Նար-Դոս՝   Մահը

Պետք է ասեմ, որ հաճախ չէր այցելում ինձ: Այցելած ժամանակ էլ թեև շատ ազատ էր պահում իրեն, բայց երբեք հարգանքի սահմանից չէր անցնում: Շատ անգամ ուղղակի տանջանքով զգում էի, որ եթե մի տասը տարով ջահել լինեի, նրա հարաբերությունը դեպի ինձ բոլորովին ուրիշ բնույթ կունենար, այսինքն այն բնույթը, որ ես էի ցանկանում... Խոստովանում եմ, մինչև այդ ժամանակ երբեք չէի մտածել, որ ջահել չեմ, և միայն նրա հարաբերությունից զգացի, որ տարիքս արդեն ճնշում է ինձ, այնքան ճնշում, որ, մանավանդ նրա ներկայության ժամանակ, պարզապես ամաչում էի հասակիցս, ես տանջվում էի այն գիտակցությունից, որ նա ինձ վրա նայում է իբրև տարիքն անցած կնոջ վրա, մի կնոջ, որը, բացի հարգանքից, ուրիշ զգացում չի կարող ներշնչել: Մինչդեռ շուրջս քծնող ուրիշ երիտասարդների հետ վարվում էի իր հաղթանակող գեղեցկության վրա վստահ կնոջ նման, վարվում էի ազատ, արհամարհանքով, շատ անգամ իբրև բռնակալ, — նրա ներկայությամբ, ընդհակառակը, մի տեսակ կուչ էի գալիս, շփոթվում, և ինձ միշտ թվում էր, թե դեմքիս վրա կնճիռներ կան, և նա տեսնում է այդ կնճիռները... Կյանքիս մեջ դրանք միակ րոպեներն էին, որոնք հոգեկան անասելի տանջանք էին պատճառում ինձ:

Մի անգամ բոլորովին անակնկալ կերպով նա եկավ ինձ մոտ, ասաց, թե հետևյալ օրը հեռանում է և եկել է հրաժեշտ տալու: Մի րոպե ինձ թվաց, թե ինքս ինձ կորցնում եմ, թե պատրաստ եմ գժի պես փարելու նրա վզին, ստրկի պես թավալգլոր գալու նրա ոտների տակ, մի խոսքովհուսահատական այնպիսի մի բան անելու, որ նա չգնա, որ նա մնա, իմը լինի ... Այնուհետև, երբ կարևոր ջանք գործ դնելով զսպեցի ինձ և նայեցի նրա աչքերին, — հարգանքով լի նրա աչքերին, — զգացի թե ատում եմ նրան, այնքա՛ն ատում, որքան ոչ ոքի չէի ատել դեռ: Այդ միջոցին կրկին անգամ և վերջնականապես համոզվեցի, որ միմիայն հարգանքի զգացում է թելադրել վերջին անգամ գալու ինձ մոտ, որ նա ամենայն հանգստությամբ կարող էր, առանց ինձ վերջին անգամ տեսնելու էլ, հեռանալ գնալ, առանց մտածելու, թե ես գոյություն ունիմ աշխարհիս երեսին ... Ոչ մի ժամանակ այնպես չէր վիրավորվել հպարտությունս, ինչպես այդ րոպեին: Այդ պատճառով, երբ վերջին անգամ առավ ձեռքս և համբուրեց, սառն էի վերին աստիճանի, կարծես արյանս շրջանառությունը հանկարծ կանգ էր առել երակներիս մեջ:

Այդ բանն աննկատելի չմնաց նրանից, գլուխն արագ բարձրացրեց, իր թափանցող հայացքով նայեց աչքերիս և հարցրեց անհանգստությամբ.

Ի՞նչ է պատահել ձեզ. ձեր երեսին գույն չկա:

Քիչ մնաց սիրտս փուլ գար: Բայց անձնասիրության համառությամբ վճռեցի չընկճվել այդ կախարդի րոպեական քնքշանքի տակ և կրկնապատիկ սառնությամբ պատասխանեցի, թե այդ օրը վատ եմ զգում ինձ: Շատ լավ զգացի, որ չհավատաց, բայց և այնպես ոչինչ չասաց, դռան մոտ խորին հարգանքով գլուխ իջեցրեց և դուրս գնաց:

Դռան ետևը կանգնած, ուշի-ուշով ականջ էի դնում, թե ինչպես նախասենյակում հագնում էր վերարկուն, թե ինչպես սանդուղքով իջավ ներքև, թե ինչպես դուռը բացվեց և ապա փակվեց: Այնուհետև ոչ մի ձայն, ոչ մի շշուկ: Երբ ուշքի եկա, տեսա, որ, ճակատս դռանը սեղմած, ցնցվում եմ բոլոր ջղերովս և անզուսպ հեկեկանքի նման ինչ-որ վայրենի ձայներ դուրս են թռչում բերանիցս: Վերին աստիճանի կատաղի մի հուսահատություն էր տիրել ինձ: Զգում էի, որ եթե Բազենյանը վերադառնար և կանգներ առաջս, պատրաստ էի և՛ խեղդել նրան, և՛ փարվել նրա ոտներին: Շուտով չհանգստացա, բայց հետո կամաց-կամաց այնպիսի մի ամայություն զգացի շուրջս, որ կարծես թե ամբողջ աշխարհը հանկարծ քարացել, մթնել է և այդ սոսկալի ամայության մեջ ես եմ միայն կենդանի մնացել...

Պարոն Շահյան, մի բաժակ էլ, — խնդրեց պանի Զդանևիչը, նոր տեսնելով, որ նրա բաժակը դատարկ դրված էր, նրա առաջ:

Չէ, շատ շնորհակալ եմ: Ձեր պատմությունն այնքան հետաքրքրական է, որ...

Կարելի է և երրորդ բաժակը չխմել, — վրա բերեց պանի Զդանևիչը ժպտալով և ջրի պես խմեց իր սառած թեյը:

6

Նույն օրվա գիշերը, — ժամը, կարծեմ, տասնմեկն էր, — դեմքս ծածկեցի հաստ վուալով և դուրս եկա, — շարունակեց պանի Զդանևիչը: — Գիտեի որ հյուրանոցումն է իջած: Գնում էի, բայց չէի իմանամ ինչու: Այնպես Էէ զգում, թե սաստիկ տենդի մեջ եմ: Հյուրանոցի դռնապանից իմացա, որ տանը չէ... դեռ չի վերադարձել: Չհուսահատվեցի: Գրեթե մի ժամ կանգնած էի հյուրանոցի դռանը, ամայացած փողոցում, խիստ քամի էր, և չէի վախենում ամենևին: Կարծես ժամանակավոր խելագարություն էր եկել վրաս: Սպասում էի: Երբեմն-երբեմն մարդիկ էին անցնում առջևովս, և տեսնում էի, որ օտարոտի հայացքներ են ձգում վրաս: Մեկը նույնիսկ մոտեցավ ինձ և ինչ-որ ասաց: Կարծեմ, ապտակ տվի, և նա սուս ու փուս հեռացավ: Քայլերի ձայները լսելիս, հեռու մթության մեջ մարդկային ստվեր տեսնելիս դողում էի ամբողջապես. միշտ թվում էր ինձ, թե նա է: Տե՛ր իմ աստված, այն ի՞նչ րոպեներ էին...

Վերջապես, դեռ շատ հեռվից, փողոցի լապտերի լուսավորության տակ, ճանաչեցի նրան ու վազեցի դեպի նա:

Սկզբում կանգ առավ շփոթված և, երևի խիստ զարմացած և չճանաչելով ինձ, նայեց վուալիս:

Արդեն բոլորովին կորցրել էի ինձ: Այդ րոպեին չկար ինձ համար ոչ ամոթ, ոչ պատկառանք, ոչ արժանապատվության զգացման նշույլ անգամ, այն խստագույն արժանապատվության, որը ստիպեց ինձ այնքան սառնությամբ ընդունել նրա հրաժեշտը և որի համար այնպիսի սոսկալի կերպով պատժվեցի: Վճռել էի ուղղակի բռնի կերպով նետվելու նրա գիրկը, եթե զզվանքով անգամ դեն հրելու էլ լիներ ինձ: Վերին աստիճանի հուսահատված էի, վճիռս էլ նույնքան հուսահատական էր:

Շատ լավ հիշում եմ, ոչինչ չկարողացա արտասանել, միայն որքան ուժ ունեի, ամուր բռնեցի ձեռքից և գրեթե քարշ տվեցի ետևիցս:

Նա վերջապես, ճանաչեց ինձ:

Պանի Զդանևիչ, — շշնջաց նա, չգիտեմ՝ խիստ զարմացած, թե խիստ վախեցած:

Եկ, — արտասանեցի ես ատամներս սեղմած և բոլոր ուժովս քարշ էի տալիս նրան:

Մտանք հյուրանոց: Ես վազում էի առաջ և ամբողջ մարմնովս դողում: Երբ մտանք նրա սենյակը, և նա ճրագը վառեց, ես վուալս, կարծեմ, պատռեցի ուղղակի և դեն շպրտեցի: :

Տեսնո՞ւմ ես, — ասացի, — դու այնպիսի դրության մեջ ես դրել ինձ, որ ուղղակի իմ ոտովս եմ եկել քեզ մոտ:

Ճիշտը ձեզ ասեմ, այդ միջոցին արդեն այնքան կորցրել էի ինձ, որ այլես ոչ մի ընդունակություն չունեի դիտելու, թե իմ հանկարձակի երևույթը, իմ խոսքերը, իմ դրությունը ինչ տպավորություն են գործում նրա վրա: Պետք է, որ չափազանց զարմացած լիներ: Հետո միայն անհուն բերկրությամբ տեսա, որ նա չոքած է ոտներիս առաջ, քնքշանքով համբուրում է ձեռքերս և... լալիս: :

Այլևս ոչինչ չէի տեսնում, բաղի առաջս խոնարհված այն գեղեդիկ դլխից հրաշալի սևաթույր մազերով ծածկված, այլևս ոչինչ չէի զգում, բացի անհուն մի երանությունից, որի ժամանակ մեռնեի էլ, ամենաերջանիկը կլինեի...

Ա՛խ, կախարդ էր նա, — ավելի քան կախարդ...

Այդ գիշեր ամեն բան խոստովանեց: Ասաց, որ ինքն իբր թե տանջվում է եղել ինձ սիրելուց, բայց զսպելիս է եղել իրեն, որովհետև ինքը կնոջ սիրո համար չէ ծնված, այլիր թշվառ հայրենիքի համար: Առաջս չոքած, ձեռքերս բռնած, ներքևից նայում էր աչքերիս և վերին աստիճանի վառ-վառ, կարծես բերան արած խոսքերով նկարագրում էր իր հայրենիքի անտերությունը, այնտեղ տիրող սարսափները, իր հայրենակիցների անտանելի վիճակը: Նրա ձայնը մարդկային ձայն չէր, այլ հրաշալի մի մուզիկ, որ հնչում էր ականջիս ամբողջ էությունս տակնուվրա անելու: Մեջ ընդ մեջ մերթ ջերմ համբույրներ էր դրոշմում ձեռքերիս, մերթ հուսահատական աղերսանքով կրկին նայում աչքերիս և աղաչում ու պաղատում, որ արգելք չլինեմ իր սրբազան ուխտը կատարելու:

Դուք էլ ունիք մի թշվառ հայրենիք, — ասում էր նա, — բայց ոչ այնքան թշվառ, որքան իմը: Աղաչում եմ, թույլ տվեք գնամ իմ պարտքը կատարելու...

Տե՛ր աստված, ինչքան գեղեցիկ, ինչքա՛ն հրաշալի էր նա այդ միջոցին. որքան ազդու, որքան գերող նրա հայացքը, ձայնը, ինքն ամբողջապես...

Ակամա խոնարհվեցի և ձեռքերովս առա նրա դեմքը:

Անմիտ, անմիտ, — շշնջացի ուղղակի շրթունքների մոտ, — մի՞թե ես կարող եմ որևէ բանում արգելք լինել քեզ: Ես ուզում եմ նվիրվել քեզ, որպեսզի քեզ հետ միասին նվիրված լինեմ և քո հայրենիքին: Ուզում եսառ ինձ և տար` ուր ուզում ես. չես ուզումսպանի՛ր ինձ և ապա թե գնա ու ուղում ես...

Չգիտեմ` հոգեզմայլությունից, շնորհակալությունից, թե՞ նրանից, որ այլևս ուժ չէր զգում դիմադրելու, նրա աչքերր նորից լցվեցին արտասուքով: Եվ նա անձնատուր եղավ ինձ, առանց որևէ առարկության, լուռ ու հնազանդ և ողջագուրանքի առարկա եղող երեխայի քծնող քնքշությամբ...

Պանի Զդանևիչը, կարծես ինքնամոռացության մեջ, վեր կացավ դեպի լուսամուտը և ետ քաշեց լուսամատի ասվեգործ վարագույրը: Ձեռքով նա սրբեց քրտնած ապակին և այդ ժամանակ լուռ ու մտախոհ նայում էր դեպի դուրս, որտեղ, գիշերային խավարի մեջ, հրապարակի վրա երևում էին խանութների և կառքերի անհամար ճրագներ:

Շահյանը, արձանի նման, լուռ, անշարժ, նայում էր նրա ետևից: Նրա կարճատես աչքերի առաջ, ակնոցի պլպլան ապակիների միջից, լուսամուտի վարագույրի արանքում երևվում էր պանի Զդանևիչի բարձր, ամուր, լի մեջքը` հագուստի մեջ պինդ սեղմված: Սկզբում նա անհարմար դրության մեջ էր զգում իրեն, որ պանի Զդանևիչն այնպիսի անկեղծությամբ իր անձնական գաղտնի պատմությունն էր անում. բայց հետո շատ շուտով ընտելացավ այդ կնոջ ազատ, մտերմական վարմունքին և լսում էր նրան ամենայն հետաքրքրությամբ, միանգամայն պատկերացնելով իր առաջ նրա պատմության բոլոր մանրամասնությունները:

Պանի Զդանևիչը խորը հառաչեց, դանդաղ քայլերով վերադարձավ նստեց առաջվա տեղը: Այժմ նրա դեմքը խիստ տխուր էր: Շահյանին մինչև անգամ թվաց, թե նրա աչքերր թաց են: «Մի՞թե դեռևս սիրում է», — մտածեց զարմացած:

Երկու ամսից հետո ես արդեն ծախել-ծախծխել էի շարժական և անշարժ կայքերիս մեծ մասը և նրա հետ գնացի արտասահման, — առաջ տարավ իր պատմությունը պանի Զդանևիչը հոգնած ձայնով: — Նա զիջել էր իմ թախանձանքին, որ մի կարճ ժամանակ նվիրվի իմ սիրույն: Շրջեցինք եվրոպական գրեթե բոլոր նշանավոր վայրերը, գնացինք և Ամերիկա:

Ի դեպ: Միացյալ Նահանգներում ի մոտո ծանոթացա լեհ հայրենասիրական մի ընկերության հետ, որի մասին շատ բան էի լսել: Չգիտեմ, ձեզ հայտնի է, թե ոչ, — լեհական վերջին անհաջող ապստամբությունից հետո իմ հայրենակիցներից շատերը փախան օվկիանոսի այն կողմը և այնտեղ կազմեցին հայրենասիրական զորեղ մի գաղութ, որ մինչև օրս էլ գոյություն ունի և որի նպատակն է ազատ հասարակապետության ազատ հողի վրա նախապատրաստվել ապագայի համար: Այդ տարագիրները սպասում են միայն քաղաքական աջող դիպվածների, որոնցից օգտվել չեն հապաղիլ: Այս րոպեիս ամբողջ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում երկու միլիոնից ավելի լեհացի կա և այնտեղ նրանք կատարելապես պահպանում են իրենց ինքնուրույնությունը, ունեն իրենց ազգային դպրոցները, մայրենի լեզվով հրատարակվող բազմաթիվ լրագրեր, ունեն իրենց կաստյոլները, որոնց միաբանությունները ոչ այնքան կրոնական նպատակ ունեն, որքան քաղաքական-հայրենասիրական, այնպես որ միաբաններից շատերը լեհ զինվորի հագուստ ու զենք են կրում:

Բայց այս ի միջի այլոց:

Պետք է խոստովանեմ, որ Բազենյանը սկզբում չափազանց նվիրված էր ինձ. առանց ինձ ոչ մի տեղ չէր գնում, առանց իմ կարծիքս իմանալու ոչինչ չէր անում. այնպիսի մի քնքշանք ու հոգացողություն էր ցույց տալիս, որ երբեմն նույնիսկ վիրավորական էր թվում ինձ: Մի անգամ հիվանդացա. ամբողջ մի շաբաթ տանից դուրս չգնաց և շարունակ նստած էր մոտս, մի լավ հիվանդապահի պաշտոն կատարելով: Խորամանկ էր և մեծ հոգեբան: Հետո, շատ հետո իմացա, որ նրա ամեն մի քայլ չափված ու ձևված էր, որ անկաշառ զգացումից դրդված ոչինչ չէր անում և ինչ անում էր միշտ հետին նպատակ ուներ: Շատ լավ գիտեր, թե որքան սիրում էի իրեն: Ինքն ինձ հպատակվելով ուզում էր ինձ ստրկացնել իրեն: Ամեն կերպ ինձ պարտավորեցնելով ուզում էր, որ ինքն ազատ մնա որևէ պարտավորությունից: Այո, վերջը տեսա, որ չէր սխալվեր: Կամաց-կամաց այն աստիճան ստրկացրել էր ինձ, այնպիսի անլեզու մի արարած էր դարձրել, որ երբ, ամիսներ անցնելուց հետո, տեսա, որ հետզհետե սառչում է դեպի ինձ, չէի համարձակվում բերան բանալ հանդիմանելու համար: Պարզապես տեսնում էի, թե որքան ձանձրացել էր ինձնից և ինձ հետ շարունակում է ապրել ճարահատված միայն: Ես տանջվում էի, նրա սառնությունը մահ էր ինձ համար, բայց տեսնում էի, որ իրավունք չունեի բողոքելու և չէի կարողանում ձայն հանել: Զարմանալին այն էր, որ որքան սառչում էր նա ինձնից, այնքան սերն ավելի բորբոքվում էր: Քանի որ ոչ մի կասկած չունեի նրա փոխադարձ սիրո և անձնվիրության վրա, ինձ մինչև անգամ թվում էր, թե իսկապես սիբահարված չեմ նրա վրա. բայց այժմ, երբ ոչ թե կասկածում, այլ ամենապարզ կերպով տեսնում էի, որ սոսկալի մի վիհ արդեն սկսել է բաժանել նրան ինձնից, զգում էի, թև որքան զորեղ ու խորն է այն զգացումը, որ կապում է ինձ նրա հետ: Սարսափով տեսնում էի, որ վերջ ի վերջո պիտի ձգի ինձ ու հեռանա: Եվ այդ բանն ինձ ավելի ևս ստիպում էր լուռ մնալ: Ցույց էի տալիս, թե չեմ տեսնում իր սառնությունը, թեև նա ամենևին չէր էլ փորձում գեթ արտաքուստ ծածկել իր մեջ կատարվող փոփոխությունն իմ վերաբերմամբ: Իմ այդ կամավոր կուրությունն, ըստ երևույթին, զարմացնում էր նրան, ինչպես նկատում էի, ուզում էր, որ տրտնջայի, հանդիմանեի, կռվեի հետը, որպեսզի առիթ ունենար ավելի հեշտ պրծնելու ինձնից: Դրա համար երբեմն ուղղակի կոպտաբար էր վարվում ինձ հետ, երբեմն էլ ամբողջ օրերով մենակ էր թողնում ինձ և վերադառնում ուշ գիշերին: Բայց և այնպես, ես էլի լուռ էի, ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ տեսնում և աղի արցունքներ էր, որ թափում էի մենակ ժամանակ:

Իհարկե, չէր կարող այսպես երկար շարունակվել, մանավանդ որ նա լռությունից խրախուսված, սկսել էր այլևս բանի տեղ չդնել ինձ: Դանակը ոսկորին էր հասել, և մի անգամ, այլես չկարողանալով դիմանալ, սկսեցի հանդիմանել: Նա սաստիկ բորբոքվեց և ասաց, որ ես միանգամայն կործանում եմ իրեն, որ ես կապել եմ իր ձեռքերն ու ոտները, որ ես ստիպել եմ իրեն դավաճանել իր ընկերներին, դրժել սրբազան ուխտը և այլն, և այլն: Բանը վերջացավ նրանով, որ հանցավորն ես եղա և գլխովին պարտական մնացի նրան: Տեր աստված, ինչքան միամիտ էի, ինչպես սիրում ու հավատամ էի նրան...

Մի անգամ շատ զգուշորեն խոսք բաց արի այն մասին, թե ինչու մեր կապը չենք կնքում օրինավոր ամուսնությամ: Նա ծիծաղեց և նկատեց.

Մի՞թե դու որևէ նշանակություն ես տալիս այդ հիմար ձևականությանը:

Բայց ես շուտով մայր պետք է լինեմ, — հայտնեցի ես:

Այս բանն, ըստ երևույթին, այնքան անակնկալ էր նրա համար, որ նա վեր թռավ տեղից գրեթե սարսափած:

Ճի՞շտ, — բացականչեց նա, հետո ինչ-որ մտախոհության մեջ ընկավ և ասաց շատ հանգիստ. — Հա , երբ որ այդպես է... պետք է օրինական անուն տանք մեր զավակին:

Ես խիստ արախ էի, որ գոնե օրինավոր ամուսնությամբ զավակի միջոցով կարող կլինեի նրան առմիշտ կապել ինձ հետ բայց շուտով այդ բանումն էլ հիասթափվեցի: Ամուսնությունը նա միշտ հետաձգում էր զանազան պատրվակներով, իսկ զավակս ծնվեց մեռած... Ես սոսկում եմ հիմա, որ մտածում եմ, թե ինչ պիտի անեի այժմ, եթե զավակս մեռած չծնվեր և ապրեր...

Գարնանը վերադարձանք Վարշավա: Այստեղ մորեղբորս մեռած գտա: Ամուրի էր և անզավակ, միակ ժառանգն ես էի, ուստի մեծ հույս ունեի, որ բավական մեծ կարողություն ինձ կլինի թողած, բայց կտակի մեջ մի կոպեկ անգամ չկար իմ օգտին, որովհետև նրա արիստոկրատիզմը սաստիկ վիրավորվեկ էր, որ իր քրոջ աղջիկը ստորին դասակարգի պատկանող մի որևէ կնոջ պես փախել էր առաջին պատահած արկածախնդիր մի մարդու, այն էլ ոչ-կաթոլիկի և այն էլ «անիշխանականի» հետ, արատավորելով իր ամբողջ տոհմի անունը: Մինչդեռ ես ավելի քան կարոտ էի նրա ժառանգության, որովհետև փողերս հատնելու վրա էին և Բազենյանին ես էի պահում, որովհետև նա գրոշ չուներ: Բազենյանն ինչ-որ վիճելի կետեր գտավ կտակի մեջ և ստիպում էր ինձ ժառանգական դատ բանալ, բայց ես բացեիբաց մերժեցի, որովհետև ես էլ ունեի իմ պատվասիրությունը: Դեռևո, փառք աստծո, այնքան ունեի, որ կարող էինք քաղցած չմեռնել:

Ամառն անցկացնելու համար գնացինք Յալթա, ուր մի քիչ կազդուրվելու պետք ունեի անհաջող որդեծնությունից հետո: Շուտով Յալթայում ինձ մենակ թողեց, ասաց, թե մի քանի կարևոր գործերի համար գնում է մոտակա քաղաքները և շուտով կվերադառնա: Լռությամբ հնազանդվեցի վիճակիս և սկսեցի սպասել: Հաշվում էի օրերը, ժամերը, րոպեները և կասկածներից քիչ էր մնում խելագարվեի: Ինձ թվում էր, թե արդեն ձգել է ինձ և փախել և չի վերադառնալ այլևս: Բայց բանից երևաց, որ կասկածներս հիմք չունեին, որովհետև մի ամսից վերադարձավ և այնքան ուրախ էր, այնպիսի կարոտով գրկեց ինձ, որ միանգամայն վարձատրեց ինձ պատճառած տանջանքների համար: Հետո, շատ հետո իմացա, որ այդ ուրախությունն ինձ համար չէր, այլ նրա համար, որ Ղրիմամ կատարած իր շրջագայության ժամանակ առատ հունձ էր ունեցել:

Ինձ թվում է, թե այն ժամանակ իսկ ես հասկանում էի արդեն, որ նրա անձնվեր հայրենասիրությանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի դիմակ միայն, որի տակ ծածկված հետամուտ է լինում զուտ անձնական շահերի: Բայց այն աստիճան ճարպիկ էր նա, և սերն այնքան կուրացրել էր ինձ, որ այդ բանը չէի տեսնում կամ, ավելի ճիշտն ասած, չտեսնելու էի տալիս: Ինքս սրտովս ու զգացումներովս մաքուր լինելով, չէի ուզում որևէ արատ տեսնել ուրիշների, մանավանդ նրա մեջ, որին սիրում էի, որին նվիրվել էի առմիշտ: Ուրիշ ոչինչ որ չլիներ, խնդիրն այստեղ արդեն վերաբերում էր արդեն իմ պատվին: Ես ուզում էի խաբված լինել չհիասթափվելու համար, իսկ հիասթափումն այդ դեպքում մահ կլիներ ինձ համար:

Օգոստոսի վերջերին ասաց, թե վերևից հրաման է ստացել անհապաղ գնալ Անդրկովկաս մի քանի գործեր կարգադրելու համար և ապա անցնել Հայաստան, ուր արդեն սկսված է ապստամբական շարժումը: Ընդսմին ցույց տվեց հայերեն գրված ինչ-որ նամակներ, որ իբր թե ստացել էր արտասահմանից: Այս անգամ ուղղակի ասաց, թե այլևս հնարավորության չունի ինձ իր հետ ման ածելու և թե գործն արդեն ինքն է ստիպում, որ մենք բաժանվենք իրարից: Նա խոսում էր խիստ վճռական լեզվով: Երկար ժամանակ ընկած էի նրա ոտների առաջ և, հուսահատական արտասուք թափելով, աղաչում, պաղատում էի, որ չձգի ինձ, որ ես իր աղախինը կլինեմ, իր ստրու...

Օ՛, — ֆիզիկական ցավ զգալու չափ հառաչեց պանի Զդանևիչը և դեմքը ծածկեց ձեռքերով: Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ ճնշել իր ինքնավստահության սուր հիշողության խայթոցը և շարունակեց պատմութրունն այս անգամ գրգռված և արագախոսությամբ:

Նա համաձայնեց ինձ իր հետ առնելու, միայն հասկացրեց, թե փող չունի, — կարծես թե ինքն էր պահում ինձ, և ոչ թև ես իրեն: Իսկույն հեռագրեցի հավատարմատարիս, որ ծախի վերջին կալվածքս (այդ կալվածքը պահում էի սև օրվա համար) և փողն ուղարկի այնտեղ, որտեղից նամակ կամ հեռագիր կուղարկեմ իրեն: Ճանապարհ ընկանք դեպի Անդրկովկաս: Պետք է ասեմ, որ հենց սկզբից պատվիրեց ինձ, որ ոչ մի տեղ ցույց չտամ, թե որևէ մերձավոր կապ կա մեր միջև, այլ ես էլ, ինքն էլ պետք է ցույց տայինք միայն, թե մենք լոկ ուղեկիցներ ենք՝ ճանապարհին ծանոթացած, և ուր իջնում էինք, ես առանձին էի ապրում, նա առանձին, ինչպես այստեղ՝ Թիֆլիսում: Այսպիսով շրջեցինք այս կողմերի գավառական հայաբնակ քաղաքները և վերջն եկանք Թիֆլիս: Այստեղ ինձ թողեց և գնաց Բաքու: Բաքվից վերադարձավ շատ վատ տրամադրության մեջ: Երևի, սպասված հունձը չէր ունեցել: Թիֆլիսում մանավանդ խստիվ պատվիրեց, որ բոլորովին հեռու մնամ իրենից և եթե կարելի է, ամենևին տեսակցություն չունոնամ իր հետ: Ստրուկի պես կատարում էի նրա պատվերները: Դու՞ք նկատեցի՞ք, թե սկզբում ինչքան զայրացավ, որ ես հանկարծ մտա իր սենյակը «Լոնդոն» հյուրանոցում, իր հիվանդ պառկած ժամանակ: Այն աստիճան սաստել էր ինձ, որ մինչև անգամ, եթե հաստատ գիտենայի էլ, թե այդ միջոցին նրա մոտ մարդ չի լինի , էլի չէի համարձակվի գնալ նրա մոտ. բայց լրագրի մեջ որ կարդացի այն լուրը, ինքս ինձ մոռացա և գլխապատառ վազեցի, որ տեսնեմ, թե ճի՞շտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Սակայն, չգիտեմ, իրեն պատահած դժբախտությունն էր պատճառը, թե այն, որ այդ օրերը հավատարմատարիցս ստացած վերջին փողերս իրեն էի տվել, — նա զարմանալի կերպով քնքշացեք էր դեպի ինձ: Այդ բավական էր, որ ես կատարելապես մոռանայի նրա պատճառած այնքան տանջանքները ու նորից առաջվա բուռն սիրով անձնատուր լինեի նրան:

Բայց այդ քնքշանքն էլ երկար չտևեց, շատ շուտով տեսա, որ նորից սառել է դեպի ինձ, և մի քանի անգամ էլ, մանավանդ վերջին օրերում, նկատեցի, որ իմ ներկայությունն իր մոտ պարզապես անտանելի է նրա համար: Նորից կծկվել, նորից ձայն չէի հանում, ուզում էի տանջանքս մեջս խեղդելով և խոնարհ լռությամբ ընկճել նրան, շարժել նրա գութը, — ոչինչ չէր օգնումնա մռայլվում էր ավելի ու ավելի, վարվում էր ինձ հետ թեև զսպած, բայց արդեն խիստ աչքի ընկնող կոպտությամբ, նրա դեմքի վրա պարզապես ջղային ատելության նշաններ էի տեսնում: Ինչքան էլ որ հիվանդ սիրո այս ատելի, այս գարշելի զգացումը մեռցրած լիներ իմ մեջ ըմբոստության ոգին և բարոյապես փալաս լիներ դարձրած ինձ, այնուամենայնիվ ֆիզիկապես արդեն անկարելի էր կրել այդ հարատև տանջանքները, այս վիրավորանքները, այս նվաստացումը և ոչ մի անգամ բողոք չբարձրացնել: Եվ ես գնացի բողոքելու: Գնացի նրա մոտ: Այդ անցյալ շաբաթ էր: Բանը վերջացավ նրանով, որ ես, — դարձյալ ես, — սև օրս ողբալով դուրս եկա նրա սենյակից...

Այլևս ավելորդ է, որ երկարացնեմ: Դուք գիտեք, որ նա փախել է: Եվ փախել է ամենաանարգ կերպով, փախավ իբրև գող: Եվ իսկապես որ գող էրամենաճարպիկ կերպով գողացավ իմ ամենանվիրական զգացումները, իմ անունը, իմ պատիվը, գողացավ և իմ ամբողջ, — այո, ամբողջ, — կարողությունը: Նա քամեց, ճզմեց ինձ կիտրոնի պես և երբ տեսավ, որ ծծելու այլևս հյութ չունիմ, ձգեց ու փախավ:

Բայց՛պանի Զդանևիչը հանկարծ վեր կացավ տեղիցոչ, ոչ, ոչ, նա մեղավոր չէ ամենևին: Մեղավորը ես եմ միայն և ամենևին իրավունք չունիմ նրան դատապարտելու, ոչ, չունիմ, քանի որ նա գուցե արտաքուստ, հենց սկզբից կամենում էր հեռու մնալ ինձնից, և ե՛ս էի, որ զոռով փաթաթվեցի նրա վզին, ինչպես այդ բանը նա երեսովս տվեց մեր վերջին տեսակցության ժամանակ: 0հ, այս գիտակցությանը... սա ուղղակի խելագարեցնում է ինձ: Ես, որ այնքան անձնասեր էի, այնքան հպարտ և, առանց այլևայլության, մերժում էի ձեռքս խնդրողներին, որոնց մեջ կային անպայման ազնիվ և պատվավոր մարդիկ, — ինչպես թույլ տվի ինձ այս աստիճան կուրանալ և ընկնել անծանոթ, մի անհայտ, մի բախտախնդիր երիտասարդի գիրկը, որ կործանեց իմ անունս էլ, իմ պատիվս էլ, իմ կարողությունս էլ և շինեց ինձ պարզապես մի մուրացիկ: Նա իր արհեստն էր բանեցնում, իսկ ե՞ս ինչ էի մտածում, այս ահագին կինս: Եթե անփորձ մի աղջիկ լինեի, տղամարդկանց չճանաչող ու միամիտ, էլի հասկանալի կլիներ մոլորությունս և արդարանալի, բայց այս հասակում... տղամարդկանց այնպես լավ ուսումնասիրած լինելուց հետո... Օ՛, սարսափելի է, սարսափելի...

Շահյանը վեր կացավ, մի ուժգին բան ներսից դրդում էր նրան խոսել, քաջալերել:

Մի հուսահատվեք, պանի Զդանևիչ, — ասաց նա անհամարձակորեն: — Թքեցեք և մոռացեք նրան:

Ա՛խ. դուք կարծում եք, թե ես դարձյալ նրա համար եմ մտածում, — բացականչեց պանի Զդանևիչը և նրա աչքերը վառվեցին անհուն ատելության երակով: — Բավական չեղա՞վ, որքան այս գարշելի կիրքը կուրացոեց ինձ... Ոչ, պարոն Շահյան, դուք սխալվում եք. ես այժմ այնպես ատում եմ նրան, ինչպես դեռ ոչ ոքի չեմ ատել: Հուսահատությանս պատճառը, այո , այն չէ, որ ես դարձյալ սիրում եմ նրան, — այլ խոսքն արտասանելուց անգամ գարշում եմ այժմ, — այև այն, որ ինքս իմ աչքում կորցրել եմ իմ հարգը: Իմ տեղս պիտի լինիք, որ հասկանաք, թե ինչ է նշանակում, երբ մարդ դադարում է ինքն իրեն հարգելաց: Հասկացող մարդու համար դրանից ավելի մեծ տանջանք չի կարող լինել: Բացի դրանից, չէ՞ որ ես այժմ աղքատացած եմ, բոլորովին աղքատացած: Ի՞նչ պիտի անեմ, ո՞ւր պիտի գնամ, ինչո՞վ պիտի ապրեմ... Այսպիսի դրության մեջ խելագարվել միայն կարելի է...

Շահյանը, առանց որևէ հետին մտքի, ինքնաբերաբար և ամենայն անկեղծությամբ, ուզում էր ասել, որ ինքը միշտ պատրաստ է նրան օգնելու, բայց հանկարծ մտածեց, թե մի գուցե պանի Զդանևիչն իր խոսքերը վատ մտքով բացատրի, և ոչինչ չասաց, ուրիշ բան էլ չգտավ ասելու:

Ես այժմ մի բան եմ մտածել, — շարունակեց պանի Զդանևիչը: — Այսպիսի խայտառակությամբ և ամոթով Վարշավ վերադառնալ, հարկավ, չեմ կարող: Ուզում եմ գնալ Ամերիկա իմ ասած լեհ հայրենասիրական գաղութի հետ միանալու: Եթե որևէ բանով պետքական եղա այնտեղ, խոլավ, իսկ եթե ոչ, աշխարհս մե՛ծ, ման կգամ և կաշխատեմ որևէ վարձկան պաշտոն ճարել: Փառք աստծո, եվրոպական մի քանի լեզու գիտեմ և շատ էլ տգետ չեմ:

Շահյանը նայեց նրան անկեղծ ափսոսանքով և նորից ուզում էր իր օգնությունն առաջարկել, բայց էլի չհամարձակվեց. այժմ վախենում էր, որ դրանով կարող է վիրավորել պանի Զդանևիչի հպարտությունը:

Պանի Զդանևիչը չթողեց, որ Շահյանը շուտ գնա և մինչև անգամ մի թեթև ընթրիք պատվիրեց սպասավորին:

Վաղը գնում եմ և չեմ ուզում, որ մեր բարեկամությունն անցողակի լինի, — ասաց նա: — Ուր էլ որ լինիմ, միշտ պիտի հիշեմ ձեզ երախտագիտությամբ, որովհետև... Հա , մոռացա ձեզ ասեմ, նրա փախստի օրն, ախր, մի նամակ ստացա նրանից: Այդ նամակը պահեցի, որ կարդամ ձեզ մոտ: Տեսեք ինչ է գրում:

Պանի Զդանևիչն արագ մոտեցավ գրասեղանին, գզրոցը ետ քաշեց, հանեց մի նամակ, ռգաց նստեց Շահյանի կողքին և, նամակը բռնելով այնպես, որ Շահյանն էլ կարողանա կարդալ, կարդաց.

«Իմ քաղցրիկ Էլիզա:

Այս րոպեիս այնպիսի մի հսկայական հիմարություն գործեցի անզգուշաբար, որից ստիպված եմ անմիջապես հեռանալ: Կուզեի անձամբ տեսնել քեզ, բայց ժամանակը չի ներում, գնացքը մեկնելու է մի ժամից, հազիվ թե վրա հասնեմ: Այս րոպեիս ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, բայց պիտի գնամ, անպատճառ պիտի գնամ և ճանապարհից կհեռագրեմ քեզ, թե որտեղ կարող ես ինձ գտնել:

Նամակս գրում եմ, որպեսզի չկարծես, թե փախել եմ քեզնից: Վերջին ժամանակս դու այդ բառը շատ էիր կրկնում, որով շատ էիր զայրացնում ինձ: Վկա է աստված, որ ես քեզ սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ, քանի շունչս բերնումս է: Վերջին սրիկան պիտի լինեմ, եթե գեթ մի րոպե մոռանամ այն անփոխարինելի զոհաբերությանը, որ դու արեք ես ինձ համար: Եթե որևէ տհաճություն եմ պատճառել քեզ, այդ պիտի վերագրես միայն իմ դժրախտ կրքոտ բնավորությանը, որից ինքս էլ գոհ չեմ:

Ցտեսություն, կյանքիս քաղցրիկ ընկերուհի:

Ցմահ քո Սուրեն»:

Հ.Գ. — Փողի կարիք որ զգաս, դիմիր Լևոն Շահյանին, որի հետ ծանոթացար ինձ մոտ, երբ ես պառկած էի հիվանդ: Նա, շատ ազնիվ, շատ պատվական երիտասարդ է, և կարող ես վստահիլ նրան առանց քաշվելու: Համենայն դեպս հայտնում եմ քեզ նրա հասցեն»:

Հետևում է ձեր հասցեն, — միակ բանն ամբողջ նամակի մեջ, որ կարևորություն ունեցավ ինձ համար, մնացածը` գրոշ, — ասաց պանի Զդանևիչը և հանգիստ ա կամաց ճղեց նամակը վերևից մինչև ներքև, — Եվ այս խորամանկ թշվառականը կարծել է, թե այնքան բաներից հետո պիտի հավատամ իր այս ստության և կեղծավորության շեդևրին. — ավելացրեց նա, նամակը ճմռելով ափի մեջ և հանգիստ գարշանքով շպրտելով վառարանի կողմը: — Ինչու՞ չի գրում, թե այն ի՞նչ հսկայական հիմարություն է, որ գործել է և որից ստիպված է եղել այնպես շուտափույթ հեռանալ և իբր թե ժամանակ չի գտել ինձ էլ իր հետ առնելու: Այսօր ճիշտ տասը օր է, որ գնացել է, և ո՞ւր է այն հեռագիրը, որով ճանապարհից պիտի հայտներ ինձ, թե որտեղ կարող եմ գտնել իրեն: Աստծուն վկա է բերում, թե սիրել է ինձ, սիրում է և ... Է՛հ, բավակա՛ն է, բավական է: Նորից արյունս տակնուվրա է լինում...

Պանի Զդանևիչը սաստիկ գրգռված վեր կացավ, հատակից վերցրեց նամակը, վառարանի դուռը բաց արեց և ներս շպրտեց: Նա այլևս ոչ մի խոսքով չհիշեց Բազենյանին, ասելով, որ ուզում է իսպառ մոռանալ նրան և վերջին հուսահատական ուժերը հավաքած, մի նոր, խելացի, առողջ կյանք սկսել հիվանդ սիրուց հետո: Նա նորից հիշեց Ամերիկայամ իր տեսած լեհական գաղութը և մեծ ոգևորությամբ սկսեց խոսել այդ գաղութի նպատակների մասին: Նրա տրամադրությունը հետզհետե այն աստիճան բացվեց, որ ընթրիքի ժամանակ մինչև անգամ ուրախ էր:

Հաջորդ էջ