Նար-Դոս՝   Մահը

Մինասյանը խոսում էր ազատ և բարձր. նրա ձայնը ձգողական ուժ ուներ: Գյուղացու մասին խոսելիս գրական լեզուն համեմում էր գեղջկական բառերով ու դարձվածքներով, այդ պատճառով նրա ոճը պարզության ու ինքնուրույնության առանձին կնիք էր կրում: Նա զարմանալի ընդունակություն ուներ իր պատմությունը հետաքրքրական դարձնելու մինչև անգամ այնպիսի բաների մասին խոսելիս, որոնք հազար անգամ ծամված-ծամծմված են. օրինակ` վաշխառության և պանդխտության մասին խոսում էր այնպես, որ կարծես բոլորովին անծանոթ բան էր պատմում: Իսկույն երևում էր, որ նա հոգով գյուղացի է և սիրում է գյուղն ու գյուղացուն, թեև վերջինս հասարակական-բարոյական բարքերը շատ բաներում նկարագրում է վերին աստիճանի տգեղ գույներով:

Օր. Սահակյանն էր միայն, որ մասնակցում էր նրա խոսակցությանը, մինչդեռ Աշխենը գրեթե բոլոր ժամանակ լուռ էր: Իր սովորական հանդարտ հայացքով նայում էր Մինասյանի համակրելի թուխ դեմքին և լսում էր նրան առանձին հետաքրքրությամբ: Նրա խաղաղ հայացքի մեջ տխուր մտահոգություն էր նշմարվում: Մինասյանի պատմությունը վերարտադրել էր նրա մեջ մերձակա անցյալից մի հիշատակ, որ նա միշտ աշխատում էր հանել իր մտքից, սրտից, հոգուց և իսպառ մոռանալ, որպեսզի վերջնականապես մարեր իր ամբողջ էությունը լափող մի սաստիկ հուր, որը երբեմն կատարյալ հուսահատության էր հասցնում նրան... Մինասյանը, այդ եռանդուն, գործունյա երիտասարդը, գյուղացու թշվառ կյանքը պատմելիս, նրան հիշեցնում էր մի այլ երիտասարդ նույնպես եռանդուն, նույնպես գործունյա, վեհ ձգտումներով, որոշ իդեալի տենչով լցված, որը կամովին ձգել էր իրեն դեպի հեռավոր երկիր, բայց դարձյալ հայրենակիցների, համարյուն եղբայրների մեջ` նրանց ծանր լուծն յուրովսանն թեթևացնելու... Որքան որ քաղցր և անձնական ազնիվ հպարտության համար հաճելի էր, որ նա իր միտքը, սիրտն ու հոգին նվիրել էր մի այդպիսի երիտասարդի, այնքան ավելի հուսահատական էր նրա համար, որ չէր կարող պատկանել այդ երիտասարդին, նրա հետ միատեղ օդ շնչել, նրա հետ ձեռք ձեռքի տված գործել և մեռնել միասին... Հերոսական կամք և ասպետական համբերություն էր հարկավոր այդ դրությանը դիմանալու համար. բայց նա դիմանում էր և այնքա՛ն անտրտունջ, որպիսի՜ խոհեմությամբ, որպիսի՜ անձնազոհությամբ...

Խոսակցությունն անցավ Թրքա-Հայաստանում նոր երևան եկած շարժումներին ընդհանրապես, և Կում-Կափուի դեպքին մասնավորապես: Օր. Սահակյանն սկսեց սաստիկ հարձակում գործել պատրիարքի վրա, որ գործն այդպիսի խայտառակ դրության էր հասցրել, թեև, մյուս կողմից, նա չէր պաշտպանում ցուցարարներին, որոնց վարմունքն անխոհեմ էր համարում: Աշխենը նկատեց, որ վերջին դեպքերին թեթև աչքով չպետք է նայել, որովհետև այդպիսի ծանր դեպքերն առանց արդարացուցիչ պատճառների չէ՛ որ երևան են գալիս: Մինասյանն ասաց, որ գործին լավ ծանոթ չլինելով, ինքը դժվարանում է որևէ կարծիք հայտնել:

Բավական ուշ էր, որ Աշխենը վեր կացավ տուն գնալու. ուշագրավ և կենդանի խոսակցության մեջ նա չէր նկատել, թե ինչպես անցել էր ժամանակը:

12

Մինասյանն այդ գիշեր անհարմար համարեց Շահյանի մոտ տեղափոխվել: Հետևյալ առավոտ վերցրեց իր ջարդված ճամպրուկն ու հնացած յափնջին և գնաց ընկերոջ տուն: Այդ միջոցին Շահյանը զբաղված էր իր թարգմանությամբ: Իմանալով, որ եկողը Մինասյանն է, մի րոպե իր սովորական մտավախությամբ ուզեց թղթերը հավաքել և պահել, բայց մեկ էլ մտածեց, որ հիմարություն կլինի այդ, քանի որ ինքը լոկ թարգմանություն էր անում և, իր համոզումով, այնքան էլ անհաջող չէր թարգմանում, որ երկյուղ ունենար ընկերոջ կողմից նկատողություններ ստանալու: Նա շտապեց միայն բառարանները հեռացնելու գրասեղանի վրայից:

Վա՛հ, գրականությա՞մբ ես զբաղվում, — կանչեց Մինասյանն իր բամբ ձայնով, գրասեղանի վրա թափթփված թղթերը տեսնելով:

Շահյանն ամոթխածությամբ ժպտաց:

Այո, թարգմանում եմ պարապ չմնալու համար:

Ի՞նչ ես թարգմանում:

Այս ասելով, Մինասյանը բաց արեց տետրակի առաջին երեսը և կարդաց.

— «Շոպենհաուերը մահվան և անմահության մասին»: Բո՜, զոռբա բան ես թարգմանում, — ասաց նա և, թերթը շրջելով, կարդաց թարգմանության առաջին տողերը:

— «Մահն է, իսկապես, ոգևորիչ հանճար, փիլիսոփայության մուսան»: Ի՞նչ: Բան չհասկացա: Ռուսերենի՞ց ես թարգմանում: Տեսնեմ:

Նա բաց արեց բնագիրը և կարդաց.

— «Смерть есть, собственно, вдохновительный гений, муза философии»: Հիմա հասկացա: Քոնը բառացի թարգմանություն է, դրա համար անճոռնի է դուրս եկել:

Մինասյանը շարունակեց կարդալ Շահյանի թարգմանության հետևյալ տողերը, առանց նկատելու, որ իր ամեն մի նկատողությունը այլայլում է ընկերոջը:

— «Չլիներ մահը, դժվար թե կարելի լիներ մինչև անգամ փիլիսոփայություն անել»: Խոր և խելացի միտք: Մինչև անգամ կարելի էր ասել, որ եթե մարդը մահկանացու չլիներ, հազիվ թե նա ընդունակ լիներ նույնիսկ մտածելու... Հա , լավ հիշեցի: Ինչպես երևում է, դու չես բավականանում այս մեծ հոռետեսի թարգմանությամբ միայն, այլև բերանացի քարոզում ես սրա մտքերը:

Քարոզո՞ւմզարմացավ Շահյանը: — Որտե՞ղ եմ քարոզել:

Օր.Սահակյան կա, նա էր ասում:

Օր. Սահակյա՞ն...

Դա այն վարժուհին է, որի մոտ գնացի երեկ երեկո, քեզանից բաժանվելուց հետո: Նրա մոտ մի ուրիշ օրիորդ կար. նրան ես ուզել քարոզել:

Շահյանը զգաց, որ կարմրում է, և իսկույն գլխի ընկավ, որ այդ ուրիշ օրիորդը կամ Եվան պիտի լիներ, կամ Աշխենը, բայց հարկ համարեց այնպես ցույց տալ, թե այդ բանից ամենևին տեղեկություն չունի:

Ի՞նչ օրիորդ, — հարցրեց նա:

Ազգը չեմ հիշում, բայց անունը, կարծեմ, Աշխեն է:

Հա՜, — կեղծ անտարբերությամբ երկարացրեց Շահյանը:

Նա այնքան էլ հիմար աղջիկ չէր երևում, և, երևի, ջախջախել է քեզ: Հը՞, — ծիծաղեց Մինասյանը մտերմական բարեսրտությամբ:

Շահյանը վիրավորվեց, նրա անձնասիրության համար անտանելի էր ընկերոջ ծաղրը:

Ինչի՞ց գիտես, թե ինձ ջախջախել է, որ այնքան հիմար աղջիկ չէ՞ր երևում... Կամ, գուցե նա ի՞նքը քեզ այդպես ասաց:

Չէ՛, ամենևին չէ: Իզուր ես բարկանում: Ես նրա համար եմ այդպես կարծում, որովհետև քո այդ Շոպենհաուերը հենց ինքն էր առաջինը, որ ծաղրում էր իր քարոզած մտքերը: Նա կյանքն անտանելի թշվառություն էր համարում, բայց ինքը փառավորապես օգտվեց այդ կյանքից ամբողջ յոթանասուն տարի: Մարդկությանը նա դեպի մահ էր հրավիրում, բայց ինքը շարունակ ատրճանակ էր ման ածում հետը անձնա... չկարծես անձնասպանության, ոչանձնապաշտպանության համար: Մարդկության թշվառության աղբյուրը նա կանանց էր համարում, բայց ինքը շարունակ կանանց գրկումն էր երջանիկ ժամեր գտնում և վերջը, կարծեմ, ապօրինի զավակներ թողեց:

Զարմանալի է. ինչ ես դու նրա կյանքն օրինակ բերում իր մտքերի դեմ:

Նրանը չլինի, իմը լինի, քոնը լինի: Եթե գտնում ես, որ կյանքն անտանելի է, և մեռած ժամանակ միայն մարդ կարող է երջանիկ լինել, — էլ ինչո՞ւ ես ապրում, մեռիր, էլի՜: Փառք աստծո, շատ բան հարկավոր չէ, մի գնդակ և մի վայրկյան, ուրիշ ոչինչ: Կամ, եթե գնդակից վախենում եսջուր կա. եթե ջրից վախենում եսթոկ կա, եթե թոկից էլ վախենում եսթույն կա: Կամ թե չէ, ուզո՞ւմ ես, Բուդդայի պես նստիր ծառի տակ և շարունակ նայիր քթիդ ծայրին, մինչև որ սպանես քո մեջ ա՛յն, որ քո այդ սիրելի Շոպենհաուերը «ապրելու անգիտակից կամք» է անվանում:

Շահյանն ակամա ծիծաղեց:

Ի՞նչ ես ծիծաղում. ես կատակ չեմ անում: Ինքդ մտածիր, եղբայր, հենց միայն այն հանգամանքը, որ մարդ իր ակներև մահվան ամենավերջին րոպեում անգամ ամեն ջանք գործ է դնում, որ մի քիչ էլ ապրի, — այդ արդեն պարզ ապացույց չէ , որ կյանքը շատ էլ վատ բան չէ, և իզուր է քո այդ Շոպենհաուերը ստիպում, որ մարդ ուրիշ կերպ նայի կյանքի վրա: Ի՞նչ ես կարծում, այդպես չէ՞:

Ուրեմն, քո կարծիքով, ավելո՞րդ է թարգմանությունս, — առանց նրա հարցին պատասխանելու, հարցրեց Շահյանը կարճ մտահոգությունից հետո:

Բոլորովին ավելորդ է: Մեզ համար, ես կարծում եմ, դեռ շատ վաղ է այդպիսի բաներով զբաղվելը: Մեր առաջ մեծ գործ կա կատարելու. նախ մտածենք այ՛ն բանի մասին, թե ինչպես անենք, որ նպաստած լինենք այդ մեծ գործի կատարմանը, նախ հոգանք մեր ժողովրդի թշվառության մասին, աշխատենք նրան փոքրիշատե բարօր վիճակի հասցնել. այնուհետև արդեն պարապ ժամանակ շատ կունենանք րնդհանուր մարդկային թշվառության մասին մտածելու... Մի բան էլ ասեմ. Շոպենհաուերին հասկանալը, ախր, հեշտ չէ, իսկ թարգմանելըառավել ևս:

Եվ Մինասյանը, խորհրդավոր կերպով նայելով ընկերոջ ակնոցներին, մեղմորեն ժպտաց:

Շահյանը ոչինչ չպատասխանեց: Նա ամաչում էր նայել Մինասյանի դեմքին, բնազդմամբ զգալով, որ ընկերն իր մտերմական բարեսրտությամբ կարող է շատ դառն հաբեր կլլեցնել իրեն:

Կես ժամից հետո երկու ընկերները աղա Կարապետի և Թամարի հետ սեղանատանը նստած՝ խմում էին առավոտյան թեյը: Աղա Կարապետը գովում էր Մինասյանի եռանդը, բայց գտնում էր, որ ավելի նպատակահարմար կլիներ ծխական դպրոցի տեղ բանալ գյուղատնտեսական դպրոց: Մինասյանն ասաց, որ այդ բանը իր իդեալն է, որ ծխական դպրոցը լինելու է ապագա գյուղատնտեսական դպրոցի մի էտապը, իսկ այդ պակասը առայժմ լրացնում է իր սեփական փորձադաշտով, որտեղ գյուղացիները քիչ բան չեն սովորում:

Թեյից հետո Մինասյանը շտապեց գնալ գրավաճառանոց, ուր դասագրքեր և դասական ուրիշ պիտույքներ գնեց նոր ուսումնարանի համար, առավ իր վերջին հրատարակությունից երկու օրինակմեկը օր. Սահակյանին, մյուսը Շահյանին նվիրելու, հետո գնաց սրբազան առաջնորդի և թեմական տեսչի մոտ ուսումնարանին վերաբերող մի քանի կարևոր գործերի համար, ժամը 3-ին ճաշեց Շահյանենց տանը և երեկոյան գնաց օր. Սահակյանի մոտ վարժուհու մասին պատասխան ստանալու:

Աշխենն այս անգամն էլ ընկերուհու մոտ էր: Երբ Մինասյանը ներս մտավ, օր. Սահակյանը տաք-տաք խոսում էր Աշխենի հետ:

Ես ձեզ չասացի՞, որ ձեր առաջարկած ռոճիկով անկարելի է վարժուհի ճարել, — բարկացած կանչեց նա:

Ի՞նչ է, չհաջողվե՞ց:

Իհարկե, չհաջողվեց: Զարմանալի է, որ դուք այդքան խամություն եք անում: Ոչ թե մեկի, այլ երեք հոգու մոտ եմ գնացել, ոչ ոք չհամաձայնեց ձեր առաջարկած ռոճիկով գյուղ գնալ: Դեռ ծիծաղեցին էլ: Մեր տանն, ասացին, ավելի լավ կարող ենք ապրել:

Բաս ի՞նչ պետք է անենք:

Ինչ ուզում եք՝ արեք: Դեռ ձեր պատճառով կռվեցի էլ:

Իմ պատճառո՞վ:

Ես զայրացած խփեցի նրանց երեսին, որ նրանք ուզում են միայն լավ ապրել, որ նրանք ուրիշ նպատակ չունին, բացի լավ ապրելուց, որ նրանք անարժան են իրենց կոչմանը, որ եթե այսօր մի հարուստ պառավ մարդ խնդրի նրանց ձեռքը, նրանք ամեն բան կմոռանան և ուրախությամբ կվազեն այդ հարուստ պառավի տանը լավ ապրելու:

Լավ, ես մեղավո՛ր եմ, որ այդ խոսքերը շպրտել եք նրանց երեսին:

Բաս ե՞ս եմ մեղավոր, — աղաղակեց օր. Սահակյանը: — Եթե չհանձնարարեիք ինձ, որ վարժուհի ճարեմ ձեզ համար, կկռվեի նրանց հետ:

Ես ձեզ խնդրեցի, որ վարժուհի ճարեք, խո չխնդրեցի, որ կռվեք:

Պարոն Մինասյան, շատ մի բարկացնեք, թե չէ, աստված է վկա, ձեզ հետ կկռվեմ:

Տեսնում եք, որ մեղավորը ես չեմ, այլ ձեր բնավորությունը: Բայց կատակը մի կողմ մնա, օրիորդ, ինձ, ախր, վարժուհի է հարկավոր: Ես չեմ կարող այստեղ երկար մնալ: Թեմական տեսուչը չի ուզում խառնվել այս գործին, որովհետև մեր մեջ անձնական հաշիվներ կան: Հայտարարություն տամ, գիտեմ, բան չի դուրս գալ: Մի ճար պետք է անե՞ք, թե չէ:

Օր. Սահակյանը մտահոգության մեջ ընկավ: Նրա դեմքը մինչև անգամ տխուր արտահայտություն ստացավ:

Ինչո՞ւ ինձ առաջուց իմաց չտվիք, որ ուսումնարան եք բաց անում և վարժուհու պետք կունենաք, — ասաց նա կարճ լռությունից հետո: — Այն ժամանակ ես կգայի:

Դո՞ւք:

Զարմանո՞ւմ եք: Այո, ե՛ս: Այստեղ, ճիշտը ձեզ ասեմ, ձանձրացել եմ. կուզեի օդը, միջավայրը փոխել: Հիմա էլ կարող եմ հրաժարական տալ և ձեզ հետ գյուղ գալ, բայց...

Ի՜նչ եք ասում... Ես երբեք չէի ցանկանալ, որ դուք այդպիսի զոհաբերություն անեիք:

Օր. Սահակյանը տխրորեն ժպտաց:

Դուք այնպես եք խոսում, որ այդ զոհաբերությունը կարծես ձեզ համար պիտի անեի, — նկատեց նա:

Գիտեմ, որ այդ զոհաբերությունը գործի համար պիտի անեիք, բայց... գյուղում և այն չնչին վարձատրությամբ ծառայելն անկարելի պիտի լինի ձեզ համար, որովհետև... ի՞նչ պիտի անեք ձեր պառավ մորը, ձեր եղբոր երկու փոքրիկ որբերին, որոնց պահողն ու կերակրողը դուք եք միայն: Անհարմարություններ շատ կան, օրիորդ:

Եվ կարծում եք, թե այդ անհարմարությունները գոյություն չունի՞ն ուրիշների համար, որոնցից երեկ դուք զոհաբերություն էիք պահանջում: Մենք մեզ հակասում ենք, պարոն Մինասյան, և անաչառ չենք: Բայց բանն այդ չէ: Գործողն ա՛յն ժամանակ է միայն գործող, երբ նա անհարմարությունների և դժվարությունների մեջ է գործում: Բայց դուք գործող ասացեք, գործող: Մեր վարժուհիները... Ի՞նչ են մեր վարժուհիները. — դատարկագլուխ, ծույլ ու բթամիտ արարածներ, որոնք իրենք էլ չեն իմանում, թե ինչպես է պատահել, որ վարժուհի են դարձել: Չես կարող փոքրիշատե լուրջ բանի մասին վիճաբանել հետները: Իրենց խոսքերը քալփաթինով պիտի հանես բերաններից, իսկ քոնը մուրճով պիտի ցցես նրանց գլուխը, որ մտնի: Ժողովներում նստում են փայտի պես, բայց որ իրենք իրենց մեջ են մնում, տեսնեք, թե ինչպիսի կչկչան կաչաղակներ են դառնում. — ամենքը սկսում են խոսել միանգամից, կատակներ են անում, բամբասում են, սրան են ծաղրում, նրան են ծաղրում, մեկին մի անուն են կպցնում, մյուսին՝ ուրիշ անուն, բութ սրամտություններ են անում, ծիծաղում են, հռհռում, իրար կողք են բզում, ծկլթում... մի խոսքով` այնպիսի հիմարություններ, որ երեխաներն էլ չեն անիլ: Եվ սրանք են կազմում հայ ինտելիգենտ կանանց այն դասը, որ գործում է հասարակական ասպարեզի վրա, մանուկ սերունդ է կրթում: Ասելս այն է, որ այսպիսի մտավոր և բարոյական սնանկներից ի՞նչ գործ, առավել ևսհանուն այդ գործի ի՞նչ զոհաբերություն կարող ենք պահանջել: Այս այնպիսի մի ցավալի դրություն է, որ լավ մտածում եմ, ինքս ինձնից, իմ վարժուհի լինելուցս իսկ ամաչում եմ:

Ներեցեք, օրիորդ, — նկատեց Մինասյանը ժպտալով. — ինձ թվում է, թե դուք մի քիչ չափազանցնում եք:

Ի՞նչ, դուք չե՞ք հավատում: Ապացույցի համար, որ ես չեմ չափազանցնում, կհրավիրեմ այստեղ մի յոթ-ութ հոգի վարժուհի, ձեզ էլ կբերեմ կնստեցնեմ այստեղ, կսկսենք խոսել հասարակական կամ նույնիսկ մանկավարժական որևէ խնդրի մասին, և ինքներդ կտեսնեք, թե քանի՞սն է նրանցից փայտի պես նստած, քանի՞սն է կարծիք հայտնում և ինչպիսի՞ կարծիք: Այնուհետև դուք վեր կկենաք, իբր թե գնում եք, ես ձեզ թաք կկացնեմ հարևան սենյակում, և այնտեղից ականջ կդնեք, թե ձեր դուրս գնալուց հետո ինչի՛ մասին կսկսեն խոսել. — նրանք ձեր քթի մասին կխոսեն, պարոն Մինասյան:

Մինասյանը պինդ ծիծաղեց:

Աշխենը նայեց նրա մեծ քթին և ակամա ժպտաց:

Ի սեր աստծո, օրիորդ, — բացականչեց Մինասյանը, — ինչպիսի վարժուհի ուզում եք ճարեցեք, միայն թե ինձ ազատ պահեցեք քթի մասին դասախոսող վարժուհիներից:

Օր. Սահակյանի ծիծաղը սաստիկ բռնեց:

Ձեր պայմաններում, ասենք, դժվար թե ազատ մնաք... նրանք մշտապատրաստ նյութ կունենան իրենց աչքի առաջ, — սաստիկ ծիծաղի միջից հազիվ կարողացավ արտասանել նա: — Բայց ես վախենում եմ, որ դուք ինձ էլ քթի մասին դասախոսող վարժուհիների կարգը դասեք, ուստի թողնենք այս մասին խոսելը:

Եվ օր. Սահակյանը, արագությամբ զսպելով իր ծիծաղը, նորից լուրջ դեմք ընդունեց:

Դուք իմ անձնական անհարմարությունների մասին մի մտածեք, պարոն Մինասյան, — ասաց նա, դառնալով առաջվա խոսակցությանը: — Ես գիտեմ, թե ինչպես կշտկեմ այդ անհարմարությունները: Բայց այս տարի չէ, եկող տարի, ձեզ խոսք եմ տալիս, առաջուց, ինքս կգամ գյուղը: Ուրիշ բան է, թե դուք չէիք ցանկանա ինձ վարժուհի ունենալ ձեր ուսումնարանում, — ավելացրեց նա կատակով, բայց դարձյալ առաջվա մեղմ-տխուր ժպիտով:

Դուք կատակ եք անում, օրիորդ, բայց հավատացնում եմ ձեզ, անչափ գոհ կլինեի, եթե ինձ պատահեր մի այնպիսի վարժուհի, որ եթե ձեզ պես անձնվեր չլիներ, գոնե մի քիչ սիրեր գործը, որովհետև գիտեք, թե մանավանդ ուսուցչական ասպարեզում որքա՜ն մեծ նշանակություն ունի գործի սերը: Ձեր առաջարկությունը ես ընդունում եմ, իհարկե, ամենայն սիրով, բայց այս տարվա համար պիտի օգնեքառանց վարժուհու չպետք է թողնեք: Ճարներս ի՞նչ: Միանգամից խո չե՞նք կարող նոր դրություն ստեղծել, պետք է բավականանանք եղածով: Հույսս ձեզ վրա է: Երևակայեցեք, որ հազար ու մի դժվարություններով հիմնված ուսումնարանը վարժուհու պատճառով միայն կարող է փակ մնալ, իսկ այդ բանը կարող է ժողովրդին սառեցնել:

Գիտե՞ք ինչ կա, պարոն Մինասյան, — ասաց օր. Սահակյանը: — Վաղն ես կխոսեմ մի ուրիշի հետ. եթե համաձայնեց խո լավ, իսկ եթե ոչ, այն ժամանակ, ճար չկա, պետք է մի կերպ ավելացնեք ռոճիկը, թե ինչպես, այդ արդեն ձեր գործն է: Ես իմս արած կլինեմ, և դուք ինձնից դժգոհ լինելու իրավունք չեք ունենալ:

Օր. Սահակյանի ծիծաղը սաստիկ բռնեց:

Ձեր պայմաններում, ասենք, դժվար թե ազատ մնաք... նրանք մշտապատրաստ նյութ կունենան իրենց աչքի առաջ, — սաստիկ ծիծաղի միջից հազիվ կարողացավ արտասանել նա: — Բայց ես վախենում եմ, որ դուք ինձ էլ քթի մասին դասախոսող վարժուհիների կարգը դասեք, ուստի թողնենք այս մասին խոսելը:

Եվ օր. Սահակյանը, արագությամբ զսպելով իր ծիծաղը, նորից լուրջ դեմք ընդունեց:

Դուք իմ անձնական անհարմարությունների մասին մի մտածեք, պարոն Մինասյան, — ասաց նա, դառնալով առաջվա խոսակցությանը: — Ես գիտեմ, թե ինչպես կշտկեմ այդ անհարմարությունները: Բայց այս տարի չէ, եկող տարի, ձեզ խոսք եմ տալիս, առաջուց, ինքս կգամ գյուղը: Ուրիշ բան է, թե դուք չէիք ցանկանա ինձ վարժուհի ունենալ ձեր ուսումնարանում, — ավելացրեց նա կատակով, բայց դարձյալ առաջվա մեղմ-տխուր ժպիտով:

Դուք կատակ եք անում, օրիորդ, բայց հավատացնում եմ ձեզ, անչափ գոհ կլինեի, եթե ինձ պատահեր մի այնպիսի վարժուհի, որ եթե ձեզ պես անձնվեր չլիներ, գոնե մի քիչ սիրեր գործը, որովհետև գիտեք, թե մանավանդ ուսուցչական ասպարեզում որքա՜ն մեծ նշանակություն ունի գործի սերը: Ձեր առաջարկությունը ես ընդունում եմ, իհարկե, ամենայն սիրով, բայց այս տարվա համար պիտի օգնեքառանց վարժուհու չպետք է թողնեք: Ճարներս ի՞նչ: Միանգամից խո չե՞նք կարող նոր դրություն ստեղծել, պետք է բավականանանք եղածով: Հույսս ձեզ վրա է: Երևակայեցեք, որ հազար ու մի դժվարություններով հիմնված ուսումնարանը վարժուհու պատճառով միայն կարող է փակ մնալ, իսկ այդ բանը կարող է ժողովրդին սառեցնել:

Գիտե՞ք ինչ կա, պարոն Մինասյան, — ասաց օր. Սահակյանը: — Վաղն ես կխոսեմ մի ուրիշի հետ. եթե համաձայնեց խո լավ, իսկ եթե ոչ, այն ժամանակ, ճար չկա, պետք է մի կերպ ավելացնեք ռոճիկը, թե ինչպես, այդ արդեն ձեր գործն է: Ես իմս արած կլինեմ, և դուք ինձնից դժգոհ լինելու իրավունք չեք ունենալ:

Լավ, — ասաց Մինասյանը և մտքումը վճռեց, որ եթե բանը չհաջողվի, երեսը պնդի և դիմի Շահյանին կամ ուղղակի նրա հորը օգնություն խնդրելու:

Մինչ այդ խոսակցությունը տեղի էր ունենում օր. Սահակյանի և Մինասյանի միջև, Աշխենը, իր սովորության համեմատ, նստած էր բոլորովին լուռ: Նկատելի էր, որ նա խորասուզված է ինչ-որ մտածմունքի մեջ: Այդ մտածմունքից նրան հանեց օր. Սահակյանը:

Աշխեն, ի՞նչ ես մտածում, — հարցրեց նա: Աշխենը նայեց նրան և սթափվեց:

Ե՞ս, ոչինչ:

Հա՛, պարոն Մինասյան, գիտե՞ք, որ մեր այս օրիորդն էլ վարժուհի է, բայց կամավոր վարժուհի, ինչպես որ կամավոր զինվորներ են լինում. չքավոր մարդկանց երեխաներին ձրի դասեր է տալիս տնավարի: Դուք այսպիսի իդեալական վարժուհի եք ուզում, բայց աստված տա:

Աշխենը չկամեցավ, որ ընկերուհին երկար խոսի այդ մասին. ուստի, դիմելով Մինասյանին, խոսք բաց արեց նրա ժողովրդական նյութերի ժողովածուի մասին:

Հա՛, պարոն Մինասյան, բերի՞ք ձեր գիրքը, — հարցրեց օր.Սահակյանը:

Մինասյանը վեր կացավ և վերարկուի գրպանից հանելով օր. Սահակյանի համար այդ օրը գրավաճառանոցից վերցրած իր վերջին հրատարակությունը, հանձնեց նրան, Աշխենին էլ խոստացավ, որ մի գիրք էլ վաղը նրա համար կվերցնի:

Ինչպես երևում է, պարոն Մինասյան, — ծիծաղելով նկատեց օր. Սահակյանը, — հայ հեղինակներդ, ավելի շատ նվիրում եք ձեր գրքերը, քան թե վաճառում:

13

Աշխենն, այդ երեկո օր. Սահակյանի մոտից վերադառնալով տուն, ուղղակի մտավ իր սենյակը, նստեց գրասեղանի մոտ, վերցրեց մի գիրք, որ կիսատ թողած ընթերցանությունը շարունակի, բայց թողեց և մտածության մեջ ընկավ:

Անցավ համարյա մի ժամ, որ նա գլուխը ձեռքին հենած` անթարթ նայում էր մի կետի: Նրա ուղեղը զբաղված էր մի խնդրով, որ վճռելու համար խիստ տատանվում էր: Այդ խնդիրը նրա գլխում ծագել էր դեռ նախորդ օրվանից, և նա շարունակ մտածում էր այդ մասին, և որքան շատ էր մտածում, այնքան ավելի տատանվում էր: Դուռը կամաց բացվեց: Աշխենը ցնցվեց և նայեց դռան կողմը:

Հանդարտ քայլերով ներս մտավ Եվան.վերցրեց մի աթոռ և նստեց նրա մոտ:

Աշխեն, այս երեկո խիստ տխուր եմ, — ասաց նա մելամաղձոտ ձայնով:

Աշխենը զարմացած նայեց նրա դեմքին: Հիրավի, երբեք այդ սիրուն, այդ չարաճճի դեմքն այդպես տխուր, հանդարտ և մելամաղձոտ չէր ներկայացել նրան:

Ինչո՞ւ, — հարցրեց նա:

Մտածում եմ եղբորս մասին:

Արմենակի՞ մասին:

Այո:

Աշխենը նկատելի կերպով գունատվեց:

Ի՞նչ է պատահել... նոր նամա՞կ կա նրանից, — անհանգստությամբ հարցրեց նա:

Եվան նայեց նրան զարմացած:

Ինչո՞ւ այդպես վախեցած ես հարցնում:

Որովհետև դու այնպես ես խոսում, որ կարծես նրան բան է պատահել... Հա՞:

Նրան ոչինչ չի պատահել:

Հապա ի՞նչ ես ասում:

Զարմանալի է. Ես կարծեմ ոչինչ չասացի: Ասացի միայն, որ տխուր եմ և մտածում եմ նրա մասին:

Աշխենը հանգստացավ և ձեռքը մտախոհ կերպով շփեց ճակատին:

Ի՞նչ ես մտածում նրա մասին, — հարցրեց նա կամաց, կարճ լռությունից հետո: Նա այլևս չէր նայում Եվային:

Ուզում եմ, որ նա այստեղ լինի:

Դու այդ միշտ էլ ուզել ես:

Բայց ոչ այնպես, ինչպես այժմ: Այնպե՛ս կարոտել եմ, այնպե՛ս կարոտել... Զարմանալի է. կարծես երբե՛ք այնպես չեմ սիրել նրան, ինչպես այժմ, այս րոպեիս: Պատկերը ձեռքիս էր. նայեցի, նայեցի և... լաց եղա, — ինքս էլ չգիտեմ ինչու: Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ: Այս ի՞նչ նախազգացում է, չեմ հասկանում... Ո՛ւֆ, պետք է նամակ գրեմ, որ գա: Դու էլ գրիր: Դու էլ խո սիրում ես նրան:

Աշխենը վեր կացավ և պինդ փակեց լուսամուտի վրա փակած փեղկը, որ քամին շարժում էր:

Հետո գո՞րծը, — հարցրեց նա, նստելով Եվայից հեռու, — մի ուրիշ աթոռի վրա, այնպես, որ նրա դեմքը լույսի հակառակ կողմն էր:

Ա՜խ, ա՛յդ է, որ ինձ հուսահատեցնում է, — բացականչեց Եվան: — Ես գիտեմ, որ ա՛յն գործը, որի համար գնացել է նա, ավելի է սիրում, քան թե ինձ, քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին... Հիշո՞ւմ ես, ինչպե՛ս ոգևորված խոսում էր նա այդ մասին...

Եվ մի՞թե դրա համար դատապարտում ես նրան:

Ա՜խ, ո՞վ է ասում, — նեղսրտությամբ արտասանեց Եվան: — Ես այս ասում եմ, որովհետև կարոտել եմ նրան, սաստի՜կ կարոտել, հասկանո՞ւմ ես թե ոչ: Երևակայիր, որ նա այնտեղ մենակ է, բոլորովին մենակ. ո՛չ մի, ո՛չ մի սրտակից չունի մոտը: Չէ՞ որ հազար ու մի ձախորդություններ կան, հիվանդություն կա... Վերջապես, այնտեղ, ինչպես երևում է, ծանր խառնակություններ են տիրում... Մի՞թե այս բոլորի մասին կարող եմ հանգիստ մտածել:

Աշխենը, ինքն էլ չիմացավ թե ինչպես, վեր կացավ, մոտեցավ նրան, պինդ գրկեց նրա գլուխը և քիչ մնաց, որ լաց լինի: Նա անհուն սիրով ու քնքշորեն համբուրեց Եվայի շրթունքները և նորից նստեց իր առաջվա տեղը, Եվայի մոտ:

Երբե՛ք, երբե՛ք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես այս րոպեիս, — կամաց, շատ կամաց արտասանեց նա, առնելով Եվայի ձեռքերը և պահելով իր ձեռքերի մեջ: — Չես կարող երևակայել, թե որքա՛ն զգացված եմ այս րոպեիս, որ եղբորդ համար այդպես հոգում, այդքան մտածում ես: Հոգա՛, մտածի՛ր, սիրելիս, որովհետև եղբայրդ այնքա՛ն...անգին եղբայր է, որպիսին... ոչ ո՛ք չունի: Ինքս հոգովս չափ... հարգել եմ նրան և երկյուղածությամբ խոնարհել նրա հաստատուն կամքի և ա՛յն գաղափարների առաջ, որ նա այնպես ջերմ կերպով պաշտպանում, այնպես ոգևորությամբ քարոզում էր: Անձնուրացություն թշվառի բարօրության օգտին, անձնազոհություն հայրենիքի համարայս էր նրա քարոզը: Եվ այդ ո՛չ թե լոկ խոսքով, այլև գործով, որ նա այժմ ապացուցանում է: Խոսքը գործով ապացուցելայդ այնպիսի մի հերոսություն է, որպիսին ո՞ւր էր, թե ամենքն ունենային: Այս րոպեիս ինչ որ գիտեմ, ինչ որ սովորել եմ և ինչ որ ուզում եմ անել, այդ բոլորի համար մեծապես պարտական եմ նրան: Եվ եթե գիտենաս, սիրելիս, որքա՜ն հպարտանում եմ, որ նա իմ մոտիկ ազգականն է, իմ հարազատը, իմ...

Աշխենը լռեց, և Եվայի փոքրիկ ձեռքերը ցնցողաբար սեղմելով իր երկայն մատների մեջ, տխրորեն ժպտաց:

Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինչքան ոգևորվեցի, — արտասանեց նա:

Երևում է, որ դու ինձնից ավելի ես սիրում եղբորս, — ասաց Եվան, որ մինչև այդ ժամանակ անմեղ լրջությամբ նայում էր Աշխենի վառված աչքերին, լայն, պարզ ճակատին:

Մի՞թե այդ հանցանք է... չէ՞ որ նա և ի՛մ եղբայրն է:

Իհարկե: Նա էլ քեզ շատ էր սիրում:

Գուցե նախանձո՞ւմ ես:

Նախանձո՞ւմ: Իհարկե, չէի կամենալ, որ եղբայրս ինձնից պակաս սիրվեր, քան թե քեզնից կամ մի ուրիշից, չնայելով, որ ես... Ա՜խ, ես նրան շատ եմ սիրում, Աշխեն, չափից դուրս շատ եմ սիրում... Որ գիտենաս` ինչքա՜ն վատ մտքեր էին պաշարում ինձ այս գիշեր, Ինչքա՜ն վատ նախազգացումներ... Ո՜ւֆ, այլևս չպետք է կարդամ այդ անիծված հեռագրերը...

Երկյուղի նման մի մռայլ բան անցավ Աշխենի դեմքի վրայով, և նա կաշկանդված` մի րոպե անթարթ նայեց Եվայի տխրած աչքերին: Հետո հազիվ նկատելի կերպով ցնցվեց և կամաց վեր կացավ տեղից:

Դատարկ բան է, — արտասանեց նա, կարծես ինքն իրեն սրտապնդելու համար, և սկսեց անցուդարձ անել սենյակում: — Ճշմարիտ է, հեռագրերն այնքան էլ խաղաղ չեն ներկայացնում այնտեղի դրությունը, բայց... ոչ մի լուրջ առիթ չկա երկյուղ կրելու... Վերջապես, մի՞թե պիտի հուսահատվենք և մեզ հետ նրան էլ հուսահատեցնենք: Ինչի՞ նման կլինի այդ: Եվ այդ ա՛յն ժամանակ, երբ դեռ ոչինչ չի արված իսկապես, երբ գործը նոր է սկսվում... Այդ վախկոտություն և հանցանք կլինի մեր կողմից, մեծ հանցանք, աններելի հանցանք... Ընդհակառակը, սիրտ պետք է տալ նրան, պետք է խրախուսել, ամեն կերպ խրախուսել: Եվ այդ պարտքն ամենից առաջ մեզ վրա է ընկնում: Մենք հպարտանում ենք, որ նրա պես մի եղբայր ունինք: Ինչու այնպես չանենք, որ նա էլ մեզնով հպարտանա: Լինինք նրան արժանավոր քույրեր, և այդ էլ բավական է, որ նա սիրտ առնի, ոգևորվի:

Աշխենը խոսում էր կարծես ինքն իր հետ, և նրա ձայնի մեջ լսվում էր ինչ-որ արտասովոր ջղայնոտություն: Թեթև քայլերով նա անցուդարձ էր անում սենյակում և ամենևին չէր նայում Եվային:

Եվան աչքերով հետևում էր նրան սենյակի մի անկյունից մյուսը` զարմացած:

Մի՞թե մենք նրա արժանավոր քույրերը չենք, — հարցրեց նա:

Ո՛չ, մենք արժանի չենք նրա քույրը կոչվելու: Ինչո՞վ ենք արժանի: Նրանո՞վ, որ նստած ենք անգործ, նրանո՞վ, որ պարազիտի դեր ենք կատարում, ուտում, պճնվում, պարում, զբոսնում ու սպասում, թե ե՞րբ պետք է գա մեկը, որ մեզ հավանի ծախու ձիու պես և մեր սանձից բռնած` տանի իր ախոռում կապելու: Սրանո՞վ արդյոք, այս ամոթալի՞ կյանքով... Իսկ նա այնտեղ անձնական ամեն հանգստություն, ամեն վայելք մոռացած, իր հարազատներից, իր սիրելիներից կտրված, ձգել է իրեն կյանքի ահարկու հորձանքի մեջ, ապրում է ո՞վ գիտե ի՛նչ պայմաններում, լուսացնում է ո՞վ գիտե որ ձորում, որ անտառում, օտար երկնքի տակ, ահը միշտ սրտում, մահը միշտ աչքի առաջ, բայց արհամարհելով այդ ահն էլ, այդ մահն էլ...

Աշխենի ջղայնոտությունը սաստկացել էր: Նա խոսում էր զսպված, բայց խոսքերը նրա բերանից դուրս էին թռչում հատու և ուժեղ շեշտերով: Նրա դժգույն դեմքի մկանունքները ձգձգվում էին: Նա արագացրել էր քայլերը և առաջվա նման չէր նայում Եվային:

Իսկ Եվան վեր էր կացել և մնացել էր արձանացած: Նա պարզապես ապշել էր, որովհետև երբեք Աշխենին չէր տեսել այդպես տաքացած: Երբ Աշխենը լռեց, նա դեռ երկար ժամանակ կանգնած էր նույն դրության մեջ, կարծես սպասելով, որ հորեղբոր աղջիկը դեռ պիտի շարունակի իր ասելիքը:

Աշխեն, լսիր ինչ եմ ասում, — վերջապես ասաց նա, տեսնելով, որ Աշխենն այլևս ոչինչ չի ասում և ջղային քայլերով շարունակում է անցուդարձ անել սենյակի մի անկյունից մյուսը: — Տեսնում եմ, որ մի բան ուզում ես ասել, բայց չես ասում: Միտքդ ի՞նչ է. պարզ և ուղղակի ասա: Դու գիտես, որ ես միշտ հետևում եմ քո խորհուրդներին: Եթե գտնում ես, որ ես պարազիտից և ծախու ձիուց ավելի մի բան չեմ և անարժան քույր եմ եղբորս համար, սովորեցներու, թե ինչով կարող եմ արժանի լինել նրան:

Միայն դու չես. ես է՛լ անարժան եմ նրան... ե՛ս առավելապես...

Լավ, ինչո՞վ կարող ենք արժանի լինել նրան:

Նրանով, որ մենք էլ գնանք նրա ընտրած ճանապարհով:

Այսի՞նքն:

Չգիտեմ... Միայն թե այսպես ապրել այլևս անկարելի է: Պետք է ամենից առաջ վերջ տալ այս ձրիակերությանը, պետք է թողնել այս անօգուտ, այս վատ կյանքը, որի մեջ փտում ենք անգործությունից: Պետք է բան անել, պետք է գործ շինել, օգուտ պետք է տալ հենց թեկուզ մեր խղճի հանգստության համար...

Ես ամեն բանի պատրաստ եմ: Բայց ասա, ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել:

Աշխենը հանկարծ կանգ առավ և նայեց Եվային տարօրինակ հայացքով, հետո մոտեցավ և առավ նրա ձեռքերը:

Ներիր, սիրելիս, եթե մի քիչ խիստ խոսեցի: Բայց ես խոսում էի գլխավորապես իմ մասին: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անենք և ինչ կարող ենք անել, — այդ մասին այս րոպեիս ոչինչ չեմ կարող ասել:

Հաջորդ էջ