Նար-Դոս՝   Պայքար

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Սանթրոսյանը հանկարծ ոտի կանգնեց, և Վահանը տեսավ նրա մութ ուրվագիծը պատուհանի կիսախավարի ֆոնի վրա ձեռքերը տարօրինակորեն շարժելիս:

Ո՛չ, ո՛չ, զզվելի, քստմնելի, զարհուրելի միտք է այս, — շշնջաց Սանթրոսյանն ատամները պինդ սեղմած իրար: — Այս ե՛ս չեմ մտածում այսպես, սա նախանձի դևն է, որ մտել է գանգս և շամփրում է ուղեղս: Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, չպետք է հավատամ դևի ներշնչումերին, այլապես իմ ֆլեգմատիկ բնավորությունն անգամ ընդունակ է կրակ դառնալու և լափելու մեկին էլ, մյուսին էլ և ինձ էլ նրանց հետ միասին...

Նա մի րոպե լռեց, ինչ՝ որ տարօրինակ հևոցներ արձակելով, կարծես խեղդվելով օդի պակասությունից, հետո արագորեն առաջացավ դեպի այն կողմը, որտեղ երևում էր սիգարի կրակը, և կանգ առավ կիսաճանապարհին:

Խոսեցեք, խոսեցե՛ք, ի սեր աստծո, — գրեթե ճչաց նա, բայց հանկարծ, կարծես ինքն իր ձայնից վախենալով, ձայնը խեղդեց կոկորդի մեջ: — Խոսեցեք, մի բան ասացեք, հանգստացրեք ինձ: Մի՛ լռեք, մի՛ խղճաք ինձ: Ասացեք ամեն բան, ինչ որ ճշմարիտ է: Փարատեցեք կասկածներս, միմիայն կասկածներս, և երդվում եմ՝, որ ես ձեր քրոջ մի մազին անգամ չեմ դիպչի

Վահանը ձեռքով շոշափեց, գտավ կողքին աթոռի վրա դրած հագուստը, ձեռաց հագնվեց, վառեց ճաշասեղանի վրա առաստաղից կախված լամպը, սիգարը պատուհանից շպրտեց փողոց և գնաց կանգնեց ուղղակի Սանթրոսյանի առաջ:

Սանթրոսյանը կանգնած էր սաստիկ գունատ, հոգեկան սուր տանջանքից ծամածռված դեմքով:

Լսեցեք, փեսա, — ասաց Վահանը շատ լրջորեն: — Եթե դուք կարծում եք, թե ես լռում եմ նրա համար, որ ոչինչ չունիմ ասելու կամ, այլ խոսքերով, հանցավոր եմ համարում քրոջս և չեմ ուզում ճշմարտությունն ասել ձեզ, որպեսզի դուք ձեռք չբարձրացնեք քրոջս վրա, շատ սխալվում եք: Ես լռում եմ նրա համար միայն, որ միջամտությունովս ցավին դարման չեմ անիլ: Եվ, վերջապես, չէ՞ որ դուք ինքներդ ասացիք, թե մի անգամ որ նրա սիրտը ձերը չէ, ուրեմն ավելորդ է այս մասին խոսել: Այստեղ էլ պետք է վերջակետ դնեիք և մտածեիք միայն այն մասին, թե այսուհետև ինչ պիտի անեք: Բայց դուք դեռևս ուզում եք իմանալ ինչ-որ ճշմարտություն: Ես հասկանում եմ ձեր հոգեբանությանը: Որքան էլ դուք սառն դատողությամբ խնդիրը պարզ և վերջացած եք համարում հենց միայն այն իրողությամբ, որ ձեր կնոջ սիրտը, ուրեմն և ինքը, ձեզ չի պատկանում, այլ պատկանում է նրան, որին սիրում է, այնուամենայնիվ ձեր մեջ նստած կենդանաբանական արուն իր բողոքի ձայնն է բարձրացնում ձեր սառն դատողության դեմ և իր հրամայական պահանջներն է դնում ձեր առաջ ձեր էգի վերաբերմամբ, որին տիրելու բոլոր իրավունքները միմիայն ձեզ են տվել պետական և եկեղեցական ինչ հայացքով եմ նայում այս խնդրի վրա: Ես չեմ կարող և բարոյական ոչ մի իրավունք չունիմ դատավորի դեր ստանձնելու, հարցափորձ անելու, ստիպելու, սպառնալու: Դա դեմ է իմ խղճին, իմ համոզմունքին, իմ հասկացողությանը: Հենց միայն այն գիտակցությունը, որ տեսակցությունն ինձ հետ վերին աստիճանի ծանր պետք է լինի նրա համար, այս գիտակցությունն արդենն բավական է, որ ես միանգամայն խուսափեմ նրա հետ երես առ երես հանդիպելուց: Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես նա ճնշվում է իմ ներկայությունից, տանջվում է, չի ուզում պատասխանել և, այնուամենայնիվ, ստիպված է պատասխանել:

Բայց չէ՞ որ դուք կոպիտ միջոցների չեք դիմելու: Չեք դիմելու, չէ՞:

Այդ ավելի վատ:

Ուրեմն ի՞նչ պիտի անեք, ձեր կարծիքով: Հիմա չեք ուզում նրա հետ երես առ երես հանդիպել, որպեսզի ձեր ներկայությամբ ճնշում չպատճառեք նրան, վաղն էլ, երևի, չեք ուզի մյուս օրն էլ, երևի... բայց մինչև ե՞րբ: Չէ որ մի օր, ուզեք-չուզեք, պետք է վերջ տաք այդ անորոշ դրությանը: Եվ, վերջապես, ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պիտի անեք, որ, մարդ ու կին երես առ երես չհանդիպեք իրար երբեք: Հնարավոր բա՞ն է այդ:

Դուք ճշմարիտ եք ասում, — ասաց Սանթրոսյանը Վահանի խելացի նկատողություններից ընկճված: — Իհարկե, այս բանը, այսպես թե այնպես, պետք է վերջացնել մի օր, բայց... Դուք ասացեք, ի՞նչ անեմ և ինչպե՞ս անեմ, քանի որ...

Նա չվերջացրեց և նորից շփոթված հայացքը, լի հոգեկան տանջանքի արտահայտությամբ, ման ածելով չորս կողմը, ձեռքերի մատները շփեց իրար այնքան ամուր, որ լսվեց խաղերի ճրթճրթոցը:

Եկեք այսպես անենք, — ասաց Վահանը: — Գնանք նրա մոտ միասին: Ես կարծում եմ, որ թե դուք և թե նա այնքան չեք ճնշվիլ իրարից մի երրորդ անձի ներկայությամբ, որքան եթե մեն-մենակ հանդիպեք իրար: Համաձա՞յն եք:

Այս բանը, ըստ երևույթին, նստեց Սանթրոսյանի խելքում: Կարճ ժամանակ նա լայն բացած մտառու աչքերով նայում էր Վահանի աչքերին, հետո նրա դեմքը փոքր-ինչ պայծառացավ, և նա շշնջաց գրեթե ուրախացած.

Այդ լավ ասացիք... Այո՛, այո՛, շատ լավ ասացիք: Այդպես անենք, այդպես ավելի լավ կլինի: Ոչ ես կճնշվեմ, ոչ նա: Ես այդ եմ ուզում միայն, ուրիշ ոչինչ: Հիանալի միտք է, հիանալի:

Դե որ այդպես է, եկեք:

Վահանը առաջ ընկավ, Սանթրոսյանը հետևեց նրան: Նրանք անցան մութ հյուրասենյակով, որտեղ լուսո մի շերտ էր ընկնում առանձնասենյակի կիսաբաց դռնից: Առանձնասենյակից լսվում էր ծղրիդի ճռինչը, որը, սակայն, իսկույն լռեց, երբ նրանք ներս մտան այնտեղ:

Առանձնասենյակում Սանթրոսյանը կանգ առավ:

Ես կմնամ այստեղ, երբ կանչեք, կգամ, — շշնջաց նա, զգալով, որ վարանումը նորից բռնում է իրեն ավելի ուժգին, քան մինչև այժմ:

Շատ բարի, — ասաց Վահանը: — Այս դուռը բաց կթողնեմ:

Սանթրոսյանը նստեց աթոռի վրա և թաշկինակը մեքենայաբար տարավ դեպի ճակատը, որի վրա հանկարծ ինչ-որ սառն թացություն զգաց, իսկ Վահանը մոտեցավ ննջարանի դռանը:

Մտնելուց առաջ նա կամաց ծեծեց դուռը մատով և ականջ դրեց: Ներսից ոչ մի ձայն չլսվեց: Հետո նա զգուշորեն բաց արավ դուռը և ներս մտավ:

Ննջարանը լուսավորված էր արդուզարդի սեղանի վրա վառվող երկու մոմով, որոնց լույսերն անդրադառնում էին հայելու մեջ: Այդ լույսերը մերթ դողդողում, երկարում էին, կարծես տքնում էին բարձրանալ ավելի ու ավելի վեր, մերթ իջնում էին և անշարժանում: Մոմերը պարզ լուսավորում էին միայն իրենց շուրջը, իսկ սենյակի պատերի մոտ և անկյուններում, ուր նրանց լույսն անկարող էր փարատել կիսխավարը, կարծես թե ծուխ էր կանգնած:

Մանեն պառկած էր իր մահճակալի վրա շորերը հագին: Պառկած էր երեսն ի վեր, պառկած էր տարօրինակ կերպով. գլուխը բարձերի վրա չէր, այլ ընկած էր ներքև սաստիկ երկարացած վզով, — կարծես պառկած տեղից ինչ-որ բան էր դիտում հետևը. մի ոտը ծալված՝ գտնվում էր մահճի վրա և խճճվել էր շրջազգեստի փեշերի մեջ, մյուսը ձգված էր հատակի վրա, երևան հանելով նրա սև փայլուն կիսակոշիկը բարձր կրունկով և երկայն սև գուլպան մինչև սրունքը: Մոմերը լուսավորում էին նրան ոտների կողմից, և նրա դեմքը գտնվում էր կրծքից թռած ստվերի մեջ:

Վահանը կամաց խոնարհվեց նրա դեմքի վրա, հետո հանկարծ ավելի կռացավ և սկսեց լավ դիտել այդ դեմքը: Մանեի մի աչքը կիսաբաց էր, մյուսը՝ խուփ, ծնոտը ծռված էր, բերանը բացված էր լայն և նրա մեջ երևում էին փղոսկրի պես սպիտակ երկշար ատամները և ինչ-որ ուրիշ սպիտակ մի բան, փրփուրի նման... Այդ բոլորը այնպիսի արտահայտություն էին տվել նրա դեմքին, որ Վահանին սկզբում թվաց, թե նա լուռ ծիծաղում է: Մի ձեռքը կախ էր ընկած մահճակալից, մյուսով բաց էր արել կրծքի կոճակները և պոկել էր շապիկի նուրբ անկվածից մի կտոր. այդ կտորը տեղ-տեղ փաթաթվել էր նրա երկայն մատներին, որոնց վրա երկու մատանի, — մեկը պարզ` նշանի, մյուսը թանկագին շողակնյա, — պլպլում էին մոմերի լույսերից:

Մանե՛, — կանչեց Վահանը և նրան թվաց, թե այդ իր ձայնը չէր, այլ ուրիշի ձայն, ոչ-մարդկային մի ձայն, որից ինքն էլ սարսափեց:

Մանեն պառկած էր նույն դրության մեջ, անշարժ, և նրա ահարկու դեմքը ծիծաղում էր առաջվա պես լուռ ու քարացած:

Մանե՛, — կրկնեց Վահանը, մեքենայաբար առնելով քրոջ կախ ընկած ձեռքը:

Այդ ձեռքը թույլ էր փալասի պես:

Այնուհետև, այլևս չիմանալով, թե ինչ է անում, Վահանը երկու ձեռքով վրա ընկավ քրոջ ուսերին և բարձրացրեց նրան: Մանեի գլուխն իր ծիծաղող դեմքով ետ ընկավ թուլացած և կախ ընկավ, ավելի ևս երկարացնելով նրա սպիտակ նիհար վիզը:

Վահանը դիակը բաց թողեց թուլացած ձեռքերից: Դիակը վայր ընկավ, և գլուխը քարի ծանրությամբ խրվեց փափուկ բարձի մեջ, կզակը դեմ տալով կրծքին:

Մի րոպե Վահանին թվաց, թե սենյակը հանկարծ մթնեց, և հատակը փախչում է ոտների տակից: Նա պինդ բռնեց մահճակալի գլխից, որ վայր չընկնի: Նույն րոպեին, կարծես երազի մեջ, տեսավ Սանթրոսյանի դեմքը դիակի վրա խոնարհված, և այդ դեմքի վրա երկու ահագին աչքեր, որոնք կարծես դուրս էին պրծել խոռոչներից և խոշորացած բիբերով նայում էին խելագար զարհուրանքով... Հետո նրա ականջին դիպավ վայրենի մի ճիչ և ապա մի խուլ ձայն, — կարծես ինչ -որ ծանր ու փափուկ մի մարմին վայր ընկավ գորգի վրա...

Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում էր իր անվերջ միապաղաղ ճռինչը` միանգամայն անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ, անզոր ու անօգ, կարծես հավիտենական մի անեծքով, փոթորկում էր ցավատանջ գալարումներով և կործանվում կրքերի ողբերգական պայքարի մեջ...

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last