Նար-Դոս՝   Մահը

Նամակը փակելով ծրարի մեջ, տվեց ծառային, որ տանի հանձնի Բազենյանին «Լոնդոն» հյուրանոցում:

13

Ծառան վերադարձավ և հայտնեց, թե Բազենյանը տանը չէր, ուստի նամակը տվել է հյուրանոցի դռնապանին, որ նրան հանձնի: Շահյանը համոզված էր, որ եթե ոչ այդ օրը, գոնե հետևյալ օրն անպատճառ պատասխան կստանա: Բայց ոչ այդ և ոչ հետևյալ օրը ոչ պատասխան եկավ Բազենյանից և ոչ ինքն երևաց: Շահյանը վախկոտ մտահոգության մեջ ընկավ: Կարդաց նամակի սևագրությունը, թեև բառ առ բառ անգիր գիտեր, և այս անգամ խիստ դժգոհեց այն բանից, ինչ որ գրել էր: Տեսավ, որ շատ բան կեղծել է և շատ բան չափազանցրել: Գլխավորը, որ նա բոլորովին չհավանեց այս անգամ, այդ այն էր, որ նամակը սկզբից մինչև վերջը վիպական ինչ-որ ծիծաղելի սենտիմենտալ բնավորություն ուներ, այսինքն ա՛յն, ինչ որ նամակը գրած ժամանակ խիստ հավանել էր: Եվ շատ զղջաց, որ այդպիսի նամակ էր գրել Բազենյանին: Այդ նամակի մեջ նա ներկայանում էր իբրև վերին աստիճանի խղճալի արարած` զուրկ արժանապատվության զգացումից, սենտիմենտալ իր սիրո մեջ, վախկոտ իր ատելության մեջ:

Բայց նամակն արդեն գրված ուղարկված էր, և նա այս անգամ պատասխանին սպասում էր գրեթե սարսափով: Պատասխանը ստացվեց երրորդ օրը քաղաքային փոստով: Բազենյանը գրում էր. «Անգին իմ Լևոն.

Թերևս զարմացած ես, թե ինչո՞ւ այսպես ուշ եմ պատասխանում նամակիդ: Զարմանքդ կփարատվի, եթե գեթ հարևանցի երևակայես դրությունս: Նամակդ այնպես ցնցել է ինձ, որ մինչև այս րոպեիս էլ խելքս, կարծես, գլխիս չէ: Հավատո՞ւմ ես, ոչ երեկ և ոչ այս գիշեր չեմ քնել կամ, ավելի ճիշտը, չեմ կարողացել քնել, որովհետև շարունակ մտածում էի, թե ինչ պատասխանեմ: Հիրավի, ի՞նչ պատասխանեմ...

Սակայն փորձեմ պատասխանել: Թերևս շատ էլ դժգոհ չմնաս իմ պատասխանից:

Դու ինձ անկեղծորեն խոստովանում ես բոլորը: Դա ինձ համար մեծ գին ունի: Եվ ուզում ես, որ ես էլ ոչինչ չծածկեմ քեզնից: Թույլ տուր միջանկյալ նկատեմ քեզ, սիրելիս, որ իզուր ես կարծում, թե ես որևէ բանում կարող եմ անկեղծ չլինել: Եվ կեղծեմ ո՞ւմ առաջ: Քո՞: Ինչո՞ւ համար: Եվ ի՞նչ միտք ունի կեղծիքն այս դեպքում:

Եթե դու այնքան սկեպտիկ չես, Լևոն, և խոսքերս որևէ նշանակություն ունին քեզ համար, ապա կարող եմ քեզ հավատացնել, որ ընկերներիցս ոչ ոքի, այո՛, ո՛չ ոքի, այնպես չեմ սիրել, ինչպես քեզ...

Սակայն այս մասին կարճ եմ կտրում, որովհետև ո՞վ գիտե ինչ բացատրություններ տաս խոսքերիս...

Գանք ուղղակի գործին:

Ինչպես տեսնում ես, սիրելիս, ես աշխատում եմ կարելույն չափ հանգիստ հոգով գրել:

Քո նամակովդ, Լևոն, իսկապես մեծ ծառայություն մատուցեցիր ինձ, — այնպիսի մի անգնահատելի ծառայություն, որի համար երբեք չպիտի դադարեմ քո անունն երախտագիտությամբ հիշելու, քանի շունչս բերանումս կլինի: Ասեմ ինչու: Դ՛ու չես սխալվում. ես անտարբեր չեմ դեպի Մարությանի աղջիկը: Կարծեմ իմ այցելության առաջին գիշերն իսկ ասացի քեզ, որ այդ աղջիկը խիստ դուր է եկել ինձ: — Տեսնո՞ւմ ես, առանց քո ասելու էլ ես անկեղծ եմ եղել դեպի քեզ: — Ճշմարիտը խոստովանելով, պիտի ասեմ քեզ, որ Եվայի ինձ վրա թողած տպավորությունը եթե արդեն սեր չէ, գոնե շատ շուտով կարող է սիրո փոխվել: Ես այդ ավելի քան նախազգում եմ: Գիտեմ, թե ինչ է այն զգացումը, որ «սեր» է կոչվում: Այդ մասին ես քեզ մի պատմություն արդեն արել եմ իմ կյանքից: Այժմ կարող եմ ավելացնել հետևյալը:

Եթե այն ժամանակ այն էլզասցի աղջկան սիրել եմ, որքան ընդունակ է մարդ արարածը սիրելու, այնուամենայնիվ զգացել եմ, որ այդ աղջիկն օտար է ինձ համար, այնքան օտար, որքան օտար կարող են լինել թեև միևնույն գաղափարով համակված, բայց տարբեր ազգությունների պատկանող և յուրաքանչյուրն իր հայրենիքի թշվառության մասին մտածող երկու սիրող սիրտ: Բայց այժմ զգում եմ, որ եթե հազարավոր այդպիսի օտարուհիներ պատահեն ինձ, ես դրանց բոլորին էլ չեմ փոխիլ մի, — այո՛, մի, — հայ Եվայի հետ: Մի հարազատն ավելի սիրելի է, քան հազարավոր օտարներ միասին առած: Դա բնական օրենք է:

Ներիր, սիրելիս, ինձ թվում է, թե տրամադիր եմ գործից հեռանալու: Կարճ կտրեմ, ավելի լավ է:

Քանի որ ասում ես, թե սիրում ես Եվային, իսկ Եվան դեպի ինձ է հակված (այդ ես էլ եմ նկատում, պարզ խոսելը լավ է), և հոգիդ անդորր պահելու համար անհրաժեշտ ես գտնում, որ վերջ տրվի իմ ու քո միջև եղած բարեկամությանը, — համաձայն եմ, տուր ինձ ձեռքդ: Հարկավ, դա շատ ծանր է ինձ համար, բայց ավելի լավ ` հեռու մնանք իրարից իբրև բարեկամ, քան մոտիկ լինենք իբրև թշնամի: Անձնասպանության մասին ավելորդ եմ համարում խոսել, որովհետև այդ, իհարկե, շատ հիմար մի միտք է, որ ծագել է գլխումդ: Ե՛ս միայն զարմանում եմ, թե այդ ի՜նչ հրեշավոր գաղափար ունիս իմ մասին, որ բավական չէ այդ մասին գրում ես ինձ, այլև իմ ընտրությանս ես թողնում...

Ինչևիցե, այս թողնենք: Ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել, — և նամակովդ ինձ մատաղած մեծ ծառայությունն այդ բանը համարիր:

Քո և իմ միջև եղած բարեկամությանը վերջ դնելով, ես միևնույն ժամանակ այսօրվանից վերջ եմ դնում իմ և Եվայի միջև եղած բարեկամությանը, համակրությանը, սիրույն, — ինչպես ուզում ես` անվանիր:

Այս բանը թերևս անսպասելի լինի քեզ համար: Բայց մի զարմանար, Լևոն: Քեզ հայտնի է, որ իմ անձը սուրբ երդումով նվիրել եմ իմ թշվառ հայրենիքին, հետևաբար այդ անձը չի կարող, իրավունք չունի պատկանելու մի որևէ անհատի, թեկուզ այդ անհատը լիներ Եվայի պես մի աղջիկ, որի համար, — օ՜, սիրո հանցավոր պաշտելի աստված, — արժե մոռանալ հայրենիքն էլ, ամեն բան էլ... Մյուս կողմից, ի՞նչ խղճով ես կարող եմ վայելել մի սեր, երբ ինձ համար պարզ է, եթե ես չլինեի, կարող էր պատկանել իմ ընկերոջը: Ո՛չ, այդպիսի սերն երջանկություն չէր բերիլ ինձ համար, այլ սոսկալի թշվառություն, որովհետև գիտակցությունս աչքիս առաջ շարունակ պիտի ներկայացներ այդ սիրո պատճառով թշվառացած թանկագին ընկերոջս տանջանքները...

Այդպես ուրեմն, անգին բարեկամ և ազնիվ ընկեր, այս օրվանից ամեն բան արդեն վճռված է: Հավաքում եմ սրտիս բոլոր քաջությունը, մտքիս բոլոր խոհականությունը և հրաժեշտ եմ տալիս քեզ և քեզ հետ միասինԵվային: Եթե մի քանի կարևոր գործերս չլինեին, որոնց, սակայն, հույս ունիմ շուտով վերջացնելու, — կհեռանայի հենց այսօր ևեթ: Սակայն այդ միևնույն է. այսօրվանից այլևս երբեք չեմ տեսնիլ Եվային և կաշխատեմ մտքիցս ու սրտիցս հանել նրա պատկերը:

Ի վերջո պարտավորությունս եմ համարում հատուկ շնորհակալությունս հայտնել քեզ, որ իր ժամանակին հանեցիր ինձ ինքնամոռացությունիցս և, թեև անուղղակի, հիշեցրիր ինձ վեհ նպատակը: Ուրեմն մնաս բարյավ, իմ անգին ընկեր: Մնաս բարյավ և դո՛ւ, Եվա: Ես գնում եմ այնտեղ, ուր պարտավոր եմ գնալ... Թեև հույս չունիմ, թե կենդանի կմնամ այնտեղ, բայց այս անակնկալ դեպքից հետո մահն ավելի ևս քաղցր կլինի ինձ համար:

Կրկին անգամ մնաս բարյավ, իմ անգին, իմ ազնիվ, իմ անկեղծ ընկեր:

Ընդմիշտ քո Սուրեն Բազենյան»:

Շահյանը չկարողացավ միանգամից ըմբռնել այդ նամակի միտքը: Կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ... և հետզհետե ազդվելով, ընկղմվեց ծանր մտատանջության մեջ:

Մի՞թե, հիրավի, Բազենյանն այդ աստիճան վեհանձն, անձնազոհ և հայրենիքին այդպես նվիրված երիտասարդ էր: Մինչդեռ ինքը, Շահյանը, իր համար անհաջող և անհույս սիրո մեջ նրա ախոյանը հանդիսանալով, լցվել է դեպի նա չար նախանձով ու ատելությամբ, — Բազենյանն, ընդհակառակը, քրիստոնեական ամենամեծ պատվերի հետևող էր հանդիսանում, իր բախտը, իր երջանկությունը զոհում էր ընկերոջ օգտին:

Այդ այնքան պարզ էր Բազենյանի նամակից, որ Շահյանը մինչև անգամ զզվանքով ամաչեց դեպի նա տածած իր փոքրոգի և նախանձոտ ատելությունից:

Սակայն այդ ատելությունն այժմ չքացավ միանգամից: Շահյանը զգում էր այժմ, որ պատրաստ է առաջվանից է՛լ ավելի բուռն զգացումով սիրելու և հարգելու Բազենյանին, եթե նրա հոգին չդառնանար այն գիտակցությունից, թե` միևնույն է, Եվան Բազենյանի հեռանալով խո չի փոխիլ իր համակրությունը. ընդհակառակը, իբրև չափից դուրս զգայուն աղջիկ ավելի ևս կսիրե անձնազոհ և հայրենիքի ազատության գործին նվիրված Բազենյանին, իսկ իրեն, Շահյանին, ատելով կատի, երբ իմանա, որ իր սիրած երիտասարդին իրենից անջատողը այդ չնչին, ողորմելի Շահյանն է:

Վերջին միտքը խելագարեցնելու չափ անտանելի թվաց Շահյանին: Նա ապշեց: Ի՞նչ միտք ուներ, որ խառնում էր Եվայի և Բազենյանի միջև սկսված հարաբերություններին, քանի որ հենց սկզբից համոզված էր, որ նրանց սրտերն արդեն կապված են իրար հետ, և Եվան ոչ մի կերպ չի կարող սիրել իրեն: Ճիշտ է, Բազենյանին իր նամակը գրեց այն մտադրությամբ միայն, որ նա հեռու մնա իրենից, որպեսզի ինքը կարողանար հոգու անդորրություն գտնել, բայց ինչպե՞ս չէր հասկանում, որ իր նամակն իսկապես օտար նախանձով լցված սրտի խուլ ու ապօրինի մի բողոք էր այն երջանկության մեջ, որ պիտի ունենային Եվան ու Բազենյանն իրար սիրելով: Մեղավո՞ր էր Եվան, որ համակրում էր Բազենյանին. մեղավո՞ր էր Բազենյանը, որ համակրում էր Եվային: Ինչո՞ւ նրանց թշվառության պատճառ է դառնում: Ի՞նչ իրավունքով: Եսասեր մարդու ստոր նախանձի արդյունք չէ՞ արդյոք իր վարմունքը:

Շահյանը քստմնեց իրենից: Այս անգամ զգաց, որ իր հոգին անդորր կարող էր լինել այն դեպքում միայն, երբ ամենևին չգրեր իր նամակը Բազենյանին և շարունակեր նրա հետ իր առաջվա բարեկամությունը: Այո՛, հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ ինքը տանջվի ուրիշի պատճառով, քան թե զգա, որ ինքն է պատճառն ուրիշի տանջանքի, — մտածում էր Շահյանը:

Շահյանի հանգիստը միանգամայն կորել էր, և նա որքան շատ էր մտածում իր վարմունքի մասին, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ արդարանալու ոչ մի կետ չունի: Նրան թվում էր, թե մարդ է սպանել և ոչ մի զղջում չպիտի կարողանա քավել այդ հանցանքը:

Բազենյանի դրությունը նրան պարզապես տրագիկական էր թվում: Եվ նա զգում էր, որ Բազենյանին ոչ թե միայն այլևս չի ատում և չի կասկածում նրա վեհ առաքելության մասին, այլ այդ երիտասարդը չափից դուրս բարձրացել է իր աչքում:

Չնայելով Բազենյանի պարզ ու հատու նամակին, Շահյանին թվում էր, թե իրենց հարաբերությունները չափազանց խճճվել են, թե այդ հարաբերությունները պարզելու համար անպատճառ հարկավոր է մի բան անել, բայց թե ինչ բան, — չգիտեր: Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ անձամբ տեսնվեր ու խոսեր Բազենյանի հետ, բայց այժմ ավելի, քան երբեք, վստահություն չուներ այդ բանն անելու: Նա խիստ ամաչում էր իր նամակից հետո գնալ Բազենյանի մոտ և չգիտեր էլ, թե իսկապես ինչ պիտի խոսեր նրա հետ:

14

Անցավ մոտ մի ամիս: Շահյանը դեռևս մտատանջվում էր, թե ինչպես տեսնվի Բազենյանի հետ, երբ մի օր հանկարծ ուրախացած կանգ առավ այն մտքի վրա, թե Բազենյանն այդ մի ամսվա ընթացքում անշուշտ արդեն հեռացած կլինի Թիֆլիսից, ուրեմն, ուրեմն ավելորդ է այլևս այդքան մտատանջվել նրա հետ տեսնվելու և խոսելու մասին: Այս միտքն անասելի մի թեթևություն պատճառեց նրան, որպիսի թեթևություն զգում են առհասարակ անվճռական մարդիկ, երբ իրենց որևէ մի ծանր պարտականությունն անկատար թողնելու համար հանկարծ բանավոր պատճառ են գտնում:

Բայց սխալվեց:

Մի երեկո, երբ Շահյանը, զբոսանքի դուրս եկած ժամանակ, անցնում էր Միքայելյան կամրջով, հանկարծ նրա դեմն ելավ Բազենյանը մուշտակի մեջ կոլոլված և մոխրագույն մորթե գլխարկով, որը, ծուռ ծածկած, չափազանց սազում էր նրան: Այդ հանդիպումն այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ նա ակամա կանգ առավ, կարմրեց ու գունատվեց:

Բազենյանը նրան դիմավորեց բավական զսպված կերպով: Նրա դեմքը լուրջ էր, աչքերը նայում էին մտահոգ հանգստությամբ:

Մի՞թե, հիրավի, մենք պիտի բաժանվեինք իրարից այնպե՛ս, որ գեթ վերջին անգամ չպիտի տեսնեինք իրար, — ասաց նա սառն, հավասար ձայնով և ձախ ձեռը մեկնեց Շահյանին: Աջ ձեռքը դեռևս կապած էր:

Ես էլ այդ էի մտածում, — պատասխանեց Շահյանը, խիստ անհարմար դրության մեջ զգալով իրեն ընկերոջ սառն ընդունելությունից:

Այդ մի փոքր տարօրինակ կլիներ, — ավելացրեց Բազենյանը: — Գոնե ինձ համար...

Ինձ համար էլ, — մեքենայաբար վրա բերեց Շահյանը:

Թողնենք մեր պատանեկությունը... այս վերջերս կարճ միջոցում այնքան մոտեցանք իրար, գոնե ես ինձ այնքան մոտ էի զգում քեզ, որ համոզված էի, թե ոչ մի բան չպիտի կարողանար արգելք լիներ մեզ անջատման ժամին եղբայրաբար սեղմելու իրար ձեռք և մնաս բայրավ ասել իրար վերջին անգամ:

Շահյանը զգացվեց: Առանց հանդիմանության և թախծորեն արտասանված այդ խոսքերն այնպիսի ազդեցություն ունեցան նրա վրա, որ նա անկարող եղավ զսպել իրեն և բացականչեց ամենայն անկեղծությամբ.

Այո՛, այո՛, մենք դարձյալ ընկերներ ենք... Պետք է ներես, Սուրեն... Զգում եմ, որ մեղավոր եմ քո առաջ, չպետք է գրեի քեզ այն նամակը...

Բազենյանը փորձող հայացքով նայեց նրա շփոթված դեմքին և հանգիստ վեր քաշեց ուսերը:

Տեսնո՞ւմ ես, դու ուրիշ բան հասկացար, — ասաց նա: — Իսկ ես այդ չէի ուզում ասել:

Գիտեմ, գիտեմ, — արագ, ավելի ևս անկեղծորեն վրա բերեց Շահյանը: — Եվ իզուր ես կարծում, թե խոսքերդ ակնարկություն եմ ընդունում իմ այն չարաբաստիկ նամակի համար: Ընդհակառակը, Սուրեն. ես ավելի քան հավատում եմ քո ընկերական անկեղծությանը, և եթե ասացի, թե չպետք է գրեի քեզ այն նամակը, ասացի նրա համար, որ... խիղճս հանգիստ չէ: Կարծես մի ծանր հանցանք եմ գործել, որ ոչ ես և ոչ ուրիշն երբեք չպետք է ների ինձ...

Բազենյանը իր սուր հայացքով մի րոպե վերին աստիճանի լրջորեն նայեց Շահյանի խեղճ, միամիտ աչքերին:

Խղճիդ մի հավատար, Լևոն, — ասաց նա հանգիստ: — Չափազանց զգայուն լինելուց խիղճդ ծայրահեղության մեջ է ընկնում: Երկար չեմ ուզում խոսել այս մասին, — ավելացրեց նա կտրուկ կերպով: — Այսքանս միայն կասեմ, որ վատ բան արած կլինեիր, եթե այն նամակը չգրեիր ինձ:

Ինչպե՞ս, — զարմացավ Շահյանը:

Այնպես որ... — Բազենյանը բռնեց Շահյանի թևից և քաշեց կամրջի վանդակապատի կողմը, որպեսզի ազատ ճանապարհ լինի տված անցուդարձ անողներին: — Լսիր, Լևոն, ինչ եմ ասում: Այնպիսի ընկերների մեջ, որպիսին ես ու դու ենք, գաղտնապահություն չպետք է լինի ամենևին: Պարզ կերպով, առանց հետին մտքի, իրարու ամեն բան խոստովանելը միակ միջոցն է ընկերական հարաբերությունները հաստատ հիմքերի վրա դնելու: Մինչև անգամ ես կարծում էի, որ երբ երկու ընկերների միջև ինչ-ինչ պատճառներով հակակրանք է ծագում, այդ դեպքումն էլ շատ լավ կլինի, որ նրանք իրենց այդ զգացումը չծածկեն իրարից: Սիրում ես ընկերոջդ, — այդ ինքնստինքյան կարտահայտվի. սկսել ես ատել, — այդ էլ մի աշխատիր ծածկել: Քաշվելն ավելի վատ է այդ դեպքում: Խոսքն ուղղակի տուր ճակատին ու հեռացիր: Այդ հանգստություն կտա քեզ, կամրացնե հոգիդ:

Շահյանը մնացել էր շփոթված և ապշած: Նրան թվում էր, թե Բազենյանը թափանցել էր իր հոգու խորքը և գիծ առ գիծ երևան է հանում հակակրանքի այն զգացումը, որ ինքը սկսել էր տածել դեպի ընկերը: Բայց այժմ այդ զգացումը ասես չկար նրա մեջ: Այս անգամ նա թե վախենում էր Բազենյանի թափանցողությունից և թե զգում էր, որ պատրաստ է առաջվանից ավելի սիրելու ընկերոջը, որի մեջ այժմ բոլորովին նոր ու սրտագրավ մի բան էր տեսնում:

Ինչպես տեսնում եմ, Սուրեն, դու դարձյալ կասկածում ես դեպի քեզ տածած զգացումներիս վերաբերմամբ, — մեղմորեն կշտամբեց նա:

Է՜էհ, ի՞նչ տեսակ մարդ ես, — նեղացավ Բազենյանը: — Ինչո՞ւ խոսքերս միշտ քեզ վրա ես ընդունում: Ես խոսում եմ ընդհանրապես: Դու ասացիր, թե մեղավոր ես իմ առաջ, թե չպետք է գրեիր ինձ այն նամակը, իսկ ես ուզում եմ ապացուցել, որ դրանով վատ բան արած կլինեիր: Եվ վատ բան արած կլինեիր նրանով, որ...

Բայց, ախր, դու չհասկացար ինձ...

Սպասիր: Վատ բան արած կլինեիր նրանով, որ...` Ինչպե՞ս չհասկացա քեզ: Ուզում եմ ասել, որ նամակովդ ակամա առիթ ես տվել ինձ հեռանալու Եվայից, որ դու ամենևին ի նկատի չես ունեցել, թե նամակդ ինձ համար, քո կարծիքով, այդպիսի ծանր հետևանք կունենա, որ հենց այդ բանի համար էլ խիղճդ տանջում է քեզ: Այդպես չէ՞:

Այո:

Տեսնում ես, որ հասկացել եմ: Ա՛յ, դու չես հասկացել քեզ գրած պատասխանիս միտքը... Դժբախտաբար, ժամանակ չունիմ, Լևոն, երկար խոսելու, — մի շատ կարևոր

գործի համար շտապում եմ մի տեղ, — բայց որպեսզի քո գովելի բարեսրտությամբ շատ էլ չչափազանցնես դրությունս, ահա թե ինչ պետք է ասեմ քեզ: Իրավ է, Եվան ինձ վրա մեծ տպավորություն է թողել. ընդամենը մի քանի անգամ եմ տեսել նրան, և նրա մոտ լինելը, նրա հետ խոսելը միշտ մեծ հաճույք է պատճառել ինձ, բայց միայն այդքան: Այն զգացումը, որ ես տածում եմ դեպի նա, սեր չէ, ինչպես դու ես կարծում. հետևաբար այդ զգացումը մեռցնելու համար մի առանձին դժվարություն չկա: Բավական է, որ հեռու մնամ, և ամեն բան կվերջանա ինքնստինքյան: Առանց այդ էլ շուտով պետք է հեռանայի այստեղից, և եթե մինչև այժմ մնում եմ այստեղ, պատճառը մեր գործի հետ կապ ունեցող մի քանի անակնկալ հանգամանքներ են: Գուցե, քեզ գրած պատասխանիս մեջ, նամակիդ ազդեցության տակ, փոքր-ինչ չափազանցրել եմ դրությունս, բայց այժմ դեպի Եվան տածած զգացումս բոլորովին պարզ է ինձ համար: Ծանոթանալուս առաջին օրերն էին... Եվան շնորհալի, հետաքրքրվող, ինքնուրույն, գեղեցիկ աղջիկ է, որպիսին առաջին անգամն եմ պատահում հայ աղջիկների մեջ... Վերջապես, ինքս խիստ տպավորվող եմ... է՛հ, այդպիսի պայմաններում շատ հասկանալի է, որ փոքր-ինչ ինքնամոռացության մեջ ընկնեի: Բայց, փառք աստծո, այժմ բանը չի կարող հեռու գնալ, որովհետև... շնորհակալ եմ, քո և միայն քո նամակի շնորհիվ ես, բարեբախտաբար, խոհեմություն ունեցա իր ժամանակին զսպելու ինձ և ետ քաշվելու: Այն գործը, որին նվիրված եմ ես, պահանջում է ամենից առաջ անձնուրացություն, իսկ սիրո մեջ իր շրջանակից դուրս չկա այդպիսի անձնուրացություն: Ժողովրդական գործին նվիրված մարդը կատարելապես ազատ պիտի լինի անձնական զգացումներից, գոնե նա չպետք է թույլ տա, որ այդ զգացումները գերիշխող դեր կատարեն իր կյանքի մեջ. իսկ սիրո զգացումն այն առանձնահատկությունն ունի, որ մարդուն ամենանեղ եսասեր է դարձնում: Քիչ չի պատահել, որ մարդիկ հայրենիքի դավաճան են հանդիսացել նրա համար միայն, որ սիրել են: Այդ դավաճանությունն եղել է գիտակցաբար և անգիտակցաբար: Անգիտակցաբար դավաճաններից մեկն էլ ես կարող էի հանդիսանալ. անձնատուր կլինեի սիրո հրապույրներին և ... այդ հրապույրներից դուրս թեկուզ ամբողջ աշխարհը կործանվեր, այդ մասին ես ամենևին չէի հոգալ: Մինչդեռ ես ընկերներ ունիմ... նրանք գործում են... հավատում են, որ ես էլ ցմահ իրենց հետ եմ... ես ինքս եմ խոսք տվել... մենք ուխտել ենք միասին, և ինչպե՞ս կարող եմ դրժել իմ խոսքը, իմ ուխտը ... Ահա՛ թե ինչու համար եմ ասում, որ վատ բան արած կլինեիր, եթե չգրեիր ինձ այն նամակը, — մի նամակ, որը սթափեցուցիչ մի դեղ էր ինձ համար:

Բազենյանը խոսում էր հանգիստ և իր մտքերին անձնատուր եղած մարդու ոչինչ չտեսնող հայացքով նայում էր գետի խաղաղ ընթացքին: Այդ միջոցին նրա ամբողջ արտաքինն այն աստիճան ազդու կերպարանք էր առել. նրա հանգիստ ձայնի մեջ այնպիսի վշտաբեկ մի լար էր հնչում, որ Շահյանը զգաց, թե նրան երջանկացնելու համար պատրաստ է զոհել ամեն բան, ինչ կարող է:

Լսիր, Բազենյան, — ասաց նա կամաց, բռնելով նրա թևից: — Իմ կարծիքով, սերն արգելք չպիտի լինի քեզ, որ շարունակես գործել հայրենիքի համար, մանավանդ Եվայի պես մի աղջկա սերը...

Բազենյանը չպատասխանեց: Նա շարունակ նայում էր գետի հոսանքին, բայց այս անգամ հոնքերը կիտեց, և նրա մտախոհ հայացքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ստացավ: Շահյանը կարճ լռությունից հետո ավելացրեց.

Ինձ թվում է, թե այդ զոհաբերությունն անում ես... ինձ համար:

Բազենյանը դառնությամբ ժպտաց և թեթևակի նայեց նրան:

Ուզում ես ասել, թե ավելորդ է, որ հայրենի՞քն եմ մեջ բերում...

Ո՛չ, աստված վկա, ո՛չ, Սուրեն, — եռանդուն անկեղծությամբ վրա բերեց Շահյանը և մինչև անգամ նեղացավ, որ նա այդպիսի մի անակնկալ բացատրություն տվեց իր

խոսքերին: — Ասում եմ, զոհաբերությունդ ինձ համար ես անում, որովհետև... Եվան երբե՛ք չի կարող քեզ արգելք լինի, որ դու շարունակես գործել հայրենիքիդ համար: Ընդհակառակը, ես կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ նա քեզ սիրում է հենց ա՛յդ բանի համար... Չէ՞ որ ես ճանաչում եմ նրան:

Բազենյանը մի խիստ շարժում գործեց:

Ինչևիցե, այս մասին այլևս չխոսենք, — ասաց նա, կարծես ինքն իր դեմ զայրացած: — Գործի վրա ես ուրիշ տեսակետից եմ նայում: Վճիռս անդարձ է:

Եվ նա պատրաստվեց, որ հեռանա:

Այս մեր վերջի՞ն տեսակցությունն է, թե՞ էլի կտեսնվենք, — հարցրեց նա:

Է՛լի, է՛լի, — արագ վրա բերեց Շահյանը: — Ե՞րբ ես գնում:

Կարծեմ, դարձյալ մի շաբաթ կմնամ:

Որ այդպես է, Սուրեն, վաղը ճաշին արի ինձ մոտ... առաջվա պես: Կգա՞ս:

Տեսնեմ... չափազանց զբաղված եմ:

Չէ, անպատճառ արի. այլապես` կկարծեմ, որ նեղացած ես ինձնից:

Լավ, կգամ, — ժպտաց Բազենյանը և ձախ ձեռքը մեկնեց նրան:

Զարմանալի է. ձեռքդ դեռևս չի՞ առողջացել:

Ինչպես տեսնում ես, աջ ձեռքս դեռևս դատապարտված է անգործության:

Նրանք բաժանվեցին իրարից խիստ սրտագին:

15

Հետևյալ օրը Շահյանն երկար ժամանակ սպասում էր Բազենյանին: Այդ օրը հատկապես փառավոր ճաշ էր պատրաստել տվել նրա համար: Բայց Բազենյանը չէր երևում: Վերջապես մի նամակ ստացավ նրանից հետևյալ բովանդակությամբ.

«Սիրելի ընկեր.

Ներիր, որ խոստմանս հակառակ, այսօր չեմ կարող գալ: Հենց այս րոպեիս մի խիստ կարևոր նամակ ստացա, անսպասելի նորություն են հայտնում. ամենաեռանդուն ընկերներիցս երկուսը սև մատնության զոհ են գնացել... Խիստ անհանգիստ դրության մեջ եմ: Անհապաղ օգնություն է պահանջվում: Մի խոշոր գումարի կարիք կա: Ինձ մոտ այդ գումարը պակասում է: Հարկավոր է դարձյալ հազար ռուբլի: Պահանջը ստիպողական է: Գնում եմ ճարելու: Նամակս այրիր:

Քո Ս. Բ.»:

«Հ. Գ. — Պակաս գումարը ճարելուս պես անմիջապես ուղևորվելու եմ: Թերևս այլևս չտեսնենք իրար: Մնաս բարյավ: Կրկնում եմ, նամակս այրիր»:

Կարդալուց հետո Շահյանը նամակը ձգեց վառարանը: Հետո արագ մոտեցավ գրասեղանին և դուրս քաշեց գզրոցներից մեկը: Այնտեղ հազար և մի քանի հարյուր ռուբլի կար: Այդ գումարից հազար ռուբլին ստացել էր նախորդ օրն իր կալվածների կառավարչից, որը ծախել էր փուլ եկած շենքը: Նա վերցրեց ջոկ դրած այդ հազար ռուբլին, դրեց մի ծրարի մեջ, ծոցը կոխեց և անմիջապես գնաց Բազենյանի մոտ:

Բազենյանը տանը չէր:

Շահյանը վերադարձավ տուն այն մտադրությամբ, որ երեկոյան դարձյալ գնա ընկերոջ մոտ: Բայց երեկոյան էլ նրան տանը չգտավ: Իր անելիք զոհաբերությունը Շահյանին ազնիվ անհամբերություն էր ներշնչել: Այդ օրը գիշերն էլ գնաց:

Դեռևս բավական վաղ էր: Հյուրանոցի դռնապանից իմացավ, որ Բազենյանն այս անգամ տանն է: Դռնապանն ավելացրեց, որ նա «մենակ չէ», սակայն Շահյանը չլսեց և արագ բարձրացավ վերև: Նա բռնեց Բազենյանի սենյակի դռան փականքից և առաջ մղեց: Դուռը փակ էր: Նա ծեծեց:

Ո՞վ է, — լսվեց նորից Բազենյանի ձայնը:

Ես եմ:

Լևո՞ն:

Ես եմ:

Իսկույն: Մի րոպե Շահյանին թվաց, թե ներսից ինչ-որ քչփչոցի

ձայներ լսեց, հետո սեղան էր, թե աթոռ թրխկաց, և կարծես մեկը բոբիկ ոտներով վազեց սենյակի մի ծայրից մյուսը:

Դուռը բացվեց: Շեմքում երևաց Բազենյանը սյուրտուկն ու ժիլետը հանած: Նրա վնասված ձեռքը կապած չէր:

Շահյանը մտավ: Սանդուղքներով արագ վերև բարձրանալուց և այն գիտակցությունից, թե շուտով պետք է ուրախացնի ընկերոջը, նրա սիրտը թրթռում էր:

Դու մենա՞կ ես, — հարցրեց նա կամաց, շնչասպառ, նայելով սենյակի չորս կողմը:

Մենակ եմ: Ներիր, որ քեզ այսպես եմ ընդունում: Հենց նոր ուզում էի պառկել:

Շահյանը նոր նայեց ընկերոջ դեմքին:

Այսպես վա՞ղ:

Ի՞նչ անեմ, սիրելիս, սաստիկ հոգնած եմ. այսօր շան պես չարչարվել եմ... Ներողություն, այսօր երկու անգամ եկել ես, տանը չեմ եղել:

Այո՛, ես... Նամակդ ստացա... Իզուր այդքան նեղություն ես կրել... Խնդրում եմ, ընդունիր այս իմ կողմից...

Եվ Շահյանը, ծոցից հանելով ծրարը, տվեց Բազենյանին: Նա աշխատում էր կարելույն չափ հանգիստ մնալ և ցույց տալ, թե բոլորովին հասարակ մի գործ է կատարում:

Բազենյանը մեքենայաբար առավ ծրարը և մի րոպե նայեց Շահյանին լուռ ու գարմացած:

Այս ի՞նչ է, — հարցրեց նա:

Այդ... այն գումարն է, որ... պահանջել են քեզնից:

Ի»՞նչ գումար:

Այսօր որ գրել էիր:

Բազենյանը ուրախությունից, կարծես հանկարծ, կորցրեց իրեն.

Լևոն... Սպասիր... Չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Դու այնպիսի բարի, այնպիսի ազնիվ գործ ես կատարում, որ... ո՜չ, այդ մասին չեմ ուզում խոսել. ավելորդ է. ինքդ արդեն զգում ես, թե ի՛նչ արժե այս զոհաբերությունդ... Եթե գեթ մի րոպե երևակայես, թե ինչ վիրավորանքներ եմ կրել, ինչքան ստորացրել են ինձ... Ամեն կողմից կասկածանք, ամեն կողմից երկդիմի հեգնություն... Բայց, որ ամենից ավելի սարսափելին է, վեհ զգացումների կատարյալ մեռելություն... Կարծես թե գործն իմ անձնական շահերին է վերաբերում, կարծես թե այդ գործը իրենցը չէ, ընդհանրությանը չէ... Կարծես թե ես մի եզվիտ, մի սրիկա, մի աֆերիստ եմ, որ ասպարեզ եմ եկել երեսիս դիմակ առած՝ մարդկանց խաբելու... Քիչ է մնում, որ այս բանն ուղղակի երեսիս ասեն: Այս սարսափելի է: Քար, անզգա քար պետք է լինել այս բոլորը տեսնելուև տանելու համար: Գործունեությանս ընթացքում ես այն համոզման եմ եկել, Լևոն, որ ամբողջ հայության, ամենաաննշան բացառությամբ, մի բան, մի ահագին բան է պակասում. դա հոգու այն չարն է, վերածնող այն ուժը, որ հիմն ի վեր ցնցում է մարդու ամբողջ էությունը, վառում, ոգևորում է նրան սրբազան գործի համար: Ամեն տեղ անձնական նեղ սահմանափակումն, հեղափոխական գործի մեջ մկան վախկոտություն, քաղաքացիական զգացումների կատարյալ մեռելություն, նվիրաբերության մեջ չարչիական առևտուր, կոպեկի համար սատկում են, տալիս էլ կարծես թե իրենց մսից են կտրում: Այսպիսի պայմաններում կարելի՞ է չհուսահատվել... Մանավանդ Թիֆլիսը, այս այլասերված, ապազգայնացած Թիֆլիսը... Ճիշտը քեզ ասեմ, Լևոն, այն նամակը գրեցի քեզ, բայց շատ զղջացի: Մտածում էի, ո՞վ գիտե, գուցե կարծեիր, թե դա մի խաղ է իմ կողմից, թե դրանով ուզում եմ մի ավելորդ անգամ փող կորզել քեզնից...

Շահյանը խիստ անհանգիստ մի շարժում գործեց և նայեց նրան անկեղծ հանդիմանությամբ:

Բազենյանը նկատեց այդ և արագ առավ նրա ձեռքը:

Խնդրում եմ, Լևոն, ներիր ինձ, — հուզված աղերսեց նա: — Կյանքի դառն փորձերն այն աստիճան հոռետես են դարձրել ինձ, որ ես տեսնո՞ւմ ես, թույլ եմ տալիս ինձ կասկածելու մինչև անգամ քո ազնիվ սրտի մաքրության վրա... Ա՜խ, իմ պատվակա՛ն ընկեր, որքա՜ն շնորհակալ եմ քեզնից...

Եվ Բազենյանն ամուր-ամուր սեղմեց Շահյանի ձեռքը: Շահյանը հազիվ ազատեց իր ձեռքը: Այն աստիճան շփոթված և վերացած էր, որ չլսեց, թե ինչպես այդ միջոցին ինչ-որ, ըստ երևույթին կնոջ, հագուստի խշխշոց եկավ, և ոչ էլ տեսավ, թե ինչպես սենյակի անկյունում դրված պատվարի չթե պատերը թեթևակի շարժվեցին: Մեքենայաբար բարի գիշեր մաղթեց Բազենյանին, ասաց, որ նա հոգնած է, չի ուզում անհանգստացնել նրան, դուրս եկավ, անցավ երկայն միջանցքով և սկսեց մանրիկ արագ քայլերով իջնել սանդուղքի ցածր աստիճաններով: Դռնապանը շտապեց հարգական պատրաստակամությամբ բանալ նրա առաջ դուռը: Շահյանը կանգ առավ, վերարկուի գրպանից հանեց արծաթ մի դրամ, կոխեց դռնապանի բուռը, առանց նայելու նրան, կարծես ամաչելով, որ փող է տալիս նրան և շտապով դուրս գնաց փողոց: Իր արած զոհաբերության գիտակցությունից, Բազենյւսնի խոստովանությունից և շնորհակալությունից շշմել էր նրա գլուխը: Նա քայլում էր արագ և վստահորեն և ոչինչ չէր մտածում. զգում էր միայն, որ չափից դուրս երջանիկ է: Դա հոգին ու միտքն ազնվացնող այն վեհ, այն հպարտ երջանկությունն էր, որ զգում է մարդ ինքնաբերաբար որևէ բարի գործ կատարած ժամանակ:

Պարո՛ն Շահյան... պարո՛ն Շահյան, — լսեց նա իր ետևից:

Շահյանը կանգ առավ և արագ շուռ եկավ: Խանութների վառ ճրագների լույսի մեջ տեսավ Մարությանին ու Եվային, որոնք գալիս էին իր ետևից: Կանչողը Մարությանն էր: Շահյանը շտապեց դեպի նրանց:

Դուք անցաք ուղղակի մեր կողքով և չբարևեցիք մեզ: Չլինի թե դարձյալ խռովել եք, — նկատեց Մարությանը ծիծաղելով:

Շահյանը սեղմեց հոր ու աղջկա ձեռքը, նա ժպտում էր:

Նրա դեմքը վառվում էր հոգեկան բերկրանքով: Եվայի հանդիպումն այդ րոպեին մի կատարյալ երջանկություն էր նրա համար:

Ներեցեք, չնկատեցի, — պատասխանեց նա Մարությանի նկատողությանը, և իսկապես որ չէր նկատել նրանց:

Մի րոպե կանգ առնելով, նրանք երեքը միասին շարունակեցին ճանապարհը:

Ներելի է, — ասաց Մարությանը, — որովհետև շտապում էիք, երևի ցրտից շուտով պատսպարվելու համար: Տեսնո՞ւմ եք, ի՛նչ փառավոր ցուրտ է: Բայց լազաթ ունի, որ սառած գետնի վրա ման ես գալիս այսպես կտկտալի: Ինձ որ հարցնեք, ձմեռն էլ ունի իր բանաստեղծական հրապույրները: Օրինակի համար մեկ նայեցեք երկնքին, ո՞ր մի գարնանային գիշեր երկնքի կապուտակն այնպես ամուր է լինում, այնպես հաստատ, ինչպես այժմ. ե՞րբ եք տեսել, որ աստղերն այնպես մեծ երևան, այնպես հուրհրատին տան, ինչպես այս գիշեր...

Մարությանն աչքերը հեռացրեց երկնքից, նայեց Շահյանին և ծիծաղեց:

Երևակայում եմ, թե ինչքա՛ն ծիծաղում եք ինձ վրա մտքներումդ, — բացականչեց նա:

Հաջորդ էջ