Նար-Դոս՝   Մահը

Նախ կարդաց մանր լուրերը, ուր մի առ մի հիշատակվում էին զանազան տեղերից ստացված նվերները, հայտնվում էին տեռորի ենթարկված մի քանի մատնիչների անուններ, հաղորդվում էին հալածանքի և բռնության նորանոր դեպքեր: Այդ լուրերի շարքում Եվան սկզբում զարմացած, հետո անհուն գոհունակությամբ կարդաց մի լուր, ուր մերկացվում էր Բազենյանի իսկական անձնավորությունը: Կուսակցության օրգանը, բացեիբաց մերժելով Բազենյանի մասնակցությունն այն գործին, որի անունով փողեր է հավաքել, հասարակությանը զգուշացնում էր այդ «խաչագողից» և «սուրբ գործի պարազիտից»: Քիչ մնաց, որ Եվան վեր թռչեր ուրախությունից և այդ հայտարարությունը բարձրաձայն կարդար ծնողների առաջ, բայց խելացի համարեց առժամանակ պահել այդ բանը, մինչև որ հայրն ու մայրը բոլորովին կհանգստանան: Նա անցավ առաջնորդող հոդվածին, որի մեջ խմբագրությանը խիստ հարձակումներ էր գործում ազատ-կծու լեզվի ամենազորավոր արտահայտություններով: Այնուհետև Եվան աչքի անցկացրեց մի քանի ուրիշ հոդվածներ և թղթակցություններ: Թղթակցությունների մեջ նրա առանձին ուշադրությունը գրավեց մի նամակ, որ, ինչպես երևում էր, վերջին դեպքերի ընդհանուր մի տեսության էր պարզ ու հասու լեզվով գրված: Եվան ագահորեն սկսեց կարդալ այդ նամակը: Ընթերցման միջոցին նրա սիրտը հանկարծ սկսեց արագորեն բաբախել և դեմքը մի ակնթարթում մեռելի գույն ստացավ...

Մեկ էլ հայրն ու մայրը լսեցին սարսափելի մի ճիչ, այնքան սարսափելի, որ Թեկլեի ձեռքից վայր ընկավ թեյի բաժակը և շրխկալով փշրվեց հատակի վրա: Հայրն ու մայրն իսկույն վեր թռան տեղից և վազեցին դեպի աղջիկը:

Եվան քարացել էր աթոռի վրա և անմիտ չռած աչքերով նայում էր ձեռքին բռնած լրագրի տողերին, կարծես այդ տողերը զարհուրելի օձեր լինեին, որոնք շարժվում էին իրենց լպրծուն մարմնի ահաբեկող-ճկուն գալարումներով, և նա չէր կարողանում աչքերը հեռացնել դրանցից:

Ի՞նչ պատահեց, Եվա, ի՞նչ պատահեց, — կանչեցին Մարությանն ու Թեկլեն սաստիկ վախեցած:

Տեսեք, տեսեք... Արմենակը... — խելագարի նման արտասանեց Եվան, մատը դնելով կարդացած վերջին տողերի վրա: Նրա ձեռքը սաստիկ դողում էր:

Մարությանը լրագիրը խլեց նրա ձեռքից:

Ի՞նչ կա այստեղ... ի՞նչ կարդացիր... Արմենա՞կն, ասում ես... Այս ի՞նչ թերթ է է ... Հա ... Որտե՞ղ կարդացիր Արմենակի մասին...

Եվան վեր կացավ տեղից:

Տեսե՛ք, տեսե՛ք, — կրկնեց նա՛Արմենակը... Ա՛յ, այստեղ... ՉԷ՛, այստեղ չէ... Ա՛յ... Չէ, սպասեցեք, այդ էլ չէ... ո՞րտեղ է.. — Ա՛յ... Ո՛ւֆ, չէ: — նա աչքերը պինդ տրորեց ձեռքերով և դողացող մատը նորից սկսեց շարժել լրագրի տողերի վրա: — Այ, այ, — ,սարսափելի շարժումներով արտասանեց նա, վերջապես գտնելով կարդացած վերջին տողերը:

Մարությանն ագահ աչքերով սկսեց լափել այդ տողերը: Ակզբում կարդամ էր ցածր, բայց հետո նրա ձայնն սկսեց հետզհետե բարձրանալ և վերջն արդեն կարծես խելագարի ճիչեր էին թռնում նրա բերանից:

Լրագիրը դուրս պրծավ Մարությանի ձեռքից, և բարակ, խշխշուն թերթիկները, բաժան-բաժան եղած, թրթռալով օդի մեջ, թեթև ցրիվ եկան հատակի վրա: Նրա ծնկները սաստիկ դողդողալով, թուլացան, և նա, ձեռքով հենվելով լուսամուտի տախտակին, կամաց, կարծես խիստ հոգնած, նստեց աթոռի վրա, զգալով, որ աչքերը մթնում են:

Նրան ուշքի բերեց ինչ-որ փափուկ և ահագին մարմնի ուժգին մի հարված, որ հանկարծ դիպավ նրա ծնկներին և վայր ընկավ: Նա բաց արեց աչքերը և կարծես երազի մեջ տեսավ կնոջն իր ոտների առաջ, հատակի վրա տարածված...

Լրագրի մեջ հիշատակվում էր Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքական ահարկու բանտի մեջ...

{-- JPG 147 --}

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Շահյանը ճաշը նոր վերջացրել և, ըստ սովորականին, պառկել էր, որ քնի, մեկ էլ վերմակի տակից լսեց, որ դուռը բացվեց զգուշորեն:

Լևոն, — լսեց նա մոր ձայնը:

Այդ ձայնը տարօրինակ շշնջյունով և խիստ խորհրդավոր հնչեց նրա ականջին: Վերմակը արագ ետ քաշեց դեմքից և հարցական հայացքով լուռ նայեց մոր աչքերին:

Ինչ-որ կին է եկել, քեզ է ուզում տեսնել:

Կի՞ն... ի՞նչ կին, — զարմացավ Շահյանը:

Չգիտեմ:

Շահյանը դեն շպրտեց վերմակը և նստեց: Ինչքան էլ որ նա հետաքրքրությամբ հարցուփորձ արեց, այնուամենայնիվ մոր պատասխաններից չկարողացավ իմանալ, թե ով կարող էր լինել իրեն տեսնել կամեցող կինը: Շահյանի մայրն ինքն անձամբ չէր տեսել այդ կնոջը, այլ ասում էր այն, ինչ որ ասել էր իրեն նրան ներս հրավիրած ծառան: Շահյանի հետաքրքրությունը խիստ լարվեց մանավանդ այն ժամանակ, երբ իմացավ, որ այցելու կինը չափազանց կարևոր գործ ունի իր հետ և անպատճառ ուզում է տեսնել իրեն: Այդպիսի անծանոթ մի հյուրի այցելություն այնպիսի եզակի երևույթ էր նրա փակ կյանքի մեջ, որ մինչև անգամ իր ծուլությանը հատուկ դժգոհություն չզգաց նա, երբ տեսավ, որ ստիպված է խանգարել իր սովորական հանգիստը:

Իսկույն վեր կացավ, կարելույն չափ շտապով լվացվեց, հագնվեց, մազերը սանրեց, շտկվեց, թաշկինակով սրբեց ակնոցի ապակիները, դրեց աչքերին և սրտի թեթև դողոցով դիմեց դեպի հյուրասենյակ, ուր ծառան ներս էր հրավիրել այցելու կնոջը:

Հյուրասենյակում սպասող այցելուն պանի Զդանևիչն էր: Նախասենյակում նա չէր հանել իր երկայն ու լայն վերարկուն, որի սպիտակ մորթուց կարված օձիքի երկայն ու գանգուր մազերն օձապտույտ իջնում էին ուսերից: Գլխին փաթաթած էր նուրբ գործվածքի մետաքսյա սև շալ, որի տակ նրա խիստ հարուստ մազերը, ծոծրակի վրա հավաքված, սար էին կազմել: Շահյանին սպասելով ետ ու առաջ էր քայլում հյուրասենյակի երկարությամբ փռված գորգի վրա, և նրա երկայն վերարկուի փոքր-ինչ ցեխոտ փեշերը ետևից քարշ էին գալիս գետնին:

Այն հանգամանքք, որ այցելուն պանի Զդանևիչն էր, այնքան անակնկալ էր Շահյանի համար, որ հյուրասենյակը մտնելուն պես ապշած կանգ առավ ակամա, մոռանալով հյուրասիրության ամենատարրական պայմաններն անգամ:

Տեսնում եմ, որ չէիք սպասում, թև ես կարող եմ լինեիխոսեց պանի Զդանևիչն, արագ մոտենալով և մեկնելով նրան իր ձեռքը, որի վրա ձեռնոց չուներ: — Ներեցեք, խնդրում եմ. տեսնում եմ, որ ձեզ խիստ անժամանակ եմ անհանգստացրել:

Շահյանը խիստ շփոթված, բայց պինդ սեղմեց նրա տաք ձեռքը և արագ շարժումներով, անկապ բառերով խնդրեց, որ նստի:

Պանի Զդանևիչը նստեց Շահյանի առաջարկած բազկաթոռի վրա, նախապես վերցնելով վերարկուն ու գլխի ծածկոցը: Շահյանը ծառայություն մատուցանելու նախապատրաստ մարդու արագությամբ առավ նրա ձեռքից վերարկուն, որը զարմանալի թեթև թվաց, տարավ դրեց աթոռներից մեկի վրա և նույն արագությամբ մի աթոռ առնելով, մոտ բերեց, բայց չնստեց: Նոր զգաց, որ հյուրասենյակում բավական ցուրտ էր, որովհետև երկար ժամանակից ի վեր վառարան չէր վառվել այդտեղ, ուստի պանի Զդանևիչին հրավիրեց իր հյուրասենյակը, որտեղ վառարանն ամեն օր վառվում էր: Բավական կոկիկ կահավորված և զարդարված տաք առանձնասենյակում պանի Զդանևիչին բազմեցրեց մութաքաներով և ասեղնագործ թավշյա բարձիկներով զարդարված փոքրիկ բազմոցի վրա, իսկ ինքը դարձյալ մի աթոռ, մոտ բերեց, բայց դարձյալ չնստեց: Այժմ նա այնքան տիրապետում էր իրեն, որ կարողացավ, թեև անշնորհք կերպով, իր «անչափ ուրախությունը» հայտնել պանի Զդանևիչի անսպասելի այցելության համար:

Անսպասելի ոչ թե միայն ձեզ, այլև ինձ համար,պարոն Շահյան, — վրա բերեց պանի Զդանևիչը և նայեց նրա ակնոցներին խիստ տխուր ժպիտով: — Այս իմ առաջին այցելությունն է, որ երևի և վերջինը լինի:

Դուք գնո՞ւմ եք:

Պանի Զդանևիչը ծանր թառանչ արձակեց:

Այո՛, պարոն Շահյան, ես հեռանամ եմ, — ծանր հանդիսավոր ձայնով արտասանեց նա, իր հանգիստ դառնությամբ լի աչքերը չհեռացնել Շահյանի ակնոցից: Հեռանում եմ ամեն կերպ ստորացած, ամեն կերպ անարգված, ամեն կերպ... խատառակված:

Նրա լայն բացած աչքերի կոպերը և լիքր կզակը դողդողացին: Նա շրթուքները պինդ սեղմեց իրար այն մարդու նման, որի սիրտը հանկարծ լցվում է: Այնուհետև, առանա շտապելու, հանեց թաշկինակը և սկսեց ծայրով սրբել արտասվակալած աչքերը:

Շահյանը չափազանց հետաքրքրվեց, նա նոր էր տեսնում, որ պանի Զդանևիչի մեջ մեծ փոփոխության էր կատարվել: Արտաքինով այդ կինը նույնն էր, — նույն հսկա, «սարսափելի» գեղեցիկ ե վեհանձն կինը. — բայց նրա խորհրդավոր խոսքերը, նրա ճնշված ձայնը, հուսահատական հայացքը վերջապես այդ արտասուքը... ի՞նչ էին նշանակում դրանք ... Շահյանը կամաց նստեց աթոռի վրա և գրեթե շշնջալով, կարծես վախենալով, հարցրեց.

Պանի Զդանևիչ, ի՞նչ է պատահել:

Պանի Զդանևիչը թաշկինակը հեռացրեց աչքերից:

Մի՞թե, հիրավի, դուք ոչինչ չգիտեք, — հարցրեց նա արագախոսությամբ, — Մի՞թե գոնե չեք կասկածել ...

Ի՞նչ:

Պանի Զդանևիչը կարճ ժամանակ զարմացած նայեց Շահյանի աչքերին: Մի տեսակ մանկական վախկոտ ապշություն արտահայտող այդ անալի աչքերն այնքան բարի, այնքան միամիտ էին և այնպիսի վստահություն ներշնչող, որ պանի Զդանևիչր նստած տեղում ակամա մի շարժում գործեց, որով կարծես ուզում էր մոտենալ նրան և առնել նրա ձեռքը:

Լսեցեք, պարոն Շահյան, — շշնջաց նա նույն արագախոսությամբ և նրա ձայնը դողում էր կոկորդի մեջ: — Թեև իսկապես ոչ դուք եք ճանաչում ինձ, ոչ ես ձեզ, բայց և այնպես ինձ թվում է, թե սիրտս չի խաբում ինձ, որ եկել եմ ձեզ մոտ, իբրև եղբորս մոտ, որի առաջ կարող եմ թափել սրտիս բոլոր դառնությունը... Այո, դուք չգիտեք, թե ով եմ ես, և եթե իմանաք, պիտի ապշեք, թե ինչպես ես այժմ խոսում եմ ձեր մոտ այնպիսի հուսահատությամբ, այսպես լաց եմ լինում ձեր առաջ:

Եվ պանի Զդանևիչն այս անգամ հեկեկաց, թաշկինակը պինդ սեղմելով աչքերին:

Շահյանը փշաքաղվեց և չափազանց անհարմար դրության մեջ զգաց իրեն: Մինչև այժմ պանի Զդանևիչի վրա նայում էր այն աստիճան պատկառանքով, այդ կնոջ արտաքինն այն աստիճան ճնշում էր նրան իր սքանչելի վեհությամբ, իր տիպական գեղեցկությամբ, որ այժմ այդ հպարտ կնոջ հեծկլտանքը կատարյալ մի դիսոնանս էր առաջացնում նրա զգացումների և տպավորությունների միջե: Առաջվա վեհանձն, իշխող, ընկճող պանի Զդանևիչն ընկել էր իր բարձրությունից այն աստիճան, որ այժմ դարձել էր պարզապես ողորմելի, կարեկցություն շարժող հասարակ մի կին: Շահյանը հիշեց, ոը պանի Զդանևիչին այդպիսի դրության մեջ, թեև րոպեաբար և հեռվից, տեսել էր մեկ էլ «Լոնդոն» հյուրանոցի միջանցքում, երբ նա լացակումած դուրս եկավ Բազենյանի սենյակից: Այդ հիշողությունը Շահյանի մտքի մեջ կայծակի արագությամբ վերարտադրեց պանի Զդանևիչի և Բազենյանի միջև եղած խորհրդավոր հարաբերությունների այն պարագաները, որոնց ինքն անձամբ ականատես էր եղել նախ «Միխայլովո» կայարանում, հետո «Լոնդոն» հյուլրանոցում հիվանդ Բազենյանին այցելած ժամանակ: Եվ նա, որ մինչև այժմ լոկ ենթադրություններով էր գոհացում տալիս իր ակամա հետաքրքրությանն այդ հարաբերությունների իսկական բնավորության մասին, այժմ միանգամից, թեև ոչ բոլորովին, կարծես գլխի ընկավ, թե ի՞նչ էին նշանակում պանի Զդանևիչի կցկտուր խոսքերը, նրա հուսահատական հեկեկանքը...

Մինչդեռ Շահյանն, այդ հայտնագործությունից ապշած խոսք չէր գտնում ասելու, պանի Զդանևիչը, թաշկինակն աչքերին սեղմած, շարունակում էր զսպած կերպով հեծկլտալ, որից նրա հսկայական մարմինը ցնցվում էր ամբողջապես:

Հանկարծ վերին աստիճանի անկեղծ և հարգական-կարեկցական մի զգացում շարժեց Շահյանի սիրտն այն աստիճան, որ նա մոռացավ իր բնածին ամոթխած անվստահությունը և, մեքենայաբար վեր կենալով, մոտեցավ պանի Զդանևիչին:

Պանի Զդանևիչ, — շշնջաց նա: — Հանգստացեք, խնդրում եմ:

Պանի Զդանևիչը հանկարծ դադարեց հեծկլտալուց, արագ վեր կացավ տեղից և հուսահատական աղերսանքով առավ նրա ձեռքը:

Պարոն Շահյան, սիրելի բարեկամ, — արտասանեց նա, արտասուքը կուլ տալով: — Աններելի անմտությունս է, թե ճակատագիրս, ձգել է ինձ այս օտար, այս անծանոթ քաղաքը, ուր բացի ձեզնից, ոչ մի բարեկամ չեմ ճանաչում, չունիմ: Եվ ահա ես եկել եմ ձեզ մոտ, իբր մի մարդու մոտ, որը, հավատացած եմ, կհասկանա ինձ, կմտնի դրությունս. չի դատապարտիլ ինձ և... չի խնայիլ իր օգնությունը: Ինձ չափազանց հեռու կտանի, եթե պատմեմ ձեզ, թե ի՞նչն է ստիպել ինձ, որ եկել եմ ձեր դուռը: Բավական է ասեմ, որ ձեր ընկերոջ՝ Բազենյանի շնորհիվ ես այժմ զրկված եմ միանգամայն ոչ թե միայն իմ դիրքից, իմ անունից, իմ պատվից, այլև իմ ամբողջ կարողությունից... Նա բերեց ինձ այստեղ, ձգեց մենակ ու անօգնական և... փախավ: Փախավ ամենաանարգ կերպով, փախավ թաքուն, գողի նման ... Եվ, ահա, ստիպված եկել եմ ձեզ մոտ ... Ուզում եմ վերադառնալ... միջոց չունիմ, որովհետև կողոպտված եմ... Եթե դուք... Ես պատրաստ եմ մուրհակ... տոկոս տալ...

Շահյանը կամաց ազատեց իր ձեռքը ցնցողաբար սեղմող ձեռքի միջից:

Որքա՞ն կկամենայիք, — հարցրեց նա հանգիստ, լուրջ ձայնով:

Այսպես... մի երկու հարյուր... ավելի չէ: Ես պատրաստ եմ...

Շահյանը ձեռքի շարժումով հասկացրեց նրան, որ հարկավոր չէ այդ մասին խոսել, արագ մոտեցավ գրասեղանին, դուրս քաշեց գզրոցներից մեկը և միջից հանեց կույտ թղթադրամ: Այդ իր կալվածների ամսական վարձագնի մի մասն էր, որ Ստեփանը` կալվածների կառավարիչը, հավաքել և մի քանի օր առաջ հանձնել էր նրան: Նա համարեց քսան հատ տասըռուբլիանոց, սակայն առանց հաշիվ տալու իրեն` ճիշտ քսան հատ համարեց, թե ավել կամ պակաս, որովհետե խիստ հազված էր, և դրեց պանի Զդանևիչի առաջ:

Պանի Զդանևիչը սաստիկ զգացված, արտասուքն աչքերին, մոտեցավ նրան, բայց նա ետ քաշվեց և արագախոսությամբ նկատեց.

Եթե շնորհակալություն պիտի հայտնեք, ես դուրս կգնամ:

Պանի Զդանևիչը ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի նա:

Ոչ, ես ոչինչ չեմ ասիլ. միայն թույլ ավեք սեղմեմ ձեր բարի ձեռը:

Շահյանը պարզեց ձեռքը:

Պանի Զդանևիչը առավ այդ ձեռքն իր տաք ձեռքերի մեջ և լուռ հիացմունքով, անհուն երախտագիտությամբ սեղմեց իր փափուկ կրծքին:

2

Շահյանը մինչև փողոցի դուռը ճանապարհ ձգեց պանի Զդանևիչին: Այստեղ նա վերին աստիճանի հարգանքով բաժանվեց պանի Զդանևիչից և չհեռացավ դռնից, մինչև որ պանի Զդանևիչը, վերարկուի երկայն փեշը սառած ձյունի վրա քարշ տալով ետևից, ծռվեց փողոցի անկյունը և չքացավ: Նա դուռը փակեց և վազեց վերև:

Սանդուղքի գլխին, նախասենյակում, նրա դեմն ելավ մայրը.

Ո՞վ էր, — հարցրեց Թամարը հետաքրքրությամբ:

Շահյանը հանկարծ բոլորովին հակառակ իր բնավորության, կատակ անելու տրամադրություն զգաց:

Իմ սիրուհին, մայրիկ, — բացականչեց նաւԵվ գիտե՞ս ինչու էր եկել: Եկել էր փող խնդրելու: Ես էլ տվի:

Ես էլ հավատացի, — հանգիստ նկատեց մայրը:

Այդ ավելի լավ է, որ չես հավատամ, — նկատեց Շահյանը ծիծաղելով: — Բայց տեսա՞ր նրան:

Տեսա:

Հավանեցի՞ր: Սիրուն էր, չէ՞: Ես տգեղ սիրուհիներ չեմ պահիլ:

Մայրն այս անգամ պարզապես ապշած նայեց որդու անսովոր ուրախությունից փայլող աչքերին:

Լևո ն, այդ ինչե՞ր ես ասում,,.

Ի՞նչ է, ամենքը սիրուհի են պահում, ես էլ որ պահեմ, ամոթ բա՞ն է:

Իհ, գնա, քո գլուխը չունեմ, — քրթմնջաց բարի պառավը, — ներս գնա, ներս, մրսեցիր: Այս ցրտին գլխաբաց էլ գնում ես մինչև դուռը ճանապարհ դնելու... Նրա աչքն էլ կարեմ:

Օ՛, մայրիկ, զգուշացիր. ես թույլ չեմ տալ, որ նրա հասցեին այդպիսի խոսքեր ասես:

Հիմար-հիմար մի խոսիր, ներս գնա, ասում եմ, — հրամայեց նրան մայրը բարկացած:

Շահյանը բարձրաձայն ծիծաղեց և անցավ իր ննջարանը: Բայց այնքան ուրախ էր, սրտի մեջ այնպիսի մի թեթևության, երակների մեջ այնպիսի մի գրգիռ էր զգում, որ այլևս պառկել քսել չէր կարող: Մի բան, անհասկանալի մի զորություն մագնիսի պես քաշում էր նրան դեպի առանձնասենյակըայնտեղ, ուր մի քանի րոպե առաջ պանի Զդանևիչի հետ էր: Եվ անցավ այդ սենյակը: Մտնելուն պես նրա քթովը դիպավ պանի Զդանևիչի հագուստին սրսկված հոտավետ օծանելիքի սուր բուրմունքը, որ դեռևս կանգնած էր այնտեղ: Նա կանգ առավ ակամա և առանձին ախորժակով ծծեց սենյակի անուշահոտությամբ հագեցած օդը: Գեղեցիկ կնոջ մարմնի ներկայությունը նա զգաց միայն այժմ, երբ այդ կինն այլևս այնտեղ չէր: Շահյանի համար այդպես էր եղել միշտ, այդպես էր և այժմ, կինը մոտիկից, կինն իրականության մեջ, շոշափելի կինը նրա համար այն տպավորությունը չէր գործում, ինչ որ կինը հեռվից, կինը երևակայության մեջ, անշոշափելի կինը: Կնոջ մտացածին կինը ավելի զորեղ ազդեցություն նրա վրա, քան թե իրական կինը: Իրականության մեջ կույսի պես ամոթխած լինելով, երևակայոթյան մեջ համարձակ էր ցինիկի և Էրոտիկի պես...

Շահյանը նստեց բազմոցի վրա, այնտեղ, ուր նստած էր պանի Զդանևիչը, և հավաքեց իր վավաշոտ երևակայության բոլոր ուժն` ավելի որոշ կերպով մտապատկերելու համար այդ հրաշալի կնոջ կնոջ, տիպական դեմքը, նրա հարուստ մազերը, հագուստի մեջ ամուր սեղմված լիքը, իրանը: Նա առանձին հեշտանքով կանգ առավ մանավանդ այն մտապատկերի վրա, երբ պանի Զդանևիչն առավ նրա ձեռքն իր երկու ձեռքերի մեջ և սեղմեց իր կրծքին: Ինչքան փափուկ, ինչքան տաք էին այդ ձեռքերը, այդ փափուկ կուրծքը... Եվ Շահյանը հանկարծ ցանկացավ գժի պես համբուրել այդ ձեռքերը, դեմքը թաղել այդ կրծքի մեջ և հալվեք, ինչպես հալվում է ձյունը արևի տաք ճառագայթների տակ:

Կարծես մոգական մի գավազանի զորությամբ չքացել էր Շահյանի սովորական քնածությունը, երիտասարդական արյունն սկսել էր եռալ նրա երակների մեջ անսովոր տաքությամբ: Օրն անցկացրեց տենդային տանջող դրության մեջ, մթագնած ուղեղով, խառնաշփոթ անմաքուր զգացումներով: Արյունը գլուխն էր ընկել և կատաղի ալիքներով զարկվում էր քունքերին: Նրա մեջ շարժվել էր արյունը, ախտաբանական արարածը, որից ավելի զորավոր ոչինչ չկա աշխարհիս երեսին, բացի մահից: Գիշերը նրա քունը նման էր պարզապես մի մղձավանջի, որի մեջ չէր իմանամ` քնած է, թե արթուն. զգում էր միայն, որ սարսափելի տանջվում է:

Առավոտյան վեր կացավ սաստիկ թուլացած մարմնով և շատ վատ տրամադրության մեջ: Անլվա երեսով, խալաթը հագին նստած էր լուսամատի առաջ, մռայլ կարմրատակած աչքերով նայում էր դուրս և մտածում էր պանի Զդանևիչի մասին, երբ ծառան մտավ և մի նամակ հանձնեց նրան: Նա պատռեց ծրարը, հանեց նամակը, և նրա քթին նորից դիպավ նույն անուշահոտ օծանելիքի սուր բուրմունքը: Նամակի մեջ խոշոր, փութկոտ, համարձակ գրերով գրված էր հետևյալը.

«Ազնիվ բարեկամս արդյոք կհաճի՞ այսօր. երեկոյան ժամը 7-ին, կամ երբ ինքը ցանկա, շնորհ բերել ինձ մոտԿավկազ» հյուրանոց, N 18), եթե պ. Շահյանը չի մերժիլ այս խնդիրքը, անչափ գոհ կլինի նրանից իր երախտապարտ և իրեն սպասող

պանի Զդանևիչը»:

Շահյանը կարդաց այդ նամակը, և նրա սիրտը դող ընկավ: Այն անհամեստ միտքը, որ տանջում, խելացնորություն էր պատճառում նրան ամբողջ գիշեր, այժմ մեխի պես ցցվեց նրա գլխում, և նա սարսափեց: Դա անփորձության սարսափն էր իրականության առաջ:

Պանի Զդանևիչի վրա, երեկվա այցելությանից հետո, նա արդեն որոշ գաղափար էր կազմել.— այդ կինը Բազենյանի սիրուհին է եղել, դա նշանակում է, որ նա ծախու կին է. թեև, շատ կարելի է, ոչ սովորական ծախու կանանցից: Համենայն դեպս, պանի Զդանևիչը խստապահանջ բարոյականության տեր կին չէր Շահյանի կարծիքով: Արդ՝ ի՞նչ միտք ուներ այդ կինը, որ, իր երեկվա այցից հետո, այժմ հրավիրում էր նրան իր մոտ: Իր խնդրած օգնությունը ստացավ, ուրիշ ի՞նչ էր կամենում: Արդյոք նորի՞ց փող խնդրել, թե՝ վարձահատույց լինել...

Շահյանը չէր կարծում, թե պանի Զդանևիչը դարձյալ փող խնդրելու համար լիներ իրեն հրավիրելիս. այդպիսի դեպքում դարձյալ ինքը կգար (և ո՞րտեղից գիտեր նա իր տան հասցեն): Մնում էր երկրորդ ենթադրությունը, այն է՝ պանի Զդանևիչն իրեն հրավիրում էր վարձահատույց լինելու համար այն բանով, ինչով որ վարձահատույց են լինում առհասարակ ծախու կանայք... Ահա այդ միտքն էր, որ սարսափեցրեց Շահյանին: Այն, ինչ որ նրա վավաշոտ երևակայության համար խաղ ու պար էր, այժմ մերկ իրականության առաջ փախուստ էր տալիս վախկոտ մկան պես:

Երբեք նա, իբրև տղամարդ, իրեն այնպես թույլ, երկչոտ ու ողորմելի չէր զգացել մի կնոջ վերաբերմամբ, ինչպես այժմ: Իր կատարյալ անփորձության, իր կուսության սարսափը չէր միայն, որ ստիպում էր նրան փախչելու պանի Զդանևիչից, այլ այն ամոթի զգացումը, որ ինքն անկարող պիտի լինի այդ կնոջ հետ վարվել ազատ, համարձակ, տղամարդի պես ինչպես վարվում է վերջին գիմնազիստը:

Ամբողջ օրը խիստ տարօրինակ անհանգստության մեջ էր Շահյանը: Նա, որ երբեք սովորության չուներ սենյակի մեջ քայլելու, այժմ արագ ետ ու առաջ էր շրջում և մտածում` գնա՞ր, թե չգնար պանի Զդանևիչի մոտ:

Քսան անգամ կարդաց նամակը, քսան անգամ նստեց, որ պատասխան գրի, թե՝ «դժբախտաբար, գործերի պատձառով» չի կարող գնալ, — ձեռքն առաջ չէր գնում, ամեն անգամ նրա աոաջ պատկերանում էր պանի Ջդանեիչը իր հաղթական հասակով, իր փարթամ իրանով, իր ամբողջ էության անդիմադրելի հմայքով: Իսկ նամակից բուրող այդ գրգռիչ անուշահոտությունը, խելագարեցնելու չափ հեշտանք էր աատճառում նրան... Նրան թվամ էր, թե արհեստական հոտ չէ այդ, այլ հենց ցանկալի կնոջ մարմնի բուրմունքը...

«Օհ, կգնամ, կգնամ, մեռնեմ էլկգնամ... վզակոթիս տալով կտանեմ ինձ», — բացականչեց նա ինքն իրեն, շարունակելով արագ քայլել սենյակում:

Ճաշին մայրը զարմանքով տեսավ, որ որդին գինին սովորականից ավելի է խմում և մերթ մտախոհության մեջ է ընկնում, մերթ խիստ ուրախանում: Նրանց ճաշը սովորաբար անցնում էր սուս ու փուս, բայց Շահյանն այս անգամ լեզու էր կտրվել: Այս անգամ մորը պատմեց, թե ով էր երեկվա այցելած կինը և ինչու էր եկել, բայց չասաց, թե այդ երեկո հրավիրված է նրա մոտ: Ճաշից որ վեր կացավ, ուղղակի հարբած էր և գինու ազդեցության տակ հաստատ վճռել էր, որ անպատճառ պիտի գնա պանի Զդանևիչի մոտ: Եվ արբել էր հենց այն նպատակով, որ գնա:

Այդ օրը, ճաշից հետո, քնելու մասին մտածել անգամ չէր կարողայն աստիճան գերել էր նրան ժամը 7-ին պանի Զդանևիչի մոտ լինելու միտքը: Եվ նա սրտատրոփ սպասում էր, թև երբ պետք է օրը մթնի:

Սակայն ձմեռվա կարճատև օրը շատ շուտ մթնեց: Ժամը 7-ին, պանի Զդանևիչի նշանակած ժամանակից մի ժամ առաջ, Շահյանը հագնվեց առանձին խնամքով, և մորն ասելով, թե գնում է թատրոն, դիմեց դեպի «Կավկազ» հյուրանոց: Սկզբում քայլում էր կայտառ, համարձակ, բայց հետո, քանի մոտենում էր հյուրանոցին, այնքան նրա քայերը դանդաղում էին: Ձմեռվա ցուրտ օրր կամաց-կամաց սառեցնում էր նրա արհեստական կերպով տաքացած արյունը: Սկզբում չէր զգում, բայց հետո տեսավ, որ ատամները զարկվամ են իրար: Շրթունքները պինդ հուպ տվեց, որ զսպի ամբողջ մարմնի մեջ զգացած տարօրինակ դողը, բայց և այնպես բերանի մերթ այս, մերթ այն կապը ջղաձգաբար վերև էր թռչում, իր հետ վերև ձգելով նաև վզի մկանունքները: Եվ այդ բոլորը հետզհետե սաստկանում էր, քանի մոտենում էր հյուրանոցին: Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչից էր այդ տարօրինակ դողըցրտի՞ց արդյոք, թե՞ այն բանից, ինչ որ սպասում էր գտնել պանի Զդանևիչի մոտ:

Դեռ «Կավկազ» հյուրանոցին չմոտեցած՝ կանգ առավ պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ, ժամացույցը հանեց և նայեց, ժամը 6-ից անցած էր 25 րոպե: «Դեռ վաղ է, — մտածեց, — մի քիչ ման կգամ այստեղ, մինչև որ 7-ը լրանա ու ետ դարձավ:

Գինու ազդեցությունը դեռևս բոլորովին չէր անցել նրա գլխից, բայց ցուրտ, թարմ օդը հետզհետե ավելի զգաստացնում էր նրան: Եվ որքան զգաստացնում էր, այնքան ավելի ու ավելի զգում էր, որ խիստ բախտավոր պիտի լիներ, եթե ստացած չլիներ պանի Ջդանևիչի նամակը: Ի՞նչ էր ուզում այդ կինն իրենից: Ինչո՞ւ եկավ և վրդովեց իր հանգիստը, որ հազիվհազ ձեռք էր բերել վերստին, Եվայի և Բազենյանի հետ ունեցած միջադեպից հետո: Ինչո՞ւ առիթ տվեց, որ նրա մեջ այժմ նորից շարժվել է իր կյանքն այնքա՛ն դառնացնող անձնաքննության թույնը: Ահա՛, նա նորից լցվել է ատելությամբ դեպի ինքը, — ինչո՞ւ համար...

Սակայն, իհարկե, Շահյանը շատ լավ հասկանամ էր, որ պանի Զդանևիչն այդ բոլորի մեջ ամենևին հանցանք չուներ. այդ կնոջ հանցանքն այն էր միայն, որ գեղեցիկ էր, եկել էր Շահյանից օգնություն խնդրելու և մյուս օրը հրավերի մի նամակ էր գրել: Ճշմարիտ է, այդ նամակը պարզ չէր. բայց մի՞թե հենց նրա համար, որ այդ նամակը պարզ չէր, պանի Զդանևիչի հրավերին նա անպատճառ այն բացատրությունը պիտի տար, որ այնքան ցանկալի էր նրա վավաշոտ երևակայաթյան համար և որը միևնույն ժամանակ, այնքան սարսափեցնում էր նրա վախկոտ կամքը: Պանի Զդանևիչը կարող էր Բազենյանի սիրուհին լինել, բայց այդ չէր նշանակում, թե նա անպատճառ և ծախու կին պիտի լինի:

Շահյանն այս անգամ քստմնեց ինքն իրենից, քստմնեց այն վատ, անմաքուր մտքերից, որոնք այնքան հուզում, այնքան պղտորում էին իր զգացումները: Շատ լավ ճանաչում էր իրեն, գիտեր, որ կնոջ վերաբերմամբ որքան որ գործնականապես անարատ է ինքը կույսի նման, այնքան տեսականապես ապականված է, այլասերված է զգացումներով, բայց չէր կարծում, թե այդ ապականումն ու այլասերումն իր մեջ այն աստիճան զարգացած կարող է լինել, որ հասարակ մի նամակի մեջ, այդ նամակից բուրող անուշահոտության մեջ անգամ ուրիշ բան չի կարող տեսնել, քան եթե միայն կնոջ տաք գրկախառնություն, կնոջ մարմնի յուրահատուկ բուրմունք... Այդ սոսկալի է. այդ նշանակում է բարոյական կատարյալ անկումն և ավելի գարշելի ու կորստաբեր անկումն, քան օր ու գիշեր անառականոցներումն անցկացնող մարդու անկումը...

Եվ Շահյանը կատարյալ հուսահատությամբ նորից կանգ առավ Գոլովինսկի պրոսպեկտի պայծառ լուսավորված խանութներից մեկի առաջ:

Երեկոն շատ ցուրտ էր. ձյունի հատ-հատ փաթիլները, փողոցի լուսավորության մեջ սպիտակին տալով, դանդաղորեն ցած էին թափվում սառած, պլպլող գետնի վրա. լայն մայթը կամաց-կամաց ծածկվում էր սպիտակ սավանով: Անցուդարձը շատ քիչ էր. Շահյանի առաջով շտապ քայլերով անցնում էին կենտուկունտ մարդիկ, վերարկուների օձիքը բարձրացրած և ձեռքները գրպանների մեջ կոխած: Բավական լավ հագնված մի կին վարդագույն այտերով, տափակ քթով հանկարծ կանգ առավ նրա առաջ և նայեց նրան տարօրինակ պլպլող աչքերով:

Ներեցեք, պարոն, ժամը քանի՞սն է, — հարցրեց նա:

Այդ անակնկալից շփոթված, Շահյանը մեքենայաբար հանեց ժամացույցը և նայեց ժամը 7-ից պակաս էր մի քառորդ:

Օհ, ի՞նչ վաղ է դեռ, — բացականչեց կինը, մի րոպե աննպատակ կերպով նայեց այս ու այն կողմը, հետո նորի փայլեցնելով իր տարօրինակ պլպլան աչքերը Շահյանի վրա, անցավ և կանգնեց Շահյանից մի երկու քայլ հեռու:

Շահյանը շտապեց հեռանալ և, վախենալով, որ կինը կարող է հետամուտ լինել իրեն, քայլերն արագացրեց: Բավական երկար տեղ անցնելուց հետո ետ նայեց և, ոչ մի կին չտեսնելով, հանգստացավ: «Կավկազ» հյուրանոցի առաջ կանգ առավ և նայեց քաղաքային տան ժամացույցին, սլաքները ցույց էին տալիս 7-ից 10 րոպե պակաս: Ուրեմն դեռևս ժամանակ կար մտածելուգնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ: Եվ ետ դարձավ: Դառնալիս հանդիպեց ժամը հարցնող կնոջը մի սպայի հետ: Կինն անցավ ուղղակի Շահյանի կողքով առանց ուշադրություն դարձնելու նրա վրա. անցավ բարձրաձայն և ուրախ խոսելով սպայի հետ, որը նայում էր նրան արուի աչքերով և ձեռքով ոլորում բեղի մի ծայրը:

Շահյանը մի քանի անգամ անցավ ու դարձավ և այդ բոլոր ժամանակ իբր թե մտածում էր` գնա՞ր պանի Զդանևիչի մոտ, թե ոչ, բայց իսկապես այլևս ոչինչ չէր մտածում, այլ միայն դիտում էր իր օտարոտի վարմունքը, մտքումը ծիծաղում էր իր վրա, ծաղրում էր իր անհամարձակությունը, սրտանց հայհոյում էր իրեն, կարծես ինքը չէր իր այդ դիտողաթյան, այդ ծիծաղի, ծաղրի և հայհոյանքի առարկան, այլ մի ուրիշը, որին արհամարհում և ատում էր հոգու բոլոր կարողությամբ:

Երբ քաղաքային տան ժամացույցը խփեց յոթը և մի կես ժամ էլ անցավ, Շահյանը հանկարծ թքեց ինքն իր հասցեին ե վճռեց տուն դառնալ: «Այսպես է լինում միշտ, երբ մարդ ինքն իր վզակոթին տալով է ուզում իրեն որևէ տեղ տանել», — մտածեց նա:

3

Բայց հազիվ նա մի քանի քայլ էր արել, որ գնա նստի հրապարակում կանգնած կառքերից մեկը, երբ հանկարծ կանգ առավ գրեթե սարսափած:

Նրա առաջ կանգնած էր ինքը` պանի Զդանևիչն իր պարթև հասակով, մազածածկ վերարկուի մեջ կոլոլված:

Բարև ձեզ, պարոն Շահյան, — բացականչեց պանի Զդանևիչն ուրախացած և ամուր սեղմեց նրա ձեռքը: — Ստացա՞ք նամակս:

Ստացա:

Հետո՞: Չե՞ք ուզում գալ ինձ մոտ:

Շահյանը հազիվ կարողացավ տիրապետել իրեն:

Ինչպես չէ... Հենց դրա համար էլ դուրս եմ եկել... Բայց ... այստեղ մի փոքրիկ գործ ունեի... ասացի մեկ անգամ վերջացնեմ, հետո...

Այդ լավ է: Ուրեմն դուք դեռ չեք մտել ինձ մոտ: Ես մեկնելու եմ վաղն առավոտյան, ղրա համար դուրս եկա մի քանի բաներ գնելու և դռնապանին պատվիրել էի, որ եթե գաք, խնդրե, որ սպասեք ինձ. սենյակիս դուռն էլ, համենայն դեպս, բաց էի թողել: Բայց, իսկապես, չէի կարծում, թե կգաք, որովհետև նամակիս չէիք պատասխանել: Ես այժմ ինչ որ հարկավոր էր, առել պրծել եմ և տուն եմ գնում: Ուրեմն ձեր գործը վերջացնելուց հետո կգաք, սպասեմ, հա՞:

Այո, ես իսկույն...

Եվ Շահյանը, ցույց տալու համար, որ իբր թե գործ ունի, արագ քայլերով հեռացավ: Նա գնաց, գնաց և, երբ բավական հեռացավ, քայլերը դանդաղեցրեց և ծիծաղեց ինքն իր վարմունքի վրա: Անցավ Դվարցովայա փողոցը, ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտը և ետ դարձավ: Ինչպես գնալիս, այնպես էլ դառնալիս կանգ էր առնում այս ու այն խանութի պատուհանների առաջ, անուշադրությամբ դիտում էր ներսը դարսված իրերը, որոնք, սակայն, պարզ չէին երևում քրտնած ապակիների միջից, և այդ բանն անում էր միմիայն նրա համար, որ կարելույն չափ ուշանա և իր ուշանալովն ապացուցանի պանի Զդանևիչին, թե ինքն իսկապես գործի համար է եղել գնացած:

Կես ժամ անցնելուց հետո վերջապես վճռեց, որ այժմ կարելի է գնալ: Չգնալ այլևս չէր կարող, որովհետև խոսք էր տվել: Բայց կեղծիքը պետք էր շարունակել. ամեն բանով այժմ ցույց պիտի տար պանի Զդանևիչին, որ ինքը, հակառակ իր ցանկության, փոքր-ինչ ուշացել է. դրա համար խիստ արագացրեց քայլերը, չնայեյով որ ամեն մի քայլափոխին ոտները սահում էին ձյունի վրա. նույնպիսի արագությամբ բարձրացավ հյուրանոցի սանդուղքով և միջանցքում պատահած առաջին սպասավորին դիտմամբ բարձրաձայն հարցրեց N 18 սենյակը, թեև առանց հարցնելու էլ կարող էր գտնել:

Next page