Նար-Դոս՝   Զազունյան

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Ինչպես ուզում ես, ինչպես ուզում ես, միայն թե դու լավ լինես: Կուզես, այս դեղերն էլ տանեմ դուրս շպրտեմ:

Եվ լավ կանես:

Զաքարը մոտեցավ դռանը:

Կա՛րապետ, Կա՛րապետ, — կանչեց նա դեպի դուրս:

Ծառան ներս մտավ:

Այս բոլոր դեղերը հավաքիր և դուրս տար իսկույն... ուզում ես ինքդ խմիր, ուզում ես թափիր: Շուտ:

Կարապետն ատամները ցույց տվեց և սկսեց հավաքել սեղանի վրայից դեղերի սրվակները:

Արամիկն ո՞ւր է, Արամիկը, — հանկարծ մտաբերելով հարցրեց Աննան, — կանչեցեք տեսնեմ: Ինչպես մոռացել էի: Իմ սիրելի Արամիկը...

Լսիր, — դարձավ Զաքարը ծառային, որ սրվակները դուրս էր տանում: — Մաշային կասես, որ Արամիկին իսկույն այստեղ բերի:

Ծառան դուրս գնաց:

Արամիկն այնպիսի քաջ և խելոք տղա է դարձել, որ էլ ասել հարկավոր չէ, — դարձավ Զաքարն Աննային:

Մի՞թե... այն նիհարիկն ու չարաճճի՞ն:

Նիհարիկն ու չարաճճի՞ն: Այժմ ինձնից էլ չաղ ու ինձնից էլ խելոք է:

Մի՞թե: Դու էլ խո այնքան գովում էիր նրան նամակներիդ մեջ, Էմմա: Նամակներդ կարդալիս շատ անգամ այնպես կարոտում էի նրան, այնպես կարոտում, որ որտեղ էլ պատահում էի նրա անունը նամակիդ մեջ, սկսում էի համբուրել, չե՞ս հավատում: Դժբախտաբար նրա պատկերը կորցրել եմ, մի օր ամբողջ տունը տակնուվրա արի, չկարողացա գտնել: Բայց այս անգամ ես ինքս պետք է հանել տամ նրա պատկերն ինձ հետ միասին, թո՞ւյլ կտաք:

Ձեզ փեշքեշ, — ասաց Զաքարը ծիծաղելով:

17

Ահա՛ նա, ահա՛ իմ սիրելիս, — բացականչեց Աննան և, վեր թռչելով տեղից, վազեց դեպի Արամիկը, որ աղախնի առջևից մտնելով անհամարձակ կերպով կանգնեց դռան մոտ: Մի ակնթարթում նա առավ երեխային իր գրկի մեջ, բարձրացրեց և, համբուրելով նրա դեմքի յուրաքանչյուր պատահած տեղը, ձեռքի վրա տարավ, նստեց դարձյալ իր աթոռի վրա: Երբ համբուրելուց կշտացավ, նստեցրեց նրան իր ծնկների վրա և սկսեց նայել նրան այն սիրով ու հրճվանքով, ինչպես միայն կանայք են նայում: Իրավ, ի՛նչ մեծացել է, ի՛նչ գեղեցկացել, — ասում էր նա, սեղմելով նրան կրծքին:

Աչքով չտաս, — նկատեց նրան Էմման, որի սրտի մեջ զարթնել էր մայրական հպարտությունը, տեսնելով ընկերուհու իր զավակին ցույց տված սերն ու խանդը:

Հա՛, հա՛, աչքով չտաք, — իր կողմից վրա բերեց Զաքարը և իր սովորության համեմատ բարձրաձայն ծիծաղեց:

Մի վախենաք, աչքս թեթև է, — պատասխանեց Աննան և շարունակեց սիրով և հրճվանքով նայել Արամիկին:

Արամիկը նստեց Աննայի ծնկան վրա, զարմացած և հետաքրքրությամբ նայում էր նրան, շրթունքները սեղմել էր իրար և այտերը փքել, դրանից նրա մանկական գեղեցիկ դեմքը ստացել էր մի տեսակ լուրջ, բայց շատ գրավիչ և սիրելի արտահայտություն, որպիսին ունենում են միայն երեխաները:

Ի՞նչ ես ինձ այդպես նայում, ինձ չե՞ս ճանաչում, — հարցրեց Աննան:

Ոչ, — գլուխը բացասական կերպով շարժելով, հապաղելով պատասխանեց Արամիկը և շարունակեց նայել նրան:

Ես քո մամայի քույրիկն եմ:

Իմ մամայի քույրի՞կը, — կարծես խոր մտածելով, ասաց Արամիկը և նայեց մորը, հետո դարձյալ Աննային, դարձյալ մորը, կարծես ուզում էր որևէ նմանություն գտնել նրանց միջև:

Այո, իմ քույրիկն է, Արամիկ, իմ քույրիկն է, — ժպտալով հաստատեց մայրը:

Արամիկը դարձյալ նայեց Աննային:

Հապա ինչո՞ւ առաջ դուք չէիք գալիս մեր տուն, — հարցրեց նա:

Որովհետև մայրիկդ ինձ միշտ ծեծում էր, — պատասխանեց Աննան կատակով:

Երեխան չհասկացավ կատակը, նա կիտեց հոնքերը և այտերը փքեց:

Ճիշտ չէ, — կարծես վիրավորված ասաց նա: — Մամաս ոչ ոքի չի ծեծում. — գուցե բարկացել է ձեզ վրա, ինչպես անցյալ օրը...

Սա լռեց և այտերը բոլորովին փքեց:

Ի՞նչ, ի՞նչ անցյալ օրը, — ծիծաղը զսպելով, հարցուփորձ արավ Աննան:

Բարկացավ ինձ վրա, — կամաց ասաց Արամիկը և գլուխը կախեց:

Բարկացա՞վ... ինչո՞ւերևի չարություն էիր արել:

Ոչ, ես ոչ մի չարություն չէի արել, այլ ուրուխ-ուրախ ներս վազեցի նրա մոտ... նա տխուր նստած էր հանկարծ բարկացավ ինձ վրա... հրամայեց, որ իսկույն դուրս գնամ և... ետևիցս ինձ... չար... փչացած տղա անվանեց...

Նրա ձայնը դողաց և նա, հանկարծ դեմքն ամուր սեղմելով Աննայի կրծքին, սկսեց հեկեկալ:

Հայրը, մայրը և Աննան սկսեցին ծիծաղել:

Իսկապես որ չար և փչացած տղա, — կանչեց Զաքարը: — Ինչպես միտն է պահել: Մեծասիրտ, վիրավորանք չի ուզում տանել:

Ներողություն խնդրելով, նա դուրս գնաց հյուրին պատվելու պատրաստություններ տեսնելու:

Աննան հանգստացրեց Արամիկին, հաշտեցրեց մոր հետ, համբուրել տալով նրա ձեռքը, և մի քանի քաղցրեղեններ տվեց նրան, որ բերել էր իր հետ:

Մի ամբողջ քառորդ ժամի չափ նստած մնալով Աննայի ծնկան վրա, Արամիկը հոգնեց, նա ուզում էր դուրս գնալ և վազվզել:

Ձեր հագուստը բոլորովին փչացրի, թողեք ինձ իջնեմ, — ասաց նա:

Աննան ծիծաղեց:

Ա՛յ խորամանկ, — կանչեց նա, — ուզում ես փախչել և ա՞յդ ես հնարում:

Նա պինդ համբուրեց նրա երկու այտն էլ և ցած դրեց:

Դեհ, գնա խաղա: Բայց լսիր ինձ այսուհետև միշտ մորաքույր կանչիր, իմացա՞ր:

Իմացա:

Եվ կսիրե՞ս ինձ ինչպես մամայիդ:

Ինչո՞ւ չեմ սիրի:

Ես քեզ համար միշտ քաղցրեղեն կբերեմ:

Ի՞նչ եմ անում քաղցրեղենը:

Ա՛յ հպարտինչո՞ւ:

Որովհետև մամաս ասում է, որ քաղցրեղենը վնաս է ատամներին:

Տեսնո՞ւմ ես սրան... Բաս ետ տուր իմ տվածը:

Ահա:

Արամիկը մեկնեց նրան նրա տված քաղցրեղենը:

Աննան դիտմամբ դեմքը խոժոռեց:

Դու ինձ վիրավորում ես, — ասաց նա ծանր:

Ի՞նչ անեմ, դուք ինքներդ եք ետ ուզում, ես էլ տալիս եմ:

Աննան չկարողացավ չծիծաղեի

Լավ, այդ մեկը «առ կեր, այդ վնաս չէ, — ասաց մայրը:

Արամիկը դարձավ և դիմեց դեպի դուռը:

Սպասիր, — կանչեց նրա ետևից Աննան:

Արամիկը կանգ առավ:

Ուրեմն դու ինձ առանց քաղցրեղենի է՞լ կսիրես, — հարցրեց Աննան:

Եթե դուք ինձ սիրեք, ես էլ ձեզ կսիրեմ:

Աննան վեր թռավ տեղից, վազեց, գրկեց նրան և դարձյալ սկսեց համբուրել նրա դեմքի յուրաքանչյուր պատահած տեղը:

Ա՛յ, ես քեզ ի՛նչպես եմ սիրում, ա՛յ, ինչպես եմ սիրում, — ասում էր նա և շարունակում իր համբույրները: — Հիմա դու ինձ համբուրիր, որ իմանամ, թե դու էլ ինձ ես սիրում, — ասաց նա այտը մոտեցնելով նրա շրթունքներին:

Ա՛յ, ես էլ ձեզ ի՛նչպես եմ սիրում, — կանչեց Արամիկն, ամուր համբուրեց նրա այտն և դուրս փախավ:

Աննան մտախոհությամբ նայեց նրա ետևից, կամաց հառաչեց և գնաց նստեց իր տեղը:

Երանի քեզ, Էմմաասաց նաինչքա՛ն երջանիկ ես դուե՞ս եմ, որ չգիտեմ ո՛ր մեղքիս համար զրկված եմ մի այդպիսի բախտավորությունից:

«Ինչքան երջանիկ եմ ես», դառնությամբ մտածեց Էմման, և Զազունյանի պատկերը ցցվեց նրա առջև: Հանկարծ նա ժպտաց և նայեց Աննային:

Ուզո՞ւմ ես քեզ տամ, — ասաց նա:

Է՛հ տվողն աստված է, դու ինձ ի՞նչ պետք է տաս, — տխուր պատասխանեց Աննան: — Մինչև տանդ, եթե ոչ մի քանի, գոնե մի հատիկ երեխա չունենաս, էլ ինչչացո՞ւ ես դու, էլ ինչի՞ ես պետք: Ի՞նչ կյանք է ամուսնացած կնոջ կյանքն առանց երեխայի: Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը: Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ և անցողական է, բացի մայրական զգացմունքից: Ի՞նչ բան է սերը, հանրածանոթ սերը մայրական զգացմունքի առաջմի թշվառ, շո՛ւտ բռնկող և շուտ էլ մարող թղթերի բոց, գարնանածին արևի հարատև, պայծառ ճառագայթների հանդեպ: Հանրածանոթ սերը թեև լայնատարած, բայց շրջափակված մի ծով է, որ անդադար ալեկոծվում է և ահագին վնասներ, աղետներ է բերում շատ անգամ, իսկ մայրական սերը պարզ, վճիտ աղբյուր էր, որ հոսում է հանդարտ և չես իմանում որտեղից է սկսվում և որտեղ վերծանում: Մարդկանց մեջ ամենաերջանիկը մայրն է: Չնայելով, որ ինքս մայր չեմ, դժբախտաբար, բայց ես այդ հասկանում եմ, զգում եմ և գուցե քեզնից էլ ավելի: Գիտե՞ս, թե ես քեզ որքան նախանձում եմ, Էմմա:

Իզո՛ւր, — կարծես երազում արտասանեց Էմման, որ այդ բոլոր ժամանակ հոնքերը կիտած և քթի պնչերը լայնացրած` շարունակ նայում էր դեպի պատուհանը:

Աննան ցնցվեց: Նա կարծես նոր տեսավ Էմմայի դեմքի տխուր, մտախոհ արտահայտությունը: Նա կամաց թեքվեց դեպի նրա դեմքը:

Ի՞նչիզո՞ւր, — հարցրեց նա ծանրությամբ:

Էմման թեթև հառաչեց և չպատասխանեց:

Աննան արագ վեր կացավ աթոռի վրայից և նստեց նրա անկողնի վրա: Նա առավ ընկերուհու ձեռքը և աչքերը հառեց նրա աչքերին:

Էմմա, դու շատ ուրիշ տեսակ ես երևում, — ասաց նա առաջվանից ավելի ծանր: — Դու խորհրդավոր ես... ես քեզ չեմ հասկանում... բացատրիր... Ի՞նչ է պատահում քեզ:

Էմման հանկարծ իր կողմից նայեց նրան դեռ լուրջ, հետո ժպտաց:

Ի՞նչ պետք է պատահի, — ասաց նա պարզ, — ես այստեղ անկողնում հիվանդ պառկած եմ, իսկ դու ինձ նախանձում ես:

Աննան դրանով չխաբվեց: Նա թերահավատությամբ և լրջորեն նայեց նրա աչքերին և ուզում էր ինչ-որ ասել, բայց Զաքարը մտավ, և նա այլևս ոչինչ չասաց: Այնուհետև նա շարունակ դիտում էր Էմմային, բայց Էմման տեսնելով, որ անզգուշությամբ ինքն իրեն մատնել էր, աշխատում էր իրեն ուրախ ցույց տալ: Սակայն առանց այն էլ ընկերուհու անսպասելի գալո՛ւստը նրան մեծ ուրախություն էր պատճառել, մանավանդ իր ներկա ծանր դրության մեջ: Նա իրեն մինչև անգամ առողջացած էր զգում: Աննան տեսնելով, որ իր կասկածանքն, ըստ երևույթին, հիմք չունի, դադարեց նրան գիտելուց: Սկսվեց մի քաղցր և անվերջ զրույց: Զաքարը, տեսնելով, որ կնոջ դրությունը շատ լավ է, ուրախությունից ոտի վրա չէր կանգնում: Բայց նա աշխատում էր իրեն զսպած պահել, որպեսզի մի այնպիսի հիմար բան չանի, որով գրգռի կնոջ տհաճությունը, ինչպես վերջին օրերում մի քանի անգամ պատահել էր:

Բավական ուշ էր, որ Աննան պատրաստվեց տուն գնալու: Էմման խնդրեց նրան, որ հետևյալ օրն առավոտյան այցելի իրեն:

Լույսը չծագած, ես այստեղ եմ, — ասաց Աննան:

Մինչև փողոցի դուռը Զաքարն իջավ նրա հետ: Այնտեղ նա ամուր սեղմեց Աննայի ձեռքը:

Անչափ շնորհակալ եմ ձեզնից, տ. Աննա, — ասաց նա զգացված: — Մեզ աստված է ուղարկել, որ Էմմային առողջացնեք, իսկ ինձ ազատեք հուսահատությունից:

18

Հետևյալ օրն առավոտյան, երբ Աննան էկավ, Էմման դեռ քնած էր, իսկ Զաքարն իր առանձնասենյակում շտապով թեյ էր խմում, որ գնա իր պաշտոնին: Աննան մտավ նրա մոտ և մանրամասն հարցուփորձ արեց Էմմայի հիվանդության մասին: Զաքարը պատմեց նրան, ինչ որ գիտեր և ինչի մասին որ գիշեր-ցերեկ մտատանջվում էր, բայց Զազունյանի վերաբերմամբ ունեցած կասկածից, որը շարունակում էր մտատանջել նրան, ինչքան էլ որ նա աշխատում էր վանել իր մտքից այդ ենթադրությունը:

Աննան մտածման մեջ ընկավ: Թեյը խմելուց հետո Զաքարը գնաց, խնդրելով նրան, որ էմմային մենակ չթողնի:

Աննան մտավ Էմմայի ննջարանը: Էմման դարձյալ քնած էր: Հուշիկ քայլերով մոտեցավ նրա մահճակալին և նստեց աթոռի վրա: Սենյակում տիրում էր կիսախավար, և օդը փոքր-ինչ ծանր էր: Նա վեր կացավ, լուսամուտներից մեկի վարագույրն ետ քաշեց, բաց արեց օդանցքը և դարձյալ գնաց նստեց իր տեղը: Էմման պառկած էր կողքի վրա` դեմքը նրա կողմն արած: Գիշերային սպիտակ գլխակապի տակից դուրս էին թափվել նրա փայլուն մազերը, որոնց մի փունջ ընկել էր նրա դեմքի վրա և թեթև դողդողում էին նրա հավասար շնչառությունից: Երկար թերթերունքներն ստվեր էին ձգել նրա փակ աչքերի տակ, այտերի վրա խաղում էր թեթև շառագո՛ւյնը, շրթունքները փոքր-ինչ բաց` կարծես ժպտում էին: Քնած ժամանակ նա գեղեցիկ և անմեղ էր երևում, ինչպես լինում են երեխաները: Աննան սիրով և քնքշությամբ նայում էր նրան, ինչպես նայում է մայրն իր քնած երեխային: Զգում էր, որ անչափ սիրում է նրան, ինչպես իր հարազատ քրոջը, և նրա համար ամեն բան պատրաստ է անել: Շարունակ նայում էր նրա դեմքին, մտառությամբ դիտում նրա յուրաքանչյուր դիմագիծը և տեսնում էր, որ նա մնացել էր համարյա նույնը, ինչ որ օրիորդական հասակում, ժամանակը, կարծես, խնայել էր այդ գեղեցիկ դեմքը, որը սեր, համեստություն և քնքշություն էր շնչում, միայն այժմ փոքր-ինչ նիհար և գունատ էր բայց այդ ավելի նպաստում էր նրա քնարական գեղեցկությանը:

Աննան կամաց թեքվեց և զգուշորեն համբուրեց նրա այտը:

Էմման հանկարծ ինչ-որ մի խուլ ճիչ արձակեց և ամբողջ մարմնով ցնցվեց: Աչքերը բաց արավ և իսկույն նստեց. հայացքն անմիտ էր, դեմքը սարսափ էր արտահայտում, շնչում էր արագ:

Ի՞նչ պատահեց, սիրելիս, հարցրեց Աննան վախեցած:

Էմման չպատասխանեց, անմիտ հայացքը շրջեց այս ու այն կողմը, հետո քիչ-քիչ ուշքի գալով, նայեց Աննային և ձեռքով շփեց դեմքը:

Այդ դո՞ւ ես, — ասաց նա կամաց:

Չլինի՞ վախեցար, որ համբուրեցի:

Էմման ձեռքը դրեց իր արագ բաբախող կրծքին:

Հենց նոր երազումս քեզ էի տեսնում, — ասաց նա և աշխատեց ժպտալ:

Ի՞նչպես, պատմիր տեսնենք:

Իբրև թե... Դու երազի հավատո՞ւմ ես:

Ի՛նչ հավատալու է:

Իհարկե:

Էմման վերցրեց գլխակապը և մազերը ետ տարավ ճակատից:

Վաղո՞ւց ես եկել, — հարցրեց նա:

Մեկ ժամ կլինի պատասխանեց Աննան:

Մի՞թե... ինչո՞ւ չէիր արթնացնում:

Միևնույն է. ինձ խո երազումդ էլ տեսնում էիր:

էմման ժպտաց:

Եվ բոլոր ժամանակ նստա՞ծ էիր մոտս հարցրեց նա:

Ոչ, դեռ ամուսնուդ մոտ էի, հետո քեզ մոտ:

Նա տա՞նն է:

Ոչ, գնաց:

Ուրեմն բավական ուշ է, — ասաց Էմման, լուսամուտից դուրս նայելով:

Ժամը տասն է:

Հաա՞ ... Այսպես շատ ես ոչ մի օր չեմ քնել:

Այդ առողջանալուդ նշանն է:

Այո, ես այսօր ինձ բավական լավ եմ զգում և դրա համար պարտական եմ քեզ:

Օդանցքն ես եմ բաց արել, օդը ծանր էր, կուզե՞ս փակեմ, — հարցրեց Աննան:

Չէ, մնա:

Ոչ, փակեմ, փակեմ, կմրսես, ցուրտ է:

Աննան վեր կացավ և փակեց օդանցքը:

Ուրի՞շ... հա, երազդ մոռացար պատմել:

Չէ, չեմ մոռացել, հիմա կպատմեմ:

Այս շալն էլ որ ծածկես, Էմմա ջան, այն ժամանակ ավելի լավ կլինի:

Արա, ինչ ուզում ես, ես քեզ անձնատուր եմ լինում, — ասաց ժպտալով Էմման:

Աննան շալը ձգեց նրա ուսերին և ծածկեց նրա մեջքն ու կուրծքը:

Ահա այսպես: Հիմա պատմիր` տեսնենք ինչ երազ ես տեսել:

Բայց այնպե՛ս սարսափելի երազ էր, Աննա, — մտախոհությամբ ասաց Էմման:

Հաա՞... երևի շատ ես վախեցել:

Շատ:

Պատմի՛ր, պատմի՛ր:

Իբրև թե անցնում եմ մի ընդարձակ դաշտով, — սկսեց Էմման: — Դաշտը կանաչ էր, ինչպես գարնանն է լինում: Տեսնեմ հեռու մի ծեր, ալևոր մարդու շուրջը բազմաթիվ ջահել կանայք և աղջիկներ են հավաքված: Ծեր մարդու ձեռքին բազմաթիվ վառ ճրագներ կան: Շուրջը հավաքված կանանցից և աղջիկներից ոմանք հափշտակում են նրա ձեռքից մի-մի ճրագ, ոմանց ծերունին ինքն էր տալիս, և բոլորն էլ՝ ճրագները ձեռքներին` սկսում էին փախչել, կարծես վախենում էին, որ ծերունին ետ կխլի ճրագներն իրենց ձեռքից: Ճրագները վազելուց սաստիկ վառվում էին: Փախչողներից ոմանք, առանց իրենց վնաս տալու ճրագի վառ բոցերից, ազատ վազում էին և ուրախ-ուրախ ծիծաղում, կրկչում, իսկ ոմանք այրում էին իրենց դեմքը, հագուստը, երբեմն լաց էին լինում, երբեմն ծիծաղում, դարձյալ լաց լինում, դարձյալ ծիծաղում և առաջինների հետ հավասար վազում էին, իսկ երբեմն էլ վայր էին րնկնում, քիթ ու բերանը արնոտում, բայց ճրագները ձեռքներից բաց չէին թողնում... Մի ինչ-որ անդիմադրելի զորություն ձգում էր ինձ դեպի ծերունին: Ես վազեցի դեպի նա և հասա նրան այն ժամանակ, երբ արդեն ամենքը հեռացել էին նրանից և ճրագները ձեռքներին՝ վազում էին ընդարձակ դաշտի վրայով: Ծերունու ձեռքին մնացել էր մի հատիկ ճրագ միայն: Այդ ճրագը մերթ շատ պայծառ էր վառվում, մերթ շատ աղոտ: — Այդ ճրագն էլ ինձ տուր, — բացականչեցի ես, ձեռքս մեկնելով: Ծերունին գլուխը բացասական կերպով շարժեց: Նա մի զարհուրելի մարդ էր: «Ուշ եկար, ասում է, քեզ չի հասնի: — Տո՛ւր, տո՛ւր, — աղաչում էի ես: Ճրագն ինձ սաստիկ գրավում էր: «Եթե տամ, ասում է, հագուստդ կայրես»: — Տո՛ւր, տո՛ւր, — թախանձում էի ես: Նա մեկնեց ինձ ճրագը և նույն րոպեին դարձյալ ետ էր ուզում տանել, բայց ես հանկարծ հափշտակեցի նրա ձեռքից և ծիծաղելով մյուսների պես սկսեցի փախչել...

Էմման հանկարծ ցնցվեց և լռեց:

Հետո՞, — հարցրեց Աննան, որին ակամա հետաքրքրում էր նրա երազը: — Ես դեռ չեմ երևում այդտեղ:

Սպասիր, կերևաս, — ասաց էմման:

Հետո, — շարունակեց նա, — ճրագը ձեռքիս՝ փախչում էի... չէ, չէի փախչում, թռչում էի, սլանում էի. ոտներս գետնի վրա չէին: Ճրագը սաստիկ վառվում էր. նրա բոցը դեպչում էր դեմքիս և այրում: Հանկարծ տեսնեմ, կպավ հագուստիս, հագուստս սկսեց այրվել: Սարսափեցի: Ուզում էի ճրագը վայր ձգեմ ձեռքիցս, չէր լինում, կպած էր ձեռքիս, պոկ չէր գալիս... այնինչ՝ հակառակ իմ կամքին` ես շարունակում էի սլանալ... Հանկարծ տեսնեմ դիմացս անթիվ գամփռ շներ հաչոցով հալածում են երկու հոգու, մեկն իբրև թե Զաքարն է, իսկ մյուսն Արամիկս: Զաքարը բռնած ունի Արամիկի ձեռքից: նրանք վազում են շների առաջից: Արամիկը սաստիկ ճչում է, լաց է լինում... ճրագը ձեռքիս սլացա նրանց դեմ, նրանց շներից ազատելու մտքով: «Ճրագը հանգցրու, գոռում է Զաքարը, շները կփախչեն»: Ես փչում եմ ճրագին, փչում եմ, չի հանգչում... «Հանգցրու», աղաչում է Զաքարը: «Հանգցրու, մամա», ճչում է Արամիկը: Ես ավելի ուժով եմ փչում, դարձյալ չի հանգչում ճրագը: Շները դժոխային հաչոց են բարձրացնում... Հանկարծ որտեղիցչգիտեմհայտնվում ես դու, մի անգամ փչում ես, և ճրագը հանգչում է:

Էմման լռեց:

Հետո՞, — հարցրեց Աննան:

Հետո, շուրջս սարսափելի խավար տիրեց...

Եվ...

Հանկարծ դեմքիս մի սաստիկ, խիստ սաստիկ, կարծես երկաթե ձեռքի ապտակ զգացի... Այնքան սաստիկ էր այդ ապտակը, որ ընկա և սկսեցի գլորվել մի մութ անհատակ անդունդ...

Հա՛, հա՛, հա՛, — բարձրաձայն ծիծաղեց Աննան: — Երևի այդ ապտակն իմ համբույրն էր:

Երևի:

Հետո՞, հետո՞ ինչ:

Հետո արթնացա:

Ափսոս, երանի ապտակ չէի տվել, ով գիտե էլ ինչ հիմարություններ էիր տեսնելու:

Չէ, Աննա, լավ եղավ, որ արթնացրիր... ինչպես զարհուրելի՛ էր, — ասաց Էմման մտախոհ:

Հիմա՞, — կարճ լռությունից հետո հարցրեց Աննան:

Էմման սթափվեց, նայեց նրան և տխուր կերպով ժպտաց:

Մեկնիր երազս, — ասաց նա:

Մեկնե՞մ... շատ լավ: Շները խո շներ են, ԶաքարըԶաքար, ԱրամիկնԱրամիկ, դուդու, ես էլես: Ճրագը, որով այրում էիր դեմքդ և հագուստդ, հիվանդությունդ էր: Փչելով և հանգցնելով ճրագը՝ նշանակում է առողջացրի քեզ և... հիմա պետք է վեր կենաս, սիրելիս, և անկողինդ թողնես: Ահա մեկնությունս: Հավանո՞ւմ ես:

Էմման դարձյալ ժպտաց:

Հավանում եմ, — ասաց նա: — Եվ հիմա ուղիղ որ վեր կկենամ: Դու մեկ նեղություն կրիր զանգը տուր:

Ինչո՞ւ:

Աղախինը գա հագցնի ինձ:

Ախ, չէ, սիրելիս, մնա դեռ անկողնում, ես կատակով ասացի, դու դեռ թույլ ես:

Չէ, Աննա, հավատա, չէ. ես ինձ հիմա բավական լավ եմ զգում, միշտ պառկած լինելն էլ ավելի է թուլացնում մարդու, տուր զանգը:

Ի՞նչ հարկավոր է. երբ որ այդպես է, ես ինքս կհագցնեմ քեզ, — ասաց Աննան և սկսեց հագցնել նրան:

Մի ժամից հետո Էմման արդեն հագնված, լվացված և սանրված՝ նստած էր մի ուրիշ տաք սենյակում բազկաթոռի վրա: Նրա դիմաց նստած էր Աննան, իսկ Աննայի մոտԱրամիկը: Փոքրիկ սեղանի վրա դրած էր սուրճը ոսկեզօծ բաժակների մեջ: Երկու վաղեմի և սիրելի ընկերուհիների միջև բացված էր այն քաղցր զրույցներից մեկը, որ երբեք չի վերջանում: Էմման իրեն մի տեսակ թեթև և հանգիստ էր զգում: Ինչ-որ տխուր, բայց անդորր զգացմունք լցրել էր նրա սիրտը:

Զաքարն այդ օրը սովորականից ավելի վաղ տուն եկավ: Ավելորդ է ասել և նկարագրել, թե ինչքան և ինչպես ուրախացավ նա, երբ կնոջն անկողնից արդեն վեր կացած տեսավ: Այդ օրը կնոջից ծածուկ նա մի քանի անգամ համբուրեց Աննայի ձեռքը, իբրև անհուն երախտագիտության և շնորհակալության արտահայտություն:

19

Էմման, հետզհետե ուժի գալով, բոլորովին կազդուրվեց: Զազունյանի վրա սիրահարվելով (թեև նա այդ բանին ոչ մի կերպ չէր ուզում հավատալ), նա իրեն կատարելապես մենակ էր զգում, ամուսինն առավել քան ուրիշը, բնականաբար, նրան անտանելի էր թվում. Արամիկն ընկել էր երկրորդ կարգը, հասարակական զբոսատեղերը հենց սկզբից էլ նրան այնքան չէին գրավում, ուրիշ ո՞վ կար և ի՞նչ կար: Հարկավոր էր նրան մեկը, որ փոքր-ինչ թեթևացներ նրա մենակությունը, և այդ մեկըԱննան էր, որ իր կանացի բնական ընդունակությամբ ու սիրով, իր գալու հենց առաջին օրից ունեցավ նրա վրա իր բարերար ազդեցությունը: Եվ, իրավ, Աննայի ներկայության ժամանակ Զազունյանն այլևս այնպես չէր զբաղեցնում Էմմայի միտքն ո՛ւ սիրտը, ինչպես առաջ, այդ «օտար մարդու» պատկերը հետզհետե աղոտանում էր նրա հիշողության մեջ: Աննան գիտեր նրան զբաղեցնել, նա գալիս էր առավոտյան վաղ, գնում էր գիշերն ուշ: Զաքարն ամենայն անկեղծությամբ սիրեց նրան, նա իրեն երախտապարտ էր համարում դեպի այդ կինը և չգիտեր, թե ինչով և երբ կարող է հատուցանել նրան իրեն արած «երկնային ծառայության» համար, ինչպես ասում էր նա:

Օրերն անցնում էին: Էմման շարունակում էր ավելի ու ավելի քիչ մտածել Զազունյանի մասին, իսկ երբեմն կատարելապես մոռանում էր նրան: Դեպի Զազունյանը տածած զգացմունքը սառչում էր նրա սրտի մեջ և այլևս այնպես չէր անհանգստացնում նրան: «Փառք աստծո», մտածում էր նա ազատ և ուրախ շնչելով, «հազիվհազ ազատվեցի»: Եվ նա սիրով ու երախտագիտությամբ նայում էր Աննայինիր «ազատչին»: — Սիրելիս, ի՞նչ պետք է անեի ես առանց քեզ, — ասում էր նրա այդ հայացքը:

Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, Էմմա, — հարցնում էո Աննան այդպիսի դեպքերում:

Որովհետև դու հրեշտակ ես:

Որ աստված է ուղարկել, ինչպես ասում է ամուսինդ:

Այո:

Բայց տարաբախտաբար, ինձ պոզեր են պակաս, — ասում էր Աննան ծիծաղելով:

Այո, եթե պոզերը միայն սատանաներին չեն պատկանում, — նկատում էր էմման: — Իրավ, Աննա, — ասում էր նա կարճ լռությունից հետո, — ինչո՞ւ դու այդքան լավն ես:

Ճոթ կամ միրգ խո չեմ, որ լավ լինեմ, կանչում էր Աննան ծիծաղելով:

Չէ, Աննա, ասա, ինչո՞ւ դու այդքան լավն ես:

Ես չգիտեմ «լավն» եմ թե վատը, միայն գիտեմ, որ քեզ շատ եմ սիրում:

Ուրեմն պատճառն ա՞յդ ել:

Չգիտեմ:

Այ, ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ ես քեզ պես լավը չեմ:

Դարձյալ «լավ»… Լավը ո՞րն է, է՛: Բարեսի՞րտ, առո՞ղջ, կենսուրա՞խ:

Չէ, չէ, լավը... լավն ուրիշ է... Այ, լա՛վն այն է, որերբ ես քեզ տեսնում եմ, և դու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում:

Ինքդ էլ չես հասկանում, ինչ ես ասում, — ծիծաղում էր Աննան:

Ի՞նչ անեմ, դու խո հասկանո՞ւմ ես:

Լավ, հետո՞:

Հետո այն, որ դու ասում ես, թե լավն ես նրա համար...

Ես այդ չեմ ասում, ասում եմ...

Ասում ես, ասում... Դու ասում ես, թե լավն ես նրա համար, որ ինձ շատ ես սիրում: Ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ, ասում եմ, ես էլ քեզ պես լավը չեմ:

Դու ի՞նչ գիտես, թե «լավը» չես:

Հաա՞, ե՞ս էլ լավն եմ:

Չգիտեմ «լավն» ես թե չէ, — ասում էր Աննան ժպտալով, — միայն երբ ես քեզ տեսնում եմ, և ղու նստած ես մոտս, ինչպես հիմա, քեզ շատ եմ սիրում:

Էմման այդ խոսքերի վրա ծիծաղելով երեխայի նման ընկնում էր նրա վզովը և համբուրում էր նրան:

Այսպես անցավ մոտ մի ամիս: Էմմայի սիրտը բոլորովին խաղաղեց: Ժամանակավոր ալեկոծությունից հետո նրա կյանքը շարունակեց անցնել նույն կարգով, ինչպես առաջ. Զաքարը նրա աչքում նորից դարձավ նույն բարի, իրեն պաշտող ամուսինը, նույն զվարճախոսը և նույն «ծիծաղելին», ինչ որ առաջ. Արամիկը նույնպես այլևս այն «չար» և «փչացած» տղան չէր, ինչ որ իր «հիվանդության» ժամանակ, դա էլ նրա աչքում նորից երեխաների նույն կատարելատիպն էր ինչպես առաջ: Ծառաների վրա տեղի-անտեղի այլևս չէր բարկանում: Կերակուրն ուտում էր նույն ախորժակով, ինչպես առաջ, քնում էր նույնպես հանգիստ, ինչպես առաջմի խոսքով, ամեն ինչ առաջվա ընթացքն ստացավ: Ընդհակառակն՝ այժմ նրա կյանքն առաջվանից է՛լ ավելի լավ և աննկատելի սկսեց անցնել, որովհետև վաղեմի սիրելի, ընկերուհինիր «ազատիչ հրեշտակը» — մոտն էր:

Սակայն, չնայելով, որ նրա սիրտը սառել էր դեպի Զազունյանը նա այլևս առաջվա նման շատ չէր մտածում այդ մարդու մասին, այնուամենայնիվ, ի ներքուստ անհամբեր սպասում էր նրա վերադարձին: Ամեն անգամ, երբ ամուսինը տուն էր գալիս, նա ակամա մի տեսակ հարցական և անհամբեր-հետաքրքիր հայացքով նայում էր նրան, թե արդյոք լուր կամ հեռագիր չունի՞ Զազունյանից, ե՞րբ է գալու նա: Զազունյանի հեռանալուց հետո ոչ մի անգամ նրա անունը չէր հիշել ամուսնու մոտ: Զաքարն էլ նրա հիվանդության պատճառով համարյա բոլորովին մոռացել էր իր վաղեմի բարեկամին, բայց երբ հիվանդությունն անցավ, և նրանց կյանքն սկսեց ընթանալ սովորական կերպով, նա նորից հիշեց Զազունյանին և սկսեց խոսել նրա մասին: Սովորաբար, երբ խոսք էր բացվում Զազունյանի մասին, պատմում էր զանազան արկածներ նրա կյանքից, որոնց մեջ նա այս թե այն կերպ միշտ հերոս էր ներկայացնում: Զաքարը պատմում էր հիացմունքով, մեկը տասն էր շինում, ոչ մի գովասանք չէր թողնում, որ չշռայլեր իր բարեկամի հասցեին, բոլորովին չկասկածելով, թե դրանով ինչ էր շարժում կնոջ սրտում... Էմմայի՝ Զազունյանի վրա սիրահարվելու մասին ունեցած կասկածը նա բոլորովին վանել էր մտքից:

Ո՞վ է այդ Զազունյանը, պ. Զաքար, — մի անգամ հարցրեց նրան Աննան, որ ներկա էր նրա այդպիսի պատմություններից մեկին:

Զազունյանը... Զազունյանն իմ ամենալավ և ամենասիրելի ընկերն է, — պատասխանեց նրան Զաքարը: — Մի զարմանալի ազնիվ և առաքինի մարդ:

Չե՞ք չափազանցում, — ժպտալով նկատեց նրան Աննան: — Այդ ածականները մի տեսակ խորթ են թվում ինձ:

Չեք հավատում ինձ, հարցրեք Էմմային, — ասաց Զաքարը: — Էմմա, — դարձավ նա կնոջը, — ինքդ ասա, ի՞նչպիսի մարդ է Զազունյանը:

Այո, Զազունյանը լավ մարդ է, — պարզ կերպով պատասխանեց Էմման:

— «Լավ», — նկատեց նրան Աննան և ծիծաղեց:

Էմման նայեց նրան և նույնպես ծիծաղեց:

Էմման ինքն էլ չէր հավատում, երբ ես նրան գովում էի, բայց հիմա՝ տեսնո՞ւմ եք, — ասաց Զաքարը:

Բայց ո՞վ է այդ մարդը, որ ես չեմ ճանաչում, — հարցրեց Աննան: — Ձեր տուն գնում-գալի՞ս էր:

Ի՛նչպես չէ, — պատասխանեց Զաքարը: — Եթե մի երկու, երեք շաբաթ առաջ գայիք, կտեսնեիք նրան այստեղ. նա համարյա ամեն օր մեր տանն էր լինում: Երբ դուք եկաք, նա նոր էր հեռացել այստեղից: Ահա գուցե շուտով կվերադառնա, և դուք կտեսնեք, կծանոթանաք նրա հետ: Այսօր-վաղը սպասում եմ հեռագրի կամ իրեն:

Ո՞ւր է գնացել:

Զաքարը պատմեց նրան, թե ուր և ինչ բանի համար է գնացել Զազունյանը:

Շուտով մեկ գա տեսնեմ, թե ով է ձեր այդ «ազնիվ» և «առաքինի» մարդը, — ասաց Աննան: — Դուք այնքան գովում եք նրան, որ ակամա շարժում եք հետաքրքրությունս:

Կգա, կտեսնեք, կծանոթանաք և անձամբ կհամոզվեք, որ ես ճշմարիտ եմ ասում, — պատասխանեց Զաքարը: — Զագորսկուն մի քանի անգամ տեսա, Էմմա, — դարձավ նա կնոջը: — Հարցրի, թե ի՞նչ տարաձայնություն է պատահել նրա և Զազունյանի միջև, բայց նա, չնայելով, որ կոնցերտի գիշերն ասացեք թե երևի այդ մի անգամ կիմանամ, բայց հիմա ասում է, որ այդ մի գաղտնիք է, որ ինքը չի ասի: Ինչքան խնդրեցի, չասաց: Ես զարմանում եմ, ճշմարիտ, թե ինչ գաղտնիք պետք է լինի: Զազունյանին էլ մի քանի անգամ խնդրեցի, որ ասի, բայց նա էլ ոչինչ չէր ասում, միշտ հետաձգում էր: Հավատացիր, ես շատ հետաքրքրվում եմ դրանով:

Էմման ոչինչ չասաց. նա միայն հոնքերը կիտեց և քթի պնչերը լայնացրեց:

Իսկ այդ Զագո՞րսկին ով է, — հարցրեց Աննան:

Զագորսկի չէ, Զագորսկի...

Երևի դա էլ մի ուրիշ «ազնիվ» և «առաքինի» մարդ է: Զաքարը ծիծաղեց:

Չէ, Զագորսկին մի շատ ճարպիկ և ազատամիտ մարդ է, — ասաց նա: Դա էլ իմ վաղեմի ընկերն է, ինչպես Զազունյանը: Փոխգնդապետ է:

Նոր մարդիկ են: Զագորսկի... անպատճառ լեհ է:

Այո, լեհացու արյուն էլ է խառը:

Էմման ծանո՞թ է նրա հետ:

Ուզում էի ծանոթացնել, չուզեց:

Ինչո՞ւ:

Չգիտեմ, ամեն մեկի հետ, ասում է, չեմ ուզում ծանոթանալ:

Ա, երևի ձեր այդ «շատ ճարպիկ» և «ազատամիտ» մարդը հեռու է «զարմանալի ազնվությունից» և «առաքինությունից», — նկատեց Աննան ծիծաղելով:

Ինչո՞ւ դուք այդպես եք կարծում, — հարցրեց Զաքարը:

Որովհետև տեսնո՞ւմ եք, Էմման այն առաջինի հետ... ի՞նչպես է նրա ազգը:

Զագոր... Զազունյան: ...

Զազունյանի հետ ուզեցել է ծանոթանալ, ծանոթացել է և գովում է նրան, իսկ այդ ԶաբորԶագորսկու հետ չի կամեցել ծանոթանալ, չի ծանոթացել և, ինչպես երևում է, չի հավանում նրան: Այնպես չէ՞, Էմմա:

Դու էլ զարմանալի ես, Աննա, — առանց նրան նայելու, թեթև անբավականությամբ նկատեց նրան Էմման: — Ես նրա հետ ի՞նչ գործ ունեմ, որ հավանեմ կամ չհավանեմ նրան: — Ուրիշ բան չկա՞ խոսելու, որ նրանց մասին եք խոսում:

Աննան ձեռքերը դրեց նրա ծնկների վրա, առաջ թեքվեց դեպի նրա դեմքը, խորամանկությամբ նայեց նրա աչքերի մեջ և հանկարծ ծիծաղեց:

Ինչո՞ւ «ազնիվ» և «լավ» մարդու մասին խոսելիս էլ չասացիր, որ ուրիշ բաների մասին խոսենք, — նկատեց նա:

Էմման սաստիկ կարմրեց:

Ի՛նչ չար ես, Աննա, — ոտները հատակին խփելով, բացականչեց նա բարկացած և վեր կացավ տեղից: — Այնպիսի բաներ ես ասում, որ ակամա շփոթեցնում ես մարդու:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last