Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Նա մի քանի փողոցներ անցնելուց հետո վերջապես մտավ մի մեծ փողոց, որտեղ գտնվում են քաղաքի հայտնի և հարուստ վաճառականների խանութները: Նա բացեց այդ խանութներից մեկի մեծ և խնամքով մաքրած ապակիավոր դուռը և այնպիսի վստահությամբ ներս մտավ, որ կարծես յուր խրճիթն էր մտնում: Խանութը շատ երկար էր, տասնավոր գործակատարներ և աշակերտներ կանգնած վաճառասեղանի հետևում իրենց ճարտար լեզվով և նուրբ քաղաքավարությամբ, որ հատուկ է միայն նրանց, առևտուր էին անում բազմաթիվ «սուդարինիա» ու «մադամ»-ների հետ, որոնցով միշտ և ամեն օր լի են լինում այդպիսի «արիստոկրատական» խանութները, որովհետև եվրոպական «քաղաքակրթությունը» յուր անգութ մոդաներով երբեք մի վայրկյան անգամ հանգիստ չէ տալիս խեղճ, հարուստ և աղքատ կանանց: Ահագին և նույնպես խնամքով մաքրած ապակիավոր լուսամուտի մոտ յուր վաճառական «ամբիոնի» առաջ նստած էր մոտ հիսուն տարեկան հաստափոր և միջահասակ մարդ, ըստ երևույթին, խանութի տերը կամ աղան: Նրա դեմքը, որ ահագին մեծություն ուներ, սափրած էր խնամքով և սափրած տեղն այնպես էր պլպլում, որ կարծես յուղած լիներ: Հայկական քթերից մի փառավոր օրինակն էլ նրան էր բաժին ընկել, բեղերը, որոնց մեջ որքան սև, նույնքան և սպիտակ մազ կար, խուզած էր կարճ, այնպես որ, մազերի ծայրերը հավասար երկարությամբ կանգնած էին նրա վերին հաստ շրթունքի հետ մի գծի վերա: Մի բան, որ իսկույն աչքի էր ընկնում նրա դեմքի վերաայդ նրա կլորիկ դեմքի մեծությանը բոլորովին անհամապատասխան փոքրիկ, շարժուն աչքերն էին, որոնք կարծես, ուրիշ բան ու գործ չունեին, բայց եթե միայն անդադար ժպտալ, սակայն այդ ժպիտը այնքան էր սազում նրա կոպիտ, ստրկական գծերին, որքան էշին կսազի, եթե նրա վերա նստի ամազոն: Թե ինչ բնավորություն էր արտահայտում նրա դեմքըայդ դժվար թե կարողանային մշտապես որոշել մինչև անգամ մեծահարգո պարոն հոգեբանները, որովհետև նրա դեմքի արտահայտությունը հենց առաջին հայացքից ներկայացնում էր հոգեկան հատկությունների այն քաոսը, որ մարդ շվարում է, թե որ տեսակի մարդկանց կողմը դասել նրան՝ բարեսի՞րտ, թե չարամիտ, պիտանի՞, թե անպիտան, խորամա՞նկ, թե միամիտ, սիրալի՞ր, թե կոպիտ, անգո՞ւթ, թե գթառատ և այլն, միայն այս պարզ էր, որ նրա հայացքը մի ինչ-որ անհասկանալի, արտասովոր, բայց ջերմ զգացմունքով, կարծես, գուրգուրում, փայփայում էր նրան՝ ում որ նայում էր և ում վերա որ ուզում էր լավ ուշադրություն դարձնել: Նայելով նրա եվրոպական հագուստին, մատների թանկագին մատանիներին և ոսկե ժամացույցի նույնպես ոսկե հաստ շղթային, իսկույն երևում էր, որ նա յուր զուքսի վերա սիրահարական արկածախնդիր, նորաձև և պճնասեր երիտասարդից պակաս ուշադրություն չէր դարձնում, չնայելով որ գլխի կոշտ մազերն արդեն կրում էին իրենց վերա ծերության կնիքը:

Ահագին բազկաթոռի մեջքի վերա ետ ընկած՝ յուր մշտական ժպտող աչքերով նայում էր նա շքեղազարդ, գեղեցիկ և քնքշատիպ «սուդարինիա» ու «մադամ»-ներին, երբ մեր ծանոթ անծանոթը ներս մտավ խանութը: Վերջինս յուր արագաշարժ աչքերով նախ մի թռուցիկ հայացք ձգեց բոլոր ներկա գտնվողների վերա, հետո հազիվ լսելի քայլերով մոտենալով աղայի «ամբիոնին», կանչեց ցածր ձայնով.

Աղա Գրիգոր Մոսեիչ...

Աղա Գրիգոր Մոսեիչը, որ, ըստ երևույթին, չէր նկատել նրա ներս մտնելն ու մոտենալը, այդ ձայնի վերա շտապով նայեց նրա կողմը:

Ա՛, Սարգիս, այդ դու ես, — ասաց նա, և նրա ժպտող աչքերը մի տեսակ արտասովոր կերպով փայլեցան:

Բ

Ս... գավառական փոքրիկ քաղաքում ապրում էր մի վաճառական Պետրոս անունով: Չնայելով որ նա միջակ կարողության տեր մարդ էր, և նրա առևտուրն էլ այնքան հաջող չէր անցնում, բայց նա յուր ընտանիքը, որ բաղկացած էր կնոջից, երկու փոքրիկ աղջիկներից և մի տղայիցմիշտ և ամեն կողմից լիության մեջ էր պահում: Նա ուներ յուր սեփական նորակառույց տունը, որտեղ յուր փոքրիկ ընտանիքով շատ խաղաղ հանգիստ կյանք էր վարում, և յուր բարեկեցությամբ օրինակ կարող էր լինել յուր հարևաններին, որոնք պլատոնական սիրով կապված էին նրա հետ: Նա շատ բարեսիրտ, ուրախ, յուր պատիվը պահող և միևնույն ժամանակ զվարճախոս մարդ էր, իսկ յուր ընտանիքը նրանից ավելի սիրող, հարգող մարդ շատ քիչ կգտնվեր: Սակայն վերջին ժամանակներում նրա կինն ու հարևանները նրա մեջ մեծ փոփոխություն էին նկատել, առաջվա այն ուրախ, զվարճախոս մարդը այժմ դարձել էր տխուր և մելամաղձոտ, նա ոչ ոքի հետ խոսել չէր կամենում, երկար ժամանակ էր ժպիտը, ծիծաղը ամենևին չէին նկատվում նրա դեմքի վերա, նա շատ քիչ էր ուտում, լուսանալուն պես գնում էր խանութ, գրեթե մինչև երեկո մնում էր մի տեղում նստած և մի ինչ-որ բանի մասին խիստ մտածում էր: Կինը, որ սաստիկ սիրում էր նրան, բոլորովին զարմացել էր նրա անսպասելի և հանկարծակի փոփոխության վերա, նա շատ աշխատեց, շատ ճգնեց իմանալու նրանից այդ բանի պատճառը, բայց փոխված մարդը այդ մասին միշտ լռություն էր պահպանում և խնդրում էր միայն, որ իրեն ոչինչ չհարցնե և հանգիստ թողնե: Մինչև իսկ մի անգամ նա սաստիկ կատաղեց և համարյա ուզում էր ծեծել կնոջը, երբ վերջինս դարձյալ թախանձում էր նրան, որ յուր փոփոխության պատճառը հայտնե. կինը շատ վշտացավ և լաց եղավայդ բանն յուր ամուսնու կողմից սա առաջին անգամն էր տեսնում:

Մի անգամ Պետրոսը գիշերը ուշ վերադարձավ տուն: Նա այդ գիշեր ավելի տխուր, բայց միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ավելի հանգիստ էր: Քնելու պառկելիս նա համբուրեց յուր բոլոր զավակներին, մինչև անգամ և կնոջը, մի բան, որ յուր փոխված ժամանակ նա երբեք չէր արել: Կեսգիշերին, երբ բոլորը Մորֆեոսի անդորր գրկի մեջ էին, նա, որ աչքը բնավ չէր խփել, կամաց, շատ զգույշ կերպով վեր կացավ տեղից, հագավ միայն արխալուղն ու հողաթափները և նույն զգուշությամբ դուրս գնաց սենյակից: Առավոտյան կինը անկողնում ամուսին չգտավ, սկզբում նա կարծեց, թե՝ ամուսինը գնացել է խանութ, բայց հանկարծ տեսավ, որ նրա վերարկուն, գլխարկը, անդրավարտիքն ու կոշիկներն այնտեղ են: Նա շատ զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ: Սկսեց անհամբերությամբ փնտրել նրան տանը, ամուսին չկար, տղային ուղարկեց խանութ, չմտածելով, որ ամուսինն առանց շորերն հագնելու չէր գնալ այնտեղ: Տղան վերադարձավ և ասաց, որ խանութը փակ է: Խեղճ կինը խելագարի նման դուրս ընկավ... կես ժամից հետո բոլոր հարևանները իմացան, որ Պետրոսը գիշերը դուրս է եկել տանից և կորել է անհետք: Սկսեցին փնտրել, բայց ոչ մի տեղ չգտան: Անցավ մի օր, երկուՊետրոսը դարձյալ չկար: Վերջապես երրորդ օրը գետի մեջ գտել էին մի խեղդված մարդի այլանդակ մարմինդա Պետրոսի դիակն էր: Ոչ ոք չիմացավ նրա խեղդվելու պատճառը, մինչև որ նույն օրը, երբ գտան դիակը, ոստիկանական մի քանի պաշտոնյաներ կնքեցին նրա խանութի դռները: Ամենքն իմացան, որ յուր պատիվը պահող վաճառական Պետրոսն ահագին պարտքեր էր ունեցել, որի պատճառով էլ նա այնպես փոխվել և վերջիվերջո խեղդվել էր, չկամենալով տեսնել յուր անվանարկությունը: Մի քանի օրից հետո նրա սեփական տունն էլ նույն վիճակին ենթարկվեցավ, ինչ որ խանութը, և նրա անբախտ կինն յուր երեք զավակներով մնաց բաց երկնքի տակ:

Պետք է երևակայել անբախտ կնոջ դրությունը: Ոչ տուն ուներ, ոչ մի որևիցե միջոց, ո՞րտեղ ապրեր և ինչո՞վ ապրեր: Պլատոնական սիրով սիրող հարևանները խցեցին ականջները, գոցեցին դռները նրա առաջ, և ոչ ոք չէր ուզում տեսնել նրա դրությունը, բացի մեկից, մի բարի մարդուց, որի սրտի լարերը ավելի քնքուշ լինելով, խղճաց նրան և նրա զավակների վերա և որոշյալ ժամանակով նրանց անվարձ մի խրճիթ տվավ, որտեղ նրանք սկսեցին իրենց նոր կյանքի շրջանը: Այրի մնացած կինը սկսեց կար ու լվացք անել, որպեսզի քաղցած չմեռնեին: Տղան, որ նրա զավակներից ամենամեծն էր, տակավին տասնևերկու տարեկան էր և սովերում էր ուսումնարանում: Նա շատ հեզաբարո, խոնարհ և խելոք տղա էր. նա հասկանում էր յուր մոր անել, աննախանձելի դրությունը, նա չափից դուրս, յուր որդիական բոլոր զգացմունքներով սիրում էր նրան և այդ պատճառով առանց ամենախորին վշտի չէր կարող տեսնել, թե ինչպես այդ անբախտ կինն ուշ երեկոյան հոգնած, վաստակաբեկ և խաշված ձեռքերով վերադառնում էր տուն կամ թե ինչպես վաղ առավոտից սկսած մինչև կեսգիշերը գլուխը չէր բարձրացնում կարից: Նա վճռեց թողնել ուսումնարանը, չնայելով որ ուրիշ շատ յուր հասակակիցների նման չէր ատում ուսումը, և մտնել մի որևիցե աղայի մոտ աշակերտ, որպեսզի փոքր-ինչ թեթևացնի յուր մոր այնքան ծանր հոգսերը: Բայց մայրն այդ բացեիբաց մերժեց, որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում աղայի մոտ աշակերտ լինել, մանավանդ որ նա յուր այդ միակ տղա-զավակին այնքան սիրում և այնքան քնքուշ էր մեծացրել: Բայց պետք էր ուսման վարձ տալ: Ո՞րտեղից: Նա խնդրեց ուսումնարանի վարչությանը, որ յուր որդուն այնուհետև ձրի սովորեցնեն, որովհետև ինքը շատ չքավոր է: Ուսումնարանի վարչությունը մերժեց. նրա մեծահարգո պարոն անդամները պաշտոնական կերպով ուղղակի պատասխանեցին «չենք կարող» — և լակոնական վճիռը կայացած էր ու անփոփոխելի, այլևս ոչինչ աղերսանք, ոչինչ արտասուքի հեղեղներ չէին կարող թափանցել նրանց փակված սրտի ներսը, և անճար այրի կինը գլուխը կոր և ձեռքերը խաչած վերադարձավ յուր խրճիթը:

Ի՞նչ արած, պետք է մի տեղ աշակերտ մտնես, — ասաց նա որդուն բոլորովին հույսը կտրելով, որ նա երբևիցե կարող է դարձյալ շարունակել ուսումը: Եվ նա բռնելով յուր տասնևերկու տարեկան տղայի ձեռքը սկսեց պտտել ողջ քաղաքը, մտավ բոլորի խանութները անդադար հարցնելով արդյոք յուր որդուն աշակերտ չե՞ն վերցնիլ: Ամեն տեղ խորին անտարբերոլթյամբ մերժողական կերպով միայն շարժում էին գլուխները: Անբախտ կինը, անիծելով յուր թշվառ ծնունդը, տրտնջալով յուր չար բախտի վերա, թողեց խանութները և տղայի հետ նորից վերադարձավ յուր խրճիթը: Եվ այդպես ոչ մոր ցանկությունը կատարվեցավ՝ որդուն ուսման մեջ պահել և ոչ որդու ցանկությունը օգնել մորը: Բարսեղը (այդպես էր որդու անունը) մնաց պարապ:

Որքան էլ ճգնում էր անբախտ այրին, որքան էլ որ ամբողջ օրերով նա անց էր կացնում լվացքի և կարի վերա, բայց դարձյալ հազիվ էր կարողանում կուշտ կերակրել և հագցնել յուր զավակներին: Աղջիկները տակավին շատ փոքր էին նրան օգնել կարողանալու համար: Սենյակը անվարձ տալու ժամանակամիջոցն էլ լրացավ, և տանտերը սկսեց վարձ պահանջել: Մյուս կողմից ձմեռն էր գալիսթշվառ չքավորների այդ ամենաոխերիմ թշնամին, հարկավոր էր տաք շոր, հարկավոր էր փայտ, իսկ կար կամ լվացք միշտ չէր ճարվում: Ի՞նչ աներ անբախտ, անօգնական կինը, որի վերա միայն դրված էր բոլոր ընտանիքի հոգսը...

«Բարեկամները» նրան խորհուրդ տվին երկրորդ անգամ ամուսնանալու: Այդ մասին նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել: Ամուսնու հիշատակը այն աստիճան թարմ էր նրա գլխում, այն աստիճան նա հարգում էր այդ սուրբ հիշատակը, որ երկրորդ անգամ ամուսնանալը նա մինչև իսկ մեղք էր համարում, և այդ պատճառով «բարեկամների» տված խորհուրդը նա թողեց «ձայն բարբառո հանապատի»:

Անցավ երկու տարի: Հանգուցյալ Պետրոսի այրի կինն արդեն հաշտվել էր յուր դրության հետ, իսկ նրա դրությունը մի մազաչափ անգամ չէր փոխվել... Իհարկե դեպի լավը նույն անխոնջ աշխատանքը, նույն դառն քրտինքը, նույն անվերջ կարոտությունը: Ոչինչ այնքան հարատև և անփոփոխ չէ աշխարհիս երեսին, որքան թշվառությունը: Աղջիկները դարձյալ փոքր էին, սակայն նրանք արդեն սկսել էին իրենց նորածիլ ուժերով փոքր ի շատե օգնել մորը, իսկ Բարսեղը դարձյալ պարապ էր: Վերջին հանգամանքը հուսահատեցնում էր մորը: Պակաս չէր անհանգստանում այդ բանի համար և ինքը տասնևչորս տարեկան տղան: Բայց ի՞նչ աներ խեղճը, նա սրտով ցանկանում էր աշխատել, քրտինք թափել, որպեսզի համարձակ կարողանար նայել մոր աչքերին, ուտել նրա դառն քրտինքով վաստակած հացը, բայց երևի նրա չար բախտից, ոչ ոք և ոչ մի տեղ բավականություն չէին տալիս նրա այդ բուռն ցանկությանը: Նա արդեն հուսահատվել էր, երբ «փորձված» հարևաններից մեկը նրան խորհուրդ տվավ գնալ մի ուրիշ քաղաք այնտեղ փորձելու յուր բախտը, որի համար և իբրև վաճառաշահ ու այդպիսի նժդեհ բախտախնդիրների համար լայն ասպարեզ բացող քաղաք, նա հատկապես մատնացույց արավ Թիֆլիսը: Հուսահատ, անճար դրության մեջ մարդիկ միշտ հակված են, առանց երկար մտածելու, հավանություն տալ ուրիշի ամեն մի խորհուրդին, թեկուզ այդ խորհուրդն իրագործելու համար ամենամեծ ռիսկ պահանջվեր: Նույնը պատահեցավ և Բարսեղին: Նա հայտնեց այդ բանը մորը, բայց սա օտար քաղաքի անունը լսելուն պես այլևս չթողեց նրան շարունակելու յուր ասելիքը: Որդին սկսեց թախանձել, մայրը լսել անգամ չէր ուզում, և ո՞ր մի մայրը կթողներ յուր որդուն մեն-մենակ գնալու օտար, անծանոթ քաղաք բախտ որոնելու, և այն էլ անփորձ, տակավին երեխա որդուն, որ ոչ ճանապարհների հետ էր ծանոթ, ոչ ապրուստի միջոց ուներ և ոչ վերահսկող: Կարծում ենք ո՜չ մի մայր, որ յուր սեփական արգանդից է ծնել այդ որդուն: Ոչինչ այնքան, նուրբ, այնքան քնքուշ չի կարող լինել, որքան մայրական զգացմունքը, և այդ հասկանում են միայն մայրերը: Որդին լռեց, բայց Թիֆլիս գնալու միտքը բնավ չէր հեռանում նրա գլխից, մանավանդ որ «փորձված» հարևանն ասել էր նրան և պատմել, թե ինչպես բազմաթիվ բախտախնդիրներ հասել են այնտեղ իրենց նպատակին: Երկար մտատանջվելուց հետո վերջապես նա վճռեց, որ առանց մորը հայտնելու ճանապարհ ընկնի դեպի ցանկացած քաղաքը, և այդպես էլ արավ: Մի անգամ առավոտյան նա վեր կացավ, դուրս եկավ տնից և սկսեց առաջ գնալ, առանց իմանալու, թե որն է այն ճանպարհը, որ պիտի տաներ նրան Թիֆլիս: Տղայական կատարյալ անփորձությո՞ւնն էր, թե մի ուրիշ բան, որ նա բնավ չէր հասկանում, թե որքան վստահ և հանդուգն քայլ է յուր արածը, բայց նա մի անգամ ընդմիշտ յուր դիտավորությունը վճռած և հաստատակամ մարդու նման միշտ առաջ էր գնում, առանց մտածելու գեթ, թե ի՞նչ պիտի ուտեր ճանապարհին և ինչպե՞ս պիտի հասներ Թիֆլիս այդպիսի ցուրտ եղանակի (այդ ժամանակ աշուն էր), և այն էլ ոտով ու ամառվա շորերի մեջ, ճանապարհին նրան գյուղացիներ պատահեցին, որոնք սայլերով ինչ-որ բան էին տանում քաղաք ծախելու: Նա իմացավ նրանցից, որ ինքը, բարեբախտաբար, Թիֆլիսի ճանապարհի վերա է և խնդրեց, որ իրեն էլ հետները վերցնեն: Գյուղացիների նրան իրենց հետ վերցնելն այն եղավ, որ ասացին միայն «Եկ»- և նա էլ ոտով հետևեց նրանց... Երկրորդ օրը գյուղացիների հետ նա ոտք կոխեց Թիֆլիս կատարյալ սոված փորով և սառած անդամներով: Այնուհետև մենտորները թողեցին նրան այդ անծանոթ, մեծ քաղաքում փնտրելու յուր բախտը, իսկ իրենք գնացին իրենց գործին: Պետք է միայն երևակայել տասնևչորս տարեկան անփորձ, միամիտ, սոված, մերկ, անտուն և պանդուխտ պատանու դրությունը օտար և բոլորովին անծանոթ քաղաքում աշնանային ցուրտ եղանակին: Երրորդ օրը նա արդեն կուչ էր եկած Թամամչյանի քարվանսարայի տակ:

Հետևյալ օրը աղա Գրիգոր Մոսեիչի խանութում մի նոր աշակերտ ավելացավ: Ինչպես երևում էր, նա բոլորովին խամ էր յուր պաշտոնի մեջ. մյուս աշակերտները, գործակատարներըբոլորն էլ զբաղված էին իրենց գործերով մեկը ապրանք էր դարսում, մյուսըվայր բերում, երրորդը չափում էր, չորրորդըկտրում, հինգերորդը հաշվում էր, վեցերորդըգնողի հետ խոսում, — բայց նա, որպես արձան, կանգնած էր մի կողմում և, կարծես, անզգա կերպով նայում էր, թե ինչ է կատարվում յուր շուրջը: Նրա հայացքի մեջ նկատվում էր և՛ ամոթխածություն, և՛ երկյուղ, և՛ ապուշություն, և անչափ հեզություն, և երեխայական միամտություն ու անմեղություն: Նա յուր այդ դիրքով այնքան գեղեցիկ էր, որ մինչև անգամ խանութում անպակաս առևտուր անող «սուդարինիա» ու «մադամները» նրա վերա երբեմն-երբեմն սիրաժպիտ հայացքներ էին ձգում...

Իսկ ո՞վ կարող էր ասել և ճանաչել, որ այդ գեղեցիկ հագնված գեղեցիկ տղան՝ մի օր առաջ Թամամչյանի քարվանսարայի պատի տակ ընկած ցրտից կոնկոռնող կեղտոտ պատանինԲարսեղն է:

Աղա Գրիգոր Մոսեիչը Սարգսի միջնորդությամբ նրան «որդեգրել» էր իրեն...

Գ

Քառասնական թվականներին Թիֆլիսում ապրում էր մի բավական հարուստ մարդ Սաքո անունով: Ժողովուրդը երբեմն մի կարգ մարդկանց գիտե հատկացնել այնպիսի ածականներ, որոնք ամենասրամիտ կերպով արտահայտում են նրանց թե ներքին, թե արտաքին հատկություններըիրենց լավ կամ վատ կողմերով: Այդ դեպքում, ինչպես և ուրիշ շատ հայտնի դեպքերում, ժողովուրդն յուր ստեղծողական ընդունակությամբ միշտ գերազանցում է ամենատաղանդավոր բանաստեղծ-վիպասաններին, որոնք հազարավոր թե՛ գործածական և թե՛ ինքնաստեղծ բառերով անգամ չեն կարողանում ճիշտ պատկերացնել մեր երևակայության մեջ այդ միևնույն մարդկանց իրենց բոլոր հատկություններով: Սաքոյին ժողովուրդը «ղայիմ» (պինդ) ածականն էր հատկացրել, նրա համար միայն, որ նա սաստիկ ժլատ էր: Զարմանալի չէ, որ ժլատներն առհասարակ լինում են հարուստ, որովհետև ժլատությամբ միշտ կարելի է հարստանալ, ինչպես շռայլությամբ կարելի է աղքատանալ: Ժլատի կյանքի պայմանները ամենքին հայտնի են. նրանք ահագին նեղություններով, հուզումներով, հոգեկան տանջանքներով փող են հավաքում, հարստություն դիզումառանց սակայն դրանից որևիցե բավականություն, ամենափոքր զվարճություն ստանալու, և ոչ միայն այդքան, նրանք իրենց արյուն-քրտինքի պտուղը թողնում են այնպիսի ժառանգների, որոնք վայելում են և ծաղրում նրան, նրա հիշատակը անիծում, հայհոյում: Ղայիմ-Սաքոն, սակայն, գուցե հասնում էր բոլոր հայտնի թե անհայտնի հեղինակների նկարագրած ժլատներին, բայց ոչ երբեք Էրիստովի կոմեդիայում դուրս բերված այն հարուստ ժլատ հային, որը մեռած ժամանակն անգամ ժլատություն էր անում և որի վերա զվարճասեր վրացիներն այնքան սիրում են ծիծաղել և ընդնմին ծաղրել հային, որովհետև նրանք համոզված են, որ հայը, մանավանդ հարուստ հայը, միշտ ժլատ է, բայց չգիտեն, թե երբ է նա իսկապես ժլատ և երբ առատաձեռն... Աստված, երևի, խղճացել էր մեր ղայիմ-Սաքոյի վերա, որ նրան որդիք չէր պարգևել, որովհետև ամենքին հայտնի է, թե որքան վտանգավոր է ժլատների համար որդիք ունենալը... Բայց զարմանալին այն է, որ ղայիմ-Սաքոն սրտով ցանկանում էր, եթե ոչ մի քանի, գոնե մի հատ որդի ունենալ, զարմանալի է ասում ենք, որովհետև ժլատները առհասարակ չունեն հայրական զգացմունք, ինչպես չունեն և ոչ մի ուրիշ լավ «ական» զգացմունք, բացի շահասիրականից... Սակայն ղայիմ-Սաքոյինն իսկապես հայրական զգացմո՞ւնք էր, թե մի ուրիշ բան, որի տակ թաքնվում էր մի որևիցե նպատակ, իհարկե, հօգուտ յուր շահասիրության, — այդ անկարելի էր ստույգ իմանալ, որովհետև ժլատները միշտ ծածկամիտ են լինում: Այսպես թե այնպես, բայց նա միշտ տրտնջում էր յուր թանկագին կեսին, թե ինչի՞ նա նրան որդի ունենալու բավականությունից զրկել է: Վերջին հանգամանքն էր, որ նա վերցրել էր յուր մոտ յուր որբ մնացած եղբոր որդունԳրիգորին և պահում էր նրան իբրև որդեգիր: Գրիգորն այդ ժամանակ քսան տարեկան, արդեն հասակն առած տղա էր, նրան յուր ծուլության, բթամտության և վատ վարքի համար վռնդել էին գիմնազիոնից: Սակայն այստեղ պիտի նկատենք, որ ղայիմ-Սաքոն երբեք չէր վերցնիլ նրան յուր մոտ, եթե նա արմատապես չէր փոխիլ յուր բնավորությունը և ընդնմին չէր ծառայիլ յուր շահերին, և այդ պատճառով որդեգրելիս նա առաջարկեց նրան յուր պայմանները: Գրիգորն ընդունեց, խոստանալով փոխել յուր բնավորությունը: Բայց այդ միակ լոկ խոսք էր. երկու օր նա զսպեց իրեն, իսկ այնուհետև դարձյալ յուր էշը քշեց: Ղայիմ-Սաքոն առանց այլևայլության նրան իսկույն ճանապարհ դրեց, բայց մոտ երկու շաբաթ կորած լինելուց հետո, նա դարձյալ հայտնվեցավ յուր հորեղբոր մոտ և «անառակ» որդու նման արտասուքը աչքերին գրկելով նրա ոտները, սկսեց ներումն հայցել և հազար ու մի երդումներով հավատացնել, որ «արմատապես» փոխել է յուր բնավորությունը: Ղայիմ-Սաքոն շատ «չեմ ու չում» անելուց հետո վերջապես հիշեց «Գթառատ հորը» և ներեց նրան: Գրիգորը շարունակեց նրա որդեգիրը լինել: Եվ իրավ, որ նա զարմանալի կերպով փոխվել էր, առաջվա այն ծույլ, ցոփակյաց և անբարոյական սրիկան այժմ դարձել էր մի աշխատասեր և խնայող տղա, որն յուրաքանչյուր քայլափոխում մեծ հնազանդություն էր ցույց տալիս յուր բարերար հորեղբորը և, ըստ երևույթին, սիրով լսում էր նրա խրատները, որոնք, իհարկե, մեծ մասամբ վերաբերում էին շահասիրությանը և խնայողությանը, չասենք ժլատությանը: Բայց եթե ղայիմ-Սաքոն ունենար բոլոր ժլատների բնավորությանը վերաբերյալ ընդհանուր հատկություններից մի նշանավոր հատկությունն էլկասկածոտությունըայն ժամանակ նա կտեսներ կամ կնկատեր, որ յուր որդեգրի այդ զարմանալի փոփոխությունը միայն կեղծ դիմակ էր, ուրիշ ոչինչ: Սակայն գուցե նա ուներ էլ կասկածոտություն և գուցե չէր կարողանում թափանցել յուր որդեգրի դիմակի տակ, որովհետև այս վերջինս մեծ հմտությամբ էր ծածկվել այդ դիմակովայդ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ղայիմ-Սաքոն միշտ գովում էր նրան և յուր գայլի ավետարանը անպակաս էր անում նրա գլխից: Այլապես անկարելի էր և անհավատալի, որ Գրիգորի նման մի անբարոյականացած տղան հանկարծ այնպես փոխվեր: Բնավորությունը, մանավանդ անբարոյականացած բնավորությունը առանց մի որևիցե իրենից անկախ զորեղ հարվածի, ցնցումի երբեք չէր կարող փոխվել, իսկ Գրիգորի բնավորության փոխվելուն այդպիսի ոչ մի զորեղ միջոց չէր նպաստել: Եթե ղայիմ-Սաքոն այդ հասկանալիս լիներ, չէր հավատալ յուր որդեգրի «արմատապես» փոխվելուն, այլ այդ կվերագրեր վերջինիս մի որևիցե խորամանկ մտադրությանը, որով նա, անշուշտ, կամենում էր հասնել յուր կանխատես նպատակներին, իսկ այդ նպատակներն իսկապես գոյություն ունեին որդեգիր Գրիգորի գլխում... Բայց թե ի՞նչ նպատակներ էին դրանքայդ միայն աստծուն և իրենԳրիգորին էր հայտնի:

Ընդամենը երկու տարի էր անցել այն օրից, ինչ Գրիգորը որդեգիր էր մտել ղայիմ-Սաքոյի մոտ, երբ մի անգամ ճաշից հետո, վերջինս հանկարծ, առանց մի որևիցե հիվանդություն ունենալու, թողեց այս երկրավոր աշխարհը: Ի՞նչն էր նրա այդ հանկարծակի մահվան պատճառըո՜չ ոք չիմացավ: Եթե այն ժամանակ այժմյան բժիշկ-անդամահատները լինեին, գուցե կտրատեին նրան իմանալու համար, թե ինչ արտասովոր բան էր կատարվել նրա ներսը, որը նրան՝ այնպես հանկարծ կենազուրկ էր արել, բայց այն ժամանակվա բժիշկ-անդամահատները, դժբախտաբար, այդ սովորությունն, այսինքն գիտությունը չունեին... այժմյան բժիշկ-անդամահատներն են միայն, որ մինչև անգամ զենքով սպանվածներին կտրատում են, որպեսզի իմանան, թե ինչով են նրանք մեռել... Եվ այդպես ղայիմ-Սաքոյի հանկարծակի մահվան պատճառը մնաց գաղտնի, ինչպես գաղտնի է ինքը գաղտնիքը: Նրա մահից հետո չանցավ մի ամիս, երբ նրա թանկագին կեսն էլ նույն ճանապարհով հետևեց նրան...

Դարձյալ անթափանցելի գաղտնիք: Սակայն շատերը այդ բացատրում էին նրանով, որ վերջինս չափից դուրս սիրելով յուր ղայիմ ամուսնուն, անկարող էր գտնվել տանելու նրա հավիտյան բացակայությունը և շտապել էր հետևել նրան վայելելու նրա հետ երկնային կյանքը: Ուրիշ տեսակ բացատրություններ էլ կային, բայց դրանք միայն սոսկալի մեղադրանքներ կարող էին համարվել խեղճ, «արմատապես» փոխված Գրիգորի համար, որն այնքան մեծ դժբախտություն ունեցավ գրեթե մի անգամից զրկվելու յուր միակ խնամատարներից, չնայելով որ նրանց կոպեկ առ կոպեկ դիզած ահագին կարողության օրինական տերն ու ժառանգը դարձավ...

Այնուհետև նա սկսեց դարձյալ յուր առաջվա կյանքը, որից՝ շնորհիվ մասամբ յուր գաղտնի նպատակների, մասամբ ղայիմ-Սաքոյի՝ ամբողջ երկու տարի շարունակ զրկված էր մնացել: Բայց այդտեղ նա փոքր-ինչ անզգույշ գտնվեցավ, որովհետև դրանով քիչ թե շատ մատնեց իրեն այն կասկածների մեջ, որ՝ տանում էին նրա վերա ղայիմ-Սաքոյի և նրա կնոջ հանկարծակի մահվան համար: Սակայն դրանք դարձյալ լոկ կասկածներ էին, ավելի ոչինչ, իսկ մերկ իրականությունը մինչև օրս էլ վարագուրված մնաց: Անկարելի է նկարագրել այն բոլորը, ինչ որ անում էր հանգուցյալ ղայիմ-Սաքոյի «փոխված» որդեգիրը յուր ամբողջ երկու տարի շարունակ ծոմապահությունից հետո: «Ծտի հետևից աբասիք էր ձգում», — ժողովրդական այդ սրամիտ ասացվածն էլ բավական է գաղափար կազմելու նրա վարած շռայլ կյանքի մասին: Բայց որպեսզի մի կողմից ապահովեցնի յուր ապագան, մյուս կողմից յուր դիրքը բարձր բռնել հասարակության աչքում, ղայիմ-Սաքոյից իրեն մնացած խանութը նա մի ահագին և հարուստ մագազինի փոխեց: Այդ մագազինը նա վերջին ժամանակներում, շնորհիվ յուր կույր բախտի, մի այնպիսի կատարելության հասցրեց, որ շատերն սկսեցին նախանձել, իսկ նախանձի հետ թշնամանալ նրան: Այդպիսի նախանձն ու թշնամությունը հատուկ է միայն վաճառականներին և մանավանդ այնպիսի վաճառականների, որոնք հոգով ու մարմնով անձնատուր են եղած իրենց պարապմունքին:

Այնուհետև ղայիմ-Սաքոյի որդեգիրը դարձավ ոչ թե Գրիգոր, այլաղա Գրիգոր Մոսեիչ:

Երեսուն տարուց նա այնքան էլ հեռու չէր, երբ ամուսնացավ մի տասնևութամյա շնորհագեղ, քնքշատիպ և շատ հեզաբարո օրիորդի հետ: Սակայն պիտի ասած, որ նա ոչինչ պահանջ չէր զգում ամուսնության մեջ, ինչ տեսակետից էլ որ ուզում եք հասկացեք այդ պահանջը... Այլ նա ամուսնացավ նրա համար միայն, որ ուրիշները ամուսնանում էին, և աղայի համար ամուրի մնալն այնքան էլ լավ չէ, մի կողմը թողնելով այն, որ ամուսնությունը մի քանի հազար էլ ավելացրեց նրա հարստության գումարին: Այդ ամուսնությունից նա ունեցավ երկու զավակ միայնմեկը տղա, մյուսը աղջիկ: Նա դեպի յուր հարազատ զավակները ոչինչ սեր չէր տածում, ինչպես չէր տածում և դեպի յուր կինը, աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ ոչ կարող են հասկանալ փոքրիկ զավակների անմեղ թոթովանքը և ոչ մանկահասակ, գեղեցիկ կնոջ խանդաղատալից գրկի բոլոր պերճությունը, բոլոր երջանկությունը, դրա համար հարկավոր է ունենալ սիրտ յուր բոլոր գեղեցիկ զգացմունքներով և այն բոլորը, որոնք կոչվում են մարդկային արժանավորություններ, իսկ աղա Գրիգոր Մոսեիչը զուրկ էր այդ բոլորից: Եվ զարմանալի է, որ զավակները հենց մանկությունից բնավ չէին սիրում նրան, նրանից սաստիկ երկյուղ էին կրում և միշտ փախուստ էին տալիս նրանից: Իսկ հարկավոր էր արդյոք ասել, թե կինն ինչ էր տածում դեպի նա: Տիկին Գայանեն այնպիսի կիներից էր, որոնք երբեք չեն կարող սիրել մի տղամարդի, մինչև որ չճանաչեն և չհարգեն նրա, այսպես ասած, ներքին մարդը: Ամուսնու այդ ներքին մարդը մեծ, շատ մեծ նշանակություն ունի այդպիսի կիների համարնա կարող է պատճառ լինել նրանց ողջ կյանքի կամ թշվառության կամ երջանկության: Տիկին Գայանեն թշվառ էր և այն կողմից, որ սիրում էր ուրիշին, մի աղքատ, բայց ազնիվ երիտասարդի, որի գրկից խլել էին նրան յուր հարուստ ծնողները և բռնի ամուսնացրել էին աղա Գրիգոր Մոսեիչի հետ: Նա տգետ, շահասեր ծնողների բռնության զոհ էր, իսկ այդպիսի զոհերի այն ժամանակներում քիչ չէիք հանդիպիլ: Չնայելով մինչև անգամ, որ ամուսինը նրա հետ շատ անգամ վարվում էր որպես աղախնի հետ, բայց նա միշտ հավատարիմ էր յուր ամուսնական պարտականություններին և երբեք տրտունջ չէր հանում: Նրա այդ հովբական համբերությունը ծով էր ներկայացնում: Մի անգամ նրա սիրահարը, որին նա դարձյալ սիրում էր, առաջարկեց նրան փախչել միասին մի ուրիշ երկիր և ապրել այնտեղ, ապրել երջանիկ, հեռու տգիտության բռնություններից, հեռու մարդկանց անգթությունից, բայց նա յուր կանացի անհուն առաքինությունից, թե այն զգացմունքից, որ ինքն այդ ժամանակ շուտով մայր էր լինելուպատասխանեց նրան Պուշկինի Տատյանայի խոսքերով.

Ես ձեզ սիրում եմ,

Բայց ինձ, տեսնում եք, տվել են ուրիշին,
Ես նրան կմնամ ցմահ հավատարիմ:

Այդ օրից նա այլևս չտեսավ յուր թշվառ սիրահարին. ո՞ւր գնաց նա, ի՞նչ եղավ, արդյոք կարողացավ նա դիմանալ, թե... Անբախտ կնոջ տանջանքը կրկնապատկվեցավ: Միակ բանը, որ կապում էր նրան այս աշխարհի հետ և նրա անհուն վիշտը մոռացնել էր տալիսայդ նրա երկու սիրուն զավակներն էին, որոնց նա սիրում էր յուր մայրական բոլոր զգացմունքներով: Նա գիտեր յուր ամուսնու գաղտնիքը, նրա մոլությունները, բայց այդ մասին երբե՜ք մի ակնարկ անգամ չէր անում նրան, չնայելով, որ այդ գաղտնիքը ամենասառը կերպով շոշափում էր նրա ամուսնական պատիվը: Նա իրեն յուր երկու զավակների հետ պահում էր այդ մարդու տանը, որպես օտար, որպես հյուր, օրեր, շաբաթներ էին անցնում, որ նա չէր խոսում, մինչև անգամ չէր տեսնվում այդ մարդու հետ: Նրա համար բոլորը միևնույն էր, մինչև անգամ և այն, թե չար լեզուները ինչ էին խոսում նրանց և նրանց ընտանեկան հարաբերությունների մասինմիայն թե նրան յուր սիրասուն զավակների հետ թողնեին հանգիստ:

Աղա Գրիգոր Մոսեիչի ամուսնանալուց հետո անցել էր ամբողջ քսանևմի տարի, երբ նրա ձեռքն ընկավ Բարսեղը: Այդ մարդը պիտի լիներ նրա դաստիարակը:

Դ

Անցավ ութ տարի:

Կիրակնօրյա գեղեցիկ առավոտներից մինն էր:

Աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկի գեղեցիկ կահավորված սենյակներից մինում՝ գրասեղանի առաջ նստած էր մոտ քսանեյոթ տարեկան մի երիտասարդ, որի գեղեցիկ և խելացի դեմքը արտահայտում էր չափից դուրս համեստ և բարի բնավորություն: Ակնոցներն աչքերին՝ նա զբաղված էր մի ինչ-որ գրությամբ: Նրա հետևը փափուկ գահավորակի վերա թեթև կերպով ետ ընկած՝ նստած էր մի օրիորդ ոչ ավելի, քան քսան տարեկան: Նա այնքան նման էր գրող երիտասարդին, որ նայողն, առանց մի վայրկյան վարանելու, իսկույն կասեր, որ նրանք քույր ու եղբայր են: Օրիորդը զբաղված էր ընթերցանությամբ: Նրանք, իրավ, քույր ու եղբայր էին և աղա Գրիգոր Մոսեիչի հարազատ զավակները, որոնք իրենց մորտիկին Գայանեի հետ բոլորովին առանձնացած էին ապրում իրենց հորից, չնայելով որ ապրում էին միևնույն հարկի տակ: Եղբայրը, որի անունը Գարեգին էր, տեղական ծխական ուսումնարաններից մինում մի համեստ ռոճիկով ուսուցչության պաշտոն ուներ, իսկ քույրը՝ Իսկուհին, ավարտել էր տեղական հայ-օրիորդական ուսումնարաններից մինը և այժմ գտնվում էր տանը:

Next page