Նար-Դոս՝   Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ

Ինչպե՞ս թե ինձ ու ինձ, — արտասանեց կինը շանթահար:

Բայց Արամը շարունակեց անողոք հանգստությամբ.

Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրի կին, մինչև որ...

Արա՜մ, — ճչաց Ֆլորան, վեր թռչելով տեղից:

— ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց արել մի նոր կյանքի դուռ, — ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմ այստեղ, քո շուրջը և քեզ վրա: Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեզ այսպիսի շքեղությամբ, և դու...

Լռի՜ր Արամ, լռի՜ր, բավական է, — կանչեց կինը ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով: — Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ վիրավորելու: Ի՞նչ է նշանակում՝ ինձ ու ինձ վճռել եմ: Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին: Ի՞նչ ես ուզում ասել դրանով:

Ոչինչ ավելի, քան ինչ որ ասացի:

Ես քո լեզուն չեմ հասկանում: Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա, ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով:

Արամը հանկարծ շեշտակի նայեց նրա աչքերին, և նրա մինչ այդ հանգիստ դեմքը դաժան արտահայտություն ստացավ, ըստ երևույթին, այլևս չկարողացավ զսպել իր ամբողջ ներքինը տակնուվրա անող խանդի այն զգացումը, որ մինչև այժմ ամեն կերպ աշխատում էր ծածկել արտաքին հանգստության քողի տակ:

Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում, — ասաց նա յուրաքանչյուր բառը շեշտելով, — դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու:

Ինչպե՞ս:

Որովհետև ես դեռ կայի, դեռ գոյություն ունեի, դեռ գետինը չէի անցել:

Ես գիտեի՞ այդ:

Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ: Համոզվա՞ծ էիր: Հաստատ ապացո՞ւյց ունեիր:

Ցուցակը...

Այո՜, անհետ կորածների, բայց ո՜չ սպանվածների: Այդպես չէ՞:

Ֆլորան, հանկարծակիի եկած, առժամանակ մնաց կարկամած և ամենամեծ տարակուսանքով նայում էր նախկին ամուսնու սպանիչ աչքերին, որոնց մեջ կայծկլտում էր խանդի զգացումը: Հետո նստեց, աչքերը ծածկեց և սկսեց լալ:

Անխի՜ղճ, անաստվա՜ծ, — արտասանեց հեծկլտանքի միջից: — Նրա համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դու վերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները: Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն քեզ համար լալով, ամբողջ տարիներ ականջս ձենի է եղել, որ մի լուր առնեմ քո մասին, քրոջդ թուք ու մուրը կրել եմ անտրտունջ՝ քո խաթեր, և դու ասում ես՝ շատ եմ շտապել: Ամբողջ չորս տարի վշտի և հուսահատության մեջ սպասելը շատ շտապե՞լ է նշանակում: Որտե՞ղ փնտրեի ես քո պահանջած ապացույցը, որ ինձ ազատ համարեի: Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանը ես արեցի ճարահատյալ, արեցի գլխավորապես քո զավակի համար, նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես՝ մենակ, անօգնական: Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե ես օգտվել եմ առիթից և աշխատել կարելույն չափ շուտ ազատվել քեզնից: Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ: Եվ դեռ ասում ես, թե վրեժը չէ, որ քեզ բերել է ինձ մոտ: Ահա թե ո՜րտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե ո՜ր աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին:

Արամն այս անգամ խոնարհվել էր իր մի հատիկ ծնկան վրա, նայում էր հատակին մտառու, կենտրոնացած հայացքով և այլևս ոչ մի խոսք չէր արտասանում: Եվ երբ կինը լացի հետ վերջացրեց իր արդարացումներն ու հանդիմանությունները, սենյակում տիրեց մի երկարատև ծանր լռություն:

Գիտե՞ս ինչ, Ֆլորա, — վերջապես խոսեց Արամը ուղիղ նստելով և նայելով կնոջն այնքան հանգիստ հայացքով, որ կարծես ոչինչ չէր պատահել: — Քեզ մոտ որ գալիս էի, չեմ ասում, թե հաշտված էի դրությանս հետ: Այդ անկարելի է: Սա այնպիսի դրություն է, որի հետ ո՜չ մի մարդ չի կարող հաշտվել: Բայց ինքս ինձ վճռել էի զսպել ինձ և ոչ մի հանդիմանություն չանել քեզ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ավելորդ և անօգուտ կլիներ, և դրանով անցածը չէր դառնա: Բայց եթե, այնուամենայնիվ, մի քանի անախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ շատ եմ զղջում և քեզ էլ խնդրում եմ, որ ներես ինձ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (նրա ձայնը դողաց): Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք ինչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ: Չէ որ դու ի՜մն էիր, ի՜մ հարազատը, ի՜մ սիրելին և, թվում էր, թե՝ ի՜մ անբաժանելին: Մինչդեռ ահա դու նստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ և այդքան ցանկալի և ըղձալի ինձ համար, և ես իրավունք չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ: Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՜ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով: Ու մինույն ժամանակ երբե՜ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, որպես դարձյալ այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ի՜նչիբրև օտարակա՞ն, իբրև անկոչ հյո՞ւր, թե իբրև մուրացկան: Չէ՞ որ իմ այսքան տարվա տաժանակիր խաչակրությունից վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ պիտի թաղեմ ու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի ապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար: Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը...

Նա լռեց լացակումած և որպեսզի արտասվալից աչքերը ծածկի կնոջից, նորից խոնարհվեց ծնկան վրա:

Ա՛խ, այս ինչ դրություն է, տե՜ր իմ աստված, — հառաչեց կինը ծայր աստիճան հուսահատությամբ և խղճահարությամբ:

Այո, հասկանում եմ, քեզ համար էլ ծանր է, — մի քիչ հանգստանալուց հետո նորից խոսեց Արամը շտկվելով: — Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ, և դու... Բայց ներիր, ես պարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս: Դու մեղավոր չես: Ես գիտեմ ո՜վ է մեղավոր կամ մեղավորները: նրանք նստած են այնտեղ, վերևը, գահերի և ոսկու տոպրակների վրա: Նրանք են, որ աշխարհը խառնել են այսպես իրարից մի բան թռցնելու համար: Նրանք են, որ ինձ պես միլիոնավորների դժբախտության և արյան գնով ուզում են լցնել իրենց անկշտում որկորը: Ահա թե ո՜ւմ օձիքից պետք է բռնել և հաշիվ պահանջել: Հոգուս մեջ կրակ է բորբոքվում, և իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ ես, իբրև մի սոսկ անհատ, մի մոծակի չափ անգամ կարողություն չունեմ խայթելու նրանց: Բայց այսպես երկար չի կարող շարունակվել, կգա մի ժամանակ, երբ...

Նա հանկարծ լռեց և ականջները սրեց դեպի հարևան սենյակը: Այնտեղից լսվեց երեխայական մի ձայն, հետո մանրիկ ոտների մի վազք: Նույն րոպեին դուռը բացվեց աղմուկով, և ներս վազեց մոտ 78 տարեկան մի տղա ինչ-որ արտասովոր ուրախությունից վառված աչքերով, մի թուղթ ձեռքին:

Մամա՜, — կանչեց նա, մոտ վազելով նորատի կնոջը, — այսօր վկայականները բաժանեցին, ոչ մի 2 չունեմ, տե՜ս:

Ֆլորան շփոթված վեր կացավ, մեքենայաբար թուղթն առավ որդու ձեռքից և նայեց նախկին ամուսնուն մի վարանոտ ժպիտով:

Սա... մեր Սուրիկն է, — ասաց:

Արամը արձանացել էր նստած տեղը և նայում էր որդուն լայն բացած աչքերով, գլուխն առաջ երկարած: Ըստ երեվույթին, չէր ուզում հավատալ, թե երեք տարեկան այն փոքրիկ, վտիտ մանուկը, որին պատերազմ գնալուց առաջ թողել էր մոր խնամքին, կարող էր այդ մի քանի տարվա ընթացքում այդքան հասակ առնել, հասունանալ և փարթամանալ:

Հոր պես բարձրահասակ, հոր պես թուխ, հոր պես սև ու խոշոր աչքերով, բայց, հակառակ հոր, ջլապինդ ու լեցուն մարմնով: Սուրիկը կանգնած էր շինել հագած մի անծանոթ պարոնի առջև, նայում էր նրան մանկական անտարբերությամբ իբրև մի օտարականի, որի հետ ոչ մի գործ չունի:

Մայրը բռնեց երեխայի ձեռքից և մոտեցրեց Արամին.

Սուրիկ ջան, սա այն հայրիկն է, որ պատերազմ էր գնացել, հիշո՞ւմ ես, քեզ որ պատմում էի:

Այն հայրի՞կը, — հարցրեց երեխան առանց որևէ առանձին հետաքրքրություն ցույց տալու:

Այո, այն հայրիկը, բալաս, և ոչ նոր հայրիկը, — ասաց Արամը մի տեսակ կծու շեշտով, և մի տարօրինակ ժպիտ ծամածռեց նրա դեմքը:

Նորատի կինը կծեց շրթունքը և մինչև ականջները կարմրեց:

Բայց դուք սպանված չէի՞ք, — հարցրեց երեխան, այս անգամ մանկական հետաքրքրությամբ նայելով անծանոթ հոր աչքերին:

Ո՞վ ասաց, բալիկս, թե սպանված եմ:

Մաման էր ասում:

Մաման սխալվել է, ջանիկս, ես միայն վիրավորված եմ եղել ոտից: Այ, տես:

Արամը շինելի մի փեշը ետ ծալեց և ցույց տվեց կտրած ոտը: Ոտը կտրած էր ծնկից վերև, նույնչափ էլ կտրված էր զինվորական դեղին անդրավարտիքը և բերանը կարած տոպրակի պես:

Սուրիկը հետաքրքրությամբ նայեց, հետո ինքն իր ձեռքով զգուշորեն բարձրացրեց հոր շինելի մյուս փեշը, որի տակ գտնվում էր նրա առողջ ոտը:

Հիմա այս մի ոտո՞վ եք ման գալիս, — հարցրեց:

Չէ, էլի երկու ոտով:

Ինչպե՞ս թե, — զարմացավ երեխան:

Այ, տես, — հայրը ցույց տվեց պատին հենած նեցուկը, — թևիս տակն եմ առնում և ման գալիս ինչպես երկու ոտով:

Գիտե՞ք ինչ, պարոն, — հանկարծ ասաց երեխան մանկական հետաքրքրությամբ, — փողոցում ես ուրիշ մարդիկ էլ եմ տեսնում այդպիսի փայտերով ման գալիս: Նրանք է են եղել պատերազմում:

Բոլորը: Բայց լսիր, ջանիկս, ինչ եմ ասում, ինձ այլևս պարոն չանվանես, խո գիտես, որ ես քո հայրիկն եմ:

Հա, Սուրիկ ջան, — նկատեց իր կողմից մայրը, — այսուհետև միշտ հայրիկ կանվանես: Լսո՞ւմ ես:

Սակայն Սուրիկը կանգնած էր լուռ և մանկական լուրջ տարակուսանքով նայում էր մերթ մոր աչքերին, մերթ շինել հագած այն հատոտանի մարդուն, որին ստիպում էին հայրիկ անվանել:

Հայրը բռնեց նրա ձեռքերից և մոտ քաշեց:

Մի՞թե դու ինձ երբեք չես տեսել, բալիկս: Սուրիկը մտառու հայացքով նայեց նրա աչքերին և գլխով բացասական շարժում արավ:

Հայրը ավելի մոտեցրեց երեխային և կպցրեց իր ծնկանը:

Լա՜վ նայիր ինձ, ջանիկս, գուցե հիշես, դու այն ժամանակ ախր շատ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավոր էիր ասում, երգում: Ես քեզ համար խաղալիքներ էի բերումերկաթուղի, ավտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ: Ձի էի դառնում, նստեցնում էի քեզ ուսերիս վրա և վազվզում սենյակներում, դու էլ ծիծաղում էիր, կչկչում: Հետո... Ես քեզ տանում էի՝ ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կոնֆետ, շոկոլադ: Մի՞թե ոչինչ չես հիշում:

Ոչ, չեմ հիշում, — պատասխանեց երեխան, նորից բացասաբար շարժելով գլուխը:

Հիմա՜ր, ինչպե՞ս չես հիշում, — նկատեց մայրը, — քանի անգամ եմ պատմել:

Վա, զոռով է՞, որ չեմ հիշում, — բացականչեց երեխան դեմքի այնպիսի մի կոմիկական ծամածռությամբ, որ հայրն էլ, մայրն էլ ակամա ծիծաղեցին:

Մինչև այժմ հայրը ամեն կերպ զսպում էր իրեն, աշխատում էր այնպիսի բան չանել, որ երեխան խրտներ իրենից: Բայց է՜լ չդիմացավ, հանկարծ երկու ձեռքով բարձրացրեց նրան, նստեցրեց ծնկան վրա, պինդ կպցրեց իրեն և սկսեց մի խենթ ողջագուրանքով համբույրներ դրոշմել նրա գլխին, այտերին, շրթունքներին, աչքերին, ո՜ւր պատահեր: Եվ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, թվում էր, թե վերջ չէին ունենալու հայրական սիրո և կարոտի այդ բուռն զեղումները, որոնք այնքան տարիների ընթացքում կուտակվել էին նրա սրտում:

Երեխան վախեցած խլպլտում էր հոր ջլապինդ ձեռքերի մեջ սեղմված, երեսը այս ու այն կողմն էր դարձնում, գլուխը ետ էր գցում, որ խուսափի նրա անախորժ համբույրներից և աղաղակում.

Վա՜յ, ի՞նչ եք անում, թողեք, չեմ ուզում... Մամա...Իսկ հայրը կարծես միտք չուներ թողնելու, ավելի ու ավելի էր սեղմում երեխային իր գրկում և շարունակում էր խելագար համբույրները: Վերջապես Սուրիկը իր ճկուն մարմնի ճարպիկ գալարումներով դուրս պրծավ նրա անհաճո գրկից, հեռու փախավ և ճակնդեղի պես կարմրատակած սկսեց ուղղել շորերը, — միևնույն ժամանակ լուռ ու զայրագին հայացքներ ձգելով հոր կողմը:

Մայրը տեսավ այդ անհաշտ հայացքները և վախեցավ, որ նա կարող էր կոպիտ խոսքեր արտասանել հոր հասցեին, ինչպես անում էր երբեմն, երբ նրան չարացնում էին, ուստի արագ մոտեցավ նրան և ինչ-որ փսփսում էր նրա ականջին, երբ մի կարճ ու հատու հեծկլտոց լսեց: Փշաքաղվեց և ետ նայեց նախկին ամուսնու կողմը:

Արամը նստած էր ծնկան վրա խոնարհված, թաշկինակը աչքերին սեղմած, և նրա ուսերն ու մեջքը ցնցվում էին զսպած հեկեկանքի ջղաձգումներով:

Նույն րոպեին հարևան սենյակից լսվեց ծծկեր երեխայի լացի և ապա տղամարդու ինքնավստահ և ինքնագոհ մի ձայն: Տղամարդը, ինչպես երևում էր, խոսում էր դայակի հետ:

Վա՜յ, հայրի՜կն է, — բացականչեց Սուրիկը, և նրա դեմքը մի վայրկյանում պայծառացավ: — Տո՜ւր, մամա, վկայականս տանեմ ցույց տամ հայրիկին:

Մայրը վախեցած՝ աչք-ունքով արավ նրան, որ լռի, բայց երեխան ոչ հասկացավ մորը, ոչ էլ ուշադրություն դարձրեց, թե ինչ է ուզում հասկացնել նա, խլեց նրա ձեռքից վկայականը և դուրս վազեց:

Որդու ուրախական բացականչության վրա Արամը արագորեն շտկվեց, կարծես ծնկան վրա խոնարհված նրա իրանը մեկեն վեր նետեցին և նրա մի ակնթարթում ցամաքած աչքերը տարօրինակ փայլով հառած մնացին այն դռան վրա, որի հետևը ծածկվեց երեխան: Այնուհետև նա հայացքը, նիզակի պես սուր ու ծանր, դանդաղորեն դարձրեց նորատի կնոջ վրա, մեքենայաբար որոնեց շինելի գրպանը, թաշկինակը պահեց, վերցրեց հատակի վրա ընկած փափախը, նեցուկն առավ թևի տակ և, մի հատիկ ոտի վրա ցատկռտելով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից աղախինը ներս էր հրավիրել նրան:

Դու գնո՞ւմ ես, — կամաց և անհամարձակ հարցրեց նորատի կինը:

Ինվալիդը չպատասխանեց և դուրս գնաց:

Հետևյալ օրը կամրջի վրա, որի տակ հորդացած գետը կատաղի հորձանքով առաջ էր քշում իր գիրկն առած գարնանային ջրերը, մարդիկ գտան մի շինել և մի նեցուկ:

1920

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐ

Իմ ընթերցողներին

Ես ստացա հետևյալ նամակը և նամակի հետ առանձին տետրակի մեջ մի գրություն, որը հրատարակության եմ տալիս ստորև:

Ընկեր Նար-Դոս.

Ես ձեր «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսն եմՊատրիկյանը: Թեև իսկական ազգանունս Պատրիկյան չէ, բայց այդ միևնույն է, թող ձեզ և ընթերցողների համար Պատրիկյան էլ մնամ, իսկական ազգանունս հայտնելով չի փոխվելու էությունը, որի դեմ առարկելիք չունեմ:

«Նեղ օրերից մեկը» լույս տեսնելուց հետո անցել է մոտ երեսուն տարի, և դեռ չգիտեմ երբևիցե հետաքրքրվե՞լ եք իմանալու, թե հետագայում ինչ եղան, ինչ վիճակ ունեցան ձեր այդ պատմվածքի գլխավոր պերսոնաժները, այսինքնես, տանտերս, խմբագրության քարտուղարը և արքունական թատրոնների երգիչ Ջափինյանը կամ ժապինովը, ինչպես անվանվում էր այն ժամանակ աֆիշների մեջ: Եթե հետաքրքրվել եք և չեք իմացել, ես կարող եմ պատմել:

Կսկսեմ ինձնից:

Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելու մարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական ասպարեզ: Այն խոնավ ու մութ սենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցաերեք տղա, մի աղջիկ: Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ: Նրանից փոքրը նույնպես բոլշևիկ-կոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում: Այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկ լինել, քան իր ավագ եղբայրները: Ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ: Թողել եմ ուսուցչությունը: Ստանում եմ կենսաթոշակ: Անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը, որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ:

Խմբագրության քարտուղարը:

Սրա կյանքն արդեն մի կատարյալ էշի մարտիրոսություն էր: Ֆանատիկոսի մոլեռանդությամբ նվիրված լինելով թերթին, տարեցտարի և օրը օրին մեն-մենակ լցնելով թերթը, ցերեկը խմբագրատանը և գիշերները տպարանում անցկացնելով, այնքան չէր ստանում, որ գոնե մի տաք կերակուր ուտեր և ձմեռը տաք հագնվեր: Վերջը թքեց թերթի վրա էլ, ամեն բանի վրա էլ, գնաց Էջմիածին, կուսակրոն ձեռնադրվեց, վարդապետ դառավ, հետո ծայրագույն վարդապետ, գրում էր «Արարատ»-ում, քիչ մնաց եպիսկոպոս ու թեմակալ դառնար, փորը մի քիչ հաստացրեց և մեռավ անհայտ ու անպտուղ:

Երգիչ Ջափինյանը:

Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել, զուրկ նույնիսկ լսողությունից: Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և էլ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից: Ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմն-երբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի, թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ»-ը ի պատիվ հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանից զգացված՝ սկսում են էլ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը: Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան: Բայց, չնայելով իր մոտ վաթսունհինգամյա հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուք կտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին, կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս: Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր դասերով: Տանտերս:

Գրությանս նպատակն իսկապես սա է: Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել: Սա նախանցյալ տարի մեռավ: Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր: Սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը: Սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ: Այդ սիստեմատիկ նկարագիրը դուք կգտնեք նամակիս հետ ձեզ ուղարկված տետրակիս մեջ:

Ձեր Պատրիկյան

ԱՂԱՄԻՐՈՎ ԴԱՎԻԹ ՖՈՄԻՉԸ

(Պատրիկյանի տետրակը)

Միջահասակ, պնդակազմ, շատ ժիր տղամարդ էր, միշտ լավ հագնված, մոխրագույն շապոն մի քիչ ծուռ դրած, մատները լի մատանիներով, որոնցից մեկն առանձնապես հուրհրատին էր տալիս իր խոշոր ադամանդով: Կոշիկների վրայից հագնում էր սպիտակ գամաշներ՝ կողքից կոճկած: Ամառ-ձմեռ մոխրագույն ձեռնոցներ էր կրում, հագնում էր միայն ձախ ձեռքինը, իսկ աջը առանց հագնելու պահում էր ձեռքին, երևի խանգարում էին մատանիները: Ման էր գալիս արագ, հաստատուն քայլերով, կեռագլուխ ձեռնափայտը թևից կախած: Դեմքը կարծես բրոնզից էր ձուլված իր դեղնավուն գույնով և ծանր կնճիռներով, որոնք ծալ-ծալ նստած էին աչքերի տակ և բերանի այս ու այն կողմը: Իր այդ բրոնզյա դեմքով և մանավանդ աչքերի շատ սուր ու լուրջ հայացքով կորովի կամքի և համառ բնավորության տեր մարդու տպավորություն էր թողնում: Չգիտեմ ինչու, երբ պատահում էր, որ չէի կարողանում սենյակիս վարձը ժամանակին վճարել և այդ բանի համար նա կամ ինքն էր իջնում ինձ մոտ, կամ ինձ էր կանչում իր մոտ, ես պարզապես վախենում էի նրա այդ դեմքից և հայացքից, չնայելով, որ երբեք դուրս չէր գալիս քաղաքավարության սահմանից, թեև խոսում էր խիստ ու կտրուկ:

Քաղաքում հայտնի էր իր սապոնի գործարանով: Ուներ և մի քանի խոշոր տուն՝ խանութներով: Տներից մեկը մի ամբողջ հյուրանոց էր: Գործոն անդամ էր մի քանի խոշոր ակցիոներական ընկերությունների: Մի այդպիսի ընկերություն էլ ինքն էր հիմնել՝ Բաքվում նավթաբեր հողերի պեղումներ կատարելու համար:

Իր հարստության և անվան շնորհիվ հասարակական բոլոր ընտրությունների ժամանակ առաջին թեկնածուներից մեկն էր և հարում էր կադետական կուսակցության: Այսպիսով միաժամանակ քաղաքային դումայի իրավասու էր, համ բանկի դիրեկտոր, համ կլուբի ավագ, համ Բարեգործական ընկերության վարչության անդամ, համ դպրոցի հոգաբարձու, համ երեցփոխ, համ... չգիտեմ էլ ինչ: Եվ զարմանալին այն էր, որ համարյա ամեն տեղ էլ հասնում էր իր տոկուն եռանդի շնորհիվ:

Այն տունը, ուր ապրում էր Դավիթ Ֆոմիչը, բաղկացած էր երկու հարկից և գտնվում էր քաղաքի ամենաբանուկ, վաճառաշահ փողոցում: Ամբողջ վերին հարկը ծառաների սենյակներով, խոհանոցով, բաղնիքով, պահեստներով գտնվում էր տանտիրոջ ձեռքին, իսկ ներքին հարկը, փողոցում, մի շարք լայն ու բարձր խանութներ էին, որոնց վարձակալներն ապրում էին նույն տան ընդարձակ բակում, դրանք բոլորն էլ հարուստ վաճառականներ էինմի՝ ակնավաճառ, մի կոնդիտեր, մի օպտիկ, մի դեղավաճառ և ամենաընտիր մրգեր ծախող մի բախկալ: Ամենախեղճ կենողներս այդ բակում ես էի, մի մանկաբարձուհի իր պառավ մոր հետ և բազմաթիվ

երեխաների տեր մի հրեա կին, որը բակի դարպասում սեղանի վրա զանազան երկաթեղեն էր ծախումկողպեքներ, մկրատներ, դանակներ, մատնոցներ և այլն: Այս երեք խեղճ կենողներից ամենավատ սենյակն իմն էրխոնավ, մութ, ընդհանուր արտաքնոցներին կպած: Ամոթ էլ էր այդ սենյակ անվանել, սկզբում դա եղել էր տանտիրոջ հավաբունը, ուր նա բազմաթիվ հավեր էր եղել պահելիս իր տան գործածության համար (ստամոքսի ինչ-որ հիվանդություն ունենալու պատճառով բժիշկներն արգելած են եղել նրան թռչունի մսից ուրիշ որևէ կենդանու միս ուտել). բայց որովհետև հավերի աղտոտությունից հոտելիս է եղել բակը, և կենողները շարունակ բողոքելիս են եղել այդ բանի դեմ, Դավիթ Ֆոմիչը հավերը տեղափոխել էր տան կտուրը, ուր նրանց համար հատուկ հավաբուն էր շինել տվել պատշաճ սարքավորումով, իսկ նախկին հավաբունը մի քիչ կարգի դնելով, սենյականման մի բանի էր վերածել, ուր և վիճակվել էր ինձ ապրել իմ նեղ օրերին:

Դավիթ Ֆոմիչի ընտանիքը մեծ չէր. ինքն էր, կինը, մի հատիկ տղան և աղջիկը: Տղային և աղջկան տնային կրթություն էր տալիս սկսած երաժշտությունից մինչև գիմնազիական դասընթացը: Ֆրանսուհի դաստիարակչուհին էլ հո ջոկ: Մի անգամ նույնիսկ փորձեց, որ նրանք հայերեն դասեր էլ առնեն, և դրա համար հրավիրեց ինձ, բայց տղան էլ, աղջիկն էլ հենց սկզբից բացեիբաց հրաժարվեցին, ասելով, որ հայերենը շատ դժվար լեզու է, և ինչի է պետք այդ «կռոյի լեզուն» (տան մեջ նրանց գործածական լեզուն ռուսերենն էր և ֆրանսերենը):

Աղջիկը բավական տգեղ արարած էր, հոր պես դեղնավուն և, ըստ երևույթին, հիվանդոտ, բժիշկը շաբաթը երկու անգամ կանոնավորապես այցելում էր նրան: Ծնողների առանձին հոգացողության տակ էր նրա լսելիքը, եթե պատահում էր, որ փողոցային որևէ թափառական մի երաժիշտ իր արգանով կամ հարմոնով, ջութակով կամ շվիով մտնում էր տան բակը մի քանի կոպեկ հավաքելու համար, իսկույն ծառաների միջոցով դուրս էին քշում նրան, որ աղջկա երաժշտական լսելիքը չփչանա այդ «վայրենի» ձայներից:

Տղան, մի շատ գեղեցիկ, աշխույժ ու չարաճճի պատանի, բոլորովին նման չէր ոչ հորը, ոչ մորը և ոչ էլ մանավանդ քրոջը և, երևի այդ պատճառով, նրանց առանձին սիրո և գուրգուրանքի առարկան էր: Նրան շատ էին երես տվել, և նա տան մեջ ինչ օյինբազություններ ասես չէր անում: Դեռևս քսան տարեկան չեղած, գիմնազիական դասընթացն արդեն ավարտած էր համարում իրեն և այլևս չէր ուզում սովորել: Գրպանը միշտ լիքն էր լինում փողով, և նա ծախսում էր քեֆն ուզածին պես: Մի քանի անգամ բռնվել էր խոշոր սկանդալների մեջ և միշտ էլ անպատիժ մնացել հոր շնորհիվ: Ման էր գալիս գլխարկը ծոծրակին դրած և մազերի՝ գեղեցիկ փայլուն գանգուրները ճակատին ցրիվ տված:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ Դավիթ Ֆոմիչը, իբրև հարուստ մարդ, ապրում էր, ինչպես ասում են, լեն ու բոլ: Ամեն ամառ ընտանիքով քոչում էր արտասահման և ամեն անգամ վերադարձին այնտեղից բերում էր այնպիսի զարմանահրաշ բաներ, որ տեսնողը մնում էր բերանը բաց: Դրանք մեծ մասամբ ոչինչ բաներ էինսեղանի վրա կամ բուխարու գլխին դնելիք զարդարանքներ, տարօրինակ ձևի և կոնստրուկցիայի ժամացույցներ, ալբոմներ, ծաղկամաններ և այլն: Մի անգամ էլ բերեց մի՝ շատ գեղեցիկ թեթև ավտոմոբիլ հատկապես իր և ընտանիքի անդամների զբոսանքի համար: Բայց ամենից շլացուցիչը Լյուդվիկոս չգիտեմ ո՜րերորդի ոճով պատրաստված կահավորանքն էր, որ ապսպրել էր Փարիզից իր դահլիճի համար: Պարծանքով էր պատմում, որ միմիայն սեղանը, գահավորակը և երկու բազկաթոռը իր վրա նստել էր տասը հազար ռուբլի: Շատ էր սիրում իր բարեկամների շրջանում պատմել հետևյալ դեպքն իրենց փարիզյան այցելություններից.

Մի երեկո նստած ենք Բոլլոնյան անտառում: Դե, հայտնի է, թե ինչ հասարակություն է զբոսանքի ելնում այդ անտառը, ամբողջ շիք ու հրաշալիք, Կինս նայեց, նայեց, մի խոր հոգոց քաշեց և ասաց, «է՛հ, մե՛նք էլ կասենք ապրում ենք, սրա՛նք էլ»:

Եկավ աշխարհասասան պատերազմը, և միակ վնասը, որ հասցրեց Դավիթ Ֆոմիչին, այդ այն էր, որ զինվորական վարչությունը գրավեց նրա ավտոմոբիլը իր պետքերի համար: Այդ բանը մեծ ցավ պատճառեց նրան, բայց ի՞նչ կարող էր անել: Վախ կար, որ որդուն կարող էին զինվոր տանել և քշել դեպի սպանդանոց, բայց դեմը կարողացավ առնել, շտապեց որդուն յունկերական դպրոցը տալ և բանն այնպես սարքեց, որ նա մինչև պատերազմի վերջն էլ մնաց թիկունքում: Իսկ ինքը, իբրև «անվանի՝ հասարակական գործիչ», մի ինչ-որ կարևոր պաշտոնով մտավ Քաղաքների Միության մեջ և իրեն միայն հայտնի միջոցներով ձեռքերը լավ տաքացրեց: Բայց երբ թուրքերը ՍարիղամիշԱրդահանի ճակատը ճեղքելով սպառնում էին բռնել Թիֆլիսի ճանապարհը, Դավիթ Ֆոմիչն առաջիններից մեկն էր, որ Նիկոլայ ll-ի հետևից իր ընտանիքով փախավ դեպի հյուսիս, որտեղից վերադարձավ այն ժամանակ միայն, երբ թուրքերը ետ շպրտվեցին դեպի Էրզրում, և Կովկասյան ճակատը միանգամայն ապահովվեց:

Թուրքերի պարտությունը այնքան էր ոգևորել Դավիթ Ֆոմիչին, որ նա սկսեց եռանդուն մասնակցություն ցույց տալ հայկական կամավորական խմբեր կազմակերպելուն և «Մի՛ հայմի ոսկի» ֆոնդի հանգանակության գործին: Եվ երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, Դավիթ Ֆոմիչը մի փառավոր ընթրիք պատրաստեց իր տանը նրա պատվին:

Կովկասյան ճակատում ռուսական բանակի իրար հետևից տարած հաղթություններն առհասարակ Դավիթ Ֆոմիչը վերագրում էր հայ կամավորական խմբերին, բռնվել էր թունդ ազգասիրությամբ և ման էր գալիս այնպես ուռած-փքված, որ ամեն անգամ, քանի նայում էի նրան, միտս էին գալիս Կռիլովի վարից վերադարձող եզան պոզին նստած ճանճի պարծենկոտ խոսքերը՝ «Մենք էլ վարեցինք»:

Այնուհետև եկավ փետրվարյան հեղափոխությունը և թեև մի քիչ սառը ջուր մաղեց նրա գլխին, բայց և այնպես մի մազ անգամ չպակասեցրեց Դավիթ Ֆոմիչի գլխից: Այն ժամանակ, երբ մենք սիմինդրի կամ կորեկի հաց անգամ հազիվ էինք ձեռք գցում, Դավիթ Ֆոմիչի ընտանիքը ֆրանսիական բուլկիներ էր անուշ անում:

Բայց ահա լսվեց Հոկտեմբերի ահազանգը Պետրոգրադից, Դավիթ Ֆոմիչն առաջին անգամ բնազդական սարսուռ զգաց ահարկու գալիքի հանդեպ: Այդ գալիքի նախադուռը հանդիսացավ կովկասյան ճակատի մերկացումը և թուրքերի առաջխաղացումը: Դավիթ Ֆոմիչը ահ ու սարսափով բռնված իր ընտանիքի հետ նորից փախավ Հյուսիսային Կովկաս: Այնտեղից վերադարձավ այն ժամանակ, երբ անգլիացիները քշել էին թուրքերին ու գերմանացիներին, պինդ նստել Անդրկովկասում իրենց անվարտիք շոտլանդացիներով, հնդկական խուրմայով և ահագին ջորիներով, և զբաղվում էին «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ: Անգլիացիների տիրապետության ժամանակ էլ Դավիթ Ֆոմիչը վատ չէր զգում իրեն: Նույնիսկ բարեկամացել էր նրանցից մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ, որոնց շուտ-շուտ հյուրասիրում էր իր տանը:

Կար մի մոմենտ, որ նա հույս ուներ, թե շուտով կհրավիրվի դաշնակցական Հայաստան՝ ֆինանսների մինիստրի պաշտոնով, երբ զարմանքով իմացավ, որ Հոկտեմբերը հյուսիսից գալով՝ եկել նստել է Բաքու: Հետո լուր եկավ, թե նա Երևանումն է և շուտով գալու է Թիֆլիս: Եվ այս բոլորը կատարվեց այնքան անսպասելի կերպով և այնպիսի գլխապտույտ արագությամբ, որ Դավիթ Ֆոմիչը ժամանակ չունեցավ իր ի՜նչ անելիքը որոշելու: Կարողացավ միայն կնոջը, աղջկան և տղային անգլիացիների հետ ճամփել արտասահման, իսկ ինքը մնաց, որպեսզի կարգագրի իր գործերը և հարմար րոպեին ծլկի նրանց հետևից:

Այդ հարմար րոպեն պետք է լիներ բոլշևիկների Թիֆլիս մտնելու նախորդ օրը: Ինչպես հետո ինքը Դավիթ Ֆոմիչն էր` պատմում ինձ, իր բարեկամ անգլիացիներից մեկը, որ մնացել էր իբրև մենշևիկների խորհրդատու, խոստացել էր այդ օրը վերցնելու նրան իր հետ, բայց խուճապի մատնված կամ մոռացել էր նրան, կամ ժամանակ չէր ունեցել նրան իմաց տալու և մենշևիկների հետ փախել էր խոստացած օրվանից երկու օր առաջ, որովհետև նրա հաշիվները բոլշևիկների Թիֆլիս մտնելու օրվա մասին սխալ էին դուրս եկել:

Այսպիսով Դավիթ Ֆոմիչը, հույսը անգլիացու վրա դրած, գիշերը հանգիստ քնելուց հետո, փետրվարյան մի ցուրտ առավոտ վեր կացավ տեսավ Հոկտեմբերն արդեն եկել նստել է Թիֆլիսում, և ոչ անգլիացի կա, ոչ մենշևիկ: Այժմ նա նմանում էր ականատ ընկած մկան, որ շատ դես-դեն ընկնելուց և դունչը երկաթալար ցանցերին արնոտելուց հետո տեսնելով, որ ազատվելու հնար չկա, տապ է անում և աչքերը պլզած սպասում իր անխուսափելի վախճանին:

Next page