Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Next Last

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՛ւ, հեռո՛ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ... Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո , ես եմ, ես...»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ... ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ... Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

Է՜յ, է՜յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

Ինչպես թե ինձ ինչ... Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

Ես ի՞նչ գիտեմ:

Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

Այդ քարն ի՞նչ է որ:

Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

Տո, հեռացի՜ր այն կողմն, է՛, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՛տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո...

Հա, ի՜նչ է, ետ չե՜մ քշում, ի՜նչ պետք է անես:

Ա՜յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը ևշրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

Ոչ, չեմ տանիլ, միայն մի խեղդիր ինձ:

Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

1889

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ

(Ավանդություն)

Մի անգամայդ ոչ շատ հին և ոչ շատ նոր ժամանակներումս էրմի չքավոր մարդ մի ինչ-որ բան գտավ: Գտած իրը կակուղ էր, կլոր և փոքրիկ ընկյուզի չափ: Գտնողը զարմացավ. նա չէր իմանում, թե այդ ինչ է. այդպիսի բան յուր ողջ կյանքում ոչ ոքի ձեռքին չէր տեսել: Նա տարավ տուն, կնոջը ցույց տվավ. կինն էլ զարմացավ, նա էլ յուր ողջ կյանքում այդպիսի բան առաջին անգամն էր տեսնում: Այնուհետև նա ցույց տվավ հարևան-ծանոթներին, բարեկամ-ազգականներին, օտար-անծանոթներին, մի խոսքովամեն մի պատահողին՝ լիներ նա կին թե մարդ, ծեր թե մանուկ, խելոք թե հիմար, գիտուն թե տգետ, բայց ո՜չ ոք և ո՜չ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես նրա գտած իրը: Մեկն ասում էր՝ քար է:

Բաս ինչո՞ւ կակուղ է, — հակառակում էր մյուսը:

Սա պտուղ է:

Այդպիսի պտուղներ ո՞ր ծառի վրա են դուրս գալիս, — հակառակում էր մի ուրիշը:

Սա ադամանդ է, տեսնում եք փայլում է:

Բաս ինչո՞ւ կակուղ է, — հակառակում էր առաջինը: Եվ այսպես ամեն մեկն յուր կարծիքն էր հայտնում, իսկ մյուսներըհերքում, գտած իրը ոչ հասարակ քար էր, ոչ ադամանդ և ոչ... աստված գիտե, թե ինչ էր:

Շուտով ողջ քաղաքում լուր տարածվեցավ, թե այսինչ չքավոր մարդը մի ինչ-որ չտեսնված բան է գտել, և ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչ է այն իսկապես: Այդ լուրը լսելուն պես հետաքրքրվողների ահագին խմբեր սկսան վազել դեպի այդ մարդու տունը տեսնելու նրա գտած չտեսնված իրը: Ամենքը զարմանում էին, գլուխ էին կոտրում, բայց ո՜չ ոք և ո՜չ ոք չէր կարողանում իմանալ, թե ինչ է այն:

Վերջապես այդ լուրը թագավորին էլ հասավ: Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ գտնվածը մի չտեսնված, հազվագյուտ բան է, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ:

Նրա հետաքրքրությունը սաստիկ շարժվեցավ, ուստի հրամայեց, որ գտնողին կանչեն յուր մոտ և հրամայեց, որ նա գտած իրն էլ հետը բերե: Իսկույն վազեցին չքավոր մարդու հետևից և նրան թագավորի մոտ բերին:

Ես լսեցի, որ դու մի ինչ-որ չտեսնված բան ես գտել, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ, — ասաց նրան թագավորը: — Ցույց տուր այն տեսնեմ:

Չքավոր մարդն իսկույն հանեց գրպանից գտած իրը և տվավ թագավորին:

Թագավորն սկսեց նայել, շուռ ու մուռ տալ ձեռքին, զարմացավ, ապշեց, մտածեց, գլուխ կոտրեց, ոչինչ չհասկացավ:

«Ի՞նչ պիտի լինի այս, — մրթմրթում էր նա ինքն իրեն և ուսերը վեր քաշում: — Եթե ասեմ քար է՝ քար չէ. եթե ասեմ պտուղ է պտուղ էլ չէ. եթե ասեմ... ի՞նչ ասեմ»: Նա մնաց տարակուսած: «Բայց ինչ որ է, հազվագյուտ և չտեսնված բան է իսկապես, — մտածեց նա նորից: — Ուրեմն ինձ համար մեծ պարծանք կլինի, եթե ես ունենամ այս իմ թանգարանում»:

Այս կծախե՞ս ինձ, — հարցրեց նա չքավոր մարդուն:

Ինչո՞ւ չեմ ծախիլ, թագավորն ապրած կենա, — պատասխանեց վերջինս:

Ո՞նց կտաս:

Ոնց որ քո մեծ կամքը կլինի, թագավորն ապրած կենա:

Ոչ, ծախողը դու ես, — ասաց թագավորը: — Դու չքավոր ես, տեսնում եմ, ասա, ինչ որ ուզեսկտամ:

Չքավոր մարդը մտատանջվեց: Ինչ գին դներ գտած իրին, քանի որ չգիտեր, թե ինչ է այն և ինչ արժե: Վերջապես, մի րոպե մտածելուց հետո, ասաց.

Թագավորն ապրած կենա, քանի որ ոչ ես գիտեմ, թե ինչ է իմ այդ գտած իրը, ոչ ուրիշն և ոչ քո հրամանքը, ուստի ես մի այնպիսի գին կդնեմ նրան, որ ոչ քո հրամանքիդ կողմը կլինի և ոչ՝ իմ:

Ասա, ասա տեսնեմ, — ասաց թագավորը:

Դրա քաշովն ինձ ոսկի տուր:

Ոչ, թագավորն ապրած կենա, ավելի չեմ ուզիլ. դրա քաշով ոսկին էլ բավական է:

Շատ լավ, — ասաց թագավորը: — Եկ գնանք գանձարան, կշռել տամ, և ստացիր ոսկին:

Նա առաջ ընկավ, չքավոր մարդը հետևեց նրան: Նրանք մտան գանձարանը, որն ամենահարուստն էր ամբողջ աշխարհի երեսին: Թագավորը գտած իրը տվավ գանձապետին, հրամայեց, որ կշռե և նրա քաշով ոսկի տա չքավոր մարդուն: Գանձապետն իսկույն վերցրեց ամենափոքրիկ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսումնրա չափ մի ոսկի, կարծելով, որ այդ բավական կլինի նրան կշռելու. բայց կշեռքի թաթը չշարժվեցավ: Գանձապետը մի ուրիշ ոսկի էլ դրեցկշեռքի թաթը դարձյալ անշարժ մնաց: Երրորդ ոսկին դրեց, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, տասներորդը, քսաներորդը... կշեռքի թաթը լցվեց, բայց դարձյալ և դարձյալ անշարժ մնաց: Այն թաթը, որի վրա դրված էր գտնված իրը, ցած էր կանգնած այն թաթից, որի վրա մեկը մյուսի հետևից դրվում էին ոսկիները: Թագավորը, գանձապետն ու չքավոր մարդը շատ զարմացան: Թագավորը հրամայեց, որ գտնված իրը մեծ կշեռքով կշռվի, որպեսզի թաթում ոսկիների համար տեղ լինի: Գանձապետը կշեռքը փոխեց, ավելի մեծը վերցրեց և նորից սկսեց կշռել: Բայց որքան եղավ նրանց զարմանքը, երբ այդ կշեռքի թաթն էլ լցվեց ոսկիներով, և դարձյալ գտնված իրը ծանր մնաց: Թագավորը հրամայեց բոլորովին մեծ կշեռքով կշռել: Գանձապետն այդպես էլ արեց, նա վերցրեց բոլորովին մեծ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում այս անգամ սկսեց տոպրակներով դնել ոսկիները և հետզհետե ավելացնել, մինչև որ վերջապես այնքան հարուստ գանձարանի ոսկին հատավ և գտնված իրը դարձյալ ծանր մնաց, նրա թաթը մինչև անգամ մի մազաչափ չբարձրացավ: Թագավորը և գանձապետը մնացին բերանները բաց:

«Այս հրա՞շք է, թե մենք ենք երազում», — մտածում էին նրանք: Ձեռքով վերցնում են գտնված իրը, — թեթև է, շատ թեթև, այնինչ բանից դուրս է գալիս, որ մինչև անգամ ողջ գանձարանի ոսկին չէր կարողանում նրան կշռել:

Թագավորն սաստիկ բարկացած դարձավ չքավոր մարդուն, որ երկյուղից ու զարմանքից սաստիկ դողում էր, և ասաց.

Դու անպիտա՜ն և ավազա՜կ... Դու ուզում ես ինձ խաբե՞լ, դու ուզում ես ինձ աղքատացնե՞լ, դու կախարդ ես, հա՞... իսկույն ևեթ գլուխդ թռցնել կտամ, եթե չես ասիլ, թե այս ի՞նչ բան է և ով ես դու:

Չքավոր մարդը լաց լինելով ընկավ թագավորի ոտները:

Թագավորն ապրած կենա, — ասաց նա՝ լիզելով նրա ոտները, — ես մի խեղճ, աղքատ մարդ եմ... ես ի՞նչ գիտեմ, թե այդ ինչ բան է... ես միայն գտել եմ... բաշխի՜ր ինձ...

Եթե դու չգիտեիր, թե այս ինչ բան է և սրա զորությունն ինչ, բաս ինչո՞ւ ասացիր, որ սրա քաշով քեզ ոսկի տամ:

Աստվա՜ծ է վկա, չգիտեի... Էս ի՜նչ գիտեի... ես ոնց սուտ կխոսեի քո առաջ... ես միայն այնպես... ես միայն այնպես... բերանումս եկավ, ասացի... Քո որդկերանց արևսադաղին, թագավոր, բաշխիր ինձ, ես էլ որդիք ունիմ, բա ո՞վ պահի նրանց...

Թագավորի սիրտը լցվեց, խղճաց նրա վրա և հրամայեց, որ վեր կենա:

Բայց ես պե՜տք է իմանամ, թե այս ինչ բան է, անպատճա՜ռ պետք է իմանամ:

Եվ իսկույն ևեթ հրամայեց, որ յուր տերության մեջ ինչ գիտնականներ կան, բոլորը շուտով հավաքվեն յուր պալատում: Թագավորի հրամանն էր, անշուշտ պիտի կատարվեր: Երբ բոլոր գիտնականներն արդեն հավաքվեցին պալատում, թագավորը դուրս բերեց նրանց մոտ գտնված իրը, պատմեց, թե ինչպես յուր ողջ գանձարանի ոսկին չկարողացավ նրան կշռել ու հրամայեց, որ իսկույն ևեթ ասեն, թե այդ ինչ է, ապա թե ոչ՝ բոլորի գլուխներն էլ կտրել կտա: Գիտնականներն ահ ու դողով սկսեցին հերթով նայել, զննել, քննել գտնված իրը: Ժամանակ խնդրեցին թագավորից: Թագավորը երկու ժամ ժամանակ տվավ: Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք և ոչ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես գտնված իրը: Խեղճերը հույսները կտրեցին, ձեռքերը խաշեցին, քթերը վայր թողին և պատրաստվեցին վերջին մնաս բարևն ասելու իրենց ծանր գլուխներին:

Հը՜, ի՞նչ է, չգտա՞ք, — երկու ժամից հետո հարցրեց թագավորը:

Ոչ, թագավորն ապրած կենա, — կամաց պատասխանեցին բոլոր գիտնականները:

Ուրեմն տարեք սրանց և բոլորի գլուխներն էլ կտրեցեք, — բարկացած հրամայեց թագավորը դահիճներին: — Սրանց գիտությունը մի կոպեկ չարժե...

Դահիճներն իսկույն դուրս տարան նրանց և բոլորին էլ մի առ մի գլխատեցին:

Բայց թագավորն անպատճառ ուզում էր իմանալ, թե ինչ էր իսկապես գտնված իրը, որը բացի նրանից, որ ողջ գանձարանի ոսկով չէր կշռում, բայց և այնքան զոհեր էլ տարավ: Հետաքրքրությունից ու անհամբերությունից քիչ էր մնում, որ ճաքի: Նա հարցրեց, թե մնացե՞լ է արդյոք յուր պետության մեջ մի ուրիշ գիտնական մարդ: Պատասխանեցինոչ:

Գնացե՜ք, դարձյալ փնտրեցե՜ք և անպատճառ գտեք: Չկա, — ստեղծեցե՜ք: Ես կամենում եմ, ես հրամայում եմ:

Գնացին, շատ ման եկան... շատ կոշիկ մաշեցին, շատ փնտրեցին, շատ ծակ ու ծուկ մտան և վերջապես գտան մի զառամյալ, սպիտակահեր, վարձված, թեև ոչ կարդացած, գիտնական, բայց խելոք մարդ: Ուրախացան և նրան թագավորի մոտ բերին: Թագավորը տվավ նրան գտնված իրը, ասաց, որ յուր տերության մեջ գտնված բոլոր գիտնականներից ոչ ոք չկարողացավ իմանալ դրա ինչ լինելը և որ յուր գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ դրան կշռել: Վերջը հրամայեց, որ անպատճառ իմանա, թե ինչ է այդ իսկապես, ապա թե ոչ նրա սպիտակ գլուխն էլ մյուսների նման թռցնել կտա: Ծերունին մի անգամ միայն նայեց գտնված իրին և ասաց,

Թագավորն ապրած կենա, դու ասում ես, թե քո գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ սրան կշռել:

Այո, — պատասխանեց թագավորր:

Հրամայիր, որ կշեռքը այստեղ բերեն:

Թագավորը հրամայեց, մեծ կշեռքը ներս բերին:

Ի՞նչ հարկավոր է այդպիսի մեծ կշեռք, — ասաց ծերունի-խելոքը: — Ամենափոքրիկ, մսխալների կշեռքը բերեք:

Բայց այդ մեծ կշեռքով էլ չկարողացանք կշռել, դու մսխալների կշեռքով ինչպե՞ս պիտի կշռես, — զարմացած ասաց նրան թագավորը:

Ես կկշռեմ, բայց ո՜չ ոսկով, — պատասխանեց ծերունի-խելոքը: — Ոսկով սրան երբեք չի կարելի կշռել:

Բա՞ս:

Հողով: Հրամայիր, որ հող էլ բերեն, մի բուռ հող: Թագավորը բոլորովին զարմացավ և հրամայեց, որ մսխալների կշեռքն էլ բերեն, մի բուռ հող էլ: Իսկույն բերին: Ծերունի-խելոքը վերցրեց ձեռքում կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսի վրա մի բուռ հողից սկսեց քիչ-քիչ թափել: Կշեռքի թաթերը շարժվեցան և հավասար կանգնեցին: Ծերունի-խելոքը մնացած հողը դեն ածեց և կշեռքը ձեռքին բռնած՝ սկսեց սուր-սուր նայել ուղղակի թագավորի աչքերի մեջ: Թագավորը՝ քարացած և բերանը բաց՝ մնաց կշեռքի թաթին նայելիս:

Այդ ի՞նչ է, ով խելոք մարդ, — հանկարծ կանչեց նա:

Այս մարդու աչք է, թագավոր, — պատասխանեց ծերունի-խելոքը: — Դուք ինչպես էիք ուզում կշռել սրան ոսկով, քանի որ բացի հողից սրան ոչինչ չի կշտացնիլ:

1889

ԵՐԿՆՔԻ ԶԱՆԳԱԿԸ

(Ավանդություն)

Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից: Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների համար դիմում էին այդ զանգակին: Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո՞վ է արդարը, ո՞վ է մեղավորը:

Զանգակը կախված էր մի ընդարձակ դաշտի վրա: Նրա տակ, գետնից բավական բարձր, ինչպես բեմ, շինված էր մի տախտակամած, որի վրա բարձրանում էին սանդուղքով: Գանգատավորները միայն իրավունք ունեին բարձրանալու այդ տախտակամածի վրա, իսկ հանդիսատես ամբոխը կանգնում էր ներքևըդաշտի վրա և այնտեղից էր թամաշա անում գործի վճռին: Գործի քննության ժամանակ ո՜չ մի ձայն, ո՜չ մի շշուկ չէր լսվում հանդիսատես ահագին ամբոխի միջից. զանգակը համարվում էր մի սրբություն, որ աստված ինքն էր կախել երկնքից չարախնդիր մարդկանց անօրեն գործերը քննելու համար, այդ պատճառով ամեն մեկը սրբազան երկյուղով էր նայում նրա վրա, զգալով, որ արդարադատն աստված ինքն է նրա միջոցով քննում գործերը:

Գանգատավորները, որոնք սովորաբար երկու հոգի էին լինում, բարձրանում էին տախտակամածը և փոխադարձաբար բռնում էին զանգակի կապած թոկից, ով մեղավոր էր, նա բնավ չէր կարողանում շարժել զանգակի լեզվակը, իսկ ով արդար էր, նա լեզվակի թոկին ձեռք տալուն պես զանգակն ինքն էր սկսում ահագին, ականջ խլացնող ձայնով հայտնել հանդիսատես ամբոխին, որ արդարը նա է: Խոսք չկա, իհարհե, որ մարդիկ այդ ժամ տնակներում շատ սիրով և հաշտ էին ապրում միմյանց հետ և շատ հազիվ էր պատահում, որ մեկը մյուսի հետ մի որևէ տարաձայնություն ունենար, որովհետև ամենքին էլ հայտնի էր զանգակի հրաշալի զորությունը, ամենքն էլ գիտեին, որ ոչ մի դեպքում մեղավորն արդար չի դուրս գալ, արդարըմեղավոր, ինչպես մեր ժամանակներումն է:

Բայց ինչպե՞ս եղավ, որ այդ զանգակն այժմ այլևս չկա, ինչպե՞ս եղավ, որ մարդիկ զրկվեցին մի այդպիսի անաչառ դատավորից:

Մեկ անգամ մեկը յուր հարևանին մի քանի հարյուր ոսկի փող էր պարտք տվել: Նշանակյալ ժամանակից հետո, երբ նա յուր փողը պահանջում էր, պարտապանը չէր տալիս, ասելով, որ արդեն տվել է:

Տվե՞լ ես, — զարմանալով բացականչում էր պարտատերը: — Ե՞րբ:

Քանի ժամանակ է:

Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես սուտ խոսում:

Ես սուտ չեմ խոսում, տվել եմ:

Եվ դու չե՞ս վախենում զանգակի դատաստանից:

Տա՜ր ինձ նրա մոտ:

Դու կխայտառակվես:

Դու զրպարտում ես, ուզում ես փողդ երկու անգամ առնել, ես արդեն տվել եմ:

Զանգակն ինքն այդ ցույց կտա, որ դու պարտքդ դեռ չես տվել: Գնա՜նք նրա դատաստանին:

Գնա՜նք, ես արդար եմ:

Գնացին:

Հետաքրքիր ամբոխը շրջապատել էր զանգակի տախտակամածը: Ամենքն անհամբեր սպասում էին նրա արդար դատաստանին:

Գանգատավորները բարձրացան տախտակամածը:

Այ ժողովուրդ, — նախքան զանգակին դիմելը, բացականչեց պարտատերը, — ես սրան մեղադրում եմ այն բանի համար, որ սա ինձ փող է պարտ և այժմ, երբ ես փողս պահանջում եմ, ասում է, թե տվել է, այնինչ ես սրանից դեռ մի կոպեկ չեմ ստացել:

Այո՛, ա՜յ ժողովուրդ, ես հիմա էլ ասում եմ, որ պարտքս արդեն տվել եմ:

Երբ որ այդպես է, բռնի՜ր զանգակի թոկը:

Պարտապանը ձեռքին մի հաստ գավազան ուներ, առաջուց նա փորել էր այդ գավազանը, պարտք վերցրած ոսկին թափել էր այդ փորվածքի մեջ և գավազանի գլուխը նորից պնդացրել էր:

Բռնի՜ր այս գավազանը, — ասաց նա գավազանը պարտատերին տալով:

Պարտատերը, բոլորովին ոչինչ չկասկածելով, առավ գավազանը:

Պարտապանը համարձակ մտավ զանգակի տակը և բացականչեց.

Այ անաչառ դատավոր-զանգակ, դու ասա՜, ես փողը տվե՞լ եմ սրան, թե ոչ. —

Եվ բռնեց լեզվակի թոկից: Լեզվակը նույն վայրկյանին շարժվեց, և զանգակն ահագին ղողանջյունով հայտնեց հետաքրքիր ամբոխին, որ փողն արդեն տվել է:

Տեսա՞ր, — դիմեց նա վերջինին. — Անամո՜թ, երկու անգամ էի՞ր ուզում առնել փողդ: Տո՜ւր ինձ գավազանս:

Նա խլեց քար կտրած պարտատերից յուր գավազանը և ուրախ-ուրախ իջավ ներքև:

Ամբոխն սկսեց թքել և մրել խեղճ պարտատերին, որ զարմացել, ապշել էր, թե ինչպես այդ անաչառ դատավոր զանգակը մի այդպիսի անարդար վճիռ կայացրեց: Բայց զանգակի վճիռն անարդար չէր. այն րոպեին, երբ պարտապանը բռնում էր զանգակի թոկից, նա արդեն պարտք վերցրած փողը գարպանի մեջ ածած տվել էր պարտատերի ձեռքը: Ուրեմն խաբվե՞ց զանգակը, որ միևնույն է, թե խաբվեց աստվա՜ծ, որովհետև զանգակի միջոցով ինքն աստված էր դատաստան անում: Ո՜չ, չխաբվեց աստված, այլ միայն ուզեց փորձել, թե մինչև որ աստիճան մարդը կարող է խորամանկ գտնվել:

Եվ նա տեսնելով մարդու այդ անիրավ խորամանկությունը, բարկացավ և զանգակը զարհուրելի ղողանջյունով քաշեց, տարավ երկինք: Ահա, այդ էր պատճառը, որ մարդիկ զրկվեցին անաչառ դատավոր երկնքի զանգակից: Եվ այդ ժամանակվանից սկսած, իբրև աստուծո պատիժ, գոյություն առան և գնալով տարածվեցին մարդկանց մեջ անիրավությունը, անօրենությունը, ճնշումը, հալածանք և հազարավոր այդպիսի արատներն ու մեղքերը, որովհետև այնուհետև դատաստանն ընկնելով սխալական, անգութ և կաշառակեր մարդկանց ձեռքը, արդարը միշտ մեղավոր էր հանդիսանում, մեղավորըարդար:

1882

ԱՍՏՎԱԾ ԵՎ ԹԱԳԱՎՈՐԸ

Հին ժամանակներում ապրում էր մի բարի թագավոր: Սա սովորություն ուներ ամեն երեկո հասարակ մարդու հագուստով պտտվել քաղաքի փողոցները, որ իր աչքով տեսնի, թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:

Մի երեկո քաղաքի ետ ընկած թաղը պտտվելիս տեսավ մի աղքատ մարդ, որ իր խրճիթի դռան առաջ չոքած աղոթք էր անում և աղոթքի մեջ ասում:

Տեր աստված, տուր ինձ հարյուր ոսկի, տեր աստված, տուր ինձ հարյուր ոսկի:

Թագավորը լսեց ու անցավ: Մի քիչ որ անցավ, տեսավ մի ուրիշ աղքատ մարդ: Սա էլ չոքած իր խրճիթի առաջ՝ մրմնջում էր աղքատի պես.

Տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի, տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի:

Թագավորը սրա խոսքն էլ լսեց ու անցավ:

«Այն առաջին աղքատը, որ աստծու անունն էր տալիս, հիմար մարդ է, — ասաց նա ինքն իրեն, — որովհետև աստծուն փող ո՜վ է տվել, որ նա էլ այդ հիմարին տա: Իսկ մյուս աղքատը, որ թագավորի անունը տվեց, խելոք մարդ է, որովհետև գիտե, որ թագավորն ամենից շատ փող ունի և ուզողին կարող է տալ»:

Հետևյալ օրը թագավորը հրամայեց մի մեծ սինու վրա հարյուր ոսկի դնել, ոսկին ծածկել փլավի տակ և ուղարկել այն աղքատին, որ թագավորից հարյուր ոսկի էր խնդրում:

«Այն հիմարին էլ թող աստված տա», — մտածեց թագավորը երկրորդ աղքատի մասին, ինքն իրեն ծիծաղելով:

Թագավորի հրամանը կատարվեց, հարյուր ոսկին, փլավը վրեն գլուխ արած, սինով տարան դրին թագավորի անունը տվող աղքատի առաջ:

Թագավորն ուղարկեց, անուշ արա, — ասացին թագավորի ծառաներն ու վերադարձան:

Նույն օրն երեկոյան թագավորր նորից դուրս եկավ պալատից, որ տեսնի, թե հիմա ինչ է ասում այն աղքատը, որին ուղարկել էր հարյուր ոսկին:

Աղքատը նորից չոքած էր իր խրճիթի առաջ և ասում էր նույնը՝

Տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի, տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի:

Թագավորն այս որ լսեց, շատ զարմացավ: Մոտեցավ աքատին և հարցրեց.

Այ մարդ, թագավորից այսօր քեզ համար փլավ չբերի՞ն:

Բերին, շնորհակալ եմ:

Կերա՞ր:

Կերա:

Ի՞նչ կար մեջը:

Նուշ ու քիշմիշ:

Ուրի՞շ:

Խորոված գառան միս:

Ուրիշ ոչի՞նչ:

Ուրիշ ի՞նչ պետք է լիներ:

Բոլորը կերա՞ր:

Չէ, շատ էր:

Մնացածը ի՞նչ արիր:

Մի աղքատ հարևան ունեմ, ինձ պես աղքատ ու քաղցած, տարա տվի նրան, որ ուտի կշտանա:

Թագավորը մատը կծեց ու հեռացավ:

Երբ որ մոտեցավ երկրորդ աղքատի դռանը, տեսավ, որ նա երեկվա պես չոքած էր և այս անգամ աղոթքի մեջ այսպես է ասում.

Տեր աստված, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքս և հարյուր ոսկի տվիր ինձ:

Թագավորն այս որ լսեց, սուս արավ ու հեռացավ:

Նա համոզվեց, որ խելոքն այս աղքատն էր, որ դիմել էր աստծուն և ոչ թագավորին:

1901

ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԿԻՆԸ

(ֆելիետոն)

Շատ լիրբ էր երկրագործ Խաչանի Սանամը. Գյուղում էլ երիտասարդ չէի մնացել, որի երեսին չժպտար. ինչ ժամանակ էլ, որ մարդ տուն դառնար, կնոջը միշտ որևէ երիտասարդի հետ կտեսներ: Ոչ խրատ, ոչ թակոչինչ չէր ազդում Սանամին. Նա իր էշն էր քշում: Ճարը կտրած` Խաչանն այնուհետև առավոտները դուռը փակում էր կնոջ վրա և գնում իր բաներին. Բայց երբ երեկոները վերադառնում էր, դուռը բաց անում-տեսնում էր, որ կնոջ մոտ էլի մարդ կա:

Շատ, շատ մտածեց Խաչանը կապը կտրած կնոջ խելքի բերելու և, վերջապես, հետևյալ միջոց հնարեց:

Մի առավոտ առավ իրենց մեծ սմդուկը, կնոջը նստեցրեց մեջը, խութը ծածկեց, կողպեց, բանալին գրպանը դրավ, հետո սնդուկը շալակեց ու գնաց դաշտն աշխատելու: Դաշտում մեկ ուզեց սնդուկը գետնին դնել, բայց մեկ էլ մտածեց, թե մի գուցե գութանի եզները հեռացած ժամանակ կինը հնար գտներ միջից դուրս գալու և փախչելու սիրեկանների մոտ, ուստի սունդուկը վայր չդրեց, այլ շալակին թողնելով` առավ գութանի մաճն ու սկսեց վարել հողը: Սնդուկն իր ծանրության տակ ճնշում էր նրան, մեջքը կոտրվում էր, ծնկները թուլանում էին, քրտինքը կաթ-կաթ ծորում էր նրա ճակատից, բայց և այնպես նա համբերությամբ տանում էր այդ տանջանքը:

Երբ ճաշ եղավ, արձակեց եզները, հետո սնդուկը վայր դրեց մեջքից, որ մի քիչ հանգստանա, հաց ուտի: Կնոջն էլ հարկավոր էր բան տալ ուտելու: Ու երբ այդ նպատակով բաց արավ սնդուկի դուռը, ապշած ետ-ետ գնաց:

Սունդուկի մեջ կնոջ կողքին նստած էր մի երիտասարդ

Արդյոք սա խեղճ Խաչանի կասկածոտ երևակայության արդյո՞ւնք էր. Թե իրողությունայս բանը բացատրել կարող են միայն կանայք...

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Next Last