Նար-Դոս՝   Սպանված աղավնին

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Տիկին, ես բողոքում եմ...

ՍԱՌԱ. — (Չի լսում և շարունակում է ինքն իրեն կորցրած): Եվ դեռ մեղավորության խնդի՞ր եք հարուցանում... ուրեմն Գարեգինը չէ մեղավոր, դուք չեք մեղավոր, մյուսը, երրորդը, չորրորդը... ոչ ո՞ք... ձեր կարծիքով գուցե մեղավոր չէ և նա ինքը, ձեր հյուրասիրությունը վայելող այդ պարոնը, այլ մեղավորը ես եմ, միմիայն ես: 0, կգժվեմ, կգժվեմ, կգժվեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Տիկին, հանգստացեք խնդրում եմ, և լսեցեք ինձ...

ՍԱՌԱ. — Մեղավոր եմ, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել... որովհետև աշխարհի վրա, մարդկանց վրա պայծառ հայացք եմ ունեցել... մեղավոր եմ, որովհետև կուսական անփորձության մեջ իմ մաքուր, անարատ սիրտը հավատացել է մի մարդու, որն անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց ինձ սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր... Այո՞, պարոն, այո՛:

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Խնդրում եմ, տիկին...

ՍԱՌԱ. — Օ՛, պարոն, օ՛, պարոնմի անեք այնպես, որ ես իսկապես խելագարվեմ... եթե դուք ընդունակ լինեիք հասկանալու, թե ինչ է նշանակում մի անմեղ, միամիտ, մի անբիծ աղջկա համար հուսախաբված լինել անդրանիկ սիրո մեջ... Եթե ձեզ ծանոթ լինեին մի այնպիսի աղջկա տանջանքները, հուսահատությունը և ապա այն սոսկումը, որ պատում է նրան, երբ հանկարծ իմանում է, որ ապօրինի մայր է լինելու՝ լքված, մենակ, ծածուկ, իբրև ամենամեծ մի մեղսագործ... Դժոխքն այն տանջանքները չէր կարող տալ ինձ, ինչ որ զգացի ես այն ժամանակ, երբ տեսա, որ ստիպված եմ ակամա գործած մեղքիս հետքը ջնջել առավել ևս սոսկալի մեղսագործությամբ... մինչև այժմ էլ ինձ թվում է, թե լսում եմ անմեղ զավակիս առաջին ճիչը, որին վիճակված էր վերջինը լինելու... Ես գործեցի ամենամեծ ոճիրը, չլսված, չտեսնված մի ոճիր, ես իմ ձեռքով սպանեցի իմ զավակը... և ամեն րոպե, ամեն վայրկյան մահվան սոսկում էր պատում ինձ, երբ մտածում էի, թե ահա, որտեղ որ է, ամեն բան կիմանան և ամոթի, խայտառակության սյունը կբարձրացնեն ինձ... Թեև ամեն բան ծածուկ մնաց, բայց ի՞նչ օգուտ դրանից: Դադարեցի՞ն դրանից հետո իմ տանջանքները, իմ սոսկումները... Ամենևին ոչ: Բավական էր, որ ես գիտակցում էի իմ ոճրագործությունը, ուրիշ էլ ի՞նչ պատիժ էր հարկավոր, որ դրանից էլ ավելի սոսկալի լիներ... Եվ այժմ, որ մտածում եմ, թե ինչո՞ւ... ում պատճառով...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Տիկին, ես շատ խնդրում եմ ձեզ հանգստացեք:

ՍԱՌԱ. — (բորբոքումով): Գիտե՞ք դուք, պարոն, ում եք ապաստան տվել ձեր տանը, իբրև բարեկամի, իբրև ընկերոջ... Դուք ամուսնացած չեք և եթե ամուսնացած լինեիք, նա չէր խնայիլ նույնիսկ ձեզ, նա չէր քաշվիլ պղծել նույնիսկ ձեր ընտանեկան սրբությունը իբրև փողոցի ամենավերջին շուն... Այդ բանում ես համոզվեցի երեկ... երեկ, մինչև երեկ ես դեռ պատրաստ էի ներել, մոռանալ, բայց երեկվանից դես... Ես այլևս չեմ իմանում ինչ է պատահում ինձ... Այնքան ահ ու սարսափներից հետո, հոգեկան այնքան տանջանքներից հետո, ծածուկ ամոթի վերջին մրուրը քամելուց հետո, իբր կարծում էի, թե վերջապես թաղել եմ անդառնալի կերպով սոսկալի անցյալս և նոր կյանքի շրջան եմ մտել ամուսնական հանգիստ առագաստի տակ, — այդպիսի մի ժամանակ նա գալիս է նորից հիշեցնելու ինձ իմ այդ զարհուրելի անցյալը, ցինիկաբար անարգելու մարդկային արժանապատվությունս, կանացի առաքինությունս, ամենանվիրական զգացմունքներս մի անլուր շնական առաջարկությամբ... Եվ այս նոր անարգանքն ես ստիպված եմ լինում կուլ տալու, որովհետև... Ախ, եթե ես տղամարդ լինեի... Եթե այդ րոպեին ձեռքիս մի զենք լիներ... թեկուզ հասարակ մի դանակ... Եվ այս բոլորից հետ, դուք ուզում եք, որ ես հանգստանամ... հանգստանալ...ու իմ փափագն էր, իմ ուխտը, իմ ցնորքը, որին չորս տարուց ի վեր ձգտում էի հոգուս ամբողջ կարողությամբ և որին, վերջապես, հասած էի համարում ինձ... Բայց այժմ դուք դատեցեք, կարո՞ղ եմ ես հանգստանալ... կարո՞ղ եմ հանգստանալ, երբ հոգիս թույն է կտրել, անզոր կատաղությունը խեղդում է ինձ, ուղեղս քիչ է մնում ցնդի, այսքան հանդգնություն, այսքան լրբություն, այսքան անխղճություն տեսնելուց հետո... վերջապես ի՞նչ եմ ես, պարոն, դուք ասացեք, ի՞նչ եմ ես, մա՞րդ թե լաթ: (նստում և սկսում է հեկեկալ վիրավորանքի և անզոր հուսահատության ուժգին զեղումով):

Մարգարյանը կանգնած է սաստիկ սրտաշարժված: Կամաց մտնում է Սիսակյանը, նրա դեմքը վախ և հոգեկան զորեղ տանջանք է արտահայտում:

ՏԵՍԻԼ VIII

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Անվստահորեն մոտենում է Սառային): Սառա, սիրելիս...

ՍԱՌԱ. — (Հանկարծ դադարում է հեկեկալուց, վեր է թոչում կատաղության նոր թափով և բռնում նրա ձեռքերից): Ասա՛, վերջապես սպանելու ես նրան, թե ոչ... սրբելու ես, թե ոչ, այն անարգանքը, որ նա հասցրել է ինձ, քեզ, ամուսնական այն սուրբ կապին, որով կապվել ենք մենք, ընտանեկան այն սուրբ գաղափարին, որին ուխտել ենք մենք հավատարմությամբ... Եթե վախենում ես, որ քեզ աքսոր կքշեն, կախաղան կբարձրացնեն, մի վախենար, ես քեզ մենակ չեմ թողնիլ, ես էլ կգամ քեզ հետ. ես էլ կկախվեմ այն փայտից, որի վրա կկախեն քեզ... Եթե վախենում ես, որ քեզ կդատեն իբրև մարդասպանի, ասա որ դու չես սպանել, ասա որ ես եմ սպանել, և ես եմ պատվիրել որ սպանեսԱյն ժամանակ ես համարձակ կկանգնեմ դատավորների առաջ և կասեմ այո, ես եմ սպանել, ես եմ պատվիրել, որ սպանի, որովհետև նա վաղուց էր սպանել ինձ, վաղուց էր փշրել, այլանդակել իմ կյանքը, ցեխի մեջ տրորել իմ լավագույն երազները... Եվ ո՞վ պիտի դատի մեզ, սրա՞նք: (Մատնանիշ է անում Մարգարյանին): Անտարբերության մեջ քարացած այս մարդի՞կ... ցոփության, անառակության, անգթության երեսին ծիծաղող այս պարոննե՞րը...

ՍԻՍԱԿՅԱՆ. — Սառա, սիրելիս, եկ գնանք նա այստեղ չէ:

ՍԱՌԱ. — (Հանկարծ թողնում է նրա ձեռքերը և դառնում Մարգարյանին): Լսեցեք, պարոն: Եթե նա այստեղ է, և դուք պահում եք նրան, ես կգտնեմ, թեկուզ գետնի տակն էլ թաքցրած լինեք, իսկ եթե դեռ չի եկել, ես կսպասեմ նրան ամբողջ գիշեր, թեկուզ հավիտյան... (կառքի ձայն է լոսվում): Այս ի՞նչ էր... կառքի ձա՞յն... (Մի րոպե ականջը լարում է դեպի դուրս): Կանգ առավ... նա է, երևի... (վայրենի ուրախությամբ) նա՜ է... (Գրասեղանից վերցնում է ատրճանակը և վազում սպասողական դիրք բռնում նախասենյակի դռան մոտ):

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Սարսափահար վազում էդեպի նա): Սառա ջան...

ՍԱՌԱ. — Կորիր, վախկո՛տ, փալաս...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (խիստ անհանգստացած մոտենում է Սառային, որ ատրճանակն առնի նրա ձեռքից): Տիկին, այդ նա չէ:

ՍԱՌԱ. — Հեռացեք, թե չէ ձեզ կսպանեմ

Մտնում է Թաթոսը:

ՏԵՍԻԼ IX

ԹԱԹՈՍ. — Ֆայտոնը բերի: (Մարգարյանր նշանացի նրամայում է նրան, լռի և դուրս գնա, սակայն Թաթոսը ոչինչ չի հասկանում և զարմացած նայում է սրան-նրան):

ՍԱՌԱ. — (Բռնում է նրա ձեռքից): Ֆայտոն, ասում ես... ում համար, Թաթոս, ղոնաղի՞ համար: (Ահարկու աղաղակելով): Ահ, ուրեմն այստե՞ղ է... ուզում է փախչե՞լ... (Դես-դեն է վազում, որոնելով Թուսյանին, հետո տեսնելով ննջարանի դուռը, ուզում է ներս ընկնել այնտեղ):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Կապում է դուռը խստորեն և հրամայողաբար): Սպասեցե՛ք: (Սառան կանգ է առնում կարծես զարմացած, որ որևէ ոք համարձակություն է յուր առաջը կտրել): Ես ձեզ իրավունք, չեմ տալիս իմ տան մեջ վարվելու այնպես, ինչպես դուք եք կամենում:

ՍԱՌԱ. — (Ծայրահեղ ապշած): Ինչպե՛սինչպե՛սդուք դեռ պաշտպանո՞ւմ եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Հաստատակամորեն): Ես չեմ թույլ տալ, որ իմ տանը մարդ սպանվիով ուզում է լինի նա: Տվեք ինձ այդ ատրճանակը:

ՍԱՌԱ. — (Ինքն իրեն կորցրած): Առե՛ք... (Արձակում է ատրճանակը և պայթյունի վրա ճչոցով հետ ընկնում սարսափահար: Ատրճանակն ընկնում է նրա ձեռքից: Ընդհանուր սարսափ: Մարգարյանը կանգնած է անվնաս, մեռելի պես գունատ: Սիսակյանը և Թաթոսը քարացել են տեղները: Ինքը Սառան կանգնած է առժամանակ անհունապես վախեցած և չռած անմիտ աչքերով, խելակորույս հայացքը ման ածելով շուրջը): Այս ի՞նչ էր... հրացա՞ն... անտառո՞ւմաղավնի՞ն... (Ծիծաղում է): Պահ, և ընկավ... խըշ-խրշ և ընկավ... (Ձևացնում է, թե ինչպես տրաքում է հրացանը և աղավնին ընկնում է ծառի տերևները խշխշացնելով):

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Մոտենում է գույնը նետած): Սառա՞...

ՍԱՌԱ. — (Շարունակում է ծիծաղել, հետո ծիծաղը կամաց-կամաց փոխվում է լացի): Ինչո՞ւ սպանեցիք... ինչո՞ւ... Արյունը կարմիր ներկեց սպիտակ փետուրները... Շունը ապականեց իր բերանով... (նստում է հատակի վրա, դեմքը ծածկում ձեռքերով և լաց լինում հանդարտ):

ՍԻՍԱԿՅԱՆ. — (Ցեռքերը զարկում է գլխին): Վա՛յ ինձ... (մնում է շանթահար՝ նայելով Սառային):

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — (Կանգնած է նույնպես շանթահար. նա արդեն հասկանում է, որ Սառան խելագարված է և չի իմանում ինչ անի, հետո մոտենում է նրան): Տիկին... վեր կացեք...

ՍԱՌԱ. — (Հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է թռչում, մի րոպե փոփոխակի նայում մերթ Մարգարյանին, մերթ Սիսակյանին, հետո ձեռքը դնելով շրթունքներին): ... կամաց... այստեղ դիակի հոտ կաերեխայի, խեղդված երեխայի... եկեք, եկեք փախչենք... կամաց... կամաց...: (Առնում է նրանց ձեռքերը և կամաց, որպես թե ծածուկ, անդադար նայելով շուրջը, դուրս է տանում նրանց: Թաթոսը հետևում է նրանց):

Բեմն առժամանակ մնում է դատարկ: Ննջարանի դուռը բացվում է. Թուսյանն զգուշորեն հանում է գլուխը ստուգելու համար, թե մարդ չկա արդյոք, տեսնելով, որ ոչ ոք չկա, մտնում է: Նրա դեմքի վրա երևում են հենց նոր կրած մահվան երկյուղի նշաններ: Նա մոտենում է նախասենյակի դռանը, ականջ է դնում դեպի դուրս, հետո նստում է գլխիկոր, և ծանր մտախոհության մեջ ընկնում: Դրսից լսվում է հեռացող կառքի ձայն, նա ցնցվում է, ականջ դնում շունչը պահած: Կառքի ձայնը լռում է. մտնում է Մարգարյանը, կանգնում նրա դիմաց և երկար նայում նրան լուռ:

ՏԵՍԻԼ X

ՄԱՐԳԱՐՅԱՆ. — Հիմա՞ ինչ կասես, բարեկամ, կյանքը րոպեական հաճո՞ւյք է...

ԹՈԻՍՅԱՆ. — (Միշտ մտախոհ): Կյանքը... սարսափելի է

(Վարագույրն իջնում է):

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին