Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Թող ապահով լինեն ձեր ծնողները, — կարճ լռությունից հետո ավելացրի ես շատ հանգիստ կերպով, — եբբեք ինձ ոչ ոքի վզովը չեմ փաթաթել և երբեք էլ չեմ փաթաթի, այդ կողմից ես ինքնասիրություն ունեմ և, գուցե, ավելի՝ քան հարկավոր է: Ճիշտ է, ես ձեզ... սիրում եմ... Այս առաջին անգամն է, որ պարզ կերպով ասում եմ ձեզ... Բայց ի՞նչ նշանակություն ունի միակողմանի սերը, երբ... չես իմանում փոխադարձը կա՞, թե ոչ...

Լռեցի և իզուր սպասում էի նրա պատասխանին, նստած էր ծայր աստիճան շփոթված և չէր իմանում ինչպես անի, որ ես չնկատեմ այդ:

Լսեցեք, օրիորդ ինչ եմ ասում, — շարունակեցի ես շատ հասարակ տոնով, որպեսզի սիրտ տամ նրան: — Այստեղ քաշվելու, շփոթվելու ոչինչ չկա: Դուք նոր չեք ճանաչում ինձ, ինչպես և ես ձեզ: Խոսենք առաջվա պես մտերմորեն, ընկերաբար: Ես պարզ կերպով ասացի ձեզ այն, ինչ որ գուցե չհամարձակվեի ասել, եթե չճանաչեի ձեզ: Ինչպես ուզում եք հասկացեք, իմ բախտը ձեր ձեռքին է: Այսքան ժամանակ ես մեկ հուսադրվել եմ, մեկ հուսահատվել ձեր դեպի ինձ ցույց տված այս կամ այն, իհարկե, ոչ դիտավորյալ վերաբերմունքից ու միշտ էլ տատանման մեջ եմ եղել սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ: Կրկնում եմիմ բախտը ձեր ձեռքին է, և դուք այժմ, հենց այս րոպեին այս կամ այն կերպ պետք է որոշեք իմ վիճակը, պետք է մի անգամ առմիշտ ասեք ձեր վճռական խոսքը, առում եմ այժմ, հենց այս րոպեին, որովհետև ձեր ծնողների շնորհիվ մեր միջև այնպիսի դրություն է ստեղծվել, որ մի ուրիշ անգամ հազիվ թե մենք կարողանանք հանդիպել իրար և խոսել այս մասին: Լսո՞ւմ եք, օրիորդ, ինչ եմ ասում, — ավելացրի ես, տեսնելով, որ նա ձայն, ծպտուն չի հանում, այլ միայն, աչքերը շարունակ վայր թողած, մերթ կարմրում է, մերթ գույնը գցում և սեղանի սփռոցի ծայրը մեքենայաբար փաթաթում է մատին ու բաց թողնում:

Րոպեն ծանր էր. անշուշտ, որքան նրա, նույնքան և ինձ համար: Որքան աշխատում էի ինձ հանգիստ պահեմ, այնուամենայնիվ, սիրտս լքլքոց էր ընկել: Շտապում էի: Աշխատում էի կարելույն չափ շուտով խոսք դուրս քաշել նրանից, քանի եղբայրը չէր վերադարձել, այլապես այդ հարմար րոպեն բաց կընկներ ձեռքիցս, և ես կմնայի նույն անտանելի անորոշ դրության մեջ:

Օրիորդ, ես սպասում եմ ձեր պատասխանին, — ասացի ես թախանձագին: — Խնդրում եմ, աղաչում եմ, մի լռեք, մի բան ասացեք:

Ես ի՞նչ կարող եմ ասել, — ասաց վերջապես կամաց, շարունակ աչքերը խոնարհած:

Մի խոսք, միայն մի խոսք, սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ. այո՞, թե ոչ:

Հակառակ սպասածին, նա իմ այս կտրուկ պահանջի հանդեպ ավելի հանգիստ գտնվեց, քան թե առաջ և ասաց հազիվ լսելի ձայնով:

Դուք ինքներդ ասացիք, որ մայրս անիծում էր ինձ...

Այո՜ և դուք էլ լաց էիք լինում, այդպես չէ՞:

Այո:

Բայց այդ ես բացատրել եմ նրանով, որ դուք զրպարտություն եք համարել ձեր մոր հանդիմանությունները, որ դուք բոլորովին այն զգացումը չեք տածում դեպի ինձ, ինչ որ նա է կարծել: Այդպես չէ՞:

Ո՜չ, բոլորովին այդպես չէ, — եռանդով վրա բերեց նա, առաջին անգամ նայելով ինձ համարձակ: — Ես լաց էի լինում նրա համար, որ մայրս շատ վատ լեզու էր բանեցնում ձեր մասին: Իսկ ես... ես չէի կարող այդ սառնասրտությամբ լսել...

Որովհետև դուք շատ բարի եք, որովհետև դուք առ հասարակ ոչ մի վատ խոսք չեք կարող սառնասրտությամբ լսել, լինի այդ վատ խոսքն իմ մասին, թե...

Քալին մինչև անգամ զայրացած ոտը խփեց գետնին:

Ո՜չ, — ասաց, — որովհետև... վերջապես ինչ եք ուզում ինձնից... որ ես է՞լ խոստովանեմ, թե...

Խոսքը չվերջացրեց և արագ դարձավ իր աթոռի վրա, որ դեմքը ծածկի ինձնից: Իսկ այդ դեմքն ամբողջովին կաս-կարմիր կտրեց:

Բայց հարկ էլ չկար որ վերջացներ ասելիքը, ինձ համար այն էլ բավական էր, որ ասաց, և խելացնոր ուրախությունից քիչ էր մնում շնչասպառ լինեի: Վեր թռա, ուզում էի առնեմ ձեռքը և ծածկեմ խենթ համբույրներով, բայց հանկարծ հիշելով, թե որտեղ եմ, նորից նստեցի և այս անգամ գողի վախկոտությամբ նայեցի շուրջս, առավելապես այն կողմը, ուր նստած էր Քալիի եղբայրը իր ուսանող ընկերների հետ, ըստ երևույթին տաք վիճաբանության բռնված:

Բավական երկար ժամանակ լուռ էինք, ես էլ, Քալին էլ: Աչքերս անուշադիր և աննպատակ հածում էի շուրջս, առանց որևէ բան տեսնելու և չէի վստահում նայել Քալիին, զգում էի, որ եթե նայեմ, չեմ կարող տիրապետել ինձ և այնպիսի մի խելացնոր բան կանեմ, որ թույլատրելի չի կարող լինել:

Այնուհետև, մի փոքր որ ինքս ինձ հավաքեցի, հարցրի կամաց, կարծես թաքուն.

— «Վերք Հայաստանին» կարդո՞ւմ եք:

Վերջացրի, — նույնպես կամաց պատասխանեց նա և կարճ լռությունից հետո հարցրեց ժպտալով. — իսկ իմ թաշկինա՞կը... — Պատասխանելու տեղ, նույնպես ժպտալով, ծոցիցս հանեցի նրա նվիրած թաշկինակը, որ պահում էի մաքուր թղթի մեջ փաթաթած, առանց բանեցնելու, ցույց տվի և դարձյալ ծոցս դրի:

Մեր տանը ոչ ոք չգիտե, — ասաց, — գիշերներն եմ կարել, երբ որ ամենքը քնած էին:

Վախենո՞ւմ էիք:

Մայրս շատ խիստ կին է. որ իմանար ձեզ համար եմ կարում, կսպաներ ինձ:

Թեև այդ բանը նորություն չէր ինձ համար, բայց այդ րոպեին, հոգեկան այն վերասլաց տրամադրության մեջ, որի ժամանակ ամեն ինչ մոռացել էի, Քալիի միամտորեն արած այդ խոստովանությունն եկավ սուր, ասեղի պես ծակելու սիրտս: Ու անձնասիրությունս պոչը ոտնակոխ եղած թունավոր օձի պես նորից ծառս ելավ իմ մեջ:

Ես գիտեմ, որ ձեր մայրը և վերջերը ձեր հայրն էլ լավ աչքով չէին նայում ինձ, — կարճ լռությունից հետո ասացի ես կարելույն չափ հանգիստ, — բայց թե ո՞ր մեղքիս համար, այդ ես մինչև այժմ էլ չեմ կարողանում հասկանալ: Գուցե դուք կարողանաք բացատրել:

Ես էլ չեմ հասկանում, — ասաց նա կամաց, նորից գլուխը կախելով և, ըստ երեկույթին, զղջալով, որ միամտորեն այդպիսի խոստովանություն արավ, որովհետև տեսավ, որ տրամադրությունս հանկարծ փոխվեց իր վերջին խոսքերից հետո:

Ես միայն մի բան եմ ենթադրում և կարծում եմ, որ չեմ սխալվում, — շարունակեցի ես: — Ձեր ծնողներն, իհարկե, տեսնում էին, որ մենք շատ էինք մոտեցել իրար և երևի կարծում են, թե այդպես որ շարունակվի, մի օր վեր կկենանք և կփախչենք իրար հետ, առանց իրենց կամքը հարցնելու: Իհարկե, եթե ես մի խեղճ ու կրակ, մի անտուն-անտեր վարժապետ չլինեի, այլ մի հարուստ օջախի որդի, մի, ասենք, փաստաբան, մի բժիշկ, մի ինժեներ, տեխնիկ, կամ հենց թեկուզ մի տերտերացու, որ վաղը կարող է հարուստ ծուխերի տեր դառնալ, նրանք երկու ձեռքով կբռնեին փեշիցս, բայց որովհետև ես, ինչպես ասացի, մի խեղճ վարժապետից ավելի բան չեմ, ուստի արժանի չէի լինի իրենց փեսա լինելու: Դուք ի՞նչ եք կարծում, այդպես չէ՞:

Քալին ոչինչ չպատասխանեց, գլուխը կախ, մատներով շարունակ ոլորում էր սփռոցի ծայրը և բաց թողնում:

Բայց թողնենք ձեր ծնողներին, — շարունակեցի ես, — նրանք տգետ մարդիկ են, ուրիշ կարծիք չեն կարող ունենալ մի վարժապետի մասին, և ես ամենևին չեմ նեղանում նրանցից: Թող ինչ ուզում են կարծեն, նրանց կարծիքը ոչ մի նշանակություն չունի ինձ համար: Ինձ հետաքրքրողն այս խնդրում ձեր կարծիքն է, վճռական դերը ձեզ է պատկանում, և դուք, իբրև կրթված աղջիկ, պետք է անկախ դիրք բռնեք, նույնիսկ հակառակ ձեր ծնողների կամքին, որովհետև այստեղ խնդիրը որքան ինձ, նույնքան և ձեզ, ձեր ամբողջ ապագա կյանքին է վերաբերում: Ասելս այն է, որ... օրիորդ, խնդիրն ես դնում եմ պարզ և շեշտակի, ասացեք, կուզե՞ք իմ կինս լինել, թե ոչ:

Հարցումս, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ մի րոպե ծայր աստիճան ապշանքով նայում էր ինձ առանց պատասխանելու: Հետո, երբ հարցումս կրկնեցիք նա տանջանքով դեմքը շրջեց ինձնից:

Խնդրում եմ, — ասաց հազիվ լսելի ձայնով, — ինձանից ոչինչ մի պահանջեք:

Ապա ումի՞ց պահանջեմ, — հարցրի:

Ծնողներիցս:

Այժմ հերթը ինձ հասավ ապշանքով նայելու նրան:

Բայց դուք խո գիտե՞ք, որ նրանք չեն համաձայնի մեր ամուսնությանը: Հը՞, օրիորդ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում, — համառորեն կրկնեցի ես, տեսնելով, որ գլուխը կախ՝ չի ուզում պատասխանել, — խո գիտեք, որ նրանք չեն համաձայնի, այն ժամանակ ի՞նչ կանեք:

Դե ես ի՞նչ կարող եմ անել, — համարյա լալադին շշնջաց նա:

Դուք փալա՜ս եք ուրեմն, — դուրս թռավ բերնիցս և զայրույթի հանկարծական բռնկումով, ինքս ինձ կորցրած, բռունցքս այնպես պինդ զարկեցի սեղանին, որ վրան դարսած շիշն ու բաժակները խաղացին զրնգզրնգալով:

Քալին վախից ճչաց և վեր թռավ տեղից: Մինչև այդ միանգամայն խաղաղ հրապարակում մի տարօրինակ շարժում ընկավ, ամենքի հայացքը մեր կողմը դարձավ: Ես ու Քալին դարձանք ընդհանուրի հետաքրքրության առարկան: Սկանդալը կատարյալ էր: Զղջացի, բայց արդեն ուշ էր:

Ու երբ դեռ կատարելապես չէի ուշաբերվել, տեսնեմ Քալիի եղբայրը իր ընկերների հետ կանգնած է մեզ մոտ, չեմ իմանում զարմացած թե վախեցած, փոխն ի փոխ նայում է մեզ և ինչ-որ բան է հարցնում մերթ քրոջը, մերթ ինձ դիմելով, իսկ ես կանգնած եմ նրա առջև հանցավոր երեխայի պես միանգամայն ամոթահար և նվաստացած ու խոսք չեմ գտնում պատասխանելու:

Այդ դրությամբ էլ թողի ու հեռացա: Կարծես մի շղարշ էր իջել աչքերիս կամ շուրջս մի թանձր մշուշ էր պատել, որի միջով անցնում էի ու ոչինչ չէի տեսնում: Գնում էի ու չէի իմանումուր: Անզուսպ, խելացնոր զարմանքիս գիտակցությունը րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան շիկացած երկաթի պես շամփրում էր ուղեղս, և այդ միջոցին ի՞նչ չէի տա, միայն թե այդ գիտակցությունը չունենայի:

Այդ գիշեր իմ քունը քուն չէր, այլ մի կատարյալ մղձավանջ, ուր անդեմ ու մշուշապատ ուրվականների պես խառնվում էին իրար այգու մեջ Քալին, նրա եղբայրը, սրա ընկերները, սեղանների մոտ հեռու-մոտիկ նստած մարդիկ, սրանք բոլորը միասին, իսկ ես մեն-մենակ սրանց բոլորի մեջտեղը իմ ծայր աստիճան արգահատելի դիրքով, բոլորի հետաքրքրության և զարմանքի առարկան...

Հետևյալ օրը ես ուրիշ ավելի լավ բան չգտա անելու, եթե ոչ այն, որ հետևյալ նամակը գրեցի Քալիին ուղարկելու.

«Օրիորդ.

Ես երբեք չպիտի հանգստանամ, մինչև որ իմանամ, թե դուք ներում եք իմ երեկվա խելացնոր վարմունքըխելացնոր» բառը ի՜նչ զորավոր, ի՜նչ վիրավորական բառով ուզում եք փոխարինեցեք, ես այդ ընդունում եմ): Իսկ եթե չներեք, չեմ իմանում, ճշմարիտ, ի՜նչ կպատահի ինձ: Ես տանջվում եմ, ես հուսահատված եմ: Երեկվա վարմունքիս գիտակցությունը խենթացնում է ինձ: Ձեր հրեշտակային ներողամտությունը միայն հանգստություն կբերի տանջված ուղեղիս և հոգուս: Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին»:

Այս նամակը մտադիր էի ուղարկել Կոլյայի ձեռքով քրոջը հանձնելու համար: Երկյուղ չունեի, որ նամակս կարող էր ընկնել Քալիի ծնողների ձեռքը, որոնցից անշուշտ ծածուկ մնացած չպիտի լիներ Մուշտայիդում պատահած միջադեպը, քանի որ այդ միջադեպին ներկա և վկա էր նրա եղբայրը, թեև այս էլ էի կարծում, որ «աղա դոկտորը», իբրե ինտելիգենտ մարդ, իր տգետ ծնողներին կարող էր ոչինչ հայտնած չլինել. իսկ քույրը խո այնքան հիմար չէր, որ ծնողներին պատմած լիներ, թե ինչ խայտառակ դրության մեջ էի դրել ես իրեն հասարակական այգում: Բայց նամակս Քալիի ծնողների ձեռքն ընկնելուց ես չէի վախենում գլխավորապես այն պատճառով, որ նրա մեջ, իմ կարծիքով, այնպիսի բան չէի գրել, որ նրանց տեսակետից դատապարտելի լիներ. բացի այդ, Քալիի ներողամտությունը ստանալուց հետո, որի համար ոչ մի տարակույս չունեի, հաստատապես վճռել էի երեսս պնդացնեմ, գնամ ուղղակի նրա ծնողների մոտ և խնդրեմ նրանց աղջկա ձեռքը, թեև մեր հարաբերությունների ամբողջ ընթացքից շատ պարզ էր ինձ համար, որ ոչ մի հաջողություն չպիտի ունենամ: Վճիռս խեղդվող մարդու հուսահատական վճիռ էր, կամ այս, կամ այն, դրանով գոնե մի անգամից կորոշվեր իմ մշտատև երերուն վիճակը և անելիքը:

Նամակս գրել ծրարել էի և սպասում էի Կոլյային, բայց նա այդ օրը ոչ սովորական ժամին և ոչ հետևյալ ժամերին չերևաց:

Այդ արդեն առաջին վատ նշանն էր, և ես խիստ տատանման մեջ ընկանամակս ուղարկեի՞, թե ոչ, «է՜հ, ինչ ուզում է պատահի, ասացի ինքս ինձ, — եղածից խո ավելի վատ բան չի պատահի», և նամակն ուղարկեցի քաղաքային փոստով:

Բայց պատահեց եղածից ոչ միայն ավելի և շատ ավելի վատ բան, այլև այնպիսի մի բան, որ այն ժամանակվա իմ անտանելի դրության մեջ բնավ չէի նախատեսել: Այդ բանն այժմ ինձ մի շատ զվարճալի տրագի-կոմեդիա է թվում, բայց այն ժամանակ քիչ մնաց ինձ խելագարության հասցներ:

Կարճ խոսքերով պատմեմ իրողությունը:

Նամակս ուղարկելուց հետո հետևյալ օրը տանից դուրս չելա, րոպե առ րոպե սպասում էի, թե ահա որտեղ որ է, կմտնի կամ Կոլյան, կամ պոստային ցրիչը և կբերի Քալիի պատասխանը: Բայց որքան եղավ զարմանքս, երբ Կոլյայի կամ պոստային ցրիչի տեղ ահագին աղմուկով սենյակս մտավ, ո՜չ, գնդակի պես ներս նետվեց Քալիի մայրը — «գիժ-Կեկելը» այնպես գազազած, որ վախից տեղն ու տեղս քարացա: Հևում էր. քրտինքը կոխել էր երեսը, երևում էր, որ վազելով էր եկել: Ու սկսեց իսկույն, սկսեց ոտը շեմքին դրած հենց առաջին վայրկյանից: Առաջաբան չկար, սկսեց ուղղակի վերջաբանից, նախ նամակս շպրտեց երեսիս, հետո մի խիստ երկարատև ու փրփրալից ճառ արտասանեց, համեմված իր կռվարար լեզվին հատուկ բավական զորավոր ածականներով և սպառնալիքներով իմ հասցեին: Դա ճառ չէր, սովորական խոսակցական լեզու չէր, այլ իրար վրա կուտակված, խելագար վազքով իրար գլխից թռչող բառերի մի անվերջ և անընդմեջ շարահյուսություն՝ առանց ստորակետերի և վերջնակետերի: Չնայելով ողբալի դրությանս, զարմանում էի, թե ո՜րտեղից էր, բխում այդ տիպիկ քաղքենի կնոջ մեջ այդ հարուստ, բառապաշարը:

Որքան կարողացա հասկանալ, նրա ցասումնալից ճառն այն մասին էր, թե ի՛նչպես ես, քնձռոտ «ուչիտելս», համարձակվում էի աչք ունենալ իրենց աղջկա վրա, Մուշաայիդում սկանդալ սարքել նրա գլխին և այդ բանից հետո դեռ սիրահարական նամակ էլ գրել նրան: Եվ այս ամեն մի մեղադրականին անմիջապես կցում էր «շե քեցիանո, շե կռո մամաձաղլո» (դու քոսոտ, դու կռո շանորդի»):

Այսպես, գորս դու պատվիրեցեր, մի լավ ներկեց ինձ, առանց թողնելու, որ մի բառ անգամ արտասանեմ, վերջը ինչ-որ սպառնալիքներ կարդաց ու թողեց հեռացավ, գլխի աղլուխն ուղղելով:

Այստեղ ես կարող էի վերջակետ դնել, եթե ինձ վիճակված չլիներ հետագայում նորից հանդիպելու Քալեին այնպիսի պարագայում, որ այն ժամանակ ինձ ուղղակի խենթացքեց, բայց որի հետ այժմ վաղուց հաշտվել եմ, ինչպես մարդ ժամանակի ընթացքում կհաշտվի իրեն շատ սիրելի հարազատի բնական մահվան հետ:

Անհրաժեշտ եմ համարում այդ հանդիպման մասին գրել պատմությունս լրացնելու համար:

10

Վեց տարի էր անցել:

Այդ վեց տարվա ընթացքում հայ ուսուցչի անհաստատ վիճակը Թիֆլեսից ինձ դարձյալ գավառներն էր նետել:

Ամառվա արձակուրդներին եկել էի Թիֆլիս, թեմական տեսչի մոտ իմ և հոգաբարձության միջև ռոճկիս վերաբերմամբ ծագած մի վեճի համար:

Մի անգամ փողոցով անցնելիս հանդիպեցի Քալիենց բակում ապրող այն կնոջը, որին ազատել, էի իր արբեցող մարդու գազանային ճիրաններից, բայց որի պատճառով ինքս էլ դագանակի հարված էի ստացել ծոծրակիս, նույն այդ գազան մարդու ձեռքով: Այդ վեց տարվա ընթացքում այնքան էր փոխվել, որ հազիվ ճանաչեցի և եթե ինքը չկանգներ չբարևեր, կթողնեի կանցնեի, ավելի կմախքացած, ավելի կորացած, այժմ ուղղակի պառավի էր նմանում իր սև, հնամաշ հագուստի մեջ:

Այդ դո՞ւք եք, տիկին: Ինչքա՛ն փոխվել եք:

Է , եղբայր, — հառաչեց նա, — ինչ որ ես կրեցի իմ մարդու ձեռքից ամբողջ տասնհինգ տարի

Հիմա խելոքացե՞լ է, էլ չի՞ խմում, չի՞ ծեծում: Նորից հառաչեց.

Կա՞, որ խմի, ծեծի...

Ինչպե՞ս թե...

Մեռավ:

Մեռա՞վ... ի՞նչ եք ասում: Ե՞րբ: Այս երկրորդ տարին է:

Ձայնը դողաց. առանց շտապելու գրպանից հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին:

Ապշեցի: Մի՞թե այն գազանի համար էր արտասվում:

Մի զարմանաք, — ասաց կերկերուն ձայնով, կարծես մտքինս գուշակելով: — Նա այնքան էլ վատ մարդ չէր, բայց անտեր մնա գինին... Եթե շատ էլ որ վատ մարդ լիներ, ինչ ուզում է լինի, էլի իմ ամուսինն էր, իմ թագն ու պսակը...

Ինձ մնում էր միայն ուսերս թոթվել տարակուսանքով այդ նահատակ հայ կնոջ առասպելական անհիշաչարության վրա:

Հետագա հարցուվարձից իմացա, որ «պիանիցը» մեռել էր սպիտակ տենդից:

Էլի այն տա՞նն եք ապրում, — շարունակեցի հարցուփորձս, որպեսզի կողմնակի կերպով մի խոսք դուրս քաշեմ Քալիի մասին:

Ոչ: Ամուսնուս մահից հետո դուրս արին, որովհետև սենյակի վարձը չէի կարողանում վճարել: Դե ես հիվանդ եմ, ինչքան էլ չարչարվում եմ, սրա-նրա համար լվացք եմ անում, թոկ եմ գզում, տոպրակներ կարում, էլի հազիվ եմ կարողանում կես կուշտ, կես տկլոր պահել երեխաներիս, ո՞ւր մնաց թե կարողանայի ամսական տասը ռուբլի սենյակի վարձ տալ: Շատ, շատ վատ մարդ էր մեր տան տերը, իսկ նրա կինը խո... գիտեք էլի, ամեն օր կռիվ ու ղալմաղալ էր մեր բակում նրա պատճառով, երբեմն այնքան դատարկ բանի համար, որ մարդ զարմանում էր:

Իսկ նրանց աղջի՞կը, — չկարողացա դիմանալ և հարցրի ես:

Քալի՞ն: Վայ, ես նրա հոգուն մեռնեմ, նա աղջիկ չէ, նա հրեշտակ է: Եվ ես զարմանում եմ, մի՞թե կարող էր այնպիսի մի հոր ու մորից այդպիսի մի հրեշտակ ծնվել: Նա որ չլիներ, մեզ վաղուց էին դուրս շպրտել այն տանից իմ մարդու պատճառով: Նա էր, որ ինձ մխիթարում էր և օգնում ինչով որ կարողանում էր, ծնողներից ծածուկ:

Ուզում էի հարցնեմ ամուսնացա՞ծ է, — լեզուս չէր զորում: Վախենում էի դրական պատասխան տար: Բայց նա, կարծես մտքինս գուշակելով, ասաց.

Ափսո՛ս, հազար ափսոս, որ իրեն արժանի մարդու չտվին. բոլորովին տգետ, պառավ, համարյա իր հոր տարիքի այրի մարդ է, այնպես որ մի կին արդեն թաղել է: Բայց ասում են, շատ հարուստ է, Կախեթում ահագին այգիներ ունի, գինու վաճառքով է զբաղվում:

Առժամանակ կանգնած էի շանթահար. ականջներիս չէի հավատում. ամեն բան կսպասեի Քալիից, բայց այդպիսի բան...

Եվ Քալին համաձայնե՞ց այդպիսի մարդու կինը լինել, — բացականչեցի ես:

Ի՞նչ կարող է անել խեղճ աղջիկն այնպիսի հոր ու մոր ձեռքին: Նշանված ժամանակ քանի անգամ եմ տեսել նրան տխուր, արտասուքն աչքերին...

Էլ բան չհարցրի, թողի ու փախա, սարսափում էի ուրիշ մանրամասնություններ լսեմ: Արդեն այն էլ, ինչ որ իմացա, քիչ էր մնում ինձ խելքահան աներ:

Տգետ, պառավ, գինեվաճառ... այդ բառերը եկան մեկը մյուսի ետևից շիկացած շամփուրների պես ցցվելու ուղեղիս մեջ, որպեսզի այլևս չհեռանան այնտեղից: Գինեվաճառի այդ տիպը ինձ շատ լավ ծանոթ էր Թիֆլիսի Շիրաջխանա կոչված այն զառիվայր փողոցից, ուր կենտրոնացած են Կախեթի գինու խանութներն ու պահեստները` լիքը գինու հսկայական տակառներով և ռումբիներով: Վեց տարի առաջ Հավլաբարի դպրոցից դասերս ավարտելուց հետո տուն դառնալիս ես համարյա թե ամեն օր տեսնում էի այդ տիպը: Իր ռումբու պես ուռուցիկ փորով, որի վրա արծաթե գոտին չտեղավորվելու պատճառով թռել էր դեպի կուրծքը, մեկի տեղ եռածալ կզակով, զուռնաչու պես փքած կարմիր թշերով և գոմշի վզով, որի մսերը ծալ-ծալ նստել էին ուսերին ու վզին, նա նստած էր լինում իր խանութի առջև քահրուբարի տեր-ողորմյան ձեռքին և ճարպակալ աչքերով նայում էր իր այդ օրվա ճաշին: Այդ ճաշը պատրաստվում էր հենց այդտեղ, խանութի առջև, փողոցում, դա ոչխարի ամենաընտիր, ամենաճարպոտ մսի խորովածն է, որի շամփուրները մանղալի առջև պպզած շուռումուռ էր տալիս նրա գործակատարը և որի ճարպահոտն ու ծուխը բռնել էր ամբողջ փողոցը:

Եվ Քալին այդպիսի մարդու կի՞նն էր դառել...

Որ ասեմ թե դեռևս սիրում էի Քալիինչէ. սերս կամաց-կամաց սառել էր այն օրից, երբ հույսս միանգամայն կտրեցի նրանից: Այդ ինձ համար պատմական այն օրն էր, երբ նրա մայրը եկավ ինձ մոտ և քիչ մնաց ծվիկ-ծվիկ աներ ինձ, որ համարձակվել էի աչք բռնել իրենց աղջկա վրա: Ուրեմն նրա ամուսնության լուրն առնելիս ինձ այդպես սաստիկ ազդողն այն չէր, որ այժմ Քալին արդեն հաստատապես և վերջնականապես կորած էր ինձ համար, այլ այն, որ ես միանգամից թափանցեցի իրերի դրությունը: Իսկ իրերի այդ դրությունը հետևյալ կերպով էր ներկայանում ինձ, — Քալին, լավ թե վատ, միջնակարգ կրթություն ստացած, կուլտուրայի շավղի վրա դրված ինտելիգենտ աղջիկ էր. քիչ թե շատ հետաքրքրվում էր կամ գոնե սկսել էր հետաքրքրվել գրականությամբ, հասարակական խնդիրներով: Եվ հանկարծ այդպիսի մի աղջիկ կին էր դարձել մի պառավ, տգետ գինեվաճառի, որի ուշքն ու միտքն անշուշտ իր տռզած փորից և փողի սնդուկից դենը չի տարածվում: Ի՛նչ զարհուրելի կենակցություն պիտի լիներ նորատի, կենսուրախ, թռվռուն մի աղջկա և կյանքի ամբողջ հմայքը կորցրած, բայց անշուշտ վավաշոտ մի ծերունու միջև: Ինչի՞ մասին պիտի խոսեին նրանք իրար հետ, ինչպե՞ս պիտի համակերպեին իրենց հասկացողությունները, իրենց հայացքները, իրենց զգացումները, ճաշակը, հակումները... Կարելի բա՞ն էր միթե միացնել երկու հակառակ բևեռներ: Կարելի բա՞ն էր միթե նորաբողբոջ ծաղիկը տնկել հոտած, մգլած ճահճի մեջ...

Որ այդ ամուսնության մեջ մեղավոր էին Քալիի ծնողները, որ նրա կամքի և զգացումների վրա ամենաանխիղճ, ամենաբիրտ բռնություն էր կատարված ծնողների կողմից, այդ լույսի պես պարզ էր ինձ համար, բայց ինձ վերին աստիճանի զարմացնում էր այն հանգամանքը, թե մի՞թե Քալիի մեջ չկար ինքնուրույնության, ազատասիրության մի կայծ անգամ, որ դիմադրեր իր տգետ՝ անհասկացող ծնողների ստիպմունքին: Հապա էլ ի՞նչ բանի էր պետք նրա ստացած կրթությունը, ուսումը: Իսկ չէ՞ որ ուսման, կրթության ուժն ու զորությունը հենց այն է, որ մարդուն գիտակից է դարձնում, նրա մեջ ինքնուրույնություն է զարթեցնում, բարոյապես ինքն իր տերն է դարձնում նրան: Նա կամքի այնքան ուժ չունեցավ, որ դիմադրեր ծնողներին իմ վերաբերմամբ, թեև անտարբեր չէր դեպի ինձ, գուցե մասամբ և վախեցավ այն բանից, որ մի թափառական չքավոր ուսուցչի կին լինելը շատ էլ վարդագույն հեռանկարներ չէր բանալու իր առջև, բայց մի՞թե կամքի այնքան ուժ էլ չունեցավ, որ բացեիբաց մերժեր հենց թեկուզ միմիայն տարիքով իրեն միանգամայն անհամապատասխան մարդու ձեռքը, ինչքան էլ որ այդ մարդը հարուստ լիներ: Դրա համար խո կախաղան չէի՞ն հանի նրան:

Ուրեմն ճիշտ էր նրա երեսին շպրտած իմ խոսքը. — նա փալաս էր, կամքից, անհատականության, ազատասիրության զգացումից զուրկ մի արարած, մի խոսքովքաղքենի հայ ընտանիքի մեջ մեծացած տիպիկ մի աղջիկ, որի մեջ ուսումը, կրթությունն ամեն բան փոխում է, բացի ստրկական ոգուց: Եթե այդ ստրկական ատելի ոգին մոր կաթի հետ չէր ծծվել և արմատացել նրա մեջ, հապա էլ ո՞ր դեպքում պիտի արտահայտվեր, եթե ոչ ամուսնության խնդրում, — մի խնդիր, որը ոչ միայն իրեն ամուսնացողի, այլև իր ամբողջ հետագա սերնդի բախտի հիմքն է դնում:

Խո չէ՞ր ընդունել, թե Քալին այդ չէր հասկանում իր ձեռքը տգետ, պառավ գինեվաճառին տալիս:

Եթե անգամ նա չէր հասկանում, եթե չէին հասկանում նրա ծնողները, գոնե նրա բարձրագույն կրթության տեր Էսկուլապ եղբայրը պիտի հասկանար և քրոջ սիրույն ետ կասեցներ ծնողներին իրենց կործանարար քայլից: Կամ գուցե քաղքենության ծոցից ելած այդ համալսարանական ինտելիգենտի մե՞ջ ևս հավիտենական մի անեծքով պինդ նստած էր քաղքենին՝ աչքը տնկած իր հարուստ փեսայի քսակին....

Ո՞վ գիտե: Սրանք միայն ենթադրություննե՞ր ասեմ, թե տրամաբանական հետևություններ էին, որ անում էի ես կատարված փաստից:

Այժմ ես արհամարհում էի Քալիին էլ, նրա եղբորն էլ: Նրանց ծնողների մասին խո էլ չեմ խոսում: Եթե դեպի Քալին տածած նախկին սիրույս ավերակներից մի-մի բեկոր դեռևս մնացել էին սրտիս խորքում թաղված, երբեմներբեմն մրայն մխալով, դրանք էլ միանգամից փշրվեցին, փոշի դարձան:

Բայց ինչպես երևում էր, հիասթափությունս միայն սրանով չպիտի վերջանար: Ինձ վիճակված էր անձամբ ականատես լինելու բնական երևույթի տրամաբանական հետևությանը:

Ահա թե ինչպես:

11

Թիֆլիսում այդ ամառ ես իջել էի իմ մի լավ բարեկամի մոտ, Հավլաբարում:

Հավլաբարն ընդհանրապես Թիֆլիսի կեղտոտ քաղաքամասերից մեկն է, իսկ բարեկամս այդ քաղաքամասի ամենաետ ընկած և ամենակևղտոտ փողոցներից մեկումն էր ապրում: Հունիս ամիսն էր, եղանակը տոթ. երեկոյան դեմ նստած էինք դեպի փողոց նայող պատշգամբում, թեյ էինք անուշ անում և վայելում ամեն կողմից փչող գարշահոտությունը: Ներքևը՝ կիսախարխուլ, տափակ կտուրով մի տան առջև, փողոցի համարյա թե մեջտեղում, զանազան աղտեղություններով ծածկված մերկ գետնի վրա, մի-մի սեպ քար տակներն առած, նստոտած էին մի խումբ պառավ և ջահել կանայք, ոմանք ուղղակի բոբիկ ոտներով և գլխների փաթաթների ծայրերը ետ արած, որ մի քիչ հով փչի քրտնակոխ երեսներին: Տոթը դուրս էր քշել նրանց իրենց խոնավ ու մութ տնակներից և նրանք եկել հավաքվել էին մեկտեղ իրենց առօրյա դարդերից խոսելու և բամբասանքների տոպրակը բանալու: Նրանց շուրջը ականջ խլացնող ճիչ ու ծղրտոցով վազվզում էին բազմաթիվ երեխաներ, ոմանց հագին միայն մի շապիկ և ոմանց հագին միայն մի վարտիք: Ինչպես երևում էր, այդ երեխաները շատ էին խանգարում կանանց իրենց բամբասանքները հանգիստ շարունակելու և նրանք անեծքակոխ անելով շարունակ քշում էին իրենց մոտից այդ չարաճճիներին: Չարաճճիները մի րոպե կորչում էին փողոցի այս կամ այն ծայրը և նորից ճիչ ու ծղրտոցով գալիս էին իրենց աղմկալի խաղը շարունակելու նրանց շուրջը: Կանանցից մեկը, որ, ինչպես երևում էր, ամենից ջղայինը և անհամբերատարն էր, հանկարծ վեր թռավ տեղից, վազեց բռնեց երեխաներից ամենաչարաճճիին և սկսեց տուր թե կտաս նրա մերկ հետույքին այնքան կատաղի կերպով, որ շրմփոցի ձայնը մեզ էր հասնում: Երեխան երկար ժամանակ խլպլտում էր նրա ձեռքին, մինչև որ կարողացավ դուրս պրծնել և լաց լինելով փախավ: Կինը, սիրտը հովացրած, եկավ նստեց իր տեղը, շարունակելով իր անլուր անեծքները երեխաների «ետ գցողների» հասցեին: Ծեծված երեխայի ընկերներն ու ընկերուհիները հենց սկզբից ցրիվ էին եկել, անհետացել:

Փողոցը հազիվ մի քիչ հանգստացել էր չարաճճիների ճիչ ու ծղրտոցից, մեկ էլ տեսնեմ որտեղից որտեղ հանդես եկավ մի նոր կին, ինչպես երևում էր, ծեծված երեխայի մայրը: Նրա ձայնը դեռևս հեռվից էր լսվում: Գալիս էր կրակ կտրած աչքերով: Եկավ ու սկսվեց:

Բանավեճը կամ, ավելի լավ է ասեմ, բառավեճը սկզբում ծեծված երեխայի մոր և նրա երեխային ծեծող կնոջ միջև էր: Ասենք դա ավելի շուտ կատաղի մրցություն էր ամենաընտիր և մեծ տաղանդով շարահյուսված անեծքների, որոնց մեջ նույնիսկ հազվադեպ չէին տղամարդկանց բերնից ելնող և նրանց միակ սազական անհամեստ հայհոյանքներ: Հետո մրցությանը սկսեցին մասնակցել և ուրիշները: Մեկը մյուսի ետևից հանդես էին գալիս ընտանիքների այնպիսի կենսագրականներ, ուր «բոզը», «գողը», «կինտոն», «ղումարբազը», «չաթուքեսանը», «ջիբգիրը», «պիանիցը» և այլն, և այլն իրենց պատվավոր տեղն էին բռնել:

Բայց դա միայն նախերգանքն էր: Շուտով սկսվեց և բուն գործողությունը մի շատ փառավոր ապաթյոզով: Երկուսի մենամարտը դարձավ ընդհանուր պատերազմ, որի մեջ չէր երևում ո՜վ էր հարձակվում և ո՜վ պաշտպանվում: Ձեռքեր էին, որ բարձրանում էին և իջնում շրմփոցով, քիթ ու պռունկ էր, որ ջարդվում էր, սուր-սուր եղունգներ էին, որ ցցվում էին մարմինների մեջ, շորեր էին, որ ծվիկ-ծվիկ էին լինում, գլխի փաթաթաններ էին, որ տրորվում էին ոտների տակ, մազեր էին, որ փունջ-փունջ պոկվում էին գլխներից և ցրիվ գալիս գետնին...

Թեև այս տեսարանը ինձ շատ լավ ծանոթ էր դեռևս վեց տարի առաջ՝ իմ նախկին տանտիրոջ բակից, նրա կնոջ՝ գիժ-Կեկելի շնորհիվ, բայց սա մի գրանգիոզ բան էր իմ նախկին տեսածների հանդեպ: Ու մինչդեռ ես, կատարելապես ապուշ կտրած, դիտում էի կանացի այս պատերազմը, բարեկամս ծիծաղից փորը բռնած էր:

Էլ չդիմացա, վեր թռա տեղիցս, որ գնամ ամաչեցնեմ այդ խելագար կանանց և բաժանեմ իրարից, բայց բարեկամս վրա ընկավ թևիս և նստեցրեց տեղս:

Կաց, — ասաց, — թե չէ՝ քեզ էլ այն օրը կգցեն, որ հատ ոտով կփախչես: Սրանք այնպիսի ազազիլ արարածներ են, որ կատաղած ժամանակ մարդ կուտեն: Դու չես ճանաչում սրանց:

Սխալվում ես, — վրա բերի ես, — ես ոչ միայն ճանաչում եմ սրանց, այլև սրանց կարգին պատկանող ամենաազազիլներից մեկի շորշոփն եմ կրել անձամբ:

Հա-ա՞, — ծիծաղեց բարեկամս, — շատ հետաքրքրական է:

Ես քեզ կպատմեմ: Բայց առայժմ պետք է վերջ տա՞լ այս խայտառակությանը, թե ոչ:

Դու հանգիստ նստիր քո տեղը և հուզվելու տեղ զվարճացիր, իրենք իրենց վերջ կտան: Սրանց համար դա պարապ վախտվա խաղալիք է, իրենց առօրյա զբաղմունքներից մեկը: Շուտով հաշտություն կկնքեն, կողմերը կգնան իրենց կորուստները հաշվելու, վերքերին դարման դնելու և վաղը չէ մյուս օրը կտեսնես նրանց նորից մեկտեղ հավաքված առաջվա պես խաղաղ զրույց անելիս: Ես սրանց մշտական հարևանն եմ, գիտեմ սրանց բնավորությունը:

Ճիշտ է, հաշտությունը կնքվեց, բայց ոչ շուտով: Տուրուդմփոցը վերջացավ, բայց փոխադարձ անեծքներով ու հայհոյանքներով համեմված, կանանց ճիչ ու ծղրտոցները դեռ երկար ժամանակ շարունակվում էին, մինչև որ մութը կամաց-կամաց կոխեց, և ամեն մեկը քաշվեց իր տունը:

Ես ու բարեկամս համարյա մինչև կեսգիշեր նստած էինք պատշգամբում: Օդը զովացել էր: Փողոցը ննջում էր հանգիստ: Կանանց ճիչ ու ծղրտոցի տեղ այժմ ծղրիդների քուն բերող անդադրում ճռինչն էր լսվում:

Նստած էինք, և ես ամենայն մանրամասնությամբ պատմում էի բարեկամիս իմ սիրո պատմությունը: Չնայելով վեց տարվա վաղեմությանը, իմ մեջ նորոգվել էր այն բոլոր մաղձը, որ կուտակվել էր սրտիս խորքում դեպի իմ տանտերը, դեպի նրա կինը, դեպի նրա էսկուլապ որդին և մանավանդ Քալին, որ իմ բոլոր հույսերս խորտակեց իր «փալաս» լինելու շնորհիվ: Եվ պատմությանս ընթացքում ոչ մի զորավոր բառ չէի խնայում մաղձս թափելու համար:

Next page