Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Այո, զարմանալի է, կարծես, — շատ ճիշտ նկատեցիր, — դասը չիմացող աշակերտ լինեմ ուսուցչի առաջ կանգնած: Մի տեսակ կուչ եմ գալիս ոչ միայն մարմնով, այլև հոգով:

Այդպես: Որովհետև զգում ես, որ նա բարոյապես մեծ է, բարձր է քեզնից, չէ՞:

Ինչպես թե բարոյապես:

Այսինքն իր ներքին ուժով, — կամքով, բնավորությամբ, խելքով:

Անցյալ գիշեր հո ինքս ասացի, որ շատ խելոք աղջիկ է:

Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև կարծում եմ, նրա խելքը դեռ չես չափել:

Ճիշտ է: Նա շատ քիչ է խոսում, և նրա լռությունից ես ավելի շատ բան եմ զգում, քան եթե շարունակ խոսի:

Գարեգինի այդ խոսքերի վրա հանկարծ մի նոր ենթադրություն ծագեց գլխումս, և նրա խորհրդավոր հարսնացուն շատ զվարճալի գույնով ներկայացավ ինձ:

Պա՛, մեր տղա, — բացականչեցի ծիծաղելով, — կարող է և բոլորովին հակառակը լինել:

Գարեգինը նայեց ինձ զարմացած, երևի, այն բանի վրա, որ լուրջ խոսակցությունը ես հանկարծ ծիծաղի փոխեցի:

Այսի՞նքն, — հարցրեց:

Այսինքն ա՜յն, որ նա կարող է տգետի և հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար լինում են մեր նահապետական ընտանիքների մարդու տալու աղջիկները:

Ի՞նչ ես ասում, — բացականչեց Գարեգինը եռանդուն կերպով և այնպիսի մի եղանակով, որ կարծես մի ծանր վիրավորանք լինեի հասցրած իր անձին: — Նա ավարտել է միջնակարգ դպրոց և պատրաստված է եղել մանկավարժական դասընթացները մտնելու, որ վարժուհի դառնա, բայց ընտանեկան դժբախտ հանգամանքների պատճառով, — այդպես ասաց հայրը, — չի կարողացել իրագործել այդ մտադրությունը, մանավանդ որ մի տարուց էլ ավելի ծանր հիվանդ է եղել: Նա մինչև անգամ կարդացել է քո բոլոր գրվածքները և շատ լավ է ճանաչում քեզ:

Մինչև անգամ: Ա՜յ այդ հավանեցի, — շարունակեցի ես ծիծաղել:

Չէ, հավատացնում եմ քեզ, Միքայել, նա շատ կրթված աղջիկ է: Այ, կգնանք, ինքդ կտեսնես:

Կտեսնեմ, իհարկե, բայց ասելս այն է, որ ես ճանաչում եմ շատ այդպիսի կրթված հայ աղջիկների, որոնց գլխից երկու կոպեկի խելք հազիվ կարելի է քամել: Դու հո գիտես, որ չեն խոսում գլուխները դատարկ լինելուց:

Համաձայն չեմ: Բոլորովին համաձայն չեմ, — վրա բերեց Գարեգինը լրջորեն: — Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է, կնշանակի՝ այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է:

Գարեգինն առհասարակ սիրում էր վերացական դատողություններ և երբեմն շատ խելոք մտքերի հետ այնպիսի անհեթեթ բաներ էլ էր ասում, որ չէի կարողանում ծիծաղս զսպել: Եվ ես սիրում էի նրա այդ դատողություններն իրենց պարզամտության համար:

3

Կառքը կանգ առավ մի նեղ ու մութ փողոցում, մի տան բակի բաց դռան առջև: Այն միջոցին, երբ իջնում էինք կառքից, բակի դռան շեմքում կանգնած մի կին շտապով անհետացավ կիսախավար բակի մեջ:

Կառքը ճամփու դնելով, մտանք բակը և մի կողմի վրա թեքված ճռճռան սանդուղքով բարձրացանք մի շատ նեղ պատշգամբ, որ աղոտ կերպով լուսավորվում էր պատից կախած լապտերով: Մի շարք պատուհանների առջևով, որոնց սպիտակ վարագույրների ետևից լույս էր երևում, Գարեգինն առաջնորդեց ինձ դեպի մի դուռ, որն և առանց նախապես ծեծելու բաց արեց ուղղակի, իբրև տանու մարդ, և հրավիրեց, որ մտնեմ:

Այն սենյակը, ուր մտանք, ըստ երևույթին, հյուրասենյակն էր: Այդտեղ ոչ ոք չկար, բայց հին ձևի գահավորակի առջև, կլոր սեղանի վրա վառվող լամպը ցույց էր տալիս, որ մենք անսպասելի հյուրեր չէինք:

Գարեգինը անուշեղենի փաթեթը դրեց պատի երկայնքով զինվորների պես շարված աթոռներից մեկի վրա, վերարկուն ու գլխարկը հանեց դրեց հարևան աթոռի վրա, մեքենայաբար շտկեց մազերն ու փողկապը և հրավիրեց ինձ, որ հետևեմ իր օրինակին:

Սուսուփուս նստեցինք և սպասում էինք:

Սենյակի կահավորանքը ցույց էր տալիս, որ տանտերերն ունևոր մարդիկ չէին, բայց ըստ կարելույն աշխատում էին ծածկել իրենց չքավորությունը: Բացի հին, շատ հին ձևի գահավորակից, որի կարմիր պաստառի խավը նստելու և մեջքը դեմ տալու տեղերում իջել, գորշ գույն էր ստացել, և նրա առջևը դրված բավական մեծ կլոր սեղանից, որի ծաղկանկար սփռոցի ծայրերը հազիվ էին ծածկում ներքևը երեք ճյուղի բաժանված մի հատիկ ոտը, — սենյակում կային գահավորակի այս ու այն կողմը դրված երկու բազկաթոռ, որոնցից մեկի բազուկը կոտրված էր, մի դյուժինի չափ աթոռ, երեք հայելի՝ մեկը հորիզոնական ձևով գահավորակի գլխին պատից թեք կախած, մյուս երկուսն իրար դեմուդեմ պատն ի վեր ցից կանգնած, ինչպես վարսավիրանոցում, վերջիններիս տակ դրված էր թղթախաղի ծալովի մի-մի սեղան, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած էին մի-մի զույգ բրոնզե ժանգոտ շամդան չվառված մոմերով և ապակյա ցոլուն դինգերով, իսկ հատակի վրա, այդ բոլոր կահավորանքի տակ, պատից պատ փռված էր մի շատ ընդարձակ գորգ՝ հնությունից խավը մաշված և տեղ-տեղ թելերը դուրս թափված: Պատերից մեկի մեջ նկատեցի երկու պահարան, որոնց գոյությունը ծածկելու համար դռներին կպցրած էր միևնույն պաստառը, ինչ որ պատերին: Կլոր սեղանի վրա դրված էր մի ալբոմ և մի գիրք սև կաշեպատ կազմով:

Գարեգինը վերցրեց գիրքը, բաց արեց և իսկույն մեկնեց ինձ, ասելով.

Ահա՜, որ ասում էի:

Գիրքն առա և նայեցի:

Ի՞նչ էիր ասում:

Որ շատ կրթված աղջիկ է:

Գիրքը Ժյուլ Սիմոնի «Բանվոր կինը Եվրոպայում» գրվածքի ռուսերեն թարգմանությունն էր:

Ի՞նչ ես կարծում, — ասացի, — մոռացմա՞մբ է դրել այստեղ, թե դիտմամբ:

Ինչո՞ւ դիտմամբ:

Որ ցույց տա, թե՝ տեսեք ինչպիսի գրքեր եմ կարդում:

Ո՞վ գիտե:

Ու նորից սուս արինք:

Ես դիտում էի բարեկամիս: Անհանգիստ դրության մեջ էր և մի քիչ էլ շփոթված, երևի այն պատճառով, որ ինձ հյուր բերելով՝ ոչ ոք չէր դիմավորել և ոչ ոք ներս չէր գալիս: Խոսում էր կամաց և հանդարտ, կես անհամբեր, կես վախկոտ հայացք էր գցում դեպի հարևան սենյակի դուռը, որը ավելի փոքր ու ցածր էր, քան այն, որտեղով մտանք:

Գուցե չեն իմանում, որ եկել ենք, — ասացի:

Սը՛սս, — շշնջաց Գարեգինը, ձեռքը շրթունքներին դնելով և, աչքերը չռած, ականջները խլշեց:

Հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի ձայներ լսվեցին, հետո հանկարծկանացի մի ջղային ծղրտոց, և ապա ամեն ինչ լռեց առաջվա պես:

Գարեգինը, գույնը նետած, վեր կացավ և կանգնած տեղը քարացավ, ականջը դեպի հարևան սենյակի դուռը լարած:

Այս ի՞նչ էր, — հարցրի զարմացած:

Այս նրա ձայնն էր, — շշնջաց Գարեգինը մեքենայաբար:

Ո՞ւմ հետ էր:

Երևի մոր հետ:

Կարճ ժամանակ մնաց նույն քարացած դրության մեջ, հետո կամաց նստեց և դարձավ ինձ խորհրդավոր շշունջով:

Գիտե՞ս, ես նկատել եմ, որ մոր հետ չունի...

Ինչո՞ւ:

Չգիտեմ:

Լավ, ժամանա՞կ էին գտել կռվելու, — հարցրի կարճ լռությունից հետո:

Գարեգինը չպատասխանեց:

Դարձյալ սուս արինք և դարձյալ սպասում էինք, այս անգամ շատ անախորժ դրության մեջ, և Գարեգինըառավել քան ես:

Վերջապես հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ վրացնակ հագնված մի գիրուկ, ցածրահասակ կին դեռևս բավական ջահել և սիրունատես:

Գարեգինը շտապեց ընդառաջել նրան, համբուրեց նրա ձեռքը և մեզ ներկայացրեց իրար:

Դա հարսնացուի մայրն էր:

Շրթունքները կուչ ու հուպ ածած՝ նա անվստահորեն դարձավ ինձ և կես Թիֆլիսի բարբառով, կես գրական լեզվով ներողություն խնդրեց, որ այսքան սպասեցրեց: Ու սկսեց մի ինչ-որ պատմություն, թե իր քրոջ երեխան հանկարծ վատ էր դառել, թև եկել կանչել էին իրեն, թե երեխան հիմա, փառք աստծո, լավ է, և ինքը հենց նոր է վերադառնում այնտեղից: Պարզ տեսնում էի, որ սուտ էր ասում. ուզում էր մի կերպ արդարացնել իրենց տարօրինակ հյուրընկալությունը և ծածկել այն անախորժությունը, որ պատահել էր հարևան սենյակում:

Բայց այդ անախորժության տպավորությունը դեռևս այնքան թարմ էր, որ երբ նստեցինք, ոչ մեկս չկարողացանք որևէ խոսք արտասանել: Դրությունը չափազանց անհամ էր, լռությունը՝ խիստ ճնշող:

Ո՞րտեղ է Սառան, — վերջապես առաջինը խոսեց Գարեգինն այնքան կամաց, որ կարծես հարևան սենյակում հիվանդ կար պառկած:

Սառան իսկույն գուքա, — պատասխանեց զոքանչը, գլորելով գիրուկ թշերին կախ ընկած շագանակագույն հաստ կավիքները:

Իսկ հայրի՞կը:

Գարեգինը իր ապագա աներոջն արդեն հայրիկ էր անվանում:

Շաբաթ գիշերները նա մի փոքր ուշ է տուն գալի, — կարճ պատասխանեց զոքանչը:

Խոսակցությունն այդ եղանակով շարունակվեց մի կարճ ժամանակ, մեջընդմեջ ընդհատումով: Նկատում էի մի ընդհանուր տրամադրություն. — ամենքս էլ սպասում էինք Սառային, և ես՝ ամենից անհամբեր:

Վերջապես մտավ և նա:

4

Եթե նախապատրաստված չլինեի Գարեգինի պատմածով, կկարծեի, թե մտնողը ոչ թե մի օրիորդ է, այլ հասուն մի կին՝ միջահասակ ու բարեկազմ, և բարակ, ճկուն իրանին անհամաչափ փարթամ, սննդատու կրծքով: Եվ առաջին իսկ հայացքից լիովին ըմբռնեցի, թե ինչու Գարեգինը սիրահարվել էր նրա վրա «տեսնելուն պես», թեև այդ երեկո ապարդյուն անցավ իմ աշխատանքը գտնելու համար նրա աչքերի մեջ այն «լացող հայացքը», որ այնպես գերել էր բարեկամիս: Այդ հայացքն, ընդհակառակն, շատ լուրջ էր, կասկածոտ ու թափանցող և նրա նուրբ գծված, մաքուր դեմքին մի տեսակ խստաբարո արտահայտություն էր տալիս: Չեմ կարող ասել, թե իմ ստացած առաջին տպավորությունը նպաստավոր էր նրա համար, գլխավորապես նրա այդ անբարեհամբույր հայացքի պատճառով, թեև իմ առջև տեսա մի ուրույն գեղեցկուհի, որն իր արտաքինով կարող էր հրապուրել բարեկամիցս շատ ավելի նուրբ ճաշակ ունեցող մարդկանց:

Սառան մտավ ջղային արագ քայլվածքով, կարծես հուսահատական վճռականության մի ուժգին մղումով, և մտնելիս գլխի մի շարժում ով դեպի մեջքը գցեց ուսի վրա ընկած մի հատիկ հաստ գիսակը, որը ամենևին չէր սազում նրա ոչ օրիորդական արտաքինին: Երևում էր, որ նա տնային սովորական հագուստով էրշատ պարզ, բայց ճաշակով կարված և շատ մաքուր: Թե՜ այդ և թե այն հանգամանքը, որ մազերը չէր շինել, ենթադրել էր տալիս, թե բնավ չէր նախապատրաստվել մեզ ընդունելու կամ կարևորություն չէր տվել մեր այցելությանը: Եվ մի րոպե ինձ թվաց, թե դրանով պիտի բացատրվեր նրա և մոր միջև տեղի ունեցած կռիվը հարևան սենյակում:

Նրա մտնելուն պես Գարեգինը վեր թռավ տեղից, վազեց դեպի նա, ուզեց ձեռքն առնել, բայց որովհետև Սառան ուշադրություն չդարձրեց նրա վրա և իր հայացքն ինձ էր ուղղել, ձեռքը ետ քաշեց և շշնջաց. — Այս... մեր խաչեղբայրն է:

Ես շտապեցի առաջ և ներկայացա: Սառան ոչ մի խոսք չարտասանեց, միայն գլխով մի թեթև շարժում գործեց և սեղմեց ձեռքս, շարունակ նայելով աչքերիս «պինդպինդ», ինչպես ասում էր Գարեգինը: Այնուհետև պաշտոնական չոր ու ցամաք ձայնով խնդրեց, որ նստեմ, և, շարունակելով ոչ մի ուշադրություն չդարձնել փեսացուի վրա, նստեց մեկուսի, շիփ-շիտակ, գլուխը բարձր ու հպարտ, և հայացքը, համարձակ ու թափանցող, չէր հեռացնում ինձնից, որով կարծեմ ասում էր. «Դուք եկել եք ինձ տեսնելո՞ւ և դիտելո՞ւ: Համեցեք, ինչքան ուզում եք նայեցեք և դիտեցեք, ես ձեզնից ոչ վախենում եմ, ոչ էլ ձեր կարծիքին որևէ նշանակություն տալիս, ես ձեզ ամենքիդ էլ արհամարհում եմ և մոռացնել կտամ ձեզ ամուսնացող աղջկա վրա իբրև ծախս ձիու վրա նայելու ձեր դարձելի սովորությունը»:

Ա՞յս էր ասում արդյոք նրա հայացքը, թե՞ այդ հայացքի ազդեցության տակ ես էի նրա փոխարեն այդպես մտածում, — չգիտեմ, միայն ակամա շփոթված. հեռացրի նրանից իմ դիտողի հայացքը, զգալով, որ առջևս նստած է «ծախու ձիերից» հազարից հազիվ մեկը, որ ծայր աստիճան նախանձախնդիր է իր մարդկային արժանապատվության և գիտե, թե ինչպես պետք է հակահարված տալ իր այդ արժանապատվությունը նվաստացնողներին:

Աղջկա ներս մտնելուց մի կարճ ժամանակ հետո մայրը վեր կացավ, ինչ-որ փսփսաց նրա ականջին և, ներողություն խնդրելով մեզնից, դուրս գնաց: Սառան նրան ճանապարհ դրեց մի երկար, անհաշտ հայացքով: Պարզ երևում էր, որ ատում էր մորը և ամենևին չէր ծածկում այդ բանը:

Գարեգինը, կարծես հանկարծ հիշելով, վեր թռավ, գրպանից հանեց ականջի օղերի տուփը, բաց արեց և բռնեց ճրագի դիմաց այնպիսի մի ձևով, որ կարծես ուզում էր մեկուսի և բավական հեռու նստած հարսնացուին հրապուրելով մոտեցնել: Ադամանդներն օղերի մեջ ճրագի լույսի տակ պսպղացին խոշոր աստղերի բոլոր ցոլուն երանգներով:

Այս մեր խաչեղբոր նվերն է, — ասաց Գարեգինը և, նայելով ինձ, չգիտեմ՝ հիմարաբա՞ր, թե խորամանկորեն, ժպտաց:

Ապշած նայեցի նրան, թե կատակ էր անում, շատ հիմար կատակ էր: Իմ լուրջ և հանդիմանական հայացքի ազդեցության տակ երևի հասկացավ իր հիմարությունը և կարմրեց, բայց շարունակում էր ժպտալ:

Բարեկամս կատակ է անում, օրիորդ, — ասացի դառնալով Սառային, — այդ ինքն է նվեր բերել ձեզ համար:

Որ դու հիմարություն անվանեցիր, — չգիտեմ որտեղից և ինչու համար հնարելով, վրա բերեց Գարեգինը և այս անգամ խնդաց:

Սառան փոխնիփոխ նայում էր մերթ ինձ, մերթ Գարեգինին: Ըստ երևույթին, շատ զարմացած էր և չէր հասկանում, թե ինչ ենք խոսում մենք: Նա ոչ միայն չմոտեցավ, այլև բնավ ուշադրություն չդարձրեց չարաբաստիկ օղերին:

Լավ, օղերը որ ես եմ նվեր բերել, հապա ա՞յս ով է բերել, — ասաց Գարեգինը, գնաց աթոռի վրայից վերցրեց անուշեղենի փաթեթը, բաց արեց և բերեց դրեց օղերի տափի կողքին: — Այս հո դու ես նվեր բերել:

Ու այս անգամ քրքջաց պարզապես մի իդիոտական քրքիջով:

Արդեն համը տարավ, և ես սկսեցի այլևս չնեղանալ նրանից, որովհետև պարզ տեսնում էի, որ ուրախությունից հիմարացել էր և չէր նկատում, որ իր վարմունքով ու խոսքերով ավելի ու ավելի էր ապշեցնում հարսնացուին:

Դիտելով Սառային, որը շարունակում էր ապշած նայել մերթ ինձ, մերթ իր փեսացուին, ինձ զարմացնում էր մի բանթե ինչպես էր եղել, որ այդ անշուշտ խելացի ու լուրջ աղջիկը հենց նշանտուքի գիշերը, երբ իր փեսացուն այդպես հիմարություններ շատ պիտի լիներ արած, չէր ճանաչել նրան և համաձայնել էր նրա կինը լինել: Բայց որ Սառան ամենևին չէր հավանում իր փեսացուին և նրա վրա բարձրից էր նայում, այդ պարզ տեսնում էի նրա արհամարհական վերաբերմունքից:

Սակայն ես ավելի իմ մասին էի հոգում: Բանն այն է, որ վախենում էի, թե ընկերս իր հիմար վարմունքով մի գուցե ինձ էլ վարկաբեկի Սառայի առջև, որը, զարմանալի է, միմիայն այն բանով, որ չէր խոսում և շարունակ դիտում էր մեզ զարմացած, մի տեսակ երկյուղ էր ազդում ինձ և ստիպում զգույշ լինելու: Այդ պատճառով շտապեցի վերջ տալ Գարեգինի հիմարություններին և, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ Ժյուլ Սիմոնի գիրքը ձեռքումս էր, հարցրի.

Այդ դո՞ւք եք կարդում, օրիորդ:

Ոչ, — պատասխանեց նա կտրուկ:

Հապա ինչո՞ւ էր այստեղ դրված. — մեջ ընկավ Գարեգինը:

Սառան, նրան պատասխանելու տեղ, ինձ դիմեց.

Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այս երեկո վերադարձրեց:

Ուրեմն քո՞նն է, — հարցրեց Գարեգինը և, վեր կենալով գնաց նստեց նրա մոտ:

Այդ եզակի դիմումը, ըստ երևույթին, բավականին անհաճո թվաց Սառային: Նա հոնքերը կիտեց և, թերթերունքների տակից նայելով դեպի ցած, պատասխանեց ոչ իսկույն,

Այո:

Իսկ դու կարդացե՞լ ես, — հարցրեց Գարեգինը, ըստ երևույթին, ուրախացած, որ առիթ ունի զրույց անելու հարսնացուի հետ, և ամենևին չնկատելով, որ այդ հարցուփորձը և մանավանդ իր մերձավորությունը անախորժություն է պաճառում նրան, ինչպես ես էի եզրակացնում Սառայի դեմքի արտահայտությունից:

Սառան հանկարծ վեր կացավ և արագ քայլերով դիմեց դեպի ինձ.

Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ:

Ու նախքան ես Ժյուլ Սիմոնը կմեկնեի, նա գիրքն առավ ձեռքիցս այնպիսի մի ձևով, որ ինձ թվաց թե խլեց, և տարավ գցեց պատի մոտ, հայելու տակ դրված սեղանի վրա: Զսպած ներքին զայրույթից նրա դեմքին թեթև շառագույն էր պատել, աչքերը չար արտահայտություն էին ստացել:

Հարսնացուի այդ, — կոպիտ որ չասեմ, — խիստ տարօրինակ վարմունքը շատ կոտրեց խեղճ փեսացուի սիրտը: Սկզբում Գարեգինը տեղն ու տեղը սառեց, հետո, երբ Սառան վերադարձավ և հոնքերը կիտած նստեց իր տեղը, նա մինչև անգամ վախկոտությամբ իր աթոռը մի քիչ հեռու քաշեց:

Դու վիրավորվեցի՞ր, — հարցրեց վարանքով:

Ես առհասարակ չեմ սիրում, որ ինձ հարցաքննում են, — պատասխանեց Սառան խստորեն, առանց նրան նայելու:

Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի, — թոթովեց խեղճ բարեկամս:

Դուք (Սառան առանձնապես շեշտեց այդ «դուքը») այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի: Գարեգինը բոլորովին կուչ եկավ:

Ես... ներողություն... Ես չէի կարծում... Հարցրի այնպես... Որ գիտենայի... Դու... իզուր...

Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսեք, — հանկարծ ընդհատեց նրան Սառան այնպիսի մի եղանակով, որ ինձ թվաց, թե այդ խոսքերի տեղ եթե ապտակ տար, տպավորությունը միևնույնը կլիներ:

Խեղճ բարեկամս գույնը նետեց և պապանձվեց: Այդ րոպեին այնքան արգահատելի տեսք ուներ նա, և այդ տեսարանն ընդհանրապես այնքան ճնշող էր ինձ համար, որ ի՜նչ չէի տալ, միայն թե ներկա չլինեի:

Եվ աստված գիտե, թե ինչով պիտի վերջանար այս տարօրինակ ընդհարումը նոր նշանված զույգի միջև (հոգիս պարզապես մի շատ վատ սկանդալ էր գուշակում), եթե, բարեբախտաբար, չմտներ այդ րոպեին Սառայի հայրը:

Խեղճ բարեկամս այնքան էր շփոթված, որ բոլորովին մոռացավ ինձ ներկայացնելու իր աներոջը: Ուստի ներկայացա ինքս անձամբ:

5

Բարձրահասակ, բայց մեջքից կորացած մի ժիր ծերունի էր Բաղիրյանը, արծաթի պես սպիտակ մազերով և կենսուրախ հայացքով: Նայելով նրա խորամանկ, ծիծաղկոտ աչքերին, թվում էր, թե երբեք ոչ տխրել է, ոչ էլ բարկացել: Ինձ ընդունեց վերին աստիճանի սիրալիր կերպով և առաջին իսկ խոսքերից այնպիսի մի տրամադրություն ստեղծեց իմ մեջ, որ կարծես շատ հին բարեկամներ էինք:

Երբ, առաջին ծանոթության սովորական խոսքերը փոխանակելուց հետո, տանտիրոջ հրավերով նորից նստեցի, տեսա Սառան այլևս չկա սենյակում:

Օհո՛, սուվենի՞ր, — բացականչեց Բաղիրյանը, տեսնելով սեղանի վրա, բաց տուփի թավշյա բարձիկի մեջ խրված ոսկե օղերը և մի քննական հայացք գցեց նախ ինձ, հետո փեսայի վրա, կարծես կամենալով առանց մեր թելադրության իմանալ, թե ո՜ւմ ընծան էր: Հետո մի «ըհըմ» արավ, ժիլետի գրպանից հանեց ակնոցը, դրեց քթին, վերցրեց տուփը, մոտեցրեց լույսին և սկսեց դիտել ակնոցի մերթ միջից, մերթ վերևից և մերթ տակից, որի ժամանակ շատ զվարճալի կերպով բարձր ու ցածր էր անում գլուխն ու հոնքերը: Օղերը դիտելուց հետո բաց արեց անուշեղենի արկղիկը և դարձավ Գարեգինին.

Այս ո՞վ է սովորեցրել քեզ, թե նշանածի համար պետք է այսպիսի բաներ բերել: Իսկ ես կարծում էի, թե գառան պես միամիտ ես: Ախ դու ժուլիկ, ժուլիկ:

Ու մի ձեռքը դնելով Գարեգինի կրծքին, մյուսը մեջքին, խտղտեց նրան խնդալով:

Բայց Գարեգինի շփոթմունքը դեռ չէր անցել, վերին աստիճանի խղճալի դրության մեջ, նստած տեղում մնացել էր կաշկանդված: Աներոջ հայրական բարեսիրտ խոսքերին պատասխանելու համար, ըստ երևույթին, ուզեց մի բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել, միայն դեմքի վրա լացախառն մի ժպիտ երևաց:

Բաղիրյանը կարծես նոր նկատեց, որ ինչ-որ բան է պատահել նրան, մի կարճ ժամանակ նայեց նրա աչքերին քննական հայացքով ուղղակի ակնոցի միջից, հետո նստեց նրա մոտ և հարցրեց լուրջ դեմք առած.

Ի՞նչ է պատահել: Նեղացրե՞լ են քեզ:

Լացախառն ժպիտը ծամածռեց Գարեգինի դեմքը, և նա պատասխանեց ոչ իսկույն.

Ոչ: Ես նեղացրի:

Բաղիրյանը գլուխը վեր ձգեց և նայեց ակնոցի միջից:

Ո՞ւմ;

Սառային:

Բաղիրյանը գլուխը ցածրացրեց և նայեց ակնոցի վերևից:

Ի՞նչպես:

Չգիտեմ, — կմկմաց Գարեգինը պատժված երեխայի պես աչքերը վայր թողած: — Կարծեց, թե ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ այդպիսի միտք ամենևին չեմ ունեցել: Ներողություն խնդրեցի... չներեց և... դուրս գնաց:

Ու ողորմելին քիչ մնաց լաց լինի: «Վա՜յ խեղճ մեծ երեխա», — արտասանեցի մտքումս ակամա ժպտալով:

Ա՞յդ միայն, — հարցրեց Բաղիրյանը:

Հետո... նեղացավ, որ դու-ով էի խոսում հետը:

Բաղիրյանը հանկարծ այնպես պինդ ծիծաղեց, որ ակնոցն ընկավ քթից և կախ ընկավ վզովն անցկացրած ղայթանից:

Վա՜յ, վայբացականչեց նա, — տեսա՞ք ինչ է պատահել, էդ հո ամեն բան քանդվե՛ց, կործանվե՛ց, վերջացա՛վ, պրծա՜վ, գնա՛ց, մո՛ւթ, խավա՛ր, տարտարո՛ս... Հիմի ի՞նչ անենք:

Ու սկսեց նայել մերթ ինձ, մերթ Գարեգինին այնպիսի մի կոմիկական տարակուսանքով, որ ծիծաղս չկարողացա զսպել:

Բայց որովհետև Գարեգինը, ըստ երևույթին, տրամադրություն չուներ ոչ ծիծաղելու և ոչ նույնիսկ ժպտալու, Բաղիրյանը հանկարծ լուրջ դեմք առավ, ղայթանից կախ ընկած ակնոցը ժիլետի գրպանը կոխեց, մի ձեռքով կես գրկեց փեսացուին և սկսեց մխիթարել:

Բան չկա, բալիկս, բան չկա, սիրտդ մի կոտրի: Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնես, ուր կերթա, հա՛: Դուք դեռ չեք ճանաչել իրար: Երեկ մեկ, էսօր երկու: Քանի գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար: Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը իրար արևով կերդվեք: Ճիշտ է, թաքցնելու ի՞նչ կա, նա մի քիչ ուրիշ տեսակ աղջիկ է, ջղային է, բայց դու նրա լեզվին մի նայիր, սիրտն ուղղակի աղավնու սիրտ է: Լուցկու պես ձեռաց կվառվի և իսկույն էլ կհանգչի: Այդպես է նրա գրգռմունքը: Այ շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին, և կտեսնես ճիշտ եմ ասո՞ւմ, թե ոչ:

Նկատեցի, որ Գարեգինն աներոջ այդ պերճախոսությունից բավականին հանգստացավ և սկսեց ժպտալ գուրգուրված երեխայի պես:

Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց, — գանգատվեց նա:

Այս հրաշալի օղերի՞ն: Հըմ, բաս դու իսկապես որ շատ միամիտ մարդ ես եղել և ամենևին չես ճանաչում կանանց: Ասա, խնդրեմ, ի՞նչպես կարող է կին արարածը այսպիսի բաների վրա ուշադրություն չդարձնել: Հը՞, պարոն Մարգարյան, այսպիսի բան կարելի՞ է, — դիմեց ինձ Բաղիրյանը և ինքն էլ պատասխանեց իրեն. — իհարկե ոչ: Հա՛, այս մեկը ճիշտ է, որՍառան ուրիշների պես հիմար չէ, — ավելացրեց նա, նորից դառնալով Գարեգինին, — և իսկույն վրա չէր ընկնի ուրախացած, նա ծանրաբարո, խելացի, ինտելիգենտ աղջիկ է, որի համար այսպիսի զիզիբիզի բաները կարող են այնքան էլ նշանակություն չունենալ: Բայց և այնպես, էլի եմ ասում, նա կին է, հասկանո՞ւմ ես, կին. և մեկ անգամ որ բերել ես այս ընծան, արդեն գիտե, որ սա իրենն է, իր սեփականը և մենակ մնացած ժամանակ էլ շատ լավ կարող է տնտղել, անցկացնել ականջներին, շուռումուռ գալ հայելու առջև և ուրախանալ: Հը՞, ճիշտ չե՞մ ասում, պարոն Մարգարյան:

Քաղաքավարությունը ստիպում էր ինձ հավանություն տալ այդ շատախոս ծերունու խոսքերին, մանավանդ որ, — այդ բանը տեսնում էի նրա ինձ վրա նետած խորհրդավոր հայացքներից և խոսակցության եղանակից, — նա ուզում էր, որ ես օգնեմ իրեն փեսացուի կոտրված սիրտը տեղը գցելու:

Մտավ Բաղիրյանի կինը, կավիքները ոլորելով: Օղերը տեսնելուն պես նրա աչքերը փայլեցին, չգիտեմ՝ հիացմունքից, թե նախանձից: (Սպիտակահեր ամուսնու մոտ այդ կինը ավելի ևս ջահել երևաց իմ աչքին):

Գարեգինի տրամադրությունը բոլորովին բացվեց, և ես նորից տեսա նրան առաջվա պես պարզամիտ, սրտաբաց, ուրախ ու շատախոս, կարծես ոչինչ չէր պատահել:

Բայց նրա ուրախ տրամադրությունը նորից խանգարվեց շուտով, խանգարողը դարձյալ իր հարսնացուն էր:

Սկսվել էր մի ընդհանուր կենդանի խոսակցություն, երբ մտավ Սառան մատուցարանը ձեռքին, որով թեյ էր բերում:

Գարեգինը, որ, ոտի կանգնած, իրեն հատուկ պարզամտությամբ ինչ-որ փիլիսոփայություններ էր դուրս տալիս, հարսնացուին տեսնելուն պես լռեց, ինչպես հանկարծ լռում է չարություն անող աշակերտն ուսուցչին տեսնելիս, և նստեց, մի վախկոտ հայացք գցելով նրա վրա:

Մի անհարմար լռություն տիրեց սենյակում: Եվ այդ ընդհանուր լռության մեջ Սառան սկսեց բաժանել բաժակները կենտրոնացած հայացքով, առանց ոչ ոքի նայելու: Ինձ թվաց, թե ամենից ավելի նա պետք է ճնշվեր այդ լռությունից, քանի որ պատճառն ինքն էր, և ամենքի հայացքը նրան էր ուղղված, բայց ընդհակառակն, շատ հանգիստ էր երևում: Երբ մոտեցավ հորը, Բաղիրյանը, բարեսիրտ-հեգնական ժպիտով ներքևից նայելով նրա վայր թողած աչքերին, նկատեց.

Լսիր, ինչո՞ւ ես նեղացրել մեր այս սիրելի պարոնին: Սառան ոչինչ չպատասխանեց:

Ինձ նայիր:

Սառան, մի չարագուշակ հանգստությամբ աչքերը միշտ վայր թողած, կանգնած էր հոր առջև և, մատուցարանը ձեռքին, սպասում էր, որ նա վերցնի իր բաժակը:

Քեզ հետ չե՞մ: Ինձ նայիր, — կրկնեց հայրը:

Սառան դարձյալ կանգնած էր լուռ և արձանացած: Նկատեցի, որ մատուցարանը սկսեց թեթևակի դողալ նրա ձեռքին:

Տե՜ս, ինչ սիրուն բան է բերել քեզ համար, — ասաց հայրը և օղերի տուփը վերցնելով՝ ուզեց կամացուկ խփել նրա կզակին:

Բայց Սառան ջղային հանկարծական մի ցնցումով գլուխը հետ գցեց, մատուցարանը պահեց մի ձեռքում, մյուսով վերցրեց վերջին բաժակը, դրեց հոր առաջ և դիմեց դեպի դուռը: Նրա դեմքն այնպիսի մի զսպված զայրույթ էր արտահայտում, որ ես ուղղակի սարսափով սպասում էի, թե ահա, որտեղ-որ է, մի սկանդալ կհանի:

Դե, այդ արդեն բանի նման չէ, — կես-կատակով, կես-լրջորեն կանչեց նրա ետևից հայրը: — Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում:

Սառան հանկարծ կանգ առավ դռան մոտ, մի շատ սուր հայացք նետեց հոր վրա և նկատեց չափազանց լրջորեն.

Հայրիկ, ճշմարիտ, ես չեմ հասկանում, թե այդ ինչ վարմունք է: Երեխա՞ եմ, ինչ է, որ...

Նա չվերջացրեց խոսքը, դարձավ և դուրս գնաց, դուռը շրխկացնելով իր ետևից:

Քա՜, — արտասանեց Բաղիրյանի կինն ամոթահար և ձեռքը բռունցք շինած՝ դրեց շրթունքին ի նշան ապշության:

Բաղիրյանը սկզբում բավական շփոթվեց, բայց շուտով հավաքեց իրեն և դարձավ ինձ այնպիսի վարանոտ հայացքով, որով կարծես ներողություն էր խնդրում պատահած անախորժության համար.

Ասացի, չէ՞, ջղային է, և տրամադրությունն էլ այսօր, ինչպես երևում է, լավ չէ: Ասենք, մեղավորը ես եմ: Չէ՞, սիրելի փիսիկս, — դարձավ նա Գարեգինին, մտերմորեն գրկելով նրա ուսը: — Լսո՞ւմ ես, փիսիկս եմ ասում և ոչ փեսիկս: Մեղավորը միշտ մենք ենքես ու դու, դու և ես:

Եվ Բաղիրյանը քահ-քահ ծիծաղեց, ինչպես ինձ թվաց՝ ավելի նրա համար, որ ցրի աղջկա ավելի քան տարօրինակ վարմունքի թողած ընդհանուր անախորժ տպավորությունը.

Բայց այդ տպավորությունն այնքան ծանր էր ինձ համար, որ ես հազիվ կարողացա մի կեղծ ժպիտ խաղացնել դեմքիս, ընդառաջելու համար բարի ծերունու ցանկությանը: Ես ուղղակի ամաչելով էի նայում նրան, որ նա իր և կնոջ ամոթը պարտկելու համար ստիպված էր դրությանը չսազող կատակների դիմել, կարծես եսմի կողմնակի և օտար անձնավորությունմեղավոր էի, որ ներկա էի նրանց այդ ընտանեկան անախորժության: Եվ եթե գիտենայի, որ անքաղաքավարի բան արած չեմ լինի և ավելի խորացրած նրանց ամոթահար դրությունը, իսկույն վեր կկենայի և կգնայի: Ուստի ստիպված եղա «վայելելու» թեյի երկրորդ բաժակն էլ, որ այս անգամ հրամցրեց տիկին Բաղիրյանը, որովհետև Սառան այլևս չերևաց: Այնուհետև մի քիչ մրգեղեն «անուշ արինք», դարձյալ առանց Սառայի ներկայության: Բաղիրյանը, մի քանի անգամ դուրս ու տուն անելուց հետո, փորձեց դարձյալ կատակների դիմել՝ աղջկա բացակայությունը բացատրելու և արդարացնելու համար, բայց այդ էլ չօգնեց: Ոչ միայն մեր, այլև իր տրամադրությունը, ինչպես նկատում էի, անդարձ փչացել էր այդ երեկո:

Ես վեր կացա և, շնորհակալությամբ հրաժարվելով Բաղիրյան ամուսինների, իհարկե, լոկ քաղաքավարության համար առաջարկած ընթրիքից, հրաժեշտ տվի:

Գարեգինը, ըստ երևույթին, ուզում էր մնալ, բայց տեսնելով, որ ես գնում եմ, ինքն էլ վեր կացավ: Զոքանչն ու աները, թերևս իմ պատճառով, շատ էլ չթախանձեցին նրան, որ մնա:

Ու դուրս եկանք միասին:

6

Երկար տեղ գնում էինք լուռ: Գարեգինը հոգեկան չափազանց ճնշված դրության մեջ էր:

Ա՞յդ է քո շատ խելոք, շատ կրթված և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ տեսակ աղջիկը, — վերջապես խոսեցի ես:

Գարեգինը ձայն չհանեց: Զգում էի, որ ավելի շատ այն բանից էր ճնշված, որ իր հարսնացուն իմ ներկայությամբ ոչ միայն չէր արդարացրել իր գովասանքները նրա մասին, այլև բնավորության այնպիսի գծեր էր դրսևորել, որոնք իր համար էլ անսպասելի էին: Եվ մեղքս գալիս էր ասելու նրան այն, ինչ որ անհրաժեշտ էի համարում ասել իբրև բարեկամ: Բայց նրան ժամանակին չզգուշացնելն էլ հանցանք կլիներ իմ կողմից: Ուստի ասացի ուղղակի.

Ես կարծում եմ, ինքդ էլ զգում ես, որ քո այս այցը պետք է վերջինը լինի, եթե, իհարկե, դու փոքրիշատե պատվո զգացում ունես:

Ինչպե՞ս թե վերջինը, մեքենայաբար հարցրեց Գարեգինը:

Այնպես, որ անմիջապես պետք է ձեռք վերցնես այդ աղջկանից: Դուք չեք կարող իրար մարդ ու կին լինել:

Գարեգինն իսկույն չպատասխանեց: Բայց այն բանից, ինչ որ ասաց, տեսա, որ նա նույն տարակուսանքի մեջ է և նույնն է մտածում, ինչ որ ես:

Հետո կարո՞ղ եմ, — ասաց կամաց և այնպիսի եղանակով, որ կարծես ինձ չէր պատասխանում, այլ իր մտածմունքներին:

Ու ձայնից նկատեցի, որ թուքը կուլ տվեց:

Ակամա կանգ առա և զարմացած նայեցի նրա երեսին:

Մի՞թե, իսկապես, այնքան սիրահարված ես, որ չես կարող:

Այո, չեմ կարող... Ուղղակի չեմ կարող, — ասաց լացագին, առանց ինձ նայելու:

Բայց քո սերը քանի՞ գրոշ արժի նրա համար: Մի՞թե չես տեսնում, որ չի հավանում քեզ: Եվ ոչ միայն չի հավանում, այլև տեսնել անգամ չի ուզում:

Ինչ անեմ, ես սիրում եմ, — կրկնեց Գարեգինը քմահաճ երեխայի բութ համառությամբ:

Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում, — ասացի ես համոզիչ եղանակով և, նրա թևն առնելով, առաջ տարա: — Դու երեխա չես, տղամարդ ես՝ փոքրիշատե դատելու ընդունակ, և, ես կարծում եմ, սերը դեռևս այնքան էլ չի կուրացրել քեզ, որ իրերը չտեսնես իրենց իսկական գույնով: Մի՞թե այդ աղջկա թե՜ դեպի քեզ և թե՜ դեպի ծնողները ցույց տված վարմունքից պարզ չէ քեզ համար, որ նրան զոռով են կպցրել քեզ, և նա վերջ ի վերջո պիտի մերժի քեզ: Մի՞թե քեզ հաճելի կլիներ այդ խայտառակությունը:

Հաջորդ էջ