Նար-Դոս՝   Զազունյան

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Գեղեցիկ պիեսի վերջին ակորդները, արձագանք տալով ընդարձակ հյուրասենյակի մեջ, լռեցին նրա մատների տակ և նա, թողնելով դաշնամուրի ստեղունքները, վեր կացավ տեղից: Առաջին հայացքը, որ նա ձգեց, Զազունյանի վրա էր: Այդ հայացքը կարծես հարցնում էրի՞նչպես էր, գո՞հ եք:

Զազունյանը վեր կացավ, մոտեցավ նրան և ջերմ կերպով սեղմեց նրա ձեռքը:

Շնորհակալ եմ, տիկին, — ասաց նա, — շատ շնորհակալ եմ: Զաքարն իրավունք ուներ, դուք հիանալի նվագում եք: Շնորհակալ եմ:

Նա կրկին սեղմեց Էմմայի ձեռքը:

Էմման բոլորովին շառագունեց և աչքերը ամոթխածությամբ վայր թողեց:

Երջանկությունն ու ինքնաբավականությունը խաղում էին նրա դեմքին: Որքա՛ն գեղեցիկ էր նա այդ րոպեին: Ակամա հիացմունքը պաշարեց Զազունյանին:

Բռա՛վո, — հանկարծ լսվեց Զաքարի ձայնը: Նա կարծես նոր ուշքի եկավ այն հիացմունքից, որ պատճառել էր նրան կնոջ նվագը: — Բռա՛վո, բռա՛վո, Էմմա... Բռավի՛սսիմո...

Նա վեր կացավ և մինչև անգամ սկսեց ծափահարել:

11

Նույն օրը՝ գիշերը, Էմման մենակ նստած էր իր փոքրիկ սենյակո՛ւմ, սեղանի առջև և զբաղված էր նույն օրվա ձեռագործով: Ձեռքերը գործում էին, իսկ միտքն ամբողջապես զբաղված էր այդ օրվա տպավորություններով: Ահա, առավոտյան վեր է կենում և առաջին միտքը, որ ծագում է նրա գլխում, այն է, որ այդ օրը Զազունյանը պետք է այցելի իրենց, և այդ գիտակցությունից մի անսովոր զվարթություն, մի անսովոր ուրախություն պաշարում է նրան: Ահա սպասում է նա, անդադար դուրս ու տուն անելով, թեև գիտե, որ Զազունյանն այդպես վաղ չի գա, և որքան շատ է սպասում, որքան շատ է դուրս ու տուն անում, լուսամուտից դեպի դուրս նայում, այնքան անհամբերությունն ավելի է պաշարում նրան: Վերջապես, ահա նա գալիս է կառքով, նստած է, ինչպես միշտ, ուղիղ: Էմման ակամա ձեռքը դնում է կրծքին՝ զսպելու համար սրտի թրթռոցը, միևնույն ժամանակ զգում է, թե ինչպես արյունը բոլոր երակների մեջ ախորժելի կերպով եռում է և խփում երեսին: Նա արագությամբ հեռանում է լուսամուտից և տեսնում է, որ կանգնած է հայելու առջև: Հայելու միջից նրան նայում է քնքուշ և գեղեցիկ մի դեմք, ամբողջապես երջանիկ ժպիտ կոտրած: Հետո հեռանում է հայելուց և համարյա թռչում դեպի դուռը: Նախասենյակում հանդիպում է Զազունյանին և զգում է, որ առաջվա ժպիտն առավել ևս պայծառացնում, առավել ևս գեղեցկացնում է դեմքը: Ջերմ կերպով սեղմում է Զազունյանի ձեռքը և հրավիրում հյուրասենյակ: Նրանք նստած են միմյանց դիմաց: Ահա Զազունյանի այրական դեմքը, ահա նրա խելացի աչքերը, որոնց հայացքն այնքան պարզ է և այնքան անթափանցելի է. ահա նրա զգաստ շարժումները, գրավիչ, հանդարտ ձայնը, ահա նրա մեղմ ժպիտը, որ այնքան սազում է նրա դեմքին, ահա նրա խոհուն ճակատը, նրա հանդարտ, դողդոջուն ծիծաղը, որ, կարծես, նրա դեմքից ետ է քաշում մի մռայլ քող և երևան է հանում նրա ամբողջ ներքին աշխարհն իր բոլոր բարեմասնություններով... Ի՛նչ քաղցր էր այն խոսակցությունը, որ, նախքան Զաքարի գալը՝ բացվեց նրանց միջև: Եվ նրա գլխում վերանորոգվեց այդ խոսակցությունը: Խոսակցության սկիզբը, մանավանդ, համարյա բառ առ բառ տպավորվել էր նրա ուղեղում: «Ես ձեզ արդեն տնային մարդու տեղ եմ ընդունում, պ. Զազունյան, և այդ պատճառով չեմ ուզում հետևել հյուրասիրության խստապահանջ օրենքներին և կարծում եմ, որ դրա համար դուք ինձ կներեք»: Նա հիշեց և Զազունյանի պատասխանն ու հարցը և դարձյալ իր պատասխանը. «Որովհետև դուք իմ ամուսնու բարեկամն եք, այդ պատճառով ուզում եմ, որ ի՛մ բարեկամս լինեք»: Եվ հիշելով իր պատասխանը, այժմ հանկարծ ամոթի մի զգացում պաշարեց նրան:

«Այս ի՛նչ եմ ասել, այս ի՛նչ եմ ասել», սարսափով շշնջաց նա և անզգայաբար շպրտելով ձեռագիրը սեղանի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով: Նրան թվում էր, թե շաա հանդուգն և աններելի բան է ասել: Եվ ի՞նչպես նա այն ժամանակ չհասկացավ, որ նոր ծանոթին այդպիսի խոսքեր չեն ասում: «Ով գիտե այդ խոսքերից նա ինչ եզրակացրեց», ասաց նա ինքնիրեն և ձեռքերը կամաց հեռացրեց դեմքից: Նրա դեմքն անմեղ ամոթխածությամբ լուռ ծիծաղում էր: Նա կարճ ժամանակ մնաց անշարժ, աչքերը մի կետի հառած, հետո հանկարծ վեր թռավ տեղից:

«Ո՛չ, այս ներելի չէ, այս ներելի չէ», ցած ձայնով բացականչեց նա և հեռացավ դեպի լուսամ ուտը: Նա բաց արեց լուսամուտի տախտակե փեղկերը և, սրբելով ապակու գոլորշին, դեպի դուրս նայեց: Դուրսը գիշերը բոլորովին մութն էր: Լուսամուտի առջև երևում էին փողոցում տնկված ծառերի կատարների տակավին մերկ ճյուղերը, իսկ այն կողմը, հեռու, դիմացի հսկա տները գիշերային մթության մեջ նկարվում էին իրենց մռայլ ուրվագծերով: Ոչ ոքի լուսամուտից ճրագի լույս չէր երևում, որովհետև բոլորի տախտակե փեղկերը փակ էին: Երևում էր միայն փողոցի լապտերը, որ իր փայտե սյունի վրա կանգնած`շուրջը շատ մոտ տարածության վրա, աղոտ լույս էր սփռում, և այդ լուսավորված տարածության վրա փողոցի սալահատակը պղտոր ջրի գույնի էր խփում:

«Ինչպես երևում է, դուրսը բավական ցուրտ է», ասաց նա ինքնիրեն, աշխատելով մոռանալ Զազունյանին ասած խոսքերը, որոնց հիշելիս նրա դեմքը շարունակ այրվում էր ամոթից: Նա ապակու միջից նայեց բարձր երկնքին: Արդյոք ամպամա՞ծ է, թե մառախուղով է պատած, աստղեր չեն երևում»: Նա կամաց ճակատը կպցրեց սառն ապակուն և այս անգամ սկսեց նայել դեպի ցած, փողոցին: «Անցուդարձը կտրվել է, ոչ ոք չի երևում», շարունակում էր նա մտածել ուրիշ բաների մասին, որպեսզի բոլորովին մոռանա Զազունյանին ասած խոսքերը: «Չէ: ահա մի մարդ, շտապով անցնում է: Իհարկե, տուն կլինի գնալիս: Տեսնես ո՞րտեղ է եղել»: Եվ այսպես, որքան աշխատում էր ուրիշ բաների մասին մտածել, չէր հաջողվում: Զաունյանին ասած խոսքերը համառորեն ամեն ինչ ետ էին մղում նրա ուղեղից, և իրենք միայն ուզում էին տպավորված մնալ այնտեղ:

«Է՛հ: վերջապես ինչ ուզում է, թող եզրակացնի», կամաց բացականչեց նա: «Ես այդ խոսքերը բոլորովին անկեղծությամբ ասացի և ինչո՞ւ չպետք է ներելի լինի ինձ, կամ այստեղ ի՞նչ կա ամաչելու, ի՞նչ մի պախարակելի բան եմ ասել»:

Նա հանգստացավ, և ամոթի շառագույնը դադարեց այրելու նրա դեմքը: Հեռացավ լուսամուտից և թեթև, անլսելի քայլերով սկսեց ետ ու առաջ գնալ սենյակում: Նրա աչքերն ընկան սեղանի վրա ընկած ձեռագործին: «Ես առանց չափազանցելու կասեմ, տիկին, շատ սիրուն և շատ սիրելի բան է», մտաբերեց նա Զազունյանի խոսքերը և այս անգամ արդեն ինքնաբավականության, և անմեղ հպարտության շառագույնը պատեց նրա դեմքը: Նա ժպտաց, ինչպես ժպտում են անմեղ, բարեսիրտ երեխաները, և շարունակեց քայլել ետ ու առաջ: Այնուհետև նրա մտքում արագությամբ նորոգվեցին Զազունյանի դատողությունները: Այդ դատողությունները նրան անսխալ էին թվում, և ինքը կատարելապես համաձայն էր նրա հետ: «Այո, ամեն բան, ինչ որ գոյություն ունի աշխարհիս երեսին, ուղղակի թե անուղղակի դեպի լավը, դեպի բարին է ծառայում», շշնջաց նա Զազունյանի խոսքերը, և այդ ոչ թե նրա համար, որ ինքն անձամբ վարձված էր այդ բանում կամ, այդ հարցը խոր քննության ենթարկելով, այդ համոզմունքին էր հասել, այլ նրա համար, որ այդ ժամանակ այդպես էր զգում: Այո, այդ ժամանակ Էմման զգում էր, որ աշխարհիս մեջ ամեն ինչ լավ և բարի է և վատ կամ չար ասած բան գոյություն չունի: «Մարդիկ միայն բարի են ծնվում, իսկ չարերբեք», հիշեց նա Զազունյանի ուրիշ խոսքերը — «և մինչև վերջն էլ այդպես մնում են», ավելացրեց նա իրենից, Մի՞թե սխալ է այդ: Սխալ չէ, Ահա իր ամուսինը, որը նույնչափ լավ մարդ է, նույնչափ բարի է, որքան և Արամիկը: Ահա ռուս աղախինը, հայ խոհարարը, հայ ծառան, դրանք բոլորն էլ լավ և բարի մարդիկ են, նույնպես և այդ միևնույն տան հարևան բնակիչները դրանց մեջ ոչ ոք վատ և չար մարդ չկա, նույնիսկ այն ուշացած պարոնը, որ փոքր-ինչ առաջ վազոցում շտապ անցնում էր, նա էլ շատ լավ և բարի մարդ էր երևում: Վերջապես... ինքըԶազունյանը... Մի՞թե նրանից էլ լավ, բարի, խելոք, ազնիվ, քաղաքավարի, սիրելի և... գեղեցիկ մարդ կա աշխարհիս երեսին... Ամենքը, ամենքը լավ և բարի են: Եվ ինչո՞ւ բարի և լավ չպետք է լինեն, քանի որ կյանքն այնքան քաղցր և սիրելի է: Նրա աչքն ընկավ պատից կախված մի գեղեցիկ նկարի վրա: Նկարը ներկայացնում էր մի կաթոլիկ քահանա` սաստիկ հաստ փորով և չաղ, սափրած կլորիկ դեմքով: Նա կանգնած էր գինու տակառի առջև և ձեռքին կարմիր գինով կիսալից մի բաժակ բռնած՝ հիացմունքով նայում էր նրա լույսի վրա: Էմման, նայելով այդ նկարին, հանկարծ ծիծաղեց:

Ահա այդ քահանան էլ անշուշտ շատ լավ, բարի և զվարճասեր մարդ պետք է լինի, ի՛նչ վնաս, որ գինի շատ է սիրում. ո՞վ չունի որևէ պակասություն...»:

Ժպտալով նա շարունակեց ետ ու առաջ քայլել սենյակում: Կաթոլիկ գինեմոլ քահանան մոռացվեց, և նա շարունակեց մտաբերել այդ օրվա եղելությունը, որ նրա համար ամեն բանից քաղցր էր: Ահա ճաշը: Ինքը նստած է ուղիղ Զազունյանի դիմացը և... նայում է նրան: Ի՛նչ լավ էր նրան նայելը: Թ՛եև սեղանը շատ առատ էր, և կերակուրներն ամենահամեղ, բայց ինքն ախորժակ չուներ ուտելու... Իսկ Զաքարն ի՛նչ ծիծաղելի էր, մանավանդ թուղթ խաղալիս: Նա մտաբերեց Զաքարի կոմիկական անբավականությունն իր անհաջողությունից և ծիծաղեց: Չէ: Զաքարը շատ ծիծաղելի է, շատ... Ահա և դաշնամուրի առջև նստած` նվագում է: Ի՞նչ էր այն... Մո՞ցարտ... Շո՞ւբերտ... չէ, Բեթհովեն, Բեթհովեն... Ի՛նչ սքանչելի բան էր. կարծես ինքը չէր նվագում, այլ մի աներևույթ ուժ մտել էր նրա մատների մեջ և խաղում դաշնամուրի ստեղունքների հետ: «Շնորհհակալ եմ, տիկին, շատ շնորհակալ եմ, դուք հիանալի նվագում եք: Շնորհակալ եմ», հիշեց նա Զազունյանի խոսքերը, և նրա սիրտը երջանկությամբ մարեց: «Դուք հիանալի նվագում եք»: Մի՞թե այդ լոկ հաճոյախոսություն էր, որպիսին շռայլում են տղամարդիկ կանանց առջև: Ո՛չ, ո՛չ, նրա մեջ քծնանքի մի գիծ անգամ չկար, և նա լոկ քաղաքավարության համար չէր կարող հաճոյախոս լինել: Մի՞թե ինքը իր աչքով չտեսավ, թե որքան խոր զգացված էր նա, նրա հայացքի յուրաքանչյուր գիծը, ձայնի յուրաքանչյուր ելևէջը հիացմունք և շնորհակալություն էր արտահայտում:

Էմման նորից մոտեցավ լուսամուտին և այտն առաջվա նման սեղմեց ապակուն:

«Ա՛խ, ի՛նչ լավ է»… անհուն քաղցրությամբ շշնջաց նա և ժպտող աչքերը փակեց:

«Մեկ, երկու», կարծես երազում համարեց նա ժամացույցի ձայնը, որ գալիս էր հարևան սենյակից: Հանկարծ աչքերը բաց արեց, այտը հեռացրեց ապակուց և ականջ դրեց:

«Մի՞թե երկուսն է», շշնջաց նա զարմացած: «Այսպե՛ս արագ անցավ գիշերըիսկ քունս չի գալիսԶարմանալի է…»: Նա փակեց լուսամուտի փեղկերը, գնաց նստեց և շարունակեց ձեռագործը:

Ու մտածմունքները նորից պաշարեցին նրան:

Վերջապես նրա աչքերի կոպերը սկսեցին ծանրանալ, քունն արագությամբ սկսեց աղոտացնել նրա քաղցր մտածմունքները և թմրեցնել նրա մարմինը: Ձեռագործը մի կողմ դրեց, խառնված աչքերը ձգեց առաստաղին և՝ երջանիկ ժպիտը դեմքին՝ հորանջեց, սիրուն կերպով բաց անելով փոքրիկ բերանը:

«Մեկ, երկու, երեք» համարեց նա ժամացույցի զարկերը, վեր կացավ, ճրագը հանգցրեց և գնաց ննջարան:

Իր անկողնում պառկած էր Զաքարը: Այնպես խորն էր քնած, որ եթե թնդանոթ անգամ արձակեին, թվում էր, թե դարձյալ չէր արթնանա: Լամպի լույսն ընկնում էր նրա դեմքին: Էմման ակամա կանգ առավ նրա անկողնակալի առջև և սկսեց զննաբար նայել նրա դեմքին: Տե՛ր աստված, ի՛նչ սարսափելի մեծ է նրա քիթըիսկ պնչերն ի՛նչպես անճոռնի կերպով լայնանում են և անախորժ շչյունով ներս են ծծում օդը... Հապա ճակատը, — ի՛նչ նեղ և անճոռնի է... հապա միրո՞ւքը, բեղե՞րը, հոնքե՞րը, գլխի մազերը ի՛նչպես վատ խճճվել են... հապա դե՞մքը... հապա...

Ինչ-որ վատ զգացմունք գողի նման ներս սողաց Էմմայի սիրտը, և նա ակամա զզվանքով շրջեց դեմքն ամուսնուց: Բայց նույն րոպեին, կարծես բնազդմամբ, հասկանալով, որ այդ լավ չէ, նա ի ներքուստ ինքն իր դեմ կատաղեց և անկոչ զգացմունքը խլացրեց իր մեջ: Արագ մոտեցավ լամպին, լույսը ցածրացրեց, դողդոջուն ձեռքերով հանվեց և պառկեց իր անկողնի մեջ ինչ-որ վատ, շատ վատ նախազգացումով

12

Հետևյալ օրը Էմման, մտաբերելով գիշերվա իր դրությունը, շատ զարմացավ: Առաջին անգամն էր, որ մի օրվա տպավորությունները այդ աստիճան զբաղեցնում էին նրա միտքն ու սիրտը, և նա որքան աշխատում էր որևէ բացատրություն տալ այդ երևույթին, մնում էր տարակուսած: Ոչ մի պատճառ չէր գտնում, որ հավանական լիներ, և այդ պատճառով նրա տարակուսանքն ավելի մեծանում էր: Այն ինչ այդ օրը նա իրեն տխուր էր զգում, առանց որևէ ակնհայտ պատճառի: Նախորդ օրվա անզուսպ ուրախության հետքն անգամ չկար նրա մեջ: Մի ինչ-որ ծանր, դառն զգաց մունք ճնշում էր նրա սիրտը: Նա զգում էր, որ սովորական ախորժակով չի խմում առավոտյան թեյը, սովորական ախորժակով չի ուտում նախաճաշը: Ամուսնու կատակները նրան դուր չէին գալիս: Մինչև անգամ, երբ առա վոտյան հագցնում էր Արամիկին, մայրական այն խանդավառ սիրով չհամբուրեց նրա վիզը, ծնոտի տակ, ինչպես ուրիշ անգամներ: Աղախնի և ծառայի վրա ինչ-որ աննշան պատճառով մի քանի անգամ բարկացավ, որ առաջ չէր պատահում:

Այդ օրն իր և Արամիկի համար մի քանի բաներ ուներ գնելու: Ժամը տասնևմեկն էր: Առավ Արամիկի ձեռքը և դուրս եկավ տանից: Դվորցովայա փողոցի վրա մտավ մի խանութ: Խանութը մի նեղ կամարով բաժանված էր երկու մասի: Առաջին մասում չկային հարկավոր իրերը, նրան հրավիրեցին երկրորդ մասը: Նա արդեն գնել էր, ինչ որ հարկավոր էր, և նայում էր այնտեղ դարսած մանր-մունր առարկաներին, երբ հանկարծ խանութի առաջին մասից լսվեց Զազունյանի ձայնը:

Կարծեմ այստեղ նվիրատվություն է ընդունվում մի չքավոր ընտանիքի օգտին, — ասում էր նա:

Այստեղ է ընդունվում եղավ պատասխանը:

Խնդրեմ նվիրատվության ցուցակը:

Էմման հիշեց, որ երկու օր առաջ լրագրում մի լուր էր տպված, որով հրավիրում էին բարեգործների ուշադրությունը, թե այսինչ խանութում մի շատ չքավոր ընտանիքի օգտին նվիրատվություն է հավաքվում: Նա նայեց դեպի խանութի առաջին մասը, բայց մի քանի գնորդ կանայք և բաժանող կամարի պատը խանգարում էին նրան տեսնելու Զազունյանին: Սակայն մի քանի րոպեից հետո Էմման տեսավ նրան, երբ նա արդեն դուրս էր գնում խանութից: Նա շտապով մի քանի մանր-մունր բաներ էլ գնեց և Արամիկի հետ դուրս եկավ խանութի առաջին մասը:

Չքավոր ընտանիքի օգտին այստե՞ղ է ընդունվում նվիրատվությունը, — հարցրեց նա մի գործակատարի:

Այո, տիկի՛ն:

Էմման հանեց հինգ ռուբլիանոց մի թղթադրամ, անխոս տվեց նրան, և առնելով Արամիկի ձեռքը, ուզում էր դուրս գնալ:

Չստորագրեցիք, տիկին, — քաղաքավարությամբ նկատեց նրան գործակատարը, բաց ցուցակն ու գրիչը առաջարկելու նրան:

Էմման առավ գրիչը, և նախքան ստորագրելը, կարդաց վերջին նվիրատվությունը, որ, ինչպես երևում էր, Զազունյանինն էր. «Ոմն20 ռ.»: Նա շտապով հանեց դարձյալ հինգ ռուբլի, տվեց գործակատարին և ստորագրեց. «Մի տիկին10 ռուբլի»: Այնուհետև առանց նայելու գործակատարին, առանց նայելու իր շուրջը, կարծես ամաչելով, վերցրեց գնած իրերն, առավ Արամիկի ձեռքը և շտապ դուրս գնաց խանութից: Ինչ-որ ախորժելի հուզմունք պաշարել էր նրան, մտքերը խառնվում էին նրա գլխում, և նա զգում էր, թե դեմքն այրվում է շառագունով:

Դեռևս վաղ էր, նա չուզեց այդպես շուտ տուն դառնալ և, Արամիկի ձեռքից բռնած, անցավ դեպի պալատ: Պալատի առջև՝ ծառուղիի ծայրին, տեսավ Զազունյանին, որը մի կողմ քաշված՝ խոսում էր մի պարոնի հետ: Էմման մոտեցավ նրան և պետք է անցներ նրա մոտով, առանց հույս ունենալու, թե նա կտեսնի իրեն, բայց նույն րոպեին Զազունյանն, երևի վերջացնելով խոսակցությունը, սեղմեց խոսակցի ձեռքը և ուզում էր անցնել միևնույն ուղղությամբ, ինչ որ Էմման:

Նա տեսավ Էմմային և իսկույն մոտեցավ նրան:

Բարև ձեզ, տիկին, ներեցեք, քիչ էր մնում անցնեի առանց ձեզ նկատելու, — ասաց նա ջերմորեն սեղմելով նրա ձեռքը:

Դուք այնպես տաք խոսակցության մեջ եք այն պարոնի հետ, — ասաց Էմման ժպտալով:

Այո, — պատասխանեց Զազունյանը, կսմթելով Արամիկի թշիկըԻմ փաստաբանն էր, որին հանձնել եմ գործս:

Հապա ասում էիք, թե գործն այնքան էլ դժվարություններ չի ներկայացնում ձեզ համար:

Ինչ ուզում է լինի, տիկին, դատարանի հետ փոքր ի շատե խճճված գործ ունեցողը առանց փաստաբանի ոչինչ չի կարող անել: Ես տեղեկացա, որ հակառակորդներս ուզում են գործն ավելի խառնել, այնպես որ վախենում եմ, թե մի՛ գուցե պատրաստություններ չտեսած տանուլ տամ գործը:

Եվ նա համառոտ, ընդհանուր գծերով սկսեց պատմել գործի էությունը:

Դանդաղ քայլերով նրանք առաջ էին գնում: Էմման զգում էր, թե ինչպես կամաց-կամաց անցնում էր իր անորոշ տխրությունը, և երեկվա նույնպես անորոշ ուրախությունը նորից պաշարում է իրեն: Զազունյանի պատմելու ժամանակ նա երբեմն ակամա զննողական հայացքով դիտում էր նրան և ամեն անգամ ներքուստ մի տեսակ գոհունակություն էր զգում, տեսնելով նրա պատկառելի և գրավիչ արտաքինը, որով տղամարդկանցից շատ քչերն են լինում օժտված: Նա մինչև անգամ մի տեսակ հպարտություն էր զգում, երբ տեսնում էր, որ անցուդարձ անող համարյա բոլոր կանայք մի առանձին հայացքով էին նայում Զազունյանին, իսկ նրա հետ և իրեն, և այդ հպարտությունն ավելանում էր ավելի այն ժամանակ, երբ տեսնում էր, որ Զազունյանը, բացի իրենից, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, իսկ շատերին բոլորովին չի էլ նայում: Եվ իրավ, Զազունյանն անցնելով էմմայի հետ, այնպիսի սիրով և իրեն հատուկ զգաստ քաղաքավարությամբ էր խոսում նրա հետ, որ կարծես այն ահագին մայթի վրա, բացի նրանից, ոչ ոքի և ոչինչ չէր տեսնում: Երևում էր, որ սովորականից ավելի լավ տրամադրության մեջ էր: Խոսակցությանն երբեմն այնպիսի սրամիտ և թեթև կատակի ձև էր տալիս, որ Էմման ակամա ծիծաղում էր: Բնավորության այդ մի գիծը թեև նա առաջ էլ նկատում էր Զազունյանի մեջ, մանավանդ Զաքարի հետ ունեցած խոսակցության ժամանակ, բայց այժմ այդ գիծը նրան ավելի էր աչքի ընկնում և ավելի էր գրավում նրան: Թեև Զաքարը ոտից գլուխ կատակ էր, բայց նա երբեմն այնպիսի անհամ կատակներ գիտեր անել, որ լսողը ծիծաղում էր նրա համար միայն, որ այդ կատակները անհամ էին, այնինչ Զազունյանի կատակները լինում էին այնքան սրամիտ, երբեմն հեգնական, թեթև, թռուցիկ և անսպասելի, գլխավորըանսպասելի, որ լսողն ուզեր-չուզեր պետք է անպատճառ հիացման ժպիտ արտահայտեր: Եվ այդ կատակները ոչ թե խանգարում, այլ ընդհակառակն, մինչև անգամ մի տեսակ ներդաշնակություն էին տալիս նրա լուրջ և զգաստ բնավորությանը: Հասնելով «Քաղաքային ժողովարանին»՝ նրանք դարձան և նույն դանդաղ քայլերով սկսեցին ետ դառնալ:

«Ազնվականների ժողովարանի» առջև, լայն մայթի վրա Զազունյանը հանկարծ տեսավ այն զինվորականին, որին մի քանի օր առաջ գիշերը հանդիպեց հյուրանոցի սանդուղքի վրա: Զինվորականը գալիս էր դիմացից մի գեղեցիկ մանկահասակ կնոջ հետ, բայց ոչ այն, որի հետ այն գիշերը տեսավ նրան Զազունյանը: Ինչպես երևում էր, նա դեռ հեռվից էր նկատել Զազունյանին: Այնինչ Զազունյանը նրան տեսավ այն ժամանակ, երբ նա իրեն ուղեկցող կնոջ հետ նրանից մի քանի քայլ հեռավորությամբ պետք է անցներ նրա մոտով: Զինվորականը, նայելով նրան՝ ձեռքը մոտեցրեց գլխարկին իբրև բարևի նշան, բայց նույն վայրկյանին Զազունյանն արագ շրջեց դեմքը առանց պատասխանելու նրա բարևին, ցույց տալով, թե չտեսավ նրան:

Էմման տեսավ այդ և ետ նայեց զինվորականի կողմը:

Այն զինվորականը, կարծեմ, ձեզ բարևեց, պ. Զազունյան, — ասաց նա:

Ո՞ր զինվորականը, — շփոթված հարցրեց Զագունյանը և, փոխանակ ետ նայելու, դիտմամբ նայեց այս ու այն կողմը:

Ահա նա, որ գնում է այն կնոջ հետ:

Զազունյանը, ըստ երևույթին ցույց տալու համար միայն, որ ուզում էր տեսնել, թե այդ ինչ զինվորական էր իրեն բարևողը, ետ նայեց և նույն րոպեին էլ դեմքը դարձրեց,

Հա՛, — ասաց նա հանգիստ ձայնով, — Չտեսա:

Այնինչ Էմման նկատեց, որ նա տեսավ զինվորականին, բայց դիտմամբ չպատասխանեց նրա բարևին: Ակամա հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին և նկատեց, ոբ շփոթված և մռայլված է: Եվ մի քանի րոպե առաջ այնքան պարզ և հասկանալի այդ մարդն այժմ իր շփոթված և մռայլ դեմքով այն աստիճանի մութ և խորհրդավոր էր երևում նրան, որ թվում էր, թե ոչ մի կերպ չի կարելի թափանցել նրա հոգին՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ: Սակայն Զազունյանի մեջ կատարված այդ փոփոխությունն երկար չտևեց, կարծես, հանկարծ ուշքի գալով, որ իրեն ակամա կորցրել էր, նա բռնի կերպով տիրապետեց իրեն և վերստացավ իր առաջվա տրամադրությունը: Էմման դարձյալ ակամա զննողաբար նայեց նրա դեմքին և զարմանքով տեսավ, որ նրա հանկարծակի փոփոխության հետքն անգամ չկա. նույն խելացի, նույն հանդարտ ու մերթընդմերթ նույն քաղցրությամբ ժպտող դեմքը, որ այնքան ծանոթ և ակամա գրավում էր նրան: Որքան Էմման մոտ էր ծանոթանում, խորը դիտում Զազունյանին, այնքան այդ տարօրինակ մարդը նրան զարմանալի և անհասկանալի էր թվում: Ոչ մի կերպ չէր կարողանում նրա մասին մի ճիշտ, ամփոփ գաղափար կազմել, որպեսզի նրա հետ ունեցած իր հարաբերությանը համարձակորեն տար այն եղանակը, որին, թեև տակավին անորոշ, բայց ձգտում էր նրա սիրտը: Այդ մարդու մեջ հենց սկզբից նա շատ մութ կերպով տեսնում էր մի բան, ի՞նչինքն էլ չգիտերոր ակամա ստիպում էր նրան փոքր ինչ զսպված մնալ և մինչև անգամ նայել նրա վրա... կասկածանքով: Եվ արդյոք լա՞վ էր այդ մի բանը, թե վատ, — հենց այդ էր, որ նա չգիտեր և, թվում էր, թե երբեք էլ չի գիտնալ:

Բաժանվելիս Զազունյանն ասաց.

Այս գիշեր «Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտին կոնցերտ են տալիս, դուք այնտե՞ղ կլինեք:

Չգիտեմ, ճշմարիտ, — պատասխանեց Էմման: — Եթե Զաքարը տոմսակ լինի վերցրած...

Ես չեմ կարծում, թե նա դեպի բարեգործական նպատակն անտարբեր գտնվի, — ասաց ժպտալով Զազունյանը:

Էմման հիշեց խանութի անցքն և կարմրեց:

Ես էլ չեմ կարծում, — պատասխանեց նա նույնպես ժպտալով:

Զազունյանը սեղմեց նրա ձեռքը, նորից կսմթեց Արամիկի թշիկն ու հեռացավ:

Էմման մի քանի անգամ ետ նայեց նրան, ինքն էլ չիմանալով ինչու, և Արամիկի հետ դիմեց դեպի տուն:

13

Զաքար, այսօրվա կոնցերտի համար տոմսակ վերցրե՞լ ես:

— «Հայուհյաց Բարեգործական Ընկերության» օգտի՞ն: Ի՞նչպես չէ. երեք հատ. մեկը քեզ համար, մյուսն ինձ, երրորդը Զազունյանի համար: Ես գիտեմ, որ տոմսակ վերցնելու համար նա ժամանակ չի ունենա:

Դու ի՞նչ գիտես, գուցե նա քեզանից առաջ է վերցրել: Ես այսօր պատահեցի նրան և առաջին անգամ նա հիշեցրեց ինձ այդ բանը:

Հաա՞, պատահեցի՞ր: Դե, ինչ անենք, թող վերցրած լինի, թող մի տոմսակ ավել լինինք վերցրած, նպատակը բարեգործական է, — իբրև թե Արամիկին էլ հետներս ենք տարել: Տոմսակը վերցնելուց հետո անցա Զազունյանի կողմը, բայց նրան չգտա հյուրանոցում: Մտադիր եմ երեկոյան էլ անցնելայն կողմը գործ ունեմայդ ժամանակ նա անպատճառ տանը կլինի, կվերցնեմ հետս, կգնանք, թեյ կխմենք, իսկ հետո միասին կգնանք թատրոն: Ի՞նչպես է, հավանո՞ւմ ես ծրագիրս:

Էմման նայեց նրա բարի, ժպտուն աչքերին և ծիծաղեց:

Հավանում եմ, — ասաց նա: Նա ուզեց պատմել խանութի անցքը, բայց ամոթի նման ինչ-որ մի զգացմունք ստիպեց նրան լռել:

Ճաշից հետո՝ իր սովորության համեմատ՝ կուշտ քնելով, Զաքարն երեկոյան դուրս գնաց իր «ծրագրի» համեմատ գործելու:

էմման սպասում էր, որ նա անպատճառ կգա Զազունյանի հետ, բայց նա մենակ վերադարձավ:

Ես հուսահատված եմ, Էմմա, — մտնելուն պես ասաց նա: — Այստեղից ուղղակի գնացի Զազունյանի մոտ, տանը չգտա: Հետո գնացի գործիս և վերադառնալիս դարձյալ անցա նրա կողմը դարձյալ այնտեղ չէր: Սպասեցի մոտ տասն րոպեչեկավ: Ճարահատյալ, ահա, գալիս եմ մենակ: Ի՞նչ արած, սիրելիս, առանց նրան պետք է գնանք: Եթե նա գնալու է, ինքը կգա, բայց ես ուզում էի, որ միասին գնայինք և նստեինք:

Կինը սառնությամբ, կարծես վիրավորված, նայեց նրան և ոչինչ չպատասխանեց: Մինչև Զաքարի գալը, երբ նա սպասում էր, որ Զազունյանը կգա նրա հետ, մեծ ցանկություն ուներ կոնցերտ գնալու, բայց այժմ այդ ցանկությունը մի ակնթարթում անցավ:

Մինչև թեյ խմելը Էմման դեռ հագնված չէր: Նա այնպիսի դանդաղությամբ էր խմում թեյը, որ կարծես բոլորովին մտադիր չէր այդ գիշեր տանից դուրս գնալու: Զաքարը, որ թեյը առաջ դրած՝ զբաղված էր այդ օրվա լրագրերի ընթերցանությամբ, հանկարծ հանեց ժամացույցը և նայեց:

Պահ, ժամը շուտով ութը կլինի, — բացականչեց նա: — էմմա, ի՞նչ ես անում, գնա հագնվիր, է՛: Դեռ դու թեյդ էլ չես վերջացրել:

Ի՞նչ ես շտապում, փոքր-ինչ ուշ գնանք, ի՞նչ կա որ, — պատասխանեց Էմման:

Մի վախիր, առանց այն էլ ուշ կգնանք, կես ժամ է մնում: Մինչև կհագնվես, մինչև կգնանք, արդեն բավական կուշանանք: Շտապի՛ր, շտապի՛ր:

Էմման, չնայելով ամուսնու խոսքերին, շարունակեց դանդաղությամբ խմել թեյը: Սակայն այդ բաժակը շուտով վերջացրեց, կամաց վեր կացավ, դուրս գնաց հագնվելու: Հայելու առջև կանգնած՝ հագնվում էր դանդաղությամբ, կարծես նրա համար միևնույն էր, որ կորսետը լավ չսեղմեց, որից և իրանն ու կուրծքը լավ ձև չստացան, նույնպես ուշադրություն չդարձրեց և հագուստի մի քանի մանր-մունր բաների վրա, որոնք, չնայելով իրենց աննշան լինելուն, ուրիշ անգամներ կատարելապես պսակում էին նրա գեղեցիկ արտաքինը: Հագուստը վերջացնելով, ծածկեց գլխին բամբակի գունդ-գունդ գործած սպիտակ շալը, վերցրեց ձեռ նոցներր և ուզում էր դուրս գնալ, երբ հանկարծ նրան թվաց, թե Զազունյանը կոնցերտում կլինի: Եվ իսկապես, եթե նա կոնցերտ չպետք է գնար, էլ ինչո՞ւ էր այդ օրը հարցնում Էմմային, թե նրանք պե՞տք է գնան: Շալը շտապով վերցրեց գլխից ձեռնոցները ետ շպրտեց աթոռի վրա և այս անգամ սկսեց զննողաբար նայել իր հագուստին, դեմքին, մազերի սանրվածքին: Դեմքը ժպտում էր և ասում` ինձ կատարելապես ոչինչ հարկավոր չէ, բայց հագուստի և մազերի սանրվածքի պակասություններն իսկույն աչքի ընկան: Ուղղեց ինչ որ հարկավոր էր, մի անգամ շուռումուռ եկավ հայելու առջև, վերցրեց շալն և այս անգամ ծածկելու վրա էր, երբ հարևան սենյակից լսվեց Զաքարի ոտների ձայնը, և նա ներս մտավ շտապով:

Էմմա, ի՞նչ ես անում, է՛, չվերջացրի՞ր, — ասաց նա:

Վերջացրի, վերջացրի, — պատասխանեց ժպտալով Էմման:

Դայակին Արամիկի վերաբերմամբ մի քանի պատվերներ տալով, նրանք դուրս գնացին, նստեցին մի կառք և դիմեցին դեպի «Քաղաքային թատրոն»:

Կոնցերտի նպատակը բարեգործական լինելով, թատրոնը լի էր հանդիսականներով, որոնց թվում, բացի հայերից կային և բավականաչափ օտարազգիներ, որովհետև կոնցերտին մասնակցողների մեծ մասը օպերայի երգիչերգչուհիներ էին: Կոնցերտի առաջին բաժինն արդեն սկսվել էր, երբ Զաքարն ու Էմման ներս մտան դահլիճը: Բարեբախտաբար նրանց համարներն աթոռների շարքի ծայրումն էին, և նրանք, առանց ուրիշներին անհանգստություն պատճառելու, նստեցին իրենց տեղերը: Էմման բոլորովին ուշադրություն չդարձրեց, թե բեմի վրա ով է երգողը և ինչ են երգում, այլ նստելուն պես աչքերով սկսեց որոնել Զազունյանին: Նա դիտեց առջևի և ետևի շարքերը սկզբից մինչև վերջը, բայց Զազունյանին չտեսավ: Նայեց և օթյակներին, կարծելով, թե գուցե այնտեղ է նստած, բայց այնտեղ էլ Զազունյան չկար: Համոզվելով, որ Զազունյանը կամ դեռ չի եկել, կամ բոլորովին չի գա, նա աչքերն ուզում էր դարձնել դեպի բեմը, երբ հանկարծ օթյակներից մեկի մեջ տեսավ այն զինվորականին, որ այդ օրը փողոցում Զազունյանին բարև տվեց, բայց որին Զազունյանը չտեսնելուն տվեց: Զինվորականը նստած էր երկու գեղեցիկ կանանց հետ և, ըստ երևույթին, մեծ ուշադրությամբ նայում էր բեմին: Էմման մտաբերեց Զազունյանի այդ օրվա շփոթված ու մռայլ դեմքը և այդ զինվորականի ներկայությունը նրան շատ անախորժ թվաց, թեև բոլորովին չգիտեր, թե ով էր նա: Այդ օրվա հանդիպումից այսքանս միայն եզրակացրեց, որ Զազունյանի և այդ զինվորականի միջև ինչ-որ կա, որը շատ անախորժ է Զազո՛ւնյանի համար: Այժմ կարծեց, թե գուցե Զազունյանն եկել էր, բայց տեսնելով, որ զինվորականն այստեղ է, հեռացել էր, որպեսզի չտեսնի կամ չհանդիպի նրան: նա սաստիկ տխրեց: Մինչև անգամ ատելության նման մի զգացմունք շարժվեց նրա սրտում դեպի այդ անծանոթ զինվորականը, նա չիմացավ, թե ինչ երգեցին և ինչպես վերջացավ կոնցերտի առաջին բաժինը: Վարագույրն իջավ, շուրջն սկսեցին ծափահարել և «բռավո՛», «բի՛ս» գոռալ:

Ի՞նչ ես ծափահարում, — դժգոհությամբ ասաց նա ամուսնուն, որը համարյա ամենից եռանդով էր ծափահարում:

Ի՛նչպես չծափահարեմ, քանի որ ռուս երգչուհին հայերեն «Ոհ, ինչ անուշ» երգեց հիացմունքով պատասխանեց Զաքարը և շարունակեց ծափահարել:

Վարագույրը բարձրացավ, երգչուհին դուրս եկավ, ժպտալով գլուխ տվեց և, չնայելով ամեն կողմից լսվող «բիս»-երին, նորից, հեռացավ: Վարագույրը նորից իջավ:

Ի՞նչ, չհավանեցի՞ր, — հարցրեց Զաքարը կնոջը, երբ դահլիճը խաղաղեց:

Ի՞նչ կար հավանելու, ես չեմ հասկանում պատասխանեց կինը:

Ի՞նչպես թե, ինչ կար հավանելու, — բացականչեց Զաքարը, — Հրաշալի բան էր, ի՞նչ ես ասում, հրաշալի բան«Вох инч ануш»:

Եվ նա իր սովորական չափազանցություններով սկսեց, բացատրել, թե ինչու և ինչով էր հթաշալի երգչուհու հայերեն երգած «Вох инч ануш» երգը:

Դուրս չե՞ս գալիս, — հարցրեց, նա կնոջը:

Ոչ, նոր չեկա՞նք, — պատասխանեց, կինը:

Լավ:

Զաքարը վեր կացավ և մենակ դուրս

Էմման մնաց նստած: Անուշադիր և տխուր հաքացքով նայեց իր շուրջը մեծ մասամբ դատարկ աթոռներին, որովհետև, հանդիսականների մեծ մասը դուրս էր գնացել դահլիճից, նայեց և ծանոթ օթյակին, որպեսզի լավ տեսնի, թե այն ինչ մարդ է, որից Զազունյանն խորշում է. բայց օթյակը դատարկ էր. զինվորականը երկու կանանց հետ դուրս էր գնացել: Էմման սկսեց մտածել թե ինչ կապ կարող էր լինել զինվորականի և Զազունյանի միջև, արդյոք ի՛նչ տարաձայնություն, անախորժություն էր պատահել նրանց միչև, որի պատճառով Զազանյանն այնպես խոսում էր նրանից և մինչև անգամ չէր ուզում պատասխանել նրա բարևին: Գուցե մեղավորը Զազունյանն էր, որ այդպես խորշում էր այդ զինվորականից, ապա թե ոչ ինչո՞ւ պետք է խորշեր նրանից, եթե մեղավորը նա լիներ: Ինչո՞ւ չէ. կարող է մեղավորը և այդ զինվորականը լինել. գուցե այդ մարդը Զազունյանին այնպիսի ծանր վիրավորանք է հասցրել, որ նա ոչ մի կերպ չի ուզում նրան ներել: Էմման մտաբերեց Զազունյանի շփոթված ու մռայլ դեմք և տեսավ, որ դա մեղավոր մարդու դեմք չէր, այլ սաստիկ վիրավորված, սաստիկ անպատված մարդու դեմք, որ իրեն հասցրած վիրավորանքի և անպատվության հետ ոչ մի կերպ չի ուզում հաշտվել:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last