Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last

Ի՞նչ պետք է պատահի, — գրեթե կոպտաբար պատասխանեց ամուսինը և, ցիլինդրը դնելով սեղանի վրա, նստեց մեծ բազկաթոռի մեջ:

Դու գունատ ես, Ստեփաննո՛ս, դու գունատ ես, — կրկնեց կինն առաջվանից ավելի անհանգստությամբ: — Գնալիս դու այդպես չէիր...

Հապա ի՞նչպես էի...

Ավելի հանգիստ էիրգույնդ այդպես նետած չէր...

Ամուսինը լուռ նայեց կնոջ աչքերին, հետո յուր հայացքը դարձրեց դեպի դուրս:

Գլուխս ցավում է, Նունե, — հանգիստ ձայնով պատասխանեց նա:

Միա՞յն:

Այո...

Կինն ակամայից հիշեց իշխանո՛ւհու գլխացավը և ինքն էլ չհասկացավ, թե ինչո՛ւ մի ուրիշ տեսակ հայացքով լուռ նայեց ամուսնու աչքերին:

Շա՞տ է նեղացնում, — հարցրեց նա:

Է՛հ, հիմար բան է, — պատասխանեց ամուսինը: — Արժե՞ սրա վրա ուշադրություն դարձնել... իսկույն կանցնի... Միայն դու լավ կանես, եթե ինձ առժամանակ հանգիստ թողնես...

Կինը կրկին անգամ նայեց նրա աչքերին առաջվա հայացքով: Ուրիշ անգամ գուցե նա հանգիստ չտար նրան յուր զանազան հարցերով՝ թե ինչո՛ւ է ցավում նրա գլուխը, կուզե՞ բժիշկ կանչեն և այլնԲայց այս անգամ, կարծես, ինչ-որ անհայտ զորությունից կաշկանդվեց նրա լեզուն: Նա ոչինչ չասաց և ակամա մտախոհությամբ դուրս գնաց:

Հարունյանն անմիտ հայացքով մեքենայաբար նայեց նրա ետևից և մնաց անշարժ նստած տեղում: Նա, կարծես, ոչ մտածում էր, ոչ զգում: Նրա ամբողջ գոյությունը կլանել էր միայն մի զգացմունքսերը, որ դեռ երբեք այդ ուժով չէր գործել նրա մեջ, ինչպես այդ ժամանակ: Կինը նրան անտանելի էր թվում, տունը՝ օտար, շրջապատող օդը՝ խեղդիլ, նրա բոլոր ուշքն ու միտքն իշխանուհին էր... Մինչև անգամ նա կարծում էր, թե նոր է սկսում սիրել:

Չանցավ երեք րոպե, դուռը կամաց բացվեց, տիկին Հարունյանը կրկին ներս մտավ: Նրա դեմքը սաստիկ անհանգստություն էր արտահայտում: Նա արագությամբ մոտեցավ ամուսնուն և բռնեց նրա ձեռքերից:

Ստեփաննո՛ս, — ասաց նա կնոջ սիրող, քնքուշ սրտին հատուկ անհանգստությամբ և ջերմ, կարեկից հայացքով նայելով նրա աչքերի մեջ, — դու գիտես, որ ես երբե՛ք չեմ կարող հանգիստ լինել, երբ քեզ այդպես եմ տեսնում... Ասա՛, ճշմարիտն ասա, ուրիշ բան խո չէ՞ պատահել քեզ... ուրիշ տեղդ խո չէ՞ ցավում... հըա՞:

Զարմանալի է. ասացի, որ միայն գլուխս է ցավում, — պատասխանեց ամուսինը, հազիվ դիմանալով կնոջ հայացքին: — Ինձ չե՞ս հավատում:

Ո՛չ, չեմ հավատում, Ստեփաննոս, չեմ հավատում... Դու երբե՛ք այդպես չես եղել... ես քեզ երբե՛ք այդպես չեմ տեսել... Երեկ գիշերվա օտարոտի վարմունքդ, այժմյան օտարոտի դրությունդ... ո՛չ, դու երբե՛ք այդպես չես եղել, հասկանո՞ւմ ես ինձ, երբե՛ք այդպես չես եղել... Դու մի բան գիտես... քեզ մի բան պատահում է, բայց դու այդ ինձ չես ուզում հայտնել... Ստեփաննո՛ս, նայի՛ր ինձ ուղիղ, ես վախենում եմ... Ասա՛, ասա ճշմարիտը... Ասա:

Նրա աչքերը թաց եղան, ձայնը դողաց և, կրկնապատկելով յուր հայացքի ուժը, նա չոքեց ամուսնու առաջ:

Մի ակնթարթում խղճի խայթը զարթնեց Հարունյանի մեջ. «խաբեբա՛, անպիտա՛ն, ստո՛ր, գարշելի՛, դավաճա՛ն» — կարծես միլիոնավոր ձայներ խլացրին նրա ականջները... Նա ցնցվեց ամբոոք մարմնով և կատարելապես տիրապետել իրեն:

Նո՛ւնե, ի՞նչ ես անում, վեր կաց, — ասաց նա փաղաքշական ձայնով: — Հավատացի՛ր, ոչինչ չկա, իզուր դու այդպես անհանգստանում ես... վեր կաց... գլուխս փոքր-ինչ ցավում է, իսկույն կանցնի... Վեր կաց:

Կինը վեր չկացավ, այլ ձեռքերով ամուր գրկեց ամուսնու մեջքը և, գլուխը դնելով նրա կուրծքի վրա, անհուն սիրով, անհուն քնքշությամբ լուռ նայեց նրա աչքերին:

Իսկ ամուսինը մի ձեռքով կամաց գրկեց նրա սիրուն, փոքրիկ գլուխը:

Հետևյալ օրը առավոտյան կինը խնդրեց ամուսնուց իշխանուհուն այցելության գնալու: Ամուսինը համաձայնեց, որպեսզի ոչինչ կասկածանքի տեղիք չտա նրան, բայց նախորդ օրվա իշխանուհու հետ ունեցած տեսակցությունից հետո Հարունյանի համար շատ դժվար էր կնոջ հետ նրան այցելելու: Ինչևիցե: Գնացին: Բայց իշխանուհին աղախնի բերանով հազար ներողություն խնդրեց, որ այդ ժամանակ ոչ մի կերպ կարող չէ ընդունել նրանց, որովհետև իրեն շատ վատ է զգում:

Երևի գլխացավը նորոգվել է, — ասաց կինն ամուսնուն:

Ամուսինը մնաց լուռ:

Կինը մտախոհ հայացքով նայեց նրան:

Խոսք եք տվել, ի՛նչ է, միմյանց, որ գլխացավը ձեզ միևնույն դրության մեջ ձգե, — ասաց նա: — Առաջ նրա գլուխն էր ցավում, երեկ՝ քոնը, այսօր դարձյալ նրանը...

Ամուսինն այդ խոսքերի վրա ստիպված ծիծաղեց միայն, բայց այդ ծիծաղը շատ անշնորհք ծիծաղ էր, որին մինչև անգամ սխալ կլիներ ծիծաղ անվանել:

Նրանք գնացին տուն, բայց երեկոյան կրկին եկան: Այս անգամ իշխանուհին ինքը դուրս եկավ նրանց առաջ նախասենյակը:

Սո՛ֆիա, — նրան տեսնելուն պես կանչեց տիկին Հարունյանը՝ առաջ շտապելով դեպի նա: — Այդ ի՞նչ ես դառել...

Իրավ որ իշխանուհին այդ մի օրվա մեջ նկատելի կերպով փոխվել էր: Դեմքը սաստիկ դժգույն էր, աչքերն ընկել էին խոր, կապույտը կապել էր նրանց շուրջը վարդագույն շրթունքները ստացել էին բաց կարմիր գույն, սիրուն, կյանք շնչող ժպիտն այլևս չէր պսակում նրա դեմքն և մի տեսակ տխուր, մռայլ քող կարծես ծածկել էր նրան ամբողջապես:

Հարունյաններին տեսնելով, նա մեղմ, տխուր կերպով ժպտաց և սեղմեց նրանց ձեռքը:

Պետք է ներեք ինձ, որ առավոտյան չկարողացա ձեզ ընդունել, — ասաց նա. — երեկ գիշեր մրսել էի, ի՞նչ էր, չգիտեմ, միայն այսօր... շատ վատ էի զգում ինձ:

Նա մի առանձին հայացքով նայեց Հարունյանին, բայց Հարունյանը չէր նայում նրան:

Այժմ ի՞նչպես ես զգում քեզ, — հարցրեց տիկին Հարունյանը:

Փոքր-ինչ լավ... Բայց շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այժմ ինձ մենակ չթողիք: Խնդրեմ ներս եկեք:

Երեքն էլ ներս մտան: Կարճ ժամանակից հետո եկավ և Պետրովը, բայց իշխանուհին նախապես հրամայել էր աղախնուն, որ նրան չընդունե: Այդ երկրորդ անգամն էր, որ խեղճ Պետրովը վռնդվում էր նրա տնից: Առանց Պետրովի, երեքով խոսեցին, ժպտացին, թեյ խմեցին, և այդ բոլորը տիկին Հարունյանի շնորհիվ միայն, իսկ իշխանուհին և պարոն Հարունյանը ոչ դատարկաբանության սիրտ ունեին, ոչ ժպտալու և ոչ թեյ խմելու: Նրանք երբեմնակի, տիկին Հարունյանից թաքուն, նայում էին միմյանց աչքերին, և նրանց այդ տխուր հայացքները փոխադարձաբար, կարծես, երկար պատմություններ էին անում միմյանց:

Տիկին Հարունյանն իշխանուհու խնդրանոք նստեց դաշնամուրի առաջ և սկսեց ածել: Այդ ժամանակ իշխանուհին կարողացավ ծածուկ ինչ-որ թղթի կտոր դնել պարոն Հարունյանի ձեռքը: Վերջինս իսկույն թղթի կտորը պահեց գրպանում:

Երբ իշխանուհուց բաժանվեցին և գնացին տուն, պարոն Հարունյանն առանձնացավ յուր սենյակը և կարդաց թղթի կտորի վրա մատիտով դրված հետևյալ մի տողը. «Հաջողեցրեք մի անգամ առանձնապես տեսնվել ինձ հետ»:

Հարունյանն աշխատեց որքան կարելի է շուտով հաջո՛ղեցնել այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, որովհետև նա կամենում էր վերջապես վերջ տալ յուր անտանելի դրությանը:

Բայց ո՞րտեղ պետք է տեսակցելայդ միտքը տանջում էր նրան: Նա չէր ուզում առաջվա նման խաբել կնոջը և իշխանուհու հետ տեսնվել նրա դաստակերտում, որովհետև վախենում էր, որ չլինի թե կինը` չգիտենալով, հանկարծ վրա հասներ իրենց, իսկ այդ բավական էր, որ միամիտ կինը կասկածանքի տեղիք ունենար, որից այնպես խույս էր տալիս Հարունյանը: Վերջապես, շատ մտատանջվելուց հետո, նա մտածեց, որ անտառում կարելի է տեսակցել բոլորովին ապահով կերպով:

Հետևյալ օրը, երբ կնոջ հետ դարձյալ այցելության գնաց իշխանուհուն, նա նույնպես, կնոջից ծածուկ, կարողացավ նրա ձեռքը դնել մի թղթի կտոր, որի վրա գրված էր հետևյալը. «Եթե կբարեհաճեք վաղը առավոտյան ժամը վեցին եկեք անտառն, ես այնտեղ անհամբեր կսպասեմ ձեզ: Ամենահարմար և ամենաապահով տեղն է, որտեղ համարձակ կարող ենք մենք տեսակցել միմյանց»: Իշխանուհին անմիջապես դուրս գնաց հարևան սենյակն, երևի կարդալու և, երբ մի րոպեից հետո դարձյալ ներս մտավ, թեթևակի գլխով արեց Հարունյանին: Հարունյանը հասկացավ, որ նա համաձայն էր անտառում տեսակցելու:

Նույն գիշեր Հարունյանն ամենևին աչք չխփեց: ի՞նչ պետք է խոսի արդյոք իշխանուհին, ի՞նչ վախճան պետք է ունենա արդյոք իրենց այդ երկրորդ առանձնակի տեսակցությունը, արդյոք դրանով վե՞րջ պետք է տրվի յուր անտանելի դրությանը, թե նորանոր և ավելի վատթար դրությունների նախադուռը պետք է բացվի, — ահա այդ մտքերն էին զբաղեցնում նրա ուղեղը: Գիշերն անցնում էր սպանիչ դանդաղությամբ, կարծես երբեք այլևս չպետք է լուսանար:

Առավոտյան ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու: Կինը հանգիստ քնած էր: Նա դուրս եկավ տնից և քայլերն ուղղեց դեպի անտառը: Այդ միջոցին ամառանոցի բոլոր փողոցները գրեթե դատարկ էին: Առհասարակ առողջապահության կանոններն անգիր արած և առողջության ետևի վազող ամառանոցի բնակիչները քնում էին մինչև կեսօրը, ինչպես այդ սովոր են անել քաղաքում, նրանց համար գոյություն չունի ամառանոցի հրաշալի վաղ առավոտը և վաղ առավոտ ի առողջարար օդը:

Արևը նոր էր բարձրանում: Անտառի թավուտ կատարը ներկվել էր շառագունով. ծառերն երկար ստվերներ էին արձակել: Ամառանոցի վերա կանգնած ամառային փոշենման մշուշը հետզհետե պարզում էր. երկնքի վրա` հորիզոններին մոտ` ձգվել էին ոսկեգույն ամպեր: Թռչունները վաղուց սկսել էին վաղորդյան իրենց զանազանաձայն ուրախ համերգը: Ցողասփյուռ անտառը շնչում էր թարմ, կենարար անուշահասությամբ:

Հարունյանը նստեց անտառի մուտքի մոտ՝ նստարանի վրա և սկսեց նայել դեպի այն կողմը, որ կողմից որ պետք է գար իշխանուհին: Բնության հրաշալիքն իսպառ կորցրել էր նրա աչքում յուր գրավիչ կախարդող ազդեցությունը, նրա սիրտը բաբախում էր շատ ծանր, ցավ տալով, կարծես մի անհայտ զորություն գուշակում և գուժում էր նրան մի սոսկալի վիշտ: Նա սպասում էր, սպասում էր, որպես մի մարմնացյալ անհամբերություն:

Հանկարծ նրա սիրտն այնպես թրթռաց, որ կարծես ուզում էր պատռել կուրծքն և դուրս ընկնել: Նա տեսավ իշխանուհուն, որ արագ քայլերով գալիս էր դեպի ինքը: էլ չսպասեց, որ նա մոտենա իրեն, և, վեր կենալով, իսկույն առաջ շտապեց դեպի նա: Նրանք մոտեցան միմյանց, լուռ նայեցին միմյանց աչքերին և լուռ սեղմեցին միմյանց ձեռքը: Նույն լռությամբ նրանք անմիջապես դիմեցին դեպի անտառ:

Իշխանուհին հագած ուներ սև հագուստ, դրա վրայից` ձմեռային կարճ վերարկու, որովհետև առավոտյան օդը զգալի կերպով ցուրտ էր, իսկ գլխին գցած ուներ մետաքսյա սպիտակ և բարակ շալ, որի առջևի երկու կողմերը պարանոցի մոտ բռնած ուներ ձեռքով: Նրա դեմքն դեռ այնպես գունատ չէր եղել, ինչպես այդ առավո՛տ, աչքերը բոլորովին ընկել էին խոր, նրանց տակի կապույտը կրկնապատկվել էր. շրթունքների բաց կարմիրը բոլորովին դժգունել էր. մի խոսքով նրա դեմքի վրա ամեն ինչ պարզ վկայում էր, որ նա շատ էր տանջվել և գիշերը բնավ չէր քնել: Հարունյանը կողքից նայում էր նրան, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր: Ո՛րպիսի զանազանություն առաջին անգամ թատրոնում տեսած և այժմյան իշխանուհու մեջ: Ի՞նչ զարմանալի, ի՛նչ անհավատալի փոփոխություն էր ստացել այդ կինը մի քանի օրում միայն: Քայլվածքը, հայացքը, շարժումներն, ամեն ինչ ծանր, ամեն ինչ զգաստ, ամեն ինչ տխուր:

Երկար ժամանակ նրանք գնում էին լուռ: Բայց նրանք չէին խոսում ո՛չ թե այն պատճառով, որ ոչինչ չունեին խոսելու, այլ այն պատճառով, որ վախենում էին. զգում էին, թե մի՛ գուցե ամեն մի արտասանած կամ լսած խոսքը ծանր հարված պատճառե իրենց սրտին:

Այդպես նրանք անցան մի քանի ճեմելիքներ:

Նստենք այստեղ, Հարունյան, — վերջապես առաջինը խոսեց իշխանուհին և մոտենալով մի նստարանի՝ նստեց նրա վրա:

Հարունյանը մեքենայաբար հետևեց նրան և նստեց նրա կողքին:

Լռությունը շարունակվեց դարձյալ մի կարճ միջոց: Իշխանուհին շարունակ նայում էր յուր առաջ: Նա ցույց էր տալիս, թե ինքը հանգիստ է, բայց թախծալից դեմքն իսկույն մատնում էր, որ նրա ներսը մեծ ալեկոծություն է կատարվում: էստ երևույթին, նա ջանք էր անում խոսելու, բայց բառերը չէին հպատակում իրեն: Վերջապես նրա դժգույն շրրթունքները բացվեցին և, առանց աչքերը հեռացնելու գետնից, նա անսպասելի հանգստությամբ կարողացավ արտասանել հետևյալ տեղ-տեղ ընդհատված նախադասությունը.

Ես... վճռեցի, որ մենք պետք է... բաժանվենք միմյանցից...

Հարունյանի դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ: Այդպես են լինում նրանք, որոնք լսում են իրենց մահու վճիռը: Նա անզգայաբար թեքվեց դեպի իշխանուհու դեմքն և կամաց առավ նրա ձեռքը, այդ ձեռքը սառն էր, որպես ձյուն:

Սո՛ֆիա... — շշնջաց նա մեղմ, քնքուշ, դողդոջուն ձայնով, որի մեջ պարզորեն լսվում էր նրա սրտի բոլոր տանջանքը:

Ես վճռել եմ, որ պետք է... հեռանամ... — առաջվա նման արտասանեց իշխանուհին:

Սո՛ֆիա... — կրկնեց Հարունյանը:

Այս անգամ իշխանուհին կամաց բարձրացրեց գլուխը և նայեց նրա աչքերին:

Բայց իմ հեռանալուց հետո, երբ մենք այլևս երբեք չենք տեսնիլ միմյանց, դուք կմոռանա՞ք ինձ, — ասաց նա:

Սո՛ֆիա, — այս անգամ ծանր կերպով հառաչեց Հարունյանը:

Համոզված եմ, որ չեք մոռանալ, Հարունյան, — շարունակեց իշխանուհին: — Համոզված եմ, որ ինձ միշտ կհիշեք... Եվ միակ երջանկությունը, որ ես պետք է տանեմ ինձ հետ, այդ կլինի... Ա՛խ, Հարունյա՛ն, Հարունյա՛ն, ինչու բախտը հանդիպեցրեց մեզ միմյանց, և եթե հանդիպեցրեց, ինչո՞ւ այսպիսի պայմանների մեջ... Սակայն մի՛ կարծեք, թե ես անիծում եմ մեր հանդիպումն, ընդհակառակնես ի սրտե օրհնում եմ այն րոպեն, երբ առաջին անգամ տեսա ձեզ, որո՛վհետև այդ ժամանակ գտա մի մարդ, մի վեհ, մի առաքինի մարդ, որ հետո, շատ հետո յուր բարոյական անպարտելի ուժով կարողացավ բարոյական վերածնություն տալ ինձմոլորված-ապականված հասարակության այս մոլորված և ապականված ծնունդիս... Թշվառ զոհի նման ես չեմ հեծեծում և չպետք է հեծեծամ այն հոգեկան տան ջանքների տակ, որ բախտը ձեր միջոցով տվել է ինձ. ես օրհնում եմ այդ տանջանքները, ես սիրում եմ այդ տանջանքները, որովհետև դրանց մեջ ես գտնում եմ միայն ինձ հասկանալի հոգեկան մի տարօրինակ, բայց վսեմ քաղցրություն... Սիրտս, հոգիս, ամբողջ գոյությունս այս րոպեիս անասելի կերպով վշտում է, բայց ես երջանիկ եմ, որովհետև ձեզ մոտ եմ, տեսնում եմ ձեզ, խոսում եմ ձեզ հետ, և դուք հասկանում եք ինձ. հասկանում եք և կարեկից, մասնակից եք լինում իմ վիճակիս... իսկ այդ շատ է, շատ-շատ է ինձ համար... այո՛, այդ բավական է, որ ես ինձ երջանիկ
զգամ... ախր չէ՞ որ այս ահագին աշխարհիս մեջ առանց ձեզ ես մենակ կլինեի, մենակ, ինչպես մի ամայի անապատի մեջ... Ա՛խ, եթե գիտենաք, թե ո՛րքան փոխվել եմ ես... Բայց գիտե՞ք, թե ի՛նչ էի ես առաջ: Ես ամուսին ունեի, համեստ, ազնիվ, առաքինի ամո՛ւսին, որ սիրում, պաշտում և նվիրված էր ինձ յուր բոլոր գոյությամբ, բայց ես... Ո՛չ ո՛չ, Հարունյան, դուք այդ չպետք է գիտենաք... ես չեմ ուզում, որ ձեր աչքում ընկնեմ... ես չեմ ուզում, որ դուք ինձ վրա վատ գաղափար կազմեք... միևնույն չէ՞, խո ես զղջում եմ, խո հեռանում եմ սխալ ճանապարհից, խո քավում եմ մեղքերս... ուրեմն` ինչո՞ւ դուք պետք է դատապարտեք ինձ, ի՞նչ իրավունքով պետք է դատապարտե ինձ և հասարակությունը... Ես վատ կին չեմ, Հարունյան, աստված է վկա, ես վատ կին չեմ. բնությունը ստեղծել է ինձ լավ հատկություններով, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ սխալ դաստիարակությունն իմ այդ լավ հատկություններին վատ ուղղություն է տվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ հասարակությունն ինձ այսպես այլանդակել է... Եվ եթե ես վատ կին լինեի, մի՞թե դուք ինձ կսիրեիք, Հարունյան, մի՞թե ձեր ազնիվ, առաքինի սիրտը կկապեիք իմ սրտի հետ, եթե ես վատ կին լինեի... Ո՛չ, Հարունյան, ո՛չ, անշուշտ ձեր բնությունը հասկացել է ինձ, և այդ անչափ ուրախություն է պատճառում ինձ... Այս րոպեիս ես ընդունակ և պատրաստ եմ ամեն տեսակ վեհ, սրբազան գործ կատարելու, և ահա այժմս ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ ձեզ, թե ամենայն հոժարությամբ ընդունում եմ կատարելու այն անձնազոհությունը, որ դուք խնդրում էիք ինձանից, որ դուք իբրև բարոյական սլարտականություն դնում եք ինձ վրա. ես պետք է հեռանամ ձեզանից, պետք է հեռանամ. ընդմիշտ... և...

Նրա ձայնը դողաց, կտրվեց, աչքերը լցվեցան արտասուքով, նա շրջեց յուր դեմքը Հարունյանից:

Հարունյանը կարծես զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից: Նա նստած էր անշարժ, միայն նայում և լսում էր նրան: Այդ ժամանակ նրա վիշտն այնքա՛ն ծանր էր, որ նա գրեթե ոչինչ չէր զգում:

Երկար լռությունից հետո իշխանուհին գլուխը դեպի նա դարձրեց և տխուր, շատ տխուր հայացքով նայեց նրա աչքերին:

Ինչո՞ւ չեք խոսում, Հարունյան, — հարցրեց նա մեղմ ձայնով:

Ի՞նչ ասեմ, — մեքենայաբար, անզգա ձայնով արտասանեց Հարունյանը:

Իշխանուհու աչքերը սաստիկ չռվեցին:

Հարո՛ւնյան, — կանչեց նա վախեցած, — ես հեռանում եմ ձեզանից, մի՞թե դուք ինձ բարի ճանապարհ չեք մաղթիլ...

Մի ակնթարթում Հարունյանի անզգա դեմքը խորին վշտի, խորին տանջանքի արտահայտություն ընդունեց:

Սո՛ֆիա, — արտասանեց նա ցավագին ձայնով: — Եթե այս րոպեիս այստեղ իմ առաջ մի սոսկալի անդունդ բացվեր, ես առանց մտածելու իսկույն կընկնեի նրա մեջ, որպեսզի միանգամից վերջ դրվեր իմ այսքան անտանելի տանջանքներին,..

Իշխանուհու հայացքն այս անգամ ընդունեց մեղմ, քընքուշ, անհուն սիրո և կարեկցության արտահայտություն: Նա առավ Հարունյանի ձեռքերն և ջերմագին սեղմելով նրանց, հազիվ լսելի ձայնով շշնջաց.

Ես հասկանում եմ քեզ, Ստեփաննոս, դու դժվարանում ես ինձ բարի ճանապարհ մաղթելու, բայց ո՛րքան պետք է դժվարանամ ես ասելու քեզ` մնացի՛ր բարև...

Նրա ձայնը դարձյալ դողաց, կտրվեց, բայց այս անգամ նա չկարողացավ իրեն զսպել, դառն արտասուքը հանկարծ դուրս ցայտեց աչքերից: Նա իսկույն հանեց թաշկինակը և ամուր սեղմեց աչքերին: Սակայն, շուտով հանգստացավ, շտապով սրբեց աչքերն և վեր կացավ տեղից:

Գնանք, Հարունյան, — ասաց նա նայելով շուրջը: — Այս մեր վերջին առանձնակի տեսակցությունն է, բայց ես հույս ունիմ, որ Նունեի հետ դուք այսօր դարձյալ կայցելեք ինձ... Ես գուցե երկու օրից, մի օրից հետո հեռանամ այս տեղից...

ԺԸ

ԾԱՆՐ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ

Վերջին առանձնակի տեսակցությունը կատարելապես ապացուցեց Հարունյանին, թե ո՛րքան մեծ և անդիմադրելի է այն ուժը, որ կապում է իրեն իշխանուհու հետ: Բարոյական այն զարմանալի փոփոխությունը, որ վերջին օրերում կատարվել էր իշխանուհու մեջ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրանքով, որովհետև այդ փոփոխության պատճառն ինքն էր. բայց երբ մտաբերում էր իշխանուհու վճիռն յուր ընդմիշտ հեռանալու մասին, խորին հուսահատությունն իսկույն պաշարում էր նրան, չնայելով որ այդ ինքն էր խնդրել նրանից, և այդ հուսահատությունն երբեմն այն աստիճանի էր հասնում, որ նա վախենում էր, թե չլինի՛ հանկարծ թողնե յուր կնոջն ու զավակին, որոնց երջանկության համար միայն ևեթ հանձն էր առել բարոյական սոսկալի պատերազմը, իր արդեն մոտ էր յուր լուծման, և հեռանար, փախչեր իշխանուհու հետ... նա զգում էր, թե որպես րոպե առ րոպե սառում է ինքը դեպի յուր ընտանիքը, թե որպես յուր սրտի վերջին կապը կտրվում է դրանից, այո՛, նա այդ զգում էր, բայց և միևնույն ժամանակ սարսափում էր, որպես մի սոսկալի ոճրագործ, որ հասկանում էր յուր մեղապարտ արարքի բոլոր ահռելիությունը...

Իշխանուհուց բաժանվելով, երբ նա վերադարձավ տուն, կինը նոր էր վեր կացել:

Ո՞ւր էիր գնացել, Ստեփաննոս, — հարցրեց նա:

Զբոսանքի, — սառնությամբ պատասխանեց Հարունյանը:

Այսպես վա՞ղ:

Ամուսինը չպատասխանեց:

Կինը զարմացած նայեց նրան:

Այսօր ի՞նչպես ես զգում քեզ, — հարցրեց նա կարճ լռությունից հետո:

Կատարելապես լավ, — նույն սառնությամբ պատասխանեց Հարունյանը:

Կինն ակամայից հիշեց այն սառնությունը, որով մի ժամանակ իշխանուհին ընդունում էր նրան և խոսում էր նրա հետ: Նա մտախոհության մեջ ընկավ:

Թեյ ուզո՞ւմ ես, — այս անգամ երկար լռությունից հետո դարձյալ հարցրեց նա:

Ինչո՞ւ չէ, — եղավ պատասխանը, որ միևնույն ժամանակ կարելի էր հասկանալ և՛ այսպես՝ միևնույն է, եթե չխմեմ էլ:

Այնուհետև ողջ օրը նրանց մեջ ի՛նչ հարց և պատասխան որ եղավ, բոլորն այդ եղանակով էր: Թեպետ Հարունյանը զգում էր այդ, բայց ուրիշ կերպ վարվել, ուրիշ կերպ խոսել չէր կարողանում, այնինչ կնոջ համար այդ այնքան զգալի էր, որ վերին աստիճանի զարմանքից մի տեսակ կաշկանդող ապշություն էր տիրել նրան:

Նույն օրն երեկոյան նրանք այցելեցին իշխանուհուն: Իշխանուհին զարմանալի կերպով հանգիստ էր. նրան տիրել էր մի տեսակ անտարբերություն, մի տեսակ անզգայականություն: Երևում էր, որ նա արդեն վերջնականապես հաշտվել էր յուր դրության հետ:

Տիկին Հարունյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՛ այս անգամ նրան սառնությամբ հանդիպեց և չկարողացավ առաջվա նման հեռվից ժպտալ նրա դեմքին, առաջ վազել դեպի նա, ջերմագին սեղմել նրա ձեռքերն և երեխայի նման խոսել նրա հետ: Իշխանուհուն տեսնելուն պես՝ ինչ-որ անհայտ զորություն, կարծես, ետ մղեց նրան, կաշկանդելով նրա թե՛ սիրտն և թե՛ լեզուն: Նա ակամայից մի տեսակ զննող, փորձող հայացքով սկսեց մերթ նայել յուր ամուսնուն, մերթ իշխանուհունո՛րպիսի զարմանալի նմանություն այդ երկուսի հոգեկան դրությունների մեջ...

Նունե, գիտե՞ս, ես էգուց պետք է հեռանամ այստեղից, — ասաց իշխանուհին:

Ինչո՞ւ, — շտապով հարցրեց տիկին Հարունյանը:

Որովհետև Կովկասի օդն ինձ վրա չէ գալիս, և բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ հեռանալու այստեղից, ապա թե ոչ, հետևանքն, ասում են, շատ վատ կլինի:

Հարունյանն իսկույն հասկացավ, որ իշխանուհին այդ փնտրել էր Նունեին բոլոր կասկածներից հեռու պահելու համար:

Տիկին Հարունյանը, լսելով յուր ընկերուհուց նրա հնարած խելքի մոտ պատճառաբանությունը, ոչինչ չասաց և նույն զննող, փորձող հայացքով նայեց ամուսնուն: Ամուսինն, ըստ երևույթին, հանգիստ նայում էր մի կողմն և, կարծես, չէր էլ լսում, թե ի՛նչ են խոսում նրանք:

Ո՞ւր պետք է գնաս, Սոֆիա, — կարճ լռությունից հետո հարցրեց տիկին Հարունյանը:

Պետերբուրգ:

Ուրեմն այլևս չե՞ս գա այս կողմերը...

Իշխանուհին մի թռուցիկ, անզգա հայացք ձգեց Հարունյանի վրա:

Ոչ, — պատասխանեց նա:

Սո՛ֆիա, ի՞նչպես թե ոչ, աղաղակեց իսկույն տիկին Հարունյանն, առնելով նրա ձեռքերն և անհուն սիրով, անհուն կարեկցությամբ նայելով նրա աչքերին: — Ի՞նչպես թե ոչ... Մի՞թե մեզ համար հեշտ կլինի, որ ապրենք միմյանցից հեռու, որ այլևս չտեսնենք միմյանց...

Իշխանուհին ամեն կերպ աշխատեց զսպել իրեն, որպեսզի հոգոց չհանե: Բայց նրա մինչև այժմ անզգա դեմքն ընդունեց խորին վշտի և հո՛ւսահատության արտահայտություն, իսկ աչքերը լցվեցան արտասուքով:

Այո՛, Նունե, — պատասխանեց նա կամաց, դողդոջուն ձայնով, — դժվա՛ր կլինի, շա՛տ դժվար, բայց... տեսնում ես դրությունս... ճանաչո՞ւմ ես ինձ... այս ի՞նչ եմ դառել ես... Եվ մի՞թե կուզեիր, որ այստեղ մնալով՝ ես ավելի վատթար դրության մեջ ընկնեի... Կհեռանամ, լավ կդառնամ և, ո՞վ գիտե, գուցե դարձյալ կգամ այս կողմերըկամ դուք կգաք այն կողմերը...

Այո՛, այո՛, Սոֆիա, անշուշտ մենք դարձյալ կտեսնվենք, անշուշտ կտեսնվենք... բայց, իհարկե, մինչև այդ ժամանակը մենք հաճախ նամակագրություն կունենանք, այնպես չէ՞, Սոֆիա:

Իշխանուհին առաջվա նման դարձյալ մի թռուցիկ հայացք ձգեց Հարունյանի վրա:

Իհարկե, — պատասխանեց նա:

Բայց էգուց ո՞ր ժամին ես հեռանալու:

Առավոտյան ժամի իննին կամ տասին:

Մինչև տուն գնալը` Հարունյանը գրեթե լուռ էր. խոսում էր միայն այն ժամանակ, երբ կնոջ առաջարկած մի որևիցե հարցին պետք էր պատասխանել, բայց նա պատասխանում էր շատ կարճ, ակամայից, կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ի՛նչ է ասում: Կինն առաջվա նման զարմացած և զննող, փորձող հայացքով դարձյալ մերթ նայում էր նրան, մերթ իշխանուհուն: Վերջինիս հետ խոսելիս` նա խոսում էր մերթ սաստիկ սիրով, սաստիկ կարեկցությամբ, ուզում էր գրկել նրան, համբուրել նրան, մերթ հանկարծ սառում էր, լեզուն կաշկանդվում էր, ինչ-որ անհասկանալի զորության ետ էր մղում նրանք

Այդ երեկո Պետրովը դարձյալ եկավ, բայց իշխանուհու աղախինն այս անգամ նրան պարտեզի դռնից վռնդեց, իհարկե, քաղաքավարի կերպով:

Հետևյալ օրը, երբ Հարունյաններն եկան իշխանուհուն ճանապարհ դնելու, ճանապարհորդական ժաժկաժ կառքն արդեն պատրաստ՝ կանգնած էր դուրսը: Այդ կառքը տեսնելուն պես նույն ազդեցությունն ունեցավ պարոն Հարունյանի վրա, ինչ ազդեցություն որ ունենում է մարդու վրա յուր սիրելիի դիակառքը կամ դագաղը: Կառքի մոտով անցնելիս՝ նա մի չարանենգ հայացք ձգեց ծեր կառապանի վրա, որ՝ յուր նստարանի վրա նստած՝ հազիվ կարողանում էր սանձահարել անհանգիստ, վիթխարի ձիերին:

Նրանք ներս մտան իշխանուհու մոտ: Իշխանո՛ւհին, արդեն բոլորովին պատրաստ, նստած էր լուսամուտի մոտ, կարծես, տեղնուտեղը սառել, փետացել էր: Երբ Հարունյանները ներս մտան, նրա մեռած հայացքն ընկավ միայն ամուսնու վրա: Կինը, որ մտնելուն պես՝ ուզում էր իսկույն ևեթ սաստիկ սիրով վազել դեպի յուր ընկերուհին, այդ հայացքը տեսնելով, հանկարծ կանգնեց և ուսի վրայից կամաց, թեթևակի կերպով ետ նայեց ամուսնու կողմը: Այնուհետև դանդաղ քայլերով նա մոտեցավ իշխանուհուն և լուռ ու սառնությամբ սեղմեց նրա ձեռքը: Հարունյանն առաջ չգնաց և հեռվից միայն գլուխ խոնարհեց իշխանուհուն:

Կես ժամի չափ նրանք մնացին միմյանց մոտ. բայց այդ բոլոր ժամանակ նրանք ավելի լուռ էին, քան թե խոսում էին: Տիկին Հարունյանը հարցրեց իշխանուհուց, թե ի՛նչ է անելու արդյոք յուր կալվածքների հետ, որ ինքը հեռանում է: Իշխանուհին պատասխանեց, որ առժամանակ թողնում է այնպես, մինչև որ Պետերբուրգից մի որևիցե կարգադրություն կանե: Յուր կալվածքների մասին նա խոսում էր այնպես, որ կարծես դրանք նրա աչքում մի կոպեկի գին անգամ չունեին:

Հանկարծ նա վեր կացավ, տենդային արագությամբ մոտեցավ սեղանին և սաստիկ հնչեցրեց հնչակը:

Աղախինը ներս մտավ:

Կառքը պատրա՞ստ է, — իրեն հատուկ նախկին վեհանձնությամբ հարցրեց նրան իշխանուհին:

Հարունյանը ցնցվեց ամբողջ մարմնով, ինչպես մի դատապարտյալ, որի ականջներում հանկարծ հնչում է օրհասական ձայնը, — կախաղանը պատրաստ է

Վաղուց է պատրաստ, տիրուհի, — պատասխանեց աղախինը:

Ուրեմն շուտով փակիր բոլոր լուսամուտների փեղկերն ու դռները, — հրամայեց իշխանուհին և ծածկելով գլխարկը՝ մի տեսակ օտարոտի ժպիտով դարձավ Հարունյաններին, — առ այժմ, սիրելիներս, ժամանակն է:

Եվ նա առաջվա վեհանձնո՛ւթյամբ շտապեց դուրս:

Հարունյանները հետևեցին նրան: Նրանք սաստիկ զարմացել էին նրա այդ հանկարծակի փոփոխության վրա: Առաջվա հպարտ, շարժուն, կյանք շնչող իշխանուհին յուր կատարյալ վեհանձնությամբ կանգնած էր նրանց առաջ: Տիկին Հարունյանը, կարծես, չհավատալով յուր աչքերին, միայն նայում էր նրան, իսկ պարոնընույնպես նայում էր նրան և մտածում:

«Ի՞նչ է նշանակում այսսրա հեզությունը, սրա տխրությունը, վիշտը, աղաչանքը, լացը, մի՞թե բոլորը դիմակ էր... մի՞թե սա խաղում էր զգացմունքներիս հետ, մի՞թե սա դերասանություն էր անում իմ առաջ... մի՞թե, մի՞թե»...

Ինչ-որ ներքին անորոշ բորբոքում պաշարեց Հարունյանին, տղամարդկային հպարտ սրտի վիրավորված քնքուշ լարերը ցավագին ձայներ հանեցին... նա մի տեսակ սուր, թափանցող հայացք ձգեց իշխանուհու վրա և նրան թվաց, թե դա առաջվա նման կարմրայտ և վարդագեղ է, թե դա առաջվա նման անհոգ և քաղցրիկ կերպով ժպտում է:

Բայց եթե Հարունյանը փոքր-ինչ սառնությամբ և լրջորեն թափանցեր իշխանուհու այդ րոպեի հոգեկան աշխարհը, կտեսներ, որ դրա այդ հանկարծակի փոփոխությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի տեսակ ներքին, տենդային բորբոքում, որի նմանը պաշարում է երկար ժամանակյա մահամերձ հիվանդին մեռնելուց մի քանի րոպե առաջ:

Պատշգամբից իշխանուհին տեսավ դրսում կանգնած կառքը, հանկարծ կանգ առավ և շուռ եկավ դեպի Հարունյանները: Նա դեռ նայեց պարոն՝ հետո տիկին Հարունյանին և հանկարծ փաթաթվելով վերջինիս վզովը կանչեց սրտակտուր ձայնով.

Նո՛ւնե, թողնում եմ քեզ մոտ սիրտս, հոգիս, բոլոր երջանկությունս... պահի՛ր աչքիդ լույսի պես:

Նա յուր այտն ամուր սեղմեց ընկերուհու այտին և դառնապես հեկեկաց:

Տիկին Հարունյանն մայրական քնքշությամբ յուր կողմից գրկեց նրա մեջքն և կամաց համբուրեց նրա վիզը:

Կարճ ժամանակ այդպես գրկած ունենալուց հետո իշխանուհին թողեց նրան, շտապով սրբեց աչքերն և, մոտենալով Հարունյանին, երկար սեղմեց նրա ձեռքը: Թեպետ այդ ժամանակ նա ոչինչ չկարողացավ արտասանել, բայց նրա հայացքն հազարապատիկ ավելի լավ ասաց այն, ինչ որ նա պետք է խոսքերով ասել:

Այնուհետև շտապով իջնելով սանդուղքներով և, կարծես, չտեսնելով յուր ճանապարհի վրա շարված ծեր պարտիզպանին, նրա կնոջն և դաստակերտում իրեն ծառայող մյուս մարդիկներին, որոնք հավաքվել էին նրան վերջին անգամ բարի ճանապարհ մաղթելու, նա ուղղակի դուրս գնաց դեպի կառքը, որի մոտ սպասում էր նրան աղախինը: Հարունյանները հետևեցին նրան:

Կառքի մոտ նա վերջին անգամ լուռ սեղմեց նրանց ձեռքն և ուզում էր բարձրանալ կառքն, երբ հանկարծ նրա ոտները դողացին և նա անշուշտ վայր կընկներ, եթե Հարունյանն իսկույն չբռներ նրան: Նա շուռ եկավ, առաջվա նման օտարոտի կերպով ժպտաց Հարունյանի դեմքին, երևի դրանով հայտնելով նրան յուր շնորհակալությունն, և իսկույն ներս մտավ կառքը: Աղախինը կառքի մյուս դռնից հետևեց նրան: Իշխանուհին այլևս դուրս չնայեց: Կառքի դռները շրխկալով փակվեցան, կառապանը մտրակեց ձիերին և կառքը, յուր ետևից թոզի մի ահագին ծուխ բարձրացնելով, առաջ սլացավ:

Հետևյալ օրն Արմենակը վերադարձավ քաղաքից: Մտնելով եղբոր և հարսի մո՛տ, նա բացականչեց. — ծիծեռնակին քաղաքում տեսա, մի՞թե գարունն արդեն հեռացել է այստեղից:

ԺԹ

ՎԵՐՋԻՆ ՄԻ ՓՈՔՐԻԿ ԳԼՈԻԽ

Այդ օրից անցել էր մի ամբողջ շաբաթ:

Կեսգիշեր էր:

Հարունյանը նստած էր բազկաթոռի մեջ, իսկ նրա հանդեպ գահավորակի վրա՝ նրա կինը: Հարունյանը նստած էր անշարժ և գլուխը խոնարհած, նա հանդարտ խոստովանության նման ինչ-որ բան էր պատմում: Կինը նստած էր նույնպես անշարժ, փոքրիկ, սիրուն գլուխը հենած ձեռքի վրա` նա անթարթ աչքով նայում էր սենյակի անկյունին և ամենայն ուշադրությամբ լսում էր ամուսնուն:

Պատմությունը երկար տևեց: Երբ վերջացավ, երկու ամուսիններից ոչ մեկը մի մազաչափ անգամ չփոխեց յուր դրությունը:

Լռությունը կատարյալ էր:

Վերջապես Հարունյանը կամաց բարձրացրեց գլոլխը և նայեց կնոջ դեմքին:

Կնոջ գեղեցիկ աչքերից հանդարտ կերպով բխում էին արտասուքի փայլուն կաթիլներ, գլորվում էին նրա գունատ այտերի վրայով և թրջում էին նրա քնքուշ, նիհար ձեռքը:

Բայց ո՞վ կարող է մեզ ասել, թե այն ի՛նչ արտասուքի կաթիլներ էին...

1887

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 Next Last