Նար-Դոս՝   Մահը

Նույն րոպեին նրանցից մի քանի քայլ հեռու մի դուռ արագորեն բացվեց, և շեմքում երևաց պանի Զդանևիչը ժպտադեմ:

Համեցեք, այս է իմ սենյակը:

Շահյանը գործից վերադարձող մարդու բռնի կեղծ աշխույժով թափ տվեց վերարկուի կրծքին և ուսերին նստած ձյունը, ներս մտավ և դռան մոտ սկսեց հանել կրկնակոշիկներն ու վերարկուն:

Ներեցեք, գուցե փոքր-ինչ ավելի սպասեցնել տվի ձեզ, — ասաց նա:

Բան չկա, գիշերն երկար է: Բացի դրանից, վերջին ժամանակներս ես տանջվում եմ անքնությունից: Համեցեք այստեղ:

Շահյանն, անշնորհք երեխայի պես, հետևեց պանի Զդանևիչին և թաղվեց նրա առաջարկած գահավորակի վրա: Գահավորակն այնքան ցածր էր, որ նրան թվաց, թե գետնին նստեց:

Դուք մրսել եք: Մի բաժակ թեյ չեք մերժիլ, չէ՞:

Շահյանը պատասխանելու տեղ ժպտաց:

Ձեզ էի սպասում, որ միասին խմենք, և վառարանն էլ պատվիրեցի, որ նորից վառեն, — ասաց պանի Զդանևիչն և արագ թայլերով ինչ-որ բանի համար անցավ սենյակի անկյանը դրված պատվարի ետևը:

«Մահճակալն անշուշտ այնտեղ է դրված», — մտածեց Շահյանը և հայացքն ամոթխածությամբ ուղղեց դեպի պատի վառարանը, որի օդանցքները վառվում էին մի շարք հրափայլ աչքերի պես: Չէր իմանում, սենյա՞կն էր շատ տաք, թե այդ րոպեին իր զգացած վախկոտությունն էր, որ հանկարծ վառեց նրա ճակատն ու ականջները, բայց ձեռքերը սառն ու թաց էին շան դնչի պես և ամբողջ մարմինը մերթ տաքանում էր, մերթ հովանում: Նրան թվաց, թե այդ բոլորը նրանից է, որ շատ ցածր է նստած, այնքան ցածր, որ ծնկները գրեթե հավասարվում են կրծքին, ուստի վեր կացավ գահավորակից և նստեց աթոռի վրա:

Երևակայում եմ, թե ինչքան զարմացած պիտի լինեիք երեկ, որ եկա ձեզմոտ, — լսեց նա պանի Զդանևիչի ձայնը պատվարի ետևից:

Ի դեպ. որտեղի՞ց գիտեիք իմ տան հասցեն:

Ձեր տան հասցե՞ն... Այդ հետո կպատմեմ:

Պանի Զդանևիչը դուրս եկավ պատվարի ետևից մաքուր մի անձեռոցիկ ձեռքին, մոտեցավ թեյի սեղանին և սկսեց թեյի պատրաստություն տեսնել:

Այս գիշեր ես ձեզ ամեն բան կպատմեմ, ամեն բան... Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացանք Բազենյանի մոտ, երբ նա պառկած էր հիվանդ: Այն ժամանակ արդեն զգացի, հոգիս վկայեց, վաղ թե ուշ կարոտ կլինեմ ձեր օգնությանը և վստահ կերպով կարող եմ դիմել ձեզ, որովհետև առաջին իսկ հայացքից տեսա, որ չափազանց բարի եք և...

Այդ թողնենք, պանի Զդանևիչ:

Այս կթողնենք, իհարկե, որովհետև չեմ ուզում կարծեք, թե յուղում եմ ձեր գլուխը:

Երբ որ այդպես է, պանի Զդանևիչ, խնդրում եմ, էլի այդ մասին խոսեցեք, — վրա բերեց Շահյանը ծիծաղելով:

Պանի Զդանևիչը, թեյի բաժակները սրբելով, նայեց նրան և նույնպես ծիծաղեց:

Ոչ այդ մասին այլևս չեմ խոսիլ, պարոն Շահյան, բայց պիտի խոսեմ այն մասին, թե ինչու համար եմ այս ցուրտ գիշերին նեղության տվել ձեզ ինձ մոտ գալու: Պետք է ասեմ ձեզ, որ ես չափազանց ինքնասեր եմ, և չեմ ուզում, որ դուք ինձ ճանաչեք միայն իբրև ձեր պարտապանի: Ես ուզում եմ... Չգիտեմ թե ձեր և Բազենյանի միջև ինչպիսի բարեկամություն է եղել և նա որևէ բան պատմե՞լ է ձեզ իմ մասին, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ դուք... (պանի Զդանևիչի դեմքը հոգեկան մի սուր ցավից ծամածռվեց, և նա մեծ դժվարությամբ ավարտեց ասելիքը) նպաստավոր գաղափար չունիք իմ մասին... Ա՛հ, — հառաչեց նա անզոր զայրույթով և բաժակը շրխկացնելով վայր դրեց բաժակակալի վրա: — Դուք կարծում եք, թե էժա՞ն է նստել ինձ ձեզ մոտ գալս, ձեզնից օգնություն խնդրելս: Դժոխքի տանջանքներ եմ կրել ես, մինչև որ վստահացել եմ ձեր դռան զանգակը քաշել: Ո՞ւր եմ գնում, — ասում էի ինքս ինձ: — Ի՞նչ պիտի ասեմ: Ինչպե՞ս պիտի հայտնեմ իմ վիճակը: Ի՞նչ պիտի մտածի նա իմ մասին: Ի՞նչ աչքով պիտի նայի ինձ վրա, երբ ինքս իմ բերանով խոստովանեմ, որ Բազենյանի սիրուհին եմ եղել, որ նա ձգել է ինձ, փախել... Եվ եթե չհավատա խոսքերիս ու քաղաքավարի ճանապարհ դնի ինձ դատարկաձեռն... Ինչքան էլ համոզված լինեի, որ դուք ջենտլմեն եք, ինչքան էլ զգացումս թելադրեր ինձ, որ լիովին կարող եմ վստահել ձեր բարության վրա, այնուամենայնիվ այսպիսի անսովոր վիճակի մեջ չէի կարող ազատ լինել կասկածներից և հոռետեսությունից: Փառք աստծո, կասկածներս ու հոռետեսությունս սխալ դուրս եկան ձեր վերաբերմամբ. դուք շատ բարի գտնվեցաք դեպի ինձ, որի համար չափազանց շնորհակալ եմ ձեզնից, բայց... ձեր այո բարությունն ինձ հոգեկան ավելի մեծ տանջանք պատճառեց, քան այն, եթե դուռն ուղղակի ետ դնեիք երեսիս: Երբեք ինձ այնքան նվաստացած չէի զգացել, ինչպես այն ժամանակ, երբ դուրս եկա ձեր տնից: Եսմի օտար կին ձեզ համար, դուքմի օտար մարդ ինձ համար, իսկապես ոչ ես եմ ճանաչում ձեզ. ոչ դուք ինձ: Եվ հանկարծ մտնում եմ ձեզ մոտ, լաց եմ լինում ձեր առաջ, փող եմ խնդրում ձեզնից... Դուք չեք մերժում, որովհետև բարի եք, ջենտլմեն եք: Բայց մի՞թե այդ գեղեցիկ հատկությունները կարող են արգելք լինել մարդու, որն իր հոգու խորքում չկասկածե այն անծանոթի մասին, որ դիմում է իր օգնությանը և որի ասածներին ստիպված է հավատալ բարեկրթությունից դրդված: Դուք ինձ օգնեցիք իսկույն, առանց խոսելու, առանց նույնիսկ կամենալով հետամուտ լինել իմ ասածների ճշմարտությանը, և չկամեցաք անգամ, որ շնորհակալություն հայտնեմ, բայց և այնպես ինչո՞վ կարող էի հանգստացնել ինձ, փարատել կասկածս, որ ձեր սրտի խորքում ընկած կին, խաբեբա, նույնիսկ Բազենյանի գաղտնի դաշնակիցը չեք համարում ինձ...

Պանի Զդանևիչ, — այլևս չկարողանալով համբերել բացականչեց Շահյանը` սաստիկ զգացված և վեր կացավ տեղից: — Այդ ի՞նչ եք ասում: Մի՞թե ինձ կանչել եք նրա համար, որ վիրավորեք:

Պանի Զդանևիչը, խիստ հուզված, արագորեն մոտեցավ նրան և առավ նրա ձեռքը:

Ախ, ազնիվ բարեկամս, ներեցեք ինձ: Ես ձեզ վիրավորել ամենևին միտք չունիմ: Ես միայն իմ դրությունս եմ պատմում: Պատմում եմ բարոյական այն տանջանքները, որ կրել եմ այն ցած մարդու պատճառով: Ինձ համար ահագին թեթևության է, որ կասկածներս ձեր մասին սխալ են եղել: Ես ուզում եմ, որ դուք, եթե չեք ճանաչում ինձ, ճանաչեք, և լավ ճանաչեք, պարոն Շահյան: Այդ ուզում եմ ոչ թե ձեր. այլ ինձ համար, իմ հանգստությանս համար: Ահ... — Լսեցեք, պարոն Շահյան, իմ թանկագին բարեկամ... Ասացի, որ վաղն առավոտ հեռանում եմ. զոհեցեք ինձ այս երեկո և թույլ տվեք անկեղծորեն պատմեմ ձեզ այն ամենը ինչ որ պատահել է. թույլ տվեք սրտիս վրա ծանրացած դառնությունը թափեմ ձեր առաջ և այնպես հեռանամ: Ես ձեզ դատավոր չեմ կարգում, — ո չ. — իմ դատավորն ես ինքս եմ, և ամենախիստ դատավորը. — ես միայն ուզում եմ ձեր առաջ, իբրև խոստովանահորս առաջ, իբրև հարազատ եղբորս առաջ, իմ խոստովանանքս անել, որովհետև, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե այդպիսով միանգամայն հանգստացած պիտի լինիմ: Այդ բանն ուզում էի անել երեկ, բայց երեկ այնքան ճնշված էի զգում ինձ, այնքան ամաչում էի ձեզնից... Իսկ այժմ ավելի ազատ եմ զղում ինձ, և այնքան սիրեցի ձեզ որ ամեն բան պիտի պատմեմ: Ոչինչ չեմ թաքցնել ձեզնից, ամեն բան կպատմեմ այնպես, ինչպես որ պատահել է, և դուք կտեսնեք, թե որպիսի խորամանկ, խաբեբա և անաստված արարածի հետ եմ ես գործ ունեցել: Խնդրում եմ, աղաչում եմ, նստեսեք:

Շահյանը նստեց: Բոլոր ժամանակ, երբ այդպես հուզված խոսում էր պանի Զդանևիչը, նա խիստ ճնշված դրության մեջ էր զգում իրեն այդ կնոջ հսկայական հասակի առաջ, որի մեջ հրաշալի ներդաշնակություն էին կազմում Ֆիզիկական ուժն ա կանացի գեղեցկությունը: Եվ այդ ճնշված դրության մեջ Շահյանն այնքան շփոթվել էր, որ հազիվ թե լսում էր պանի Զդանևիչի ասածները, այլ միայն անդիմադրելի մի զորությունից ստիպված, նայում և դիտում էր նրա զարմանալի արտահայտիչ աչքերը, հուզումից դողդոդացող լիք կզակը և կզակի վրա մի խալ ցանցառ մազերով, որ նոր էր նկատում:

Պանի Զդանևիչը նորից արագ քայլերով մոտեցավ թեյի սեղանին, երկու բաժակ թեյ ածեց և շաքարի, կտրտած կիտրոնի ու մի աման պաքսիմատի հետ միասին բերեց դրեց կլորիկ սեղանի վրա, որի առաջ նստած էր Շահյանը և սուս ու փուս, շփոթմունքից դեռևս լավ ուշքի չեկած, հետևում էր նրա ջղային շարժոմներին:

Ասացեք, խնդրեմ, պարոն Շահյան, — հարցրեց պանի Զդանևիչը, մի աթոռ առնելով և նստելով Շահյանի դիմացը, — վաղուց է, որ ընկեր եք նրա հետ:

Բազենյանի՞ հետ:

Այո:

Վաղուց է ... Բայց ինչպե՞ս թե ընկեր: Ես նրա հետ երբեք ընկեր չեմ եղել և նույնիսկ չգիտեմ, թե որտեցացի է և ում զավակն է: Մենք միան փոքր հասակում դասակիցներ ենք եղել: Տասը-տասներկու տարի կա, որ նա կորած էր, այնպես որ մինչև անգամ բոլորովին մոռացել էի նրան: Այս աշունքին միայն նա լույս ընկավ, և նորոգվեց մեր հին աշակերտական ծանոթությունը:

Այդպես: Իսկ նա որևէ բան պատմե՞լ է ձեզ իմ մասին:

Ձեր մասի՞ն, — հարցրեց Շահյանը, աշխատելով հիշել թե ինչ է պատմել Բազենյանը պանի Զդանևիչի մասին: — Պատմել է:

Ի՞նչ,

Եվ պանի Զդանևիչը հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցին, որի ապակիները շողշողում էին լամպի լույսի տակ:

Նա առհասարակ... ձեր մասին... պետք է խոստովանած, շատ բան չի պատմելհապաղելով, և ըստ երեույթին, ամեն մի խոսքը կշռադատելով, պատասխանեց Շահյանը: — Առաջին անդամ ձեզ նրա հետ տեսա «Միխայովո» կայարանում անցած ամառվա վերջին, որ Բաթումից Թիֆլիս էի վերադառնում:

Ա՛խ, այն դո՞ւր էիք, որ վագոնի առաջ խոսում էիք նրա հետ:

Ես էի:

Հետո՞:

Նա ինձ ասաց, որ ձեզ հետ ծանոթացել է ճանապարհին, որ դուք իբրև թե գնում եք ... չգիտեմ ուր ... հա, կարծեմ, ասաց Կարս, որ ձեր ամուսինը իրր թե ծառայում է:

Պանի Զդանևիչը ծիծաղեց ակամա, բայց իսկույն էլ զսպեց իրեն և, ձեռքերը դնելով սեղանի վրա, ավելի մեծ հետաքրքրությամբ նայեց Շահյանի ակնոցներին:

Հետո՞, — հարցրեց նա:

Ձեր մասին այս է միայն պատմել ինձ:

Այո միայն և ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է ձեր անձնավորությանը, — ավելացրեց Շահյանը նայելով իր թեյի բաժակին, որովհետև պանի Զդանևիչը համառ հետաքրքրությամբ շարունակում էր նայել նրա ակնոցին, — ձեր անձնավորության մասին պատմել է, որ դուք... շատ պատվական կին եք... որ դուք... առհասարակ, — անկեղծ եմ ասում, պանի Զդանևիչ, ձեր մասին նա միշտ հարգանքով է խոսել և ոչ մի աննպաստ խոսք չի ասել ինձ ձեր մասին:

Ա՛խ, երևի դուք կարծում եք, թե նրա համար եմ ձեզ հարցուփորձ անում, որ իմանամ, թե նա լավ կամ վատ է խոսել ձեզ մոտ իմ մասին, — բացականչեց պանի Զդանևիչը ժպտալով: — Ո՛չ, ազնիվ բարեկամս, ես ուզում եմ միայն իմանա, թե` եթե նա ձեզ որևէ բան պատմեք է իմ մասին, որքա՞ն ճիշտ է պատմել, ձեզ մոտ է՞լ սուտ է խոսել ինչպես միշտ սուտ էր խոսում ինձ մոտ: Բայց ինչևիցե, այս թողնենք: Ես մի ուրիշ բան եմ ուզում հարցնել ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ գաղափար ունիք դուք նրա մասին:

Ես... ինչպես ասեմ... ճիշտն ասած, նրան ճանաչել չկարողացա: Այն աստիճան ճարպիկ լեզու ունի և վարվում էր այնպիսի վարպետությամբ, որ իր մասին կազմած ամեն մի աննպաստ գաղափարս իսկույն ջրում էր: Մի բանի պատճառով ես սկսել էի նրան ատել, բայց նա այնպիսի ֆոկուս սարքեց, որ նորից սկսեցի սիրել: Բայց և այնպես, ես արդեն գլխի էր ընկել, որ նա ճարպիկ աֆերիստներից մեկն է: Ինձնից բավական գումարներ կորզեց, և այժմ ձեզնից եմ իմանում, որ ծլկել է այստեղից:

Հա, հա՛, հա ... ձե՞զ էլ է կողոպտել, — ծիծաղեց պանի Զդանևիչի դառնությամբ:

Հապա:

Պանի Զդանևիչը ծանր թառանչ քաշեց և կարճ ժամանակ դառն մտախոհության մեջ ընկավ: Հետո ջղային մի ցնցումով սթափվեց և նայեց Շահյանին շատ լուրջ հայացքով:

Բայց գիտե՞ք, որ նա տաղանդ էր, մեծ տաղանդ...

Միամիտներին խաբելո՞ւ մեջ, անշուշտ, — նկատեց Շահյանը:

Իր ցանցերը լարում էր այնպիսի ճարպկությամբ, — շարունակեց պանի Ջդանևիչը, — որ զոհն ինքն իր ոտով էր գնում մեջն ընկնելու և նույնիսկ մեծ հաճույք էր զգում, որ նրա ցանցի մեջ է, իսկ հետո, երբ ուզում էր դուրս գալ չէր կարողանում... Բայց լսեցեք պատմությանս և կտեսնեք, թե որքան ճիշտ եմ ասում:

4

Ինչպես անունս ցույց է տալիս, ես լեհացի եմ, ռուսական լեհերից: Սերվում եմ լեհական մի հին տոհմից, որը երկու քաջ զինվոր է տվել մեր Կոսցյուսկոյին, 1794 թվի ապստամբության ժամանակ: Հորս չեմ հիշում. որովհետև չորս տարեկան եմ եղել, որ վախճանվել է: Մայրս սրանից տասն տարի առաջ մեռավ: Շատ խելոք կին էր և չափազանց սիրում էր ինձ, թեև շատ էլ երես չէր տալիս: Նա ինքն էր կառավարում մեր պապական բավական մեծ և արդյունավետ կալվածները, որոնք հետո, իբրև օժիտ, անցան ամուսնուս ձեռքը: Ծնողներիս միակ զավակն էի ես: Կրթությանս ու դաստիարակությանս վրա ոչինչ չի խնայված, բայց ես բավական էքսցենտրիկ բնավորաթյուն ունեի և ընկա առաջին պատահած մարդու գիրկը: Ամուսինս իսկապես վատ մարդ չէր, բայց շուտով տեսա, որ իմ ամուսնությունը նրա հետ մի խոշոր սխալ էր իմ կողմից: Մի պակասություն աներ, որ ամենից ավելի դուր չէր գալիս ինձ. այդ նրա անհագ շահասիրությունն էր և իր ուժերից վեր խոշոր ձեռնարկությունների մեջ մտնելու ձգտումը, որին և զոհ գնաց թե մեր կալվածների մեծ մասը, և թե ինքը: Քսաներկու տարեկան էի, որ այրիացա: Շատերն էին խնդրում ձեռս, բայց ես նորից ամուսնանալու մասին մտածել անգամ չէի ուզում: Միակ այն հանգամանքը, որ ամուսնուս շնորհիվ գրեթե աղքատացել էի, մի տեսակ հակակրանք էր զարթնեցրել իմ մեջ դեպի տղամարդիկ առհասարակ: Բացի դրանից, շատ երևույթներ դիտելով, այն համոզման էի եկել, որ տղամարդիկ կնոջ վրա նայում են կամ շահախնդրական, կամ անասնական տեսակետից, տղամարդիկ ամուսնանում են կամ հարստանալու, կամ գեղեցիկ կին ունենալու համար, ուրիշ տեսակետ չկա: Իսկ ես նոր էի զգում, որ կարոտ եմ սիրո, այնպիսի բուռն, անկեղծ սիրո, որ ինքն է միայն իր նպատակը: Այդպիսի բան չէի տեսնում ձեռքս խնդրողների մեջ. ամեն տեղ մեծ ուշադրություն էին դարձնում ինձ, քծնում էին առաջս, սիրո երդումներ էին անում, նույնիսկ սպառնում էին անձնասպանություն գործելու, բայց սիրտս շարժելու տեղ արհամարհանքս էին շարժում:

Ձեր թեյը սառեց, պարոն Շահյան, — նկատեց պանի Զդանևիչը, պատմությունն ընդհատելով:

Շահյանը վերցրեց իր թեյի բաժակը:

Իսկ պանի Զդանևիչն իր բաժակից մի քանի կում արեց և շարունակեց.

Այս միջոցներին էր, որ ծանոթացա Բազենյանի հետ: Ծանոթացա ահա թե ինչպես: Մի օր անցնում էի փողոցով (այս բանը պատահեց Վարշավայում): Հանկարծ այնպիսի մի ուժգին քամի բարձրացավ, որ ուղղակի քշում էր մարդու: Նախքան ձեռքս կտանեի, որ գլխարկս բռնեմ, մեկ էլ տեսնեմ գլխարկս արդեն գլորվում է գետնին աչք կուրացնող փոշու հետ խառնված: Դիմացից եկող մի երիտասարդ իսկույն վազեց, բռնեց, բերեց տվեց ինձ և նախքան բերանս բաց կանեի, որ շնորհակալություն հայտնեմ, անցավ գնաց:

Այդ երիտասարդը Բազենյանն էր:

Մի քանի օր հետո նրան տեսա թատրոնում, խաղամիջոցի ժամանակ, ֆոյեում: Նայեց ինձ և, չգիտեմ, ճանաչե՞ց, թե ոչ, բայց անցավ գնաց: Դարձին, երբ ուղղակի պիտի անցներ մոտովս, կանգ առա կամա և ժպտալով նայեցի նրան: Նա նույնպես կանգ առավ:

Ինձ չե՞ք ճանաչում, — հարցրի:

Եթե չեմ սխալվում, — ասաց, — ես պատիվ եմ ունեցել անցած օր ձեր գլխարկն ազատելու քամու ճիրաններից:

Շատ դուր եկավ ինձ առանց որևէ շփոթմունքի և վերին աստիճանի նուրբ կոմիկությամբ արտասանած այդ պատասխանը:

Ես ձեռքս մեկնեցի նրան:

Այն ժամանակ դուք ինձ միջոց չտվեցիք շնորհակալություն հայտնելու, ուրեմն այժմ ընդունեցեք շնորհակալությունս:

Որ այդպես է, — ասաց, — շատ ցավում եմ, որ ձեր գլխարկս ազատելիս ոտս չկոտրեցի:

Ինչո՞ւ, — հարցնում եմ զարմացած:

Որպեսզի իսկապես արժանի լինեի ձեր շնորհակալոոթյանը:

Ուրիշ այսպիսի կես-քաղաքավարական, կես-հեգնական մի քանի պատասխաններից հետո նա ինձ գրավեց միանգամայն, և ես հրավիրեցի նրան օթյակս: Արտաքինով շատ գեղեցիկ էր, հագնված էր մեծ ճաշակով, վարմունքի մեջ գռեհկականության նշան անգամ չկար: Ուստի երկյուղ չունեի նրա հետ միասին նստելու: Ասենք, այդ կողմից ես միշտ հեռու եմ եղել որոշ նախապաշարումներից: Թեև ծագումով արիստոկրատ, բայց հայացքներովս դեմոկրատ եմ եղել միշտ: Այս էլ ասեմ, որ նրան օթյակս հրավիրեցի գլխավորապես մի հուսար սպայի ջգրու, որը սաստիկ ձանձրացրել էր ինձ և որին այդ երեկո պարզապես արգելել էի օթյակս մտնելու: Ինձ հետ էր ծերունի, բայց իրեն միշտ երիտասարդ ձևացնող, մորեղբայրսինքնահավան և խելքից մի քիչ պակաս մի արիստոկրատ, որի համար ով պան չէրմարդ չէր: Բազենյանի արտաքինը հավանեց, բայց երբ ծանոթացավ նրա հայացքների հետ, ականջիս փսփսաց, որ ոչ մի պայմանով գործ չունենամ այդ երիտասարդի հետ: Բանն այն է, որ, երբ մոր-եղբայրս սկսել էր արիստոկրատիայի գովքն անելայդ նրա հիվանդությանն էր, — Բազենյանը շատ հանգիստ կերպով և շատ բանավոր պատճառաբանություններով նկատեց, որ արիստոկրատիզմը մի անախրոնիզմ է մեր ժամանակներում, որ արիստոկրատիան նույն դերն է կատարել և կատարում մարդկային կյանքի մեջ, ինչ-որ պարազիտները կենդանական աշխարհում: Հետո, երբ ես նրան հայտնեցի, որ մորեղբայրս անխառն արյան տեր արիստոկրատ է, բացականչեց:

Ինչո՞ւ այդ վաղ չէիք ասում, ես խո ավելի խիստ լեզվով կխոսեի նրա հետ:

Բայց դուք մոռանում եք, որ ես էլ արիստոկրատ եմ թե հորս թե մորս կողմից, — նկատեցի ես ծիծաղելով:

Ափսոս, որ ես այդ չգիտեի այն ժամանակ, երբ ազատեցի ձեր գլխարկը, թե չէ...

Թե չէ՞...

Շատ պարզ է. չէի ազատիլ ձեր գլխարկը, — ասաց նա կոմիկական հանգստությամբ:

Մի բան, որ չափազանց դուր էր գալիս ինձ, այդ այն էր, որ նա խոսում էր անբռնազբոսիկ կերպով. խոսում էր պարզ, համարձակ, առանց շփոթվելու, շատ անգամ կատակով, երբեմն կծու հեգնությամբ, եթե դիմացինը ծաղրելի էր, և ամենևին չէր քաշվում ոչ հասակից, ոչ դիրքից, ոչ տիտղոսից, ոչ մի բանից:

Երկրորդ անգամ նրան հանդիպեցի մի հայի վաճառատան մեջ, ուր պատահմամբ մտել էի մի քանի մանր-մունր բաներ գնելու: Նա կանգնած էր վաճառատան տիրոջ մոտ և ինչ-որ լուրջ խոսակցության մեջ էր: Ինձ նկատեց ոչ-իսկույն և նկատելուն պես արագ մոտեցավ: Բարևեց իբրև հին ծանոթ:

Մի՞թե չեք խորշում հայի խանութ մտնելուց, — ասաց իրեն հատուկ հումորով:

Մի՞թե կարծում եք, որ պիտի խորշեմ, — պատասխանեցի ծիծաղելով:

Որ այդպես է, — ասաց, — ուրախությամբ ողջունում եմ մի օտարուհու, որ իրեն հեռու է պահում հայերից, ուզում եմ ասել` հայ վաճառականներից շատ էլ նպաստավոր գույներով չներկայացնող մի ընդհանուր նախապաշարումից:

Երևում է, որ ազգային հպարտություն ունիք, — նկատեցի ես: — Այդ իհարկե, գովելի է: Բայց իզուր եք կարծում, թե մենք` լեհացիներս էլ կարող ենք ուրիշների նման աննպաստ գաղափար ունենալ հայի վրա. բավական է հիշենք, թե հնումն ինչ ծառայություն են մատուցել հայերը Լեհաստանում:

Եվ, երևի, այդ ծառայությունները վարձատրելու համար էր, որ ձեր երկրում խլեցիք նրանը կրոնը, — վրա բերեց նա:

Այդ բանում մեղադրեցեք ձեր Նիկոլին:

Նիկոլը մերը չէր, Նիկոլը ձերն էր:

Գնեցի, ինչ որ ուզում էի. և պատրաստվում էի, որ հեռանամ, մեկ էլ տեսնեմ գնածս իրերն առավ կռան տակը:

Ի՞նչ եք ուզում անել, — հարցրի:

Ուզում եմ ծառայություն մատուցանել ձեզ: Ես չպետք է մոռանամ, որ հայ եմ և գտնվում եմ Լեհաստանում:

Հետո չե՞ք վախենում, որ ի վարձատրություն ձեր ծառայության` խլեմ ձեր կրոնը:

Խլեցեք թեկուզ ինձ ամբողջովին, — ասաց նա, վաճառատան դուռը բանալով առաջս:

Այսպես խոսելով և կատակ անելով հասանք մինչե մեր տան դուռը: Այստեղ գնածս իրերը հանձնեց ինձ և բաժանվեց: Շատ խնդրեցի, որ տուն մտնի, չմտավ:

Հետևյալ օրը դարձյալ գնացի այն հայի վաճառատանը, թեև ամենևին կարիք չունեի որևէ բան գնելո: Երեխա չէի, իհարկե, շատ լավ հասկանամ էի, թե ինչն է դրդում ինձ այնտեղ մտնելու: Բայց այս անգամ չտեսա այնտեղ Բազենյանին:

Այնուհետև գրեթե ամեն օր մտնում էի այն հայի վաճառատունը և միշտ էլ... հուսահատվա՞ծ ասեմ, չէ, — բարկացած էի դուրս գալիս այնտեղից: Խիստ վիրավորական էր թվում ինձ այն բանը, թե ինչո՞ւ ես ուզում էի տեսնել Բազենյանին, խոսել նրա հետ, իսկ նա չէր երևում: Ես բարկանում, զայրանում էի ինձ վրա միայն, որ անփորձ աղջկա նման կորցրեք էի խելքս, մինչդեռ ամեն բանից երեում էր, որ նա չէր մտածում իմ մասին: Այլապես, եթե ես նույնպիսի մի զգացում լինեի ներշնչած նրան, որպիսին նա էր ներշնչել ինձ, չէ՞ որ չէր կարող ինձ տեսնել չցանկանալ, ինչպես ես էի ցանկանում նրան տեսնել, մանավանդ որ ինքս էի խնդրել, որ չմոռանա ինձ:

Ըստ երևույթին, այս այսպես էլ պետք է վերջանար, բայց բախտն երևի ուրիշ կերպ էր տնօրինել:

Պանի Զդանևիչն արագ խմեց իր սառած թեյը և, վերցրեց Շահյանի արդեն դատարկած բաժակը, վեր կացավ երկրորդ բաժակը ցնելու: Այդ մի քանի րոպեի գործ էր: Այնուհետև նորից նստեց իր տեղը և շարունակեց:

Մի երեկո ինձ մոտ հավաքված էին չորս երիտասարդ, երեքըմեր շլյախտիչներից, չորրորդնիմ ասած հուսար սպան. չորսն էլ մեկը մյուսից ավելի դատարկագլուխ, կանանց շուրջը քծնող, ձիերի անունով երդվող, կանաչ սեղանի սիրահար և վերին աստիճանի մեծամիտ: Երբեմն ձանձրանում, երբեմն զայրանում, բայց շատ հաճախ զվարճանամ էի այդ հիմարների վրա: Սեղանի շուրջը բոլորած` թուղթ էինք խաղում: Բայց ավելի շատ զբաղված էինք մի ինչ-որ շատ հիմար խոսակցությամբ: Այդ միջոցին մտավ աղախինս և մի այցետոմս տվավ ինձ: Նայեցի` Բազենյանի այցետոմսն էր: Իսկույն հրամայեցի, որ ներս հրավիրի, և թղթերը խառնելով, վեր կացա սեղանի մոտից:

Վեր կացեք, պարոններ, — ասացի. — ամենքդ էլ ոտի վրա պետք է ընդունեք նրան:

Ո՞վ է: Մինի՞ստ է եկողը, — հարցրեց մեկը:

Ներս մտավ Բազենյանը: Տեսնելով, որ ինձ մոտ հյուրեր կան, սկզբում կանգնած մնաց դռան մոտ և մի թռուցիկ խոսք ձգեց ամենքի վրա. հետո արագ մոտեցավ ինձ և բարևեց: Ես կշտամբեցի նրան, որ ինձ մոռացել էր, և ներկայացրի հյուրերիս: Մոտեցավ յուրաքանչյուրին և հարգանքով սեղմեց նրանց ձեռքը: Այդ միջոցին ակամա դիտում էի հյուրերիս և տեսնում էի, որ նրանք մի քիչ զարմացած, մի քիչ հետաքրքրված, բայց ամենքն էլ նախանձով դիտում էին Բազենյանի արտաքինը: Իսկ ես, այդ բանը դիտելով, երբեք այնպիսի ինքնագոհ հաճույք չէի զգացել, ինչպես այդ րոպեին:

Բայց նախանձն ամենից ավելի վառել էր հուսարին:

Այս այն պարոնը չէ՞ , — դարձավ նա կիսաձայն, թթված դեմքով և բեղի սուր ծայրը ոլորելով:

Ո՞ր պարոնը:

Այն, որին դուք թատրոնում ...

Նա է, նա է, — վրա բերի ես, ջգրացնելով նրան, և բռնելով Բազենյանի ձեռքից, տարա նստեցրի կողքիս:

Հուսարս այնպես ձիգ տվեց, որ քիչ մնաց պոկի, և դարձավ ընկերներին.

Պարոններ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել մեր խաղը:

Բայց, ի սեր աստծո, — բացականչեցի ես, — այդ սեղանը հեռացրեք մեր մոտից:

Մեր մոտից, — ստորագծեց հուսարը և բռնեց սեղանի մի ծայրից: — Օգնեցեք, պարոններ, սեղանը հեռացնենք նրանց մոտից: Կամ, — հանկած դարձավ նա ինձ, — գուցե, կհրամայեիք, որ մենք հեռանա՞նք մյուս սենյակը, որպեսզի չխանգարենք ձեզ:

Ոչ, ոչ խնդրեմ. մենք չենք քաշվիլ ձեր ներկայությունից, — նկատեցի ես ծիծաղելով:

Սեղանը հեռացրին, և հուսարը, երևի ցույց տալու համար, որ մեզ արհամարհում է, նստեց մեջքը մեր կողմն արած: Բայց և այնպես, նա չկարողացավ դիմանալ և աթոռի վրա հանկարծ դարձավ Բազենյանի կողմը:

Ներեցեք, պարոն, — ասաց նա, — դուք, կարծեմ, ասացիք, որ ձեր ազգը Բազենյանց է: Ես եղել եմ Կովկասում, Թիֆլիսում, և, եթե չեմ սխալվում, այնտեղ բազազ անունը տայիս են ճոթավաճառներին: Դուք ճոթավաճա՞ռ եք:

Բազենյանն սկզբում այնպիսի արագ և խիստ ու սուր մի հայացք ձգեց նրա վրա, որ ճիշտն ասած, ես վախեցա. բայց հետո ժպտաց և խիստ կոմիկական հանգստությամբ պատասխանեց.

Այո, ձերդ գերազանցություն, ես դժբախտություն ունեմ ճոթավաճառ լինելու, որովհետև ազգանունս Բազազյանց է: Ուրիշ ի՞նչ կհրամայեիք իմանալ:

Ուրիշ ոչինչ: Հա՛, մեկ էլ այս էի ուզում իմանա. դուք Թիֆլիսի՞ց եք եկել:

Ոչ, ձերդ գերազանցության. Թիֆլիսի մոտ մի գյուղ կա, — այնտեղից եմ եկել:

Վարշավ եկել եք ինչո՞ւ համար, կոշիկնե՞ր գնելու:

Ոչ, ձերդ գերազանցություն. դուք ասացիք, որ ես ճոթավաճառ եմ:

Դե, այդ միևնույն է:

Ոչ, ձերդ գերազանցության, ես կարծում եմ, ճոթավաճառը այստեղ որ գա, ճոթ կգնի, բայց ոչ կոշիկ:

Դե, ձեր արհեստից արդեն ևս ոչինչ չեմ հասկանում, — ասաց հուսարըև մեջքը նորից մեր կողմն արեց: — Այսքանս միայն իմացել եմ, որ ձեր Կովկասի վաճառականները մաշեննիկ են:

Մեծ մաշեննիկ, ձերդ գերազանցություն, — վրա բերեց Բազենյանը նույն հեգնական խոնաբհ տոնով:

Գալիս են խաբում այստեղի միամիտ գործարանատերերեն, ապառիկ ապրանք տանում և հետո սնանկանամ, փողորը տակովն անում:

Ձերդ գերազանցության, թույլ տվեք նկատեմ, — հապա ասացիք, որ բան չեք հասկանում մեր արհեստից:

Ես իմ լսածն եմ ասում:

Հա:

Ի՞նչ է, սխալվո՞ւմ եմ:

Ի՞նչպես կարող է սխալվել ձերդ գերազանցությունը: Ձեր բերանով ինքը ճշմարտությունն է խոսում:

Այդ բոլոր խոսակցությունն այն աստիճան զվարճալի էր, որ կատարյալ հաճույք էր պատճառում ինձ, մանավանդ այն տոնը, նուրբ հեգնող, խայթող տոնը, որով խոսում էր Բազենյանը: Եվ ես անդադար ծիծաղում էի: Ինձ հետ զվարճանամ էին և մյուս երեք հյուրերս, որոնք մի քիչ ավելի խելք ունեին, քան թե Հուսարը, և որոնք հետո շատ բարեկամացան Բազենյանի հետ և իրենք էին ծաղրում հուսարին, յուրացնելով Բազենյանի հեգնական տոնը:

Մի ուրիշ անգամ դեպքն այնպես բերեց, որ հուսարն ու բազենյանը դարձյալ հանդիպեցին իմ տանը: Այս անգամ ինձ մոտ էին և ուրիշ բարեկամներ ու ծանոթներ, ի միջի այլոց, և մորեղբայրս: Հուսարը խիստ գրգռված էր, որ իմ ուշադրության գլխավոր առարկան Բազենյանն էր, և, ինչպես նկատում էի, առիթ էր որոնում մի սկանդալ սարքելու: Բայց ես կարևորություն չէի տալիս այդ բանին և միայն զվարճանում էի հուսարի անզոր կատաղության վրա: Սակայն սկանդալը պատահեց: Մորեղբորս ու Բազենյանի միջև վիճաբանություն էր ծագել սոցիալական խնդիրների մասին, Ամենքս շրջապատել էինք նրան և լսում հետաքրքրությամբ: Հուսարը քաշված էր մի կողմ և լսում էր բեղերը կատաղի կերպով ոլորելով և համառորեն նայելով իր կոշիկների ծայրերին: Բազենյանը պաշտպանում էր իր գաղափարներն այնպիսի եռանդով և պերճախոսությամբ, որ մորեղբայրս վերջ ի վերջո, չկարողացավ դիմանա և գրեթե սարսափահար բացականչեց. «Դուք պարզապես անիշխանական եք, պարոն. անպատճառ ռումբ էլ կունենար ձեր գրպանում»: Հուսարը մորեղբորս այս խոսքերի վրա հանկարծ բարձրացրեց գլուխը ե ծիծաղեց շատ բարձրաձայն և շատ անբնական կերպով:

Հայ և ռումբ, — բացականչեց նա: — Դեռևս Պուշկինն է ասել խո` «ты раб, ты трус, ты армяшка...»

Նա դիտմամբ. «армянин» բառն «армяшка»-ի փոխեց, որ ավելի կծած լինի Բազենյանին:

Ես նայեցի Բազենյանին և սարսափեցի, — այն աստիճան հանկարծ գույնը նետեց: Չգիտեմ, ինչ էր ուզում անեի բայց հիշում եմ, որ ձեռքն ամուր բռնեցի: Նա նայեց ինձ, սարսափով և աղերսանքով լի աչքերիս, էլ չխոսեց, հետո շատ շուտով վեր կացավ և գանց:

Հետևյալ օրն ինձ լուր տվին, որ Բազենյանը ռեստորանում, մարդկանց ներկայությամբ, ապտակ է տվել հուսարին: Լուր տվողը մորեղբայրս էր, որը, չնայելով իր ծերության և արիստոկրատիզմին, սկանդալների սիրահար էր: «Այս բանն, իհարկե, առանց մենամարտի չի վերջանա», — ավելացրեց նա: Սակայն հետևյալ օրը նույն մորեղբայրս հաղորդեց ինձ.

Քո այդ Բազենյանին սկսում եմ կամաց-կամաց սիրել, չնայելով իր անտանելի անիշխանական հայացքներին: Գիտե՞ս ինչ է պատասխանել հուսարի ուղարկած մարտավկաներին. «Ես իմ մենամարտը վերջացրած եմ համարում, — ասել է. — նա ինձ «армяшка» անվանեց, ես նրան ապտակ տվի, արիշ ի՞նչ է ուզում»: Արևելցու պարզ ու սիրելի լոգիկա: «Բայց որպեսզի չկարծի, պարոններ, թե ես «трус» և «раб» եմ, — ավելացրել է նա, — ես նրա սուրը կհանեմ պատյանից և կկոտրեմ ձեր և իր իսկ աչքի առաջ»:

Բայց և այնպես, ինչպես երկու օր հետո իմացա, Բազենյանը զիջել էր հուսարի սպառնալիքներին, թե ուղղակի փողոցում կբռնի կսպանի նրան, եթե վերջնականապես կհրաժարվի մենամարտից: Մորեղբայրս չէր դիմացել դեպի սկանդալներն ունեցած իր հիվանդությանը և բոլորովին մոռանալով իր արիստոկրատիզմը, համաձայնել էր Բազենյանի մարտավկան լինելու: Կատարելապես հիացած Բազենյանի սառնասրտության վրա, պատմեց ինձ, թե ինչպիսի հեգնական ժպիտով ատրճանակն արձակել էր օդում և թե ինչպես, այդ բանից կատաղած, հուսարը լարել էր բոլոր ուժերը, որ չվրիպի, բայց հեցն այդ պատճառով էլ վրիպել էր գնդակն արձակելիս:

Այս դեպքը վճռական նշանակություն ունեցավ դեպի Բազենյանը տածած զգացմանս համար: Քանի որ խոսք ու զրույց կար մենամարտի մասին, ես սարսափելի անհանգիստ դրության մեջ էի, իսկ երբ մորեղբայրս հայտնեց, որ Բազենյանը ողջ ու անվնաս է մնացել, լաց եղա ուրախությունից: Իր գեղեցկությամբ, հանդգնության աստիճանին հասցրած իր խիզախ աներկյուղ բնավորությամբ նա ինձ Համար դարձել էր արդեն այնպիսի մի արարած, որի վերաբերմամբ այլևս չէի կարող ստիպել ինձ անտարբեր մնալու և չմտածել այն մասին, թե ես արդյոք դու՞ր եմ գալիս նրան, — կնոջ սիրահարված լինելու ամենահաստատ նշան:

Բայց նա ինձ ուրիշ բանով էլ էր գերելիր խոսքի ուժով: Արդեն գիտեի, որ ջերմ հայրենասեր է իբր թե և ինչ-որ գաղտնի առաքելություն ունի իբր թե: Սկզբում խույս էր տալիս: Այդ մասին խոսելուց, ինչ-որ խիստ խորհրդավոր կերպարանք էր առնում, բայց հետո կամաց-կամաց, կարծես թե, մոռանում էր իրեն, մոռանամ էր թե որտեղ է, ում հետ է խոսում, իր պատմած վայրերը, անձերը, անցքերը, կարծես թե, ուղղակի տեսնում էր իր աչքի առաջ, և այդ բոլորի մասին խոսում էր վարակիչ ոգևորությամբ, ներքին լափող կրակով, լսողի աչքերից արտասուք քամող պատկերավորությամբ, դառն կսկիծով, բայց երբեք հուսահատությամբ, — մի բան, որի նշույլն անգամ չէի տեսնում նրա մեջ, — ընդհակառակը, ամենավառ հույսեր էին, որ այդպես կրակում էին նրան: Երբ խոսում էր այդպես, ինձ թվում էր, թե նստած եմ նավակի մեջ և կատաղի մի հեղեղ քշում տանում է ինձ ուր-որ շշմեցնող արագությամբ: Սովորաբար, երբ ոգևորվում էր, նստած չէր մնում, ամբողջ մարմինը ցնցվում էր, շարժվում, աչքերը զարմանալի կերպով վառվում, մեծանում, այրվում էին, և խոսքերը բերանից դուրս էին թռչում կարճ պարբերություններով, արագ առոգանությամբ, ուժեղ, միշտ պատկերավոր արտահայտությամբ և առանց ընդհատումների, սուր, կտրուկ, հեղեղի նման: Շատ անգամ ինձ թվում էր, թե նստած եմ թատրոնում, թե առաջս կանգնած է մի հանճարեղ տրագիկ իր ամենապաթետիկ դերում, մի դերասան, որ իր հանճարեղ խաղով, իր խոսքի ուժով ընդունակ է մոռացնել տալու հանդիսականներին իրենց տեղը, իրենց ներկան, իրենց գոյությունը և իր հետ քշելու տանելու նրանց այն աշխարհն, ուր այդ միջոցին ապրում է ինքը...

Next page