Նար-Դոս՝   Պայքար

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Սակայն այլևս ոչ մի զգուշություն և ոչ մի դեղ չօգնեց: Թոքերի բորբոքումը գնալով սաստկանում էր. օր-օրի վրա բարձրանում էր տաքության աստիճանը. հիվանդը չէր կարողանում ամոքել ծարավը կաթի և սելթերյան ջրի խառնուրդով, որ բժիշկը պատվիրել էր խմել ջրի տեղ: Իսկ հազը հետզհետե չորանում էր և ուժեղանում: Հինգերորդ օրվանից գիշերները, երբ տաքության աստիճանը խիստ բարձրանում էր, նա կորցնում էր ուշքը և զառանցում: Սակայն առավոտները համեմատաբար լավ էր լինում և կարողանում էր մտածել իր դրության մասին: Իսկ այդ դրությունը նրան հանաք բան չէր երևում: Նրան վախեցնում էր մանավանդ այդ չոր հազը, որ ուժգնության րոպեներին կարծես ուզում էր պոկել նրա թոքերն և դուրս շպրտել բերանից:

Ուշքը գլխին եկած ժամանակ նրա միտքը շարունակ պտտվում էր Մանեի շուրջը, և մի տարօրինակ եսական-վրեժխնդրական զգացում թելադրում էր նրան մեռնել: Նրա ջերմոտ երևակայությունը ստեղծում էր զանազան սանտիմենտալ տեսարաններ, և նա առանձին հաճությամբ կանգ էր առնում այն տեսարանի վրա, թե ինչպես ինքը պառկած է դագաղի մեջ, ձեռքերը կրծքին ծալած, գլուխն ուսին ծռած, վարդերի և ծաղիկների մեջ թաղված, և թե ինչպես Մանեն չոքած է դագաղի առաջ սև հագուստով և, դեմքը ձեռքերով ծածկած, հեկեկում է անմխիթար արցունքներով: Իսկ Սանթրոսյանը... Սակայն Սանթրոսյանի մասին Բադամյանի երևակայությունը ոչինչ չէր կարողանում ստեղծել, տեսնում էր միայն նրա ժոկեի գլխարկը և երկարաճիտ կոշիկները:

Ութերորդ օրը հիվանդի վիճակը բոլորովին վատացավ: Այդ օրը, երեկոյան դեմ, նրան առաջին անգամ այցելեց Հեղինեն:

Բադամյան, ի՞նչ է պատահել ձեզ, — հարցրեց նա՝ խոնարհվելով հիվանդի բոլորովին փոխված դեմքի վրա:

Բադամյանը, սաստիկ տաքության մեջ, շաղված աչքերով նայեց նրան, ինչ-որ շշնջաց և սպիտակած, կարծես կաթնոտ լեզվով սկսեց լպստել չորացած և տեղ-տեղ ճաքած շրթունքները:

Հեղինեն ձեռքի ափը դրեց նրա ճակատի վրա, ճակատը չոր էր մադաղաթի պես և այրվում էր վառարանի նման:

Այս ե՞րբ եք այսպես մրսել Անցած շաբաթ օր մեր տանն էիք, այն օրվանի՞ց եք պառկած:

Հիվանդը տենդից վառվող աչքերով նայում էր Հեղինեին և, ըստ երևույթին, չէր հասկանում, թե ինչ էր ասում նա: Հեղինեն ավելի խոնարհվեց նրա դեմքի վրա:

Բադամյան... Բժիշկ գալի՞ս է: Հիվանդը ափով դրական շարժում արավ:

Ո՞վ է նայում ձեզ:

Ի՞նչ...

Ո՞վ է նայում, ասում եմ, ձեզ:

Ծառան:

Բժիշկն այսօր եկե՞լ է:

Չգիտեմ:

Սաստիկ ջերմը մթագնել էր հիվանդի հիշողությունը: Խոսելիս նրա ձայնը հազիվ էր լսվում: Նա չէր դադարում շրթունքները լպստելուց, շնչում էր խիստ արագ և լսելի հեթեթոցով և վառվող, անմիտ, կարծես սարսափահար աչքերը չէր հեռացնում Հեղինեի դեմքից:

Հեղինեն անհանգիստ դրության մեջ էր. չէր իմանում գնա, թե մնա, երբ եկավ բժիշկը: Նրանք լավ ծանոթ էին իրար: Հիվանդի վիճակը լուրջ մտառությամբ քննելուց հետո բժիշկը փսփսաց Հեղինեի ականջին.

Դուք գիտե՞ք, որ դրությունը շատ վտանգավոր է:

Դա պարզ է, — նկատեց Հեղինեն: — Այս գիշեր անպատճառ կրիզիս կլինի: Վատն այն է, որ մարդ չկա մոտը: Ծառայի խնամքին թողնել անկարելի է: Դեղերը գրեթե ամենևին չեն գործածվում: Ես շատ սխալվեցի, որ հենց սկզբից չփոխադրեցի հիվանդանոց: Այժմ մնում է, որ մի ֆելդշեր կամ գթության մի քույր կանչենք:

Ի՞նչ եք կարծում, եթե մեր տուն փոխադրենք...

Ի՜նչ եք ասում... այս դրության մե՞ջ... Անկարելի է:

Իսկ եթե ես մնա՞մ:

Դո՛ւք... Դրանով, իհարկե, մեծ բարություն արած կլինիք:

Շատ բարի, կմնամ: Այսօր մի առանձին գործ էլ չունիմ:

Եվ Հեղինեն մնաց:

Բժիշկը նոր էր հեռացել, որ հիվանդի սենյակը մտավ Զաքարը: Հայտնի չէր որտեղից էր իմացել նա իր եղբորորդու հիվանդությունը և թեպետ չէր սիրում նրան և երկար ժամանակ չէր եղել նրա մոտ, բայց և այնպես արենակցական զգացումը ստիպել էր ծերունուն այցելելու հիվանդին: Ծերունին անձամբ ծանոթ էր Հեղինեին, լավ կարծիք չուներ նրա բարոյականի մասին, մանավանդ Նասիբյանի մոր պատմությունը լսելուց հետո, և այժմ կասկածանքով վերաբերվեց այն բանին, որ նրան տեսավ հիվանդի մոտ: Զաքարը նստեց հիվանդի մոտ, փորձեց խոսեցնել նրան, բայց Բադամյանը չճանաչեց ծերունուն: Հեղինեն խնդրեց Զաքարին, որ հիվանդին չանհանգստացնի, և դուրս տարավ նրան կից սենյակը: Եղբորորդու դրությանը, ըստ երևույթին, ծանր տպավորություն էր թողել Զաքարի վրա, բայց նա չէր կորցրել ծերունիներին հատուկ սառնասրտությունը: Կից սենյակումս նա ծանր ու բարակ նստեց աթոռի վրա և հարցրեց. — էս ո՞նց եղավ, որ մեռնում է:

Հեղինեն նայեց նրա թավ հոնքերին, և նրան ապշեցրեց այն անսասան խաղաղությունը, որ արտահայտում էին նրա աչքերը, նրա դեմքի ամեն մի խորշը: Այդ զառամյալ ծերունին կարծես թե հարցնում էր մի շատ հասարակ բան:

Ո՞րտղից հնարեցիք, թե մեռնում է, — նկատեց Հեղինեն դժկամությամբ:

Աչքերըաչքերը լավ չէին, — շշնջաց ծերունին կարծես ինքն իրեն: Մի քիչ լռելուց հետո, նորից իր թավ հոնքերի տակից նայեց Հեղինեի աչքերին և հարցրեց նույն խաղաղ ձայնով:

Տերտերին իմաց տվե՞լ եք:

Հեղինեն այս անգամ չկարողացավ զսպել իր զայրույթը:

Ինչե՛ր եք ասում, չեմ հասկանում, — բացականչեց նա, — եկաք-չեկաք, մեռնելուց և տերտերի մասին եք խոսում... Զոռո՞վ եք ուզում, ի՛նչ է, որ մեռնի:

Վերջին խոսքերը Հեղինեի բերանից դուրս թռան ինքնաբերաբար, և նա մտածեց, թե մի՞թե այդ փտած ծերունին պիտի հանդիսանար Բադամյանի ժառանգը, քանի որ Բադամյանն ուրիշ ոչ մի ավելի մոտիկ ազգական չուներ: Այդ միտքը բոլորովին վրդովեց նրան, և նա ավելացրեց ավելի ես զայրագին.

Հենց թեկուզ մեռնելիս էլ լինի, մի՞թե ձեր տերտերը պիտի փրկի:

Տերտերը չի փրկի որդի, բայց տերտերի տված հաղորդը կփրկի:

Ո՛նց չէ. որ հաղորդես, է՛, իսկույն ոտի կկանգնի:

Հաղորդը դեղ խո չի, որդի, որ առողջացնի: Հաղորդը հոգու համար է, որ սրբի մեղքերից: Մարմինը չի փրկիլ, բայց հոգին կփրկի:

Հոգի՛... ի՛նչ հոգի, — բացականչեց Հեղինեն գրգռված ոչ այնքան նրա խոսքերից, որքան նրա հանգիստ, դոգմատիկական տոնից: — Մարմինն ինքը հոգի է՝ քանի կենդանի է. իսկ երբ որ մեռնի, հոգի էլ ո՞րտեղից կլինի, որ փրկի...

Զաքարը լսում էր Հեղինեի խոսքերի տարափը վերին աստիճանի ապշած: Մինչև անգամ նրան տիրել էր սրբազան մի սարսափ, որ այնտեղ, կից սենյակում, մարդը պատրաստվում էր ավանդելու իր հոգին, իսկ այստեղ ուրանում էին այդ հոգու գոյությունը, հետևաբար և այն ահեղ դատաստանը, որի առաջ պատասխանատու, պիտի լիներ այդ հոգին իր երկրավոր մեղսալից կյանքի համար...

Բաս հոգի չկա, է՞լիհարցրեց նա: — Ու երբ որ հոգի չկա, բաս աստծու ահեղ դատաստան էլ չկա, է՞լի...

Չկա, բաս կա՞:

Բաս ավետարանը սուտ է ասում, է՞լի:

Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք, — գրգռված արտասանեց Հեղինեն և, որպեսզի ծերունին երկար չխոսի, դուրս գնաց հիվանդի սենյակը: Այնուհետև, երբ նորից դուրս եկավ այնտեղից, ծերունին արդեն պատրաստվում էր գնալու:

Ես ուրիշ բան չեմ ասիլ որդի, — ասաց Զաքարը: — Մենակ կասեմ՝ վա՛յ քու հոգուն վա՛յ, վա՛յ, հազար վայ... Դու որ աղջիկ ես, այդպես ես խոսում, բաս տղերքն ինչպես կլինեն խոսելիս... Ես զարմանում եմ, որ աշխարհը դեռ դիմանում է, չի կործանվում, ինչպես որ կործանվեց Սոդոմ-Գոմորը:

Ուրեմն, երևի շատ էլ մեղավոր չենք, որ չի կործանվում, — կծու կերպով նկատեց Հեղինեն:

Հը՛մ, սպասիր հալա, աստծու համբերությունն էլ վերջ ունի:

17

Զաքարը հիվանդի բնակարանից դիմեց դեպի Սանթրոսյանների տուն: Նա վերին աստճանի վրդովված էր Հեղինեի վարմունքից և ուզում էր իր սրտի մեջ ամբարած մաղձը թափել այնտեղ, ուր իրեն հասկանում և համակրանքով էին վերաբերվում:

Արևը նոր էր մտել և սենյակում դեռևս բավական լույս էր: Մանեն և սկեսուրը նստած էին ճաշասենյակում: Մանեն հավաքում էր թեյի պարագաները: Թեյը խմելուց հետո Սանթրոսյանը և Վահանը առանձնացել էին հյուրասենյակը, որ գտնվում էր ճաշասենյակին կից և որի դուռը բաց էր: Նրանք գործնական խոսակցության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին ճաշասենյակում:

Սանթրոսյանը հանքային գործին կպած էր ֆանատիկոսի եռանդով: Նա կազմել էր հսկայական ծրագիրներ ապագայի համար, բայց առայժմ Թիֆլիս էր եկել մի քանի դրամատերերի հետ բանակցելու և կնոջն ու մորն ամառանոց փոխադրելու նպատակով: Թիֆլիս հասած օրը երկաթուղու կայարանում հանդիպելով Վահանին, թռուցիկ կերպով պատմել էր նրան իր գործերի դրությունը և այդ գործերն ընդարձակելու մտադրությունը. հետո հիշելով, որ Վահանը փող ունի սկզբում կատակով, ապա լրջորեն առաջարկել էլ նրան, որ միանա իր հետ և միասին աշխատեն ապագա ընկերության հիմքը դնելու: Այդ բանը նստել էր Վահանի խելքում, և նա թողել էր այդ օրը գյուղ վերադառնալու մտադրությունը, որպեսզի մանրամասնորեն ծանոթանա գործերին և լրջորեն խորհրդակցի փեսայի հետ: Սանթրոսյանն իր հետ բերել էր հանքերի զանազան նմուշներ, որոնք թափված էին սեղանի վրա, և այդ բոլորը մի առ մի ցույց էր տալիս Վահանին ու բացատրում:

Մանեն ճաշասենյակից ականջ էր դնում ամուսնու և եղբոր խոսակցությանը և շատ ուրախ էր, որ նրանք ամեն օր զբաղված են իրենց գործերով և մի առանձին ուշադրություն չեն դարձնում իր վրա: Ամուսնու անակնկալ վերադարձից հետո նա այն դրության մեջ էր զգում իրեն, ինչ դրության մեջ որ, անշուշտ, զգում է իրեն հանկարծ ծուղակն ընկած թռչունը: Սկզբում նա սարսափեց, երբ եղբորն ամուսնու հետ տեսավ, բայց Վահանը փեսայի ներկայության ժամանակ քրոջ հետ վարվում էր այնպես, որ կարծես ոչինչ չգիտեր Մանեի գաղտնիքից և նրա հետ ոչ մի ընդհարում չէր ունեցել: Վահանի գործադրած այդ տակտը բավական հաշտեցրեց Մանեին եղբոր հետ: Ինչ վերաբերվում է Սանթրոսյանին, նա մի առանձին բան չնկատեց կնոջ մեջ, բացի միայն այն բանից, որ Մանեն բավական նիհարել էր:

Զաքարը չգիտեր, որ Սանթրոսյանն եկել է, և, երբ Օսանն ավետեց նրան որդու գալուստը, նա ուրախությունից մոռացավ Հեղինեի հետ ունեցած վրդովեցուցիչ խոսակցությունը և ճաշասենյակից անմիջապես անցավ հյուրասենյակ: Օսանը հետևեց նրան, իսկ Մանեն մնաց ճաշասենյակում:

Սանթրոսյանը ծերունուն ընդունեց շատ սիրալիր կերպով և կատակով հանդիմանեց նրան, որ այդպես ուշ է գալիս իր գալուստը ողջունելու: Զաքարն երդում-կրակ ընկավ, թե չէր իմանում, որ նա եկել է, թե չէ, որ իմանար... Ծերունին սկսեց հավատացնել թե ո՛ր աստիճան սիրում ու հարգում է Սանթոսյանին, թե որքան երախտապարտ է նրան...

Լավ, այդ թողնենք, — շտապեց ընդհատել նրան Սանթրոսյանը: — Դուք ինձ այս ասացեք՝ ինչպես եք, ինչպես չեք՛: Է՞լի խռով եք ձեր եղբոր որդու հետ:

Ծերունին նոր հիշեց, թե որտեղից էր եկել, և նրա ակներև ուրախությունը հանկարծ փոխվեց տխրության: Նա գլուխը գլուխը խոնարհեց կրծքին և խորը հառաչեց.

Եղբորս որդին մեռնում է, — ասաց նա:

Քա՛, ի՞նչ ես ասում, Աշո՞տը, — գրեթե ճչաց Օսանը շանթահար:

Նույն վայրկյանին ճաշասենյակից լսվեց ինչ-որ մի թխկոց, որից հետո հյուրասենյակում տիրեց խորհրդավոր լռություն:

Բան կոտրվե՞ց, — հարցրեց Զաքարը, գլուխը կամաց բարձրացնելով:

Վահանը վեր կացավ, արագ քայլերով անցավ, նայեց տան շեմքից դեպի ճաշասենյակ և տեսավ Մանեին, որ նստած էր սեղանի մոտ քարացած և մեռելի պես գունատ: Նրանց հայացքները հանդիպեցին իրար: Մանեն ձեռքերով պինդ բռնել էր սեղանի ծայրից, նայում էր նրան անմիտ, չռած աչքերով և կարծես թե հարցնում էր. «Այս ի՞նչ է, տունը շարժվո՞ւմ է…»:

Ի՞նչ պատահեց, — հարցրեց Սանթրոսյանը, իր հանգիստ ձայնով:

Վահանը ետ դարձավ:

Ոչինչ: Մանեն էր: Բաժակն ընկավ ձեռքից կոտրվեց:

Զաքարը ծանրորեն երերեց գլուխը:

Վատ նշան էշատ վատ նշան է, — արտասանեց նա:

Սպասիր, պարոն Զաքար, ինչպե՞ս թե մեռնում է, — հարցրեց Վահանը, խիստ հետաքրքրված ծերունու հաղորդած անակնկալ նորությունից:

Դե, մեռնելն ինչպես կլինի, որդի, մեռնում է, է՛լի: Այս րոպեիս նրա մոտիցն եմ գալիս: Ոչ ուշք կա գլխին, ոչ բան: Հանգել գնացել է: Հետը խոսեցի, չճանաչեց:

Քա, ինչի՞, ի՞նչ է պատահել, — սկսեց հարցուփորձ անել Օսանը կանանց հատուկ ցավակցական հետաքրքրությամբ:

Չեմ իմանում, Օսան ջան: Ես էլ պատահմունքով իմացա: Նա ինձ ե՞րբ էր բանի տեղ դնում, որ ժամանակին իմաց տար: Որ իմաց տար, երևի մի բան կանեի, որ անտեր չմնար: Թե չէ, հիմի ո՞վ է նրան մտիկ անողը: Մի ծառա ունի, մեկ էլ հրեն էն թուրքն է գնացել կողքին նստել:

Ի՞նչ թուրք:

Սոլիկենց Ստեփանի աղջիկը, աննամուսների աննամուսը: Թուրք, թուրքից էլ վատթար... Ասում եմ մեռնում է, տերտեր կանչենք, գա հաղորդի: Տերտերս ո՞րն է, հաղորդս ո՞րն է, ասում է: Բաս ասում եմ, հոգին: Ուզում ես, որ մեղավոր հոգով գնա աստծու ահեղ դատաստանի առաջը կանգնի՞: Ինչ դատաստան, ի՛նչ հոգի, ասում է: Հոգին մարմինն է, մարմինը մեռավ, ասում է, հոգին էլ մեռավ: Պրծա՛վ գնաց:

Բադամյանի ծանր հիվանդության լուրը մի առանձին տպավորություն չգործեց Սանթրոսյանի վրա: Թեև Բադամյանը, իբրև, հեռու-մոտիկ ազգական, նրա տուն գնում-գալիս էր հաճախ, բայց Սանթրոսյանը, թե ամուսնությունից առաջ և թե հետո մեծ մասամբ բացակա լինելով Թիֆլիսից, միջոց չէր ունեցել այնպիսի մոտիկ հարաբերություն հաստատելու նրա հետ, ինչպես մայրն ու կինը:

Վահանը թեև աշխատում էր արտաքուստ անտարբեր ձևանալ և նույնիսկ այն ժամանակ, երբ Զաքարը խոսում էր Հեղինեի մասին, աչքով էր անում Սանթրոսյանին և աշխատում էր ժպտալ, բայց և այնպես մի տարօրինակ անհանգիստ դրության մեջ էր. մերթ նստում էր, մերթ վեր էր կենում, ման էր գալիս սենյակում, և նրա ամբողջ ուշադրությունը ճաշասենյակի կողմն էր: Հետո նա դուրս գնաց այնտեղ և, սեղանի վրայից խոնարհվելով դեպի քույրը, շշնջաց.

Աստվածդ սիրես, Մանե, ուշքդ հավաքիր: Այդպես չի կարելի: Երեսիդ գույն չկա: Ծերունին երևի չափազանցնում է: Այնպես արա, որ բան չնկատվի:

Մանեն նստած էր արձանացած, մեծ-մեծ աչքերով նայում էր եղբորը, և նրա անմիտ հայացքիդ երևում էր, որ չէր հասանում, թե ինչ է ասում Վահանը: Վահանը իր ձեռքով մի բաժակ թեյ լցրեց, դուրս տարավ դրեց Զաքարի առաջ:

Այն թուրքի դատաստանը որ քեզ տան, պարոն Զաքար, ի՞նչ կանես, — հարցրեց նա, նստելով ծերունու մոտ:

Ես ի՞նչ դատաստան անող եմ, որդի, աստծուն հայհոյողի դատաստանն աստված պետք է անի: Եվ կանի, կտեսնես, որ կանի:

Օսանը վեր կացավ և դուրս գնաց հարսի մոտ:

Քա, իմացա՛ր ինչ ասեց Զաքարը:

Մանեն գլխով դրական պատասխան տվեց, կարծես զրկված խոսելու ընդունակությունից:

Օսանն այն աստիճան ազդված էր ծերունու հաղորդած անսպասելի նորությունից, որ չնկատեց հարսի տարօրինակ դրությունը: Նա շարունակ ախ ու վաշ էր քաշում և նրա ջրակալած աչքերն արտասուքի առատ կաթիլներ էին թափում ներքև:

Մանեն նստած էր հանգիստ, անմիտ հայացքով նայում էր սկեսրոջ այտերի վրայով գլորվող արտասուքի կաթիլներին, լսում էր նրա երկար ու բարակ վշտահար խոսքերը և ամենևին ձայն չէր հանում: Նրան թվում էր, թե վերացել է աշխարհից, կորցրել է մտածելու և զգալու ընդունակությունը և ամեն բան, ինչ որ տեսնում է ու լսում, կատարվում է մի ծանր մղձավանջի մեջ:

Զաքարը չկարողացավ երկար մնալ Սանթրոսյանի մոտ. մինչև անգամ ձեռք չտվեց թեյի բաժակին և վեր կացավ:

Գնում եմ տերտեր տանեմ, չեմ թողնիլ, որ ջահել հոգին կորչի: Եվ դուրս կանեմ այն թուրքին, դուրս կանեմ: Ի՞նչ բան ունի, որ ներս է խցկվել:

Ծերունին ամբողջապես դողում էր հուզումից, և դուրս գնալիս տարօրինակ կերպով առաջ էր ընկել նրա սպիտակ գլուխը:

Ճաշասենյակում նրան բռնեց Օսանը:

Ո՞ւր ես գնում:

Գնում եմ տերտեր տանեմ, այն թուրքին էլ դուրս անեմ:

Սպասիր, ես էլ եմ գալիս:

Օսանը շտապով դուրս գնաց հագնվելու, իսկ ծերունին նստեց սեղանի մոտ, Մանեի դիմաց, և սպասում էր նրան

Նա ջահել էր, մեղքեր շատ էր գործել շա՜տ: Ո՞վ ջահել ժամանակը մեղքեր չի գործում: Բայց որ հայ-քրիստոնյան մեռնելիս չհաղորդվի. էլ ի՞նչ երեսով պետք է գնա կանգնի աստծու դատաստանի առաջ: Մեր աշխարհային դատաստանը չէ, է՛, որ խտրես, աստծու դատաստանն է, վերջին դատաստանը, ահե՛ղ դատաստանը...

Մանեն նայում էր ծերանուն, լսում էր նրան և անհուն ցանկություն էր զգում գլուխը դնելու սեղանի վրա և լալու, լալու, հավիտյան լալու:

Օսանը վերադարձավ քիշմիրի սև շալը ծածկելով ուսերին: Շտապելուց նրա ձեռքերը դողում էին, իսկ գլուխը սովորականից ավելի խիստ կերպով էր շարժվում:

Մանե ջան, — ասաց նա, — բան է, որ տեսնեմ շատ վատ է, կմնամ, չեմ գալ այս գիշեր:

Մանեն քիչ էր մնում վեր թռչեր տեղից ու աղաղակեր «Ես էլ եմ գալիս…», բայց նա տեղնուտեղը քարացավ, որովհետև այդ միջոցին հյուրասենյակից դուրս եկավ ամուսինը Վահանի հետ:

Մայրիկ, դու էլ ես գնո՞ւմ, — հարցրեց Սանթրոսյանը:

Բաս ի՞նչ անեմ, որդի: Ես էլ որ չգնամ, ո՞վ պետք է մտիկ տա այն անտեր՝ անտիրական որբին: Չորանան նրա մոր ոսկորները, ոնց որ չորացել են...

Օրիորդ Սոլիկյանը նրա մոտ է, ասում է:

Ի՛հ, հողեմ նրա լպստած գլուխը: Զաքարը խո սուտ չի ասում: Լավ աղջիկը ի՞նչ գործ ունի ջահել տղի մոտ: Նա ո՛վ, նա ո՛վ...

Խե՛ղճ մայրիկ, — ասաց Սանթրոսյանը, երբ մայրն ու Զաքարը դուրս գնացին, — մի հեռավոր ազգականի համար որ այդքան վշտանում է, հապա ի՞նչ պիտի անի, որ ե՞ս լինեմ մեռնելիս: Այն ո՞ր բանաստեղծն է, Մանե, որ ասում է, «Ես մի արցունք միայն տեսա իսկական, — այն մոր արցունքն էր անզուգական»... Բայց ի՞նչ է պատահել քեզ. երեսիդ գույն չկա: Հիվա՞նդ ես:

Մանեն ցնցվեց և ձեռքով շփեց ճակատը:

Չգիտեմ... Բաժակը... Կարծեմ վախեցա, — արտասանեց նա կամաց:

Զարմանալի արարածներ են այս կանայք, — բացականչեց Վահանն ուրախացած, որ Մանեն կարողացավ պատրվակ գտնել իր դրության իսկական պատճառը ծածկելու ամուսնուց: Բաժակ կոտրվի` կվախենան, մուկ վազի՝ կվախենան: Բան չկա, սիրելիս, վեր կաց մի քիչ ջուր խմիր, կանցնի: Վեր կաց:

Մանեն տեղից անգամ չշարժվեց:

Դե վեր կաց, մի համառիր, — խնդրեց Սանթրոսյանը:

Մանեն կամաց վեր կացավ և անհաստատուն քայլերով դուրս գնաց:

Վահանը այժմ մտածում էր, թե ինչպես անի, որ Սանթրոսյանին հեռացնի տնից: Սակայն Սանթրոսյանն ինքը հայտնեց, որ այդ երեկո ժամը 8-ին ժամադիր է եղել մի դրամատերի հետ և գնալու է նրա մոտ:

Այժմ արդեն ութին մոտ է, — ասաց նա նայելով ժամացույցին: — Խնդրում եմ մնացեք Մանեի մոտ, իսկ ես կաշխատեմ շուտ գալ:

Վահանը մնաց: Սակայն շուտով տեսավ, որ իր ներկայությունն ավելորդ էր, որովհետև հենց այն րոպեին, երբ ուզում էր հաղորդել քրոջը, որ զգույշ մնա, Մանեն վճռականերեն խնդրեց, որ իրեն հանգիստ թողնի:

Եվ Վահանը հանգիստ թողեց Մանեին, առաջվա փորձերից խրատված:

18

Գիշերը կամաց-կամաց մոտենում էր: Մութ ստվերներն աննկատելի կերպով դուրս էին սուլում սենյակների անկյունններից, սեղանների, աթոռների տակից, իջնում էին առաստաղից, բարձրանում էին հատակից, միախառնվում էին իրար հետ, թանձրանում և կլանում առարկաները: Եվ որքան ժամանակն անցնում էր, և մութը թանձրանում, այնքան Մանեն զգում էր, որ ուղեղի մեջ ցնցված է ինչ-որ մի բան և դուրս չի գալիս այնտեղից: Հետո միայն իմացավ, որ այդ բանը սկեսրոջ խոսքերն էին` «որ տեսնեմ շատ վատ է, կմնամ, չեմ գալ այս գիշեր»: «Կգա՞ արդյոք, թե ոչ», — մտածում էր Մանեն և սպասում: Ժամանակն անցնում էր սպանիչ դանդաղությամբ: Ամայի սենյակներում, գիշերային անդորրության մեջ ականջները թշշում էին: Քարացած օդը լցվում էր ինչ-որ մրմունջով անըմբռնելի, խորհրդավոր և ահավոր, մեռնողի վերջին շունչի պես:

Մանեն դուրս գնաց պատշգամբ:

Հսկայական տների հետևից քաղաքի գլխավոր փողոցն ուղարկում էր իր դեռևս եռուն կյանքի խուլ աղմուկը, որ գալիս էր մեռնելու այստեղ, այս խաղաղ փողոցում: Դիմացի տան պատուհանները լուսավորված էին պայծառ: Ներսը ասուեգործ վարագույրների ցանցի հետևը կանանց և տղամարդկանց ստվերներ էին շարժվում, և երբեմն-երբեմն շատ պարզորոշ լսվում էին նրանց խոսակցության և ծիծաղի ձայները: Դաշնամուրի և ջութակի ներդաշնակ ձայների մի ամբողջ հեղեղ էր դուրս հոսում այդ պատուհաններից, մերթ ուրախ և բուռն՝ զորահանդեսի ելած զինվորների աղաղակի պես, մերթ տխուր ու թախծալի, ինչպես թաղման նվագածությունը: Ջութակը լեզու էր կտրվել, խոսում էր, աղերսում, լալիս էր հուսահատ հեկեկանքով, — թվում թէ, թե մեռնում և փրկություն հայցում. իսկ դաշնամուրը, անհուն վիշտը սեղմած կրծքի մեջ կարծես թե աղոթք էր մրմնջում մեռնողի վրա իր պեդալի խուլ ձայներով...

Մանեն զգաց, որ ինչ-որ մի բան կամաց-կամաց բարձրանում է իր սրտի խորքից և բռնում է բուկը: Նա նստեց և տաքացած ճակատը սեղմեց պատշգամբի երկաթյա սառն վանդակի վրա: «Մեռնում է, — մտածում էր նա: — Ինչո՞ւ ինչ է պատահել... Կարելի բա՞ն է այդ... Ո՞ւմ պատճառովմի՞թե իմ... մի՞թե ինձ համար...»:

Մի բարձրաձայն խմբական քրքրիջ ուշքի բերեց նրան: Նա գլուխը բարձրացրեց և մեքենայաբար նայեց դիմացի տան ճրագավառ պատուհաններին: Դաշնամուրը լռել էր, իսկ ջութակը նախկին վշտահար հեծկլտանքի տեղ այժմ ինչ-որ անասնական ձայներ էր հանում, մերթ խռխռացնում էր խոզի պես, մերթ մլավում կատվի պես, մերթ ծվծվում մկան պես...

Մանեն վեր կացավ, ներս մտավ և անցավ ներքին սենյակները, որպեսզի չլսի այդ անտանելի ձայները:

Սկեսուրը վերադարձավ: Այդ բանը, ուրախացնելու տեղ, զարմացրեց Մանեին, նա կարծես թե վճռել էր, որ այդ գիշեր Բադամյանը պիտի մեռներ անպատճառ, հետևաբար Օսանը պիտի մնար նրա մոտ նրա աչքերը փակելու:

Սկեսուրը սաստիկ բարկացած էր, Հեղինեն չէր թողել, որ նա մնա հիվանդի մոտ, ասելով, որ պառավի ներկայությունն ավելորդ է և խանգարել միայն կարող է, ուստի նրան էլ Զաքարին էլ պարզապես դուրս էր արել: Տերտերին անգամ ուզում էր ներս չթողնել, բայց քաշվեց: Իսկ հիվանդի դրությունը շատ վատ էր. հաղորդությունն ընդունելիս ամենևին ուշք չկար գլխին: «Չէ, չի լուսացնիլ այս գիշեր», — վերջացրեց իր պատմությունն Օսանը:

«Չի լուսացնիլ այս գիշեր», — այս խոսքերն ընկան Մանեի ուղեղը և այնուհետև երկար ժամանակ պտտվում էին այնտեղ, լարված մեքենայի անիվի պես: Խիստ անհանգիստ, դրության մեջ, նա չէր իմանում ինչ անի, ինչ մտածի, մերթ նստում էր, մերթ վեր կենում, նորից նստում, բաց էր անում որևէ գիրք, բայց, առանց մի բառ անգամ կարդալ կարողանալու, նորից վեր էր կենում, ման գալիս, և ամբողջ ժամանակ նրա միտքը կրկնում էր մեքենայորեն` «չի լուսացնիլ այս գիշեր...»: Այդ միջոցին նա ոչինչ չէր զգում. զգում էր միայն, որ սպասում է ինչ-որ մի բանի և այդ սպասողությունը հետզհետե փոխվում է ջղային անհամբերության: Հետո պարզապես տեսավ, որ սպասում է, թե երբ պիտի քնի սկեսուրը:

Երբ, վերջապես, սկեսուրն առանձնացավ իր ննջարանը, մի տարօրինակ երկյուղ պաշարեց Մանեին: Անշարժ կանգնած, նա կարճ ժամանակ ուշիուշով ականջ էր դնում դեպի նախասենյակը, և ամեն մի շրշյուն արագ զարկել էր տալիս նրա սիրտը: Հետո կամաց հանեց գլխի ամառվա թեթև ծածկոցը, ծածկեց այնպես, որ միայն աչքերն էին երևում և զգուշորեն, կարծես մի բան գողացած, դուրս եկավ:

Առաջին երկու փողոցն անցավ գրեթե վազելով, հետո զգալով, որ ծնկները ծալվում են, և շունչը հազիվ է ետ բերում, կառք նստեց:

Մի տասը րոպեից կառքը կանգ առավ Բադամյանի բնակարանի առաջ:

Դուռը ներսից փակ էր: Նա ուշադրություն չդարձրեց այդ բանի վրա, արագորեն բարձրացավ սանդուղքով, որի ժամանակ ոտներն ամեն քայլափոխին խճճվում էին շրջազգեստի փեշերի մեջ, և մտավ առաջին սենյակը: Այստեղ, գրասեղանի վրա, կանաչ լուսամփոփի տակ վառվում էր լամպը, և մի մոմ բրոնզյա մոմկալի մեջ: Պատուհանի տախտակի վրա դրված էր կանացի մի փեղույր: Սենյակում ոչ-ոք չկար: Հսւրևան սենյակի դուռը կիսաբաց էր: Այնտեղից ոչ մի շշուկ չէր լսվում:

Մանեն կամացուկ բաց արավ այդ դուռը, ներս մտավ և կանգ առավ ակամա զարհուրած սենյակում լսվող մի տարօրինակ շնչառությունից և մանավանդ կիսախավարից, որպիսին լինում է սովորաբար մեռնողի սենյակում գիշեր ժամանակ:

Սենյակի մի անկյունում դրված էր հիվանդի մահճակալը: Գլխավերևը, մահճակալի հետևը, կլոր սեղանի վրա վառվում էր մի ցածրիկ մոմկալ սև մարմարի պատվանդանով: Ճրագը լուսավորում էր միայն մահճակալի հետևը և մեռած փայլ էր տալիս պատի պաստառի ոսկեզօծ նկարներին: Մահճակալի կողքին, բարձի մոտ, դրված էր եռոտանի կլորիկ սեղան, որի վրա դարսված էին դեղերի սրվակները և ճկճկում էր Բադամյանի ծոցի ժամացույցը:

Զգալով, որ արյունը սառում է երակների մեջ, Մանեն ոտների մատների վրա մոտեցավ հիվանդին և խոնարհվեց նրա դեմքի վրա: Բայց այդ դեմքը պարզ նշմարել չկարողացավ սենյակում տիրող կիսախավարի մեջ: Այն ժամանակ առավ մոմկալը և, գլխից բաձր բռնած, սկսեց դիտել Բադամյանի դեմքը:

Հիվանդի աչքերը փակ էին. երեսն էլ, կարմիր էր կտրվել. շնչում էր ծանր ու հատու, և երբեմն չոր հազի շատ թույլ ձայներ էին դուրս թռչում նրա բաց բերանից: Երկայն փափուկ մազերն անկարգ խոպոպիկներով շաղ էին անցել բարձի վրա: Մանեն առավ նրա ձեռքը և իսկույն բաց թողեցայնքան տաք էր ու չոր:

Բադամյա՛ն, — շշնջաց նա:

Հիվանդը չլսեց: Նա պառկած էր անշարժ. շնչում էր ոչ թե քթով, այլ բաց բերանով, և այդ շունչը դիպչում էր Մանեի երեսին բաղնիքի գոլորշու պես խոնավ ու տաք:

Բադամյան, — կրկնեց Մանեն, ավելի ևս խոնարհվելով հիվանդի դեմքի վրա: — Բադամյա՛ն... Չե՞ս լսում

Հիվանդի աչքերն այս անգամ բացվեցին ծանրորեն, ավտոմատի աչքերի պես, և, փոխանակ Մանեին նայելու, նայեցին ճրագի լույսին ու նորից փակվեցին նույն ծանրությամբ:

Մանեն սոսկաց: Այդ Աչքերըայդ հայացքըանգիտակից, զգայազուրկ, ֆոսֆորային հայացքը... Մի՞թե արդեն մեռնում է... Մանեն մեքենայաբար նայեց չորս կողմը, կարծես ուզում էր օգնություն աղաղակել, բայց սենյակում, բացի իրենից և հիվանդից, ուրիշ ոչ nք չկար: Նոր հիշեց, որ Հեղինեն այդտեղ պիտի լիներ, բայց նա չկար: Ծառան ևս չէր երևում: Մանեն նորից խոնարհվեց հիվանդի դեմքի վրա, նորից սկսեց կանչել նրան, բայց Բադամյանի աչքերն այլևս չբացվեցին: Հիվանդը պառկած էր առաջվա պես անշարժ և առաջվա պես շնչում էր կիսաբաց բերանով ծանր ու հատու: Հիվանդությունը միանգամայն փոխել էր նրա դեմքը. դա կարծես Բադամյանը չէր, այլ բոլորովին անծանոթ մի մարդ խոր ընկած աչքերով, դուրս ցցված այտոսկրերով և սուր քթով, որը պլպլում էր մահվան դեղնությամբ:

Մանեն մոմկալը դրեց առաջվա տեղը և նստեց մահճակալի մոտ դրված աթոռի վրա: «Սա երազ է... անշուշտ երազ է, — մտածում էր նա մեքենայաբար: — Մեռնելինչի՞ց... ինչո՞ւ համարայսպես հանկարծ... այսպես անակնկալ..» Նա հայացքը հառել էր հիվանդի փակ աչքերին, որոնք կիսախավարի մեջ թվում էր թե փակ չեն, այլ բաց են և խոռոչները, ամբողջովին սև ու դատարկ, նայում են առաստաղին ինչ-որ ահարկու խորհրդավորությամբ:

Հիվանդը տնքաց, շարժվեց, ձեռքերով ետ քաշեց վերմակը կրծքից, և, խիստ տաքության մեք, սկսեց զառանցել: Մանեն ցնցվեց և լարեց իր ամբողջ լսողությունը, բայց հիվանդի զառանցանքից ոչինչ չհասկացավ: Անկապ խոսքեր էին միայն, որ դուրս էին գալիս հիվանդի բերանից կիսատ կամ աղավաղված, ինչպես լեզուն կապված անդամալույծի արտասանած բառեր: Մեջ ընդ մեջ նա լեզվի ծայրով լպստում էր շրթունքները և բերանը շարժում տարօրինակ կերպով, կարծես բերանում ատամներ չուներ և այդ անատամ բերանով ինչ-որ փափուկ բան էր ծամում: Այնուհետև հիվանդը հանգստացավ և նորից առաջվա դրության մեջ ընկավ:

Մանեն գամվել էր աթոռի վրա: Նա պարզ հաշիվ չէր կարողանում տալ իրեն, թե ինչո՞ւ եկավ, ի՞նչ պիտի շինի այդտեղ, ի՞նչ է իր դերը: Բնազդմամբ միայն հասկանում էր, որ այդտեղ, իր կողքին պատրաստվում է ինչ-որ խիստ կարևոր մի բան, որին ինքը ներկա պիտի լինի, չի կարող ներկա չլինել, որովհետև այդ բանը որ կատարվի, դրանով վճռված կլինի իր համար ահագին նշանակություն ունեցող մի խնդիր՝ կյանքի և մահու չափ ահագին ու կարևոր:

Այժմ նա հանգիստ էր: Կամաց-կամաց նրան պատում էր միտքը թմրեցնող, զգացումները բթացնող այն անդորությունը, որ պատում է մահապարտին իր անխուսափելի վախճանին սպակելիս: Նա ետ էր ընկել աթոռի մեջքին և անմիտ հայացքով դիտում էր իր սեփական ստվերը, որ խաղում էր դիմացի պատի վրա հետևից լուսավորող մոմի երերուն լույսից: Ծոցի ժամացույցը ճկճկում էր սեղանի վրա անդուլ ու անտարբեր:

Հարևան սենյակից ինչ-որ շտապ քայլերի ձայներ լսվեցին, և նույն րոպեին ներս մտավ Հեղինեն արագ ու զգուշորեն: Որովհետև մոմը լուսավորում էր Մանեի հետևից, այդ պատճառով Հեղինեն իսկույն չկարողացավ որոշել, թե ով է նստած հիվանդի մոտ. բայց երբ մոտեցավ և տեսավ, Մանեն է, զարմանքից մի զսպած ճիչ արձակեց ակամա.

Մանե՛... Ի՞նչ ես շինում այստեղ, — շշնջաց նա:

Մանեն իր մեծ-մեծ սառած աչքերով նայեց նրան և ոչինչ չպատասխանեց:

Հեղինեն հանկարծ դարձավ դեպի հիվանդը, խոնարհվեց նրա դեմքի վրա և սկսեց ականջ դնել նրա շնչառությանը, հետո բռնեց Մանեի ձեռքից, նշանացի հասկացրեց նրան, որ վեր կենա, և դուրս տարավ հարևան սենյակը:

Ինչո՞ւ ես եկել, ո՞վ ասաց, որ գաս, — շշնշաց նա, դուռը զգուշորեն դնելով:

Մանեն շարունակում էր նայել նրան իր սառած աչքերով, պարզ երևում էր, որ նրան բոլորովին այլ միտք է զբաղեցնում, և նա չէր լսում, թե ինչ է հարցնում ընկերուհին:

Մեռնում է, չէ՞, — հարցրեց նա տարօրինակ հանգիստ ձայնով:

Ո՞վ ասաց քեզ, թե մեռնում է, — բացականչեց Հեղինեն զայրացած: — Այն հիմար պառավնե՞րը: Եվ դու գլուխդ կորցրած վազել ես այս կեսգիշերին: Եվ, երևի, թաքուն... Հա՞:

Մանեն ոչինչ չպատասխանեց:

Լսիր, քեզ հետ եմ, ի՞նչ ես լռում... Ամուսինդ գիտե՞, որ այստեղ ես:

Ոչ:

Բայց որ իմանա՞:

Ի՞նչ անեմ, — ասաց Մանեն, անփութորեն թոթվելով ուսերը: — Չիմանա էլ ես ինքս կհայտնեմ, — ավելացրեց նա:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last