Նար-Դոս՝   Պայքար

Դու չափազանց երկար ես խոսում և կրկնում ես միևնույնը, — ընդհատեց նրան Մանեն սառնորեն: — Կարճ կտրիր` ի՞նչ ես ուզում:

Այ, ասում եմ: Մնում էր մի ուրիշ ելք, — այն, որ գայի քեզ մոտ, պարզեի քեզ քո դրությունը և նորից խնդրեի, որ գայիր ամառ գյուղը տանեի քեզ, որովհետև, ինչպես այսօր էլ ասացի, քո այդ սերը ժամանակավոր մի հիվանդություն է, որ առաջացել է, անշուշտ, մենակությունից, պարապությունից, ձանձրույթից, և այդ հիվանդությունից բժշկվելու ամենալավ դարմանն այն կլինի, որ առժամանակ հեռու լինիս Բադամյանից, նոր անձեր, նոր բաներ տեսնես, նոր տպավորություններ ստանաս: Մինչև անգամ ես կարող էի տանել քեզ արտասահման, եթե... Բայց, — իսկույն վրա բերեց Վահանը, տեսնելով, որ Մանեն անհամբեր դժկամության նշաններ է ցույց տալիս, — այդպիսի բան այլևս չեմ առաջարկում քեզ, որովհետև, այն րոպեիը, որ եկա տեսա տանը չես, այդ րոպեին թողեցի մտադրությունս, որովհետև զգացի, իսկ այժմ համոզվում եմ, որ արդեն ուշ է

Դարձյա՜լ... դարձյա՞լ ուզում ես ինձ վիրավորել, — բացականչես Մանեն նորից հուզվելով:

Ներողություն, ներիր խնդրում եմ, — շտապով վրա բերեց Վահանը: — Ես այն չէի ուզում ասել, ինչ որ դու ես կարծում: Ես լիովին հավատում եմ, որ դու մաքուր ես մնացել

Լռի՛ր, լռի՛ր, անխի՛ղճ մարդ, — աղաղակեց Մանեն ձեռքերի մատները հյուսելով իրար մեջ, և նրա աչքերի մեջ ցոլացին հուսահատ անզորության արցունքի կաթիլներ: — Ո՞վ է քեզ իրավունք տվել, որ խոսում ես իմ մաքրության մասին... Ուզում ես, որ ես հանգիստ լսեմ քեզ, մինչդեռ ամեն րոպե, ամեն վայրկյան գրգռում ես ինձ, կոպիտ կերպով շոշափում իմ ամենանվիրական զգացումներս, խոսում ես այնպիսի բաների մասին, որոնց վերաբերմամբ չէի կամենալ հաշիվ տալ ո՛չ ոքի... Մի անգամ գլուխս քարովը տվի և խնդրեցի, որ օգնես ինձ: Այժմ չե՛մ ուզում... Լսո՞ւմ ես, չեմ ուզում: Ազատիր ինձ քո հոգացողությունից... խնդրում եմ ազատիր, աղաչում եմ, ազատիր և, եթե կարելի է, մոռացիր իմ գոյությունն անգամ...

Զարմա՛ցք, զարմա՜ցք, — արտասանեց Վահանը ուսերը թոթվելով: Նա մոտեցավ սեղանին, հանգած սիգարը ձգեց մոխրամանի մեջ, նայեց ժամացույցին և առավ գլխարկը: — Ազատում եմ քեզ իմ հոգացողությունից և գնում եմ: Ինձ մնում է միայն ասել այն, ինչ որ ասացի Բադամյանին, ես կատարեցի իմ պարտքը: Բարի գիշեր:

Նախասենյակում վերարկուն հագնելիս հարցրեց.

Դուռը կողպեքով չե՞ք կողպում գիշերները:

Մանեն դուրս գնաց նախասենյակ և լուռ սպասում էր, մինչև, որ Վահանը տնքտնքալով հագավ իր նեղ վերարկուն և հետևից ձիգ տվեց ներքև, որ մեջքի վրա գոյացած ծալքերը նստեն: Հետո եղբոր հետևից իջավ մինչև փողոցի դուռը: Վահանը բաց արեց դուռը և կանգ առավ ակամա:

Փողոցի մեջտեղով, փշշալով ու վշշալով, մի ամբողջ գետ էր վազում հեղեղի ջրերից գոյացած: Երկինքը սկսել էր պարզվել արևմուտքում, որտեղ արդեն երևում էին աստղերը մաքուր ու շողշողուն: Քամին գորշագույն ամպերը քշում էր դեպի արևելք, որտեղ երկինքը փայլատակում էր դեռ, սակայն որոտի ձայն այլևս չէր լսվում: Անձրևն այժմ մաղում էր միայն և, ըստ երևույթին, կտրվելու վրա էր: Մաքրված օդի մեջ զգացվում էր մի հաճելի ցուրտ թարմություն:

Այս ջրերից անցնելը խաթա է. կոշիկներս թուլուխ պիտի դառնան, — ասաց Վահանը, կռացավ, տնքտնքալով ետ ծալեց անդրավարտիքի տոտերը, վերարկուի օձիքը վեր քաշեց և ապա ցած թողեց ծղոտե գլխարկի շրջապատը հովանոցի ձևով: — Դե՛հ, մնաս բարյավ, առավոտվա գնացքով գնում եմ անպատճառ:

Գնաս բարյավ, — արտասանեց Մանեն և ակամա առավ եղբոր պարզած ձեռքը:

Վահանը նայեց նրա սառն դեմքին և ժպտաց դառնորեն:

Շատ հիմար կերպով ենք բաժանվում, չէ՞, — ասաց նա:

Քույրը ոչ մի խոսք չպատասխանեց:

Ափսո՜ս, — ակամա դուրս թռավ Վահանի բերանից: — Ի՛նչպես ընդունեցիր և ի՛նչպես ես ճանապարհ դնում... Ա՛յ թե որտեղ է ասված` «Շատ մի սիրիր. ատել կա: Բայց մի մոռանար մյուս դարձվածքի «Շատ մի ատիր, սիրել կա»... Ինչևիցե: Աստված վերջը բարի անի... Այս անձրևը լավ է: Ես վախենում էի, թե կարկուտ կգա: Անցած տարի խաղողիս կեսը փչացրեց անտերը: Դե՛հ, մնաս բարյավ: Շուտ փակիր դուռը, օդը զով է, քրտնած էիր կմրսես:

Եվ Վահանը դուրս գնաց:

Մանեն դուռը փակեց:

14

Գիշերվա մի ժամին Բադամյանը զարթնեց անկողնում և զգաց, որ մրսում է: Ամբողջ մարմնի մեջ ինչ-որ անհանգստացնող թմբիր էր զգում. բոլոր ոսկորները, մանավանդ սրունքների մեջ, մղմղում էին կատարվում: Հիշեց, որ այդ գիշեր Մանեին ճանապարհ դնելուց հետո տուն դառնալիս այն աստիճան թրջվել էր անձրևից և քրտնել, որ հազիվ էր կարողացել շորերը հանել անկողին մանելու համար. հետո վեր էր կացել և բաց արել լուսամուտը, որովհետև ննջարանում սաստիկ տոթ էր կանգնած: Լուսամուտն այդպես էլ բաց էր մնացել, և նրան թվում էր, թե այժմ այդտեղից ցուրտ քամի է փչում, բայց նա սաստիկ ալարում էր վեր կենալ և լուսամուտը փակել: Նա կոլոլվեց վերմակի մեջ, ծնկները պինդ ծալեց սրունքների մեջ զգացած մղմիղը հանգստացնելու համար և նորից քնեց:

Բայց այս անգամ շատ անհանգիստ էր նրա քունը: Նրան թվում էր, թե քնած չէ, վեր է կացել, ուզում է փակել լուսամուտը, բայց չի կարողանում, փեղկերը կպել են պատին, իսկ դրսից ցուրտ քամի է փչում, այն աստիճան ցուրտ, որ նրա ատամները զարկվում են իրար: Նա դառնում է, որ գնա նորից պառկի, բայց հանկարծ կանգ է առնում. նրա առաջ կանգնած է Վահանը իր հսկայական մարմնով և ասում է` «Ո՞ւր եք գնում»: Արյունը խփում է նրա գլխին, և նրան թվում է, թե հանկարծ կրակի բոցեր են պատում իր մարմինը: Ցնցողաբար բարձրացնում է ձեռքը, որ ապտակ տա նրա չաղ թշին, բայց մեկ էլ տեսնում է, որ իր առաջ կանգնած է ոչ թե Վահանը, այլ Մանեն ձեռքերի ափերը քունքերին դրած և ջշնջում է սաստիկ չռած աչքերով՝ «Բադամյան, մի՛թե այդ դուք եք... դուք…»: Բադամյանը ետուետ է գնում, զարկվում է լուսամուտի տախտակին, և ցուրտը սառույց է կտրում նրա մեջքը...

Բադամյանը շուռ եկավ մյուս կողքի վրա և տնքաց ողնաշարի մեջ զգացած ցավից: Նա բաց արեց աչքերը և տեսավ, որ արդեն լուսացել է:

Գիշերվա հեղեղից հետո առավոտը հիանալի էր: Ննջարանը ողողված էր արևի ջերմ ճառագայթներով: Բաց լուսամուտից երևում էր մաքուր երկինքը փիրուզի պես բաց կապույտ ու անփայլ: Սեղանի վրա ճկճկում էր ծոցի ժամացույցը: Դուրսը, լուսամուտի տակ, մածուն ծախող վրացի գյուղացին բղավում էր՝ «Մածո՛նի, մածո՛նի...»:

Բադամյանը վեր կացավ անկողնից շատ վատ տրամադրության մեջ: Պարզապես զգում էր, որ հիվանդ է: Մարմինը սարսռում էր. ծնկները ծալվում էին. գլուխը կապարի ծանրություն էր ստացել. աչքերի կապիճների և քունքերի մեջ երբեմնակի սուր ցավ էր զգում, գիշերը կիսաքուն անցկացրած արբած մարդու նման, թվում էր, թե ողնաշարը կորացել ու փետացել է և չի կարողանում շտկել, երբեմն-երբեմն շունչը կտրվում էր թիկունքի մեջ զգացած ծակոցներից:

Բայց և այսպես սովորական ժամին գնաց խմբագրատուն: Ամեն անգամ, որ խոնարհվում էր այս կամ այն հոդվածի կամ թղթակցության մեջ որևէ բան կամ նախադասություն ջնջելու կամ փոփոխելու համար, նրան թվում էր, թե գանգի մեջ ուղեղի տեղ ընկած է արճճի մի զանգված, որ ծանրորեն դիպչում է ճակատին և գլուխը քաշում է ներքև:

Մի կերպ վերջացնելով աշխատանքը, տուն դարձավ: Ախորժակն այնպես կապվել էր, որ հացի մի պատառ անգամ չառավ բերանը: Նրա ամբողջ մարմինը ձգտում էր դեպի անկողին, բայց նա կարեվեր ջանք էր գործ դնում չպառկելու, որովհետև կանխազգում էր, որ եթե պառկի, այլևս չպիտի կարողանա վեր կենա:

Մինչդեռ նա ուզում էր զնալ Մանեի մոտ, ուզում էր ասել նրան, որ գիշերվա իր վարմունքի գիտակցությունը սպանում է իրեն, որ այդ զիտակցության պատճառած անտանելի տանջանքից իրեն ազատել կարող է միայն նրա ներումն ու մոռացումը: Ներել և մոռանալայդ է փափագում միայն, փափագում է իր ամբողջ էությամբ, իր հոգու ամբողջ զորությամբ:

Այդ մտադրությամբ երեկոյան դեմ դուրս եկավ տնից: Քաղաքի փողոցները կամաց-կամաց լցվում էին ամառվա երեկոներին հատուկ ժխորով: Ամեն մի սուր ձայն, կառքի ամեն մի դղրդոց անտանելի ցավ էր պատճառում նրա հիվանդ ջղերին: Նա կանգ առավ տրամվայի կայարանում, սպասելով վագոնին, երբ հանկարծ առաջովը սլացող կառքերից մեկը գրավեց նրա ուշադրությունը: Այդ կառքի մեջ նստած էր Մանեի ամուսինըՍանթրոսյանըժոկեի գլխարկով և երկարաճիտ կոշիկներով: Բադամյանը ձեռքը մեքենայաբար տարավ դեպի գլխարկը, բայց Սանթրոսյանը, ըստ երևույթին, չտեսավ նրան, և կառքը սլացավ անցավ:

Երկար ժամանակ Բադամյանը նայում էր կառքի հետևից տեղնուտեղը քարացած, մինչև որ կառքը չքացավ նրա աչքից. հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ դրված երկայն նստարանի վրա, մի հաստ կնոջ կողքին, և չտեսավ տրամվայի վագոնը, որ եկավ մի-երկու րոպե կանգնեց կայարանում և, հաստ կնոջն ու մի քանի ուրիշ նստողներ ընդունելուց հետո, շարունակեց ճանապարհը զանգակը զրնգզրնգացնելով:

Սանթրոսյանի հանդիպումն այն աստիճան անակնկալ էր նրա համար, որ նա հարց տվեց իրեն, թե դա մի պատրանք չէ՞ր արդյոք, կառքի մեջ նստած մարդն արդյոք Սանթրոսյա՞նն էր, թե նրան նման օտար մի մարդ: Երբ անակնկալի առաջին զորեղ տպավորությանն անցավ, նա տեսավ, որ այդտեղ զարմանալի ոչինչ չկար. մարդը կորած չէր, երկարատև բացակայությունից հետո այսօր-վաղը գալու, էր, և ահա եկել է... Բայց ե՞րբ է եկել, երեկ գիշե՞ր, թե՞ այս առավոտ... թե՞ հենց նոր է գալիս: Բադամյանը շտապով հանեց ժամացույցը և նայեց, ժամը վեցին մոտ էր: Երկար ժամանակ նա աշխատում էր հիշել, թե այդ ժամին երկաթուղու որևէ գնացք արդյոք ժամանո՞ւմ է ԹիՖլիս. հետո վեր կացավ և դիմեց մոտիկ կանգնած մի ոստիկանի: Ոստիկանը չգիտեր: Վերջը մի կառապանից իմացավ, որ այդ ժամին ոչ մի գնացք չի ժամանում: Ուրեմն Սանթրոսյանն եկել է կամ երեկ գիշեր, կամ այս առավոտ (այդ ժամերին արդեն, — Բադամյանն այդ լավ գիտեր, — գնացքներ ժամանում էին Թիֆլիս):

Նորից նստեց նստարանի վրա և, բոլորովին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում շուրջը, անձնատուր եղավ մի ծանր մտատանջության: Արդյոք ե՞րբ է եկել Աանթրոսյանըգիշե՞րը, թե՞ այս առավոտ: Արդյոք ի՛նչ կլինի պատահած, եթե եկած լինի գիշերը, այսինքն այն ժամանակ, երբ Մանեն իր մոտ էր: Արդյոք ինչո՞վ կլինի բացատրած կնոջ տարաժամ բացակայությունը տնից և վերադարձը կես գիշեին: Իհարկե, հարցրած կլինի, թե որտեղ էր, և արդյոք ի՞նչ կլինի պատասխանած Մանեն... Այս և այդպիսի բազմաթիվ հարցեր մեկը մյուսի հետևից փոթորկի պես անցնում էին նրա գլխով, և նա չէր կարողանում կանգ առնել որևէ մեկի վրա, սառնորեն մտածել, դատել և հավանական պատասխանը գտնել: Բայց միևնույն էր, ամեն մի պատասխան դարձյալ կասկածելի պիտի լիներ նրա համար և չպիտի կարողանար հանգստացնել նրան, մինչև որ չիմանար, թե երբ էր եկել Սանթրոսյանը, — գիշե՞րը, թե այս առավոտ: Այս էր գլխվոր հարցը, որ սաստիկ մտատանջում էր Բադամյանին, և այն միտքը, թե Սանթրոսյանը կարող է եկած լինել գիշերը և իմացած լինել ամեն բան, սառն քրտինք էր դուրս կորզում նրա ճակատից: Իր համար չէր, որ վախենում էր նա, այլ Մանեի համար, որովհետև գիտեր, թե որ աստիճան անկեղծ էր իր սիրած այդ կինը և որքան անընդունակ սուտ խոսելու, իր ուր եղածը ծածկելու, իսկ ամուսնու նախանձն ինչե՛ր ասես չի կարող անել...

Հանկարծ մի անմիտ բուռն ցանկություն տիրեց Բադամյանին. — գնալ ուղղակի Սանթրոսյանի մոտ, խոստովանել նրան ամեն բան, ասել, որ Մանեն անմեղ է, առաքինի, հավատարիմ, մաքուր. ինչ որ պահանջելու է նրանից, թող պահանջի իրենից, ինչ որ անելու է նրան, թող անի իրեն, ինքն ամեն, ամեն բանի պատրաստ է, նույնիսկ իր կյանքն իր ձեռքով զոհաբերելու, միայն թե չվշտացնի նրան, չվիրավորի նրան, ձեռք չտա նրան... Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռք կտա, կհամարձակվի ձեռք տալօ՜, այն ժամանակ... Բադամյանի ջղերը սաստիկ լարվեցին, և նա վեր կացավ ակամա: «Կսպանեմ... աստված է վկա, կսպանեմ», — մտածեց նա և այդ րոպեին լիովին զգում էր, որ ուրիշ կերպ վարվել չէր կարող այն մարդու հետ, որը պատահական տերն էր իր պաշտած կնոջ, — այն կնոջ, որի մի կաթիլ արցունքը չէր փոխիլ ամբողջ աշխարհի հետ...

Բայց ամենից առաջ պետք էր իմանալ, թե երբ էր եկել Սանթրոսյանը: Ինչպե՞ս իմանար, ումի՜ց իմանար: Նրա միտն ընկավ Հեղինեն, որը թերևս այդ օրը տեսած լիներ ընկերուհուն, հետևաբար կիմանար, թե երբ է եկել նրա ամուսինը: Բադամյանն էլ երկար չմտածեց այդ մասին և անմիջապես դիմեց դեպի Հեղինեի տուն:

15

Հեղինեն տունը չէր: Ծառան Բադամյանին հրավիրեց սեղանատուն: Այստեղ Բադամյանը, բացի Հեղինեի խուլուհամր քրոջից` Uալոմեից, տեսավ և Նասիբյանին: Uալոմեն նստած էր հեշտաեռի առաջ և գուլպա էր գործում մատների զարմանալի արագ շարժումներով: Մայր մտնող արևի կարմրավուն ճաճանչները բոցավառվում էին բաց լուսամուտի ապակիների մեջ և այդտեղից անդրադառնում ոսկու պես պլպլացող փոքրիկ մաքուր հեշտաեռի ուռուցիկ փորի մեջ: Սեղանի հակառակ ծայրին դրված էին մի հոգու ճաշի դեռևս ձեռք չտված պարագաներ: Նասիբյանն արագ քայլերով անցուդարձ էր անում սենյակի երկարությամբ, անդադար կրծելով փոքրիկ բեղը շրթունքի մերթ ձախ, մերթ աջ կողմը: Զսպած հուզումից նրա խորշոմած պստիկ դեմքի վրա մկանունքները ցնցվում էին ջղաձգաբար, և խոշոր աչքերը փայլում ինչ-որ չարագուշակ կրակով: Ամեն բանից երևում էր, որ անհամբեր սպասողական դրության մեջ էր: Սալոմեն շուտ-շուտ վախեցած հայացքներ էր ձգում նրա վրա և սաստիկ անհանգիստ էր երևում: Բադամյանի գալուստը խիստ ուրախացրեց նրան: Նա վեր թռավ տեղից և Բադամյանին տարավ նստեցրեց իր մոտ:

Օրիորդը ո՞րտեղ է, շո՞ւտ կգա, — հարցրեց Բադամյանը բարձրաձայն, մոռանալով, որ ինչքան էլ բարձր խոսիմիևնույն է, Սալոմեն չի լսիլ:

Սալոմեն նրա առաջը քաշեց մի կտոր թուղթ ու մատիտ, որ մշտապատրաստ պահում էր իր մոտ: Բադամյանը գրեց իր հարցմունքը:

Սալոմեն կարդաց, թուղթը շուռ տվեց և մատով ցույց տվեց իր պատասխանը, որ գրել էր արդեն Նասիբյանի գրած նույն հարցմունքի տակ. «Չգիտեմ: Այսօր շատ ուշացավ»: Երբ Բադամյանը կարդաց այդ պատասխանը, Սալոմեն մտահոգ հայացքով ծածուկ նրա ուշադրությունը հրավիրեց Նասիբյանի վրա և գրեց հետևյալը. «Լավ է, որ եկա՛ք: Ես սաստիկ վախենում եմ այդ պարոնից: Մեկ հարցրեք՝ ի՞նչ է ուզում, ինչո՞ւ հանգիստ չի տալիս քրոջս»: Երբ Բադամյանն այդ էլ կարդաց, Սալոմեն վերցրեց թուղթը, ճմռեց և գրպանը կոխեց, երևի վախենալով, թե միգուցե Նասիբյանը կարդա:

Բադամյանը նայեց Նասիբյանին: Նասիբյանը շարունակում էր ջղային արագ քայլերով անցուդարձ անել սենյակում, և ամեն մի անցուդարձի ժամանակ վայրկենաբար հանգչում և նորից վառվում էին հեշտաեռի փորի մեջ լուսամուտի ապակիներից անդրադարձող արևի ճաճանչները:

Նասիբյան, ի՞նչ է պատահել, — հարցրեց Բադամյանը զարմացած, նոր նկատելով, որ նա չափազանց հուզված է:

Ինչ որ պատահել է կտեսնես, — արտասանեց Նասիբյանն ատամների միջից, քայլելիս մի պապիրոս հանեց, վառեց և լուցկին շպրտեց բաց լուսամուտից դուրս:

Էլի հին պատմությունը, — մտածեց Բադամյանը, որին շատ լավ հայտնի էին Նասիբյանի և Հեղինեի տարօրինակ հարաբերությունները: Նա այլևս չփորձեց որևէ բան իմանալու Նասիբյանից: Այդ միջոցին նրան ոչինչ չէր հետաքրքրում, նրան զբաղեցնում էր միայն այն տաժանելի միտքը, թե ե՞րբ էր եկել Սանթրոսյանը, և Հեղինեն կգիտենա՞ր արդյոք այդ:

Վերջապես եկավ Հեղինեն: Նա մտավ իրեն հատուկ աղմկալի քայլերով, մանկաբարձական գործիքների անբաժան պայուսակը ձեռքին, շոգից և արագ քայլելուց կարմրատած ու քրտնած: Նրան տեսնելուն պես Նասիբյանը կանգ առավ և դադարեց բեղը կրծելուց:

Հեղինեն ամենևին ուշադրություն չդարձրեց նրան կամ ցույց տվեց, թե ուշադրություն չի դարձնում, անցավ ուղղակի նրա քթի տակով, մի բարև շպրտեց Բադամյանին, պայուսակն ու փեղույրը դրեց լուսամուտի տախտակի վրա ու գնաց նստեց սեղանի մոտ:

Օ՛հ, մեռա, — ասաց նա, հոգնած ետ ընկավ աթոռի մեջքին, պենսնեն վերցրեց քթից և սկսեց թաշկինակով հով անել երեսին: Հետո, հանկարծ տեսնելով ճաշի պարագաները դարձավ քրոջը. — Այս ի՞նչ է: Ես ճաշել եմ: Հավաքել տուր այս բաները:

Սալոմեն հասկացավ նրան: Երկու քույրերն առհասարակ այնքան վարժվել էին, որ հասկանում և հասկացնեմ էին իրար ամեն բան առանց որևէ դժվարության. իսկ դժվար դեպքերում, երբ գրելը սրտամաշ մի բան էր, մանավանդ Հեղինեի համար, հասկացնում էին իրար մատներով, որոնց մի շարժումն առանձին տառի նշանակություն ուներ նրանց համար, իսկ այդ պայմանական տառերից նրանք ամբողջ բառեր և նախադասություններ էին կազմում: Բայց Հեղինեի ասածը հասկանում էր մեծ մասամբ նրա շրթունքների շարժումներից, այնպես որ Հեղինեն շատ անգամ իր ասելիքն ասում էր առանց որևէ ձայն հանելու, այլ միայն շարժում էր շրթունքները որոշակի: Առհասարակ կանանց և երեխաների ասածը Սալոմեն ավելի լավ էր հասկանում, քան տղամարդկանց ասածը, որոնց բեղերը խանգարում էին նրան նրանց շրթունքների շարժումը որոշակի նկատելու: Սալոմեն վեր կացավ, գուլպան դրեց աթոռի վրա և սկսեց իր ձեռքով հավաքել ճաշի պարագաները:

Անտանելի պաշտոն է մեր այս պաշտոնը, — ասաց Հեղինեն, դառնալով Բադամյանին: — Մի րոպե հանգստությո՛ւն չունենք: Մի տնից քարշ են տալիս մյուսը: Էլի վնաս չունի, եթե ցերեկն է պատահում այդ. բայց որ կեսգիշերին են գալիս, երբ անկողնումդ քաղցր քնած ես լինում, դե կարող եք, էլի երևակայել... Արի տես, որ մեր այս օրհնված կանայք էլ մեծ մասամբ գիշերներն են ցավում: Առհասարակ ես նկատել եմ, որ մարդկային արարածները աշխարհ են գալիս և աշխարհից հեռանում մեծ մասամբ գիշերները... Բայց ի՞նչ է պատահել ձեզ, Հիվա՞նդ եք, — հարցրեց նա պենսնեն դնելով և դիտելով Բադամյանի գունատ դեմքը:

Հա, մի քիչ մրսել եմ:

Եվ ի՞նչ, եկել եք որ բժշկե՞մ, — հարցրեց Հեղինեն ծիծաղելով և հանկարծ վրա բերեց, — հա՛, կարող եմ շնորհավորել ձեզ, Սանթրոսյանն եկել է:

Դուք ո՞րտեղից գիտեք այդ, — հարցրեց Բադամյանն ուրախացած, որ Հեղինեն ինքն սկսեց խոսել իրեն այնքան մտատանջող հարցի մասին:

Այս առավոտ տեսա նրան, այն ժամանակ, երբ կառքով տուն էր գնում կայարանից: Վահանն էլ հետն էր:

Բադամյանը սաստիկ թեթևացած շունչ քաշեց: Հարցը լուծված էր. Սանթրոսյանն եկել էր առավոտյան: Որեմն Մանեն ... «Ա՛խ, որքա՛ն սիրում եմ, որքա՛ն սիրում...» մտածեց Բադամյանը տանջող անձկությամբ:

Հեղինեն նայեց նրան խորամանկ ժպիտով:

Եկեք մի բան ասեմ, Բադամյան, չնեղանաք:

Ի՞նչ:

Դուք վախենում եք:

Ումի՞ց:

Ես ի՞նչ գիտեմ, — բացականչեց Հեղինեն և այս անգամ ծիծաղեց նույնիսկ վիրավորական կերպով:

Չնայելով իր ինքնազսպումին, Բադամյանն, այնուամենայնիվ շփոթվեց և ակամա հարց տվեց ինքն իրեն` հիրավի արդյոք Մանեի համա՞ր էր իր մտահոգությունը, թե իր անձի համար ևս...

Ես դեռ չտեսա մի մարդ, — շարունակեց Հեղինեն, — որ սիրելիս լինի ուրիշի կնոջը և սարսափելիս չլինի նրա ամուսնուց... Խնդրեմ, խնդրեմ, մի փորձեք համեմատել. ես գիտեմ, ինչ որ ասում եմ... Բայց զարմանալի երևույթ, այդպիսի բան կանանց մեջ չի նկատվում, կինն ամուսնացած տղամարդուն սիրած ժամանակ իսկի բանի տեղ չի դնում նրա կնոջը: Ինչո՞վ կբացատրեք այս:

Որովհետև այդպիսի կանայք սովորաբար պոռնկական բնավորություն են ունենում, — լսվեց նրա հետևից:

Հեղինեն, որ կարծես բոլորովին մոռացել էր Նասիբյանի ներկայությունը, ուսի վրայից նայեց նրան և ոչինչ չասաց:

Ճաշի պարագաները հավաքելուց հետո, Սալոմեն նստեց իր առաջվա տեղը, հեշտաեռի մոտ: Նա դարձավ քրոջը և ինչ-որ անախորժ ձայներ արձակեց:

Հեղինեն հասկացավ նրան և պատասխանեց վանկ-վանկ, աշխատելով որոշ արտահայտություն տալ շրթունքների շարժմանը:

Ու-շա-ցա, ո-րով-հե-տև ճա-նա-պար-հին բըռ-նե-ցին տա-րան ու-րիշ ծը-նընդ-կա-նի մոտ:

Սո՛ւտ ես ասում, — հանկարծ աղաղակեց Նասիբյանը և կանգ առավ դողալով:

Հեղինեն աթոռի վրա դարձավ դեպի նա:

Պարոն, ես քեզ խորհուրդ եմ տալիս, խելոք կաց, — ասաց նա սպառնալից հանգստությամբ: — Այսքան ժամանակ համբերեցի, բայց էլ մտադիր չեմ համբերելու, մեկ էլ տեսար ծառային կանչեցի և վզակոթիդ տալով փողոց շպրտել տվի:

Նասիբյանը փրփռաց:

Ի՞նչ ... ի՞նչ ... դեռ խոսում է՞լ ես ... դեռ սպառնում են է՞լ ես, — ֆշշացրեց նա ատամները սեղմած, ձեռքերը բռունցք կազմած և հետզհետե մոտենալով Հեղինեին սպառնագին:

Հեղինեն վեր թռավ տեղից և վերցրեց թեյի դատարկ բաժակներից մեկը:

Չմոտենաս, թե չէ` տեսնու՞մ ես այս բաժակը ... ճակատիդ վրա կփշրեմ:

Բադամյանին այստեղ ևս վիճակված էր նույն դերը կատարել, ինչ որ թատրոնի պարտեզում Վահանի և Նասիբյանի միջև պատահած ընդհարման ժամանակ: Նա վեր կացավ, գրկեց Նասիբյանի պստիկ մարմինը և հեռացրեց:

Բայց Նասիբյանն այդ բանից ավելի փրփրեց:

Թող, մի բռնիր, — աղաղակեց նա, անզուսպ կատաղությամբ խփելով Բադամյանի կրծքին:

Բադամյանը թողեց նրան, բայց ձեռքերով կապեց նրա ճանապարհը:

Այն ժամանակ Բադամյանի ուսի վրայից դառնալով դեպի Հեղինեն, Նասիբյանը շարունակեց աղաղակել.

Դու սուտ ես ասում, քեզ որ մի նոր ծննդկանի մոտ չեն տարել, այլ դու եղել ես այն պարոնի մոտ և նրա մոտ էլ ճաշել... Կարծում ես ես այդ չգիտե՞մ ... Ես ամեն բան գիտեմ, և ինձ չես կարող խաբել ... Լսու՞մ ես, չես կարող...

Խեղճ իմ գլուխ: Հապա ի՞նչ անեմ, որ չխաբեմ, ոտներս դողում են քեզնից, — ասաց Հեղինեն ծիծաղելով:

Ծաղրում էլ ես, հա՞ ... Ծիծաղում էլ ես, հա՞ ... Ես քեզ... կմորթեմ, — ճչաց Նասիբյանը:

Թե աստվածդ կսիրես, — ասաց Հեղինեն ավելի բարձրաձայն ծիծաղելով: — Այ քոսոտ, հավ որ մորթես, այն էլ մեծ քաջություն կլինի քո կողմից ... Բադամյան, ի՞նչ եք բռնել: Թողեք, իսեր աստծո, կկարծի թե իսկապես մի բան է, որ ձեռները բռնում են:

Բադամյանն ազատ թողեց Նասիբյանին: «Փու, ինչ զզվելի է...», — մտածեց նա:

Նասիբյանը կատվի պես հավաքեց իրեն, ըստ երևույթին պատրաստվելով հանկարծ ոստնել դեպի Հեղինեն:

Հեղինեն նորից վերցրեց թեյի դատարկ բաժակը:

Համարձակվիր մոտենալ, համարձակվել, — սպառնաց նա հաստատուն ձայնով:

Խուլ ու համր Սալոմեն, որ մինչև այժմ սարսափահար նայում էր մերթ Նասիբյանին, մերթ քրոջը, առաջ նետվեց Նասիբյանի ճանապարհը փակելու համար, բայց քույրն իսկույն բռնեց նրա թևից, նստեցրեց և, նորից դառնալով Նասիբյանին, կանչեց նույն հաստատուն ձայնով:

Արի ... քաջ ես, մոտեցիր:

Հեղինեի մարտակոչն այն աստիճան ազդու էր, որ Նասիբյանը տեղից շարժվել չկարողացավ: Նա ուզում էր խոսել, աղաղակել առաջվա պես, նույնիսկ ջարդել, փշրել, բայց այն գիտակցությունը, որ ինքը ոչինչ չի կարող անել, կապում էր նրա ձեռքն ու ոտքը և խեղդում էր նրան: Կարճ ժամանակ երկու ախոյան կանգնած էին իրար դեմ առ դեմ, երկուսն էլ լուռ էին, բայց մենանզոր կատաղությունից ինքն իրեն ուտելով, մյուսը հանգիստ և անսասան, բայց խիստ վճռական-սպառնական դիրք բռնեց:

Ես հիմա ոչինչ չեմ անիլ... ոչինչ չեմ կարող անել դժբախտաբար, — ասաց, վերջապես, Նասիբյանը ծանր շնչելով:

Թե աստվածդ կսիրես, — խաղրեց Հեղինեն:

Բայց ուրիշ անգամ ... կտեսնես ...

Եթե դու կհամարձակվես դարձյալ ոտ դնել այստեղ, ոտդ կփշրեմ:

Շատ բարի, շատ բարի, շատ բարի, — արտասանեց Նասիբյանը ատամների միջից, գլխարկը թռցրեց աթոռի վրայից և արագ քայլերով դիմեց դեպի Հեղինեն: — Բայց այժմ գիտե՞ս ինչ կասեմ քեզ: Ես կասեմ, որ դու ... ծախու արարած ես:

Եվ նախքան նա դուրս կգնար, ինչ-որ մի բան ուժգնորեն տրաքեց նրա ականջի մոտ, և ինչ-որ սուր-սուր բաներ մանրիկ սառույցների պես դիպան նրա երեսին: Դա թեյի բաժակն էր, որ Հեղինեն ձեռքի կատաղի թափով շպրտեց նրա հետևից: Բաժակը թռավ սեղանի մոտ նստած Բադամյանի գլխով, շեշտակի անցավ Նասիբյանի ականջի մոտով և, դիպչելով դռանը, տրաքեց ու փշուր-փշուր ցանուցիր եղավ հատկի վրա:

Նասիբյանը չքացավ սենյակից:

Տեսարանն այնքան տգեղ էր, որ Բադամյանն ակամա, դարձրեց երեսը, որպեսզի չնայի Հեղինեին: Նա իր մեջ վիրավորված էր տեսնում այն նուրբ զգացումը, որ տածում էր առհասարակ դեպի կին-արարածը, իսկ այդ րոպեին իր առաջ տեսնում էր ոչ թե մի կին, մի քնքուշ արարած, որի բոլոր գրավչությունն իր քնքշության մեջն էր, այլ մի կոպիտ տղամարդ, որը հարկավոր դեպքում պատրաստ է դիմելու բռունցքի:

Իսկ խեղճ Սալոմեն, մեռելի պես գունատված, նայում էր քրոջ դեմքին սարսափահար և, առանց այն էլ լեզու չունենալու, բոլորովին զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից: Հեղինեն կանգնած էր սեղանի մոտ և, գունատ, ամբողջ մարմնով ղողում էր կատաղությունից: Բաժակը շպրտելիս պենսնեն ընկել էր նրա քթից և ղայթանի վրա կախ ընկել նրա կրծքին:

Ա՛խ, թե մի կդիպչեր... ա՛խ, թե մի կդիպչեր, — ասում էր նա գոհացում չտեսած վրիժառության անզորությամբ: — Գժվում եմ, գժվում, որ մտածում եմ, թե ինչպես նա համարձակվում է այդպիսի իրավունքներ բանեցնել ինձ վրա, գոռալ հոխորտալ, այդպիսի անամոթ խոսքեր ասել երեսիսինչպե՛ս է համարձակվում... Այսպիսի բան տեսնված կա՞ աշխարհիս երեսին... Երեկվա քնձռոտ, քոսոտ շունը, որի առաջ խղճահարությունից մի քիչ հացի փշրանք եմ նետել, այսօր տեր ու տիրական է դառել գլխիս, հաշիվներ է պահանջում ինձնից, վիրավորում է ինձ ամենալիրբ կերպովԵվ այս բանն ես ստիպված եմ տանել ամե՛ն օր, շարունա՜կ... Սա ի՛նչ դրություն է, սա ի՛նչ դրություն է...

Հեղինեն ոտով դեն հրեց աթոռը, պենսնեն քթին դրեց և խիստ հուզված սկսեց անցուդարձ անել սենյակում:

Ո՛չ, բավական է, — աղաղակեց նա, — այլևս չեմ կարող դիմանալ: Մինչև այժմ ես միայն սպառնում էի, բայց չէի կատարում սպառնալիքս, իսկ այժմ... Ես կգնամ ոստիկանատուն և ապահովություն կպահանջեմ... Այսպես չի կարելիՄարդ հանգստություն չունենա մինչև անգամ իր սեփական տանը... Սա ի՜նչ դրություն է... Գոնե մի խոսքով, մի ամենահասարակ խոսքով կապված լինիմ նրա հետ, էլի կասեմ քարն իմ գլուխը, իրավունք ունի, բայց, ախր ես ո՞վ, նա ո՛վ, ի՞նչ կապ կա մեր մեջ... Մի բան, մի փաշա, մի սուլթան այն իրավունքները չի բանեցնիլ իր հարճի վրա, ինչ իրավունքներ որ նա է բանեցնում ինձ վրա... Սա գժվելու բան չէ՞...

Հատակի վրա ցրիվ եկած բաժակի փշուրներն ընկնում էին նրա ոտների տակ և տրխկալով ավելի ևս փշրվում. այդպիսի դեպքերում նա կանգ էր առնում, ոտով շպրտում էր փշուրները պատի կողմը և նորից շարունակում իր ջղային քայլվածքը:

Հանկարծ նա կանգ առավ Բադամյանի առաջ, որը, բոլորովին անտարբեր ու անզգա, նայում էր լուսամուտի ապակիներին, որոնց մեջ հետզհետե հանգչում էին արևի ճառագայթները:

Վիպասան մարդ եք, ահա ձեզ մի տիպ, հայոց ազգի ազատամիտի մի տիպ: Անաչառ եղեք, դուրս բերեք այդ տիպը: Ինչո՞ւ չեք դուրս բերում: Երևի կասեք, որ դա տիպ չէ, որ դա պարոդիա է: Բայց ո՞ր ազատամիտը մեզանում պարոդիա չէ, ասացեք խնդրեմ, ո՞ր ազատամիտը

Բադամյանն արմունկները դրեց սեղանի վրա, աչքերը փակեց և ճակատն ու քունքերը սեղմեց մատների մեջ: Նա սիրտ չուներ խոսելու. հազիվ թե լսում էլ էր Հեղինեի ասածները. զգում էր միայն, որ նրա ծկլթոցները սաստիկ գրգռում են իր ջղերը: Այժմ նա բոլորովին հիվանդ էր զգում իրեն. գլուխը սաստիկ ցավում էր. ճակատը մերթ սառում էր, մերթ վառվում, բերանի մեջ անհամություն էր զգում, կարծես դառն բան լիներ կերած, մեջքը և սրունքները կոտրատվում էին առավոտվանից ավելի սաստիկ անհուն փափագ էր զգում պառկելու և պինդ. սաստիկ պինդ ծալելու ծնկները:

Դուք լսում եք, հա՞, — շարունակեց Հեղինեն: — Լռո՞ւմ եք, որովհետև հաշիվներիդ չի գալիս, որ խոսեք, չէ՞: Դուք ստիպված եք չտեսնելուն տալ այս զազրելի տիպը որովհետև ձեր կուսակցությանն է պատկանում, չէ՞ ... Բայց իմացե՛ք, այսուհետև ես թքել եմ ձեր բոլոր կուսակցությունների վրա, որովհետև ձեր այդ կուսակցությունների անունը կա միայն, իսկ ամանումը... ցեխ կա միայն: Ես այժմ հասկանում եմ Վահանին, նա բոլորովին իրավունք ուներ արհամարհելու և ծաղրելու ձեզ բոլորիդ էլ, որովհետև ի՞նչ եք դուքֆրազյորներ և կապիկներ: Ձեզ որ փետրահան անեն, տակներիումդ մի-մի մղդսի դուրս կգա: Բայց ափսոս մղդսին. նա գոնե համբերատար է, իսկ ձեր հոգու խորքում մի-մի սուլթան կա նստած: Դուք ազատամիտ, մինչև անգամ չափազանց ազատամիտ եք, երբ գործը չի վերաբերում ձեր անձնականին, բայց հենց որ բանը գալիս է ձեր կաշուն, դուք ամենաթունդ խավարամիտից էլ խավարամիտ և, որ ամենագարշելին է, պարզապես բռնակալ եք դառնում: Ձեր այս անտանելի օդում խեղդվել կարելի է... Բադամյանը վեր կացավ:

Ներեցեք, ես գնում եմ:

Հեղինեն հանկարծ լռեց և զարմացած նայեց նրան:

Գնո՞ւմ եք:

Այո: Վատ եմ զգում ինձ:

Թե՞ նեղացար իմ խոսքերից:

Չէ: Ձեր խոսքերը, համենայն դեպս, ավելորդ էին, և դուք էլ իզուր եք այդքան տաքանում, մի՞թե չեք տեսնում, որ նա շատ էլ նորմալ վիճակի մեջ չէ...

Որ այդպես է, թող գնա գժատուն, ինչո՞ւ է ինձ մոտ գալիս:

Վերջիվերջո կգնա, ապահով եղեք:

16

Տուն հասնելուն պես Բադամյանը պառկեց: Մարմնի մեջ սաստիկ ցուրտ էր զգում, այնուհետև ջերմեց: Թիկունքի մեջ ծակոցները սաստկացել էին: Գիշերն անցկացրեց խիստ անհանգիստ: Սաստիկ տաքության մեջ նրան թվում էր, թե պտտվում վեգի պես և այդպես պտելով գլխիվայր սլանում է շեշտակի մի մութ անդունդ` լի ինչ-որ աղոտ-փայլուն բծերով` նման մանրիկ աստղերի:

Առավոտյան ծառային ուղարկեց ծանոթ բժշկի հետևից: Բժիշկը հանգստացրեց նրան, ասելով, որ ոչինչ չկա, հարկավոր է միայն տաք մնալ և քրտնել, և դեղ գրեց: Սակայն օրվա ընթացքում Բադամյանը նորից դողացրեց և ջերմեց: Երկրորդ օրը նկատեց, որ չոր կերպով հազում է: Այդ բանը վախեցրեց նրան: Բժիշկը նորից եկավ. այս անգամ ուշի-ուշով քննեց հիվանդի թոքերը և ասաց, որ հարկավոր է շատ զգույշ կենալ, և նոր դեղ գրեց:

Հաջորդ էջ