Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Դուռը դրսից ծեծեցին:

Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց: Այդ անշուշտ Ակոբն էրանդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից: Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր:

Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին:

Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած,

Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ: Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՜լի: Այ չորանաս էդ ճրագի տակը, հը, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս: Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը: Նավթն էլ մինչև լիս էրում ես:

Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու:

Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով: Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար, բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով:

Մայիլո ջա՜ն, — մտնելուն պես բացականչեց նա, — ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց: Ա՛յ:

Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ:

Աբա՜, աբա՜ ...

Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային: Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ:

Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք, հաց կառ...

Խոսքը չվերջացավ կնոջ բերանում. Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա:

Ի՜նձ տու, — բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից:

Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ...

Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա: Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ-որ սուր ցավից և մի երկար ու ձիգ թառանչ քաշեց:

Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա, — հազիվ կարողացավ արտասանել նա:

1889

ՀՈՊՈՊ

Զինագործ Ասատուրը, — հնամաշ արխալուղով, կաշե գոտկով, արբեցողությունից ուռածկարմրած դեմքով մոտ քառասուն տարեկան մի մարդ, որ ամբողջ թաղում և բազարում հայտնի էր Հոպոպ մականունով, — երեկոյան իր հավաբնի չափ փոքրիկ խանութը փակելուց հետո տուն էր գնում: Մի ձեռքին բռնած էր կես-թունգանոց մի գավ, որի պատերը տարիների ընթացքում սևացել էին կարմիր գինուց, մյուս ձեռքին կարմիր աղլուխի մի կապոց, որի մեջ կար մի քիչ «դոշ» (ձուկ), մի քիչ կանաչի, մի կապոց կարմիր բողկ և երկու սպիտակ «շոթի» (վրացական երկայն ու նեղ հաց), որոնց սուր ծայրերը երկար ականջների պես դուրս էին ցցված աղլուխի կապի արանքներից:

Արևը նոր էր մայր մտել, ամառային անտանելի տոթ եղանակը փոքր-ինչ կոտրվել էր, բայց և այնպես անշարժ օդը հագեցած էր արևից կիզված փոշու ծանր հոտով: Թաղի կանայք երկարատև օրվա չարքաշ աշխատանքից հետո խումբ-խումբ նստոտած էին իրենց դռների առջև մերկ ոտներով մերկ գետնին, գլխների փաթաթանների կապն արձակած կիսաբաց կրծքներին և զբաղված էին իրենց սովորական խոսք ու զրույցով, որոնք բամբասանքներից դենը չէին անցնում: Բոկոտն, գլխաբաց, կեղտոտ երեխաները ճանճերի պես իրար խառնված վազվզում էին փողոցներում ականջ խլացնելու չափ ճիչ ու ծղրտոցով:

Հո՛պոպ, — հանկարծ կանչեց երեխաներից մեկը: Հոպոպն ամենևին ուշադրություն չդարձրեց այդ կանչին, որը, ինչպես երևում էր, մի՝ շատ սովորական բան էր դարձել նրա համար, և անտարբեր շարունակում էր իր ճանապարհը: Քրտինքը ծորում էր նրա գդակի տակից ականջների հետևով և պուտ-պուտ կաթում խունացած ուսերին:

Հո՛պոպ... Հո՛պոպ... — ծկլթաց երկրորդը, երրորդը, չորրորդը... և վերջին այդ հատուկենտ ծկլթոցները միախառնվեցին և դարձան ընդհանուր մի աղաղակ այնքան սուր ու համառ, որ ամենաբթացած ջղերն անգամ կարող էին գրգռվել:

Հոպոպը երկար չկարողացավ համբերել, առանց ետ նայելու և շարունակելով ճանապարհը, սկսեց սարսափելի հայհոյանքներ թափել հետևից աղաղակող երեխաների հասցեին:

Երեխաները, ըստ երևույթին, այդ բանին էին սպասում, և նրանց աղաղակը դարձավ ավելի միահամուռ, ավելի սուր ու համառ, համեմված երեխայական անհոգ քրքիջով և մեծերից լսած փոխադարձ հայհոյանքով: Նրանցից մի քանիսը սկսեցին նույնիսկ քարեր շպրտել Հոպոպի հետևից:

Սակայն Հոպոպը գնում էր իր համար, առանց նույնիսկ մտածելու, որ պաշտպանվի, թեև տեսնում էր, թե ինչպես քարերը հետևից գալով թռչում էին իրեն այս ու այն կողմից և գետնին ընկնելով փոշի էին բարձրացնում: Նա միայն շարունակում էր իր հատընտիր հայհոյանքները: Ըստ երևույթին, այդպես էլ կշարունակեր ճանապարհը մինչև տուն, եթե քարերից մեկը չդիպչեր նրա ոտին: Երևի ոտը խիստ ցավեց, որովհետև հանկարծ կանգ առավ, մի ակնթարթում գինու գավն ու աղլուխի կապոցը դրեց գետնին, մի մեծ քար վերցրեց և արյունով լցված աչքերով պատրաստվեց շպրտելու երեխաների վրա: Բայց մինչ այդ երեխաները ծկլթացին, շուռ եկան ու ցանուցիր եղան շեղակի նեղ փողոցներում:

Ա՜յ ես ձեր... (երկար հայհոյանքներ): Թե մի կկանգնեիք, թե մի կկանգնեիք... Քարով եք ուզում կռվի՞, դե կռվենք, էլի, ո՞ւր եք փախչում, ձեր... (հայհոյանք): Փիե ՜, անց կենալ չի ըլում, էլի. վրա են թափվում, կասես գեղի շներ ըլեն: Տո , ասա ես ձեզ բան եմ անո՞ւմ. թողեք, է՜լի, գնամ ինձ համար վեր ընկնեմ իմ տանը, ես ձեր... (հայհոյանք):

Նա քարը վայր գցեց, ցուցամատով սրբեց ճակատի վրա տված քրտինքը, մատը թափ տվեց, կռացավ և, շարունակելով հայհոյանքները, սկսեց ձեռքով տրորել ոտի այն տեղը, ուր դիպել էր քարը:

Հը , ուստա Ասատուր, էդ ի՞նչ ես ըտենց տաքացել, — ասաց այդ րոպեին նրա մոտով անցնող մի ծանոթ մարդ առանց կանգ առնելու:

Հոպոպը նայեց նրան, գավն ու կապոցը վերցրեց գետնից և, շարունակելով ճանապարհը նրա հետևից, սկսեց գանգատվել:

Տո, ըսենց էլ բան կըլի՞, մի հետ չըլավ, որ էդ շան լակոտները թողան արխային գնամ իմ ճամփով: Հոպոպ հա, Հոպոպ: Տո, Հոպոպը... (հայհոյանք երեխաների հասցեին): Հոպոպը ձեր թայն ա՞:

Էհ, երեխեք են, է՛լի, ուստա Ասատուր, ի՞նչ ես անգաջ դնում, — ասաց ծանոթը շտապ քայլելով նրա առջևից:

Տո, ո՞վ ա անգաջ դնում, ես դրանց... (հայհոյանք): Տեսնում են թե չէ, ոնց որ գեղի շները վրա տան: Քարեր էլ են գցում, քարեր:

Բայց ծանոթն այլևս չէր լսում նրան, նա ծռվեց մյուս փողոցը և անցավ գնաց:

Իսկ Հոպոպը, բարձրաձայն շարունակելով հայհոյանքներով համեմված իր բանակռիվը բացակա երեխաների հետ, մտավ իրենց փողոցը: Դռներին նստոտած կանանց խմբերի մոտով անցնելիս մի ջահել կին կանչեց նրա հետևից.

Հո՛պոպ:

Ու իսկույն ծիծաղելով դեմքը ծածկեց մոտը նստած ընկերուհու մեջքի հետևը: Մյուս կանայք ուրախ հռհռացին, բացի մի պառավ կնոջից, որը մեղմորեն հանդիմանեց բացականչողին:

Հոպոպը ետ չնայեց, բայց, իհարկե, առանց հարմարավոր հայհոյանքի չթողեց իր հետևից կանչող կնոջը և անցավ գնաց: Այդ հայհոյանքն այնքան անհամեստ էր, որ պառավը նկատեց կանչողին.

Հը՛, էդ էիր ուզո՞ւմ...

Իսկ մյուս կանայք, մանավանդ կանչողը, ամոթից ծածկեցին բերանները և, իրար կողք բզելով, աշխատում էին զսպել ավելի սաստկացող հռհռոցը:

Այնուհետև մինչև տուն հասնելը Հոպոպի միևնույն հայհոյանքը զանազան վարիանտներով ուղղված էր միայն իր հետևից կանչող կնոջ հասցեին:

* * *

Ամբողջ թաղը Հոպոպ մականունով էր կնքել զինագործ Ասատուրին, ժողովրդական այն առածի հիման վրա, որ ասում է, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույնն է հոտած»: Եվ իսկապես, շատ հոտած, այսինքն կռվարար մարդ էր զինագործ Ասատուրը: Պատճառը թերևս իրենք թաղեցիներն էին, որովհետև, ինչպես ինքն էլ շարունակ գանգատվում էր, ոչ մի օր չէին թողնում, որ մարդը հանգիստ տուն գնա: Հոպոպին կատաղեցնելը մի կատարյալ զվարճություն էր նրանց համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա տանը նստած, սուփրեն առաջին, գինու գավը կողքին, թուրքերեն բայաթի էր երգում իր ճաթած ձայնով, թաղի կանայք, որոնց մի առանձին հաճույք էին պատճառում նրա անզուգական հայհոյանքները, դրդում էին մի որևէ չարաճճի երեխայի, որ գնա չարացնի Հոպոպին: Երեխան իսկույն վազ էր տալիս, գլուխը զգուշորեն ներս կոխում դռնից, կանչում «Հո՛պոպ» ու ծլկում արագավազ նապաստակի պես: Եվ այդ մի հատիկ բառը բավական էր լինում, որ Հոպոպի քեֆը հարամ լիներ, նա իսկույն ընդհատում էր բայաթին, դուրս գալիս դուռը և ամբողջ թաղը հավաքում գլխին:

Ոչ ոքի՝ հետ չէր հաշտվում Հոպոպը: Բազարում թե թաղում ոչ մի հարևան չուներ, որի հետ կռված և մի լավ էլ ծեծ կերած չլիներ: Կնոջ հետ խո ամեն օր տուրուդմբոցի մեջ էր. ինքը կնոջն էր ծեծում, կինը նրան, թակում էին իրար այնքան ժամանակ, մինչև որ կամ հոգնում էին, կամ հարևանները միջամտում, բաժանում նրանց իրարից: Ոչ ոքից չէր վախենում, բացի ոստիկանությունից, որ շատ անգամ կոխել էր նրան մեծ-մեծ մկներով լի մութ նկուղը և մի քանի անգամ էլ նույնիսկ պրիստավը իր սեփական ձեռքով արյունլվիկ էր արել նրա քիթն ու պռունկը:

Հոպոպն արբեցող էր, ճիշտ է, բայց միայն գինի էր խմում, այն էլ միայն կարմիր և լավ գինի, արաղ չէր սիրում և խմելուց հետո էլ դեմքին այնպիսի արտահայտություն էր տալիս, որ թվում էր, թե պիտի թափի: Կերակուրների մեջ էլ խիստ խտրություն էր դնում, ջրալի կերակուրներ չէր սիրում, պասվա կերակուրներն ատելով ատում էր, մանավանդ լոբին, նրա սովորական ուտելիքն էր յուղալի դոշը, խավիարը, խորովածը, թարմ կանաչին, կարմիր բողկը և սպիտակ հացը: Իսկ այդ համեմատաբար թանկ ուտելիքները գնելու համար փող միշտ ուներ, որովհետև իր արհեստի մեջ լավ վարպետ էր և այնքան ճարպիկ, որ կարողանում էր մի որևէ գրոշանոց ժանգոտ թուր, խանչալ կամ հրացան հարյուր տարվա հնության տեղ ծախել եվրոպացի տուրիստների վրա շատ լավ գներով:

Գինու գավը, որ տեսանք նրա ձեռքին, բանեցնում էր տասնհինգ տարուց ավելի, առավոտները դատարկ հետը տանում էր խանութը, երեկոները լիքը տուն բերում: Այնքան էր սիրում, որ շաբաթ գիշերները, դատարկելուց հետո, մոմ էր վառում վրեն. «Բարաքես սրա մեջն ա, — ասում էր ինչ էս գավով գինի եմ խմում, բանս լավ ա գնում»: Մի անգամ նրա մեծ տղան, վեց տարեկան, ոտով դիպավ գավին, գավը գլորեց և քիչ էր մնում թախտից ընկներ կոտրվեր: Հոպոպը վրա ընկավ երեխին և սկսեց ծեծել նրան այնքան սաստիկ, որ կսպաներ, եթե կինը չխլեր որդուն կատաղած հոր ձեռքից: Բարեբախտաբար, գավն արդեն դատարկված էր, թե չէ, ծեծից նրան էլ բաժին կհասներ:

* * *

Կինը տանը չէր, որ Հոպոպը տուն հասավ: Դուրսը պատի տակ տղան տուն էր շինում տաշեղներից: Բացի կարճ, կեղտոտ շապկից, ուրիշ բան չկար նրա հագին:

Ո՞ւր, ա մերդ, — հարցրեց հայրը:

Տղան վեր կացավ, աչքերը տնկեց հոր ձեռքի աղլուխին և պատասխանեց:

Բագրատանց տուն գնաց:

Հոպոպի աչքերը կրակ կտրվեցին:

Էլի՞... վայ ես նրա... — հայհոյեց նա, շտապով ներս մտավ, գավն ու աղլուխի կապոցը դրեց թախտի վրա և նորից դարձավ որդուն: — Գնա էս սըհաթիս կանչի: Դե, հը՛:

Տղան, որ հոր հետևից ներս էր մտել և աչքը չէր հեռացնում աղլուխից, հանկարծ շուռ եկավ ու դուրս թռավ:

Բագրատանց տո՛ւն... Լա՛վ, շա՜տ լավ, — սկսեց բարձրաձայն խոսել ինքնիրեն Հոպոպը, — Դե հըմի կգաս, կտեսնանք, էլի... ես քեզ Բագրատանց տուն շանց կտամ... Հա՛յ գիդի, հա՛, Ասատուրը մեռել ա, է՛լի, էլ չկա, էլ գետնի երեսին ման չի գալի, է՛լի, որ նրա կնկա հետ ուրիշներն են սիլի-բիլի անում... Հոպոպ որ դառանք, նամուս էլ կորցրի՞նքԱ՛յ, գետինը չմտնի էս գդակը:

Եվ նա գդակը պոկելով գլխից ուժգին թափով խփեց գետնին: Հետո շարունակելով հայհոյանքներով համեմված սպառնալիքները կնոջ հասցեին, գոտիկը ետ արեց, հանեց արխալուղը, ոտնամանները, հոտած գուլպաները, շալվարը և դռան շեմքին կանգնելով, սկսեց չթի կարճ շապկի փեշով հով անել քրտինքից ջուր կտրած երեսին ու փորին:

Անհամբեր սպասում էր կնոջը, բայց մինչև որ կինը կգար, ջգրած սրտով մոտեցավ գավին, գլխին քաշեց, ծծեց ագահորեն և, ծարավը հագեցնելուց հետո, գավը տեղը դրեց: Հետո, առանց աղլուխի կապոցը բանալու, կտրեց շոթիներից մեկի սուր ու չոր ծայրը, բերանը գցեց և սկսեց ծամել:

Մոր հետևից գնացած երեխան ներս ընկավ գնդակի նման:

Ասեց գալիս եմ, — ասաց նա և այս անգամ աչքերը տնկեց հոր բերանին:

Հը՛մ, — մռնչաց Հոպոպը, հացը ծամելով, և ձեռքը նորից տարավ դեպի գավը:

Այսպիսով գավը մի քանի անգամ մոտեցրել էր նա շրթունքին և պպզել թախտին, երբ վերջապես դռան շեմքին երևաց կինըբավական սիրունատես ու գիրուկ, մաշված դեղին չուստերը մերկ ոտներին և ծծի մանուկը գրկին:

Ըհը, էս էլ եկա, ի՞նչ ես ուզում, — ասաց նա համարձակորեն, ըստ երևույթին շատ լավ իմանալով, որ կրկնվելու է ամենօրյա տեսարաններից մեկը:

Ինչ եմ ուզո՞ւմ, — ասաց Հոպոպը, որ հենց նոր գավը նորից գլուխն է քաշել, գավը դրեց թախտի վրա, շապկի թևով սրբեց շրթունքը, մոտեցավ բռնեց կնոջ ձեռքից, ներս քաշեց և սպառնական դիրք բռնեց նրա առջև: — Ո՞րտեղ իր:

Բագրատանց տանը, — նույն համարձակությամբ պատասխանեց կինը:

Ի՞նչ իր շինում ընտեղ:

Ի՞նչ պտի շինեի: Լվացք ունեն անելու, կանչել ին, որ էգուց գնամ լվանամ:

Լվա՞ցք... լվա՞ցք... Տո՛, ես քու... (հայհոյանք)... անտեր-մունդռի՞կ ես մնացել, քաղցած-տկլո՞ր ես մնացել, որ ուրիշների հմար լվացք ես անում: Հաա՞: Բա ես չկա՞մ, բա իմ գլուխը շներն ու գելերն են կերե՞լ: Հաա՛: Տո՛, իմ կնիկն ընչի՞ պտի ուրիշի լվացքն անի, հը՞: Տո՛, Բագրատն ո՞ւմ շունն ա, որ իմ կնիկը գնա նրա հմար լվացք անի, հը՛: Տո՛, Բագրատի պես հարուրին կառնեմ -կծախեմ, ու իմ կնիկը պտի գնա նրա հմար լվացք անի՞: Ի՞նչ անենք, թե գդակին կակարդ ունի ցցած, ես նրա... (հայհոյանք Բագրատի հասցեին): Տո՛, ի՞նչ լվացք, ի՞նչ դես, ի՞նչ դեն, ո՞ւմ ես ուզում խաբի, հազիր ասես... Դեսն արի հլա, դեսը... (Հոպոպը քարշ տվավ նրան դեպի ավելի ներս, ձայնը ցածրացրեց, գլուխն առաջ տարավ և ֆշշաց սեղմած ատամների միջից), հազիր ասես գնացել իր նրա հետ շնութին անելու... Հը՞, սուտ ա ... էլի կասե՞ս սուտ ա...

Կինը ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և չանչեց նրան:

Ի, հողեմ գիժ գլուխդ, — ասաց նա արհամարհանքով և դարձավ, որ դուրս գնա:

Բայց մարդը շանթեց նրա թևից և թույլ չտվավ, որ տեղից շարժվի:

Կա՝ց, — գոռաց նա, — ու՞ր ես գնում, որ գնում ես: Հենց գիտաս ձեռիցս կպրծնե՞ս: Գիժը հըմի կտեսնաս, թե ոնց գիժ եմ: Ընչկլի հոգիդ չհանեմ, կթողա՞մ: Բա ես մեռե՞լ եմ, որ էն շուն շան որդու հետ ես շնութին անո՞ւմ: Հը՛, մեռել ե՞մ... մեռել ե՞մ... մեռել ե՞մ...

Եվ ամեն մի «մեռել եմ» խոսքի հետ բռունցքի մի ծանր հարված էր իջնում կնոջ մարմնին, ո՛ւր որ պատահերգլխին, ուսին, մեջքին... Կինը մի ձեռքով մանուկը գրկած գլուխը կախել էր, որ հարվածները երեսին չդիպչեն, մյուս ձեռքով աշխատում էր բռնել մարդու ձեռքը, և եթե երբեմն աջողվում էր այդ, Հոպոպն ավելի էր կատաղում և հետագա հարվածներն ավելի անխնա էին լինում:

Տո՛, գիժ Հոպոպ, ի՞նչ ես ուզում ինձնից, — կանչում էր կինը լաց լինելով:

Ծծի մանուկը ծվում էր նրա խտտին, իսկ մյուս երեխան մի կողմ քաշված դիտում էր այդ շատ սովորական տեսարանը լուռ ու անտարբեր:

Ես քեզ հլա փե՛տով պտի ծեծեմ, փե՛տով, — ասաց Հոպոպը շնչասպառ և, թողնելով կնոջը, սկսեց խենթի պես դես-դեն ընկնել սենյակում, որ փայտ գտնի: Փայտ չգտնելով, նրա աչքովն ընկան իր ոտնամանները: Ու վեր թռցրեց այդ ոտնամաններից մեկը, որի կրնկին հաստ նալ էր խփած գոգավոր մեխերով:

Մինչ այդ՝ կինը ծծի մանուկը դրեց թախտի վրա, շտկեց իրեն և վեր թռցրեց գինու գավը:

Աբա՜ խփի, աբա՜ խփի, տե՜ս էս գավի գլուխը ո՜րտեղ եմ ուտում, — կանչեց նա անվախ և սպառնագին:

Վա՛յ ես քու... — բղավեց Հոպոպը և, ոտնամանը ձգելով ձեռքից, վրա վազեց, որ գավը խլի:

Բայց կինը ժամանակ չտվավ նրան, որ իրեն հասնի, ոտները հանեց չուստերից և դուրս փախավ գավը ձեռին:

Մարդն ընկավ նրա հետևից:

Ու փողոցում, ուր թաղի կանայք և երեխաներն արդեն հավաքվել էին նրանց աղմուկի վրա սովորական տեսարանը դիտելու, մարդ ու կին վազում էինկինը առջևից գավը ձեռին, մարդը հետևից գլխաբաց, ոտաբոբիկ և ներքնաշորով:

Փողոցում մի անասելի ժխոր էր բարձրացել, կանայք հռհռում էին, երեխաները սուր ծկլթոցներով «Հոպոպ» էին աղաղակում և սուլում, իսկ թաղի մանրավաճառի խանութի առջև հասուն տղերքը ծիծաղելով բղավում էին. «Հասի, հա՛, Հոպոպ, հասի, հա՛»:

Այդ սարսափելի ժխորի մեջ Հոպոպը վազում էր հա՛ վազում կնոջ հետևից, կարճ շապկի փեշը փռփռացնելով օդի մեջ և աչքը տնկած կնոջ ձեռքի գավին, որի մեջ գինին լըխկլըխկում էր և թափվում բերանից:

Քանի գնում, այնքան փոքրանում էր տարածությունը մարդ ու կնոջ միջև, որովհետև գավը խանգարում էր կնոջն ավելի արագ վազելու: Վերջապես, մի քանի քայլ էր մնում, որ մարդը հասներ կնոջը, երբ հանկարծ կինը, առանց կանգ առնելու, ձեռքը բարձրացրեց և գավը ուժգին թափով գետնովը տվեց: Գավը բխկաց և ալ վարդի պես բացվեց: Տակի հաստ մասը քրեղանի պես մնաց ընկած տեղը, իսկ բարակ պատերի թաց փշուրները թռան այս ու այն կողմ, կարմիր գինին ներկեց գետինը լերդացած արյան սև գույնով և իսկույն ծծվեց արևակեզ գետնի մեջ:

Հոպոպը ցնցվեց և կանգ առավ հանկարծ: Նրան թվաց, թե իրեն տվին գետնովը: Աչքերը մթնեցին: Էլ չիմանալով, թե ինչ է անում, արագորեն կռացավ, մի մեծ քար թռցրեց գետնից և ծայրահեղ կատաղի թափով շպրտեց փախչող կնոջ հետևից:

Քարը շեշտակի գնաց դիպավ կնոջ մեջքին: Կինը սաստիկ ճչաց, իներցիայով առաջ վազեց մի քանի քայլ էլ և փռվեց գետնին երեսի վրա:

Հռհռացող փողոցը հանկարծ լռեց և քարացավ:

1890

ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈՒ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ

Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը, բաղկացած ընդամենը մի-մեծ սենյակից, որի դուռը բացվում էր ուղղակի դեպի բակը: Տնակի մի կողքին կպած էր՝ տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին` մի ընդարձակ ծածկոց, որի տակ Յագորը գիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգի աժդահա ձին: Բակը փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էր ձիու ամիսներով հավաքված աղբը: Մինչդեռ բակի մնացած մասում մի ծեղ անգամ չէր կարելի գտնելայնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինըԱնանը, օրը լուսանար թե չէ, ամենից առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում:

Զարմանալի մաքրություն էր տիրում նաև ներսը, սենյակում: Հնամաշ, տեղ-տեղ թելերը դուրս թափված կապերտ՜ը ցածրիկ թախտի վրա միշտ ավլած էր: Հողե հատակն անդադար ջրվելուց խոնավացել, պնդացել, գորշ գույն էր ստացել և այնքան մաքուր էր, որ, ինչպես ասում են, յուղ թա՛փեիր՝ կհավաքվեր: Թախտի, երկու փոքրիկ պատուհանների, ծալքի և թարեքի սպիտակ միտկալի վարագույրները և չորս հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին ձյունի մաքրությամբ: Մինչև անգամ պատի տակ դրված, տակը ջրակալած և ամբողջապես ջուր լացող կարմիր խելադան ամեն անգամ ջրով լցվելիս խնամքով ողողվում, մաքրվում էր: Ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում: Հաճախ կարելի էր տեսնել միայն մի որևէ հոթիս, որ դուրս գալով հայտնի չէ որտեղից` լույսից վախեցած վազում էր թախտի տակը մտնելու, կամ մի նամաճիճու, որ տրխկալով ցած էր ընկնում առաստաղից մեջքի վրա և սպիտակ փորը վերև արած երկար ժամանակ ոտները բալդի-բալդի էր անում, մինչև որ աջողում էր շուռ գալ, և ծանր ու բարակ, կարծես խոր մտածմունքի մեջ, սկսում էր ուր-որ գնալ:

Ամառվա տոթ երեկո էր: Օդն այնքան անշարժ էր, որ պատուհանների վար թողած վարագույրներն ամենևին չէին շարժվում: Անանը նստած էր հատակին մի չլի վրա և երեխային վեր էր կացնում օրորոցից: Նա դեռևս շատ ջահել կին էր, հազիվ քսան տարեկան, չթի հնամաշ դերիայով և գլխին մաքուր, սպիտակ աղլուխ փաթաթած: Կազմվածքն այնքան նիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը, որոնք դուրս էին ցցվել բարակ դերիայի տակից և մեջքի վրա, վերևից ներքև, տաշտանման մի փոս էին գոյացրել: Մի տեսակ սարսափի արտահայտություն կար նրա տեղ-տեղ կաբմրատակած, տեղ-տեղ կապտած և տեղ-տեղ ուռած դեմքի վրա, մանավանդ տարօրինակ կերպով չռած քարացած աչքերի մեջ, որոնք կարծես ծայրահեղ ապուշ տարակուսանքով հարցնում էին շարունակ, «ինչո՞ւ, ինչո՞ւ...» ու ոչ մի տեղից պատասխան չէին ստանում:

Լուռ ու մունջ առավ երեխային, դրեց գոգը և սկսեց հագցնել: Երեխան ծիծաղկոտ աչքերով նայում էր նրա քարացած դեմքին և, ինչ-որ թոթովելով, կարծես քնքշանք էր խնդրում մորից, բայց մայրը կարծես չգիտեր, թե ինչ է քնքշանքը: Սակայն, երբ երեխան փամփլիկ ձեռքը մեկնեց և սուր եղունգով բռնեց նրա քթից, նրա դեմքի վրա ժպիտի նման մի բան երևաց, նախ համբուրեց երեխայի ձեռքը, գլխի մի թեթև շարժումով քիթն ազատեց նրա ձեռքից, հետո խոնարհվեց և շրթունքը ամուր ու կաթոգին սեղմեց նրա թրխլիկ այտերին: Բայց և այնպես սարսափը քարացած էր նրա դեմքի վրա և աչքերի մեջ:

Ներս մտավ մի կին միջին տարիքով, սև հագուստով, կարմիր քրտնած դեմքով, մի սև շալ ձեռքին: Ամբողջ թաղում և թաղի սահմաններից էլ դուրս նա հայտնի էր գիժ-Հոռոմսիմ անունով: Եվ իզուր չէր, որ վաստակել էր այդ անունը: Կիսախելագարի մեկն էր, վերին աստիճանի չար և կռվարար, օր չէր անցնի, որ մեկի հետ չկռվերո՜վ ուզում է լիներ այդ մեկը՝ հարազատ, հարևան թե անծանոթ: Տարին տասներկու ամիս անեծքներ էին միայն, որ թափվում էին նրա բերանից: Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում, այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել: Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրա բերանից: Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու, ձեռքը թափ էր տալիս և հեռանում:

Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց արդեն տվել անցել էր ամենքից թե իր ճարտար լեզվով, թե անեծք-հայհոյանքով և թե՜ նույնիսկ ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո:

Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը: Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես, — կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում: Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում:

Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր:

* * *

Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին, — մրթմրթաց նա մտնելուն պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա:

Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ՝ շարունակում էր հագցնել երեխային:

Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա:

Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել, — ասաց նա: — Ա՜յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես:

Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները: Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է: Ու ծտի նման ցած թռավ թախտից:

Ա՜յ քեզ... ա՜յ, ա՜յ, ա՜յ...

Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերըո՜ւր որ պատահեր, ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս:

Ըը՛... — ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա վրա:

Առանց ինձ չայ էլ ես խմում, հա ... Այ քեզ... տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու... ա՜յ քեզ, ա՜յ, ա՜յ... շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուճ ես անում, քոռանաս ու փճանաս դու... ա՛յ քեզ, այ, ա՛յ...

Ու սուր եղունգները դանակի՝ պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը:

Վըի՛, վըի՛… — մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվում երեխայի վրա: Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին: Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով սաստկանում էր: Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրա բոլոր բարկությունը թափելու: Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը համարյա թե ձայն չէր հանում, կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավ չի զգում, մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ, օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնի այնպիսի մի նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված էլներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը: Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջև խոնարհված, զսպած հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղի՝ ծկլթոցների և երեխայի լացի մեջ:

Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ-Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքի ուժգին թափով ձիգ տվեց հանկարծ:

Աա՛աա... — երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ մեջքի վրա: Նրա թողացած ձեռքերը բաց թողին երեխային: Երեխան նրա գոգից գլորվեց ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ:

Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը, նա թողեց հարսի մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեց թախտի վրա ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի: Նրա պստիկ, չար աչքերը դեռևս պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղ ճակատին. նա հևում էր երկար տեղ վազած մարդու նման:

Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի ձայով:

* * *

Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել: Պառավ Հեղնարը և նրա երկու փոքրիկ թոռներըմեկը տղա, մյուսն աղջիկծալապատիկ նստած էին թախտի վրա և հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՞րն է իրենց ճաշը և ո՞րն ընթրիքը: Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրած ապակու միջից պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին: Նրանց կերածը փռան սև հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել սպիտակ էր, թե դեղին: Լամպի լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերն էլ կպչում թաց ձմերուկից:

Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով: Հարատև չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելի կնիքը դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ: Թոռներըքույր ու եղբայր որբ էին և մնացել էին պառավ տատի խնամքի տակ: Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որ պառավ Հեղնարին եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու: Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ ուներ, այդ՝ երկու որբերի մեծ քրոջԱնանի վիճակն էր իր կիսախելագար սկեսոր և նրանից ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից:

Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը: Շատ լվացք անելուց և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրի կրակի մեջ մրկվել, չորացել, ճաքճաքել, մագաղաթ էր դարձել: Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում էին տատին, մեկը փայտն ու՝ տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսած և լվացքի թաբախը քարշ տալով առաջնորդում էին լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ: Եվ այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ ճմռում էր լվացքը, նրանք ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային: Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքը հավաքած, տղան վարտիքը մինչև ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի՝ վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր կազմում:

Հաջորդ էջ