Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Ա՜յ մարդ, ա՜յ մարդ, այս կողմից, այս կողմից:

Պատանին մի կողմից շների հետ կռվելով, մյուս կողմից իր շուրջը աչք ածելով, դիմեց դեպի կոչող ձայնը: Շները հովիվին մոտենալով, փոքր-ինչ հանգստացան, երբ նկատեցին, որ նա չէր քաջալերում իրանց վարմունքը: Պատանին բարևելով, նստեց նրա մոտ: Հովիվը հասակն առած մարդ էր, այն լեռնային մարդերից մեկը, որ ստեպ անասունների հետ ապրելով, կորցրել էր բոլորը, ինչ որ մարդկային էր, և սեփականել էր վայրենի անասնականը: Բայց, որպես երևում էր, նա իր ոչխարների նման միամիտ, միևնույն ժամանակ բարեսիրտ էր:

Ի՛նչ սատանա ես, թե որ փայտը չվերառնեիր, իմ շները կպատառոտեին քեզ, — ասաց նա ծիծաղելով, որպես թե մի մեծ գյուտ էր արել իր նկատողության մեջ:

Հա՜, եթե փայտը չվերառնեի, շները կպատառոտեին ինձ, — պատասխանեց պատանին ինքն էլ ծիծաղելով:

Ի՛նչ սատանա ես, — կրկնեց նա, շարունակելով իր բարեսիրտ ծիծաղը, — ո՞րտեղից գտար այն փայտը, շատ հաստ փայտ էր:

Այո՜ շատ հաստ փայտ էր, — ասաց պատանին, — այնտեղ ընկած էր, երևի կտրողները մոռացել էին:

Անպատճառ, կտրողները մոռացել էին, — կրկնեց հովիվը. — ի՛նչպես հասկացար, աստված է վկա, շա՜տ սատանա ես:

Կամենալով միանգամից վերջացնել փայտի պատմությունը, պատանին ոչինչ չպատասխանեց: Բայց հովիվը դարձյալ կրկնեց.

Այդ լավ է պատահել, որ կտրողները մոռացել էին, աստված է վկա, թե որ փայտը չլիներ, իմ շները քեզ կենդանի չէին թողնի:

Այդ ես էլ եմ իմանում, — նրա իմաստուն կարծիքը հաստատեց պատանին: — Այդ ոչխարները ո՞ւմն են:

Ո՞ւմը պետք է լինեն, — պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ. — մեծ պարոնի ոչխարներն են:

Մեծ պարոն ասելով, պատանին հասկացավ, թե ում մասին էր խոսքը, և սկսեց ավելի հարգանքով վերաբերվել դեպի իր խոսակիցը, երբ իմացավ, որ նա թագավորի հովիվն էր:

Մեծ պարոնը ուրիշ ապրանք էլ ունի՞, — հարցրեց նրանից:

Աշխարհումը ո՞վ ունի այնքան ապրանք, որպես մեր մեծ պարոնը, — պատասխանեց հովիվը զարմացական կերպով գլուխը շարժելով. — այստեղ արածում են նրա ոչխարները, այնտեղ, սարի մյուս կողմում, արածում են երկու քսանից ավելի կովեր, նույնքան եզներ ու գոմեշներ: Բացի դրանից, տասը էշ ունի, հինգ ջորի ունի, քսանից ավելի ձի ունի:

Այսքան ապրանք խո մեր Տաթևի մելիք Դավիթն էլ ունի, իր մտքուսը ասաց պատանին, ամենևին չզարմանալով մեծ պարոնի հարստության վրա:

Այս օրերս էլ ընծա են բերել երկու ինչ-որ անասուններ, անունները չեմ իմանում, — ավելացրեց հովիվը:

Ի՞նչ տեսակ անասուններ:

Ինչ որ սատանայի նման անասուններ. երկայն ոտներ ունեն, երկայն, ծուռ վիզ ունեն: Քանի որ առաջ պարոնի դրանը զուռնա ածեցին, ողջ աշխարհը հավաքվեցավ այնտեղ. նրանց դուրս էին բերել թամաշա էին անում:

Ես էլ այնտեղ էի, տեսա, դրանք ուղտեր են. մեր երկրում շատ կա. չոքեցնում են, հետո բեռնում են:

Դրուստ այդպես, չոքեցնում են հետո բեռնում են, ի՜նչ լավ իմացար, ճշմարիտ, շատ սատանա ես եղել:

Սատանա բառը, որ այնքան հաճախ գործ էր ածում հովիվը, նրա լեզվում բոլորովին այլ իմաստ ուներ. դա նշանակում էր խելացի, ամեն բան իմացող, ամեն բան շուտ հասկացող: Բայց զգուշանալով, մի գուցե ուղտի պատմությունն էլ այնքան հեռու տաներ շատախոս հովվին, որպես փայտի պատմությունը` նա կարճ կտրեց, սկսելով մի այնպիսի խոսակցություն, որից կարող լիներ տեղեկություն ստանալ փոքրիկ աղջկա մասին:

Այդ ոչխարները օրը քանի՞ անգամ են կթում, — հարցրեց նա, իր շուրջը նայելով, որպես թե ոչխարներին է նայում:

Քանի՞ անգամ պետք է կթեն, — պատասխանեց հովիվը իր խռպոտ ձայնով. — երկու անգամ են կթում. մեկը կեսօրին, մեկը երեկոյան, երբ ոչխարները տուն են դառնում:

Կեսօրին, երևի, դաշտումն են կթում:

Դաշտումը, ապա ո՞րտեղ: Չտեսա՞ր, կնիկները կաթի կժերը տանում էին:

Տեսա: Երևի մեծ պարոնի տուն էին տանում:

Ապա ո՞րտեղ պիտի տանեին: Այնտեղ էին տանում:

Այդ կնիկները ո՞վքեր էին:

Ո՞վքեր պիտի լինեին. մեծ պարոնի քոծերն էին:

Պատանին փոքր առ փոքր հասնում էր իր հետաքրքրության առարկային:

Նրանց մեջ մի փոքրիկ աղջիկ կար, կարմիր դերիա ուներ հագած, ո՞վ էր նա:

Դու Թամարի մասին ես հարցնում, — ասաց հովիվը բարեսիրտ ժպիտով. — Թամարը մեծ պարոնի եղբոր աղջիկն է. շատ անգամ քոծերի հետ գալիս է ոչխարների մոտ և երբեմն ինձ համար յուղով հաց է բերում: Ես էլ նրա համար քաղում եմ անտառից զկեռ, հոն, կաղին և ուրիշ պտուղներ: Շավ լավ աղջիկ է Թամարը: Եթե նրա մայրը չմեռներ, Թամարը այսպես չէր լինի: Մեր այժմյան տիկինը լավ մտիկ չէ տալիս Թամարին: Ախ, լավ է, որ տղան շուտով մեռնի ու խորթ մոր ձեռքը չընկնի: Հանգուցյալ տիկինը շատ լավ տիկին էր. ես դեռ պահել եմ տրեխները, որ մի անգամ նա ինձ ընծայեց:

Այնուհետև նա սկսեց պատմել, թե Թամարի մայրը մեռնելուց հետո, թեև նրա հայրը կրկին ամուսնացավ, բայց իր նոր կնոջ հետ ապրեց մի քանի տարի միայն: Մի անգամ լեզգիների հարձակման ժամանակ, կռվի մեջ վերք ստանալով, մեռավ նա: Այնուհետև Թամարը մնաց բոլորովին որբ, իր խորթ մոր ապով: Այժմ թե Թամարը և թե խորթ մայրը կենում են մեծ պարոնի տանը, և մեծ պարոնը իր զավակներից չէ ջոկում Թամարին:

Վերջացնելով իր պատմությունը, հովիվը իր կողմից սկսեց հետաքրքիր լինել պատանու ի՜նչ ազգից և ո՜րտեղից լինելու մասին, հարցրեց, թե նա ի՞նչ է շինում վրաց երկրում. ինչո՞վ է ապրում, և երբ պատասխան ստացավ, թե ոչինչ պարապմունք չունի, ասաց.

Տեսնում եմ, որ դու քաջ տղա ես, շատ քաջ. իմ շների ձեռքից մինչև այսօր մի մարդ էլ չի պրծել, իսկ դու նրանց շշկռացրիր: — Կցանկանա՞ս ինձ մոտ մնալ:

Քեզ մոտ ի՞նչ շինեմ, — հարցրեց պատանին ծիծաղելով:

Ի՞նչ պիտի շինես. ես ինչ որ շինում եմ, դու էլ այն կշինես, — պատասխանեց հովիվը, իր թավամազ հոնքերի տակ թաքնված աչքերը լայն բացելով և ուղիղ պատանու երեսին նայելով: — Լսիր, տղաս, — շարունակեց նա, — իմ օգնականներից մեկը իմ ցուպը գողացավ, հետո փախավ. հիմա ինձ մեկ մարդ է հարկավոր. դու իմ օգնականը կդառնաս ու ինձ հետ ոչխարներ կարածացնես, մեծ պարոնի ոչխարները, հասկանո՞ւմ ես, դա պստիկ գործ չէ:

Այդ առաջարկությունը, թեև սկզբում շատ ծիծաղելի թվեցավ պատանուն, թեև նրան շատ հրապուրիչ չէր մեծ պարոնի հովվի օգնական լինելը, բայց, կարծես, մի ներքին ազդմամբ ստիպվեցավ նա հաշտվել այդ վիճակի հետ: Գլխավոր շարժառիթը, որ դրդեց նրան կապվել այդ նոր պարապմունքի հետ, այն էր, որ սա առիթ կտար երբեմն տեսնել գեղեցիկ Թամարին, որի անբախտ պատմությունը մի կողմից, իսկ իրան ցույց տված կարեկցությունը մյուս կողմից, թողել էին նրա սրտում մի խուլ, համակրական զգացմունք, որը թեև ինքը բացատրել չէր կարողանում, բայց միանգամայն տիրել էր նրա հոգուն: Բացի դրանից, նրան քաղցր էր, առժամանակ գոնե, իր սրտի վշտերի ցրվել լեռների, դաշտերի, անտառների առանձնության մեջ, հեռու լինել մարդերի բնակությունից, որոնցից ոչ մի մխիթարություն չէր գտել նա: Այդ պատճառով նա ավելի բարվոք համարեց կենակցել միամիտ հովիվների հետ, լսել նրանց պարզ, հասարակ պատմությունները, քան թե լսել ավազակ հայ մանրավաճառի անդադար նախատինքները, որը այնքան անխիղճ կերպով կողոպտեց նրան:

Դե, ասա, տղաս, մնո՞ւմ ես ինձ մոտ, — կրկին հարցրեց հովիվը:

Կմնամ, — պատասխանեց պատանին:

Զ

Հովիվը, որ ընդունեց իր մոտ պատանի Դավթին, կոչվում էր Սիկո: Քառասուն տարեկան հազիվ կլիներ նա. մի հաստուպինդ մարդ էր Սիկոն թե խելքով և թե մարմնով: Նրա ընտանիքը շատ մեծ չէր. երկու աղջիկներ և մի տղա ուներ Սիկոն: Որպես ամեն վրացի, դեպի իր ընտանիքը բնավ հոգ չուներ Սիկոն: Նա այն աստիճան ընտելացած էր իր ոչխարների հետ և այնքան սիրում էր նրանց, որ բոլորովին մոռացել էր թե կնոջը և թե զավակներին: Խիստ հազիվ էր պատահում, որ Սիկոն իր տան շեմքի վրա ոտք կոխեր, այդ պատճառով Մցխեթի մեջ առակ էր դարձել ամեն մի հնության մասին ասել. «Այդ անցքը այն տարում պատահեց, երբ Սիկոն եկել էր իր տունը»: Ամբողջ ցերեկը իր հոտի հետ անց էր կացնում նա արոտատեղերում, իսկ գիշերը պառկում էր իր տիրոջ գոմի մեջ, որ մի քանի քայլ միայն հեռու էր իր տնից: Որպես վարձ իր ծառայության համար, ամեն տարի մեծ պարոնի կալից ստանում էր Սիկոն հինգ ջվալ սիմինդր, հարյուր չափ գինի, տասնևերկու րիալ փող, մի շապիկ, մի ոտաշոր, երկու զույգ տրեխներ, մի խոսքով մոտավորապես նույնքան, որքան ստանում էր մի գնդապետ: Այդ նախանձելի ռոճիկը տալիս էին Սիկոյի տանը և նրա ընտանիքը կերակրվում էր: Իսկ պատանի Դավիթը, մեծ պարոնի մեծ հովվի օգնականը, ռոճիկ չէր ստանում. դրա համար պետք էր դեռ երկար ծառայություն. նա ստանում էր ամեն առավոտ միայն օրական հաց, որը իր մախաղի մեջ դրած, տանում էր հետը, բացի դրանից, ստանում էր ամեն տարի մի ձեռք հագուստ:

Այսուամենայնիվ, նա շատ գոհ էր իր նոր վիճակով: Լեռնային օդը, արձակ կյանքը նրա վրա խիստ բարերար ազդեցություն գործեցին: Եղանակի խստությունից կոշտացած և արևից այրված նրա դեմքը թեև այժմ կորցրել էր իր նախկին քնքշությունը, բայց ավելի այրական կերպարանք էր ստացել, որ արտահայտում էր երկաթի առողջություն և մարմնի անհամեմատ զորություն: Նրան այժմ դժվար էր ճանաչել իր հովվական նոր հագուստի մեջ, որ ոտքից մինչև գլուխ բաղկացած էր անասունների կամ մորթից կամ կաշուց: Գլխին դրած ուներ մուրգուզ††††††† այծի մորթից գտակը, որի երկայն, գանգուր մազերը թափվում էին մինչև երեսի կեսը, կիսով չափ ծածկելով աչքերը: Այդ տալիս էր նրա դեմքին մի ահավոր արտահայտություն: Շապիկի վրա հագել էր գառան մորթից պատրաստած կարճ մուշտակը, գոտևորած նեղ, կաշյա փոկով, որից քարշ էին ընկած լեզգու խենջարը, վառոդի և գնդակի ամաններ, և յուղով լցրած, երկաթի մի տուփ` զենքեր օծելու համար: Մուշտակի լերկ սեկը ծառայում էր որպես երես, իսկ մազոտ կողմը որպես աստառ: Լայն շալվարը պատրաստված էր տեղային կոշտ չուխայից, որի ստորին մասը, ծնկներից ցած, հավաքված էր կաշուց կարած զանկալների մեջ: Հետո մերկ, առանց գուլպայի ոտների վրա կապել էր տրեխները:

Հայրենիքից բերած իր բոլոր հարստությունըձին, հագուստը, փողերըծախսելեն հետո նա կարողացավ պահել զենքերը միայն: Ներքինապետի թանկագին ընծան, Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրը, նա խնամքով փաթաթելով, պահ էր տվել իր նոր խնամակալի` Սիկոյի տանը. նրան չէր գործածում, իսկ մնացածը` հրացանը, ատրճանակները և խենջարը գործ էր ածում: Ավազակների բազմությունը առիթ էր տվել հովիվներին ցուպի հետ կրել և հրացան, իսկ մախաղի հետ` գնդակի ու վառոդի ամաններ:

Հաճախ կրկնվող գողությունները պատճառ էին տալիս պատանի Դավթին անդադար կռվել վտանգների դեմ: Նա գործ ուներ բացի ավազակներից և գազանների հետ: Լեռները, անտառները լիքն էին գայլերով, արջերով և վագրերով, իսկ դրանցից ավելի վատթար էին վայրենի օսերը, իմերելները, խեվսուրները և կովկասյան լեռների բազմաթիվ, խառնիճաղանջ ցեղերը: Ամենի դեմ պետք էր պահպանել հոտը, ամենի հետ պետք էր կռվել: — Ահա այդ սրի, վառոդի և արյան դպրոցից ստացավ պատանի Դավիթը իր սկզբնական պատերազմական կրթությունը:

Բարեսիրտ Սիկոն այնքան ներողամիտ էր դեպի իր պատանի օգնականը, որ երբեմն նրան թույլ էր տալիս հեռանալ հոտից և պարապվել որսորդությունով: Այսպիսով նա ավելի վարժվեցավ հրացանաձգության մեջ և նրան հաջողվում էր գնդակահար առնել ոչ միայն նապաստակներ նրանց փախչելու միջոցում, այլ շատ անգամ սպանում էր արագավազ, վայրի այծեր, եղջերուներ, արջեր և այլ անասուններ: Շուտով նա մեծ հռչակ ստացավ թե իր ընկերների և թե շրջակա լեռների հովիվների մեջ: Նրա համբավը հասավ մինչև անգամ մեծ պարոնին, որին ծանոթ լինելու պատիվն ունեցավ, երբ իր որսերից երբեմն տանում էր տիրական սեղանի համար և փոխարենը նրան ընծայում էին վառոդ, գնդակ, և առատ գինի էին խմեցնում մեծ պարոնի մառանից:

Մեծ պարոնի այդ ողորմածությունը դեպի պատանին չափազանց ուրախացնում էր բարեսիրտ Սիկոյին, և նա մի առանձին նախազգացմունքով շատ անգամ կրկնում էր նրան. — Ես իմանում եմ, դու վերջը թավադ (ազնվական) կդառնաս:

Ինչո՞վ, — հարցնում էր պատանին, ինքն էլ չհավատալով իր ականջներին:

Ինչպե՞ս թե ինչո՞վ, կդառնաս էլի, — պատասխանում էր նա հաստատ հավատով և պատմում էր պատանուն զանազան օրինակներ, որոնցից կարելի էր եզրակացնել, թե իր ենթադրությունը անտեղի չէր:

Մի անգամ, — պատմում էր նա, — մեծ պարոնը ընթրիք պիտի տար իր դրանիկներին. «Ո՞վ կլինի այն քաջը, որ կվորսա մի եղջերու իմ սեղանի համար», ասաց նա իր դիվանին: Բոլոր թավադների որդիները վեր առեցին իրանց հրացանները, վազեցին դեպի լեռները, դեպի անտառները, ամբողջ օրը ման եկան և գիշերը դատարկ վերադարձան: Այդ միջոցին մեծ պարոնի տունը ներս մտավ քեչալ Դարչոն, մի ահագին եղջյուր շալակած: «Շատ լավ տղա ես, Դարչո», ասաց նրան մեծ պարոնը, իր ձեռքը նրա ուսին խփելով, և իսկույն հրամայեց հրովարտակ գրել, նրան թավադություն շնորհեց, և բացի դրանից, քառասուն տուն էլ ճորտեր բաշխեց:

Ո՞վ էր այդ Դարչոն, — հարցրեց պատանին զարմանալով:

Ո՞վ պետք է լիներ. մի անգործ, արբեցող անպիտան, որ ամբողջ օրով կբաներ ամեն մի մարդու տանը, եթե նրան մի գավաթ գինի կտային:

Իսկ պատանին ոչ ազնվականության վրա էր մտածում, և ոչ ճորտերի, նա իրան բախտավոր ու երջանիկ էր համարում, երբ երբեմն տեսնում էր գեղեցիկ Թամարին, երբ լսում էր նրա բերանից մի քանի քաղցր խոսքեր և երբ զմայլում էր նրա դեմքի անմեղ ժպիտով:

Թամարը այժմ սկսել էր ավելի հաճախ գալ ոչխարների մոտ: Նրա համար անտառային պտուղներ քաղելու հոգսը, որ առաջ կատարում էր Սիկոն, այժմ հանձն էր առել պատանին: Նա գնում էր անտառի ամենախուլ տեղերը, մտնում էր թուփերի ամենախճճված թավուտների մեջ, պատառոտում էր իր հագուստը, փշերով ծվատում էր իր ձեռքերը, հազար ու մեկ վտանգների էր ենթարկում իր անձը, նրա համար նորանոր պտուղներ գտնելու համար: Ահա այն բարձր ժայռից քարշ ընկած մացառների մեջ երևում են հասուն մորիներ, կամ կարմիր ելակներ, բայց այնտեղ բարձրանալու համար կարելի է ոտքը կոտրել, գլուխը ջախջախել, — այդ միևնույն էր Դավթի համար, վտանգներից չէր վախենում նա. նա պատրաստ էր մինչև անգամ մահ հանձն առնել, միայն թե կարողանա քաղել խնդրած պտուղները: Նա լցնում էր այդ պտուղները իր ձեռքով հյուսած փոքրիկ զամբյուղների մեջ և պահում էր Թամարի համար:

Մի անգամ պտուղները Թամարին տալու ժամանակ պատանին ընծայեց նրան և մի փունջ ծաղիկ: Դավիթը զուրկ չէր քնքուշ զգացմունքներից, բայց նրան պակասում էր կիրթ ճաշակը: Նա իր փունջը կազմել էր ամբողջապես դեղին ծաղիկներից:

Ես դեղին ծաղիկներ չեմ սիրում, — ասաց Թամարը, թեև ընդունելով փունջը:

Ապա ի՞նչ գույն ես սիրում, — հարցրեց պատանին, սաստիկ կարմրելով իր անշնորհքության վրա:

Կարմիր, վարդագույն, մանիշակագույն, կապույտ, ու դրանց նմանները, — պատասխանեց Թամարը, միևնույն ժամանակ չդադարելով ճաշակել իրան մատուցած պտուղների հասունները:

Ինչո՞ւ դեղինը չես սիրում:

Չեմ սիրում, ինքս էլ չեմ իմանում, թե ինչու չեմ սիրում, — ասաց նա իր փունջի վրա նայելով: — Ես դեղին գույնով շորեր էլ չեմ հագնում, երբ ինձ համար կարում են:

Դու, երևի, կարմիրն ես սիրում. — պատասխանեց պատանին մի առանձին հրճվանքով նայելով Թամարի վրա: — Առաջին անգամ, երբ ես քեզ տեսա, էլի այսպես կարմիր դերիա ունեիր հագած, ինչպես հիմա:

Առաջին անգամ ո՞րտեղ տեսար ինձ, — հետաքրքրությամբ հարցրեց Թամարը: — Այդ ե՞րբ էր:

Երկու տարի առաջ: Ես քեզ տեսա ճանապարհին, քոծերի հետ տուն էիր գնում. դու ինձ կաթ խմացրիր: Չե՞ս հիշում:

Թամարը մատը դրեց բերնին, գեղեցիկ, երկայն թերթերունքներով պատած վերնակոպերը խոնարհեցրեց, մտածության մեջ ընկավ: Րոպեական լռությունից հետո գլուխը բարձրացրեց և ուղիղ պատանու երեսին նայելով, ասաց.

Չեմ հիշում: Երկու տարի դրանից առաջ... ես քեզ ճանապարհին կաթ խմացրի... չեմ հիշում... — կրկնեց նա մի առանձին խորհրդավոր ձայնով:

Այո՜, երկու տարի առաջ... — պատասխանեց պատանին սրտի բաբախմունքից դողդոջուն ձայնով: — Այն օրից ես հանձն առա ձեր հովիվը լինել:

Ինչո՞ւ, — հարցրեց Թամարը և մի նուրբ ժպիտ փայեց նրա սիրուն շրթունքների վրա:

Որ կարողանամ քեզ շուտ-շուտ տեսնել:

Վերջին խոսքը լսելու ժամանակ Թամարը ծիծաղելով փախավ Դավթի մոտից, իսկ հեռանալու միջոցին կանգ առեց, և ապշած պատանու ականջներին հասան հետևյալ խոսքերը, երբ նա իր ուրախությամբ լի դեմքը դարձնելով, ասաց հեռվից.

Ես թեև դեղին ծաղիկներ չեմ սիրում, բայց այդ փունջը ինձ հետ կտանեմ, նրա համար, որ դու ես քաղել, — կպահեմ ու միշտ կպահեմ սրտիս վրա...

Այդ խոսակցությունը պատանու և Թամարի մեջ տեղի ունեցավ ոչխարների կայարանից փոքր-ինչ հեռու, մի առվակի ափի մոտ: Խիտ թուփերը ծածկում էին նրանց թե հովիվների և թե Թամարի հետ եկած աղախինների աչքերից: Վերջինները այդ ժամանակ զբաղված էին ոչխարներ կթելով: Բայց թե պատանին և թե մանկահասակ աղջիկը չկարողացան նկատել, որ նրանցից մեկը, սատանայի նման թուփերի մեջ թաքնվելով, ուշադրությամբ լսում էր երկու սիրահարների մտերմական խոսակցությունը, և մեծ հետաքրքրությամբ զննում էր նրանց բախտավոր երեսների գծերի ամենափոքր շարժմունքները, և արտահայտության ամենաթեթև նշմարը:

Թամարի հեռանալուց հետո նա դեռ երկար մնաց իր դարանի մեջ, բարկությամբ նայում էր Դավթի վրա, որը այդ րոպեում անշարժ արձանի նման, սառած, ապշած կանգնել էր, բոլորովին չկարողանալով իրան հավատացնել, թե տեսածը իրողություն էր, թե լսածը Թամարի խոսքերն էին: Նա շտապով վազեց օրիորդի հետևից, որ գոնե միանգամ ևս տեսնե նրան, բայց նա աղախինների խումբի հետ գնացել, հեռացել էր արդեն: Այդ միջոցին թուփերի մեջ թաքնված դարանակալը դուրս եկավ իր գաղտնարանից, և զարտուղի ճանապարհներով վազ տալով, հասավ իր ընկերուհիներին:

Այնուհետև պատանին ամեն առավոտ, դեռ վաղորդյան ցողը չբարձրացած, քաղում էր լեռներից Թամարի սիրած ծաղիկները, փունջեր էր կապում, գցում էր աղբյուրների հստակ ջրերի մեջ, որ թարմ ու անթառամ մնան Թամարին ընծայելու համար: Բայց ծաղիկները օրերով, շաբաթներով մնում էին աղբյուրների մեջ, գունատվում էին, թառամում էին, իսկ Թամարը չէր երևում: Պատանին նորերն էր քաղում, նոր փնջեր էր կապում, բայց Թամարը չէր գալիս ու չէր գալիս նրանց տանելու համար: Ի՞նչ էր պատահել, արդյոք հիվա՞նդ էր նա, — պատանին ոչինչ տեղեկություն չուներ: Վերջին տեսությունից հետո անցան շաբաթներ, անցան ամիսներ, նա Թամարին չէր տեսել: Նա բոլորովին կորցրեց իր սրտի ուրախությունը և օրըստօրե սկսեց ավելի տխուր, ավելի լուռ ու մունջ լինել: Պատանու տրտմությունը, նրա անմխիթար հալումաշ լինելը, չէր կարելի, որ աննկատելի մնար իր ընկերներից, որոնց բոլորի ուրախությունն էր նա, որոնք անդադար հարցնում էին նրա թախծության պատճառը, բայց ոչինչ չէին կարողանում դուրս բերել լուռ և ծածկամիտ Դավթից:

Սիկոյի իրավասության ներքո գտնվող հովիվների թիվը, բացի Դավթից, վեց հոգի էր: Դավիթը իր բնավորության քաղցրությամբ սիրլի էր դարձել ամենին: Ոչխարների հանգստի մոտ, գիշերային խարույկի շուրջը բոլորած, պատանին շատ անգամ զվարճացնում էր նրանց իր երգերով: Որպես սյունեցի, գիտեր նա ածել թառի վրա և խիստ հաջողակ ձայն ուներ. բայց վերջին օրերում նրա ձայնը բոլորովին լռեց;

Ի՞նչ է պատահել քեզ հետ, — մի գիշեր հարցրեց պատանի Գեվոն, գտնելով նրան ոչխարների կայարանից հեռու, պառկած մի ժայռի մոտ:

Ոչինչ, — պատասխանեց Դավիթը, իր տեղից չշարժվելով, — քեֆս մի փոքր լավ չէ, կարելի է մրսած լինեմ:

Դավթի ընկերների մեջ Գեվոն միակն էր, որ բոլորից ավելի մտերիմ էր նրա հետ, և վերջին ժամանակներում լռությամբ հետազոտում էր նրա դրությունը, թեև ընկերոջը ոչինչ չէր հայտնում:

Ես գիտեմ, — ասաց նա, խոնարհվելով իր ընկերոջ երեսի վրա, — դու ոչ հիվանդ ես և ոչ մրսած, բայց գիտեմ, թե ինչո՞ւ է քեֆդ վատ:

Ինչո՞ւ է վատ, — հարցրեց Դավիթը, գլուխը վեր բարձրացնելով:

Դու ինձանցի ծածկո՞ւմ ես, Դավիթ, ես կարծում էի, դու ամեն բան կասես ինձ, — խոսեց Գեվոն փոքր-ինչ վիրավորված կերպով:

Ի՞նչ բան պիտի ասեմ քեզ. դու ինքդ ասում ես, թե ամեն բան իմանում ես:

Հա, իմանում եմ...

Ի՞նչ ես իմանում:

Դու նրա համար ես տխուր, որ Թամարը էլ ոչխարների մոտ չէ գալիս: — Բայց գիտե՞ս, թե ինչու համար չէ գալիս:

Ես ոչինչ չգիտեմ, թե դու մի բան գիտես, ասա՜:

Կասեմ, — պատասխանեց Գեվոն բարեկամական կարեկցությամբ և սկսեց պատմել իր հավաքած տեղեկությունները: Նա հիշեցրեց Դավթին նրա վերջին անզգույշ տեսությունը Թամարի հետ, հիշեցրեց նրանց սիրային խոսակցությունները, ավելացնելով, որ այդ միջոցին աղախիններից մեկը թուփերի մեջ թաքնված լսում էր նրանց, և նա գնացել, բոլորը իմացում է տվել նրա խորթ մորը:

Վերջին խոսքերը լսելու ժամանակ Դավիթը բոլոր մարմնով դողաց. նրան տիրեց մի տեսակ սոսկում, կարծես, ամբողջ քարաժայռը, որի տակին պառկած էր նա, փուլ եկավ նրա գլխին: Նրա երկյուղը, նրա սարսափը իր մասին չէր. նա այն տեսակ երկչոտ բնավորություններից չէր, որ վախենար իր հարաբերություններիմի իշխանազն աղջկա հետ հայտնվելուց, թող թե, դա մեծ պարոնի եղբոր աղջիկը լիներ: Շատ-շատ, կթողներ այդ երկիրը և կհեռանար, իր հետ տանելով Թամարի թե սերը և թե տրտմությունը: Բայց նա վախենում էր նույն իսկ Թամարի մասին, որ իր պատճառով պիտի տանջվեր, պիտի հալածվեր, անարգ նախատինքներ պիտի կրեր:

Դրանցից ոչ մեկը չի լինի, — մխիթարեց նրան բարեսիրտ Գեվոն, — դրանք կարող էին պատահել, եթե Թամարի մայր խորթ մայր չլիներ: Բայց նա բավականացավ միայն նրավով, որ արգելեց Թամարին տնից դուրս գալ:

Նա կարող է հայտնել մեծ պարոնին, — ասաց Դավիթը վրդովված ձայնով:

Նա ոչ ոքին չի հայտնի, և խստությամբ պատվիրել է այն աղախնին, որ լուռ մնա:

Դու ո՞րտեղից գիտես:

Ես գիտեմ... այն աղախինը իմ բարեկամս է... Նա ասաց, թե տիկինը այն աստիճան ատում է Թամարին, որ գուցե շատ ուրախ կլինի, եթե նա խայտառակվելու համար կպսակվի մի հովվի հետ:

Էլ ինչո՞ւ է արգելում նրան այստեղ գալ, — հարցրեց Դավիթը, փոքր-ինչ հանգստանալով:

Ո՞վ է իմանում, ինչ սատանայական մտքեր ունի, — պատասխանեց Գեվոն ծիծաղելով:

Ես նրա սատանայական մտքերը կոչնչացնեմ... — խոսեց պատանին խորհրդավոր ձայնով. — ես երբեք չեմ թողնի, որ Թամարը խայտառակ լինի...

Է

Անցավ աշունը, անցավ ձմեռը, անցավ ամբողջ ութ ամիսներ, երբ Դավթի տեսությունները Թամարի հետ ընդհատված էին: Այդ ութը երկար ու ծանր ամիսների ընթացքում պատանին ընդամենը մի երկու, երեք անգամ միայն առիթ էր ունեցել տեսնել նրան, այն ևս հեռվից այն ևս ծածուկ:

Զատկից հետո Կանաչ կիրակի օրն էր: Այսօր Կուր գետի ափի մոտ պիտի կատարվեր մի հանդիսավոր կրոնական տոնախմբություն: Մեծ պարոնը իշխանական գերդաստանի հետ, նրա դրանիկներն իրանց ընտանիքների հետ, մի քանի նշանավոր ազնվականներ, բոլորը միասին հավաքված, պիտի մի ավերակ մատուռ ուխտ գնային և այնտեղ, բացի օդի տակ, պիտի «մի լավ քեվ անեին»: Մցխեթի բնակիչներից շատերը, վաղօրոք գիտենալով այդ, խմբվել էին գետի եզերքում, ծածկել էին բլուրները, որ հեռվից թամաշա անեն: Այդ առավոտ մեծ պարոնի հովիվներն էլ իրանց հոտը քշեցին դեպի այն կողմի լեռները, որպեսզի առիթ ունենան իրանք ևս տեսնելու, թե ինչպես են ուրախանում մեծ մարդիկը:

Այն առավոտ ինքը եղանակը հարմարվում էր երկրի իշխանի ուրախ տրամադրությանը: Հայելու պես պայծառ, ֆիրուզայի պես կապույտ երկնքի վրա ամպի մի կտոր անգամ չէր երևում, միայն հեռավոր սարերի կատարները դեռ պատած էին սպիտակ, փոշենման մառախուղով: Օդի մեջ ծավալվում էր գարնանային խիստ ախորժ, անուշահոտ թարմություն: Սպիտակ, դեղին, կապույտ ձնծաղիկը, համեստ մանիշակը, նոր հալված ձյունի տակից ազատվելով, պատել էին կանաչազարդ ձորերի, բլուրների երեսը: Այստեղ գյուղական աղջիկները աղմկալի խումբերով ման էին գալիս, ծաղիկներ էին հավաքում: Այնտեղ, նոր հալված ձյունից առաջացած հարյուրավոտ վտակների ափերի մոտ նրանց մայրերը քաղում էին զանազան բանջարեղեններ աղցանի համար: Մի փոքր հեռու արածում էին ոչխարները և հովիվների ազդարար ձայնի արձագանքը երբեմն խուլ հնչյուններով տարածվում էր բլուրների մեջ: Այդ բոլորը, լուսավորված վաղորդյան արեգակի տաք, փափուկ ճառագայթներով, շնչում էր գյուղական կյանքի խաղաղ պարզությամբ:

Կուր գետի ափի մոտ, ավերակ մատուռից փոքր-ինչ հեռու, մի կանաչազարդ տափարակի վրա մեծ պարոնի բազմաթիվ սպասավորները և ամեն հասակի աղախինները ճաշի պատրաստություն էին տեսնում: Մի տեղ գառներ էին մորթում, մյուս տեղ արդեն հոշոտած միսը շարում էին շամփուրների վրա. մի տեղ վառած փայտակույտերի վրա կաթսաներով ջուր էին տաքացնում խաշլամայի համար, մյուս տեղ երկաթյա կասկարաների վրա կնիկները հաց էին թխում: Մի կողմից էլ մեծ պարոնի մառանից, ավանակների վրա բարձած, տիկերով գինին բերում էին ու դարսում այդ դաշտային խոհանոցի մոտ:

Գիգո, դու ինչպե՞ս ես կարծում, պարոնի խոյը կհաղթե՞, թե՞ Արչիլ թավադի որդու խոյը, — հարցրեց Գիգոյից գյուղացի Լեկոն, որը նրա մոտ նստած գետնի վրա, հեռվից նայում էին, թե ինչպես են ճաշ պատրաստում:

Ո՞վ չէ իմանում, որ մեծ պարոնի խոյը կհաղթե, — պատասխանեց Գիգոն իր խելացի համեմատությամբ, — թե մեծ մարդու խոյն էլ իր նման զորեղ կլինի:

Գյուղացի Լեկոյի խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և այդ միջոցում նրա ճաքճքած շրթունքները հետ-հետ գնացին, երևան հանելով մուգ-դեղնագույն ատամները, որոնցից մի քանիսը ընկած էին:

Դու լավ ասացիր, Գիգո, աստված է վկա, շատ լավ, — խոսեց նա, շարունակելով իր ծիծաղը, — ես մեր հարևան Կոստոյի հետ գրազ էի եկել, ասել էի, թե մեծ պարոնի խոյը կհաղթե. ես կտանեմ, այնպես չէ՞:

Դու կտանես, — կրկնեց Գիգոն, ավելացնելով, — ասում են մեծ պարոնի խոյին գինի պիտի խմացնեն, որ լավ կռվե:

Դու ո՞րտեղից գիտես:

Գիտեմ... բայց դու ոչ ոքի չասես, Լեկո, դա ծածուկ բան է, եթե գիտենան, որ այդ խոսքը մեր բերնիցն է դուրս եկել, մեր հոգին կառնեն...

Գժվե՞լ եմ, որ ասեմ:

Նրանց խոսակցության մեջ մտավ մի այլ գյուղացի:

Ասում են, որ մեծ պարոնի մեծ շունը պիտի կռվացնեն Լևան թավաղի որդու շան հետ:

Ա՛յ, ի՜նչ լավ թամաշա կլինի, — բացագանչեցին թե Գիգոն և թե Լեկոն ուրախությունից կանխապես ծափահարելով:

Ասում են` Զաքարա ու Ալեքսի թավադի որդիներն էլ իրանց աքաղաղները պիտի բերեն կռվացնելու, — մեջ մտավ մի ուրիշ գյուղացի. — ա՛յ, այն ժամանակ լավ թամաշա կլինի:

Է՛հ, քեֆը նրանցն է.. աշխարհումս ինչ լավ բանր կան, բոլորը նրանց է տված... մենք միայն պիտի թամաշա անենք... — ավելացրեց մի ծերունի գյուղացի, դողդողջուն ձեռքերով ծոցից դուրս բերելով քթախոտի պարկը, և լի բուռով ածելով պնչածակերի մեջ, որ սրտի կսկիծը փոքր-ինչ հովացնե:

Այն աքաղաղներից մեկը, — շարունակեց նա հոգվոց հանելով, — որ այսօր Զաքարա ու Ալեքսի թավադի որդիները պիտի կռվեցնեն, — մերն է. թոռս պահել, մեծացրել էր: Աստված էլ գիտե, որ մեր գյուղում նրա հատը չկա. հենց որ Ալեքսի թավադի որդին լսեց, եկավ մեր տնից զոռով քաշեց տարավ: Այն օրից խեղճ թոռնիկս չէ դադարում լաց լինելուց... Իմ մի հատիկ կովը եթե տանեին, ես այնքան չէի ցավի, որքան այդ աքաղաղը ցավեցրեց ինձ:

Մեծ պարոնի մեծ շունն էլ մեր հարևան Լենտոյի շունն էր, — խոսեց մի ուրիշ գյուղացի. — Լենտոյի տունը այդ շունն էր պահում. նրա երկյուղից ծիտն էլ Լենտոյի կտուրի վրայից չէր կարողանում անցկենալ: Հենց որ մեծ պարոնը լսեց, ուղարկեց տանել տվեց շունը. Լենտոն մինչև հիմա էլ անիծում է...

Գյուղացիների խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ զուռնայի ու նաղաբայի ձայնը: Ամբոխը դեպի այն կողմը վազեց «Գալիս են...» — անցավ մի խուլ շշնջյուն բազմության մեջ: Ազնվականությունը իր մեծ պարոնի առաջնորդությամբ գալիս էր: Սկզբում տեսնվում էր մի մռայլ, անորոշ խումբ միայն, որ հազիվ նկատելի կերպով շարժվում էր դեպի հանդեսի տեղը: Բայց որքան մոտենում էր խումբը, այնքան ընդարձակվում էր, այնքան խուռն կերպարանք էր ստանում:

Տե՜ս, տե՜ս, այն սև ձիավորը մեծ պարոնն է, որ բոլորից առաջ է ընկած, — ցույց էին տալիս միմյանց գյուղացիները:

Նրա ետևի սպիտակ ձիավորն էլ Արչիլ թավադի որդին է:

Այն կարմիր ձիավորն էլ Լևան թավադի որդին է, որ Արչիլի կողքովն է քշում:

Այն կապույտ ձիավորն էլ Ալեքսի թավադի որդին է:

Չէ, Զաքարան է, Ալեքսին կապույտ ձի չունի, — ուղղում էր նրան մոտի կանգնած գյուղացին. — Ալեքսու ձին դեղին գույն ունի:

Այսպես հեռվից վիճում էին միմյանց հետ, մինչև բոլորովին մոտեցավ խումբը: Թե Մցխեթի, թե շրջակա գյուղերի բոլոր զուռնաչիները, բոլոր նաղարաչիները, միասին հավաքված, կազմել էին մի ահագին նվագախումբ: Զուռնայի զիլ, ճլվլուն, ականջ ծակող ձայնը, նաղարայի վայրենի դըմբդըմբոցը, միախառնվելով, դղրդեցնում էին լեռները մի խառնաձայն, անախորժ ներդաշնակությունով, թեև դա բոլորին դուր էր գալիս, բացի այն լեռների վրա արածող ոչխարներից, որոնք խրտչելով, սկսան այս կողմ և այն կողմ փախչել, և բացի հովիվների շներից, որոնք այդ անակնկալ աղմուկը լսելով, սկսեցին դառն ձայնով ոռնալ, սկսեցին հեծկլտալ, կամ բարկացած կերպով հաչել: Այդ իմաստուն արարածները, երևի, ավելի կիրթ ճաշակ ունին, քան թե ամբոխը, որ այդ միջոցում հիացած էր այդ տարօրինակ երաժշտությունով:

Նվագախումբը բոլորից առաջ էր ընկած և ածում էր: Նրանց ետևից հանդիսավոր կերպով բերում էին այն անասունները, որ այսօր պիտի մրցություն անեին միմյանց հետ: Նախ բերում էին մեծ պարոնի երևելի խոյը, կապված մի երկայն շղթայով, որի մեջտեղը անց էր կացրած խոյի պարանոցով, իսկ շթայի երկու ծայրերը բռնել էին երկու ուժեղ մարդիկ: Նրա ահագին, ոլորապտույտ եղջյուրները ներկել էին վարդի գույնով և զարդարել էին փոքրիկ զանգակներով: Նույն գույնով, խայտաճամուկ կերպով, ներկել էին նրա մարմնի սպիտակ բուրդը: Մեծ պարոնի խոյի ետևից բերում էին Արչիլ թավադի որդու խոյը, նույնպես շղթայով կապված, նույնպես զարդարած փոքրիկ զանգակներով, այն զանազանությամբ միայն, որ դրա թե բուրդը և թե եղջյուրները ներկված էին կապույտ գույնով և ոչ վարդագույն, որ միայն մեծ պարոնը իրավունք ուներ գործ ածել իր անասունների վրա‡‡‡‡‡‡‡: Դրանցից հետո, նույնպես հանդիսավոր կերպով բերում էին մեծ պարոնի մեծ շունը, դարձյալ շղթայով կապած և շղթայի երկու ծայրերը երկու մարդիկ բռնած: Շան ճակատը, պոչը, թաթիկները և մարմնի վրա տեղ-տեղ ներկված էին նույնպես վարդի գույնով: Նրանցից հետո նույն փառքով բերում էին Լևան թավադի որդու շունը: Հետո երկու ծառաներ գրկած բերում էին Զաքարա և Ալեքսի թավադի որդիների աքաղաղները, որոնց խայտաբղետ փետուրները, բացի իրանց բնական գույներից, ներկված էին և արհեստական գույներով: Աքաղաղների պարանոցից մի-մի փոքրիկ բոժոժներ էին կախված: Հետո երկու ուրիշ սպասավորներ, ձեռքերից քարշ տված, տանում էին երկու վանդակներ, որոնց մեջ մի-մի կաքավներ էին դրած: Վանդակները ամեն կողմից ծածկված էին անթափանցիկ կտավով: Դրանցից հետո երկու ուրիշ սպասավորներ տանում էին երկու ուրիշ փոքրիկ վանդակներ, որոնց մեջ մի-մի լոր էր դրած: Այդ վանդակները նույնպես ծածկված էին անթափանցիկ կտավով: Պետք է նկատել, թե խոյերի, թե շների և թե աքաղաղների աչքերը, բոլորինն էլ կապած էին կտավով: Այդ նրա համար էր, որ միմյանց չտեսնեն, որ միմյանց հետ չընտելանան, որ նրանց աչքերը հանկարծ բաց անեն այն ժամանակ, երբ պիտի բաց թողնեին միմյանց հետ կռվելու...

Next page