Նար-Դոս՝   Զազունյան

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last

Անպիտա՛ն, — ձեռքն ամուր խփելով սեղանին, բացականչեց Զազունյանը հայերեն և, բարկությունից դողալով, վեր կացավ տեղից:

Իզուր դուք այդ բառը չինարեն չասացիք, — ասաց Զագորսկին ֆրանսերեն և նույն հանդարտ ձայնով, ինչպես խոսում էր առաջ, — որովհետև դուք գիտեք, որ ես հայերեն փոքր ի շատե հասկանում եմ: Այնուամենայնիվ, այդ բառն ես իսկույն հանում եմ իմ գլխից և քամու եմ տալիս: Սակայն ես կարծում եմ, որ կարելի է և չտաքանալ, որովհետև հաստատ համոզված եմ, որ ես գործ ունիմ լուսավորված և քաղաքակիրթ մարդու հետ:

Զազունյանի համբերությունն անցավ սահմանը: Նա մի կատաղի և զզվանքով լի հայացք ձգեց Զագորսկու վրա և վճռականապես դիմեց դեպի դուռը:

Սպասավորը, որ սեղանի հանած աղմուկից ներս էր շտապել, շտապով մոտեցավ նրան, նախքան նա դուրս կգնար, և շատ քաղաքավարությամբ հայտնեց նրան, որ նա շնորհ է արել ընթրիքի փողը չվճարել:

Զազունյանը հանեց գրպանից պատահած թղթադրամը, շպրտեց նրա վրա և ուզեց դուրս գնալ:

Նա ախր մեռավ, դուք չգիտեք, ես նրանից նամակ ունիմ ձեզ հանձնելու, — կանչեց նրա ետևից Զագորսկին:

Զազունյանի ոտները կարծես հանկարծ գամեցին հատակի վրա: Նա կանգ առավ զարմացած, մինչև անգամ վախեցած նայեց նրան արագ: Բայց տեսնելով Զագորսկու մի տեսակ լրբությամբ ծածկաբար ժպտող դեմքը, չհավատաց նրան և դարձյալ ուզեց դուրս գնալ:

Je vons jure, ես ճշմարիտ եմ ասում, — դարձյալ կանչեց նրա ետևից Զագորսկին:

Զազունյանը դարձյալ կանգ առավ, նա երկմիտ էր՝ հավատա՞, թե չհավատա:

Զագորսկին, առանց շտապելու, հանեց երկար թղթապանակը, թղթապանակի միջից սև շրջանակավոր մի ծրար և ուր ցույց տվեց Զազունյանին:

Զազունյանը մոտեցավ նրան:

Բայց նախքան այս նամակը ձեզ հանձնելը, — սա առ Զագորսկին նամակը ձեռքին պահելով, — ես ինձ ստիպված եմ համարում, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերությամբ, որով հետև...

Զազունյանն անհանգստության մի շարժում գործեց:

Խնդրեմ, խնդրեմ, — ասաց Զագորսկին: — Ես շատ մեղմ լեզվով կխոսեմ, որովհետև տեսա, որ դուք իմ գոր ծածած «խլել» բառից շատ վրդովվեցիք, թեև այդ բառն իմս չէր, այլձերը: Այո, պարոն, իբրև ճշմարիտ ջենտլմեն, ես ինձ ստիպված եմ համարում ապացուցել ձեզ իմ իրավունքները հայտնի անցքի վերաբերմամբ, որովհետև տեսնում եմ, որ դուք, չնայելով իմ փոքր-ինչ առաջ տված հիմնավոր, մանրամասն բացատրություններին, դարձյալ ինձ բոլորովին չեք հասկացել և հայտնի անցքի, ուրեմն և ինձ վրա դեռ շարունակում եք նայել առաջվա հայացքով: Շատ ցավում եմ, որ ինքներդ եք պատճառ դառնում ինձ ակամա երկար խոսելու, չնայելով, որ սկզբից ես ձեզ ասել էի, թե կարճ կկտրեմ: Կրկնում եմ իմ նպատակս չէ արդարացնել ինձ ձեր առջև, այլ այն, որ արդարացնեմ իմ իրավունքներս, և ձեր պարտականությունն է լսել ինձ:

Որքան էլ ծանր, որքան էլ անտանելի լիներ Զազունյանի համար այդպիսի մի ակամա խաղալիք լինել Զագորսկու ձեռքին, նա ստիպված էր եթե ոչ լսել, գոնե այնքան սպասել, մինչև որ կստանար նամակը:

Խնդրեմ շնորհ արեք նստել, — ասաց Զագորսկին:

Զազունյանը շնորհ չարեց նստել, այլ մնաց կանգնած: Լուռ ու մունջ նա նայում էր ուրիշ կողմը:

Ձեր ազատ կամքն է, — ասաց Զագորսկին: — Այժմ արդեն ես շատ կարճ կկտրեմ: Կխոսեմ միայն ընդհանուր գծերով: — Խոսքս բացառապես կնոջ մասին լինելով, պետք է ասեմ, որ ես կնոջ վրա առհասարակ նայում եմ օբյեկտիվ տեսակետից: Կանանց էմանսիպացիայից հետո, այժմ, մեր ժամանակներում, ծիծաղելի է, իհարկե, պաշտպանել նրանց իրավունքները: Այդ այդպես: Հետոյուրաքանչյուր անհատի վրա ես նայում եմ իբրև մի ինդիվիդիումի վրա այդ մեկ, և երկրորդ՝ ես ոչ մի քաղաքացիական կամ բարոյական օրենք չեմ ընդունում, բացի, այսպես ասած, բնական օրենքից, որ գտնվում է իրեն՝ մարդու մեջ: Խոսքս, կրկնում եմ, բացառապես վերաբերում է կնոջն, երբ նա ամուսին է: Կինը մինչև այն ժամանակ է մի ադամ արդի ամուսինը, երբ սիրում է նրան, բայց երբ դադարեց նրան սիրելուց և սիրեց մի ուրիշ տղամարդի, այլևս առաջինի ամուսինը չէ, այդ հաստատ է: Այդպես է պահանջում բնական, այսինքն սիրո օրենքը, որ ամենաճիշտը և ամենապարգև է: Ես այլևս չեմ երկարացնում: Այդ բոլորից դուք կարող եք հետևցնել այն, ինչ որ հարկավոր է: Dixi, ես վերջացրի: Այժմ համեցեք այս նամակը:

Նա մեկնեց Զազունյանին նամակը:

Զազունյանն առավ և շտապեց դուրս գնալ:

Զագորսկին ժպտաց նրա ետևից, վերցրեց Զազունյանի համար լցրած զելտերյան ջուրը, խմեց, հանեց շշի գիրը դրեց սեղանի վրա, վեր կացավ, գլխարկը ծածկեց և դուրս գնաց Զազունյանի ետևից:

Կեսգիշեր էր: Փողոցում անցուդարձը կտրվել էր: Զագորսկին շտապեցրեց քայլերը և հասավ Զազունյանին:

Ինչո՞ւ դուք չեք ուզում լսել այն, — ասաց նա, նրա հետ առաջ գնալով, — ինչ որ, իմ կարծիքով, չեք գտնի այդ նամակում: Դուք իզուր եք ինձնից փախուստ տալիս, մանավանդ այժմ, երբ չկա այլևս մեր մեջ երկպառակություն ձգողը: Մենք կարող ենք առաջվա նման բարի բարեկամներ լինել, եթե դուք այդ ցանկանաք:

Զազունյանի կատաղությունը բորբոքվեց, բայց նա կարողացավ զսպել իրեն և լուռ առաջ անցավ:

Նա մեռավ անցյալ տարի, — ասաց Զագորսկին, նրա ետ հավասար առաջ գնալով: — Մեռավ թոքախտից... Խնդրեց ինձ, որ այդ նամակը ձեզ ուղարկեմ, և ես, իբրև ճշմարիտ ջենտլմեն, այդ իմ սրբազան պարտականությունը համարեցի: Բայց որովհետև ինձ հայտնի չէր ձեր ուր լինելն, այդ պատճառով ես սրբությամբ պահեցի այդ նամակը, մինչև որ բախտը կամ հաջող դեպքն այս գիշեր հանդիպեցրեց մեզ միմյանց, և ես շնորհ ունեցա այդ սրբազան ավանդն իմ ձեռքովս ձեզ հանձնելու, թեև առաջ էի ուզում հանձնել, այն ժամանակ, երբ ես ձեզ բարևում էի, բայց դուք ինձ... չէիք տեսնում: Ես կատարեցի իմ պարտականությունս: Իսկ այժմadieu. Je vous souhaite le bon soier.

Նա զինվորական պատիվ տվավ, երկարաճիտ կոշիկների կրունկները խփելով իրար զրնգացրեց խթանները, դարձավ, կանչեց դատարկ անցնող մի կառք, առանց շտապելու գնաց նստեց և հեռացավ:

33

Զազունյանը չիմացավ ինչպես հասավ հյուրանոց և բարձրացավ վերև: Բաց արեց իր սենյակի դուռը, մտավ, մթության մեջ խարխափելով, մոտեցավ սեղանին և վառեց մոմը: Մինչև մոմը պայծառ լույս կտար, նա վերցրեց ցիլինդրը, համարյա շպրտեց սեղանի վրա, հանեց վերարկուն, ձգեց աթոռի վրա և Զագորսկուց ստացած ծրարր մոտեցրեց լույսին: Ծրարը պահված էր շատ մաքուր, կարծես հենց նոր էին փակել: Նրա վրա ոչինչ չկար գրած: Սև շրջանակը հանկարծ մի տեսակ ազդեց Զազունյանին: Դողդոջուն ձեռքով պատռեց ծրարը, հանեց պոստի նույնպես սև շրջանակավոր ազնիվ թուղթը և կարդաց կնոջ, ըստ երևույթին, հմուտ, բայց թույլ ձեռքով գրած հետևյալ տողերը.

«Աղաչում եմ, նախքան կարդալը, մի պատռեք և դեն մի շպրտեք այս նամակը: Այս տողերն ես գրում եմ մահվան անկողնում: Ի՞նչ նպատակով: Դուք կհասկանաք ինձ, եթե ձեզ ասեմ, որ ձեզ և Անուշիս թողնելով` ես ինձ կենդանի գերեզման դրի: Ես սիրում էի սրան, բայց արդեն շատ ուշ էր, երբ իմացա, որ խաբվել եմ... Աստված նրա հետ: Լսեցի Անուշիս մահը: Ո՛չ, ո՛չ, երբեք մի կարծեք, թե անվանս և պատվիս հետ՝ ես ծախեցի և մայրական զգացմունքներս: Այդ անկարելի է: Աստծուն է միայն հայտնի, թե որքան ես տանջվել եմ... Կներե՞ արդյոք նա ինձ: Հույս ունեմ, եթե միայն... դուք կներեք ինձ: Վերջին և ամենաջերմ փափագս այդ է: Այնուհետև ես հանգիստ կմեռնեմ օրհնելով ձեր անունը.,.»:

Նամակը ոչ ստորագրություն ուներ, ոչ թիվ և ոչ գրված էր, թե ում է ուղղված:

Զազունյանը նամակը կարդալիս չզգաց, թե ինչպես Զագորսկու պատճառած կատաղությունն իսպառ չքացավ: Մի տեսակ պայծառ զգացմունք կամաց-կամաց սկսեց լուսավորել նրա մռայլ հոգին: Ամեն, կատարելապես ամեն ինչ մոռանալով, նրան թվում էր, թե ինքը սավառնում է բարձր, բարձր, և զգում էր, թե ինչպես իր սիրտն` ազատ ամեն տեսակ զգացմունքներից՝ բաբախում է մեղմ, տխուր, բայց սրբազան երջանկությամբ: Եվ իրավ, ի՞նչը կհասներ ներման այն վեհ զգացմ ունքին, որ, որպես փրկության կաթիլներ, ցողում է մարդկային քարացած սրտի և հոգու վրաՄոլորված կինը խղճի տանջանքների տակ` վերջին անգամ դարձյալ դեպի նա է դառնումԴեպի իր ամուսինը և, մահվան անկողնում պարզելով նրան իր դողդոջուն ձեռքերը ներումն է հայցում...

Զազունյանի աչքերը լցվեցին արտասուքով:

Երկար ժամանակ, կարծես արձանացած, նա կանգնած էր սեղանի առջև: Նամակը դողում էր նրա ձեռքում, և նրա աչքերը չէին հեռանում նամակից:

Շուրջը և դուրսը կատարյալ լռություն էր տիրում:

Հանկարծ դռան մոտ մի թեթև շրշյուն նրա ուշադրությունն իր կողմը դարձրեց: Նա արագ դարձավ դռան կողմը և ակամա ետ ու ետ գնաց: Այն, ինչ էր այդ րոպեին ներկայացավ նրա աչքերին, տեսիլ միայն կարող էր լինել, ուրիշ ոչինչ...

Նա աչքերը փակեց և ձեռքը թափահարեց դեմքի առջև, կարծես դեմքից մի բան քշելով: Աչքերը նորից բաց անելով, նույն տեսիլը ներկայացավ նրան դռան մոտ կանգնած:

Հանկարծ նա մի քանի քայլ առաջ վազեց, կարծես մեկն ետևից հրեց նրան, հանկարծ կանգ առավ և ձեռքերը տարածեց դեպի տեսիլը:

Է՛մմա, — բացականչեց նա:

Տեսիլը շարժվեց և ընկավ նրա գիրկը:

Է՛մմա, — շշնջաց Զազունյանը:

Նրանց շրթունքները հանգան իրար վրա:

Է՛մմա... ի՞նչպես այս կեսգիշերին... ինձ մոտ...

Չգիտեմ… — չգիտեմ, շշնջաց Էմման, ամուր սեղմվելով նրա կրծքին:

Է՛մմա... — կրկնեց Զազունյանը, — մի՞թե այս երազ չէ: :

Երազ... օ՛հ, երազ... — Եվ Էմման իր սիրուն գլուխը, որից ընկել էր շալը, ավելի սեղմեց նրա կրծքին:

Զազունյանի ձեռքերն անզգայաբար գրկեցին նրա ճկուն իրանը, շրթունքները կպան նրա փայլուն մազերին:

Մի կարճ միջոց երկուսն էլ ոչ մի խոսք այլևս չկարողացան արտասանել: Զազունյանն իր կրծքի վրա զգում էր էմմայի դեմքի ջերմությունը, Էմման լսում էր Զազունյանի սրտի արագ զարկը:

Վերջապես կամաց-կամաց Զազունյանն սթափվեց, նա մի տեսակ անմիտ հայացքով նայեց շուրջը զգուշությամբ թողեց Էմմային և կամաց հեռացավ նրանից:

Գնա՛ այստեղից, Էմմա, — ասաց նա խուլ ձայնով, աշխատելով չնայել նրան:

Էմման միայն անմեղ, անհուն երջանկությամբ ժպտաց և լուռ տարածեց դեպի նա իր դողդոջուն ձեռքերը, կարծես նրան դարձյալ իր գիրկն էր կանչում:

Էմմա, գնա այստեղից, — կրկնեց Զազունյանը:

Ո՞ւր:

Ձեր տուն:

Ինչո՞ւ:

Ես վախենամ եմ:

Ո՞ւմից...

Քեզնից... քեզնից... գնա:

Արսե՛ն...

Գնա, գնա, աղաչում եմ:

Դու կփախչես:

Ես քո ստրուկն եմ, է՛մմա

Կփախչես, կփախչես, Արսեն... հազիվհազ գտել եմ քեզ

Է՛մմա, հավատո՞ւմ ես, որ ես սիրում եմ քեզ:

Էմման ձեռքերը տարածած մի քայլ առաջ վազեց:

Ի՞նչ ասացիր... դու... ինձ... սիրում ես. ախ, աստված իմ, այս ինչ լսեցի... Իսկ ես քեզ ո՛րքան եմ սիրում...

Ուրեմն գնա... այս անգամ գնա:

Թող մի փոքր էլ մնամ, Արսեն:

Չէ, չէ, Էմմա, աղաչում եմ, գնա, գնա, իսկույն:

Էմման մի հուսահատական շարժում գործեց:

Ո՞ւր գնամ, — ասաց նա: — Չէ՞ որ ես այստեղ դրախտումն եմ: Ահա այստեղ ինձ համար խելոք կնստեմ, ոչ կխոսեմ, ոչ ձայն կհանեմ, ոչինչ չեմ անի... միայն թող որ նայեմ քեզ:

Իմ սիրույս համար, կմնա...

Այն աստիճան տանջանքով և աղերսանքով էին արտասանված այդ բառերը, որ Էմման այլևս չկարողացավ հակառակել: Նա միայն նախ լուռ ու անթարթ նայեց Զազունյանի աչռերին, հետո կամաց շուռ եկավ և կամաց գնաց դեպի դուռը: Դռան մոտ նա հանկարծ կանգ առավ և ճակատը սեղմեց դռանը:

Ախ, չե՛մ կարող, չե՛մ կարող, — սաստիկ հուսահատությամբ կանչեց նա:

Իմ սիրույս համար, է՛մմա, — կրկնեց Զազունյանը:

Գոնե երդվիր, որ չես գնա:

Մի՞թե ինձ չես հավատում, Էմմա:

Էմման դուրս վազեց:

Մոտ քառորդ ժամ Զազունյանը կանգնած էր արձանացած` աչքերը դռանը հառած: Ի՞նչ էր զգում և ի՞նչ էր մտածում նա... Հանկարծ նա մտածեց, որ կեսգիշերից անց է, որ Էմման ամենայն հավանականությամբ մենակ էր եկել, որ փողոցներում հազար ու մի կասկածավոր մարդիկ են շրջում, որ...

Խենթի նման վեր թռավ տեղից, հենց այնպես գլխաբաց դուրս վազեց փողոց և նայեց այս ու այն կողմը: — Ո՞վ կար կամ այն մթության մեջ ո՞վ պետք է երևար: Նա վազեց Մարկոսյանների տան կողմը: Ճանապարհին ոչ մի մարդ չպատահեց: նա հասավ Մարկոսյանների տանը, նայեց դռանը, — փակ էր, նայեց բարձր լուսամուտներինճրագի լույս չկար: Երկար ժամանակ չէր իմանում՝ հեռանա՞, թե մնա. արդյոք Էմման հասե՞լ է տուն և նե՞րս է մտել, թե դեռ ճանապարհին է... արդյոք ճանապարհին մարդի՞կ պատահեցին, արդյոք... սաստիկ երկյուղն ու հուսահատությունը պաշարեցին նրան, միևնույն ժամանակ նա սաստիկ կատաղեց իր դեմ, որ այդ կեսգիշերին Էմմային մեն-մենակ ճանապարհ ձգեց:

Երկու ժամից հետո, ոչ մեռած և ոչ կենդանի, վերադարձավ հյուրանոց, մտավ իր սենյակը և ընկավ մահճակալի վրա: Երկար ժամանակ պառկած էր անշարժ, հետո հանկարծ վեր ցատկեց տեղից և լռած աչքերով նայեց այս ու այն կողմը:

Չլինի՞ թե այս բոլորն երազ էր միայն, — ասաց նա ինքնիրեն:

34

Հետևյալ օրը, երբ նա աչքերը բաց արեց, տեսավ Զաքարին սեղանի մոտ նստած:

Զաքա՞ր... ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, — կանչեց նա սաստիկ վախեցած, տեղից իսկույն վեր թռչելով:

Ի՞նչ պետք է պատահի, ի՞նչպես ես վեր թռչում, — զարմացավ Զաքարը, վեր կենալով և մոտենալով նրան» — Ե՛ս պետք է քեզ հարցնեմ, թե ինչ է պատահել, որ այդպես առանց հանվելու ես քնել: Երևի արբած ես եղել:

Զազունյանը ազատ շունչ քաշեց, կարծես մի ծանր, անտանելի ծանր բեռ ընկավ նրա սրտից: Նա նայեց իրեն, և տեսավ, որ, իրավ, առանց հանվելու է քնել: Գիշերվա անցքը նորից սկսեց մտատանջել նրան, թե արդյոք այն իսկապե՞ս երազ էր, թե իրողություն:

Համարյա, — պատասխանեց նա ոչ իսկույն: — Բայց այս ի՞նչ է. այս ժամանակ դու իմ սենյակո՞ւմ:

Իհարկե կզարմանաս, քանի որ մոռացել ես, թե մեզ ի՛նչ ես ասել և ինչ ես խոստացել, — ասաց Զաքարը: — Անցյալ օրը մեզ ասում ես, թե մեկ կամ երկու օրից պետք է հեռանաս և խոստանում ես հեռանալուց առաջ այցելել մեզ, այնինչ երեկ բոլորովին ոտք չես դնում մեր տուն: Երեկ երեք անգամ եկա այստեղ, բայց ոչ մի անգամ էլ քեզ այստեղ չգտա: Այսօր էլ վախենալով, թե միգուցե մեզ մոռացած լինես և առանց մեզ տեսնելու հեռանաս դու այնպիսի մարդ ես, որ զարմանալի էլ չէ, եթե այդպիսի բան անես, ահա այսպես վաղ-վաղ գալիս եմ քեզ մոտ: Ասենք, էլ ինչ վաղ է, քանի ժամանակ է նստած եմ այստեղ:

Ի՞նչ ես ասում, — զարմացավ Զազանյանը:

Այո՛: Խո անհանգիստ չէի անի քունդ, մանավանդ որ տեսնում էի՝ ուշ ես պառկել քնելո՛ւ, որովհետև եթե վաղ պառկած լինեիր, ինչքան էլ արբած լինեիր, դարձյալ ժամանակ կգտնեիր հանվելու և դուռը փակելու: Բայց այդ չէ, Արսեն, ահա ինձ ինչ է հետաքրքրում: Այս ի՞նչ է:

Նա վերցրեց սեղանի վրայից մի թուղթ և ցույց տվեց Զազունյանին:

Զազունյանը նայեց և ցնցվեց, կնոջ նամակն էր, որ թողել էր սեղանի վրա և որի գոյությունը բոլորովին մոռացել էր:

Ի՞նչ է, — հարցրեց նա իր կողմից, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում:

Այս նամակը: Ներիր, որ հետաքրքրությունս չկարողացա զսպել և կարդացի: Ո՞ւմն է գրած:

Ինձ:

Ո՞վ է գրել:

Կինս:

Դու կի՞ն ունես:

Ունեի:

Զաքարը զարմանքից ապուշ կտրած՝ նայեց Զազունյանի աչքերին:

Հետո, այստեղ մի անուն կա, — ասաց նա, նայելով նամակին: Անուշ... ո՞վ է:

Աղջիկս:

Ուրեմն դու համ կին ես ունեցել, համ աղջիկ:

Այո:

Զաքարը նամակը դրեց սեղանի վրա և ձեռքերը զարկեց իրար:

Ահա թե ում համար է ասված` մարդը գիշերից էլ մութ է, — ասաց նա: — Երբեք մտքովս էլ չեմ անցկացրել, թե դու կարող ես ամուսնացած լինել և զավակ ունենալ: Իսկ դու ինչո՞ւ էիր այդ բանն ինձնից ծածկում: Դու մի ամբողջ ռոման, մի ամբողջ պատմություն ես ունեցել և ինձ ոչ մի խոսք չես ասել: Այդ ներելի՞ է քեզ, մեր բարեկամությանը, մեր եղբայրությանը: Ապա ի՞նչպես չնեղանամ քեզնից, ի՞նչպես չնե ղանամ: Է՛հ...

Նա ձեռքը թափահարեց և նստեց սեղանի մոտ:

Զազունյանը կանգնած էր անշարժ:

Կարճ ժամանակ լռություն տիրեց:

Ե՞րբ ես ստացել այս նամակը, — հանկարծ հարցրեց Զաքարը:

Երեկ գիշեր, — պատասխանեց Զազունյանը:

Գիշե՞րը... Ո՞ւմից

Զագորսկուց:

Զագորսկո՞ւց, — խիստ զարմացավ Զաքարը:

Այո:

Հետո՞:

Հետո ի՞նչ, — ասաց Զազունյանը, նստելով մահճակալի վրա:

Զագորսկուց ինչո՞ւ պետք է ստանայիր այս նամակը, ի՞նչ է շինում նրա ձեռքին:

Կինս նրան էր սիրում:

Զագորսկո՞ւն, — բացականչեց Զաքարը:

Այո:

Զաքարը բոլորովին ապուշ կտրեց:

Աստված է վկա, Արսեն, ես ոչինչ չեմ հասկանում, — ասաց նա վեր կենալով և մոտենալով նրան: — Հետո՞, հետո ի՞նչ, — անհամբերությամբ հարցրեց նա: — Պատմիր, թե աստվածդ կսիրես:

Ի՞նչ պատմեմ, արդեն պարզ է, — ասաց Զազունյանը: — Կինս սիրում էր Զագորսկուն, — թողեց ինձ և փոքրիկ աղջկան և հեռացավ նրա հետ: Մի տարուց հետո՛ աղջիկս մեռավ, իսկ ես անձնատուր եղա ճանապարհորդության, վիշտս մոռանալու համար: Այսքան ժամանակ ոչ մի տեղեկություն չունեի կնոջս մասին և չէի էլ ուզում ունենալ, բայց երեկ գիշեր ճաշարանում Զագորսկին պատահմամբ հանդիպեց ինձ և տվեց այդ նամակը: Այս է բոլորը:

Զաքարը բերանը բաց նայում էր նրան: Նրա դեմքի վրա այս անգամ երևում էր սաստիկ կարեկցություն:

Ի՛նչ թշվառ մարդ ես վերջապես ասաց նա հառաչելով և նամակը նորից վերցնելով սկսեց մտքումը կարդալ: — Ի՛նչ թշվառ է և այս կինը, — ասաց նա, նամակը կարդալուց հետո, աչքերը չհեռացնելով նրանից: — Ուրեմն այդպես, հը՞, — կարճ լռությունից հետո ասաց նա: — Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ դու այնպես խույս էիր տալիս Զագորսկուց. դու մի՛ ասի ձեր մեջ մի այդպիսի բան է եղել... Բայց Զագորսկին, Զագորսկին... ի՞նչ կկարծեի, թե նա այդ աստիճան ստոր կերպով կվարվի քեզ հետ... Իսկ քո կինն էլ, բարեկամ, ինչպես երևում է, ներիր ինձ, լավ պտուղ չի եղել: Ես Զագորսկուն այնքան չեմ մեղադրում, որքան նրան: Եթե նա լավ...

Իսեր աստծո, Զաքար, թողնենք այս խոսակցությունը և մոռանանք ամեն բան, — ասաց Զազունյանը, վեր կենալով տեղից: Նրա համար չափից դուրս անտանելի էր խոսել այդ մասին, մանավանդ Զաքարի հետ, որին բախտը, թեև իրենից այժմս ծածուկ, վիճակել էր նույն դերը կատարելու, ինչ դեր որ կատարում էր այդ բանում ինքըԶազունյանը:

Բայց մի բան, — ասաց Զաքարը: — Այս ե՞րբ է պատահել:

Ի՞նչը, մահը... Անցյալ տարի...

Անցյա՞լ տարի... Չէ, ես այդ չեմ ա...

Ասացի թողնենք այս, թողնենք:

Կարճ ժամանակ լռություն տիրեց:

Բայց դու ներո՞ւմ ես նրան, — հանկարծ հարցրեց Զաքարը:

Ներում եմ:

Անկե՞ղծ սրտով:

Բոլորովին անկեղծ սրտով:

Զաքարը դարձյալ կարեկցությամբ նայեց նրան:

Խե՛ղճ Արսեն, — ասաց նա:

Զազունյանը հոնքերը կիտեց:

Ինձ մի՛ խղճա, — խուլ ձայնով ասաց նա և հանեց սյուրտուկը, որպեսզի լվացվի: — Ժամը քանի՞սն է:

Զաքարը հանեց ժամացույցը և նայեց:

Պահ, շուտով տասնևմեկը կլինի, — կանչեց նա անհանգստությամբ: — Ես պետք է գնամ ախր հիվանդանոց, քնելդ ինձ էժան չնստեց: Կշտապեմ: Բայց, լսիր, Արսեն, ինչ եմ ասում: Ի սեր աստծո, գնա մեր տուն, ճաշին մեզ մոտ կլինես: Այսօր, ինչպես տեսնում եմ, դու բոլորովին միտք էլ չունես մեկնելու: Չէ՞:

Այսօ՞ր, չէ, այսօր չեմ կարող, — պատասխանեց Զազունյանը:

Ուրեմն ինչ ուզում է լինի, էլի մի քանի օր կմնաս այստեղ:

Չգիտեմ... գուցե...

Հա, հա, մնա, թե աստվածդ կսիրես, մնա, — ասաց Զաքարը գլխարկը ծածկելով: — Իսկ այսօր, հենց հիմա, հագնվելուց հետո, գնա մեր տուն: Ժամը մեկին կամ երկուսին էլ ես կվերադառնամ: Առայժմ ցտեսություն: Անպատճառ գնա:

Եվ նա շտապով դուրս գնաց:

Զազունյանը տխուր հայացքով նայեց նրա ետևից:

Թշվառական, ի՞նչ ես ինձ այդպես ստիպում, — ասաց նա: — Եթե գիտենաս, թե ով եմ ես... Բայց չէ՛, չէ՛, քո անկեղծ հավատը կփրկե քեզ...

Լվացվելուց հետո նա հագուստը փոխեց, որովհետև անկողնում բավական ճմռվել էր: Հագնվելուց հետո նա դեռ չէր վճռել՝ գնա՞ Էմմայի մոտ, թե ոչ: Բայց որովհետև գիշերվա հանելուկը նրան քանի գնում, ավելի էր մտատանջում, այդ պատճառով նա այլևս երկար չսպասեց և վճռեց գնալ: Հանելուկն ուզում էր շուտով լուծել:

Նա ծածկեց ցիլինդրը և դուրս գնաց:

35

Նա նոր էր մտել հյուրասենյակը, երբ հանկարծ երեխայի նման ներս վազեց Էմման և ուղղակի փարվեց նրա վզովը կանչելով՝

Արսեն... դու չե՞ս փախել, դու չե՞ս փախել:

Եվ նախքան Զազունյանը ուշքի կգար, նա ամուր համբուրեց նրա ականջի մոտ և բաց թողեց նրան:

Է՛մմա, է՛մմա, — շշնջաց Զազունյանը սարսափած: — Դու մոռանում ես, որ ես ձեր հյուրն եմ, որ ես իմ բարեկամիս տանն եմ գտնվում...

Իմ ի՞նչ գործն է, — մի տեսակ չարաճճի, միամիտ ժպիտով ասաց Էմման: — Կարծես թե այդ ինձ համար որևէ նշանակություն ունի... Ես քեզ եմ սիրում, դու ինձ ես սիրում, պրծավ գնացմի՞թե դրանից դուրս աշխարհիս երեսին ուրիշ բան գոյություն ունի մեզ համար: Երեկ գիշեր ինձ դրախտից դուրս արիր, ուղարկեցիր այս դժոխքը, հիմա դրախտն այստեղ ես բերել և դարձյալ ինչ-որ հիմար բաներ ես հիշեցնում:

Զազունյանը բոլորովին սարսափած նայում էր նրան:

Ուրեմն այդ ճշմարիտ է, — շշնջաց նա:

Ի՞նչը:

Որ երեկ գիշեր դու ինձ մոտ էիր:

Ախ: քեզ է՞լ այդ երազ է թվում, — կանչեց Էմման ուրախ կչկչալով: — Երևակայիր, ես էլ ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ, թե երեկ գիշեր քեզ մոտ էի, այնինչ, ախր, իսկապես քեզ մոտ էի: Ի՞նչ էիր անում դու, երբ ես մտա քեզ մոտ... Ես ոչինչ, ոչինչ չեմ հիշում, միայն այն եմ հիշում, որ դու... վռնդեցիր ինձ:

Նա երեխայի նման խնդաց:

Զազունյանի լեզուն կարծես կապվել էր. նա միայն անթարթ նայում էր Էմմայի գեղեցիկ, չարաճճի դեմքին:

Ի՞նչ ես ինձ այդպես նայում, — կանչեց Էմման, ավելի խնդալով: — Վա՛, մի՛ նայիր ինձ այդպես, ծիծաղս գալիս է...

Բայց այն կեսգիշերին ինչո՞ւ եկար, Էմմա, — հարցրեց Զազունյանը, որ ինքն էլ չէր իմանում, թե ինչ է ասում:

Ինչո՞ւ եկա, — դժգոհությամբ կանչեց Էմման: — Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ եկա:

Այսինքն՝ ուզում եմ ասել` ինչպե՞ս եկար, ինչպե՞ս չվախեցար:

Ախ, այդ էլ հարցնելու բան չէ: Ի՞նչ է նշանակում՝ ի՞նչպես եկար, ի՞նչպես չվախեցար: Մի՞թե դու ինձ այն դրության մեջ էիր ձգել, որ ես որևէ բանից վախենայի: Եթե մինչև անգամ գիտենայի, որ ճանապարհին միլիոնավոր գազաններ կպատահեն, դարձյալ կգայի: Երևակայիր, անցյալ օրը հանկարծ, անսպասելի կերպով հայտնում ես, թե մի կամ երկու օրից հետո, այսինքն՝ երեկ կամ այսօր անպատճառ պետք է հեռանաս այստեղից, ես խնդրում եմ, որ հեռանալուց առաջ այցելես մեզ, իսկ դու... Երեկ ամբողջ օրը սպասում էի, սպասումո՛ւր է... Այլևս համբերություն կմնա՞ր, ինքդ ասա, այլևս կարո՞ղ էի համբերել: Չեմ կարող ասել, թե ինչպես տանջվում էի ես, որ մտածում էի, թե դու. կարող ես, առանց ինձ տեսնելու, հեռանալ այստեղից կամ արդեն հեռացած կլինես: Ես պարզապես խելագարված էի: Կեսգիշերին ի՛նչպես եկա քեզ մոտինքս էլ չգիտեմ, միայն երբ սենյակիդ դուռը բաց գտա և ներս մտնելով քեզ տեսա այնտեղ... Ա՛խ, եթե իսկույն մեռնեի էլ, միևնույնը կլիներ ինձ համար... Բայց ո՛րքան անխիղճ վարվեցիր դու ինձ հետ, Արսեն, հենց նոր մտել էի, իսկ դու իսկույն վռնդեցիր ինձ:

Բայց ի՞նչպես հասար տուն, — հարցրեց Զազունանը:

Ի՞նչպես հասա... Թռա, ա՛յ, այնպես, ինչպես թռչում են ծտերըթը՛ռռռ... Հավատա, ես թևեր ունեի... ինչպե՛ս թեթև թռչում էի: Հիմա էլ կարող եմ թռչել, գիտե՞ս: Կուզես, թռչեմ:

Իրավ, նա թռավ և փարվեց Զազունյանի վզովը:

Է՛մմա, է՛մմա, — դարձյալ սարսափած շշնջաց Զազունյանը և ազատվեց նրա գրկից: — Ի՞նչ ես անում:

Թռչում եմ, — կանչեց Էմման կչկչալով:

Բայց այդ թռիչքները շատ վտանգավոր են:

Ի՛նչ անեմ... ես թևեր ունեմ և թռչում եմ...

Է՛մմա...

Ախ, անունս այդպես մի արտասանիր, չեմ սիրում... այ, այնպես խոսիր ինձ հետ, ինչսես ես եմ քեզ հետ խոսում:

Այստեղ մարդ կարող է մտնել, Էմմա, քիչ հանգիստ:

Ո՞վ կմտնի, ո՞վ կարող է մտնել... Թող թեկուզ հենց մտնեն, ի՞նչ է որ:

Զազունյանը բոլորովին շփոթվել էր, նա չգիտեր ինչպես հանգստացներ Էմմային, որը մի կատարյալ չարաճճի երեխա էր դարձել:

Թե սիրում ես ինձ, Էմմա, հանգիստ, — կամաց արտասանեց նա: — Քո տեղ ես եմ վախենում:

Վախենո՛ւմ... Տե՛ր աստված, սա միշտ տարօրինակ բաներ է ասում... Ի՞նչ է նշանակում՝ վախենում... մի՞թե մենք որևէ բանից կարող ենք վախենալ, երբ միմյանց մոտ ենք: Ո՞ւմից կամ ի՞նչից պետք է վախենանք:

Մեր խղճից, Էմմա, մեր խղ...

Էմման ձեռքով իսկույն փակեց նրա բերանը:

Մի՛, մի՛, — կանչեց նա շնչասպառ, — այդ խոսքը չեմ ուզում...

Զազունյանը տեսավ, թե ինչպես նրա զվարթ, պայծառ, կենդանությամբ շնչող դեմքը մի ակնթարթում գունատվեց:

Ուրեմն տեսնո՞ւ...

Էմման ավելի պինդ սեղմեց ձեռքը նրա բերանին:

Լռի՛ր, — շշնջաց նա: — Ի՞նչ եմ անում դժոխքը, երբ դրախտի մեջ եմ... Լռի՛ր: — նա ձեռքը հեռացրեց Զազունյանի բերանից և, դնելով իր շրթունքներին, շշնջաց. — սո՛ւ սո՛ւ... Ի՞նչպես անցրիր գիշերը, — հանկարծ հարցրեց նա առաջվա ուրախ և զվարթ ձայնով:

Զազունյանը շատ տխուր նայեց նրան և նստեց:

Շատ վատ, — ասաց նա ոչ իսկույն:

Ախ, ինչո՞ւ այսօր շարունակ այդպիսի վատ բաներ ես ասում, — խիստ դժգոհությամբ կանչեց Էմման: — Բայց ապա մեկ ասա տեսնեմ, թե ինչու գիշերդ վատ պետք է անցկացնեիր. — հանկարծ ասաց նա, նստելով նրա կողքին, մոտիկ մի ուրիշի աթոռի վրա:

Զազունյանը դարձյալ նայեց նրան:

Իսկ դու ի՞նչպես անցկացրիր, — պատասխանելու տեղ հարցրեց նա:

Չէ, դեռ դու ինձ պատասխանիր, թե ինչո՞ւ գիշերը վատ պետք է անցկացնեիր:

Որովհետև այն կեսգիշերին քեզ մենակ ճանապարհ դրի և չգիտեի, անվտա՞նգ տուն հասար, թե ոչ:

Հա՛, հա՛, հա՛, — բարձրաձայն սկսեց ծիծաղել Էմման: — Ինչո՞ւ ինձ մենակ ճանապարհ դրիր

Խելքս գլխի՞ս էր: Հետո, երբ հանկարծ հիշեցի, թե ի՛նչ աններելի սխալ եմ գործել, իսկույն խենթի նման դուրս վազեցի և եկա մինչև այստեղ, ձեր տուն: Բայց էլ ինչ կօգներ, ոչ իմացա, թե դու անվտանգ տուն ես հասել, ոչ էլ իմացա, թե ճանապարհին քեզ որևէ վտանգ է պատահել, և այնպես էլ վերադարձա: Ամբողջ գիշերն աչքս չեմ խփել: Առավոտյան հազիվհազ քունս եկել էր և հենց այնպես առանց հանվելու էլ քնել եմ:

Հետո՞, — հարցրեց Էմման, որ, հազիվ զսպելով ծիծաղը, շարունակ նայում էր նրան:

Հետո ի՞նչ: Մեկ էլ աչքերս բաց եմ անում՝ տեսնեմ Զաքարը նստած է սենյակումս: Սկզբում խիստ վախեցա, կարծեցի, թե գիշերն անպատճառ քեզ մի բան է պատահել ճանապարհին, որ եկել է ինձ մոտ, բայց որ իմացա, թե նա միայն ինձ հրավիրելու է եկել, ազատ շունչ քաշեցի:

Հա՛, հա՛, հա՛, — ազատություն տվեց Էմման իր ծիծաղին: — Բայց ո՞րտեղ է երազը, էլ ո՞րտեղից էր իմ այցելությունը քեզ երազ թվում:

Իհարկե, երազ էր ու երազ, քանի որ ոչ մի ակներև փաստ չկար, որ հաստատեր, թե դու գիշերն իսկապես այցելել ես ինձ: Ահա հիմա միայն իմացա, որ այդ երազ չի եղել:

Հա՛, հա՛, հա՛, — դարձյալ ծիծաղեց Էմման: — Բայց եթե իսկապես երազ լիներ միայն, այն ժամանակ ի՞նչ կանեիր, — հանկարծ հարցրեց նա և հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին:

Ի՞նչ պետք է անեի, — չիմանալով ինչ պատասխաներ, ասաց Զազունյանը: — Կհեռանայի, — հանկարծ դուրս թռավ նրա բերանից:

Առանց ինձ տեսնելո՞ւ, — շտապով հարցրեց Էմման, ավելի հետաքրքրությամբ նայելով նրա դեմքին:

Ոչ, քեզ պետք է տեսնեի:

Ինչո՞ւ, — կրկնապատիկ հետաքրքրությամբ հարցրեց Էմման:

Զազունյանն ուզում էր հայտնել իր նախօրեն կազմած ծրագիրը, որի համեմատ նա վերջին անգամ պետք է տեսներ Էմմային, բացատրեր, նրան իրենց դրությունը, բայց... չկարողացավ:

Հրաժեշտ տալու, — պատասխանեց նա միայն:

Ի՞նչ, — զարմացած երկարացրեց Էմման, գլուխն առաջ տանելով դեպի նրա. դեմքը: — Հրաժեշտ տալո՞ւ...

Զազունյանը շփոթվեց նրա համառ հայացքից:

Այո, — պատասխանեց նա, որպեսզի մի պատասխան տված լինի:

Եվ միայն:

Այո, — կրկնեց Զազունյանը բոլորովին շփոթվելով:

Էմման գունատվեց:

Ուրեմն ինձ չե՞ս սիրում, — կամաց պատասխանեց նա:

Էմմա, — զարմացավ Զազունյանը:

Ուրեմն հիմա էլ չես սիրում, քանի որ այսօր պետք է հեռանայիր, այսօր պետք է հրաժեշտ տայիր ինձ, — շարունակեց Էմման, ավելի ու ավելի գունատվելով:

Սուտ եմ ակում, Էմմա, սուտ եմ ասումասաց Զազունյանը, նոր հասկանալով, թե ինչպիսի անմիտ պատասխաններ էր տվել նրան: — Ներիր ինձ, աղաչում եմ... Ես բոլորովին չմտածեցի, թե ինչ եմ ասում: Կարո՞ղ էի միթե տեսնել քեզ վերջին անգամ և այն էլ հրաժեշտ տալու համար միայն: Կարո՞ղ էի միթե այսպես շուտ հեռանալ քեզնից, քեզնից, որ ինձ համար ամեն ինչ ես: Ո՞ւր կարող եմ գնալ ես այստեղից... կարո՞ղ եմ քեզնից հեռանալկարո՞ղ եմ ուրիշ տեղ ապրել առանց քեզ... Ախ, է՛մմա, է՛մմա, ինչո՛ւ ես ինձ այսպես տանջում, — վերջապես բացականչեց նա համարյա արտասվախառն ձայնով:

Էմման հանկարծ ամուր փաթաթվեց նրա վզովը և շրթունքները սեղմեց նրա շրթունքներին...

36

Ժամը երկուսին, երբ Զաքարը տուն եկավ, Զազունյանն արդեն գնացել էր: Կինն իր սենյակումն էր: Զաքարը գնաց նրա մոտ: Երբ նա՝ իր սովորության համեմատ՝ արագ քայլերով մտավ կնոջ սենյակը, կինը նստած էր փոքրիկ թախտի վրա և երկու ձեռքով ամուր գրկած ասեղնագործ բարձը՝ մի տեսակ երջանիկ ինքնամոռացության մեջ այտը սեղմել էր նրա վրա: Ամուսնու մտնելուն պես՝ նա սթափվեց և, առանց շտապելու բարձը դնելով իր տեղը, զարմացած, մինչև անգամ խստությամբ կամաց նայեց նրան:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Next Last