Նար-Դոս՝   Մահը

Պանի Զդանևիչի մոտ մի ժամ մնաց Բազենյանի մոտ. կարծես չէր ուզում հեռանալ այդ սենյակից: Ի միջի այլոց, ասաց Շահյանին, որ ինքն առհասարակ համակրում է հայերին, որոնց մեջ կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին Բազենյանն է, որի հայրենասիրական նպատակներին ու գործունեությանն առիթ է ունեցել մասամբ ծանոթ լինելու: Հետո նուրբ հետաքրքրությամբ սկսեց հարցուփորձ անել իրեն` Շահյանին, առաջուց ներողություն խնդրելով իր հետաքրքրության համար: Եվ Շահյանը, զարմանալի է, ամենայն անկեղծությամբ սկսեց պատմել ինչ որ հարկավոր էր, ինչ որ ճիշտ էր: Այդ կինը, որի գեղեցկությունը սկզբում գրեթե սարսափեցնում էր նրան, այնքան բարի, կարեկից ու բարեկիրթ կին էր երևում և իր պարզ ու փոքր-ինչ հովանավորող վարվեցողությամբ այնպիսի մի պատկառանք էր ներշնչում նրան, որ նա ամաչում էր դիմել իր սովորական զենքինստախոսության: Եվ պանի Զդանևիչը լսում էր նրան այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես մինչև անգամ շնորհակալ էր, որ խոսում էր այդքան անկեղծորեն:

Եթե համեստությունից չէ, որ դուք այդքան դատափետում եք ձեզ, — ասաց նա ժպտալով, — ապա ես ձեզ կասեմ հետևյալը. նա, ով զգում է իր պակասությունները, կորած չէ, պետք է միայն կամքի ուժ ունենալ զգացած պակասություններն ուղղելու: Համենայն դեպս, դուք այնքան բարի եք, որ այսպիսի դեպքերում չեք մոռանում ձեր ընկերոջը: Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ: Հույս ունիմ, մենք էլի առիթ կունենանք իրար տեսնելու: Իսկ այժմ, — նա վեր կացավ տեղից, — ներեցեք: Պարոն Բազենյան, թո՞ւյլ կտաք, որ դարձյալ այցելեմ ձեզ:

Պանի Զդանևիչ... չգիտեմ, ճշմարիտ, ինչո՞վ եմ արժանացել ձեր...

Դուք թույլ եք տալիս, ուրեմն դարձյալ կգամ, — ծիծաղելով ընդհատեց պանի Զդանևիչը, արագորեն առնելով մուշտակը, ծածկեց, որի ժամանակ Շահյանը մինչև անգամ համարձակություն ունեցավ նրան օգնելու: — Մերսի, — հրաշալի ժպիտով շնորհակալություն հայտնեց նա Շահյանին և ամուր սեղմեց նրա ձեռքը: — Ցտեսություն, պարոն Բազենյան: Զգույշ կացեք, չմրսեք: Ցտեսություն, — նույն հրաշալի ժպիտով վերջին անգամ դիմեց նա Շահյանին և դուրս գնաց արագ:

3

Կարճ ժամանակ խիստ անհարմար լռություն տիրեց երկու ընկերների մեջ:

Կարծեմ, մի քիչ... սառն ընդունեցիր, — նկատեց Շահյանը:

Բազենյանը նայեց ընկերոջը, հայտնի չէ՝ զարմացա՞ծ, թե փորձող հայացքով:

Սառը՞... Մի՞թե... Հավատացնում եմ քեզ, երբեք այնպես անհարմար դրության մեջ չէի զգացած ինձ, ինչպես այժմ... Ո՜րտեղից որտեղ... Ամենևին չէի սպասում... այնքա՜ն պատվական կին է...

Շահյանը ժպտաց, բայց իսկույն էլ զսպեց ժպիտը:

Այո՛, պատվական կին է, — ասաց նա լրջությամբ և, կարճ լռությունից հետո, ավելացրեց: — Գիտե՞ս ինչ: «Միխայլովո» կայարանում քեզ որ տեսա նրա հետ, ճիշտ քեզ ասեմ, կասկած տարա ձեր հարաբերությունների մասին: Բայց այժմ իմ այդ կասկածն, արդարացնող ոչ մի նշան չտեսա, գոնե քո կողմից: Դու մինչև անգամ կոպիտ լինելու չափ սառն էիր դեպի նա:

Բազենյանը տխրությամբ հառաչեց:

Է՜, բարեկամ, դեռ չգիտես, թե որքան խորտակված է սիրտս: Նրա մահից հետո, որին առաջին անգամ սիրեցի և որին աչքիս առաջ գերեզման դրին, աստված է վկա, Լևոն, այլևս ոչ մի կին չի գալիս: Իմ տեղ, որ ուրիշը լիներ, առանց ի չարը գործ դնելու չէր թողնիլ այս կնոջ բարեկամությունը, բայց ես... Քեզնից ծածկելու ոչինչ չունիմ, Լևոն: Պանի Զդանևիչի հետ ծանոթացել եմ Ղրիմում և ամբողջ ճանապարհը միասին ենք եկել: Ճանապարհին հետզհետե տեսնում էի, որ նրա համակրանքն ավելի է, քան մի պարզ համակրանք, և գրեթե ոչ մի դժվարություն չպիտի հանդիպեմ նրան տիրանալու: Բայց ո՛չ, ասացի. վերածնությունը պետք է կատարյալ լինի, այլապես նորից նախկին ցեխի մեջ խրվելու վտանգի մեջ կգտնվեմ: Բացի դրանից, ես չէի կարող անարգել իմ առաջին մաքուր սիրո հիշատակը և, որ գլխավորն է, ես ինձ արդեն սուրբ երդումով նվիրել էի այնպիսի մի վեհ գործի, որի առաջ անձնական վայելքը, այսպես ասած, մի պրոֆանացիա պիտի լիներ: Եվ զսպեցի ինձ, և մինչև այժմ, էլ զսպում եմ: Եվ այդ է պատճառը, որ քեզ թվացել է, թե ես կոպիտ լինելու չափ սառն վարվեցի նրա հետ:

Դուռը դրսից կամաց ծեծեցին:

Ո՞վ է, — կանչեց Բազենյանը:

Կարելի՞ է մտնել, — լսվեց դրսից:

Լևոն, խնդրեմ` մի տես ով է:

Շահյանը դեռ դռանը չհասած, դուռը կամաց բացվեց, և երևաց Մարությանի գլուխը:

Պարոն Շահյա՞ն, — բացականչեց Մարությանը և շտապով ներս մտավ: — Այստեղ ի՞նչ եք շինում: Այստեղ չէ՞ ապրում Բազենյանը:

Ահա Բազենյանը, — ցույց տվեց Շահյանը, զարմանալով, թե ի՞նչ գործ ունի նա Բազենյանի հեւո:

Մարությանն արագ դարձավ դեպի Բազենյանի մահճակալը:

Ա՛հ, պարոն Բազենյան... Դուք այստեղ ե՞ք պառկած: Ես գնացի հիվանդանոց, ասացին, որ դուրս եք եկել: Կարծեցի, թե բոլորովին առողջացել եք և շատ ուրախացա, մինչդեռ եկել այստեղ եք պառկել: Ինչպե՞ս եք, մի՞թե հիմա լավ չեք:

Փառք աստծո, հիմա բավական լավ եմ:

Ի սեր աստծո, շուտով առողջացեք, թե չէ՝ այդ բանի նման չէ: Պարոն Շահյա՜ն... դո՞ւք այստեղ ինչ եք շինում:

Ընկերս է, եկել եմ տեսության:

Հա-հա՞, մի՞թե... Դուք այդպիսի պատվական ընկերներ եք ունեցել, — մեկը Մինասյանը, մյուսը սա, — և ես այդ պատահմունքո՞վ պիտի իմանամ: Դուք գիտե՞ք, որ պարոն Բազենյանն իմ երեխիս է փրկել:

Շահյանը զարմացավ: Այդ հայտնությունը բոլորովին անակնկալ էր նրա համար: — Հապա՛, իմ Սուրենին:

Ճի՞շտ:

Բաս ի՞նչ ունիմ հիմա այստեղ: ՉԷ՞ որ երախտապարտ եմ, անչափ երախտապարտ եմ պարոնին, որի հետ այդ ցավալի դեպքն է ինձ առիթ տվել ծանոթանալու: Պարոն Բազենյան, դարձյալ և բյուր անգամ շնորհակալ եմ ձեզնից, և չեք կարող երևակայել, թե ինչքա՛ն ցավում եմ, որ ա՛յդ գնով եք որդուս կյանքը փրկել: Որ իմանաք ինչ կպատահեր մերոնց, եթե... ո՛չ, ես սարսափում եմ անգամ այդ մասին մտածելուց: Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ:

Եվ Մարությանն ամուր-ամուր սեղմեց Բազենյանի ձախ ձեռքը:

Բազենյանը ժպտաց և ասաց, որ չարժե շնորհակալ լինել, որովհետև յուրաքանչյուր մարդու բարոյական պարտականությունն է վտանգ եղած դեպքերում օգնության հասնել ուրիշներին, մանավանդ անզոր երեխաներին: Հետո խնդրեց, որ նստի, և հարցրեց, թե երեխան իսկապես բոլորովին անվտանգ է մնացել:

Մի մազի չափ անգամ չի վնասվել, — ասաց Մարությանը: — Այդ կատարյալ հրաշք է: Աղջիկս միայն փոքր-ինչ վախեցել է, բայց այդ դատարկ բան է: Հիմա գիտե՞ք ինչու եմ եկել, պարոն Բազենյան: Եկել եմ, որ նախ տեղեկանամ ձեր թանկագին առողջության մասին և հետո՝ խնդրեմ, որ շնորհ բերեք մեր տուն: Մերոնք այնպե՜ս ցանկանում են ծանոթանալ ձեզ հետ...

Ամենայն ուրախությամբ կգամ, իհարկե, երբ առողջանամ:

Մի՞թե հիմա առողջ չեք:

Առողջ եմ, իհարկե, բայց բժիշկն արգելել է, որ սենյակից դուրս չգամ. ձեռքս կմրսեցնեմ: Բացի դրանից, չեմ կարողանում առայժմս շորս հագնել: Եվ դրա համար է, որ պառկած եմ:

Հա՛, երբ որ այդպես է, իհարկե, լավ է, որ զգույշ մնաք: Բայց որ վտանգն անցնի բոլորովին, խո կգա՞ք:

Շատ եմ ուզում և կաշխատեմ:

Չէ, ի սեր աստծո: Կիսաբերան խոսքեր չեմ սիրում: Վճռական պատասխան տվեք` կգա՞ք, թե ոչ: Թե չէ, միևնույն է, ձեզ հանգիստ չեմ թողնիլ:

Կգամ: Անպատճառ կգամ, — ասաց Բազենյանը ժպտալով:

Այդպես: Ա՛յ, պարոն Շահյանը գիտե մեր տունը. միասին վեր կկենաք կգաք: Հա՛, պարոն Շահյան. դուք շարունակում եք մեզնից շատ հեռու ման գալ: Լավ չեք անում: Է՛հ, ի՞նչ անենք. աստծո կամքն էր, որ ձեր ողորմածիկ հայրը վախճանվեց, բայց խո չի՞ կարելի այդքան երկար սուգ պահել:

Չէ, ի՞նչ սուգի բան կա, — ասաց Շահյանը փոքր-ինչ շփոթվելով և ուզեց արդարացնել իրեն, բայց չիմացավ ինչ ասի:

Դե, երբ որ սուգի բան չկա, եկեք, էլի, առաջվա պես: Երիտասարդ եք, պետք է գնաք, գաք, խոսեք: Տանը նստելով բան չի դառնալ: Մինասյանից նամակ ունի՞ք:

Մինասյանի՞ց: Չէ: Առհասարակ մեր միջև նամակագրություն չկա: Վերջերս միայն ցավակցական մի նամակ էր գրել հորս մահվան առթիվ: Իսկ դուք նամակ ստանո՞ւմ եք ձեր օրիորդից:

Աշխենի՞ց: Ինչպե՜ս չէ, համարյա ամեն շաբաթ: Թեև ինքը, իհարկե, համեստությունից աշխատում է իր գործունեությունն իր համար աննպաստ գույներով նկարագրել, բայց ես համոզված եմ, որ նա արդեն ամբողջ գյուղի սիրելին է դարձել: Օ՜, ես գիտեմ ի՛նչ աղջիկ է: Նա...

Մարությանը ձեռքով մի բազմախորհուրդ նշան արավ և թեթև հառաչեց:

Մի բան միայն ինձ անհանգստացնում է. աղջիկս շատ է դարդ անում նրա համար: Բայց վնաս չունի, կսովորի: Եղբոր համար էլ սկզբում շատ էր դարդ անում, բայց հետո սովորեց: Այդպես ուրեմն, պարոն Բազենյան, դուք խոստանում եք, որ պետք է գաք մեր տուն:

Խոստանում եմ:

Ե՞րբ կգաք:

Հենց առաջին օրը, երբ հնարավորություն ունենամ սենյակից դուրս գալու:

Լավ: — Մարությանը վեր կացավ: — Հույս ունիմ այդ առաջին օրը շատ չի ուշանալ: Ուզեք-չուզեք, մենք այսուհետև բարեկամներ պետք է լինենք: Եվ, հավատացնում եմ ձեզ, չեք զղջալ մեր բարեկամությունից: Պարոն Շահյանը կարող է վկայել այդ մասին: Առայժմ ցտեսություն: Ցանկանում եմ ձեզ շուտափույթ առողջություն, — այսինքն` ձեզ չէ, ձեր ձեռքին, որովհետև դուք հիվանդ չեք ևփառք աստծո: Կգաք պարոն Շահյանի հետ: Պարոն Շահյան, խնդրում եմ մի մերժեք խնդիրքս, բերեք ձեր ընկերոջը և, առհասարակ, ինքներդ էլ եկեք, գնացեք, առանց քաշվելու: Ձմեռ է, գիշերները երկար են, կնստենք, կասենք, կխոսենք: Ցտեսություն: Անհամբեր կսպասեմ երկուսիդ էլ: Ցտեսություն:

Երբ Մարությանը դուրս գնաց, Բազենյանը նայեց Շահյանին, ժպտաց և կամաց ետ պառկեց բարձի վրա:

Տեսնում ես, մարդը գրեթե ծերունի, և ինչքան կենդանություն կա մեջը: Այժմ համակրեցի, և արժե մոտիկ ծանոթանալ:

Շահյանը լուռ էր. ինչ-որ օտարոտի սառնություն էր տիրել նրան:

Այսօր բժիշկս գալու է. եթե իրավունք տվավ և կարողացա, վաղը կգնանք: Հը՞, ի՞նչ ես կարծում:

Ինչպես ուզում ես, — պատասխանեց Շահյանը:

Հա, վաղը կգնանք: Զգում եմ, որ վաղը շատ լավ կլինեմ: Ձեռքիս ցավը կարծես թե արդեն անցել է: Համենայն դեպս, վաղը անցիր իմ կողմը: Չէ, ավելի լավ է, ես կգամ քեզ մոտ և միասին կգնանք: Ի դեպ մորդ էլ կտեսնեմ. կարոտել եմ: Դու չգիտես գնահատել մորդ, բայց ես խիստ սիրեցի նրան: Այնքա՜ն բարի պառավ է...

Շահյանը շարունակ լուռ էր և ինքն էլ էր զարմանում, թե ինչ է պատահում իրեն: Նա երկար չմնաց ընկերոջ մոտ: Ճանապարհին ավելի ու ավելի զգում էր, որ իր հոգու խաղաղ տրամադրությունը սաստիկ խանգարվել է: Դեպի Բազենյանը տածած նրա զգացումը ենթարկվել էր հանկարծական մի հեղաշրջման, ընկերական նախկին անկեղծ սիրո տեղ նրա մեջ սկսել էր գլուխ բարձրացնել մի նոր, անծանոթ և ճնշող զգացում: Նախա՞նձ էր այդ, չկամությո՞ւն, թե՞ մի ուրիշ բան, — աստված գիտե. բայց կարծես, այնքան էլ նրա սրտովը չէր, որ Բազենյանի ձեռքով ազատված երեխան Մարությանի որդին էր: Եվ, զարմանալի է, ամենևին չէր ուզում, որ Բազենյանը գնա Մարությանների տուն...

Բարև ձեզ, պարոն Շահյան, — հանկարծ ինչ-որ կանացի ձայն դիպավ նրա ականջին, և նա մեքենայաբար կանգ առավ:

Նրա առաջ կանգնած էր օր. Սահակյանը աշակերտական մի կույտ տետրակներ կռան տակին:

Չճանաչեցի՞ք, — հարցրեց օր. Սահակյանը՝ ժպտալով իր համարձակ ժպիտով:

Շահյանը շփոթվեց:

Ինչպես չէ... ներողություն...

Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացել ենք երկաթուղու կայարանում, երբ ճանապարհ էինք ձգում մեր բարեկամներին` Աշխենին և Մինասյանին:

Այո, այո... Ներողություն... Ես... ինչպես չէ, ինչպես չէ...

Եվ Շահյանը սաստկացած շփոթմունքից մինչև անգամ կարմրեց:

Ասենք ներելի է, որ ինձ իսկույն չհիշեիք, որովհետև մենք ծանոթացել ենք այնպիսի պարագաներում, երբ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր ամենալավ բարեկամների վրա, — ասաց օր. Սահակյանը շարունակելով ժպտալ: — Ինչևիցե: Ես այժմ, — ներողություն, որ ձեզ անհանգստացնում եմ, — ես այժմ ուզում եմ մի տոմսակ սաղացնել ձեզ վրա:

Ի՞նչ տոմսակ:

Կիրակի օր, այս կիրակի, մի աղքատիկ գյուղի ուսումնարանի օգտին պարահանդես ունինք, պետք է գաք:

Պարահանդե՞ս...

Օր. Սահակյանը նայեց Շահյանի՝ մի քիչ ապուշի տպավորություն գործող դեմքին և ծիծաղեց:

Կարող եք չպարել, բայց տոմսակ, կարծում եմ, կարող եք վերցնել: Հա, տա՞մ:

Տոմսա՞կ... Ինչու չէ: Խնդրեմ:

Օր. Սահակյանը տետրակների կույտն արագորեն մյուս թևի տակն առավ, շտապով հանեց հուշատետրը և սկսեց թերթել, որ մի տոմսակ հանի:

Գիտեք, ուզում էինք ներկայացում տալ, չհաջողվեց: Ներկայացումն, ասենք ղալմաղալ բան էլ է և ծախսեր շատ է պահանջում: Ավելի լավ համարեցինք բանը պարահանդեսով վերջացնել: Համեցեք, երկու ռուբլի արժե:

Շահյանն առավ տոմսակը և գինը վճարեց:

Շնորհակալություն: Տեսնո՞ւմ եք, մինչև անգամ շնորհակալություն ենք հայտնում տոմսակ գնողներին, — ասաց օր. Սահակյանը ծիծաղելով: — Ի՞նչ արած, բանն այդտեղ է հասել: Երևակայեցեք, քսան հատ տոմսակ են տվել ինձ վաճառելու, և այդ ութերորդն է միայն, որ վաճառում եմ, չնայելով, որ էլ ծանոթ ու բարեկամ չեմ թողել, որին առաջարկած չլինեմ: Հայերիս մեջ բանը այդպես է առաջ գնում: Բայց, երևի, մի երկու-երեք հատ էլ կվաճառեմ: Դեռ Մարությաններին չեմ տեսել. չեմ շտապում, որովհետև նրանք ամեն բանում նաղդ են: Հա՜, իմացա՞ք, ինչ է պատահել Մարությանի որդուն ու աղջկան:

Որ կառքի տակ ընկնելուց ազատվե՞լ են:

Այո:

Ինչպես չէ:

Եվ Շահյանն ուզեց ավելացնել, թե ով է ազատողը, բայց ոչինչ չասաց, ինքն էլ չիմացավ` ինչու:

Չգիտեմ, ով է այդ երիտասարդը, — ասաց օր. Սահակյանը, — բայց ասում են, որ շատ հետաքրքրական մի անձնավորություն է և նոր է եկել արտասահմանից իբր թե ինչ-որ խորհրդավոր հանձնարարությամբ:

Շահյանը դարձյալ լռություն պահեց: Այժմ նա զգում էր, որ չէր ուզում խոսել Բազենյանի մասին պարզապես նախանձից:

Դարձյալ մի քանի խոսք փոխանակելուց հետո նրանք սեղմեցին իրար ձեռք և բաժանվեցին իրարից:

4

Հետևյալ օրը Շահյանը չհանդիպեց Բազենյանին: Նա սպասում էր, որ Բազենյանն ինքը կգա միասին Մարությանների տուն գնալու համար, և առաջուց վճռել էր հրաժարվել այդ բանից: Բայց այդ օրը Բազենյանը չերևաց: Նա եկավ երկրորդ օրը, երեկոյան դեմ:

Զարմանալի մարդ ես, — ասաց նա, — խնդրեցի, որ հանդիպես ինձ, չեկար ոչ երեկ, ոչ այսօր: Բժիշկս միայն իրավունք տվեց սենյակիցս դուրս գալու: Ինչո՞ւ չեկար:

Ճշմարիտ ասած, ինքս մի քիչ տկար էի, — դիմեց Շահյանն իր սովորական ստախոսության:

Է՜հ, դու էլ... Ճիշտ որ քնքուշ մեծացած աղջիկ ես եղել:

Այն միջոցին, երբ Բազենյանը Թամարին պատմում էր Մարությանի որդուն ազատելու դեպքը, Շահյանը դիտում էր ընկերոջը: Նրան թվում էր, թե Բազենյանի մեջ մի նոր բան է տեսնում, որ առաջ չէր նկատել, և այդ «նոր բանը» չափից դուրս գեղեցիկ ու գրավիչ էր, բայց և, միևնույն ժամանակ, հակակրելի: Աչք ծակելու չափ աչքի էր ընկնում Բազենյանի վնասված ձեռքը, որը խնամքով փաթաթված` պահում էր շքանշանի ժապավենի պես վզից կախ արած սև շորի մեջ: Նրա արտաքինին առանձին գրավչություն էր տալիս ազնիվ մահուդից մեծ ճաշակով կարված հագուստը, որի սև ֆոնի մեջ ձյունի մաքրությամբ պլպլում էր փղոսկրի պես օսլայած նոր շապիկը չափազանց բարձր օձիքով: Փոքր-ինչ նիհարած դեմքը դեռևս դժգույն էր, իսկ աչքերի նախկին համարձակ հայացքը մեղմացել և ժպտում էր նոր առողջացած մարդու կենսուրախ քնքշությամբ: Շահյանը մի րոպե շունչը պահեց, որ չզգա նրանից սուր կերպով բուրող օծանելիքի հոտըայնքան այդ հոտը գարշելի թվաց նրան: Սակայն Շահյանին ոչինչ այնքան ատելի չէր թվում, որքան սև շորի մեջ լիրբ համեստությամբ հանգչող այդ ձեռքը, որ կարծես աղաղակում էր` «Գիտե՞ք ինչու եմ վնասված...»:

Դե, Լևոն, ի՞նչ ես նստել, — դիմեց նրան Բազենյանը: — Ես ախր եկել եմ, որ գնանք Մարությանի տուն: Վեր կաց հագնվիր:

Ես որ չգամ, լավ կլինի, — ասաց Շահյանն անվճռականությամբ:

Ինչո՞ւ:

Չգիտեմ, ճշմարիտ... Ինչ-որ վատ տրամադրության մեջ եմ:

Ավելի լավ, կգնանք, տրամադրությունդ կբացվի: Վեր կաց: Ամոթ է, մարդը սպասում է: Վերջապես, տունը չգիտեմ, ախր:

Մի ժամից երկու ընկերները բարձրանում էին: Մարությանների տան սանդուղքով: Նախասենյակը լուսավորված էր առաստաղից կախված կապույտ լապտերով: Հեռավոր սենյակներից աղջկանց տաք խոսակցության և բարձրաձայն ծիծաղի ձայներ էին լսվում: Աղախինը ներս հրավիրեց հյուրերին հյուրասենյակ: Այնտեղ ոչ ոք չկար: Սեղանի վրա վառվում էր բրոնզյա ջլուտ մարդու ուսին դրած հսկայական լամպը: Մի րոպե չանցած, բացվեց հյուրասենյակի խորքում դռներից մեկը, և արագ քայլերով ներս մտավ Մարությանը:

Ա՜, վերջապես, — ուրախ բացականչեց նա և երկար ու պինդ սկսեց սեղմել իր երկու ձեռքով Բազենյանի ձեռքը: — Ինչքա՜ն ցավում եմ, որ ստիպված եմ ձեր ձախ ձեռքը սեղմել: Ինչպե՞ս եք հիմա, լա՞վ եք:

Փառք աստծո:

Օ՛, որ գիտենաք օրական քանի անգամ եմ փառք տալիս աստծուն, որ այդպես հեշտ եք պրծել: Համեցեք, համեցեք այստեղ: Չեք կարող երևակայել, թե ինչքան ուրախացրիք ինձ ձեր այցելությամբ: Պարոն Շահյան, բարև ձեզ: Դուք էլ վերջապես եկաք: Դուք էլ այստեղ համեցեք: Սակայն ազատ եք, պարոններ, ուր կամենում եք` նստեցեք: Սուրե՛ն, Սուրեն, արի այստեղ, տես ով է եկել, — կանչեց Մարությանը, վազելով դեպի այն դուռը, որտեղից ինքը ներս մտավ:

Սակայն այդ դռնից, Սուրենի տեղ, դուրս եկավ Թեկլեն: — Արի, արի, դու արի, — կնոջ առաջն ընկավ Մարությանը: — Ահա ներկայացնում եմ քեզ մեր Սուրենի ազատչին, որին այնքան ցանկանում էիր տեսնել: Իմ կինս է, — դարձավ նա Բազենյանին:

Բազենյանն այդ աղմկալի ընդունելությունից չգիտեր ինչ աներ և շարունակ ժպտում էր ինքնավստահ համեստությամբ:

Ներեցեք, տիկին, ես ստիպված եմ ձեզ իմ ձախ ձեռքը տալ, — ասաց նա, թեթև խոնարհվելով:

Ա՜խ, ձեր ա՞ջ ձեռքն է վնասվել, — մեղմորեն և ցավագին բացականչեց Թեկլեն: — Ինչքա՛ն ցավում եմ, ինչքա՛ն ցավում եմ:

Բան չկա, — նկատեց Մարությանը, — շուտով բախտ կունենանք աջ ձեռքը սեղմելու: Ա՜, արի՛ այստեղ, չարաճճի, — հանկարծ կանչեց նա և վազեց դեպի Սուրենը, որ կանգնել էր դռան շեմքում և երեխայական մտառու հետաքրքրությամբ նայում էր հյուրերին: Հայրը բռնեց երեխայի ձեռքից և առաջ բերեց: — Տես ով է եկել: Ճանաչո՞ւմ ես այս պարոնին:

Երեխան լուրջ հայացքով և փոքր-ինչ քաշվելով դիտում էր Բազենյանի ժպտող դեմքը:

Չե՞ս ճանաչում: Նա ա՛յն պարոնն է, չարաճճի, որ քեզ ազատեց կառքի տակ ընկնելուց: Դե, շնորհակալություն հայտնիր:

Սուրենն այս անգամ նայեց Բազենյանին հոնքերի տակից. ժպտաց մանկական ամոթխածությամբ և սիրուն աչքերը վայր թողեց:

Սնոլակալ եմ, — շշնջաց նա, հագուստի փեշը մատի վրա փաթաթելով:

Է՜, լավ ասա, է՜: Ասա, շատ շնորհակալ եմ, պարոն, որ ինձ ազատեցիք:

Սատ սնոլակալ եմ, պարոն, որ ինձ ազատեցիք, — կրկնեց Սուրենը:

Այ այդպես, ապրիս, — բացականչեց Մարությանը և կամաց կմշտեց որդու թուշը:

Ես քեզ ազատեցի, որովհետև այդքան խելոք տղա ես, — շոյեց երեխային Բազենյանը: — Եկ ինձ մոտ. մենք այսուհետև բարեկամներ ենք: Իմ անունն էլ Սուրեն է:

Ամենքը նստեցին: Բազենյանը երեխային առավ իր ծնկների մեջ և սկսեց ձեռքով փաղաքշել նրա բուկը:

Շուտով աղջիկս էլ բախտ կունենա ծանոթանալու ձեզ հետ, — ասաց Մարությանը:

Հա՛, ինչպե՞ս է օրիորդը, — վրա բերեց Բազենյանը: — Վախն անցե՞լ է:

Է՛հ, դատարկ բան է, ի՛նչ վախ:

Չէ, այդպես մի ասիր, — նկատեց կինն ամուսնուն: — Նա բավական վախեցել է. չե՞ս նկատում ինչպես ամեն մի հասարակ բանից հանկարծ ցնցվում է: — Բան չկա. վախը չափել կտանք` կանցնի, — ասաց ամուսինը ծիծաղելով: — Տե՛ս ինչ աղմուկ է սարքել այնտեղ:

Մարությանն այդ նկատողությունն արեց այդ րոպեին հանկարծ բռնկած ուրախ քրքջոցի ձայների վրա, որոնք լսվեցին հեռավոր սենյակներից: Այնուհետև քրքջոցի և խառնաշփոթ խոսակցության հետ նախասենյակում լսվեցին ոտների ձայներ:

Բազենյանն ու Շահյանը հետաքրքրությամբ ականջ դրին, մինչև որ ձայները, հետզհետե խլանալով, լռեցին:

Գնացին, — ասաց Մարությանը, — Այս գիշեր շուտ է վերջացել դասախոսությունները: Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան: Այդ աղջիկս է: Այդպես շաբաթը մի երկու անգամ հավաքում է ընկերուհիներին և հայերեն խոսել-կարդալ է սովորեցնում: Պետք է իմանաք, որ այդ ընկերուհիները բոլորն էլ հայ են, բայց ամեն լեզու գիտեն, բացի հայերենից: Գիտեք, էլի՛, մեր այսպես կոչված բարձր դասակարգի աղջիկներն ինչ կլինին...

Դուռն ուժգնորեն բացվեց, և աղմկալի քայլերով ներս մտավ Եվան: Իրանին պինդ սեղմված մոխրագույն շրջազգեստը, որի ծանր փեշերը հազիվ էին ծածկում ոտների ծայրերը, շատ շնորհալի կերպարանք էր տալիս նրա համարձակ հասակին: Նա մի քանի քայլ առաջ շտապեց իր փութկոտ քայլերով, բայց հանկարծ կանգ առավ և զարմացած նայեց Բազենյանին:

Շահյանի սիրտը սաստիկ թրթռաց և հանկարծ, կարծես, դադարեց այլևս բաբախելուց:

Բազենյանը երեխային կամաց հեռացրեց իրենից և վեր կացավ:

Ի՞նչ կանգնեցիր, առաջ արի, — ասաց Մարությանն աղջկան: — Արի ծանոթացիր պարոն Բազենյանի հետ, որին դու էլ ես պարտական:

Ա՛խ, եղբորս փրկի՜չը, — բացականչեց Եվան սաստիկ ուրախացած և վազեց դեպի Բազենյանը, թույլ չտալով, որ նա մոտենա իրեն: — Չգիտեմ ինչպես պիտի արտահայտեմ ձեզ իմ շնորհակալությունը, պարոն Բազենյան: Դուք որ օգնության չհասնեիք, եղբայրս խո հիմա չպետք է լիներ: Երևակայեցեք, սասափից այն աստիճան կորցրել էի ինձ, որ բոլորովին չեմ հիշում ձեր դեմքը: Մինչև անգամ չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ եղբայրս անվտանգ մնաց, իսկ դուք... Ա՛խ, ի՛նչ դժբախտություն... Ահա ձեր ձեռքը դեռ կապած ունիք:

Ի՞նչ վնաս, օրիորդ. թող մի-երկու ամիս կապած մնա:

Մի-երկու ամի՜ս...

Գոնե բժիշկն այդպես է ասում:

Չէ՛, չէ՛, դա չափազանց շատ է: Ինչպե՞ս կարելի է... չեմ ուզում:

Տեսնում եք, պարոն Բազենյան, չի ուզում, — լուրջ կատակով ասաց Մարությանը, — ուրեմն ձեր ձեռքն իրավունք չունի մի-երկու ամիս կապած մնալու: Շատ-շատ`մի-երկու շաբաթ:

Իհարկե, — պնդեց Եվան:

Ավելի լավ չէ՞ մի-երկու օր, — իր հերթին նկատեց Թեկլեն:

Ո՜ւու, մայրիկս ավելի լավ ասաց. շատ-շատ՝ մի-երկու օր, այսինքն դարձյալ մի-երկու օր, որովհետև մի շաբաթ է արդեն, որ կապած ունիք ձեր ձեռքը... Ա՛խ, պարոն Շահյան, — հանկարծ բացականչեց Եվան, նոր տեսնելով Շահյանին, և արագ մոտեցավ նրան: — Դուք այնքան հեռու եք նստել, որ ձեզ չնկատեցի: Բարև ձեզ: Ինչո՞ւ մեզ մոռացել եք: Համեցեք, մոտիկ նստեցեք, խնդրում եմ:

Շահյանը հենց սկզբից այնպիսի դրության մեջ էր զգում իրեն, որ կարծես ինքն առանձնապես ոչ մի նշանակություն չունի այդ տան մեջ կամ եթե ունի, այդ էլ նրա՛ համար միայն, որ Բազենյանի ընկերն է: Նրա ինքնասիրությունը սաստիկ վիրավորվեց մանավանդ այն բանից, որ Եվան, Բազենյանով ոգևորված, չնկատեց իրեն սկզբում: Եվ չար, անզոր նախանձը, որ երկու օրից ի վեր ծագել էր նրա մեջ դեպի ընկերը, այժմ արդեն զգալի արագությամբ պաշարում էր նրա ամբողջ էությունը: Չէ՞ որ վնասված ձեռքը փաթաթանի մեջ դրած, արտիստական ճաշակով հագնված այդ վայելչահասակ, գեղեցիկ երիտասարդն արդեն կուռք էր դարձած Մարությանների համար, որոնց երեխային փրկել էր մահից անօրինակ անձնազոհությամբ: Մինչդեռ Եվան այնքա՜ն շնորհալի, այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն հրապուրիչ էր և այնպիսի՜ եռանդուն ուշադրություն էր ընծայում Բազենյանին...

Շահյանի դրությունը հետզհետե ծանրանում էր: Նա բոլորովին չէր խոսում, և ըստ երևույթին ուշադրություն դարձնող չկար նրան: Երբ Մարությաններն երբեմնակի մի-մի խոսք էին ուղղում նրան, այդ էլ, Շահյանը կարծում էր, քաղաքավարության համար միայն:

Ամենքի ուշադրությունը կենտրոնացած էր Բազենյանի վրա: Հարցեր էին, որ այս ու այն կողմից տալիս էին նրան, և նա ամենքին էլ գոհացում էր տալիս պարզ, ազատ և ինքնավստահորեն:

Խոսակցությունն ինքնաբերաբար անցավ Կ. Պոլսի անցքերին և` առհասարակ Թրքական-Հայաստանում սկսված գործին: Այստեղ Բազենյանը, ինչպես ասում են, մտավ իր դերի մեջ, և «սուրբ գործն» սկսեց հոլովվել նրա բերանում ամեն կերպ:

Շահյանին թվում էր, թե նա բառ առ բառ կրկնում է նույնը, ինչ որ իր մոտ էր ասել, կարծես բերան էր արել այդ բոլորը, ինչպես մի լավ դերասան իր բազմիցս խաղացած դերը:

Մարությանները լսում էին նրան առանձին հետաքրքրությամբ: Այդ բանը ոգևորում էր Բազենյանին ավելի խորը գնալու: Արդեն այն հանգամանքը, որ մինչև անգամ շատախոս Մարությանը լռել էր, պարզ ապացույց էր Շահյանի համար, որ Բազենյանը կատարելապես տիրել էր ունկնդիրներին:

Շահյանը գաղտագողի դիտում էր Եվային: Եվան կռթնել էր բազկաթոռի թիկունքին և, հայացքը Բազենյանի աչքերին հառած, լսում էր նրան ամենայն մտառությամբ: Նրա հոնքերի միջև գոյացել էր մի կնճիռ, որ վերին աստիճանի խելացի արտահայտություն էր տալիս նրա խոշոր աչքերին:

Եվ որքան Շահյանը շատ էր դիտում Եվային, այնքան ավելի թվում էր նրան, թե Բազենյանի ճառախոսությունը սուտ է, խաբեբայություն է, անամոթ լրբություն է: Մի ինչ-որ քննադատական և թերահավատության ոգի էր զարթել նրա մեջ. նրան խիստ հակասական էին թվում Բազենյանի վառվռուն խոսքերը նրա շիկ հագուստին և հոտավետ օծանելիքին: Եվ Շահյանի սիրտն առաջին անգամ կասկած մտավ նրան տված իր գումարի նպատակի մասին: Այդ կասկածն առանձին ուժ ստացավ այն միջոցին, որ երբ Մարությանը խոսք բաց արեց իր հեռացած որդու մասին և ասաց, որ նա ևս ծառայում է նույն նպատակին, ինչ որ Բազենյանը, վերջինս հանկարծ զսպեց իրեն և այնուհետև սկսեց խոսել զգուշորեն...

5

Այդ երեկո Մարությանները մի ուրիշ հյուր էլ ունեցան: Դա օր. Սահականն էր: Ըստ երևույթին, նա բոլորովին չէր սպասում, որ Բազենյանը, որի հետ մտնելուն պես ծանոթացրին նրան, այդքան ֆրանտ երիտասարդ կարող էր լինել: Կողմնակի կերպով նա շատ խորհրդավոր բաներ էր լսել Բազենյանի մասին, ասել էին, թե Բազենյանը հայրենիքի ազատության գործին նվիրված մի երիտասարդ է, թե նա եկել է արտասահմանից այդ գործի հետ կապ ունեցող նվիրական նպատակներով և այլն, և այլն, և այդ ամենը նրա մեջ բոլորովին ուրիշ և ուրույն մտապատկեր էր ստեղծել Բազենյանի արտաքինի մասին: Հուժկու մարմին, հսկայական հասակ, տոնական կերպարանք, անճոռնի, աղքատ հագուստահա այդ մտապատկերը: Բայց այժմ այդ մտապատկերի բոլորովին հակապատկերն էր տեսնում իր աչքի առաջ: Այդ պատճառով հենց սկզբից փոքր-ինչ կասկածանքով և բավական սառն վերաբերվեց դեպի Բազենյանը: Քաղաքավարության համար միայն թեթև կերպով գովաբանեց նրա քաջությունը, որով ազատել էր երեխային և նստեց Մարությանի բազկաթոռի վրա, որ տանտերն իր սովորական աղմկալի ընդունելությամբ առաջարկել էր նոր հյուրին:

Ներեցեք, — որ այս կեսգիշերին անհանգստացնում եմ ձեզ, — ասաց օր. Սահակյանը: — Բայց դուք գիտեք, որ ցերեկն ես ամենևին ժամանակ չունիմ: Ես եկել եմ երկու բանի համար:

Նա՞խ, — հարցրեց Մարությանը, շտապով նետելով նրան մոտիկ:

Եկել եմ նախ` բողոքելու, որ Աշխենից միայն այսօր եմ նամակ ստանում:

Միայն այսօ՞ր, — զարմացավ Մարությանը:

Միայն այսօր: Երկու ամսից ավելի է, որ գնացել է և այժմ է միայն բարեհաճում մտաբերել ինձ: Սա վարմո՞ւնք է, սա արդարությո՞ւն է, ձեզ եմ հարցնում, հատկապես ձե՜զ, պարոն Մարության:

Ինչո՞ւ հատկապես ինձ:

Որովհետև ձեր եղբոր աղջիկն է:

Ա՛յ քեզ բան:

Ասացեք, խնդրեմ, ձե՞զ էլ այդպես ուշ է գրել, թե՞ ամեն շաբաթ հեղեղում է ձեզ նամակներով, ինչպես պատվիրեցիք մեկնելու գիշերը:

Ամեն շաբաթ չէ, բայց մինչև այժմ վեց-յոթ նամակ կլինենք ստացած նրանից:

Վեց-յոթ նամա՜կ... Դե, միևնույն է, էլի, թե ամեն շաբաթ ստացել եք: Ուրեմն իրավո՞ւնք ունիմ բողոքելու, թե ոչ:

Կատարելապես: Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հատկապես ինձ եք բողոքում: Ա՜յ, բողոքեցեք:

Եվ Մարությանը ծիծաղելով մատնանիշ արավ աղջկան:

Եվայի՞ն: Օր. Սահակյանն ամբողջ մարմնով արագորեն դարձավ դեպի Եվան, ժպտաց և ցուցամատով կամաց խփեց նրա կզակին: — Հա-ա՞, Եվա, քեզ բողոքե՞մ:

Եվան գլուխը փոքր-ինչ ետ գցեց, որ ազատվի նրա անտեղի փաղաքշանքից, բայց ծիծաղեց:

Ում ուզում ես բողոքիր, — նկատեց նա, — բայց ավելի լավ չի՞ լինի ասես`ինչ է գրում:

Կուզե՞ք կարդամ նամակը:

Եթե մասնավոր ոչինչ չկա, — նկատեց Մարությանը:

Ներողություն, կուզեք, որ մասնավորն է՞լ կարդայի: Տեսեք ինչ է գրում:

Օր. Սահակյանը շտապով հանեց Աշխենի նամակը, բաց արեց, պատրաստվեց կարդալու, բայց հանկարծ նայեց Բազենյանին ու Շահյանին, որոնք նրա գալուց հետո նստած էին բոլորովին լուռ, նամակը նորից ծալեց և պահեց:

Ներողություն, պարոններ, — ասաց նա. — ես լավ չհասկացա տանտիրոջ այս րոպեին արած նկատողության իմաստը և այնքան անքաղաքավարի գտնվեցա, որ ուզում էի մասնավոր գործերով զբաղեցնել ձեզ:

Խնդրում եմ, օրիորդ, — եռանդով վրա բերեց Բազենյանը: — Մեր ներկայությունը թող ամենևին արգելք չլինի ձեզ նամակը կարդալու:

«Իմ տեղ էլ սա է խոսում: Սա, երևելի նշան է», — մտածեց Շահյանը:

Դուք թու՞յլ եք տալիս:

Խնդրում եմ, օրիորդ: Դա ի՞նչ խոսք է:

Իսկ դո՞ւք, պարոն Շահյան:

Է՜, թողեք, թե աստված կսիրեք, այդ անտեղի քաղաքավարությունները, — նկատեց Մարությանը: — Ինչի՞ց եզրակացրիք, չեմ հասկանում, թե նկատողությունս արի նրա համար, որ պատվական հյուրերիս չզբաղեցնեք մասնավոր բաներով: Եթե չճանաչեի իմ Աշխենին, ուղղակի կարգելեի ձեզ նրա գրածը կարդալ: Բայց գիտեմ, թե ինչ է նա և ինչ կլինի գրած, ուստի ամենևին երկյուղ չունեմ, թե հյուրերս պիտի ձանձրանան նրա նամակը լսելով: Խնդրում եմ, կարդացեք:

Օր. Սահակյանը նորից հանեց նամակը:

Պարոն Մարությանը ճիշտ է ասում, պարոններ, այն, ինչ որ այժմ պիտի կարդամ, անհետաքրքրական չէ և կարող է ընդհանուր խոսակցության նյութ դառնալ: Պարոն Շահյանը ճանաչում է Աշխենին, բայց չգիտեմ` դուք լսե՞լ եք նրա մասին, պարոն...

Բազենյան, — վրա գցեց օր. Սահակյանին Մարությանը:

Պարոն Բազենյան: Չգիտեմ` դուք լսե՞լ եք օր. Աշխենի մասին:

Եթե չեմ սխալվում, նա ձեր... — դիմեց Բազենյանը Մարությանին:

Եղբորս աղջիկն է:

Որը վարժուհու համեստ պաշտոնով գյուղն է գնացել. — վրա բերեց օր. Սահակյանը: — Տեսնո՞ւմ եք այս տունը. նա ապրել է այս տան մեջ երկար տարիներ, — նա որբ է, — խաղաղ, հանգիստ կյանք է վարել իր հարգելի հորեղբոր և նրա հարգելի ամուսնու խնամքի տակ, որոնք իրենց հարազատ աղջկանից ոչնչով չեն զանազանել նրան: Բայդ և այնպես թողել է իր ամենայնիվ ապահովված կյանքը և զրկանքներով լի գյուղն է գնացել խավար ժողովրդի մեջ լույս տարածելու համար: Նա սիրված և մանավանդ հարգված է եղել ամենքից: Հարգված բառը շեշտում եմ նրա համար, որ, իմ կարծիքով, հարգանքի զգացում թելադրելու համար ավելի մեծ ուժ է հարկավոր, քան թե սիրո զգացում. որովհետև հարգանքն ավելի ճշմարիտ, ավելի դիմացկուն և ավելի ազնիվ զգացում է, քան թե սերը, որը միշտ պատահական և անցողակի է լինում և հազիվ թե առաջանում է մարդու ներքին արժանիքի գնահատումից: Սիրվում են հարյուրից իննսունուինն, բայց հարյուրից մեկը հազիվ է հարգվում: Ասելս այն է, թե, ուրեմն, որպիսի անսովոր աղջիկ է Աշխենը, որ կարողացել է հարգել տալ իրեն ամենքին: Կարող եմ ձեզ հավատացնել, պարոններ, որ ես չափազանց թերահավատ և, մանավանդ մարդկային արժանիքները գնահատելու գործում, խիստ հոռետես եմ. ուստի կարծում եմ, այս բանն արդեն բավական պիտի լինի համոզելու ձեզ, թե ի՛նչ է օր. Աշխենը, որի մասին այդպես ոգևորված եմ խոսում:

Հաջորդ էջ