Նար-Դոս՝   Մահը

Աշխենը հանգստացավ և համառոտ կերպով պատմեց եղելությունը:

Մարությանը մինչև վերջը լսեց նրան լուռ և ուշադիր և, երբ Աշխենը վերջացրեց իր պատմությունը, կարճ ժամանակ մտահոգության մեջ ընկավ, ապա վեր կացավ:

Ե՞րբ ես գնում, — հարցրեց նա:

Վաղը:

Ա՛յ, տեսնո՞ւմ ես. դու ամեն բան արդեն վերջացրել ես և գնալու ես վաղը, իսկ ես մինչև օրս ոչինչ չգիտեի: Այդպիսի բան կարելի՞ է, քեզ եմ հարցնում: Եվ իրավունք չես տալիս ինձ, որ նեղանամ: Ինչևիցե, այս էլ թողնենք: Երկաթուղով եք գնալու, չէ՞:

Այո:

Գիշերվա՞ գնացքով:

Այո:

Հետո... ի՞նչ ես տանում հետդ:

Դե, ինչ որ ունիմ: Ինձ շատ բան հարկավոր չէ:

Մարությանն այլևս ոչինչ չհարցրեց և ազդվեց դեպի դուռը:

Աշխենը նայեց նրա ետևից, մեքենայաբար մի քանի քայլ առաջ դրեց և կանգ առավ:

Հորեղբայր, — շշնջաց նա անհամարձակությամբ:

Մարությանն արագ դարձավ դեպի նա:

Ի՞նչ է. բա՞ն ունիս ասելու:

Աշխենն աչքերը վայր թողեց: Նրա ականջների ծայրերը կարմիր վարդ էին կտրվել:

Ինձ թվում է, թե... չհաջողվեց ինձ արդարանալ ձեր առաջ:

Ա՜յ քեզ բան, — բացականչեց Մարությանը զարմացած: — Եթե գիտենայի, որ դու այդ աստիճան կասկածամիտ ես, գի՜ժ էի, ինչ է, որ արտասանեի այն խոսքերը: Ի՜նչ մի մեծ հանցանք ես գործել, որ դեռ արդարանալու էլ կարիք ես զգում. Կնշանակի ինձ դեռ լավ չես ճանաչում, աղջիկս, — ավելացրեց Մարությանը, մոտենալով նրան: — Դու գիտես, որ ես քեզ իմ Եվայից ոչնչով չեմ զանազանել և, բացի դրանից, հարգել եմ քեզ, հարգել եմ քո կամքը, քո ազատությունը, որովհետև գիտեմ, որ դու երեխա չես, որ դու խելոք աղջիկ ես և գիտես, թե ինչ ես անում: Այժմ էլ ամենայն հարգանքով եմ վերաբերվում քո կամքին, քո ազատությանը: Եթե հենց սկզբից ներշնչած չլինեիր ինձ այս հարգանքը, որ տածում եմ դեպի քեզ, և այն համոզումը, որ դու առանց լուրջ կերպով կշռադատելու ոչինչ չես անիլ, — ճիշտը քեզ ասեմ, երբեք թույլ չէի տալ, որ հեռանաս իմ տնից, որովհետև թույլ տուր նկատեմ, որ ծնողների վերահսկողությունն ինչքան էլ որ ծանր թվա որդիներին, այնուամենայնիվ հարկավոր է, շատ անգամ ուղղակի անհրաժեշտ է նույնիսկ իրենց, որդիների համար: Բայց քանի որ այդ հարգանքն ու համոզումը դու մի անգամ ընդմիշտ ներշնչել ես ինձ, ես ավելորդ եմ համարում խառնվել քո գործերին, դու կատարելապես ազատ ես ցանկացածդ անելու: Եթե սկզբում մի քանի ավելորդ խոսքեր ասացի, այդ պետք է վերագրես իմ բարությանը և այն բանին, որ վճիռդ ինձ մի տեսակ հանկարծակիի էր բերել: Այս դեպքում, որ դու վարժուհու պաշտոնով գյուղ ես գնում, ես կարող եմ միայն իմ անկեղծ համակրությունը հայտնել, խրախուսել քեզ, օրհնել ճանապարհդ իբրև հայր և ի սրտե հաջողություն մաղթել գործիդ: Գնա՛, որդիս, գնա՛ այն ճանապարհով, ինչ ճանապարհով, որ գնացել է որդիս, և թող աստված անբաժան լինի քեզնից:

Աշխենը կամաց խոնարհվեց, առավ հորեղբոր ձեռքը և սեղմեց շրթունքներին: Մարությանը զգաց, որ արտասուքի երկու տաք կաթիլ ընկավ իր ձեռքի վրա: Նա թեթև կերպով ցնցվեց, խոնարհվեց, համբուրեց Աշխենի մազերը գագաթի վրա, ձեռքը դուրս քաշեց նրա ձեռքի միջից և շտապով դուրս գնաց, մի տարօրինակ փսփսոց արձակելով քթից:

17

Գիշերվա ժամը երկուսից անց էր: Մարությանների տանը վաղուց արդեն ամենքը քնած էին: Այդ ժամին Աշխենն էր միայն արթուն: Նա նստած էր իր սենյակում և նամակ էր գրում: Կնոջ գրին հատուկ, բարակ, փոքրիկ, իրարից բաժանբաժան գրերն արագարագ շարվում էին իրար ետևից, լցնելով փոստի թղթի ամբողջ երեսներ: Նա գրում էր համարյա առանց կանգ առնելու, կարծես գրելիքն առաջուց անգիր էր արել: Մազերից մի երկայն, բարակ փունջ կախ էր ընկել թղթի վրա, և ստվերը խաղում էր ձախ ձեռքի վրա, որով պահում էր թուղթը: Նամակը վերջացնելուց հետո ստորագրության տեղը խաչ դրեց, հետո կարդաց սկզբից մինչև վերջը, մի քանի տեղ շտապ գրելուց բառեր էր բաց թողել` ավելացրեց, մի քանի տեղ էլ բառեր էր կրկնել` ջնջեց, փակեց ծրարի մեջ, հասցեն դրեց և պահեց սեղանի վրա դրված գրքերից մեկի մեջ:

Անկողին մտնելով, իսկույն չկարողացավ քնել, չնայելով որ գիշերից արդեն բավական անցել էր և ինքն էլ այդ օրը շատ հոգնած էր զգում իրեն: Նա գտնվում էր այն սովորական անհանգիստ դրության մեջ, որի մեջ լինում է նա՛, որին կյանքի նոր եղանակ, նոր ասպարեզ է սպասում, որը շուտով պիտի թողնի իր ծննդավայրը, տունը, տեղը, ծանոթ ու սրտակից անձերը և առաջին անգամ պիտի գնա ուրիշ անծանոթ տեղ, ուր մարդիկ և իրեր ներկայանում են երևակայության ստեղծած ուրույն կերպարանքով: Ինչոր թախիծ էր զգում սրտի մեջ, անորոշ, ծանր թախիծ, ինչպես ա՛յն մարդը, որ իր ամբողջ էությամբ ձգտում է ինչոր անհասկանալի և անորակելի երջանկության, բայց միևնույն ժամանակ համոզված է, որ այդ երջանկությունը անհասանելի ցնորք է միայն: Նա դեմքը թաղեց բարձի մեջ, և նրա մտքերը կենտրոնացան այն անձի վրա, որի ձեռքը պիտի հասներ նամակը: Երբեք այդ անձի պատկերը չէր ներկայացել նրա աչքերի առաջ այնպես վառ ու կենդանի, ինչպես այժմ: Նա մտքում կրկնում էր նամակի այն կտորները, որոնք անմիջական զեղումն էին այն վառ զգացմունքի, որ նա այնքան ժամանակ զսպում էր հուսահատական տանջանքով:

Լուսադեմին հազիվ կարողացավ քնել: Քունը շատ անհանգիստ էր: Ուղեղը դեռևս շարունակում էր գործել, ինչպես ձգված լար, որը, մի անգամ ուժգին շարժվելուց հետո, դեռ երկար ժամանակ ցնցվում, դողդողում է, չկարողանալով միանգամից հանգստանալ: Նամակի բառերը շարվում էին նրա ուղեղի մեջ անկապ, անորոշ, տանջող կերպով:

Չնայելով որ ուշ քնեց, բայց և այնպես վեր կացավ սովորականից վաղ. պետք է գնար օր. Սահակյանի մոտ իր ուղևորության մասին մի քանի կարևոր բան հարցնելու. շտապում էր, որպեսզի օր. Սահակյանին տանը գտնի, այլապես հազիվ թե այդ օրը այլևս ժամանակ ունենար նրան առանձին տեսնելու, որովհետև ճանապարհի պատրաստություններ պիտի տեսներ:

Տանը դեռևս ամենքը քնած էին: Աշխենը շտապով լվացվեց, հագնվեց, առավ գիշերը գրած նամակը, որպեսզի օր. Սահակյանի մոտից վերադառնալիս ձեռքով փոստ ձգի և դուրս գնաց:

Նրա գնալուց մի քառորդ ժամ հետո ցավագար աչքերով ծառան, երբ երկար խոզանակը ձեռքին ավլում էր նախասենյակի սանդուղքը, փողոցի դռան մոտ նամակի մի ծրար գտավ: Վերցրեց ծրարը, դես շուռ տվեց, դեն շուռ տվեց, նայեց վրան գրված հասցեին և, որովհետև կարդալ չգիտեր, բան չհասկացավ: Նա զարմացավ միայն, թե ինչու փոստային ցրիչը ծրարը չէր ձգել նամակների և լրագրերի համար դռան վրա շինված արկղիկը, ինչպես անում էր միշտ, այլ ներս էր ձգել դռան ճեղքից: Սակայն դուռը դիտելով տեսավ, որ չկար այնպիսի մի ճեղք, որտեղից կարելի լիներ ներս ձգել այնքան հաստ ծրարը, ուստի այդ բանի վրա էլ զարմացավ: Նորից մանրամասնորեն զննեց դռան չորս բոլորքը և, վերջապես, այն եզրակացության եկավ, որ ծրարը կարող էր ներս ձգված լինել դռան տակից, որովհետև այդտեղ կես մատնաչափ բացվածք էր մնում: Զարմանքը փարատելուց հետո ծրարը ծոցը դրեց և շարունակեց սանդուղքն ավլել:

Որովհետև այդ օրը, ըստ սովորականին, հորից ու մորից վաղ վեր էր կացել Եվան, ուստի ծառան գտած նամակը նրան հանձնեց, հայտնելով, թե որտեղ էր գտել:

Եվան նայեց հասցեին և իսկույն ճանաչեց Աշխենի գիրը: Նամակն ուղղված էր իր եղբորը` Արմենակին: Ծառայից իմանալով, որ Աշխենը դուրս է գնացել վաղ առավոտյան, իսկույն գլխի ընկավ, որ ծրարը պատահմամբ ընկել է նրա գրպանից:

Այս դեպքը չափազանց զարմացրեց Եվային: Նա գիտեր, որ Աշխենը երբեք իր կողմից առանձնապես նամակ չէր գրել Արմենակին: Մարությանների կողմից հեռացած որդուն հաճախակի գնացող նամակները սովորաբար գրում էր կամ ինքը` Մարությանը, կամ Եվան, — առավելապես վերջինս, — իսկ ընտանիքի մյուս անդամներն իրենց կողմից մի քանի խոսքով բարևներ էին ավելացնում իրենց ստորագրությամբ, այնպես որ այդ նամակներն ընդհանուր բնավորություն ունենալով հանդերձ, բովանդակությունն էլ հայտնի էր լինում ամենքին: Այս հանգամանքն ի նկատի ունենալով, Եվային խիստ անախորժ թվաց Աշխենի ծածկամտությունը, որը նա պարզ կերպով տեսնում էր թե գտնված նամակի փակ ծրարից և թե այն բանից, որ Աշխենը չէր հայտնել, թե ինքը նամակ է գրելու կամ արդեն գրել է Արմենակին և, ինչպես երևում է, ամենևին չպետք է էլ հայտներ, որովհետև պարզ է, որ նամակը գրել է ծածուկ և վերցրել է հետը, որ փոստը ձգի, հատկապես դրա համար դուրս գալով տնից այն ժամանակ, երբ ամենքը քնած են եղել: Բայց ի՞նչ է գրել նամակի մեջ, որ կամեցել է ծածուկ պահել: Այս հարցն ահագին հետաքրքրություն զարթեցրեց Եվայի մեջ այն աստիճան, որ քիչ մնաց ծրարը պատռեր և նամակը կարդար: Հազար ու մի կասկածներ անցան նրա գլխով, մեկը մյուսի ետևից վատ, հուզող և գրգռող:

18

Լսվեց զանգակի և ապա զգուշավոր քայլերի ձայն: Եվան իմացավ, որ Աշխենն է: Այդ միջոցին նա սանրում էր մազերը: Էլ չսպասեց, որ վերջացնի, անհամբերությամբ դեն շպրտեց սանրը, շտապով առավ նամակի ծրարը և դուրս գնաց հորեղբոր աղջկա սենյակը:

Երբ նա մտավ, Աշխենը շտապով և նկատելի անհանգստությամբ ինչոր բան էր որոնում գրասեղանի վրա դարսված գրքերի մեջ: Եվային տեսնելուն պես ցնցվեց և իր շտապ ու անհանգիստ որոնումը դանդաղեցրեց:

Եվան տեսավ այդ և առաջ չգնաց: Կարճ ժամանակ լուռ ու փորձող հայացքով նայեց Աշխենին, հետո հարցրեց ծանր ու հանգիստ ձայնով,

Այդպես վաղ ո՞ւր էիր գնացել:

Ուզում էի գնալ Վարոյի մոտ:

Ուզո՞ւմ էիր գնալ... Չգնացի՞ր:

Ո՛չ: Կեսճանապարհից ետ դարձա: — Ինչո՞ւ:

Որովհետև... նա ինձ մոտ մի գիրք ունի, մոռացել էի, որ հետո վերցնեմ իրեն տալու... չգիտեմ որտեղ եմ դրել...

Եվան ոչինչ չասաց: Նրա վրա վատ տպավորություն գործեց այն հանգամանքը, որ Աշխենը սուտ էր խոսում, որ Վարոն նրա մոտ ոչ մի գիրք չուներ և նա ամենևին գրքի համար չէր եկել:

Ինքն՝ Աշխենը, առանց նրան նայելու, միմիայն նրա լռությունից զգաց, որ նա հասկացավ իր սուտը, և կարմրեց:

Ես քեզ այսօ՛ր, ա՛յս առավոտ միայն ճանաչեցի, Աշխեն, — վերջապես ասաց Եվան զսպված ձայնով: — Դու ծածկամիտ և... ստախոս ես:

Աշխենի շառագունած դեմքը մի ակնթարթում դժգունեց և նորից, բայց առաջվանից ավելի շառագունեց:

Ե՞ս, — շշնջաց նա և մինչև անգամ աշխատեց ցույց տալ, թե խիստ զարմացած է:

Այո՛, դո՛ւ, — շեշտեց Եվան և համարձակ հայացքը ձգեց նրա վրա: — Ինչո՞ւ ուղիղ չես ասում, որ ա՛յս նամակն ես կորցրել և սրա՛ համար է, որ կեսճանապարհից ետ ես դարձել:

Եվ, գրպանից հանելով ծրարը, ձգեց սեղանի վրա:

Աշխենը մեքենայաբար վրա ընկավ նամակին: Մի ակնթարթում նրա դեմքը մեռելի գույն ստացավ: Նայեց ծրարին և տեսնելով, որ փակ է, ազատ շունչ քաշեց:

Ճիշտ չէ՞. այդ նամակի համար չէ՞, որ ետ ես եկել, — հարցրեց Եվան ուշիուշով հետևելով նրա դեմքի փոփոխություններին:

Այո:

Ուրեմն սուտ չէի՞ր խոսում, թե գրքի համար ես ետ եկել:

Սուտ էի ասում:

Ինչո՞ւ:

Աշխենը չպատասխանեց: Նա չէր նայում Եվային:

Որովհետև չէիր ուզում, որ իմանայի, թե այդպիսի նամակ ես գրել եղբորս, չկարծելով, որ այդ նամակն իմ ձեռքին է, այնպե՞ս չէ: — Ուրեմն բա՞ց ես արել, — հազիվ լսելի ձայնով շշնջաց Աշխենը:

Տեսնում ես, որ փակ է: Ինչպես որ ծառան դռան մոտ գտել և հանձնել է ինձ, այնպես էլ քեզ եմ դարձնում:

Հապա ինչո՞ւ ես ասում այդպիսի նամակ:

Հապա ինչո՞ւ դու այդպես այլայլվում ես:

Աշխենը նկատելի տանջանքով դեմքը շրջեց Եվային:

Եվա, ասա միանգամից, ինչ որ ասելու ես. տեսնում ես՝ տանջվում եմ:

Իսկ ինչո՞ւ ես տանջվում: Որովհետև զգում ես, որ մեղավոր ես, չէ՞. որովհետև ինքդ էլ հասկանում ես, որ գրածդ... զրպարտություն է, չէ՞:

Աշխենը տարակուսանքով նայեց Եվայի զայրացկոտությունից վառվող աչքերին:

Զրպարտությո՞ւն:

Այո՛, զրպարտություն, — շեշտեց Եվան, ձայնը բարձրացնելով: — Ի՞նչ է. չլինի՞թե ուզում ես ուրանալ, որ զրպարտություն չես գրում այդ նամակի մեջ:

Ի՞նչ զրպարտություն, Եվա... ո՞ւմ մասին:

Մե՜ր մասին:

Ձեր մասի՞ն...

Այո՛, մե՛ր մասին՝ հայրիկի մասին, մայրիկի մասին, վերջապես ի՛մ մասին:

Աշխենն ապշությունից մինչև անգամ ժպտաց:

Ի՞նչ ես ասում, Եվա...

Ի՞նչ է, սուտ է՞, որ այդ նամակի մեջ չես գանգատվում, թե մենք ճնշում, նեղում ենք քեզ, թե ամեն րոպե երեսովդ ենք տալիս մեր բարերարությունը, և դրանից է, որ փախչում ես...

Աստված է վկա, Եվա, դու գժվել ես այսօր:

Ես չեմ գժվել, այլ ճշմարտությունն եմ ասում: Եթե դու լավ աղջիկ ես, եթե որևէ բանի համար նեղացած ես մեզնից, ուղղակի մեզ կհայտնեիր դժգոհությունդ, և ոչ թե զրպարտություններ գրելով կաշխատեիր Արմենակին կռվեցնել մեզ հետ:

Եվա, այդ դո՞ւ ես... այդ հիմարությունները դո՞ւ ես ասում:

Մենք քեզ ոչինչ չենք արել: Մենք մինչև անգամ ամեն կերպ աշխատել ենք քեզ հետ վարվել այնպես, որ դու ամենևին չզգաս, թե մեր տանն ապրում ես իբրև բարերարված մի որբ, իսկ դու... Դու վատ աղջիկ ես... Դու... դու ապերախտ ես...

Դե, բավական է, Եվա, — աղաղակեց Աշխենը ծանր վիրավորանքի հանկարծական բռնկումով, և նրա աչքերը փայլեցին կատաղի զայրացկոտությամբ: — Ինչպե՞ս ես համարձակվում ինձ այդպիսի բաներ ասել.. Հիմա՛ր, կոպի՛տ, անտա՛շ: Ի՞նչ է նշանակում բարերարված որբ... Ի՞նչ է նշանակում ապերախտ... Հասկանո՞ւմ ես այդ բառերի իմաստը... մտածո՞ւմ ես, թե որքան վիրավորական է այդ ինձ համար... Այդ բառերը, որ մտքովդ անցնում են, ինչպե՞ս լեզուդ զոռում է արտասանել... Ես խո կմորթեի ինձ, եթե առաջուց իմանայի, որ ինձ վրա այդպիսի աչքով եք նայում... Ես կգնայի` մուրացկանություն կանեի փողոցում և, եթե քաղցած մեռնելիս լինեի, ձեր հացը կուտեի միմիայն նրա՛ համար, որ խեղդվեի... Ա՜խ, Եվա, Եվա, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս ինձ, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս, — հառաչեց Աշխենը և, նստելով սեղանի մոտ, գլուխը սեղմեց ձեռքերի մեջ անտանելի տանջանքով:

Եվան տեղնուտեղը ցամաքել էր: Պարզ երևում էր, որ ամենևին չէր սպասում, թե իր խոսքերը կարող են այդպիսի փոթորիկ առաջ բերել: Նա ուզեց խոսել, արդարացնել իրեն, բայց խոսելու տեղը հանկարծ լաց եղավ:

Աշխենը նայեց նրան տարակուսանքով, ուսերը վեր քաշեց և գլուխը նորից սեղմեց ձեռքերի մեջ:

Հապա ինչո՞ւ նամակդ ծածուկ էիր պահում, — ասաց Եվան հեծկլտալով, թաշկինակն աչքերին սեղմած:

Որ գաղտնի էի պահում, նշանակում է, թե զրպարտություննե՞ր եմ գրել ձեր մասին, և դու իրավո՞ւնք ունիս ինձ վիրավորելու, — նկատեց Աշխենն այս անգամ հանգիստ ձայնով:

Մեղավո՞ր եմ, որ ծածկամտությանդ համար այդ ենթադրությունն եմ արել:

Շատ վա՛տ ես արել: Մեծ հիմարություն ես արել: Ինչո՞ւ հակառակ ենթադրություն չէիր անում. չէ՞ որ ձեզնից շնորհակալ լինելուս և ձեզ գովելու դեպքումն էլ համեստությունս չէր թույլ տալ ինձ, որ նամակս ցույց տայի ձեզ: Ինչ որ հաստատ հայտնի չէ, անպատճառ պետք է վատ մտքո՞վ բացատրել:

Աշխենը խոսում էր հանգիստ, բայց վերին աստիճանի դառնացած: Եվան դադարել էր հեծկլտալուց և մնացել էր արձանացած: Նա լիովին զգում էր իր հանցանքը, ամաչում էր և չէր իմանում ինչպես անի, որ ուղղի իր սխալը:

Աշխենը հանկարծ վեր կացավ, ուղղեց գլխարկը, նամակը գրպանը կոխեց և դիմեց դեպի դուռը, առանց մի խոսք անգամ արտասանելու:

Եվան անհամարձակորեն նայեց նրա ետևից:

Դու գնո՞ւմ ես, — հարցրեց կամաց:

Այո:

Ո՞ւր:

Վարոյի մոտ:

Սպասիր մի րոպե:

Աշխենը կանգ առավ դռան մոտ:

Բա՞ն ունիս ասելու:

Այո:

Ի՞նչ:

Եվան իսկույն չպատասխանեց: Նայում էր հատակին և թաշկինակը ճմռում էր ձեռքին:

Խի՞ստ վիրավորվեցիր ինձնից, — հարցրեց վերջապես: Աշխենը զարմացած դարձավ դեպի նա:

Դեռ հարցնո՞ւմ ես: Կյանքիս մեջ ոչ ոք չի վիրավորել ինձ այնպես, ինչպես դու:

Եթե ներողություն խնդրեմ...

Ի՞նչ օգուտ, երբ որ արդեն փշրեցիր սիրտս:

Ուրեմն... ուրեմն այս գիշեր խռովա՞ծ պիտի բաժանվես ինձնից:

Ինչո՞ւ խռոված, երեխա՞ եմ, ինչ է: Բայց քեզ հետ այսուհետև շատ խիստ կվարվեմ, որպեսզի ինձ հարգես:

Եվան հանկարծ զայրացած ոտը պինդ խփեց հատակին: Արձակ մազերից մի երկայն փունջ թռավ ուսի վրայից և ընկավ կրծքի վրա:

Ես քեզ չե՞մ հարգում, որ այդպես ես խոսում, — բացականչեց արտասուքն աչքերին: — Խո հասկանում ես, որ վիրավորեցի անգիտակցաբար. վիրավորեցի իմ հիմարությունից և զղջում եմ: Ուրիշ ի՞նչ ես ուզում:

Ես ուզում եմ, որ սովորես նախ լավ մտածել և ապա ասել այն, ինչ որ ուզում ես ասել:

Այսուհետև այդպես կանեմ, հիմա՞:

Վախենում եմ, որ այդպես չանես, եթե խիստ չվարվեմ քեզ հետ:

Եվան զսպած զայրացկոտությամբ դեմքը դարձրեց նրանից:

Գնա՛, լավ. այլևս հարկավոր չէ քո ներումը, քանի որ, ինչպես երևում է, ընդունակություն չունիս անկեղծությունը հասկանալու, — ասաց` կրծքի վրա ընկած մազերի փունջը բարկացած ետ ձգելով: — Դու պեդանտ ես, և ես զարմանում եմ ինձ վրա, թե ինչպե՞ս կարողացել եմ քեզ այսքան սիրել, քանի որ մեր բնավորություններն այսքան հակառակ են իրար, և դու կարծես զոռով աշխատում ես, որ քեզ ոչ ոք չսիրի: Մի՞թե չես հասկանում, որ քո մի հասարակ, քաղցր խոսքն այս րոպեիս ավելի ազդու և խրատական կարող էր լինել ինձ համար, քան թե այդ սառն, հպարտ վարմունքը: Եվ այդպիսի չորացած սրտով ուզում ես նվիրել քեզ մի գործի, որին ծառայելու համար ջերմ զգացում, վառ սեր, փափուկ սիրտ է հարկավոր...

Նա լռեց վիրավորված հպարտությամբ, հեռացավ դեպի լուսամուտը և, նայելով դեպի դուրս, սկսեց հյուսել արձակ մազերն արագարագ և մեքենայաբար: Երկար ժամանակ լռություն տիրեց:

Եվան սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենի ձայնը չէր լսվում: Ոչ միայն այդ, այլև ոչ մի բանից չէր երևում, թե նա ներկա է սենյակում: Եվային թվաց, թե նա գնացել է, բայց, ետ նայելով, զարմանքով տեսավ, որ նա կանգնած է դռան մոտ, արձանի նման և նայում է իրեն խիստ օտարոտի հայացքով: Այդ հայացքն այլևս առաջվա սառն, հպարտ հայացքը չէր, այլ ինչոր անակնկալ հայտնություն գտած և այդ հայտնագործությունից ապշած մի հայացք, որ ուղղված է դեպի ներս, դեպի սեփական հոգու խորքը:

Գնա, էլի՛, ի՞նչ ես կանգնել, — նկատեց Եվան, ավելի ու ավելի զարմանալով:

Աշխենը դարձյալ մի րոպե նայեց նրան նույն հայացքով, հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ, դռան մոտ դրված աթոռի վրա և տեղնուտեղը սառեց: Այս անգամ նա թույլ կերպով վայր թողած ձեռքերով, հատակին հառած մտախոհ հայացքով և անշարժ դրությամբ նմանում էր անմխիթար մի սգավորի:

Եվան կատարելապես ապշել էր: Նա չէր հասկանում, թե հանկարծ ինչ մի հեղաշրջում էր կատարվել հորեղբոր աղջկա մեջ, որ նրան այդպես կերպարանափոխել էր: Նա այլևս չէր համարձակվում ձայն հանել և լռած աչքերով նայում էր Աշխենին սպասողական դրության մեջ:

Չորացած սրտով... չորացած սրտով, — վերջապես արտասանեց Աշխենը շատ կամաց, մտքով ինքն իր մեջ կենտրոնացած: — Դու իրավունք ունիս... Սրտիս ըմբռնողությունը չորացել, բթացել, անզգա է դարձել... Այո՛, իրավունք ունիս ինձ հանդիմանելու, որ քեզ իսկույն չհասկացա...

Նա ձեռքը ձգեց աթոռի միջովը և աչքերը պինդ սեղմեց կռան վրա:

Բայց մեղավորը ես չեմ, այլ... այն դժբախտ հանգամանքը, որ այսպես ավերել, ծերացրել է սիրտս...

Նրա ձայնն արագորեն խլացավ և հանկարծ կտրվեց:

Եվային թվաց, թե արտասուքը խեղդում է նրան, և նա մեծ ջանք է գործ դնում, որ չհեկեկա: Նա մեքենայաբար մի քանի քայլ առաջ գնաց, բայց հանկարծ կանգ առավ փշաքաղվելով. Աշխենի նիհարած ուսերը և մեջքը ցնցվում էին ջղաձգաբար: Եվ նորից առաջ վազեց:

Աշխեն ջա՛ն... դու լալիս ես, — արտասանեց, չոքելով հորեղբոր աղջկա առաջ և քնքշությամբ գրկելով նրա ծնկները: Այս անգամ Աշխենի ամբողջ մարմինը ցնցվեց: Նա աչքերն ավելի պինդ սեղմեց կռան վրա, բայց և այնպես զսպած հեկեկանքը, կարծես կուրծքը պատռելով, դուրս ժայթքեց նրա սեղմած բերանից:

Եվան այս անգամ ուղղակի կպավ նրա ծնկներին, և նրա աչքերը լցվեցին խոշոր արցունքով:

Աշխեն ջան, մի՞թե քեզ դարձյալ վիրավորեցի... Հա՞, վիրավորեցի՞: Բայց չէ՞ որ ես հիմար եմ, և մի՞թե արժե նեղանալ ինձնից: Աղաչում եմ, մի՛ լար... Բավական է... Աստված է վկա, ես երբե՛ք, երբեք չեմ վիրավորել քեզ... Դե, բավական է, ասում եմ... Աշխեն ջան, լսո՞ւմ ես:

Աշխենը նստեց ուղիղ, երկու ձեռքով պինդ փաթաթվեց Եվայի վզովը, և գլուխը կպցրեց նրա գլխին:

Ինչո՞ւ ես կարծում, թե ես նրա համար եմ լալիս, որ դու վիրավորել ես ինձ, — խեղդող հեկեկանքի միջից արտասանեց նա: — Ո՛չ, ո՛չ: Եվա ջան: Ես լալիս եմ, որովհետև այլևս չեմ կարող չլալ... լալիս եմ, որովհետև այս արցունքը վաղուց է, որ ծանրացել է սրտիս վրա. դու միայն առիթ եղար, որ այլևս չկարողացա զսպել ինձ... Որ գիտենաս, թե ինքս իմ մեջ կենտրոնացած, ամենքից, այո՛, ամենքից, նույնիսկ քեզնից ծածուկ հոգեկան ինչպիսի տանջանքներ եմ կրել ես... Ինչպիսի՛ դառն, ինչպիսի՛ սպանիչ թախիծ շարունակ կրծել է սիրտս... Ամեն րոպե, ամեն վայրկյան ստիպված եմ եղել ճնշել, մեռցնել մանուկ սրտիս բաղձանքները, վառ երևակայությանս թռիչքը... Գիտակցությունս անողոք դահիճի պես շարունակ ջախջախել է իմ մեջ ա՛յն, ինչ որ կյանքի հետ մի անգամ է միայն տրվում մարդու... Այդ է պատճառը, որ ես հոգով ու սրտով այդպես չորացել, այդպիսի անհյութ ու անալի արարած եմ դարձել... Քո մանուկ սիրտն է միայն, որ կարողացել է այդպիսի սիրով կապված մնալ ինձ հետ... Աշխենը դադարեց հեկեկալուց, արագ շարժումով թողեց Եվայի վիզը և բռնեց նրա ձեռքերից: Արտասուքից կարմրած աչքերը ներքին հուր և միևնույն ժամանակ սաստիկ տանջանք էին արտահայտում: Նա, կարծես, տենդի մեջ էր: — Լսի՛ր, Եվա, — շարունակեց նա ձայնն այնպես ցածրացնելով, որ համարյա շշնջում էր: — Լսիր. քեզնից այլևս չեմ կարող թաքցնել: Ես սիրում եմ քո եղբորը... սիրում եմ ոչ այնպես, ինչպես որ դու մինչև այժմ կարծել ես... Նա էլ ինձ է սիրում... Մենք բաժանվեցինք իրարից, որովհետև մեր միացումն անկարելի էր... Նա հեռացավ... Ես էլ հեռանում եմ... Մի ամբողջ տարի, տարուց էլ ավելի է, որ մենք իրար հետ առանձնապես ո՛չ մի հաղորդակցություն չենք ունեցել, որովհետև խոսք ենք տվել իրար մոռանալ... Բայց այդ հեշտ չէ, այդ անկարելի է... Գոնե ես չեմ կարողացել մոռանալ նրան և չեմ կարող... Գիշերցերեկ, ամեն ժամ, ամեն րոպե, չնայելով ինքս ինձ զսպելուն, ամբողջ սրտովս, ամբողջ էությամբս դեպի նա եմ ձգտել... Կարոտը, սաստիկ կարոտն անասելի տանջանք է պատճառել ինձ... Իսկ երեկ գիշեր այդ կարոտն այն աստիճան հասավ, որ չկարողացա խոստումնազանց չլինել և գրեցի այդ նամակը, որ այսօր քո ձեռքն է ընկել... Ճշմարիտ է, այդ նամակն ուզում էի ինչպես ամենքից, այնպես և քեզնից ծածուկ պահել, որովհետև... ա՜խ, Եվա, իմ անգի՛ն Եվա, մի՞թե կուզեի քեզ կորցնել, մի՞թե կուզեի, որ սառեիր ինձնից, մի՞թե կուզեի, որ ուրիշ աչքով նայեիր ինձ, չէ՞ որ այդ մահ կլիներ ինձ համար, թեև, երդվում եմ արևովս, այն՝ ինչ որ տածում եմ դեպի քո եղբայրը, սուրբ է, սրբությունից էլ բարձր և այդպես էլ կմեռնի, եթե միայն կմեռնի... հանցավո՞ր եմ արդյոք այդ սիրո մեջ և այն բանում, որ աշխատել եմ այդ սերը ծածուկ պահել քեզնից, չգիտեմ, քո դատաստանին եմ ապավինում, բայց... Նա խոսքը չվերջացրեց և դեմքը ծածկեց ձեռքերով: Եվան` ինչպես որ չորած էր նրա առաջ, այնպես էլ մնացել էր արձանացած: Աշխենի խոստովանութունն այնքան անակնկալ, այնքան հեռու էր նրա մտքից, որ նրան թվում է, թե երազումն է: Նրա դեմքը սառել, աչքերը չռած էին մնացել անմիտ արտահայտությամբ:

Նամակի մեջ գրում եմ այն, ինչ որ այժմ հայտնեցի քեզ, — շշնջաց Աշխենը, ձեռքերը դեմքից չհեռացնելով: — Հայտնում եմ, որ գնում եմ գյուղը և խորհրդածություններ են առհասարակ կնոջ և մասնավորապես իմ ապագայի գործունեության մասին: Ուզում ես, տամ կարդա:

Եվան վեր կացավ նրա առջևից և մեքենայաբար թափ տվեց փեշերը:

Ոչ, ի՞նչ հարկավոր է, — ասաց սառած ձայնով:

Որպեսզի չկասկածես:

Ոչ, հարկավոր չէ, — կրկնեց Եվան և հանգիստ քայլերով դիմեց դեպի իր սենյակի դուռը:

Աշխենը արագությամբ վեր կացավ, ուզեց բան ասել, բայց նորից ընկավ աթոռի վրա և դեմքը նորից ծածկեց ձեռքերով:

Եվան, առանց ետ նայելու, նույն հանգիստ քայլերով դուրս գնաց և դուռը կամաց ետ դրեց իր ետևից:

19

Եվայի առաջ իր խոստովանությունն անելով, Աշխենը կարծում էր, թե պիտի թեթևանա երկար ժամանակից ի վեր իր սրտի վրա ծանրացած գաղտնիքը, բայց ընդհակառակընրա տանջանքների վրա նոր տանջանք ավելացավ: Տեսնելով, առավելապես զգալով անկարեկից սառնությունը, որով Եվան ընդունեց իր խոստովանությունը, նրան թվաց, թե անդառնալի կերպով կորցրեց մի թանկագին բան. կորցրեց իր հեղինակությանը Եվայի առաջ, կորցրեց նրա սիրտը, կորցրեց նույնիսկ նրա հետ ունեցած ազգակցական բարոյական կապը: Այժմ նա լիովին զգաց, որ վերին աստիճանի կեղծ պիտի լինի իր դրությունն այդ տան մեջ և ապրել այնտեղ այլևս անհնարին կլինի իր համար: Նրան մխիթարում էր այն հանգամանքը միայն, որ այդ գիշեր պետք է հեռանար:

Աղախինը մտավ և ասաց, որ նրան սպասում են թեյ խմելու:

Ոչ թեյի ախորժակ ուներ, ոչ էլ ցանկություն Մարությանների մոտ գնալու: Երկյուղի և ամոթի նման մի անդիմադրելի զգացում ստիպում էր նրան խույս տալ Մարությանների աչքին երևալուց: Թեև ամենևին չէր կարծում, թե Եվան այնքան հիմար կլինի գտնված, որ իր խոստովանությունը հայտնած կլինի ծնողներին, այնուամենայնիվ նրան թվում էր, թե ամբողջ տունն արդեն իմացել է իր գաղտնիքը, և ամենքը խիստ թշնամական աչքով պիտի նայեն իրեն: Այդ ծանր տեսակցությունից գեթ առժամանակ ազատ մնալու համար ուրախությամբ կգնար օր.Սահակյանի մոտ, եթե արդեն ուշ չլիներ: Բայց սենյակում փակվելն էլ միտք չուներ, դրանով կարող էր կասկածի առիթ տալ: Ուստի գլխարկը վերցրեց, վերարկուն հանեց և դուրս գնաց դեպի սեղանատուն, աշխատելով ընդունել իր սովորական անտարբերությունը, որը, սակայն, այս անգամ հուսահատական համարձակության էր նմանում:

Սեղանի վրա քլթքլթում էր փոքրիկ մաքուր հեշտաեռը: Թեկլեն արդեն լցրել էր թեյի բաժակները և ջուր էր ավելացնում թեյնոցի մեջ: Նրա մոտ նստած էր փոքրիկ Սուրենը և մեղր ու կարագով հաց էր ուտում: Եվան նստած էր սեղանի ծայրին և այդ օրվա լրագիրը սեղանի վրա փռած ամբողջ մարմնով խոնարհվել էր նրա վրա: Մարությանը խալաթը հագին, նստած էր հեռու լուսամուտի մոտ և նույն օրվա մի ուրիշ լրագիր էր կարդում:

Ներս մտնելով, Աշխենը սովորական բարևը տվեց Մարության ամուսիններին և նստեց Եվայի դիմաց, սեղանի հակառակ ծայրին, ուր նստում էր միշտ: Եվան մինչև անգամ գլուխը չբարձրացրեց լրագրի վրայից: Նրա դեմքը դժգույն էր և վերին աստիճանի խաղաղ: Աշխենը նայեց նրան և այն կենտրոնացած հայացքից, որ նա հառել էր լրագրի վրա մի կետի, հասկացավ, որ նա ոչ միայն չի կարդում, այլև չի տեսնում իր առաջ փռած լրագիրը:

Մարությանը ձեռքին բռնած լրագիրը ծալեց, դրեց լուսամուտի տախտակի վրա և, աթոռը հետը վերցնելով, գնաց նստեց սեղանի մոտ, կնոջ դիմաց: Նա անմիջապես խոսք բաց արեց Աշխենի ուղևորության մասին և ավելորդ չհամարեց մի քանի խորհուրդ տալ նրան մի առանձին լրջությամբ, ինչպես առհասարակ խոսում էր եղբոր աղջկա հետ: Նա ցավ հայտնեց, որ գործերի խառն դրության պատճառով չի կարող ուղեկցել Աշխենին, թեև շատ է հոգում նրա ապահով կերպով տեղ հասնելու համար:

Աշխենը շնորհակալություն հայտնեց և հանգստացրեց նրան, ասելով, որ նրա ուղեկցությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չի գնում:

Այնինչ Թեկլեն զսպած դժգոհությամբ մի քանի նկատողություններ արեց Աշխենին և ուզում էր շարունակել, բայց ամուսինը մեղմությամբ սաստեց նրան, և Թեկլեն այլևս ոչինչ չասաց և մինչև վերջը, իբրև բողոքի ցույց, լռություն պահպանեց համառորեն և վիրավորված:

Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում: Լրագիրը շպրտել էր հարևան աթոռի վրա և մեջքից խոնարհված, գլուխը կախ` խպշտում էր թեյը, առանց բաժակը բարձրացնելու: Աշխենն ամբողջ ժամանակ երկյուղով դիտում էր նրան և չտեսավ, որ նա գեթ մի անգամ նայեր իրեն:

Հազիվ թեյը վերջացնելով, Աշխենը քաշվեց իր սենյակը: Երկար ժամանակ անցուդարձ էր անում ծանր մտատանջության մեջ, հետո արագ մոտեցավ վառարանին, որ հենց նոր վառել էր ծառան, գրպանից հանեց նամակը և շպրտեց բոցերի մեջ:

Նույն րոպեին դուռը կամաց բացվեց:

Նա դողաց և արագ դարձավ դռան կողմը:

Շեմքում կանգնած էր Եվան և անշարժ, համարյա անզգա հայացքով նայում էր ծրարին, որը կրակի բոցերի մեջ ծանր կերպով կարմրեց, սևացավ, ծայրերից ոլորվեց և ապա բոցավառվեց:

Այն նամակն էր, — ասաց Աշխենը, կարծես պաշտպանելով իրեն մի բանի դեմ:

Եվան հայացքը նրա վրա դարձրեց:

Ինչո՞ւ այրեցիր:

Այրեցի, որովհետև... այդ նամակը եղավ պատճառը, որ իմ ու քո միջև բացվեց այս... անդունդը:

Ի՞նչ անդունդ:

Չգիտեմ, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ մեր միջև արդեն ինչոր անդունդ է բացվել... թվում է, թե ես արդեն օտար և ատելի եմ քեզ համար: Չէ՞ որ դու արդեն գիտես, որ եղբորդ հեռանալու, իր ընտանիքից, իր հարազատներից անջատվելու գլխավոր պատճառն ես եմ, ե՛ս, որ այդ բանից հետո դեռ երես եմ ունեցել ձեր խնամքը վայելելու...

Հաջորդ էջ