Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր: Այս անգամ բարևս ընդունեց:

Ձեզ խորհուրդ չեմ տա առավոտյան այս ժամին նստեք խոտի վրա. տեսնում եք որքան թաց է, — ասացի:

Խոտի վրա հո չեմ նստած, ասաց, — տեսեք:

Ու ցույց տվեց, թե ինչի վրա էր նստած: Նստած էր հսկայական եղևնու մի հաստ արմատի վրա, որը մի կես արշին բարձր էր մնացել գետնից:

Այդ միևնույն է, — ասացի, — խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել:

Անփույթ կերպով թափ տվեց ուսերը, և առաջին անգամ նրա դեմքի վրա մի թեթև ժպիտ նկատեցի:

Դուք երևի ամեն առավոտ որսի եք գնում, — ասաց, շոյելով շանս գլուխը, որ նորից մոտեցել և հոտոտում էր նրան:

Այո:

Ո՞րտեղ: Տեղն ասացի:

Գիրքը բաց ու խուփ արավ, ըստ երևույթին ուզեց բան ասել, բայց ոչինչ չասաց, թեթևակի կարմրեց ու գլուխը կախեց գրքի վրա, աշխատելով այնպես անել, որ դեմքը չտեսնեմ:

Ցտեսություն, — ասացի:

Ցտեսություն, — արձագանքեց նա, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից, և ես հեռացա իմ ճանապարհով:

Նրա այս վերջին բարեհաճ ընդունելությունն ինձ այն համոզման բերեց, որ ամեն առավոտ ես նրան կհանդիպեմ նույն տեղում: Եվ չսխալվեցի, չորրորդ առավոտյան նույն տեղումն էր: Այս անգամ արդեն իրար հանդիպեցինք իբրևհին ծանոթներ:

Գիտե՞ք, երեկ մի բան էի ուզում խնդրել ձեզ, բայց չհամարձակվեցի, — ասաց ժպտալով և կարմրեց:

Ի՞նչ:

Ուզում էի խնդրել, որ թույլ տաք ինձ գամ ձեզ հետ, տեսնելու, թե ինչպես եք որս անում:

Դրա համար թույլտվություն հարկավոր չէ, այլ պետք է ուղղակի վեր կենալ և գալ, — ասացի:

Ուրեմն կարելի՞ է:

Իհարկե:

Ուրախացած վեր թռավ տեղից:

Եթե միայն չեք վախենում հրացանի ձայնից, — հարկ համարեցի նախազգուշացնել:

Չէ, այն օրվանն ուրիշ էր, — ծիծաղեց նա. — խորասուզված կարդում էի, և հրացանի ձայնը հանկարծակիի բերեց: Իսկ հիմա, որ տեսնեմ պիտի արձակեք, հեռու կփախչեմ, ականջներս կփակեմ, աչքերս կխփեմ ու չեմ վախենա: Չեմ վախենա, չէ՞, — հարցրեց երեխայի միամտությամբ:

Տեսնենք, — կարճ պատասխանեցի ես ժպտալով: Այս անգամ հետը մի թեթև շալ էր վերցրել, — որպիսին գործ են ածում կանայք ամառանոցներում գլխարկի տեղ, գցեց գլխին ու գնացինք: Գնում էինք քաղցր զրույցով: Չիմացանք, թե ինչպես անտառը վերջացավ և դուրս եկանք ընդարձակ բաց դաշտը: Մեր գնացած ճանապարհը հազիվ մի երկու վերստ լիներ, բայց նկատեցի, որ ոտներն արդեն դանդաղ է շարժում:

Ո՞րտեղ է լիճը, — հարցրեց:

Այն սարը տեսնո՞ւմ եք, — ասացի, ցույց տալով դիմացի բավական բարձր բլուրը. — այն սարը պիտի բարձրանանք, իջնենք, մի այդքան էլ գնանք, որ նոր հասնենք լճին:

Ո՜ւհ, այդքան հեռո՞ւ է, — ասաց ու կանգ առավ:

Ի՞նչ է, հոգնեցի՞ք, — հարցրի:

Գլխով դրական շարժում արավ ժպտալով:

Հիմա ի՞նչ եք ուզում անենք, — հարցրի, — ճանապարհը շարունակե՞նք, թե...

Ես ետ կդառնամ, — ասաց:

Շունս բավական առաջ էր վազել: Շվացրի: Պոչը խաղացնելով և հաչելով ետ վազեց:

Դե դառնանք, — ասացի:

Դուք է՞լ եք ետ դառնում, — զարմացավ ուղեկցուհիս:

Բաս հո մենակ չե՞մ թողնի ձեզ. անտառում կարող եք մոլորվել:

Ոչ, չեմ մոլորվի, — ասաց, — այս անտառն ինձ լավ ծանոթ է:

Այդ միևնույն է, — ասացի, — իմ պարտքն է ձեզ ձեր տեղը հասցնել:

Հետո , — հարցրեց: — Ետ կդառնամ:

Ետ կդառնա՞ք:

Ուզում եք, ետ չեմ դառնա:

Նկատելի կերպով կարմրեց:

Ես այդ չէի ուզում ասել, — ասաց, — այլ ուզում էի ասել, թե... մի՞թե չեք հոգնի:

Որսորդը որ հոգնելու մասին մտածի, երբեք որսի չի ելնի:

Այսպես խոսելով սկսեցինք ետ դառնալ: Շատ էր հոգնել: Թևս առաջարկեցի: Ընդունեց: Շունս ամենալավ տրամադրության մեջ էր, առաջ էր ընկել, մերթ կորչում էր անտառի թփուտների մեջ, մերթ դուրս պրծնում, նայում մեզ ու նորից կորչում, անտառն աղմկում էր նրա հաչոցի ձայներից: Արևը բավական բարձրացել էր: Օդն անշարժ դրության մեջ էր: Անտառը կանգնած էր լուռ ու խորհրդավոր: Բացատներում, տեղ-տեղ դեղնած խոտերի մեջ սվսվում էին մորեխները: Շուրջը մարդ չէր երևում:

Հանկարծ ուղեկցուհիս կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը:

Տեսե՜ք, տեսե՜ք, այն ի՞նչ թռչուն է.

Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս: Ուղեկցուհիս փախավ մի քսան քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները, աչքերը փակեց և մնաց անշարժ: Նշան բռնեցի և արձակեցի: Ծառի տերևները խշխշացին, և թռչունը վայր ընկավ: Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը:

Ուղեկցուհիս մոտ վազեց և բուռն հետաքրքրությամբ, որպիսին միայն երեխաների մեջ եմ տեսել, սկսեց դիտել սպանված թռչունը:

Ա՜խ, աղավնի՛ է, — շշնջաց այնքան ցավագին, որ իմ մեղքն էլ եկավ:

Որսս տվի իրեն: Երկու մատով բռնեց մի ոտից և սկսեց լավ դիտել:

Տեսեք, տեսե՜ք, — ասաց, — կրծքին կարմիր պուտպուտ... արյուն է, չէ՞, տե՜ր իմ աստված, ինչքա՛ն էլ սպիտակ է, ինչքա՛ն գեղեցիկ...

Երկար ժամանակ դիտում էր հուզված, ինչպես արդեն գիտակցության եկած մեծ, բարի երեխաները դիտում են մի ցավալի բան, հետո հառաչեց և տվեց ինձ:

Առա և շպրտեցի թփուտների մեջ:

Ինչո՞ւ դեն գցեցիք, — նկատեց հանդիմանությամբ և խղճահարությամբ:

Բաս ինչի՞ս էր պետք, — ասացի:

Ճանապարհը շարունակեցինք այս անգամ բոլորովին այլ տրամադրության մեջ: Ուղեկցուհիս շատ էր տխրել և գրեթե այլևս չէր խոսում է նորից թևս առաջարկեցի, — չընդունեց: Սովորական կատակներս այլևս ոչ մի ժպիտ չէին բերում նրա դեմքին: Քայլում էր լուսնոտի պես և մտախոհ հայացքը հառել էր անորոշ տարածության մեջ:

Հանկարծ կանգ առավ, նայեց ինձ և բացականչեց լացագին.

Գցեցե՜ք, գցեցե՜ք այդ հրացանը և խոսք տվեք, որ այլևս երբեք ոչ մի թռչուն չեք սպանի:

Զարմացած նայեցի նրա դեմքին: Այդ դեմքն արտահայտում էր միաժամանակ և զայրույթ, և պաղատանք, և մի բան, որ անուն չունի և որը դրսևորում է մարդու ամբողջ ներքինըայն բոլոր լավը, որ կա մարդ էակի հոգու խորքում: Եվ ես, որ երբեք չեմ իմացել, թե ինչ բան է սենտիմենտալությունը, պահ մի այն աստիճան զգացվեցի, որ քիչ մնաց հրացանս առնեի և փշրեի հենց նրա աչքի առջև:

Խո՞սք եք ուզում, ահավասիկ, — ասացի ամենայն անկեղծությամբ և ձեռքս վճռականորեն մեկնեցի նրան:

Նա վրա ընկավ և սեղմեց այնպիսի բուռն ուրախությամբ, որ աչքերի մեջ նույնիսկ արցունքներ փայլեցին:

Հիրավի, այդ օրվանից այլևս երբեք որսի չելա, բայց ոչ թե նրա համար, որ րոպեի ազդեցության տակ խոսք էի տվել, կամ երդմանը որևէ կարևորություն եմ տալիս, այլ այն պատճառով միայն, որ այդ օրվանից սկսեցի մշակել ինձ համար մի նոր աշխարհայացք. — աշխարհիս երեսին ամեն բան թույլատրելի է, բացի սպանությունից, որովհետև ամեն մի վատ արարք կամ այն, ինչ որ վատ է անվանվում, պայմանական է և ուղղելի, և սպանությունն է միայն, որ ոչ մի պայման չի վերցնում և անուղղելի է: Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան:

Այսքանը, ինչ որ պատմեցի, ռոմանի, այսպես ասած, բանաստեղծական նախերգանքն է: Իսկ բուն ռոմանը, ինչպես ամեն մի ռոման, այնքան սովորական և պրոզայիկ մի բան է, որ չարժե մանրամասնությունների մեջ մտնել: Բավական է ասեմ, որ մի-երկու շաբաթից հետո անձնատուր եղավ ինձ հենց նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին: Մինչև անձնատուր լինելը խրտնում էր այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես: Կանայք առհասարակ այդպես են. դեռ կվախենան, չեմուչում կանեն, բայց մեկ որ սահմանն անցան, էլ պրծնում չկա նրանց ձեռքից: Օր չէր պատահի, որ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք: Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում:

Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր: Քաշվում էինք այնպիսի խորքեր, ուր մարդու ոտ չէր դիպչում: Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախացած ընկնում էր վզովս: Բայց այդ ուրախությունը երկար չէր տևում, նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, ինչպես այն ժամանակ, երբ սպանված աղավնին դեն շպրտեցի, էլ չէր խոսում, չէր նայում ինձ, նույնիսկ հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել իրանը:

Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանեցի աղավնին, և սկսեց թփուտների մեջ որոնել: Աղավնին ընկած էր այնտեղ փետուրները թափված, սևացած, որդերով ծածկված: Նայեց և իսկույն ետ քաշվեց փշաքաղված:

Ինչո՞ւ սպանեցիր, ինչո՞ւ, — դարձավ ինձ մեղմ կշտամբանքով:

Բայց ես միայն ծիծաղեցի նրա այդ աստիճան զգայնության վրա:

Որովհետև ինքդ ցույց տվիր, — ասացի, — և ուզում էիր տեսնել, թե ինչպես եմ որս անում:

Ա՜խ, թե որ գիտենայի... — արտասանեց կերկերուն ձայնով, և մի ակնթարթում նրա աչքերը լցվեցին արտասուքի կաթիլներով. — Տես ինչ է դառել այն սպիտակ, այն մաքուր, այն գեղեցիկ, անմեղ...

Փղձուկը թույլ չտվեց, որ վերջացնի: Նստեց խոտի վրա, թաշկինակը պինդ հուպ տվեց աչքերին և սկսեց լալ: Եվ լալիս էր այնքան ուժգին, որ ուսերը վեր էին թռչում:

Մնացել էի ապուշ կտրած: Պարզապես չէի հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան վշտանալ մի հասարակ թռչունի սպանության համար: Եվ այժմ եմ միայն կռահում, որ նա աղավնու և իր միջև, թերևս անգիտակցաբար, մի նմանություն էր տեսնում և լալիս էր ոչ թե այն անմեղ թռչունի սպանությունը, այլ իր կուսության «սպանությունը»:

Այստեղ էլ պետք է վերջակետ դնեմ, որովհետև, շուտով բաժանվեցինք և այլևս չտեսանք իրար: Իմ մեկնելուց հետո սկզբում բավական երկար ժամանակ նամակագրություն ունեինք իրար հետ, բայց հետո, չգիտեմ ինչպես, այդ նամակագրությունը քանի գնաց՝ նվազեց և վերջ ի վերջո դադարեց իսպառ: Կյանքն առավ ինձ իր հորձանուտ ալիքների մեջ և ժամանակը բերեց անխուսափելինմոռացումը:

5

Այդ գիշեր երկար սպասում էի Թուսյանին, բայց նա չէր երևում: Արդեն հոգնել էի պարապելուց, և քունս տանում էր: «Ավարա մարդ է, կարող է չգալ» — վճռեցի ինքս ինձ և պատրաստվում էի պառկելու, երբ դռանս զանգակը հնչեց: Ինքս գնացի դուռը բանալու, որ քնած ծառային նեղություն չտամ: Բայց դուռը բանալուց հետո տեսա մարդ չկա: Դես նայեցի փողոցում, դեն նայեցիոչ ոք չէր երևում: «Կատակի ժամանա՞կ է գտել հիմարը» — մտածեցի ինքս ինձ, կարծելով թե իրեն հատուկ թեթևամտությամբ, զանգակը քաշելուց հետո, թաքնվել է մեր տան կողքին գտնվող նրբափողոցում: Մի քանի րոպե սպասում էի այն ցրտին դռան շեմքին կանգնածոչ ոք չկար ու չկար: Հետո մտածեցի, որ կարող էր մի օտար մարդ լինել, որն սխալմամբ քաշել էր դռան զանգակը և, տեսնելով որ սխալվել է, հեռացել էր, վերադարձա, հանվեցի և պառկեցի: Բայց շուտով քնել չկարողացա, որովհետև ականջս շարունակ ձենի էր: Շուռումուռ էի գալիս անկողնումս, տանջվելով քնիս խանգարումից, և մտքումս հայհոյում Թուսյանին:

Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, և սպասողական դրության մեջ երևի թե արդեն քուն էի մտել, երբ գիշերային լռության մեջ մի թրխկոց հանկարծ զարթեցրեց ինձ: Աչքերս բաց արի, տեսնեմ՝ Թուսյանն է: Լամպը, որ նրա համար վառ էի թողել, վերցրել և դուրս էր տանում:

Քնիր, քնիր, — ասաց, — ես ինքս կպատրաստեմ անկողինս:

Դուռն ո՞վ բաց արեց, — հարցրի:

Ծառան: Տնաշեններ, այդպես էլ խոր քնել կլինի՞: Քիչ էր մնում դուռը կոտրատեի:

Հիմա ժամը քանի՞սն է:

Երեքից անց կլինի:

Զարմացա: Կարծում էի, թե հինգ րոպե էլ չկար, որ քնել էի, մինչդեռ քնած եմ եղել երկու ժամից ավելի:

ժամը մեկի մոտերքը հո չե՞ս եկել զանգակը քաշել, — հարցրի:

Ե՞րբ, այս գիշե՞ր:

Հա:

Այդ երևի երազումդ ես տեսել, — ասաց և լամպը ձեռին դուրս գնաց հարևան սենյակը:

Երկար ժամանակ փսփսում էր այնտեղ, հետո արագ քայլերով մտավ նորից կիսահանված և ոտաբոբիկ, լամպը դրեց գրասեղանի վրա և հարցրեց հետաքրքրությամբ.

Ասում ես ժամը մեկին եկել են զանգակը քաշե՞լ:

Հա:

Հետո՞, ո՞վ էր:

Կարծեցի դու ես, գնացի դուռը բաց արի, մարդ չկար:

Ի՞նչպես թե մարդ չկար:

Մարդ չլինելը ի՞նչպես կլինի:

Դուռը ինքդ բաց արի՞ր:

Ինքս անձամբ:

Եվ ոչ ոք չկա՞ր:

Ոչ ոք:

Թուսյանը կարճ ժամանակ նայում էր աչքերիս փորձող հայացքով:

Մարգարյան, եկ մի խաղա ինձ հետ, — ասաց իրեն ոչ հատուկ լրջությամբ: — Ասա ուղղակի, որ մի կին էր և ինձ էր հարցնում:

Զարմանալու և հետաքրքրվելու հերթն ինձ հասավ:

Ի՞նչ կին:

Թուսյանը չպատասխանեց, շարունակում էր նայել ինձ զարմացած:

Լավ, այդ ի՞նչպիսի բան է, որ եկել զանգդ քաշել են և միևնույն ժամանակ ոչ ոք չի եղել: Սատանա հո չէ՞ր կարող լինել, որ աներևութանար, — ասաց, ըստ երևույթին, դեռևս չհավատալով, որ ես ճշմարտությունն եմ ասում:

Երևի փողոցին անծանոթ օտար մարդ է եղել, — ասացի, — փոխանակ հարևանի զանգը քաշելու, սխալմամբ իմ զանգն է քաշել:

Այդպես հա՛: Իսկ ես կարծեցի...

Ինչ-որ մտածելով, ծալապատիկ նստեց աթոռի վրա (ըստ երևույթին, բոբիկ ոտները մրսում էին մերկ հատակի վրա), հետո հանկարծ նայեց ինձ և ասաց,

Բաս չես հարցնում՝ ինչու այսօր չգնացի:

Երևի մի պատճառ կար, որ մնացել ես:

Մինչև անգամ երկու պատճառ, — վրա բերեց Թուսյանը, — առաջինն այն, որ առավոտյան, երբ իրարից բաժանվեցինք և ես հափուռ-չափուռ հավաքում էի, որ գնամ վագզալ, տեսնեմ գրպանումս կոպեկ չկա: Մինչդեռ շատ լավ հիշում եմ, կլուբում տարած վաթսուն ռուբլուց մի քսան-քսանհինգ ռուբլի դրել էի ժիլետիս գրպանը, և այդ փողը գնաց առանձին կաբինետում, իսկ մնացածը դրել էի պինջակիս ծոցի գրպանը, և այդ փողն էր, որ հանգել էր: Մտածել եմկամ այն քածն է հանել, որի հետ քեֆ էի անում, կամ պարզապես ընկել է գրպանիցս: Այսպիսով առավոտվա գնացքով գնալս չհաջողվեց: Չուզեցի նորից քեզ դիմել և գնացի անմիջապես Սարումյանի մոտ ու մինչև մի քսան ռուբլի չպոկեցի, հանգիստ չտվի: Գալիս էի տուն, որ չեմոդանս առնեմ գնամ վագզալ, վրա հասավ երկրորդ պատճառը... Քնեցի՞ր, Մարգարյան:

Չէ, քունս արդեն փախցրիր:

Լսիր, լսիր, շատ հետաքրքրական բան եմ պատմելու: Նստեցի տրամվայ... Հա, ամենից առաջ հարցսեմ, — գրվածքս կարդացի՞ր:

Կարդացի:

Եզրակացությո՞ւնդ:

Վատ չէ, կարելի է տպել:

Ես այդ չեմ հարցնում: Ուզում եմ ասել հասկացա՞ր, որ բարեկամս, որի անունից անում եմ պատմությունը, այդ ես ինքս եմ:

Իհարկե, դա գրական մի որոշ ձև է:

Էլի չհասկացար: Ուզում եմ ասել, որ պատմվածքիս հերոսը ես ինքս եմ, և ամբողջ պատմվածքն էլ զուտ իրողություն է:

Այդ ես չգիտեի:

Հապա, զուտ իրողություն իմ սեփական կյանքից:

Հիմա լսիր: Նստել եմ տրամվայ, գալիս եմ: Սկզբում ուշադրություն չեմ դարձնում, թե ով է նստած շուրջս: Հետո պատահմունքով ետ եմ նայում և ի՞նչ տեսնում, ճիշտ իմ ետևի նստարանի վրա նստած է նաանտառի սիրուհիս: Հետաքրքրական է, չէ՞:

Եթե միայն ֆանտազիա չէ կիսատ թողած պատմվածքդ շարունակելու համար, — նկատեցի ես կեղծ անտարբերությամբ, բայց իսկապես շատ հետաքրքրված:

Թուսյանը մինչև անգամ ցած թռավ նստած տեղից:

Տո, ճիշտ եմ ասում, է՜, ինչ ֆանտազիա, — բացականչեց նա–, նա ինքը, իսկ և իսկ նա, սպանված աղավնին: Ճանաչեցի առաջին իսկ հայացքից, որովհետև մեջտեղով քանի տարի է անցել, — ընդամենը չորս-հինգ տարի: Ինչպես երևում էր, ինձնից առաջ էր նստել, և ինձ էր նայում. Աչքս աչքին որ չդիպավ, չիմացա ինչ պատահեց ինձ, կարծես մի քար վերցրին և գլխովս տվին: Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ: Դե հիմա երևակայիր դրությունս, չեմ իմանում ինչ անեմվերկենամ փախչեմ, թե ուղղակի խոսակցություն սկսեմ: Թե փախչում եմխայտառակություն է դուրս գալիս, որովհետև գիտեի, որ հետո չպիտի ներեի ինձ այդ փոքրոգությունը, թե խոսակցություն եմ սկսումվագոնը լիքն է, վախենում եմ ուրիշ բան դուրս գա: Եվ ի՞նչ պիտի ասեի, ի՞նչ կարող էի ասել նստած եմ իշացածի պես և թեև ետ չեմ նայում, բայց զգում եմ, որ նրա հայացքը շեշտակի ուղղված է ինձ և կարծես այրում է ծոծրակս: Այսպես բավական երկար տեղ գնալուց հետո շփոթմունքս մի քիչ որ անցավ, երևակայիր, հանկարծ մի տեսակ ուրախություն պատեց ինձ: Ասեմ ինչու: Որովհետև այն ժամանակ, երբ նամակագրությունս դադարեցրի և նրանից էլ այլևս ոչ մի նամակ չէի ստանում, երբեմն մտածում էի, թե չլինի որևէ բան բերած լինի իր գլխին, և այժմ անսպասելի կերպով ողջ ու առողջ էի տեսնում նրան: Այդ ուրախության ազդեցության տակ նորից քյալլագյոզությունս բռնեց, վճռեցի, որ իջնի, ես էլ իջնեմ, և ինչ ուզում է՝ պատահի: Այդպես էլ արի: Վագոնը որ կանգնեց, իջավ: Ես էլ իջա: Սկսեց արագ քայլերով հեռանալ: Հասա ետևից: Կանգ առավ և... դե ինչ երկարացնեմ, բողոքներ, մեղադրանքներ, հանդիմանություններայդ բոլորը եղավ, իհարկե, բայց, փառք ալլահին, ոչ լեզուս է պակաս, ոչ համարձակությունս, ոչ էլ փորձառությունս կարողացա կամաց-կամաց մեղմել նրա վրդովմունքը, ասացի, թե ես մեղավոր չեմ, թե այդ բոլորը կատարվել է իմ կամքին հակառակ, թե ուսանողական անկարգություններին մասնակցելուս համար ինձ Սիբիր էին քշել, և ուրիշ այսպիսի ստեր: Այս բոլորի հետ միասին երդում-կրակն ընկա, թե առաջվա պես սիրում եմ իրեն, ցավ հայտնեցի, որ ամուսնացել է (ինքն ասաց). բայց և այնպես, — ասացի, — այդ չի խանգարում, որ մեր նախկին հարաբերությունները շարունակենք:

Եվ ի՞նչ պատասխան ստացար:

Այդ էլ քեզ եմ թողնում որ գուշակես, — ասաց Թուսյանը, լամպը վերցրեց և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց:

Երևի մի փառավոր ապտակ կերար, — կանչեցի նրա ետևից:

Սխալվեցիր, թեև հոգեբան ես, — բղավեց նա մյուս սենյակից: — Այդ ցույց է տալիս, որ դու կանանց հետ գործ չես ունեցել և կանանց չես ճանաչում: Ճրագը հանգցնե՞մ, թե մնա:

Կարող ես հանգցնել:

Լույսի այն շերտը, որ ընկնում էր սենյակս հարևան սենյակի բաց դռնից, հանգավ:

Ապտակը գիտե՞ս ինչ տեսակ կանայք են տալիս, Մարգարյան, — կանչեց Թուսյանը, ըստ երևույթին, արդեն անկողին մտած: — Ապտակն այն տեսակ կանայք են տալիս՝ որոնք ոչինչ չունեն կորցնելու: Այ, օրինակ, փողոցում մոտենում ես մի հանրածանոթ թեթևաբարո կնոջ և առաջարկություն անում, թե որ քիթդ դուր չեկավ, մեկ էլ տեսար տարավ ու բրեցշրըխկ: Դեռ գարադավոյ էլ կկանչի, որ ցույց տա, թե տեսեք որքան նամուսով կին եմ: Իսկ իսկական նամուսով կանայք, ընդհակառակն, այդպիսի դեպքերում կարմրում են, կարկամում և ամոթից քիչ է մնում ռետինն անցնեն, որ մարդ չտեսնի, չիմանա: Գրող մարդ ես, պետք է որ այս բաներն իմանաս, — ավելացրեց նա հորանջելով:

Բայց և այնպես չասացիր, թե ինչ պատասխան ստացար, — նկատեցի ես:

Համենայն դեպս ապտակ չստացա և չէի կարող ստանալ, որովհետև այսպես թե այնպես, իր անդրանիկ սիրո առարկան էի, իսկ անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի ինձ պես:

Ինձ փիլիսոփայություններ հարկավոր չեն, ինձ վերջն է հարկավոր, — կանչեցի ես անհամբերությամբ:

Դե վերջն ինչ վերջն ա՜յն, որ... հարցրեց որտեղ եմ ապրում: Ես էլ տվի քո տան հասցեն:

Թե ի՞նչ:

Թե այն, երևի, որ կամ ինքը գա, կամ նամակով ռանդեու նշանակի որևէ տեղ: Ես այդ մտքով էլ հասկացա նրան և դրա համար էլ վճռեցի առժամանակ հետաձգել գնալս: Հիմա որ ասացիր եկել զանգդ քաշել են, մտածեցի, չլինի նա է եղել և վերջին րոպեին ամաչել փախել է: Բայց այս էլ եմ մտածում, թե ի՞նչպես կհամարձակվեր գալ կեսգիշերին:

Ինչո՞ւ իր հասցեն չուզեցիր:

Չտվավ:

Ինչո՞ւ:

Դե հասկանալի է. ամուսին, ընտանիք, ո՞վ գիտե... Թուսյանը նորից հորանջեց և երկար ժամանակ լուռ էր:

Բայց լսիր ինչ եմ ասում, — հանկարծ կանչեց նա: — Թե որ, ով գիտե, վաղը, մյուս օրը գա և դու տանը լինես, հույս ունեմ այնքան փափկանկատ կգտնվես, որ մեզ մենակ կթողնես: Իսկ այժմ բարի գիշեր, ես արդեն քնեցի:

6

Չգիտեմ ինչ հիման վրա, Թուսյանը համոզված էր, որ իր խաբած աղջիկը չորս-հինգ տարվա լքումից հետո անպատճառ պիտի գա իր մոտ կամ նամակով տեսակցություն պիտի նշանակի: Այս պատճառով հետևյալ օրը երեկոյան տուն էր եկել շատ վաղ և, երկար ապարդյուն սպասումից ձանձրացած, պառկել քնել էր առանց հանվելու, պատվիրելով, որ եթե գա, վեր կացնեմ իրեն:

Նստած պարապում էի, ըստ սովորականին, երբ դարձյալ գրեթե նույն ժամին, ինչպես և նախորդ գիշերը, հնչեց դռանս զանգակը. Գրեթե նույն րոպեին և հանկարծ կտրվեց Մուսյանի խռմփոցի ձայնը հարևան սենյակում: Այդ նշան էր, որ նա հանկարծ զարթնեց զանգակի ձայնի վրա: — Հը՞: Մարգարյան, — կանչեց նա, — այս նա է՞:

Չէ մի, պոզեր, — ասացի ես գրգռված, չնայելով, որ ակամա սկսեցի հավատալ, թե կարող է նա լինել:

Թուսյանը երևաց դռան շեմքում շտապով բաճկոնը հագնելով:

Կաց, ես եմ բանալու, — ասաց և դուրս գնաց: Անհամբեր սպասում էի նրա վերադարձին: Այդ արկածն սկսել էր խիստ հետաքրքրել ինձ:

Երկար սպասում էի: Թուսյանը չէր վերադառնում: Ասացի երևի դռանը խոսակցության են բռնվել և որտեղ որ է կմտնեն: Ու հիմա, անհանգիստ, այն մասին էի մտածում, թե ինչ հիմար դրության մեջ է դնելու ինձ իմ սեփական բնակարանում այդ անամոթ մարդը:

Մի քիչ էլ սպասեցի, տեսնեմ վերադարձավ մենակ և ձեռքերը տարածեց ծայր աստիճան տարակուսանքով:

Սա ի՞նչ հանելուկ է, — ասաց, — ոչ ոք չկար:

7

Հանելուկը պարզվեց հետևյալ առավոտյան, երբ ես նոր էի գնացել պաշտոնավայրս և, առանձնասենյակումս նստած, ձեռնարկել էի օրվա աշխատանքս: Թեև պատվիրել էի, որ աշխատանքիս որոշ ժամերին ոչ ոք չխանգարի ինձ, բայց և այնպես ծառան մտավ և ասաց, որ մի պարոն ուզում է տեսնել ինձ մի շատ կարևոր գործի համար: Ստիպված էի պատվիրել, որ ներս հրավիրի:

Մտավ մեկը շատ զգույշ և անհամարձակ քայլերով: Երբ գլուխս բարձրացրի, որ տեսնեմ ով էր, սկզբում զարմացած, հետո մեկեն վեր թռա ուրախական բացականչությունով:

Գարեգին Սիսակյանն էր, որին ոտով-գլխով կորած էի համարում:

Ու մինչ ուզում էի ընդունել նրան, ըստ հին սովորությանս, մտերմական-հեգնական եղանակով, զարմանքով տեսա, որ ա՜յն Գարեգինը չէ: Դեմքը գունատ էր, աչքերը թափառուն և հիվանդոտ, անփայլ ցոլքով, քնատ մարդու աչքերի պես. միշտ կենսուրախ, միշտ խանդավառ տրամադրության հետքն անգամ չէր երևում ոչ դեմքի, ոչ շարժումների մեջ. ընդհակառակն, հոգեկան ծանր վշտի տակ ճխլված մարդու տպավորություն էր թողնում իր ամբողջ արտաքինով:

Առանց բարևելու և առանց երեսիս նայելու նստեց գրասեղանիս մոտ և տենդոտ, անհանգիստ հայացքն սկսեց ման ածել թափթփված թղթերի վրա:

Նստեցի իմ տեղը, նրա դիմաց, և ինքս ճնշված նրա արտասովոր հոգեկան վիճակի տպավորության տակ, սկզբում ոչինչ չկարողացա արտասանել և միայն ապշած դիտում էի նրան: Շատ պարզ էր, որ խորապես դժբախտ էր, և ոչ մի տարակույս չկար ինձ համար, որ նրա դժբախտությունը ծագում էր հենց այն բանից, որի դեմ ես նախազգուշացնում էի նրան ամուսնությունից առաջ: Եվ այդտեղից էլ սկսեցի հարցուփորձս:

Չլինի՞ գուշակությունս ճիշտ դուրս եկավ, — ասացի, — և այդ աղջիկը վերջ ի վերջո դժբախտացրեց քեզ:

Նա հանկարծ մի վախեցած հայացք գցեց չորս կողմը, վեր կացավ և արագ ու զգույշ քայլերով մոտեցավ դռանը:

Այս դուռը կարելի է փակել, չէ՞, — ասաց գրեթե շշնջալով:

Կարող ես:

Շատ զգուշորեն, երևի նրա համար, որ շրխկոց չհանի, բանալին շուռ տվեց փականքի մեջ և եկավ նստեց առաջվա տեղը: Այժմ միայն ուղիղ նայեց աչքերիս և ասաց.

Սխալվում ես, ես դժբախտ չեմ և չեմ եղել երբեք, և այս րոպեին էլ ինձնից ավելի երջանիկ մարդ չի կարող լինել, եթե... նա կամենա:

Ո՞վ:

Կինս:

Ի՞նչպես թե...

Լսի՜ր պատմեմ, — ընդհատեց ինձ Գարեգինը, նորից մի վախկոտ հայացք գցելով չորս կողմը, հետո գլուխը մոտեցրեց ինձ և հարցրեց շշնջյունով. — ո՞վ է այն պարոնը, որ քեզ մոտ հյուր է...

Այդ անակնկալ հարցմունքը և մանավանդ այդ շշնջյունը, որ շատ խորհրդավոր կերպով հնչեց ականջիս, կայծակի ազդեցություն ունեցավ ինձ վրա: Կարծես մինչև այդ վայրկյան նստած էի խոր մթության մեջ, և հանկարծ մի անակնկալ պայծառ լույս շողաց և լուսավորեց շրջապատս: Մի ակնթարթում մտքիս մեջ եկան շաղկապվեցին իրար հետ երեք անձնավորությունՍառան, Թուսյանը և Գարեգինը, — և ինքս իմ մեջ վճռեցի, որ ես արդեն ամեն բան գիտեմ:

Այս ինքնաբուխ պարզատեսությունն այնքան անակնկալ էր ինձ համար, որ Գարեգինի հարցմունքին իսկույն պատասխանել չկարողացա: Հետո, երբ անակնկալի առաջին շշմեցնող տպավորությունն անցավ, ինքս հարց տվի նրան:

Դու ո՞րտեղից գիտես, թե ինձ մոտ հյուր կա:

Գիտեմ... Եվ ես քեզ մոտ չէր, որ գալիս էի, նրա մոտ էի գալիս:

Ե՞րբ, ի՞նչ ես ասում:

Այս և անցյալ գիշեր:

Սպասիր, այն դու էիր զանգակս քաշում, — բացականչեցի ես:

Ես էի:

Հետո, ինչո՞ւ չէիր սպասում, որ դուռը բանայի:

Ինչո՞ւ: Ահա թե ինչու:

Ետևի գրպանից հանեց մի ատրճանակ, ցույց տվավ և նորից գրպանը կոխեց շտապով:

Թեև դրաման գրեթե արդեն բոլորովին պարզ էր ինձ համար, բայց և այնպես զարմանքս այնքան մեծ էր, որ չկարողացա չհարցնել.

Ինչո՞ւ ես առել գրպանդ:

Որ սպանեմ:

Ո՞ւմ:

Այն պարոնին, որ քեզ մոտ հյուր է:

Նա ի՞նչ է արել քեզ:

Գարեգինը հանկարծ վեր կացավ, աթոռն առավ, եկավ նստեց ուղղակի կողքիս այնքան մոտիկ, որ մեր ծնկներն ու թևերը քսվում էին իրար, և կցկտուր բառերով, կարծես տենդի մեջ, շշնջաց ուղղակի ականջիս մոտ.

Այդ պարոնը... Սառային... օրիորդ ժամանակ... հասկանո՞ւմ ես... Ես ոչինչ չգիտեի, ինքն ասաց...

Ո՞վ:

Ինքը Սառան... երեկ չէ, մեկէլ օրը... Չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է... Ես էլ ահա երկու գիշեր է, գալիս եմ զանգդ քաշում, բայց ձայնը որ դիչպում է ականջիս, փախչում եմ սարսափահար, որովհետև... ի՞նչ... ե՞ս... ես մարդ սպանե՞մ... ես, որ կյանքումս մի ճանճ անգամ չեմ սպանած...

Լավ, էլ ինչո՞ւ ես ատրճանակը գրպանդ առել և ինչո՞ւ ես գալիս:

Նա՜ է տվել, նա՜, Սառան, և նա՜ է ստիպում, որ գամ սպանեմ, հասկանո՞ւմ ես: Թե չէ ես ի՞նչ գործ ունեմ ատրճանակի հետ, ինչո՞ւ պետք է ամբողջ գիշերներ թափառեմ փողոցներում խելագարի պես և վերջը, որ վերադառնամ, նորից վռնդվեմ տանից՝ նոր թափառումներ կատարելու համար:

Սպասիր, — ասացի ես, հեռացնելով նրան ինձնից, որովհետև, չափազանց հուզված, ուղղակի ընկել էր վրաս, և նրա փսփսոցն ականջիս մոտ ճանճի անախորժ բզզոցի պես քայքայում էր ջղերս: — Ես քեզ հարցումներ կտամ, և դու պատասխանիր ինձ հանգիստ կերպով, որովհետև քո այդ կցկտուր խոսքերից ես ոչինչ չեմ հասկանում:

Նա ետ քաշվեց և մի քիչ հանգստացավ: Ու ես սկսեցի հարցուփորձս:

Ամենից առաջ հարցնեմ, — ո՞րտեղ էիք այս հինգ-վեց ամիսը:

Արտասահման էինք գնացել:

Ե՞րբ եք վերադարձել:

Մի շաբաթ չկա:

Ասում ես՝ օրիորդ ժամանակ հարաբերություն է ունեցել ինձ մոտ հյուր եղող պարոնի հետ: Այդ էիր ուզում ասել, չէ՞: Ես պարզ եմ խոսում:

Այո:

Ե՞րբ հայտնեց քեզ այդ բանը:

Երեկ չէ, մեկէլ օրը, երբ հանդիպել էր այդ պարոնին:

Մինչև այդ ժամանակ ոչինչ չէ՞ր ասել:

Ամենևին:

Եվ դու ոչինչ չէի՞ր կասկածում:

Բնավ:

Այդքան ժամանակ ծածուկ պահելուց հետո ինչո՞ւ հայտնեց:

Որ վրեժխնդիր լինեմ:

Բայց չէ՞ր մտածում, որ դու կարող էիր վրեժխնդիր լինել ամենից առաջ իրենից, որ քեզ խաբել է:

Ո՞վ, ե՞ս... վրեժխնդիր նրանի՞ց... Ուրեմն դու դեռ լավ չես ճանաչում ինձ, ուրեմն դու դեռ չգիտես, թե որքան եմ սիրում նրան...

Իսկ նա քեզ սիրո՞ւմ է:

Կարող եմ ասել, որ առանց ինձ մի օր էլ չի ապրի:

Որ այդպես է, ինչո՞ւ է ուզում քեզ կործանել, չէ որ մարդասպանության համար դու կկորչես, իսկ դրանով ինքն էլ կդժբախտանա, եթե իսկապես այդ աստիճան սիրում է քեզ:

Այդ բոլորն ասել եմ, կարծում ես չե՞մ ասել, բայց նա ոչ մի պատճառաբանություն, ոչ մի առարկություն լսել անգամ չի ուզում: Ամբողջովին վրեժ է կտրել և այդ վրեժը լուծելու համար պատրաստ է ինձ էլ, իրեն էլ, ամեն բան զոհելու: Հիշո՞ւմ ես, քեզ պատմել եմ, նշանած ժամանակ որ Մուշտայիդ էինք գնացել, գետնի վրա ատրճանակ նկարեց և հարցրեց՝ մարդ կարո՞ղ եմ սպանել: Դու մի ասի՝ շարունակ մտածելիս է եղել իր վրեժի մասին: Եվ ես նոր եմ գլխի ընկնում, որ նրա բոլոր տարօրինակությունների պատճառն իր խորտակված կյանքն է եղել:

Լավ, ինչո՞ւ է ուզում, որ իր վրեժը անպատճառ սպանությամբ լուծվի:

Որովհետև, ասում է, ուրիշ պատիժ չկա այդպիսիների համար, որովհետև, ասում է, նա սպանեց ինձ, ինչպես այն աղավնուն, որ իր համար հանգիստ նստած էր ծառի վրա և ոչ ոքի վնաս չէր տալիս: Ի՞նչ աղավնի է դաոչինչ չեմ հասկանում: Ինձ թվում է, թե սկսել է ցնորվել, և այս մասին՝ որ մտածում եմ, քիչ է մնում ինքս էլ խելագարվեմ: Տե՜ր իմ աստված, ինչո՞վ պիտի վերջանա այս բանը, ինչո՞վ...

Գարեգինը գլուխը բռնեց ձեռքերով և կարճ ժամանակ շշմածի պես նայում էր մի կետի: Հետո հանկարծ ցնցվեց, ձեռքերը հեռացրեց գլխից և նայեց ինձ պարզապես խելակորույս աչքերով:

Հաջորդ էջ