Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Կես ժամից նա արդեն բոլորովին հագնված, պատրաստ էր և կանգնած հայելու առաջ նայում էր նրա մեջ:

Ա՛խ, ինչո՞ւ ես այսպես գունատ եմ, — ասում էր նա տխուր նայելով յուր դեմքին, բայց նա չգիտեր, որ այդ գունատությունն ավելի էր սազում նրա դեմքին, քան շատերի կարմրությունը:

Նա մոտեցավ սեղանին և վերցրեց կարմրադեղը, բայց հանկարծ մի տեսակ զզվանքով շպրտեց այն դեպի սենյակի մյուս ծայրը, և կանչեց.

Երբե՜ք. երբե՜ք...

Նա գնաց հյուրասենյակը, որտեղ միշտ ընդունում էին Սուրեն Արևելյանին, և նրա առաջին գործը եղավ նայել ժամացույցին. — տակավին կես ժամ կար մինչև նրա գալը: Նա նստեց բազկաթոռի մեջ և աչքերը հառեց ժամացույցի սլաքներին, նրան մեկ թվում էր, որ նրանք շատ դանդաղ են շարժվում և մեկ՝ ամենաարագ կերպով, որովհետև այդ րոպեին նրա մեջ գործում էին երկու հակառակ զգացմունքներ սեր և խիղճ: Սերն ասում էր՝ «պիտի տեսնես նրան, որովհետև այդ քաղցր է», իսկ խիղճը — «ո՛չ, որովհետև այդ հանցանք է»: Արդյոք որի՞ն լսելնրանք գործում էին միահավասար ուժերովառաջինին, բայց ինչպե՞ս պիտի դիմանար նա այն անտանելի կրակին, որ երկրորդը պիտի ձգեր նրա սրտի մեջ... երկրորդի՞ն, բայց նա ամենապարզ կերպով զգում էր, որ առաջինը նրան մի վայրկյան անգամ հանգստություն չպիտի տար... Որպիսի անել դրություն... Սակայն, մարդս այն աստիճան անհեռատես է, հաստատակամությունն այն աստիճան թույլ արմատներ ունի ձգած նրա սրտի մեջ, որ նա ավեւի շուտ անձնատուր է լինում ցանկությանը, կրքին, քան լսում ու հետևում յուր ներքին ձայնին: Այդ միևնույնը պատահեցավ և տիկնոջ հետ. նա անձնատուր եղավ յուր սիրույն, որովհետև հասկացավ, զգաց վերջապես, որ կռվել այլևս անհնարին է:

«Թող այսուհետև ինչ որ ուզում է լինի, բայց ես զգում եմ, որ առանց նրան ինձ համար շատ դժվար է ապրել»... — վճռեց յուր մեջ մանկահասակ կինն և նույն րոպեին ժամացույցը զարկեց տասնևմեկն, իսկ նախասենյակում լսվեցավ զանգակի ձայնը: Մանկահասակ կինն ամբողջ մարմնով ցնցվեց և աչքերը դարձրեց դեպի դռները: Չանցավ երկու րոպե, դուռը բացվեցավ, և շեմքում երևաց Սուրեն Արևելյանն յուր մշտական լուրջ դեմքով:

Տեսնելով նրան, Եղիսաբեթը չկարողացավ իրեն զսպել, նա իսկույն վեր թռավ տեղից, գրեթե վազեց դեպի նա և, մեկնելով նրան յուր քնքուշ ձեռքը, կանչեց մի տեսակ ուրախ ձայնով.

Պարոն Սուրեն Արևելյան... բարյավ ձեզ:

Բարյավ ձեզ, տիկին, — ասաց յուր լուրջ ձայնով Սուրեն Արևելյանը, սեղմելով նրա ձեռքը, — ինչպե՞ս եք:

Մենք բոլորս էլ ողջ և առողջ ենք... բայց դուք եք, որ այս ամբողջ մի շաբաթը մեզ բոլորովին մոռացաք... Քանի անգամ մենք եկանք հյուրանոցը ձեզ տեսնելու, բայց ոչ մի անգամ չկարողացանք ձեզ այնտեղ գտնել:

Ցավում եմ, որ ես ձեզ այդքան անհանգստություն եմ պատճառել, տիկին, բայց և այնպես ես մեղավոր չեմ, որովհետև այս մի շաբաթն ես զբաղված էի ճանապարհի պատրաստությամբ:

Սուրեն Արևելյանի վերջին խոսքերը կայծակի ազդեցություն ունեցան տիկնոջ վերա:

Դուք արդեն հեռանո՞ւմ եք այստեղից, — շուտ և նկատելի անհանգիստ ձայնով հարցրեց նա:

Այո:

Բայց ե՞րբ

Շատ կարելի է, մի կամ երկու օրից հետո:

Մանկահասակ կնոջ դեմքը բոլորովին փոխվեցավ: Նա մտքովն անգամ չէր անցկացրել, որ Սուրեն Արևելյանն այդպես շուտ կարող էր հեռանալ... նա վախեցավ, որ չլինի թե իրեն մատնի, բայց նրա բախտից Սուրեն Արևելյանն երբեք նրան չէր նայում: Նա արդեն նստել էր հանդարտ բազկաթոռի մեջ և նայում էր դեպի դուրս, որտեղից թռչունների ուրախ ճռվողյունը ներս էր թափանցում սենյակը, ուր մի րոպե լռություն էր տիրել:

Բայց ինչո՞ւ այդպես շուտ եք հեռանում այստեղից, — վերջապես հարցրեց Եղիսաբեթը, աշխատելով որքան կարելի է ձայնին լուրջ եղանակ տալ, որի մեջ, այսուամենայնիվ, մի փոքր դող էր լսվում:

Շուտ չէ, տիկին, դեռ իմ հաշվով ես ուշացել եմ:

Բայց մի՞թե կարելի է Ասիայում ճանապարհորդել, պ. Սուրեն Արևելյան... Հազար ու մի վայրի ցեղեր են թափառում այնտեղ, և մարդ ամեն մի քայլափոխում կարող է վտանգի ենթարկվել նրանց ձեռքից...

Այդ ինձ համար նշանակություն չունի, տիկին: Ինչպես ամեն մարդ, նույնպես և ես, վաղ թե ուշ, բայց մի անգամ պիտի մեռնեմ, իսկ այստեղ, թե վայրենի ցեղերի մեջայդ ինձ համար միևնույն է: Իմ սերս դեպի ճանապարհորդությունն այնքան մեծ է, որ ոչ մի վտանգ նրա դեմն առնել կարող չէ:

Այդ բոլորովին անտարբերությամբ արտասանած խոսքերն այն աստիճան ազդեցին տիկնոջ սրտի և ուղեղի վերա, որ ակամայից նրա աչքերի առջև ներկայացավ, թե ինչպես վայրենի ցեղերը պատառոտում են այդ մարդուն, որի հետ այնքան սերտ կապով կապված էր նրա սիրտը: Նա սոսկաց ակամայից և մի քայլ առաջ գնաց դեպի նա, որպես թե կամենալով ազատել նրան վայրենի ցեղերի ճիրաններից... Նա պատրաստ էր ընկնել նրա վզովը, ամուր սեղմել նրան յուր կրծքին և բացականչել, — «Ո՜չ, դու երբեք չես գնալ այնտեղ, ես քեզ չե՜մ թողնիլ... Բայց նա շուտով կարողացավ իրեն զսպել, շուռ եկավ և, գրեթե օրորվելով գնալով դեպի դաշնամուրը, նստեց նրա մոտ աթոռի վերա: Նա վերցրեց ձայնագրատետրը և մեքենայաբար սկսեց թերթել այն, մինչև որ կհանդարտվեր: Երբ բոլորովին հանդարտվեց, ձայնագրատետրը դրեց յուր տեղն և հարցրեց ճնշված ձայնով.

Սակայն մի՞թե իսկապես դուք չունեք ո՜չ մի բարեկամ, ո՜չ մի... սիրող սիրտ, որի համար դուք զոհեիք, թողնեիք ընդմիշտ այդ մտադրությունը...

Սուրեն Արևելյանը վայրկենապես միայն նայեցավ ուղղակի նրա աչքերին և պատասխանեց սովորական կերպով.

Ոչ:

Սենյակում տիրեց լռություն: Եթե այդ ժամանակ Սուրեն Արևելյանը նայեր մանկահասակ կնոջը, նա իսկույն կնկատեր, որ նրա մեջ մի ինչ-որ սոսկալի կռիվ է կատարվում: Նրա սիրտն այնպես արագ էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս պրծնել բերանից, նրա լայն բացված աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ խիստ ցանկություն, բայց միևնույն ժամանակ անվճռականություն ու երկյուղ, իսկ շրթունքները, որոնք, կարծես, մի բան էին ուզում ասել, նկատելի կերպով դողում էին... Հանկարծ նա դեմքը ծածկեց ձեռքերով և սանձահար հեկեկանքը սկսեց խեղդել նրա կոկորդը:

Սուրեն Արևելյանը, որ մինչև այդ ժամանակ նայում էր դեպի դուրս, հանկարծ դեմքը դեպի նա դարձրեց և, ըստ երևույթին, բոլորովին չզարմացավ: Նա նույնչափ հանդարտ վեր կացավ տեղից և մոտենալով մանկահասակ կնոջը, հարցրեց յուր սովորական լուրջ ձայնով,

Տիկին, ի՞նչ է պատահել ձեզ:

Մանկահասակ կինը ավելի սկսեց հեկեկալ, ինչպես մի երեխա, երբ սկսում ես գուրգուրել նրան զանազան սրտացավական քաղցր խոսքերով:

Մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք... — հազիվհազ կարողացավ նա արտասանել խեղդող արցունքի միջից, սակայն դեմքը դարձյալ ծածկած ունենալով:

Սուրեն Արևելյանի դեմքը մի փոքր այլայլվեց: Մի րոպե նա անշարժ տեղնուտեղը մանկահասակ կնոջն անթարթ նայելիս վերջապես ձեռքն անցրեց յուր խիտ մազերի միջով և, հեռանալով դեպի բաց լուսամուտը, նա սկսեց նայել դեպի դուրս: Սենյակում լսվում էին միայն մանկահասակ կնոջ խուլ հեկեկանքները, որոնք հետզհետե նվազում էին. վերջ ի վերջո նրանք բոլորովին դադարեցին, և մանկահասակ կինն այժմ սկսեց սրբել թաշկինակով յուր արտասվաթոր աչքերը: Նա, կարծես, յուր վերջին բառերի հետ դուրս թափեց յուր միջից բոլոր դառնությունն ու հանգստություն տվեց յուր ալեկոծվող սրտին: Նա չէր համարձակվում Սուրեն Արևելյանի վերա նայելու, կարծես դեպի նա մի մեծ հանցանք գործած լիներ, որից և՛ ամաչում էր, և վախենում, բայց նրա աչքերն անհամբերությունից փայլում էին. նա համոզված էր, որ Սուրեն Արևելյանն իրեն հասկացավ և, ինչպես որ դատապարտյալը սպասում է, թե ինչ վճիռ կտան իրեն կկախեն, թե կազատեն, նույնպես և նա սպասում էր, թե ինչ դուրս կգա այդ սառնասիրտ, անտարբեր մարդու շրթունքներից:

Վերջինս դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամատի առաջ մտածողությամբ նայում էր դուրս: Վերջապես նա մի քանի անգամ ձեռքն անցրեց դարձյալ յուր գեղեցիկ մազերի միջովմի բան, որ նա անում էր այն ժամանակ, երբ կամենում էր սկսել մի որևէ լուրջ խոսակցությունշուռ եկավ դեպի մանկահասակ կինը և, մի վայրկյան միայն նայելով նրա վերա, վերջապես ասաց աննկատելի խռոված ձայնով,

Տիկին, արդյոք մտած՞ել եք դուք ձեր դրության մասին:

Ես մտածե՞լ եմ, — մեքենայաբար կրկնեց մանկահասակ կինը, — ես մտածել եմ, դուք ինձ հարցնում եքՕ՜, եթե միայն ես երբե՜ք չկարողանայի մտածել իմ դրության մասին, ես այսքան չէի տանջվիես հասկանում եմ, թե ինչ եք ուզում դուք ասել, — ավելացրեց նա բեկբեկված ձայնով. — Բայց... ես չեմ կարողես ույժ չունեմ դիմադրելու, դուք ինձ հասկանո ւմ եք... ես թույլ եմ... ես կին եմ

Եվ, դեմքը ծածկելով, նա նորից հեկեկաց:

Ըստ երևույթին Սուրեն Արևելյանի սիրտը շարժվեցավ. նա կիտեց հոնքերը, իսկ աչքերի կոպերը դողացին: Նա ծանր քայլերով մոտեցավ մանկահասակ կնոջն և ասաց մեղմացած ձայնով.

Հանդարտվեցեք, տիկին, ձեր աչքերից արցունք չպիտի թափվի (մանկահասակ կինն այդ խոսքերի վերա սանձահարեց արցունքն ու շունչն իրեն քաշեց): Ես ի սրտե ցավում եմ ձեզ վերա, — շարունակեց նա: — Ես չեմ մեղադրում ձեզ, որ դուք ույժ չունեք, որ դուք թույլ եք... դուք դրանում այնքան մեղավոր չեք... Մեղավոր է բնությունը, դեպքը, հանգամանքը... Բայց և այնպես, ես ասում եմ շեշտելով, այդ երբեք չպիտի լինի: Եթե դուք ցանկանում եք լինել երջանիկ, դուք ամեն կերպ պիտի աշխատեք կռվել ձեր մեջ այժմ գործող զգացմունքի դեմ. կռվել անդադար, մինչև որ, վերջ ի վերջո, հաջողվի ձեզ նրան հաղթել, և այդ ձեզ անպատճառ կհաջողվի, եթե միայն դուք ունենաք հաստատակամություն: Ինչ տեղ կա հաստատակամություն, այնտեղ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել:

Ես չեմ կարող...

Տիկին, խորհեցեք լավ: Դուք ամուսին և մայր եք, մայր մի գեղեցիկ, սքանչելի երեխայի: Տիգրանիկը... նա մի այնպիսի երեխա է, որի երջանկության համար ամեն բան պիտի զոհեք... Եթե չեք խղճում ձեզ. եթե չեք խղճում ձեր բարի ամուսնուն, գոնե պիտի խղճաք այդ անմեղ երեխային, որի երջանկությունն ավելի ձեր սիրո մեջ է կայանում: Մի խլեք այդ երջանկությունը նրանից և ուրիշին մի նվիրեք: Նա մեղք է: Աշխատեցեք, որ ձեր սիրտը միայն ձեր ամուսնու և նրա համար բաբախի և ոչ մի այլի համար, այդ պետք է, այդ անհրաժեշտ է:

Դուք ինձ չե՛ք սիրում... — արդեն հուսահատությամբ գրեթե ճչաց մանկահասակ կինը և դեմքը բոլորովին ծածկեց:

Դուք մի՛ աշխատեք իմանալու՝ ես ձեզ սիրում եմ թե ոչերկու դեպքումն էլ այդ ավելորդ կլինիբայց ես, իբրև ձեր ճշմարիտ բարեկամ, իբրև ձեզ սրտակից, միայն ձեր երջանկությունն եմ ցանկանում: Հավատացեք ինձ, որ ես ձեզ վերա ավելի եմ ցավում, քան թե դուք: Եթե դուք մի փոքր հեռատեսություն ունենաք և լավ խորհեք, դուք կտեսնեք, թե որպիսի սարսափելի թշվառություն կլինի ձեզ սպասելիս ապագայում, եթե այժմ կատարվի այն, ինչ որ այժմ դուք ցանկանում եք. դուք կտեսնեք, որ այն, ինչ այժմ դուք երջանկություն եք համարում, իսկապես ոչ այլ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն մի ամենասոսկալի թշվառություն, մի թունավոր կյանքՄարդ ամեն մի դեպքում միշտ աչքի առաջ պիտի ունենա յուր գործի կամ մտադրության հետևանքը, իսկ դրա համար հարկավոր է ունենալ հեռատեսություն: Մարդ ամեն կերպ պիտի աշխատի անձնատուր չլինել կրքերին, ցանկությանը, իսկ դրա համար հարկավոր է հաստատակամություն: Ունի նա մարդկության այդ երկու անհրաժեշտ պայմաններընրան ամեն բան կհաջողվի, նա երջանիկ կլինի... Հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ առաջուց տանջվի, երբ համոզված է, որ հետո այդ տանջանքը պիտի պսակվի երջանկությամբ, քան առաջ երջանկություն կրի (թեպետև այդ լոկ խոսք կլինի), երբ ակնհայտնի է, որ հետո պիտի տանջվի սոսկալի կերպով: Ես այս բոլորը նրա համար եմ ասում, տիկին, որպեսզի ձեզ ապացուցանեմ, որ չնայելով ձեզ մեծ ջանքեր են հարկավոր հաղթելու այժմ ձեր սիրտը կրծող զգացմունքին, բայց այդ բոլորը ոչինչ, որովհետև ապագայում ձեզ մեծ երջանկություն է սպասում... Վերջապես մտածեցեք դուք ձեր պատվի մասին, պատվի, որն ամեն ինչ է մարդուս համար, առանց որի մարդս ոչինչ է, սակայն ոչ թե ոչինչ, այլ ամենաանպիտանը, ամենազզվելին է բոլոր արարածների մեջ: Ուրեմն, եթե պատիվը մի այդպիսի մեծ դեր է խաղում մարդուս կյանքի մեջ, եթե նա մարդկության ամենաառաջին նշանն է, ինչո՞ւ նրա վերա այդպես ցած աչքով պիտի նայել, ինչո՞ւ նրան ձեռքից այդպես շուտ պիտի թողնել, ինչո՞ւ նրան ամեն բանից չպիտի գերադասել, հետևաբար նրան անխախտ պահպանելու համար ինչո՞ւ ամեն բան չպիտի զոհել... Վերջ ի վերջո այստեղ հարցը գալիս է իմ մասին: Դուք ասացեք, տիկին, մի՞թե ես կարող եմ և պիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, հափշտակելով նրա երջանկությունը, ձգելով նրան սոսկալի տառապանքների մեջ... Մի՞թե եղբայրական, ընկերական, բարեկամական ամենասուրբ կապերը պիտի պղծել մի այնպիսի՝ հանցանքով, որ ո՜չ աստված և ո՜չ մարդիկ կարող են ներել... Ո՜չ, տիկին, ինչ կուզեք մտածեցեք, բայց ինձ համար այդ անկարելի է, ես այդ երբեք չեմ անիլ, թեկուզ դրա համար հարկավորվի իմ անձս զոհել:

Վերջին խոսքերի մեջ այն աստիճան վճռականություն էր լսվում, որ Եղիսաբեթը, որը բոլոր այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ կլանում էր, ինչպես ասում են, նրա ամեն մի խոսքը, իսկույն հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ յուր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը: Նրա խոսքերը սուր-սուր նետերի նման ցցվում էին նրա ուղեղի մեջ, և նա ամենապարզ կերպով զգում էր, թե որքան դառն ճշմարտություն կար նրանց մեջ... նա մնաց անշարժ, ինչպես մի արձան, դեռևս հնչվում էին նրա ականջներում Սուրեն Արևելյանի բոլորովին լրջորեն, պարզ և սուր կերպով արտասանած խոսքերը, որոնք նրա մեջ կարծես սկսում էին հետզհետե մի ինչ-որ հեղափոխություն գցել...

Հանկարծ նա բարձրացրեց յուր գլուխն և սկսեց շրջահայել, նրա դեմքը գունատ էր ինչպես կտավ, իսկ հայացքնանմիտ: Նա տեսավ Սուրեն Արևելյանին կանգնած լուսամուտի առաջ սովորական կերպով դեպի դուրս նայելիս: Նա չէր հավատում, որ մի փոքր առաջ այնքան ազդու խոսողն այդ մարդն էր: Նա կարծում էր, որ ինքը երազի մեջ էր և այն խոսքերը երազի մեջ էր լսել: Բայց միևնույն չէ՞այն խոսքերն այնքա՛ն պարզ էին, այնքա՛ն ազդու, նրանց մեջ այնքա՛ն ճշմարտություն, ազնվություն կար, նրանք այնքա՜ն ցավակցությամբ և անկեղծորեն էին բխում...

Նա փորձեց վեր կենալ, բայց գլուխը պտտվեցավ և նորից վայր ընկավ աթոռի վերա: Սուրեն Արևելյանը ետ նայեց և իսկույն շտապեց դեպի նա:

Տիկին, ի՞նչ պատահեց ձեզ, հարցրեց նա նկատելի անհանգիստ ձայնով:

Չգիտեմ թե ինչ է պատահում ինձ, — շշնջաց մանկահասակ կինը գլուխն երկու ձեռքերի մեջ բռնելով. — ես ինձ վատ եմ զգում...

Դուք տկար եք, տիկին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Մանկահասակ կինը վեր կացավ Սուրեն Արևելյանի օգնությամբ:

Ներեցեք, պարոն Սուրեն Արևելյան, — ասաց նա, — գլուխս պտտվում է. տարեք ինձ մինչև իմ ննջարանս...

Նա հենվեց Սուրեն Արևելյանի ձեռքի վերա, որը տարավ նրան մինչև յուր ննջարանի դուռը, ինքը ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց:

IV

Հետևյալ առավոտն այն աստիճան սքանչելի էր, որ մարդու սիրտն ակամայից փառավորվում էր: Թռչուններըբնության հրաշալեաց այդ փոքրիկ քնարերգուքըվաղուց արդեն սկսել էին իրենց բազմանվագ երաժշտությունն, իսկ ծաղիկներն ու վարդերը լցրել էին օդը մի տեսակ անուշ բուրմունքով:

Արևը տակավին թաքցրած ուներ յուր գլուխը սարերի հետևը, բայց շառագունված հորիզոնն ավետում էր, որ նա շուտով կբարձրանա յուր օրվա աշխատանքը սկսելու:

Եղիսաբեթը նստած էր իրենց պարտիզում մենակ նստարանի վերա: Մայիսյան առավոտվա օդի ցուրտ խոնավությունից պաշտպանվելու համար նրա ուսերին մի շալ էր գցած: Նրա դեմքն այն աստիճան գունատ էր, որ կարծես երկարատև հիվանդությունից նոր էր առողջացել, իսկ աչքերի տակի կապույտը ցույց էր տալիս, որ նա գիշերն անքուն էր անցրել: Նրա նստվածքի դիրքը, դեմքի արտահայտությունը, վերջապես հայացքը, որ նա ուղղել էր դեպի նորաբաց ծաղիկները, ցույց էին տալիս, որ նա ոչինչ չէր զգում: Դեռ երկար ժամանակ նա նստած էր նույն դրության մեջ, երբ վերջապես պարտիզի ծայրին երևեցավ Գ. Զաքարյանը: Նա նկատելի անհանգստությամբ նայում էր այս ու այն կողմը, որպես թե մեկին խիստ փնտրում էր: Բայց երբ Եղիսաբեթին տեսավ, իսկույն վազեց դեպի նա և կանչեց այլայլված ձայնով.

Լի՜զա, Լի՜զա, դու այստեղ ես...

Եղիսաբեթն ապուշի նման նայեց նրան և ոչինչ չպատասխանեց: Գ. Զաքարյանն առավ նրա ձեռքերն և շարունակեց,

Քեզ փնտրելով հոգիս դուրս եկավ, ես սարսափելի վախեցա, երբ քեզ ննջարանում չգտա... Բայց ի՛նչ ես շինում դու այստեղ այսպես վաղ առավոտյան:

Ըստ երևույթին մանկահասակ կինը նոր ուշքի եկավ. նա ցնցվեց ամբողջ մարմնով և զարմացած շրջահայեց: Հետո նայելով յուր ամուսնուն, նա հարցրեց.

Ի՞նչ ես կամենում, Գարասիմ...

Ես քեզ հարցնում եմ, թե այսպես վաղ դու այստեղ ի՞նչ ես շինում:

Ոչինչ:

Ուրեմն ի՞նչ կա այստեղ, որ նստել ես... Լիզա, դու հիվանդ ես, ամբողջ գիշերն էլ դու զառանցում էիր... իսկ այժմ այսպես վաղ եկել ես, նստել այս ցրտումայդ հո բոլորովին հիվանդացար: Ե՞րբ ես այդպես արել, որ այժմ անում ես... ես չեմ հասկանում, թե երեկվանից դեսը քեզ ինչ է պատահում... Լի՜զա, հոգիս, գնանք տուն, քո երեսիդ գույն չկա: Գնանք:

Մանկահասակ կինը ետ քաշեց յուր ձեռքերը, վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, առաջ ընկավ դեպի տուն: Գ. Զաքարյանը հետևեց նրան: Սանդուղքներով բարձրանալիս նա կամենում էր բռնել կնոջ թևից և օգնել նրան բարձրանալու, բայց վերջինս չթողեց: Նրանք գնացին ննջարանը, որտեղ բացի իրենց մահճակալից, դրված էր և Տիգրանիկի փոքրիկ մահճակալը, որի վերա այդ րոպեին դեռևս ննջում էր նա յուր մանկական անուշ քնով: Եղիսաբեթը նստեց մահճակալի վերա և գլուխը բարձի վերա դրեց...

Լի՜զա, հոգի՛ս, ախր ինչդ է ցավում, որ դու այդպես փոխվել ես, — ասաց վերջապես Գ. Զաքարյանն անհանգստությամբ նայելով կնոջ թախծալից դեմքին:

Ոչինչ, ոչինչ, Գարասիմ... Ես ինքս էլ չեմ հասկանում, թե այս մի քանի օրերս ինչ է պատահում ինձ հետ...

Դու թաքցնում ես ինձանից...

Ա՛խ... — մանկահասակ կինը մի անհանգիստ շարժում արավ: — Խնդրում եմ ինձ հանգիստ թո՜ղ, Գարասիմ:

Կամենո՞ւմ ես բժիշկ կանչեմ:

Հարկավոր չէ:

Տե՛ր աստված, բաս հո միշտ այդպես չես մնալու...

Գարասիմ, եթե ինձ սիրում ես, աղաչում եմ, ինձ հանգիստ թող... Ես կամենում եմ մենակ մնալ:

Կամենո՞ւմ ես, այսօր ծառայության չեմ գնալ և ողջ օրը քեզ մոտ կանցկացնեմ:

Հարկավոր չէ, իմ պատճառով իզուր պաշտոնիցդ մի ընկնիր:

Եվ նա ծածկեց աչքերը: Պարզ երևում էր, որ խոսակցությունը ձանձրացնում էր նրան:

Գ. Զաքարյանը տխրությամբ վեր քաշեց ուսերն և գնալով մինչև դուռը, նորից վերադարձավ և ասաց.

Գոնե վերմակը ծածկեմկմրսես:

Ոչինչ հարկավոր չէ:

Տեսնելով որ կինն ամեն բանում հակառակում է իրեն, Գ. Զաքարյանը ստիպված դուրս գնաց սենյակից: Նա բոլորովին զարմացել էր կնոջ այդ փոփոխության վերա և որքան էլ գլուխը կոտրում էր, նա չէր կարողանում մի իրավացի պատճառ գտնել, որին կարելի լիներ վերագրել այդ փոփոխությունը: Նա ասում էր, որ հիվանդ չէ, եթե իսկապես հիվանդ էլ է, բայց այդտեղ ի՞նչ կա ծածկելու

իրենից... կամ գուցե մի որևիցե գաղտնիք է կրծում սիրտը, բայց այն ինչ գաղտնիք պիտի լինի, որ չհամարձակվի նա իրեն հայտնելու և ինչո՞ւ... Նա հուսահատվել էր: Սակայն այսքանս միայն երբեմն նրա մտքովն անցնում էր, որ այդ փոփոխությունը պատահել էր նրան հենց այն օրից երբ Սուրեն Արևելյանն առաջին անգամ իրենց տունն ոտ դրեց, բայց որ յուր կինը, կարելի է, սիրում է այդ մարդունդրա մասին նրա մտքովը մի վայրկյան անգամ չի անցել: Մի՞թե այն կինը, որ այնքան ժամանակ ամենաջերմ սիրով ապրել է նրա հետ, կարող է երբևիցե դավաճանել նրաներբե՜ք, այդ անկարելի է... Միամի՜տ մարդ: Եթե նա գիտենար, թե ո՜րքան շուտ և անսպասելի փոփոխության է ենթարկվում մարդուս սիրտը... Սակայն նրա սիրտը անասելի կերպով ճմլվում էր, երբ նրան այդպես մելամաղձոտ էր տեսնում, նա պատրաստ էր ամեն բան զոհել: Միայն կարողանար նրան ուրախացնել: Խեղճը մնացել էր սառած և չգիտեր թե ինչ աներ: Նա առանց թեյ խմելու պատրաստվեցավ գնալ, բայց նրա սիրտը չհամբերեց և կամեցավ գնալուց առաջ մի անգամ ևս տեսնել կնոջը: Նա զգուշությամբ բացեց դուռը և ներս մտավ: Մանկահասակ կինը պառկած էր նույն դրության մեջ: Նրա հազիվ լսելի շնչառությունը խառնվում էր Տիգրանիկի միահավասար շնչառության հետ:

Նա քնած էր: Երբեմն նրա գունատ շրթունքները բացվում էին և մի-մի անորոշ խոսքեր էին դուրս թռչում բերանից:

Գ. Զաքարյանն երկար ժամանակ և անշարժ նայում էր նրա գեղեցիկ, բայց վշտից տանջված դեմքին, ականջ էր դնում նրա բերանից դուրս թռած խոսքերին, բայց ոչինչ չէր կարողանում որոշել: Վերջապես նա հառաչեց խոր և դարձյալ զգուշությամբ դուրս գնաց:

Անցավ բավական ժամանակ, տակավին ոչինչ չէր խանգարում մոր և որդու քունը, երբ դուռը կամաց բացվեցավ և այս անգամ ներս մտավ մի մանկահասակ աղախին: Նա ոտների մատների վերա զգուշությամբ մոտեցավ սեղանին, որը դրված էր կնոջ մահճակալի մոտ, և վայր դնելով մի ծրար, կամեցավ դուրս գնալ: Դուրս գնալիս դուռը ճռռաց և մանկահասակ կինն այդ ձայնից վախեցած իսկույն վեր թռավ: Նա նայեց յուր չորս կողմը:

Այդ ո՞վ էր, — շշնջաց նա:

Ես եմ, տիկին, — ասաց աղախինը նորից ներս մտնելով:

Ի՞նչ ես կամենում:

Ոչինչ, տիկին: Պարոն Սուրեն Արևելյանն այժմ այստեղ էր...

Այստե՞ղ էր, — շտապով հարցրեց մանկահասակ կինը:

Այո, տիկին: Նա կամենում էր ձեզ տեսնել, բայց որովհետև դուք քնած էիք, և պարոնն էլ տանը չէր, այդ պատճառով նա մի նամակ թողեց և պատվիրեց ինձ, որ հետո երբ դուք կարթնանայիք, ուղղակի ձեզ հանձնեմ:

Բայց ո՞ւր է այն նամակը:

Այդտեղ էսեղանի վերա է:

Գնա՜, լավ, — ասաց մանկահասակ կինն նախքան աղախինը դուրս կգնար, նա վերա ընկավ ծրարին, վերցրեց, բացեց դողդոջուն ձեռքերով և կարդաց հետևյալը,

«Հարգելի տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով: Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ: Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը: Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառության պատճառը: Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետ այսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղելնա արժանի է դրան: Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի սրտե ցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեզ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ: Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թե ոչ. այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին: Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողություն խնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին: Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: Հիշեցեք իմ խոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է:

Ձեզ միշտ բարի ցանկացող՝

Սուրեն Արևելյան»:

Նրա ձեռքերը թուլացան և ընկան ծնկների վերա: Նա յուր կոկորդում զգաց մի ինչ-որ ճնշող բան և, գլուխը ծածկելով բարձի մեջ, սկսեց երեխայի նման հեկեկալ: նույն րոպեին արթնացավ Տիգրանիկը և նստեց մահճակալի վերա: Տեսնելով մորը հեկեկալիս, նա վախեցած ցած թռավ իսկույն մահճակալից, վազեց դեպի նա և, փաթաթվելով նրա ծնկներովը, կանչեց.

Մայրի՜կ, դու այսօր է՞լ ես լալիս:

Մայրը գրկեց նրան և սեղմելով յուր կրծքին, ասաց հեկեկալով.

Տիգրանիկս, իմ անգի՜ն զավակս, այսուհետև դու, միայն դու պիտի բուժես իմ խորտակված սիրտս...

* * *

Այդ օրից անցել են տարիներ:

Գ. Զաքարյանը մինչև օրս էլ ապրում է յուր կնոջ և որդու հետ: Եղիսաբեթը զգում է, որ հետզհետե սառչում է յուր մեջ այն զգացմունքը, որ մի ժամանակ նա տածում էր դեպի այն մարդը, որը առավել նրա և նրա ամուսնու թշվառության պատճառը չդառնալու համար հեռացել էր նրանից ընդմիշտ: Նա ուրիշ ոչ մի կերպ չի մտածում այդ մարդու մասին, եթե ոչ միայն մի ազնիվ, խելոք, հաստատակամ և անձնվեր ու ճշմարիտ բարեկամի մասին, որի նմանը շատ և շատ քիչ են պատահում... Որքան խորն է մտածում նա այդ մարդու վարմունքի մասին, այնքան նա զգում է, որ շատ և շատ է պարտական դրան: Մի՞թե նա սուտ էր ասում՝ «Կռվի՛ր, և հաղթանակը քո կողմը կլինի»: Նա կռվեց նրա քարոզած հաստատակամությամբ, և մի՞թե այդ բարոյական կռվի հետևանքն ահա մի պայծառ ն ամենաքաղցրիկ հույսեր խոստացող առավոտ չէ: Նա տեսնում է իրեն շրջապատված յուր բարի ամուսնուց և որդուց: Նրանք ժպտում են, սիրում են նրան, գգվում են, ինչպես մի մանկան, և պատասխանում է նրանց յուր սրտի մեջ արդեն բոլորովին նոր և ավելի հաստատ արմատներ բռնող քաղցր և անվերջ սիրով...

Սուրեն Արևելյանը մինչև օրս էլ կորած է անհետք, ոչ ոք նրա մասին ոչ մի տեղեկություն չունի:

Իսկ ինչ վերաբերում է Գ. Զաքարյանին, նա չափից դուրս ուրախ է, որ յուր սիրելի Լիզան նորից կազդուրվել է և սիրում է իրեն առաջվա նման: Բայց նա չգիտե և գուցե երբեք էլ չի գիտենալ, որ յուր այդ անսահման երջանկությամբ պարտական է միայն Սուրեն Արևելյանինյուր ճշմարիտ բարեկամին:

1886

ՆՈՒՆԵ

Հայոց կյանքից

Ա

Ամառվա կիրակնային այն գեղեցիկ երեկոներից մեկն էր, երբ ամեն մարդ, օրվա անտանելի տոթից ստիպված` տանը փակված մնալուց հետո, դուրս է գալիս մի փոքր ազատ օդ շնչելու:

Արևն արդեն մայր էր մտել:

Թիֆլիսի գեղեցկաշեն տներից մեկի պատշգամբում, որ նայում էր դեպի մի մեծ փողոց, զբոսնում էր մի օրիորդ: Նրան տասնևյոթ տարեկանից ավելի չէր կարելի համարել, եթե նրա հասակն այդ տարիքին անհամեմատ բարձր չլիներ: Նա ուներ կատարյալ գեղեցկության բոլոր նշանները, բայց նրա փոքր-ինչ նիհար և գունատ դեմքից, որի վերա մի տեսակ մելամաղձոտ արտահայտություն կար, իսկույն կարելի էր գուշակել, որ մի ինչ-որ հոգեկան ցավ մաշում էր նրա քնքուշ կանացի սիրտը: Իսկ նրա քայլվածքը, դեմքի գրավիչ գծագրությունը և համեստ, բայց խիստ խելոք, թափանցող հայացքը նայողի վերա մի անբացատրելի ազդեցություն էին անում:

Ձեռքերը կցած և գլուխը կոր՝ նա ծանր քայլերով ման էր գալիս պատշգամբում: Երևում էր, որ նա ընկղմված էր խոր մտածության մեջ և, կարծես նա ամենևին չէր լսում ներքևըփողոցում անցուդարձ անող խումբ-խումբ մարդկանց ձայներն ու կառքերի դղրդոցը: Նա կանգնեց պատշգամբի երկաթե բարակ սյուներից մեկի մոտ, յուր գեղեցիկ գլուխը հենեց նրան և մեծ ու սևորակ աչքերը ձգեց հեռուն՝ դեպ՛ մայր մտած արևից շառագունած հորիզոնը: Դեռ երկար ժամանակ և բոլորովին անշարժ, որպես արձան, նա անթարթ դիտում էր հեռուն, կարծես կամենալով թափանցել, տեսնել, թե ի՞նչ է կատարվում այնտեղ հորիզոնի մյուս կողմը, երբ հանկարծ արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս ցայտեցին նրա աչքերից, նրա գունատված այտերի վերայով ցած գլորվեցին, միևնույն ժամանակ նրա կրծքից դուրս թռավ մի շատ նվազ սրտամաշ հառաչանք, նա ձյունի նման սպիտակ թաշկինակը մոտեցրեց աչքերին և կամաց նստեց այնտեղ դրված աթոռի վերա: Արտասուքը խեղդում էր նրան, բայց նա զսպում էր իրեն:

«Դժվա՛ր է, դժվա՛ր...», — վերջապես շշնջաց նա, և արտասուքը առվի նման դուրս ցայտեց նրա աչքերից: Նա թաշկինակը ամուր սեղմեց աչքերին, և երկար ժամանակ դեռ լսվում էր նրա զսպված, խուլ հեկեկանքը: Նա մոռացել էր անգամ, որ փողոցում յուր վերա ուշադրություն դարձնողներ կարող էին լինել: Վերջապես նա սրբեց արտասուքը, մի փոքր հանգստացավ և, յուր գեղեցիկ գլուխը ձեռքերին հենելով, դարձյալ ընկղմեցավ խոր մտածության մեջ:

Այդ միջոցին հանկարծ բացվեցավ պատշգամբի դուռը, և շեմքի վերա մի հաստափոր մարդ երևաց: Դա մոտ հիսուն տարեկան, միջին հասակով, կարճ բեղերով ու մազերով մի մարդ էր: Մի ինչ-որ խստություն և անգթություն նշմարվում էր նրա սուր հայացքի մեջ: Նրա լիքը կարմիր թշերը ցույց էին տալիս, որ ջրի տեղ նրան ծառայում էր կախեթու «գլուխ գինին», իսկ նրա դուրս ընկած հաստ փորը կարծես ասում էր, «Գիտե՞ք, պարոններ, թե որքան անմեղների ու աղքատ գյուղացիների քրտինքի ու արտասուքի գնով եմ ես այսպես հաստացել»... Շոգն ստիպել էր նրան արձակելու յուր սև-ատլաս արխալուղի կոճակները, որի տակից երևում էր նրա սպիտակ, օսլայած շապիկը: Նրա ուռած աչքերից երևում էր, որ խաղաղ և կուշտ քնից նոր էր արթնացել:

Սա օրիորդի հայրը՝ աղա Յագոր Բուղդանիչն էր:

Դու էստի ի՞ս, Նինո, — ասաց նա դանդաղությամբ հորանջելով:

Օրիորդը, որը նրա հայտնվելը չէր լսել, հանկարծ այդ ձայնի վերասթափվեց և իսկույն ևեթ վեր կացավ տեղից:

Այո, հայրիկ, — ասաց նա շատ նվազ ձայնով և երեսը դարձրեց դեպի փողոց, որպեսզի հայրը չտեսնե, թե լաց էր եղել:

Next page