Նար-Դոս՝   Պայքար

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Եվ, շատ սրամիտ համարելով իր այդ համեմատությունը, Հեղինեն շարունակեց ծիծաղել, բայց Մանեն չժպտաց անգամ: Առիթը շատ հարմար էր, որ Մանեն խոսք բանար իր այցելության նպատակի մասին, և Հեղինեի վերջին խոսքերն այն աստիճան ցինիկական թվացին նրան, որ քիչ մնաց ընկկերուհու երեսովը շպրտեր՝ «մեկը բավական չէ՞, որ երկրորդն էլ ես ուզում ունենալ», բայց զսպեց իրեն և ասաց.

Սպասիր, մեկ գա ինձ մոտ, այնպե՛ս կռվեմ որ:

Իսկ ես, որ քո տեղը լինիմ, վրա կընկնեմ և այնքան կպաչպչեմ, որ երեսի կաշին կպոկեմ: Ես եղբայր չունիմ և չեմ ունեցել, բայց որ ունենամ, զգում եմ, որ գժի պես կսիրեմ;

Հեղինեն վեր կացավ, մի պապիրոս առավ սեղանի վրա դրած թղթի արկղիկից, վառեց և նորից նստեց Մանեի մոտ:

Ո՞ւրիշ ասա, է՛, ինչպե՞ս ես: Այսօր... Սպասիր, այս ի՞նչ ես քսել վզիդ: Երեսդ մի քիչ այն կողմն արա: Ա՜խ, երակդ է: Իսկ ես կարծեցի թանաք ես քսել: Դե՛ մի՞թե կարելի է այդքան լղարել: Մարդդ դեռ չի՞ վերադարձել հանքերից:

Ոչ:

Գիտե՞ս, այսօր հիվանդանոցի լուսամուտից տեսա քեզ սկեսուրիդ հետ: Ասացի՝ փա՛ռք քեզ, աստված, ահա՛ մի օր, երբ իմ սիրուն թռչնիկը դուրս է թռել վանդակից գարնան հրաշալի օդում ճախրելու: Բայց մի բան հարցնեմ. ի՞նչ հաճույք ես զգում, որ առանց պառավի տանից դուրս չես գալիս: Վախենո՞ւմ ես, ինչ է, որ... Բադամյանը հանկարծ բռնի ու փախցնի...

Մանեն հոնքերը կիտեց և հայացքը ձգեց ծնկներին:

Դու, երևի, մեզ տեսել ես այն ժամանակ, երբ մենք ժամ էինք գնում կամ ժամից գալիս, — ասաց նա բավական սառն կերպով:

Ժա՞մ... ի՛նչ ես ասում: Ճաշին էր, որ ձեզ տեսա:

Այո մեծ պասին ճաշին էլ են ժամ ասում:

Հեղինեն հանկարծ իր փափլիկ ձեռքերը խփեց ավելի ևս փափլիկ թշին:

Ա՜խ, ճիշտ որհիմա խո մե՛ծ պաս է: Հիշո՞ւմ ես, մեծ պասին որ մեզ, աշակերտուհիներիս, ժամ էին տանում հաղորդելու: Տերտերը պպզում էր սյունի տակ, իսկ մեզ թխսկան հավի պես հավաքում էր իր շուրջը և կրկնել տալիս «Մեղայի» խոսքերը, «որկրամոլությամբ և մասամբ նորին, ողջախոհությամբ և մասամբ նորին, զիճությամբ և մասամբ նորին, ոտնահարությամբ և մասամբ նորին...»: Հիշո՞ւմ ես, որ ես փռթկոցս չէի կարողանամ պահել, իսկ դու կմշտում էիր կուռս թե՝ սուս կաց: Դու մինչև այժմ էլ մնացել ես նույնը, իսկ ես... Ա՛յ, ինչ է նշանակում մեծանալ և աստծո ճանապարհից հեռանալ: Բավական չէ, որ այլևս չեմ ապաշխարում այլև մոռացել եմ ապաշխարության օրերը: Վա՛յ, հազար վա՛յ իմ հոգուն. Սադայելը կպրի կարասը կկոխի ու կհանի: Այն ժամանակ հազար «վա՛յ, նանի ջան» կանչի, ո՞վ է օգնողը: Երանի քեզ, որ ժամ էլ ես գնում, պաս էլ ես պահում, հաղորդվում էլ ես: Մեզ համար պատրաստ է Աբրահամի գոգը, իսկ ինձ համար՝ սանդարամետը: «Վա՛յ ինձ, վա՜ յ ինձ, վա՜ յ ինձ. զի անթիվ են հանցանք իմ. աններելի են մեղք իմ և... և... և...»: Դե՛, միտս գցիր, է՛, տեսնում ես մոռացել եմ:

Եվ Հեղինեն չարաճճի կերպով խթեց Մանեի կողքը: Մանեն խիստ սառնորեն վեր կացավ նրա մոտից և հեռացավ դեպի լուսամուտը, որի բաց փեղկի ապակիները բոցավառվում էին մայր մտնող արևի հրավառ ճաճանչներից: Նա զգում էր, որ ընկերուհու մասամբ անհոգ, մասամբ հեգնական, մասամբ ցինիկական և ընդհանրապես բավական անձնապաստան տոնը հետզհետե գրգռում է իրեն այն աստիճան, որ նրա սանձարձակ-ծաղրական լեզուն նողկանքի պես մի բան է ազդում իրեն:

Հեղինեն նայեց նրա հետևից, պապիրոսի ծուխը հանեց քթածակերից և ուրախ քրքջաց: Նրա ծիծաղի մեջ լսվում էին անախորժ սուր ծկլթոցներ, չձյութված սռնու ծվոցի պես, և ծիծաղելիս նա բարձրացնում էր դեմքը, կարծես կամենալով պենսնեն ամուր պահել քթի վրա, որ վայր չընկնի ծիծաղի պատճառած ցնցումներից:

Զարմանալի է, ինչո՞ւ ես նեղանում , — բացակաչեց նա. — Մի՞ թե ճիշտ չէ, որ դու արդար ես, իսկ ես` մեղավոր, որ դու դրախտը կգնաս, իսկ ես դժոխքը:

Մանեն կամաց դարձավ և շատ լրջորեն նայեց ընկերուհու պենսնեին, որի հետևից չէին երևում նրա աչքերը, որովհետև պենսնեի պարզ ապակիները պլպլում էին լուսամուսի ապակիներից անդրադարձող արևի պայծառ լույսերի տակ:

Ես զարմանում եմ քեզ վրա, Էլեն, — ասաց նա: Դու կրթված աղջիկ ես, նույնիսկ բարձր ուսում ես ստացել. մի՞թե այնքան չես հասկանում, որ կան բաներ, որոնց եթե չես հավատում, գեթ պիտի գիտենաս հարգել և, համենայն դեպս, չծաղրել:

Այսի ՞նքն:

Մի՞թե կարելի է ծաղրել մի բան, որ միլիոնավոր մարդկանց հոգեկան միակ ամենաբարձր մխիթարությունն է կազմում...

Կրոնական զգացո՞ւմն` ուզում ես ասել:

Այո՛, կրոնական զգացումը, — շեշտեց Մանեն: — Այդպե՞ս են անում Եվրոպայում, ուր գնացել ման ես եկել դու:

Հեղինեն պապիրոսն արագորեն դրեց մոխրամանի վրա և վեր կացավ: Մանեի խոսակցության լուրջ տոնը, ըստ երևույթին, ազդեց նրան, և նա ինքը լուրջ դեմք առավ:

Դու ի՞նչ գաղափար ունիս Եվրոպայի մասին, — ասաց նա: — Չլինի՞ կարծում ես այնտեղ մղդսիներ չկան: Սխալվում ես, սիրելիս: Իսկական մղդսի ուզում ես, արի տանեմ քեզ Եվրոպա: Թե չէ մերոնք ի՞նչ են, — անամոթ կեղծավորներ և անհավատներ: Գլադստոնի պես մի ազատամիտ մարդու գրասեղանի վրա հրեն, ասում են, հոմ-ռուլի կեղքին աղոթագիրք է դրված միշտ: Իսկ Տոլստոյի գրվածքները խո ինքդ էլ ես կարդում. մի տող կգրի՞, որ մեջը աստված չլինի:

Եվ ի՞նչ է ապացուցանում այդ, — հարցրեց Մանեն:

Այս ա՛յն է ապացացանում, իմ սիրունիկ տիկին, որ Երուսաղեմում էլ են շներ հաչում: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ դու ինձանից հարգանք ես պահանջում դեպի կրոնական զգացումը, ես մի օրինակ կպատմեմ քեզ իմ պրակտիկայից: Մի անգամ ինձ կանչում են մի ծննդաբեր կնոջ մոտ` տգետ տատմոր փչացրածն ուղղելու համար: Մի խեղճ ու կրակ արհեստավոր կին էր: Գնում եմ և ի՞նչ տեսնում. ուշաթափ ծննդաբերի գլխին տղամարդի ահագին մի փափախ և բարձի տակ սոխի մի շամփուր, իսկ բուխարու վրա մի դյուժին վառած մոմ: Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր թելադրում այս ծիծաղելի բաներն անելու:

Պարզ նախապաշարումը և սնահավատությունը:

Եվ ոչ կրոնական զգացո՞ւմը, որ մայրն է բոլոր նախապաշարումների և սնահավատությունների: ՉԷ՞ որ կրոնը, — ո՛րն ուզում ես վերցրու, — ինքնին արդեն հսկայական մի նախապաշարում և սնահավատություն է: Եվ ո՜ւր էր, թե նա բավականանար միայն պառավական միամիտ և անվնաս նախապաշարումներով: Մինչդեռ մենք գիտենք, որ նա անհաշիվ աղետներ է բերել մարդկության գլխին: Խո գիտես ինչ բան է կրոնական մոլեռանդությունը. մարդիկ դուրս են գալիս հոգեկան նորմալ դրությունից, խելագարվում են, զազանանում և կամ իրենց են չարչարում ու մորթում, կամ ուրիշ իրենց նման արարածների: Ոչ մի համաճարակ հիվանդություն, ոչ խոլերան, ոչ ժանտախը և ոչ նույնիսկ ամենամեծ պատերազմներն այնքան զոհեր չեն տարել, որքան տարել և տանում է նույնիսկ մեր ժամանակում կրոնական մոլեռանդության համաճարակը: Հիշիր, քրիստոնեության առաջին դարերը, ինկվիզիցիան, հիշիր իսլամականության կատաղի բռնկումները, կամ թեկուզ հենց բուդդայականությունը, որը թեև ուրիշի մի մազին անգամ չի դիպչում, չի գործում քրիստոնեության և մահմեդականության պես հրով ու սրով, բայց դրա փոխարեն ուտում է ինքն իրեն, կամաց-կամաց ծծում, մաշում և մահացնում ի՛ր իսկ օբյեկտին: Դեռևս ո՛չ մի կրոն աշխարհիս երեսին ոչինչ չի վերածնել, ոչ մի բանի կյանք ու կենդանություն չի տվել, այլ միայն կործանել է, կործանել է շարունակ և շարունակ շահ ու ավեր է տարածել իր շուրջը ամենակուլ վիշապի պես...

Մանեն նորից դարձել էր դեպի լուսամուտը և նայում էր դուրս: Նրա առջև բացված էր ամբողջ արևմուտքը և քաղաքի մի մասը սարալանջին՝ իրար վրա կուտակված տներով, որոնց բազմերանգ տանիքները կարծես թե դարսված էին իրար վրա ձկան թեփի պես: Արևմուտքում, լեռան քամակին, մի ամբոդջ ֆեյերվերկ էր վառված անշարժ ու հուրհրատին. նոր մայր մտած արևը հուժկու թափով դուրս էր շպրտել լեռան հետևից իր բոցավառ ճաճանչները հսկայական հովհարի պես. և այդ ճաճանչները ադամանդյա երկայն ասեղների նման ցցվել Էին երկնքի վրա անշարժ կանգնած նոսր ամպերի մեջ: Լեռը հսկայական մի ստվեր էր ձգել իր լաջին կուտակված տների վրա և խաղաղ, հետզհետե զովացող օդը կարծես թե լցված էր ոսկու փոշով:

Մանեն մռայլ հայացքով նայում էր իր առջև բացված այդ հրաշալի տեսարանին, սրտի մեջ զգալով ինչ-որ անորակելի հույզեր ու կրքեր, և հետևից լսում էր Հեղինեի ձայնը, որը ճռնչում էր ծղրիդի պես ջղերը քայքայելու չափ երկար, հանդուգն ու համառ: Նա զգում էր, որ ընկերուհու ասածների մեջ ճշմարտություններ շատ կան, բայց և, միևնույն ժամանակ, մի անորոշ բան նրա հոգու խորքում բողոքում և չէր ուզում հաշտվել այդ ճշմարտությունների հետ:

Հանկարծ նա ցնցվեց իրանի վրա զգացած ինչ-որ անախորժ մի բանի շփումից, — կարծես մեջքին օձ էր ուզում փաթաթվի, — և միևնույն ժամանակ ականջի մոտ լսեց Հեղինեի հեգնական ձայնը.

Ճշմարիտ չե ՞մ ասում արդյոք, իմ սիրուն տիկին:

Չգիտեմ, — կամաց արտասանեց Մանեն և, արագորեն ազատելով իրանը նրա անախորժ գրկախառնությունից, սկսեց անցուդարձ անել սենյակում ջղային քայլերով:

Չգիտե՜ս... ինչպե՜ս չգիտես, — բացականչեց Հեղինեն: — Գիտե՛ս, բայց հին մտքերդ շարունակում են քշե՛լ քեզ իրենց հին ճանապարհով: Ես քեզ շատ լավ եմ հասկանում. քո մեջ կատարվում է հնի և նորի կռիվը: Բայց եթե չես ուզում այդ կռվի զոհը դառնալ, պետք է միանգամից անցնես այդ երկու հակառակ և մեկը մյուսին ոչնչացնող տարրերից ամենազորավորի կողմը, որը նորն է, իհարկե: Այլապես կոմպրոմիսները չեն օգնի: Այսինքն՝ այդ բանն այժմ շատ դժվար է քեզ համար, որովհետև մի անգամ արդեն այնպիսի մի հիմարություն ես արել, որ...

Մանեն կանգ առավ ակամա և զարմացած նայեց ընկերուհու աչքերին:

Ի՞նչ հիմարություն:

Որ ամուսնացել ես: Ի՞նչ բան է ամուսնությունը կնոջ համար, — անխորտակելի մի շղթա, որ պինդ կապում է նրա ոչ թե միայն ձեռքն ու ոտքը, այլև սիրտը, հոգին, ուղեղըամե՛ն բան: Ի՞նչ բան է ամուսնացած կինը. — ստրուկ, փալաս, տան զարդ, տղամարդու հեշտասիրության առարկան, նրա անկողնի ընկերը միայն, և ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ...

Դու զզվելի գաղափար ունիս ամուսնության մասին, — նկատեց Մանեն նողկանքով:

Ոչ, սիրելիս, ես ճիշտ այն գաղափարն ունիմ ամուսնության մասին, ինչ գաղափար որ նա պարունակում է իր մեջ: Մնացածը կամ կեղծիք է, կամ անհասկացողություն, կամ ինքնախաբեություն:

Ուրեմն ամուսնությունը դու... անբարոյականությո՞ւն ես համարում:

Ես ավելի զորավոր բառով կարտահայտեմ այդ: Ամուսնությունն ես պոռնկություն եմ համարում...

Էլե՜ն

Այո՛, պոռնկություն... սրբագործված պոռնկություն, որով ամուսնությունն ավելի ևս զզվելի պիտի լինի հասկացողի համար, — բացականչեց Հեղինեն և, ինչպես երևում էր նրա վառվող աչքերից, ամենևին կատակ չէր անում: — Ամուսնությունը պոռնկություն չի լինիլ ա՛յն ժամանակ միայն, երբ կինը մարդկային իրավունքների տեսակետից համահավասար աստիճանի վրա կլինի կանգնած տղամարդու հետ կյանքի բոլոր ասպարեզներում և երբ կինը ծախու առարկա չի լինի, այլ տղամարդու պես ազատ ընտրող: Ցույց տուր ինձ, խնդրեմ, մի կին, մի հատիկ կին, որ ամուսնության գործում ազատ ընտրող լինի հանդիսացած:

Եթե խոսքդ իմ մասին է, կարող եմ հավատացնել քեզ, որ «այո» ասելիս ոչ ոք չի բռնաբարել իմ կամքը:

Հեղինեն քրքչաց իր ձայնի անախորժ ծկլթոցներով:

Եվ դու, ա՛յ միամիտ, կարծում ես, թե կարո՞ղ էիր ասել «ոչ», բացականչեց նա: — «Ոչ» չէիր կարող ասել, որովհետև նախ՝ այդ բառը վաղուց ջնջված է կնոջ բառարանի միջից և երկրորդ՝ եթե «ոչ» ասեիր, այդ միևնույնը կլիներ, թե ինքդ քեզ սովամահի դատապարտեիր: Մի՞թե այնքան չես հասկանում, որ սոցիալական այժմյան պայմաններում կինն ամուսնանում է նրա համար միայն, որ ինքն իրեն կերակրել չի կարող, որովհետև նրան չեն սովորեցրել և թույլ չեն տալիս իր հալալ քրտինքով հաց ճարելու: Ուստի բոլոր, այսպես կոչված, օրինավոր ընտանիքների աղջիկները ստիպված են ամուսնանալ, այսինքն ճարել մի տղամարդ, որ պահե իրենց, այլապես նրանց կմնար կամ կուսանոց մտնել, կամ անառականոց: Բայց որովհետև կուսանոցի դռներն ավելի նեղ են, ուստի եզրակացությունը պարզ է... Ահավասիկ, սիրելիս, այդ է եղել բուն պատճառը, որ դու ասել ես «այո», և ոչ թե այն, թե ոչ ոք չի բռնաբարել քո կամքը: Կամքի բռնաբարումն այն ձևով, ինչ ձևով որ հնումն էր կատարվում, մեր ժամանակում չկա, իհարկե, նույնիսկ գյուղերում, բայց դրա փոխարեն կա այժմ այդ գերերջանիկ հնության հետևանքը, որ ավելի սարսափելի է: Այդ հետևանքը հոգու և մտքի մասամբ բռնի և մասամբ կամավոր այն շղթայումն է, որի մեջ կաշկանդված՝ կինը չի հասկանում իր դրությունը կամ, եթե հասկանում էլ է, չի իմանում ինչ անի, ինչպես դուրս գա այդ դրությունից, և կամա-ակամա մնում է միշտ նույն կամազուրկ, նույն ճնշված, նույն բռնաբարված ողորմելի ստրուկը տղամարդու, իր տիրոջ ձեռքին:

Բայց խո դու դեմ չե՞ս ամուսնությանը, — հարցրեց Մանեն զարմացած ոչ այնքան նրա խոսքերի, որքան այն լրջության վրա, որով պաշտպանում էր նա իր մտքերը:

Ես դեմ եմ միայն ամուսնության այժմյան հարեմական կարգերին, որոնց մեջ կինը նկատվում է ոչ ավելի, քան ծախու արարած, առանց որևէ իրավունքի, բայց մեկի ստրուկն ու հարճը լինելու անպայման պարտականությամբ: Սա այնպիսի անբարոյականություն է, բարքերի այնպիսի այլասեռումն, որ այժմյան ամուսնության դեմ սովորական պոռնկությունը, հավատացնում եմ քեզ, շատ օրինավոր, շատ ազնիվ բան է հանդիսանում: Սովորական պոռնիկ կինը ծախում է իր մարմինը և փոխարենը փող է ստանում փորը կշտացնելու համար. բայց նա ազատ է, նա անկախ է, ոչ մի պարտավորութուն չի կաշկանդում նրան, նա վայելում է անհատի բոլոր իրավունքները և, երբ կամենա, կարող է վռնդել իրեն գնողին: Իսկ ամուսնացող բարոյական կինը, իրեն ծախելով հանդերձ, ինքն է փող տալիս իրեն գնողին և դեռ խաչ ավետարանով էլ պարտավորվում է ցմահ հնազանդ լինելու նրան, այսինքն՝ նրա ստրուկը լինելու: Վերցնենք օրինակ քեզ...

Էլե՛ն, այդ ինչե՜ր ես ասում, — շշնջաց Մանեն այս անգամ պարզորեն ապշած նրա հանդգնության վրա: — Ես խո նրա համար չե՞մ եկել քեզ մոտ, որ վիրավորես ինձ

Այ, ես այդպես էլ գիտեի, — բացականչեց Հեղինեն ծիծաղելովԲուրժական մորալն արդեն խոսեց քո մեջ: Բայց անհոգ կաց, սիրելիս, ես ամենևին միտք չունիմ քեզ վերավորելու: Ես միայն ուզում եմ օգնել քեզ՝ դուրս գալու կախարդական այն դրությունից, որի մեջ գտնվում ես դու Բադամյանի...

Խնդրում եմ, այդ մասին ո ՛չ մի խոսք, — խստորեն ընդհատեց նրան Մանեն գունատվելով:

Հեղինեն նորից ծիծաղեց:

Մի՛ վախենալ, այդ մասին չեմ խոսելու, որովհետև գիտեմ, որ ինձ չես վստահանում, չնայելով որ ես քեզ անկեղծ սիրում եմ: Է՛հ, ի՞նչ արած: Այդ ավելի վատ քեզ համար, — դառնորեն և մի քիչ վիրավորված՝ ավելացրեց Հեղինեն:

Մանեն նորից մոտեցավ լուսամուտին:

Արևն այժմ խորն էր մտել սարի հետևը և արագորեն հանգցնում էր իր բոցավառ ճաճանչները: Հորիզոնի բազմերանգ գույները քանի հեռանում էին արևմուտքից, այնքան ավելի խունանում և աննկատելի կերպով միանում էին երկնքի լեղակագույն կապուտակի հետ: Հորիզոնից դեպի վեր, դեպի երկնակամարի խորքն էին լողում սպիտակ ամպի նուրբ քուլաներկարծես դաշտի մեջ արածելով հանգիստ դեպի իր գիշերային օթևանն էր գնում գառների ցրված մի հոտ:

Հեղինեն նստեց բազմոցի վրա, ոտը ոտի վրա դրեց և շարունակեց:

Քո վարմունքով դու միայն հաստատում ես, որ իմ ասածը ճշմարիտ է, այսինքն, որ քո հոգին ու միտքը շղթայված են և շղթայված ա՛յն աստիճան, որ չես ուզում թույլ տալ ոչ մի ազատ կրիտիկա: Եթե հոգիդ ու միտքդ շղթայված չլինեին, այդպես չէիր տանջիլ ինքդ քեզ, չէիր աշխատիլ սպանել քո մեջ ազատ սիրո զգացումը, այդ բանը հանցանք համարելով: Հիշո՞ւմ ես, մի անգամ ասացիր ինձ, թե ամուսնացած կինը իրավունք չունի սիրելու ուրիշ տղամադու: Եվրոպացի կինը կծիծաղեր, — եթե ավելին չասեմ, — քո ասիական կլասիկ այդ խոսքերի վրա: Դրանից ավելի զորավոր ապացույց չէիր կարող տալ, որ հոգիդ ու միտքդ շղթայված են ստրկական կյանքի և բուրժուական մորալի մի որոշուզո՞ւմ ես ասեմկրոնական սնահավատության մեջ, որից դուրս ամեն ինչ և ամենից ավելի ազատ սերը սոսկալի մի հանցանք, մահացու մի մեղք է թվում քեզ: Ի՞նչ հանցանք, սիրելիս, ի ՞նչ մեղք: Ո՞վ է գրել այդ հանցանքի, այդ մեղքի կրիտերիումը: Ծննդաբեր կնոջ գլխին տղամարդու փափախ և բարձի տակ սոխաշար շամփուր դնող մեր պառավնե՞րը: Ախր մեկ մտածիր, հոգիս. չէ՞ որ դրանք, այդ պառավները, առսակավն ամոթալի ավտորիտետներ են քեզ պես կրթված, ինտելիգենտ մի կնոջ համար: Մի քիչ կոչում արա քո առողջ դատողությանը, այն կրթությունը, որ ստացել ես, այն գրքերին, որ կարդում եսև կտեսնես, որ պառավական այդ ցնդաբանությունները մի ժանգոտ գրոշի արժեք անգամ չունին և ընդունակ են միայն հոգեկան ապարդյուն տանջանքներ պատճառելու: Չե՞մ տեսնում, ինչ է, որքան փոխել, մաշել և ջղային են դարձրել քեզ այդ հիմար տանջանքները: Ոչինչ ինձ վրա այնքան ծանր տպավորություն չի գործում, որքան ա՛յն, երբ տեսնում եմ, որ եզներն իրենք են իրենց ոտով գնում և վզները լծան տակ կոխում: Այդպիսի տպավորություն ես գործում դու ինձ վրա: Հավատա, սիրելիս, որ մարդ բնության ձայնից ավելի լավ ղեկավար չի կարող ճարել իր համար: Իսկ բնությունն ամենից առաջ սիրում է ազատություն, ազատություն ամեն բանի մեջ: Եվ բնության ձայնն է միայն, որ ընդունակ է ցույց տալու ուղիղ ճանապարհը տարակուսանքների մեջ չմոլորվելու համար, միայն թե մարդ ականջ ունենա լսելու, հոգի ունենա ըմբռնելու և խելք ունենա հասկանալու: Բնության ձայնով եմ ես առաջնորդվել միշտ, և տես՝ ինձնից էլ ազատ, անկախ, կենսուրախ և անհոգ արարա՜ծ...

Բնության ձա՜յնը, — շշնջաց Մանեն, կարծես ինքն իրեն, մտառու հայացքը հեռու հորիզոնին հառած: — Դրանով խո անասուններն էլ են առաջնորդվում: Բայց մենք, որ մարդ ենք, աստծու պատկերը կրող էակ, բանական, իմացական արարած, հապա ինչո՞ւ է մեզ տրված ամենաբարձր այս շնորհըայս բանականությունը, այս իմացականությունը: Ինչո՞ւ համար մեր գլխի մեջ գործում է այս ուղեղը, մեր կրծքի մեջ բաբախում այս սիրտը, երբ մենք էլ, անասունների պես, պիտի ման գանք չորս ոտի վրա և կույր, կոպիտ, ստոր բնազդից զատ ուրիշ ավելի բարձր, ավելի վեհ, ավելի նվիրական ու կարող ձայնի ղեկավարություն չպիտի ճանաչենք: Օ՛, ուրեմն քանդենք այս տները, մարենք մեր օջախները, գահընկեց անենք հանճարներին, կործանենք նրանց ստեղծած տաճարները, հալածենք, ոչնչացնենք ամեն բան, ինչ որ բարձր է անասնականութունից, ինչ որ վեհ է և սուրբ, ինչ որ աստվածային կնիք է կրում իր վրա: Ուրեմն մոռանանք, մոռանանք իսպառ, որ աշխարհիս երեսին դա եղել մեկը, որ իր սեփական արյունով հանել է մարդկությանն անասնականությունից, փրկել է նրան հեթանոսության կապանքներից, բարձրացրել է նրան մինչև երկնքի աստղերը, և նորից իջնենք դեպի ցած, դեպի մեր նախնական վիճակը, գնանք ախոռների մեջ դարման ուտենք, դաշտերի մեջ խոտ արածենք, թավալգլոր գանք ցեխի մեջ և քաղցած ժամանակ հոշոտենք իրար, որովհետև այս է պահանջում բնության ձայնը... Ա՞յս ես պահանջում, հա՞, ա՞յս է քո պահանջածը, — բացականչեց Մանեն հանկարծ ամբողջ մարմնով դառնալով դեպի Հեղինեն, և նրա աչքերը վառվում էին ներքին բուռն հուզումից: — Մինչդեռ ես կասեմ, որ ա՛յն, ինչ որ դու ես քարոզում, սոփեստություն է, ստություն է, կեղծիք է, դիմակ է միայն: Իսկ ճշմարտությունն այնն է, որ դուք սարսափելի եսասերներ եք, բանական արարածի պատկերը կորցնելու չափ եսասերներ: Զեզ անծանոթ է քրիստոնեական գթության, անձնվիրության, անձնազոհության, նույնիսկ պարզ խղճահարության զգացումը, որովհետև դուք միայն ձեր անձի մասին եք մտածում: Դուք գոհ և երջանիկ լինիք, թեկուզ ուրիշները դժոխային տանջանքներ կրեն ձեր պատճառով, — այդ ձեր հոգը չէ: Ահա՛ թե ինչ մարդիկ եք դուք:

Հուզումից շառագունել էր Մանեի դեմքը, վզի և քունքերի վրա, նուրբ կաշու տակ, լցվել էին երակներ. խոշոր աչքերը վառվում էին անկեղծ զայրույթով: Նա այնքան գեղեցիկ էր այդ րոպեին, որ շատ էլ քնքուշ զգացումներ չունեցող ընկերուհին նայում էր նրան ուղղակի հրճվանքով և իր շարժուն դեմքի չարաճճի ծամածռություններով կարծես աշխատում էր ավելի գրգռել նրան, որ նա ավելի գեղեցկանա:

Երբ Մանեն վերջացրեց, Հեղինեն վեր թռավ, վազեց դեպի նա և գրեթե բռնությամբ տիրապետեց նրա ձեռքերին:

Դու պաթոսով խոսել էլ ես իմանամ, ես այդ չգիտեի, — բացականչեց նա ծիծաղելով: — Հիանալի՛ էր: Երդվում եմ ազիզ արևովդ, հրճվանքով էի լսում և մանավանդ դիտում, որովհետև չես կարող երևակայել, թե որքա՜ն գեղեցկանում ես գրգռված խոսելիս: Երևակայում եմ, որ եթե դերասանուհի լինիս և մի որևէ տրագիկական դեր լինիս կատարելիս, որպիսի ֆուրոր կհանես քո այդ գեղեցկությամբ, զայրույթի այդ անկեղծ ոգևորությամբ, կրծքային ձայնիդ այդ հրաշալի ինտոնացիաներով... Դե՛, շատ մի խլպլտայ ձեռքերդ բաց չեմ թողնելու... Քո այդ սիրուն մոնոլոգից հետո ես միայն մի բան եմ ուզում հարցնել քեզ. արդյոք իմ հայտնած մտքե՞րն են քեզ այդպես գռգռում, թե ուրիշ որևէ մի բանով եմ մեղանչել քո դեմ:

Իմ դեմ չէ՛, որ մեղանչել ես դու, այլ մեղանչում ես աստծու դեմ:

Ինչո՞վ: Որ ժամ չեմ գնում, պաս չեմ պահում, չեմ հաղորդվում և... սիրո՞ւմ եմ քեզ:

Որ դու Նասիրբյանի կնոջն ու մորն այնպիսի աղետալի վիճակի մեջ ես դրել, — ահա՛ թե ինչով ես մեղանչել աստծու դեմ, — այլևս չկարողանալով հանդուրժել Հեղինեի հեգնություններին, ուղղակի շպրտեց նրա երեսին Մանեն:

Ինչ ասացի՞ր, — արագ հարցրեց Հեղինեն, բաց թողնելով Մանեի ձեռքերը, և նրա ծիծաղկոտ դեմքը մի ակնթարթում լուրջ արտահայտություն ստացավ` լի հետաքրքրությամբ և զարմանքով, — Նասիբյանի կնոջն ու մո՞րն ասում եսԻ՞նչ աղետալի վիճակ... Ի՞նչ կապ ունեն նրանք մեր խոսակցության հետ... Ես քեզ չեմ հասկանում:

Այն աստիճան անկեղծ էր Հեղինեի զարմանքը, որ Մանեն զղջաց, թե ինչու ինքն այդքան փոքրոգի եղավ ընկերուհու հեգնական նկատողությունների դեմ և, նրանից վրեժ լուծելու պախարակելի զգացումից դրդված, այդպես հանկարծ ու խստորեն ասաց այն, ինչ բանի համար որ եկել էր ընկերուհու մոտ և ինչ որ կարելի էր ասել նրան ավելի մեղմորեն: Նրա զայրույթը մեղմացավ, և նա այս անգամ բարեկամական-հանդիմանական տոնով պատմեց այն բոլորը, ինչ որ լսել էր այդ օր եկեղեցու բակում Հոռոմսիմից: Պատմելիս աշխատում էր կարելույն չափ շարժել Հեղինեի կարեկցությունը դեպի Նասիբյանի թշվառ ընտանիքը և ուրախությամբ տեսնում էր, որ ընկերուհին լսում է մեծ ուշադրությամբ և հետզհետե լցվում բարկությամբ:

Ցա՛ծ, ստո՛ր, գարշելի՛ մարդ, — բացականչեց Հեղինեն, այլևս չկարողանալով զսպել իրեն, և սաստիկ հուզված՝ սկսեց անցուդարձ անել սենյակում արագ, փոքրիկ, ջղոտ քայլերով, որի ժամանակ նրա ոտների տակ ճռճռում էր հատակի մի տախտակը: — Հավատում եմ... կարծում ես չե՞մ հավատում... բոլոր բաներին հավատում եմ, ինչ որ պատմել է այն խեղճ պառավը... հավատում եմ, որովհետև այդ խոզի ճուտը, այդ չորացած ապուխտն ընդունակ է ամեն բանի... Ափսո՜ս միայն, որ ես այդ բաները չեմ իմացել, թե չէ

Իբր թե՞

Հեղինեն արագ նայեց Մանեին և, իսկույն քայլերի ընթացքը փոխելով, գնաց կանգնեց նրա առջև.

Մի՞թե դու ինձ վրա այն աստիճան վատ կարծիք ունիս, որ չես հավատում ասածիս, — ասաց նա, խիստ լրջորեն նայելով ընկերուհու աչքերին: — Ի՞նչ անեմ, երդվե՞մ, որ հավատաս: — Ես քեզ լրջորեն ասում եմ, որ առաջին անգամն եմ իմանում նրա այդ ցածությունները: Եվ որտեղ՞ից պիտի իմանայի. ինքը խո չէ՞ր պատմելու: Թե չէ, որ իմանայի.. Չես կարող երևակայել, թե որքա՛ն զզվում եմ այժմ նրանից, որովհետև չգիտես, ախր, թե որքա՛ն աներես մարդ է, որքա՛ն հանդուգն, որքա՛ն լիրբ: Այստեղս է հասցրել, ա՛յ (Հեղինեն աջ ձեռքի ցուցամատը կոխեց իր չաղ կզակի տակ): Տիզ, կատարյալ տիզ, կպել, պոկ չի գալիս: Իսկ դու, ո՞վ գիտե, ինձ ես մեղադրում: Շատ անգամ ուղղակի դուրս եմ անում, բայց նա, երեսը շան կաշի շինած, էլի շարունակում է թրև գալ հետևիցս, թե ինչ է՝ մի անգամ գլուխս քարովն եմ տվել ևԱ՜խ այս հիշողությունն ուղղակի գժվեցնում է ինձ: Որքա՜ն անփորձ, որքա՜ն հիմար եմ եղել առաջSե՛u, տես, ա՛յ նա գալիս է: Որ ասո՜ւմ եմ: Որ ասո՜ւմ եմ, — կրկնեց Հեղինեն, կարծես ֆիզիկական մի սուր ցավից աղաղակելով:

Մանեն լուսամուտից նայեց դեպի փողոց և տեսավ Նասիբյանին փոքրիկ, արագ քայլերով դեպի Հեղինեի բնակած տան դուռը դիմելիս: Հետո բնազդմամբ նայեց ընկերուհուն և գրեթե վախեցավա՛յն աստիճան փոխված տեսավ Հեղինեի դեմքը:

Ես կգնամ, — ասաց նա անհանգստացած:

Հեղինեն արագորեն բռնեց նրա ձեռքից:

Ո՞ւր... Չէ՛, սպասիր: Դու պետք է մնաս ու տեսնես քո աչքով, որ ես երես չեմ տալիս նրան: Ես հիմա եմ հասկանում, որ դու ինձ վրա այդ աստիճան զայրացած ես այդ սրիկայի պատճառով: Քո բարեկամությունն այնքան թանկ է ինձ համար, որ ո՛չ մի պայմանով չէի կամենալ, որ դու որևէ կասկած տանեիր ինձ վրա: Խնդրում եմ մնա:

Ոչ, աստված է վկա, լավ կլինի, որ...

Միևնույն է, չեմ թողնիլընդհատեց նրան Հեղինեն այնպիսի համառությամբ, որ Մանեն ավելորդ համարեց պնդել իր հեռանալու վրա: — Ինչքան վատ գաղափար ուզում ես՝ կարող ես ունենալ իմ մասին, բայց որ կարծում ես, թե այդ սրիկայի արարքների մեջ իմ մատը խառն է, այդ շատ ծանր է ինձ համար:

Խիստ հուզված, նա պենսնեն պոկեց քթից, թաշկինակով սրբեց ապակիները և նորից դրեց քթին: Նա բոլորովին կերպարանափոխվել էր. սովորական չարաճճի, կենսուրախ արտահայտության հետքն անգամ չէր մնացել նրա դեմքին, և այդ կլորիկ ու փափլիկ դեմքի վրա մսերը նկատելի կերպով ցնցվում էին ջղաձգաբար: Նա գունատվել էր և փոքրիկ, կարծես մանկական բերանի կաս-կարմիր շրթունքները կրծում էր փղոսկրի պես` պլպլող ու պինդ ատամներով, իսկ ձեռքերը հետևը տարած՝ մսալի մատները բաց ու խուփ էր անում տարօրինակ կերպով, կարծես պատրաստվում էր կատվի պես հարձակվել Նասիբյանի վրա, հենց որ նա մտներ:

3

Ներս մտավ Նասիբյանը, — խորշոմած փոքրիկ դեմքով, երկարաթև սպիտակ փողկապով, խիստ նիհար, ըստ երևույթին թոքախտավոր, ցածլիկ, մոտ երեսուն տարեկան մի երիտասարդ, որի մեջ, սակայն, երիտասարդական ոչինչ չկար, բացի ջղային արագ քայլվածքից և խիստ սև ու խոշոր աչքերից, որոնք լի էին խիզախ համարձակությամբ և ինչ-որ անզուսպ կրակով: Նրա մի հոնքը, աջը, վերև էր թռել, կարծես ապշել էր ինչ-որ բանի վրա, և այդ կողմից նրա կիսադեմն ավելի երիտասարդական էր, ավելի գրավիչ ու սիրուն, քան ձախ կողմինը, որի վրա, հոնքի ու աչքի տակ, խորշոմներն ավելի շատ էին, ավելի պառավական և ավելի մռայլ ու գաղտնապահ:

Մտնելուն պես նա ուզում էր մոտենալ Մանեին, որ բարևի նրան, բայց տեսնելով Հեղինեի բռնած տարօրինակ դիրքը, կանգ առավ զարմացած, որի ժամանակ նրա ձախ ունքն էլ վեր թռավ:

Ինչո՞ւ ես եկել, — հարցրեց Հեղինեն, պենսնեի պարզ ապակիների միջից փայլեցնելով նրա վրա ցասումնալից աչքերը:

Նասիբյանը սկզբում կարծես թե շփոթվեց ոչ այնքան այդ հարցից, որ Հեղինեն տվեց իրեն երրորդ մի անձի ներկայությամբ, որքան այն տարօրինակ փայլից, որ տեսավ նրա աչքերի մեջ, և վերին աստիճանի լարված-թշնամական այն տոնից, որով նա տվեց իրեն այդ հարցը:

Ինչպե՞ս թե ինչու եմ եկել, — շշնջաց նա մեքենայաբար:

Հա, ինչո՞ւ ես եկել, հարցնում եմ քեզ, — կրկեց Հեղինեն, ձայնը բարձրացնելով, և մի քայլ առաջ դրեց:

Նասիբյանը տարակուսանքով նայեց Մանեին, կարծես հարցնում էր` «ի՞նչ է պատահել սրան», հետո իր խոշոր աչքերը նորից դարձրեց Հեղինեի վրա և հանկարծ ծիծաղեց տարօրինակ խուլ ձայնով, այնքան տարօրինակ, որ նրա ծիծաղը կարծես ուրիշ նպատակ չուներ, բացի միայն այն նպատակից, որ թոքից խուխ պոկի:

Եկել եմ, որպեսզի թանկագին առողջությունդ հարցնեմ, — ասաց նա ու, արագորեն հանելով թաշկինակը, թքեց մեջը:

Իսկ մորդ ու կնոջդ առողջությունը, իսկ զավակներիդ առողջությունը երբևիցե հարցնո՞ւմ ես, պարոն, — աղաղակեց Հեղինեն:

Նասիբյանը մի րոպե լուռ նայեց նրան զարմացած, հետո, թաշկինակը կամաց կոխելով սյուրտուկի գրպանը հարցրեց.

Վաղո՞ւց է, որ հոգում ես մորս, կնոջս և զավակներիս առողջության համար:

Այն ժամից, պարոն, երբ իմացա, որ դու նրանց հետ վարվում ես ամենաանխիղճ կերպով, ամենավերջին կինտոյի պես:

Նասիբյանը հոնքերը սաստիկ կիտեց և կասկածանքով լի թռուցիկ մի հայացք ձգեց Մանեի կողմը:

Այդ ո՞ր ժամից է, համարձակվում եմ հարցնել, օրիորդ, — ասաց նա իր մոխրագույն փափուկ կաստորի գլխարկը դնելով աթոռի վրա և շինծու հանգստությամբ երկու ձեռքով ուղղելով փողկապի թևերը:

Հենց ա՛յս ժամից, պարոն: Այս րոպեիս միայն իմացա, որ դու ամենախայտառակ կերպով ծեծում ես կնոջդ, պառավ մորդ դռնեդուռ ես գցել, զավակներիդ քաղցած ու տկլոր ես պահում: Եվ դու ինտելիգե՜նտ մարդ ես անվանում քեզ, և դու հոդվածներ ես գրում բռնությունների, անարդարությունների դեմ, և դու պաշտպա՜ն ես ցույց տալիս քեզ ճնշվածներին, հալածվածներին, և քեզ արմատական հայացքների տեր հրապարակախո՜ս են անվանում, քե՜զ, քե՜զ

Սպասի՛րաղաղակեց Նասիբյանը, իր ահագին աչքերը ոլորելով Հեղինեի վրա: — Այս դո՞ւք եք պատմել սրան, տիկին, — դարձավ նա Մանեին արագորեն:

Հեղինեն մի ոստյունով թռավ և կանգնեց նրա ու Մանեի մեջտեղ, ուղղակի Նասիբյանի քթի տակ: Նա դողում էր կատաղությունից և պենսնեն ցնցվում էր նրա քթի տակ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last