Նար-Դոս՝   Զազունյան

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Տեսնելով, որ մտքերն ու ենթադրություններն իրեն շատ հեռու են տանում և ոչ մի բավարար եզրակացության չեն հասցնում, քանի որ ինքը՝ փուստն էլ տակավին ենթադրություն է, նա այլևս ոչինչ չուզեց մտածել, վեր կ՛ացավ և դուրս գնաց դահլիճից: Բայց ո՛րքան եղավ նրա զարմանքը, երբ տեսավ իր ամուսնուն մի կողմը քաշված՝ այն զինվորականի հետ բարեկամաբար խոսելիս Էմման երբեք չէր կարող երևակայել, թե Զաքարը նրա հետ որևէ հարաբերություն կարող է ունենալ, քանի որ Զաքարը ոչինչ չէր ասել նրան, թե մի այդպիսի ծանոթ կամ բարեկամ ունի, այնինչ նրանց խոսակցության ձևը ցույց էր տալիս, որ նրանք նոր ծանոթներ չէին, այլ՝ հին բարեկամներ: նա ուզում էր և՛ մոտենալ նրանց, և՛ չէ, որովհետև զինվորականը, ներկայանալով տակավին իբրև մի խորհրդավոր անձնավորություն, և՛ հետաքրքրում էր նրան, և՛ ատելության զգացմունք ներշնչում, թեև ինքն էլ պարզ չգիտեր, թե ինչ բանի համար: Սակայն նա մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր: Ավելի լավ համարեց սպասել, մինչև որ Զաքարը կվերջացնի խոսակցությունը և կմոտենա իրեն, այնուհետև նրանից տեղեկություն կհարցնի այդ զինվորականի մասին: Զաքարը զինվորակ անի հետ խոսում էր մեջքը կնոջ կողմն արած, ապա թե ոչ՝ Էմման կարծում էր, որ եթե նա տեսներ իրեն մենակ կանգնած, իսկույն զինվորականին կբերեր և կծանոթացներ իր հետ: Այնինչ զինվորականը կանգնած էր դեմքը նրա կողմն արած և, չնայելով, որ խոսում էր Զաքարի հետ, բայց աչքերը շարունակ նրա կողմն ուներ: Էմմային թվաց, թե զինվորականը ճանաչում է իրեն, որովհետև այդ օրը տեսավ իրեն Զազունյանի հետ զբոսնելիս: Բայց նրա հայացքն այնպես սուր ու համառ էր, որ Էմման ակամա շփոթվեց և աչքերը շրջեց ուրիշ կողմը, զինվորականը նրան շատ լիրբ և ավելի ատելի թվաց: Էմման այժմ սկսեց դիտել առջևը զբոսնող հանդիսականներին և նրա աչքերն ընկան այն երկու կանանց վրա, որոնց հետ նստած էր օթյակում զինվորականը: Նա զննողաբար նայեց նրանց: Նրանք երկուսն էլ ռուս էին երևում, միջին տարիքով: Բայց իրենց տարիքից արհեստական միջոցներով երիտասարդացած: Նրանք հեռվից թեև գեղեցիկ էին երեվում, բայց մոտիկից փորձառու կնոջ աչքն իսկույն տեսնում էր, թե արհեստականն երբեմն ինչպիսի հմտությամբ կարողանում է մրցել բնականի հետ:

«Ո՞վքեր են արդյոք», մտածում էր Էմման, աչքերը չհեռացնելով նրանցից: Նրա բարեկամնե՞րն են, թե մեկը կինն է, մյուսըքույրը կամ թե…»:

Էմման զզվանքով դեմքը շրջեց նրանցից, դարձավ և մտավ դահլիճ:

14

Նա հույսը բոլորովին կտրեց, թե այդ գիշեր թատրոնում կտեսնի Զազունյանին: Նա այլևս չէր կասկածում, որ Զազունյանը կամ բոլորովին չպետք է գար թատրոն, կամ թե` եկել էր և, տեսնելով, որ զինվորականն այնտեղ է, հեռացել էր անմիջապես:

Նա այլևս չէր ուզում մնալ, ուզում էր դուրս գնալ և ասել ամուսնուն, թե գլուխը ցավում է, տուն գնան, բայց ավելի լավ համարեց լսել կոնցերտի երկրորդ բաժինն էլ և հետո տուն գնալ, մանավանդ որ արդեն զանգը տվին և հանդիսականներն սկսեցին ներս գալ: Ներս մտավ և Զաքարը:

Հը, մենակ չձանձրացա՞ր, — հարցրեց նա, նստելով կնոջ կողքին:

Այն ո՞ւմ հետ էիր խոսում, — պատասխանի տեղ հարցրեց էմման.

Ի՞նչ, դու տեսա՞ր:

Այո, դուրս եկա: Ինչ-որ զինվորականի հետ մի կողմը քաշված տաք-տաք խոսում էիր: Ո՞վ էր:

Նա իմ և Զազունյանի ուսանողական ընկերն էր, որ ուսումը մեզ հետ ավարտելով, մտավ զինվորական ծառայության մեջ: Մինչև հիմա Թեոդոսիայումն էր լինում, իսկ վերջին ժամանակներս փոխ-գնդապետության աստիճան են տվել և տեղափոխել այստեղ: Ազգը Զագորսկի է: Ահա նա օթյակում:

Զաքարն աչքերով ցույց տվեց օթյակը, ուր հենց նոր մտավ Զագորսկին երկու կանանց հետ:

Անպիտանը շատ հունարով տղա էր, — շարունակեց Զաքարը: — Եվ տեսնո՞ւմ ես, այդքան երիտասարդ հասակումնա հազիվ քառասուն տարեկան լինիփոխ-գնդապետության աստիճան է ստացել: Ասում էր, որ Պլևնայի ճակատամարտին մասնակցել է և բավական հաջող կերպով, ձեռքին էլ վերք է ստացել, ցույց տվեց: Պատմում էր իր...

Ո՞վքեր են մոտը նստած կանայք, — հարցրեց Էմման:

Չգիտեմ, միայն գիտեմ, որ նա ոչ կին ունի և ոչ` ազգական: է՛հ, զինվորական է, էլի՛: Եթե ինձ հարցնես, զինվո՛րականներին այդպես ավելի հարմար է:

Որ չամուսնանան և մեկի տեղ երկու անբարոյական կանանց հե՞տ ման գան, — նկատեց Էմման:

Զաքարը ծիծաղեց:

Ինչո՞ւ անպատճառ անբարոյական, — ասաց նա: — Ինչպես տեսնում եմ...

Նա չվերջացրեց և գլուխն արագ բարձրացրեց. Նրա կողքին աթոռի մոտ կանգնած էր Զազունյանը:

Պա՛հ, — կանչեց նա. — այս ո՞րտեղիցերկնքի՞ց իջար:

Էմման նույնպես արագ բարձրացրեց գլուխը և նայեց Զազունյանին:

Ոչ, այս մի քանի աստիճանը իջա, — պատասխանեց ժպտալով Զազունյանը, ցույց տալով դահլիճի մուտքը:

Նա սեղմեց դեռ Էմմայի, հետո Զաքարի ձեռքը:

Այ քեզ սյուրպրիզ, — կանչեց ուրախացած Զաքարը: — Ախր ես քեզ համար տոմսակ էի վերցրել: Այսօր երկու անգամ եկա հյուրանոց` սպասեցի քեզ, բայց դու չկայիր:

Շնորհակալ եմ, որ ինձ չես մոռացել, բայց քեզանից առաջ ես արդեն ինձ համար տոմսակ էի վերցրել:

Բայց ո՞րտեղ էիր, ինչո՞ւ այսքան ուշացար, տեղդ ո՞րտեղ է: Եկ իմ տեղս նստիր, ես կկանգնեմ: Հա՛, այս աթոռն էլ խո մերն է. մի կարգումն առա, որ միասին նստենք: Եկ նստիր:

Չէ, միևնույն է, նստիր, շատ նստելով հոգնել եմ: Ես տեղս կգտնեմ, երկրորդ կարգումն է կարծեմ:

Հը՞, ինչո՞ւ այսքան ուշացար:

Մորաքրոջս տանն էի: Այստեղ մի մորքուր ունեմ, մի շատ բարի ծեր կին է. ապրում է փեսայի և աղջկա տանը: Ես բոլորովին չգիտեի, թե նա այստեղ է ապրում, բայց այսօր անսպասելի կերպով պատահեցի նրա փեսային և այդ բանը նրանից միայն իմացա: Փեսան տարավ իրենց տուն. խեղճ կինը շատ ուրախացավ: Խեղճը կարծելիս է եղել, թե ես արդեն վաղուց մեռել եմ: Մինչև հիմա էլ չէր թողնում:

Այդպես, հը՞, — ասաց Զաքարը: — Իհարկե, քեզ պես թափառական քրոջ որդի ունի, ինչո՞ւ պետք է քեզնից ճիշտ տեղեկություններ չունենար: Բայց ես բոլորովին չէի կարծում, թե դու այս գիշեր կգաս կոնցերտ:

Ինչո՞ւ:

Ես ի՞նչ գիտեմ: Որովհետև ուշացար: Հա՛, — հանկարծ կանչեց Զաքարը, — Զագորսկին այստեղ է: Տեսնո՞ւմ ես օթյակում, երկու կանանց հետ:

Էմման աչքի տակով նայեց Զազունյանին, տեսնելու համար, թե Զագորսկու ներկայությունը նո՞ւյն ազդեցությունը կունենա նրա վրա, ինչ որ այդ օրը, երբ պատահեցին նրան փողոցում, բայց Զազունյանը, ըստ երևույթին, գիտեր, որ Զագորսկին այնտեղ էր, և գիտեր, թե որտեղ է նստած, որովհետև նրա դեմքը մնաց նույնը, ինչ որ առաջ և նա բոլորովին չնայեց այն օթյակին, որ ցույց տվեց Զաքարը:

Հա, — ասաց նա անտարբերությամբ, — գիտեմ...

Տեսնո՞ւմ ես, անպիտանը փոխ-գնդապետության աստիճան է ստացել, և պաշտոնով տեղափոխել են այստեղ, — շարունակեց Զաքարը: — Այսօր պատահել է քեզ պրոսպեկտի վրա, բայց դու չես տեսել նրան:

Ճշմարիտ է: Ես տիկնոջ հետ էի: Նա ինձ բարևել է, բայց ես չեմ նկատել: Տիկինն ասաց ինձ այդ:

Չնայելով, որ Թեոդոսիայում ձեր մեջ ինչ-որ անախորժություն է պատահել, չասաց, թե ինչ անախորժություն. մի ժամանակ, երևի, կիմանաս, ասում է, և դու, ինչպես երևում է, վիրավորված ես նրանից, բայց և այնպես պետք է ասած, որ նա շատ լավ մարդ է. գոնե ես սիրում եմ նրա բաց բնավորությունը և խիզախությունը: Էմմա, ուզո՞ւմ ես քեզ ծանոթացնեմ նրա հետ, — դարձավ նա կնոջը:

Էմման մի սուր և սառը հայացք նետեց նրա վրա և ուզում էր ասել, — մի մարդ, որ անբարոյական կանանց հետ է ման գալիս, ես չեմ ուզում նրա հետ ծանոթանալ, բայց մեկ էլ մտածեց և ասաց.

Չեմ հասկանում, այդ ի՛նչ սովորություն է, որ առաջին պատահած մարդու հետ իսկույն ուզում ես ծանոթացնել ինձ:

Բայց հանկարծ մտածելով, որ Զազունյանը կարող է այդ և իր հաշվին առնել, իսկույն քնքշությամբ և բարեկամաբար նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր, — ո՛ր ո՛չ պ. Զազունյան, դուք բոլորովին բացառություն եք կազմում: Բայց Զազունյանը չտեսավ այդ հայացքը, նա մռայլ մտախոհությամբ նայում էր դիրիժորին, որ հենց նոր մտել և նստել էր իր տեղը:

Զարմանալի է, — պատասխանեց Զաքարը կնոջը, — հե խո չեմ ստիպում, որ ծանոթանաս, այլ ասում եմ, թե ուզում ես` կծանոթացնեմ, թե չէ՝ քո կամքն է, պրծավ գնաց: Հա՛, Արսեն, — դարձավ նա Զազունյանին, — ես այն էի ուզում հարցնել, թե այդ ի՞նչ անախորժություն է պատահել ձեր մեջ:

Լսվեց երրորդ զանգի ձայնը. վարագույրը պետք է բարձրանար: Դահլիճում լռություն տիրեց:

Ուրիշ անգամ, ուրիշ անգամ, — մեքենայաբար պատասխանեց Զազունյանը և գնաց իր տեղը նստելու երկրորդ կարգում:

Վարագույրը բարձրացավ: Կոնցերտի երկրորդ բաժինն սկսվեց:

Զաքարը՝ վարագույրը բարձրանալուն պես՝ Զազունյանին էլ մոռացավ, Զագորսկուն էլ, կնոջն էլ և սկսեց ուշադրությամբ հետևել կոնցերտի ընթացքին: Այնինչ Էմմայի բոլոր ուշքն ու միտքը Զազունյանի կողմն էր: Այժմ նրան ավելի էր սկսել տանջել այն միտքը, թե ինչ անախորժության էր պատահել նրա և Զագորսկու միջև:

Կոնցերտի այդ բաժինն էլ Էմմայի համար այնպես վերջացավ, ինչպես առաջինը, նա ոչինչ չիմացավ, թե ովքեր և ինչ երգեցին: Նա այն ժամանակ միայն ուշքի եկավ, երբ սկսեցին ծափահարել:

Զաքարը վեր կացավ և գնաց Զազունյանի մոտ, որը դուրս էր գալիս աթոռների շարքից:

Արսեն, — ասաց նա, — եկ գնանք՝ հաշտեցնեմ քեզ Զագորսկու հետ. խռով մնալը լավ չէ:

Զազունյանը հոնքերը կիտեց:

Զաքար, — ասաց նա խուլ ձայնով, — ես քեզ հատուկ պետք է խնդրեմ, որ ինձ մոտ այլևս չտաս նրա անունը...

Ինչպես կամենում ես, ինչպես կամենում ես, — շտապեց վրա բերել Զաքարը: — Բայց ճշմարիտն ասած, ինձ շատ է հետաքրքրում...

Խնդրում եմ, թողնենք այդ առայժմ և ինձնից ոչինչ մի հարցնիր, — կտրեց նրա խոսքը Զազունյանը և գնաց դեպի էմման:

Դուրս չե՞ք գալիս, — հարցրեց Զաքարը:

Դուրս չե՞ք գնում, տիկին, — իր կողմից հարցրեց Զազունյանը Էմմային:

Էմման նայեց նրան և տեսավ, որ նա մտադիր չէ դուրս գալու:

Ո՛չ, — ասաց նա:

Իսկ դո՞ւ, Արսեն:

Ո՛չ, — պատասխանեց Զազունյանը:

«Չի ուզում Զագորսկուն հանդիպել» — մտածեց Զաքարը:

Իսկ ես գնում եմ, — ասաց նա և դուրս գնաց:

Էմման հավաքեց շրջազգեստի ծայրերը, որոնք ընկել էին Զաքարի աթոռի վրա և փոքր-ինչ այն կողմը քաշվեց, որպեսզի Զազունյանը նստի:

Զազունյանը նստեց կողքի աթոռի ծայրին, որքան կարելի էր Էմմայից հեռու:

Ի՞նչպես հավանեցիք այս բաժինը, տիկին, — հարցրեց նա:

Չգիտեմ, ճշմարիտ, — պատասխանեց նա այդ գիշեր ես բոլորովին տրամադիր չեմ լսելու և համարյա ուշադրություն չէի դարձնում, թե ինչպես են երգում:

Եվ իրավ, ուրիշ անգամներ Զազունյանի ներկայության ժամանակ նա ուրախ էր լինում, բայց այժմ մի անորոշ տխրություն պաշարել էր նրան:

Դուք թատրոն մի՞շտ հաճախում եք, — հարցրեք դարձյալ Զազունյանը, որպեսզի խոսակցությունն առաջ տանի:

Թատրոն հաճախում ենք այն ժամանակ, երբ նոր, անծանոթ օպերա են ներկայացնում, — պատասխանեց Էմման, իսկ հայոց ներկայացումներին հաճախում ենք միշտ:

Խոսքն ընկնելով հայոց թատրոնի մասին և որովհետև Զազունյանն, իբրև նորեկ, համարյա բոլորովին անծանոթ էր հայ թատերական կյանքին, այդ պատճառով Էմման սկսեց պատմել հայկական ռեպերտուարի, բեմական ուժերի, նրանց ունեցած հաջողության և ուրիշ բաների մասին:

Կոնցերտը վերջանալուց հետո Զազունյանը հենց թատրոնի դռների մոտ բաժանվեց իր բարեկամներից:

Ինչպես երևում է, Զագորսկին շատ ծանր վիրավորանք է հասցրել Զազունյանին,ասաց Զաքարը կնոջը, երբ կառք նստեցին և գնում էին տուն:

Կինը ոչինչ չպատասխանեց նրան, նա միայն ուղղեց գլխի շալը և կուչ եկավ կառքի անկյունը:

15

Հետևյալ շաբաթ Զազունյանը գնաց Շ... իր գործի քննությանը ներկա լինելու համար: Երկաթուղու կայարանում նրան ճանապարհ դրին Զաքարն ու Էմման և նրա մորաքրոջ փեսան ու աղջիկը: Բաժանվելիս Զաքարն ասաց.

Մեզ չմոռանաս, Արսեն ջան, նամակ գրես:

Չէ, այդ տանջանքից ինձ ազատ պահիր, ես շատ ծույլ եմ նամակներ գրելում, — պատասխանեց Զազունյանը:

Կամ թե հեռագրիր, երբ գործը տանես, նկատի ունեցիր, որ մենք միշտ անհամբերությամբ կսպասենք: Հաջողություն: Բարի ճանապարհ:

Եվ նա պինդ համբուրեց Զազունյանի շրթունքը:

Այնինչ Էմման բաժանվեց առանց մի խոսք անգամ արտասանելու: Նա միայն սովորականից ավելի ամուր սեղմեց Զազունյանի ձեռքը, հոնքերը փոքր-ինչ ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց, այդ սովորությունն ուներ նա, երբ տխուր էր լինում և այդպիսի դեպքերում նրա դեմքը մի տեսակ ուրույն, զգաստ գեղեցկություն էր ստանում: Զազունյանն երկրորդ անգամն էր տեսնում նրան այդպեսմեկ թատրոնում եղած գիշերը, մեկ էլ այժմ, և երկու անգամ էլ նա առանձին ուշադրություն էր դարձնում այդ բանի վրա: Թեև նա չէր սիրում, որ այդ մանկահասակ, գեղեցիկ կնոջ ժպտուն դեմքն այդպես մռայլվում էր, բայց և այնպես այդ ուրույն, զգաստ գեղեցկությունը հենց առաջին հայացքից ուղղակի թափանցում էր նրա սրտի խորքը և այնտեղ ինչ-որ նոր, անծանոթ լարեր էր շարժում: Դեռ ոչ մի ժամանակ նա այնպես քնքուշ և ուշադիր չէր եղել դեպի Էմման, ինչպես այդ բաժանման միջոցին: Ամեն անգամ, քանի նայում էր այդ գեղեցիկ կնոջ տխուր, թախծալից դեմքին, հանկարծ ինչ-որ անհայտ զորություն կարծես բռնում էր նրան և ասումկաց, մի հեռանար այստեղից:

Մորաքրոջ աղջկա և փեսայի հետ նա բաժանվեց ինչպես սերտ բարեկամներից: Երևում էր, որ այդ մի քանի օրվա մեջ նա կատարելապես գրավել էր նրանց համակրությունը: Նրանք խնդրեցին, որ նա, երբ Շ.. -ից վերադառնա, ուղղակի իրենց տանն իջնի:

Զազունյանի մեկնելուց հետո Էմմայի համարաշխարհը կարծես դատարկվեց: Այն զգացմունքը, որ Զազունյանի հետ ծանոթանալու օրից աննկատելի կերպով սողոսկել Էթ նրա սիրտը և այնուհետև հետզհետե արմատներ էր արձակում, կարծես Զազունյանի մեկնելուն էր սպասում, որպեսզի հանկարծ զգալի անի նրան իր բոլոր ուժը: Այն ամենը, ինչ որ առաջ սիրելի և հարազատ Էին իր սրտին և առանց որոնց նա կարծում էր, թե իր կյանքը կյանք չի լինի այժմ նրա աչքում այլևս մի կոպեկի գին չունեին: Ամեն ինչ հեռացավ, ամեն ինչ ծածկվեց թանձր քողով, և այդ բոլորի տեղը բռնեց մի բան, որը ամեն ժամանակ, թե երևակայության մեջ և թե երազում կանգնած էր նրա առջև և ավելի ու ավելի հափշտակում էր նրա սիրուն ու բոլոր մտածմունքները: Դա Զազունյանի պատկերն էր: Ոտից գլուխ, կարծես իրականապես, այդ պատկերն ամեն ժամանակ կանգնած էր նրա աչքերի առջև, ուրվականի նման ամենուրեք հետևում էր և երբեք հանգիստ չէր տալիս նրան «Ի՞նչ էր ուզում ինձնից, ի՞նչ», շատ անգամ մրմնջում էր նա, երբ գիշերը քունը մոտ չէր գալիս աչքերին կամ ցերեկը, ոչինչ չկարողանալով անել, ապ՛ուշի նման մի սենյակից մյուս սենյակն էր թափառում: Սաստիկ թախիծը պաշարել էր նրան: Ոչինչ չէր գրավում նրան, ընդհակառակն, ամեն ինչ անտանելի էր թվում, ամենից ավկի ամուսինն իր անհամ կատակներով ու հիմարական ծիծաղներով, իսկ նրա գուրգուրանքն ու համբույրները խո մի-մի տանջանք էին, որ նա մի կերպ կարողանում էր տանել: Շատ անգամ այնպիսի թշնամական աչքով էր նայում ամուսնուն, որ կարծես աշխարհիս բոլոր թշվառությանը նա թափել էր իր գլխին: Մինչև անգամ Արամիկը, սիրուն, խելոք Արամիկը, որին նա միշտ երեխաների կատարելատիպն էր համարում, նա էլ երբեմն շատ չար և փչացած էր թվում նրան:

«Այս ի՛նչ եմ անում, այս ի՛նչ եմ անում», շատ անգամ սարսափած ասում էր ինքն իրեն, երբ իր գրության մասին սկսում էր լավ մտածել: «Մի՞թե ես նրան... սիրում եմ. մի՞թե այս սեր է. մի՞թե ես սիրահարված եմ նրա վրա Ո՛չ, է՛լ, այդ անկարելի է, այս սեր չէ, ես սիրահարված չեմ նրա վրա: Մի՞թե սրտիս տերն ինքս չեմ: Կամ ինչո՞ւ պետք է սիրեմ, ի՞նչ իրավունքով, ո՞վ է նամի օտար մարդ, որ ինձ հետ ոչ մի կապ չունի, որ այսօր այստեղ է, վաղն ով գիտե որտեղ կլինի, ինչպես այժմ արդեն հեռացել է այստեղից: (Ինչո՞ւ է հեռացել, — տրտնջում էր նրա սիրտը): Իմ սերն ամուսինս է, իմ սերը միակ զավակս էահա ո՛ւմ եմ սիրում և ո՛ւմ պետք է սիրեմ, քանի կենդանի եմ. օտարի հետ ի՞նչ գործ ունեմ: Ոչ, այս սեր չէ, այս ուրիշ բան է. այս սատանա է, այս մի չար ոգի է, որ մտել է սիրտս և ինձ հանգիստ չի տալիս, ինձ այսպես տանջում է, չարչարում: Ես կհալածեմ նրան սրտիցս, կհալածեմ...»:

Եվ նրա հալածելն այն էր լինում, որ դարձյալ սկսում էր մտածել Զազունյանի մասին, պատկերացնել նրան իր առջև, մտքումը խոսել, վիճել նրա հետ: ինքնախաբեությունն, իհարկե, չէր օգնում, և «սատանան», «չար ոգին» շարունակում էր հանգիստ չտալ նրան: Իզուր էր նա աշխատում հալածել Զազունյանինայդ «օտար մարդու» պատկերն իր մտքից և անձնատուր լինել ընթերցանությանը կամ տնային պարապմունքներին, ինչպես առաջ, իզուր էր աշխատում մայրական առաջվա վառ խանդով սեղմել Արամիկին իր կրծքին, ամեն օր առաջվա սիրով պարապել նրա հետ, ամեն ինչ իզուր, «չար ոգին» ամեն բանից ետ էր մղում նրան և ավելի վառ կերպով ստեղծելով նրա առջև Զազունյանի պատկերն, ասում էր, — ահա թե ո՛ւմ մասին դու պետք է մտածես շարունակ:

«Տեր աստված, դու օգնիր ինձ», շատ անգամ մրմնջում էր նա անզորացած, բայց աստված չէր լսում նրան:

Նա հուսահատվել էր:

Նրան ծանոթ չէր սիրո զգացումը, որովհետև դեռ ոչ ոքի չէր սիրել և այդ պատճառով չէր հասկանում, գլխավորը՝ չէր ուզում հավատալ, թե այն զգացումը, որ նա «չար ոգի» էր անվանում, հենց ինքը սերն էր, որ բախտը, թեև ուշ, բայց նրան էլ էր վիճակել: Լինելով միջակ կարողության տեր ծնողների զավակ, նա իր մանկությունն ու օրիո՛րդական տարիներն անց էր կացրել բացառապես ընտանեկան շրջանում, թեև խորթ, բայց բարի և սիրող մոր հսկողության տակ: Նրա ընկերը դիրքն էր, բայց ուներ և մի սրտակից բարեկամ, — դա դպրոցական ընկերուհիներից մեկն էր, որ հոգով չափ սիրում էր նրան: Նա իրեն կատարելապես երջանիկ էր զգում, երբ ձեռքին նոր գիրք ուներ կարդալու կամ երբ ընկերուհու հետ գնում էր զբոսանքի, կամ փակվելով սենյակում, անվերջ զրույցներ էր անում նրա հետ: Դրանից դուրս նա ուրիշ ոչինչ չէր կամենում: Նա ծիծաղում էր նրանց վրա, որոնք կյանքի իմաստն որևէ կերպ հասկացած և կյանքի համար ուրիշ կերպ պատրաստված, անդադար ընկնում են զանազան արկածների և զանազան հոգսերի ետևից: Նա ամուսնացավ այնպես, ինչպես ամուսնանում են նրա նման հազարավոր աղջիկներառանց սիրահարվելու և առանց իրեն հաշիվ տալու, թե ինչ բանի համար: Ամուսնացավ, որովհետև պետք է, վերջապես, ամուսնանար: Զաքար Մարկոսյանը, որ նրա խորթ մոր ինչ-որ հեռու ազգականն էր, ուսումը նոր էր ավարտել և եկել: Ծանոթանալով իրենց տանը, Էմման շատ էր հավանել նրա ուրախ բնավորությունը միայն, ուրիշ ոչինչ, և երբ մի քանի ժամանակից հետո, նրանից ամուսնանալու առաջարկություն ստացավ, առանց երկար ու բարակ մտածելուց ընդունեց: Նա ամուսնացավ և ապրում էր խաղաղ ու երջանիկ: Ամուսնացած ժամանակն էլ ընտանեկան շրջանից դուրս, նա ուրիշ ոչ մի կյանքի հետ մոտ հարաբերություն չուներ և չէր էլ ուզում ունենալ: Օրերն ու տարիներն անցնում էին իրենց կարգով, դրանց հետ անցնում էր և նրա հանդարտ կյանքը, ինչպես մի խաղաղ գետ, առանց ալեկոծվելու: Հորիզոնը միշտ պարզ էր, արևը միշտ պայծառ էր փայլում: Ուրիշ ի՞նչ էր հարկավոր: Նրա խաղաղ կյանքը այն ժամանակ դուրս եկավ իր սովորական ընթացքից, երբ աշխարհ եկավ Արամիկը և իր հետ բերեց մոր համար սովորական հոգսերը: Բայց ի՛նչ էին այդ հոգսերն այն ահագին երջանկության հանդեպ, որով մանուկն իր ծնվելու օրից պսակեց էմմայի ընտանեկան խաղաղ կյանքը և մի նոր, հրապուրիչ հոսանք տվեց այդ կյանքին: Էմման իր բոլոր սերն ու խանդը նվիրեց իր այդ միակ զավակին: Շատ անգամ, երբ սեղմում էր նրան իր կրծքին, մայրական անհուն երջանկությունից կարծում էր, թե ահա, որտեղ որ է, պիտի մարի: Նա սիրում էր և ամուսնուն, սիրում էր նրա համար, որ իր ամուսինն էր, որի ձեռքն ընդունել էր ինքն իր հոժար կամքով: Եվ, փառք աստծո, ուրիշ ի՞նչ էր հարկավոր: Շատ անգամ իրեն այն աստիճան երջանիկ էր զգում, որ մինչև անգամ սկսում էր վախենալ, թե միգուցե այդ իրեն էժան չնստի, կարծես այդ երջանկությունը ոչ թե ինքը՝ բախտն էր շնորհել նրան, այլ նա մի տեղից գողացել էր և ապօրինի կերպով սեփականացրել իրեն:

Ամբողջ վեց տարի ամուսնական այդպիսի կյանք վարելուց հետո հանկարծ «չար ոգին» ներս է սողոսկում նրա անարատ սիրտր և ամեն ինչ տակնուվրա է անում: Նրա կյանքի պարզ հորիզոնը կամաց-կամաց սկսում է ծածկվել մռայլ ամպերով, նրա կյանքի խաղաղ հոսանքն սկսում է ալեկոծվել: Ի՞նչպես կատարվեց այդ բոլորը, ի՞նչ հրաշքով, որի դեմը նա վաղօրոք չկարողացավ առնել: Այդ ի՞նչ տանջանքներ են, որ նա կրում է, այս ի՞նչ անքուն գիշերներ են, որ նա քաշում է, այս ի՞նչ ծանր, սպանիչ դառնություն է, որով ամբողջապես պատած է նրա սիրտը: Ո՞ւր է նրա կյանքի այն շարունակ քաղցր թմրությունը, որի մեջ նա իրեն այնքան անհոգ և երջանիկ էր զգում, ո՞ր անգութը նրան հանկարծ սթափեցրեց այդ թմրությունից և ձգեց այդ Անտանելի տանջանքների մեջ:

Օրերն անցնում էին սպանիչ դանդաղությամբ: «Չար ոգին» շարունակում էր իր գործը: Էմման քիչ էր ուտում, քիչ էր քնում, համարյա ոչ մի գործ չէր կատարում, ամեն բանից զզվում, ձանձրանում էր, ամեն մի չնչին բանի համար բարկանում էր աղախնի և ծառաների վրա, ամուսնու հետ միշտ քիթ ու մռութով էր խոսում, նրանից խորշում էր և միշտ մենակ էր ուզում մնալ: Իհարկե, շարունակ այդպես չէր կարող տևել, մի հետևանք, վերջապես, պետք է ունենար այդ լարված դրությունը, և ունեցավերկու շաբաթից հետո նա անկողին ընկավ:

Զաքարի գլխին, կարծես, միանգամից կրակ էր թափվել: Ուրախություն, ծիծաղ, կատակ, ամեն ինչ մոռացել էր: Նա ման էր գալիս խենթի նման: Գլուխ էր կոտրում, թե ինչ է պատահում կնոջը, ոչինչ չէր կարողանում իմանալ հարցնում էր իրենկնոջը, թե ինչ ցավ, ինչ վիշտ, ինչ հոգս ունի նա, որ նրան այդ դրության մեջ է ձգել, բայց միշտ պատասխան էր ստանում` «ոչինչ» կամ «ինքս էլ չգիտեմ»: Նա հուսահատվել էր, չգիտեր ինչ աներ: Կնոջ անկողին ընկնելը նրա համար կատարյալ մահ էր, մահից էլ ավելի: Նա դիմեց ընկեր բժիշկներին: Բայց ի՞նչ պետք է անեին նրանք այնտեղ, որտեղ ինքնագլուխ իշխում էր «չար ոգին»: Էմմայի միակ խնդիրն այն էր, որ իրեն բժիշկ հարկավոր չէ, որ իրեն հանգիստ թողնեն:

16

Երեկո էր: Զաքարը տխուր ու տրտում մենակ նստած էր իր առանձնասենյակում և մտածում էր կնոջ դրության մասին: Երևում էր, որ շատ էր տանջվում: Որքան տանջում էր նրան Էմմայի դրությունը, նույնքան, գուցե և ավելի, տանջում էր այն հանելուկը, թե ինչ էր նրա այդ դրության պատճառը: Ենթադրությունները մեկը մյուսի ետևից ծնվում էին նրա գլխում, բայց ոչ մի բավարար հետևանքի չէին հասցնում, հանելուկը մնում էր հանելուկ:

«Ասում է մրսել եմ», մտածում էր նա. «ի՛նչ մրսել. մրսածին ես եփած էլ կճանաչեմ, չե՞մ տեսնում, որ այստեղ ուրիշ բան կա... ահա երկու շաբաթ է, որ ոտի վրա հալվում է. ինչո՞ւ ահա հանելուկ…»:

Եղավ մի րոպե, որ այդ հանելուկի բացատրությունը տանելու համար իր զանազան ենթադրությունների մեջ նրա միտքը կանգ առավ Զազունյանի և նրա մեկնելու վրա, բայց իսկույն էլ սարսափով ետ վանեց այդ ենթադրությունը, այնքան ահռելի և անհավատալի թվաց նրան այդ բանը:

Նա տարակուսանքով վեր քաշեց ուսերը, վեր կացավ և սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում:

Այդ րոպեին դուռը արագ բացվեց, և շտապով ներս մտավ մանկահասակ մի կին:

Պարո՛ն Զաքար... Էմմաս հիվա՞նդ է, — անհանգստությամբ կանչեց նա:

Զաքարը կանգ առավ և զարմանքով նայեց նրա դեմքին:

Տիկի՛ն Աննա, — բացականչեց նա ուրախացած: — Այդ ե՞րբ բայց ի՞նչպես... ի՛նչ լավ ժամանակին եկաք:

Նրանք ամուր սեղմեցին իրար ձեռքը:

Աննան Էմմայի ընկերուհին էր:

Էմմաս, իմ Էմման ո՞րտեղ է, պ. Զաքար, — նույն անհանգստությամբ ասաց նա: — Ծառային հարցնում եմ, ասում է՝ հիվանդ պառկած է: Ինչո՞ւ է հիվանդ: Գնանք, տարեք ինձ նրա մոտ. որտեղ է նա:

Այո՛, այս մի քանի օր է, ինչ պառկած է տխրությամբ հառաչեց Զաքարը:

Ի՞նչն է ցավում, ինչո՞վ է հիվանդ: Գնանք, տարեք շուտ ինձ նրա մոտ:

Նա բռնեց Զաքարի ձեռքից, համարյա քարշ տվեց իր ետևից:

Զաքարը տարավ նրան կնոջ սենյակը:

Նիհար և գունատ՝ Էմման պառկած էր մահճակալի վրա: Նա հանել էր իր ձեռքերը վերմակի տակից և, աչքերը ձգած առաստաղին՝ ըստ երևույթին, ընկղմված էր խոր մտածման մեջ: Նրա մոտ դրված էր մի փոքրիկ սեղան՝ դեղերի սրվակներով: Դուռը բացվելուն պես սթափվեց և նայեց ներս մտնողներին:

Էմմա ջան, — բացականչեց Աննան, առաջ վազելով դեպի նա: — Դու անկողնում պառկա՛ծ...

Նա չոքեց մահճակալի առջև, գրկեց Էմմային և սկսեց համբուրել նրա գունատ շրթունքներն ու այտերը:

Էմման դարձավ կողքի վրա և զարմացած նայեց նրան:

Աննա՛... Մի՞թե այդ դու ես, — ուրախ, բայց թույլ ձայնով կանչեց նա և մի ձեռքով գրկեց նրա գլուխը:

Այս ես եմ, բայց այդ դու չես, — ասաց Աննան, նայելով նրա խոշոր, բայց հիվանդությունից ավելի խոշորացած աչքերին: — Այդ ի՛նչ է դրությունդ, ի՛նչ ես դարձել, ի՞նչ հիվանդանալու ժամանակ է, որ հիվանդացել ես:

Էմման նստեց:

Վեր կաց, ինչ ես չոքել, — ասաց նա:

Աննան վեր կացավ և նստեց մահճակալի մոտ դրած աթոռի վրա:

Հղի խո չե՞ս, — հարցրեց նա, թեքվելով դեպի նրա դեմքը և առնելով նրա ձեռքերը:

Էմման բացասական կերպով շարժեց գլուխը:

Հապա՞:

Մրսել եմ:

Աննան ձեռքը դրեց նրա ճակատին:

Տաքություն չունես, — ասաց նա կասկածելով:

Էմման նայեց նրան և ժպտաց:

Լավացա, որ դու եկար, — ասաց նա:

Փառք աստծո, — կարծես մի ծանր բեռից ազատվելով, կանչեց Զաքարը: — Ինչո՞ւ վաղ չէիք գալիս, — դիմեց նա Աննային, — որ այդպիսի հրաշք գործել գիտեք:

Եթե գիտենայի, որ Էմմաս հիվանդ է, գլուխս կոտրելով կգայի, — պատասխանեց Աննան, սիրով և քնքշությամբ նայելով ընկերուհուն:

Ե՞րբ ես եկել, գալուդ մասին ինչո՞ւ առաջուց իմացում չավիր, — հարցրեց Էմման:

Ինքս էլ չգիտեի, թե այսպես շուտ եմ գալու: Ամուսինս գնաց Վիեննա առևտրական գործերով, իսկ ես մտադրվեցի գալ Քութայիս մորաքրոջս մոտ՝ մի կամ երկու շաբաթ այնտեղ մնալո՛ւ համար, իսկ այնտեղից ուղղակի պետք է գայի այստեղ՝ մորս մոտ և պետք է մնայի այստեղ մինչև ամուսնուս վերադառնալը, այսինքն՝ մինչև հունիս կամ հուլիս ամիսը: Բաթումից գնացի Քութայիս, բայց մորաքրոջս այնտեղ չգտա, գյուղ էր գնացել: Էլ չուզեցի սպասել, մի օր Քութայիսում մնալով, մյուս օրն, այսինքն երեկ, վեր կացա և, ահա այսօր այստեղ եմ: Ուզում էի անմիջապես գալ քեզ մոտ. բայց բարեկամներ, ազգականներ, ծանոթներգիտես, էլիայնքան հավաքվել էին, որ հիմա էլ հազիվ եմ պրծել նրանց ձեռքից: Բայց որ գիտենաս որքա՛ն կարոտել էի քեզ, սիրելիս: Երևակայի՛ր՝ նստում եմ կառք, գալիս եմ, ուրախությունից գլուխս կորցրած բարձրանում եմ վերև, ծառային հարցնում եմ՝ տիկինը տա՞նն է, — հիվանդ է, ասում է, պառկած է: — Կարծեցի, թե տունը գլխիս փլվեց: Ներս եմ ընկնում պ. Զաքարի մոտ՝ Էմմաս, ասում եմ, իմ Էմման ո՞ւր է, պ. Զաքար. տարեք շուտ ինձ նրա մոտ, — և բռնում եմ ձեռքիցը, քարշ եմ տալիս: Նա բերում է ինձ քեզ մոտ և ահա քեզ ինչ դրության մեջ եմ գտնում:

Նա ծիծաղեց, և նրա աչքերում երևացին արտասուքի փայլուն կաթիլներ: Էմման ժպտաց, իսկ Զաքարը, որ շարունակ ժպտում էր, նայելով նրանց, նույնպես ծիծաղեց, ինչպես ծիծաղում են երեխաները: Նա պարզ կերպով տեսնում էր, որ Էմման ընկերուհուն տեսնելու րոպեից ուժ և կենդանություն ստացավ, և առաջվա տխրությունն ու թախիծը համարյա բոլորովին հեռացավ նրա դեմքից: Այդ պատճառով նա անհուն շնորհակալություն էր զգում դեպի Աննան, որ իր այցելությունով: ազատեց նրան հուսահատությունից և անտանելի մտատանջությունից:

Դուք էլ աչքումս փոխվել եք, պ. Զաքար, — ասաց Աննան, նայելով նրա դեմքին:

Ճիշտ է, — պատասխանեց Զաքարը: — Դե ես ի՛նչ, լավ ուտում էի, լավ խմում, ճաշից հետո լավ քնում, — նայելով կնոջը, ավելացրեց նա և ծիծաղեց (Էմման նայելով իր ձեռքերին, հոնքերը ցած թողեց և քթի պնչերը լայնացրեց), — բայց դրա դրությունն այս կարճ ժամանակում ինձ սպանեց էլ ոչ կենդանի էի, ոչ մեռած...

Ախ, է՛մմա, է՛մմա, — հանդիմանորեն շարժեց գլուխը Աննան: — Եթե վաղն ևեթ չես վեր կենալ, չգիտեմ, ճշմարիտ, ինչ կանեմ: Ուրախ-ուրախ գալիս էի, ասում էի` վերջապես երկու տարվա կարոտս կառնեմ, կվերադարձնենք մեր օրիորդական քաղցր ժամանակներըհիշո՞ւմ ես ընթերցանությունը, զբոսանքը, խոսակցությունները, վիճաբանություններըիսկ դու այստեղ ծանր ու բարակ պառկել ես անկողնում... անգութ չասեմ, ապա ի՞նչ ասեմ քեզ: Բժիշկ գալի՞ս է... Ախ, ներողություն, պ. Զաքար, — կանչեց նա ծիծաղելով, — բժիշկդ այստեղ կանգնած եք, ես ուրիշ բժիշկ ես հարցնում:

Չէ, ի՛նչ ներողություն, — ասաց Զաքարը, — ուրիշ բժիշկ է գալիս: Ապա ի՞նչ իմ բանն է... տանու տերերին «օրհնյա ի տեր» կլինի՞:

Այդ խոսքերի հետ նա բարձրաձայն ծիծաղեց:

Կասես, որ այսուհետև էլ չգաասաց Էմման առանց նրան նայելու:

Ո՞վ, բժի՞շկը:

Այո, ինձ այլևս բժիշկ հարկավոր չէ:

Բայց դու դեռ թույլ ես. քեզ էլի

Ասում եմ, որ հարկավոր չէ, — պնդեց Էմման: — Ես ինձ հիմա լավ եմ զգում:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last