Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 Next Last

ԴԱՎԻԹԲԵԿ

Պատմական վեպ

17221728

«Խզեսցուք զկապանս նոցա,

և ընկեսցուք ի մէնջ գլուծ նոցա»:

Սաղմոս

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

Ա

Մինչև 1722 թվականը, այսինքն մինչև Դավիթ բեկի հայտնվելը, հայոց մելիքները տակավին պահպանել էին իրանց նշանակությունը: Նրանք ունեին սեփական ամրոցներ, ժառանգաբար իշխում էին ժողովրդի մի որոշյալ մասի վրա, կապում էին դաշնագրություններ երբեմն պարսից, երբեմն թյուրքաց ներկայացուցիչների հետ, մասնակցում էին նրանց պատերազմներին, և որպես մի տեսակ վասալական իշխաններ, մի մասնավոր հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի կերպով տիրում էին Հայաստանին:

Սյունյաց աշխարհը (Ղարաբաղը) պետք է առաջինը համարել, ուր մելիքները մինչև ռուսաց տիրապետության ժամանակը (1813 ամ.) պահպանեցին իրանց գոյությունը: Այդ առանց պատճառի չէր: Երկրի բնական դիրքը` լեռները և անտառները նպաստում էին ժողովրդի մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն: Սովորած լինելով թշնամու մշտական հարձակումներին, ժողովուրդը, երբ չէր կարողանում ընդդիմադրել նրան, թողնում էր դաշտերը կամ տափակ երկրները, պատսպարվում էր անմատչելի տեղերում: Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արիություն և հետևապես ձգտումն դեպի ազատություն:

Ցավալին այն էր, որ հայոց մելիքները մի ընդհանուր կապ չունեին միմյանց հետ: Շահերի տարբերությունը շատ անգամ առիթ էր տալիս նրանց մեջ թշնամական հարաբերությունների: Այս պատճառով նրանց ուժերը չէին միանում, որ կազմեին մի ամբողջություն և պատերազմեին հայրենիքի ընդհանուր թշնամու դեմ: Յուրաքանչյուրը իր գլուխն էր պահում: Եվ եթե հարկը պահանջում էր, նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թյուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքի երկրները:

Մելիքներից ոմանք անկախ դրություն էին պահպանում, իսկ ոմանք ստորադրված էին պարսից խաների իշխանության ներքո: Այս վերջինները իրանց դիրքը չկորցնելու համար ստիպված էին խոնարհվիլ խաների բոլոր պահանջներին, թեև այդ պահանջները լինեին վնաս հայ ժողովրդին, ստիպված էին կատարել նրանց կամքը, որքան և անիրավ լիներ, ստիպված էին դառնալ նրանց ձեռքում բոլորովին անարգ մի գործիք: Եվ որովհետև պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, այստեղից առաջ էր գալիս խիստ կեղտոտ մրցություն, որով մելիքները` միմյանց տեղը հափշտակելու մտքով, անձնատուր էին լինում, խաներին հաճոյանալու համար, ամեն տեսակ վատություններ, մատնություններ էին անում, կաշառում էին նրանց ոչ միայն փողով, այլ ոմանք իրանց հարազատ աղջիկներն անգամ տալիս էին խանին: Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել:

Կային ավելի խղճմտավոր և ազդեցություն ունեցող մելիքներ, որոնք ծառայում էին որպես ամուր պատվար հայ ժողովրդի և խանի մեջ. հեռու էին պահում նրա անմիջական ազդեցությունը ժողովրդից և պահպանում էին նրան խանի հարստահարություններից: Մելիքի ձեռքով էր հավաքվում տուրքը և ամեն հարկեր, որ պետք էր վճարել խանին: Մելիքն էր վճռում իր ժողովրդի մեջ ամեն տեսակ դատեր և վեճեր: Եվ որովհետև նույն իսկ խաները իրանց մեջ հաշտ չէին, ստիպված էին մելիքների հետ լավ վարվել, հակառակ դեպքում, մելիքը կարող էր թողնել խանին և իր ժողովրդով անցնել նրա թշնամու` մի ուրիշ խանի կողմը:

Հայաստանի այն մասը, որ այժմ ռուսաց պետությանն է պատկանում, ռուսների տիրելուց առաջ, պարունակում էր իր մեջ զանազան միմյանցից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին` Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի և Նախիջևանի խանությունները: Այդ խանությունները գտնվելով անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ, կռիվը, կողոպուտը, արյունահեղությունը, ավերմունքը երկրի մեջ միշտ անպակաս էին լինում: Խանությունները թեև պարսից պետության մի մասն էին կազմում, և խաները թեև նույն պետության ավատական իշխաններ էին համարվում, բայց շատ անգամ օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից կամ շահերի ստեպ ստեպ փոխվելուց, որից առաջ էր գալիս անիշխանություն, — խաները այդ ժամանակ ապստամբվում էին, և քիչ էր պատահում, որ շահերը կամ նրանց զորապետները տկարանային նվաճելու իրանց վասալներին: Եվ այսպես, ներքին ու արտաքին խռովությունները պահպանում էին իրանց անխզելի կապը:

Եթե ավելացնենք դրանց վրա օսմանցիների արշավանքները, Կովկասի լեռնաբնակների հարձակումները, կտեսնենք, որ Հայաստանը այն ժամանակ ներկայացնում էր մի սարսափելի պատերազմական դաշտ, ուր առավելապես ծեծկվող, փշրվող և մաշվող տարրի էր նույն ազգը, որ մի ժամանակ այդ երկրի տերն էր: Եվ այդ կոտորածների մեջ հայ ժողովուրդը և հայ մելիքները պետք է պահպանեին իրանց գոյությունը...

Բ

1722 թվին լեզգինների ահագին բազմություն, խառն կովկասյան այլ լեռնաբնակների հետ, արշավանք գործեցին դեպի Ավղանից և Սյունյաց երկրները, և ասպատակելով Նուխու, Շամախու, Գանձակա գյուղորայքը, անցան մինչև Սևանա լիճը: Շամախու հայ իշխան Մուսա Բեգյանը կամեցավ արգելել վայրենիների հարձակումը, բայց չկարողանալով դեմ դնել նրանց ահագին բազմությանը, ընկավ կռվի դաշտում: Վայրենիները հափշտակեցին բազմաթիվ գերիներ հայոց աղջիկներից, պատանիներից և մանկահասակ կնիկներից, որպես վաճառք, օտար երկրներում ծախելու համար: Իսկ ծերունիների մեծ մասը կոտորեցին: Տեղային մահմեդականները, օգուտ քաղելով այդ խռովություններից, իրանք էլ մի կողմից սկսեցին կողոպտել հայերին: Երկիրը սարսափի մեջ ընկավ: Ազատվեցան նրանք միայն, որ թողեցին իրանց տունը, տեղը, կայքը և պատսպարվեցան լեռների, անտառների անմատչելի խորշերում: Այդ ժամանակ իր խումբերով վրա հասավ Գուգարացոց (Մեծ Սղնախի) Հովհաննես իշխանը, հավաքեց ցրված հայերին, նրանց սիրտ և խրախույս տվեց, և բավական ուժ կազմելով, հարձակվեցավ լեզգինների վրա: Թեև նրան հաջողվեցավ մաքրել երկիրը այդ ավազակներից, հետ խլել ավարի մի մասը և կրկին ժողովուրդը բնակեցնել իր տեղում, այսուամենայնիվ, լեզգիները թողեցին Ավղանից և Սյունյաց աշխարհներում բարբարոսության սարսափելի հետքեր:

Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը: Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը:

Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները: Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշուրները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը: Իսկ այժմ ի՞նչ էր մնացել: — Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ: Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին, նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր: Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին: Բայց միմյանց հետո անհաշտ, անվերջ թշնամություններով, այդ իշխանները ավելի իրանք էին ծանրացնում ժողովրդի սարկության լուծը: Մատնությունը, միմյանց դավաճանելը, միմյանց վնասելը նրանց ամենօրյա գործն էր, իսկ մեջտեղում ոչնչանում էր ողորմելի ժողովուրդը: Եվ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որոնք ճշմարիտ սիրում էին ժողովուրդը, սիրում էին հայրենիքը և ցանկանում էին նրա թշվառ դրությանը մի ճար անել, բայց ընդհանուր անկարգության, ընդհանուր ապականության մեջ նրանց եռանդը թուլանում էր, նրանց իղձը իրանց սրտում խեղդվում էր:

Երիտասարդը իր չորս կողմը տեսնում էր թե հոգեկան և թե բարոյական խորին դատարկություն: Նա աչք էր դարձնում դեպի Էջմիածինը, դեպի ընդհանուր հայոց Մայր Աթոռը, այնտեղ ևս միևնույն անկարգություններն էր նկատում, — միաբանների մեջ երկպառակություն, կաշառք, մատնություն, դավադրություն և ամեն ինչ, որ սուրբ չէ, որ անարգ է, որ զզվելի է... Էջմիածինը այդ ժամանակ գտնվում էր օսմանցիների իշխանության ներքո: Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնի խռովություններից, ծածուկ թափառում էր Արարատա գյուղերում: Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը այդ ժամանակ զբաղված էր «ֆրանկների» (հայ կաթոլիկների) խնդրով: Հովհաննես «Կոլոտ» (կարճահասակ) մականվանյալ պատրիարքը արգելում էր հայ-կաթոլիկներին լուսավորչականների եկեղեցիները հաճախել: Հայ-կաթոլիկները դեռ առանձին եկեղեցի չունեին: Կրոնական երկպառակությունները, Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի և լատինական եպիսկոպոսի մեջ մի կողմից, իսկ հայոց պատրիարքի մեջ մյուս կողմից, պահում էին մայրաքաղաքի հայ ժողովրդին անընդհատ կռիվների մեջ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանը զբաղված էր սուրբ Հակոբա տաճարով. կռիվները հույն և լատին աբեղաների հետ վերջ չունեին: Այստեղ, Արարատյան նահանգում արյուն և արտասուք էր հոսում, իսկ այնտեղ զբաղված էին եկեղեցիներով...

Երիտասարդը իր շուրջը չէր գտնում ոչ մի մխիթարական երևույթ, բացի հայրենիքի լեռներից և անտառներից, որոնք, կարծես, խուլ կերպով ասում լինեին նրան. «Ե՜կ, ե՜կ, մեր գրկում քեզ համար լավ տեղ կա. բռնակալի ձեռքը այնտեղ մուտք չէ գործում...»:

Ո՞վ էր այդ երիտասարդը, ո՞վ էր այդ ցնորամիտը, որ այն ժամանակվա ընդհանուր խռովությունների, ընդհանուր բարբարոսությունների մեջ, մոռացած իր անձը, միայն հայրենիքի, միայն ժողովրդի վրա էր մտածում: — Դա Գենվազի իշխան Ստեփաննոս Վարթանեսյանն էր` Շահումյան տնից: Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լի վրեժխնդրության դառնությամբ, նա իր երկու հավատարիմ ծառաների հետ, ծպտյալ կերպով թափառում էր Սյունյաց աշխարհում: Նա մոտենում էր հայոց մելիքներին, հորդորում էր նրանց միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը: Բայց ամեն տեղ գտնում էր սառն անտարբերություն, անհոգություն և մինչև անգամ անհարմարհանք: Բարկությունը, հուսահատությունը երիտասարդի մեջ հասնում էր սոսկալի կատաղության, երբ տեսնում էր, որ հայերը չէին ցանկանում օգուտ քաղել մի ամենահարմար ժամանակից, երբ կարող էին ամեն դյուրությամբ ազատվել պարսից բռնապետությունից:

Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ: Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը: Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո: Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանություն էր տիրում: Թեև աթոռազուրկ Հյուսեին շահի որդին, շահ Թահմասը, լսելով ավղանների հաղթությունը, Մազանդարանում թագավոր դարձավ և եկավ, նստեց Թավրիզ քաղաքում, բայց նա այն աստիճան թույլ, արբեցող և փոփոխամիտ մարդ էր, որ շուտով զզվեցրեց իր զորապետներին, բոլորը հեռացան նրանից, և ինքը, շահ Թահմասը, անօգնական մնալով, գնաց Աստապատ և գաղտնի ապաստան գտավ Աստվածատուր անունով մի հայ իշխանի տանը: Երևանի նահանգին այդ ժամանակ տիրում էին օսմանցիները: Նրանք ավելի ցանկանում էին Հայաստանի այդ մասը հայ իշխանների ձեռքով կառավարել և նրանցից մի որոշյալ տուրք ստանալ, քան թե պարսից խաների ձեռքը տալ:

Բոլոր հանգամանքները հաջողություն էին խոստանում: Պարսից և թյուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին: Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում: Պարսկաստանի և Թյուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ: Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրենց ազատության վրա չէին մտածում: Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտ: Ի՞նչ պետք էր արած: Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում: Կարծես, հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ:

Երիտասարդ իշխանը այդ կարծիքի հետ բոլորովին համաձայն չէր: ժողովուրդը հոգեպես և բարոյապես բոլորովին մեռած չէր: Նրա սրտում դեռ մնացել էին հարուստ, կենդանի տարրեր. միայն պետք էր ջերմացնել նրանց, պետք էր բորբոքել, ուժ տալ, և ահա միևնույն ստրկացած ժողովուրդը ոտքի կկանգներ հսկայի անձնավստահությամբ: Ստեփաննոսը գիտեր այդ բոլորը: Նա հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր, հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները կնպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջն է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել: Նա երբեք չի սկսի մի գործ, եթե հավատացած չէ, թե հաջողությունը իր կողմը կլինի: Ուր մի փոքր անզգուշություն, մի փոքր զոհողություն, մի փոքր խենթությունն անգամ կարող էր մեծ գործ կատարել, — այնտեղ հայը խնայող է և խելացի: Նա միշտ իրան հեռու է պահում անմիտ բախտախնդրության ցնորքներից, և այդ, Ստեփաննոսի կարծիքով, վատ էր: Նրա թեորիան շատ պարզ էր. «Կամ մեռնել, կամ լավ ապրել»: Ճնշված, հարստահարված, անապահով կյանքը նրան տանելի չէր:

Ստեփաննոսը մի ուրիշ բան ևս գիտեր: Նա գիտեր, որ հայ ժողովուրդը կատարյալ ոչխարային բնավորություն ունի. մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան: Բայց ո՞վ կարող էր լինել այդ «մեկը»: Ո՞վ կարող էր առաջնորդել ամբոխին: Նա դիմեց բոլոր հայ իշխաններին, բոլոր հայ մելիքներին և ամենից սառն ընդունելություն գտավ: Նա չէր ճանաչում ժողովրդի այդ գլխավորներից և ոչ մեկին, որ համակրեր իր մտքերին: Իսկ ի՞նքը: — Ինքը ի՞նչ կարող էր անել: Ժողովուրդը հեղինակություն էր պահանջում: Ժողովրդի վրա ազդելու, նրան շարժելու համար պետք էր փոքր ի շատե նշանավոր մարդ լինել: Թեև ինքն էլ նշանավոր մարդերի կարգից դուրս չէր, բայց ի՞նչ կարող էր անել մի փառազուրկ իշխան, որի հայրենական ժառանգությունից մնացել էին` մի ձի և մի ձեռք զենքեր միայն: Գենվազի ամբողջ գավառը, որ նրա հորերին էր պատկանում, այժմ դարձել էր մի խանի սեփականություն: Իսկ ինքը անտուն, անտեղ, անօթևան թափառում էր երկրից երկիր, որպես մի արկածախնդիր ասպետ, որին իջևան էին տալիս միայն այն պատճառով, որ նրանից վախենում էին: Այս մտածությունների մեջ խորասուզված, երիտասարդը քշում էր իր ձին Ներքին Ագուլիսից դեպի Օրդուբաթ տանող ճանապարհով, և այնքան զբաղված էր իր մտքերով, որ կարծես, չէր նկատում անձրևի տարափը, որ մանր, փոշիանման կաթիլներով մաղվում էր նրա վրա: Երեկոյան խավարը դեռ այնքան չէր թանձրացել, որ դժվառ լիներ առարկաները որոշել: Առջևում երևում էր խիտ այգիների մեջ թաքնված Օրդուբաթը: Փոքր-ինչ հեռու Արաքսը մի արծաթյա ժապավենի նման ոլորվում էր ձորի միջով: Գետի մյուս ափի վրա Քամ-քուհ լեռան բարձր գագաթը կիսով չափ ծածկված էր մթին ամպերի մեջ: Կայծակը շեշտակի կերպով ճեղքեց այդ ամպերը և նրան հետևեցին սաստիկ որոտ և դղրդյուն: Կարծես, ամբողջ երկինքը թափ տվեցին և անձրևը միանգամից սկսեց հեղեղի նման թափվել: Այդ ժամանակ միայն երիտասարդը արթնացավ իր մտահուզությունից, քաշեց ձիու սանձը, ձին կանգնեց, և նա սկսեց բաց անել իր վերարկուն, որ կապած էր երիվարի գավակի վրա: Նա խնամքով փաթաթվեցավ վերարկուի մեջ, ոչ այնքան իր մարմնին հոգ տանելու համար, որքան իր զենքերը թրջվելուց պահպանելու համար: Այդ միջոցին հասան նրա երկու ուղեկիցները, որ բավական հետ էին մնացել: Երիտասարդը դարձավ դեպի նրանցից մեկը, ասելով.

Զումշուդ, դու գիտե՞ս քաղաքի որ փողոցումն է այն հրեայի տուն:

Գիտեմ, — պատասխանեց Ջումշուդը:

Դե՜, առաջ քշիր, մեզ տար ուղիղ դեպի այն կողմը:

Զումշուդը իր ձին առաջ քշեց, երիտասարդ իշխանը հետևում էր նրան: Ետևից գալիս էր իշխանի մյուս ծառան` Աղասին:

Քամին հետզհետե սաստկանում էր և մրրիկը ավելի սպառնալի կերպարանք էր ընդունում: Գյուղացիները սարսափով քշում էին իրանց անասունները դաշտից դեպի տուն: Լեռներից լսելի էին լինում հովիվների խառն աղաղակները: Սաստիկ անձրևների ժամանակ հեղեղը այդ կողմերում սոսկալի էր. նա տանում էր իր հետ ոչ միայն մարդիկ և անասուններ, այլ ահագին քարաժայռեր, որ պոկում էր սարերի կուրծքից:

Բոլորովին մութն էր, երբ իշխանը մտավ Օրդուբաթ քաղաքը: Փողոցներում ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները կողպված էին: Անձրևը թեև փոքր-ինչ մեղմացած, բայց տակավին մաղվում էր: Անցնելով մահմեդականների թաղերը, նրանք մտան հայերի թաղը: Այստեղ բնակվում էին հրեաները մի առանձին փողոցում: Ջումշուդը իր ձին կանգնեցրեց տներից մեկի դռան հանդեպ, ցած իջավ ձիուց և սկսեց դուռը բախել: Երկար բախում էր նա, իսկ բաց անող չկար: Գիշերային այն տարաժամ պահուն հրեան հեշտությամբ իր դուռը չէր բաց անի օտարականի առջև: Կարծում էին, թե ներսում մարդ չկար: Բայց դռան ճեղքերից ճրագի լույս էր երևում:

Կոտրե՞մ, — հարցրեց Ջումշուդը:

Չէ, — ասաց իշխանը, — կարելի է բաց անեն, բախեցե՜ք:

Ներսից լսելի էին լինում ոտքի ձայներ և մարդկային երկչոտ շշնջոց:

Ես այս րոպեում բաց կանեմ, — ասաց Աղասին, իր ձին մոտեցնելով տան պատին և կանգնելով ձիու թամքի վրա: Պատը շատ բարձր չէր. ճարպիկ երիտասարդը ձեռքերով չանկռեց պատի անհարթ մակերևույթը և կատվի արագությամբ թռավ կտուրի վրա: Մի րոպեից հետո բակից լսելի եղավ նրա ձայնը, որ վիճում էր տան տիրոջ հետ, պահանջելով դռան բանալին:

Է՛... վա՛յ... մի՜ սպանիր... — լսելի եղավ հրեայի դառն հառաչանքը: Երևում էր, նա մի քանի ապտակ կերավ Աղասու ձեռքից:

Դուռը բացվեցավ. շեմքի վրա հայտնվեցավ հրեան ճրագը ձեռին: Նա անդադար մյուս ձեռքը քսում էր իր երեսին, կարծելով, թե Աղասու մատները դեռ կպած էին այնտեղ: Նա ինքն իրան մրթմրթում էր.

Չի էլ ասում, որ աղան է գալիս... աղայի առջև ո՞վ կփակե իր դուռը... իմ տունը աղայի տունն է... անիծված... ա՜խ, ի՜նչ ծանր ձեռք ունի...

Ես քեզ հազար անգամ ասեցի, — պատասխանեց Աղասին, — բայց դու էլի չէիր ուզում բաց անել:

Լավ է, լավ, — խոսեց իշխանը վեր գալով ձիուց, — Հարունը լավ մարդ է, նրան պետք չէ ծեծել:

Հա՜, այդպես, քո հոգուն մատաղ, — պատասխանեց հրեան, և դառնալով դեպի Աղասին էլի կրկնեց, — ա՛խ, ի՜նչ ծանր ձեռք ունի այդ անիծվածը...

Հրեան ծեծը ուտելուց հետո փափկացել, մոմ էր դարձել. նա ամեն կողմ ծալվում էր, գործ դնելով շողոքորթության բոլոր ձևերը: Նա մի քանի րոպեի մեջ ձիերը տեղավորեց իր տան բակում և հյուրերին հրավիրեց միևնույն սենյակում, ուր ինքը իր կնոջ հետ ապրում էր:

Գ

Հարունը Օրդուբաթի հրեա ոկերիչների մեջ միակ վարպետն էր, որ բացի ոսկերչությունից գիտեր և կնիքներ փոխագրելու արհեստը: Նա բավական հարուստ էր, ինչպես ամեն մի հրեա, որ գոհարների և թանկագին մետալների հետ գործ ունի: Իշխանի անակնկալ այցելությունը, որի անունը միայն լսած էր, իսկ անձամբ չէր ճանաչում, սաստիկ վախեցրեց նրան: Ո՞ր սատանան բերեց այդ թափառաշրջիկ ասպետին իր տունը, այն ևս գիշերը, երբ հարևանները բոլորը քնած էին: Ի՞նչ էր ուզում նա: Ինչ էլ որ լիներ, հրեան համոզված էր, որ մի բարի բան նրանից սպասել չէր կարելի:

Խրճիթը, ուր ներս տարավ Հարունը իր հյուրերին, բաղկացած էր երկու փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը ծառայում էր որպես մթերանոց և բովանդակում էր իր մեջ նրա տնտեսության բոլոր պարագայքը, անկարգ, խառնիխուռն կերպով ածված միմյանց վրա, — իսկ մյուսը նրա քնարանը, հյուրանոցը, խոհանոցը, մի խոսքով, ամեն ինչն էր:

Բարով, հազար բարով, իմ աչքիս վրա, իմ գլխիս վրա, համեցեք, նստեցեք, — ասաց հրեան խնդրելով նստել:

Ջումշուդը և Աղասին մնացին ոտքի վրա, իսկ նրանց տերը աչք ածեց իր շուրջը, մի հարմա տեղ չգտավ նստելու համար: Սանյակի հատակը բավական ցած լինելով բակի հատակից, անձրևի ջուրը դռան շեմքից ներս էր թափվել և լճացել էր սենյակի մեջ: Միակ տեղը, որ իր բարձրությամբ ազատ էր մնացել այդ ջրհեղեղից, էր տանտիկնոջ սնդուկը, որ նա բերել էր որպես օժիտ իր հոր տնից: Նրա վրա նստեղ իշխանը: Ջումշուդը և Աղասին դուրս գնացին, երբ նկատեցին, որ այլևս իրանց տիրոջը պետք չեն: Անձրևը դադարել էր: Գարնանային երկինքը այժմ պարզ էր հայելու նման: Աստղերը ժպտում էին: Փոթորիկը անցել էր, ինչպես մի քմահաճ երեխա, որ հանկարծ բարկանում է, աղմուկ, արտասուք և աղաղակ է բարձրացնում, և քանի րոպեից հետո կրկին հանգստանում է, սկսում է ծիծաղել:

Ջումշուդը և Աղասին գնացին ձիաների մոտ, որ կապած էին բակում: Նրանցից մեկը բարձրացավ հարևանի կտուրի վրա, ուր խոտ էր դիզված, մի քանի խուրձ գողացավ, բերեց, ցրվեց ձիաների առջև: Հետո երկուսն էլ նստեցին հավաբույնի վրա, սկսեցին ծխել:

Իշխանը դեռ նստած էր սնդուկի վրա: Հարունը նրանից փոքր-ինչ հեռու պպզել էր, մեջքը տալով պատին և չհամարձակվելով նստել, որովհետև գետինը թաց էր: Տանտիկինը այդ միջոցին մի խեցեղեն ամանով սենյակում լճացած ջուրը հավաքում էր և դուրս էր թափում: Երկու երեխա, միմյանց գրկած, պառկած էին ցեխի մեջ և ոչինչ չէին զգում: Նրանց մայրը իր աշխատությունը մասամբ վերջացրել էր այժմ. սենյակում այլևս ջուր չկար, միայն սաստիկ ցեխ էր. պետք էր չորացնել նրան: Նա բոբիկ ոտներով, մերկ սրունքներով, ներքին հագուստը մինչև ծնկները վեր քաշած, ցեխը կոխ տալով, դուրս գնաց: Մի րոպեից հետո նա վերադարձավ, բերելով իր հետ, գոգնոցի մեջ ածած, ցամաք մոխիր, և սկսեց սփռել հատակի վրա: Այդ գործողությունը մի քանի անգամ կատարելով, հատակի վրա գոյացավ մոխրի բավական թանձր խավ, որ ծծեց իր մեջ գետնի խոնավությունը: Հետո տանտիկինը տարածեց նրա վրա մի փսիաթ և փսիաթի վրա մի կապերտ: Հյուրի օթոցը արդեն պատրաստ էր: Չնայելով այս բոլոր աշխատություններին, իշխանը չկամեցավ իջնել իր սնդուկից, ասելով, որ այնտեղ էլ լավ է: Կապերտի վրա նստեց Հարունը: Կինը դեռ պտույտ էր գալիս այս կողմ և այն կողմ, ինքն էլ չիմանալով, թե ինչ պետք է անել: Ամենագլխավոր հոգսը, որ մնացել էր նրան, այն էր, որ պետք էր ոտները լվանալ: Բայց այդ մասին չմտածեց նա. միայն հագուստի ներքին փեշերը ցած թողեց, մերկ սրունքները ծածկվեցան, և այնպես ցեխոտ ոտներով մոտեցավ, նստեց իր երեխաների մոտ, որոնցից մեկը պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով սկսեց լալ: Մայրը նրան հանգստացնելու համար մի սաստիկ ապտակ տվեց երեսին: Երեխան ավելի ևս խստացրեց աղաղակը: Նրա ձայնից մյուսն էլ զարթնեց, և առանց գիտենալու պատահածը, սկսեց ձայնակցել իր եղբորը:

Նրան էլ, նրան էլ... — ասաց հայրը:

Մայրը մյուսին էլ խրատեց իր ապտակով:

Իշխանը տհաճությամբ սպասում էր, որ երեխաները իրանց ձայնը կտրեն, որ կարողանա խոսել տանտիրոջ հետ: Այդ միջոցին մայրը գլուխը խոնարհեց, հայտնի չէ, ինչ փսփսաց երեխաների ականջին, երկուսն էլ իսկույն լռեցին: Նրանք, իրանց երկչոտ աչքերը լայն բացելով, նայեցին օտարական հյուրի երեսին և սատանայի նման մտան վերմակի տակը, կրկին պառկեցին:

Ես քեզ մոտ գործով եմ եկել, Հարուն, — խոսեց իշխանը:

Տապանակ ուխտին թող ինձ կուրացնե, եթե սուտ եմ ասում. — մի սև փող էլ չունեմ, — պատասխանեց հրեան, կարծելով, թե եկել է փող խնդրելու:

Ես եմ բերել փող քեզ տալու համար, — իշխանը կտրեց նրա խոսքը:

Հարունի կնճռած դեմքը պարզվեցավ. նրա աչքերում փայլեց մի տեսակ լույս, որ կարելի է տեսնել քաղցած գայլի աչքերում միայն:

Ինձ պետք են մի քանի կնիքներ, Հարուն, և դրա համար ես քեզ առատ կվարձատրեմ:

Հարունը ձեր ծառան է, աղա, Հարունը մի՞թե փող կառնե աղայից կնիքներ շինելու համար, — պատասխանեց հրեան կեղծ բարեմտությամբ:

Կնիքներ օտար մարդկանց անունով: — Հասկանու՞մ ես... .

Հասկանում եմ... — կրկնեց հրեան խորհրդավոր ձայնով: — Բայց թող չնեղանա աղան, Հարունը իր մատները կկտրի, ու այդպիսի բան չի շինի:

Յուրաքանչյուր կնիքի համար կստանաս հինգ ոսկի:

Հրեան բացասական կերպով գլուխը շարժեց:

Տասը ոսկի, — ավելացրեց իշխանը:

Նա դարձյալ գլուխը շարժեց:

Տասնևհինգ ոսկի:

Անկարելի է, աղա, փողի համար չէ իմ խոսքը, ինչքան էլ կուզեք, ավելացրեք: Եթե կարելի լիներ, ես ձեզանից ոչինչ չէի առնի, և, ինչպես ասեցի, առանց փողի կշինեի: Այն էլ բավական էր, որ աղան քաղցր աչքով կնայեր ինձ վրա:

Հետո նա սկսեց երկար ու բարակ պատմել, թե ինչ ուխտ է դրել` երբեք կեղծ կնիքներ չշինել: Թե մի անգամ սատանան մոլորեցրեց նրան և մի այսպիսի մեղք գործեց. այն օրից իր գործերը չեն հաջողվում, երևի, աստված բարկացավ նրա վրա, և նրա խարդախությունը հայտնվեցավ: Դատավորը քիչ էր մնում, որ նրա ձեռքը պիտի կտրել տար: Ստիպվեցավ ահագին կաշառք տալ և ձեռքի փոխարեն կտրեցին մորուքը: Այդ էլ մի հրեայի համար շատ մեղք բան է: Մովսեսը հրամայել է մորուքը չխուզել: Եվ դրա համար հրեաները առանձին հարկ են վճարում պարսից խաներին, որ թույլ տան նրանց մորուք կրելու: Թե ինքը առաջ շատ երկայն մորուք ուներ, բայց այն օրից, որ խուզեցին, կարճացավ:

Ես հիմա կերկարացնեմ քո մորուքը, — ասաց իշխանը փոքր-ինչ խռովյալ ձայնով:

Ինչպե՞ս....

Ահա այսպես...

Իշխանը բռնեց նրա մորուքից, որ շատ էլ կարճ չէր, սկսեց սաստիկ թափ տալ: Հրեայի գլուխը զարկվեցավ պատին. նա գոչեց.

Վա՛յ, վա՛յ... կշինեմ, թող տուր...

Կինը այս տեսնելով, ճիչ բարձրացրեց և վազեց ազատելու իր այրիկը: Իշխանը թողեց մորուքը: Հրեան, որի գլուխը պատին զարկվելով, ուշաթափ էր եղած, կրկին զգաստացավ, և դեռ աչքերը չբացած, ասաց.

Կշինեմ, բայց քսան ոսկուց պակաս չեմ առնի:

Անպիտան, դու խո առաջ փող չէին պահանջում, — ասաց իշխանը ծիծաղելով:

Ապա մորուքս որ այսքան քաշեցիք, դա ոչինչ չարժի՞, — պատասխանեց հրեան ինքն էլ ծիծաղելով:

Իշխանը զարմացավ անամոթության վրա:

Ախար ձեր ծառան էլ ապտակ տվեց, — ավելացրեց նա, — ա՛խ, ո՜րքան ծանր է անիծվածի ձեռքը...

Հարունը այնպես էր խոսում այդ բոլորի վրա, կարծես նա շատ կվիրավորվեր, եթե նրան չծեծեին: Ոսկիները նրան մոռանալ էին տվել մարմնի ցավերը: Նա խնդրեց իշխանից ցույց տալ, թե ինչ անուններով և ինչ տեսակ կնիքներ է կամենում:

Իշխանը հանեց իր ծոցից թղթերի մի մեծ կապոց, որոնց վրա դրոշմված էին քառասունի չափ կնիքներ զանազան ձևերով և զանազան տառերով: Նրանց մեջ կային եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքներ, հայերեն կամ պարսկերեն տառերով:

Դրանցից մի քանիսը իմ ձեռագործն է, — ասաց վարպետը ակնոցները քնթի ծայրի վրա դնելով, և ուշի-ուշով քննելով կնիքները, — բայց սատանայի աշխատություն պետք է այս բոլորին ճշտությամբ նմանացնելու համար:

Միևնույն ժամանակ նա իր մտքում հաշվեց այն խոշոր գումարը, որ պիտի ստանար քառասուն կնիք փորագրելու համար, և սրտի հրճվանքը թաքցնելով, հարցրեց.

Թող իմ տերը չբարկանա համարձակությանս վրա, փողերը ե՞րբ կարող եմ ստանալ:

Կեսը այս րոպեիս, իսկ մյուս կեսը` երբ աշխատությունը կվերջանա:

Հրեան առանց հարցնելու, թե ի՞նչ նպատակով է իշխանը փորագրել տալիս այդ կնիքները, սկսեց բացատրել այն բոլոր վտանգները, այն բոլոր աշխատությունները, որ ինքը հանձն է առնում իշխանի պատվերը կատարելու համար: Նա ասաց, թե ինքը ստիպված կլինի մի ամբողջ ամիս իր խանութը կողպել և տանը աշխատել, որովհետև այսպիսի աշխատությունը բազարում, հրապարակավ չեն կատարում: Եվ այդ ժամանակ նա իրան կձևացնե իբրև հիվանդ, տանը պառկած: Բայց որքան վնաս կկրե, երբ մի ամբողջ ամիս, գուցե ավելի, նրա խանութը կողպված կլինի: Այդ ժամանակ նրա ոսկերչության առևտուրը պիտի դադարի: Բայց այդ բոլոր զոհողությունները հանձն է առնում Հարունը միմիայն աղայի սիրտը շահելու համար, միմիայն աղային մի «լավություն» անելու համար:

Շնորհակալ եմ, — պատասխանեց իշխանը, — բայց եթե դու կհամարձակվես այդ գաղտնիքը երևան հանել, գիտցած եղիր, որ քեզ, այդ կնոջդ և այն երկու երեխաներիդ անպատճառ կմորթեմ:

Այդ ես գիտեմ... — պատասխանեց հրեան խորհրդավոր ձայնով:

Սակարկությունը վերջացավ: Իշխանը հանձնեց կնիքների օրինակները և այն գումարը, որ կանխիկ պիտի վճարեր: Փայլուն ոսկիները բոլորովին շլացրին Հարունի և նրա կնոջ աչքերը, որը դեռ նստած երեխաների մոտ, լուռ լսում էր իր ամուսնի և պատվելի հյուրի խոսակցությունը:

Այդ ոսկիները իշխանը այն օր պարտքով էր վեր առել մի ագուլեցի հարուստ վաճառականից, այն պայմանով, երբ կունենա, այն ժամանակ կվճարե: Բայց իշխանի որևիցե ժամանակ փող ունենալը շատ կասկածավոր լինելով, վաճառականը սկզբում չհոժարվեցավ տալ: Բայց երբ իշխանը բռնեց նրա կոկորդից և սպառնացավ գլուխը կտրել, ժլատը իսկույն բաց արեց քսակի բերանը: Հարունը լսելով այդ պատմությունը, ծիծաղելով բացականչեց.

Ա՛յ, լավ բան եք արել, աստված է վկա, շա՛տ լավ բան է:

Բայց եթդ մի այսպիսի լավ բան քեզ հետ անեին, դու, կարծեմ, շատ գոհ չէիր լինի:

Օրհնած, ինձ մոտ ի՞նչ է մնացել. մի քանի շահի ունեի, բոլորը կորցրի, ում տվեցի, չկարողացա հետ առնել. տոկոսն էլ գլխի հետ կերան: Թո՜ղ հառա՛մ լինի, հառա՛մ...

Հրեան շարունակեց գանգատվել իր գրության վրա, թե հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել. ժամանակը վատ է, ամեն ինչ թանկ է: Այդ երեխաները նրան իսպառ կողոպտեցին, ուտում են, ուտում և երբեք չեն կշտանում: Այդ պատճառով շատ փոշմանել է իր ամուսնանալու վրա, բայց ինքը մեղ չունի, ամենևին միտք չուներ պսակվելու: Անիծվի՛ն հարևանները, հավաքվեցան զոռով պսակեցին, և ինքը ընկավ կրակ-ցավի մեջ...

Վերջին խոսքերը սաստիկ վիրավորեցին կնոջ սիրտը, և նա մոռանալով իր արևելյան ամոթխածությունը, թե անվայել էր օտարների հետ կամ օտարների մոտ խոսել, — շառագունած դեմքով դարձավ դեպի իշխանը, և կատաղությամբ ասաց.

Սուտ է խոսում, շան նման սուտ է խոսում... ես գիտեմ, թե ո՜րտեղ են նրա փողերը...

Հետո նա սկսեց լաց լինել և արտասուքը աչքերում պատմել, թե ամբողջ օրերով մնում է տանը քաղցած, երբ ամուսինը խանութից վերադառնում է, հարցնում է, թե ինչու՞ հաց չբերեցիր, նա միշտ պատասխանում է` «մոռացա»: Եվ երբ ինքը շատ է խոսում, նա սկսում է ծեծել:

Սու՜ս կաց, Եսթեր, քեզ ասում եմ` սու՜ս կաց, — անդադար կրկնում էր բարկացած ամուսինը:

Չէ՜, սուս չեմ կենա, դու իմ այս տեղը հասցրիր, — և նա մատը դրեց իր կոկորդի վրա:

Սուտ է խոսում, աղա, ես նրան երբեք չեմ ծեծել. թող աստված իմ ձեռքը չորացնե, եթե մի անգամ գոնե նրան ծեծած լինիմ:

Չե՞ս ծեծել, հենց այսօր ծեծեցիր: Հիմա ցույց կտամ... — ասաց կինը սպառնալից դեմքով, և բոլորովին մոռանալով իրան, մոտեցավ իշխանին: Նա գլուխը թեքեց, ցույց տվեց իր գեղեցիկ երեսը, որի վրա երևում էին մի քանի կապույտ նշաններ: Հետո նա շտապով բաց արեց շապիկի օձիքը, մերկացրեց իր թիկունքը, այնտեղ ևս կային մի քանի կապույտ նշաններ: Իշխանը բոլորովին հիացավ, տեսնելով այդ հարուստ, սքանչելի մարմինը կեղտոտ ցնցոտիների մեջ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 Next Last