռությունից հետո: — Որքա՛ն դատապարտելի է թվում ինձ այժմ իմ անցյալը, կես ժամ, մի ժամ առաջվա իմ անցյալը... Այն կյանքը, այն շրջանը, որի մեջ ես ապրում էի, որի հետ մանուկ հասակիցս ես հոգով և մարմնով կապված էի, այժմ ինձ այնքա՛ն դատարկ, այնքա՛ն չնչին, այնքա՛ն ատելի է թվում... Ես այժմ զգում եմ, որ մինչև այժմ ո՛չ մի գեղեցիկ, ո՛չ մի բարոյական զգացմունք չէ վառվել իմ մեջ, մինչև այժմ ո՛չ մի բարձր, ո՛չ մի վեհ գաղափար չէ ոգևորել ինձ... Ես ապրել եմ առանց մտածելու, ես ապրել եմ առանց զգալու... հոգեկան սրբազան աշխարհը ծածկված է եղել ինձ համար թանձր վարագույրով... սիրտս, հոգիս և այն ամենն, ինչ որ մարդկային բարձր արժանավորություն է, մեռած է եղել իմ մեջ... Ինչացո՞ւ, ո՞վ կամ ի՞նչ եմ եսայդ հարցերս ինձ համար գոյություն չեն ունեցել... Ա՛խ, ի՛նչպես անփույթ, անխնամ են թողել իմ հոգու մշակությունը, ի՛նչպես վատ են դաստիարակել ինձ...

Նա դարձյալ լռեց և՝ գլուխը կախ՝ երկար ժամանակ, կարծես խոր մտածության մեջ ընկավ: Իրավ որ այդ կարճ միջոցում նա զարմանալի փոփոխություն էր ստացել: — Նայելով նրա ձայնի ծանր եղանակին, խոսակցության միակերպ դանդաղությանն և գունատ դեմքի տխուր ու հանդարտ արտահայտությանը, հազիվ կարելի էր ճանաչել, որ դա առաջվա քաղցրաձայն, արագախոս, շարժուն և ամբողջապես զվարթ կյանք ներշնչող իշխանուհին էր Հարունյանն այս անգամ նայում էր նրան, և, իհարկե, սաստ՜իկ զարմանում էր: Մի՞թե այդ փոփոխության, պատճառն ինքն էր, մի՞թե յուր խոսքերն այդ աստիճան կարողացան ազդել նրա վրա

Իշխանուհին կամաց գլուխը բարձրացրեց և նայեց Հարունյանին մի տեսակ ջերմ հայացքով, որով նայում են միայն կանայք:

Նստեցեք ավելի մոտ, Հարունյան, — ասաց նա: — Ահա այստեղ: — Նա ցույց տվեց իրեն մոտիկ տեղը:

Հարունյանն աթոռը տարավ և նստեց ցույց տված տեղը: Այժմ նրանք այնքան մոտ էին նստած միմյանցից, որ, առանց առաջ գնալու, կարող էին ձեռք տալ միմյանց:

Իշխանուհին կրկին անգամ նայեց նրան յուր առաջվա ջերմ հայացքով և խոր հոգոց հանեց:

Այո՛, մենք պետք է... բաժանվենք միմյանցից, պարոն Հարունյան, — ասաց, նա դողդոջուն ձայնով: — Թեպետ այդ դժվար է, շատ դժվար էգոնե ինձ համարբայց ի՛նչ էլ որ լինի, մենք դարձյալ պետք է...

Նա չկարողացավ վերջացնել ձայնը բոլորովին դողաց, կարծես, կտրվեց, իսկ աչքերը լցվեցան արտասուքով: Նա թեքվեց դեպի Հարունյանը, ձեռքերը դրեց նրա ձեռքերի վրա և, խորին վշտով նայելով նրա աչքերի մեջ, կանչեց աղեկտուր ձայնով:

Ո՛չ, ես չե՛մ կարող, Հարունյա՛ն... Ստեփաննո՛ս... չե՛մ կարող... երկինքը վկա, չե՛մ կարող... այդքան ուժ, այդքան հերոսություն չկա իմ մեջ... ես կին եմ, Հարունյան... Ստեփաննո՛ս... ես կին եմ, մի թույլ արարած... մի՞թե մի թույլ կնոջից կարելի է այդ պահանջել... Պահանջեցե՛ք ինձնից ամեն բան... մորթեցե՛ք ինձ, սպանեցե՛ք ինձ, բայց բաժանվե՛լ ձեզնից... եթե դուք գիտենաք, թե ի՛նչպես ես սիրում եմ ձեզ... եթե գիտենաք, թե այս րոպեիս դուք ի՛նչ եք ինձ համար... իմ ողջ կյանքիս մեջ առաջին անգամն է, որ ես սիրում եմ մի տղամարդի՝ ճշմարիտ սիրով, ինչպես կարող է սիրել կինը... իմ տեսած բոլոր տղամարդիկների մեջ դուք առաջինն եք, որին ես նվիրել եմ իմ ամբողջ գոյությունսև դուք այժմ պահանջում եք ինձանից, որ ես բաժանվե՛մ ձեզանից... Բաժանվե՛լմտածե՞լ եք արդյոք, թե ի՛նչ է նշանակում այդ խոսքըբաժանվե՛լ... Ստեփաննո՛ս, Ստեփաննո՛ս, մի՛ պահանջեք ինձնից այն, ինչ որ ես չեմ կարող անել, ինչ որ իմ կամքիցս չէ կախված... Գո՛ւթ, գո՛ւթ ունեցեք...

Նա դեմքը ծածկեց ձեռքերով և, խոնարհվելով յուր ծնկների վրա, դառնագին հեկեկաց:

Հարունյանը բոլորովին կոտրվել էր: Իշխանուհու արտասանած յուրաքանչյուր խոսքը սուր դաշույնի նման, կարծես, մաս-մաս էր անում նրա սիրտը: Այդ ժամանակ իշխանուհին յուր վշտալից, աղերսող հայացքով, յուր աղեկտուր ձայնով և, վերջապես, յուր դառնագին հեկեկանքով՝ այնքա՛ն գեղեցիկ, այնքա՛ն անմեղ, այնքա՛ն սիրելի էր թվում նրան, որ նա պատրաստ էր իսկույն ևեթ ընկնելու նրա առաջ և ասելուո՛չ, մենք երբե՛ք չենք բաժանվիլ միմյանցից, ես հավիտյան քոնն եմ և, բացի քեզանից, աշխարհիս մեջ ինձ համար այլևս ոչ ոք գոյություն չունի, բայց նա այդ չարեց, կարողացավ իրեն զսպել, հասկանալով, որ այդ խոսքերից մինչև այդ րոպեն յուր գործ դրած բոլոր ջանքերը կարող էին բոլորովին ապարդյուն անցնել: Նա միայն փոքր-ինչ թեքվեց դեպի իշխանուհին, կամաց առավ նրա մի ձեռքը նրա դեմքի վրայից և, ջերմագին սեղմելով այն յուր կուրծքին, ասաց դողդոջուն ձայնով.

Սո՛ֆիա, անգի՛ն Սոֆիա, մի՞թե դուք իմ թշվառությունս եք կամենում...

Մի՞թե դուք ինձ հետ թշվառ կլինեիք, — հարցրեց իշխանուհին, մի ձեռքը դարձյալ սեղմած ունենալով յուր դեմքին և շարունակելով հեկեկալ:

Ո՛չ, երջանիկ կլինեի, Սոֆիա, բայց հենց այդ երջանկության մեջ կլիներ իմ թշվառությունը... Փոքր-ինչ առաջ ծնկաչոք ես ի՞նչ էի ասում ձեզ, ի՞նչ էի աղերսում ձեզնից... Ես պատրաստ եմ իմ կյանքս զոհելու ձեզ համար, և ամենայն հոժարությամբ կզոհեմ, բայց այդ կյանքն իմը չէ, Սոֆիա, իմը չէ. այդ կյանքի հետ ամենասերտ կապերով կապված է երկու անմեղ արարածների երջանկությունը... և մի՞թե դուք թույլ կտայիք, որ իմ կյանքիս հետ ես զոհեի ձեզ համար և այդ երկու անմեղ արարածների երջանկությունը... Ո՛չ, Սոֆիա, ո՛չ, այդպիսի սոսկալի հանցանք, այդպիսի ծանր, աններելի մեղք դուք չեք պահանջել ինձնից... խո՛ դուք ինքներդ էիք ասում, որ սիրելի, սքանչելի բան է անձնազոհությունն ուրիշի երջանկության համար, ուրեմն, ինչո՞ւ չեք ուզում, որ այդ անձնազոհությունը կատարենք մենք... Օ՛, Սո՛ֆիա, Սո՛ֆիա, եթե դուք գիտենաք, թե որքա՛ն երջանիկ կլինենք մենք մեր այդ անձնազոհությամբը... խղճի խայթն անծանոթ կլինի մեզ, հպարտ կերպով կշրջենք աշխարհիս վրա, համարձակ կերպով կնայենք մարդկանց երեսին, մեր հոգին կցնծա սրբազան ոգևորությամբ, կաղոթենք անարատ սրտով, քաղցր հիշատակությամբ կօրհնենք մեր հանդիպումն, կօրհնենք մեր սերը, կօրհնենք և մեր հրաժեշտը... Օ՛հ, կատարենք այդ անձնազոհությունը, Սոֆիա, կատարենք...

Նա լռեց և, շարունակելով իշխանուհու ձեռքը սեղմել յուր կրծքին, աղերսող հայացքով նայում էր նրան և սպասում՝ թե նա ի՛նչ կպատասխանեք: Իշխանուհին լուռ էր: Նա դադարել էր հեկեկալուց և, ձեռքն արդեն հեռացրած ունենալով դեմքից, խոնարհած գլխով նայում էր ցած: Նրա ականջներում կամ տակավին հնչում էին Հարունյանի խոսքերը, կամ նա ինչ-որ խոր մտածության մեջ էր ընկել:

Այդ լուռ տեսարանը տևեց երկար ժամանակ: Հանկարծ իշխանուհին գլուխը բարձրացրեց, ինչ-որ անորոշ հայացքով նայեց Հարունյանին և շտապով վեր կացավ տեղից: Նրա ձեռքը մնաց սեղմած Հարունյանի կուրծքի վրա:

Այժմ ինձանից ոչինչ մի պահանջեք, Հարունյան, — արագախոսությամբ ասաց նա: — Ինձ մենակ թողեքՄի ուրիշ ժամանակ ես... մենք կխոսենք դարձյալ...

Հարունյանը վեր կացավ և նրա ձեռքն այս անգամ սեղմեց յուր շրթունքներին:

Ցտեսություն, — դողդոջուն ձայնով արտասանեց նա միայն և, թողնելով նրա ձեռքը, մի քանի քայլ դրեց դեպի դուռը, բայց հանկարծ, կարծես ակամայից, կանգներ և ետ նայեց:

Ստեփաննո՛ս... — նույն րոպեին կցկտուր ձայնով կանչեց իշխանուհին և, վազելով դեպի նա, բուռն զգացմունքով փարվեց նրա վզովը:

Նրանց շրթունքները միացան...

ԺԶ

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ ՈԻՐԻՇ ԱՇԽԱՐՀՈԻՄ

Իշխանուհին մնաց մենակ: Հանդարտ քայլերով, կարծես ուժասպառ, նա մոտեցավ լուսամուտին և մնաց այդտեղ արձանացած: Այդ րոպեին հեռանում էր Հարունյանը: Նա ծռվեց մի ուրիշ փողոց և անհետացավ: Բայց իշխանուհին, հին դեռ երկար, շատ երկար, ժամանակ անշարժ մնաց լուսամուտի մոտ, և նրա անթարթ աչքերը սևեռած մնացին այն տեղին, որտեղ ծածկվեց Հարունյանը: Սիրո անսպասելի ելքը շատ խիստ ազդեցություն էր ունեցել նրա վրա: Նա. ոչինչ որոշակի չէր կարողանում մտածել, միտքը, կարծես, խճճվել, կաշկանդվել էր: Միայն սրտի վրա նա զգում էր ինչ-որ քաղցր, թեթև բան և մի տեսակ ծանր, վհատեցուցիչ դառնություն, այդ երկու հակառակ զգացմունքները պարբերաբար անընդհատ գործում էին նրա մեջ: Նա աչքերը հեռացրեց այն տեղից, որտեղ ծածկվեց Հարունյանը, ուսի վրայից կամաց նայեց սենյակի մեջ, հետո յուր հայացքը դարձրեց դարձյալ դեպի դուրսը, նայեց երկնքին, նայեց և տան առաջ գտնված պարտեզին: Արևը մայր էր մտնում: Վերջալույսը ներքևում ամեն ինչ ներկել էր շառագունով: Դալարագեղ պարտեզը ժպտում էր: Յուր մեջ գործող երկու հակառակ զգացմունքների ազդեցության տակ՝ իշխանուհուն մերթ թվում էր, թե յուր ողջ կյանքի մեջ դեռ մի այդպիսի սքանչելի երեկո, սքանչելի եղանակ չէ տեսել, և մերթ թվում էր, թե այդ սքանչելի երեկոն, այդ սքանչելի եղանակն ու յուր շուրջն ամեն ինչ պատած է սև, տխուր, մռայլ քողով:

Նա կամաց նստեց այնտեղ դրված բազկաթոռի մեջ և, գլուխը հենելով ձեռքի վրա, անթարթ աչքով սկսեց նայել այն աթոռին, որի վրա փոքր-ինչ առաջ նրա հանդեպ նստած էր Հարունյանը: Նրա ուղեղը փոքր առ փոքր սկսում էր դուրս գալ խճճումից, կաշկանդումից, նա կարողանում էր որոշակի մտածել: Նա երևակայում էր, թե ի՛նչպես Հարունյանը չոքած էր յուր առաջ և գլուխը հատակի վրա խոնարհած, համբուրում էր յուր հանդերձի քղանցքը, երևակայում էր, թե ի՛նչպիսի սիրավառ, տխուր և աղերսող հայացքով նա նայում էր իրեն, երևակայում էր, թե ի՛նչպես հանցավորի նման գլուխը խոնարհած` նա նստած էր յուր հանդեպ աթոռի վրա. մի խոսքով, — երևակայում էր իրենց տեսակցությունը սկզբից մինչև վերջն բոլոր մանրամասնություններով: Բայց նա չէր երևակայում և չէր էլ կարողանում երևակայել բաժանման րոպենգրկախառնությունն և համբույրը, նա միայն զգում էր այդ: Ատում էր, թե ի՛նչպես յուր ձեռքերը բոլոր ուժով փաթաթված էին Հարունյանի վզովը, յուր կուրծքը բաբախում էր նրա կուրծքի վրա, շնչառությունը խառնվում էր նրա շնչառության հետ, և շրթունքները ցնցվում, վառվում, հալվում էին նրա շրթունքների վրա:

«Կյա՛նք, կյա՛նք, այդպիսի քաղցր րոպե դու դեռ ինձ չես պարգևեր», քաղցր հափշտակությամբ շշնջաց նա աչքերը փակելով և, ձեռքերը դնելով բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը թաղեց կոների մեջ:

Հափշտակությունն այնքա՛ն խոր էր, զգացողությունն այնքա՛ն քաղցր, այնքա՛ն դուրալի, որ նա ուզում էր հավիտյան այդ գրության մեջ մնալ և ուրիշ ոչինչ չանել, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել:

Տիրուհի՛, — հանկարծ լսեց նա յուր մոտ ինչ-որ ձայն:

Նա արագությամբ բարձրացրեց գլուխը և քաղցր երազից սթափվողի նման` նայեց: Նրա առաջ անհամարձակ կերպով կանգնած էր աղախինը:

Ի՞նչ է, — հարցրեց նա:

Պարոն Պետրովն եկել է, — ասաց աղախինը:

Պետրովի անունը դեռ ոչ մի ժամանակ այնքան ատելի, այնքան զզվելի չէր թվացել իշխանուհուն, որքան այդ րոպեին:

Գնա՛ ասա՝ տանը չէ, — հրամայեց նա աղախնուն: — Ասա՛ հիվանդ է, կարող չէ ընդունել... Գնա՛, վռնդի՛ր այստեղից... գնա՛, գնա՛... Աչքերս այլևս չտեսնեն
նրան... Գնա՛...

Աղախինը դուրս գնաց:

Իշխանուհին ձեռքերը նորից բազկաթոռի թիկունքի վրա դրեց, նորից դեմքը թաղեց կռների մեջ և աշխատեց ընկնել առաջվա քաղցր հափշտակության մեջ. բայց իզո՛ւրաղախնի հայտնվելն և Պետրովի անունը նրա հոգեկան լարված տրամադրությունը սաստիկ խանգարել էին: Այդպես են լինում նրանք, որոնք մի որևիցե քաղցր երազից հանկարծ արթնանալով, նորից աչքերը փակում են իսկույն, աշխատում են նորից քնել և նորից նույն երազը տեսներ:

Քաղցր հափշտակությունը տեղի տվավ զանազան մտածմունքներին: Այդ մտածմունքները ծանր էին: Նա աշխատում էր դրանց հեռացնել, հալածել, բայց դրանք, կարծես, անկախ նրա կամքից, հետզհետե կուտակվում էին նրա գլխում և ճնշում էին նրա ուղեղը, նրա սիրտը: Այդ մտածմունքները Հարունյանի այցելության նպատակի մասին էին: — Արդյոք նա պե՞տք է բաժանվի Հարունյանից, թե ոչ: Նոր զգացմունքները, որ Հարունյանի շնորհիվ ծնվել էին նրա մեջ, պատասխանում էին` պե՛տք է բաժանվի, իսկ սերը մնում էր լուռ: Բայց կարո՞ղ է արդյոք բաժանվել:

Սերը, որ ավելի հին էր և խոր արմատներ ուներ բռնած նրա սրտի մեջ, պատասխանում էր՝ չէ՛ կարող, իսկ նրա զգացմունքները մնում էին լուռ:

«Ի՞նչպես, ի՞նչպես բաժանվեմ ես նրանից, — խորին վշտով մրմնջում էր նա: — Ինձ շրջապատող դատարկ, անտանելի Պետրովների մեջ հազիվհազ գտել եմ մեկըմտքով, սրտով և հոգով հարուստ մի մարդ, որին սիրել եմ, որին պաշտում եմ հոգուս բոլոր ուժերով և այն էլ պե՛տք է բաժանվեմ նրանից... ինչո՞ւ... ինչո՞վ եմ ես մեղավոր, որ բարոյականության խստապահանջ օրենքներն ուզում են ինձ հալածել, մատնել կարեվեր տանջանքներին... Եվ բաժանվելով նրանից, ո՞ւր պետք է գնամ ես արդյոք, ո՞ւր, որտեղ շուրջս սպանիչ մեռելություն, սպանիչ դատարկություն չզգամ... թո՛ղ ինչքան ուզում է փայլե արևը, թո՛ղ հրաշալի բնության սքանչելիքը կյանք և կենդանություն տարածե, և միլիոնավոր մարդիկ թո՛ղ զվարճանան շուրջս, երկրպագեն իմ առաջմի՞թե այդ բոլորը կարող է փոխարինել գեթ այն մի րոպեին, մի վայրկյանին, երբ ես նրա մոտ կլինեի, երբ ես կզգայի նրա ներկայությունը... Ա՛խ, ա՛խ, որքա՛ն անողոք է եղել ճակատագիրս... Հավիտյան մենա՛կ, հավիտյան անտե՛ր...»:

Դառն արտասուքը խփեց նրա կոկորդին, նա դեմքն ամուր սեղմեց կռների մեջ և, երկար, շատ երկար ժամանակ մնաց այդպես:

Երբ նա գլուխը բարձրացրեց, արդեն սկսում էր մթնել: Վշտալից և թաց հայացքով լուսամուտից դուրս նայեց, վերջալույսն երկնքի վրա արդեն հանգել էր, պարզած երկինքն ստանում էր թանձր կապույտ գույն, հեռու՝ արևելյան հորիզոնի վրա շատ աղոտ կերպով սկսում էին առկայծել փոքրիկ աստղերը: Նա յուր հայացքը դարձրեց սենյակի մեջ, սենյակում տիրում էր կիսախավար:

Նույն րոպեին սենյակի դուռը բացվեց, ներս մտավ աղախինն և վառեց սեղանի վրա դրված լամպարը: Սենյակը լուսավորվեց, բայց այդ լույսը շատ անախորժ թվեցավ իշխանուհուն: Յուր վշտաբեկ սրտի համար նա խավար էր ուզում, խավարը նրան, կարծես, սփոփանք էր տալիս: Լամպարը վառելուց հետո աղախինն ուզում էր դուրս գնալ:

Մա՛րիա, — կամաց արտասանեց նրա ետևից իշխանուհին:

Աղախինը կանգնեց և շուռ եկավ դեպի նա:

Ի՞նչ եք հրամայում, տիրուհի, — հարցրեց նա:

Լամպարը հանգցրու... ո՛չ, ցածրացրու լույսը:

Աղախինը, որ արդեն սովորել էր յուր տիրուհու վերջին ժամանակների օտարոտի վարմունքներին և հրամաններին, մոտեցավ սեղանին և քիչ ցածրացրեց լամպարի լույսը:

Էլի՛ ցածրացրու, — հրամայեց իշխանուհին:

Աղախինը քիչ էլ ցածրացրեց:

Է՛լի:

Աղախինը դարձյալ ցածրացրեց:

Սենյակը այժմ լուսավորվում էր շատ աղոտ կերպով:

Բավական է, — ասաց իշխանուհին: Աղախինը ուզում էր դուրս գնալ:

Մա՛րիա, — առաջվա նման դարձյալ արտասանեց նրա հետևից իշխանուհին:

Աղախինը դարձյալ կանգնեց և շուռ եկավ դեպի նա:

Ի՞նչ եք հրամայում, տիրուհի, — հարցրեց նա:

Արի՛ ինձ մոտ:

Աղախինը առաջ գնաց դեպի նա:

Բազկաթոռը մոտեցրու ահա այստեղ` կողքիս և նստիր:

Աղախինը այդ էլ կատարեց:

Տուր ինձ ձեռքդ:

Աղախինը տվավ նրան յուր ձեռքը:

Իշխանուհին, նրա ձեռքն յուր ձեռքի մեջ պահելով, կամաց ետ ընկավ բազկաթոռի մեջքի վրա և աչքերը խփեց:

Երկար, շատ երկար ժամանակ նա նստած էր այդպես անշարժ: Լամպարի ցած թողած լույսն ընկնում էր ուղղակի նրա տանջված, գունատ դեմքի վրա, որին և տալիս էր մի տեսակ ֆոսֆորային, բայց փոքր-ինչ մռայլ փայլ: Մարիան զարմացած և անթարթ նայում էր նրա դեմքին, կարծում էր, թե նա քնեց:

Մա՛րիա, — կամաց, գրեթե շշնջալով վերջապես խոսեց իշխանուհին` առանց տեղից շարժվելու և առանց աչքերը բանալու, — ասա՛ ինձ, մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում...

Այդ անսպասելի շշնջյունից Մարիան ցնցվեց, նա կարծեց, թե յուր տիրուհին երազի մեջ է խոսում, և այդ պատճառով չպատասխանեց:

Մա՛րիա, ասա՛, ինչո՞ւ ես լռում, — դարձյալ խոսեց իշխանուհին` այս անգամ աչքերը բանալով, — մարդ որ մեռնում է, ո՞ւր է գնում:

Երկինքը, տիրուհի, — մեքենայաբար պատասխանեց Մարիան:

Երկի՛նքը, — կրկնեց իշխանո՛ւհին մի տեսակ հանդարտ հոգեզմայլությամբ, որի ժամանակ նրա դեմքը պայծառացավ: — Այսինքն այնտեղկապույտ ամպերից վերև, շատ վերև... Մա՛րիա, ասում են, որ այնտեղ ապրում է նա, որ ամենից շատ է տանջվելև ասում են, որ նա ամեն մի թշվառի, ամեն մի տանջվողի սիրով ընդունում է յուր գրկի մեջ, ուր այնքա՛ն քաղցր է, այնքա՛ն խաղաղ

Նա լռեց և մի տեսակ ժպտող, պայծառ, հոգեզմայլ հայացքով լուսամուտից սկսեց նայել դեպի դուրս` կապույտ, աստ եղա սփյուռ երկնքին:

Մա՛րիա, — կրկին խոսեց նա, — ես ցանկանում եմ գնալ այնտեղ... այնպե՛ս ցանկանում եմ... Իզուր մարդիկ թևեր չունեն, որ երբ կամենան, թռչեն այնտեղ, թռչե՛ն...

Նա դարձյալ լռնց: Մարիան, նրա կողքին նստած՝ զարմացած նայում էր նրա դեմքին:

Իշխանուհին դեռ մի րոպե մնաց լուռ և անշարժ, հետո հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց և նստեց ուղիղ: Հոգեզմայլությունը մի ակնթարթում անհետացավ նրա գունատ դեմքից, որ ստացավ մի տեսակ վշտաբեկ, թախծալից արտահայտություն: Նա դարձավ դեպի Մարիան և, ձեռքը կուրծքի վրա սեղմելով, ասաց խեղդված ձայնով.

Մա՛րիա, ի՛նչպես ծա՛նր է այստեղ, ի՛նչպես ծա՛նր է...

Նրա ձայնը բոլորովին խեղդվեց, աչքերում ցոլացին արտասուքի խոշոր կաթիլներ և, երկու ձեռքով ամուր փաթաթվելով նրա վզովը, նա դեմքը ծածկեց նրա կուրծքի մեջ:

Մա՛րիա, Մա՛րիա, — կանչեց նա դառնագին հեկեկալով, — սփոփի՛ր ինձ... թեթևացրո՛ւ սիրտս...

Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որով նա արտասանեց այդ բառերը, որ աղախնի աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ ցոլացին:

Մա՛րիա, ասա՛, ի՞նչ պիտի անեմ ես այժմ... Ոչինչ հույս չկա՞, Մարիա, ոչի՞նչ հույսԱ՛խ, եթե միայն այժմ իմ ամուսինս, իմ անգին ամուսինս կենդանի լիներեթե
միայն ես ունենայի զավակ, մի հատիկ զավակ...

Նա գլուխը բարձրացրեց և արտասվաթոր աչքերով նայեց Մարիայի դեմքին:

Մա՛րիա, — ասաց նա, — ի՛նչպես լավն ես դու... Ո՛րքան թանկագին ես դու այժմ ինձ համար... Ի՛նչպես ես քեզ սիրում եմ և ի՛նչպես պիտի սիրեմ քեզ այսուհետև... Սիրի՛ր դու ևս ինձ, Մարիա, սիրի՛ր, սիրի՛ր... ես թշվառ եմ, օ՛, շատ թշվառ...

Նա դեմքը դարձյալ ծածկեց նրա կրծքի մեջ և այս անգամ հեկեկում էր լուռ և ամենադառը կերպով: Այդ րոպեին նա նմանում էր մի անմեղ երեխայի, որ մոր գրկի մեջ լաց է լինում: Նրա ձեռքերն ամուր կերպով փաթաթված էին Մարիայի վզովն, և նա աշխատում էր, որքան կարելի է, դեմքն ավելի խոր թաքցնել նրա կրծքի մեջ, որով, կարծես, կամենում էր խլացնել յուր ծանր հեկեկանքը: Մարիան ինքն էլ չէր հասկանում, թե այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում յուր մեջ. նա միայն նույնպես լալիս էր:

Դեռ երկար ժամանակ իշխանուհին՝ կպած նրա կրծքին՝ հեկեկում էր: Ըստ երևույթին, նա չէր կամենում բաժանվել այդ կուրծքից, որի մեջ, կարծես, զգում էր յուր սրտին թեթեվություն: Հետզհետե նրա հեկեկանքը նվազում էր, վերջ ի վերջո բոլորովին կտրվեցավ, և այժմ նրա սիրտն երբեմն թրթռում էր:

Վերջապես իշխանուհին գլուխը բարձրացրեց և արտասուքից ուռած աչքերով սկսեց նայել նրա աչքերին: Հետո գլուխը դրեց նրա ուսի վրա և, շարունակելով նայել նրա աչքերի մեջ, ասաց հանդարտ ձայնով:

Մա՛րիա, դեմքդ մոտեցրու, ես կամենում եմ քեզ համբուրել:

Մարիան յուր գեղեցիկ այտը մոտեցրեց նրա գունատ շրթունքներին, և նա ամուր կերպով համբուրեց նրան:

Մա՛րիա, այժմ դու համբուրիր ինձ. համբուրիր այնպես, ինչպես զավակը համբուրում է յուր մորը:

Մարիան այդ էլ կատարեց:

Փոքր-ինչ լռությունից հետո, իշխանուհին դարձյալ սկսեց խոսել, բայց այս անգամ բոլորովին հանդարտ:

Մա՛րիա, ասաց նա՝ շարունակ նայելով նրա աչքերի մեջ, — դու այսուհետև իմ զավակն ես, իսկ ես` քո մայրը... Դու միշտ այսուհետև իմ մոտս կաց, ինձ սիրիր, համբուրիր. ես էլ քեզ կսիրեմ, կհամբուրեմ... Մարիա, — հանկարծ հարցրեց նա, — դու որբ ես, չէ՞:

Այո՛, տիրուհի, — պատասխանեց աղախինը:

Ես ևս որբ եմ, Մարիա... ես ևս աշխարհիս մեջ մենակ եմ, բոլորովին մենակ... Ուրեմն եթե մենք այսուհետև միանանք, Մարիա, այլևս մենակ չենք լինիլ, այնպես չէ՞: Դու իմ զավակս կլինես, իսկ ես՝ քո մայրը: Երբ որ դու ինձ կասես «մայրիկ», ես կուրախանամ, երբ որ ես քեզ կասեմ «զավակս», դու կուրախանաս... և այսպես շատ լավ կլինի, Մարիա, այնպես չէ՞:

Մարիան գլուխը շարժեց:

Հապա այժմ դու ինձ ասա «մայրիկ», այնպես, ինչպես զավակն ասում է յուր մորը:

Մայրի՛կ, — ասաց Մարիան սրտից:

Իշխանուհու հանդարտ և գունատ դեմքի վրա մի երջանիկ ժպիտ փայլեց, ճիշտ այնպես, ինչպես մթին ամպերի միջից արևը հանկարծ դուրս է նայում:

Զավա՛կս... — շշնջաց նա, ինչպես բուռն սիրով սիրող մի մայր յուր հարազատ որդուն: — Զավա՛կս... զավա՛կս... Մայր և զավակ... ուրիշ ի՞նչ կա ավելի քաղցր, ավելիկյանք տվող, քան այդ երկու բառերը... Զավա՛կս... օ՛, ո՞րտեղ էի ես մինչև այժմ, ի՞նչ էի անում, որ միայն այժմ եմ շնչում այս երկնային բառը... եսթշվառականս, այս երջանկագույն բառը թողած՝ ուրիշ երջանկության ետևից էի վազում... Զավա՛կս... զավակս... Օ՛, որպես լավ է այսպես... ես կցանկայի միշտ այսպես մնալ, միշտ, հավիտյանս...

Այդ միջոցին նա յուր դողդոջուն շրթունքներն անզգայաբար մոտեցրել էր նրա այտին և, երկար ժամանակ նրա վրա սեղմած ունենալով, նա շշնջում էր անդադար «զավակս» բառը:

Վերջապես նա թողեց Մարիային, ձեռքերը կցեց կրծքի վրա և գլուխը կախեց: Մի րոպե այդպես մնալուց հետո, առանց գլուխը բարձրացնելու, հարցրեց նա հանդարտ ձայնով.

Մա՛րիա, դու հիշո՞ւմ ես իմ ամուսնուս:

Հիշում եմ, տիրուհի, — պատասխանեց աղախինը:

Նա լավ երիտասարդ էր, Մարիա, շատ լավ երիտասարդ... նա գեղեցիկ էր... նա բարի էր... նա գառն էր, Մարիա... Ամենքը նրան սիրում էին... ամենքը նրան խղճում էին, իսկ ե՞ս...

Նա լռեց և գլուխը կախեց:

Իսկ ե՞ս, — կրկնեց նա: — Ես նրան չխղճացի... ես թունավորեցի նրա մատաղ կյանքը... նա մեռավ... Այնքա՛ն հանգիստ, այնքա՛ն սիրուն էր նա այդ ժամանակ, Մա՛րիա... Նա կարծես քնած էր... նրան տարան գերեզմանատուն և հողի մեջ դրին... Այնուհետև մի անգամ միայն ես այցելեցի նրա գերեզմանին, նրա վրա կանաչ խոտ էր բուսել... Ես լաց չեղա այնտեղ, Մարիա... թաղելիս էլ իմ արցունքը կեղծ էր... Ես նրան չէի սիրում...

Նա խոսում էր, կարծես, ինքն յուր հետ, գրեթե շշնջալով, և նրա գեղեցիկ աչքերից արտասուքի խոշոր, գոհարանման կաթիլները հանդարտ կերպով գլորվում էին նրա գունատ այտերի վրայով:

Եթե միայն ես այժմ նրա գերեզմանի մոտ լինիմ...

Նա դարձյալ լռեց և երկար ժամանակ մնաց այդպես անշարժ: Արտասուքը դադարեց հոսելուց, և նա այժմ, կարծես, մի բան, մի խոր բան մտածում էր: Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և նայեց Մարիային:

Մա՛րիա, — ասաց նա, — մենք պիտի գնանք Պետերբուրգ:

Ե՞րբ, տիրուհի:

Ե՞րբ... շուտովմի քանի օրից հետո: Իսկ այժմ ինձ մենակ թող:

Աղախինը վեր կացավ և դուրս գնաց:

Իշխանուհին առաջվա նման ձեռքերը դրեց բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը դարձյալ թաղեց կռների մեջ, և խոր մտածմունքները պաշարեցին նրան:

Նրա մտածմունքները այս անգամ բոլորովին ուրիշ տեսակ էին:

Նա լուսացրեց բազկաթոռի մեջ:

ԺԷ

ԱՆՏԱՌԻ ԾԱՌԵՐԻ ՏԱԿ

Հարունյանն իշխանուհու դաստակերտից հեռացավ շփոթված և հուզված, նրա սիրտը ճնշված էր անպատմելի ծանրության տակ: Այդ օրվա տեսակցությունր, խո՛սակցությունն և մանավանդ իշխանուհու գրկախառնությունն ու համբույրը նրա մեջ ամեն ինչ տակնուվրա էին արել... նրա միտքը, սիրտն և հոգին մնացել էին իշխանուհու մոտ: Նա բոլորովին չզգաց և չհասկացավ, թե ինչպես հասավ տուն: Դռան մեջ նրան դիմավորեց կինը:

Եկա՞ր, սիրելիս, սպասում էի քեզ անհամբեր... Այժմ ի՞նչպես ես, — հարցրեց նա յուր փաղաքշական ձայնով:

Կնոջ հանդիպելն առաջին նվաղ Հարունյանի մեջ ատելության նման ինչ-որ խորշեցնող զգացմունք ծնեցրեց դեպի նա: Եվ այդ առաջին անգամն էր, ինչ ապօրինի սերը ներս էր սողացել նրա սիրտը: Այդ նորածին զգացմունքն առաջին րոպեին, կատարելապես տիրապետելով նրա մյուս բոլոր զգացմունքներին, այն աստիճան զորեղ կամայականությամբ գործեց նրա մեջ, որ մինչև անգամ կնոջ հարցին նա չպատասխանեց և, առանց նրան նայելու, ներս մտավ սենյակը:

Կինը հետևեց նրան:

Ստեփաննո՛ս, նայիր ինձ, — անհանգստությամբ ասաց նա, կտրելով ամուսնու առաջը: — Ի՞նչ է պատահելդու բոլորովին գունատ ես...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last