Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Մի բան մոռացար, կաղ սատանա, — նրա բացատրությունը ուղղեց Բայինդուր իշխանը, գլուխը վեր բարձրացնելով մութաքայի վրայից. — հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ:

Հա՜, հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ, — շարունակեց կաղ սատանան, ավելացնելով. — սպարապետը պառկած էր, մենք նրան քնած տեղից զոռով վեր կացրինք:

Վերջին խոսքերը վերաբերում էին Մխիթար սպարապետին, որը այդ միջոցին հետաքրքրությամբ նայում էր Աղասու վրա:

Ո՞վ է այդ երիտասարդը, — հազիվ լսելի ձայնով հարցրեց նա Դավիթ բեկից:

Մեր կողմերիցն է, — պատասխանեց նա նույնպես կամաց ձայնով:

Ի՞նչ գործ ունի այստեղ:

Ես առավոտյան կասեմ քեզ... — պատասխանեց Բեկը, և այդ խորհրդավոր խոսակցությանը վերջ տալու համար, դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ ընտրիքի սեղանը պատրաստեն:

Հյուրերը պատի երկարությամբ շարվեցան թախտի վրա, երբ Թինան և Դարոն մոտեցան և սկսեցին տարածել նրանց առջև ընթրիքի սեղանի սփռոցը: Թախտը այնքան ընդարձակ էր, որ կարող էր տեղավորել իր վրա թե սեղանը և թե բազմականներին: Կերակուրները տրվեցան պղնձե հասարակ պնակների մեջ: Աղասուն ևս հրավիրեցին սեղանակից լինել:

Եթե կերակուրները կարելի է ընդունել որպես մի ժողովրդի ճաշակի նրբության արդյունք և որպես նրա բարեկեցության արտահայտություն, Աղասին այդ մասին ևս մի նպաստավոր կարծիք չկազմեց Վրաստանի վրա: Կերակուրների մեջ չէր երևում ոչ պարսկական խոհանոցի կատարելագործությունը և ոչ հայկական բազմատեսակությունն ու համեղությունը: Նրանք ավելի կույր և անշնորհք հետևողություն էին կովկասյան կիսավայրենի լեռնաբնակների` լեզգիների ու չերքեզների նահապետական խոհանոցին, քան թե ազգային ինքնուրույն ճաշակի արդյունաբերություն էին: Տաք մոխրի մեջ խորոված սիմինդրի հացը նույնպես դեռ չէր դուրս եկել իր նախնական դրությունից: Հառաջադիմություն նկատվում էր միայն գինու գործածության անոթների մեջ, այստեղ արհեստը բավական զարգացած էր երևում: Գինու լիտրան, որ դրած էր տոլուբաշիի (մատռվակի) մոտ, ներկայացնում էր ֆերուզայի գույնով ջնարակած մի ահագին աման, որ նախշած էր սև, անկանոն գծերով: Նրանից ածում էին արծաթով զարդարած մեծ եղջյուրների մեջ և այնպես խմում էին: Թիֆլիսի հայ ոսկերիչները թափել էին իրանց արհեստի բոլոր ճարտարությունը այդ գեղեցիկ գավաթների վրա, որոնցից երկուսը բավական էին մի մարդու հարբեցնելու համար: Բայց նրանք երկար պտտվում էին մի ձեռքից մյուս ձեռք, թեև հյուրերը դեռ սեղան նստելուց առաջ մի փառավոր նախատոնանք կատարած էին Կախեթի ազնիվ ըմպելիի վերաբերությամբ:

Բեկը սկզբից խիստ տխուր էր և լուռ, բայց նրա մտախոհ դեմքը հետզհետե պայծառանալ սկսեց, որքան եղջյուրները շարունակում էին կատարել իրանց հանդիսավոր շրջանը: Մխիթար սպարապետը նույնպես լուռ էր. մնացած հյուրերի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն հատուկտոր երգերով: Բոլորը եռանդով խմում էին: Տոլուբաշին սպառնալիքներ էր կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը: Զեղծումներ գործելու դեպքում եղջյուրի մեջ մնացած հեղուկը թափում էին ծույլ, անշնորհք խմողի վրա: Աղասուն վիճակվեցավ մի քանի անգամ մկրտվել Կախեթի կարմիր գինով, մինչև նա, այլևս չկարողանալով դիմանալ, աննկատելի կերպով դուրս գնաց, մտավ ախոռատունը և այնտեղ պառկեց իր ձիու մոտ:

Սենյակի մեջ աղմուկը, շփոթությունը հետզհետե ավելի խռովյալ կերպարանք էր ստանում: Հարսները, աղջիկները գլուխները կորցրած, սեղանի շուրջը պտտվում էին, կատարելով հյուրերի անդադար հրամանները:

Իմ պապը ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն էր ուտում, դու հիմա ինձ այդ ծտերո՞վ պիտի կշտացնես, ջադուբազ պառավ, — ասում էր շուշեցի Զաքարիա իշխանը, դառնալով դեպի Քեթևանը, և խորոված փասիանի ամբողջ կեսը իր բերանը դնելով, կարծես ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է հանգուցյալ պապի գովելի օրինակին հետևել:

Քո պապը մի ամբողջ խորոված գառն էր ուտում, այդ ճշմարիտ է, — պատասխանում էր նրան Բայինդուր իշխանը ծիծաղելով. — բայց գիտե՞ս, որ նա իր թրի մի զարկով ահագին եզան գլուխն էր կտրում, իսկ դու, մեծ պապի պստիկ զավակ, մի փոքրիկ հորթի վիզն անգամ կտրելու շնորհք չունես:

Ես իմ թուրը կարող եմ և գոմեշի վզի վրա փորձել, — պատասխանում էր վիրավորված Զաքարիան, ձեռքը դեպի սուրը տանելով: — Դավիթ, հրամայեցեք ձեր ախոռատնից դուրս բերեն մի գոմեշ, ես հենց այդ րոպեիս ցույց կտամ իմ հունարը, թող պարսից շահշահի «բաթմահ-ղլիճը» տեսնե, որ մեծ պապի պստիկ զավակը այնքան պստիկ չէ, որքան նա կարծում է:

Բեկի նկատելով, որ այդ վեճը կարող էր շատ հեռու տանել նրանց, երկուսին էլ հանգստացրեց, ասելով.

Քեֆի ժամանակ սրի փորձ չեն անում, այդ կարող ենք թողնել առավոտյան, եթե կամենում եք անպատճառ հրապարակի վրա ձեր հունարը ցույց տալ:

Հետո նա դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ մի երկու գառը մորթել տա Զաքարիա իշխանի ախորժակը գոհացնելու համար:

Դրսից ծառաների, սպասավորների ուրախության աղաղակները բոլորովին խլացրել էին հյուրերի խոսակցություն: Նրանց սեղանը ավելի ճոխ էր և գինին ավելի առատ: Նրանք շուտով իրանց համար զուռնա ու սազանդարներ բերել տվեցին, սկսեցին ածել, երգել և պար գալ: Ծառաների այդ հանդուգն մրցությունը, կարծես, գրգռեց Բայինդուր իշխանի նախանձը, որը սեղանից վեր բարձրացավ, ձայն տալով.

Պա՜ր, պա՜ր, Բայինդուր իշխանը պար է ուզում:

Պարսից շահնշահի «բաթման-ղլիճի» որոտացող ձայնը բավական էր տան կնիկների ուշադրությունը դարձնել զվարճության այդ եղանակի վրա, որ հենց իրանց ցանկությունն էր, որի մասին մի թեթև ակնարկության էին սպասում: Թինան ժպտելով մոտեցավ, վեր առեց պատից կախ տված դայիրան, իսկ Դարոն ցած բերեց նույն տեղից քարշ ընկած խեցեղեն թմբուկները, մինը մեծ, մյուսը փոքր, որոնք կապած էին միմյանց սիրիմներով§§§§§§: Նա տվեց թմբուկները մի փոքրիկ աղջկա ձեռքը, որը գրկելով, կանգնեց նրա հանդեպ: Աշուղն էլ իր պարկապզուկը սարքելով, կանգնեց նրանց մոտ: Երաժշտական խումբը կազմվեցավ, մնում էին պարողները: Այդ միջոցին Սոփիոն, Փեփելոն և Նինոն շարվեցան միմյանց մոտ, և յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում էր իր հերթին, որ սկսե պարը: Մի անմեղ ուրախություն, իր բոլոր ողջախոհական պարզությամբ փայլում էր այդ թիթեռնիկի պես անհոգ, մանկահասակ աղջիկների դեմքի վրա: Նրանք դեռ հյուրերի գալուց շատ առաջ մի առանձին խնամք էին տարել իրանց զարդարանքի վրա և ամեն մեկը հագել էր իր պահեստից ինչ որ նոր էր, ինչ որ լավն էր: Այժմ կազմ և պատրաստ, մնում էր նրանց թռչկոտել, թռչկոտել թեկուզ մինչև լույս:

Առաջ դու սկսիր, զավակս, — ասաց Բայինդուր իշխանը, բռնելով ամենակրտսեր քրոջ` Նինոյի ձեռքից և կանգնեցնելով նրան մեջտեղում:

Նինոն շարժվեցավ: Թինան իր դալար մատներով սկսեց ածել փոքրիկ բոժոժներով զարդարած դայիրան, իսկ Դարոն փայտյա բարակ ձողերով սկսեց տըկտըկացնել խեցեղեն թմբուկները: Աշուղն էլ զոռ էր տալիս իր պարկապզուկին: Բոլոր հյուրերը երաժշտության եղանակի համեմատ սկսեցին ծափ տալ:

Նինոն պարում էր: Նրա բոլոր անդամները շարժողության մեջ էին, և կարծես մինը մյուսի հետ մրցություն էին անում, թե որը ավելի արագ, թե որը ավելի սքանչելի կերպով կարող է պտույտներ գործել: Հոգնած Նինոյից հետո սկսեց Փեփելոն և ապա Սոփիոն: Երկու մյուս քույրերի պարը ոչնչով չէր զանազանվում առաջինից, միայն դրանք ավելի ծափահարություններ ստացան գլխավորապես այն պատճառով, որ իրանց պտույտների և թռիչքների մեջ ցույց տվեցին զարմանալի ճարպկություններ:

Երբ ընդհանուր զվարճությունը ավելի տաքացավ, պարի մեջ խառնվեցան և հյուրերից մի քանիսը: Նախ սկսեցին Սոսիկոն և Դաթիկոն, երկու վրացի ազնվականները միասին: Դա իսկապես պար չէր. նրա մեջ չկար ոչ վայելչություն և ոչ կիրթ ճաշակ. — դա լեզգիների գրգռված ջղերի արդյունաբերությունն էր, երբ լեռնական մարդը իր ուրախության, իր հոգու ցնցումները արտահայտում է վայրենի, անկանոն շարժումներով և կատաղի թռիչքներով: Այդ իսկ պատճառով այդ պարը կոչվում էր լեզգու պար, տղամարդերի մեջ նա դեռ պահպանել էր իր վայրենի բնավորությունը, իսկ կնիկների մեջ բավական մեղմացած էր:

Բաբելոնյան խառնակությունը բոլորովին ընդհանուր դարձավ, մանավանդ այն ժամանակ, երբ սպասավորների խումբը դրացի սենյակից իրանց զուռնայով ներս մտան: Ծառաները խառնվեցան իրանց տերերի հետ և սկսեցին միասին պարել: Այդ միջոցին Թինան և Դարոն, որ մինչև այժմ ածում էին դայիրայի ու թմբուկի վրա, իրանց երաժշտական գործիքները հանձնեցին Սոփիոյին և Փեփելոյին, իրանք էլ միացան պարողների հետ: Զուռնայի ձայնը, դայիրայի ու թմբուկների տըկտըկոցը, ծափահարության որոտը, արբած բազմության խառնաձայն աղաղակը, բազմաթիվ ոտների տրոփյունը, — բոլորը միախառնվելով, ներկայացնում էին մի վայրենի, խառնաշփոթ քաոս: Վրաց թագավորի ավագանին զվարճանում էր...

Այդ խառնակության ժամանակ ոչ ոք չէր կարողացել նկատել, որ մի գնդաձև մարդ ներս էր մտել, և միանալով ծառաների հետ, եռանդով ծափ էր տալիս և բոլոր ուժով աղաղակում էր: Բայց նա չկարողացավ երկար անհայտ մնալ Բայինդուր իշխանի արծվի տեսությունից, որը մոտենալով նրան, մի սաստիկ բամբաչա******* խփեց գլխին, ասելով.

Բարո՜վ, Սաքուլ, բարով: Գետի՜նը մտնես, ե՞րբ եկար:

Իշխանի ծանր բամբաչայից շշմած, շշկռած Սաքուլը չկարողացավ իսկույն պատասխանել, որովհետև նրա ահագին մորթե գտակը իշխանի ձեռքի սաստիկ զարկից, իր սովորական տեղը թողնելով, այժմ իջել, հասել էր մինչև նրա բերանը, բոլորովին ծածկելով թե աչքերը և թե շեկ մորուքը: Նա փոքր-ինչ ուշքի գալով, շտապեց գտակը վեր քաշել, որ տեսնե, թե ո՜վ էր իր հետ այսպիսի կոպիտ հանաք անողը, որ նրա համեմատ պատասխանե, — այդ միջոցին իշխանի երկրորդ բամբաչան իջավ նրա գլխի վրա և փոքրիկ գլուխը բոլորովին թաղվեցավ ահագին գտակի մեջ, որ այժմ հասել էր մինչև Սաքուլի ուսերը:

Չե՞ս լսում, քեզ եմ ասում, պառավ աղվես, ե՜րբ եկար, — կրկնեց իշխանը իր հարցմունքը:

Տո՜, հեր օրհնած, մի թող տուր աչքերս բաց անեմ. երեսիդ մտիկ տամ, բարով, հազար բարով ասեմ, քեֆդ հարցնեմ, հետո իհարկե կասեմ, թե երբ եկա: — Ի՞նչ ես չար հրեշտակի նման հոգիս առնում, — պատասխանեց Սաքուը գտակը ուղղելով, որ այժմ այն աստիճան լայնացել էր, որ էլ իր սովորական տեղում չէր կանգնում:

Էդ անիծված գտակը ինչո՞ւ այդպես գժվեցավ... — դժգոհությամբ քրթմնջում էր նա, անդադար ուղղելով գտակը, և երբ տեսավ հնար չկա, ջիբից հանեց իր քնթի ընդարձակ աղլուխը (որը միևնույն ժամանակ երեսսրբիչ էր), դրեց գլխի վրա, որ գտակի ծավալը փոքրանա: Իսկ այդ բախտը երկար չտևեց: Իշխանի խոսակցությունը Սաքուլի հետ նրա վրա դարձրին բոլոր հյուրերի ուշադրությունը, որոնք թողնելով իրանց երգն ու պարը, հավաքվեցան նրա շուրջը, և յուրաքանչյուրը չխնայեց հետևել Բայինդուր իշխանի բարի օրինակին, մի-մի բամբաչա նրա գլխին տալով, սիրելությամբ ողջունել նրան: Այժմ գտակը այն աստիճան լայնացավ, որ ոչ միայն քնթի աղլուխը, այլ եթե մի փոքրիկ բարձ ևս իր գլխի վրա դնելու լիներ, գտակը դարձյալ մեծ կգար:

Ասում են, Սաքուլ, ինչո՞ւ չես մեծանում, — խոսում էր նա ինքն իրան, ուշադրությամբ զննելով գտակը, մի գուցե պատռված լիներ. — էլ ո՞րտեղից մեծանա Սաքուլը. ամեն անգամ, երբ այդպիսի բամբաչաներ եմ ուտում, բոյս մի թիզ կարճանում է, կարծես գետինն է մտնում...

Այնպես մտնի, որ էլ դուրս չգա, որ քո սև երեսը մարդիկ չտեսնեն, գարշելի’, — վրա բերեց Բայինդուր իշխանը և, սիրով բռնելով նրա ձեռքից, նստեցրեց թախտի վրա:

Սաքուլը այժմ իր չարագուշակ գտակը դրեց տակը և այնպես նստեց, ոչ թե փափկության համար, այլ ավելի այն նախազգուշությամբ, չիցե թե նրա հետ մի նոր վտանգ ևս պատահի: Նա այնքան երկյուղ չուներ իր գլխի մասին, որ սովորած էր բամբաչաների, որքան իր գտակի մասին, եթե զվարճասեր հյուրերը իրանց ձեռքերի ծանրությունը մյուս անգամ կփորձեն նրա վրա:

Բայց Սաքուլի խորամանկությունը շարժեց Բայինդուր իշխանի ծիծաղը, որը դառնալով դեպի հյուրերը, ասաց.

Այժմ ես հավատում եմ, բոլորովին հավատում եմ այն առակին, որ պատմում են այդ անպիտանի մասին:

Սաքուլի մասին առակի ձև ստացած անցքի պատմությունը բոլոր հյուրերին հայտնի լինելով, իշխանը հարկավոր չհամարեց նորից կրկնել, բայց որովհետև մեր ընթերցողին անծանոթ է այդ անցքը, մենք կպատմենք, գլխավորապես այն նպատակով, որ այդ փոքրիկ պատմության մեջ նկարվում են Սաքուլի բնավորության հատկանիշներից մի քանի խոշոր գծեր:

Մի անգամ Սաքուլը գործով պիտի գնար վրաց թագավորի տունը. ամպամած, անձրևային օր էր. փողոցներում թանձր ցեխ էր կանգնած, տեղ-տեղ ջուրը բոլորովին լճացել էր: Որպեսզի իր, առանց դրան ևս մաշված, տրեխները չփչանան, Սաքուլը ավելի բարվոք համարեց տրեխները հանել, ձեռքում բռնել և այնպես մերկ ու բոբլիկ ոտներով գնալ: Այդ ավելի հարմար է, մտածեց Սաքուլը, որովհետև այսպիսով տրեխներս մաքուր կմնան, իսկ երբ կհասնեմ թագավորի տանը, այն ժամանակ ոտներիս ցեխը կլվանամ, կրկին տրեխներս կհագնեմ և այնպես ներս կմտնեմ: Այդ կարգադրությունը վատ չէր լինի, եթե ճանապարհին մի դժբախտություն չպատահեր: Երբ նա շտապով վազում էր, հանկարծ մի մեխի կտոր խրվեցավ նրա մերկ ոտքի մեջ: Ցավը այնքան սաստիկ եղավ, որ Սաքուլին ուշաթափ տուն տարան: Երբ մեխի կտորը դուրս հանեցին, նա ուշի եկավ, և նայելով վերքից հոսող արյունին, ինքն իրան մխիթարեց այդ խոսքերով. «Լավ էր, որ տրեխներս հագիս չէին, թե չէ, այդ անիծված մեխը կարող էր և տրեխս ծակել...»:

Այդ նշանավոր ժլատի համար ոտքի ծակվելը փույթ չէր, միայն թե տրեխները անվնաս մնային:

Սաքուլը ազգով հայ էր, բնիկ թիֆլիսեցի: Նա ոչ տուն ուներ, ոչ կին ուներ, ոչ զավակներ և ոչ հեռավոր կամ մոտավոր տոհմայիններ: Վրաստանում պարապվում էր վաշխառությամբ: Վրաց ազնվականներից ոչ մեկը չկար, որ Սաքուլին պարտական չլիներ: Ամեն մարդ թքում էր նրան, մրում էր նրան, ծեծում էր նրան, բայց դեռ ոչ ոք մինչև այն օր այնքան քաջություն չէր ունեցել, որ կարողանար Սաքուլի անողորմ տոկոսները չվճարել: «Սաքուլը քարից փող կդուրս բերե» — այդ էր ամենի կարծիքը նրա մասին: Վրաց ազնվականների ընդարձակ կալվածների արդյունաբերությունը հազիվ բավականանում էր լրացնել Սաքուլի տոկոսները:

Նա, ինչպես վերևում հիշեցինք, մի գնդաձև մարդ էր, տարիքը անցած հիսունից: Նրա կարկատաններով պատած արխալուղը, կաբան, տրեխները, գտակը, իրանց ժամանակագրությամբ, գուցե քառորդ դարով միայն պակաս լինեին նրա տարիքի ամբողջ թվից, — և իր հագուստի այդ պատկառելի հնությունը ինքը Սաքուլը միշտ մեծ պարծանքով հիշում էր: Եթե բոլորովին սխալ ևս համարվեր ժողովրդական նախապաշարմունքը, թե կարմիր-շիկամազ մարդիկը ադամորդու զարմ չեն լինում, այլ գետնի տակիցն են դուրս գալիս, — բայց Սաքուլի վերաբերությամբ այդ կարծիքը պետք էր բոլորովին ուղիղ համարել, մանավանդ երբ ի նկատի առնենք, որ նրա երեսի կաշին սպունգի պես ծածկած ու ծաղկատար էր: Նրա նման մի չարագործ ոչ միայն դժվար էր գտնել ադամորդիների մեջ, այլ խավարի ծնունդների մեջ անգամ հազիվ թե կպատահեր մի այնպիսի գարշելի արարած:

Վերջին ժամանակներում Սաքուլը ավելի ընդարձակեց իր գործունեությունը և բացի վաշխառությունից պարապվում էր գերեվաճառությամբ: Լեզգիների և կովկասյան այլ լեռնաբնակների անդադար հարձակումները Վրաստանի վրա բաց արին նրա առջև առևտուրի ու վաստակի մի նոր ասպարեզ: Լեռնաբնակները գերիներ էին տանում Վրաստանից, իհարկե, ընտրելով միշտ նշանավոր ընտանիքներից: Սաքուլը հանձն էր առնում վերադարձնել գերիներին, սկզբից պայման կապելով նրանց ազգականների հետ, թե կստանա այսքան գումարը: Հետո նա գնում էր Դաղիստան և գնելով հետ էր բերում գերիներին, ստանում էր խոստացած գումարը: Նույն առևտուրը նա կատարում էր և գերված լեզգիների վերաբերությամբ, եթե պատահմամբ ընկնում էին վրացիների ձեռքը: Լեռնաբնակների բոլոր ցեղապետների հետ ծանոթ էր Սաքուլը, և ամեն անգամ նրանց տունը գնալիս, նրանց կանանց համար ընծաներ էր տանում, և ամեն տեղ սիրալիր ընդունելություն էր գտնում: Գերեվարները, Սաքուլի գալուստը լսելով, իսկույն հավաքվում էին նրա շուրջը, սկսվում էր սակարկությունը: Տարակույս չկա, սակարկությունը վերջանում էր միշտ հօգուտ խորամանկ գերեվաճառի, որի համար մեծ աշխատություն պետք չէր միամիտ լեռնցուն խաբելու համար: Այսուամենայնիվ, Սաքուլը այնքան ընդարձակ վարկ էր ստացել Դաղիստանում և լեռնաբնակները այն աստիճան հավատարմություն ունեին դեպի նրա ազնվությունը, որ շատ անգամ գերիներին հանձնում էին նրան առանց փող ստանալու, համոզված լինելով, որ Սաքուլը իր խոսքը հարգող մարդ է, կտանե և փողերը հետո էլ կուղարկե: Եվ իրավ, Սաքուլը այդ դեպքում հարգում էր իր տված խոսքը, և երբեք չէր պատահել, որ նա որևիցե զեղծում գործած լիներ իր հարաբերությունների մեջ լեռնաբնակների վերաբերությամբ, «Շատ ուտելը քիչ ուտելուց էլ կզրկե մարդուն», անդադար կրկնում էր նա թյուրքի առածը: — Եթե մի անգամ բերեմ ու նրանց փողերը չվերադարձնեմ, այնուհետև ես մինչև մահ պիտի զրկեմ ինձ իմ փառավոր վաստակից: Այդ դատողությունց պարզ հայտնի էր, որ Սաքուլը ուղղության, հավատարմության և ճշմարտի վրա չէր նայում նրանց բարոյական կողմից, այլ բոլորվին գործնական կետից էր ընդունում պարտաճանաչության պահանջը:

Ահա այդ մարդն էր, որին այնպես անքաղաքավարի կերպով ընդունեց Բայինդուր իշխանը, որ նոր էր վերադարձել Դաղիստանից, բերելով իր հետ գերիների մի ամբողջ քարավան, և այժմ սառն, անվրդով կերպով նստած էր իր գտակի վրա, և բարեսիրտ ժպիտով ընդունում էր Բեկի արբած հյուրերի դառն կատակները: Բայց նրա պատմությունը թե՜ իր ճանապարհորդության և թե՜ իր վերադարձի մասին մնաց անկատար, որովհետև Բեկի հոգնած հյուրերը փոքր առ փոքր սկսեցին հեռանալ, աղմկալի սենյակը բոլորովին դատարկվեցավ և ամեն տեղ տիրեց խորին լռություն:

Այնուհետև Բեկը երկար, միայնակ նստած, Սաքուլի հետ խոսում էին: Ի՞նչ գործ ուներ Վրաստանի առաջին պետական մարդը այդ գերեվաճառի հետ:

Ե

Այժմ պատմենք համառոտ կերպով, թե Դավիթ բեկը Վրաստան գալով, նախ որպես սկսեց իր ասպարեզը:

Ընթերցողը հիշում է այն սոսկալի, փոթորկային գիշերը, երբ նա Ֆաթալի-խանի բանակից ճանապարհ ընկավ, հիշում է և այն, որ նա ուներ իր հետ ծերունի ներքինապետից հանձնարարական նամակ հայազգի Օրբելյան իշխանի վրա, որը պետք է պատանի Դավթի հոգաբարձուն և խնամակալը լիներ նրա պանդխտության մեջ: Բայց ծերունի ներքինապետի բոլոր կարգադրությունները պատանու ապահովության մասին հակառակ ընթացք ստացան, որը նախատեսել, իհարկե, նա սկզբից չէր կարող:

Պատանին գալով Մցխեթ, գտավ Օրբելյան իշխանին մի շաբաթ առաջ մեռած: Նրա բարեկամները դեռ սուգի մեջ էին: Թեև պատանին ներկայացրեց նրանց ներքինապետի նամակը, բայց հանգուցյալի տոհմայիններից ոչ ոք կարողացավ ճանաչել, թե ով էր նամակի հեղինակը, կամ որքան նշանակություն պետք էր տալ նրա գրածներին: Նկատելով այդ սառն ընդունելությունը, պատանին ինքն անհարմար համարեց մի անախորժ բեռն լինել օտար ընտանիքի վրա, որ առանց դրան ևս անբախտացած էր: Սիրտը լի եռանդով, քսակը լի ոսկիներով, որ ստացել էր նա Սյուրիից, վճռեց իր աշխատանքով ապրել, առանց մի ուրիշին ծանրություն պատճառելու:

Նա հետ դարձրեց իր հետ եկած մարդիկներին, գրեց ներքինապետին, թեև իշխանը, որի վրա հույս ուներ նա, մեռած է, բայց ինքը այնքան ուժ է զգում իր մեջ, որ առանց խնամակալի ևս կարող է այդ երկրում մի պարապմունք գտնել և անկախ ու անկարոտ ապրել: Վերջացնելով իր նամակը անհուն շնորհակալություններով ծերունու բարերարությունների մասին, պատանին աղաչում էր նրան, որ այլևս իր համար հոգ չտանե, որովհետև ինքը կարող է կյանքի մեջ իրան ճանապարհ բաց անել: Իսկ պատանու անձնավստահությունը չպսակվեցավ այն փայլուն հույսերով, որ երևակայում էր նա:

Ի՞նչ կարող էր անել մի անփորձ պատանի օտար, անծանոթ երկրում, ուր ստրկությունը ոչնչացրել էր ամեն արդյունաբեր վաստակ, ուր աշխատանքը ոչինչ գին չուներ, ուր ժողովրդի մեծ մասը ձրիաբար էր գործում մի քանի ծույլ, շռայլ, անկարգ ազնվականների համար միայն: Իսկ ինքը պատանին ոչ մի գործի համար պատրաստված չէր. արհեստը, որ արհեստավորների բացակայության պատճառով կարող էր այդ երկրում փոքր ի շատե գործադրություն գտնել, — արհեստ չգիտեր նա: Գյուղում սնված, գյուղում մեծացած, կատարյալ գյուղացի էր նա, փոքր ի շատե ծանոթ գյուղական տնտեսության: Իսկ մի աշխատություն, որ բոլորովին անարգված էր և որի համար հազարավոր ձրի բանող ձեռքեր կային այդ երկրում, — դա էր գյուղական տնտեսությունը:

Սկզբում նա սկսեց ծախսել իր հետ բերած ոսկիները, որ ընծայել էր նրան Սյուրին. երբ փողերը սպառվեցան, սկսեց վաճառել իր հագուստները: Միակ բանը, որ նա ամենայն սրբությամբ պահեց իր մոտ, — դա էր ծերունի ներքինապետի ընծայած թուրը, որը վճռեց չկորցնել, եթե քաղցածությունից մեռնելու ևս լինի:

Բայց այդ տեսակ կյանքը երկար շարունակվել չէր կարող. պետք էր մի որևիցե գործ գտնել: Սկզբում նա իրան այնքան չէր խոնարհեցնում, որ ստոր աշխատություններից սկսե, հետո այդ վիճակի հետ ևս հաշտվեցավ, դարձյալ ոչ ոք նրան գործ չէր տալիս: Դժբախտությունը օրըստօրե ավելի և ավելի զգալի էր դառնում: Հպարտությունը չէր ներում նրան, որ իր թշվառության մասին ծերունի ներքինապետին կամ Սյուրիին տեղեկություն տա: Բայց եթե շատ էլ ցանկանար, ի՞նչ միջոցով կարող էր գրել նրանց: Հաորդակցություններ բնավ չկային, պետք էր առանձին սուրհանդակ վարձել, բայց ի՞նչ գումարով, քանի որ ինքը բոլորովին աղքատ էր, և ո՞վ հանձն կառներ փողի համար Վրաստանի սահմաններից դուրս գնալ, մի այնպիսի ժամանակ, երբ ճանապարհները լիքն էին ավազակներով, երբ մի սոխի համար մարդու գլուխ էին կտրում:

Նա ապրում էր մի հայ մանրավաճառի տանը, որ իր պարզամիտ հյուրին ըստ կարգին կողոպտելուց հետո, նրա քսակը պարպելուց և նրա հագուստները մերկացնելուց հետո, երբ տեսավ, որ այլևս շահվելու ոչինչ չէ մնացել, իր հյուրասեր տան դռները ցույց տվեց նրան, ասելով.

Որդի, ձեզ համար մի ուրիշ տեղ ճարեք, տեսնում եք, ես մեծ ընտանիքի տեր եմ, իմ զավակները հազիվ եմ կարողանում պահել:

Նա առանց մի խոսք ասելու հեռացավ: Խորին հուսահատության մեջ թողեց ավանը և դիմեց դեպի մերձակա լեռը: Հագին ոտնամաններ չուներ: Իր պանդխտության օրերում, անծանոթ, օտար աշխարհում հանդիպեց նա միակ հային, որից հույս ուներ փոքր ի շատե օժանդակություն գտնել, իսկ նա կողոպտեց նրան, հետո արտաքսեց: Այժմ ամայի անապատների միայնակության մեջ աշխատում էր թաքցնել իր անբախտությունը: Ամառային առավոտը հիացնելու չափ սքանչելի էր, բայց նա բնության մեջ ոչինչ գեղեցկություն չէր նկատում: Թռչունները անհոգ չըկչըկում էին, ծաղիկները ուրախ ժպտում էին, համբուրվելով արեգակի առաջին ճառագայթների հետ, բայց այդ բոլորը ավելի բարկացնում էին նրան, ավելի լցնում էին նրա սիրտը մի ամսահման տխրությամբ, թե ինչո՞ւ աստուծո բոլոր արարածները կարող էին ուրախ, բախտավոր լինել, իսկ ինքը ոչ:

Ամբողջ օրը թափառեց նա սարերի վրա, դաշտերում, անտառներում, ինքն էլ չգիտեր, թե ինչու համար: Ամեն անգամ մի մարդ տեսնելիս, փախստականի նման աշխատում էր չմոտենալ նրան: Այսպես անցկացրեց նա, մինչև երեկոյացավ, մինչև խավարը փոքր առ փոքր սկսեց պատել աշխարհը: Այժմ մտածում էր վերադառնալ գյուղը. բայց ո՞ւմ մոտ գնալ, ո՞րի դուռը բախել: Միակ ծանոթ մարդը, իր արյունակիցը, չպահեց նրան, այն մարդը, որի մեջ ցավակցություն էր որոնում, որին պատմել էր իր բոլոր դժբախտ անցյալը: Այժմ ո՞ւմը դիմել: Վրացու արհամարհանքը, ատելությունը, դառն զզվանքը դեպի ամեն մի հայ նետի պես ծակոտում էր նրա սիրտը. վրացուց օգնություն խնդրել` մահվան չափ ծանր էր նրան: Երկու օր նա ոչինչ չէր կերել. այժմ ամեն հոգսերից ավելի տանջում էր նրան քաղցը: Մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն. ուժերը հետզհետե նվազում էին: Մտածեց փոքր-ինչ հանգստանալ:

Գիշերային խավարը բոլորովին թանձրացել էր: Նա դուրս եկավ նեղ շավիղից, որ տանում էր ինքն էլ չգիտեր թե ուր, և առանձնացավ մի ձորակի մեջ: Այստեղ լավ էր, այստեղ նրա ոչ ոք չէր տեսնի: Նա իր հոգնած մարմինը ցած թողեց, պառկեց խոտերի վրա: Մի քանի րոպե դիակի նման անշարժ մնաց, հետո աչքերը բաց արեց, որ տեսնե, թե որտեղ է գտնվում: Ոչինչ հասկանալ չկարողացավ: Ամբողջ օրը թափառել էր նա, իսկ այժմ ո՞րտեղ էր բերել նրան չար բախտը, — դժվար էր գիտենալ: Նա նայեց դեպի աստղալից երկինքը: Այս գիշեր աստղերը ինչ-որ հանգիստ չէին, անդադար շարժվում էին և իրանց տեղում չէին կանգնում: Ի՞նչ էր պատահել: Աչքերը կրկին փակեց և մի քանի րոպե մնաց շփոթության մեջ: Հետո դարձյալ բաց արեց, տեսավ, ամբողջ երկինքը պատվում էր իր շուրջը. ամեն ինչ տակնուվրա էր լինում. աստղերը նույնպես կամ դեպի աջ էին վազում, կամ դեպի ձախ. զարմանալին այն էր, որ ինքն էլ նրանց հետ պտտվում էր: Ինչո՞ւ էր այսպես լինում: Մի՞թե աշխարհի վերջը հասել էր: Նա աչքերը կրկին փակեց, որ ոչինչ չտեսնե: Այժմ նրան տիրեց երկյուղի նման մի բան: Սնահավատությունը, խառնված երկյուղի հետ, սկսեց սաստիկ խռովել նրա երևակայությունը: Մտածում էր, թե մահվան տագնապի մեջ է գտնվում ինքը. թե ահա շուտով կհայտնվի հոգեառ հրեշտակը և ամեն ինչ կվերջանա... Բայց ինչո՞ւ էր ուշանում նա. ինքը ուրախությամբ, մե՛ծ ուրախությամբ կցանկանար հանդիպել նրան: Կյանքը նրանից ավելի անտանելի չէր կարող լինել, քան թե որ էր: Այսպիսի հոգեկան տանջանքների մեջ երկար չարչարվում էր նա, մինչև փոքր-ինչ հանգստացավ: Բայց աչքերը բաց անել չէր համարձակվում: Աշխատում էր քնել, բայց քունն էլ մոտ չէր գալիս: Ոչ մահը, ոչ քունը, այդ ի՞նչ պատիժ էր: Արդյո՞ք սովածության պատճառով քնել չէր կարողանում, թե սրտի հուզմունքը խռովության մեջ էր ձգել նրան:

Նա աչքերը բաց արեց մյուս օրը, տեսավ, որ արեգակը կանգնել էր կեսօրվա տեղը. սար, դաշտ և ձոր լցված էր պայծառ, անսահման լուսավորությամբ: Գիշերվա խավարի հետ անցել էին և նրա սև մտքերը. այժմ նրա սրտում տիրում էր խորին, անգիտակցական անդորրություն: Պատճառը ինքն էլ չգիտեր: Արդյոք իր շուրջը զարթած նոր կյա՞նքը, թե՞ աստուծո գեղեցիկ աշխարհի հրապուրանքը կրկին թափեցին նրա հոգում կյանքի քաղցրությունը, — այդ անկարող էր նա բացատրել, միայն նրա գունաթափ դեմքի վրա փայլեց մի անձնավստահ ժպիտ և նրա նույնպես գունատված շրթունքից դուրս թռան հետևյալ խոսքերը. «Ես դեռ չի պիտի մեռնեմ... ինձ հարկավոր է դեռ երկար ապրել... ես ուխտ ուխտեցի իմ ծնողների գերեզմանի վրա... ես երդումով նույն ուխտը կրկնեցի Սյուրիի և ծերունի ներքինապետի մոտ... ես պետք է կատարեմ իմ խոստմունքը...»:

Բայց պետք էր մի բանով հագեցնել իր քաղցը, որ կարելի լիներ շարունակել սպառվող կյանքը: Նա մոտեցավ իրանից ոչ այնքան հեռու հոսող առվակին, սկսեց քաղել նրա ափերից մի քանի տեսակ ծանոթ բույսեր, որոնց հում-հում ուտել անկարելի էր, միայն կերակուրների մեջ և աղցանի համար էին գործածվում: Սկսեց ուտել այդ բույսերը, բայց նրանք փոխանակ հագեցնելու նրա քաղցը` պատճառեցին ստամոքսի մեջ սաստիկ ցավ: Նա տհաճությամբ դեն գցեց քաղած բույսերը և մի քանի րոպե մնաց հուսահատ շփոթության մեջ, ամենևին չնկատելով, որ այդ միջոցին խոսակցելով, ծիծաղելով, երգելով անցնում էին նրա մոտից մի խումբ կնիկներ: Նրանք վերադառնում էին ոչխարների հանգրվանից, և կաթի կժերը շալակած, դիմում էին դեպի գյուղը:

Մտիկ տվեք, մտիկ տվեք, ի՜նչ է ուտում այդ մարդը, — ասաց նրանցից մեկը իր ընկերուհիներին, — ցույց տալով պատանու վրա:

Երևի, քաղցած է խեղճը, — ասաց մի սիրուն տասնևերկու տարեկան աղջիկ, որ որոշվում էր բոլորից թե իր հագուստի նորությամբ և թե իր շարժմունքի համարձակ ձևերով:

Քաղցած չէ, — պատասխանեց նրան մի պառավ աղջիկ, — երևի գիժ է, տեսնո՞ւմ եք, աչքերը ինչպես վառվում են:

Ի՞նչ ես խոսում, Կեկել, գիժը դու ես, — պատասխանեց նրան փոքրիկ աղջիկը և իր ձեռքի պղնձե թասը մոտեցրեց կնիկներից մեկին, խնդրելով, որ կաթ ածե:

Կինը ուսից ցած բերեց կաթով լիքը կուժը, լցրեց պղնձե թասը, և փոքրիկ աղջիկը երկու ձեռքով բռնելով, վազեց պատանու մոտ: Դավիթը ապշած նայում էր այդ մանկահասակ բարեսրության վրա, որին, կարծես, երկինքը ուղարկել էր իրան օգնելու համար:

Ա՜ռ, խմի՜ր, — ասաց նա մանկական անկեղծ կարեկցությամբ, — ես քեզ համար հաց էլ կբերեմ:

Պատանին իր շնորհակալությամբ լի աչքերը դարձնելով այդ հրեշտակի նման չքնաղ արարածի վրա, ընդունեց թասը: Աղջիկը կրկին դարձավ իր ընկերուհիների մոտ և այս անգամ բերեց մի կտոր հաց: Նրա վարմունքը այն աստիճան սրտաշարժ էր, որ պատանին բոլորովին զարմացած մնաց: Նա ավելի խոսք չգտավ, որ հայտնե իր շնորհակալությունը, միայն դատարկված թասը հետ տալով, ասաց.

Թող աստված օրհնե քեզ, սիրուն աղջիկ:

Այդ օրհնությունը այնքան խորթ թվեցավ, որ փոքրիկ աղջիկը ծիծաղեց, և խառնվելով իր ընկերուհիների խմբին, հեռացավ:

Իսկ պատանուն այժմ սաստիկ հետաքրքրում էր այն միտքը, թե ո՞վ էր դա, ո՞ւմ աղջիկը, որ այդ հասակում ուներ այնքան գութ և ցավակցություն դեպի մարդկանց թշվառությունը: Նա մտածեց, թե ոչխարների հոտը շատ հեռու չպիտի լիներ և սկսեց դիմել դեպի այն կողմը, գուցե հովիվներից որևիցե տեղեկություն կստանար:

Ճանապարհը, որ տանում էր դեպի այն կողմը, ծածկված էր ոտնակոխ եղած խոտերով և ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների վրայով: Տեղ-տեղ կորչում էր նա խիտ թուփերի մեջ, տեղ-տեղ շարունակում էր կանաչազարդ արոտամարգերի միջով: Այստեղ արեգակի պայծառ ճառագայթները թափել էին ձորերի և դաշտերի վրա մի սքանչելի ջերմություն, իսկ այնտեղ, փոքր-ինչ հեռու, կապուտակ երկինքը միախառնվում էր կովկասյան ձյունապատ սարերի դարևոր սառնամանիքի հետ:

Հագեցնելով իր քաղցը, կազդուրելով սպառված ուժերը, պատանին շտապով առաջ էր գնում: Եվ իրավ, ոչխարների հոտը շատ հեռու չէր. բլուրների մյուս կողմում, կեսօրվա առթի պատճառով, նրանց պառկեցրել էին թուփերի հովանու տակ: Կուշտ ու գոհունակ անասունները, հանդարտ չոքած ծնկների վրա, երբեմն իրանց միամիտ աչքերը այս կողմ և այն կողմ էին դարձնում և մեծ ախորժակով որոճում էին: Տեղ-տեղ երկու չարաճճի այծեր, կանգնած ետևի ոտների պճղակների վրա, միմյանց հանդեպ, իրանց եղջյուրների ուժն էին փորձում: Փոքր-ինչ հեռու ահագին շները, գլուխները առջևի թաթիկների վրա դրած, պառկել էին և զգույշ, խորամանկ աչքերով նայում էին իրանց շուրջը: Տեսնելով պատանուն, նրանք խմբով վրա վազեցին և անշուշտ պատառ-պատառ կանեին, եթե նա չխլեր այնտեղ ընկած փայտի կտորը և նրանով չպաշտպանվեր: Շների բարձրացրած աղաղակը նրա վրա դարձրեց հովիվներից մեկի ուշադրությունը, որը կեսօրվա տոթից թուլացած, պառկել էր վայրենի տանձենու տակ: Նա չշարժվելով իր տեղից, հեռվից ծուլորեն կանչեց.

Հաջորդ էջ