Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Երկու ամսից հետո արդեն հայերեն գրքեր էի տալիս կարդալու, որ վարժվի: Գիրքը կարդում վերջացնում էր շատ շուտով, այնպես որ մինչև անգամ կասկածում էի, թե առանց կարդալու է վերադարձնում, բայց որքան էր լինում զարմանքս, երբ սկսում էր մի առ մի պատմել բովանդակությունը: Հարցնում էի, տանն այնքան գործ ունենալով, ե՞րբ է ժամանակ գտնում կարդալու, այն էլ այդպես շուտ: Պա՛յ տասխանում էր. «Գիշերներն եմ կարդում»:

Ինձ մոտ գտնվում էր «Վերք Հայաստանիի» հին հրատարակության մի օրինակը փալաս դարձած կարտոնի կազմով, հնացած, դեղնած թերթերով: Նոր տարին մոտենում էր, չեմ իմանում ինչպես, խելքիս փչեց այդ գիրքը նվիրեմ Քալիին: Եվ առանց երկար ու բարակ մտածելու գիրքը վերցրի տարա կազմարարի մոտ, պատվիրեցի, որ փալաս դարձած կազմը պոկի և մի փառավոր ոսկեզօծ կազմ շինի: Նոր տարվա նախօրը ստացա հնամյա Աբովյանը պճնված, զարդարված նորահարսի պես, շապկի վրա ամենայն խնամքով գրեցի Քալիի անունը, ազգանունը, հետո իմը, իսկ տակը օրը և տարեթիվը, և նոր տարու առավոտը, երբ Քալին, ուրախ, զվարթ մտավ սենյակս նոր տարին շնորհավորելու, գիրքը լուռ մեկնեցի իրեն:

Կարդա՞մ, — հարցրեց:

Կարդացեք և պահեցեք ձեզ մոտ:

Ըստ երևույթին, իսկույն գլխի չընկավ, թե ինչ էի ուզում ասել, հետո շփոթվեց, կարմրեց:

Այս նվե՞ր է ինձ, — հարցրեց կամաց, աչքերը վայր թողած:

Ուրիշը ձեզ այսօրվան օրը կոնֆետ կնվիրեր, բայց ես ավելի լավ համարեցի այդ գիրքը նվիրել:

Ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց և դուրս փախավ: Հետևյալ օրը, երբ ըստ սովորականին պարապում էի նրա հետ, հանկարծ խոսքս կտրեց և հարցրեց.

Դուք թաշկինակ ունե՞ք:

Զարմացա:

Ինչո՞ւ եք հարցնում:

Պատասխանեցեք, ունե՞ք թաշկինակ:

Ունեմ:

Տեսնեմ:

Գրպանիցս հանեցի հասարակ միտկալի թաշկինակս և տվի իրեն:

Է՛հ, — դեն շպրտեց: — Ուրիշ չունե՞ք:

Ունեմ:

Տվեք տեսնեմ:

Սնդուկիցս հանեցի տվի երկրորդ թաշկինակս, որը միևնույն կտորից էր:

Նայեց և նորից ետ տվավ:

Լա՛վն եմ ասում, լա՛վը:

Դե այս րոպեիս դրանից լավը ո՞րտեղ ճարեմ, — ասացի, — իմ ունեցածս այդ է:

Լավ, թողնենք այս, շարունակենք:

Շարունակեցի ընդհատված, դասախոսությունս, բայց այս անգամ ինքս ընդհատեցի և հարցրի.

Լավ, ինչների՞դ է պետք իմ թաշկինակը:

Քիթս պետք է սրբեմ, — վրա բերեց բարձրաձայն ծիծաղելով:

Այդ թաշկինակը ցավ դառավ ինձ համար. ինչքան էլ գլուխս կոտրում, մտածում էի, որ իմանամ ինչին էր պետք թաշկինակս, բան չէի հասկանում, ինչքան խնդրեցի, որ ասի, չասեց, ամեն հարցնելիս ծիծաղում էր միայն, մինչև որ մի օր էլ, ոչ սովորական պարապմունքի ժամին մտավ ինձ մոտ, անսովոր հանգստությամբ, առանց ձայն-ծպտուն հանելու սեղանիս վրա դրեց բարակ թղթի մեջ փաթաթած ինչոր փոքրիկ մի բան և նույն լռությամբ դիմեց դեպի դուռը: Դռան մոտ շուռ եկավ, նայեց ինձ և ասաց.

Այսօր ձեր անվանակոչության օրն է, և ամոթ ձեզ, որ ոչինչ չեք պատրաստել ինձ հյուրասիրելու համար:

Ասաց և ծիծաղելով դուրս փախավ:

Ա՜յ քեզ բան. իսկապես որ անվանակոչությանս օրն էր, և ես ոչինչ չգիտեի:

Ապշած վերցրի բաց արի թղթի մեջ փաթաթված իրը. թաշկինակ էր, ութածալ, մետաքսի և այնքան բարակ, որ բռան մեջ կարելի էր հավաքել: Ծայրերից մեկի վրա զարմանալի նրբությամբ ասեղնագործված էին անվանս և ազգանվանս սկզբնատառերը հայերեն նշանագրերով: Ահա թե ինչի համար էր ինձնից թաշկինակ պահանջում: Անհուն երջանկությամբ նրա փոխադարձ նվերը մոտեցրի շրթունքներիս և համբուրեցի այն տեղը, ուր նրա մատներն իմ անվան և ազգանվան սկզբնատառերն էին ասեղնագործել ո՜վ գիտե ինչ մտածումներով և զգացումներով:

Չգիտեմ, շատ տարօրինա՞կ, թե շատ սովորական էր մեր սերը (եթե միայն այդ սեր էր), բայց մեր միջև երբեք ոչ սիրո խոստովանություն եղավ, ոչ էլ սիրո մասին որևէ ակնարկ: Գարուն, լուսին, վարդ, սոխակ, ախ ու վիշ և այլ այդպիսի բաներ չկային, ինչպես երևում է, այդ ակսեսուարներով սիրում են միայն բանաստեղծները, իսկ մենք շատ պրոզայիկ մարդիկ էինք: Ճիշտ է, մեր փոխադարձ նվերներն, ըստ երևույթին, մի քիչ բանաստեղծական էին, բայց նա իմ նվիրած Աբովյանից կիմանար, թե Հայաստանի վերքը ո՜րն էր, որից ամենևին գաղափար չուներ, իսկ նրա նվիրած մետաքսե թաշկինակն էլ ես կարող էի գործածել ամեն անգամ, երբ միտկալի թաշկինակներս կեղտոտվեին: Մեր սիրո լեզուն այս էր. — ծիծաղում էինք իրար վրա, ծաղրում էինք իրար, ջգրացնում, նա ինձ «քնձռոտ վարժապետ» էր անվանում, ես նրան — «Քալո խաբարդիանո» (այդ բառերով սկսվող վրացերեն մի հին երգ էի լսել Թիֆլիսում), մի քիչ էլ որ առաջ գնացինք, կամացուկ խփում էինք իրար ձեռքի, երբեմն նա բռնում էր քթիցս, ես ձիգ էի տալիս նրա գիսակը, մի խոսքով՝ օրինավոր սիրահարվածներին անվայել այսպիսի երեխայական չարաճճիություններ: Որից հետո, — այս էլ ասեմ, — մենք բաժանվում էինք իրարից իբրև միակ ամենաերջանիկ մարդիկ աշխարհիս երեսին: Գոնե ինձ համար ես այդ կարող եմ ասել:

Բայց այս կատակները լինում էին, իհարկե, ի միջի ալյոց իսկ դասերը շարունակվում էին իրենց կարգին, առաջվա պես: Հինգ-վեց ամսից նա արդեն այնպես վարժ էր կարդում հայերեն և այնքան լավ էր հասկանում կարդացածը, որ այլևս շատ քիչ բառերի թարգմանության կարիք էր զգում: Իսկ մեր փոխադարձ հարաբերության մեջ քաղաքավարի «դուք»-ը ինքնըստինքյան վաղուց վերացել էր և փոխվել մտերմական «դու»-ի:

Բայց... «վերջն է գովելի»:

7

Քալին հանկարծ չքացավ, մի օր, երկու օր, չորս օր, մի շաբաթ իզուր սպասում էիՔալի չկար ու չկար, ոչ միայն այլևս չէր գալիս դաս առնելու, այլև ստվերն անգամ չէի տեսնում պատշգամբում: Սկզբում կարծում էի հիվանդ է, ուզում էի հարցնեմ տերտերացու աշակերտիս, որն անխափան գալիս էր դասի, բայց դեռ բերանս չբացած, հանկարծ, ինչպես ասում են, «հոգիս ծվաց», չլինի թեասացի ինքս ինձծնողները հոտն առել են և... Սառը քրտինքը պատեց ճակատս: Է՜լ սուս արի, ձայն ծպտուն չհանեցի:

Կասկածս արդարացավ շատ շուտով:

Մի օր տանտերս մտավ ինձ մոտ, քեֆս, հալս հարցրեց, սկսեց սար ու ձորից, վերջը, մի քիչ սուս անելուց հետո, ասաց.

Մի բան որ ասիմ, խոմ չի՞ս նեղանա:

Հրամայեցեք, — ասացի (շատ սառն էի պահում ինձ):

Վուչ թե հրամայի, այլ պիտի խնդրի: Հախ ասծու, յիս շատ բավական իմ քիզմեն, բայց... գիդիս ինչ կաօթախս պիտիս դարդկի:

Ճիշտն ասած ես ամեն բան սպասում էի, բայց այդ մեկըոչ: Ուզում էի հարցնեմ, հենց այնպես, ձևականորեն, «ինչո՞ւ», լեզուս չզորեց:

Գիդիս էլի, — շարունակեց տանտերս, — ինչքան նիղվածքություն ինք քաշում: Էս իմ աղա դոկտորը կանգնիլ է թե՝ ինձ ջոկ օթախ պիտիս տաք, սուրյոզնի պարապմունքներ ունիմ. կոսե, էրեխեքը խանգարում ին:

Խոսք տվի, որ հենց վաղն ևեթ կաշխատեմ բնակարան ճարել ինձ համար: Այդ բանն ասացի այնպես հանգիստ, որ ինքս ինձ վրա զարմացա: Բայց այդ արտաքին հանգստություն էր, մինչդեռ ներքուստ այնքան շփոթված էի, որ երբ տանտերս ներողություն խնդրելով դուրս գնաց, դեռևս երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ այդ անակնկալից:

Շատ պոլիտիկոս մարդ էր տանտերս, առանց կռվի ու ղալմաղալի, համով ու քաղցրությամբ, «աղա դոկտորի սուրյոզնի պարապմունքների» պատրվակի տակ վռնդում էր ինձ տնից, որպեսզի միանգամ առմիշտ հույսս կտրեմ իր աղջկանից:

Շատ բարի, — ասացի ինքս ինձ, երբ մի քիչ ուշքի եկա, և ինքնասիրությունս թունավոր օձի պես սկսեց կամաց-կամաց գլուխը բարձրացնել իմ մեջ: — Շատ բարի, — կարծես սպառնում էի, ինչո՞վ և ո՞ւմչգիտեմ:

Ու հետևյալ օրը, հենց որ դպրոցում դասերս վերջացրի՝ գնացի նոր բնակարան որոնելու: Վարձեցի առաջին պատահած սենյակը, ամենևին ուշադրություն չդարձնելով ոչ հարմարության և ոչ գնի վրա, և վճռեցի նույն օրն ևեթ տեղափոխվել: Ինձ թվում էր, որ եթե մի օր անգամ ուշացնեի, լիովին գոհացում տված չէի լինի ինքնասիրությանս:

Այն միջոցին, երբ ունեցած-չունեցածս հավաքում էի, օր մշակի շալակը տամ, տանտերս կանգնեց գլխիս:

Վա՜, էսենց շո՞ւտ. — զարմացավ: — Գեթաղվա, խոմ չի՞ս նիղացի:

Ինչո՞ւ պիտի նեղանամ:

Յիս ի՜նչ գիտիմ, էսենց մե բաշ... Գիտիս, էլի, ինչքան սիրեցի քեզ, բայց էս իմ աղա դոկտորը... Մախլաս: Օթախդ վո՞ւրդի է, լավ տիղ է՞, վո՞ւնց իս բռնի:

Պատասխանում էի հանգիստ, սառը: Նույն սառնությամբ հրաժեշտ տվի նրան, կնոջը, երեխաներին: Քալին չէր երևվում: «Աղա դոկտորը» տանը չէր: Քալիի բացակայության մասին ոչ մի խոսք չթռցրի բերանիցս, կարծես բնավ գոյություն չուներ: Չհիշեցին նրա մասին և ծնողները: Փոխադարձաբար հասկանում էինք իրար մտքինը և համառությամբ լռում Քալիի մասին: Րոպեն անհամ էր: Տանտիրոջս ձեռքը վերջին անգամ սեղմելու ժամանակ տվի նրան սենյակիս վերջին ամսականը: Ի դեպ հիշեմ, որ տերտերացուի հետ ամբողջ յոթ ամիս պարապելուս համար ոչ մի կոպեկ չէի ստացել, իսկ սենյակիս վարձը կանոնավորապես վճարում էի, և տանտերս ընդունում էր առանց որևէ առարկության, ինչպես ընդունեց և այս անգամ:

Լավ, էս վուր գնում ես, բաս միր Կոլյայի բա՞նը վունց պիտինք անի, — ասաց նա:

Ուզում եք, կշարունակեմ պարապել:

Վա՜, վո՞ւնց թե ուզում ենք, բաս խոմ կիսատ չի՞նք թողնի:

Շատ բարի, կգամ պարապելու, — ասացի առանց մտածելու և իսկույն էլ զղջացի, որովհետև տանտերս նույնիսկ նկատելի հանգստությամբ վրա բերեց.

Չէ՜, չէ՜, ինչի՞ դու նիղութին քաշիս գաս. հազիր էրեխեն ինքը գուքա, դու մենակ ասա վուրդի իս բռնի օթախը:

Տվի նոր բնակարանիս հասցեն և գնացի:

Սկզբի օրերում վիրավորանքս ինքնասիրությանս ազդեցության տակ այնքան սաստիկ էր, որ գրեթե չէի զգում Քալիից անջատվելս: Բայց հետո կամաց-կամաց այնպիսի մի թախիծ, այնպիսի մի կարոտ տիրեց ինձ, որ երբեմն սարսափահար մտածում էի, մի գուցե խելագարվեմ: Ախորժակս կապվել էր, գիշերները քուն չունեի, դպրոցում դասերս պարապում էի մեքենայաբար, նոր բնակարանումմի խոնավ, կեղտոտ, անպիտան բնակարանսիրտս վեր չէր գալիս, պարապ ժամանակս թափառում էի չգիտեմ որտեղ: Մի խոսքով տաժանելի դրություն, որը հանկարծ, անսպասելի կերպով, հակառակ կամքիս, եկել կաշկանդել էր ինձ ամուր.. Քալիի պատկերը գիշեր-ցերեկ աչքիս առջևն էր: Երբեմն հուսահատությունից լաց էի լինում երեխայի նման: Այնքան հպարտ ինքնասիրությունս, ավա՛ղ, առմիշտ մնաս բարով էր ասել ինձ: Նոր էի զգում, որ սիրում եմ այդ հրաշալի, այդ զարմանալի աղջկան և առանց նրան չեմ կարող: Այնքան ընտելացել էի նախկին բնակարանիս և այդ բնակարանի մեջ ամեն օր նրան տեսնելուս, նրա ձայնին, ծիծաղին, որ այժմ նոր բնակարանս, Քալիից զրկված լինելս մի խիստ տարօրինակ և անտանելի բան էր թվում ինձ, — կարծես իմ հայրենի աշխարհից հանկարծ պոկել շպրտել էին ինձ մի օտար աշխարհ: Կարոտը սպանում էր ինձ: Կարոտում էի ոչ միայն Քալիին. ուրախությամբ կցանկայի տեսնել նաև նրա հորը, նրա բժիշկ եղբորը, մյուս փոքրիկներին, նույնիսկ նրա կռվարար մորը, որը մեր անջատման գործում անշուշտ քիչ դեր չպիտի լիներ խաղացած, — մի խոսքով այն ամենքին և այն ամենը, որոնց հետ կապ ուներ Քալին և որոնք կհիշեցնեին ինձ Քալիին: Այդպիսի հուսահատական դրության մեջ մի կատարյալ սփոփանք էր ինձ համար Քալիի ինձ նվիրած թաշկինակըմիակ առարկան, որին նայելով, որը համբուրելով թե՛ կարոտս էր ավելի վառվում, և թե՛, միևնույն ժամանակ, սիրտս հովանում:

Վերին աստիճանի հետաքրքրում էր ինձ այն միտքը, թե Քալին արդյոք նո՞ւյնպես քաշում է իմ կարոտը, ինչպես ես իրենը: Բայց արդյոք սիրո՞ւմ էր նա ինձ... Այս հարցը հանկարծ ծագեց գլխումս, և ամեն հանգամանք կշռադատելով, ավելի շուտ տրամադիր էի կարծելու, որ չէ, չէր սիրում: Այլապես, անկարելի բան էի համարում, որ հրաժեշտի ժամանակ կամ, եթե ծնողներից վախենում էր, դրանից առաջ կամ հետո չաշխատեր մի կերպ. ծնողներից ծածուկ, ինձ հետ տեսնվել: Օ՛, իհարկե, թաշկինակ նվիրելն ավելի հեշտ է, քան սիրտ նվիրելը:

Տեսականորեն ես միշտ, եթե ոչ անկարելի, գեթ աննորմալ, հիվանդագին երևույթ եմ համարել սիրել առանց փոխադարձության: Այդպիսիներին ես միշտ իրենց հարգը չճանաչող, կամքից և ինքնասիրությունից զուրկ ողորմելի արարածներ եմ համարելուղղակի փալաս: Սակայն անձնական փորձս ցույց էր տալիս, որ ուրիշ է տեսականը, ուրիշ գործնականը. — գրեթե համոզված էի, որ Քալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ, մեռնում էի նրա համար, չնայելով որ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ես ամեն բան եմ և եղել եմ միշտ, բայց ոչ երբեք փալաս:

Այսպես թե այնպես, կասկածս մի անգամ առմիշտ փարատելու և անելիքս որոշելու համար կարիք ունեի ստուգելու, ուզում էի ստուգել Քալիի դեպի ինձ տածած զգացումը: Բայց ի՞նչպես ստուգեի, ոչ մի տեղ չէի հանդիպում նրան. գնայի՞ նրանց տուն, նամա՞կ գրեի: Ինձ այնտեղից վռնդելուց հետո այդ մասին մտածելն անգամ ավելորդ էի համարում: Մնում էր միայն մի ճանապարհ, այն է՝ մի կերպ խոսք դուրս քաշել Կոլյայիցը, որը դասերը շարունակելու համար պետք է ամեն օր գար ինձ մոտ: Բայց արդեն անցել էր մի ամբողջ շաբաթ, որ տեղափոխվել էի նոր բնակարանս, և Կոլյան չկար, չէր գալիս: Չէի հասկանում, արդյոք ի՞նքը չէր ուզում գալ ծուլությունից, թե հայրն էր փոշմանել և, հակառակ իր խոստման, այլևս չէր ուզում ուղարկել նրան, որպեսզի իսպառ կտրի մեր միջև եղած բոլոր հարաբերությունները:

Մի շաբաթը դարձավ երկու շաբաթ, և ահա մի օր տեսնեմ Կոլյան, գրքերի պայուսակը ձեռքին, եկավ հարցնելով ներս մտավ ինձ մոտ: Այնպես ուրախացա, որ կարծես հարազատ եղբորս տեսա:

Ո՞րտեղ էիր մինչև հիմա, ինչո՞ւ չէիր գալիս, հիվանդ խո՜ չէի՞ր, — սկսեցի հարցուփորձ անել:

Ոչ, հիվանդ չէի, մամաս չէր թողնում գամ:

Մամա՞դ: Ինչո՞ւ:

Չգիտեմ:

Բայց հրեդ եկել ես:

Պապաս ուղարկեց:

Ուրեմն պապադ ուզում էր, որ գա՞ս:

Այո: Մենակ մամաս չէր ուզում: Այսօր մինչև անգամ կռվեցին:

Կռվեցի՞ն...

Այո: Մամաս այնպես չարացած էր, որ գրքերս խլեց ձեռքիցս և բակը շպրտեց: Տեսեք, այս գրքի կազմը կոտրվել է, իսկ սրանից երեք թերթ պատռվել:

Իսկ քո՞ւյրդ:

Քույրս լաց էր լինում:

Ինչո՞ւ:

Չգիտեմ: Մամաս սաստիկ անիծում էր նրան:

Ի՞նչ էր ասում:

Ես ի՞նչ գիտեմ:

Իսկ պապա՞դ:

Պապաս չէ: Վերջը պապաս այնպես բղավեց մամայիս վրա, որ մամաս սուս կացավ և գնաց Վանիչկին ծիծ տալու: Հետո պապան հրամայեց ինձ, որ գրքերս հավաքեմ և գամ ձեզ մոտ:

Ինձ համար միանգամայն անսպասելի այդ բաները լսելուց հետո ակամա մտախոհության մեջ ընկա: Խոսք չկա, որ այդ բոլորն իմ պատճառով էր, — Քալիի մայրը հակառակ էր ինձ, հայրն իմ կողմն էր: Վերջին հանգամանքն անսպասելի նորություն էր ինձ համար:

Այդ օրը իբր թե պարապեցի Կոլյայի հետ, դասի միջոցին հարցերը տալիս էի մեքենայաբար, պատասխանները լսում անուշադիր:

«Քույրիկս լաց էր լինում», — այս խոսքերը դրոշմվել էին ուղեղումս և չէին հեռանում այնտեղից: Ու չգիտեմ, երեխայական միամտությամբ արտասանած այդ խոսքերը ցնծությո՞ւն էին պատճառում ինձ, թե խորին թախիծով համակում սիրտս, գիտեմ միայն, որ դեպի Քալին տածած կարոտս իր գագաթնակետին հասավ: Կոլյայի ասածներից պարզ էր ինձ համար, որ մայրն իրեն հատուկ լեզվի զորավոր արտահայտություններով հանդիմանություն էր հայտնում աղջկան իմ պատճառով, և աղջիկը լաց էր լինումարդյոք ինձ սիրելո՞ւց և նրա՞ համար, որ չէր կարող մորը դիմադրել, թե՞ այն պատճառով, որ մոր հանդիմանություններն անարդար էր համարում, որովհետև ինքը չէր սիրում ինձ: Այդ բանը դարձյալ հանելուկ մնաց ինձ համար և նոր մտատանջությունների առիթ դարձավ:

Հետևյալ օրը Կոլյայի հետ պարապելիս, երբ մտածում էի, թե ինչպես անեմ, որ նոր խոսք դուրս քաշեմ նրանից Քալիի մասին, հանկարծ նա դասն ընդհատեց և դարձավ ինձ.

Գիտե՞ք, պարոն, քույրս շատ է դարդ անում:

Ինչի համար:

Ձեզ համար:

Վա՜հ...

Այդ բացականչությունն ակամա դուրս թռավ բերանիցս ոչ այնքան նրա համար, որ այդ հայտնությունն անակնկալ ազդեցություն գործեց ինձ վրա, որքան նրա համար, որ իմ կարծած բթամիտ տերտերացու աշակերտս այդ բանը նկատել էր և հարկ համարեց հայտնել ինձ, անշուշտ հետաքրքրված լինելով իմ ու իր քրոջ հարաբերությամբ, որը այնքան աղմուկի առարկա էր դարձել իրենց տանը: Ուզեցի բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ անել, բայց հանկարծ զգուշացա այդ «խաբարբզան» տղայից, որը կարող էր իմ հարցուփորձը հասցնել ծնողների ականջը, որոնք առանց այն էլ, ինչպես երևում էր, լավ օրի չէին հասցրել իրենց աղջկան իմ պատճառով: Ուստի սուս արի, բան չհարցրի, կարծես քույրը գոյություն չուներ ինձ համար, մինչդեռ իսկապես ա՜յդ րոպեից Քալին գոյություն ունեցավ ինձ համար:

Ուրեմն այլևս կասկած չկարՔալին սիրում էր ինձ, նա լաց էր լինում, նա դարդ էր անում ինձ համար... Հարկավո՞ր է ասեմ, թե ի՜նչ ահագին երջանկություն էր այդ գիտակցությունն ինձ համար:

8

Կոլյան դարձավ իմ «Կռունկը» (հիշո՞ւմ եք — «Կռունկ, հայոց աշխարհեն խապրիկ մը չունի՞՝ս»): Այլևս մոռացել էի զգուշանալ այդ «խաբարբզանից» և ամեն օր, նրա դասի եկած ժամանակ, սկսում էի հարցուփորձ անել Քալիի մասին, հարկավ սկսելով հորից, մորից, «դոխտուրից», երեխաներից, «պիանիցի» ընտանիքից, շատ անգամ էլ բոլորովին կողմնակի բաներից: Հարցուփորձս անում էի արտաքին անտարբերությամբ, իսկ պատասխանները լսում ներքին լափող հետաքրքրությամբ: Քալիին վերաբերող ամեն մի մանրամասնություն ահագին գյուտի արժեք ուներ ինձ համար:

Կոլյան հազիվ մի ամիս կանոնավորապես գալիս էր դասի, հետո մեկեն դադարեց: Խիստ անհանգստացա, չլինի «խաբարբզանն» արդեն կատարել էր իր դերը և ծնողներն արգելել էին նրան այլևս գալ ինձ մոտ: Բայց հինգ օրից հետո նրանց ծառան եկավ և ասաց, որ Կոլյան հիվանդ է և դրա համար չի գալիս:

Խոստովանում եմ, այդ բանը ոչ թե տխրեցրեց, այլ ուրախացրեց ինձ, որովհետև այդ դեպքը մի շատ հարմար առիթ էր, որ գնայի նրանց տուն և հիվանդ աշակերտիս այցելելու պատրվակով վերջապես տեսնեի Քալիին, որի կարոտը սպանում էր ինձ:

Ու նույն օրն ևեթ երեկոյան գնացի:

Դեռ Քալիենց տանը չմոտեցած՝ նրանը բակից ինչ-որ ճղճղոցի և բղավոցի ձայներ լսեցի: Եվ երբ ներս մտա բակը, ակամա կանգ առա ապշած:

Բոլոր կենողները դուրս էին թափվել տներից: Վերևը, պատշգամբում, կանգնած էր Քալիի մայրը, գիժ-Կեկելը, և ականջ ծակող ձայնով, վերին աստիճանի արագահոս բառերով ինչ-որ ճղճղում էր վրացերեն, ներքևը, բակում, կապայի թևերն ուսերին գցած, գլխարկը ճակատից ետ քաշած, կանգնած էր Քալիի հայրը, Սերգեյ Ավետիչը, և նույնպես ինչ-որ բղավում էր: Երևում էր, որ մի քիչ «խմած» էր: Մարդ ու կին երկուսն էլ կռվում էին միաժամանակ, և նրանց ձայներըմեկինը բարիտոն, մյուսինը կոնտրալտսխառնվում էին իրար ուժեղ դիապազոնով, կռվում էին ո՜ւմ հետհայտնի չէր: Սկզբում կարծեցի, թե կռվում են բոլոր կենողների հետ, բայց երբ տեսա, որ կենողները հանգիստ ու լուռ լսում են նրանց, հասկացա, որ նրանք հանդիսատեսներ էին, «թամաշա» էին անում միայն:

Հետաքրքրված, մոտեցա Սերգեյ Ավետիչին, բարևեցի և հարցրի ինչ էր պատահել:

Էլ ի՜նչ, ինչ է պատահել, — շարունակեց նա բղավել առանց բարևս առնելու և ընդունելով ինձ այնպես, որ կարծես թե ամեն օր հանդիպում էինք իրար: — Էս շան վուրթիքն ուզում ին սաղ բագը կոտորի: Մեկին էրեգ թաղեցին, երկուսն էլ ասում ին, էսօր ին հոգեվարք դրած: Ախպեր, չիմ ուզում, թող դուս գան է՛լի: Տունը իմս չէ՞, վա՜հ: Առանց էն էլ հառամ ըլի, քրիհը խոմ չին տալի, դուս գնան, է՜լի: Ուզում ին պոլիցով դուս անի՛մ: Էս բազումը էսքան երեխեք կան, բաս մեխկը չի՞ն: Իմ Կոլիս խո հիվնդացրիք, տո անաստուձներ, ուզում իք սաղ քուլփաթս կոտորի՞ք:

Որովհետև Սերգեյ Ավետիչն իր վերջին խոսքերն ուղղեց այն սենյակի հասցեին, ուր ապրում էր «պիանիցը», ուստի վերջապես հասկացա, որ նրա և կնոջ կռիվն այդ սենյակում ապրողների հետ էր: «Պիանիցի» տան դուռը փակ էր, միակ լուսամուտի վարագույրն իջեցրած և այնտեղից ոչ մի պատասխան չէր լսվում, այնպես որ կարելի էր կարծել, թե տանը ոչ ոք չկա:

Մինչդեռ մարդ ու կնոջ բղավոց-ճղավոցը չէր դադարում: Շվարած կանգնած էի մնացել, չէի իմանում ինչ անեմ: Դրությունս բավական անհամ էր. եկել էի հիվանդ աշակերտիս այցելության, վրաս ուշադրություն դարձնող չկար: Աչքերովս որոնում էի Քալիին, չէր երևում: Այսպիսի աղմուկի մեջ նրա բացակայությունն ինձ զարմանալի էր թվում:

Չգիտեմ ինչով պիտի վերջանար այդ տարօրինակ տեսարանը, եթե այդ ժամանակ բակի դռնից չմտներ տանտիրոջս բժիշկ որդին: Իբրև ինտելիգենտ մարդ, նա, ըստ երեվույթին, վիրավորվեց այդ գռեհկական ճիչ ու աղաղակներից: Մեղմ նախատական եղանակով մի քանի հորդորներ կարդաց հորը, հանգստացրեց նրան, հետո բարևեց ինձ -ինչպես թվաց ինձբավական սառն կերպով, և երեքս միասին բարձրացանք պատշգամբ: Որովհետև մայրը պատշգամբում դեռևս, շարունակում էր ճղճղոցը, այդ պատճառով որդին ջղայնացած համարյա թե գոռաց նրա վրա, թե ի՞նչ է ամբողջ բակը գլխին հավաքել:

Գիժ-Կեկելն իսկույն լռեց, սակայնինձ այդպես թվացոչ թե որդու նկատողության վրա, այլ ինձ անսպասելի կերպով տեսնելուց: Այնքա՜ն գազազած էր, որ երևի բակում չէր նկատել ինձ և հանկարծ տեսնում էր միայն այժմ, երբ իր ամուսնու և որդու հետ կանգնած էի իր առջև: Նայեց դեմքիս այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Սա՞ որտեղից լույս ընկավ»:

Թե՜ այդ կռիվն ու ղալմաղալը, և թե՜ մանավանդ այդ անբարեհաճ ընդունելությունը տեսնելով, ես արդեն զղջացել էի այցելությանս համար, բայց մեկ որ եկել էի, էլ ի՞նչ կարող էի անել:

Ես եկել եմ Կոլյային տեսնելու, կարելի՞ է, — երեսս պնդացնելով, վերջապես, միջոց ունեցա հայտնելու այցելությանս նպատակը:

Չգիտեմ ձայնի՞ս վրա, թե ինչսենյակներից մեկի դուռը բացվեց, և շեմքում երևաց Քալին լացակումած աչքերով:

Այդ դո՞ւ եք, — ասաց դիմելով ինձ, — Ա՛խ, Կոլյան շատ հիվանդ է...

Հետո անմիջապես դիմեց եղբորը.

Սաշա, դեղը բերի՞ր:

Ապա դառնալով ծնողներին, հանդիմանությամբ նկատեց.

Դուք էլ հիմա եք ժամանակ գտել կռվելու...

Մի րոպեից ամենքս Կոլյայի սենյակումն էինք: Դիֆտերիտ ուներ և, իբրև վարակիչ հիվանդի, բժիշկը բոլորովին առանձնացրել էր նրան: Երեխան պառկած էր սարսափելի տաքության մեջ. երեսը կարմիր վարդ էր կտրել և կարծես փքվել, բորբոքված աչքերով, անմիտ հայացքով նայում էր մերթ սրան, մերթ նրան և շաղված կաթի գույն ստացած լեզվի ծայրով լպստում էր շրթունքները: Փորձեցի խոսել հետը, խիստ խլացած ձայնով ինչ-որ պատասխաններ տվեց, որոնցից բան չհասկացա: Բժիշկն իմ և հոր օգնությամբ լյապիսով այրեց նրա կոկորդը: Այդ օպերացիայի ժամանակ մայրը տարօրինակ քաջություն ցույց տվեց, մինչդեռ քույրը, այն ժամանակ, երբ ես ձեռքերիս մեջ էի առել հիվանդ երեխայի գլուխը, իսկ հայրը պահում էր ձեռքերը, այնպես էր լալիս, մղկտում, որ կարծես մորթում էին եղբորս:

Խոսք չկա, որ այսպիսի պարագաներում իմ ու Քալիի տեսակցությունը մի շատ անհամ բան դուրս եկավ: Նա տարօրինակ կերպով ցրված էր, արտասուքը չէր ցամաքում աչքերից: Մի ժամից ավելի էր, որ նստած էի նրա հետ հիվանդ եղբոր սենյակում, և այդ բոլոր ժամանակ նա հազիվ մի-երկու անգամ ուշադրություն դարձրեց ինձ, ամբողջովին զբաղված լինելով հիվանդ երեխայի հոգացողությամբ: Ճիշտ է, եղբոր հիվանդությունը շատ վտանգավոր էր, իսկ Քալին սաստիկ սիրում էր բոլոր եղբայրներին ու քույրերին, բայց մի՞թե... — մտածում էի ես և ավելորդ էի համարում միտքս վերջացնեմ, որովհետև պարզ տեսնում էի, որ մինչև այժմ ինձ սնել եմ ապարդյուն հույսերով ու սպասելիքներով: Հիասթափված ու հուսաբեկ դուրս եկա ու մտածում էի` ինչքան լավ կլիներ չգայի և շարունակեի ապրել իմ քաղցր երազանքներով:

Բայց երկրորդ օրը չդիմացա և դարձյալ գնացի նույն պատրվակով: Ուզում էի լավ դիտել, լավ ուսումնասիրել Քալիի վարմունքը, որպեսզի վերջնական եզրակացության գամ և ըստ այնմ էլ մի անգամ առմիշտ որոշեմ դիրքս:

Այս անգամ Քալին ինձ ընդունեց այնպիսի ոգևորությամբ և այնքան ուրախ, որ սիրտս թունդ ելավ: «Ահա վերջապես», — ասացի ինքս ինձ: Բայց... բանից դուրս եկավ, որ նրա այդ ոգևորությունն էլ, ուրախությունն էլ ինձ համար չէր, այլ որովհետև հիվանդ եղբայրն այդ օրը լավ էր, կրիզիսն անցել էր:

Երևակայեցեք, որ մեր կենողի երեխաներն էլ լավ են այսօր, — ավելացրեց նա. — ձեր գնալուց հետո Սաշան (բժիշկ եղբայրը) գնաց նրանց էլ նայեց: Գիտեք, նա որ սկսի պրակտիկայով զբաղվել, հրաշքներ կգործի: Ափսոս, որ ուշ իմացանք, թե չէ նա այն մեկ երեխային էլ չէր թողնի, որ մեռնի: Ամենից փոքրն էր և այնքան լավի՛կը Եկեք, եկեք. Կոլյայի մոտ:

Ու ձեռքիցս բռնած ներս տարավ հիվանդ աշակերտիս սենյակը, առանց քաշվելու նույնիսկ մոր ներկայությունից, որից այնքան թուք ու մուր էր կրել իմ պատճառով: Այդ հանգամանքը բավական զարմացրեց ինձ: Քիչ չզարմացա նաև այն բանից, որ մայրն այս անգամ թթու դեմք ցույց չտվավ ինձ, ինչպես նախորդ երեկոյան, և նույնիսկ սկսեց քաղցր զրույց անել ինձ հետ: Ի՞նչ էր այդ անսպասելի փոփոխության պատճառը: Երևի ա՜յն, — մտածում էի ինքս ինձ, — որ համոզվել էր, թե ես ոչ մի վտանգ չեմ սպառնում իր աղջկան և իր աղջիկն էլ շատ էլ խելքահան չի լինում ինձ համար:

Եվ, իսկապես, թե՜ այդ օրը և թե՜ հետագա օրերը, մինչև Կոլյայի լիովին առողջանալը, երբ ես այցելում էի նրանց տուն, Քալիի դեպի ինձ ունեցած վերաբերմունքի մեջ չէի նկատում այնպիսի մի բան, որից կարողանայի եզրակացնել, թե սիրում է ինձ. ինձ հետ նստում, ասում-խոսում էր, ծիծաղում, կատակներ անում ինչպես լավ բարեկամի հետ և միայն այդքան, այնպես որ ամեն անգամ էլ ես հեռանում էի ծանր երկմտանքի և հուսալքումի տակ ճնշված:

Հոգեկան այս անտանելի վիճակից դուրս գալու համար առիթներ էի որոնում մի անգամ երես առ երես խոսելու Քալիի հետ, ստուգելու կասկածներս ու ենթադրություններս, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում ինձ մենակ մնալ նրա հետ, կամ մայրը, կամ հայրը, կամ բժիշկ եղբայրը, կամ երեխաները միշտ մեզ մոտ էին լինում:

Այսպես շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ Կոլյան լիովին առողջանալուց հետո նորից սկսեց գալ ինձ մոտ դասերի, և ես այլևս առիթ չունեի գնալու նրանց տուն:

Բայց հույսս դեռ բոլորովին չէի կտրել և մութ կերպով ինչ-որ բանի սպասում էի, մինչև որ ահա թե ինչով վերջացավ այս տրագի-կոմեդիան:

9

Մայիսը վերջացել էր: Սկսվել էին ամառային արձակուրդները: Անսովոր տոթ օրեր էին: Մի երեկո գնացել էի Մուշտայիդ մի քիչ զով օդ շնչելու: Այգու հրապարակում շատ քիչ մարդ կար, որովհետև օրը հասարակ օր էր և այդ երեկո էլ նվագածուների խումբ չկար: Հրապարակի բոլորքը ծառերի տակ նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ կանայք, որոնց առջև խաղում էին նրանց երեխաներն իրենց հատուկ ճիչ ու ծղրտոցով:

Այն միջոցին, երբ ուզում էի անցնել դեպի գետափ, աչքս ընկավ ռոտոնդի բաժինը, ուր ինձ համար միանգամայն անսպասելի կերպով տեսա Քալիին իր բժիշկ եղբոր հետ սեղաններից մեկի մոտ նստած: Քալին նկատեց ինձ և հեռվից գլխով բարև արավ:

Մոտեցա, բարևեցի: Հրավիրեցին, որ նստեմ: Նկատեցի, որ բժիշկը շատ էլ հաճությամբ չընդունեց ինձ. երևի տան մեջ իմ մասին ունեցած խոսակցությունը որոշ ազդեցություն էր գործել այդ կրթված երիտասարդի վրա:

Էլ չեք գալիս մեզ մոտ, անպատճառ հիվա՞նդ պիտի ունենանք, որ գաք, — ասաց Քալին ծիծաղելով:

Ոչինչ չպատասխանեցի: Ի՞նձ էր միամիտ կարծում, թե իրեն էր միամիտ ձևացնում: Սակայն, ըստ երևույթին, իսկույն գլխի ընկավ, որ իր հարցումն անտեղի էր, մի քիչ շփոթվեց և սկսեց հարցուփորձ անել. ամառս ո՞ւր եմ գնալու, ինչպե՞ս է սովորում Կոլյան, կարո՞ղ է քննություն բռնել և այլն:

Մեզանից բավական հեռու մի սեղանի շուրջ բոլորած էին մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես երևում էր նրանց կապույտ բլուզներից և կապույտ երիզավոր գլխարկներից, ուսանողներ էին: Նրանք ինչ-որ տաք վիճաբանության մեջ էին, և նրանք ձայները պարզորոշ լսվում էին հեռվից: Նրանցից մեկը հանկարծ վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ մեզ և, դառնալով բժշկին, ասաց.

Սաշա, մի րոպե, մենք այնտեղ լուրջ վիճաբանության մեջ ենք, քո կարծիքն անհրաժեշտ է:

Ու բժշկին վեր կացնելով տեղից, թևանցուկ տարավ իր հետ, նախապես ներողություն խնդրելով մեզանից:

Ես ու Քալին մնացինք մենակ:

Րոպեն հարմար համարելով, վճռեցի հենց այդտեղ ևեթ ստուգել նրա դեպի ինձ տածած զգացումը և մի անգամ առմիշտ վերջ տալ երկմտանքիս: Ու առանց երկար ու բարակ մտածելու, մանավանդ որ վախենում էի, թե եղբայրը կարող է շուտով վերադառնալ և խանգարել, ուղղակի դիմեցի գործին:

Օրիո՜րդ, ի՞նչ եք կարծում, — ասացի, — ինչո՞ւ չպատասխանեցի ձեր հարցումին, թե ինչու էլ չեմ գալիս ձեր տուն:

Ըստ երևույթին, զգաց, թե խոսքս ուր էր տանելու:

Չգիտեմ, — ասաց նկատելի կերպով շփոթվելով:

Ի՞նչ եք կարծում, — շարունակեցի ես, — որ գիտենաք, թե մի տեղ անկոչ և անցանկալի հյուր եք, կշարունակե՞ք գնալ այնտեղ:

Քալին զարմացած նայեց աչքերիս:

Ո՞վ ասաց ձեզ, թե դուք անկոչ և անցանկալի հյուր եք մեր տանը:

Ամենից առաջ ձեր հայրը:

Ե՞րբ:

Երբ որ քաղաքավարի կերպով առաջարկեց ինձ դատարկել իմ սենյակը:

Ձեր սենյակը եղբայրս էր ուզում, որ իր համար հանգիստ տեղ ունենա պարապելու:

Շատ բարի, թող այդպես լինի, — ասացի ժպտալով. — իսկ ինչո՞ւ ձեր մայրը չէր ուզում, որ Կոլյան գա ինձ մոտ դասերի և... անիծում էր ձեզ:

Քալին կաս-կարմիր կտրեց և աչքերը վայր թողեց:

Ո՞վ ասաց ձեզ այդ, — շշնջաց նա:

Դուք այն ասացեք, ճի՞շտ է այդ թե ոչ:

Ոչինչ չպատասխանեց, միայն գլուխն այնքան խոնարհեց, որ դեմքն այլևս չէր երևում լայնեզր գլխարկի տակից:

Հաջորդ էջ