Նար-Դոս՝   Մահը

Շահյանը նույնպես բացվլ էր. պանի Զդանևիչի ցույց տված մտերմությունը չափազանց գրավել էր նրան, և նա չէր իմանում ինչպես անի, որ ցույց տա, թե ինքը գնահատում է այդ մտերմությունը և ամենայնիվ պատրաստ է թեթևացնելու նրա վիճակը: Երբ ընթրիքից հետո պատրաստվեց գնալու, այլևս չկարողացավ դիմանալ և ուղղակի ասաց.

Պանի Զդանևիչ, եթե ուր էլ որ լինիք, օգնության կարիք զգաք, կարող եք, առանգ այլևայլության, դարձյալ ինձ դիմել:

Պանի Զդանևիչը առավ նրա ձեռքը և ջերմագին սեղմեց:

Ոչ, ազնիվ, սիրելի բարեկամս, — ասաց նա քնքշորենես անչափ գոհ եմ ձեր ինձ արդեն արած օգնությունից և հույս ունիմ, որ այլևս կարիք չեմ զգալ ձեզ նեղացնելու: Բայց մի բան կխնդրեի ձեզնիցայն, որ դուք շատ էլ դժգոհ չմնաք, եթե ձեր հասանելիքը շուտ չկարողանամ վերադարձնել:

Շահյանը նայեց նրան հանդիմանությամբ:

Հավատացնում եմ, պանի Զդանևիչ, ես սաստիկ վիրավորվում եմ, երբ դուք խոսում եք այդ մասին:

Հապա ինչպե՞ս անեմ:

Ինչպես ուզում եք արեք, միայն թե այդ մասին ինձ ոչինչ մի ասեք, — ասաց Շահյանը և սկսեց հագնել կրկնակոշիկները: Հանկարծ նա ծիծաղեց:

Ինչի՞ վրա եք ծիծաղում, — հարցրեց պանի Զդանևիչը հետաքրքրված:

Կրկնակոշիկներիս վրա: Սրանք իրենց մի մազալու պատմություն ունին, որ հանկարծ հիշեցի:

Եվ Շահյանը համառոտակի պատմեց Բազենյանի հետ ունեցած իր վերջին տեսակցությունը, իր նրան տված հազար ռուբլու միջադեպը, թե ինչպես Բազենյանը կամեցավ այդ գումարը ետ տալ իրեն և երբ ինքը հրաժարվեց ետ ընդունել, նա վերցրեց ծրարը և մոտեցավ վառարանին, որ կրակը նետի, իսկ ինքն այդ միջոցին առավ գլխարկը և դուրս փախավ, կրկնակոշիկները մոռանալով հագնել: Շահյանը այս բանը պատմում էր այժմ իբրև մի կուրյոզ և անդադար ծիծաղում էր:

Հետո՞ , ե՞տ ստացաք ձեր կրկնակոշիկները, — հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով:

Նույն օրն իսկ ուղարկել էր հյուրանոցի ծառայի ձեռքով:

Իսկ փողը, կրա՞կն էր նետել, թե... գրպանը:

Այդ արդեն մի հանելուկ է, որ դուք ինձնից ավելի լավ կարող եք լուծել, — ասաց Շահյանը, շարունակելով ծիծաղել և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց:

Պարոն Շահյան, — Հանկարծ կանչեց պանի Զդանևիչը, դուրս գալով նրա ետևից:

Շահյանը կանգ առավ միջանցքում և արագ շուռ եկավ:

Վաղը կգա՞ք ինձ ճանապարհ դնելու:

Իհարկե, անպատճառ, — բացականչեց Շահյանն անսովոր եռանդով և, նորից շուռ գալով, վազեց դեպի սանդուղքները:

8

Շահյանը վերադարձավ տուն խիստ ուրախ տրամադրված: Հիշում էր. այդպիսի ուրախ տրամադրության մեջ մեկ էլ եղել էր Եվայի հետ ծանոթանալու առաջին գիշերը, երբ երկաթուղու կայարանից կառքով ճանապարհ էր դրել նրան մինչև նրանց տան դուռը: Այժմ նա զարմանամ էր, թե որքան հասարակ բան էր եղել պանի Զդանևիչի մոտ գնալը, որից այնքան սարսափում էր այդ օրը:

Գիշերը բավական ուշ էր, և Շահյանն անմիջապես պառկեց, որ քնի, բայց էլի, ըստ հին սովորության, ցնորքները թույլ չտվին, որ քունը շուտ մոտենա աչքերին, չնայելով որ նախորդ գիշերը վատ էր քնել և ամբողջ օրն անց էր կացրել անսովոր հուզման մեջ:

Նա մտածում էր պանի Զդանևիչի մասին:

Այժմ այլևս անասնական ցանկությունը չէր, որ զբաղեցնում էր նրա հիվանդոտ երևակայությունը պանի Զդանևիչի վերաբերմամբ, այլ մտածում էր այն մասին, որ ինքը մի մեծ բարիք էր մատուցել այդ դժբախտ կնոջը, հանելով նրան իր անել դրությունից: Եվ նրան առանձին ինքնագոհություն էր պատճառում նրա անձնասիրությունը փայփայող այն հանգամանքը, որ պանի Զդանևիչի պես մի կին իր վրա նայում էր անկեղծ երախտագիտությամբ, իրեն անվանում էր իր «ազնիվ», «սիրելի» բարեկամը, իր «եղբայրը» և այնքան մտերմություն էր ցույց տալիս, որ մինչև անգամ պատմում էր իր անձնական ամենանվիրական գաղտնիքը, բաց էր անում նրա առաջ իր վիրավոր սիրտը և այդ բանի մեջ էր որոնում իր սփոփանքը:

Չոր ուղեղով նա շատ ցածր էր համարում Բազենյանի վարմունքը, բայց զգացումով բոլորովին անտարբեր էր. ընդհակառակը, սրտի խորքում, կարծես ինքն իրենից ծածուկ, մինչև անգամ նախանձում էր Բազենյանին, որ կարողացել էր այնպես գերել պանի Զդանևիչի պես մի կնոջ: Ա՛խ, ինչ լավ կլիներ, եթե ինքն էլ ունենար այդպիսի գեթ չնչին մի շնորհք: Այն ժամանակ ոչ թե Բազենյանի պես անխիղճ կերպով կվարվեր այդպիսի հրաշալի մի կնոջ հետ, այլ կաստվածացներ նրան, մինչև վերջին շունչը կպաշտեր նրան, ուրախությամբ կմեռներ նրա համար:

Եվ Շահյանի սիրտը նորից համակվեց հուսահատական թախիծով: Թերևս երբեք նրա կուսական սիրտն այնպես ջերմ կերպով չէր փափագել սիրել ու սիրվել, ինչպես այժմ: Իր անապատ-կյանքի մեջ հանդիպեց մի հրաշալի Եվա, որին ըստ երևույթին, սիրեց հենց առաջին անգամից, բայց հուսախաբությունը շուտով էլ մեռցրեց սիրո առաջին սաղմերը: Այժմ բախտը նրան դեմ-հանդիման էր բերել մի պանի Զդանևիչ, որը կանգնած էր իր կանացի գրավչության գագաթնակետին, հսկայի պես գեղեցիկ ու հոյակապ: Շահյանը մտքում համեմատություն էր անում Եվայի ու պանի Զդանևիչի միջև և տեսնում էր, որ Եվայի կուսական անմեղ, անարատ գեղեցկությունը կամաց-կամաց աղոտանում, ցնդում է օդի մեջ, իբրև անմարմին մի բան, իբրև հրաշալի մի երազ պանի Զդանևիչի հուժկու և մեղսակից փարթամ գեղեցկության առաջ: Եվ նա մտածում ու չէր կարողանում որոշել, թե ո՞րին արդյոք առավելություն կտարԵվային, թե պանի Զդանևիչին, եթե միաժամանակ երկուսն էլ ցանկություն հայտնեին իրենը լինելու: Նա կփափագեր ունենալ երկուսին էլ, — Եվային` պաշտելու իբրև սրբություն, պանի Զդանևիչին` տիրապետելու իբրև ցանկալի կնոջ: Սակայն Շահյանը զգում էր, որ պատրաստ է իր իդեալական սերն էլ, կիրքն էլ հավասար չափով կենտրոնացնելու միմիայն պանի Զդանևիչի վրա, բայց և, միևնույն ժամանակ, զգում էր, որ ինքը, իբրև սիրահար և իբրև ամուսին, շատ չնչին արարած կլիներ այդ հոյակապ կնոջ առաջ: Նրան թվուր էր, թե պանի Զդանևիչի պես մի կին, եթե իրեն այնպիսի ուշադրության առարկա էր դարձրել, պատճառն այն էր միայն, որ կարիքն էր ստիպել, այլապես երբևիցե մտքովը անցկացնե՞ր արդյոք, թե աշխարհիս երեսին Շահյան էլ գոյություն ունի:

Եվ Շահյանը նորից եկավ կանգ առավ այն մտքի վրա, որ ինքը ջրի տարած մեկն է, անշնորհք, ողորմելի մի արարած, որը կարծես թե ապրում է նրա համար միայն, որ ամեն դեպքի առիթով շարունակ մտածի իր ոչնչության մասին և ավելի ու ավելի տանջվի այդ գիտակցությունից:

Շահյանը նորից ուժգին մի կատաղություն զգաց ինքն իր դեմ: — Ո՛չ, պետք է կամ ապրել այնպես ինչպես ուրիշները, ինչպես ամենքն են ապրում, կամ պետք է չապրել ամենևին... Այլապես դիմանալ չի կարելի այդ հարատև տանջանքներին, ամեն մի առիթից ծագող այդ տանջալի ինքնաքննության: Այս աշխարհում ապրելու և հոգեկան այդ սոսկալի տանջանքներից ազատ լինելու համար հարկավոր է լինել Բազենյանի պես համարձակ, հանդուգն, անխիղճ, խաբեբա, նույնիսկ անբարոյական, այո, անբարոյական: Այդ մի շնորհք է, որ բնությունը տվել է գրեթե ամենքին, որով և ամենքն ապրում են անհոգ ու երջանիկ. Շահյանն է միայն, որ զրկված է մնացել այդ շնորհքից և այդ պատճառով այնքան որբ ու օտար էր զգում իրեն կյանքի խնջույքի մեջ: Ուրեմն էլ ինչո՞ւ է ապրում: Ի՞նչ բան է կյանքը: Կյանքը կինն է, ցանկալի կինը: Խլիր աշխարհից կին ասված արարածը, և ասկետներն անգամ չեն կամենալ ապրել: Սխալվում են մորալիստները, որոնք անհատական երջանկության հիմքը համարում են ալտրուիզմը: Այդ շատ միակողմանի վարդապետություն է, որովհետև քաղցածի փորը չի կշտանալ, երբ նա ուրիշի համար հաց բրդի: Կինը, ցանկալի կինըահա միակ բանալին, որ բաց է անում ոչ թե ցնորական, այլ իրական երջանկության դուռը:

Կնոջ գաղափարը Շահյանի համար միշտ մութ ու անորոշ էր եղել, բայց երեկվանից դեսը այդ գաղափարը միանգամից պարզ ու որոշ ձևեր էր ստացել և մարմնացել էր պանի Զդանևիչի մեջ: Կին և պանի Զդանևիչ այժմ հւոմանիշ էին նրա համար, և կին ասված արարածը նա ուրիշ կերպ էր կարողանամ երևակայել քան պանի Զդանևիչի պես խելագարեցնելու չափ ցանկալի:

Շահյանի հիվանդոտ երևակայությունը նորից գրգռվեց: Դեպի պանի Զդանևիչը փոքր-ինչ առաջ տածած ասպեատկան զգացումը նորից տեղի տվեց զուտ ախտական զղացման, և պանի Զդանևիչը նրա գրգռված երևակայության առաջ նորից կանգնած էր արուի մեջ անզուսպ անասնականը շարժող իբրև էգ միայն իր իգական բոլոր անդիմադրելի հրապուրանքով ...

Հանկարծ նա վեր թռավ և նստեց անկողնում կայծակնահար այն մտքից այն մտքից, որ պանի Զդանևիչն առավոտյան պիտի մեկներ: Առավոտյան... այդպես շուտ ... Իսկ ինքը... ի՞նչ պիտի անի ինքն այնուհետև իր մեջ վառվող և իր ամբողջ էությունը լարող զգացումով: Կարո՞ղ է դիմանալ ... չի՞ գժվիլ արդյոք... Չի՞ գժվիլ արդյոք այն մարդը, որ երկար ժամանակ ծարավից պապակվելով թափառում է անապատի մեջ, և հանկարծ մի աղբյուր գտնելով, վրա է ընկնում, որ ծարավը հագեցնի, բայց ջուրը հանկարծ ետ է քաշվում և երկրի ծոցը մտնում, առանց մի կաթիլ թողնելու... Ո՛չ, ո՛չ, անկարելի է: Պետք է մի բան անել ... պետք է այնպես անել, որ պանի Զդանևիչը չգնա, մնա, մնա անպատճառ և ...

Շահյանը խոնարհվեց ծնկների վրա և տաքացած գլուխն առավ ձեռքերի մեջ: Երկար ժամանակ նստած էր այդպես, մտածելով, թե ինչ պիտի անել և էլ ինչ կարող է անել: Քունքերին սեղմած ափերի վրա զգում էր գլխի երակների զարկն այնքան ծանր ու հատու, որ կարծես գլխի մեջ թաքնված մի բան տնքում էր տանջանքով:

Հանկարծ նստեց ուղիղ և չռած աչքերով նայեց օդի մեջ, իբրև մի մարդ, որի միտքը հանկարծ պարզվում է մի նշանավոր գյուտից: Կարճ ժամանակ այդպես մնալուց հետո կամաց իջավ մահճակալից, ոտները մեքենայաբար կոխեց մահճակալի առաջ դրված մաշիկների մեջ, նույն չռած աչքերով, լուսնոտի պես, մոտեցավ գրասեղանին, նստեց, առավ մի թուղթ, առավ գրիչը և կանգ առավ: Հետո կամաց ու զգուշորեն, կարծես վախենալով, որ այն, ինչ որ մտածել էր, կարող էր մոռանալ, սկսեց գրել.

«Շատ հարգելի պանի Զդանևիչ:

Մի չափազանց հանդուգն առաջարկություն եմ ուզում անել Ձեզ. — կկամենայի՞ք արդյոք իմ կինս լինել կինսաստծո և մարդկանց առաջ: Եթե այոպատասխանեցեք, եթե ոչնույնպես: Երկու դեպքումն էլ Ձեր պատասխանը, որին պիտի սպասեմ սրտատրոփ, կընդունեմ ամենայն շնորհակալությամբ: Համենայն դեպս, աղաչում եմ, առանց պատասխանի մի թողնեք:

Մշտապատրաստ Ձեր խոնարհ ծառա

Լևոն Շահյան»:

Հ. Գ. — Առաջարկությունս նամակով եմ անում, Ձեզ և ինձ ազատ պահելու համար այս մասին անձամբ խոսելու անխուսափելի ծանր դրությունից»:

Համենայն դեպս ներքևն ավելացրեց իր հասցեն, այնուհետև ամբողջ նամակը խնամքով արտադրեց ուրիշ թղթի վրա, փակեց ծրարի մեջ և կրկին ընկղմվեց խոր մտածմունքների մեջ: Այժմ դժվար լուծելու մի ուրիշ հարց կարինչպե՞ս պիտի հանձներ այդ նամակը պանի Զդանևիչինանձա՞մբ արդյոք, թե ծառայի միջոցով: Վերջինս անհարմար էր և, բացի դրանից, այդ դեպքում ստիպված կլիներ առավոտյան գնալ պանի Զդանևիչի մոտ, մինչդեռ այս անգամ ուզում էր տեսնել նրան` դիտելու համար ոչ թե առաջ պանի Զդանևիչին, այլ իր ապագա կնոջը. և այդ բանն այնպիսի անդիմադրելի հետաքրքրության զրթնեցրեց նրա մեջ, որ վճռեց անպատճառ գնալ և իր ձեռքով հանձնել նամակը: Հանձնելբայց ե՞րբ, ո՞րտեղ. հյուրանոցո՞ւմ, երկաթուղու կայարանո՞ւմ, թե՞ ամենավերջին րոպեին, վագոնում, հրաժեշտ տալու միջոցին: Վերջինը, իհարկե, ավելի հարմար էր, որովհետև առաջին երկու դեպքում նա ուղղակի գետինը կմտներ ամոթից, տեսնելով, թե ինչպես պանի Զդանևիչն իր աչքի առաջ բաց է անում նամակը, կարդում և ...

«Այդպես, ուրեմն, նամակս կհանձնեմ ամենավերջին րոպեին, երրորդ զանգը խփած ժամանակ, այնպես որ այնուհետև ստվերս անգամ չի տեսնիլ», — վճռեց Շահյանը և խիստ ուրախացած ու թեթևացած գնաց պառկեց: Բայց հանկարծ նորից վեր կացավ, ծրարը պատռեց և նամակի տակն ավելացրեց հետևյալը.

«Եթե Ձեր պատասխանը դրական լինի, հարկավ կվերադառնաք առաջին իսկ կայարանից և կարող եք իջնել ուղղակի իմ տանը, ուր կգտնեք ամեն հարմարություն և անհուն երջանկությամբ բաբախող մի սիրտ»:

Վերջին խոսքերը, որոնք գրվեցին ինքնաբերաբար, այնքան դուր եկան Շահյանին և այնպիսի վառ հույսով լցրին նրա սիրտը, որ այնուհետև, երբ նորից պառկեց, շարունակ կրկնում էր մտքումը, մինչև քունը կամաց-կամաց հաղթեց նրան:

Առավոտյան, երբ աչքերը բաց արեց, կարծեց, թե այդ օրն էլ իր սովորական պարապ օրերից մեկն է, որ կարող է դառնալ մյուս կողքի վրա և նորից քնել մի-երկու ժամ էլ, բայց հանկարծ միտն ընկավ, որ այդ առավոտ առավոտ պիտի գնա ճանապարհ ձգելու պանի Զդանևիչին, և օձից խայթվածի պես վեր տռավ անկողնուց:

Առաջին բանը, որ արավ, այդ այն էր, որ վրա ընկավ նամակին և կարդաց: Կարդաց և սարսափեց: Թեև նամակի բառերը գիշերն անկողնու մեջ շատ կրկնելուց անգիր գիտեր, բայց այժմ նույն այդ բառերը թղթի անցկացրած և ցերեկվա լույսի տակ բոլորովին նորություն հանդիսացան նրա համար: Գիշերը նա միայն ցնորում էր և այդ ցնորքների արտահայտությունն էր, որ անց էր կացրել թղթի, գիշերն անցել էր և իր հետ հօդս էր ցնդեցրել նրա ցնորքները, բայց այդ ցնորքների արտահայտությունը մնացել էր թղթի վրա: Եվ այդ թուղթը պիտի հանձներ պանի Զդանևիչին, և պանի Ջդանևիչը պիտի կարդար այդ թուղթը... Ի՞նչ անենք, թե ինքը ներկա չի լինիլ կարդալիս, բայց խո գիտե, երևակայում է, թե ինչպիսի ապշությամբ պիտի կարդա պանի Զդանևիչն իր հանդուգն առաջարկությունը, և եթե նրա պատասխանը մերժողական լինի կամ թե ճիշտ որ առաջին իսկ կայարանից վերադառնա և ուղղակի գա իր տուն... Շահյանը չէր իմանում, թե ո՞րն ավելի սարսափելի կլիներ իր համար: Պանի Զդանևիչից մերժողական պատասխան ստանա՞լը, թե՞ նրան իր տան մեջ ընդունելը: Առաջին դեպքում մահացու հարված պիտի ստանար իր անձնասիրությունը, իսկ երկրորդ դեպքում... Սակայն այստեղ Շահյանը հրաժարվում էր երևակայել անգամ, թե ինչ կպատահեր իրեն, երբ պանի Զդանևիչն ուղղակի երկաթուղու կայարանից գար իր տուն և ասեր. «Ահա, ես վերադարձա և համաձայն եմ ձեր կինը լինելու»:

«Ոչ, ո՛չ, ո՛չ, անպատճառ խելագարված եմ եղել գիշերը, որ այսպիսի նամակ եմ գրել, — ասաց ինքն իրեն Շահյանը և նամակը շտապով շպրտեց վառարանի մեջ ճրթճրթացող կրակը:

Երբ Շահյանը մտավ պանի Զդանևիչի մոտ, վերջինս իր հաշիվներն էր տեսնում հյուրանոցի սպասավորի հետ: Սենյակի դռան մոտ դրված էին երկու մեծ ճամպրուկ: Ինքը պանի Զդանևիչը ճանապարհորդական փոքր-ինչ հնացած, բայց կոկ և ճաշակով կարված հագուստի մեջ էր, ուսին սակվոյաժ ձգած: Շահյանին ընդունեց շատ սիրալիր և մտերմորեն, հետո ներողություն խնդրեց և նորից դարձավ սպասավորի ներկայացրած հաշիվներին:

Շահյանը նստեց հեռու և սպասում էր մի տեսակ բութ հանգստությամբ: Նա նմանում էր կյանքի հետ իր հաշիվները վերջացրած սառն ու անտարբեր մարդու: Այն կրակը, որ այնպիսի կատաղությամբ վառվել էր նրա մեջ պանի Զդանևիչի վերաբերմամբ, կարծես հանգել էր այժմ, և նրան թվու էր, թե այդ հանգած կրակն այժմ այնտեղ, հոգու խորքում, ծուխ էր արձակում այնքան թանձր ու ծանր և այնքան հեղձուցիչ, ինչպես վառված փայտի վրա ջուր թափելուց հետո:

Պանի Զդանևիչը շուտով արձակեց սպասավորին և, երբ սպասավորը դուրս գնաց, արագ դարձավ Շահ յանին:

Երևակայեցեք, — բացականչեց նա մի տեսակ անհոգ ծիծաղով: — Եթե դուք չլինեիք, բոլոր ունեցած-չունեցածս պետք է թողնեի այստեղ: Բայց հիմա, փառք աստծո, բոլոր իրեղեններս փրկված են:

Նա շտապով հավաքեց այս ու այնտեղ թափթփված մի քանի մանր-մունր բաներ և սկսեց տեղավորել ճամպրուկներից մեկի մեջ, նույն անհոգությամբ գանգատվելով հյուրանոցում տիրող անկարգ կարգերից, անաստված թանկ գներից և զանազան հարմարությունների բացակայությունիից: Իր անհոգ շատախոսության միջոցին հանկարծ խոսքը կիսատ թողեց բերանում, բնազդաբար ետ նայեց Շահյանի կողմը, մի րոպե ուշադրությամբ դիտեց նրա քարացած դեմքը, հետո կամաց բաց թողեց ձեռքին բռնած մի ինչ-որ իր և մոտեցավ նրան:

Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն Շահյան, — հարցրեց նա մտահոգությամբ:

Շահյանը թեթև կերպով ցնցվեց: Մինչև այդ րոպե կարծես քնած էր և այդ րոպեին միայն սթափվեց:

Ի՞նձ ... ոչինչ, — արտասանեց նա, մեքենայաբար վեր կենալով տեղից և զարմանալով, թե ի՞նչ էր նկատել իր մեջ պանի Զդանևիչը:

Հապա ինչո՞ւ այդպես գունատ եք:

Գունա՞տ... մի՞թե:

Նայեցեք հայելուն... Դուք անպատճառ հիվանդ եք:

Շահյանը շփոթված, հեռվից մեքենայաբար նայեց պատի վրա կախված հայելուն և չտեսավ իր դեմքը:

Այս երևի նրանից է, որ գիշերը սովորականից ուշ քնեցի և այս առավոտ վաղ վեր կացա, որ հասնեմ ձեզ, — ասաց նա և աշխատեց ժպտալ:

Պանի Զդանևիչը լուրջ դեմքով և թերահավատությամբ շարժեց գլուխը, իր փորձող աչքերը չհեռացնելով Շահյանի ակնոցից:

Մեղքն ուզում եք ինձ վրա ձգել, բայց ափսոս, որ չեմ կարողանում համոզվել թե մեղավորն իսկապես ես եմ: Համենայն դեպս, ույլ տվեք ձեզ նկատեմ, պարոն Շահյան, դուք շատ զարմանալի երիտասարդ եք երևում, այնքան սառն եք և անտարբեր, որ կարծես թե աշխարհս գոյություն չունի ձեզ համար:

Շահյանը շատ օտարոտի կերպով ծիծաղեց: Նրա ծիծաղի մեջ լսվում էին վիրավորված անձնասիրության շեշտեր:

Երանի չէ՞ր լինի, որ այդպես լիներ, — ասաց նա կամաց և հետո ավելացրեց իրեն ոչ հատուկ զայրացկոտությամբ. — Աշխարհս ոչ թե միայն գոյություն ունի ինձ համար, այլև նրա գոյությունն այնքան ճնշում է ինձ, որ կյանքիս գնով կցանկանայի նրանից ազատվել:

Պանի Զդանևիչը ապուշ կտրվեց:

Այդ դու՞ք եք ասում, պարոն Շահյան...

Այո , ես եմ ասում:

Այդպես երիտասարդ հասակու՞մ...

Այդպես երիտասարդ հասակում:

Եվ առա՞նց կատակի:

Առանց կատակի:

Շահյանն իր պատասխանները տալիս էր իսկույն և համարձակ: Այդ բանում նրան քաջալերում էր պանի Զդանևիչի մտերմական-հովանավորող վերաբերմունքը: Նա տեսավ, որ խիստ հետաքրքրել է պանի Զդանևիչին, ուստի փքվում էր և չէր վախենում իր մտքերն ուղղակի հայտնելուց: Արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, որի ժամանակ թեթև կերպով ճռճռամ էին նրա կոշիկները, և թեև չէր նայում պանի Զդանևիչին, բայց զգում էր, որ նա, զարմացած աչքերով հետևում էր իրեն: Այդ բանը խիստ հաճելի էր Շահյանի համար, և այդ միջոցին նա զգում էր, որ բարձրացել է ինքն իր աչքում:

Լսեցեք, պարոն Շահյան, — խոսեց պանի Զդանևիչը կարճ լռությունից հետո: — Դուք, իհարկե, չափազանցնում եք, որովհետև, ինչպես տեսնում եմ, դեռևս շատ անփորձ եք: Երևի մի որևէ անախորժ դեպք է պատահել ձեզ, որ այդպես ...

Այո, մի խիստ անախորժ դեպք, պանի Զդանևիչ, — վրա բերեց Շահյանը խիստ ու կտրուկ և ականջ դրեց կոշիկների ճռճռոցին:

Ի՞նչ դեպք:

Այն, որ ես ծնվել եմ:

Շահյանն իսկապես շատ լուրջ կերպով ասաց այդ խոսքերը, բայց հետո, ինքն էլ չհասկացավ ինչու, նայեց պանի Զդանևիչին: Նրանց աչքերը հանդիպեցին իրար, և երկուսն էլ միաժամանակ ծիծաղեցին:

Եվ դուք ասում եք, թե կատակ չեք անում, — նկատեց պանի Զդանևիչը:

Ոչ, իզուր եք կարծում, թե՝ որ ծիծաղեցի, կատակ եմ անում: Ամենալուրջ կերպով կրկնում եմ, որ միակ և ամենամեծ անախորժ դեպքը, որ պատահել է ինձ, այդ այն է, որ ես ծնվել եմ:

Բայց չէ՞ որ այդ վաղուցվա դեպք է, — բացականչեց պանի Զդանևիչը, շարունակելով ծիծաղել:

Այո, բայց, դժբախտաբար, այնպիսի մի դեպք, որի ծանրությունը մարդ հետո է զգում:

Դուք փիլիսոփա եք եղել, պարոն Շահյան:

Այդ ավելի վատ է: Ես կկամենայի անասուն լինել:

Ախ, դուք կրկնակի փիլիսոփա եք եղել, — բացա կանչեց պանի Զդանևիչը այս անգամ արդեն բարձրաձայն ծիծաղելով: — Դուք հոռետես եք, այդ իմացա. անշուշտ և աթեիստ եք: Չէ՞:

Շահյանը հոնքերը կիտեց և կանգ առավ:

Դուք ինձ ծաղրում եք, պանի Զդանևիչ, — նկատեց նա վիրավորված:

Իհարկե, ծաղրում եմ, հապա ի՞նչ էիք կարծում, — վրա բերեց պանի Զդանևիչը լուրջ, մտերմական հանդիմանությամբՔանի՞ տարեկան եք:

Շահյանը չպատասխանեց: Նա նայում էր պանի Զդանևիչի փեշերին:

Հազիվ թե քսան-քսանհինգ տարեկան լինեք, չէ՞: Եվ այդ հասակում թույլ եք տալիս ձեզ այդպիսի պառավական հայա՞ցք ունենալու կյանքի վրա: Եվ ձեր այդ երիտասարդական հասակը, ձեր արյունը, ձեր ամբողջ էությունը չի՞ բողոքում այդ փտած հայացքի դեմ: Կարելի բա՞ն է միթե այդ: Ձեր հասակում մարդը մարմնացած մի ցանկություն պիտի լինի ապրելու, ապրելու և միմիայն ապրելու. կյանքին նվիրված օրհներգներ պիտի հորինի նա, պիտի վայելի ագահորեն կյանքի բոլոր բարիքները, շատ անգամ զոռով խլելով նրանից այդ բարիքները, և համենայն դեպս, կատաղի կռիվ պիտի մղի մահվան գաղափարի դեմ: Իսկ ...

Իսկ ես դատարկ և աննպատակ բան եմ համարում այդ բոլորը:

Ախ, դուք նպատա՞կ եք ուզում:

Անպայման:

Բայց այդ բոլորի նպատակը հենց այն է, ինչ որ ասեցի: Ուրիշ ի՞նչ եք ուզում:

Դուք ինձ չեք հասկանում, պանի Զդանևիչ:

Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, պարոն Շահյան: Դուք հետևում եք բոլոր հոռետեսներին հատուկ մի ընդհանուր պակասության, չեք տեսնում ձեր քթի տակ գտնված գանձը և ձգտում եք տեսնել անծանոթ մի գանձ, որը գտնվում է ձեր տեսողությունից դուրս և միանգամայն անմատչելի է ձեզ:

«Այս ի՞նչ է, այլաբանությո՞ւն», — մտածեց Շահյանը լավ չհասկանալով պանի Զդանևիչի խոսքերի իմաստը, և կամաց, վախեցած նայեց նրա մեղմորեն և փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերին:

Պանի Զդանևիչը մոտեցավ նրան և այս անգամ խոսեց այնպես, ինչպես հասակավորը խոսում է երեխայի հետ:

Ես ուզում մի քանի խրատ տալ ձեզ, պարոն Շահյան: Ամենից առաջ պիտի ասեմ ձեզ, որ դուք ձեր հոռետեսությամբ ինձ վրա այնպիսի տպավորություն եք թողնում, ինչպիսի տպավորության որ կթողնի ծխախոտ ծախող երեխան: Ես ներողություն չեմ խնդրում ձեզնից իմ այս համեմատության համար, որովհետև այնքան համակրեցի և սիրեցի ձեզ, իմ ազնիվ բարեկամ, որ անկեղծորեն կփափագեի ձեզ ազատված տեսնել այդ սարսափելի հիվանդությունից: Իսկ հոռետեսությունն իսկապես սարսափելի հիվանդություն է, որից ամեն կերպ պիտի աշխատեք ազատվել: Եվ այդ բանը դժվար չէ. հարկավոր է միայն կյանք մտնել. կյանքը ճաշակել և. — դեն շպրտել այն գրքերը, որ կարդում եք: Այո, այո, իմ սիրելի բարեկամ, ես տեսնամ եմ, որ դուք շատ անփորձ եք, կյանքը չեք ճանաչում, նրա համը չեք առել ամենևին և խոսում եք միմիայն գրքերից: Բայց եթե կյանքի գիրքն էլ կարդայիք, կտեսնեիք, որ նրա էջերը ձեր կարծածի չափ սև չեն: Ի նկատի ունեցեք, որ այս բանն ես ասում եմ կյանքի մեջ այնքան դառնություններ ճաշակելուց հետո: Կյանքը, ինչ էլ որ լինի նա, միշտ սիրելի է, համենայն դեպս, ավելի սիրելի ու ցանկալի, քան մահը, ճիշտ այն բնական օրենքի զորությամբ, որում մարդուս համար ավելի սիրելի ու ցանկալի է իր աշխարհագրական հայրենիքը, քան օտար, անծանոթ մի երկիր: Մեռնելը միշտ կարելի է, պարոն Շահյան, ով ցանկանամ է այդ, բայց նորից ապրել, ավաղ, այդ միայն Ղազարոսին է վիճակված: Մտածեցեք, ինչքան ուզում եք մտածեցեք և խորը գնացեք կյանքի վերջնական նպատակը գտնելու, մարդու գոյության հանելուկը լուծելու համարի՞նչ դուրս կգա դրանից: Ոչինչ: Մտածելով չեք կարող փոխել աշխարհիս օրենքները: Այդ օրենքներն եղել են, կան և կմնան նույնը, անկախ այն բանից, թե ինչ է մեկնություն եք տալիս դուք նրանց: Մտածելով ավելի ևս կենթարկեք ձեզ նրանց ճնշմանը, ավելի ևս կտանջվեք անորոշության մեջ և մի ծայր, որին վերջ ի վերւո կհասնեք, այդ այն կլինի, որ կվճռեք անձնասպանություն գործել: Բայց ինչու՞ համար, հարցնում եմ ձեզ, ի՞նչ նպատակով: Դուք կյանքի նպատակն եք փնտրում, բայց ինչո՞ւ մահվան նպատակի մասին ևս ոչինչ չեք մտածում:

Պանի Զդանևիչը լռեց և նայում էր Շահյանի դեմքին առաջվա նման հանդարտ, փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերով, բայց համակրանքով:

Շահյանը սուս էր կացել: նա զգում էր, թե այժմ նույն դրության մեջ է, ինչ որ Աշխենի և Եվայի հետ միևնույն նյութի մասին ունեցած խոսակցության ժամանակ: Սակայն այդ երկու հարանման դրության միջև էական մի տարբերություն կար: Աշխենի և Եվայի հետ ունեցած խոսակցության ժամանակ նա պարզապես զգում էր, որ ինքն ակամա երեսն է հանել իր մտավոր ու բարոյական կատարյալ դատարկությանը և ծաղրի ու հիասթափության առարկա է դարձելմի բան, որ մահ էր իր համար: Մինչդեռ այժմ այդպիսի բան ամենևին չէր զգում: Ճիշտ է, տեսնում էր, որ պանի Զդանևիչն էլ ծաղրում, նույնպես երեխա էլ է անվանում իրեն, բայց այդ ծաղրը սիրելի և հաճելի էր նրա համար և դրանով իրեն ավելի մոտեցած էր զգում պանի Զդանևիչին: Նա զգում էր, որ ինքն ամենևին հոռետես չէ, զայրանում էր, թե ինչո՞ւ կեղծում էր, ինչո՞ւ համարձակություն չուներ սիրտը բանալու պանի Զդանևիչի առաջ, որն իր մտերմական-հովանավորող վարմունքով այնքան վստահություն էր ներշնչում նրան: Եվ առաջին անգամ խիստ ափսոսաց, որ շտապեց նամակն այրել:

Այժմ նա կանգնած էր պանի Զդանևիչի առաջ պարզապես հուսահատված այն բանից, որ ինքը, չնայելով իր ներքին ուժեղ դրդման, վախկոտությամբ ետ էր նահանջում ճշմարտությունն ասելուց: Իսկ այդ ճշմարտությունն այն է, որ նա ցանկանում էր ապրել, ցանկանում էր ընկնել այդ սիրելի, այդ պաշտելի կնոջ առաջ, զրկել նրա ոտները և աղաղակել. «Ավելորդ են խրատներդ, քեզնից ավելի լավ եմ հասկանում, թե որքան սիրելի բան է կյանքը: Բայց կյանքը, իմ կյանքը դու ինքդ ես: Կաց, մի գնա: Կաց, իմս եղիր և կտեսնես թե ինչպիսի օրհներգներ կնիվիրեմ կյանքին, ինչպես կաստվածացնեմ, կպաշտեմ քեզ և քեզ հետկյանքը ...»

Ինչպե՞ս է, ընդունո՞ւմ եք խրատներս, թե ոչ, — հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով:

Այդ խրատները ես ինքս էլ շատ լավ եմ հասկանում, բայց ... հասկանալ բավական չէ, — ասաց Շահյանը, աշխատելով չկորցնե խոսակցության նախկին եղանակը: — Կյանքը սիրելու համար, հարկավոր է նրան տիրել:

Տիրեցեք, ո՞վ է ձեզ արգելում:

Ով է արգելում... Ես ինքս:

Դուք ինքնե՞րդ:

Ես կամք չունեմ... ես փալաս եմ, — արտասանեց Շահյանը, և նրա ձայնը դողաց: Նա նստեց և քիչ էր մնում լաց լինի:

Պանի Զդանևիչը նայեց նրան լրջորեն և զարմացած: Հետո հանկարծ ուսից հանեց սակվոյաժը և ձգեց մի կողմ:

Ես այլևս չեմ գնում, մնում եմ, — ասաց նա:

Շահյանը վեր թռավ տեղից, և արտասուքը, որ խեղդում էր նրան, ցամաքեց կոկորդի մեջ:

Մինչև որ չիմանամ ինչ է ձեր վիշտը և չհանգստացնեմ ձեզ, չեմ հեռանալ այստեղից, — ավելացրեց պանի Զդանևիչը:

Շահյանը կարկամել էր և չէր իմանամ ինչ ասի, ապուշի պես նայում էր պանի Զդանևիչին իր պլպլան ակնոցի միջից, և նրան թվամ էր, թե խելքը կորցնում է: Նա սառում ու տաքանում էր այն կասկածից, թե միգուցե մատնել է իրեն, և պանի Զդանևիչն արդեն հասկացել է, թե ինչ է պատահում իրեն:

Պանի Զդանևիչը առավ նրա ձեռքը և համառ ու փորձող հայացքով նայում էր նրա աչքերին:

Լսու՞մ եք, պարոն Շահյան, ես մնում եմ, չեմ գնում: Ձեր դրությունը, ձեր խոսքերն ինձ շատ տարօրինակ են թվամ, իսկ եա այնքան համակրում եմ ձեզ, որ չեմ կարող հանգիստ սրտով հեռանալ, մինչև որ չիմանամ, թե ինչ է պատահում ձեզ: Ես տեսնամ եմ, որ դուք մի վիշտ ունիք, որ դուք ուզում եք ինչ-որ ասել, բայց չեք վստահանում: Ասացեք, մի վախենաք. ինձնից ավելի լավ բարեկամ և խորհրդատու կարող ճարել: Ասացեք, ասացեք համարձակ:

Ես... ես ոչինչ չունիմ ասելու, — շշնջաց Շահյանն այնպիսի ողորմելի ձայնով, որ կարծես թե իրեն մեղադրում էին ինչ-որ մահացու մի հանցանքի համար, որից ուզում էր հրաժարվել: Եվ նա, առանց զգալու, բնազդական վախկոտությամբ ձեռքը կամաց դուրս քաշեց պանի Զդանևիչի ձեռքից ու ետուետ քաշվեց, կարծես այդ կինը սպառնում էր ճխլել նրան իր հսկայական հասակի տակ, ոչնչացնել նրան իր հետաքրքիր աչքերով:

Պանի Ջդանևիչը հենց այնպես էլ սառած մնաց իր տեղում: Մի րոպե կատարելապես ապշած նայում էր Շահյանի ճակնդեղի պես կարմրատակած դեմքին, հետո ուսերը վեր քաշեց, վերցրեց սակվոյաժը, ձգեց ուսին և մոտեցավ ճամպրուկներին:

Չեմ հասկանամ, ոչինչ չեմ հասկանամ, — ասաց կարծես ինքն իրեն, և զբաղվեց մնացած իրերը ճամպրուկի մեջ տեղավորելով:

Շահյանը զգաստացավ և նոր զգաց, թե որպիսի թանկագին րոպե բաց թողեց ձեռքից: Ուզում էր սխալն ուղղել, բայց ուշ էր արդեն: Տեղնուտեղն արձանացած, այժմ քաթանի պես գունատվել էր: Այդպես է լինում, երբ ձեռքիդ բռնած չափազանց նուրբ ու թանկագին մի անոթ հանկարծ ընկնում կոտրվում է և կոտրածը ոչ կարելի է ամբողջացնել, ոչ նույնիսկ կոծկել: Շահյանն զգաց, որ եթե ինքը մի որևէ բանով գրավել էր պանի Զդանևիչին, այդ մի բանն էլ կորավ, չքացավ անդարձ, այժմ ինքը պարզապես ապուշի տպավորություն է թողնում այդ կնոջ վրա: Եթե ավելի մեծ խայտառակության երկյուղը չունենար, ուղղակի կառներ գլխարկը և դուրս կփախչեր, որպեսզի չտեսներ պանի Զդանևիչի հիասթափված, ապշած դեմքը ...

Նրանք կայարան հասան այն ժամանակ, երբ երկրորդ զանգն արդեն տվել էին: Պանի Զդանևիչը սպասում էր, որ Շահյանը կօգնի իրեն շուտով վագոններից մեկում տեղավորվելու, բայց տեսնելով, որ նա փայտի պես կանգնած է մնացել իր տեղում, ինքը վազեց տոմսակ գնելու և հետո ճամպրուկները շալակած բեռնակրին առաջ գցեց դեպի երկաթուղու կառախումբը: Շահյանը մեքենայաբար հետևեց նրան և պլատֆորմի վրա խռնվող բազմության քիչ մնաց, որ աչքից կորցներ նրան: Պանի Զդանևիչը հազիվ ժամանակ ունեցավ նրա ձեռքը սեղմելու:

Մնաք բարյավ, պարոն Շահյան, — ասաց նա: — Ես ոչ ձեզ կմոռանամ, ոչ իմ պարտքը: Իսկ դուք չմոռանաք, որ ինձ համար հանելուկ մնացիք, — ավելացրեց նա ժպտալով և, կրկին անգամ պինդ սեղմեց նրա ձեռքը: — Մնաք բարյավ:

Նա հավաքեց իր երկայն վերարկուի փեշերը և բարձրացավ վագոնն այն ժամանակ, երբ գնացքն արդեն սկսել էր շարժվել տեղից:

Next page