Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Դե, հլա քսան մանեթ էլ հերիք ա, աղա, — նրա խոսքերից սրտապնդված ասաց Սաքուլը, — ու թե որ վերջը... Սերգեյ Ստեփանիչը հանկարծ լուրջ դեմք ընդունեց:

Է, էդ չըլավ, էդ չըլավ, ուստա Սաքուլ, — շտապեց ընդհատել նրան: — Քսան մանեթն էլ որ տալիս եմ, Սաքուլ ջան, հոգուս խաթեր եմ տալիս, չունքի լավ մարդ ես, լավ ուստա ես, ինձ հմար շատ ես բանել, համ էլ խմող չես:

Աստված քեզ երկար կյանք տա, աղա ջան: Ես էլ քու հացը շատ եմ կերել, շնորհակալ եմ. դե ինչ ասեմ, աղա ջան, թե որ լավացա, չմեռա, էն ես գիտամ էլի:

Դե, հըմի մի քիչ սպասի, հրես շաբաշ կանեն, կգնանք ինձ մոտ մի վեքսիլ կգրենք յառսուն մանեթի, — էն առաջվա տասը մանեթն էլ հետն եմ ասում, — ու վերջը, երբ որ կլավանաս կամ փողը կտաս, կամ փողի տեղ կբանես: Հը, լավ չեմ ասո՞ւմ, — հարցրեց Սերգեյ Ստեփանիչը, տեսնելով, որ Սաքուլը, վեքսիլի անունը լսելով, մի քիչ մտատանջության մեջ ընկավ:

Դե ոնց որ ուզում ես, աղա ջան, — ասաց Սաքուլն ականջի հետևը քորելով:

Չէ, դո՞ւ ոնց ես ուզում: Վեքսիլ նրա հմար եմ ասում, որ տան գրավը ղալմաղալ բան աէլ նատարիուս, էլ կոլպչի, էլ պոշլինի, — օրեր կքաշի, համ էլ անմեղ տեղը ծախսեր կգնա:

Լավ, թող վեքսիլ ըլի, — համաձայնեց Սաքուլը:

* * *

Հետևյալ օրն ևեթ Նատոն մի քանի արշին սպիտակ միտկալ գնեց, շապիկ կարեց և հագցրեց Սաքուլին արխալուղի վրայից, իսկ մի քանի օրից հետո «թելեժկեն» բարձած, իրենք էլ երեխաներով վրեն նստած՝ առավոտյան վաղ բռնեցին Թելեթի ճանապարհը: «Թելեժկի» հետևը ոտներից պինդ կապկապած՝ պառկած էր մատաղացու ոչխարը և գլուխը դրած «թելեժկի» ճռճռացող տախտակներին իր ոչխարամիտ հայացքով նայում էր հետևից երկար ու մեկ ձգվող արևակեզ փոշոտ խճուղուն:

Երկար քարքարոտ ճանապարհը, «թելեժկի» տատանումը, տոթ եղանակը բոլորովին ուժասպառ արին Սաքուլին, այնպես որ, երբ ճաշի դեմ Թելեթ հասան, մոր և կնոջ օգնությամբ հազիվ կարողացավ իջնել «թելեժկից» և, ոտները քարշ տալով, գնաց նստեց հսկայական ընկուզենու տակ երկայն նստարանի ծայրին:

Նույն ընկուզենու ընդարձակ հովանու տակ քառակուսի տախտակամածի վրա հավաքված էին զուգված-զարդարված մի խումբ տիկիններ, օրիորդներ և դպրոցական տղաներ ու աղջիկներ թիֆլիսեցի հարուստ բազազների, բախկալների ու գինեվաճառների ընտանիքներից, որոնք ծառաներով ու աղախիններով եկել բռնել էին վանքի ամենալավ սենյակները ոչ այնքան իբրև ուխտավոր, որքան իբրև ամառող: Նույն տեղը առանձնակի նստած էին իրար կողքի գյուղի երկու քահանաներ, ամեն մեկի ձեռքին մի հովանոց, և աչքերը քաղցած գայլերի պես տնկել էին դեպի ուխտավորների բնակարանների երկայն պատշգամբը, որտեղ աղախինները և ծառաները սուրճի պատրաստություններ էին տեսնում սպիտակ սփռոցներով ծածկված սեղանների վրա:

Վանահայրըխոզ կտրած մի վարդապետ, կապայով և թասակը գլխինիր բնակարանի պատշգամբում, զանգակատան տակ, նարդի էր խաղում ուխտավոր ընտանիքներից մեկին պատկանող մի երիտասարդի հետ:

Դուք գնացեք համբուրեցեք, մինչև ես տեղաշորը կգցեմ ու բարգն էլ տուն կածեմ, — ասաց Նատոն սկեսորն ու ամուսնուն:

Պառավն առավ Սաքուլի թևը, մտան եկեղեցի, մոմ վառեցին, համբուրեցին, ծունր դրին, աղոթք արին, դարձյալ համբուրեցին, «պահպանիչ» ասել տվին քահանաներից մեկին, որը շտապել էր ներս մտնել եկեղեցի նրանց հետևից: Այդ բոլորը տևեց այնքան երկար, որ երբ դուրս եկան, Նատոն բացանողի պատվերի համաձայն, արդեն անկողին էր պատրաստել եկեղեցու տակ, հետևի կողմը և հետները բերած իրեղենները թափել էր դատարկ սենյակներից մեկում: Ծծի երեխան լաց էր լինում փոքրիկ աղջկա գոգին, որը օրորելով և «սը-սը» անելով ապարդյուն աշխատում էր լռեցնել նրան:

Եկեղեցուց դուրս գալուն պես Սաքուլը պառկեց անկողնում:

Մայրը թողեց նրան և գնաց հարսին օգնելու, որ սենյակը կարգի՝ դնեն: Սենյակը խոնավ և աղտոտ էր:

Այդ և հետևյալ օրը գիշեր-ցերեկ Սաքուլը պառկած էր անկողնում եկեղեցու պատի տակ: Գիշերները նրա մոտ նստած հսկում էր մայրը համարյա անքուն: Բարեբախտաբար այդ երկու օրը եղանակը լավ էր, և Սաքուլը բավական լավ էր զգում իրեն: Երկրորդ օրը առավոտյան մատաղը մորթեցին: Ամենալավ կտորները և մորթին տարան վանահայրը, տերտերները, տերացուն և ժամկոչը, մնացածից շատը բաժանեցին հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը տարան գյուղի բոկոտն երեխաները և կանայք, որ հավաքվել էին, հազար ու մի տեսակ ամաններ ձեռքներին:

Օրը տոթ էր, շունչ քաշել չէր լինում: Երեկոյան դեմ երկինքը թխպեց, արագորեն սևացավ, հրեղեն կայծակներն սկսեցին պատռել ամպերի կուրծքը նախ հեռավոր ու խուլ, հետո ավելի ու ավելի մոտեցող և ուժգին որոտումներով. օդը սկսեց շարժվել և ցրտել, հետո հանկարծ այնպիսի մի ուժգին փոթորիկ բարձրացավ շրխկոցով ու թրխկոցով, որ երկինք ու երկիր խառնվեցին իրար փոշով ու աղբով: Մի ինչ-որ ցուրտ բան, կլորիկ ու պստիկ, հրացանի կոտորակի պես թրխկաց Սաքուլի երեսին, որ վերմակի տակ պառկած դիտում էր մոլեգնած բնության այդ արհավիրքը: Մի կոտորակին հետևեց երկրորդը, երրորդը... ավելի ու ավելի հաճախ ու խոշոր: Սաքուլը շտապեց շուռ գալ կողքի և գլուխը ծածկեց վերմակի տակ: Նույն րոպեին զգաց, որ կարկտախառն անձրևը թակում է վերմակը: Նատոն ձեռաց վազացրեց մի մեծ կապերտ և ձգեց նրա վրա: Պառավն էլ մի երկու տոպրակ բերեց և ձգեց կապերտի վրա:

Սաքուլը կուչ էր եկել այդ ծանրության տակ, ճնշվելով օդի պակասությունից, և ականջ էր դնում, թե ինչպես կարկտախառն հորդառատ անձրևը շփշփոցով թակում էր տոպրակներն ու կապերտը, թե ինչպես երկինքը գոռգոռում էր ահեղագոչ որոտումներով համարյա թե անընդհատ, թե ինչպես հառաչում ու շառաչում էին ընկուզենին ու մյուս ծառերը փոթորկի ուժգին թափահարումներից: Նա զգաց, թե ինչպես անձրևի ջրից գոյացած մի առվակ ծլլալեն ներս խուժեց բարձի վրայով, անախորժ սառնությամբ սողաց ականջի մոտով և սկսեց գուբ կապել տակը, ծծվելով ներքնակի մեջ: Առվակներ էին, որ վազում էին անկողնի կողքերից:

Կինն ու մայրը, հորդահոս անձրևի տակ թրջվելով, շփոթված, չէին իմանում ինչ անեն: Բացանողը պատվիրել էր, որ հիվանդը երեք օր ու գիշեր պետք է պառկած մնա խաչի տակ բացօթյա, մինչդեռ երեք օր ու գիշեր դեռ չէր լրացել, իսկ հիվանդին այդ հորդահոս անձրևի տակ թողնել անկարելի էր:

Աղջի վեր առնենք տուն տանենք, — ասում էր պառավը:

Բա որ իրեք օրը չի թամամել, — առարկում էր Նատոն:

Աղջի բա էս անձրևը չես տեսնո՞ւմ:

Դե ասում եմ որտեղ որ ա` կկտրի:

Ո՞րդիան կկտրի, աղջի, տես, է՛, ոնց ա հուրհրատում:

Հիրավի, անձրևը կարծես միտք չուներ կտրվելու: Այժմ կարկուտն էլ անձրևի էր փոխվել, և ջրերը թափվում էին այնքան հորդ ու առատ, որ նրանց թանձրության մեջ երկնքի փայլատակումները հազիվ էին լուսավորում մթագնած երկիրը: Երկնքի համարյա անընդհատ որոտի ձայները, անձրևի շփշփոցը, մոտակա ձորակի միջով վազող ջրերի քչքչոցը և ծառերի շառաչը միախառնվելով այնպիսի մի ժխոր էին բարձրացրել, որ իրար մոտ կանգնած հարս ու սկեսուր հազիվ էին լսում իրար ձայնը:

Սաքուլը, անկողնու մեջ կուչ եկած, զգում էր, թե ինչպես այս ու այն կողմից ներս ծորացող առվակները շատանում են, և վերմակն անձրևի ջրերից թրջված տոպրակներից ու կապերտից հետզհետե խոնավանալով ճնշում էր իր վտիտ մարմինը: Օդ չկար, որ շնչեր և շնչածն էլ բաղնիքի տաք գոլորշու պես մի բան էր, որից քիչ էր մնում խեղդվեր: Տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմանալ, վրայի ծանրությունը մի կողմ շպրտեց և նստեց անկողնում: Այժմ անձրևն սկսեց թակել ուղղակի նրա գլուխն ու մեջքը:

Տո, բա դուք աստված չունե՞ք, ինձ խո սպանեցիք ըստեղ, — կանչեց նա:

Կինն ու մայրը շտապեցին նրան վեր կացնել և հորդահոս անձրևի տակ մի կերպ տեղափոխեցին սենյակ:

* * *

Երեք օրվա ուխտն արդեն կատարված էր, թեև Սաքուլը երրորդ օրվա գիշերը չէր անցկացրել բաց երկնքի տակ: Չորրորդ օրը «թելեժկեն» քաղաքից եկավ, որ մեր ուխտավորներին տուն տանի: Սաքուլին պառկեցրին «թելեժկի» մեջ ուժից բոլորովին ընկած: ճանապարհին մի գլուխ բղավում էր կողերի մեջ զգացած անտանելի ծակոցներից, դադարում էր բղավելուց այն ժամանակ միայն, երբ հազը բռնում էր: Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս: Երբեմն պարզապես շնչասպառ էր լինում: Մայրն ու կինը նստած էին կողքին և հետները վերցրած գինու շշից երեսին ջուր էին ցրցամ տալիս, որ շունչը ետ բերի:

* * *

Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը, գլուխը կապած սպիտակ փաթաթանով, որի տակրց դուրս են պրծել երկարացած մազերը և, քրտնքից ու կեղտից թաղիք դարձած, կպել ոսկրացած քունքերին: Դեմքին մնացել է միայն քիթը խոշոր ու սուր, և աչքերը, ահագին ու պսպղուն ապակու պես, նայում են բաց դռնով դեպի դուրս: Այնտեղ ամառվա միջօրեի արևը հրաշեկ ճառագայթներով կիզում է դիմացի տան պատը և այն աստիճան շողշողում, որ ուղիղ նայելիս մարդու աչքերը ցավում են: Ուղղակի դռան առջև, ստվերի մեջ նստած է փողոցի պառավ շունը և, կարմիր լեզուն հանած, հեթեթում է տապից: Սաքուլը բարձն ի վեր կիսանստած, անթարթ նայում է դուրս բթացած հայացքով և ծանր շունչ քաշում: Երկու օր է, որ, կողերի մեջ այլևս ծակծկոցներ չի զգում. հազն ևս քչացել է, բայց այնտեղ, ներսը, ինչ-որ տարօրինակ դատարկություն է զգում, կարծես թոքը, սիրտը և ամբողջ փորոտիքը հանել դուրս են թափել:

Անհուն վիշտը ցամաքած դեմքին՝ մայրը նստած է մեռնող որդու կողքին և թաշկինակով քշում է ճանճերը նրա դեմքից: Նատոն օրորոցի մոտ չոքած՝ ծիծ է տալիս երեխային և հուսահատ հայացքով անթարթ նայում սենյակի պուճախին, որտեղ աններկ գաջն առատորեն ծծել է գետնի խոնավությունը և տեղ-տեղ թափվել: Նրա հայացքը ցույց է տալիս, որ նա առաջուց արդեն հաշտվել է անխուսափելի թշվառության հետ: Թախտի վրա, լուսատուտի առջև չոքած է փոքրիկ աղջիկը և աշխատում է բռնել ապակիների վրա բզզացող ճանճերը:

Ծանր, ու չարագուշակ լռություն է տիրում սենյակում և դուրսը: Այդ լռությունը խանգարում է խառ թութ ծախող մի կինտո, որը. թաբախը գլխին և կշեռքն ուսին անցնում է դռան մոտով և իր առողջ թոքերի ամբողջ թափով աղաղակում. «Թութա՜, թութա՜, ախառի թութա»: Նա մի րոպե կանգ է առնում բաց դռան առջև, նայում է ներս, իր թավ ձայնով հարցնում՝ «խառը թութ չեք ուզո՞ւմ» և, տեսնելով, որ պատասխան չի ստանում, շարունակում է ճանապարհը կշեռքը շխկշխկացնելով և փողոցն աղմկելով իր հուժկու կանչով: Ու կյանքի առօրյան հիշեցնող այդ կանչը, մի րոպե վանելով մահվան ուրվականը, լսվում է մի առժամանակ ևս, մինչև որ հետզհետե խլանալով լռում է վերջապես, և մահվան ուրվականը նորից գալիս է իր փսփսուքը տարածելու մեռնողի սենյակում առաջվանից ավելի ծանր ու չարագուշակ լռության մեջ:

Հիվանդն այժմ պառկած է աչքերը փակ, և եթե ծանր հևքը չլինի, տեսնողը կկարծի, թե մեռած է: Պառավ մայրն անհանգստացած՝ աչքը չի հեռացնում նրա դեմքից, նրա գլուխը սաստիկ շարժվում է ըստ երևույթին, ուզում է ինչ-որ ասել, բայց չի համարձակվում: Վերջապես դադարում է ճանճերը քշելուց և, խոնարհվելով որդու դեմքի վրա, շշնջում է անհամարձակորեն.

Սաքուլ ջա՞ն...

Սաքուլը կամաց բաց է անում աչքերը և նայում նրան:

Ի՞նչ կըլի, որ տերտերին իմաց տանք:

Տո, էլի տերտե՞ր, — բացականչեց Սաքուլը զայրույթի այնպիսի հանկարծական բռնկումով, որ մայրն էլ, կինն էլ ապշեցին, թե ո՞րտեղից նա, որի ձայնը մինչև այժմ հազիվ էր լսվում, հանկարծ այդպիսի մի ուժ հավաքեց իր մեջ: — Տո, ձեր տերտերն ու խաչը չէ՞ր, որ ինձ էստեղը հասցրին... էլ ի՞նչ եք ուզում ինձանից... թողեք, է՛լի, հանգիստ հոգիս տամ...

Նրա ձայնը հանկարծ կտրվեց, աչքերը լցվեցին արտասուքով, և նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել:

Դե ես ի՞նչ գիտամ, որդի ջան, ասում եմ բալի... — արտասանեց մայրը կսկծալից և առանց խոսքը վերջացնելու լռեց, որպեսզի այլևս չգրգռի որդուն:

Ու առժամանակ խանգարված չարագուշակ ծանր լռությունը գալիս է նորից թագավորելու մեռնողի սենյակում:

Սաքուլը կամաց-կամաց հանգստանում է և մտառու հայացքը տնկում դիմացի տան արևակեզ պատին: Երկար լռությունից հետո նրա շրթունքները շարժվում են. ինչ-որ բան է ասում, բայց դժվար է լինում որոշել արտասանածը:

Ի՞նչ, Սաքուլ ջան, — հարցնում է մայրը խոնարհվելով նրա դեմքին:

Նատոն, որ դեռևս շարունակում է ծիծ տալ երեխային, դեմքը դարձնում է դեպի նա և ականջը սրում:

Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն, — շշնջում է մեռնողը, ամեն մի խոսքի վրա հազիվ շունչը ետ բերելով, — էն, որ իրեք թուման եմ պարտ... փիս մարդ չիկըլի, որ չուզիՀամա թե ուզի... յարաղս տվեք... Թե հերիք չանի... քամարս ծախեցեք... հոգիս չծանրացնեք...

Խեղճ պառավ մայրը միանգամայն կարկամում է և չի իմանում ինչ ասի:

Նատոն զգում է, թե ինչպես ամուր մի բան բռնում է բուկը: Գլուխը դնում է օրորոցի վրա, դեմքը ծածկում կռների մեջ և ամեն կերպ աշխատում է զսպել խեղդող հեծկլտանքը:

Իսկ փոքրիկ աղջիկը շարունակում է մատները շարժել լուսամուտի ապակիների վրա, որ բռնի ճանճերը, և նմանեցնելով կինտոյի կանչին, մեքենայաբար կանչում է կամացուկ՝ «Թութա, թութա՜, ախառի՛ թութա»:

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ

Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Մութը դեռ բոլորովին չէր կոխել երկիրը: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր՝ դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից՝ մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես: Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում:

Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած: Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որ մի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից: Ամբողջ հագուստը, սկսած գոտկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում սպիտակները: Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան: Ցուրտ քամին ծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, և երբեմն-երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ-ետ չգնա: Բայց նա ոչինչ չէր զգում, զգում էր միայն մի բանսիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի, զգում էր ծարավ, ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից:

Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում: Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը վերանորոգել պրծել, այլևս ոչ ոք նոր տուն չէր շինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս: Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին: Ամառվա և աշնան աշխատանքի փողն օր գալիս էր, օր գնում: Այժմոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր: Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, ոչ արաղից, ոչ գինուց: Մի ամբողջ օր... Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել: Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռաց չվազեր մոտակա «պադվալը», բերանը մր քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ «թրջված» տուն չդառնար կեսգիշերին բայաթի երգելով: Իսկ ա՞յժմ... Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի «տրիցատկա» արաղ. — չէ՛, չէին տալիս անխիղճները, այսինքն տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը: Գոնե ընկերներից մեկն ու մեկը հրավիրեր. — չէ՛, չէին հրավիրում, ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում: Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բանարծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ, կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր, — տունը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը դառ ու դատարկ:

Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց.

Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես՝ նստի խմի, քեզ անուշ ըլի:

Ու, չնայելով Դավթի աղաչանք-պաղատանքին, մեռավկտրվեց՝ մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը բաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին:

Այժմ նա տուն էր դառնում հույսը, բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա: Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլո՞վ գիտե դարձյալ քանի օրերնույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար: Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով ՝թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը:

Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՜րը գետնի մեջ խրված, ո՜րը գետնից բարձր:

Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում: Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը: Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր: Այդ բանն ավելի կատաղեցրեք Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ:

Մեռել ե՞ք, սատկել ե՞ք, — գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով:

Ներսից լսվեց դռան փականքի չրխկոցը: Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի:

Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով: Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին: Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես: Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած:

Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.

Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք: Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանում: Այ խլանաք դուք, խլանաք: Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ: Գիտամ, էնքան բան-ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն: Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը: Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին: Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ...

Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով:

Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից: Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»: Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում: Շունը հաչեր, թե Դավիթըայդ միևնույն էր նրա համար: Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում -գոռգոռում, հայհոյում էր ամենա զզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր:

Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին: Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ: Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի, — այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ, — բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր, այդ էլ չկար: Ինչ, վաստակում էր, իր փորն էր ածում: Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ, խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին: Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով:

Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատումկար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում, կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում: Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին: Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական, չէր իմանում ի՞նչ օր է լուսանում, ի՞նչ օր մթնում, մի բան էր միայն իմանումերեխաները քաղցած են պետք է աշխատել, երեխաները տկլոր են պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը պետք է աշխատել:

Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է, կարում է ամբողջ օրը վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա, գեթ վաղը մի քիչ հաց առնելու: Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին: Փոքրն արդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը՝ չես իմանում ինչի է սպասում: Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում, մեջքը կորացել, չորացել է, որ շտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել:

Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղի կաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին:

Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ: Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նա նստած տեղը սկսեց նիրհել:

Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա:

Աղջի, քունդ տանում ա, գնա քնի:

Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշապուշ նայեց մորը, հետո սուր-սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց.

Հաց եմ ուզում:

Ես էլ եմ ուզում, — արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին:

Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք, — ասաց մայրը: Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ:

Սո՜ւս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա, — հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին:

Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց: Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց:

Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը, իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմն Դավթի մռմռոցը: Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով:

Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում, նրան: Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի, կամ կմեռնի, կամ կգժվի: Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն, գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչոր մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են ղժվժում, չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում: Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար:

Օ՛, ես ձեր... — մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ: Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը: Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը:

Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով: Մտածում էր՝ ինչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար, մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով: Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան: Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգ առավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը: Բայց ոգելից խմիչքի ծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել: Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան:

Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան՝ դեմքը մի րոպե կարծես պայծառացավ:

Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել: Ողողեց, ողողեց օղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ծծել: Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին: Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էր ստացել, որ կարծես լուծողական էր ընդունում:

Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը:

Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ:

Հը՛, ի՞նչ ես փնթփնթում, — կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից: Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետո ավելացրեց ծանր ու սպառնալից, — ջանդ խո քոր չի գալիս: Թե քոր ա գալիս, քորեմ...

Կինը ձայն ծպտուն չհանեց:

Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը: Ջուրը թեև մի քիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակների մեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը: Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով: Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր:

Next page