Նար-Դոս՝   Պայքար

Այո, շատ պարզ է, որ դա կուշտ և ժլատ մարդու վարդապետություն է, — նկատեց Մանեն սառն հանգստությամբ:

Վահանը բերանից բաց թողեց սիգարի ծուխը և նայեց քրոջը զարմացած:

Կուշտ և ժլա՞տ: Կուշտն էլի հասկանում եմ, բայց ժլա՞տը որտեղից կապեցիր պոչից:

Չլինի՞ թե հիմա էլ ուզում ես ուրիշ սոփեստություններ անել, որ ժլատ չես:

Վահանը բոլորովին զարմացավ:

Ես ժլա՞տ:

Այո, դո՛ւ, — շեշտեց քույրը նույն հանգստությամբ: Ժլատությունդ երևում է մինչև անգամ հագուստիցդ: Մի լավ նայիր վրադ: Կարելի՞ է այդպիսի հագուստով այսպիսի տեղեր գալ: Չէի՞ր կարող, ինչ է, շապիկդ փոխել և, եթե չունիս, նորն առնել, իսկ սյուրտուկիդ ցերեկով նայե՞լ ես, թե ինչպես պլպլում է կեղտից:

Ա՛, իմացա. դու ամաչում ես ինձ հետ նստել:

Է՛, թող ի սեր աստծու, — ջղայնորեն արտասանեց Մանեն և դեմքը շրջեց եղբորից:

Սպասիր: Որեմն դու մի քիչ կեղտոտ շապիկս և հնացած սյուրտուկս վերագրում ես այն բանին, որ ես ժլա՞տ եմ:

Այո՛: Չես ուզում մաքուր ու լավ հագնվել, որ փող ծախսած չլինես:

Անկե՞ղծ:

Մանեն չպատասխանեց, նա չէր նայում եղբորը:

Լավ, ընդունենք, թե ասածդ ճիշտ է, — որ ճիշտ չէ, իհարկե, որովհետև ի՞նչ կարիք ունիմ լավ հագնվելու, քանի որ, դեռևս մտադիր չեմ նշանվելու: Բայց ինչ կապ ունի ժլատությունս նշանաբանիս հետ:

Այն կապն ունի, որ «դու քեզ համար, ես ինձ համար» ասելով ուզում ես ապահովել քեզ, որ ոչ ոք աչք չտնկի գրպանիդ, իսկ գրպանդ քեզ համար...

Լավ, մի շարունակիր, — ընդհատեց Վահանը, բաժակները լցնելով սպասավորի բերած լիմոնադիցդու վատ տրամաբան ես, քույրիկ ջան: Մի նեղանար, խնդրեմ: Գրպանիս որ այդքան նշանակություն տայի...

Խոստովանիր, որ դու գյուղում վաշխառությամբ էլ ես պարապում, — հանկարծ դառնալով դեպի Վահանը, շպրտեց նրա երեսին Մանեն:

Չէ, այդ էլ չեղավ, քույրիկ ջան, — նկատեց Վահանը և դատարկեց իր բաժակը: — Դու ուզում ես, — խմիր, քանի սառն է, — դու ուզում ես ամուսնուդ ջիգրը հանել, որ այն օրը նրան վաշխառու անվանեցի: Բայց չէ՞ որ ես կատակ էի անում: Գրպանիս որ այդքան նշանակություն տայի... Տե՛ս ով է գալիս... (Վահանն աչքով արավ դեպի պարտեզի մուտքը): Գրպանիս որ այդքան նշանակության տայի և վաշխառու լինեի, մինչև հիմա վաղուց բռնել էի քո այդ պարոն
Զևսի յախից, — թեև մազերից բռնելն ավելի հարմար կլիներ, — և պահանջել էի հարյուր ֆրանկս... տոկոսով հանդերձ, իհարկե:

Մանեն նայեց այն կողմը, որ կողմը որ աչքով արավ Վահանը, և տեսավ Բադամյանին: Բադամյանը մտավ պարտեզ: Նրա հետ էին նեղ ու կարճ սյուրտուկների մեջ պինդ կոճկված երկու երիտասարդ, որոնք, մեկը նրա աջ, մյուսը ձախ կողմն անցած, ստրկական-հարգական ակնածությամբ լսում էին նրա մի ինչ-որ պատմությունը:

Տեսնո՛ւմ ես նրա հետ այն երիտասարդներին, — ասաց Վահանը քրոջը: — Դեմքերից, հագուստներից և շարժումներից տեսնում եմ, որ գավառացիներ ենգավառացիների ազատամիտ կծոտողներից, որոնք, սակայն, կատու են դարձել այստեղ: Տես, ինչքան զգույշ են քայլում, որ չդիպչի Զևսի թևին: Դա, տերը մի արասցե, սրբապղծություն կլինի. որովհետև գիտե՞ս ով է Բադամյանը... Դու գավառում չես եղել, որ իմանաս, թե... Բայց հարյուր ֆրանկս պահանջելու փոխարեն հրավիրելու եմ, որ մի բաժակ լիմոնադ անուշ անի մեզ հետ:

Եվ երբ Բադամյանն իր ուղեկիցների հետ մոտեցավ ու պիտի անցներ Վահանի ու Մանեի առաջով՝ առանց նրանց նկատելու, Վահանը կանչեց.

Պարոն Բադամյան:

Բադամյանը կանգ առավ, նայեց նրա կողմը, ըստ երևույթին, իսկույն չկարողացավ ճանաչել, թե ով էր կանչողը, բայց Մանեին որ տեսավ նրա մոտ, շտապեց ներողություն խնդրելու իր թիկնապահ երիտասարդներից, թողեց նրանց և մոտեցավ քույր ու եղբորը:

Այդ դո՞ւք եք, — բացականշեց նա, սեղմելով Վահանի ձեռքը: — Դուք այնքան ուշ-ուշ եք երևում մեր քաղաքում, որ, ներեցեք, իսկույն չկարողացա ճանաչել, մանավանդ, որ այդքան չաղացել եք: Բարև ձեզ, տիկին: Այդ ինչպե՞ս է, որ ձեզ չեմ նկատել թատրոնում:

Որովհետև մենք հասարակական գործիչներ չենք և հետևն ենք նստած, — թռուցիկ մի ակնարկ գցելով քրոջ կողմը, ասաց Վահանը և կողքի աթոռը մոտ քաշեց: — Չէի՞ք բարեհաճիլ մեզ ընկերանալ:

Բադամյանը շնորհակալություն հայտնեց և նստեց: Վահանը սպասավորեն պատվիրեց, որ մի բաժակ էլ բերի:

Ուրի՞շ, ինչպե՞ս եք, — դարձավ Բադամյանը Վահանին: — Այս ո՞ր քամին է քշել ձեզ Թիֆլիս:

Ցիկլոնն ասացեք, այլապես ո՞ր քամին կարող է տեղից շարժել այս ահագին մսագունդը: Եկել եմ բժիշկներից խորհուրդ հարցնելու, թե ի՞նչ անեմ, որ այսպես չչաղանամ, երևակայեցեք, տանը հատկապես մի կշեռք եմ պահում, ամեն օր կշռվում եմ և տեսնում, որ օր օրի վրա ծանրությունս ավելանում է մինչև մի ֆունտ: Դե հաշվեցեք՝ տարին քանի փութ դուրս կգա: Անցյալ օրը մի ծանոթ բժշկի մոտ, էի, ասաց, որ այսպիսի ագրեսիվ չաղանալու դեմ չորս միջոց կա, մեկը մյուսից ավելի զորավոր. առաջին՝ ամեն օր ներկա լինել մեր եկեղեցիներում մեծ պասի ժամերգությանը սկզբից մինչև վերջը, երկրորդ՝ ներկա լինել հայկական ժողովներին. երրորդ՝ հաճախել հայոց թատրոն և չորրորդ՝ կարելույն չափ կարդալ հայ լրագիր:

Այդ ի՛նչ սրամիտ բժիշկ եք ունեցել, — բացականեց, Բադամյանը ծիծաղելով, շատ լավ իմանալով, որ նա ոչ մի բժշկի հետ այդպիսի խոսակցություն չի ունեցել, այլ դա նրա հեգնության ձևերից մեկն է միայն:

Հավատացեք, որ ես կատակ չեմ անում, — նկատեց Վահանը լրջորեն: — Բժիշկս ապացուցանում էր ինձ, թե սրանք այնպիսի միջոցներ են, որ ընդունակ են ինձ պես մի ճարպակոլոլ մարդու թոքախտ անգամ պատճառելու, ո՛ւր մնաց լղարացնելու: Սկզբում ես էլ ձեզ պես կարծում էի, թե նա կատակ է անում, բայց առաջին իսկ պատահական փորձում տեսա, որ մարդը շատ երևելի գյուտ է արել: Ասեմ ինչպես: Նույն օրը, որ բժիշկս տվավ ինձ այդ խորհուրդը, ձեր լրագրի մեջ կարդացի պոլեմիկական մի հոդված, որի մեջ գրված էր, թե թքում եք ձեր հակառակորդի թերթի վրա: Հետեյալ օրը կարդացի ձեր հակառակորդի պատասխանը: Նա գրում էր՝ «էն գլխից թքել ենք ձեր վրա էլ, ձեր թերթի վրա էլ և այդ թուքն էլ ափսոսացել»: Այդ որ կարդացի, իսկույն վազեցի մեյդան, հինգ կոպեկ տվի, նստեցի կշեռքը և կշռել տվի ինձ: Ի՞նչ եք կարծում, երկու ֆունտի չափ արդեն պակասել էր ծանրությունս, մի ֆունտը ձեր լրագրի հաշվին, երևի, մյուսը ձեր հակառակորդի:

Չինի՞ թե այժմ էլ թատրոն եք եկել նույն փորձը կատարելու համար, — հարցրեց Բադամյանը՝ շարունակելով ծիծաղել:

Գտա՛ք: Սա երկրորդ փորձը կլինի, և ես համոզված եմ, որ մի-երկու ֆունտ էլ էգուց առավոտ կլինի պակասած ճարպիցսայնպիսի աննման մի հայերեն եմ լսում այս գիշեր:

Որ այդպես է, եկող կիրակի էլ բարեգործական ընկերության ժողովն է լինելու. եկեք, թերևս մի-երկու ֆունտ էլ այնտեղ կորցնեք:

Կգամ, անպատճառ կգամ, — ասաց Վահանը, շիշը դատարկեց Բադամյանի բաժակի մեջ և սպասավորին պատվիրեց, որ մի նոր շիշ բերի:

Վահանի հետ խոսելիս Բադամյանն աշխատում էր հարմարվել նրա հեգական տոնին ու վարմունքին: Վահանին նա դասում էր այն մարդկանց կարգը, որոնք միշտ ուրախ, անհոգ՝ անընդունակ են որևէ բան իրենց սրտին մուտ ընդունելու, խոսում են ամեն բանի մասին, բայց լուրջ կերպով են խոսում ոչ մի բանի մասին և սիրում են մի տեսակ ծաղրածուի դեր կատարել մասամբ իրենց չնչինությունը ծածկելու մասամբ հասարակության մեջ սրամիտ ու սրախոս մարդու համբավը վայելողի անմեղ փառասիրությանը գոհացում տալու համար:

Մանեն նստած էր ծառի վրա կախված լապտերի տակ, այնպես որ նրա դեմքը կիսախավարի մեջ էր: Նա ետ էր ընկել աթոռի մեջքին, ամենևին չէր մասնակցում խոսակցությանը, ըստ երևույթին չէր լսում, թե ինչ են խոսում եղբայրն ու Բադամյանը: Նրա մտախոհ հայացքը կենտրոնացած էր Բադամյանի դեմքին, որը նստած էր սեղանի մյուս ծայրին, նրան դեմ առ դեմ, լապտերի պայծառ լույսի տակ: Բադամյանը մոտ երեսուն տարեկան երիաասարդ էր, գեղեցիկ լիք դեմքով, որը նրան հասուն տղամարդի տեսք էր տալիս: Նրա լայն ուսերին շատ սազով նստած էր մոխրագույն բաճկոնը, որի տակից ամառվա սպիտակ ժիլետը փայլում էր ձյունի մաքրությամբ: Ըստ երևույթին, նա առանձին խնամք էր տանում իր փափուկ, երկայն մազերի վրա, որոնք սիրուն գանգուրներով մինչև ուսերն էին հասնում ականջների մոտ ցրված: Ամեն բանովթե հայացքով, թե շարժումներով և թե խոսելիսաշխատում էր ծանր պահել իրեն, եթե շարունակ ժպտում էր Վահանի ասածների վրա, իսկ երբեմն և ծիծաղում, այդ բանումն էլ աշխատում էր դուրս չգալ ծանրախոհ լրջության սահմանից:

Դո՞ւք ինչպես եք, տիկին, լա՞վ եք, — հարցրեց նա, սեղանի վրայից թեթև առաջ խոնարհվելով դեպի Մանեն և ինչ-որ խորհրդավոր հայացքով նայելով նրա աչքերին:

Մանեն կամաց ցնցվեց, հայացքը թռցրեց նրա դեմքի վրայից և մեքենայաբար վերցրեց իր բաժակը, որին դեռ ձեռք չէր տվել:

Շնորհակալ եմ, — արտասանեց նա հանգիստ:

Դուք գիտեք, պարոն Բադամյան, որ ձեր գալուց առաջ ես ու քույրս կռվում էինք իրար հետ:

Բադամյանն արագ նայեց Վահանին:

Հաա՞... Ինչո՞ւ:

Վահանը նայեց քրոջը և կամաց ծիծաղեց:

Ասենք, սա մասնավոր բան է, — ասաց նա: — Դուք ինձ այս ասացիք այն երկու երիտասարդը, որ ձեզ հետ էին, գավառացիներ էին, չէ՞:

Այո:

Էնոնցից, չէ՞, ես ու դուք որ գիտենք...

Այո, — ժպտաց Բադամյանը:

Ես դրանց հոգուն մեռնեմ, գիտե՞ք, թե ի՛նչ հրաշքներ են գործում գավառում... ճիշտ է, մինչև այժմ պրոպագանդը դուրս չի եկել քաղաքների մանրավաճառների խանութներից, բայց մի հինգ-տասը տարուց հետո վերջին խոզարածին էլ կտեսնեք հեղափոխական կարմիր դրոշակի տակ կանգնած... Ինչ վերաբերում է ընդհանուր լուսավորության գործին, այստեղ երևույթն ավելի ևս մխիթարական է: Օրինակ, ուսուցիչները գորտեր ու կատուներ են կտրատում բնագիտության դասերին. հայ կինը վերցրել է քթկալը և այլևս չի լվանում ղոնաղի ոտները. դյուքանչիները լոխ թղթակիցներ են դարձել: Հրեն մեր գյուղում մի դյուքանչի ունինք, ձեր թղթակիցն է. շաբաթ չի անցնի, որ նամակ չգրի: Դուք էլ տպում եք, հա տպում:

Է՛հ, ո՞վ է մեղավոր, որ ձեզ պես ուսում առածները ետ են քաշվել, և ասպարեզը մնացել է դյուքանչիներին:

Համենայն դեպս, ոչ ես: Բանն այն է, որ ես փափագելով փափագում եմ թղթակցել ձեզ, բայց մի բանի շատ մոտիկ խավարամիտ բարեկամներ ունիմ. հենց որ իմանան, թե գրում եմ ձեր թերթի մեջ, — պրծա՛վ, էլ բարև չեն տալ:

Որ այդպես է, գրեցեք նրանց թերթի մեջ:

Այն ժամանակ, ինքներդ ասացեք, կարո՞ղ էի ձեզ հետ միևնույն սեղանի մոտ նստած այսպիսի բարեկամական խոսակցություն ունենալ:

Դուք չէիք կարող, բայց ես կարող էի, — վրա բերեց Բադամյանը ծիծաղելով:

Ցավն հենց այն է, պարոն Բադամյան, որ եթե ես համոզված լինեի, թե դո՛ւք այդ կարող էիք, հենց վաղն ևեթ կգրեի խավարամիտների օրգանում:

Փորձեցեք և տեսեք:

Ուզո՞ւմ եք, հենց այս րոպեիս փորձեմ:

Այդ ավելի լավ, որովհետև ո՞վ գիտե, թե՞ էլ ե՛րբ առիթ կունենանք այսպես միևնույն սեղանի մոտ նստած լինելու:

Ուրեմն աշխատեցեք պինդ նստել, որ չփախչեք: Ես խոսելու եմ ձեր վերջին վեպի մասին և խոսածս կլինի կմախքը մի կրիտիկայի, որ կզետեղեմ խավարամիտների օրգանում: Բադամյանն արմունկներով հենվեց սեղանին և քունքերն առավ ափերի մեջ: Այդ դիրքով և դեմքին խաղացող հեգնական ժպիտով նա կարծես թե ուզում էր ասել` «դուրս տուր, տեսնենք ինչ նոր խեղկատակություններ ես անում»:

Ես լսում եմ, — ասաց նա:

Ես էլ սկսում եմ, — ասաց Վահանը և սկսեց բաժակները լցնել սպասավորի բերած նոր շշից:

Այդ րոպեին նրանց առջև բսնեց Հեղինեն, հետևիցՆասիբյանը: Ինչպես երևում էր, այդ տարօրինակ սիրուհին ու սիրահարը դարձյալ մի նոր խոսակցություն էին ունեցել իրար հետ. այդ երևում էր նրանից, որ Հեղինեի աչքերի մեջ զսպած բարկության հետքեր էին երևում, և նրանից, որ Նասիբյանը ջղայնորեն կրծում էր ներքին շրթունքը և բեղի ծայրը ոլորում:

Ա՛, իմ ամենախորին հարգանքներն օրիորդին, — բացականչեց Վահանը և ոտի ելավ Հեղինեին բարևելու համար: — Բայց... դուք բարկացած եք երևում, օրիորդ:

Այո, բարկացած եմ և... շատ բարկացած, — ասաց Հեղինեն, նստելով Մանեի կողքին:

Ո՞ւմ վրա, — համարձակվում եմ հարցնել:

Ձե՛զ վրա: Դուք խաբեբա և ստախոս մարդ եք:

Վա՛հ... Այդ ի՞նչ ասացիք, օրիորդ:

Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ այն օրն ինձ խաբեցիք, թե ձեր քրոջ մոտից եք գալիս, մինչդեռ նրա երեսը դեռ չէիք էլ տեսած եղել:

Սխալվում եք, օրիորդ, քրոջս երեսն ես տեսել եմ նրա հենց ծնվելու օրից:

Հետո, ինչպես իմացա, դուք օրինակելի եղբայր չեք եղել: Մանեն գանգատվում էր, որ տարին հազիվ մի երկու անգամ Թիֆլիս եք գալիս և եկած ժամանակն էլ ամենից վերջն եք հիշում իրեն: Ճիշտն ասած, ես ամենևին չէի կամենում ձեզ նման մի եղբայր ունենալ:

Իսկ ես, երևակայեցեք, օրիորդ, փափագելով կփափագեի ձեզ նման տասը քույր ունենալ:

Ինչո՞ւ:

Որպեսզի որքան կարելի է հեռու փախչեի:

Հեղինեն տարակուսանքով նայեց Մանեին, Բադամյանին, հետո Վահանին:

Ինչպե՞ս ընդունեմ ձեր այդ խոսքերը, — կատա՞կ, թե՞ վիրավորանք:

Իհարկե, կատակ: Քույրս ինձ հանդիմանում էր, որ ես գիտեմ միայն կատակ անել, հեգնել, ծաղրել և բամբասել. խաբելն ու սուտ խոսելն էլ խո դուք ասացիք: Այս րոպեիս էլ իմ այդ բոլոր ընդունակություններս ի մի հավաքած՝ ուզում էի խոսել պարոն Բադամյանի «Ապահարզանի» մասին:

Իհարկե, դուք չեք հավանիլ այդ վեպը, — նկատեց Նասիբյանը, հարևան սեղանի մոտից մի աթոռ քարշ տալով և նստելով Բադամյանի կողքին:

Ահ, այդ դո՞ւք եք, պարոն Նասիբյան: Բարև ձեզ: Բայց նախ ինչպե՞ս է ձեր թանկագին առողջությունը:

Շնորհակալ եմ:

Հետո՝ ինչո՞ւ չպետք է... Ի՞նչ եք կամենում: Լուցկի՞: ՀամեցեքԻնչո՞ւ չպետք է հավանեի պարոն Բադամյանի վեպը, համարձակվում եմ իմանալ:

Նասիբյանը վառեց պապիրոսը և լուցկու տուփը դրեց Վահանի առաջ:

Որովհետև խավարամիտների բանակին եք պատկանում: — ասաց նա և ծխախոտի ծուխը կուլ տալուց սկսեց հազալ:

Օ՛, այդ ինչ սոսկալի բառեր եք գործածում, պարոն Նասիբյան: Խղճացեք ինձ, խնդրում եմ: Ինչպե՞ս կարող եք չհավանել պարոն Բադամյանի ռոմանը, քանի որ Պառնեի մասին ձեր գրած հոդվածը սարսափելի հավանել եմ: Իսկ պարոն Բադամյանի ռոմանի բովանդակությունն ու Պառնելի սիրահարության պատմությունն այնքան նման են իրար, որ եթե պարոն Բադամյանն իր վեպն առաջ գրած լիներ, կկարծեի, թե իսկ և իսկ Պառնելի գլխին պատահած անցքն է ռոմանի նյութ շինել: Ձեր հոդվածն այնքան հավանել եմ, որ նույնիսկ կտրել դրել եմ շրջանակի մեջ և պատից կախել, ինչպես մի ժամանակ անում էին մեր բարեպաշտ աղաները կաթողիկոսական կոնդակները: Բայց ի՛նչ եմ ասում. մենակ եu եմ հավանել: Մեր գյուղում մի դյուքանչի ունինք: Լրագրի այն համարը, որի մեջ տպված էր ձեր հոդվածը, վազացրեց ինձ մոտ. «Մին տես է՛, մին տես, է՛, — ասաց. — ի՛նչ հիանալի պյան ա կրել Նյասիբյանը»: Պետք է ավելացնեմ, պարոն Նասիբյան, որ ձեր հոդվածներն առհասարակ ձեռքից ձեռք են խլվում գավառում:

Չի՞ կարելի արդյոք, որ հեգնությունները թողնեք և խոսեք եթե ոչ լրջորեն, գեթ անկեղծորեն, — նկատեց Նասիբյանը բերանից արձակած առատ ծխի միջիդ ծուռ ու սառն մի հայացք ձգելով Վահանի վրա:

Այդ ի՞նչ եք ասում, պարոն Նասիբյան. դուք ինձ վիրավորում եք: Անկեղծ չեմ խոսում միայն կանանց հետ, իսկ դուք, փառք աստծո, մորուք էլ ունիք, բեղեր էլ:

Դուք երևելի ճշմարտություն ասացիք, — բացականչեց Հեղինեն: — Օ՛, դուք տղամարդի՛կդ... Ձեզ մեկ-մեկ պետք է կախել:

Ի՞նչ խորամանկն եք, օրիորդ, — ասաց Վահանը աչքով անելով Հեղինեին. — չեք ուզում բոլորիս միանգամից կախել, որպեսզի առանց պաշարի չմնաք:

Հեղինեն բարձրաձայն քրքջաց:

Դուք բավական ցինիկ էլ եք եղել, — ասաց նա:

Ըհը, նոր էպիտետ: Այդ էլ գրիր դավթարումդ, քույրիկ ջան, — դարձավ Վահանը Մանեին: — Ցինիկների նախահայրը խո գիտեք ով էր, օրիորդ:

Ես գործ չունիմ ձեր նախահոր հետ, բայց տեսնում եմ, որ դուք ինքներդ կարող եք մի լավ նախահայր լինել:

Օ՛, որ գիտենաք, թե որքան մեծ պատիվ եք անում ինձ, օրիորդ: Գիտե՞ք Մակեդոնացին ինչ ասաց, երբ այցելություն էր տվել իմ նախահորը: «Եթե ես Ալեքսանդրը չլինեի, — ասաց, — կկամենայի Դիոգենեսը լինել»: Այս էլ ասեմ, օրիորդ, որ դուք ուզում եք մեզ՝ տղամարդկանց, կախել, բայց իմ Նախահայրն արժանի չէր համարում իր տակառի մեջ տեղ տալու ձեզ, ուզում եմ ասել` կանանցդ:

Իսկ դուք ե՞րբ եք տակառ մտնելու:

Երբ որ մի նոր Ալեքսանդր Մակեդոնացի երևան գա: Իսկ մինչ այդ՝ տակառներս ես գործ եմ ածում գինիների համար: Բայց թողնենք այս: Պարոն Բադամյանին ևս խոստացել եմ խոսել իր «Ապահարզանի» մասին: Դուք, իհարկե կարդացել եք այդ վեպը: Հիանալի է, չէ՞:

Դուք ծաղրում եք, — ասաց Հեղինեն լրջորեն, — բայց ես ձեզ կասեմ, որ «Ապահարզանը» ոչ միայն հիանալի մի վեպ է իբրև գեղարվեստական գրվածք, այլև, որքան ես գիտեմ, ամենաառաջին գրվածքն է ամբողջ հայ գրականության մեջ, որ պատռում է կեղծ ամուսնությունների դիմակը և ցույց է տալիս, թե որքան ստրկացած վիճակի մեջ է դեռևս հայ կինը տղամարդի և հասարակական նախապաշարումների բռնակալ լծի տակ:

Օրիորդ այդպես չի կարելի: Դուք մոռանում եք, որ հեղինակը ներկա է այստեղ: Խնայեցեք նրա համեստությունը: Մի՞թե չգիտեք, որ հեղինակն իր կրիտիկոսների առաջ մի դեր ունի միայն կատարելուլռել: Եվ տեսնում եք, որ պարոն Բադամյանը չի պաշտպանում իրեն ձեր խոսքերի դեմ:

Ես նրան չպախարակեցի, որ նա ինքն իրեն պաշտպանելու պետքը զգա:

Զարմանալի հասկացողություն ունիք ինքնապաշտպանության վրա: Մի՞թե չգիտեք, որ լինում են գովասանքներ, որոնց դեմ նույնպես պետք է պաշտպանվել: Լինում են, չէ՞, պարոն Բադամյան:

Ես կատարում եմ հեղինակի դերը և լռում, — ասաց Բադամյանը ժպտալով:

Կեցցե՛ք: Ուրեմն ես կարող եմ ավելի ևս համարձակ խոսել: Լսեցեք, պարոններ, սկսում եմ... Պարոն Նասիբյան, դեն ձգեցեք այդ պապիրոսը. տեսնում եք՝ հազում եք... Ինչո՞ւ դուք, վիպասաններդ, պարոն Բադամյան, ամուսնական խնդիրը շոշափելիս նախ անպատճառ կնոջ կողմն եք բռնում, հետո ամուսնուն դուրս եք բերում իբրև կատարելագույն մի հրեշ, որի հետ, ոչ թե միայն ձեր նկարագրած կանայք, որոնք սովորաբար հրեշտակներ են լինում, այլև քառասուն պոզ ու պոչ ունեցող սատանան էլ չի կարող ապրել: Նախ` միշտ այդպե՞ս է լինում արդյոք: Հետո` դա ի՞նչ փտած ձև է, որ շուն ու կատու դարձած ամուսինների մեջ անպատճառ ներս եք խոթում մի երրորդ անձնավորության, որին և հանձնում եք ծանրության կենտրոնը: Այդ միջանկյալ անձնավորությունն անպատճառ կնոջ սիրահարն է: Առանց սիրահարի ամուսնական խնդիր չի լուծվում, մինչև անգամ իսկի խնդիր էլ չի լինում, ձեր կարծիքով, կինը հրեշտակ, մարդը հրեշ, սիրահարն իդեալիստ, անարդարության և հասարակաց կարծիքի դեմ բողոքողի կնիքը ճակատին: Կինը մեռնում է թոքախտից ամուսնու ճիրանների մեջ, սիրահարը վազում խելագարվում է սիրած կնոջ գերեզմանի վրա, իսկ հրեշ-ամուսինը, երկուսի գլուխն ուտելուց հետո էլ շարունակում է իր ուրախ, անհոգ կյանքը: Ահա՜, ձեր, գրողներիդ, շաբլոնը, որը պապիս պապի ժամանակից արդեն փտել է ժանգից: Չի՞ կարելի արդյոք, որ մի անգամ էլ շուռ տաք այդ շաբլոնը և այդպես չափեք, ամուսինն անլեզու մի անասուն, կինը մի պոռնիկ, սիրահարը մի լովելաս-շառլատան: Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես ամեն բան պրտիտյուս կլինի, ինչպես, ասամ է ղարաբաղցին: Բայց չէ՛, դուք խորամանկ մարդիկ եք, ուզում եք կանանց սիրտը շահելտեսա՞ք, օրիորդն ինչպես փառաբանում էր ձեզ, — թե չէ՝ անլեզու անասուններին ի՛նչ շահ: Այնպիսի մի ռոման...

Ներողություն, ես ուզում եմ ձեզ պատասխանել, — բացականչեց Հեղինեն, քթի վրա ուղղելով պենսնեն:

Խնդրեմ եմ, մի քիչ համբերեցեք, օրիորդ, ես իսկույն վերջացնում եմ: Այնպիսի մի ռոման, որպիսին ձեր «Ապահարզանն» է, պարոն Բադամյան, ես էլ կգրեմ, թեև գինեգործ եմ: Հավատացնում եմ ձեզ: Որովհետև շաբլոնը պատրաստ, է, մտքերը պատրաստ են. ամեն բան պատրաստ է. հարկավոր է միայն պարապ ժամեր և համբերություն: Ա՛յ, ձեզ ղոչաղ կասեմ, եթե կարողանաք ապահարզանի խնդիրը լուծել առանց սիրահարի: Երեք հերոսի տեղ երկուսը դուրս բերեքմարդ և կին: Բայց ոչ թե մեկը հրեշ, մյուսը հրեշտակ, կամ մեկն անասուն, մյուսը պոռնիկ, այլ երկուսն էլ կատարելապես օրինավոր անձեր, սակայն այնպիսի անձեր, որոնք ինչ-ինչ պատճառներով, — բայց ոչ սիրահարի պատճառով, հա, լավ իմացեք, — չեն կարող միասին ապրել, անհնարին բան է, որ միասին ապրեն: Այդ պատճառները պետք է լինին հարկավ բարոյական պատճառներ, ինչպես, օրինակ, տարբեր գաղափարները, հակումները, հայացքները և այլն: Հը՞, ի՞նչ եք կարծում այս մասին, պարոն Բադայան:

Ներողություն, նախ թույլ տվեք իմ ասելիքս ասեմ, — նորից մեջ ընկավ Հեղինեն:

Հրամայեցեք խնդրեմ:

Ամենից առաջ մի բան, դուք այսպես էլ եք խոսում, այնպես էլ, և ես չեմ հասկանամ, թե իսկապես ի՛նչ եք դուքհետադիմական, թե առաջադիմակա՞ն, խավարամի՞տ, թե ազատամիտ:

Զարմանալի օրիորդ եք, նոր չէ՞ր, որ պարոն Նասիբյանն ասաց, թե ես խավարամիտ եմ:

Նասիբյանը պապիրոսը ձգեց գետին և սկսեց ոտով տրորել:

Դուք ոչ այս եք, ոչ այն. դուք կլոուն եք, — ասաց նա շատ հանգիստ կերպով:

Վահանը բարձրաձայն ծիծաղեց:

Դե, ասում եք, պարոն Նասիբյանը կծել չի իմանում...

Շունը դուք եք, — հանկարծ պայթեց Նասիբյանը՝ ձեռքն ամուր խփելով սեղանին և վեր թռավ տեղից: Մի ակնթարթում նրա ահագին աչքերը կրակ կտրեցին:

Մեբենայաբար վեր թռան տեղներից նաև Բադամյանը, Հեղինեն և Մանեն, առաջինն ապշած, վերջինները սաստիկ վախեցած, մանավանդ Մանեն, որը լավ չհասկացավ, թե ինչ պատահեց այդպես հանկարծ:

Վահանը մի րոպե կորցրեց իր սառնասրտությունը. նա ոչ թե միայն հանկարծ դադարեց ծիծաղելուց, այլև, նրա ամբողջ կյանքում թերևս առաջին անգամ, չքացավ նրա դեմքից մշտական հեգնական ժպիտը: Նա ծանրորեն վեր կացավ և հուժկու ձեռքերը տարածեց դեպի Նասիբյանը, բայց քույրը հանկարծ վրա ընկավ նրա թևին:

Վահա՛ն... աղաչում եմ, — շշնջաց Մանեն:

Վահանը նայեց քրոջ աղերսական-սարսափահար աչքերին, հետո մի հայացք ձգեց շուրջը, ուր բավականաչափ կողմնակի հետաքրքիր հայացքներ տեսավ, և երկաթի կարծրություն ստացած ձեռքերը վայր թողեց:

Ափսոս, — արտասանեց նա և նույն ծանրությամբ նստեց:

Ի՞նչ ափսոս, — աղաղակեց Նասիբյանը, անվախ կանգնած նրա առաջ և փայլեցնելով նրա վրա իր ահագին սև աչքերը: — Խելքներդ ո՞ւմ վրա է գնում: Չլինի կարծում եք թույլ չեմ տալ, որ ինձ հետ կատակ անեք: Ո՞ւմ հետ եք խոսում այդպիսի հեգնություններով: Գնացեք ձեր հավերի հետ խոսեցեք: Իսկ ես պահանջում եմ ձեզնից, որ մարդկանց հետ խոսեք մարդավարի:

Դե գնա, հա՛, քոսոտ, — արտասանեց Վահանը ծաղրական արհամարհանքով:

Նասիբյանին այդ էր պակաս. արյունն աչքերն առած, ատամները սեղմած և ձեռքերը բռունցք կազմած նա հարձակվեց Վահանի վրա, բայց Վահանն իր ծանրաշարժ մարմնից անսպասելի մի ճարպկությամբ բարձրացրեց իր ահագին ոտը և նստած տեղից այնպիսի մի հարված տվեց նրա նիհար փորին, որ նա ետ ու ետ գնաց և անպատճառ պիտի փռվեր մեջքի վրա, եթե նույն րոպեին Բադամյանը չբռներ նրա հետևից:

Սկանդալը կատարյալ էր: Շուրջն ահագին բազմություն էր հավաքվել: Նասիբյանը ձկան պես խլպլտում էր Բադամյանի ամուր ձեռքերի մեջ, բերնից սարսափելի հայհոյանքներ և փրփուր թափելով, ուզում էր դուրս պրծնել և նորից հարձակվել Վահանի վրա:

Թողեք, պարոն Բադամյան, թողեք, — ասում էր Վահանը հանգիստ նստած և ժպտում էր իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու արհամարհական ժպիտով:

Բադամյանին և ուրիշ մի երկու ծանոթի հազիվ հաջողվեց հեռացնել կատաղած Նասիբյանին: Սկանդալի սիրահար ամբոխն ևս ցրվեց գլխավորապես այն պատճառով, որ թատրոնի երրորդ զանգն էր արդեն հնչում: Վահանը նոր տեսավ, որ սեղանի մոտ չկան ոչ քույրը, ոչ Հեղինեն:

Քրոջը նա գտավ թատրոնում, իր տեղը նստած: Երկրորդ գործողությունն արդեն սկսված էր:

Տեսա՞ր, ինչ օյին հանեց այդ մայմունը, — ասաց Վահանը քրոջ կողքին նստելով: — Խո չվախեցա՞ր:

Քույրը ոչինչ չպատասխանեց:

7

Երկրորդ խաղամիջոցին Վահանին շրջապատել էին մի քանի ծանոթներ և հարցուփորձ էին անում նրան՝ Նասիբյանի հետ ունեցած ընդհարման մասին: Նասիբյանն երկրորդ գործողության ժամանակ չէր մտել թատրոն: Նա նստած էր բուֆետի մոտ մի դերասանի հետ և զոռ էր տալիս գինուն այն մտադրությամբ, որ այդ գիշեր մի նոր և հսկայական սկանդալ սարքի Վահանի գլխին: Հեղինեն գիտեր այդ բանը և հայտնեց Վահանին, բայց Վահանը միայն ժպտաց և շարունակեց խոսակցությունն իր ծանոթների հետ: Մանեն մենակ էր մնացել: Նա այնքան նեղացած էր եղբորից և առհասարակ այնքան վատ տրամադրության մեջ էր զգում իրեն, որ այլևս սիրտ չուներ մնալու թատրոնում: Եվ երբ Հեղինեն նրան ևս հայտնեց Նասիբյանի մտադրությունը, նա անմիջապես գտավ եղբորը և խնդրեց, որ իսկույն տուն դառնան:

Ինչի՞ց ես վախենում, — ասաց Վահանը: — Բռանս մեջ կհավաքեմ և ջեբս կկոխեմ: Դու քեզ համար հանգիստ կաց:

Մանեն թողեց եղբորը և հեռացավ: Հանկարծ այնպիսի սրտի եկավ, որ ուզեց մենակ վերադառնալ տուն: Բայց այդ միջոցին նրա դեմն ելավ Բադամյանը:

Ես ձեզ էի որոնում, և լավ է, որ մենակ եք, — ասաց նա:

Ի՞նչ եք կամենում, — հարցրեց Մանեն գրեթե թշնամաբար:

Մի-երկու խոսք ունիմ ասելու: Խնդրում եմ, Մանե անցնենք այսպես:

Բադամյանի հայացքն այն աստիճան լի էր կարոտով, ձայնը հնչում էր այն աստիճան աղերսագին, որ Մանեն քաջություն չունեցավ մերժելու նրա խնդիրքը:

Նրանք անցան ճեմելիքով և մտան պարտեզի խորքը: Այստեղ մարդ չկար և կիսախավար էր տիրում:

Ձեր եղբայրը շատ անտակտ մարդ է, — ասաց Բադամյանը: — Պիտի իմանա, թե ում հետ է կատակ անում: Ես ծանոթ եմ նրա բնավորությանը և չեմ նեղանում: Բայց Նասիբյանը հիվանդ և տաքարյուն մարդ է: Որ ասեմ, թե Վահանն այդ չգիտե, գիտե. բայց կարծես թե զոռով աշխատում է մարդկանց գրգռել իր դեմ: Օրիորդին էլ խո տեսաք ինչպես վիրավորեց, և ես զարմացա, որ նա համբերեց, թե չէ, խո գիտեք, նա էլ Նասիբյանից ոչ պակաս ընդունակ է սկանդալ սարքելու: Ես հավանում եմ ձեր եղբոր հումորը, բայց... համը տանում է: Իսկ նրա կրիտիկան... Այդ բանն ինձ շատ հետաքրքրեց: Այն ի՞նչ ակնարկներ էին, որ անում էրՄի՞թե նրան հայտնի է...

Ի՞նչը, — հանկարծ կանգ առնելով հարցրեց Մանեն գրգռված:

Բադամյանը նայեց կիսախավարի մեջ նրա վառվող աչքերին և խորը հոգոց քաշեց:

Այդպես, միշտ այդպես, — արտասանեց նա հուսահատորեն: — Միշտ լարված, միշտ գրգռված, միշտ անհաշտ... Եվ դուք կարծո՞ւմ եք, չհասկացա՞, թե ինչու զատկին, որ այցելության էի եկել ձեր տուն, սուտ հիվանդ ձևացաք և դուրս չեկաք ինձ մոտ:

Որ հասկացել եք, ուրեմն ավելորդ է այդ մասին խոսելը, — նկատեց Մանեն խստորեն:

Բադամյանը աղերսալի անհամարձակությամբ առավ նրա ձեռքը:

Ո՛չ, ավելորդ չէ, Մանե, ավելորդ չէ, — շշնջաց նա հուսահատական սիրով: — Դուք ամեն կերպ աշխատում եք խուսափել ինձնից, բայց ես տեսնում եմ, թե որքան թանկ է նստում այդ ձեզ: Այնտեղ լույսի մեջ ես լավ դիտեցի ձեր դեմքը, իսկ այժմ ահա շոշափում եմ ձեր ձեռքը: Այս ի՞նչ է: Դուք ոսկոր եք դարձել: Եվ ինչո՞ւ, Մանե, ինչո՞ւ...

Մանեն ձեռքը վճռաբար խլեց նրա ձեռքի միջից:

Բադամյան, զգուշացե՛ք: Այս երեկո ես այնպես գրգռված եմ, որ չեմ խնայիլ ոչ ձեզ, ոչ ինձ. աստված է վկա, չեմ խնայիլ, եթե կշարունակեք խոսել այդ մասին...

Բադամյանը տեսավ, որ Մանեն կատակ չի անում: Կարճ ժաամանակ նա նայում էր Մանեին խոր տանջանքով, և զսպած կերպով հառաչեց և ասաց հարկից ստիպված մարդու հնազանդությամբ.

Որ այդպես է, ավելի լավ է հեռանամ, որովհետև

Նա չվերջացրեց, թեթև գլուխ տվեց և կամաց դարձավ ու հեռացավ:

Մանեն նայեց նրա հետևից խիստ տատանման մեջ, և երբ Բադամյանն արդեն բավական հեռացել էր՝ կանչեց.

Սպասեցե՛ք:

Բադամյանը կանգ առավ:

Մանեն հանգիստ քայլերով մոտեցավ նրան և միասին առաջ անցան:

Խո չեք կարող ինձ բոլորովին մենակ թողնել այս հասարակության մեջ, — ասաց նա այս անգամ հանդարտ, բայց այնպիսի մի եղանակով, որից երևում էր, որ ուզում է շահած լինել Բադամյանի կոտրած սիրտը: — Եղբայրս, տեսնում եք, ինձ մոռացել է: Եվ իսկապես նա է պատճառը, որ այս երեկո ես այսպես ջղային եմ դարձել:

Բադամյանը ոչինչ չասաց: Գլուխը կրծքին խոնարհած նա քայլում էր, իրեն փոքր-ինչ հեռու պահելով Մանեից և լռում էր դժգոհ մարդու մտախոհ հանգստությամբ:

Երբ մոտեցան պարտեզի պայծառ լուսավորված հրապարակին, Մանեն դարձավ:

Ետ դառնանք, — ասաց:

Բադամյանը նույն լռությամբ հնազանդվեց նրան: Կարճ ժամանակ երկուսն էլ լուռ քայլում էին կիսախավար ճեմելիքով: Փարթամ ծառերի արանքից, հրապարակի կողմից, լույսի երկայն շերտեր էին ընկնում ճեմելիքը. այդ լուսավոր շերտերի մեջ, գետնի վրա, հանդարտ նստած էին տերևների ստվերները գեղանկար ցանցեր կազմած: Հրապարակում, պավիլիոնի մեջ նվագում էր զինվորական երաժշտախումբը, պղնձյա լայնաբերան շեփորը մերթ զռում, մերթ տնքում էր կարծես ինչ-որ ծանր բեռան տակ տանջվելով, թեթև սրինգը կլկլացնում էր ուրախ ու զվարթ, իսկ փոքրիկ թմբուկը թափում էր իր մանրիկ կարկուտը, կարծես հավը կուտ էր ուտում:

Իզուր եք կարծում՝ թե նա գիտե, — ասաց Մանեն, և Բադամյանը հասկացավ, որ նա խոսում է եղբոր մասին: — Նա ոչինչ չգիտե: Եթե գիտենա էլ... Մի՞թե վախենում եք:

Բադամյանը զարմացած նայեց նրան:

Վախենո՞ւմ... Շատ տարօրինակ է, որ այդ հարցը դուք եք տալիս ինձ: Ձեռքերս կապել եք և հարցնում՝ վախենո՞ւմ եմ: Շատ էլ չեմ վախենում, բայց ի՞նչ օգուտ դրանից, քանի որ այնպիսի դրության մեջ եք դրել ինձ, որ ուզեմ-չուզեմ պետք է զգույշ կենամ ամենից առաջ հենց ձե՛զ համար: Վստահեցրեք ինձ, թե վճռական րոպեին ինձ հետ կլինիք և ոչ իմ դեմ, այն ժամանակ կտեսնեք վախենո՞ւմ եմ:

Հաջորդ էջ