Նար-Դոս՝   Պայքար

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Մանեին թվաց, թե երկու օձ երկաթի օղակներով փաթաթվում են իր կռների տակ և սարսափելի ուժով ներքև են քաշում իրեն: Միևնույն ժամանակ իր առաջ տեսավ տարօրինակորեն փայլող երկու աչքեր և դեմքի վրա զգաց մի տաք շնչառություն ծանր ու հատու: Այդ բոլորը համ անհունորեն քաղցր, համ սարսափելի էր նրա համար...

Հանկարծ նա բռնեց Բադամյանի ցնցողաբար սեղմող ձեռքերից, տարօրինակ բուռն ուժով դեն հրեց նրան, վեր թռավ տեղից և արագորեն դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ:

Բադամյանը մի ոստյունով ցատկեց չոքած տեղից վազեց դեպի նա:

Մանե՛...

Չհամարձակվե՛ք մոտենալ ինձ, — հրամայեց Մանեն, արագորեն դառնալով:

Բադամյանը կանգ առավ և կատարյալ հուսահատությամբ նայեց նրա հրացայտ աչքերին:

Մանե... ի սեր աստծո... Խնդրում եմ, աղաչում եմ, մի գնա: Ես կզսպեմ ինձ, ես կքաշվեմ ահա այն անկյունը, կուչ կգամ ծեծված շան պես և ամենևին չեմ մոտենալ քեզ, միայն մի՛ գնա, կա՛ց...

Պաղատագին հայացքով նա փորձեց առնել Մանեի ձեռքը, բայց Մանեն թույլ չտվեց, շալը թռցեց հատակից, ծածկեց գլխին և նորից դիմեց դեպի դուռը: Բադամյանին թվաց, թե խելքը կորցնում է: Ինքն էլ չհասկացավ թե ինչպես՝ կտրեց Մանեի աոջևը և ամբողջ մարմնով կապեց դուռը:

Մանեն նայեց նրա խելակորույս աչքերին և ակամա ետ ընկավ սարսափահար:

Ի՞նչ եք ուզում ինձնից, — շշնջաց նա:

Ուզում եմ, որ մնաս, — ասաց Բադամյանը ծանր շնչելով և մեջքի բոլոր ուժով սեղմվեց դռանը:

Զոռո՞վ եք ուզում պահել:

Այո՛շեշտեց Բադամյանը, պղտորված աչքերը փայլեցնելով նրա վրա և շրթունքները կծոտելով:

Մանեն նայում էր նրան համ սարսափած, համ ապշած: Նրան թվում էր, թե իր ճանաչած այնքան սիրելի, այնքան խոնարհ, այնքան քաղաքավարի Բադամյանի տեղ իր առջև տեսնում է այժմ բոլորովին անծանոթ, կատարյալ վայրենի մի մարդ, որի լոկ տեսքը զարհուրանք էր ազդում նրան:

Բադամյան, հասկանո՞ւմ եք ինչ եք անում, — նորից շշնջաց նա:

Լիովին: Ես ուզում եմ որ դու մնաս: Եվ պետք է մնաս...

Բռնությո՞ւն եք ուզում գործ դնել:

Գործ կդնեմ, եթե չմնաս... անպատճառ գործ կդնեմ, եթե չմնաս քո կամքով... Եվ մեղավորը ես չեմ լինիի դու կլինես, որովհետևԻնչո՞ւ ես եկել ինձ մոտ... ներողություն խնդրելու համար ուրիշ ճանապարհ կար. կարող էիր նամակ գրել, եթե ինձ հասցրած վիրավորանքի համար հանցավոր էիր զգում քեզ... Բայց չպետք է գայիր ինձ մոտ... Եկել ես, պե՛տք է մնաս...

Բադամյան, ուշքի եկեք, — այս անգամ գրեթե ճչաց Մանեն:

Անհոգ կաց, ուշքս դեռևս գլխիս է, բայց շուտով կկորցնեմ, եթե չմնաս քո կամքով... Կարծում ես, ես չե՞մ հասկանում ինչ եմ անում: Շատ լավ հասկանում եմ, բայց ուրիշ հնար չունիմ, որովհետև... Կրկնում եմ, ինչո՞ւ ես եկել ինձ մոտ... այն էլ այս ժամին... Ի՞նչ գործ ունիս դու այստեղ... իմ տանը... մենակ... գիշերով... այս էլեկտրականացած օդի մեջ, որից, ահա, շնչասպառ եմ լինում ես... ինչո՞ւ թույլ տվիր, որ գրկեմ քեզ համբուրեմ ծնկներդ... Առաջ երբեք թույլ չես տվել... Այս առաջին անգամն էրԻսկ ես ամբողջ երեք տարի է, որ ցանկանում եմ քեզ, միմիայն քեզ, աշխարհիս բոլոր կանանց մեջ քեզ... Ես մարդ եմ, քար չեմԴու բորբոքեցիր ինձ, վառեցիր իմ ամբողջ արյունը և փախչում ես... Չեմ թողնիլ... Տեսնո՞ւմ ես, գերբնական ուժ եմ գործ դնում, որ զսպեմ ինձ, չգազանանամ, որովհետև դու այստեղ ես և անմատչելի... Ես սիրում եմ քեզ, բայց ատում եմ քո առաքինությունը, որ ինձ այսքան չարչարելուց հետո, այժմ իսկ, այս վճռական ժամին ուզում է արգելք լինել իմ երջանկությանը... Ես կխլեմ քեզնից այդ առաքինությունը, կթավալեմ ցեխի մեջ, եթե կամովին չհրաժարվես նրանիցԵս կանեմ ամեն բան, կանգ չեմ առնիլ ո՛չ մի բանի առաջ, նույնիսկ սոսկալի մի ոճրագործ կդառնամ, եթե չմնասԱյժմ կամ այլևս եբե՛քԼսո՜ւմ ես, այժմ կամ այլևս երբե՛ք... Դու իմը պիտի լինիս, իմը այժմ իսկ, ա՛յս րոպեին ի՛մը անպատճառ և ինչ գնով ուզում է լինի, նույնիսկ իմ մահու գնով, նույնիսկ քո մահու գնով... Իմացիր, որ եթե նույնիսկ մեռնես իմ ձեռքերի մեջ, ես կտիրապետեմ քո դիակին:

Մանեն, սարսափից իրեն կորցրած, նայեց շուրջը: Նրա աչքովն ընկավ նախասենյակի դուռը, և նա վազեց այն կողմը: Բայց Բադամյանն այստեղ էլ փակեց նրա ճանապարհը: Նա կատարելապես նման էր խելագարի. աչքերը լցվել էին արյունով և նայում էին անախորժ պղտոր փայլով, երկայն մազերը թափվել էին ճակատի և ականջների վրա ցան ու ցիր, դեմքը կարմրել և ծածկվել էր ճարպոտ քրտինքով: Նա գրեթե շնչասպառ էր լինում ծանր շնչելուց և դուռն ի վեր ցից կանգնած ամբողջ մարմնով դողում էր ուժգին տենդով բռնված մարդու պես:

Չեմ թողնիլ, որ գնաս, — ասում էր հևալով: — Քեզ էլ, ինձ էլ կմորթեմ, և չե՛մ թողնի, որ գնաս... Վճռվա՛ծ բան է. ես պիտի կործանեմ քեզ, քո առաքինության համար և քեզ հետ միասին պիտի կործանեմ ինձ...

Մանեն երկու ձեռքի ափերը սեղմեց քունքերին, դեմքն առաջ տարավ դեպի Բադամյանը և, չռած աչքերով նայելով նրան, շշնջաց այս անգամ ոչ այնքան սարսափած, որքան ծայրահեղորեն ապշած:

Բադամյա՛ն, մի՛թե այդ դուք եք... դո՛ւք...

Բադամյանը ցնցվեց և ապա անշարժացավ: Երկար ժամանակ նա անմիտ հայացքով նայում էր Մանեի չռած աչքերին ծանր մղձավանջից արթնացողի պես, հետո դանդաղորեն ետ քաշեց երեսին ցրված մազերը, և երկարատև ծանր մի հառաչանք նկատելի կերպով բարձրացրեց ու ցածրացրեց նրա կուրծքը: Նրա վերին աստիճանի լարված ջղերն արագորեն թուլացան, և գլուխը կախ ընկավ կրծքին: Առժամանակ նա կարծես ուժ չուներ այլևս ոչ խոսելու և ոչ տեղից շարժվելու, հետո կամաց ետ քաշվեց, բաց արեց դուռը և, առանց գլուխը բարձրացնելու, շշնջաց ընկճված, ուժասպառ ձայնով.

Գնացեք...

Մանեն բնազդաբար առաջ ընկավ և դուրս վազեց նախասենյակ: Սանդուղքից իջնելիս քիչ մնաց գլորվեր ներքև: Փողոցու տան բակից դուրս թռավ մի փոքրիկ շուն անախորժ ծկլթոցով և բռնեց նրա փեշից: Բայց Մանեն գրեթե չզգաց այդ բանը և շանը երկար տեղ քարշ էր տալիս իր հետևից: Շունը նրա փեշը բաց թողեց այն ժամանակ, երբ Մանեն մեքենայաբար կանգ առավ, բռնեց փեշից և ձիգ տվեց. շունը, գլորվեց և ետ փախավ ավելի անախորժ ծկլթոցներով:

Մանեն շարունակեց վազել:

Գիշերով սաստիկ մութն էր, փողոցներն ամայի: Երկինքը ծածկված էր սև ամպերով և մերթ ընդ մերթ փայլատակում էր: Ծանր, տաք, անշարժ օդը հագեցած էր էլեկտրականությամբ: Հեռվից ամպերի խուլ գոռոց էր լսվում:

Մանեն վազում էր առանց ետ նայելու: Նրան թվում էր մերթ, թե փողոցները սաստիկ երկար են, թե տունը շատ հեռու է, թե ահա, որտեղ որ է՝ պիտի ընկնի ճանապարհին վախից և հոգնությունից անշնչացած, և մերթ` թե երազումն է կատարվում գիշերային այդ ճանապարհորդությունը լապտերներով հազիվ լուսավորված ամայի փողոցներով, երկնքի վայրկենական փայլատակումների և սև ամպերի զարհուրելի որոտի տակ:

Հանկարծ նրան թվաց, թե մեկը վազում է հետևից և կանչում:

Մանե՛, Մանե՛...

Նա սոսկումով կանգ առավ և ետ նայեց: Արագ քայլերով հասավ նրան Բադամյանը:

Մի վախենաք, ես եմ, — ասաց նա սաստիկ հևալով: Մանեն ձայն անգամ չհանեց և նույն արագ քայլերով առաջ անցավ:

Բադամյանը հետևեց նրան: Նա լարել է ոտների բոլոր, ուժը, որ ետ չմնա Մանեից, բայց և այնպես Մանեն մի քանի քայլ միշտ առաջ էր վազում նրանից:

Ինչո՞ւ եք վազում, — ասաց Բադամյանը: — Եթե այնտեղ ոչինչ չարեցի, կնշանակի այլևս ոչինչ չեմ անիլ: Ես ուզում եմ միայն անվտանգ տուն հասցնել ձեզ:

Մանեն դանդաղեցրեց քայլերը: Բադամյանը հավասարվեց նրան, և այժմ նրանք առաջ անցան կողք-կողքի: Երկար տեղ նրանք քայլում էին լուռ: Բադամյանը վերցրել էր գլխարկը և թաշկինակով սրբում էր քրտնած ճակատն ու վիզը: Երկինքը փայլատակում էր ավելի ու ավելի հաճախ և այն աստիճան խիստ, որ փողոցի սալահատակն ու տների մութ զանգվածները լուսավորվում էին ցերեկի պես: Որոտն ևս մոտենում և սաստկանում էր հետզհետե, կարծես հսկայական մի գունդ հանկարծ պայթում և խոշոր ու մանր բեկորների վերածված` գոռգռալով գլորվում էր թիթեղյա մի մեծ տանիքի վրա:

Երբ ես ձեռքս բարձրացրի և ուզում էի ապտակ տալ ձեր եղբորը, բայց չտվի, — խոսեց Բադամյանը շունչը ետ բերելուց հետո, — նա ասաց «բռավո» և ավելացրեց, որ եթե ես այդպիսի մի վայրկյանին կարողացա զսպել ինձ, կնշանակի, որ ես տղամարդ եմ: Տղամարդ բառը շեշտեց, որովհետև ուզում էր հասկացնել, որ ես վախկոտ եմ: Իրավունք ուներ, որովհետև ես իսկապես վախկոտ եմ: Վախկոտ եմ վճռական վայրկյանին: Մարդ նախ չպիտի դիմի վատ բանի, բայց որ դիմեց, պետք է մինչև վերջը գնա: Թող անկումը կատարյալ լինի, այդ ավելի լավ կլինի: Այլապես կիսաճանապարհին կանգ առնելով՝ բանը չի դրստվի, վատությունը կմնա վատություն, և այլևս ոչ մի բանով, ոչ մի զղջումով չի կարող վերականգնել քո նախկին բարի անունը: Ամանը ընկավ կոտրվեց, և հազար կոծկիր, այլևս չես կարող ամբողջացնել... Ես դեռ լավ չեմ ուշքի եկել, մտքերս ու զգացմունքներս խառնվում են իրար, չեմ իմանում ինչ եմ մտածում. ինչ եմ զգում: Բայց մի բան այնպես պարզ է ինձ համար, ինչպես երբեք, ես հրեշ եմ, սարսափելի մի հրեշ, որի մեջ ամենաքնքուշ, ամենանվիրական զգացումը լծորդվում է ամենակեղտոտ, ամենաբիրտ, ամենազզվելի բնազդի հետ... Սոխակը վարդի մեջ աղբ է որոնում, — սրանից էլ ավելի աննորմալ բա՞ն... Ես հիվանդ եմ, բարոյական հիվանդ, խիստ վտանգավոր հիվանդ... Այս ես չգիտեի, այս գիծը ես նոր զգացի իմ մեջԵվ այս բանը առաջին անգամ՝ զգացի այնտեղ... դռան մոտ... նույն այն վայրկյանիս, երբ հարցրիք ապշած՝ «Մի՞թե այդ դուք եք…»: Դժբախտաբար, այդ ես էինոր հասկացա, որ ես էի. — և այս րոպեին ի՛նչ չէի տալ, միայն թե այդ ես չլինեի...

Բադամյանը լռեց և, խիստ, հուզմունքի մեջ, ձեռքի ափով շփեց տաքացած ճակատը:

Մանեն քայլում էր նրա հետ կողք-կողքի, բայց նրանից մի քիչ հեռու պահելով իրեն: Նա վայրկյան առ վայրկյան փակում էր աչքերը փայլատակումների ժամանակ և ուշի ուշով ականջ դնում Բադամյանի խոսքերին, որոնցից շատերը, սակայն, խլանում էին որոտի ձայների մեջ:

Ա՛խ, այսօրվա օ՛րը, այս չարաբաստիկ օրը, — հառաչեց Բադամյանը հոգեկան ծանր տանջանքով: — Եթե՜ կարողանայի մոռանալ և մոռացնել տալ... Որ մտածում եմ, թե ինչքա՛ն բան և ի՛նչ կորցրի, այս մի օրում նախ առավոտյան՝ ձեր տանը, հետո այժմ` իմ տանը... Այս ի՞նչ չար ոգի էր, որ եկավ փորձեց ինձ այսօր և խլելով ինձնից այն բոլորը, ինչ որ լավ էր և մաքուր, թողեց իմ մեջ միայն տիղմ և ապականություն... Ես ատում եմ ձեր եղբորը, բայցչեմ կարող չհարգել նրան: Նա խելոք մարդ է. այնպե՛ս թափանցում է մարդու ներքինը... և շիտակ է, ամեն բան ասում է մարդու ճակատին: Նա շատ բան ասաց ինձ, բայց և շատ բան չասաց անշուշտ... Երևի խնայում էր: Ես այժմ կհամբուրեի նրա ձեռքն ու շրթունքները, եթե այս րոպեին մոտս լիներ, պինդ ապտակեր ինձ, այնպես պինդ, որ աչքերիցս կայծեր ցայտեին, և ասել, որ ես... պի՛ղծ մարդ եմ, շուն եմ... որ ես սրբությունը մոտեցել եմ անմաքուր ձեռքերով, պժգալի զգացումներով, գարշելի ցանկություններով... Մինչդեռ ես ա՛յդ չէի ուզում, երկինքը վկա, Մանե, այդ չէի ուզում: Ես ուզում էի ձեզ դարձնել իմ Լաուրան, իմ Բեաթրիշեն, իմ Մադոննան... Օ՛, թո՛ղ կայծակ ընկնի գլխիս, եթե այսուհետև...

Նա հանկարծ լռեց զարհուրանքով, կանգ առավ և աչքերը փակեց ակամա: Տեղնուտեղը քարացավ նաև Մանեն, բայց նա չիմացավ՝ աչքերը փակե՛ց, թե չռեց. միայն տեսավ, որ շրջակայքը հանկարծ լուսավորվեց արտասովոր կուրացուցիչ լույսով և այդ լույսն իսկույն էլ հանգավ, որից հետո փողոցն այնպես մթնեց, որ Մանեին թվաց, թե ինքը հանկարծ կուրացավ: Անշարժ օդի մեջ տիրեց սպասողական զարհուրելի անդորրություն: Մի քանի վայրկյան հետո երկինքը հանկարծ այնպես ճայթեց, որ կարծես փուլ եկավ, և ամբողջ քաղաքը, զրնգզրնգաց ահագնադղորդ ձայներով: Ըստ երևույթին, մոտիկ, շատ մոտիկ կայծակ ընկավ: Մանեն մեքենայաբար նայեց Բադամյանին, կարծես ստուգելու համար, թե կայծակն արդյոք նրա գլխին չընկա՞վ: Բադամյանը կանգնած էր գլուխը բաց, մազերը ցիրուցան և նայում էր երկնքին, զարհուրանքից կաշկանդված: Էլեկտրականությամբ հագեցած անշարժ տաք օդի մեջ մի զով հով անցավ: Անձրևի մի խոշոր կաթիլ, սառն ու պինդ, դիպավ Մանեի ձեռքին, որով կզակի մոտ բռնած էր գլխին դրած շալի ծայրերը: Նա ցնցվեց և հանկարծ առաջ նետվեց:

Բադամյանն ուշքի եկավ այն ժամանակ, երբ Մանեն արդեն փախչում էր, նրանից բավական հեռացած: Նա վազեց Մանեի հետևից: Այժմ նա ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր ցանկանում, մտածում և ցանկանում էր միայն, որքան կարելի է՝ շուտ տուն հասցնի Մանեին, քանի հեղեղը չէր սկսվել: Շուտով տուն հասնելու վրա էր մտածում նաև Մանեն, որ շնչասպառ վազում էր նրա առջևից: Տանից նա դուրս էր եկել այն ժամանակ, երբ սկեսուրն ու ծառաները քնած էին արդեն, դուրս էր եկել ծածուկ, դուռը փակել էր բանալիով և այդ բանալին այժմ շուտ-շուտ շոշափում էր շրջազգեստիի գրպանի մեջ, ստուգելու համար, թե խո չի՞ կորցրել:

Կարծես հսկայական մի ձեռք ուժգին թափով կոտրատված գծեր էր քաշում սև ամպերի մեջ րոպե առ րոպե, և փողոցները, տները, ամեն բան՝ ինչ որ երևում էր աչքին, լուսավորվում էին վայրկենական կուրացուցիչ լույսով: Երկիրը դողում և ահարկու արձագանք էր տալիս երկնքի սպառնագին որոտումներին: Անձրևի խոշոր կաթիլները հաճախացան և լսելի կտկտոցով զարկվում էին գետնին կենտ ու կունտ: Հեռվից լսվում էր ինչ-որ խուլ շրշյուն, երևի հեղեղն էր, որ մոտենում էր: Գետնից սկսեց բարձրանալ արևից այրված փոշու ծանր հոտ, որից օդն ավելի ևս ծանրացավ:

Բադամյանը նորից հավասարվեց Մանեին և աչքերը ման էր ածում չորս կողմը, որ մի կառք գտնի, բայց ամայի փողոցներում շուն էլ չէր հաչում: Տների լուսամուտները, փակված էին պինդ և շատ պատուհաններում ճրագ չէր երևում: Փողոցային լապտերներն էին միայն, որ ցից-ցից կանգնած էին աջ ու ձախ մեկուսի և որբացած: Փողոցի անկյան մանրավաճառը շտապով փակում էր խանութը: Հարևան փողոցից գոռգոռալով դուրս եկավ գլուխը ծածկած մի կառք և մտավ մյուս փողոցը: Բադամյանը կանչեց, բայց կառապանը կամ չլսեց կամ չլսելուն տվեց, կամ թե ուրիշ մարդ էր տանում: Նրանց կողքով արագաքայլ անցավ մի մարդ անձրևակալի տակ պատսպարված: Մի ուրիշ մարդ կանգնած էր տներից մեկի բակը դռան առաջ և ուժգին զարկում էր երկաթի մուրճը. մուրճի հարվածները զորեղ արձագանք էին տալիս ներսը` բակում և դուրսը` փողոցում: Իրենց փողոցի անկյանը Մանեն կանգ առավ:

Շնորհակալ եմ, ետ դարձեք. այժմս ես մենակ կգնամ, — ասաց նա արագ, շնչասպառ և ուզում էր հեռանալ, բայց Բադամյանը բռնեց նրա ձեռքից և պահեց:

Ապասեցեք: Մի խոսք... թերևս վերջինը, — կանչեց նա հուսահատական աղերսանքով: — Եթե մեռելները զգալիս լինին այն միջոցին, երբ նրանց գերեզման են դնում, ինձ թվում է, թե նրանի պիտի զգան ճիշտ նույնը, ինչ որ ես եմ զգում այս րոպեին, երբ դուք հեռանում եք: Եվ ես մեռելի պես անտրտունջ հնազանդվում եմ վիճակիս: Բայց ինչ որ մտածելու լինիք իմ մասին, Մանե, աղաչում եմ ջնջեցեք այս մի օրը, այս մի հատիկ օրը ձեր հիշողությունից, և ես

Մի նոր ահագնադղորդ որոտ խլացրեց Բադամյանի վերջին խոսքերը: Մանեն ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և շարունակեց վազել իրենց տան փողոցն ի վեր: Բադամյանը տեղնուտեղն արձանացավ և դիտում էր նրա ետևից: Գիշերային խավարի մեջ Մանեի մութ ստվերը տեսավ միայն մի-երկու անգամ երկնքի վայրկենական փայլատակումների ժամանակ: Այնուհետև, այդ ստվերը հալվեց, հալվեց խուլ խավարի հետ: Այլևս ոչինչ չէր երևում: Երևում էր միայն փողոցի ծայրում վառված լապտերի պղտոր, թախծալի լույսը. որի մեջ կատաղի անձրևը միալար թեք գծեր էր թափում ներքև շեշտակի:

13

Մի բան, որ սաստիկ դող գցեց Մանեի մարմինը, այն էր, որ իրենց տան դիմացը գտնվող տան պատի փողոցով անցնող հեռախոսի լարերի վրա լույսի մի շերտ նկատեց: Այդ լույսն ընկնում էր իրենց տան հյուրասենյակի պատուհանից: Մի րոպե կանգ առավ ակամա և զգաց, որ ծնկները ծալվում են: Գողե՞ր են մտել արդյոք... ամուսի՞նն է վերադարձել անակնկալ... թե՞ պատահաբար իմացել են իր բացակայությանը և ոտի են կանգնել

Մանեն մայթից անցավ փողոցի մեջտեղը և սաստիկ թուլացած ոտներով սկսեց առաջ գնալ խորդուբորդ սալահատակով, որի երեսն արդեն ծածկվել էր անձրևի ջրերով: Երկյուղով չռած աչքերը մի վայրկյան անգամ չէր հեռացնում լուսավորված պատուհանից, կարծես ուզում էր ստուգել, թե իր ենթադրություններից ո՛րն էր ճիշտ:

Մի տասը-քսան քայլ էր մնում, որ հավասարվեր իրենց տան դռանը, երբ լուսավորված պատուհանի առաջ, որի փեղկերը բոլորովին բաց էին, մարդկային մի ուրվագիծ տեսավ: Ուրվագիծը կանգնած էր անշարժ և լույսի ֆոնի մեջ դրսից նմանում էր չինական ստվերի: Նա նայում էր դեպի դուրս: Կարմրավուն անփայլ մի կրակ վառվում և հանգչում էր նրա բերանին, ըստ երևույթին, ծխախոտ էր ծխում: Մի քանի քայլ էլ առաջ գնալով, նա հանկարծ ճանաչեց պատուհանի մոտ կանգնած ուրվագիծը: Սկզբում շունչ առավ սաստիկ թեթևացած, հետո կատաղի մի զայրույթ լարեց նրա թողացած մկանունքները: Նորից արագացրեց քայլերը և այն վայրկյանին, երբ դռան առաջ սալահատակից մայթն էր բարձրանում, պատուհանի առաջ կանգնած ստվերը, ըստ երևույթին, տեսավ նրան և իր ամբողջ իրանով ներքև, դեպի փողոց խոնարհվեց:

Մանե՞ ... այդ դու ե՞ս, — շշունջով կանչեց Վահանը երկրորդ հարկի բարձրությունից:

Մանեն չպատասխանեց, տղային արագությամբ գրպանից հանեց բանալին, դուռը բաց արեց, մտավ և բարձրացավ վերև միջանցքի իրեն ծանոթ մութ սանդուղքով:

Հյուրասենյակի դուռը, նրա առաջ բաց արեց Վահանը` սիգարը բերանին:

Մանեն մտավ և գլխից թռցրեց անձրևից թրջված շալը:

Վահանը, շատ հանգիստ, դուռը փակեց և լավ նայեց քրոջը: Քրտինքը խոշոր կաթիլներով գլորվում են Մանեի կարմրատած այտերի վրայով. մազերը խճճվել և կպել էին քրտնած ճակատին, նա հազիվ էր շունչ քաշում: Բաց պատահանից սկսել էր սառը քամի փչել: Վահանը մոտեցավ ու ծածկեց փեղկերը: Նրա բոլոր շարժումների մեջ նկատվում էր մի առանձին հանդարտ զգուշություն:

Զգուշացիր, չմրսես, — ասաց նա: — Գնա շորերդ փոխիր:

Մանեն ատելությամբ լի աչքերը փայլեցրեց նրա վրա, ուզում էր հեռանալ դեպի իր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և նայեց եղբորը:

Թե՞ այս գիշեր գնում էիր գյուղ, — ասաց նա:

Գնում էի, բայց էլի չգնացի: Կայարանից ետ դարձա:

Ինչո՞ւ:

Բադամյանի հետ խոսելու:

Վահանը նստեց և, գլուխը բարձրացնելով, ծուխը բացեց բերանից դեպի առաստաղը:

Մանեն նայում էր նրա անվրդով դեմքին և զգում էր, որ ձեռքերն ու շրթունքները նորից սկսում են դողալ անզոր զայրույթից:

Հետո՞, — հարցրեց նա:

Հետո, գնացի և խոսեցի: Խոսելուց հետո գնացի հյուրանոցը, ճամպրուկս թողի և եկա քեզ մոտ, որովհետև առավոտյան գնացքով անպատճառ պիտի գնամ, այնպես որ այլևս ժամանակ չէի ունենա քեզ տեսնելու, իսկ քեզ տեսնել անպատճառ ուզում էի: Զանգակը մի երկու անգամ քաշեցի, դուռը բաց չարին: Տեսա, որ ոչ մի տեղ ճրագ չկա և մտածեցի, որ ամենքդ քնած եք արդեն: Մտա բակի դռնից, ծառային զարթեցրի, և նա ներս բերեց ինձ: Մտա ննջարանդ, որ զարթեցնեմ քեզ, չկայիր: Գրեթե երկու ժամ է, որ սպաում եմ քեզ: Այսպիսի պատիժ կյանքումս չեմ կրել: Քունս շան պես տանում էր, բայց զսպում էի ինձ: Տերը բարի տա մարգարեին. լուսամուտի առաջ կանգնած ականջ էի դնում նրա կառքի գոռգոռոցին և մտածում՝ «բախտավո՛ր մարդ. դու այդտեղ վերևը զբոսնում և ձիերիդ պայտերի տակից հուր ու կայծակ ես թափում, բայց իսկի մտածո՞ւմ ես թե այստեղ այս մժղուկների աշխարհում ի՛նչ ահավո՛ր դրամաներ են կատարվում... » Մի քիչ էլ որ ուշանայիր, պիտի գայի քո հետևից:

Ո՞ւր, — հարցրեց Մանեն զարմանքով:

Բադամյանի տուն:

Մանեն ցնցվեց:

Դու ի՞նչ գիտեիր, թե ես նրա մոտ էի:

Վահանը ուսերը թոթվեց:

Ուրիշ ո՞րտեղ կարող էիր լինել: Երբ որ տեսա տանը չես, իսկույն հիշեցի այսօրվա մեր խոսակցությունը: Դու նրան վիրավորել էիր, այդ պատճառով չէիր կարող չգնալ ներողություն խնդրելու:

Մանեն ետուետ գնաց պաշարված մի տեսակ սնահավատ երկյուղով այն սրատեսության վերաբերմամբ, որ ցույց էր տալիս Վահանը: Կարճ ժամանակ նա նայում էր եղբորը վերին աստիճանի ապշած, հետո հանկարծ առաջ նետվեց և շշնջաց զայրույթից լացող ձայնով.

Լսիր... Ուրեմն դու լրտեսո՞ւմ էիրՈւրեմն դեռ չէի՞ր գնացել... թաքնվե՞լ էիր այնտեղ... լսո՞ւմ էիր մեր խոսակցությունը...

Վահանն ուզեց ծաղրել, բայց, տեսնելով քրոջ զսպած զայրույթից փայլող աչքերը, զսպեց իրեն և ասաց տարակաուսանքով.

Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում: Ես ի՞նչ գիտեի, թե դու այնտեղ ես, որ թաքնվեի և լրտեսեի:

Հապա ո՞րտեղից գիտես, թե ես գնացել էի ներողություն խնդրելու: Այս րոպեիս, դու կրկնեցիր ճիշտ նույն բառերը, ինչ որ ես ասացի Բադամյանին: Ո՞րտեղից, ինչի՞ց գիտեիր այդ:

Ասացի, որ մեր այսօրվա խոսակցությունից, — այս անգամ արդեն ծիծաղեց Վահանը: — Եվ այդ բանը պետք է վերագրես իմ հոգեբանական հոտառությանը, և ոչ թե լրտեսական ընդունակության, որ ես չունիմ: Եվ ի՞նչ կարիք կար լրտեսելու, քանի որ ինքդ ոչինչ չես ծածկում և ամեն բան խոստովանում ես ինձ, չնայելով որ... խիստ չարացած ես ինձ վրա: Ասենք՝ ծածկելու ընդունակ էլ չես, որովհետև չափազանց անկեղծ ես: Բնավորությունդ այն մարդկանց բնավորությունից է, որոնք մարդ սպանելուց հետո, փոխանակ փախչելու, գնում են nստիկանանություն և ասում ուղղակի. «Եսմարդ սպանեցի, բռնեցեք ինձ»: Այս գիշեր իմ այստեղ գալը և քո այնտեղ գնալը պատահական մի զուգադիպություն է, և ոչ թե առաջուց գիտեի, թե դու այնտեղ պիտի լինիս, և երկաթուղու կայարանից ետ դարձա հատկապես քեզ լրտեսելու համար, ինչպես, երևի, կարծում ես դու: Լրտեսել... Ո՞րտեղից հնարեցիր, չեմ հասկանում: Փառք աստծու, դու տեսար և նույնիսկ հանդիմանում էիր ինձ, որ ես անտարբեր եմ և հենց սկզբից չէի ուզում խառնվել այս գործին: Եվ այդպես էլ պիտի հեռանայի և հեռանում էի, բայց կայարան գնալիս մտածեցի, որ այսքան անտարբերություն արդեն դատապարտելի է, մանավանդ այն բանից հետո, որ անցյալ օրն ինքդ էիր խնդրում ինձ, որ ազատեմ քեզ այդ անդունդից: Մասամբ խիղճս հանգստացնելու և մասամբ եղբայրական պարտքս կատարելու համար ետ դարձա և ուղղակի գնացի Բադամյանի մոտ: Առաջարկեցի, որ ձեռք վերցնի քեզնից: Ուրիշ ի՞նչ կարող էի անել: Նա վիրավորվեց և վիրավորեց ինձ: Ասաց, որ ես իրավունք չունիմ խառնվելու այս գործին: Շատ ճիշտ նկատողություն: Ես լինեի նրա տեղը, նույնը կպատասխանեի: Այսպես, թե այնպես, կյանքիս մեջ առաջին անգամ ուզեցի ղեկավարվել զգացմանս թելադրանքով և... քիթս ջարդեցի: Բայց մի անգամ որ խրվել եմ այս ցեխի մեջ, ուզում եմ մինչև վերջ խրվել և այնպես հեռանալ: Լսիր ինչ եմ ասում:

Վահանը վեր կացավ և մոտեցավ քրոջը:

Ինչքան էլ որ դու բնավորությանդ համաձայն հետևողաբար ես, վարվել, — ասաց նա լրջորեն, — նախ չհավատաս այն նամակին, հետո վռնդելով նրան, հետո զղջալով, որ այդպես խիստ ես վարվել այնուամենայնիվ, չէի կարծում, և չէի կարող կարծել, թե այդպես շուտ և առանց դրությունդ կշռադատելու, առանց հետևանքների մասին մտածելու, առանց նույնիսկ կասկածներդ ստուգելու, վեր կկենաս և կգնաս նրա մոտ, այն էլգիշերով: Եթե այդ բանը վճռել ես անել և արդեն արել ես, կնշանակի՝ այլևս այն Մանեն չես, որ անցյալ օր առաջս չոքած աղերսում էր, որ փրկեմ իր պատիվը... Այդպե՛ս է, թե ոչ:

Մանեն սաստիկ գունատվեց և զգաց, որ լեզուն ցամաքում է բերանում:

Ի՞նչ ես ուզում դրանով ասել, — շշնջաց նա:

Հասկացիր, էլի՛, ինչ որ ուզում եմ ասել...

Մանեն եղունգները ցցեց ձեռքերի ափերի մեջ, ուսերը սաստիկ վեր քաշեց, ներքին շրթունքը ձախ կողմից առավ ատամների մեջ, ընկավ բազկաթոռի վրա և սկսեց հեծկլտալ ջղայնական ուժգին ցնցումներով:

Անխի՛ղճ... անաստված... մի՞թե կարելի է այդպես վիրավորել, — արտասանեց նա հեծկլտանքի միջից:

Վահանը կարճ ժամանակ նայում էր նրան լուռ, հետո հանգիստ տարակուսանքով թոթվեց ուսերը, սիգարը բերանը դրեց, ձեռքերը կոխեց գրպանները և հեռացավ դեպի լուսամուտը:

Ես մեղավոր չեմ, — ասաց նա ապակու միջից նայելով դեպի դուրս: — Ինքդ ես առիթ տալիս այդպիսի կասկածների: Կեսգիշերին էլ ծածուկ գնալ...

Լռի՛ր, — աղաղակեց Մանեն, վեր թռչելով տեղից: — Ինչպե՜ս դու համարձակվում ես... ինչպես ես համարձակվո՜ւմ... Եղբայրս ես, այո, դժբախտաբար, բայց մի որոշ սահման կա, որից դենն անցնելու իրավունք չունի՛ս... չե՛մ թույլ տա, թեկուզ եղբայրս չէ, աստվածս էլ լինիս... Լսո՞ւմ ես...

Վահանը վախեցած նայեց դռներին, ոտների ծայրերի վրա արագորեն մոտեցավ քրոջը և շշնջաց.

Անմի՛տ, ի՞նչ ես բղավում: Ուզում ես ամբողջ տունը ոտի՞ կանգնեցնել: Փառք աստծու, այնպես գնացել և եկել ես, որ ոչ-ոք չի իմացել, հիմա...

Ես ոչ-ոքից չեմ վախենում... հասկանո՞ւմ ես, ոչ-ոքից, — շարունակեց աղաղակել Մանեն կատաղած: — Եթե մի բան կա, որից ես վախենում եմ, այդ իմ խիղճն է միայն, իսկ խիղճս այս րոպեին այնպես հանգիստ է, ինչպես, աստված տա, քոնը հանգիստ լինի...

Մանե, ի սեր աստծու

Լռի՛ր, լռի՛րԵս իրավունք չեմ տալիս քեզ խոսելուԱվելի լավ է, ինքս իմ բերանով կհայտնեմ բոլորին, ամբողջ աշխարհին, թե որտեղ էի, քան թե թույլ կտամ քեզ, որ ա՛յդ եղանակով խոսես ինձ հետԵս ոչ ոքից չեմ վախենում...լսո՞ւմ ես, չե՛մ վախենում, չե՛մ վախենում...

Տեսնելով որ իր հորդորներն ավելի են գրգռում քրոջը, Վահանը խոհեմություն համարեց լռել, հեռացավ նորից դեպի պատուհանը և բաց արավ մի փեղկը: Դրսից ներս թափանցեց, հեղեղի շրփշրփոցը և քամու ուժգին մի հոսանք անձրևի խոշոր կաթիլներ շպրտեց նրա երեսին ցնցուղի պես: Նա շտապեց փակել փեղկը, և շրփշրփոցը խլացավ:

Ի՞նչ ես ուզում ինձնից: Ինչո՞ւ ինձ այսպես տանջում, չարչարում ես, — շարունակեց Մանեն: — Մի ամիս չկա, որ այստեղ ես, և բոլոր արյունս տակնուվրա ես անում գրեթե ամեն օր: Ես կարոտ մնացի մի լուրջ, մի ջերմ, մի սրտացավ խոսքի: Շարունակ ծաղր ու հեգնանք, երբ ես լուրջ խորհրդի էի կարոտ, շարունակ անտարբերություն ու չեզոքություն, երբ ես կարոտ էի եղբայրական ջերմ սիրո և հոգացողության. իսկ այժմ անտեղի և անտանելի միջամտություն, երբ ես ատում եմ քեզ և... զզվում քեզնից: Այո՛, ատում և զզվում, որովհետև ապացուցեցիր, որ ուրիշ բանի արժանի չես: Պարզ մարդ ես, ինչո՞ւ պարզը չես ասում. կայարանից վերադարձել ես ո՛չ թե նրա համար, որ եղբայրական պարտքդ կատարես և խիղճդ հանգստացնես, այլ նրա համար, որ հարյուր, մի ողորմելի՛ հարյուր ֆրանկիդ պարտքը սաղացնես...

Այդ խո նա ասաց, — նկատեց Վահանը, դիտելով, թե ինչպես անձրևի կաթիլները ջրային ցանցեր են կազմում պատուհանի ապակիների վրա և արագորեն ծորում ներքև:

Այդ ես էլ եմ ասում, որովհետև տեսա, թե ինչ մարդ ես դու: Մինչև անգամ քիչ մնաց, որ նա... թքեր քո երեսին, և դու... ոչինչ... որովհետև հարյուր ֆրանկդ նաղդացրիր: Ամո՜թ քեզ:

Վահանը հանգիստ դարձավ և ժպտալով նայեց քրոջ հուզմունքից վառվող աչքերին:

Իսկ խուրդա-փարաների օդային ճանապարհորդությո՞ւնը, — հարցրեց նա: — Իսկ ապտա՞կը: Չէ՞ որ նա ինձ ապտակ էլ տվեց, իսկական ապտակ: — Կամ, գուցե, մոռացե՞լ է քեզ իր այդ քաջությունն էլ հայտնել:

Մանեն զզվանքով ու ատելությամբ նայեց եղբոր ծիծաղից դողդողացող կախ ընկած կզակին և, առանց այլևս մի խոսք անգամ արտասանելու դիմեց դեպի իր սենյակը, բաւց կիսաճանապարհին կանգ առավ հանկարծ և դառավ դեպի Վահանը.

Նպատակդ ի՞նչ է, որ այս կեսգիշերին եկել ես ինձ մոտ, — հարցրեց նա այս անգամ հանգիստ խստությամբ:

Նպատա՞կս

Վահանը նայեց սիգարի ծայրին, և նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ:

Ահա թե ինչ էր նպատակս: Կարող ես ինձ ատել, զզվել ինձնից, բայց, խնդրում եմ, լսիր ինձ հանգիստ, որովհետև այս րոպեին ամենևին տրամադիր չեմ կատակ անելու: Կայարան գնալիս ես լուրջ կերպով կշռադատեցի դրությունդ և տեսա, որ, հիրավի, շատ վտանգավոր ճանապարհի վրա ես: Եթե քո այդ տրագիկական սիրո մեջ ևս մեկը, որ չարաչար պիտի տուժի, — մտածում էի ես և այս րոպեին էլ նույնն եմ մտածում, — այդ ոչ ամուսինդ կլինի և ոչ Բադամյանը, այլ դու և միմիայն դու: Եվ ոչ-ոք չի պատժիլ քեզ այնպես խիստ, ինչպես դու ինքդ քեզ, որովհետև, ինչպես առաջ էլ ասացի, դու այն բնավորություններիցն ես, որոնց դատավորն ամենից առաջ իրենք են լինում և ամենախիստ, ամենաանողոք դատավորը: Բադամյանին չսիրել չես կարող, քանի որ մի անգամ արդեն սիրել ես, — այդպես է երևում, — իսկ ամուսնուդ դավաճանել առավել ևս չես կարող, քանի որ այդպես է քո տարօրինակ խառնուրդը: Եվ ահա պատրաստ է այն տրագեդիան, որի ցավալի վախճանը պարզ է: Մի կողմից սեր, մյուս կողմից պարտքի ստոիկյան գիտակցության: Պայքարը հեշտ չէ: Եվ հաղթանակը ո՞ր կողմն էլ լինի, մեջտեղ ճխլվողը դու պիտի լինիս: Փրկություն չկա քեզ համար ո՛չ մի դեպքում: Այս խորհրդածություններն էին անցնում գլխովս, երբ գնում էի կայարան: Եվ երբ պարզորեն պատկերացրի քեզ սպասող վախճանը, զգացի, որ իմ քույրն ես, իմ հարազատը և ահագին մեղք պիտի լինիմ բարձած խղճիս վրա, եթե քեզ թողնեմ մենակ և գործ չդնեմ ինձնից կախված ամեն միջոց այդ վախճանը քեզնից հեռացնելու համար: Այդ պատճառով ետ դարձա հարկ համարեցի նախ գնալ Բադամյանի մոտ: Դժբախտաբար, մենք չկարողացանք հասկացնել իրար: Իմ միջամտությունը նա ընդունեց իբրև անձնական վիրավորանք: Նրա մեջ խոսեց ավելի վիպասանը և հրապարակախոսը, քան թե կյանքի մարդը: Նա համառեց: Իսկ ես թեև բնավորությամբ ամենևին համառ չեմ, բայց երբ համառի եմ հանդիպում, նրանից ավելի համառ եմ դառնում: Ազնիվ խոսք եմ ասում քեզ. այդ միջոցին հարյուր ֆրանկի մասին այնքան էի մտածում, որքան այս րոպեին դու մտածում ես, թե պապուասների մեջ կա՞ արդյոք դրամի գաղափարը: Հարյուր ֆրանկի պատմությունը մեջ ընկավ բոլորովին պատահական կերպով: Նա պինդ բռնեց այդ միջադեպից և իսկույն վճարեց իր պարտքը հոգեբանական այն պարզ հասկանալի պատճառով, որ կատարյալ անկախ և ազատ ախոյան հանդիսանա իմ դեմ և մասամբ էլ նվաստացրած լինի ինձ իր առաջ: Այդպես է մարդկային բնավորությո՛ւնը, պարտքը վճարելիս մարդ միշտ կարծում է, թե ինքն ավելի մեծահոգի և ազնիվ է, քան թե նա, ումից որ պարտք է վերցրել: Ես ինձ նվաստացած չզգացի, իհարկե: Իսկ երբ մանր դրամները շպրտեց, քիչ մնաց, որ ինքս ինձ կորցնեի, և լավ է, որ չկորցրի, որովհետև այս րոպեին նա հիվանդանոցում կլիներ, իսկ ես ոստիկանատանը: Ինչ վերաբերում է այն բանին, որ ուզում էր անկախ և ազատ ախոյան հանդիսանալ, այո էլ միտք չուներ. Որովհետև ես նրա մոտ գնացել էի ամենաբարի մտադրություններով և ոչ մի առիթ չտվի, որ հակառակը կարծեր: Ինչևիցե: Նրա մոտ գնալս ապարդյուն անցավ: Մնում էր մի ուրիշ ելք:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last