Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Այն բոլորից հետո, ինչ որ դու հայտնեցիր այս գիշեր, վեր կենալ և հեռանալ այդ նշանակում է պարզապես փախչել, իսկ փախչում են միայն վախկոտները:

Ուրեմն դու ուզում ես ճակատդ դեմ անել գնդակին:

Այո՜, — վրա բերեց Թուսյանը և իսկույն ավելացրեց. — եթե միայն մեղավոր եմ:

Թուսյանը վեր կացավ հանկարծ, ծխախոտը դեն շպրտեց և նայեց ինձ շեշտակի:

Լսիր, Մարգարյան, — ասաց մի տեսակ ջղայնացած տոնով, որպիսին ես ամենևին չէի սպասում նրանից: — Ես հենց դրա համար էլ չգնացի իսկապես: Պետք է պարզել վերջապես, մեղավո՞ր եմ ես, թե ոչ: Եթե մեղավոր եմ, անշուշտ պետք է կրեմ իմ արժանի պատիժը, — թող այդ պատիժը գնդակը լինի, — ասացի, որ ես չեմ վախենում դրանիցիսկ եթե մեղավոր չեմ, ինչո՞ւ իզուր տարակուսանքի տակ մնամ ինքս և ուրիշներին տարակուսանքի տակ թողնեմ: Ի՞նչ պակասություններ ուզես կարող ես վերագրել ինձ, ես այդ ընդունում եմ. բայց որ ասես, թե կեղծել գիտեմ, այդ չես կարող: Երբե՜ք ես կյանքիս մեջ վատ բան չեմ արել, երբե՜ք: Ես այդ ասում եմ և կպնդեմ: Եվ միշտ մինչև հոգուս խորքը վրդովվել եմ, երբ ուրիշների կողմից վատ արարք եմ տեսել: Եվ իմ վատի կրիտերիումը եղել է ոչ թե ընդհանուր շաբլոնը, այլ իմ սեփական գիտակցությունը և խիղճը: Մեր գավառական քաղաքներում մի վարժապետ կար, որ իրեն Գերմանիայում ուսած աստվածաբան էր անվանում, բռնաբարել էր իր աշակերտուհիներից մեկինտասը-տասներկու տարեկան մի որբ աղջկա, բռնեցի այնպես ծեծեցի, որ քիչ մնաց ինձ բանտ նստեցնեին за самасуд: Մեր ընկեր ուսանողներից մեկը պարզ մատնիչ էր, օխրանկայի և ռեկտորի գաղտնի ագենտը համալսարանում, ամենքը վախենում էին նրանից, բայց ես այնպիսի օյին հանեցի նրա գլուխը, որ նա ստիպված եղավ տեղափոխվել ուրիշ համալսարան, թեև ինձ էլ դուրս շպրտեցին համալսարանից: Այսպիսի դեպքեր ես շատ կարող եմ թվել իմ կյանքից: Իսկ եթե ինքս, ուրիշների կարծիքով, որևէ վատ բան եմ արել: Այդ արել եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս վատ եմ կամ վատասեր, այլ նրա համար, որ արածս վատ բան չեմ համարել: Հենց Սառայի օրինակը: Ի՞նչ վատ ու դատապարտելի բան կա նրանում, որ արբունքի հասած մի երիտասարդ և մի աղջիկ սրտերի փոխադարձ ձգտումով բնության գրկում և բնության հրավերով կատարում են կյանքի գերագույն խորհուրդը:

Այդ շատ լավ, — ընդհատեցի ես նրա երկարաբանությունը. — այդ ես ընդունում եմ, և ոչ ոք չի դատապարտում քեզ այդ բանի համար: Բայց հետո, հետո: Ի՞նչ արիր դու կյանքի գերագույն խորհուրդը, կատարելուց հետո:

Ես էլ հենց այդտեղ եմ գալիս, իմ խոսքն էլ հենց այդ հետոյի մասին է, — վրա բերեց Թուսյանը: — Ուզում ես հավատա, ուզում ես չէ, բայց ես քեզ ասում եմ, որ այն ժամանակ ես Սառային սիրում էի անկեղծ կերպով, — կարող եմ ասել նույնիսկ, որ դա իմ անդրանիկ սերն էր, — և ամուսնանալու համար նրան տված խոստումս էլ միանգամայն անկեղծ էր: Հետո գնացի: Սկզբում կարոտում էի նրան և, շատ էի կարոտում, պատասխանում էի նրա բոլոր նամակներին, նույնիսկ շատ անգամ ինքս էի գրում անհամբեր, երբ այս կամ այն պատճառով ուշանում էին նրա նամակները. Բայց հետո կամաց-կամաց... Դե հո գիտես, ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին: Մանավանդ որ ես ներքին հոգեկան կյանքով ապրող մարդ չեմ: Իմս այսօր է, և ոչ վաղը: Իմս արտաքին աշխարհն է իր եռուզեռով, իր թռուցիկ տպավորություններով: Գոնե մինչև այժմ ես այդպես եմ եղել: Եթե այն ժամանակ մնայի կամ նա գար ինձ հետ, անշուշտ կպսակվեի, և այժմ մենք շատ սովորական բախտավոր կամ անբախտ ամուսիններ կլինեինք: Բայց ես, ինչպես ասացի, հեռացա և... մոռացա կամ ավելի ճիշտը, սառեցի: Սառեցի ոչ թե այն պատճառով, որ այդպես էի ուզում կամ նրանից ավելի լավերը գտա, այլ որովհետև այդպես է կյանքը, այդպես է մարդկային բնությունը:

Այդ էլ թ՞ե այդպես լինի, այդ էլ պատրաստ եմ ընդունելու, — նորից նկատեցի ես: — Բայց չէ՞ որ ձեր միջև ամեն մի կապ կտրված էր արդեն, և նա ինքն էլ, երևի, վաղուց սառել, մոռացել էր քեզ, հաշտվել իր դրության հետ, ամուսնացել, տուն ու տեղ դրել և պատրաստվում էր նորից մայր լինելու: Էլ հանուն ինչի՞, հանուն կյանքի ո՞ր գերագույն խորհրդի եկար վրդովելու նրա հանգիստ կյանքը, բանալու նրա հին վերքը, ծաղրելու նրա անցյալ տառապանքները, վիրավորելու նրա կանացի առաքինությունը, կոխկրտելու նրա մարդկային արժանապատվությունը: Այդ բոլորը ես նրա խոսքերն եմ կրկնում: Սրա՞ն ինչ անուն կտաս:

Պարզ թեթևամտություն, երես առածի հանդգնություն, նույնիսկ շնականություն, — ինչ անուն ուզում ես տուր, այդ բոլորը ընդունում եմ և չեմ արդարացնում ինձ:

Բայց այս չնչին բանն այդպես փքել, ուռեցնել, մի պարզ ֆարս տրագեդիայի վերածել, մի ստահակ վարմունք մահացու հանցանք համարեիայդ ես ուղղակի չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում:

Ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ լռել, և միայն թափահարեցի ձեռքս, դրանով հասկացնել ուզելով, որ այլևս ավելորդ է շարունակել այդ խոսակցությունը:

Նկատելով այդ, Թուսյանը մոտեցավ, առավ ձեռքս և ասաց պաղատագին.

Ոչ, խնդրում եմ, Մարգարյան, մի կարծիր, թե ես դիտմամբ չհասկանալ եմ ձևացնում: Ապացուցիր, համոզիր ինձ, որ ես այդչափ մեղավոր եմ, որ ես մահացու հանցանք եմ գործել, և կտեսնես, որ իմ դատաստանը ինքս իմ ձեռքով կկտրեմ: Գուցե իսկապես ես մի հրեշ եմ, որին պետք է ոչ միայն սպանել, այլև կտոր-կտոր անել և կտորները շան բերանը գցել:

Դե ես ի՞նչպես ապացուցեմ և համոզեմ քեզ, երբ դու այնպիսի հայացքի տեր մարդ ես, թե ամեն բան թույլատրելի է: Երբ որ ինքը՝ քո արարքի հետևանքը, որ իբրև կենդանի ապացույց կանգնած է առջևդ, չի համոզում քեզ, խոսքերն ինքնըստինքյան ավելորդ են:

Բայց իմ այդ արարքն առաջինը և վերջինը չէ, և ինչո՞ւ այդպիսի աղետաբեր հետևանք ունեցավ այնքանի մեջ միայն մեկի վերաբերմամբ: Մի՞թե սրանից պարզ չէ, որ աղետի պատճառը իմ կյանքից և իմ արարքի էությունից դուրս է:

Եվ, երևի, գտնվում է այդ մեկի կամքի և էության մեջ: Ա՞յս ես ուզում ասել:

Եթե իմ ասածից այդ է հետևում... — ասաց Թուսյանը և չլրացրեց իր ասելիքը, խուսափելով իմ հայացքից:

Ես կարճ ժամանակ նայում էի նրան զարմացած, այս անգամ անկոտրում մարդու տպավորություն էր թողնում:

Քո դատողությունը գիտե՞ս ինչ անալոգիա է ստեղծում իմ առջև, — նկատեցի ես: — Խելագարի թե հարբածի մեկը կանգնած է փողոցում և հրացան է պարպում: Փողոցով շատ մարդիկ են անցնում, բայց գնդակը դիպչում է միայն մեկին և գետին գլորում: Ուրեմն մեղավորն այդ մեկն էր, որ սպանվեց, և ոչ հրացան պարպողը, այլապես բոլորն էլ կսպանվեին: Ահա քո լոգիկան:

Եվ երևակայիր, որ այո՛, այդ մեկն էր մեղավոր, — տարօրինակ համառությամբ պնդեց Թուսյանը: — Կամ եթե մեղավոր չէր, այլ անմեղ պատահական մի զոհ, համենայն դեպս մեղավոր չէր նաև հրացան պարպողը, որովհետև նա, խելագար թե հարբած, համենայն դեպս գործել է որոշ էմոցիայի ազդեցության տակ և գնդակը չի արձակել որևէ մեկի և հատկապես այդ մեկին սպանելու դիտավորությամբ:

Որովհետև ես լռել և լսում էի նրան ավելի ու ավելի զարմանալով, նա շարունակեց իրեն ոչ հատուկ պեդանտային լրջությամբ.

Դու ասում ես՝ շնականություն, ես ասում եմ կյանքի գերագույն խորհուրդ, այսինքն բնական տարերային մի ուժ, որի վրա մարդն իր բոլոր խոհականությամբ հանդերձ անկարող է իշխել: Այդ տարերային ուժն իմ միջոցով եկել անցել է իր հաղթական ճանապարհով, և ես մեղավոր չեմ, որ մեկն այդ ճանապարհին ընկել է նրա քայլերի տակ և ճխլվեի անկարող լինելով հարմարվել նրա քմահաճույքին: Սա պարզ է, Մարգարյան, շատ պարզ:

Որ այդպես է, ինչո՞ւ ծեծեցիր իր աշակերտուհուն լլկող ձեր գավառական վարժապետին:

Որովհետև նա բռնություն, կամ, ուրիշ խոսքով ասեմ շնություն էր գործ դրել և այն էլ մի անչափահաս աղջկա վրա, — ահա թե ինչու: Իսկ բռնության, շնության և հոգիների ու մարմինների փոխադարձ ձգտման միջև սարեր ու ձորեր տարբերություն կա: Սա պարզ է, կարծեմ:

Այո, քեզ համար ամեն բան պարզ է, պարզից էլ պարզ, — նկատեցի ես, կամենալով վերջ տալ այս ապարդյուն խոսակցությանը: — Եվ ես չեմ հասկանում, թե ինչո՛ւ չես գնացել, ինչու ես եկել և ինչու են այդ սոփեստություններդ: Որ համոզես, թե մեղավոր չե՞ս: Չես կարող: Ես միայն մի բանում համոզվեցի, — դու կամ հանցանքիդ գիտակցությունը չունես կամ այնքան խորն ես զգում հանցանքդ, որ խիղճդ հանգստացնելու համար աշխատում ես մեղքը փաթաթել ինչ-որ կյանքի գերագույն խորհրդի, ինչ-որ բնական տարերային ուժի վրա, որ իբր թե եկել անցել է քո միջով իր հաղթական երթը կատարելու համար: Այդ հո քո աստվածաբան վարժապետն էլ կարող էր ասել, ինչքան էլ որ նրա արարքը դու բռնություն համարես և սարերի ու ձորերի տարբերություն տեսնես նրա ու քո արարքի միջև: Ինչո՞ւ մի բան, որ քեզ համար կյանքի գերագույն խորհուրդ է և բնական տարերային ուժ, նրա համար շնություն պիտի լինի: Ոչ այս, ոչ այն. մի անգամ որ ինքդ քեզ ներշնչել ես այն համոզումը, թե կյանքը մի հարատև խնջույք է, և դու իրավունք ունես խլելու նրանից այն ամենը, ինչ որ հաճելի է քեզ, ուզում ես այդպես էլ շարունակել, բայց հիմա, որ դժնադեմ կյանքը, իսկական կյանքը և ոչ քո կասկածը, եկել ցցվել է առջևդ և իր պահանջներն է անում քեզնից, դու շփոթվել ես, ինքդ քեզ կորցրել և չես իմանում ինչ անես: Ահա քո ամբողջ հոգեբանությունը: Ես այլևս ոչինչ չունեմ ասելու քեզ:

Այս անգամ Թուսյանը միանգամայն սուս էր արել և լսում էր ինձ, ինչպես նախորդ գիշերը, լուրջ ու կենտրոնացած: Ըստ երևույթին նրա մեջ շարունակվում էր նախորդ գիշերը հրաժեշտի ժամին նրա մեջ իմ նկատած հոգեկան հեղաշրջման պրոցեսը: Բայց այս անգամ առաջվա պես ընդարմացած չէր, այլ նրա ամեն մի դիմագիծը ցավագին ջղաձգումներով արձագանքում էր իմ խոսքերին:

Շտապով լվացվեցի և պատրաստվեցի, որ գնամ իմանալու Սառայի դրությունը, որ այդ բոլոր խոսակցության ժամանակ մի րոպե անգամ չէր հեռանում մտքիցս: Եվ երբ բոլորովին պատրաստ էի, Թուսյանը, որ մինչև այդ շարունակ ինքնամփոփ՝ լուռ դիտում էր ինձ, հարցրեց.

Ո՞ւր ես գնում:

Գնում եմ իմանալու՝ ինչ դրության մեջ է զոհդ:

Բավակա՛ն է, Մարգարյան, — աղաչեց նա զայրույթի հանկարծական բռնկումով և սև, խոշոր աչքերը սպառնագին փայլեցրեց ինձ վրա: Բայց այդ բռնկումը մի վայրկյան միայն տևեց: Նա զսպեց իրեն, գլխարկն առավ և շատ հանգիստ կերպով ասաց. — Ես էլ եմ գալիս:

Ակամա նայեցի նրան զարմացած:

Խելագարվե՞լ ես, ինչ է:

Իսկույն չպատասխանեց: Կանգնած էր առջևս, գլխարկը ձեռքին և հանգիստ հայացքը, մռայլ վճռականությամբ լի, հառել էր հատակին:

Զո՞հ՝ ասում ես: Ընդունում եմ, — ասաց մի առանձին հաստատուն շեշտով: — Բայց զոհը հատուցում է պահանջում, և այդ հատուցումը ես պատրաստ եմ տալու: Եվ պիտի տամ:

Ես քեզ չեմ հասկանում, — ասացի պարզապես ապշած նրա այդ հանկարծակի վճռականության վրա: — Ի՞նչ հատուցում, ո՞ւմ, ի՞նչ ձևով, ինչի՞ համար:

Ինչպիսի հատուցում ուզում ես, ում ուզում ես, ինչ ձևով ուզում ես, ինչի համար ուզում ես, — ինձ համար ողջը մեկ է: Ես սակարկել չգիտեմ: Մի բան որ վճռեցի և ասացիկանեմ: Եվ խնդրում եմ իմ այս խոսքերի վրա մի՛ նայիր իբրև դատարկ բրավադայի վրա: Ճիշտ է, ես թեթևսոլիկ եմ, և շատ տրագիկական դեպքեր իմ կյանքում եկել անցել են թևի մի թեթև հպումով, առանց որևէ խոր հետք թողնելու իմ մեջ, բայց այն, ինչ որ այժմ եմ զգում, չեմ զգացել երբեք:

Ասա, ասա, ես քեզ լսում եմ, — ասացի ես չափազանց հետաքրքրված նրա արտասովոր լուրջ տոնից և աչքերի արտահայտությունից տեսնելով, որ վերջապես պիտի պարզվի այն գլխավորը, ինչ որ տակավին մութ էր մնում ինձ համար այդ տարօրինակ երիտասարդի մեջ:

Երեկ գիշեր, որ դու պատմում էիր Սառայի մասին, — շարունակեց Թուսյանը, — ես համարյա ոչինչ չզգացի. ես միայն շշմել էիայնքան անակնկալ էր այդ բոլորն ինձ համար: Բայց հետո որ բաժանվեցի քեզնից և փոխանակ կայարան գնալու գնացի իջա հյուրանոց, կամացկամաց ինչ-որ անհանգստություն տիրեց ինձ և քանի գնաց՝ սաստկացավ: Որ ասեմ ամբողջ գիշերը չեմ քնել, չես հավատա: Արթուն պահապանի պես ման էի գալիս անդադար և շարունակ ծխում: Խի՞ղճ, խղճի խա՞յթ, թեթևամտորեն գործած չարիքի գիտակցությո՞ւն... Կամ գուցե կարեկցությո՞ւն, սրտի հարազատությո՞ւն՝ հետևանք այն զգացումի, որ երբեմն տածել եմ դեպի նա... կամ գուցե նույնիսկ նախկին սերը, անդրանիկ սերը, որի կայծերն սկսել են բորբոքվել նոր թափով տարիների շեղջակույտի տակից և ավելի մաքուր, ավելի ուժգին, քան առաջ, նրա կրած տառապանքների ազդեցության տակ... Ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում: Միայն կրկնում եմ, այսպիսի բան երբե՜ք չեմ զգացել, երբե՛ք կյանքիս մեջ: Եվ եթե մի քիչ առաջ ես, — շատ ճիշտ նկատեցիր, — զանազան սոփեստություններով աշխատում էի անարատ դուրս բերել ինձ, այդ ոչ թե նրա համար, որ իսկապես անմեղ էի համարում ինձ, այլ նրա համար, որ ուզում էի քո օգնությամբ դուրս գալ հոգեկան այս անտանելի քաոսային դրությունից: Կյանքի գերագույն խորհուրդ, բնական տարերային ուժ և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ, սրանք բոլորը, իհարկե, լոկ ֆրազներ են, որոնք թերևս նշանակություն ունենան տղամարդու և կնոջ հարաբերության մասին վերացական դատողության մեջ, բայց որոնք գրոշի արժեք չունեն կյանքի այնպիսի փաստերի հանդեպ. որպիսին իմ ու Սառայի հարաբերությունն է եղել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ես չկարողացա գնալ, որ գիշերն այնքան անհանգիստ անցրի, որ այժմ եկել եմ քեզ մոտ և ուզում եմ գալ քեզ հետ նրան տեսնելու:

Այդպես, վերջապես խոստովանեցիր ճշմարտությունը, — նկատեցի ես: — Բայց նրան տեսնելը մտքիցդ հանի, որովհետև չգիտես, թե այս գիշեր քո գնալուց հետո ինչ կատարվեց:

Ի՞նչ:

Ես պատմեցի նրան գիշերվա ամբողջ մղձավանջային դեպքը, թե ինչպես Սառան խելագար դրության մեջ եկել էր իմ բնակարանը ատրճանակը ձեռքին՝ անշուշտ նրան, Թուսյանին սպանելու մանիայով բռնված, թե ինչպես ատրճանակը պարպել էր նախասենյակումս ու փախել, թե ինչպես նրա ամուսինը վազել էր ինձ մոտ նրան որոնելու և թե, վերջապես, ինչ դրության մեջ գտանք նրան իրենց տանը:

Թուսյանը լսում էր ինձ իր ահագին աչքերի լափող հետաքրքրությամբ և հետզհետե սփրթնելով: Հետո, որ վերջացրի, գլուխն առավ ձեռքերի մեջ և մնաց քարացած:

Այդ անկարելի է, — շշնջաց նա: — Այդ սոսկալի է... Եվ այդ բոլորի պատճառը...

Էլ ավելորդ և անօգուտ է պատճառի կամ պատճառների մասին մտածելը, — ասացի: — Եթե այժմ զղջում ես և ուզում ես ինչ-որ հատուցում տալ, ուշ է արդեն, շատ ուշ:

Ուշ է... շատ ուշ, — կրկնեց արձագանքի պես, առանց հեռացնելու ինձնից իր լայն բացած աչքերը: Ես այդպես. էլ թողի նրան ու դուրս եկա:

14

Նոր էի թեքվել գլխավոր փողոցը, տեսնեմ արագ քայլերով հասավ ետևիցս:

Ո՞ւր ես գնում, — հարցրի:

Գալիս եմ քեզ հետ:

Ես Սառայի մոտ եմ գնում:

Ես էլ:

Որ ի՞նչ անես:

Որ իմանամ ինչպես է:

Ու տեսնելով, որ ուզում էի առարկել, ավելացրեց իսկույն.

Մի՛ վախենա, ներս չեմ մտնի. կսպասեմ դուրսը, մինչև դուրս կգաս:

Ճանապարհին այլևս ոչ մի խոսք չարտասանեց: Ըստ երևույթին շատ հանգիստ էր և ինքն իր մեջ խորասուզված:

Որ հասանք, նա իսկապես մնաց դուրսը, իսկ ես մտա և վերև բարձրացա:

Գարեգինի բնակարանում դուռը բաց արեց աղախինը` լացակումած կարմիր աչքերով: Նրա դեմքին նայելուն պես սիրտս կարծես պոկվեց հանկարծ և ցած ընկավ:

Ինչպե՞ս է տիկինը, — հարցրի:

Պատասխանի տեղ աղախինը թաշկինակը սեղմեց աչքերին և հեկեկաց:

Հարցուփորձն այլևս ավելորդ էր, և ես շտապով ներս մտա:

Դեմս ելավ բարի տանտիրուհին, որ այնքան հոգացողություն էր ցույց տվել գիշերը Սառայի հիվանդության ժամանակ: Կարճ խոսքերով պատմեց ամբողջ եղելությունը: Գիշերը, իմ գնալուց հետո, բժիշկը խորհուրդ էր տվել հիվանդին անմիջապես փոխադրել ծննդաբերական ապաստարան: Սառային ուշագնաց դրության մեջ կառք էին դրել տարել, և նա մեռել էր վաղաժամ և անկանոն ծննդաբերությունից:

Մենք նոր ենք վերադարձելավելացրեց նամենք» ասելով ուզում էր ասել՝ ինքը և Գարեգինը): — Եկեք, եկեք մխիթարեցեք ձեր խեղճ բարեկամին, իսկ ես կգնամ մի քիչ հանգստանալու:

Բարի պառավն առաջնորդեց ինձ դեպի ննջարան, որտեղ գիշերը Սառային գտա հոգեվարք դրության մեջ, և ինքը հեռացավ:

Դուռը բաց արի և կամաց ներս մտա:

Գարեգինը նստած էր կնոջ դատարկ մահճակալի մոտ, ձեռները կրծքին խաչած և գլուխը կախ: Ինձ թվաց, թե քնած է, բայց որ մոտեցա, գլուխը կամաց բարձրացրեց և անքնությունից ուռած և կարմրած աչքերը սևեռեց վրաս:

Երկար ժամանակ նայում էր դեմքիս անզգայացած մարդու անիմաստ հայացքով, կարծես չկարողանալով գլխի ընկնել, թե ով եմ, հետո ձեռքերը կամաց հեռացրեց կրծքից և ասաց շատ հանգիստ ձայնով:

Հա, այդ դու ես... նստիր:

Ու, առանց տեղից վեր կենալու, առաջ քաշեց մոտը դրած մի աթոռ:

Լուռ սեղմեցի նրա ձեռքը և նստեցի:

Դու գիտե՞ս, որ Սառան այլևս չկա, — ասաց իր ցամաք, անկենդան հայացքը սևեռելով աչքերիս:

Ես կարողացա միայն գլխով մի դրական շարժում անել, թե գիտեմ, փղձուկը բռնել էր կոկորդս, և չկարողացա որևէ խոսք արտասանել:

Ներս տարան, մորթեցին, ինչ արինչգիտեմ, և դուրս բերին մեռած, — շարունակեց Գարեգինն այնքան հանգիստ ձայնով, որ կարծես իրեն չվերաբերող և մի հասարակ բան էր պատմում: — Հետո, գիտե՞ս ինչ, այն բժշկին, որ մորթել էր նրան, տեսա իր կաբինետում կաթով թեյ խմելիս: Շատ զարմացա: Մեկ էլ ինչ զարմացրեց ինձ. Տուն որ գալիս էի, տեսնեմ արևը լուսավորում է առաջվա պես, մարդիկ անցուդարձ են անում փողոցում, խանութները բաց են սովորականի պես, մի խոսքով ամեն բանինչպես ամեն օր, և ոչ մի փոփոխություն: Մինչդեռ ես կարծում էի, թե էլ ոչինչ չկա, վերջ, մութ, խավար... Ապշելու բան է, չէ՞:

Գիտե՞ս ինչ, Գարեգին, — ասացի ես, դիտելով նրա անքնությունից ուռած, բորբոքված աչքերը և դեղնած դեմքը, — դու հոգնած ես և չես քնել, մի քիչ որ պառկես հանգրստանաս, լավ կլինի:

Հա՞, ես էլ հենց այդ պիտի ասեի, — վրա բերեց նա: — Ինձ ավելի այն է զարմացնում, որ ես էլ, գիտեմ, առաջվա պես պիտի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, էլի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե այս կես տարվա կյանքը մի քաղցր երազ էր, որ եկավ ու անցավ, որպես թե Սառան մի հրաշալի տեսիլք էր, որ մի վայրկյան երևաց աչքիս ու հանգավ անհետ...

Վերջին խոսքերի վրա նրա ձայնը դողաց, խլացավ և հանկարծ կտրվեց: Նա խոնարհվեց ծնկների վրա, և գլուխը ցած ընկավ թուլացած: Երկար ժամանակ այդպես մնալուց հետո նորից շտկվեց և նայեց ինձ:

Փարատիր, խնդրում եմ իմ մի տարակուսանքը, եթե կարող ես, — ասաց նա: — Այս մասին էի մտածում, որ դու եկար: Ասա խնդրեմ, ո՞րն է ավելի կարևորը, — մա՞րդը, կենդանի արարա՞ծը, թե իրը հոգի՞ն, թե նյութը:

Ինչո՞ւ ես հարցնում այդ:

Ինչո՞ւ...

Իր թափառուն հայացքը ման ածեց սենյակի մեջ, վեր կացավ և սկսեց մեկ-մեկ մատնանշել.

Ահա այս մահճակալը, որի վրա պառկած էր նա, ահա այս հողաթափները, որ հագնում էր առավոտները, երբ վեր էր կենում. ահա այս գլխարկը, այս սանրերը, այս ծամկալները, այս մատանիները, այս բոլոր լաթերն ու իրերը, որոնք պատկանում էին նրան, որոնց նմանը ինչքան ուզում ես կարող ես ճարել, որոնք իրենց արժեքից ավելի բան չարժեն, — այս բոլորը կան ու կմնան, եթե պահես, իսկ նա, որ մեզ պես խոսում, մտածում, ման էր գալիս, որը մարդու ձեռքով շինված մի իր չէր, որը մի հատ էր ամբողջ մարդկության մեջ, որի նմանը չես գտնի աշխարհիս և ոչ մի տեղ, իսկ նա չկա այլևս և չի լինի երբեք: Ի՞նչ է նշանակում այս, — որ այս ծամկալն ավելի կարևոր է և անմա՞հ, քան թե նա, որ բնության ստեղծագործության անզուգական մի հրաշակերտ էր, քան թե այն սիրտը, որ բաբախում էր նրա կրծքում, քան թե՛ այն հոգին, որ այնպես փոթորկվում էր նրա մեջ: Ի՞նչ է այս, — ծա՞ղր, թե այնպիսի մի բան, որի առջև մարդու ուղեղն ուրիշ բան չունի անելու, եթե ոչ միայն քարանալ...

Դեռ երկար ժամանակ խոսում էր այդ մասին, մերթ հուզվելով, մերթ փիլիսոփայական հանգստությամբ, շարունակ դիմելով իրեն հատուկ մանկամիտ համեմատությունների, երբ վերջապես առա նրա թևը և, նորից հորդորելով, որ մի քիչ հանգստանա, տարա նրան իր առանձնասենյակը, որպեսզի հեռացրած լինեի կնոջ սենյակից, ուր ամեն ինչ հիշեցնում էր Սառային և այնքան հուզում նրան: Չհակառակեց, անձնատուր եղավ ինձ քունը տանող երեխայի պես, պառկեց և աչքերը ծածկեց:

Կարճ ժամանակից հետո լսեցի նրա քթի փսփսոցը և կամացուկ դուրս եկա, որ գնամ ցավալի իրողությունը հայտնեմ փողոցում ինձ սպասող Թուսյանին:

Դռան առջև նա ետ ու առաջ էր քայլում և ծխում: Ինձ որ տեսավ, կանգ առավ:

Մի քանի խոսքով հայտնեցի Սառայի մահը:

Ձայն ծպուտ չհանեց, դարձավ ու հեռացավ:

Իսկ ես վերադարձա, որ Սառայի ծնողներին հեռագիր տամ` գան:

15

Երկու ամբողջ օր չերևաց: Ուր էր, ինչ էր անումչգիտեի, համարյա չէի էլ հետաքրքրվում, որովհետև այդ ամբողջ ժամանակ չէի հեռանում Գարեգինի մոտից, որը մի տեսակ իդիոտիզմի մեջ էր ընկել: Երրորդ օրը միայն, Սառայի թաղման ժամանակ, մի քանի րոպեով երևաց աչքիս հուղարկավորների բազմության մեջ, ու էլ չտեսա: Թաղումից հետո, երբ գերեզմանատնից վերադառնում էինք, ինչքան փնտրեցիչգտա:

Այնուհետև նույն օրը ուշ երեկոյան, երբ Գարեգինի մոտից նոր էի վերադարձել տուն, տեսնեմ եկավ այնքան արբած, որ ոտի վրա հազիվ էր կանգնում:

Մտավ առանց բարև տալու, նստեց ուղղակի դեմս, գլխարկը ետ գցեց ծոծրակին, ձեռքերով կռթնեց ծնկներին և ծանր շնչելով, նայեց ինձ շաղված աչքերով:

Խմած եմ, չէ՞, — հարցրեց:

Եվ, որովհետև ես ոչինչ չասացի, շարունակեց, որպես թե դրական պատասխան լինեի տված.

Եվ ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ այս անգամ ավելի, քան ուրիշ անգամներ: Պատասխանիր: Պատասխանիր, — բարձրացրեց ձայնը, հրամայողաբար, տեսնելով, որ ես շարունակում եմ լռել:

Երևի դարդդ մոռանալու համար, — ասացի ես վերջապես:

Հեգնում ես, հա՞: Մի հեգնիր: Սովորական արբեցողների այդ արդարացումը ես չեմ ընդունում, մերժում եմ, լսո՞ւմ եսմերժում եմ:

Կամ որպեսզի խիղճդ հանգստացնես:

Խի՞ղճ, ի՞նչ խիղճ, ո՞ր խիղճը, այն, որ այստեղ կա՞, — խփեց կրծքին: — К черту её. Այդ հո Տոլստոյի մորալն է: Տոլստոյը մեծ գրող է: Ճիշտ է, բայց... մղդսի է: Դու էլ ես մղդսի, Մարգարյան, — չնեղանաս: Բոլոր մորալիստները մղդսի են: Անցյալ օրը ինձ էլ հո համարյա թե մղդսի դարձրիր: Օ՛, ես այդ քեզ չեմ ների, երբե՜ք: Եվ քո ջգրու է, որ այսպես խմել եմ, քո ջգրու, լսո՞ւմ ես, Մարգարյան: Coлoья баснями не кoрмят. Ես միշտ խմում եմ, բայց այսօր սովորականից ավելի եմ խմել ոչ թե, — լա՜վ լսիր, Մարգարյան, — ոչ թե դարդս մոռանալու կամ խիղճս հանգստացնելու համար, այլ որպեսզի թույլ չտամ քեզ, որ քթիցս բռնած շուռ տաս ինձ անցյալ օրվա պես դեպի մղդսիություն: Հասկացա՞ր:

Բայց և այնպես, դու աշխատում ես դարձյալ արդարացնել քեզ, և այդ մի բան նշանակում է, — նկատեցի ես:

Այս ոչինչ չի նշանակում, և դու շատ ես սխալվում, որ կարծում ես, թե ես դարձյալ ուզում եմ արդարացնել ինձ: Ի՞նչ, էլի հատուցո՞ւմ, մատուցո՞ւմ, ու ես ինչ գիտեմ, ուրիշ ինչ զահրուզխկո՞ւմ: Ներողություն կանես: Այդ միայն անցյալ օրն էր: Անցավ: Վերջ: Մի անգամ հիմարանալուց հետո երկրորդ անգամ հիմարանալ՝ կատարյալ էշություն կլինի: Ավելի լավ է շուն շանորդի լինել, քան թե էշ ու ավանակ: Եվ որպեսզի դու մի անգամ առմիշտ համոզվես, թե այս անգամ չեմ եկել քեզ մոտ ինչ-որ մեղայականով, ահավասիկ...

Նա վեր թռավ, բարձրացավ աթոռի վրա և այնպես տատանվեց, որ անպատճառ վայր կընկներ, եթե վրա չվազեի և չբռնեի:

Իջիր, իջիր, — ասացի, — կընկնես:

Ո՜չ, թող, չեմ ընկնի, — բղավեց նա վառված, համարյա կատաղի աչքերով: — Հեռու կանգնիր և լսիր, ես պիտի հայտարարեմ: Եվ ահավասիկ հայտարարում եմ աշխարհին և ամենքին, — ես մեղավոր չե՜մ, ես մեղավոր չե՜մ, ես մեղավոր չե՜մ: Չե՜մ, չե՜մ, չե՜մ (ամեն մի «չեմի» հետ բռունցքը պինդ զարկում էր կրծքին): Ես այս կրկնում եմ երեք անգամ և պատրաստ եմ կրկնելու հազարերեքերորդ անգամ, որովհետև, — լավ լսիր, Մարգարյան, — աշխարհիս երեսին արդար ու մեղավոր չկա, չկա քեզ ասում եմ, և մարդ ամեն բան, լավն էլ, վատն էլ անում է բնության թելադրանքով:

Բավական է, մի անգամ ասացիր, իմացանք, իջիր ասում եմ, կընկնես, — ասացի ես և բռնեցի ձեռքից, որ իջեցնեմ, բայց նա ձեռքն այնպիսի կատաղի թափով ետ խլեց, որ այլևս չկարողացավ պահպանել հավասարակշռությունը, և նախքան ես վրա կընկնեի, որ բռնեի, երեսն ի վեր թրմփաց հատակի վրա: Ծոծրակին ետ գցած գլխարկը թռավ մի անկյուն:

Հազիվ բարձրացրի և նստեցրի: Գլուխը փալասի պես կախ ընկավ կրծքին: Լուռ էր: Մեկ էլ տեսնեմ աչքերից արտասուքներ են կաթում: Երկար ժամանակ լալիս էր այդպես լուռ: Հետո թաշկինակը հանեց, աչքերը սրբեց և, առանց գլուխը բարձրացնելու, ասաց կամաց.

Մի քիչ ջուր տուր:

Տվի: Խմեց և կարծես թե մի քիչ զգաստացավ: Ու դարձյալ երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը մերթ վեր բարձրացնելով, մերթ ցած գցելով թուլացած, կարծես ննջում էր: Հետո, սկսեց օձիքը քանդել և ձեռքով մոտ կանչեց ինձ: Մոտեցա: Գլուխը ետ գցեց և մատով ցույց տվեց կոկորդը: Կոկորդի վրա հազիվ կես վերշոկաչափ մի կարմիր բարակ սպի կար, կարծես սուր դանակով կաշվի վրա մի թեթև գիծ էին քաշել առանց խորը կտրելու:

Այդ ի՞նչ է, — հարցրի զարմացած:

Ծոցի գրպանները քրքրեց, հանեց մի ածելի պատյանի մեջ և տվեց ինձ:

Առ պահիր, — ասաց, — էլ չտաս ինձ:

Վա՜յ, թշվառակա՛ն, — ակամա դուրս թռավ բերանիցս:

Այդ անցյալ օրն էր, որ դու այնտեղ, դռանը հայտնեցիր ինձ նրա մահը, — ասաց նույն հանգիստ ձայնով: — Իմ խելքով ուզեցի իբր թե հատուցում տալ, բայց հատցում դուրս եկավ այս ողորմելի գիծը, բրավադան էլ օդով լի մի փուչիկ: Փուչիկը պատռվեց, օդը դուրս եկավ միջից առանց նույնիսկ մի սուտ տրաքոց հանելու: Ի՞նչ է նշանակում այս, Մարգարյան, հը՞, — հարցրեց աչքերը տարակուսանքով սևեռելով ինձ վրա: — Այս ես ե՞մ, թե ես չեմ: Ես ախր էլ չեմ ճանաչում ինձ: Ո՞րտեղից է մտքի այս տատանումը, հոգեկան այս շփոթությունը, այս զզվելի փոքրոգությունը: Ես Ռուբեն Թուսյանը լինեմ և նստեմ քեզ մոտ լա՞ց լինեմ, իբրև մի баба. ես Ռուբեն Թուսյանը լինեմ, ուզենամ ինձ մորթել ու... վախենա՞մ: Դե էլ ինչացո՞ւ եմ ես, ինչի՞ պետք եմ, բռնիր ոտներս ու քարշ տուր տար գետը գցիր է՜լի, իբրև մի սատկած շուն: Ինչո՞ւ մեռավ նա, ինչո՞ւ: Որ ինձ պատժի՞, որ վրեժ լուծի ինձնի՞ց...

Նրա ձայնը երևրաց, և ինձ թվաց, թե ուզում է նորից լաց լինել, բայց զսպեց իրեն և հանկարծ վեր թռավ կատաղի աչքերով:

Ո՜չ, ես թույլ չեմ տա, որ մեռելները քարշ տան ինձ իրենց ետևից, — գոռաց նա: — Ես կենդանի մարդ եմ, սիրում եմ կյանքը և հանուն այդ սիրո պիտի շարունակեմ զոհել ամեն ինչ և ամենքին, ով կհամարձակվի խոչընդոտ կանգնել իմ հաղթական ճանապարհին: Առաջին անգամ կյանքիս մեջ անձնատուր եղա այս հիմարական կնիկարմատային զգացումներին և ահա եկա հասա ուր... ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Ու ամեն մի «ինչուի» հետ սկսեց ձեռքով խփել հա խփել գլխին:

Մի կերպ հանգստացրի, առաջարկեցի, որ պառկի քնի, մինչև որ գինու ազդեցությունն անցնի:

Ոչ, — ասաց, — այս երեկո արդեն գնում եմ: — Եկա, որ փող տաս հյուրանոցին վճարելու և տոմսակ առնելու: Անցյալ օրը տված փողերդ մինչև վերջին կոպեկը զահրումար արի: Գնամ թե չէ, բոլորը միանգամից կուղարկեմ: Հորս կասեմ, որ տա: Կտալավ, չի տահե՜րը կանիծեմ, բոլոր դավթարներն ու մուրհակները կպատռեմ, փողի սնդուկը կվառեմ, իրեն էլ կբռնեմ կխեղդեմ, որ ինձ պես մի լակոտ է ցնկնել:

Հետո՞:

Հետո էլ չգիտեմ: Ես սովոր չեմ «հետոյի» մասին մտածելու տուր փողը: Գլխարկս էլ տուր:

Ուզած փողն էլ, գլխարկն էլ տվի:

Փողը գրպանը կոխեց, գլխարկը ծածկեց, ձեռքս սեղմեց և օրորվելով դուրս գնաց:

Էլ չտեսա նրան:

Տարիներ հետո իմացա, որ տնից դուրս արած, թափառում է մայրաքաղաքի փողոցներում, իբրև պրոֆեսիոնալ ինտելիգենտ մուրացիկ և արբեցող:

ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինըԵվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո՜չէին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեինայդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Հաջորդ էջ