Նար-Դոս՝   Մահը

Հորն այնպես թաղեցին, որ Շահյանը մի կաթիլ արտասուք անգամ չթափեց: Նրան հուզում էր միայն մոր ծանր վիշտը, սակայն այդ վիշտն էլ չտեսնելու համար փակվում էր իր սենյակում:

Այժմ նա բոլորովին կտրել էր իրեն արտաքին աշխարհից: Հորից ժառանգություն մնացած կալվածների կառավարությունը հանձնել էր իրենց հեռավոր ազգական Ստեփան անունով մի մարդու, որը փառավորապես խաբում էր նրան և եկամտի մի մասն իր գրպանը կոխում: Շահյանը զիտեր այդ, բայց ամենևին չէր հուզվում: Նա միանգամայն գոհ էր, որ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում իր հանգիստը: Իսկ նրա հանգիստը այն էր, որ ամբողջ օրը կամ չափում էր տաք սենյակի մի ծայրից մյուսը, կամ կարդում էր մաղձով լի հոռետես փիլիսոփաների երկերը, կամ պառկում ու քնում էր օրվա որ ժամին էլ պատահեր:

Մինչդեռ այդ ժամանակներումն էր, որ Թուրքա-Հայաստանում հանկարծ երևան եկած շարժումները խլրտումն էին ձգել հասարակության մեջ և զբաղեցնում էին մտքերն ավելի ու ավելի: Երբեմն լրագրերի մեջ սպրդած մի չնչին լուր ձեռքից ձեռք էր խլվում. մասնավոր տեղեկությունները շրջում էին բերնե-բերան. ամեն տեղ խոսում, դատում, վիճում էին. մեկը տասն էին շինում, տասըհարյուր: Ինչ-որ քնած հսկայական մի բան շարժվել էր հանկարծ և իր հուժկու հոսանքի հետ քշում էր ամենքին ուր-որ... Մեռած հայության մեռած հույսերը կենդանացել էին, թեև ապագան ծածկված էր անթափանցելի մռայլ քողով...

Մի անգամ, կեսօրին մոտ, երբ Շահյանը, իր սովորության համաձայն, չափում էր սենյակի երկարությունը, հաճելի խտղտանք զգալով ոտներին թույլ կերպով հագած փափուկ մաշիկների շլպ-շլպոցից, ծառան մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան: Նա պատվիրեց, որ այդ պարոնին ներս հրավիրե հյուրասենյակ, իսկ ինքը, զարմանալով, թե ո՞վ կարող է իրեն տեսնել ուզենալ, քանի որ ոչ ոքի հետ հարաբերություն չուներ, դեն ձգեց մաշիկները, հագավ կոշիկները, շտապով հանեց խալաթը, որ հոր մահից հետո սովորություն էր արել հագնելու, հագնվեց, մի քիչ կոկվեց և դուրս գնաց հյուրին ընդունելու:

Հյուրասենյակում նրան դիմավորեց Բազենյանը, որին նա բոլորովին մոռացել էր:

Այս էլ ես, իմ սիրելի վաղեմի բարեկամ, — մտերմական շինծու քաղաքավարությամբ ասաց Բազենյանը, երկու ձեռքով սեղմելով Շահյանի ձեռքը: Նա հագնված էր վերջին մոդով, մաքուր, գեղեցիկ և հոտավետ օծանելիքով սրսկված: — Հավատարիմ մնացի խոստմանս և, երկար տարիների բացակայությունից հետո, վերադառնալով այս օրհնյալ քաղաքը, նորից բախտ ունեցա քաղցր տեսությանդ արժանանալու: Եվ ի նկատի ունեցիր, սիրելիդ իմ Լևոն, որ այստեղի հին բարեկամներիցս դու ես առաջինը, որին այցելում եմ, չնայելով որ այս կողմերի գավառական մի քանի քաղաքներն արած էքսկուրսիայիցս մի ամսից ավելի է, որ վերադարձել եմ:

Երկաթուղու կայարանում, կարծեմ, քեզ տեսա:

— «Միխայլովո» կայարանում:

Ոչ, Թիֆլիս մտած օրդ:

Չեմ կարող ասել՝ տեսա՞ր, թե ոչ, որովհետև ես քեզ չեմ տեսել: Է՛հ, ուրիշ ինչ բարիդ հարցնենք: Ծնողներդ ո՞ղջ են, առո՞ղջ են:

Շահյանը հիշեց, որ հայրը մեռել է, և դեմքին տխուր արտահայտություն տվեց:

Հայրս մեռավ, — ասաց նա:

Բազենյանն աչքերը չռեց անակնկալ լուր լսողի պես:

Մեռա՞վ... ե՞րբ, ի՞նչ ես ասում: Նստիր տեսնենք:

Եվ, վերին աստիճանի նուրբ կեղծ ցավակցության հետաքրքրություն ցույց տալով, Բազենյանը վարվեց այնպես, որ կարծես ինքը չէր հյուրը, այլՇահյանը: Շահյանի ձեռքից բռնած նստեցրեց նրան և ինքը նստեց նրա մոտ: Շահյանը համառոտ կերպով պատմեց հոր մահը:

Շատ, շատ ցավում եմ, — լրջությամբ լսելուց հետո ասաց Բազենյանը, պինդ սեղմելով նրա ձեռքը: — Ափսոս, չեմ իմացել, որ կատարեի ընկերական պարտքս և ներկա լինեի թաղմանը: Խնդրում եմ, ներիր: Այդ օրերին ես նոր էի եկել և այնքան խառնված էի, որ ժամանակ չունեի մինչև անգամ լրագիր առնելու ձեռքս: Համենայն դեպս, դու էլի բախտավոր ես, Լևոն, — ավելացրեց նա հառաչելով: — Գոնե տուն ունիս, տեղ ունիս, վերջապես, մայր ունիս: Իսկ ե՞ս... Մանկությունից արդեն դատապարտված էի որբության և անտերության, և զարմանալի չէ, որ այնքան փչացած էի: Նրանից հետո ավելի փչացա: Երկու անգամ բանտ եմ նստել գողության համար: Մի անգամ էլ մարդ սպանեցի և փախա արդարադատության ձեռքիդ, և այդ բանը փրկեց ինձ վերջնական անկումից: Բացի դրանից, ես ընկա այնպիսի շրջաններ, որ ինձ կատարելապես կերպարանափոխեցին, այո՛, կատարելապես, այնպես որ շատ անգամ, երբ համեմատում եմ անցյալս ներկայիս հետ, ինքս էլ ապշած եմ մնում, թե ինչպես կարող էի այսպես փոխվել: Լինում են մարդիկ, որոնք բնավորության մի ծայրահեղությունից ընկնում եմ մյուս ծայրահեղության մեջ: Այդպիսիններից մեկն ես եմ, երևի: Գիտես, թե ինչ էի առաջ, բայց այժմ... Է՛հ, ես իմ մասին սկսեցի խոսել: Չեմ սիրում, — կանչեց Բազենյանը և, վեր կենալով, մի ծխախոտ վառեց: — Ավելի լավ է քո մասին պատմես: Ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում:

Իմ մասին խոսելն ամենևին հետաքրքրական չէ, — ասաց Շահյանը շփոթվելով: — Ես, այ, այսպես անգործ և անպետք ընկած եմ տանը: Դու քո՛ մասին պատմիր: Ո՞րտեղ էիր այսքան ժամանակ, ի՞նչ էիր անում, այդ ի՞նչ փոփոխություն է, որ կատարվել է քո մեջ:

Է՜, այդ մասին, որ խոսեմ, օրերով պետք է նստեմ քեզ մոտ. դա ձեռաց պատմելու բան չէ: Բայց այժմ...

Բազենյանը զգուշորեն նայեց հարևան սենյակի դռանը և հարցրեց ձայնը ցածրացնելով.

Այնտեղ խո մեզ ոչ ոք չի՞ լսում:

Շահյանը զարմացած նայեց նրա խորհրդավոր դեմքին:

Չէ: Ի՞նչ է որ: Բազենյանը, շարունակելով նայել հարևան սենյակի

դռան կողմը, նստեց Շահյանին մոտիկ և ձայնն ավելի ևս ցածրացրեց.

Ես քեզ, իբրև վաղեմի մտերիմ ընկերոջս, մի բան պիտի հայտնեմ, որը հույս ունիմ մեր մեջ կմնա:

Եվ Բազենյանը խորհրդավոր եղանակով ու մութ ակնարկներով սկսեց պատմել արտասահմանում կազմակերպված հայկական մի ինչ-որ կոմիտեի մասին, որի նպատակն է հեղափոխություն առաջ բերել Թուրքիայի հայկական գավառներում: Հայտնեց, որ ինքն այդ կոմիտեի գործոն անդամներից մեկն է և եկել էր Կովկաս հատուկ այն նպատակով, որ տեղական մասնաճյուղեր կազմե, դրամ հավաքե և զենք ուղարկե: Ասաց, որ գործն արդեն սկսված է, ապացույց բերեց վերջին անցքերը, բացատրեց այդ անցքերի նշանակությունն ապագայի համար, մտավ նույնիսկ պետությունների դիվանագիտության նրբությունների մեջ և, վերջ ի վերջո, ազատ և անկախ հայրենիքի մի սիրուն պատկեր դրեց ապշած Շահյանի առաջ:

Բազենյանը ճարպիկ լեզու ուներ. խոսում էր կենդանի և ազդու կերպով, գիտեր իր պատմածներին խորհրդավոր գույն տալ: Ընդսմին իր շարժումները, արտասանությունը, հետաքրքրություն զարթեցնելու և լսողին գրավելու բոլոր ձևերն արտիստական կատարելության էր հասցրել:

Շահյանը սկզբում սկսել էր վախենալ նրանից: Բազենյանի պատմածները վերին աստիճանի համարձակ բաներ էին թվում նրան, և իր նախկին ընկերն ամեն մի խոսքի վրա աճում, բարձրանում էր նրա աչքում: Բայց հետո կամաց-կամաց գրավվեց, իսկ վերջը լսում էր նրան ամենայն հաճությամբ, նույնիսկ ագահորեն: Նրա ինքնասիրության համար խիստ հաճելի էր, որ այդպիսի մեծ գործի նվիրված մի երիտասարդ հավատ էր ընծայում իրեն և իր տան մեջ րոլորովին մտերմորեն պատմում էր իրեն իրենց գաղտնիքները:

Նա խնդրեց, որ Բազենյանը ճաշի մնա իր մոտ: Բազենյանը սկզբում հրաժարվեց, բայց վերջը զիջելով Շահյանի թախանձանքին, մնաց: Ճաշին հեղափոխականի գլուխը բավական տաքացավ և լեզուն ավելի բացվեց: Շահյանն էլ այդ օր սովորականից շատ ավելի խմեց: Կախեթի ընտիր գինուց: Երբեք այդ օրվա պես լավ տրամադրության մեջ չէր զգացել իրեն: Նրան թվում էր, թե այդ օր, ճաշի ժամանակ, երբ գինին արդեն գլուխն էր ընկել, վերածնության մի օր էր իր համար: Մի առանձին եռանդ, երակների մեջ մի առանձին տաքություն էր զգում, որոնք առաջ բոլորովին անծանոթ էին նրան, և նա էլ սկսել էր խոսել: Բանն այնտեղ հասավ, որ երբ Բազենյանը բաժակը կրկին բարձրացրեց «սուրբ գործի» կենացը, Շահյանը բաժակի ձեռքին վեր թռավ տեղից և համբուրեց ընկերոջ փոքրիկ ձիգ բեղերը:

Այդ գործի օգտին հինգ հարյուր ռուբլի ես եմ նվիրում, — բացականչեց նա:

Այստեղ արդեն Շահյանն այն աստիճան զգացվեց, որ սկսեց ամենայն անկեղծությամբ խոստովանել իր ոչնչությունըմի բան, որ դեռ ոչ ոքի առաջ չէր արել: Էլ ցեխ ու մուր չմնաց, որ չթափեր իր վրա:

Ասա, խնդրեմ, ինչացո՞ւ եմ ես, — ասում էր նա տաքացած, ռուսերեն լեզվով, որպեսզի մայրը, որ ներկա էր ճաշին, չհասկանա իրենց խոսակցությունը: — Հը՞ , քեզ եմ հարցնում, ինչացո՞ւ եմ ես կամ ինչացո՞ւ են ինձ նմանները, եթե միայն ուրիշներն էլ կան ինձ նման: Ես չեմ ընդունում, թե ինձ նման մեկ ուրիշն էլ լինի, որովհետև չգիտես, ախր, թե ինչ եմ ես: Ես... ինչպե՞ս ասեմ... ես հասարակության, ազգի համար մի մինուս եմ, մի զրո, որն իր մեջ պարունակում է տորիչելյան դատարկությունից էլ մեծ դատարկություն: Ողորմածիկ հայրս թեև, — ի՞նչ ծածկեմ մեղքս, — վախենում էր ինձնից, որովհետև իմ բոլոր մաղձը նրա վրա էի թափում, բայց երբեմն էլի ուղղակի կամ անուղղակի երեսովս էր տալիս իմ անպետքությունը: Այդ ինձ կատաղեցնում էր: Ինչո՞ւ: Որովհետև ճշմարտություն էր ասում, և ես օգուտ էի քաղում այն հանգամանքից, որ իր միակ զավակն էի, և նա սիրում էր ինձ: Մի անգամ էլ երկու օրիորդի, երկու զարմանալի օրիորդի հետ խոսակցություն ունեցա կյանքի և մարդու գոյության նպատակի մասին: Թե ինչպես նրանք ցամաք-ցամաք ցեխը կոխեցին ինձ ու հանեցին իմ հոռետեսական հայացքներիս համար, — չեմ կարող ասել: Նրանք պարզապես հասկացրին ինձ, որ ես հոռետես եմ ձևանում նրա համար միայն, որ ծածկեմ իմ ոչնչությունը: Երբ նրանցից հեռացա, ինձ թվաց, թե փողոց եմ դուրս եկել կաշիս մաշկած, անատոմիական ծանոթ նկարի պես: Մինչև հիմա էլ, որ մտաբերում եմ, ուզում եմ գետինը մտնել ամոթից: Հիմա համեմատենք ինձ ու քեզ: Ւ՞նչ ես դու և ի՞նչ եմ ես: Դու կրակ ես, եսսառույց, դու հեղեղ ես, եսճահիճ, մինչդեռ դու տարին տասներկու ամիս հանգստությունդ, անձնական վայելքներդ մոռացած թափառում ես երկրից երկիր անմահ գործի համար և մութ բանտը, տաժանելի կապանքներն ամեն րոպե աչքիդ առաջն են, ես ի՞նչ եմ անում. ես, ա՜յ, այս չորս պատերի մեջ առանձնացած, քնում եմ երբ ուզում եմ, քնում եմ՝ երբ ձանձրանում եմ արթուն մնալուց, ապահով միանգամայն այն բանից, որ փողոցի մուրացիկն անգամ չի հալածում ինձ իր աղիողորմ աղերսներով: Այս ի՞նչ կյանք է: Այսպես վերջին մրջյունն անգամ չի ապրում: Հավատա, Բազենյան, եթե մայրս չլիներ, ես վաղուց արդեն անձնասպանություն կլինեի գործած, որովհետև չգիտես, ախր, թե ի՜նչ զարհուրելի, ի՜նչ անտանելի կյանք է այս, որ ես եմ վարում: Գիտակցություն ունիմ, գուցե, ավելի, քան պետք է ունենան ինձ նման ողորմելի արարածները, բայց կամք չունիմ, բնավորություն չունիմ, մի խոսքով` փալաս եմ, ամոթ է ասել, նույնիսկ աղտոտությունը սրբելու անարժան մի փալաս...

Բազենյանը սկսեց հանգստացնել նրան, լրջորեն համոզելով, որ իզուր է այդպես վատաբանում իրեն, որ նրա պես ազնիվ հոգու և ձգտումների տեր երիտասարդներն, ընդհակառակը, շատ պիտանի են ազգին, իսկ այդպիսի երիտասարդներ շատ չես գտնիլ: Նա ասաց, որ Թիֆլիսում, փոքրիշատե ունևոր դասակարգի մեջ, միայն Շահյանին է հանդիպում, որ խոշոր նվիրաբերություն է անում «սուրբ գործի» օգտինմի բան, որի համար հայրենիքի թշվառ զավակները երախտապարտ պիտի մնան նրան: Ինքը, Բազենյանը, փող չունի` գործով է օգնում, Շահյանը փող ունի` փողով է ուզում օգտակար լինել, մի՞թե այդ միևնույն չէ. օգնությունը օգնություն է` փողով թե գործով, մեկը մյուսից ավելի է և մեկը մյուսին լրացնում է: Այստեղ Բազենյանն երկար ու բարակ փիլիսոփայության մեջ մտավ, բացատրելով փողի և գործի փոխադարձ ուժն ու նշանակությունը:

Չնայելով որ գինին արդեն բավական կպել էր երկսին էլ, խոսակցությունն ամենևին թեթև բնավորություն չէր ստանում, ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի խոր փիլիսոփայությունների մեջ էին մտնում, մանավանդ Շահյանը, որի հիվանդությունն էր վերացական դատողություններով զբաղվելը:

Խոսակցությունը զուտ նեղ, մտերմական բնույթ ստացավ ճաշից հետո, երբ նրանք, փափուկ բազկաթոռների վրա իրար դեմուդեմ նստած, թանկագին սիգարների ծուխը դեպի առաստաղն էին բարձրացնում : Շահյանն ամենայն անկեղծությամբ ասում էր այն բոլորը ինչ որ սրտում ուներ, և համոզված էր, թե Բազենյանն էլ ինչ որ ասում էր, իր սրտինն էր ասում: Մինչև անգամ ամենևին կասկած չտարավ այն մասին, որ երբ նորից հարցրեց, թե ինչպես է եղել, որ նա այդպես փոխվել և իրեն «սուրբ գործին» է նվիրել, — Բազենյանը հառաչելով պատասխանեց, թե պատճառը գլխավորապես էլզասցի մի աղջիկ էր, զարմանալի, նմանը չունեցող մի աղջիկ, որը գրեթե խելագարված էր «ռըվանշի» վրա:

Նա կարող էր երկրորդ Ժանն դ՛Արք լինել, եթե հիվանդ չլիներ, — շարունակեց Բազենյանը: — Նրա հետ ծանոթացա Ցուրիխում: Ասում էր, թե փախել է Ստրասբուրգից պարզապես նրա՛ համար, որ այլևս չտեսնե «գարեջրի հոտած տակառների» երեսը: Այդպես էր անվանում գերմանացիներին, որոնք, հիրավի, հոտած ազգ են և սարսափելի բռնակալ: Ինքը հասարակ ծնողների զավակ էր, բայց բավական զարգացած: Եղբայրը ծառայում էր գերմանական զորքի մեջ, և դու տես բախտի խաղըթունդ գերմանոֆիլ էր: Դրա համար եղբորն ավելի էր ատում, քան թե իրեն՝ երկաթե կանցլերին: Եղբոր անունն անգամ չէր ուզում լսել, իսկ երբ խոսակցություն էր բացվում նրա մասին, ուղղակի դավաճան էր անվանում նրան և դառնությամբ գանգատվում էր, որ իր պես թշվառ քույր չկա աշխարհիս երեսին: Ես չեմ պատմիլ, թե ինչպես ծանոթացա նրա հետ, ինչպես մոտեցանք իրար, — դա մի ամբողջ ռոմանի նյութ կարող է լինել, — այսքանս միայն կասեմ, որ... գժվածի պես սիրահարվեցի նրա վրա: Այո, գժվածի պես, Լևոն... Ի դեպ. դու երբևիցե սիրահարվե՞լ ես:

Այդ հարցի վրա Շահյանի աչքի առաջ իսկույն պատկերացավ Եվան և նրա սիրտը լցվեց դառն անձկությամբ:

Ոչ, — պատասխանեց նա երկար տատանումից հետո:

Ուրեմն երջանիկ ես: Այո՜, երջանիկ ես, Լևոն, որովհետև սիրո պատճառած դառնությունն ավելի է, քան քաղցրությունը: Գոնե իմ սերն ինձ մեծ տանջանք պատճառեց: Նա մեռավ, Լևոն, մեռավ՝ ինչպես մեռնում է ազատություն սիրող թռչունը վանդակի մեջ, մեռավ, ինչպես մեռնում է մայր հողից կտրված ծաղիկն օտար հողի մեջ... Հարկավո՞ր է արդյոք պատմեմ, թե նրա մահն ի՜նչ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Այսքանս բավական է ասեմ, որ մի անգամ նույնիսկ փորձեցի անձնասպանություն գործել, բայց դարձյալ նրա հիշատակն եղավ, որ ինձ փրկեց: Մի անգամ, մի հրաշալի գիշեր, — ա՜խ, այդ սիրո գիշերները, երբ լուսնի ծիծաղկոտ լույսը չես իմանում տանջո՞ւմ է քեզ, թե փաղաքշում, — այդպիսի մի գիշեր դուրս եկանք զբոսանքի: Նա ասաց, որ իր հայրենիքի վիճակն երբեք չի տանջում իրեն այնպես, ինչպես այդպիսի հրաշալի գիշերներին, և հանկարծ հարցրեց իմ հայրենիքի մասին: Ինձ թվաց, թե հանկարծ ինքս էլ համակվեցի նույն վշտով, ինչ որ նա: Սկսեցի պատմել մեր հայրենիքի աղետալի վիճակը և ասացի, որ երկուսս էլ միևնույն վիճակի մեջ ենք: «Ա՜խ, դուք երջանիկ եք ինձնից, — բացականչեց նա, — որովհետև դուք տղամարդ եք»: Այդ խոսքերն այնպիսի զորեղ տպավորություն գործեցին ինձ վրա. Լևոն, որ հետո, անձնասպանության միտքը հղանալիս, երբ հանկարծ միտս ընկան, ինքս ինձնից ամաչեցի: Հիրավի, մի՞թե ամոթալի բան չէ անձնասպանություն գործելը, — մտածեցի ինքս ինձ: — Մի՞թե տղամարդուն վայել բան է անձնասպանությունը: Չէ՞ որ նա ինձ երջանիկ էր համարում հենց նրա համար, որ ես տղամարդ էի, այսինքն՝ մի ուժ, որ ավելի, քան կինը, միջոցներ ունի հայրենիքին օգտակար լինելու: Մահը մահ է. «Մարդ մի անգամ պիտի մեռնի». բայց ավելի լավ չէ՞ ազնիվ, խելացի, օգտակար մահը, այնպիսի մի մահ, որով կարելի է կյանք տալ ուրիշներինավետարանական ցորենի այն հատիկի նման, որ «եթե մեռանիցե, բազում արդյունս առնե»: Եվ, ահա, այդ օրվանից ուխտեցի և գլխովին նվիրեցի ինձ սուրբ գործին, այսինքն այնպիսի մի գործի, որի համար, թեև ապարդյուն, բայց ինքն իր մեջ տանջվելով մեռավ նա: Նրա մահից անցել է մոտ հինգ տարի, և ես... է՛հ, ինչ հարկավոր է հին խոցերը փորփրել:

Բազենյանը զորեղ շեշտով թափ տվեց ձեռքը, վեր կացավ և սկսեց մտազբաղ ու տխուր անցուդարձ անել հյուրասենյակի փափուկ գորգի վրա:

Նրա պատմությունը խիստ ազդել էր Շահյանին: Շահյանին թվում էր, թե Բազենյանի վիշտն այնքան մեծ է, որ մեղք է նրան իր դժբախտ սիրո մասին երկար հարցուփորձ անել: Բազենյանի սիրած աղջկան, ինքն էլ չէր իմանում ինչու, համեմատում էր Եվայի հետ, և նրան թվում էր, թե էլզասցի այդ աղջիկը ճիշտ Եվայի հասակն ու գեղեցկությունը պիտի ունենար և պետք է որ Եվայի պես վառվռուն մի աղջիկ լիներ:

Եվ Եվայի, ըստ երևույթին մոռացված, պատկերը նորից կենդանություն առավ նրա գրգռված երևակայության մեջ, տանջող անձկություն ու տխրություն պատճառելով նրան:

2

Շահյանն անկեղծորեն սիրեց Բազենյանին, որին, հիրավի, բոլորովին փոխված էր տեսնում: Հենց առաջին օրվանից մտերմական այնպիսի մի սերտ կապ հաստատվեց նրանց միջև, որ Բազենյանին ամեն օր իր տան մեջ տեսնելը կատարյալ մի պահանջ դարձավ Շահյանի համար: Նա վաղուց ի վեր ձգտում էր ունենալ այդպիսի մի մտերիմ ընկեր, որի առաջ կարող լիներ վստահորեն թափել իր սրտի բոլոր դառնությունը, անկեղծորեն դատափետել իրեն, իր վարած կյանքը և երկյուղ չունենալ, թե ինքը կնվաստանա այդպես անելով: Եվ նա աներկյուղ այդ բանն անում էր Բազենյանի առաջ: Իսկ Բազենյանը կարճ ժամանակում արդեն ուսումնասիրել էր նրա բնավորությունը, գտել էր նրա թույլ երակը և մեծ ճարպկությամբ շոյում էր անդադար նրա ինքնասիրությունը:

Ամեն անգամ, Բազենյանին ճանապարհ դնելիս, Շահյանն անկեղծ շնորհակալություն էր հայտնում նրան, որ ջերմություն էր տալիս իր սառած կյանքին, և խնդրում էր, որ ամեն օր գա իր մոտ. խնդրեց նույնիսկ, որ հյուրանոցից տեղափոխվի իր տունը: Բազենյանը վերջին հյուրասիրությունից վճռապես հրաժարվեց, բայց ամեն օր գալիս էր Շահյանի մոտ, փառավոր ճաշ էր վայելում նրա տանը, շարժում էր իր ճարպիկ լեզուն, ծխում էր նրա թանկագին սիգարները և վերջը, այդ բոլորի համար շնորհակալություն ստանալով, հեռանում էր, որ հետևյալ օրը դարձյալ գա նույն պաշտոնը կատարելու:

Մի անգամ երկու օր շարունակ չերևաց Բազենյանը: Այդ երկու օրը Շահյանի համար անցավ շատ տխուր: Երրորդ օրն առավոտյան պատրաստվում էր գնալու Բազենյանի մոտ, երբ ստացավ նրա այցետոմսը, որի վրա խիստ անճոռնի տառերով գրված էր մատիտով հետևյալը.

«Սիրելի Լևոն, անշուշտ չգիտես, որ անցյալ օր ինձ մի փոքրիկ դժբախտություն պատահեց, որի շնորհիվ այժմ չեմ կարողանում սենյակից դուրս գալ: Արի, մենակությունից սիրտս ճաքում է: Էլի հին տեղումն եմ — «Լոնդոն»: Գրում եմ ձախ ձեռքով»:

Շահյանը շտապեց:

Երբ նա «Լոնդոն» հյուրանոցում բաց արեց Բազենյանի սենյակի դուռը և ներս մտավ, Բազենյանը պառկած էր մահճակալի վրա, անկողնի մեջ, և լրագիր էր կարդում ձախ ձեռքին բռնած: Նրա գեղեցիկ դեմքը դժգույն էր և թվում էր, թե բավական նիհարել է, Շահյանին տեսնելով, ժպտաց և լրագիրը կամաց դրեց կողքին:

Ա՞յս ինչ է, դու պառկա՞ծ ես, — զարմացած բացականչեց Շահյանը:

Էլ ասում ե՞ս, — ասաց Բազենյանը թույլ ձայնով և ձախ ձեռքը պառկած տեղից մեկնեց նրան: — Աթոռը մոտ բեր` նստիր:

Շահյանն անհամբերությամբ մի աթոռ առավ և նստեց նրա մահճակալի վրա:

Հենց նոր պատրաստվում էի քեզ մոտ գալու, որ նամակդ բերեցին: Ի՞նչ է պատահել:

Ա՛յ, կարդա, — ասաց Բազենյանը ժպտալով և լրագիրը տվեց նրան: — Կարդա ահա այս լուրը, — ձախ ձեռքի ցուցամատով ցույց տվեց նա: Շահյանը կարդաց.

«Կիրակի օր, ժամը 12-ին մոտ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա մի կառքի ձիերը հայտնի չէ ինչ բանից խրտնեցին և գլուխներն առան թռան դեպի Բարյաթինսկայա զառիվայր փողոցը: Կառապանը չկարողացավ զսպել ձիերը և ցած ընկավ կառքի ուժգին ցնցումից, մի կողմ շպրտվեց նաև կառքի մեջ նստած մի պարոն, սակայն, բարեբախտաբար, երկուսն էլ թեթև խեղումներ միայն ստացան: Այնինչ ձիերը, բոլորովին ազատ զգալով իրենց, ցած էին վազում ավելի ևս կատաղած: Այդ միջոցին մի օրիորդ չորս-հինգ տարեկան մի երեխայի հետ, մի մայթից մյուսն էր անցնում: Օրիորդը կարողացավ ազատվել, բայց երեխան անշուշտ պիտի ճխլվեր կատաղած ձիերի ոտների և կառքի անիվների տակ, եթե մի պարոն, որ այդ րոպեին անցնում էր այդ կողմով, իսկույն օգնության չհասներ. նա վազեց, խտտեց երեխային և ետ էր վազում, որ մոտեցող կատաղած ձիերից ազատվի, բայց, դժբախտաբար, կառքը վրա հասավ, շուռ եկավ և մի կողքով դիպչելով պարոնին՝ մի կողմ շպրտեց նրան երեխայի հետ միասին: Երեխան ոչ մի վնաս չստացավ, մինչդեռ անձնազոհության այսպիսի գեղեցիկ օրինակ ցույց տվող պարոնը ծանր վերք ստացավ, և նրան ուշագնաց տարան հիվանդանոց: Նրա կյանքը վտանգի մեջ է: Նրա ազգը Բազենյան է»: Շահյանը կարդաց վերջացրեց և զարմացած նայեց Բազենյանի ժպտացող աչքերին:

Այդ դո՞ւ ես:

Ինչպես տեսնում ես: Բոլորը ճիշտ է նկարագրված, միայն մի տեղ գլուխը քարովն է տվել լրատուն. կրծքիս վրա ոչ մի վերք չեմ ստացել, այլապես հարվածն այնքան սաստիկ էր, որ տեղնուտեղը բան-հոգի կլինեի: Թևս է միայն վնասվել, ահա, — Բազենյանը վերմակը կամաց ետ քաշեց ցույց տվեց աջ թևը, որ ուսից սկսած մինչև արմունկը պինդ փաթաթված էր սպիտակ շորով, շապիկի թևն ուսին հավաքված: — Կյանքիս էլ, ինչպես տեսնում ես, ոչ մի վտանգ չի սպառնում:

Փառք աստծո, որ այդպես թեթև ես պրծել: Ես էլ ասում եմ՝ ինչու այս երկու օրս չես երևում: Հետո՞, պատմիր տեսնեմ:

Հետո ինչ: Հետո երբ ուշքի եկա, տեսա, որ փառավորապես պառկած եմ հիվանդանոցում և ձեռքս պատում ու փաթաթում են ինչ-որ տաշեղներով: Զարմանալի է. ուրիշ մի տեղ վերք չեմ ստացել և չեմ հասկանում ինչու պետք ուշագնաց լինեի: Բայց ո՞վ գիտե, գուցե լրատուի ասելով, կառքն իսկապես կրծքիս կամ մի ուրիշ վտանգավոր տեղիս է դիպել, թե չէ՝ ձեռքից չեմ կարծում թե մարդ ուշաթափվի: Այս էլ կա, որ ոչ մի տեղս ցավ չեմ զգում: Ձեռքս էր միայն, որ սկզբում սաստիկ ցավում էր, իսկ այժմ ցավը բավական մեղմացել է:

Բաս ինչո՞ւ ես պառկած:

Չեմ կարողանում շորս հագնել: Եվ վեր կենամ, ինչ անեմ: Բժիշկն ասաց, որ մի քանի օր սենյակիս դուրս չգամ, ցուրտ է, ասաց, կարող ես ձեռքդ մրսեցնել:

Ա՛յ թե օյին է եկել գլխիդ:

Օյին ասիր ու պրծա՞ր: Նոր էի դուրս եկել հյուրանոցից և բարձրանում էի դեպի Գոլովինսկի պրոսպեկտ, որ տեսա, թե ինչպես ձիերը սարսափելի կատաղությամբ վերևից ներքև էին վազում: Այն էլ տեսա, թե ինչպես կառքի մեջ նստած պարոնը և կառապանը գնդակի պես շպրտվեցին մեկն այս, մյուսն այն կողմ: Խեղճ երեխան այնպես շշկլվել էր փողոցի մեջտեղ վերևից մարդկանց բարձրացրած աղաղակների վրա, մյուս կողմից էլ քույրն այնպիսի հուսահատական ճիչեր էր արձակում, որ ես չէ՝ ով ուզում է լիներ, անկարելի էր, որ օգնության չհասներ: Չէ՛ , լավ պրծա: Բայց ինձ խիստ ուրախացնում է այն հանգամանքը, որ երեխան անվնաս մնաց: Նույն օրն երեխայի հայրն այցելեց ինձ հիվանդանոցում: Ինչպիսի՜ շնորհակալություններ, երախտագիտական զգացման ինչպիսի արտահայտումներ... Բայց ճիշտ ասեմ, ես ինքս չափազանց շնորհակալ կլինեի նրանից, եթե ամենևին նեղություն չկրեր ինձ այցելելու, որովհետև ձեռքիս կսկծից չգիտեի ինչ անեմ, իսկ նա կատարելապես զահլա տարավ իր շնորհակալություններով:

Ո՞վ էր, ի՞նչ մարդ էր:

Ազգանունն ասաց, տան հասցեն էլ հայտնեց, բայց գլխումս խելք կա՞ր, որ միտս մնար: Թաթուլյան ասաց, Թումանյան ասաց, չեմ հիշում, ճշմարիտ: Աշնանային ճանճն տեսել ես՞, որ ականջիցդ քշում ես` ճակատիդ է նստում, ճակատիցդ քշում` քթիդ է նստում: Այդպիսի մի ճանճի տպավորություն թողեց ինձ վրա:

Միջանցքից շտապ քայլերի մի ձայն և կնոջ հագուստի շխշխոց լսվեց: Դուռն ուժգնորեն բացվեց, և շտապ ներս մտավ մի հաղթանդամ կին՝ մոխրագույն ծանր մուշտակով, որ իջնում էր մինչև ոտների ծայրերը, և նույն գույնի մորթե գլխարկով, որ չափազանց փոքր էր թվում ծոծրակի վրա շքեղորեն հավաքված սաստիկ հարուստ մազերի հետ համեմատած: Ըստ երևույթին, նա բուռն անհանգստությամբ ուզում էր վազել դեպի Բազենյանը, բայց տեսնելով, որ նա մենակ չէ, հանկարծ կանգ առավ և շփոթվեց կարծես:

Շահյանը իսկույն ճանաչեց նրան. դա այն կինն էր, որին տեսել էր «Միխայլովո» կայարանում Բազենյանին ուղեկցելիս: Նա բոլորովին մոռացել էր այդ կնոջը, և դրա՝ այդ սենյակում այդպես անակնկալ հայտնվելը խիստ շփոթեց նրան: Նա մեքենայաբար վեր կացավ տեղից և չտեսավ ոչ այդ կնոջ շփոթմունքը, ոչ ինչ-որ անհաճո զգացումից առաջացած այն այլայլումը, որ արտահայտեց Բազենյանի դեմքը այդ կնոջ հայտնվելուն պես: Սակայն այդ բոլորը մի քանի վայրկյան միայն տևեց:

Պանի Զդանևիչ... դուք այստե՞ղ, — կանչեց Բազենյանը ռուսերեն, շտապով վեր կենալով և նստելով անկողնի մեջ:

Պարոն, ես առանց իմաց տալու մտա, — ասաց պանի Զդանևիչը ախորժալուր, կրծքային ձայնով և արագ մոտեցավ նրան: — Բայց ես այնքա՜ն անհանգիստ էի...

Ներեցեք... ես... — արտասանեց Բազենյանը, ըստ երևույթին, ամոթխածորեն ծածկելով շապկի կուրծքը ձախ ձեռքով:

Ա՛խ, խնդրում եմ, խնդրում եմ մի նեղանաք: Այդ ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ. ես այսօր կարդացի լրագրերում:

Դատարկ բան է. պանի Զդանևիչ: Կուռս միայն փոքր-ինչ վնասվել է, ուրիշ ոչինչ չկա: Խնդրում եմ դարձյալ, որ ներեք ինձ: Արդյոք չէի՞ք հաճիլ նստել:

Պանի Զդանևիչը արագորեն նստեց այն աթոռի վրա, որի վրա առաջ Շահյանն էր նստել, և մուշտակը ձգեց աթոռի մեջքին, երևան հանելով սև ատլասի հագուստի մեջ պինդ սեղմված երկայն շքեղ իրանն իր փարթամ կրծքով:

Ե՞ րբ եք եկել, — հարցրեց Բազենյանը:

Մի շաբաթ է, որ Թիֆլիսումն եմ:

Մենա՞կ եք եկել:

Ոչ... ամուսինս էլ հետս է... և, երևի... շուտով կվերադառնանք, — պատասխանեց պանի Զդանևիչը տարօրինակ հապաղումով և Շահյանի կողմը անհանգիստ մի հայացք ձգելով: — Բայց դուք ձե՛րը պատմեցեք: Ա՜հ, ինչքա՜ն ցավեցի և վախեցաշ.. մանավանդ որ գրված էր, թե ձեր կյանքին վտանգ է սպառնում:

Լրագրերի մեջ չափազանցրել են, պանի Զդանևիչ:

Այո, տեսնում եմ, որ դուք լավ եք: Եվ փառք աստծո: Բայց դուք իսկապես որ օրինակելի անձնազոհություն եք ցույց տվել: Չեք կարող երևակայել, որքա՜ն հիացած եմ... Պարոն, — հանկարծ դարձավ պանի Զդանևիչը Շահյանին, — ես ձեր տեղն եմ նստել, կարծեմ, և դուք կանգնած եք մնացել:

Խնդրեմ, խնդրեմ, — արագ վրա բերեց Շահյանը, մինչև ականջները կարմրելով, ու մեքենայաբար նստեց մի ուրիշ աթոռի վրա:

Բազենյանը շտապեց Շահյանին ներկայացնելու պանի Զդանևիչին:

Այնպես չէ՞, ձեր ընկերն անօրինակ անձնազոհություն է ցույց տվել, — ասաց պանի Զդանևիչը, դառնալով Շահյանին: — Երևակայաեցեք, որ եթե պարոն Բազենյանը օգնության չհասներ, այն խեղճ, այն փոքրիկ երեխան պիտի ջարդվեր մեռներ, և ի՞նչ սոսկալի թշվառության մեջ պիտի ընկնեին նրա ծնողները... Ա՜խ, պարոն Բազենյան, չգիտեմ, ճշմարիտ, ինչպես արտահայտեմ իմ հիացմունքը:

Պանի Զդանևիչ...

Լավ, լավ, դուք համեստ եք, ես այդ հասկանում եմ. բայց և այնպես, կարծում եմ, այդ բանն արգելք չպիտի լինի ձեզ մանրամասնությունները պատմելու: Ես չափից դուրս հետաքրքրվում եմ: Ա՜խ, ինչքան նիհարել եք: Այստեղ, կարծեմ, ցուրտ պիտի լինի ձեզ համար: Մի՞թե վառարան չեն վառում: Խնդրում եմ, լավ ծածկվեցեք: Սպասեցեք...

Պանի Զդանևիչը շտապով վեր կացավ, առավ Բազենյանի ոտների մոտ, մահճակալի վրա ձգված պլետը և ծածկեց նրա ուսերը:

Ահա այսպես: Ներեցեք, որ ես այսպես տնավարի եմ վարվում, — ասաց նա նորից նստելով իր տեղը, — բայց որովհետև այն երեխային փրկելով ապացուցել եք, որ ուրիշի կյանքն ավելի թանկ եք գնահատում, քան թե ձերը, ուստի ուրիշներն էլ պարտավոր են հարգել ձեր առողջության համար: Այնպես չէ՞, — հրաշալի ժպիտով դիմեց նա Շահյանին:

Անշուշտ, — վրա բերեց Շահյանը` հափշտակված այդ գեղեցիկ կնոջ անսեթևեթ վարմունքից, և դարձյալ կարմրեց:

Դուք շատ բարի եք, պանի Զդանևիչ, — արտասանեց Բազենյանը:

Իմ բարությունը մի կողմ թողեք և պատմեցեք մանրամասնությունները:

Բազենյանը սկսեց պատմելը: Նրա պատմությունը չոր էր: Շահյանը արդեն փոքր-ինչ ընտելացել էր պանի Զդանևիչի ներկայությանը և, լուռ նստած, հետաքրքրությամբ դիտում էր նրան իր պարզ ակնոցների միջից, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ այդ կնոջ ամբողջ ուշադրությունը Բազենյանի կողմն էր: Չափից դուրս գեղեցիկ էր թվում նրան այդ հսկա կինը, ավելի գեղեցիկ, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ նրան «Միխայլովո» կայարանում: Սև ատլասի մեջ ամուր սեղմված այդ շքեղ իրանը, այդ բարձր կուրծքը, այդ փարթամ ուսերը և հպարտորեն բարձրացած այդ գլուխն իր չափազանց հարուստ մազերով, իր ազնիվ, պլաստիկական դիմագծերով, որոնց մեջ, չնայելով տարիքին, դեռևս նկատելի էր խնամքով պահպանված երիտասարդական թարմությունը, — այդ բոլորը երկյուղ ազդելու չափ վեհություն և, միևնույն ժամանակ, անդիմադրելի հմայքի ուժ էին տալիս նրան: «Սա կարող է թագուհի լինել», — մտածում էր Շահյանը և զարմանում էր, թե ինչպես այդպիսի մի կին մինչև անգամ լայեղ էր արել մտնել այդ սենյակը:

Բազենյանի պատմությունը լսելիս պանի Զդանևիչը ջերմ հետաքրքրություն էր ցույց տալիս: Այնտեղ, ուր կարեկցություն էր հարկավոր, նրա դեմքն արտահայտում էր ավելի, քան կարեկցություն, և այդ բանից Շահյանը եզրակացնում էր, որ նա խիստ բարի կին է:

Մինչդեռ Բազենյանը պատմում էր, կարծես, ակամա և ամենևին չէր նայում պանի Զդանևիչին: Առհասարակ ինչ-որ օտարոտի ինքնազսպումն, նույնիսկ սառնություն էր նկատվում նրա վարվեցողության մեջ պանի Զդանևիչի վերաբերմամբ: Շահյանը տեսնում էր այդ, և ընկերոջ այդ վարմունքն ավելի քան կոպիտ էր երևում նրան: Ճնշված այդ բանից, նա նայում էր պանի Զդանևիչին և զարմանքով տեսնում էր, որ այդ կինը կամ չի նկատում Բազենյանի այդ կոպիտ վարմունքը, կամ այնքան կրթված կին է, որ չտեսնելուն է տալիս:

Next page