Նար-Դոս՝   Մահը

Հիմա խո եղբոր աղջկան ինքն է պահում և եղբոր կենդանության ժամանակ էլ խո ինքն էր այդ աղջկան ուսման տվել, — ասաց Թամարը: — Շուտով էլ կպսակի, լավ փող ու բաժինք կտա և քաված կլինի հին մեղքերը: Ասում են, որ եղբոր մահից հետո շատ է զղջացել: Եղբորն էլ, կնոջն էլ խո ինքը թաղեց:

Գնա մեռիր, ասում է, արի սիրեմ, — նկատեց աղա Կարապետը:

Մոր խոսքերի վրա Շահյանը հիշեց Աշխենին, հիշեց նրա դեմքի կանոնավոր, երկայն սառած պրոֆիլը միայն, այն դրությամբ, երբ այդ աղջիկը նայում էր վագոնի լուսամուտից դեպի դուրս, և նրան թվաց, թե Աշխենն այդ միջոցին մտածում էր իր որբության և այն մասին, թե որքան ծանր է մի անտեր ու աղքատ աղջկա համար ուրիշի խնամքի տակ ապրելը: Անցյալ գիշեր վագոնի մեջ Շահյանն ուշադրություն չէր դարձնում Աշխենի վրա, երևի նրա համար, որ Եվան էր գրավել նրան, կամ նրա համար, որ Աշխենը ոչնչով ցույց չէր տալիս իրեն. բայց այժմ այդ աղջիկն սկսեց հետաքրքրել նրան, և այդ հետաքրքրությունը լոկ կարեկցություն էր շարժում նրա բարի սրտում:

Անցավ մի, երկու, երեք... տասն օր: Շահյանը սաստիկ ցանկանում էր Մարությաններին այցելել: Թեև ինքն իրեն չէր ուզում խոստովանել, բայց պարզորեն զգում էր, որ իրեն դեպի Մարությանների տուն գրավողն Եվան էր: Բայց նրա բնավորության իրեն սաստիկ ատելի կողմերից մեկն էլ այն էր, որ նա երբեք այնքան համարձակություն չէր ունեցել, որ ազատ կերպով այցելեր ոչ թե միայն իր նորածանոթ կամ հեռավոր բարեկամներին, այլև, մինչև անգամ, ամենամոտ ազգականներին:

Ամոթխածությունը չէր միայն, որ այդ համարձակությունը չէր տվել նրան, այլև իր վերին աստիճանի կասկածամտությունը. նրան միշտ թվում էր, որ եթե աննպատակ կերպով, հենց այնպես, լոկ այցելած լինելու համար այցելեր իր բարեկամներին, նրանք պետք է ընդունեին իրեն լոկ քաղաքավարությունից դրդված և մտքներումը պիտի ասեին դժգոհությամբ՝ ինչո՞ւ է եկել: Այդտեղ էլ երևում էր նրա նեղ, վախկոտ անձնասիրությունը, որը միշտ այն հոգսումն էր, թե ինչպես անի, որ ոչ ոք, թեկուզ մտքումը, չվիրավորի իրեն:

Այդ էր պատճառը, որ նա չէր վստահանում գնալ Մարությանների տուն:

Մի երեկո, վերջապես, ստիպեց իրեն, որ գնա, գնաց և... ետ դարձավ Մարությանների դռնից:

Այդպես անցավ մոտ երկու շաբաթ: Մարությաններին այցելելու և Եվային տեսնելու ցանկությունն սկսեց հետզհետե սառչել նրա մեջ. նույնիսկ Եվայի նրա վրա թողած տպավորությունն սկսեց անցնել:

Այդպիսով նրա կյանքը նորից սկսեց մտնել իր հին, առանձնակի, դանդաղ ընթացքի մեջ, երբ մի օր փողոցում հանդիպեց Մարությանին:

Իրար հետ ծանոթանալու օրից այդ առաջին անգամն էր, որ նրանք հանդիպում էին իրար: Մարությանը կշտամբեց նրան, որ նա չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց: Շահյանն արդարացավ նրանով, որ ասաց, թե սաստիկ զբաղված էր, ժամանակ չէր գտնում այցելելու և խոստացավ, որ մոտ օրերում անպատճառ կայցելի:

Այս անգամ էլ փոքրիշատե համարձակություն ստացավ և վճռեց, որ հետևյալ օրն անպատճառ գնա Մարությունների տուն: Սակայն հետևյալ օրն ավելի լավ համարեց իր այցը հետաձգել մյուս օրվան: Մյուս օրն էլ հետաձգեց երրորդ օրվան, ամեն անգամ մի պատճառ հնարելով, իր սովորական անհամարձակությունն արդարացնելու համար իր աչքում:

Այսպիսով գլորվեցին, անցան դարձյալ մի քանի օրեր, և նա դեռ գնում էր Մարութանների տուն: Վերջապես, մի երեկո, ուղղակի ամոթից, և ոչ թե համարձակություն ստանալուց, հազիվհազ, հազար ու մի նախատինք թափելով իր գլխին, վճռեց գնալ և ճիշտ որ գնաց:

Կառք նստած, նոր էր մտել Մարությանների փողոցը, երբ հանկարծ աչքով ընկավ Մարությանի եղբոր աղջիկը: Ձեռքերը` սև, հասարակ վերարկուի գրպանները կոխած: Աշխենը մայթի վրայով գնում էր հակառակ կողմը: Շահյանը շտապով վերցրեց գխարկը և գլուխ տվեց նրան: Աշխենը կանգ առավ, զարմացած նայեց նրա կառքի ետևից և, երբ կառքը հեռացավ, շարունակեց իր ճանապարհը:

«Չճանաչեց», — մտածեց Շահյանը, այդպիսի դեպքերում սովորական անհամ դրության մեջ զգալով իրեն:

Երբ կառքը կանգ առավ Մարությանների տան առաջ, Շահյանն ինքն էլ զարմացավ, թե ինչպիսի համարձակաթյամբ ցած թռավ, փողը դրեց կառապանի բուռը և ամուր սեղմեց էլեկտրական զանգակի կոճակը: Ճանապարհին և այժմ, երբ սպասում էր, որ դուռը բանան, նա մտածում էր, թե ինչ բառերով պիտի դիմավորի Մարությանին, նրա կնոջը և աղջկան և ինչով պիտի արդարացնի իր այցելության հետաձգումը:

Տա՞նն են, — սովորականից ավելի բարձր ձայնով հարցրեց նա դուռը բաց անող ծառային:

Ո՞ւմն եք կամենում, — իր պստիկ, ցավագար աչքերով նայելով նրան, հարցրեց ծառան:

Մարությաններին: Տանը չե՞ն:

Ո՞վ է, — վերևից, նախասենյակից, լսվեց Թեկլեի ձայնը:

Շահյանը տեսավ Մարությանի կնոջը, որը ոլորապտույտ, սանդուղքի վանդակապատից նայում էր ներքև:

Ես եմ, տիկին: Բարև ձեզ, — կանչեց նա և շտապով ներս մտավ: — Կարելի՞ է:

Ա՜խ, դո՞ւք եք: Համեցեք, համեցեք, խնդրեմ: Վերջապես մեզ հիշեցիք:

Ի՞նչ անեմ, տիկին, — վրա բերեց Շահյանը, շտապ քայլերով վերև բարձրանալով. — ամեն օր մի նոր զործ էր պատահում, այնպես որ այսօր միայն հազիվ կարողացա ժամանակ գտնել ձեզ այցելելու:

Այդ խոսքերը նա պատրաստել էր Մարությանի համար, բայց տեսավ, որ դրանք շատ հարմար եկան նրա կնոջն ասելու:

Թեկլեն հրավիրեց նրան հյուրասենյակ, խնդրեց, որ նստի, և ինքը նստեց նրա դիմաց: Ասաց, որ ինքը մենակ է մնացել տանը. Աշխենը հենց նոր դուրս գնաց, իսկ ամուսինն ու աղջիկը Սուրենի հետ ճաշից հետո գնացել են զբոսանքի և, երևի, շուտով կվերադառնան:

Լսելով այդ, Շահյանն անհաջող համարեց իր առաջին այցելությունը: Նրան սկսեց մտահոգություն պատճառել այն հանգամանքը, թե ինչ պիտի խոսի ինքը մեն-մենակ այդ կնոջ հետ մինչև Մարությանի և Եվայի վերադարձը, իսկ նրանք կարող էին շատ ուշանալ: Սակայն շուտով ուրախությամբ տեսավ, որ Թեկլեն գրեթե չի թողնում իրեն խոսելու: Տիկինը խոսում էր անվերջ. խոսում էր իր մասին, իրենց ընտանիքի անդամների մասին, թատրոնում ներկայացված նոր պիեսի մասին, իրենց տան ներքին հարկում ապրող չինովնիկի մասին, իրենց ծառաների մասին: Խոսում էր այնպիսի մանրամասնություններով, որ Շահյանը զարմանում էր, թե որտեղի՞ց է գտնում այդքան բառեր և ինչպե՞ս չի հոգնում կամ չի մտածում, որ այդ բաները կարող են չհետաքրքրել իրեն:

Բազկաթոռի վրա նստած, Շահյանն իր պարզ ակնոցի միջից ուշադրությամբ նայում էր այդ անչափ շատախոս կնոջ տակավին թարմ, բայց փոքր-ինչ կոպիտ դեմքին ու մի քիչ շիլ աչքերին և մտածում էր՝ «ի՜նչ հիմար կին է»:

Դուրսն արդեն մթնել էր: Ներսը, սեղանի վրա, վառվում էր հսկա լամպը ձմերկաձև չեչոտ լուսամփոփով: Շահյանն արդեն բավական ձանձրացել էր տիկնոջ շատախոսությունից և աստված, աստված էր անում, թե երբ պետք է գան Մարությանն ու Եվան:

Նախասենյակում լսվեց դռան էլեկտրական զանգակի աղմկալի ձայնը, որը չափից դուրս երկար շարունակվեց:

Այ, հիմա չի՜ դադարիլ, — ասաց Թեկլեն և, դեմքը թթվեցրած, երկու ձեռքով փակեց ականջները, մինչև որ զանգակը, երկարատև աղմուկ հանելուց հետո, վերջապես լռեց: — Աղջիկս է, — բացատրեց Շահյանին: — Միշտ այսպես է, մի անգամ խո չի ածում ու սպասում. մինչև ծառան գնա դուոը բանա, շարունակ պիտի ածի զանգակը: Օհ, պեծի կրակ է տեղնուտեղը:

Հյուրասենյակի դուռը շրխկոցով բացվեց, և շտապով ներս մտավ Եվան գլխարկով և աշնանային վերարկու հագին: Շահյանին տեսնելուն պես կանգ առավ դոան մոտ, հոնքերը սաստիկ բարձրացրեց, որից նրա քթածակերը լայնացան, ժպտաց և ուսի վրայից ետ նայեց բաց դռնից դեպի նախասենյակը:

Հայրիկ, պարոն Շահյանն եկել է, — կանչեց նա:

Ա՜ , վերջապես, — լսվեց Մարությանի ձայնը նախասենյակից:

Շահյանը վեր կացավ և շտապեց դեպի Եվան: Եվան ծանր և հանդիսավոր քայլերով առաջ գնաց դեպի նա և, չարաճճի ժպիտը դեմքին, ձեռքը լուռ մեկնեց նրան: Շահյանը սեղմեց ձեռնոցի մեջ պինդ սեղմած այդ փոքրիկ ձեռքը: Հենց առաջին հայացքից տեսավ, որ Եվայի այդ շինծու ծանր ու հանդիսավոր ընդունելությունը մտերմական բաց կեղծավորություն էր և արտահայտում էր նրա ուրախությունն իր այցելության համար: Եվ շնորհակալության նման մի քաղցր զգացում համակեց Շահյանին:

Չգիտեմ, ե՞րբ պետք է թողնես քո այդ սովորությունը, որ զանգակի ձայնով այլևս զահլա չտանես, — դժգոհությամբ նկատեց մայրն աղջկան:

Եվան կրունկների վրա արագ շուռ եկավ դեպի մայրը:

Մայրի՛կ, ախր վախենում եմ, որ ծառան չլսի՛, — բացականչեց նա, նորից հոնքերը սաստիկ բարձրացնելով:

Խուլ չէ, կլսի:

Ո՜ւու, դու կարծում ես, թե միայն խլությունի՞ց է, որ չեն լսում: Հապա ծուլությո՞ւնը, դանդաղաշարժությո՞ւնը: Վերջապես, խո գիտես, որքան ես անհամբեր եմ. մի վայրկյան որ ուշացան, արդեն ջղերս գրգռվում են: Բայց գիւոե՞ս, մայրիկ, ուր գնացինք: Թանգարան, թափառական թանգարան: Մումիա տեսանք, եգիպտական մումիա: Դուք չե՞ք տեսել, պարոն Շահյան:

Ոչ:

Ո՜ւու, ինչ սարսափելի՜ է, որ տեսնեք... Երկու հազար տարեկան է... այսինքն ուզում եմ ասել՝ երկու հազար տարվա է, գիտե՞ք... թե՞ չորս հազար տարվա: Չորս հազար տարվա, չէ՞, հայրիկ, — հարցրեց Եվան, արագ դառնալով դեպի հայրը, որ շտապով ներս մտավ այդ րոպեին:

Ինչը, — հարցրեց հայրը:

Մեր տեսած մումիան:

Չորս հազար տարվա:

Չորս հազա՜ր տարվա, պարոն Շահյան, — բացականչեց Եվան: — Ո՛չ, չեմ հավատում, թե դիակն այդքան երկար ժամանակ դիմանա:

Փառք աստծո, աչքովդ տեսար, — ասաց Մարությանը, որ իրեն հատուկ պարզ ուրախությամբ Շահյանին բարևելուց հետո խնդրեց նրան, որ նստի, և ինքը նստեց նրա մոտ:

Կարծես թե չէր կարող կեղծ լինել, — նկատեց Եվան: —

Եվ, իհարկե, կեղծ էր: Երևակայեցեք, պարոն Շահյան, փտած փայտի վրա փտած փալասներ են փաթաթել, մի փտած գերան փորել մեջն են դրել և անունը դրել են չորս հազա՜ր տարվա մումիա:

Հապա դեմքը, բերանը, քիթը, աչքերը:

Ոչինչ չէր երևում, բոլորը մաշված էր. զոռով մաշել էին, որ հին բան երևա: — Զոռով էլ մաշե՞լ կլինի:

Ինչո՞ւ չի լինիլ. մարդիկ այնքա՜ն խորամանկ են: Կեղծ էր, կե՛ղծ: Չեմ հավատում:

Լավ, լավ, գլխարկդ վերցրու, վերարկուդ հանիր, — նկատեց մայրը: — Չես հավատում, մի՛ հավատա:

Չե՜մ հավատում, չէ՛, — կրկնեց Եվան ձեռնոցներն արագ դուրս քաշելով ձեռքերից: — Կուզե՞ս այս րոպեին խաբեմ քեզ, հայրիկ:

Ինչպե՞ս թե խաբես:

Հապա տասը մատդ այնպես համարիր, որ տասնևմեկ երևա:

Ահա. մեկ, երկու, երեք, չորս, հինդ, վեց, յոթ, ութ...տասը, տասնևմեկ:

Ինը կուլ տվիր, այդ չեղավ, Հիմա տես ինչպես եմ քեզ խաբում, — Եվան ձեռնոցները շպրտեց աթոռի վրա, — Նայիր մատներիս, Դուք էլ, պարոն Շահյան, Դու էլ, մայրիկ: Լավ նայեցեք: Մե՛կ, հետոե՛րկու, հետոե՛րեք, հետոչո՛րս, հետո. հի՛նգ, վե՛ց, յո՛թ, ո՛ւթ, ի՛նը, տա՛սը: Տասն էր չէ՞:

Այո, և ոչ թե տասնևմեկը:

Սպասիր է՜, ես խո քեզ պես ինը կուլ չտվի: Տասը: Հիմա ետ համարենք: Տա՜սը... ի՜նն... ո՜ւթ... յո՜թ... վե՜ց: Այս մի ձեռքիս մատները լրացան վեցով, չէ՞, Ուրեմն վեց: Այս ձեռքս էլ հինգ մատ ունի, վեց պլյուս հինգ-տասնևմեկ: Ինչպե՞ս էր, հայրիկ, Մումիայի տերն էլ այդպես է քեզ խաբել:

Եվ նախքան հայրը, մայրը, Շահյանն ուշքի կգային ֆոկուսի այդ անսպասելի լուծումից, Եվան աթոռի վրայից թռցրեց ձեռնոցներն ու դուրս վազեց:

Հանկարծ ընդհանուր քրքիջ բարձրացավ:

Տեսնում ե՞ս... ճիշտ որ խաբեց, — բացականչեց Մարությանը: — Ինչպե՞ս արավ:

Եվ նա կրկնեց աղջկա ֆոկուսը: Դարձյալ ընդհանուր քրքիջ բարձրացավ:

Չե՛մ հավատում, չէ՛, — կանչելով ներս մտավ Եվան, գլխարկն ու վերարկուն հանած: Նա շտապով մի աթոռ վերցրռց, դրեց մոր բազկաթոռի մոտ և երկու ձեռքով ուղղեց շրջազգեստը ծնկների վրա:

Հայրը նայեց նրան և լուռ դողդոջուն կերպով ծիծաղեց: Եվան իր կողմից լուռ նայեց հոր աչքերին: Դեմքին նա այնպիսի կեղծ-լուրջ արտահայտություն էր տվել, որ Մարությանի հետ չկարողացան չծիծաղել նաև Թեկլեն ու Շահյանը:

Զարմանալի է. ի՞նչ եք ծիծաղում, — նկատեց Եվան:

Ի՞նչպես արիր, ինչպե՞ս. հապա մեկ էլ արա, — ասաց Մարությանը:

Չէ՛, հայրիկ. ֆոկուսը մի անգամ կանեն, այլապես համ չի ունենալ: Նույնիսկ քո այն իսկական համարած մումիան մի անգամ էլ որ տեսնես, այլևս հետաքրքրություն չի շարժիլ: Բայց գիտե՞ք, պարոն Շահյան, թանգարանում ի՞նչ ազդեց ինձ վրա ավելի:

Ի՞նչ:

Մարի Ստյուարտը մահապատժից առաջ... Դուք կարդացե՞լ եք Շիլլերի դրամը:

— «Մարի Ստյո՞ւարտը»: Կարդացել եմ:

Հրաշալի է, չէ՞: Բայց պետք է տեսնեք այդ անբախտ թագուհու մոմից ձուլված պատկերը, որ խոր, շատ խոր տպավորություն ստանաք: Այնքա՛ն կենդանի, այնքա՛ն վեհ, այնքա՛ն հանգիստ վիշտ է արտահայտում նրա գեղեցիկ դեմքը, որ... մինչև անգամ ցանկանում ես նրա տեղը լինել:

Ի՜նչ հիմարություն, — նկատեց Մարությանը: Եվան զարմացած նայեց նրան:

Հայրիկ, դու անսիրտ մարդ ես:

Որովհետև չեմ ցանկանում, որ Մարի Ստյուարտի պես ինձ տանեն կառափնարա՞ն:

Ո՛ւֆ, ի՞նչ ես ասում, հայրիկ. ես խո այդ չեմ ասում:

Հապա՞:

Ես ա՛յն եմ ասում, որ Մարի Ստյուարտի վիճակը չի շարժում քո կարեկցությունը:

Եվ ի՞նչ կարիք կա, ասա խնդրեմ, որ շարժի:

Տեսնո՞ւմ եք, պարոն Շահյան. տղամարդիկ միշտ այսպես գործնական տեսակետից են նայում բանի վրա: Նրանք ամենևին չեն ուզում գեթ մի րոպե զգացմունքով ապրել:

Տղամարդուն այդպես էլ վայել է, հապա՛, — նկատեց Մարությանը: — Հենց որ տղամարդն սկսեց ապրել զգացմունքներով կամ, ուրիշ խոսքով ասած՝ վերացական աշխարհի մեջ, նա այլևս տղամարդ չէ, նա կին է:

Նախ, խնդրում եմ, հայրիկ, հարգանքով խոսես կնոջ մասին: Նկատիր, որ ես կատակով չեմ ասում այս: Հետո... ինչո՞ւ վերացական աշխարհի մեջ: Մի՞թե զգացմունքներով ապրելը նշանակում է վերացական աշխարհի մեջ ապրել:

Հապա ի՞նչ:

Հապա ա՛յն, որ զգացմունքներով ապրել, նշանակում է զգալ, կարեկցել, քարասիրտ չլինել:

Ես այդպես չեմ հասկանում: Եվան բարկացած նայեց հորը և ուզում էր, ըստ երևույթին, տաքացած խոսել, բայց հանգիստ կերպով դարձավ Շահյանին:

Տեսնո՞ւմ եք, — ասաց նա. — մենք միշտ այսպես ենք վիճաբանում իրար հետ. հայրս միշտ հակառակում է ինձ:

Զարմանալի է. այդ ինչի՞ցն է, որ դու իրավունք ունիս հակառակել քո հորը, իսկ ես, որ քո հայրն եմ, պետք է զրկվեմ այդ իրավունքից, — նկատեց Մարությանը և աչքով արեց Շահյանին:

է՛հ, — զայրագին պատասխանեց Եվան, ձեռքը խփելով ծնկանը, և լռեց:

Շահյանը նկատեց, որ Մարությանը կատակով է վիճաբանում աղջկա հետ և սիրում է նրան բարկացնել:

7

Անցել էր մոտ երկու ժամ, որ Շահյանը նստած էր Մարությանների հյուրասենյակում: Եվան հենց նոր դուրս էր գնացել թեյի պատրաստություն տեսնելու, երբ լսվեց դռան զանգակի ձայնը:

Աշխենն է, — ասաց Թեկլեն:

Տանը չէ՞ր: Ո՞ւր է գնացել, — հարցրեց Մարությանը:

Աշակերտուհիներից երկուսն այս մի քանի օրը գալիս չեն եղել. ասաց, որ գնում է տեսնելու ինչ է պատահել:

Շահյանը զարմանքով նկատեց, որ Աշխենի մասին խոսք բացված ժամանակ սառնության նման ինչ-որ զգաստություն տիրեց Մարությանին և նրա կնոջը: Նա հիշեց հոր պատմությունը Մարության եղբայրների ժառանգության մասին և զգաց, որ իր ուրախ տրամադրությունը խանգարվեց: Բայց այդ ոչ թե այն պատճառով էր, որ Մարությանը նրան վատ մարդ երևաց, այլ այն պատճառով, որ նա, կարծես բնազդմամբ, զգաց, թե Աշխենի ներկայությամբ ինքն այնպես ազատ չպիտի լինի այդ տան մեջ, ինչպես նրա բացակայության ժամանակ:

Դուք գիտե՞ք, պարոն Շահյան, որ եղբորս աղջիկը չքավոր մարդկանց երեխաներին ձրի դասեր է տալիս տանը, — ասաց Մարությանը:

Չէ:

Հապա՛: Այդ կողմից նա էլ որդուս պես իդեալիստ է կամ իդեալիստուհի, ինչպես ուզում եք ասացեք: Ասենք, այստեղ իդեալիստության ոչինչ չկա, կարծեմ. ավելի լավ է բարի գործ կատարել, քան թե պարապ նստել: Այնպես չէ՞:

Իհարկե:

Մարությանը կանչեց աղախնուն և պատվիրեց, որ Աշխենին ասի` չի՞ ցանկանալ արդյոք իրենց մոտ գալ, հյուր ունեն: Աղախինը դուրս գնաց:

Մի քանի րոպեից հանդարտ քայլերով ներս մտավ Աշխենը և տեսնելով Շահյանին, հետաքրքրությամբ նայեց նրան իր լուրջ աչքերով: Շահյանն իսկույն վեր կացավ, շտապեց դեպի նա, բայց տեսնելով, որ նա չի ճանաչում իրեն, շփոթված կանգ առավ:

Չե՞ս ճանաչում, — շտապով դիմեց Մարությանն եղբոր աղջկանը: — Ամառանոցից գալիս չծանոթացա՞նք վագոնում:

Ա՜խ, — հանկարծ հիշելով, արտասանեց Աշխենը, շտապով առաջ գնաց դեպի Շահյանը և, մի հիվանդոտ ժպիտ դեմքին, սեղմեց նրա ձեռքը: — Խնդրում եմ, ներեցեք. մութ կերպով մտաբերում էի, որ ուր որ տեսել եմ ձեզ, բայց չէի կարողանում հիշել: Ով գիտե, դուք էիք, որ այս երեկո գալիս էիք կառքով և բարևեցիք ինձ:

Ես էի, — ասաց Շահյանը վախկոտ ժպիտով:

Ուրեմն դարձյալ ներեցեք, խնդրում եմ. ես կրկնակի հանցավոր եմ ձեր առաջ:

Խնդրեմ, խնդրեմ, — վրա բերեց Շահյանը, բավական անհարմար դրության մեջ զգալով իրեն այդ բարակ, հիվանդոտ աղջկա առաջ, որը թեև պարզ ու անկեղծ կերպով ներողություն էր խնդրում իր «հանցանքի» համար, այնուամենայնիվ մի անհասկանալի ճնշող տպավորություն էր գործում նրա վրա:

Աշխենը կրկին հիվանդոտ կերպով ժպտաց, թեթևակի գլխով արավ և գնաց նստեց հորեղբոր բագկաթոռի մոտ, գահավորակի վրա:

Շահյանը նույնպես նստեց իր տեղը և ուզեց նայել նրան լավ դիտելու համար, բայց հայացքը միայն թռցրեց նրա դեմքի վրայով, որովհետև այդ միջոցին ինքն` Աշխենն իր սառած, կարծես ոչինչ չտեսնող, բայց ճնշող աչքերը հառել էր նրա դեմքին:

Այդ ո՞ւմ երեխաներն են, որ չեն գալիս, — հարցրեց Մարությանը, դիմելով եղբոր աղջկան, և Շահյանը նրա թե ձայնի և թե հայացքի մեջ նկատեց այդ բաց ու կենսուրախ մարդուն չսազող մի տարօրինակ ինքնազսպում և հարգանք:

Մեկը կալատող Սարգսինը, մյուսը խարազ Զաքարինը:

Հետո: Իմացա՞ր ինչու չեն գալիս:

Մեկի մայրն է հիվանդ, սաստիկ տենդ ուներ, մոտը նստած պահում է, մյուսին ծնողներն ուխտ են տարել Բոլնիս:

Այդ ո՞րն է Բոլնիս գնացողը:

Խարազ Զաքարը:

Մտիկ արա: Տանը հաց չունի ուտելու և Բոլնիս է գնում: — Այն էլ այս ցրտերին: Հետո ի՜նչ ցրտեր, — նկատեց Թեկլեն:

Ի՞նչ է, մրսո՞ւմ եք, — կանչեց Եվան, իրեն հատուկ փութկոտությամբ ներս մտնելով: — Իսկույն թեյը պատրաստ կլինի:

Գիտե՞ս` Աշխենն ինչ է ասում, — դիմեց նրան հայրը: — Ի՞նչ:

Եվան նստեց Աշխենի մոտ և ձեռքերի արագ շարժումով մազերը քունքերից քաշեց ականջների ետևը:

Հապա իմացիր ինչու խարազ Զաքարի աղջիկն այսքան օրս չի եղել գալիս դասի:

Երևի հիվանդ է: Հա՞, Աշխեն:

Ոչ. ծնողներն, ասում է, ուխտ են տարել իրենց հետ Բոլնիս:

Հապա ո՞ւմ մոտ պիտի թողնեին, հայրիկ, որ չտանեին:

Չես հասկանում ինձ. ես խո երեխային տանելու կամ չտանելու մասին չեմ ասում:

Հապա՞:

Ես ուզում եմ ասել, թե ախր ի՞նչ ունին նրանք, որ դեռ հեռավոր տեղեր ուխտ էլ են գնում:

Հայրիկ, այդպես ինչպե՞ս կարելի է դատել. մի՞թե ունևորության կամ չունևորության հետ որևէ կապ ունի հավատի գործը:

Հավատ էլ ասում է: Հիմարություն ասա:

Եվ նախապաշարմունք, — ամուսնու խոսքին վրա բերեց Թեկլեն:

Ոչ, մայրիկ ջան. դու էլ ես սխալվում, հայրիկն էլ: Դա հավատ է: Ի՞նչ անենք, թե նրանք աղքատ են: Դուք ուզում եք, որ նրանք համ փող չունենան, համ էլ զո՞ւրկ մնան հավատի մխիթարանքից:

Ես ուզում եմ, որ նրանք եթե փող չունին, գոնե խելք ունենան, — բացականչեց Մարությանը:

Այդ, իհարկե, ավելի լավ է, հայրիկ. բայց և այնպես հավատն է՛լի հարկավոր է: Վատն այն է, որ մարդ փող էլ է ունենում, խելք էլ, բայց հավատ չի ունենում: Չեմ հիշում, կարդացե՞լ եմ, թե ինձ ասել են, որ խոր հավատ են ունենում միայն շատ զարգացած և մեկ էլ շատ տգետ մարդիկ: Գլադստոնն, ասում են, իր քաղաքական ծանր գործերից հետո կատարյալ մխիթարություն և հանգստություն է գտնում ավետարան կարդալով:

Ասելդ ի՞նչ է. որ Գլադստոնն է՞լ կարող է խարազ Զաքարի պես ուխտ գնալ Բոլնիս:

Եվ Մարությանն սկսեց ծիծաղել:

Սպասիր, հայրիկ ջան, մի ծիծաղիր. մենք սկսել ենք լավ նյութի մասին խոսել: Այ, թող պարոն Շահյանն ասի: Պարոն Շահյան, ի՞նչ եք կարծում, խարազ Զաքարի Բոլնիս գնալը հիմարությո՞ւն է, թե հավատ:

Ես չեմ ճանաչում խարազ Զաքարին:

Հարկ էլ չկա ճանաչելու: Ընդունեցեք մի հասարակ արհեստավոր, որը ծանրաբեռնված է բազմամարդ ընտանիքով և օր աշխատում է, օր ուտում, իսկ այն օրը, որ ոչինչ չի աշխատում, քաղցած է մնում իր ընտանիքով: Այդպիսի մի մարդու ուխտ գնալը հիմարությո՞ւն է, թե հավատ:

Ասա՝ այս ցրտերին և Բոլնիսի պես վաթսուն վերստ հեռու տեղ ուխտ գնալը, — նկատեց Մարությանը:

Այո, այս ցրտերին և Բոլնիսի պես վաթսուն վերստ հեռու տեղ ուխտ գնալն այդպիսի մարդու համար հիմարությո՞ւն է, թե հավատ:

Այդ պետք է իրեն` խարազ Զաքարին հարցնել, — ոչ իսկույն պատասխանեց Շահյանը և ծիծաղեց:

Դժբախտաբար, այս րոպեիս նա Բոլնիսումն է. ես ձեր կարծիքն եմ հարցնում, պարոն Շահյան:

Շահյանի դեմքը լարված մտքի արտահայտություն ստացավ:

Իմ կարծիքով... հիմարություն չէ, — ասաց նա:

Ուրեմն հավա՞տ:

Ոչ էլ հավատ:

Հապա՞:

Նախապաշարմունք միայն:

Այդ, կարծեմ, մայրիկս էլ ասաց:

Դե, հիմար նախապաշարմունք է, բաս ի՞նչ է, — զայրացած բացականչեց Թեկլեն: — Ի՞նչ է նշանակում մանր-մունր երեխաներին առնել ու գնալ այս ցրտերին մի քանի օր վայր ընկնել բաց երկնքի տակ: Հիմարությունից էլ վատ: Դեռ չեմ ասում, որ նրանք տաք շոր էլ չունին հագնելու:

Ա՛յ, ա՛յ, մայրիկը մոտեցավ խնդրի լուծմանը: Հենց այդ պատճառով էլ ասում եմ, մայրիկ ջան, որ խարազ Զաքարի Բոլնիս գնալը հավատից է, և ոչ թե հիմարությունից կամ նախապաշարումից, որովհետև, — լսիր, հայրիկ, ինչ եմ ասում, — որովհետև եթե հավատից և խոր հավատից չլիներ, ո՛չ մի մարդ, մանավանդ աղքատ մարդը, ինչքան էլ որ տգետ և նախապաշարված լիներ, երբեք չէր առնիլ իր մանր-մունր երեխաներին և չէր գնալ տասնյակ վերստեր այս ցրտերին բաց երկնքի տակ անցկացնելու խաչի տակ: Վերջապես, դու ասա, Աշխեն. ճիշտ չե՞մ ասում:

Ես լիովին համաձայն եմ քեզ հետ, — ասաց Աշխենը: Եվան վեր թռավ տեղից:

Բռա՜վո, — բացականչեց նա երեխայի պես ուրախացած և ծափ տվեց: — Հայրիկը հաղթվե՜ց, հայրիկը հաղթվե՜ց:

Մարությանը ծիծաղեց:

Ի ՜նչպես չէ, կարծում ես, — նկատեց նա:

Ոչ թե կարծում եմ, այլ իսկապես այդպես է: Հաղթվեցի՛ր, հաղթվեցի՛ր, հաղթվեցի՛ր, հաղթվեցի՛ր, — հորը ջգրացնելով արագ-արագ վրա տվեց Եվան, աջ ձեռքը բռունցք կազմած` խփելով ձախ ձեռքի ափին:

Դե, սպասիր, է՜:

Ո՛չ, դու սպասիր, հայրիկ, և լսիր ինչ է ասում Աշխենը:

Թե վիճաբանում ես, դո՛ւ վիճաբանիր ինձ հետ, թե չէ` ի՞նչ ես Աշխենին մեջ գցում:

Ի՜նչ, դու կարծում ես ես խուսափո՞ւմ եմ քեզ հետ վիճաբանելուց: Սխալվում ես, պարո՛ն հայրիկ: Բանը որ վիճաբանելուն գա, մինչև լույս կնստեմ և կվիճաբանեմ քեզ հետ այս խնդրի մասին: Բայց ես դեռևս կարծիքներ եմ հավաքում: Այժմ...

Դե թող, որ ես էլ խոսեմ, է՜:

Ոչ, հայրիկ ջան, սպասիր, այժմ Աշխենի հերթն է, — ասաց Եվան աղաչական տոնով և նորից նստեց Աշխենի մոտ: — Դու ուզում ես քո կարծիքը հայտնել չէ՞, քույրիկ ջան:

Աշխենը քնքուշ սիրով նայեց Եվայի չքնաղ աչքերին և կամաց ծիծաղեց: Այնուհետև նա նորից ընդունեց իր սառած դեմքի խաղաղ արտահայտությունը և կարճ ժամանակ լուռ մնաց:

Ամենքը նայում էին նրա լուրջ դեմքին սպասողական դրությամբ:

Սխալմունքն ա՛յն է, որ ամեն բանի վրա նայում ենք մեր տեսակետից, — ասաց նա, կարծես յուրաքանչյուր բառն արտասանելուց առաջ կշռադատելով, որպեսզի ամփոփ և կարճ կերպով արտահայտած լինի իր միտքը: — Գուցե այլ կերպ նայել չենք էլ կարող. բայց այդ ճանապարհով, ես կարծում եմ, երբեք չենք հասնիլ ճշմարտությանը: Եվ պարոն... — պարոն Շահյանը, իմ կարծիքով, սխալ չասաց, թե իրեն՝ խարազ Զաքարին պիտի հարցնել` ինչո՞ւ է ցրտերին և այդքան հեռու տեղ մանր-մունր երեխաներով ուխտ գնացել խաչի դուռը, թեև պարոնը, ինչպես նկատեցի, կատակով ասաց այդ և հետո փոխեց իր խոսքը: Մայրս սաստիկ նախապաշարված էր... այսինքն ուզում եմ ասել խիստ հավատացող կին էր և անկեղծ նեղանում էր, երբ ես ասում էի նրան, որ խաչերին ուխտ գնալն անօգուտ բան է, որ երազները դատարկ բաներ են և այլն: Հիշում եմ. երկար ժամանակ նրա աչքերը ցավում էին. ուխտեց յոթ անգամ բոբիկ ոտով Ծաղկեվանք գնալ, գնաց և առողջացավ:

Եվ ինչի՞ց, հայրիկ, — վրա բերեց Եվան, նորից ջգրացնելով հորը. — հավատից, իհարկե, և ոչ թե քո ասած հի...

Նա հանկարծ կծեց շրթունքը և սաստիկ կարմրեց: Հայրը հասկացավ նրան և շինծու խստությամբ շարժվեց նստած տեղում:

Ւի՞նչ... ինչ էիր ուզում ասե՞լ... Եվան ոտը զայրացած խփեց հատակին:

Է՛հ, գնա՛ է՜... այնքան կռվում ես հետս, որ վերջը հիմարացնում ես:

Իմացա՞ք, պարոն Շահյան, լսեցի՞ք... Լսեցի՞ք՝ աղջիկս, հարազատ աղջիկս ի՛նչ էր ուզում ասել ինձ... ի՜նձ, իր հարազատ հո՜րը...

Ո՜ւֆ, ի՛նչ անտանելի հայրիկ ես... ես չեմ կարող քեզ լսել:

Եվ Եվան, աչքերը զայրույթի արցունքով լցված, վեր թռավ տեղից և դուրս փախավ:

Հայրը բարձրաձայն ծիծաղեց նրա ետևից: Ամենքը հասկացել էին, թե բանն ինչումն է, և խնդում էին:

Հա՛, ծիծաղեցեք, ծիծաղեցեք, — մի րոպեից ներս մտնելով, ասաց Եվան և խռովածի պես նստեց հեռու: — Ձեր ջիգրու ես այլևս չեմ խոսիլ:

Այդ ավելի լավ, — նկատեց Մարությանը, — այլևս չես վիրավորիլ հորդ:

Երբ որ այդպես է, է՛լի կխոսեմ:

Այսինքն՝ է՛լի կվիրավորես հորդ:

Ո՛ւֆ... Հայրի՛կ, ղու իսկապես որ անտանելի հայրիկ ես եղել: Ուզում ես որ քաշվեմ սենյակս և այլևս դուրս չգամ այս երեկո այստեղ:

Լավ, բավական է, — լրջությամբ նկատեց մայրն աղջկան, առաջինը վերջ տալ ուզելով կատակին: — Թեյն ի՞նչ եղավ:

Ես գործ չունեմ թեյի հետ:

Զարմանալի է. համ վիրավորում ես, համ էլ ինքդ ես բարկանում, — նկատեց հայրը ծիծաղելով:

Քեզ հետ չե՛մ խոսում, հայրիկ:

Գոնե առանց թեյի մի՛ թողնիր:

Կասեմ, որ թեյն այստեղ բերեն:

Եվան վեր կացավ, դուրս գնաց և վերադարձավ աղախնի հետ, որն արծաթե մատուցարանով բերում էր թեյը: Խռովածի պես նա դարձյալ նստեց հեռու, բայց թեյ առավ:

Եթե խռոված ես, թեյ էլ չպետք է խմես, — նկատեց հայրը:

Եվան ոչինչ չպատասխանեց:

Կարճ ժամանակ լռություն տիրեց, որի միջոցին ամենքը ժպտալով նայում էին Եվային, իսկ Եվան ոչ ոքի չէր նայում և նստած էր ուռած-փքված:

Եվա, — կանչեց Աշխենը:

Ի՞նչ է:

Երեկ ես Վարոյի մոտ էի: Ասաց, որ ինքը և իրենց մի քանի վարժուհիներ թատերասերների հետ ուզում են մի ներկայացում տալ բարեգործական նպատակով: Հարմար են դատել խաղալ «Ռուզան», բայց Ռուզանի դերը կատարող չեն ճարում: Արի դու վերցրու այդ դերը:

Հա՛, — ասաց Մարությանը, դառնալով Աշխենին, — հենց նոր, որ վերադառնում էինք տուն, պատահեցինք օրիորդ Սահակյանին: Նա մեզ էլ ասաց այդ և այն էլ ասաց, որ Ռուզանի դերը քեզ են առաջարկել, բայց դու մերժել ես: Ինչո՞ւ: Աշխենը ժպտալով նայեց հորեղբոր դեմքին, որին Մարությանը միշտ լուրջ արտահայտություն էր տալիս եղբոր

աղջկա հետ խոսելիս:

Ինքներդ ասացեք, հորեղբայր, ես կարո՞ղ եմ կատարել Ռուզանի դերը:

Ի՞նչ է, ինչո՞ւ չես կարող:

Է՛հ, թողեք: Ի՞նչ իմ բանն է:

Ընդհակառակը, օրիորդ. ես կարծում եմ, որ դուք շատ լավ կկատարեք Ռուզանի դերը, — մեջ մտավ Շահյանը, որպեսզի, վերջապես, մի բան էլ ինքն ասած լինի:

Աշխենը նայեց նրա ակնոցին:

Ւնչո՞ւ դուք այդպես եք կարծում: Շահյանը շփոթվեց. շփոթվեց թե՛ նրա տարօրինակ համառ հայացքից և թե՛առաջարկված հարցի պատասխանը չունենալուց:

Որովհետև... ինձ այդպես է թվում, — ասաց նա և զգաց, որ հիմարաբար ժպտում է:

Աշխենը ձեռքի հանդարտ շարժումով ետ քաշեց ճակատի վրա ընկած մազերը և ոչինչ չասաց:

Այդ լռությունից Շահյանն ավելի շփոթվեց և ձեռքը մեքենայաբար մեկնեց դեպի թեյի բաժակը:

Եվա, ի՞նչ ես ասում, — նորից դիմեց նրան Աշխենը: — Կվերցնե՞ս Ռուզանի դերը: Ես կարծում եմ, որ դու շատ լավ կարող ես կատարել այդ դերը:

«Ա՞յս ինչ է. ծաղրո՞ւմ է ինձ», — մտածեց Շահյանը և նայեց Աշխենին: Բայց Աշխենը, որ այդ րոպեին նայում էր Եվային, ըստ երևույթին, ամենևին չէր էլ մտածում նրա մասին:

Ինչո՞ւ դու այդպես ես կարծում, — հարցրեց Եվան նույն եղանակով, ինչ եղանակով որ Աշխենը տվեց այդ հարցը Շահյանին:

Շահյանը հայացքն Աշխենի դեմքից փոխադրեց Եվայի դեմքին: «Սա է՞լ է ինձ ծաղրում, թե՞... պաշտպանում է ինձ», — մտածեց նա:

Որովհետև քո մեջ կա հանկարծ բռնկվող այն կրակը, որ հարկավոր է Ռուզանի դերը կատարողին, — պատասխանեց Աշխենը:

Խնդրեմ: Իմ մեջ ո՛չ մի կրակ չկա:

Թո՛ղ, ի սեր աստծո, — նկատեց Թեկլեն: — Հիմա բեմ դուրս գալն է պակաս:

Վերջապես, ի՞նչ դրա բանն է դրամատիկ դերեր կատարելը, — նորից սկսեց ջգրացնել աղջկան Մարությանը: — Ես այդ օրիորդ Սահակյանին էլ ասացի. նա ախր, դրան էլ առաջարկեց Ռուզանի դերը: Դրան ասա սուբրետի թեթև դերեր կատարի:

Հայրիկ. ասացի, որ քեզ հետ չեմ խոսում:

Լավ, քեզ հետ ո՞վ է խոսում:

Դո՛ւ, հենց այս րոպեիսչե՞ս խոսում: Ա՛յ, պարոն Շահյանի, մայրիկի, Աշխենի հետ կխոսեմ, քեզ հետ չեմ խոսիլ:

Լավ. ես լռում եմ. տեսնենք ինչ ես խոսում: Եվան աթոռը մոտ քաշեց:

Պարոն Շահյան, Աշխենն ասաց, որ ես Ռուզանի դերը կարող եմ շատ լավ կատարել, որովհետև իմ մեջ հանկարծ բռնկվող ինչ-որ կրակ կա եղել. մայրիկն ասաց, որ ինձ բեմ դուրս գալն է պակաս, իսկ հայրիկն ասաց, որ Ռուզանի պես դրամատիկ դեր կատարելն իմ բանը չէ և որ ես շատ-շատ կարող եմ կատարել սուբրետի թեթև դերեր: Դո՞ւք ինչ եք կարծում, պարոն Շահյան, իմ ընդունակությունների մասին:

Ես կարծում եմ, որ դուք... Հիանալի կլինիք Ռուզանի դերում:

Եվան հանգստությամբ վեր կացավ տեղից և մի քանի քայլ հեռացավ:

Հաջորդ էջ