Նար-Դոս՝   Պայքար

Իսկ եթե ես ասեմ, որ նա արժանի չէ՞ ձեր զոհաբերությանը, — բացականչեց նա:

Մանեն կամաց դարձավ և նայեց նրան զարմացած:

Ո՞վ նա:

Ձեր ամուսինը:

Մանեն մեջքով հենվեց պատին, աչքերը փակեց և պատախանեց շատ հանգիստ ձայնով.

Ես ոչ մի զոհաբերություն չեմ անում: Ես միայն իմ պարտքս եմ կատարում:

Մանե, աղաչում եմ, մի՛ խոսեք այդպես... ես գժվում եմԻ՞նչ պարտք, ո՞վ է պարտավորեցրել ձեզ: Եկեղեցի՞ն, քահանա՞ն, խա՞չը, ավետարա՞նը...

Ոչ, ոչ: Իմ խիղճը:

Բադամյանը դարձյալ պապանձվեց: Ատամները պինդ սեղմած իրար, նայում էր Մանեի փակ աչքերին և զգում էր, որ հոգու խորքում կատաղի ատելության պես մի բան է զարթնում դեպի նա: Նրան ծայրահեղորեն գրգռում էր Մանեի բռնած արձանային դիրքը պատի մոտ իր հրաշալի իրանով, սպիտակ երկայն վզով, խաղաղ, կարծես մարմարից կերտած դեմքով և փակ աչքերով: Եվ նրան թվում էր, որ եթե անձնատուր լինի այդ զգացմանը, անկարող կլինի զսպել իրեն, առաջ կվազի դեպի Մանեն և մի վատ բան կանի, և ապա ինքն իրեն կնետի լուսամուտից և գլուխը կջախջախի փողոցի սալահատակի վրա:

Դուք ճանաչո՞ւմ եք ձեր ամուսնուն, — հանկարծ հարցեց նա:

Մանեն բաց արեց աչքերը և նայեց նրան զարմացած:

Դա ի՞նչ խոսք է:

Իսկ ես ձեզ կասեմ, որ չեք ճանաչում... այո՛, չեք ճանաչում, և եթե ճանաչեիք, ինքներդ կփախչեիք նրանից, իբրև անբարոյական և հրեշ մի մարդուց:

Բադամյան, ես համոզված էի, որ դուք օրինավոր մարդ եք, — շշնջաց նա գունատվելով:

Եվ դարձյալ համոզված եղեք, որ ես օրինավոր մարդ եմ եղել, որովհետև մինչև այժմ չեմ հայտնել ձեզ ա՛յն, ինչ որ վաղուց գիտեի ձեր ամուսնու մասին: Չեմ հայտնել, որովհետև չեմ կամեցել ձեզ վրա ազդել որևէ կողմնակի միջոցով, որովհետև համոզված եմ եղել, թե սերն ինքն արդեն բավարար հիմունք և դրդիչ պատճառ պիտի լինի ձեզ համար ձեր անելիքը որոշելու: Բայց այժմ դուք ինքներդ ստիպում եք ինձ դիմելու ծայրահեղության: Եվ ես ասում եմ ձեզ, որ ձեր ամուսինն անբարոյական և հրեշ մարդ էասում եմ ո՛չ թե նրա համար, որ դրանով ստիպեմ ձեզ թողնելու նրան և գալու ինձ հետ՝, — ոչ, ես արդեն հույսս կտրել եմ ձեզնից, և ոչ թե փոքրոգի վրեժխնդրությունից, ես չափազանց հպարտ եմ այդ աստիճան ստորանալու համար, — այլ ասում եմ նրա համար, որ բաց անեմ ձեր աչքերը, ցույց տամ ձեզ, թե ո՛ւմ համար եք կատարում ձեր ամուսնական պարտքը ձեր խղճի առաջ և որքան խաբված եք եղել դուք...

Մանեն լսում էր Բադամյանի խոսքերի տարափն ավելի ու ավելի ապշելով: Մինչև այժմ Բադամյանի բերանից ոչ մի վատ խոսք չէր լսել իր ամուսնու մասին, և Բադամյանը միշտ խուսափել էր վերջինիս մասին խոսելուց, իսկ այժմ...

Բադամյան, ասաց նա հանգիստ և խիստ լրջորեն, — դուք ինձ շատ ծանր դրության մեջ եք դնում: Մի՞թե չգիտեք, որ ձեր այդ խոսքերից հետո ես ապացույց կարող եմ պահանջել ձեզնից:

Եվ ես կտամ ձեզ այդ ապացույցը:

Մանեն ցնցվեց և մի վայրկյան մնաց կարկամած: Հետո հանկարծ շտկվեց և խստորեն մեկնեց ձեռքը:

Տվե՛ք, — հրամայեց նա:

Բադամյանն իսկույն ծոցից հանեց մի նամակ, բաց արեց և տվեց նրան:

Կարդացեք այստեղից:

Մանեն սկսեց կարդալ:

«…Սրանից մի քանի տարի առաջ մեր գյուղացիները զայավկա էին տվել գյուղիս հողերի սահմաններում գտնված երկաթի հանքերի համար: Երկար չարչարվելուց և ահագին փողեր ծախսելուց հետո մեկ էլ տեսան, որ իրենց գտած հանքերին տեր է կանգնել ինժեներ ոմն Գ. Ա. (խմբագրության համարԳրիգոր Սանթրոսյան): Թե որտեղից, ինչպես և ինչ իրավունքով էր այդ հարուստ ինժեները տեր դառել գյուղական մի հասարակության պատկանող բնական հարստությանը, — այդ բանը հայտնի է միայն իր համալսարանական խղճին և մեկ էլ իր տռզած գրպանին... Էլ խնդրագրեր, էլ բողոքագրեր, էլ դատարան, էլ նոր ծախսերոչինչ չօգնեց, և խղճուկ գյուղացիները վերջիվերջո ստիպված էին իրենց եփած փլավի համը չառած՝ ետ նստել և, ինչպես ասում են, բերներիցը ծլուլը թափելով դիտել, թե ինչպես ուրիշն անուշ է անում այդ համեղ փլավը: Ի՞նչ անուն կտաք դիպլոմավոր մի պարոնի այս վարմունքին:

Բայց այլ առակ լուարուք: Այս բանիս արդեն փլավի հոտ չի փչում, այլ շատ գարշելի մի հոտ:

«Մեր ասած ինժեների մոտ աղախնի պաշտոն էր կատարում այրի մի կին իր 13 տարեկան աղջկա հետ: Այս օրերս այդ աղջկան գտան հանքերից երեք վերստ հեռավորության վրա մի ձորակի մեջ խեղդամահ: Բժշկական քննությունը բացահայտեց, որ խեղճ աղջիկը, չարաչար մահից առաջ, բռնաբարված է եղել... Թեև դժվար չէր լինիլ իմանալ (թերևս և իմացան), թե ով է եղել այս քստմնելի ոճրագործության հեղինակը, բայց ամենակարող մամոնան այս գործում ևս տեսավ իր բանը, և գործը քնեց...»:

Մանեն կարդում էր, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ. նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար, դեմքի ոչ մի մկանունքը չէր շարժվում, նամակի թուղթը միայն դողում էր նրա ձեռքում:

Բադամյանը նայում էր նրա ահագին թերթերունքներին, մերթ գունատ շրթունքներին, լսում էր, և նամակի խոսքերը, չնայելով որ անգիր գիտեր, Մանեի բերանից հնչում էին նրա ականջին այնքան անհավատալի, այնքան ահռելի կերպով, որ սկզբում զարմացավ, թե ինչպես իրեն թույլ տվեց այդպիսի մի նամակ հանձնելու նրան, հետո այնքան սարսափեց, որ քիչ մնաց նամակը խլեր նրա ձեռքից, պատառ-պատառ աներ և ասեր ուղղակի, ո՛ր ինքն ևս չի հավատում այդ բանին, որ դա սուտ է, անխիղճ զրպարտություն և հերյուրված է անպատճառ անձնական թշնամությունից: Բայց նա կանգնած էր անշարժ և սարսափահար, իբրև մի մարդ, որ ծայրահեղ կատաղության րոպեին անգիտակցաբար հարված է իջեցնում հակառակորդի գլխին և, հանկարծ ուշքի գալով, կաշկանդվում, կարկամում է, երբ տեսնում է, որ հարվածը մահացու է եղել:

Բադամյանը կանգնած էր այդ դրության մեջ կաշկանդված և կարկամած, երբ Մանեն վերջացրեց ընթերցումը, նամակը վերադարձրեց, առանց նրան նայելու և լուռ հեռացավ: Մի վսեմ հանգստություն էր նկատվում նրա բոլոր շարժումների մեջ և այդ րոպեին չափազանց գեղեցիկ էր նա իր բարեկազմ հասակով, իր գունատ դեմքով, իր խոշոր աչքերի վերին աստիճանի լուրջ ու կենտրոնացած հայացքով: Բադամյանը դիտում էր նրան գաղտնի երկյուղով. նրան թվում էր, թե ահա, որտեղ որ է, ինչ որ արտաքո կարգի մի բան պիտի պայթի իր գլխին, սարսափելի մի բան, որից նրա ճակատը մերթ սառում, մերթ տաքանում էր առաջուց:

Ո՞վ է տվել ձեզ այս նամակը, — հարցրեց Մանեն տարօրինակ սառած ձայնով, որի մեջ, սակայն, ինչ-որ սպառնալից մի շեշտ կար:

Այս նամակն ուղարկված է, ինչպես ինքներդ տեսաք, մեր խմբագրությանը լրագրի մեջ տպելու համար:

Հետո՞: Տպեցի՞ք:

Ոչ

Ինչու՞:

Կարծեմ, ինքներդ հասկանալիս պիտի լինեք, թե ինչու:

Ոչ, ես չեմ հասկանում: Այդպիսի հրեշավոր մի բան հրապարակ չհանել, համայնական մի սեփականության հափշտակողի, մատաղ մի աղջկա լլկողի և ապա գազանաբար սպանողի` հասարակաց դատաստանի չհանձնելայդ ես չեմ կարող հասկանալ, որովհետև մամուլի մասին ես միշտ լավ գաղափար եմ ունեցել և մամուլն եմ համարել միակ պաշտպանը ճշմարտության և հալածվածների:

Մամուլը մեղք չունի այստեղ: Եթե այս բանում մեկը կա մեղավոր, այդ ես եմ, որովհետև ես խնդրեցի, որ նամակը չտպվի:

Դու՞ք ... ինչու՞:

Մանե, ինչու՞ դուք տալիս եք ինձ այդ հարցը, — նկատեց Բադամյանը մեղմ կշտամբանքով:

Ոչ, խնդրում եմ բացատրեցեք. ինչու՞ դուք խնդրել եք, որ այդ նամակը չտպվի:

Տեր իմ աստված, միթե՞ այդ բանը բացատրելու կարիք կա:

Երևի կա, որ պահանջում եմ, — վրա բերեց Մանեն անողոք խստությամբ:

Բադամյանն աղերսալի հայացքով մոտեցավ նրան և ուզում էր առնել նրա ձեռները, բայց Մանեն խստորեն ետ ու ետ քաշվեց:

Մանե, նամակը թույլ չտվի տպել ձեր պատվի և հանգստության համար, — ասաց նա գրեթե լացագին:

Միթե՞, — բացականչեց Մանեն, և ինչ-որ խիստ կծու մի ժպիտ ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը:

Երդվում եմ արևովս, Մանե, միմիայն ձեր պատվի և հանգստության համար, որովհետև չէ՞ որ դուք նրա կինն եք , և ձեր անունն այսպես, թե այնպես կապված է նրա անվան հետ: Մի ուրիշ պատճառ էլ կար. ես նրան իմ ախոյանն էի նկատում և չէի կամենալ նրա արարքների մերկացումը տեսնել այն լրագրի մեջ, որի ղեկավարներից մեկն էլ ես եմ: Դա շատ տգեղ վարմունք կլիներ իմ կողմից:

Օ, անշուշտ, — բացականչեց Մանեն, և հանկարծ ծիծաղի պես մի բան դուրս թռավ նրա բերանից. — դա այնքան տգեղ վարմունք կլիներ ձեր կողմից, որ մինչև անգամ կարելի էր կարծել, թե նամակը ... դուք եք հորինել:

Բադամյանը մեկ առաջ ընկավ և հանկարծ կանգ առավ ապշած:

Ի՞նչ ասացիք, — հարցրեց նա:

Ասացի այն, ինչ որ լսեցիք, — ասաց Մանեն սպանիչ հանգստությամբ:

Ուրեմն ...

Ուրեմն ի՞նչ: Շատ պարզ է, այդ նամակը մի ֆանտազիա է, որի հեղինակը դուք եք:

Մանե, — գրեթե ճչաց Բադամյանը կարծես ֆիզիկական մի սուր ցավից և այլևս ոչ մի խոսք չկարողացավ արտասանել: Մանեի մեղադրանքը շշմեցրեց նրան կայծակի հարվածի պես, որովհետև ամեն բան կանխատեսել էր, բայց այդպիսի մի մեղադրանքամենևին: Նա չէր իմանում ինչ է պատահում իրեն, միայն պարզորոշ զգում էր, որ ինչ-որ մի բան, բողոքի զգացումի պես զորեղ մի բան, արագաբար բարձրանում, ուռչում է իր կրծքի մեջ և ուզում է պայթեցենել իր ամբողջ ներքինը հրաբխի լավայի պես: Եվ նախքան նա ուշքի կգար ազատություն տալու իր բողոքի զգացմանը, ուրիշ, առաջվանից ավելի անակնկալ ու սոսկալի հարված կարկամեցրեց նրան միանգամայն:

Բավական է: Հեռացեք: Ես ձեզ խղճում եմ:

Բադամյանն այլևս ոչինչ չլսեց. միայն, կարծես երազի մեջ, տեսավ Մանեի հուզումնալից աչքերը, ցնցվող շրթունքները, հետո նրա ստվերը, որ արագորեն չքացավ դռների մեջ...

10

Բադամյանը նոր էր հեռացել, որ Վահանը մտավ քրոջ մոտ սիգարը բերանին:

Խիստ հուզված, Մանեն անցուդարձ էր անում սենյակում արագ քայլերով, և մի ջիղ նրա վզի վրա, մերթ ընդ մերթ ցնցվելով, ներքև էր քաշում նրա ծնոտը:

Վահանը կարճ ժամանակ նայեց նրան զարմացած, հետո անփույթ ու ծանրորեն նստեց աթոռի վրա:

Այս րոպեիս տեսա բարեկամիդ, — ասաց նա: — Հեռվից որ տեսավ ինձ, ճանապարհը ծռեց, կարծես պիտի բռնեի յախից և հարցնեի` ո՞րտեղից ես գալիս:

Նա բերնից բաց թողեց ծուխն ուսի վրա և ծուռ նայեց քրոջը:

Էլի վիրավորե՞ց, — հարցրեց կամաց:

Մանեն հանկարծ դադարեց քայլելուց և արագորեն դարձավ եղբոր կողմը: Նրա աչքերը կարծես կայծեր էին ցայտեցնում:

Ինչու՞ ես եկել, — հարցրեց նա այնքան խստորեն, որ այդ խոսքերը կարծես դուրս խլեց սրտի խորքից:

Վահանը ետ ընկավ աթոռի միջից, ծունկը ծնկան վրա դրեց և ժպտաց:

Որովհետև անցած գիշեր պատվիրեցիր, որ այլևս չգամ:

Մանեի ծնոտի տակ ջիղն սկսեց ցնցվել ավելի ուժգին: Նա նայում էր եղբոր ժպտուն ճարպալի աչքերին, և երկար ժամանակ հոգեկան խորին վրդովմունքը թույլ չէր տալիս նրա խոսել:

Վահան, — վերջապես արտասանեց նա հազիվհազ, — որ իմանաս որքան ատում եմ քեզ այս րոպեիս ...

Վնաս չունի քույրիկ ջան, հետո էլի կսիրես, — նկատեց Վահանը ծիծաղելով: — Հիմա ատում ես, որովհետև անցած գիշեր անզգուշություն ունեցա մի քիչ վատ խոսելու բարեկամիդ մասին: Նա որ լավ մարդ լիներ, հարյուր ֆրանկս չէր մոռանա:

Մանեն զզվանքով դարձրեց երեսը և ավելի լավ համարեց դուրս գնալ, քան մնալ եղբոր մոտ, որի հանգստությունը, ձայնը, ժպիտը, հեգնությունները տակնուվրա էին անում նրա ամբողջ ներքինը:

Ի՞նչ խոսեմ քեզ հետ, քանի որ քեզ համար հարյուր ֆրանկն ավելի մեծ արժեք ունի, քան թե ... ասաց նա տարօրինակ հանգիստ ձայնով և խոսքը չվերջացրած, դիմեց դեպի դուռը:

Քան թե ... քրոջս պատի՞վը, — կանչեց նրա հետևից Վահանը:

Արյունը խփեց Մանեի գլխին, կարծես աներևույթ ձեռքեր հանկարծ բռնեցին նրա ուսերից և ուժգին թափով դարձրին դեպի Վահանը:

Լռիր, օձ, — աղաղակեց նա անզուսպ կատաղությամբ: — Դու իրավունք չունես խոսել իմ պատվի մասին: Անցած օրը ոտներդ էի ընկել, որ ինձ մի ճանապարհ ցույց տաս այս դժոխային դրությունից դուրս գալու համար. ես աղաչում, պաղատում էի, որ մինչև անգամ սպանես ինձ: Բայց դու ի՞նչ արիր: Այդ ատելի սիգարը բերանիդ, զզվելի սովորությանդ համաձայն, միայն ծաղրեցիր, հեգնեցիր և խույս տվիր անտարբերությամբ: Դու այդպես ես եղել միշտ և այդպես ես նույնիսկ այս կրիտիկական վայրկյանին, երբ ես պատրաստ եմ պարզապես անձնասպանություն գործելու: Եվ դու համարձակվում ես խոսել իմ պատվի մասին: Աշխարհիս երեսին բացի քեզանից ուրիշ ոչ մի սրտակից չունեի, որի առաջ կարողանայի բանալ սիրտս, որի հետ խոսել մտերմորեն, որի ցավակցության, հոգացողության վրա կարողանայի վստահանալ: Եվ երբ իմացա, որ դու եկել ես և եկար ինձ մոտ, կարծեցի, թե փրկիչս է եկել: Բայց դու ի՞նչ արիր, ի՞նչ: Դու ա՛յն արիր, որ ես այժմ այնքան զզվում և ատում եմ քեզ, որ չեմ ուզում տեսնել երեսդ, չե՛մ ուզում, չե՛մ ուզում: Հեռացի՛ր, գնա՛, հանգիստ թող ինձ...

Եվ Մանեն հեծկլտալով դուրս գնաց ու դուռը պինդ շրխկացրեց իր հետևից:

Վահանն ականջ դրեց և լսեց, որ մի ուրիշ դուռ էլ նույպիսի սաստկությամբ շրխկաց այնտեղ: Նա վեր կացավ, սիգարը դրեց մոխրամանի մեջ, երկու ձեռքով վեր քաշեց անդրավարտիքը փորի վրա և գնաց քրոջ հետևից: Երկրորդ դռան շրխկոցից իմացավ, որ Մանեն մտել էր ննջարանը: Նա բռնեց ննջարանի դռան փականքը, առաջ հրեց, բայց դուռը չբացվեց: Ներսից փակված էր:

Մանե, բաց արա:

Հեռացի՛ր, — լսվեց ներսից Մանեի ջղային կատաղի աղաղակը:

Խելագարվե՞լ ես, ինչ է:

Այո, խելագարվել եմ: Հեռացի՛ր:

Բաց արա, ասում եմ:

Չեմ բանալ, հեռացիր:

Բան եմ ուզում ասել:

Չեմ ուզում, հեռացի՛ր:

Դե, հիմարություն մի անիր, բաց արա:

Ա՛խ, չեմ ուզում քեզ տեսնել, լսո՞ւմ ես, չե՛մ ուզում, չե՛մ ուզում, չե՛մ ուզում...

Խո չե՞ս ուզում դուռը կոտրեմ:

Ես կսպանեմ ինձ, եթե մտնես:

Վահանն իր ուժեղ ձեռքով բռնեց դռան փականքը, ահագին ոտը բարձրացրեց, որ հարված տա դռանը, բայց այդ բանն արեց կարծես ձևի համար և ոտը նորից իջեցրեց.

Դու հիմարացել ես և ստիպում և ստիպում ես, որ էլ հիմարանամ, — ասաց նա շրթունքները մոտեցրած դռան փեղկերի միացման արանքին: — Մանե, բաց արա խնդրում եմ:

Ներսից այլևս որ մի ձայն, չլսվեց:

Մանե, լսո՞ւմ ես: Դու գժվել ես և տե՛ս, որ չղջաս: Մանե՞:

Դարձյալ ոչ մի ձայն:

Լսիր, — կանչեց Վահանը, մի քիչ սպասելուց հետո:

Էլի լռություն:

Չես լսո՞ւմ:

Ներսն այնպես խաղաղ էր, որ կարծես մարդ չկար այնտեղ:

Մա՛նե, քեզ հետ եմ:

Ա՛խ, տե՛ր իմ աստված, սա ի՛նչ պատիժ է, — վերջապես լսվեց Մանեի հուսահատական հառաչանքը:

Այս երեկո գնում եմ գյուղը: Մի՞թե չես ուզում հրաժեշտ տալ:

Աստված բարի ճանապարհ տա, գնա՛:

Վահանը մի րոպե կանգնած մնաց դռան, առաջ մտախոհ դրության մեջ, հետո շրթունքները նորից մոտեցրեց երկու փեղկի արանքին և, որպեսզի ասածը պարզ լսվի ներսում հատ-հատ արտասանեց.

Ուրեմն մնաս բարյավ: Մի մոռանար, որ եղբորդ դուրս ես անում, և այս բանից հետո ինձ մնում է միայն, որ այլևս երբեք ոտք չկոխեմ այս տունը: Քո ցանկությամբ մենք այսուհետև մեռած ենք իրար համար: Բայց վկա է աստված, — լսո՞ւմ ես, Մանե, ես լուրջ եմ ասում, — վկա է աստված, երդվում եմ մեր ծնողների գերեզմանով, որ եղբայրդ, ինչ էլ որ կարծես նրա մասին, միշտ սիրել է քեզ և միշտ էլ քո բարին ցանկացել: Այժմ էլ ի սրտե ցանկանում եմ քեզ բարիք և... Մնաս բարյավ:

Վահանը հեռացավ դռան մոտից և դուրս գալու վրա էր, երբ հանկարծ բանալին շրխկաց ննջարանի դռան կողպեքի մեջ, դուռն ուժգնորեն բացվեց, և այնտեղից դուրս վազեց Մանեն:

Կա՛ց, — աղաղակեց նա ծայրահեղ հուսահատությամբ և, ըստ երևույթին, ուզեց խոսել բայց այլևս ոչինչ չկարողացավ արտասանել: Նա ընկավ, հենց այնտեղ` դռան մոտ դրված աթոռի վրա, երեսը ծածկեց ձեռքերով և հեկեկաց դառնագին:

Քրոջ այդ նոր տարօրինակ վարմունքն եղբայրն ընդունեց բավական սառնասրտորեն: Առանց տեղից շարժվելու Վահանը դիտում էր լուռ, թե ինչպես ցնցվում են Մանեի նիհար ուսերն ուժգին հեկեկանքից, և սպասում էր, թե ինչով է վերջանալու այդ նոր տեսարանը:

ԼսիրԲադամյանն այստեղ էր, այո, — վերջապես արտասանեց Մանեն հեկեկանքի միջից, — Բայց ես... դուրս արի նրան, որովհետև

Մանեն հանկարծ դադարեց հեկեկալուց, վեր թռավ և սաստիկ արագախոսությամբ, շնչասպառ լինելով, շարունակեց.

Նա ինձ ցույց տվեց մի նամակ, որի մեջ գրում են, որ ամուսինս մի գազան, մի հրեշ, մի, միչգիտեմ ինչ է: Գրում են, որ հանքերը նրանը չեն, գյուղացիներինն են, և նա, չգիտեմ ինչ միջոցով, զավթել է այդ հանքերը: Բայց այդ չէ սարսափելին: Սարսափելին այն է, որ նա բռնաբարել է մի խեղճ, մի այրի կնոջ տասներեք տարեկան աղջիկը և, բռնաբարելուց հետո, սպանել ու դիակը ձգել մի ձորակ, իր հանցանքի հետքերը ձածկելու համար երևի... Ես ասացի նրան, որ նամակը ինքն է հորինել և... վռնդեցի նրան: Ասա՛, մի՞թե ճիշտ չեմ ասել, մի՞թե ամուսինս ընդունակ է այդպիսի բաներ անելու... ամուսինս չէ, այլ թեկուզ ամենագազան մի մարդ: Ասա՛, եթե ընդունակ է, ես հենց այս րոպեիս կհեռանամ այս տնից և կգամ քեզ հետ գյուղը որպեսզի այլևս երբեք չտեսնեմ նրա երեսը, երբե՛ք, երբե՛ք...

Նա լռեց, որովհետև բուռն հուզմունքից այլևս բան չկարողացավ արտասանել: Շնչում էր ծանր, խիստ ծանր և նայում էր եղբորն այնպիսի սպասողական-աղերսական հայացքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը:

Վահանը մինչև անգամ արհեստական անտարբերությամբ մի սիգար հանեց, դրեց բերանը, ծանր ու բարակ վառեց, լուցկին հանգցրեց, դուրս շպրտեց լուսամատից և ապա խոսեց հանգիստ ու լուրջ:

Քո այդ պարոն վիպասանը երևի կարծել է, թե վեպ է գրում: Չէ՞ որ վեպերի մեջ միայն կարելի է ամեն բան հնարել անպատիժ կերպով: Խելքին փչեց, թե արի այսպիսի մի բան գրեմ, ու կգրի, էլի ո՞վ է ձեռքը բռնողը: Կյանքի մեջ էլ, ինչպես երևում է, ուզում է վարվել իր հնարած վերջին ռոմանի շաբլոնով. սիրուհին դու ես, սիրահարն ինքն է. մնում է ամուսինը, որին, իհարկե, պետք է գազանի կերպարանք տալ կոնտրաստը շեշտելու համար: Տարբերությունն այն է միայն, որ ինքն, իբրև սիրահար, այնքան հեռու է իր վեպի իդեալիստ հերոսից, որքան նրան տված իմ հարյուր ֆրանկն իմ գրպանից:

Վահա՛ն, Վահա՛ն... գոնե այժմ կատակ մի անիր, — աղերսեց Մանեն հուսահատության արցունքն աչքերին: — Մի՞թե չես տեսնում ինչ դրության մեջ եմ ես:

Ինչպե՛ս չեմ տեսնում: Տեսնում եմ, որ հուսահատության մեջ ես և... զղջում ես, թե ինչու ես նրան վիրավորել ու վռնդել: Իսկ ես կարծում էի, թե իմ վերջին խոսքերն էին քեզ ազդողը, որ, վերջապես, դուրս եկար քո անառիկ բերդից և սկսեցիր լալ: Դու զղջում ես, թե ինչո՞ւ ես նրան միստիֆիկատոր անվանել, որովհետև կասկածում ես, թե մի գուցե ճիշտ է այն նամակը, և, ինչպես տեսնում եմ, սրտիդ խորքում ցանկանում էլ ես, որ ճիշտ լինի, որպեսզի...

Օ՛հ, քեզ հետ երբեք չի կարելի խոսել, — բացականչեց Մանեն ծայրահեղ հուսահատությամբ:

Սպասիր, մի տաքանար: Օրինակ առ ինձնից և լսիր ինչ եմ ասում: Եթե չես կասկածում, եթե համոզված եսև, իհարկե, համոզված ես, որ այն նամակը նա է հորինել, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե մի՞թե ճիշտ չես ասել, մի՞թե ամուսինդ ընդունակ է այդպիսի բաներ անելու և ո՛չ թե միայն ամուսինդ, ավելացնում ես դու, այլ թեկուզ հենց ամենագազան մարդը: Եվ եթե ասեմ թե այո, ընդունակ է, այն ժամանակ դու պատրաստ ես հենց այս րոպեիս հեռանալու, քո ասելով՝ ինձ մոտ գյուղը, բայց իմ հասկանալով Բադամյանի մոտ: Ահա քո դրությունը կամ, ավելի ճիշտը, քո դրության հոգեբանությունը:

Մանեն ձեռքերը ջարդեց:

Օ՛հ, ինչո՞ւ դուրս եկա, ինչո՞ւ խոսեցի քեզ հետ, — հառաչեց նա:

Եթե ճիշտ չեմ ասում, էլի դուրս արա:

Բայց Մանեն այլևս ոչ սիրտ, ոչ ուժ ուներ խոսելու: Խիստ հոգնած մարդու նման, նա կամաց նստեց և թուլացավ, ձեռքերը ծնկներին դրած, գլուխը կախեց կրծքին:

Ինչ վերաբերում է ամուսնուդ, — շարունակեց Վահանը նույն հանգստությամբ, — ես թեպետ չեմ ճանաչում նրան և նույնիսկ պատրաստ եմ ընդունելու, որ նա բարոյական մի հրեշ է, բայց և այնպես, իմ կարծիքով, նա ավելի լավ մարդ է, քան թե քո այդ վիպասանը: Թե ինչուչեմ կարող ասել:

Որովհետև մոռացել է հարյուր ֆրանկդ, ահա թե ինչու, — նկատեց Մանեն կծու հանգստությամբ:

Շատ կարելի է, այդ էլ է պատճառը, որովհետև մարդ մարդու դատում է շատ անգամ մանր հաշիվներից դրդված: Չեմ վիճում, բայց այս դեպքում չեմ կարծում, թե պատճառը միայն այդ լինի: Իսկ թե ուրիշ ինչ պատճառներ կան, որ ես Բադամյանի մասին լավ կարծիք չունիմ, չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ: Գուցե նրա քիթը դուր չի գալիս ինձ կամ գուցե նրա մազերը որ տեսնում եմ, սիրտս ասում է մկրատն առնեմ և տակից կտրեմ, — ո՞վ գիտե: Բայց, կրկնում եմ, ամուսինդ ինչ էլ որ լինի, չի կարող նրանից վատ լինել: Այս բանն ասում եմ նրա համար, որ իմ կարծիքը հարցրիր, թե չէ` ոչ մի խոսք էլ չէի ասի այս մասին, որովհետև իմ ի՞նչ գործն է դատավոր լինելու, թե ով է լավ, ով է վատ: Այդ դու ինձնից ավելի լավ պիտի իմանաս: Ես միայն ցավում եմ, որ դու այդքան տանուլ ես տվել քեզ, և... զարմանում եմ: Որովհետև ո՞վ է մեր ժամանակում այդպես գլուխը կորցնում սիրուց: Ես մինչև անգամ կասկածում եմ, թե այն, ինչ որ քեզ այդքան գերել է, սեր լինի: Դա մի պարզ հիվանդություն է անշուշտ, որ առաջացել է այն բանից, որ մենակ ես, մարդ չկա մոտդ, ձանձրանում ես, զբաղմունք չունիս, զավակ էլ չունիս: Բայց այս ամառ որ գաս գյուղը տանեմ քեզ, այնպես ձեռաց կբժշկվես, որէլ ինչ ասեմ: Կգա՞ս:

Ոչ:

Դու գիտես: Իսկ ես այս երեկո, ինչպես ասացի, գնում եմ: Ուրեմն...

Վահանը մոտեցավ քրոջը:

Լսիր, Մանե, — ասաց նա լրջորեն: — Հավատա, ես վատ եղբայր չեմ և, որ ուզենաս, կարող եմ շատ պիտանի լինել քեզ:

Մանեն վեր թռավ տեղից:

Ո՛չ, ո՛չ, — կրկնեց նա:

Լավ, էլ ի՞նչ ես փախչում. զոռով խո չե՞մ տանելու: Ես քեզ համար եմ ասում, թե չէ... քո կամքն է: Դե՛հ, մնաս բարյավ: Ձեռք էլ չես տա՞լ:

Մանեն ձեռքն ակամա պարզեց եղբորը դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես գորտ պիտի դնեին ձեռքի մեջ:

Սկեսուրդ ո՞ւր է, տանը չէ՞:

Չէ:

Ուրեմն այլևս չեմ տեսնի նրան: Բարև կհիշես: Դե՛հ, դարձյալ մնաս բարյավ:

Մանեն մինչև անգամ չնայեց եղբորը և, երբ Վահանը դուրս գնաց, կամաց նստեց և ատամներով կծեց ներքին շրթունքը հեկեկանքը զսպելու համար: Երբեք նա այնպես մենակ, այնպես անօգնական ու որբացած չէր զգացել իրեն, ինչպես այժմ:

11

Երեկոյան գնացքի մեկնումից մի կես ժամ առաջ Վահանը կառքով գնում էր երկաթուղու կայարան, իր ջարդված ճամպրուկը ոտների առջևը դրած: Գնում էր և ինչ-որ ծանր մտածմունքի մեջ էր: Երբ կառքը կանգ առավ կայարանի առաջ, նա չիջավ, այլ, մի րոպե խիստ տատանվելուց հետո, կառապանին պատվիրեց, որ ետ դառնա, և կառքն ուղղակի քշել տվեց դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր Բադամյանի բնակարանը:

Ծառայից իմանալով, որ Բադամյանը տանն է, նա կառապանին պատվիրեց, որ սպասի և, ճամպրուկը թողնելով կառքի մեջ, ներս մտավ:

Այդ անժամանակ այցն այն աստիճան անակնկալ էր Բադամյանի համար, որ նա մինչև անգամ չպատասխանեց Վահանի բարևին: Նա կամաց վեր կացավ գրասեղանի մոտից, որի մոտ պարապում էր, և նայեց հյուրին հայտնի չէ` զարմացա՞ծ թե վախեցած:

Այս գիշեր գնում էի գյուղը, բայց երկաթուղու կայարանից ետ դարձա և ուղղակ եկա ձեր մոտ, — ասավ Վահանը: — Հույս ունիմ, գուշակում եք, թե ինչի համար եմ եկել:

Բադամյանը գունատվեց: Իսկույն հիշեց, որ այդ օր, երբ ինքը դուրս եկավ Մանեի մոտից, փողոցում տեսավ Վահանին քրոջ տուն գնալիս:

Ես պատրաստ եմ ձեզ գոհացում տալու, — ասաց նա ահագին ջանք գործ դնելով, որ իր հակառակորդի պես հանգիստ մնա ու հանգիստ խոսի:

Գոհացու՞մ, — զարմացավ Վահանը : — Ի՞նչ բանի համար:

Այն նամակի համար ...

Ո՞ր նամակի ... Ախ, հա, քրոջս ցույց տված նամակի համա՞ր եք ասում. — բացականչեց Վահանը բարձրաձայն ծիծաղելով, բայց հանկարծ զսպեց ծիծաղը և շարունակեց իր սովորական հեգնական ժպիտով: — Մի վախենաք, պարոն Բադամյան. այդ նամակը մտքովս անգամ չի անցել, և ես չեմ եկել ձեզ մենամարտի հրավիրելու: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շատ բան կյանքի մեջ կատարվում է ոչ այնպես ինչպես գրում են ռոմանների մեջ: Կյանքը, մանավանդ մեր կյանքը, շատ ավելի պարզ է և կոպիտ: Մենք մենամարտել կարող ենք միայն հայավարի, այսինքն հայհոյանքներով և, ծայրը որ հասնի, իրար թակելով: Ուշունց կտանք իրար, կջարդենք իրար քիթ ու մռութ և բանը դրանով էլ կվերջանա: Հիշու՞մ եք իմ ու Նասիբյանի միջև տեղի ունեցած ընդհարումը: Բայց ես եկել եմ ձեզ մոտ ոչ իրար հայհոյելու, և ոչ էլ նրա համար, որ տուրուդմբոց սարքենք: Դա բանի նման չի լինիլ և բավականին էլ տգեղ կլինի, կարծեմ, մանավանդ որ երկուսս էլ թեև ասիական բիրտ ազգի զավակներ, բայց և այնպես քիչ ու միչ քաղաքակրթության հոտն առած մարդիկ ենք: Իմ գալու նպատակը միանգամայն խաղաղասիրական է. ես եկել եմ խորհուրդ տալու ձեզ, որ ձեռք վերցնեք իմ քրոջից:

Իսկ եթե ես ձեր խորհուրդը մերժե՞մ, — ասաց Բադամյանը, զգալով, որ տարօրիանակ մի դող բռնում է մարմինը:

Ժպիտը չքացավ Վահանի դեմքից:

Դա պարզապես համառություն կլինի, — նկատեց նա, — ձեռքերը կոխելով անդրավարտիքի գրպանները և նայելով Բադամյանի ոտներին:

Եվ դուք չե՞ք հասկանում, թե ինչի համար կլինի այդ համառությունը:

Ոչ: Դժվարանում եմ հասկանալ:

Բադամյանի աչքերը վառվեցին:

Նրա համար կլինի, պարոն, — ասաց նա զսպած զայրույթի շեշտերով, — որ դուք խառնվում եք ձեզ չվերաբերող գործի:

Վահանը հանկարծ նայեց նրա աչքերին:

Պահո, մի՞թե, — ասաց նա, ձեռքերը դանդաղորեն հանելով գրպաններից և դարսելով հետևը: — Իսկ ես կարծում էի, թե դուք գիտեք, որ ես իմ քրոջ եղբայրն եմ:

Այդ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ձեր նրա եղբայր լինելն իրավունք չի տալիս ձեզ նրա հետ միասին իմ դատավոր լինելը:

Բռավո, լավ ասեցիք. կսիրեմ այդպիսի ազատասիրությունը: Բայց, պարոն Բադամյան, ես խո չեմ եկել որպես դատավոր. ես եկել եմ միայն որպես բարի խորհրդատու:

Այսպիսի դեպքում ես պիտի խնդրած լիեի, որ գաք ինձ մոտ, կամ ինքս պիտի գայի ձեզ մոտ: Իսկ ես ամենևին կարիք չեմ զգում ձեր խորհրդին դիմելուն, — ասաց Բադամյանը և հեռացավ Վահանից:

Դարձյալ բռավո. այդ ինքնավստահությունն էլ կսիրեմ: Բայց ինձ բոլոր իրավունքներից զրկելուց հետո խո չե՞ք կարող զրկել այն իրավունքից էլ, որ կարծեմ ունեմ ես իմ քրոջ պատիվը պաշտպանելու համար:

Բադամյանն արագորեն դարձավ դեպի Վահանը:

Ի՞նչ.... ինչ ասացի՞ք ... պատի՞վը, — արտասանեց նա բուռն հուզումից ձայնը հետզհետե բարձրացնելով: — Պարոն, ես կխնդրեի, որ դուք մի քիչ զսպեիք ձեր լեզուն: Ինչի՞ տեղ եք դնում ինձ, որ կարծում եք , թե պետք է պաշտպանել իմ դեմ ձեր քրոջ պատիվը: Ես պատվի գո՞ղ եմ, ինչ է: Հասկանո՞ւմ եք, ի՛նչ եք ասում...

Հասկանում եմ, պարոն Բադամյան, ապահով եղեք և այդպես մի բղավեք իզուր. բնակարանը ձերն է, ճիշտ է, բայց հարևան կունենաք, կվախենա: Աշխատենք կարելույն չափ հանգիստ կերպով հասկացնել իրար մեր միտքը: Առհասարակ ընդունված է, որ երբ մեկն աչք է տնկում ուրիշի կնոջ կամ քրոջ վրա, նա պատվի, — ներեցեք, ձեր խոսքն եմ կրկնում, — նա պատվի գող է հանդիսանում:

Լռեցե՛ք, ձեզ ասում եմ, — աղաղակեց Բադամյանը կատաղության հանկարծական բռնկումով: — Ես ձեզ թույլ չեմ տալ ինձ վիրավորելու: Երևի դուք չգիտեք, որ շատ անգամ նա՛, ում պատվի գող են անվանում, կարող է իր բարոյական հատկություններով ավելի բարձր, ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե նա՛, ով հավակնություն ունի իր կնոջ կամ քրոջ պատվի պաշտպանի անկոչ դերը ստանձնելու: Դուք այս լա՛վ հասկացեք, պարոն:

Այդ ես լավ եմ հասկանում, պարոն Բադամյան: — նկատեց Վահանն առաջվա պես հանգիստ: — Եվ իզուր եք կարծում, որ եթե այդպես չբղավեք, լավ չեմ հասկանալ: Ես ո՛չ թե միայն լավ եմ հասկանում, այլև լիովին ընդունում եմ ձեր ասածը: Օրինակ դուք կարող եք ձեր բարոյական հատկություններով շատ ավելի բարձր, շատ ավելի մաքուր ու առաքինի լինել, քան թե ես, որ քրոջս եղբայրն եմ, կամ թե Սանթրոսյանը, որ քրոջս ամուսինն է և որը, ի դեպ ասած,
այստեղ չէ և այս բանից ամենևին տեղեկություն չունի: Բայց խնդիրն այդ չէ իմ կարծիքով, այլ ա՛յն, որ ինչպես դուք ունիք ձեր հայեցակետը, այնպես և եղբայրներն ու ամուսինները, որոնք, երևի, անկոչ չեն համարում իրենց դերը, որ հարկ են տեսնում հանդես գալ իրենց քրոջ կամ կնոջ պատիվը պաշտպանելու բարոյական շատ բարձր հատկություններով օժտված մարդկանց դեմ: Եվ ինչո՞վ կարող եք ապացուցել, թե ուղիղը ձեր հայեցակետն է և ոչ նրանցը:

Հաջորդ էջ