Նար-Դոս՝   Մահը

Դեռ չեմ որոշել, դեռ պիտի մտածեմ: Մի բան կա, որ վաղը կվճռվի: Համբերություն ունեցիր մինչև վաղը: Կհամբերե՞ս, հա՞:

Եվան ապշած նայում էր Աշխենի աչքերին, որոնց մեջ ինչ-որ խորհրդավոր բան էր կարդացվում:

Դու գրգռում ես հետաքրքրությունս, — ասաց նա: — Այս երեկո ուրիշ, շատ ուրիշ տեսակ ես երևում... Շատ լավ, կսպասեմ մինչև վաղը:

Աշխենը ժպտաց և Եվայի փոքրիկ ձեռքերը քնքշությամբ սեղմեց իր կրծքին, կարծես շնորհակալ լինելով, որ համբերություն էր հայտնում մինչև վաղը սպասելու:

14

Հետևյալ օրը, վաղ առավոտյան, Աշխենը մի քանի տող նամակ գրեց և տվեց ծառային, որ շտապով տանի օր. Սահակյանին տա, քանի դեռ նա ուսումնարան գնացած չէր լինիլ: Նամակը հետևյալն էր:

«Սիրելի Վարո.

Ամբողջ գիշեր մտածելով եմ անցկացրել և ահա գրում եմ հետևանքը: Արդյոք հարմար չե՞ս գտնիլ պ. Մինասյանին առաջարկել, որ վարժուհու պաշտոնն ինձ հանձնի իր բացած ուսումնարանում: Շտապով հայտնում եմ քեզ այս մասին, որպեսզի թերևս ավելորդ գտնես ուրիշի հետ պայմանավորվես: Կուզեի, առանց մեր սովորական երեկոյան տեսակցությանը սպասելու, այսօր այս մասին խոսել քեզ հետ ուսումնարանում: Միայն չգիտեմ, այսօր ազատ դաս ունի՞ս, թե ոչ և եթե ունիս` ո՞ր ժամին: Գրիր:

Քո Աշխեն»:

Կես ժամիս ծառան վերադարձավ և օր. Սահակյանից բերեց հետևյալ պատասխանը, որ նա շտապով գրել էր Աշխենի նամակի մյուս երեսի վրա.

«Եթե նամակիդ հենց սկզբումը գրած չլինեիր, թե ամբողջ գիշերը մտածելով ես անցկացրել, կկարծեի, թե փառավորապես քնած ես եղել և փառավոր էլ երազ ես տեսել: Բայց և այնպես, արի տեսնենք այդ ի՞նչ սիրուն քամի է փչել գլխիդ: Այսօր ազատ եմ ժամը 11 1/2-ից և 12 1/2-ի միջև»: Ժամը 11 1/2 -ից մի քանի րոպե անց Աշխենը բարձրանում էր ուսումնարանի սանդուղքով: Դասարաններից լսվում էր դասամիջոցից հետո հենց նոր ներս մտած աշակերտուհիների սովորական ճիչն ու ծկլթոցը. ուսուցիչներն ու ուսուցչուհիները` ցուցակները ձեռքներին, շտապում էին իրենց դասարանները: Ուսուցչուհիներից մի քանիսի հետ ծանոթ լինելով, Աշխենը բարևեց նրանց և նրանցից իմանալով, որ օր. Սահակյանն ուսուցչական սենյակումն է, գնաց նրա մոտ:

Օր. Սահակյանը մենակ էր: Նա նստած էր կապույտ մահուդով ծածկված երկայն սեղանի առաջ, և կաթով սուրճ էր խմում ու լրագիր կարդում:

Ա՜, եկա՞ր, գյուղական վարժուհի, — բացականչեց նա Աշխենին տեսնելուն պես: — Նստիր տեսնենք ամբողջ գիշերն ինչպես ես մտածել:

Աշխենը ժպտաց և նստեց նրա մոտ:

Ուրեմն դու վճռել ես ինձ այսօր ազատել կռվելուց:

Ո՞ւմ հետ:

Այն վարժուհու, որի հետ պետք է խոսեի այսօր: Աշխենը ծիծաղեց:

Դե՛հ, խոսի՛ր, խոսի՛ր, — անհամբերությամբ վրա տվեց օր. Սահակյանը, լրագիրը ձգելով սեղանի վրա: — Սուրճ ուզո՞ւմ ես:

Չէ, շնորհակալ եմ:

Ես, իհարկե, հասկանում եմ, սիրելիս, թե որտեղից է ծագել վճիռդ, և այդ պատճառով այնքան էլ չեմ զարմանում: Բայց հետաքրքրական է, թե այժմ ի՞նչ պիտի ասես ինձ:

Առանձին ոչինչ չունեմ ասելու: Միայն այս էի ուզում հարցնել, թե ի՞նչ պետք է անեմ, որ ուսուցչության իրավունք չունեմ:

Այսինքն, ուզում ես ասել ցանկի մեջ չկա՞ս:

Այո:

Այդ դատարկ բան է. մի օրում կարելի է թեմական առաջնորդից իրավունք ձեռք բերել, բայց մի տարվա համար միայն, որովհետև նա մի տարուց ավելի իրավունք տալու իրավունք չունի. իսկ այնուհետև վկայականներդ կուղարկենք Էջմիածին և այնտեղ ցանկի մեջ կմտցնեն:

Բայց չի՞ ուշանալ առաջնորդից իրավունք ձեռք բերելը:

Ասացի, որ մի օրում կարելի է: Այդ կողմից անհոգ կաց: Թեմական տեսուչն այստեղ է. ես ինքս կխնդրեմ, որ միջնորդի: Նա ինձ հետ լավ է: Դու ուրիշ բան ասա:

Հետո այս էի ուզում հարցնել: Վարո: Ի՞նչ ես կարծում, ես... կարո՞ղ եմ արդյոք... ծառայել այն գործին, որին վճռել եմ ինձ նվիրել:

Այդ դու ինձանից ավելի լավ պետք է գիտենաս, սիրելիս, էլ ինձ հարցնելդ ավելորդ չէ՞:

Չէ: Քեզ հարցնում եմ, որովհետև դու փորձված ես և ճանաչում ես ինձ: Գուցե իմ մեջ կա այնպիսի մի պակասություն, որ ես չեմ տեսնում, բայց դու կարող ես նկատած լինել իբրև դիտող: Ուսուցչությունն առհասարակ ինձ չափից դուրս դժվար և պատասխանատու պաշտոն է ներկայանում, որին չեմ կարող թեթևությամբ վերաբերվել: Այդ պատճառով խիստ անվստահ եմ... վախենում եմ, որ ոչինչ չկարողանամ շինել և ամոթահար մնամ Մինասյանի առաջ: Այդ բանը պարզապես անտանելի կլինի ինձ համար, որովհետև ես հիվանդության չափ ինքնասեր եմ... Ահա այս մասին է, որ Մինասյանին խոսք տալուց առաջ ուզում եմ իմանալ քո կարծիքը:

Իմ կարծի՞քը: Իսկույն կասեմ, — ասաց օր. Սահակյանը, դատարկելով սուրճի մնացորդը: — Փորձառությունից, իհարկե, շատ բան է կախված, բայց ո՞ր ուսուցիչը կամ ուսուցչուհին կրթական ասպարեզ է մտել հենց սկզբից փորձված: Ոչ ոք: Մեկն էլ դու այդպիսիներից, չնայելով որ ուսուցչական ասպարեզում կարելի է քեզ մասամբ փորձված համարել, քանի որ դու ահա քանի ժամանակ է, որ մասնավոր դասերով ես պարապում, իսկ չէ՞ որ այդ էլ այսպես թե այնպես նշանակություն ունի ապագա գործունեությանդ համար: Այդպե՞ս է, թե ոչ:

Ճշմարիտ է: Այս րոպեիս հինգ աշակերտուհի ունիմ, որոնց հետ ամեն օր պարապում եմ: Հենց սկզբից ուշադրությունս դարձած է եղել այն բանին, որ նրանց տարբեր ընդունակությունների մեջ մի ընդհանուր գիծ գտնեմ, որպեսզի դրա վրա հիմնված՝ կարելի լինի դասավանդումը բոլորի համար միատեսակ դյուրամատչելի դարձնել: Թեև այդ դեռ չի հաջողվել ինձ, բայց թվում է, թե անկարելի չէ:

Օ՜, երբ որ այդպես է, դա մեծ նշանակություն ունի, սիրելիս: Հենց այդ ուշադրությունդ միայն, որ մեր, եթե կարելի է այսպես ասել, պաշտոնական վարժուհիների մեջ ճրագով պետք է է որոնենք, ցույց է տալիս, որ դու օրինակելի վարժուհի կարող ես լինել: Վերջապես ուսուցչական պաշտոնին այդպես պատկառանքով և երկյուղածությամբ վերաբերվելդ մի՞թե գրավական չէ, որ պիտի առաջադիմես, որ դու իսկապես գործ պիտի կատարես: Ինքնասիրությունդ էլ, որ ասում ես, դա պակասություն չէ, դա առավելություն է: Ո՞ւր էր, թե մեր վարժուհիներն այնքան ինքնասիրություն ունենային, որ գեթ կարմրեին, երբ տեսուչը նկատում է նրանց. «Օրիորդ, դուք բան չեք շինում», «օրիորդ, դուք միշտ ուշանում եք», «օրիորդ, դուք շուտշուտ եք հիվանդանում»: Կրկնում եմ. գիտեմ որտեղից է ծագել վճիռդ և պետք է ասեմ, որ ավելի խելացի կերպով չէիր կարող վարվել: Ինչպիսի՜ եռանդ և ավելի մեծ տոկունություն պիտի ստանա նա, երբ իմանա, որ դու անմիտ և հուսահատ անգործության մեջ չես սպանում ժամանակդ...

Աշխենի աչքերի կոպերը դողդողացին. նա պինդ սեղմեց շրթունքները և դեմքը դարձրեց օր. Սահակյանից:

Օր. Սահակյանը տեսավ այդ և հասկացավ, որ ավելորդ էր հին հիշատակները նորոգել, ուստի շտապեց խոսքը փոխել:

Ուրեմն այս երեկո կհայտնեմ Մինասյանին քո առաջարկը: Նա, իհա՛րկե, կընդունի ամենայն ուրախությամբ, և՛ վաղվանից կանենք ամեն բան, ինչ որ հարկավոր է:

Բայց, իհարկե, ռոճիկի մասին ոչինչ չես ասիլ, — ասաց Աշխենը: — Ինչ որ որոշված է, ես նրանով էլ գոհ կլինեմ:

Գիտեմ, գիտեմ, որ դու «լավ ապրելու» նպատակով չպետք է ծառայես, այս գիտեմ: Բայց դու ինձ այս ասա, սիրելիս. ձերոնց հայտնե՞լ ես վճիռդ:

Դեռ ոչ:

Եվ նրանք արգելք չե՞ն լինիլ:

Չեմ կարծում: Գիտես, որ տանն ինձ բավական հարգում են:

Գիտեմ, բայց ինչ ուզում է լինի, էլի քիչ ու միչ խորթ կթվա: Հորեղբայրդոչինչ. նա հիվանդ մարդ չէ և շատ էլ բարի է. բայց նրա կինը...

Նա էլ է ինձ հագում, թեև բծախնդիր է և, կարծեմ... շատ էլ... չի սիրում ինձ: Ասենք նա սահմանափակ և նախապաշարված հասկացողությունների տեր կին է և եթե անհամ խոսքեր ասի, չեմ նեղանալ: Ես վախենում եմ միայն Եվայից. նա ինձ շատ է սիրում և կարող է հիմարություններ անել: Երեկ երեկո մի քիչ նախապատրաստեցի նրան, բայց նա, երևի, մտքովն անգամ չի անցկացնում, որ ես կարող եմ հեռանալ իրենից: Ինչևիցե: հույս ունեմ մերոնց հետ բանը վերջացնելու առանց խոշոր անհարմարությունների և ուրախ եմ, որ վերջապես կարող եմ անկախ դիրք ստեղծել ինձ համար և ինքս իմ աշխատանքով ապրել, որովհետև վաղուց ի վեր ճնշվում եմ այն գիտակցությունից, որ ես մի տեսակ բեռ եմ հորեղբորս համար:

Մեղք է, Աշխեն, այդ մի ասիր: Հորեղբայրդ...

Գիտեմ, գիտեմ, որ նա շատ բարի է և իմ կերած մի կտոր հացը նրա համար ոչ մի նշանակություն չունի, բայց ես խոսում եմ իմ հոգեկան դրության մասին: Ես չեմ կարող ուրիշի բարությունը շահագործել, թեկուզ այդ ուրիշը լինի իմ հարազատը: Դա դեմ է իմ խղճին:

Ինչքա՜ն գոռոզ ես, չնեղանաս, — նկատեց օր. Սահակյանը ծիծաղելով:

Խո ասացի, որ ես հիվանդության չափ ինքնասեր եմ, էլ դու այդ պակասություն չհամարեցիր, այլ առավելություն, — պատասխանեց Աշխենը ժպտալով և վեր կացավ: — Դե, հիմա ի՞նչ ենք անում:

Օր. Սահակյանը նույնպես վեր կացավ:

Մեր անելիքը ահա թե ինչ կլինի, — ասաց նա: — Երեկոյան կգաս ինձ մոտ, Մինասյանի հետ երես առ երես կխոսենք ինչ որ հարկավոր է, նրա հետ բանը կվերջացնենք, հետո վաղը կամ ես, կամ նա քեզ հետ միասին կգնանք թեմական տեսչի և առաջնորդի մոտ, վկայականներդ կներկայացնենք, ուսուցչության իրավունք կստանանք քեզ համար, հետո մյուս օրը կամ չորրորդ օրը, — այդ քեզնից և Մինասյանից կլինի կախված, — կնստեք երկաթուղի և ճանապարհ կընկնեք: Այս է:

Խոսքով ի՜նչ հեշտ է շինվում ամեն բան, — ծիծաղեց Աշխենը:

Անվստահներն են միայն, որ գործով էլ ոչինչ չեն կարողանում շինել: Օր. Սահակյանը մինչև ուսումնարանի բակի դուռը ճանապարհ ձգեց Աշխենին, բակում էլի երկար խոսելով նրա հետ:

15

Այդ գիշեր բավական ուշ էր, որ Աշխենն օր. Սահակյանի տնից վերադարձավ իրենց տուն: Նա մտավ իր սենյակը, շտապով մոտեցավ Եվայի սենյակի դռան, բաց արեց և ներս նայեց:

Դեռ քնած չե՞ս, Եվա, — հարցրեց ուրախ ձայնով: Եվան նստած էր սեղանի մոտ և լամպի լույսի տակ գլխագրեր էր կարում թաշկինակի վրա:

Մի քիչ էլ, որ ուշ գայիր, ավելի լավ կանեիր, — ասաց նա չորչոր, առանց գլուխը կարի վրայից բարձրացնելու:

Ի՞նչ անեմ, սիրելիս, ուզում էի վաղ գալ, բայց Վարոն զոռով պահեց ընթրիքի:

Այս ասելով, Աշխենը գլխարկը վերցրեց, վերարկուն հանեց, մտավ Եվայի սենյակը և նստեց նրա մոտ ժպտուն աչքերով: Պարզ երևում էր, որ նա արտասովոր ուրախ տրամադրության մեջ է:

Ի՞նչ ջանասեր աղջիկ ես. ամենքը քնած են, իսկ դու դեռ նստած կարում ես: Երևի ինձ էիր սպասում, հա՞:

Եվան չպատասխանեց, նա գլուխն ավելի կախեց կարի վրա. նրա կենտրոնացած հայացքից և սառն դեմքից երևում էր, որ նեղացած է Աշխենից:

Եվ դու չվախեցար այս կեսգիշերին մենակ գալ, — նկատեց նա հանգիստ:

Ո՞վ ասաց, թե մենակ եմ եղել: Ես ուղեկից ունեի, սիրելիս:

Չի՞ կարելի իմանալ ով էր ուղեկիցդ:

Ինչո՞ւ չէ. նա մի գյուղատնտես է, որի հետ այս երկու օրս եմ ծանոթացել Վարոյենց տանը: Դու ճանաչում ես նրան, թեև ամենևին չես տեսել նրան:

Եվան գլուխը բարձրացրեց, զարմացած նայեց Աշխենի ժպտացող աչքերին և նորից գլուխը կախեց կարի վրա, առանց մի խոսք ասելու:

Աշխենը կամաց ծիծաղեց:

Սպասիր, այս վաղն էլ կարող ես կարել, — ասաց նա և Եվայի ձեռքից առնելով թաշկինակն ու ասեղը` դրեց սեղանի վրա: — Նայիր աչքերիս: Այդպես: Ինչո՞ւ չես հարցնում, թե ով է այդ գյուղատնտեսը:

Ինչ հարցնեմ, քանի որ ինձնից թաքուն ինչոր բաներ ես բռնում այնտեղ, — առաջվա պես չորչոր պատասխանեց Եվան և ուզեց վեր կենալ, բայց Աշխենը բռնեց նրա ձեռքերից և պահեց իր տեղում:

Կաց, մի փախչիր.... և դարձյալ նայիր աչքերիս: Այդպես: Ի՞նչ թաքուն բաներ:

Ես ի՞նչ գիտեմ: Երեկվա տարօրինակ խոսակցությունդ, այսօր առավոտյան վաղ գնալդ չգիտեմ ուր, այժմ այսպես ուշ վերադառնալդ...

Եվ դրա համար է, որ այդպես փքվել ես, հա՞:

Եվան հանկարծ մի խիստ շարժում գործեց, և նրա աչքերը փայլեցին զայրագին:

Լսիր, Աշխեն, եթե դու կշարունակես ինձ դարձյալ չարչարել և այս րոպեիս չես ասի ամեն բան, աստված է վկա, այնպե՜ս կխռովեմ, այնպե՜ս կխռովեմ, որ այլևս երբեք չեմ խոսիլ քեզ հետ: Լսո՞ւմ ես:

Աշխենը խոնարհվեց նրա դեմքի վրա, ձեռքերն անցկացրեց նրա թևերի տակով և գրկեց նրա մեջքը:

Լսում եմ, հոգյակս, լսում եմ: Բայց վախենում եմ, որ եթե բանը հայտնեմ, ավելի պինդ կխռովես:

Ո՜ւֆ, արդեն անտանելի է.... Չեմ ուզում, էլ ոչինչ մի ասիր:

Եվ Եվան, վերին աստիճանի զայրացած, աշխատեց ազատվել հորեղբոր աղջկա ձեռքերիս, բայց Աշխենը մատները հյուսեց իրար մեջ և թույլ չտվեց, որ վեր կենա:

Եվա ջան, լսիր, ա՛յ, ասում եմ. լսիր: Ես վճռել եմ գյուղական վարժուհի լինել և մի քանի օրից հետո գնալու եմ գյուղ:

Եվան մի ակնթարթում սառեց նստած տեղը: Նրա աչքերը սաստիկ մեծացան և հառած մնացին Աշխենի շարունակ ժպտող աչքերի վրա:

Տեսնո՞ւմ ես, ապշեցիր: Այդ սկիզբն է, — ծիծաղեց Աշխենը: — Այժմ լսիր մանրամասնությունները:

Եվ Աշխենը սկսեց մանրամասնորեն պատմել, թե ինչպես ծանոթացավ Մինասյանի հետ, որին ինչպես ինքը, նույնպես և Եվան, արդեն ճանաչում էին նրա գրական երկերից, պատմեց, որ իրենց գյուղում նոր ուսումնարան հիմնելով, Մինասյանը եկել էր օր. Սահակյանի միջոցով վարժուհի ճարելու. թե ինչպես օր. Սահակյանն անհաջողություն էր կրել իր միջնորդության մեջ և թե ինչպես, վերջ ի վերջո, ինքը` Աշխենը, վճռել էր հանձն առնել հիշյալ ուսումնարանի վարժուհու պաշտոնը և այնուհետև ընդմիշտ նվիրվել այդ պաշտոնին: Պատմեց նույնպես այդ օր առավոտյան օր. Սահակյանի հետ ունեցած տեսակցությունը, և այն, որ այդ երեկո օր. Սահակյանի տանը խոսակցություն էր ունեցել Մինասյանի հետ. Մինասյանը նրա առաջարկն ընդունել է ջերմ համակրանքով և շնորհակալությամբ խոստացել է վաղն ևեթ աշխատել նրա համար ուսուցչության իրավունք ձեռք բերելու:

Այդպես ուրեմն, Եվա ջան, երկու կամ, շատշատ, երեք օրից հետո մնաս բարյավ կասեմ քեզ և կգնամ այնտեղ, ուր հույս ունիմ գեթ փոքրինչ օգտակար լինելու: Վարոն այսօր ինձ խիստ խրախուսեց: Այժմ սպասում եմ քո դատավճռին: Ինչ կասես:

Ես քեզ ա՛ յն կասեմ, որ դու... խելագարվել ես, — ծանր ու հաստատ ձայնով արտասանեց Եվան, առանձնապես շեշտելով վերջին բառը, և աշխատեց իրանն ազատել նրա ձեռքերից:

Բայց Աշխենն ավելի պինդ գրկեց նրա մեջքը և ժպտուն դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նրանք զգում էին իրար շնչառությունը:

Շատ կարելի է, իմ անգին, իմ աննման Եվա, — շշնջաց նա. — բայց մի՞թե այդպիսի խելագարությունն արժանի չէ խրախուսանքի:

Խելագարությունն առհասարակ կարեկցության է արժանի, — վրա բերեց Եվան, — բայց քո խելագարությունը... Դու չպե՛տք է գնաս, հասկանո՞ւմ ես, թե ոչ, — հանկարծ կանչեց նա բարկությամբ և ոտը պինդ խփեց հատակին: Նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին:

Աշխենն այս անգամ թողեց նրա իրանը. ժպիտը չքացավ դեմքից:

Մի՞թե կատակ չես անում, Եվա, — հարցրեց նա զարմացած:

Ամենևին միտք էլ չունեմ կատակ անելու, քանի որ ինքդ կատակ չես անում:

Հապա երեկ գիշերվա մեր խոսակցությո՞ւնը...

Այո՛, երեկ գիշերվա մեր խոսակցությունն այն մասին էր, որ դու փախչես այստեղից, որ ինձ... մենակ թողնես: Դու... դու անգութ ես: Դու ինձ երբեք չես սիրել... այժմ էլ չես սիրում: Այո՛, չես սիրում:

Եվան այլևս չկարողացավ զսպել իրեն, նա դարձավ աթոռի վրա, գրպանից հանեց թաշկինակը, սեղմեց աչքերին և հեկեկաց:

Որքան էլ որ անակնկալ չէր Աշխենի համար Եվայի այդ վարմունքը, այնուամենայնիվ սկզբում նա սառած մնաց:

Դու ինձ խիստ զարմացնում ես, Եվա: Բոլորովին չեմ հասկանում, թե այդ ի՞նչ բացատրություն ես տալիս վճռիս և ... լաց ես լինում: Դա արդեն երեխայություն է:

Իհարկե, երեխայություն կլինի, քանի որ դու ինձ միշտ երեխա ես համարել: Ուզում ես ինձ հավատացնել, թե սիրում ես ինձ, մինչդեռ, ընդհակառակը, միշտ սառն ես վարվում ինձ հետ... Եվ ոչ միայն ինձ, այլև... հայրիկի հետ... մայրիկի հետ: Կարծես թե օտար լինես մեր տանը, կարծես թե մենք քեզ...

Եվան խոսքը չվերջացրեց և, թաշկինակն ավելի պինդ սեղմելով աչքերին, աշխատեց զսպել սաստկացող հեկեկանքը: Աշխենը դառնությամբ ժպտալով, գլուխը շարժեց:

Տեսնո՞ւմ ես, Եվա, — ասաց նա իրեն հատուկ հանդարտ ձայնով. — դու ինձ այնպիսի բաներ ես ասում և այնպիսի բաներ ես ուզում ասել, որ... չեմ կարող չվիրավորվել: Հարկ չկա, իհարկե, որ ինքս ինձ պաշտպանեմ, այդ կնշանակեր քեզ իրավունք տալ այդպես բաներ ասելու ինձ: Ես միայն զարմանում եմ, թե ինչպես դու թույլ ես տալիս քեզ այդպիսի մեղադրանքներ բարձելու ինձ վրա:

Հապա ինչո՞ւ ես փախչում:

Դե, բավական է կրկնես այդ հիմար խոսքը, — բացականչեց Աշխենը հանկարծական բռնկումով: — Եվ թո՛ղ այդ երեխայական լացն, ի սեր աստծո: Երեկ գիշեր ինչպե՛ս էինք խոսում, այժմինչպե՛ս: Ուրախուրախ եկա քեզ մոտ կատարելապես հավատացած, թե պիտի քաջալերես ինձ, իսկ դու... դու միայն աշխատում ես ինձ վիրավորել:

Եվ Աշխենը սառնությամբ վեր կացավ նրա մոտից: Նույն վայրկյանին վեր թռավ տեղից նաև Եվան:

Ես քեզ չե՛մ վիրավորում, հասկանո՞ւմ ես, թե ոչ, — զայրացած կանչեց նա: — Այդ դո՛ւ ես, որ այդպիսի բացատրություն ես տալիս խոսքերիս: Դու, իհարկե, ազատ ես. ինչ ուզում ես, կարող ես անել. ուր ուզում ես, կարող ես գնալ: Իսկ ես, իսկ ես... Այսքան տարի միասին ապրելուց հետո հանկարծ թողնում հեռանում ես. Եվ հե՞շտ ես կարծում, ինչ է, ինձ համար քեզնից բաժանվելը: Եղբայրս գնացել է, դու էլ ես գնում, իսկ ես... իսկ ե՞ս ինչ անեմ մենակ: Բուի պես նստեմ գլուխս վա՞յ տամ: Կամ ինձ էլ տար հետդ, կամ այստեղ ճարիր` ինչ գործ, որ ուզում ես, միայն թե ես քեզ մոտ լինեմ, դու ինձ մոտ լինես, որովհետև առանց քեզ ես չեմ կարող դիմանալ: Ես ա՛յդ եմ ուզում ասել, և ոչ թե նպատակս է, որ քեզ վիրավորեմ: Եվ մի՞թե իրավունք չունիմ զարմանալու, որ դու, ինչպես տեսնում եմ, միայն քո մասին ես մտածում, իսկ իմ մասին, — ամենևին: Մինչդեռ երեկ գիշեր ի՞նչ էիք խոսում... Հա՛, ժպտա, ժպտա, չէ՞ որ ես երեխա եմ:

Աշխենը ժպտալով մոտեցավ նրան:

Այո՛, սիրուն, խելացի, մեծ երեխա, որի աչիկները կուզեի այս րոպեիս համբուրել:

Խնդրեմ, թո՛ղ այդ փաղաքշական խոսքերը, — զայրացած կանչեց Եվան:

Մի նեղանար, սիրելիս, նեղանալով ու զայրանալով բան չենք հասկացնի իրար: Ավելի լավ է նստենք և հանգիստ խոսենք: Նստիր:

Աշխենը համարյա բռնի կերպով նստեցրեց Եվային և ինքը նստեց նրա մոտ:

Ամենից առաջ քեզ մի բան ասեմ, Եվա ջան, չնեղանաս: Դու եսասիրության նշաններ ես ցույց տալիս. ուզում ես, որ փեշս փեշիդ կարեմ և չբաժանվեմ քեզնից միմիայն նրա՛ համար, որ առանց ինձ չես կարող դիմանալ: Այդ նշանակում է, որ ես պետք է քեզ համար զոհաբերեմ ոչ թե միայն ինձ, իմ ձգտումները, իմ կամքը, այլև այն գործը, որին հույս ունիմ գեթ մազի չափ օգուտ տալու: Կուզե՞ս, որ այդպիսի բան անեմ: Իհարկե, ոչ: Բացի դրանից մարդուն արդեն խոսք եմ տվել, այժմ մերժե՞մ, և կուզե՞ս, որ մերժեմ: Իհարկե, ոչ: Ասում ես, թե քեզ չեմ սիրում: Կարո՞ղ ես կրկնել այդ խոսքերը ձեռքդ խղճիդ վրա դրած:

Եվան նստած էր լուռ և աչքերը խոնարհած. նա պարզապես ճնշված էր Աշխենի կտրուկ խոսքերի ազդեցության տակ:

Ինչ վերաբերում է այն բանին, թե ես միայն իմ մասին եմ մտածել և քեզ մոռացել, այդ բանումն էլ սխալվում ես, Եվա ջան: Ինչպե՛ս կարող էի քեզ մոռանալ երեկ գիշերվա խոսակցությունից հետո: Միայն այժմ չթողեցիր, որ քո անելիքի մասին էլ խոսեմ: Դու էլ ես գործ ուզում: Շատ բարի: Ահա՛, թե դու էլ ինչ կարող ես անել: Իմ գնալուց հետո վերցրու իմ աշակերտուհիներին և իմ տեղ դու դաս տուր նրանց: Դու այդ կարող ես, որովհետև թեև փորձված չես, բայց շատ շուտ կարող ես փորձվել, եթե գործին սիրով կպչես, որի մասին տարակույս չունիմ: Նրանք բոլորն էլ, ինչպես գիտես, շատ աղքատ ծնողների զավակներ են, և ես նրանցից ոչ թե միայն ոչինչ չէի առնում, այլև չէի խնայում ունեցածս նրանց տալու: Արա դու նույնը, ինչ որ ես էի անում, և կտեսնես, որ մի բարի գործ կատարած կլինես: Բայց եթե այդ բանը քեզ չնչին է երևում, կարող ես մի ուրիշ շատ օգտակար գործ էլ կատարել: Մենք շատ ծանոթ ընտանիքներ ունենք, որոնց աղջիկները, որոնք քո մոտիկ ընկերուհիներն են, ոչ թե միայն զուրկ են հայկական կրթությունից, այլև հազիվ հայերեն խոսել ու կարդալ գիտեն: Հավաքիր հայությունից խորթացած այդ հարուստ աղջիկներին, շաբաթը մի կամ երկու անգամ գրական երեկույթի պես մի բան սարքիր, կարդա նրանց մոտ հայերեն գրքեր, տուր այդ գրքերից, որ իրենք էլ կարդան, ծանոթացրու նրանց մեզ հուզող ազգայինհասարակական խնդիրների հետ, խոսեցեք, վիճեցեք... մի խոսքով` արա ինչ որ կարող ես, որպեսզի օտար ոգով կրթված այդ ապագա հայ մայրերի մեծ հայության, ազգային ինքնաճանաչության կայծ վառվի: Մի սերմ, մի հատիկ սերմ էլ բավական է, որ ձգես նրանց մեջ, և այնուհետև հավատացած եղիր, որ այդ սերմն երբեք ապարդյուն չի անցնիլ: Ինչքան էլ փոքր, աննշան լինի: Դա շատ էլ փոքր գործ չէ, եթե կարողանաս գլուխ բերել: Բայց ես համոզված եմ, որ կարող ես, որովհետև նրանք ամենքն էլ սիրում են քեզ և սիրով էլ կընդունեն քո առաջարկը: Քեզ բավական կնպաստի այն հանգամանքը, որ նրանք տգետ չեն, և վերջին ժամանակներս մեր կյանքում երևան եկած շարժումներն անշուշտ փոքրիշատե հետաքրքրություն են զարթեցրել նրանց մեջ: Այս է իմ կազմած ծրագիրը քեզ համար: Հավանո՞ւմ ես:

Եվան իսկույն չպատասխանեց: Նրա դեմքը խիստ լուրջ արտահայտություն էր ստացել:

Այդ բոլորը լավ ես մտածել, — ասաց նա: — Միայն... այսպես հանկարծ, այսպես անպատրաստ... Ես ի՞նչ գիտեմ, որ ինչ սովորեցնեմ:

Ուրեմն դու ինձ չհասկացար, Եվա ջան: Ես խո չեմ ասում, որ կանոնավոր դասընթացներ սարքիր, դասախոսություններ արա: Իհարկե, դու այդ չես կարող անել: Եվ թույլ էլ չեն տալ: Բայց խո կարո՞ղ ես հայերեն պարզ գրելկարդալ սովորեցնել, խոսել նրանց հետ հայերեն, օգնել նրանց իրենց չհասկացածը հասկանալու, ծանոթացնել նրանց մեր գրականության, մեր մամուլի, մեր գործիչների հետ: Վերջապես, գործն ինքը ցույց կտա, թե ինչ կարող ես անել և ինչ պետք է անել: Փառք աստծո, խոսել գիտես և սիրում ես, ինքդ խիստ հետաքրքիր ես և բնատուր ընդունակություն ունիս գրավելու: Սրանք այնպիսի առավելություններ են, որոնցով դու հրաշք կարող ես գործել քո շրջանում: Այժմ հասկացա՞ր ինձ, Եվա ջան:

Եվան նստած էր լուռ: Նրա կենտրոնացած հայացքից երևում էր, որ նրա մտավոր աչքերի առաջ հանկարծ բացվել է մի հորիզոն այնքան ընդարձակ, այնքան նոր ու գրավիչ, որ վախենում է մինչև անգամ հեռու նայել չշշմելու համար: Եվ երբ Աշխենը կրկնեց իր վերջին հարցը, նա ասաց կարծես ինքն իրեն.

Զարմանալի է, ինչո՞ւ այդ բանն իմ գլխովս չի անցկացել մինչև այժմ: Ես խո այդ կարո՛ղ էի անել:

16

Չնայելով օր. Սահակյանի և Մինասյանի աշխատանքին, այնուամենայնիվ համարյա մի շաբաթ տևեց, մինչև որ Աշխենը ստացավ ուսուցչության իրավունք:

Եվան հորն ու մորը հայտնել էր Աշխենի որոշումը, առանց սպասելու, որ Աշխենն ինքը հայտնե նրանց:

Մարությանը, որ շատ լավ էր ճանաչում եղբոր աղջկա բնավորությունն ու գաղափարները, այնքան էլ չզարմացավ: Բայց Թեկլեն սկզբում ապշեց, հետո խիստ զայրացավ:

Ինչպե՞ս, — բացականչեց նա. — նա վճռել է ուսուցչուհություն անել և այն էլ գյուղո՛ւմ... Գժվե՞լ է, ի՛նչ է, թե մեզ է ուզում խայտառակել Ով լսի, ի՞նչ կասի: Հացի ու ջրի կարո՞տ է մնացել, որ այդպիսի միջոցների է դիմում: Տուն չունի՞, տեղ չունի՞, չենք պահո՞ւմ, դուրս ենք անո՞ւմ, որ ուզում է վարձկան վարժուհի դառնալ: Տե՛ր աստված, այդ աղջիկը խելքը կորցրել է բոլորովին:

Բարկանալդ ավելորդ է, Թեկլե, — նկատեց ամուսինը հանգիստ: — Ավելի լավ է...

Դո՞ւ ինչ ես ասում, չեմ հասկանում, — նրա վրա էլ բարկացավ Թեկլեն: — Օրը ցերեկով ուզում են մեր անունը խաղք ու խայտառակ անել և դու ուզում ես, որ չբարկանամ էլ: Ի՞նչ կասեն, որ Էգուց էլօր ամենքը վեր կենան ու ասեն, թե՝ ա՛յ, տեսա՞ք, մի որբ ունեին, չպահեցին, դուրս արին, որ այսօր ստիպված է գյուղերն ընկնել ապրուստի միջոց ճարելու համար: Ես զարմանում եմ, որ դու այդ մասին իսկի չես մտածում:

Չեն ասիլ, չէ, մի վախենար:

Չե՛ն ասիլ, չէ՜... որ ասե՞ն:

Չեն ասիլ, որովհետև ամենքը գիտեն, որ մենք նրան մեր հարազատ որդու պես ենք պահել, և այնքան ճանաչում են նրան, որ կհասկանան, թե ինչու է նա գյուղը գնում վարժուհու պաշտոնով:

Ես չեմ հասկանամ, ուրիշը որտեղի՞ց կարող է հասկանալ:

Ա՛յ, ես քեզ իսկույն կբացատրեմ:

Հա՛, հիմա դու գնա ուրիշներին էլ բացատրիր, թե բանն այդպես չէ, այլ այսպես է:

Մարությանն այլևս չկարողացավ զսպել իրեն. նա էլ իր հերթին բարկացավ կնոջ վրա:

Դե, երբ որ այդպես է, — բացականչեց նա, — մեր որդու համար էլ պետք է ասեն է՛լի, թե չկարողացան պահել, դուրս արին, որ գլուխն առավ կորավ:

Ասում են, բաս չե՞ն ասում:

Գլուխները քարերով են տալիս, որ ասում են: Այստեղ գործ կա, ձգտում կա, նպատակ կա. ա՞յդ ինչու չեն ասում: Ամենքի ասեկոսեին որ ականջ դնենք, այդ ո՞ւր կգնա:

Դու այդպես ես ասում, բայց հենց այդ ասեկոսեն է, որ մարդու տուն է քանդում:

Իսկի էլ չի քանդում: Քեզպեսներն են, որ ասեկոսեներին նշանակություն տալով, կարծում են, թե այս է` տունները քանդվեց գնաց: Փոխանակ ուրախանալու և պարծենալու, որ Աշխենի պես լավ ձգտումների տեր մի որբ աղջիկ ես պահել մեծացրել, դու ինչոր հիմար ասեկոսեների մասին ես մտածում և ուզում ես արգելք լինել նրա ամենալավ ձգտումներին: Նա մեր անունը բարձրացնում է, և ոչ թե խաղք ու խայտառակ անում:

Դե, դու որ այդպես ես խոսում, ես էլ ի՞նչ ասեմ, — նկատեց Թեկլեն և, սաստիկ ջգրած, դուրս գնաց, դուռը պինդ շրխկացնելով ետևից:

Եվան, որ մի կողմ քաշված՝ ամենայն ուշադրությամբ լսում էր հոր ու մոր միջև տեղի ունեցող այդ խոսակցությունը, մոր դուրս գնալուց հետո մոտեցավ հորը և լուռ համբուրեց նրան:

Հոր ու մոր միջև տեղի ունեցած այդ խոսակցությունը Եվան պատմեց Աշխենին: Աշխենն ուրախացավ, որ նա իրեն ազատել էր հորեղբորն ու նրա կնոջը իր տալիք ծանր բացատրությունից: Նա տեսավ, որ ամեն ինչ կատարվում էր այնպես, ինչպես կանխատեսել էր ինքը. հորեղբայրը համակրում էր իրեն. նրա կինը հակառակ էր, իսկ Եվայի հետ արդեն վերջացրել էր բանը: Այժմ մնում էր միայն ձևական թույլտվությունը խնդրել Մարության ամուսիններից և Մինասյանի հետ ճանապարհ ընկնել: Բայց այդ ձևական թույլտվությունը խնդրելուց էլ նա ազատ մնաց, որովհետև նույն օրն ևեթ Մարությանը նրա մենակ եղած ժամանակ մտավ նրա սենյակը և ասաց իրեն ոչհատուկ լրջությամբ.

Եվան ասաց, որ վճռել ես վարժուհի լինել և այդ նպատակով գյուղ ես գնում, ճի՞շտ է:

Այո, հորեղբայր, — պատասխանեց Աշխենն անհամարձակությամբ, մի բան, որ երբեք չէր պատահել Մարությանի հետ խոսելիս: Նա նայեց հորեղբոր լուրջ, մինչև անգամ սառը դեմքին և զգաց, թե հանցավոր է նրա առաջ:

Լավ, երբ որ այդպիսի մի բան մտադրում և վճռում էիր, ինչո՞ւ մի անգամ, գեթ ձևի համար, խորհուրդ չհարցրիր մեզնից, — նկատեց Մարությանը, աշխատելով կարելույն չափ մեղմ արտահայտություն տալ իր խոսքերին: — Փառք աստծո, օտար չենք, մեր խորհուրդը եթե օգտակար չլիներ, կարծում եմ, վնասակար էլ չէր լինիլ: Համաձայնիր, որ դա վիրավորական է մեզ համար: Դու վարվել ես այնպես, որ ուզենք, չուզենք, պետք է կարծենք, թե մեզ... բանի տեղ չես դրել:

Աշխենը նկատելի կերպով կարմրեց: — Ներեցեք ինձ, հորեղբայր, — ասաց նա, աչքերը վայր թողած, բայց հանգիստ և հաստատ ձայնով: — Ես կատարելապես զգում եմ, որ այնպես չեմ վարվել, ինչպես հարկն էր, բայց բանի տեղ չդնել... Դուք այդ խոսքերը չպետք է արտասանեիք, հորեղբայր... Այդ շատ ծանր մեղադրանք է ինձ համար...

Լավ, լավ, մի հուզվիր այդպես: Ես ներողություն եմ խնդրում և ետ եմ վերցնում իմ խոսքերը:

Ախ, ո՛չ, ինչպե՞ս կարելի է... ես խո այդ չէի՞ ուզում ասել: Ես ուզում էի խնդրել միայն, որ ինձ խնայեք և իզուր չդատապարտեք: Ես, իհարկե, պարտավոր էի մտադրությունս հայտնել ամենից առաջ ձեզ: Բայց եթե մինչև այժմ այդ չեմ արել և խորհուրդ չեմ հարցրել ձեզնից, այդ, — աստվա՛ծ է վկա, հորեղբայր, հավատո՞ւմ եք խոսքիս, — այդ նրա՛ համար է եղել միայն, որ... քաշվում էի ձեզնից, հետաձգում էի, որովհետև ինքս իմ որոշմանս վրա վստահ չէի: Սակայն, իհարկե, վերջ ի վերջո, պետք է հայտնեի, խո չէի կարող գնալ առանց ձեր խորհրդի, առանց ձեր օրհնությունը ստանալու.. չէ՞ որ այս րոպեիս դուք եք իմ ծնողը և անչափ երախտիք ունիք ինձ վրա:

Ինչևիցե, այդ թողնենք: Այժմ, երբ խոսք է ընկել գնալուդ մասին, կարծում եմ, կարող ես պատմել, ինչ որ հարկավոր է:

Next page