Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Խոյերից, շներից, աքաղաղներից, կաքավներից ու լորերից հետո գալիս էր մեծ պարոնը իր սև նժույգի վրա նստած: Նրան հետևում էին թիկնապահները և ազնվականները: Բոլորն էլ ձիավորված էին:

Երբ այդ հանդիսավոր պրոցեսսիան անց էր կենում, երբ բազմաթիվ զուռնաներն ու նաղարաները որոտում էին և երբ խառնաշփոթ ամբոխը ամեն կողմից վայրենի աղաղակներով վրա էր թափվում, այդ միջոցում հանդիսականներից մի մարդ մոտեցավ մեծ պարոնի մեծ շանը, այնպիսի մի սրտաշարժ կերպարանքով, կարծես, նա առաջին անգամ հանդիպում էր հին բարեկամին, մտերիմ ընկերոջը, երկար տարիների անջատումից հետո: Նա պատրաստվում էր գրկվել սիրելի անասունի հետ, համբուրել նրան, բայց նրա իղձը անկատար մնաց, որովհետև այդ ժամանակ սև ձիավորը բաժանվելով իր խումբից, մի ակնթարթում վրա հասավ, և մտրակի հարվածներով նրան հեռացրեց, գոչելով:

Խոզի զավակ, ինչո՞ւ ես նեղացնում շանը...

Թեև շան աչքերը կապած էին, բայց խելացի անասունը, կարծես զգաց, թե ով էր իրան մոտեցողը, մի անհանգիստ շարժում գործեց, գլուխը շուռ տվեց, ուզում էր վազել նրա ետևից, փաթաթվելով նրա ոտներով, հայտնել իր սերը ու կարոտը, բայց նրա շղթայից բռնող երկու ուժեղ մարդիկը թույլ չտվեցին: Մոտեցողը` շան նախկին տերը, գյուղացի Լենտոն էր, որ սև ձիավորի մտրակներից զարհուրած, սասանված, այժմ կորել էր ամբոխի մեջ:

Լսեցի՞ք ինչ ասեց նրան մեծ պարոնը, — լսեցի՞ք, — հարցնում էին միմյանց ռամիկները:

Ոնց չլսեցինք, — պատասխանում էին միմյանց, — ասաց «խոզի զավակ»... Հիմա ի՞նչ կփքվի Լենտոն, որ մեծ պարոնը նրան ասաց «խոզի զավակ...»:

Լենտոյի կերած մտրակները հաշվի չէին առնում, բայց նրան բախտավոր էին համարում, որ նա պատիվ ունեցավ լսելու մեծ պարոնից մի այսպիսի փաղաքշական խոսք...

Ձիավորների խումբը, նվագածուները և մրցող անասունները արդեն հասել էին գետի ափի մոտ: Գիժ Կուրը այս տարի գարնան հորդ անձրևներից, սովորականից ավելի վարարվելով, բարձրանալով, իր պղտոր ալիքները տարածել էր ափերից շատ հեռու: Իսկ այնտեղ, ուր պիտի կատարվեր հանդեսը, նա սեղմած էր մի նեղ ձորի մեջ: Այս պատճառով զայրացած Կուրը, խելագարի նման փրփրելով, մռնչելով, իր կատաղի կոհակները առաջ էր մղում, սփռելով իր շուրջը մի խուլ, որոտաձայն դղրդոց:

Ինչո՞ւ էին ընտրել այդ աղմկալի ձորը: Ուրիշ պատճառ չկար, բացի նրանից, որ այդ ձորի մեջ, մի բլուրի գագաթի վրա դեռ մնացել էին ավերակները մի հին մատուռի, ուր ամեն տարի, Կանաչ կյուրակեի օրը ժողովուրդը սովորություն ուներ ուխտով գալ և հանդես կատարել: Ջերմեռանդ գյուղացիները, իրանց ընտանիքների հետ, մի քանի բարակ մոմեր իրենց գտակների ծայրին ցցած, դիմում էին դեպի մատուռը: Ոմանք, որ ավելի ունևոր էին, մի-մի ոչխար էին տանում մատաղի համար:

Մատուռի ավերակները, ինչպես ասեցինք, գտնվում էին մի բլուրի գագաթի վրա: Այդտեղից երևում էր նրա ամբողջ գեղադրական շրջակայքը: Մեծ պարոնի գերդաստանը, մի քանի ազնվական ընտանիքների հետ, դեռ շատ վաղ առավոտյան եկել, տեղավորվել էին մատուռից փոքր-ինչ հեռու, դարևոր ընկուզենիների հովանիների ներքո տարածված գորգերի վրա: Կանանց ջերմեռանդությունը այդ դեպքում գերակշռում էր իրանց ամուսինների կրոնական զգացմունքին: Իշխանական տան կնիկները, դեռ արևը չծագած, եկել էին ոտքով, իսկ նրանց ամուսինները եկան հետո, սիգապանծ նժույգների վրա նստած: Ավելի հասարակ արարածների կնիկները եկել էին բոբիկ ոտներով:

Մեծ պարոնը եկավ, — ասաց այն օրվա տոնախմբությունը կառավարող աբեղան իր եկեղեցական դասին, — գնանք ընդունելու:

Ը

Բլուրը, որի վրա գտնվում էր մատուռը, ծածկված էր ուխտավորների խուռն բազմությունով: Ամբողջ Մցխեթը այնտեղ էր: Ինչպես ասում են` ասեղ գցելու տեղ չկար: Մատուռի կործանված, քայքայված փլատակների վրա վառվում էին հազարավոր մոմեր, որ նվիրված էին ջերմեռանդ ձեռքերով: Օդը լցված էր ծխվող խունկի սրբազան անուշահոտությամբ:

Բայց ուխտավորների մեծամասնությանը այնքան չէր հետաքրքրում մատուռի սրբավայրը, որքան այն մրցությունները, որ պիտի կատարվեին այսօր: Նրանք իրանց կրոնական պարտքը կատարած էին համարում. մոմեր էին վառել, խունկ էին ծխել, ոմանք մատաղներ էին մորթել, իսկ այժմ կամենում էին զվարճանալ:

Մեծ պարոնի գերդաստանը, իր ուխտը կատարած լինելով, առանձնացել էր մատուռից փոքր-ինչ հեռու, դարևոր ընկուզենիների հովանիների ներքո: Այստեղ նորաբույս խոտերի վրա տարածված էին պարսկական նախշուն գորգեր և նրանց վրա շարված էին փափուկ մութաքաներ, պատած մետաքսյա գույնզգույն կերպասներով: Մեծ պարոնի տիրուհին, վրանցմեծ մայրը□, ծալապատիկ նստած էր Արչիլ թավադի որդու տիկնոջ` Մելանիայի հանդեպ, և նարդու խաղատախտակը իրանց մեջտեղը դրած, նարդի էին խաղում: Նա վրայից հագած ուներ վարդագույն մախմուրից քաթիբա, որի եզերքը զարդարած էին ոսկեթել ջհակներով, իսկ տակից հագած ուներ մանիշակագույն մետաքսից դերիա: Մեջքի ոսկե քամարը և գլխի պաճուճանքները շողշողում էին պես-պես թանկագին գոհարներով: Ձեռքերի բոլոր մատների վրա մատանիներ կային: Ինքը տիրուհին հասակն առած կին էր, կոլոլված, պարարտացած մարմնով և կարմիր, ոչինչ չարտահայտող երեսով, որի հարթ, անորոշ գծերը նրան բոլորովին գնդակի ձև էին տալիս:

Եթե մի զույգ շեշ ունենամ, ես տարած եմ, — ասաց նա ձեռքի զառերը (թավլի) մատների մեջ շիտկելով: Ո՜վ սուրբ մատուռ, դու հաջողի՜ր, — դարձավ նա դեպի նվիրական ավերակները, օգնություն հայցելով:

Նա գցեց զառը, մի զույգ շեշ ստացավ:

Տեսա՞ր, Մելանիա, ինչպե՛ս շուտ կատարվեցավ իմ ուխտը, — բացագանչեց նա ծիծաղելով, — ես տարա, ես տարա...

Շուտ կատարվեցավ... — կրկնեց Մելանիան նույնպես ծիծաղելով. — դու տարար...

Մի քանի ազնվականների կնիկներ, նույնպես խայտաճամուկ հագուստներով, բոլորել էին նարդու շուրջը և նայում էին խաղին: Նրանք ավելի ուրախացան, որ վերջապես տիրուհին տարավ Մելանիայից, որ հայտնի էր իր վարպետությամբ խաղի մեջ, — ուրախացան գլխավորապես այն պատճառով, որ երբ նա տանուլ էր տալիս, այնուհետև նրա հետ խոսել անկարելի էր լինում:

Մի փոքր հեռու նստած էր Թամարի խորթ մայրը և խոսում էր մի ալևոր պառավի հետ, որ հարգված էր ազնվական կանանց հասարակության մեջ ոչ միայն իր ծերության պատճառով, այլ բոլորը համարում էին նրան խիստ բարեպաշտ և առաքինի կին: Խոսակցությունը Թամարի մասին էր:

Ինձ լսիր, զավակս, — ասում էր պառավը, — Լևանը լավ տղա է, սիրուն, շնորհքով, ջահել, էլ ի՞նչ է պակաս: Գլխի մազերի համբարքով ճորտեր ունի. նրա ապրանքին թիվ ու համար չկա: Նա սիրում է Թամարին, ինձ ասել է, որ սիրում է. ինձ մոր տեղ է ընդունում նա: Տո՜ւր աղջիկդ, ուզում է, տո՜ւր, նրանից լավ փեսա չես գտնի:

Ո՞վ է պտռում նրանից լավը, — պատասխանեց խորթ մայրը զայրացած ձայնով, — բայց որ այդ սատանայի ծնունդը չէ ուզում, ես ի՞նչ պիտի անեմ:

Սատանայի ծնունդը ո՞րն է, չուզելն ո՞րն է. ի՞նչ ասել է` չի ուզում. աչքը հա՜ն, ուզել տո՜ւր, — խոսեց պառավը նույնպես զայրացած ձայնով: — Դու, ինչպես էլ որ լինի, նրա մոր տեղն ես. նա ի՞նչ իրավունք ունի քո կամքին հակառակ կենալու:

Ասում է կգնամ ջուրը կընկնեմ, ինձ կխեղդեմ ու Լևանին չեմ ուզի: Մի՞թե դու նրա բնավորությունը չես իմանում, թե ի՛նչ տեսակ անզգամն է: — Ես դրանից հետո ի՞նչ կարող եմ անել, — հարցրեց խորթ մայրը, իրան շվարած ձևացնելով:

Ի՛նչ կարող ես անել... — կրկնեց պառավը գլուխը շարժելով. — շատ բան կարող ես անել: Շատ աղջիկներ սկզբում ասում են` ինձ կխեղդեմ, կգնամ ջուրը կընկնեմ.. բայց հենց որ փեսայի տնից եկած հագուստը հագնում են, ամեն բան մոռանում են...

Թամարը այդ միջոցին հասկանալով, որ խոսակցությունը իր մասին է, մի քանի իր հասակակից աղջիկների հետ հեռացավ, ասելով.

Գնանք, Սալոմե, դեպի այն կողմը. տեսնո՞ւմ ես, ի՞նչ լավ բուսել են այնտեղ խոտերը: — Նա ցույց տվեց բլուրի ստորոտը, որտեղից սկսվում էր մի հարթ, կանաչազարդ տարածություն, որ հասնում էր մինչև Կուրի ափը:

Մանկահասակ իշխանազուն աղջիկները, արագավազ եղջերուների նման, խումբով սկսեցին վազել դեպի բլուրի ստորոտը: Նրանք ուրախ էին, որ վերջապես ազատվեցան իրենց մայրերի, պառավ տատերի և մորքույրերի ձանձրալի ներկայությունից և այժմ կարող էին ազատ շունչ քաշել:

Թամարը այսօր, տոնախմբության վայելչության համեմատ, հագել էր իր ամենաթանկագին հագուստները: Բազուկները զարդարած էին ոսկյա ապարանջաններով, իսկ պարանոցը ոսկով և գույնզգույն հուլուններով հյուսված մանյակով: Մեջքին կապած ուներ իր հանգուցյալ մոր ծանրագին քամարը: Մետաքսյա, ծիրանեգույն դերիայի տակից դուրս էին նայում նրա փոքրիկ ոտիկները, սեղմված կարմիր մաշիկների մեջ: Աղջիկների խումբը ցրիվ եկավ դաշտերի մեջ, ծաղիկներ էին որոնում: Թամարը և Սալոմեն հետ մնացին: Վերջինը Արչիլ թավադի որդու աղջիկն էր:

Այն ո՞ւմ ոչխարներն են այնտեղ արածում, — հարցրեց Սալոմեն, խոսք բաց անելով:

Ի՞նչ ոչխարներ, — պատասխանեց Թամարը, որպես թե ոչինչ չէ նկատում:

Չե՞ս տեսնում, ահա այն հեռավոր բլուրների վրա, որ ծածկված են մանր թուփերով: — Այս կողմը մտիկ տուր, տե՜ս, այս կողմը, — ասաց Սալոմեն` մի ձեռքով բռնելով Թամարի թևքից, իսկ մյուս ձեռքը պարզելով դեպի ոչխարները:

Հիմա տեսնում եմ... — պատասխանեց Թամարը, ավելի հետաքրքրությամբ նայելով դեպի հոտը. — բայց շատ հեռու են, դժվար է գիտենալ, թե ում ոչխարներն են:

Ես գիտեմ... — ասաց Սալոմեն խորամանկ ժպիտով, — ձեր ոչխարներն են...

Մեր ոչխարները այս կողմը չեն բերում:

Այսօր բերել են...

Ինչո՞ւ համար... — հարցրեց Թամարը, և նրա ձայնը զգալի կերպով դողաց:

Նրա համար, որ դու այստեղ ես... — ասաց Սալոմեն այժմ ավելի վճռական կերպով:

Թամարը ոչինչ չպատասխանեց, գլուխը քարշ գցեց, բայց Սալոմեի սուր նկատողությունից անհայտ չմնաց, որ իր գեղեցիկ ընկերուհու մեծ, սևորակ աչքերը լցվեցան արտասուքով:

Ա՛խ, Թամար ջան, քո հոգուն մատաղ, ես ամենևին նպատակ չունեի վիրավորելու քեզ, Թամար ջան, ինչո՞ւ ես լաց լինում, — անդադար կրկնում էր նա, իր գրկի մեջ խտտած ունենալով Թամարին, որը հեկեկալով ասաց.

Ամենքը ծիծաղում են ինձ վրա... դո՞ւ էլ ես ծիծաղում, Սալոմե, ես քեզ իմ աչքի լույսի պես սիրում էի... ես քեզանից թաքուն ոչինչ չունեի... ես բոլորը պատմեցի քեզ...: Ի՞նչ անեմ, Սալոմե, ես էլ աշխատում եմ մոռանալ, հավիտյան մոռանալ «նրան», բայց որ չեմ կարողանում, էլ ի՞նչ անեմ...

Օրիորդի աչքերը ավելի ևս լցվեցան արտասուքով, և նա երեսը ծածկելով երկու ձեռքով, գլուխը քարշ գցած, նստեց մի քարի վրա, չկամենալով այլևս առաջ գնալ: Սալոմեն ևս նստեց նրա մոտ, աշխատում էր մխիթարել նրան, սաստիկ փոշմանելով իր անզգուշության վրա, որով ավելացրեց իր սիրելի ընկերոջ սրտի տխրությունը և նոր ցավ պատճառեց նրան: Մյուս աղջիկները արդեն գնացել էին բավական հեռու և վազվզում էին կանաչների մեջ:

Այդ ժամանակ մատուռի մոտ հասավ մեծ պարոնը իր թիկնապահների և ազնվականների հետ: Բոլոր բազմությունը մի կողմ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար: Նրանք ցած իջան ձիաներից և խումբով դիմեցին դեպի մատուռի փլատակները, նախ համբուրելու և իրանց ուխտը կատարելու համար, որ այնուհետև սկսեն հանդեսը: Տոնախմբությունը կառավարող աբեղան, եկեղեցական դասի հետ, խաչը ձեռքին, բուրվառներով, երգելով դիմավորեցին նրան: Մեծ պարոնը առաջ անցավ և դիմեց դեպի մատուռի սեղանը, որ միայն ամբողջ էր մնացել ընդհանուր ավերակների մեջ: Նրա հետ եկողները հետևեցին նրան: Սեղանի վրա դրած էին` խաչ, Ավետարան և մի քանի սրբոց մասունքներ: Նրանց մոտ դրած էր մի թաս գանձանակի համար: Մեծ պարոնը համբուրեց խաչը, Ավետարանը, սրբոց մասունքները, գցելով գանձանազի թասի մեջ մի քանի ոսկի դրամներ: Նրա սվիտան հետևեց նրա օրինակին: Եկեղեցականները դեռ երգում էին, ուշադրությամբ նայում գանձանակի թասի վրա, որ այժմ բավական նախանձելի դրության մեջ էր գտնվում: Կրկին անգամ համբուրելով սրբությունները, մի քանի անգամ անխորհուրդ կերպով խաչակնքելով, նրանք հեռացան մատուռից և սկսեցին դիմել դեպի դարևոր ընկուզենիները, որոնց նվիրական հովանիների ներքո հանգստանում էր իշխանական գերդաստանը:

Վրաց «մեծ մայրը»` մեծ պարոնի տիրուհին, դեռ եռանդով շարունակում էր նարդու խաղը Մելանիա իշխանուհու հետ: Թամարի խորթ մայրը դեռ տաք-տաք խոսում էր պառավի հետ: Օրիորդները տակավին չէին վերադարձել իրանց զվարճալի զբոսանքից:

Մեծ պարոնը մի բարձրահասակ տղամարդ էր, այն հսկա տղամարդերից մեկը, որ ստեղծում է Կովկասը, հետևելով իր լեռների բարձր գագաթներին: Կախեթու գինու բարերար ազդեցությունից երեսի թրթշնած, անհարթ կաշին բոլորովին կարմիր գույն էր ստացել լուրջի հետ խառնված: Նույն գույնը տարածվում էր նրա ականջների և խորշոմներով պատած, ծալ-ծալ պարանոցի վրա: Աչքերի մեջ արյուն կար. այդ տալիս էր նրան մի առանձին վայրենի բնավորություն, որը միևնույն ժամանակ արտահայտում էր կատարյալ անհոգություն: Բոլորովին ածելած երեսի վրա հաստ բեղերը ձգվում էին մինչև ականջները: Բեղերի վրա առանձին ուշադրություն էր դարձրած. բացի շրթունքի մազերից. ավելացրած էր նրանց հետ և մեծ քանակությամբ ծնոտի մազերից: Գլխին դրած ուներ բուխարայի սև մորթից փոքրիկ գտակ, որ թեքված էր դեպի աջ ականջի կողմը: Հագել էր վարդագույն մախմուրից կարված, կարճ քուլաջա, զարդարած ոսկեթել եզերքով: Մեջքը գոտևորած էր ոսկի քամարով, որից քարշ էին ընկած` առջևից արծաթապատ, երկայն խենջարը, իսկ կողքից, նույնպես արծաթով պատած, կեռ թուրը: Խաչմազի մետաքսյա կերպասից կարված լայն շալվարի ստորին մասերը խրած էին մոխրագույն կաշուց պատրաստած լափչեքի մեջ, որոնք Թիֆլիսի հմուտ խարազների ձեռագործն էին: Մեծ պարոնի սվիտան թե՜ հագուստի ձևերով և թե՜ զենքերով չէին զանազանվում նրանից. տարբերությունը միայն հագուստների նյութերի և գույների մեջն էր, որոնք աչքի էին զարկում իրանց վառ խայտաբղետությամբ:

Ինչո՞ւ այսքան ուշացար, — հարցրեց մեծ պարոնի տիրուհին, նարդու խաղատախտակը մի կողմ դնելով, և ուրախ ժպիտը երեսին ոտքի վրա կանգնելով, երբ նրա վեհափառ ամուսինը իր խումբի հետ մոտեցավ կանանց հասարակությանը:

Ինչպե՞ս չուշանայի, — պատասխանեց նա որոտաձայն խրոխտումով. — այդ անպիտան Արչիլը ժամերով պահեց ինձ:

Արչիլը ուրախությունից սկսեց ծափ տալ: Բայց տիրուհուն սաստիկ հետաքրքրում էր, թե «անպիտանը» ի՞նչ առիթով կարող էր ուշացնել իր ամուսնին: Երբ բոլորը նստեցին գորգերի վրա, ինքն էլ բռնելով իր ամուսնի ձեռքից և նստացնելով մութաքայի վրա, հարցրեց.

Ի՞նչ բանի վրա էր վեճը:

Դեռ մեծ պարոնը չպատասխանած, Արչիլ թավադի որդին առաջ ընկավ:

Ի՛նչ բանի վրա պիտի լիներ, տիրուհի, — ասաց նա, մի առանձին սնապարծությամբ կանգնելով կանանց հասարակության առջև, — մենք վիճում էինք այն բանի վրա, թե ով ում ո՞րքան պիտի վճարե, եթե նրա խոյը հաղթող կհանդիսանա:

Մի՞թե պիտի կռվացնեք այսօր, — հարցրեց տիրուհին ժպտելով, — այդ լա՛վ է, մենք էլ լավ թամաշա կունենանք, դարձավ նա դեպի մյուս իշխանուհիները, որոնք բոլորն էլ պատասխանեցին նրա ուրախությանը նույնպես ուրախ ժպիտներով:

Պիտի կռվացնենք, — պատասխանեց Արչիլ թավադի որդին նույն սնապարծությամբ: — Տեսնո՞ւմ եք իմ խոյը, փի՛ղ է, փի՛ղ. նրա հատը ամբողջ Վրաստանում չկա:

Բոլոր իշխանուհիների աչքերը դարձան դեպի մատուռի ավերակները, որի շուրջը այդ միջոցին պտտեցնում էին թե Արչիլ թավադի որդու խոյը, թե Լևան թավադի որդու շունը և թե այն բոլոր անասունները, որ այսօր պիտի մրցություն կատարեին: Պտույտը նվիրական սրբավայրի շուրջը պիտի կատարվեր յոթն անգամ, որպեսզի օրվա հերոսները ուժ և զորություն ստանային: Երբ այդ խորհուրդը վերջացավ, նրանց տարան առանձին տեղերում պահելու, մինչև հանդեսի սկսվելը: Բայց Ալեքսի և Զաքարա թավադի որդիների կաքավները իրանց վանդակներով մնացին դրված մատուռի ավերակների վրա: Նրանց մոտ դրված էին և լորերի վանդակները, որ պատկանում էին մեկը մեծ պարոնի սափրիչի որդուն, իսկ մյուսը` մեծ պարոնի ժառանգին:

Հեռվից բավական թամաշա անելուց հետո, տիրուհին կրկին դարձավ դեպի մեծ պարոնը, հարցնելով.

Ինչո՞ով գրազ եկաք Արչիլի հետ:

Եթե իմ խոյը կհաղթե, ես կստանամ Արչիլից 500 ծուխ ճորտեր իրանց հողերով, նրա կալվածներից որը որ ընտրելու լինեմ: Իսկ եթե Արչիլի խոյը հաղթելու լինի, նա կստանա ինձանից 600 ծուխ ճորտեր իրանց հողերով, իմ կալվածներից որը որ ընտրելու լինի, — պատասխանեց մեծ պարոնը, ավելացնելով. — ինչպե՞ս է, լավ չե՞մ բարիշել:

Լավ եք բարիշել, — մեջ մտավ Արչիլի տիկինը` Մելանիան, — մենք հարյուր ծուխով ավելի կստանանք:

Հա՜, ավելի կստանաք, — կրկնեց մեծ պարոնը հեգնական եղանակով, — ի՞նչ պիտի անեի, ես էլ հարյուր ծուխ ավելացրի. քո ջհուդ մարդը զահլես տարավ, ի՞նչ պիտի անեի:

Մելանիայի «ջհուդ մարդը» դարձյալ սկսեց ծիծաղել և ուրախությունից ծափ տալ:

Իսկ ինձ մեծ պարոնը ոչինչ չավելացրեց, տիրուհի, — կոտրատվելով խոսակցության մեջ մտավ Լևան թավադի որդին, մի չորուցամաք երիտասարդ, որը իր մեջքը այնքան սեղմել էր արծաթե քամարով, որ փոքր էր մնում մեջքը կտրվի:

Դու ի՞նչ պիտի կռվացնես, — հարցրեց տիրուհին, դառնալով դեպի Լևան թավադի որդին, — քեզ ինչո՞ւ պետք էր ավելացնել. քի՞չ ունես:

Փառք աստուծո, քիչ չունեմ, բայց դարձյալ ես չէի ցանկանա հետ մնալ Արչիլից և մի բան ավել չստանալ, — պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ վշտացած եղանակով:

Լավ, դու ի՞նչ պիտի կռվացնես, — կրկնեց տիրուհին իր հարցը:

Իմ շունը ձեր մեծ շան հետ. եթե իմը հաղթե, կստանա 300 ծուխ ճորտեր իրանց հողերով, իսկ եթե ձերը հաղթե, կստանա նույնքան: Տեսնո՞ւմ եք, երկու կողմերի մրցանակներն ևս հավասար են: Ես խնդրում էի մեծ պարոնից, որ գոնե 50-100 ոչխար ավելացնե, բայց նա հակառակի պես ընդդիմացավ, չէ՜ ու չէ՜, ասաց. ճորտեր, որքան կամենաս, կավելացնեմ, բայց ոչխա՞ր, մի հատ էլ չեմ կարող ավելացնել:

Իհարկե, ոչխարներ չէր կարելի ավելացնել, — պատասխանեց տիրուհին հմուտ տնտեսագետի եղանակով, — այս տարի առանց դրան էլ մեր յուղն ու պանիրը պակաս է, բայց ճորտեր կարելի էր. ճորտերն ի՞նչ են տալիս մեզ. թող սատկե՛ն նրանք...

Այս միջոցին Թամարի խորթ մոր հետ խոսող պառավը նրա ուշադրությունը ծածուկ դարձրեց Լևան թավադի որդու վրա:

Տեսնո՞ւմ ես, ի՞նչ շուք ու շնորհքով տղա է. դրուստ Թամարի խարջն է. — երկուսն էլ սիրուն, երկուսն էլ աղունակի պես գեղեցիկ...

Ի՞նչ անեմ, — պատասխանեց խորթ մայրը. — թո՜ղ քոռանա Թամարը, որ մի այդպիսի լավ տղին թողած, մի անպիտանի ետևից է ընկած...

Պետք է խրատես, պետք է նրա աչքը հանես... — խորհուրդ էր տալիս պառավը:

Մյուս կողմում խոսակցությունը այժմ դարձել էր Զաքարա ու Ալեքսի թավադի որդիների աքաղաղների վրա և ուրիշ երկու ազնվականների կաքավների վրա: — Խոսում էին ու ծիծաղում, թե ո՞վ որքանով է գրազ եկել. մեկը ասում էր, թե այս ինչի աքաղաղը կհաղթե, մյուսը այն ինչի կաքավին էր ջատագովում, վիճում էին, բարկանում էին, աղաղակում էին, և միմյանց կոշտ-կոպիտ սպառնալիքներ էին կարդում: Բայց միակ ողորմելի արարածները, — որ այդ տաք վիճաբանությունների մեջ ձայն չունեին, որոնք գրազի ու շների մրցության առարկաներ էին դարձել, — էին ճորտերը, որ այժմ հեռվից զվարճությամբ նայում էին իրանց իշխանների վրա, և անհամբերությամբ սպասում էին, թե ե՞րբ կսկսվի հանդեսը, թեև այդ չարագուշակ հանդեսը վճռելու էր նրանց ամեն մեկի վիճակը և մի բռնավորի ձեռքից մյուս բռնավորի ձեռքն էր գցելու:

Լա՜վ, լա՜վ, բավական է, ինչո՞ւ եք վիճում, — հանգստացրեց բոլորին մեծ պարոնի տիրուհին, — շուտով կտեսնենք, թե որը կհաղթե: Հիմիկվանից ինչո՞ւ եք միմյանց բողազը ծամում...

Այս միջոցում դրան սափրիչի որդու հետ, մատուռի կողմից, հայտնվեցավ մեծ պարոնի մանկահասակ ժառանգը: Նա մի երիտասարդ էր մոտ քսանհինգ տարեկան, այն թեթևամիտ երիտասարդներից մեկը, որ աճում, բարձրանում են, միշտ տղա մնալով: Մայրը նրան տեսնելով, վեր թռավ իր նստած տեղից, և գրկելով որդուն, հարցրեց.

Զավակս, դու ի՞նչ պիտի կռվացնես:

Իմ լորը, դրա լորի հետ, — նա ցույց տվեց սափրիչի որդու վրա: — Իմը կհաղթե, անպատճառ կհաղթե, մայրիկ, տես, վանդակը այնտեղ եմ դրել, մատուռի սեղանի վրա: Տերտերին էլ ասեցի, որ մի բան կարդա: Անպատճառ կհաղթե: Մի ամսից ավել է, որ նրան քիշմիշ եմ ուտացնում ես:

Դուք ինչո՞վ գրազ եկաք, — հարցրեց մայրը, որին մեծ ուրախություն էր պատճառում որդու զվարճությունը:

Փոխանակ որդուն, պատասխանեց հայրը:

Եթե սափրիչի որդու լորը հաղթելու լինի, ես խոստացել եմ նրան թավադություն տալ, իսկ եթե իմ որդու լորը հաղթելու լինի, չեմ իմանում, թե ինչ պիտի ստանա սափրիչի որդուց:

Ի՞նչ պիտի ստանամ, — ասաց ժառանգը ծիծաղելով. — նա ի՞նչ ունի, որ ես մի բան ստանամ: Այս էլ բավական է, որ իմ լորը կհաղթե, ես ոչինչ չեմ ուզում:

Մանկահասակ ժառանգի մեծահոգությունը զարմացրեց բոլորին. — Ղոչա՜ղ, ղոչա՜ղ... — ձայն տվեցին ամեն կողմից և սկսեցին ծափահարել:

Թ

Մրցությունները պիտի կատարվեին ճաշից հետո, այդ պատճառով մեծ պարոնը շտապեցրեց, որ ճաշը շուտ պատրաստեն:

Տղերք, դարձավ նա դեպի թավադի որդիները, — դուք էլ օգնեցեք:

Դաշտային խոհանոցը շատ հեռու չէր նրանց նստած տեղից: Դրսում, բաց օդի տակ, ճաշ պատրաստելը վրացու համար, թե ազնվական լիներ նա և թե հասարակ գյուղացի, ամենամեծ զվարճություններից մեկն է: Ոչինչ այնքան բավականություն չէ պատճառում վրացուն, որպես իր ձեռքով եփելը և իր ձեռքով ուտելը: Թավադի որդիները, ձեռքերը մինչև արմունկները ծալած, վազեցին դեպի խոհանոցը: Լևանը սեղանի սփռոցը խլելով, բերեց, տարածեց գորգերի վրա. հետո վազեց, լավաշների ահագին կապոցը գրկելով, բերեց շարեց սեղանի շուրջը: Մեծ պարոնի ժառանգը կանաչեղենները տարավ և սկսեց լվանալ մերձակա աղբյուրի մեջ. այդ պատճառում էր նրա մորը չափազանց ուրախություն, որ իր որդին էլ մի բանով զբաղված է: Արչիլը խորովածի շամփուրները սկսեց դարսել կրակի վրա, անդադար այս սպասավորին, այն աղախնին ուշունցներ տալով, թե միսը մանր են կոտորել: Զաքարան խաշլամա միսը կաթսաներից դուրս էր տալիս, լցնում էր պղնձե պնակների մեջ, և մի կողմիցն էլ ինքը ճաշակելով, բարձր ձայնով բացականչում էր. «Ա՛խ, քո հոգուն մատաղ, ի՞նչ լավ եփվել է...»: Ալեքսին մեծ պարոնի մառանից բերած գինիները լցնում էր լիտրաների մեջ, նախապես ինքը բոլորի համը առնելով և ամեն մեկի հատկությունները առանձին-առանձին գովասանելով: Մեկ ուրիշը բոլոր ձայնով գոռում էր. «Աղը ո՞րտեղ է, ձեր տունը չքանդվի, աղ չկա, աղը մոռացել են շանորդիքը...»:

Սպասավորները, աղախինները, որոնք առաջ դաշտային խոհանոցի մոտ աշխատում էին, նկատելով, որ այդ զբաղմունքը բավականություն է պատճառում իրանց տերերին, ամենայն խոնարհությամբ թողնում էին շատ պատրաստություններ նրանց կատարելու: Այդ տեսնելով թավադի որդիների տիկինները, նրանց քնքուշ քույրիկները, իրանք էլ նախանձվեցան, սկսեցին մյուս կողմից այս և այն սպասավորությունը կատարել: Մի րոպեում բոլոր սեղանակիցները ոտքի վրա էին, և ընդհանուր շարժողության մեջ, մինը մյուսի ձեռքից գործը խլում էին: Մելանիան գինի խմելու եղջյուրներն էր մաքրում: Պառավ իշխանուհին, վերջացնելով իր երկար ու ձիգ խոսակցությունը Թամարի խորթ մոր հետ, անդադար հարցնում էր մեծ պարոնից. «Առաջ խորովա՞ծը լավ է որ տան, թե՞ խաշլաման»: Բայց երկուսն էլ մի վճռական եզրակացության չէին հասնում, որովհետև կարծիքները երբեմն թեքվում էին խորովածի կողմը, իսկ երբեմն` խաշլամայի կողմը: Թամարի խորթ մայրը պանիր էր դարսում փոքրիկ նալբաքիների մեջ: Անգործ չմնաց և մեծ պարոնի տիրուհին. այդ վերջինն էլ, որպեսզի մի բանով զբաղված լինի, դերիայի փեշերը վեր քաշած, նստած տեղում սոխ էր կոտորում, ինչի՞ համար, — ինքն էլ չգիտեր:

Մի քանի րոպեի մեջ սեղանը պատրաստ էր: Գինու լիտրաները շարված էին նրա շուրջը. լավաշների վրա դիզված էին խորովածի կույտեր. պղնձե պնակների մեջ լցված էր եփված խաշլաման: Այնտեղ կար մեծ քանակությամբ կարմիր ձու, որը զատկի հիշատակը պահպանելու համար դեռ մոռացված չէր. այնտեղ կար խաշած ձուկ, որ շրջակայքի ձկնորսները ընծա էին բերել մեծ պարոնին:

Ո՞ւր են օրիորդները, ոչ մեկը չէ երևում, — իր շուրջը սայելով, հարցրեց տիրուհին:

Երևի գնացել են զբոսնելու, — պատասխանեց պառավ իշխանուհին. — նրանց հասակում մենք էլ էինք մոռանում հացն ու գինին և շուտ սեղանի մոտ չէինք գալիս:

Տղերք, այժմ նստեցեք, — ձայն տվեց մեծ պարոնը. — խորովածը սառչում է:

Թավադի որդիները շարվեցան սեղանի շուրջը ինչպես որ պատահեց. նրանց հետ խառն նստեցին և տիկինները: Նրանք վեր էին առնում միսը, և հում կանաչեղենների հետ փաթաթելով լավաշի մեջ, ուտում էին: Կարծես այդ հասարակությունը դեռ գտնվում էր մարդկային կենցաղավարության այն շրջանի մեջ, երբ մարդը դեռ չէ մոռացել խոտ ուտելը, իսկ նոր է սովորում եփած մսի գործածությունը:

Ձեզ տոլուբաշի ընտրեցեք, — ասաց մեծ պարոնը:

Արչի՜լը, Արչի՜լը... բարով կառավարեք, Արչիլ, — աղաղակեցին ամեն կողմից, լեցնելով իրանց եղջյուրները:

Կանանց հասարակությունը բողոքեց Արչիլի ընտրության դեմ, որովհետև նա սաստիկ խիստ էր և ձայն տվեց Լևանի ընտրության մասին: Վիճաբանությունը տևեց մի քանի րոպե, վերջապես Արչիլը ձայների մեծամասնություն ստացավ: Այդ սաստիկ վիրավորեց պառավ իշխանուհուն, որը ցանկանում էր Լևանին տոլուբաշի տեսնել: Տոլուբաշին սեղանի միապետն է. բոլորի ճաշակը, բոլորի ախորժակը կախված է նրա կամայականությունից:

Սազանդարները թող գա՜ն, — հրամայեց տոլուբաշին:

Սպասավորները վազեցին նվագածուներն կանչելու, և մի քանի րոպեից հետո զուռնաչիների, նաղարաչիների խումբը պատրաստ էր սեղանի մոտ:

Դե, մի լավ քոռօղլի ածեք, — հրամայեց տոլուբաշին:

Նվագածուները սկսեցին ածել քոռօղլու եղանակով; Ուխտավորների հետաքրքիր բազմությունը, լսելով զուռնայի ձայնը, ամեն կողմից մոտ վազեցին, և նստելով խոտերի, քարերի վրա, սկսեցին խորին հոգեզմայլությամբ լսել և մեծ բավականությամբ թամաշա անել, թե որպես էին զվարճանում երկրի տերերը:

Իշխանական սեղանից փոքր-ինչ հեռու, մատուռի շուրջը, այստեղ և այնտեղ, մերկ գետնի վրա նստած էին հասարակ մահկանացուներ և իրանց գերդաստանի հետ վայելում էին իրանց աղքատիկ ճաշը: Նրանք ուրախ էին այնքանով ևս, որ գոնե հեռվից լսում են մեծ պարոնի զուռնայի ձայնը:

Իսկ տոլուբաշին խիստ վերևից սկսեց կենաց բաժակները: Նախ հրամայեց խմել աստուծո կենացը, հետո Հիսուսի կենացը, հետո Քրիստոսի կենացը (նա Հիսուս-Քրիստոսին առանձին-առանձին անձնավորություններ էր համարում). դրանցից հետո հրամայց խմել մեծ պարոնի կենացը: Նվագածուները դեռ շարունակում էին քորօղլու եղանակով.

Եղջյուրները լցրե՜ք, — հրամայեց տոլուբաշին:

Բոլորը հնազանդվեցան նրա հրամանին:

Այդ էլ խմում ենք մեր տիրուհու կենացը:

Բայց սպասեցեք, մեծ պարոնը պիտի պար գա: Համեցեք, — դարձավ նա դեպի մեծ պարոնը:

Բոլորը, եղջյուրները ձեռքներին բռնած, սպասում էին: Մեծ պարոնին թեև փոքր-ինչ անվայել էր բազմության առջև պար գալ, բայց ի՞նչ պետք էր անել, տոլուբաշիի հրամանն էր, պետք էր կատարել, ուր մնաց, որ խմվում էր նրա թանկագին տերուհու կենացը: Նա վերկացավ:

Լեկզեվար ածեցե՜ք, — հրամայեց տոլուբաշին նվագածուներին:

Նրանք սկսեցին լեկզեվար ածել: Բազմությունը այժմ ավելի մոտեցավ իշխանական սեղանին: Ամեն կողմից ամբոխը վրա էր թափվում:

Եթե սուրբ գիրքը տալիս է մեզ մի հետաքրքիր օրինակ, թե ինչպես Դավիթը, Իսրայելի մարգարեն և թագավորը, ներշնչված մի սրբազան ոգևորությամբ, պար էր գալիս տապանակ ուխտի առջև, — ոչ սակավ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես վրաց երկրի տերն ու իշխանը, Կախեթու գինու ազդեցության ներքո, սկսեց իր պարը: Հազարավոր ձեռքեր ծափ էին տալիս, բազմաթիվ զուռնաներ և նաղարաներ որոտում էին: Այդ միջոցին սեղանակից տիկիններն էլ վեր առին իրանց մոտ դրած դայիրաներն ու թմբուկները, սկսեցին ածել: Նվագարանների հնչյունների հետ միախառնվում էին և հիացած բազմության խառնաձայն աղաղակները, կազմելով խիստ անախորժ, վայրենի ներդաշնակություն:

Բավակա՜ն է, — հրամայեց տոլուբաշին:

Նվագարանները դադարեցին, և մեծ պարոնը բոլորին գլուխ տալով, նստեց իր տեղը: Գինու եղջյուրները դատարկվեցան:

Տիրուհու կենացը խմելուց հետո տոլուբաշին հրամայեց խմել ժառանգի կենացը: Այժմ պիտի պար գար նրա մայրը: Տիրուհին հայտնի էր որպես լավ պար եկող: Նրան սիրեց, նրա հետ ամուսնացավ մեծ պարոնը միայն նրա լավ պար գալու համար. թեև այժմ մարմնի չափազանց ծանրությունը արգելում էր նրան առաջվա թեթև պտույտները գործել իր պարի մեջ: Այսուամենայնիվ, տիրուհին այս անգամ ևս զարմացրեց բոլորին իր հիանալի պարով:

Նվագածուները շարունակում էին ածել զանազան եղանակներ: Կենացների հերթը հետզհետե անցնում էր սեղանակիցների մեկից մյուսին: Տոլուբաշին ոչ մեկի «խաթրը չէր կոտրում». յուրաքանչյուրի կենացը խմելու ժամանակ հրամայում էր ածել և ստիպում էր սեղանակիցներից մեկին կամ պար գալ կամ երգել: Այսպես, թավադի որդիները համ ուտում էին, համ խմում էին, համ երգում էին, համ պար էին գալիս: Այդ չէր արգելում նրանց երբեմն վերկենալ նստած տեղից, վազել դեպի դաշտային խոհանոցը, կրակի վրայից վեր առնել խորովածի երկու տաք շամփուրներ, և երկու ձեռքով բռնած, ուրախ-ուրախ բերել, և բոլորին «թավազա» անելով, ասել.

Համեցե՜ք, համեցե՜ք, ի՛նչ լավն է...

Մյուսները ձեռքները մեկնում էին, շամփուրից դուրս էին քաշում խորովածը, և արյունը ու յուղը կաթկթելով, դնում էին իրանց բերանները, ասելով.

Փա՜հ, փա՜հ, փա՜հ... շատ լավն է, շա՛տ լավը...

Թե այր և թե կին գտնվում էին անսահման բերկրության մեջ: Նրանց մեջ դադարել էր մտավորը, այժմ գործում էր միայն գրգռված զգացմունքը: Տոլուբաշին արդեն վերջացրած լինելով բոլորի կենացների խմելը, այժմ իրավունք տվեց սեղանակիցներին իրանց ընտրությամբ առաջարկել նոր կենացներ: Այդ կենացների ժամանակ, — որ կամավոր էին, որ զուրկ էին պաշտոնական բնավորությունից, — սովորություն կար, այն անձը, որի կենացը խմվում էր, պարտավոր էր «պռոշտի» անել բոլորի հետ: Այսպիսի բաժակները խմվում էին ըստ մեծ մասի գեղեցիկ սեռի կենացը:

Բոլոր կնիկներից թույլ եմ տալիս ընտրել, բացի իմ կնկանից, — ասաց տոլուբաշին ծիծաղելով:

Մելանիան կարմրեց: Նրա ամուսին այրի հանաքը թելադրեց մեծ պարոնին առաջարկել հենց նախ գեղեցիկ Մելանիայի կենացը: Նա լիքը բաժակը ձեռին, շնորհալի կերպով վեր կացավ, և բոլորի հետ «պռոշտի» անելուց հետո, գլուխ տվեց և ապա խմեց:

Այդ աստված կվեր առնի՞, որ իմ կնոջը իմ աչքի առջև համբուրում են, — ասում էր տոլուբաշին, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով: — Եկ, Մելանիա ջան, մոտ եկ, քո հոգուն մատաղ, եկ ես էլ համբուրեմ, — աղաչում էր նա իր տիկնոջը: Բայց տիկինը չմոտեցավ նրան, անվայել համարելով հրապարակավ իր ամուսնի հետ համբուրվելը:

Տեսնո՞ւմ եք, ի՜նչ «թարս» բաներ են այդ կնիկները, — ասում էր տոլուբաշին, այժմ ձեռքերը իր ծնկների վրա խփելով. — հրապարակավ ուրիշների հետ կհամբուրվեն, բայց իրանց ամուսնի հետ ամոթ կհամարեն:

Բոլորը ծիծաղեցին:

Այդ միջոցին Լևան թավադի որդին, իր շուրջը աչք ածելով, որոնում էր Թամարին: Նա մտածում էր առաջարկել նրա կենացը, որ դրանով առիթ ունենա իր վաղուց ցանկացած համբույրը քաղել նրա սիրուն շրթունքից: Բայց Թամարը չերևացավ, օրիորդներից դեռ ոչ մեկը չէր վերադարձել զբոսանքից: Նա առաջարկեց պառավ իշխանուհու կենացը, որը խիստ գոհունակությամբ վեր բարձրացավ իր տեղից և սկսեց իր չոր ու ցամաք շրթունքը կպցնել բազմականների շրթունքներին: Երբ մոտեցավ նա տոլուբաշուն, վերջինս ծիծաղելով ասաց:

Next page