Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Ես քեզ մի ուրիշ, ավելի սարսափելի բան պատմեմ, — ասաց նա ձայնը խիստ ցածրացնելով: — Նա զավակ էլ է ունեցել այդ պարոնից և... ինքն իր ձեռքով խեղդել սպանել է...

Ի՞նչ ես ասում, — շշնջացի ես բնազդական սոսկումով:

Այո, այո, այս էլ ինքը խոստովանեց:

Հետո՞: Ի՞նչ է արել սպանված մանուկը:

Հայրը, աներս, աղջկա նամուսը պարտկելու և հանցանքը ծածկելու համար գիշերով վերցրել, տարել գետն է նետել կամրջից:

8

Մինչև մանկան սպանությունը Գարեգինի հայտնածը Սառայի և Թուսյանի հարաբերությունների մասին ես համարում էի շատ սովորական պատմություն, գրեթե առօրյա մի երևույթ, որպիսին շատ է պատահում կյանքի մեջ: Նույնիսկ լուրջ կարևորություն չէի տալիս այն բանին, որ Սառան ստիպում էր Գարեգինին սպանելու իր պատիվն անարգողին և իրեն լքողին, այդ բանը համարում էի նրա սովորական տարօրինակություններից մեկը, ջղային ուժգին հուզմունքի մեջ նա անշուշտ չէր հասկանում, թե որքան անհեթեթ բան էր պահանջում իրեն սիրող ամուսնուց, որին անշուշտ շատ լավ էր ճանաչում: Բայց այն հանգամանքը, որ այդ պատմության մեջ խառն եղել է որդեսպանության պես մի սոսկալի եղեռն, միանգամայն կարկամեցրեց ինձ, և ես հարկադրված եղա՝ շատ լրջորեն նայելու այս գործին, որովհետև այն, ինչ որ սովորական պատմություն ու առօրյա երևույթ էի համարում, իսկապես մի տրագեդիա է եղել, որի վախճանը կարող էր շատ աղետաբեր լինել այն երեք գործող անձերի համար, որոնց ճակատագիրը բերել կցորդել էր իրար այդ տրագեդիայի մեջ: Եվ որովհետև ես ևս բոլորովին կողմնակի մի անձնավորությունբախտի պատահական բերումով ընկել էի այդ տրագեդիայի շրջապտույտըուզեի չուզեի՝ պիտի մասնակցեի: Իմ չեզոք լինելու պարագան արդեն ինքնին որոշում էր իմ դերը, որը ոչ այլ ինչ պիտի լիներ, եթե ոչ շանթ արգելի դեր գալիք աղետի հանդեպ. բայց թե ինչ եղանակով պիտի կատարեի ինձ վիճակված այդ դժվարին դերը, դեռևս պարզ չէր ինձ համար: Ուստի, երբ անցավ սոսկալի հայտնության առաջին ցնցող տպավորությունը, շարունակեցի հարցուփորձս:

Հիմա ի՞նչ ես մտադիր անելու:

Մտադի՞ր, — զարմացավ Գարեգինը. — խելք, միտք մնացե՞լ է գլխումս, որ մտադիր լինեմ որևէ բան անելու: Եվ ի՞նչ կարող եմ անել իմ այս դժբախտ, թույլ կամքով, իմ այս ողորմելի անհիշաչար, բարի սրտով: Ուրիշ բան կլիներ, իհարկե, եթե ես էլ ուրիշների պես կարող լինեի վառվել, բորբոքվել: Բայց մեղավո՞ր եմ, որ չեմ կարող, օրգանապես անընդունակ եմ: Ահա այստեղ է իմ ամբողջ դժբախտության արմատը: Եվ քանի անգամ է նա երեսովս տվել, որ ես տղամարդ չեմ, կնիկ եմ, փալաս... Եվ դու կարծում ես, թե այս երկու օրը ես ապրո՞ւմ եմ, գիտե՞մ ինչ բան է հանգիստը, ե՜րբ է լուսանում, երբ մթնում... Ոչինչ չգիտեմ: Ինձ դուրս են շպրտել սովորական և բնական կյանքի սահմաններից, և ես գլխիվայր ցած եմ գլորվում, ցած, շարունակ ցածչգիտեմ ուր, բայց միշտ ցած, միշտ ցած, և ինձ թվում է, թե երբե՜ք չպիտի դադարի այս գլորումը, մինչև որ հոգիս փչեմ: Ես արդեն շշմել եմ, հոգիս եկել բուկս է հասել, հազիվ եմ շնչում, որովհետև Սառան հանգիստ չի տալիս ինձ, չի ուզում երեսս տեսնել, սպառնում է, որ եթե չսպանեմ, կդադարի ինձ սիրելուց, կատի, կարհամարհի, նույնիսկ անձնասպանություն կգործի:

Գարեգինն արմունկները դրեց գրասեղանի վրա և գլուխն առավ ձեռքերի մեջ: Շնչում էր ծանր ու հատու և այնքան ուժգին, որ ուսերը բարձրանում ցածրանում էին երկար տեղ վազած մարդու նման: Հետո, ձեռքերն ու գլուխը հանկարծ ընկան գրասեղանի վրա, մի ծանր զսպված հեծկլտոց բռնեց սենյակը:

Այդ բանն ինձ շատ ազդեց: Առաջին անգամն էր, որ այդ միշտ խանդավառ, միշտ կենսուրախ, միշտ անհոգ երիտասարդին տեսնում էի այնքան դառնորեն լալիս: Եվ երբեք այնպես չէի խղճացել նրան, ինչպես այս րոպեին, երբ նա նմանում էր բախտից հալածված ու անօգ ու որբացած մի երեխայի: Չկարեկցել նրան անկարելի էր, և մինչդեռ նա զսպված հեծկլտանքից հազիվ էր շունչը ետ բերում, ինձ համար կամաց-կամաց պարզվում էր այն եղանակը, որով ես թե ընկերական կարեկցությունից և թե բախտի բերումով պարտավոր էի զգում ինձ միջամտելու այս գործին:

Սրտապնդիչ խոսքերով Գարեգինին հանգստացնելուց հետո ասացի.

Ինձ մոտ եկել ես անշուշտ նրա համար, որ օգնեմ, այնպես չէ՞:

Այո, — հազիվ արտասանեց լացակումած ձայնով, — դու միայն կարող ես օգնել, որովհետև այն պարոնը...

Լա՜վ: Այդ պարոնը ոչ թե միայն իմ տանը, այլև Թիֆլիսում չի լինի հենց այսօր ևեթ, — ասացի ես վճռականորեն:

Ճի՞շտ, — բացականչեց նա, հանկարծ վրա ընկնելով ձեռքերիս այնպիսի մի բուռն ուրախությամբ, որ կարծեմ ինքը չէր մի քիչ առաջ այնպես հուսահատորեն լաց եղողը:

Այդ կողմից կարող ես ապահով լինել, բայց հարցն այս է, թե բանը դրանով կվերջանա արդյոք:

Օ՛, գլխավորն ա՜յդ է, գլխավորն ա՜յդ է, — շշնջաց Գարեգինը եռանդով: — Միայն թե դու այդ անես, միայն թե նա այստեղից հեռանա, մնացածը հեշտ է: Գիտե՜ս ինչ կա, — շարունակեց Գարեգինը ավելի ու ավելի ոգևորվելով, — ես չգիտեի, թե դու այդքան ազդեցություն ունես այդ պարոնի վրա, բայց որ ասում ես, թե այդ կանես, ես լիովին հավատում եմ և այս րոպեին այնպիսի մի թեթևություն եմ զգում, որ կարծես հանկարծ ազատվեցի մի սոսկալի ատամնացավից: Իսկ ես գիտե՞ս ինչի համար էի գալիս քեզ մոտ. գալիս էի խնդրեմ, որ գաս հանգստացնես Սառային: Եվ այդ էլ որ անես, ոչ թե միայն իմ, այլև նրա փրկիչը կդառնաս:

Եվ դու կարծում ես, թե այդ բանը հարմա՞ր է:

Ոչ թե հարմար, այլ անհրաժեշտ է: Ես նրա վրա ոչ մի ազդեցություն չունեմ, պարզապես արհամարհում է ինձ. եթե արդեն չի ատում, իսկ քեզ, գիտեմ, հարգում է և չի կարող չլսել քեզ: Ես շատ փորձեցի և տեսա, որ առանց կողմնակի ազդեցության անկարելի է նրան հանգստացնել: Իսկ հանգստացնել պետք է, անպատճառ պետք է, որովհետև... գիտե՞ս ինչից եմ ես ավելի վախենում, նա հղի է, և այդ հուզումները շատ վատ հետևանք կարող են ունենալ:

Թեև Սառային տեսնելու միտքը առանց Գարեգինի ասելու էլ հղացել էի ես, բայց այդպիսի մի անձնական և ընտանեկան գործի միջամտելն էլ այնքան փափուկ խնդիր էր, որ չէի կարող իսկույն խոսք տալ, մանավանդ, երբ հիշողությանս մեջ նորոգում էի Սառայի այնքան անբարեհամբույր ու անմատչելի բնավորությունը: Այդ պատճառով պատասխանս խուսափողական եղավ:

Լավ, — ասացի, — այդ մասին կմտածեմ:

Ոչ, խնդրում եմ, մտածել հարկավոր չէ, — վրա բերեց Գարեգինն աղերսագին: — Եկ, անպատճառ եկ, աղաչում եմ, և որքան շուտ, այնքան լավ: Եկ հենց այսօր, երբ ազատ լինես, որովհետև ամեն մի րոպեն թանկ է: Պետք է փրկել նրան, ես վախենում եմ, որ հետո ուշ լինի:

Երկար ժամանակ այդպես թախանձագին ու համառորեն խնդրում էր, չէր ուզում լսել իմ ոչ մի պատճառաբանությունը, թե Սառան կարող էր ինձ չընդունել, կարող էր վիրավորել ինձ և պարզապես վռնդել անկոչ միջամտությանս համար, այնպես որ վերջ ի վերջո ստիպված եղա զիջել և խոսք տվի, որ այդ երեկո կգնամ:

Նա բաժանվեց ինձնից այնքան ուրախ և հանգստացած, որ կարծես այլևս ոչ մի դժբախտություն գոյություն չունի նրա համար աշխարհիս երեսին: Եվ հենց այդ միայն բավական էր, որ չզղջայի իմ տված խոսքի համար և առաջուց վարձատրված չզգայի ինձ այն անախորժությունների համար, որ ես, լիովին հավատացած էի, պիտի կրեի այդ երեկո Սառայի հետ ունենալիք հանդիպման ժամանակ:

9

Աշխատանքս վերջացնելուց հետո առաջին գործս այն եղավ, որ գնացի փնտրելու Թուսյանին, որպեսզի հենց այդ օրն ևեթ ճանապարհեի Թիֆլիսից: Հանդիպեցի ամեն տեղ, ուր ենթադրում էի, թե կգտնեմ նրան, գնացի, ի միջի այլոց, Սարումյանի մոտ, որի կնոջ վրա աչք էր բռնել, — ոչ մի տեղ չգտա: Իսկ աշնան կարճատև օրն արդեն մթնում էր, և ես վերջ ի վերջո ստիպված եղա որոնումներս դադարեցնել, որպեսզի գնայի Սառայի մոտ:

Չիմացա ինչպես ճաշեցի, որովհետև ինձ չափազանց անհանգստացնում և, միևնույն ժամանակ, հետաքրքրում էր այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ: Չգիտեի թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով պիտի արդարացնեի միջամտությունս, ինչ պիտի ասեի, ինչպես պիտի «հանգստացնեի» Սառային, և որքան աշխատեցի պատճառաբանությունների մի նախագիծ կազմել ինձ համար, որպեսզի ըստ այնմ էլ շարժվեի, ոչինչ դուրս չեկավ: Վերջ ի վերջո հիշեցի, որ այդպիսի դեպքերում առհասարակ նախապատրաստումը միանգամայն ավելորդ է հանդիսանում, որովհետև երբեք չի արդարանում, և ամեն բան պետք է գցել հանգամանքների բերմունքին ու րոպեի թելադրանքին:

Այդպես էլ վճռեցի ու գնացի:

Փողոցի դուռը բաց արեց ինքը Գարեգինը, որին դռան ապակու միջից տեսա վերևից մարմարի սանդուղքով արագորեն իջնելիս:

Շնորհակալ եմ, որ եկար, անհամբեր սպասում էի, — ասաց կամաց՝ ձեռքս պինդ սեղմելով: — Եկ գնանք: Բայց ոչ, սպասիր:

Ձեռքս բռնած, պահեց ինձ, մի անհանգիստ հայացք գցեց վերև, դեպի սանդուղքի գլուխը երրորդ հարկում, և նորից դառնալով ինձ՝, հարցրեց ավելի կամաց.

Իսկ այն պարոնին արդեն ճանապա՞րհ դրիր:

Շատ ման եկա, չգտա: Բայց սովորաբար ինձ մոտ է գիշերում, այս երեկո որ վաղ գա, կճանապարհեմ հենց այս գիշերվա գնացքով, հակառակ դեպքում բանը կմնա վաղվան:

Այդ վնաս չունի, միայն թե աղաչում եմ: Սառային ասա, որ այլևս այստեղ չէ, գնացել է, որովհետև վախենում եմ, որ այս գիշերն էլ ստիպի, որ գամ սպանեմ: Եվ բացի դրանից, որ իմանա, թե նա այլևս այստեղ չէ, կհանգստանա:

Դու կարծո՞ւմ ես:

Անպատճառ:

Սկսեցինք բարձրանալ սանդուղքով: Բայց այս անգամ, իմ հերթին, ես կանգնեցրի նրան:

Չլինի՞ թե Սառային հայտնել ես մեր այսօրվա տեսակցությունը, — ասացի:

Ո՜չ, ո՜չ, ի՞նչ ես ասում, — շշնջաց Գարեգինը, ըստ երևույթին, զարմացած, որ ես կարող էի այդպիսի կասկած տանել: — Այդ աստիճան հո դեռ չեմ կորցրել խելքս: նա ինձ տեսնել էլ չի ուզում, փակվել է իր սենյակում և չի ուզում դուրս գալ:

Այս անգամ ես արդեն վճռականապես կանգ առա:

Լավ, որ այդպես է, էլ ինչո՞ւ եմ եկել, — ասացի:

Ո՜չ, ոչ, քեզ կընդունի, կընդունի: Այդ ի՜նձ է, որ չի ուզում տեսնել: Քեզ կընդունի հենց միայն այն պատճառով, որ այն պարոնը քեզ մոտ հյուր է: Եվ, եկ գնանք:

Ու, ձեռքս բաց չթողնելով, գրեթե զոռով տարավ ինձ վերև:

Մտանք նախասենյակը, որը լուսավորված էր էլեկտրական ճրագով: Մինչդեռ ես հանում էի վերարկուս, Գարեգինը շատ զգուշորեն բաց արավ մութ հյուրասենյակի դուռը, ներս մտավ, դարձրեց էլեկտրական ջահի կոճակը, որից հյուրասենյակը հանկարծ լուսավորվեց կապտավուն պայծառ լույսով, նույն զգուշությամբ դուրս եկավ և դարձավ ինձ շշնջալով.

Դու մտիր, իսկ ես իսկույն աղախնի բերնով կապսպրեմ Սառային, որ եկել ես իրեն տեսնելու:

Իսկ դո՞ւ:

Իսկ ես չեմ երևա, որպեսզի չգրգռվի, և հանգիստ խոսեք:

Եվ Գարեգինը զգույշ ու արագ չքացավ մի ուրիշ դռան ետևը, որ նույն նախասենյակից տանում էր դեպի ներքին սենյակները:

Մտա հյուրասենյակ և նստեցի: Այստեղ, բացի մուտքի և դեպի ինձ ծանոթ պատշգամբը տանող դռներից, կար ուրիշ երկու դուռ: Փոխեփոխ նայում էի մերթ այս, մերթ այն դռանը, սրտիս մեջ զգալով մի տարօրինակ վախ և րոպե առ րոպե սպասելով, թե ահա ո՜րտեղ որ է՝ կմտնի Սառան իր անհամբույր համառ հայացքը տարակուսորեն աչքերիս հառած: Ու նոր զգացի, թե որքան մեծ անմտություն էի գործել հանձն առնելով մի առաքելություն, որ մի կատարյալ անհայտություն լինելով հանդերձ՝ հղի էր ինքնասիրությանս համար շատ անախորժություններով, և որի տակ այժմ ավելի, քան մինչև գալիս, զգում էի թե պիտի ճխլվեմ:

Սակայն մի հանգամանք, որի մասին մինչև այժմ չէի մտածել՝ հանկարծ քաջություն տվեց ինձ, և իմ այցը ոչ միայն անմտություն չհամարեցի, այլև անհրաժեշտ կարիք նկատեցի նույն իմ ինքնասիրության, իմ բարի անվան համար:

Այդ հանգամանքը հետևյալն էր:

Սառան Թուսյանից իմանալով, որ նա ինձ մոտ է իջևանած, անշուշտ կարծում է, որ ինձ հայտնի է եղել նրա սրիկայական արարքը, և ես, այնուամենայնիվ, տեղ եմ տվել նրան իմ տան մեջ, ես, որ իր խաչեղբայրն եմ և իր ամուսնու մտերիմ ընկերը: Այդ պարագայում, պարզ է, թե որքան ես վարկաբեկված պիտի լինեմ նրա աչքում, և որքան խոր ատելությամբ պիտի համակված լինի նա դեպի ինձ: Այժմ ես պիտի հասկացնեմ և համոզեմ նրան, որ Թուսյանը, նախ, հակառակ իմ ցանկության է եկել հյուր նստել տանս, և երկրորդ, ամենագլխավորն է, ես միանգամայն անտեղյակ եմ եղել, որ նրա սրիկայության զոհը ինքը Սառան է եղել:

Այժմ շատ ցավեցի, որ իզուր Գարեգինը ծածկել էր Սառայից մեր այսօրվա տեսակցությունը: Եթե այդ բանը պատմած լիներ կնոջը, Սառան անշուշտ իմացած կլիներ, որ իր անցյալը, հետևաբար և իր վերաբերմամբ Թուսյանի գործած սրիկայությունն ինձ իսկապես անհայտ է եղել:

Մինչև ես այս մտորումների մեջ էի և մտքումս խոսքեր էի որոնում Սառայի առջև ինքս ինձ արդարացնելու համար, տեսնեմ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ Սառան ուսերին մի հաստ շալ գցած:

Մտավ, դուռը ետ դրեց, նախապես շրջազգեստի ետևի փեշը քաշելով դեպի ինքը, որ դռան տակ չմնա, և նայեց ինձ մի չափազանց սառը հայացքով, որի մեջ կատարելապես արդարացած տեսա իմ բոլոր ամենավատ գուշակությունները և նախազգացումները:

Եվ այդ հայացքը բավական էր, որ չհամարձակվեի մոտենալ նրան, միայն մեքենայաբար վեր կացա և բարևեցի:

Չընդունեց բարևս և շարունակում էր լուռ կանգնած մնալ դռան մոտ՝ իր սպանիչ սառն հայացքը դեմքիս սևեռած:

Ու, ինչքան էլ որ շփոթված էի, չկարողացա չնկատել մի ահագին փոփոխություն, որ կատարվել էր նրա արտաքինի մեջ: Ամուսնական կյանքը, թե վերջին օրերի ջղային հուզումները միանգամայն ջնջել էին նրա նախկին գեղեցկությունը: Առանց այն էլ խոշոր աչքերը մեծացել էին անբնականորեն, շրթունքները կապտել ու հաստացել էին, դեմքը գունատ էր, նիհար և այնքան հիվանդոտ, որ կարծես անկողնից էր վեր կացել:

Երկար ժամանակ նայում էր ինձ իր ատելությամբ և սառն հայացքով, հետո, հանկարծ ցնցվեց, արագորեն նստեց մոտը գտնված աթոռի վրա, փորը բռնեց ձեռքերով, կուչ եկավ ու քարացավ՝ դեմքը ծամածռված ֆիզիկական մի սուր ցավի արտահայտությամբ:

Նոր հիշեցի, որ Գարեգինն ասել էր, թե հղի է: Եվ կարեկցության ու հարգանքի մի խոր զգացում ակամա համակեց ինձ: Միևնույն ժամանակ երբեք այնպես, ինչպես այդ րոպեին, պարզորոշ չէի գիտակցել այն անխիղճ ցածությունը, որի շնորհիվ, ըստ երևույթին, հավիտենապես խորտակվել էր այդ դժբախտ աղջկա կյանքը:

Դրությունս չափազանց անհարմար էր: Մնացել էի տեղումս կաշկանդված, չիմանալով ինչ անեմ, ինչ ասեմ:

Իսկ Սառան, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով ցավի ճիչերը, շարունակում էր մի խուլ նվոցով կուչ ու հուպ գալ, երբեմն-երբեմն բռնելով մեջքը, մինչև որ կամաց-կամաց հանգստացավ, ետ՝ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը թուլացած գցեց ներքև, աչքերը փակեց և խոր շունչ քաշեց թեթևացած: Դեմքն այժմ ավելի գունատ էր, քան առաջ, և այնքան խաղաղ, որ թվում էր, թե չի շնչում: Այնուհետև, երբ աչքերը բաց արավ և նայեց ինձ, ապշած մնացի, թե ուր էր չքացել այն անհաշտ ատելությունը, որի պարզորոշ արտահայտությունը տեսա մի քիչ առաջ նրա սպանիչ սառը հայացքի մեջ: Այժմ նայում էր ինձ և կարծես չէր տեսնում, նրա ամբողջ ներքին աշխարհը եկել կենտրոնացել էր այդ զարմանալի արտահայտիչ աչքերի մեջ, և ես կարծես խոշորացույցի մեջ տեսնում էի այդ աշխարհը՝ լի հոգեկան այնպիսի տառապանքով, որը դարմանելու համար թվում էր թե ոչ մի սպեղանի չկա:

Ու ինքս, իմ հերթին, նայում էի նրան արտասվելու չափ զգացված և անհունապես փափագելով օգնել նրան, ինչով որ կարող էի, նրա այդ տառապանքը գեթ փոքր-ինչ մեղմելու համար:

10

Ներեցեք, տիկին, կարծեմ շատ անհարմար ժամանակ եմ եկել, — ասացի վերջապես, լուռ դիտողի անախորժ դրությունից դուրս գալու համար: — Որ գիտենայի, թե դուք հիվանդ եք...

Ոչ, ոչ, — ընդհատեց ինձ Սառան թույլ ձայնով, ըստ երևույթին դեռևս ֆիզիկական ցավի տպավորության տակ ճնշված: — Ես ինքս ուզում էի ձեզ տեսնել, և լավ է, որ եկել եք: Խնդրեմ նստեցեք:

Շալն ուղղեց ուսերի վրա, ձեռքերը, ըստ երևույթին մրսելով, փաթաթեց ծայրերի մեջ, դրեց կրծքին, գլուխը կախեց և երբ նստեցի, ասաց նույն թույլ ձայնով:

Գիտեմ ինչու եք եկել, և ես էլ հենց նույն բանի համար էի ուզում ձեզ տեսնել: Խոսեցեք, ես ձեզ լսում եմ:

Դուք ինձ թո՞ւյլ եք տալիս, տիկին:

Սառան մի դառն քմծիծաղով թոթվեց ուսերը:

Մի կնոջ ամենանվիրական սրբությունը անարգված և կոխկռտված, կախված է հրապարակի վրա, իբրև ցինիկության մի մեծ հաղթանակ, և այդ կինն այժմ խոսքերի՞ց պիտի վախենա, — արտասանեց նա մի տեսակ չարագուշակ հանգստությամբ, նայելով ուղղակի աչքերիս: — Կարող եք ապահով լինել միանգամայն, ես ձեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ:

Ներեցեք, տիկին, ես ձեզ չեմ հասկանում, — ասացի պարզապես ապշած նրա խոսքերի վրա: — մի՞թե դուք կարծում եք, որ ես եկել եմ:

Խնդրեմ, առանց առաջաբանի, — ընդհատեց ինձ Սառան խստորեն: — Թե ինչ եմ կարծում ես, այդ թողեք ես գիտենամ, իսկ դուք ասացեք ուղղակի ձեր ասելիքը:

Տեսա, որ արդեն ջղայնանում է և, եթե իսկույն գործի չանցնեի, այլևս անկարող պիտի լինեի բան հասկացնել:

Սպասեցեք, ամուսնուս կանչեմ, — հանկարծ վրա բերեց Սառան և, արագորեն վեր կենալով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ:

Ոչ, ոչ, — ակամա բացականչեցի ես նրա ետևից: Կանգ առավ և զարմացած դարձավ ինձ.

Ինչպե՞ս:

Նա չպետք է ներկա լինի մեր խոսակցությանը:

Ինչո՞ւ:

Շփոթվեցի, չիմացա ինչ պատասխանեմ, որովհետև չգիտեի իսկապես, թե ինչու Գարեգինը ներկա չպիտի լիներ մեր խոսակցությանը, բայց այստեղ հանկարծ օգնության հասավ ինձ րոպեի թելադրանքը, և ես պատասխանեցի.

Որովհետև այն, ինչ որ պիտի ասեմ և ինչի համար որ եկել եմ ձեզ մոտ, նրան է վերաբերում:

Եվ ոչ ի՞նձ:

Ոչ, նրան, միմիայն նրան:

Մի կարճ ժամանակ Սառան զարմացած շարունակում էր նայել ինձ, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և նորից նստեց:

Շատ բարի, — ասաց նորից թախծալի կերպարանք առնելով և փաթաթվելով շալի մեջ: — Խոսեցեք, ես ձեզ լսում եմ:

Այժմ արդեն, րոպեի թելադրանքի տակ, ինձ համար միանգամայն պարզ էր, թե ինչ պիտի ասեի, ինչպես պիտի սկսեի և ինչպես վերջացնեի: Ու սկսեցի, աշխատելով կարելույն չափ խուսափել նրա սուր հայացքից, որը պարզապես շփոթեցնում էր ինձ:

Դուք գիտեք, տիկին, որ ես ու Գարեգինը շատ մոտիկ բարեկամներ ենք իրար: Ես նրան ճանաչում եմ դեռևս պատանեկությունից: Դուք էլ, անշուշտ, պետք է որ այս հինգ-վեց ամսում շատ լավ ճանաչած լինեք նրան: Խոսքս նրա առասպելական բարության մասին չէ, իմանալու համար բնավ կարիք էլ չկա նրա հետ կենակցելու: Խոսքս նրա բնավորության մի քանի ուրիշ գծերի մասին է, որոնք, անշուշտ, խուսափած չպիտի լինեն ձեր դիտողությունից: Ինձ հայտնի են նրա կյանքից մի շարք շատ տարօրինակ վարմունքներ, որոնք երբեմն առիթ են տվել ինձ լրջորեն կասկածելու նրա... հոգեկան վիճակի մասին: Ընդսմին պետք է ասեմեթե արդեն հայտնի չէ ձեզ, որ նրա մայրը մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում, իսկ հայրը, թեև ոչ պարզապես խելագար, բայց աննորմալ հակումների տեր մարդ էր: Այսպիսի ժառանգական պայմաններում ես միանգամայն հասկանալի եմ համարում Գարեգինի տարօրինակությունները, նա, անշուշտ, շատ բան է ժառանգել իր հիվանդոտ ծնողներից: Բայց ես երբեք նրան հոգեկան այնպիսի աննորմալ վիճակի մեջ չէի տեսել, ինչ որ այսօր: Ձեր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո այսօր առաջին անգամն էր, որ տեսնում էի նրան: Եկավ ինձ մոտ չափազանց հուզված վիճակի մեջ, մի ատրճանակ գրպանում, ասաց, թե ատրճանակը դուք եք տվել և պատվիրել, որ գա սպանի ինձ մոտ հյուր եղող մի երիտասարդի, որին ամենեվին չի ճանաչում, որի հետ ոչ մի գործ չի ունեցել և որի երեսը նույնիսկ չի տեսել: Երբ սկսեցի հարցուփորձ անել, այնպիսի բաներ սկսեց պատմել, որոնք այլևս ոչ մի կասկած չթողին իմ մեջ, որ նրա հոգեկան վիճակը միանգամայն խանգարված է:

Ի՞նչ բաներ, — հարցրեց Սառան, շարունակելով շեշտակի նայել աչքերիս.

Ի՞նչպես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի...

Ո՜չ, խնդրում եմ, առանց որևէ նրբանկատության, — ընդհատեց ինձ Սառան խստորեն, — ես ձեզ թույլ եմ տալիս:

Իսկ ես հատկապես խնդրում եմ, տիկին, ազատեցեք ինձ այդ հարկադրանքից, որը չափազանց ծանր է ինձ համար, — ուղղակի աղերսեցի ես պարզապես վախեցած նրա ձայնի մեջ լսված ինչ-որ չարագուշակ շեշտից: — Եթե այժմ ես եկել եմ ձեզ մոտ, եկել եմ հատկապես այն նպատակով, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա: Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնելու ձեզ:

Լռեցի և սպասում էի:

Լուռ էր և Սառան, և այդ լռության ընթացքում, որից լավ բան չէի գուշակում, իր խուզարկու աչքերով շարունակ կարծես պրպտում էր իմ մեջ այն, ինչ որ, — զգում և տեսնում էր անշուշտ, — աշխատում էի ծածկել նրանից:

Ես շատ շնորհակալ եմ, պարոն, որ դուք այդքան հոգատար եք ձեր բարեկամի և իմ ամուսնու համար, — վերջապես խզեց նա իր չարագուշակ լռությունը մի տեսակ շեշտած քաղաքավարի-հեգնական տոնով, որով, ըստ երևույթին, ուզում էր հասկացրած լինել ինձ, թե իմ պերճախոսության հետին իմաստը շատ լավ հասկանում է ինքը, և իզուր եմ ես այդքան միամիտ կարծում իրեն: — Բայց ձեզ հանգստացնելու համար կարող եմ ասել, որ դուք միանգամայն սխալվել եք ձեր եզրակացության մեջ. Գարեգինը շատ նորմալ վիճակի տեր մարդ է գորտի արյունով, բութ զգացումներով, անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն չունեցող և անդադար իր սեփական կաշվի մասին մտածող: Եվ եթե այսօր նա ներկայացել է ձեզ անսովոր հուզված դրության մեջ, այդ պետք է վերագրել այն բանին միայն, որ արտաքո կարգի մի հանգամանք, հակառակ իր կամքին ու ցանկության, ստիպողաբար եկել է վրդովելու նրա շատ նորմալ հոգեկան վիճակը, նրա ճահճի պես անդորր կյանքը, որը ամեն բանից թանկ է նրա համար: Բավական է, որ ես մի փաղաքշական խոսք ասեմ, և նա ուրախությունից պար կգա, նույնիսկ կգա համբուրվելու ձեր հյուրասիրությունը վայելող պարոնի հետ, առ ոչինչ համարելով, որ այդ պարոնն անլուր անարգանք է հասցրել իր կնոջը: Ահա այսչափ հոգեկան նորմալ վիճակի տեր մարդ է ձեր պատվական ընկերը և իմ ամուսինը, պարոն: Ուրեմն ոչ իմ կողմից մի առանձին ուշադրության, ոչ էլ ձեր կողմից այդ բանում ինձ օգնելու կարիք չկա ամենևին: Իսկ որպեսզի դուք միանգամայն ապահով ու հանգիստ լինեք նրա համար, ես ահա իմ իսկ բերանով հաստատում եմ, որ այն բոլորը, ինչ որ պատմել է նա ձեզ այսօր, զուտ իրողություն է: Ատրճանակն էլ, այո՜, ես եմ տվել նրան և ե՜ս եմ ստիպում, որ գա և սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին: Հիմա՞ ինչ կասեք, պարոն:

Պատասխան չգտա տալու: Մնացել էի կարկամած և զարմացած այդ համարձակ խոստովանությունից, նրա անշփոթ, մեթոդիկ դատողությունից, որ կարծես շարադրել էր առաջուց ու սերտել, և մանավանդ նրա անողոք հայացքից, որի մեջ, ինչպես և նրա ամբողջ խոսակցության եղանակի մեջ, անվախ մարտակոչի շեշտեր էի զգում շարունակ, — կարծես ես եկել էի ոչ թե իբրև ցավակից բարեկամ, այլ իբրև մի անհաշտ ախոյան, որի հետ պատրաստ էր մահացու մենամարտի բռնվելու:

Ասացե՛ք, հիմա՞ ինչ կարող եք ասել, — կրկնեց անողոք կերպով:

Ես... ի՞նչ կարող եմ ասել, — թոթովեցի ես, պարզապես շփոթված նրա համառ պնդումից և իսկապես չիմանալով, թե ինչ կարող եմ ասել:

Կամաց վեր կացավ, շեշտակի նայելով աչքերիս:

Ինչպե՞ս թե ինչ կարող եք ասել, — ասաց կարծես ծայրահեղորեն ապշած: — Ես ձեզ այսպիսի բան եմ ասում, և դուք ոչինչ չունե՞ք ասելու: Ես իմ ամուսնուն, որ ձեր ամենամոտիկ ընկերն է, ուղարկում եմ դեպի ոճրագործություն, դեպի մարդասպանություն, որից նա կարող է կորչել, և դուք ոչինչ չունե՞ք ասելու, և դուք այդքան անտարբե՞ր եք: Այդ անկարելի է: Դուք պետք է որ բան ունենաք ասելու:

Արդեն տեսա, որ այլևս անկարելի էր խուսափել բուն խնդրից, դեպի որը համառորեն մղում էր ինձ ինքը Սառան: Ու, բռնի կերպով տիրապետելով ինձ և մի քիչ վիրավորված զգալով ինքնասիրությունս նրա վերջին խոսքերից, նկատեցի այլևս առանց շփոթվելու.

Տիկին, իզուր եք կարծում, թե ես անտարբեր եմ: Եվ եթե ոչինչ չեմ ասում, այդ միայն ա՜յն պատճառով, որ այս բոլորն ինձ չափազանց տարօրինակ է թվում, և ես պարզապես չեմ հասկանում ձեզ:

Ահա վերջապես... ես ձեզ բռնեցի , — աղաղակեց Սառան հաղթականորեն, և այդ աղաղակը կարծես մի խցան էր, որ հանկարծ դուրս պրծնելով ազատություն տվավ նրան դուրս ժայթքեցնելու իր հոգու խորքից այն բոլոր թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ: — Տարօրինակ՝ ասում եք, ինձ չեք հասկանում ասում եք: Իսկ երբ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կսկիծը հոգուս մեջ, բարոյապես լքված ու սմղած կծկվեի, լռեի և տերևի պես դողայի ամեն մի կասկածոտ հայացքի առջև, — այն ժամանակ այս տարօրինակ չէր թվա ձեզ, այն ժամանակ կհասկանայիք ինձ, այն ժամանակ այս շատ բնական կլիներ ձեզ համար, այնպես չէ՞, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ պես անպատվածները, ինձ պես խաբվածները, ինձ պես լքվածները: Բայց քանի որ ես ուրիշ հազարների պես չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու, քանի որ համարձակ, անվախ ինքս եմ դուրս եկել ցույց տալու աշխարհին անպատվությունս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով, — այս բոլորը շատ տարօրինակ է թվում ձեզ, և դուք չեք հասկանում ինձ, որովհետև, իսկապես որ, այս տարօրինակ է ձեր հասկացողությամբ, որովհետև այսպես չեն անում սովորաբար, որովհետև այսպես չպետք է անեն, այնպես չէ՞, որովհետև դա ամոթ է, սովորական մորալից դուրս մի բան է, այնպես չէ՛, պարոն:

Ես բողոքում եմ ձեր այդ խոսքերի դեմ, տիկին, — նկատեցի ես եռանդով: — Դուք այնպիսի բացատրություն տվիք իմ խոսքերին, որ ես մտքովս անգամ չեմ անցկացրել: Եթե դուք բողոքում եք սովորական մորալի դեմ, ապա ուրեմն պետք է երկու ձեռքով կառչեք ձեր ամուսնուն, որովհետև ահա իսկապես մի մարդ, որ բարձր է կանգնած սովորական մորալից հանուն իսկական սիրո: Եթե ասացի, որ չեմ հասկանում ձեզ, ասացի այն իմաստով միայն, որ Գարեգինը չէ որ սիրում է ձեզ և սիրում է այն աստիճան, որ պատրաստ է ամեն բան մոռանալու, ամեն բան ներելու:

Ներելո՞ւ... ո՞ւմ, ի՞նչ, — արագ հարցրեց Սառան:

Հենց ձեզ, — անզգուշաբար և որովհետև մասամբ էլ գրգռված էի նրա ինձ վրա գործած հարձակումներից՝ դուրս թռավ բերնիցս:

Անզգուշաբար եմ ասում, որովհետև այն, ինչ որ ծագեց իմ այդ խոսքերից, ես երբեք չեմ կարող ներել ինձ:

Սառան ցնցվեց, կարծես օձից խայթված, և կարճ ժամանակ նայում էր ինձ ծայր աստիճան ապշած, հետո գլուխը հպարտորեն ետ գցեց, միշտ սևեռած պահելով ինձ վրա իր խոշոր աչքերը, որոնք կամաց-կամաց սկսեցին լցվել մի կատաղի ցասումով:

Այդպես հա՛, — ձգեց նա: — Ներե՛լ... ի՛նձ...ի՛նձ... Այդ լա՛վ է, այդ հիանալի՛ է, այդ սքանչելի է, այդ աննմա՛ն է... Ուրեմն ի՞նչ, ես նրան դատավոր եմ հրավիրել իմ գլխին: Ուրեմն նա, որ իմ ամուսինն է, և դատավո՞րն է իմ: Ուրեմն ես կարող էի և հանցավո՞ր նկատվել իմ ամուսնու, իմ տիրոջ կողմից: Ուրեմն, եթե նա պատրաստ է ինձ ներելու, կարող է և իրավունք ունի պատժելու, որովհետև չէ՞ որ ներում կամ պատժում են միայն հանցավորներին: Այդ լավ դատողություն է, այդ հրաշալի դատողություն է: Եվ դուք համարձակվում եք այդ ասել ինձ, ի՜նձ, որ ոտից գլուխ անիրավության մի զոհ եմ և շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում: Եվ հանցավո՛ր, ե՛ս և ոչ այն սրիկան, որ խորտակեց իմ մատաղ կյանքը, և ոչ դուք, այո՜, դո՜ւք, պարոն, որ օթևան եք տվել նրան ձեր հարկի տակ, և ոչ այն հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների գոյությունը: Ես հանցավո՜ր, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել: Հանցավո՞ր, որովհետև աշխարհիս վրա, մարդկանց վրա մաքուր, պայծառ հայացք եմ ունեցել: Հանցավո՞ր, որովհետև կուսական անփորձությանս մեջ իմ անբիծ, անարատ սիրտը հավատացել եմ մի մարդու, որ անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր, որպեսզի տարիներ անցնելուց հետո, երբ ես հազիվհազ հոգու անդորրություն էի ձեռք բերել, նորից գա ցինիկաբար անարգելու իմ կանացի առաքինությունը, պղծելու իմ ընտանեկան սրբությունը, ծաղրելու իմ մարդկային արժանապատվությունը, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե ես էլ նույն տեսակ չուն եմ, ինչպես և ինքը... Օ՛, այս ի՛նչ անիրավ աշխարհ է, ի՞նչ անիրավ... Այս ի՞նչ անտարբերություն և անարդարություն է, որ տեսնում եմ շուրջս... Ո՞ր մեղքիս համար է, որ գցել են ինձ այսպես մենակ, անօգնական...

Next page