Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Եթե մի «խերով» բան լինեիր, ինձ մոտ չէիր գա:

Մինչ այստեղ երկրի պետերը զվարճանում էին, մինչ զուռնան և նաղարան որոտում էր, ուխտավորների բազմության մեջ, պարկապզուկը թևքի տակը դրած, դանդաղ քայլերով շրջում էր ժողովրդական բանաստեղծը: Ամենի մոտ ածում էր նա, ամենի մոտ երգում էր, և ամեն տեղ նրան տալիս էին կամ մի պատառ հաց, կամ սև փող: Նա իր շրջանը կատարելով, մոտեցավ իշխանական սեղանին, և որպես մարմնացած բողոք, սկսեց երգել:

Ճըտիկ, ճըտիկ, նախշուն փետրիկ, մեծացիր,
Քեզ կուտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական:

Հորթիկ, հորթիկ, նախշուն մորթիկ, մեծացիր,
Քեզ խոտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական:

Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ, մեծացիր,
Քեզ հաց կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական:

Եզիկ, եզիկ, իմ քաջ եզիկ, աշխատիր,
Վարը վարիր, ցանքը ցանիր, կալ կալսիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական:

Կնիկ, կնիկ, սիրուն կնիկ, աշխատիր,
Մանը մանիր, կարը կարիր, շուտ պրծիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական:

Աստղիկ, աստղիկ, փայլուն աստղիկ, խավարիր,
Ինձ քեզ մոտ տար, այս կյանքիցը ազատիր,
Շա՜տ գործեցի, վաստակեցա, հոգնեցա,
Իսկ պարոնիս գոհացնել ես չկրցա:

Նա ավարտեց իր երգը: Բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց: Նրա քնարի տխուր հնչյունները խլացան, անհետացան զվարճասեր ազնվականների ընդհանուր աղմուկի մեջ...

Ժ

Կեսօրին բավական անցել էր արդեն: Ծառերի ստվերները դարձել էին դեպի արևելք: Սիկոն, մեծ պարոնի հովվապետը, իր երկայն ցուպը նեցուկ տված նույնպես երկայն իրանին, անշարժ արձանի նման կանգնել էր մի բարձրավանդակի վրա և այնտեղից արծվի աչքերով նայում էր դեպի հեռուն, ուր ուխտավորների բազմությունը դեռ ամբոխվում էր, դեռ խլրտվում էր մատուռի շուրջը: Կարծես, այդ հեռավորությունից նա որոշում էր բոլոր անձնավորությունները, ճանաչում էր բոլոր երեսները, ամեն մեկի հետ խոսում էր, և ամենին ողջունում էր, ասելով. «Ողորմած կենա...»: Այդ բարեպաշտական տեսարանը այն աստիճան գրավել էր ջերմեռանդ հովվին, որ նա ամենևին չէր նկատում իր սիրելի ոչխարներին, որոնք նրա շուրջը սփռված, մեծ ախորժակով արածում էին: Նա տեսավ մեկին, որ ձորի միջով անցնում էր:

Դավիթ, Դավիթ, — գոչեց նա այնպիսի մի ձգական ձայնով, կարծես նրա ձայնը հազարավոր հնչյունների բաժանվելով, մինը մյուսին առաջ մղեցին և հասան մինչև Դավթի ականջները, որ բավական հեռավորության վրա, ձորի միջով գնում էր:

Նա դարձավ դեպի կոչող ձայնը և տեսավ հովվապետին բարձրավանդակի վրա կանգնած: Մի քանի վայրկյան մնաց իր տեղում անշարժ, դժվարանում էր վճռել, արդյոք գնա՞լ նրա մոտ, թե՞ շարունակել իր ճանապարհը, որի որ կողմ տանելն ինքն էլ չգիտեր: Նա ուղղեց իր քայլերը դեպի հովվապետը:

Որտե՞ղ ես սատանայի նման կորել այսօր, չես երևում, — հարցրեց Սիկոն իր սովորական քնքշությամբ, — առավոտից ես քեզ, եմ տեսել:

Բայց Դավթի վրդովված սրտին, նույն րոպեում հազիվ թե կարող էին որևիցե ուրախություն պատճառել իր բարեկամի քնքշությունները. նա ոչինչ չպատասխանեց:

Հասկանում եմ... — շարունակեց հովվապետը խորհրդավոր ձայնով. — գնացել էիր աղջիկներին մտիկ տալու, հա՞... հասկանում եմ... ես էլ քո հասակում աղջիկներից պոկ չէի գալիս...

Ես ոչ մի տեղ չեմ գնացել, — պատասխանեց պատանին, և նստեց մի քարի վրա, այժմ միայն զգալով, որ սաստիկ հոգնած է:

Հովվապետը նույնպես նստեց նրա մոտ նույն քարի վրա:

Ինչպե՞ս ոչ մի տեղ չես գնացել, — հարցրեց նա, — մի՞թե դու չգնացիր համբուրելու:

Չգնացի, — պատասխանեց պատանին անուշադիր կերպով և սկսեց նայել բազմաթիվ կարմիր պողոճների վրա, որոնց սև բծերը ավելի էին հետաքրքրում նրան, քան հովվապետի հարցուփորձը:

Դու չգնացի՞ր համբուրելու,-կրկնեց հովվապետը այժմ բավական բարկացած կերպով, — ուրեմն դու վրացու աստվածը, վրացու Հիսուս-Քրիստոսը, վրացու խաչն ու Ավետարանը, չե՞ս ընդունում:

Վերջին հարցերը շարժեցին պատանու ծիծաղը:

Ընդունում եմ, — պատասխանեց նա. — վրացու աստվածը, Հիսուն Քրիստոսը, խաչն ու Ավետարանը միևնույնն է, ինչ որ հայերինն է:

Ինչպե՞ս թե միևնույնն է. վրացու աստվածը ուրիշ է, հայինը ուրիշ է. վրացու Քրիստոսը ուրիշ է, հայինը ուրիշ է:

Վրացու աստվածը վրացի է, հայինը հայ է, — նրա խոսքը կտրեց պատանին ծիծաղելով:

Ապա, ի՞նչ ես կարծում. դրուստ այսպես է, — ասաց հովվապետը, զարմանալով պատանու լավ բացատրության վրա. — վրացու աստվածը վրացի է, հայինը հայ է. եթե չես հավատում, գնա մեր տերտերից հարցրու, նա էլ այդպես կասի:

Գիտեմ, որ նա էլ այդպես կասի...-պատասխանեց պատանին, աշխատելով վերջ տալ հովվի աստվածաբանական քննություններին, որովհետև նրա ուշադրությունը դարձավ այդ րոպեում դեպի ձորը, որտեղից անց էին կենում մի խումբ աղջիկներ: Նա վեր կացավ:

Ո՞ւր ես գնում, — հարցրեց հովվապետը:

Գնում եմ համբուրելու... — ասաց պատանին ժպտելով, և աչքի տակով հետևելով աղջիկների խումբին:

Հովվապետը հալած յուղի տեղ ընդունելով պատանու խոսքը, և չհասկանալով նրա երկդիմի իմաստը, կարծեց, թե իրան արդեն հաջողվեցավ վրացու հավատքի բերել իր անհավատ օգնականին, և ֆանատիկոսի ուրախությամբ գրկելով նրան, ասաց.

Գնա, զավակս, գնա՜, համբուրիր, ես այստեղ ոչխարները կպահեմ. թե փող չունես, փող էլ կտամ քեզ. մի զույգ մոմ առ, վառիր սեղանի վրա:

Այս ասելով, հովվապետը հանեց իր մախաղի միջից մի քանի սև փող և տվեց պատանուն: Դավիթը շնորհակալությամբ ընդունեց փողը և դիմեց դեպի մատուռը: Անցնելով ձորը, նա դուրս եկավ նեղ ճանապարհի վրա, որ տանում էր դեպի ուխտատեղը: Ճանապարհի վրա ոչ ոք չկար. նա տեսավ մի գոսացած մուրացկան, որ ծնկների ու ձեռքերի վրա սողալով, քարշ էր գալիս դեպի ուխտավորները:

Ո՞ր կողմից, եղբայր, — հարցրեց նրանից պատանին:

Քաղաքից, — պատասխանեց մուրացկանը և շարունակեց սողալ:

Ինչո՞ւ այսպես ուշ, — հարցրեց պատանին, սաստիկ խղճահարությամբ:

Այդ ոտներով շատ հեռու չես գնա, — ասաց մուրացկանը, ցույց տալով տախտակից շինված հողաթափերը, որ հագել էր ձեռքերի թաթերի վրա:

Պատանին ձգեց նրան հովվապետից ստացած սև փողերը և հեռացավ: Նա դուրս եկավ դեպի մատուռը տանող նեղ ճանապարհից և մտավ այն ձորի մեջ, որ կողմից մի քանի րոպե առաջ անցավ աղջիկների խումբը: Նրանք շատ չէին հեռացել. ամեն մի ծաղիկ, ամեն մի թիթեռնիկ, ամեն մի վտակ իր պայծառ, ուրախաձայն հոսանքով գրավում էր, հրապուրում էր, նրանց իր մոտ էր կանչում: Պատանին այժմ այնքան մոտացել էր, որ կարողանում էր հեռվից ճանաչել նրանց: Թամարը Սալոմեի հետ առանձնացած, գնում էին բոլորովին բաժանված ամբողջ խմբից: Պատանին, կարծես, լսում էր նրանց ձայնը և հասկանում էր նրանց խորհրդավոր քրթմնջոցը: Բայց իսկապես նա ոչինչ չէր լսում. միայն նրա սրտում խոսում էր Թամարի սերը: Նա մտավ թուփերի մեջ, որ չնկատվի: Սկսեց մի կողմից կամաց-կամաց հետևել նրանց: Խիտ մացառների միջով անցքը բավական դժվարին էր: Նա չէր նկարում, թե որպես պատառոտվում էր իր հագուստը. նա չէր զգում, թե որպես թփերի փշոտ ոստերը զարկվում էին իր երեսին: Նա երջանիկ էր և գոհ, որ գոնե հեռվից տեսնում է Թամարին:

Աղջիկների խումբը դիմում էր դեպի Կուրի ափը. այդ ձորը տանում էր ուղիղ դեպի գետի կողմը: Նրանք ցանկանում էին նայել հորդացած գետի վրա, ցանկանում էին տեսնել, թե որքան բարձրացել է այս տարի Կուրը: Ի՞նչ զվարճություն էին գտնում հեղեղատի պղտոր ալիքների մեջ: Պատանին, չդուրս գալով իր դարանից, շարունակում էր հետևել նրանց:

Այդ միջոցին մատուռի մոտ արդեն սկսվում էին մրցությունները: Բազմությունը հավաքվել էր մի հարթ տափարակի վրա: Դուրս էին բերել մեծ պարոնի և Արչիլ թավադի որդու խոյերը:

Ետ քաշվեցեք, ետ քաշվեցեք, — ձայն էին տալիս բազմությանը:

Բազմությունը ետ քաշվեցավ և հարթ տափարակի վրա բացվեցավ հրապարակի նման մի տեղ: Նրա միջնավայրում կանգնեցրել էին երկու խոյերը միմյանցից փոքր-ինչ հեռու: Ազնվականները շրջապատել էին նրանց: Բազմությունը հեռվից նայում էր: Խոյերի աչքերը դեռ կապված էին: Ծառաները բաց արին նրանց աչքերը, և երկու ախոյանները իսկույն տեսնելով միմյանց, արձակեցին մի խուլ, որոտաձայն մռնչյուն: Մեծ պարոնը կանգնած էր իր խոյի կողմում, իսկ Արչիլ թավադի որդին կանգնած էր իր խոյի կողմում: Նրանք չվստահելով ծառաների հմտության վրա, սկսեցին իրանք կարգադրություններ անել: Խոյերը անհանգիստ կերպով տատանվում էին, այս կողմ և այն կողմ էին հարձակվում, աշխատելով իրենց շղթաները կտրել, որ պինդ բռնված էին ծառաների ձեռքում, բայց չէին կարողանում: Այդ արգելքը ավելի զայրացրեց նրանց:

Ես մոտ եմ բերում, Արչիլ, — ձայն տվեց մեծ պարոնը:

Ես էլ մոտ կբերեմ, — պատասխանեց նա, — միայն կամաց-կամաց, չթողնեք, որ հարձակում գործե:

Յուրաքանչյուր կողմից խոյերին սկսեցին կամաց-կամաց մոտ տանել, մինչև բոլորովին հասան միմյանց: Երկու ախոյանները նախ սկսեցին հոտոտել միմյանց, հետո մեծ պարոնի խոյը անցավ Արչիլի խոյի գավակի կողմը. վերջինը անպատվություն համարելով այդ, իսկույն շուռ եկավ և իր եղջյուրով խթեց նրա կողքը: Այդ սաստիկ կատաղեցրեց մեծ պարոնի խոյին, որ նույն կերպով պատասխանեց նրան:

Այժմ ետ քաշեցեք, — ձայն տվեց մեծ պարոնը, ինքը բռնելով իր խոյի շղթայից և մի քանի քայլ հեռացնելով:

Արչիլը նույնպես ետ տարավ իր խոյին: Երկու ախոյանները կանգնած էին միմյանց հանդեպ, տասն քայլ հեռավորության վրա: Նրանք այն աստիճան զայրացած էին, որ այժմ կարելի է նրանց շղթաները բաց անել, ազատ թողնել, որ հարձակումներ գործեն:

Առաջին հարձակումը թույլ էր: Նրանցից հետո իրանք` խոյերը հետ-հետ քաշվեցան և, ռումբի արագությամբ վազելով միմյանց վրա, գլուխ գլխի և եղջյուր եղջյուրի զարկեցին: Չորս կողմից լսվում էին քաջալերական ձայներ: — Ա՛յ, ղոչաղ, այ, ղոչաղ, ասում էր մեծ պարոնը իր խոյին: Նույն խրախույսներով ոգևորում էր Արչիլը իր խոյին:

Խոյերը կրկին հետ-հետ քաշվեցան, և այժմ ավելի լայն տարածության վրա կանգնելով, կրկին մի ավելի սաստիկ հարձակում գործեցին, ճակատ ճակատի զարկելով: Եթե քար լիներ նրանց գլուխների փոխարեն, կարող էր իսկույն փշրվել, բայց նրանք, կարծես, ամենևին ցավ չզգալով, շուտով բաժանվեցան նոր հարձակում գործելու համար:

Մերը կհաղթե, — ասաց տիրուհին մեծ պարոնին, — Արչիլի խոյը այս անգամ փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր:

Այդ ձեր աչքերին այնպես երևաց, տիրուհի, — պատասխանեց Արչիլը, որ ավելի էր կատաղած, քան թե իր խոյը, — շուտով կտեսնենք, թե որը կհաղթե:

Այդ միջոցին խոյերը կատարեցին երրորդ հարձակումը և այնուհետև նաղդաները§§§§§§§ սկսեցին ավելի արագ և շուտ-շուտ կրկնվել: Բայց երկու անասուններն ևս դեռ մնում էին անպարտելի: Նրանք այժմ ավելի հեռանում էին միմյանցից, որպեսզի իրանց հարձակման թափը ավելի ուժգին, ավելի սաստիկ և ավելի սարսափելի լինի:

Բայց բազմության ուշադրությունը այժմ դարձավ դեպի մի ուրիշ կողմ: Գետի եղերքից լսելի եղան խառնաձայն աղաղակներ. «Խեղդվեցա՛վ... խեղդվեցա՛վ»... — գոչում էին հեռվից:

Ո՞վ էլ կուզի, թող խեղդվի, ես պիտի վերջացնեմ կռիվը, — ասաց մեծ պարոնը, նորից խրախույսներ տալով իր խոյին:

Բազմությունը սկսեց վազել դեպի գետի կողմը: Բայց ազնվականները դեռ շրջապատել էին խոյերին և անհամբերությամբ սպասում էին կռվի վախճանին:

«Խեղդվեցա՛վ... Թամարը խեղդվեցա՛վ»...-այժմ սկսեց պարզ լսելի լինել:

Վա՛յ, սև հագնեմ... Թամա՛րը... — գոչեց տիրուհին, վազ տալով դեպի գետի կողմը:

Մի քանի քայլ հեռանալով, նրա ծնկները թուլացան և ընկավ գետնի վրա: Բոլոր տիկինները, նրան նույն դրության մեջ թողնելով, շտապեցին դեպի գետեզրը: Այժմ մեծ պարոնն էլ Արչիլի ու մյուս ազնվականների հետ փութացին օգնության հասնելու:

Գետը կատաղած էր: Հարյուրավոր մերկ մարդիկ լողում էին պղտոր ալիքների մեջ և որոնում էին անբախտ աղջկա դիակը: Ազնվականները ապշած, սարսափած, չգիտեին, թե ի՞նչ պետք էր անել: Լևան թավադի որդին երեխայի նման լաց էր լինում: Թամարի խորթ մայրը անիծում էր «անզգամին»: Պառավ իշխանուհին աղոթում էր: Մեծ պարոնը իր ձեռքի գավազանով ծեծում էր գյուղացիներին, հայհոյանքներ էր արձակում, հրամայելով, որ ջուրը մտնեն, թեև առանց նրա հրամանին ևս հարյուրավոր մարդիկ ջրի մեջ էին: Այնքան ազնվականներից միայն Արչիլը, ուշադրություն չդարձնելով իր կնոջ` Մելանիայի աղաչանքին, մերկացավ և նետվեցավ գետի մեջ, գուցե կարող լիներ ազատել խեղդվողին:

Թամարի հետ զբոսնող օրիորդներից մի քանիսը ուշաթափ էին եղած, և ընկել էին այստեղ ու այնտեղ, իսկ մի քանիսը, որ ավելի պինդ սիրտ ունեին, վազելով հասան ազնվականների մոտ, և արտասուքը աչքերում պատմում էին, թե որտեղից և ինչպես նա ընկավ գետը: Բոլորը շվարած լսում էին: Ափերից բազմությունը գոռում, գոչում էր, ձայն էր տալիս լուղորդներին, հասկացնելով, թե գետի որ կողմերում պետք էր որոնել: Ոմանք ջրասույզ շների նման սկում էին, ջրի տակն էին մտնում, ոմանք տարվում էին սրընթաց հոսանքի հետ:

Այդ ընդհանուր սոսկումի և իրարանցման րոպեում, մեծ եղավ բոլորի զարմանքը, երբ տեսան մի լուղորդ, ջրի տակից դուրս գալով, իր հետ բերում էր մի դիակ: Նա մի ձեռքով կոհակների հետ կռվելով, մյուսով բռնած ուներ դիակը, աշխատում էր մոտենալ ափին: Այդ միջոցին ալիքների մի նոր հորձանք, ուժգին վրա տալով, երկուսին էլ տարավ դեպի հատակը: Մի քանի վայրկյանից հետո կրկին հայտնվեցավ նա ջրի երեսին, դիակը բռնած ունենալով ձեռքին: Ամեն կողմից լսելի եղան ցնծության աղաղակներ: Մյուս լուղորդները շտապեցին նրան օգնության հասնել: Բայց մինչև նրանց հասնելը, նա դուրս եկավ ափի մոտ և անշնչացած մարմինը դրեց ցամաքի վրա:

Կեցցե՛ Դավիթը, կեցցե՛... — գոռաց ամբողջ բազմությունը:

ԺԱ

Մցխեթի բոլոր ջադուկները, ժողովրդական պառավ բժիշկները, որոնք բարեբախտաբար այնօր ուխտավորների մեջ էին գտնվում, հավաքվեցան Թամարի մարմնի շուրջը: Նրանց հետազոտությունից երևաց, որ օրիորդը բոլորովին խեղդված չէր: Նրա երակը դեռ զարկում էր և թույլ շնչառությունը իսպառ խափանված չէր: Իրանց կախարդական և բժշկական բոլոր հնարները գործ դնելուց հետո, օրիորդին այնպես ուշաթափ, մի պատգարակի վրա դնելով, տուն տարան:

Ժողովրդի մեջ զանազան կերպով էին բացատրում Թամարի հետ պատահած դժբախտությունը: Իսկ թավադների շրջանի մեջ խոսում էին, թե օրիորդին բռնությամբ ցանկանում էին կնությալ տալ Լևանին, որին նա ատում էր, և հուսահատությունից մտածեց ջրախեղդ լինել: Միևնույն ժամանակ ավելացնում էին, թե օրիորդը ծածուկ սիրում էր «մեկին», որի հետ ամուսնանալ չէր կարող. իսկ ո՞վ էր այդ «մեկը», — ոչ ոք չգիտեր:

Թամարի հետ զբոսնող օրիորդները նույնպես այլ և այլ կերպով էին պատմում անցքը. մի քանիսը ասում էին, թե նա ինքն իրան գետը գցեց, մյուսները ասում էին, թե անզգուշությունից ընկավ: Սալոմեն, որ նրա մոտ էր դժբախտությունը պատահելու րոպեում, պատմում էր, թե օրիորդը մոտեցավ գետեզրին, նայում էր ջրի վրա, հանկարծ գետեզրի այն մասը, որի վրա կանգնած էր նա, փուլ եկավ, և նա գլորվեցավ գետի մեջ: Այդ տեղը բավական բարձր էր ջրի մակերևույթից, երևում էր, որ տակից ջրով ողողված էր: Նա ավելացնում էր, թե ինքն էլ անպատճառ միևնույն դժբախտությանը կհանդիպեր, եթե ուղիղ Թամարի մոտ կանգնած լիներ:

Սալոմեի պատմությունը ամենից ճիշտն էր և ավելի հավանական, մանավանդ, որ պատանի Դավիթը հաստատում էր միևնույնը: Նա թաքցնելով նպատակը, որ բերեց իրան օրիորդների խումբի մոտ, մնացած պատմությանը այս ձևն էր տալիս. թե ինքը թփերի մեջ որոնում էր մի ոչխար, որ այնօր կորել էր. հանկարծ նրա ականջին հասավ օրիորդների արձակած ճիչն ու աղաղակը, վազեց դեպի այն կողմը. տեսավ Թամարի գետը ընկնիլը, իսկույն նետվեցավ ջրի մեջ. նրան բռնեց ուղիղ այն ժամանակ, երբ տակավին ջրի տակը չէր խորասուզված և կարողացավ երկար պահել մակերևույթի վրա: Եվ եթե չհաջողվեց իսկույն դուրս հանել, պատճառն այն էր, որ գետի այն տեղումը հոսանքը սաստիկ սրընթաց էր:

Ինքը Թամարը, երբ մի քանի օրից հետո բոլորովին ուշի եկավ, ոչինչ չէր հիշում, ոչինչ պատմել չէր կարողանում, թե ինչպես պատահեց իր հետ վտանգը: Նա բախտավոր էր համարում իրան նրանով միայն, որ ազատվեցավ Դավթի ձեռքով, և այն օրից իր անձը համարում էր նրա սեփականություն, և այն օրից պատանին բոլորովին պաշտելի դարձավ նրան:

Մեծ պարոնը և նրա տիրուհին Թամարին պատահած դժբախտության առաջին օրը, միանգամայն զբաղված լինելով իրանց հիվանդով, բոլորովին մոռացել էին նրա ազատչին: Երկրորդ օրը, թեև հիվանդը դեռևս իրան լավ չէր զգում, մեծ պարոնը իր դրանիկներից մեկին ուղարկեց կանչելու Դավթին: Նրան գտան ոչխարների հոտ մոտ, իր հովվական հագուստով: Երբ հայտնեցին, թե մեծ պարոնը կանչում է, պիտի վարձատրե նրան, այդ միջոցին բարեսիրտ Սիկոն, ուրախության արտասուքը աչքերում, գրկեց պատանուն, ասելով.

Դե՜, հիմա գնա, աստված բարի ճանապարհ տա, ես քեզ միշտ ասում էի, որ վերջը թավադ կդառնաս. տեսա՞ր, կատարվեցավ իմ խոսքը:

Այդ խոսքերը այն աստիճան անկեղծ, սրտաշարժ էին, որ պատանին նույնպես չկարողացավ զսպել իր արտասուքը, և համբուրելով իր բարեկամի ձեռքը, ասաց.

Ես ավելի ուրախ կլինեի, սիրելի Սիկո, եթե ինձ թողնեին միշտ քեզ մոտ մնալ, միշտ քեզ հետ լինել այս լեռների մեջ:

Հովվապետը նրան ճանապարհ դրեց, բավական հեռանալով իր հոտից: Երբ բաժանվում էին, դարձյալ գրկեց պատանուն, ասելով.

Տե՜ս, Դավիթ, չմոռանաս Սիկոյին:

Շուտ-շուտ քեզ մոտ կգամ, Սիկո, — պատասխանեց նրան պատանին բարեկամական մտերմությամբ, — քեզ չեմ մոռանա:

Մեծ պարոնը նստած էր իր պալատի սրահում, որի ճակատը բաց, առջևից ցած վանդակապատով կտրած, մի ծածկոց էր. այդ կացուցանում էր նրա ամառային դիվանատունը: Այնտեղ մերկ հատակի վրա, որ ծեփած էր հասարակ կավով, դրված էր մի մեծ թախտ, կոշտ-կոպիտ շինված անգույն փայտից, և ծածկված պարսկական գորգով ու մի քանի բարձերով: Նրա վրա նստած էր մեծ պարոնը իր անբաժան խորհրդականների հետ: Այնտեղ էր տիրուհին, այնտեղ էր Թամարի խորթ մայրը, որոնց մեկը նստած էր մեծ պարոնի աջ կողմում, իսկ մյուսը` ձախ կողմում: Նրանցից ներքը շարված էին Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները: Ժառանգը այդ ժամանակ, նրանց աչքի առջև, բակում խաղ էր անում մի փոքրիկ եղջերուի հետ, որ նրան ընծա էին բերել: Բակում ման էին գալիս մի քանի հնդկահավեր և աղբերի միջից ճճիներ, պողոճներ էին որոնում: Նրանց արուն փքված, կնճիթը երկարացրած, թևքերը գետնին քսելով, սիրային ախորժ հոգեզմայլության մեջ պտտվում էր իր նազելի էգերի շուրջը, երբեմն իր կոկորդային կռնչյունով աղմկելով բակի գերեզմանական լռությունը:

Ձեր հնդկահավերն անցյալ տարի չավելացա՞ն, — հարցրեց Լևանը, որ վաղուց մի առարկա էր որոնում տիրուհու հետ խոսելու համար:

Չավելալցան, — պատասխանեց տիրուհին հոգվոց հանելով. — Կեկելի աչքը քարը կծակե (նրա խոսքը պառավ իշխանուհու մասին էր). անցյալ տարի ոտը կոտրվեր ու այստեղ չգար. մտավ բակը, տեսավ երկու տասնից ավելի ճտեր բակումը ման էին գալիս. «Վո՛ւյ մե, ասաց, այդ ի՛նչ սիրուն ճտեր են». նրանից հետո խեղճ ճտերը մինը մյուսի ետևից սկսեցին սատկել:

Այդ միջոցին մեծ պարոնի մարդիկը ներս մտան, իրանց հետ բերելով Դավթին: Պատանին համարձակ կերպով առաջ եկավ, և գլուխ տալով, կանգնեց փայտյա վանդակապատի առջև, որ բաժանում էր բակը սրահից:

Աստված է վկա, լա՛վ տղա է երևում, — խոսեց Արչիլը, ոտքից ցգլուխ նայելով պատանուն:

Հա՛յ է... — ասաց Լևանը, այնպիսի մի արհամարհական եղանակով, կարծես, հայը լավ լինել կարող չէր: Նրա սիրտը ծակում էր այն նախանձը, թե ինչո՞ւ այդ «հայը» կարողացավ ազատել Թամարին, իսկ ինքը ոչինչով չկարողացավ օգնել նրան:

Հայ է, բայց ղոչաղ տղա է, — պատասխանեց տիրուհին, որին դուր չեկավ Լևանի նկատողությունը:

Հայ էլ կա, հայ էլ կա. ամեն հայ խո մեկը չէ՞, — պատասխանեց Զաքարա և Ալեքսի թավադի որդիները: Նրանք միշտ միասին էին խոսում:

Իր խորհրդականների հիշյալ նկատողությունից մեծ պարոնը արդեն բավական նպաստավոր գաղափար կազմվեց Դավթի վերաբերությամբ, և դառնալով նրան, ասաց.

Դու մահից ազատեցիր Թամարին, Դավիթ, ասա՜, ի՞նչ ես ցանկանում, որ ես տամ քեզ քո քաջության փոխարեն:

Ես ձեր ողջությունն եմ ցանկանում, մեծ պարոն, — պատասխանեց պատանին սյունեցու համարձակությամբ: — Ես ինձ այսքանով ևս բախտավոր են համարում, որ կարողացա մի փոքրիկ ծառայություն անել իմ տիրոջը:

Մեծ պարոնի բոլոր խորհրդականները զարմացած միմյանց երեսին նայեցին: Պատանու համեստ, խելացի պատասխանը բոլորին հաճո թվեցավ, բացի Լևանից: Նրանք չէին կարող երևակայել, որ մի հայ, որ մի հովիվ ընդունակ լիներ այսպես խոսելու:

Պահանջիր, որդի, ինչ որ ցանկանում ես, ես կտամ քեզ, — կրկնեց մեծ պարոնը:

Պատանին իսկույն չպատասխանեց: Նա մտածում էր` չոքել իր տիրոջ առջև, նրա ոտները համբուրել և հայտնել նրան, թե ինքը սիրում է Թամարին և Թամարն էլ սիրում է իրան. թե աշխարհի բոլոր փառքը, բոլոր հարստությունը իր աչքում արժեք չունեն, միայն թե Թամարը իր կինը լիներ: Բայց նա այդ չխնդրեց. նա իրան դեռ այնքան անարժան էր համարում, որ Թամարի մասին մտածելն անգամ թվում էր նրան չափազանց անհամեստություն:

Մեծերի կամքը սուրբ է, — պատասխանեց պատանին, երբ մեծ պարոնը մյուս անգամ դարձավ նրան. — ինչ որ շնորհելու լինի իմ տերը, ես գոհ կլինեմ և աղոթող նրա թանկագին կյանքի համար:

Աստված է վկա, այդ տղան լավ տղա է, — դարձյալ խոսեց Արչիլը: — Երկար հարցուփորձ պետք չէ, Դավիթը թավադության արժանի է, — ավելացրեց նա:

Արժանի է, — կրկնեց տիրուհին, հաստատելով Արչիլի խոսքը: — Պանդուխտ է, օտարական է, այստեղ ոչ ոք չունի, ես նրան կվերառնեմ մեր տանը, որպես իմ որդու ընկեր և նրա դաստիարակ: — Տեսնո՞ւմ եք, ի՛նչ խելացի տղա է. այսքան խելք մեր վարդապետներն էլ չունեն:

Պատանին հովվի օգնականից հանկարծ դարձավ մեծ պարոնի ժառանգի ընկեր և դաստիարակ, մի քանի խելացի պատասխանների պատճառով, որ նա դուրս էր բերել Տաթևի վանքից: Նրա ուրախությանը չափ չկար, թեև նա զգուշությամբ թաքցրեց: Ոչ թավադությունը և ոչ էլ ժառանգի հետ ընկերակցությունը չէին հրապուրում նրան: Նա ուրախ էր այն անսպասելի բախտով, որ պիտի ընդունվի մի տան մեջ, ուր բնակվում է Թամարը:

Պատանու ուրախությունը նկատեց միայն Թամարի խորթ մայրը, որին հայտնի էին Դավթի սիրային հարաբերությունները օրիորդ հետ: Եվ նա, որ մինչև այն րոպեն լուռ էր, արդարացրեց տիրուհու ցանկությունը, ասելով.

Այդ լավ կլինի, շատ լավ կլինի, եթե այս տղային կընդունեք մեր տան մեջ: Ես էլ իմանում եմ, որ Դավիթը շատ խելացի տղա է. նա մինչև անգամ գրել կարդալ էլ իմանում է:

Վրացու կինը իր խելքով միշտ բարձր է տղամարդից. այդ իսկ պատճառով կանանց վճիռը իսկույն իրագործվեցավ: Մեծ պարոնը հրամայեց տանել պատանու հագուստը փոխել և իր հանդերձարանից նրան լավ խալաթներ ընծայել: Հետո նա հրամայեց գրել Դավթի թավադության հրովարտակը, որպեսզի, իբրև ազնվական, նա արժանավորություն ստանա մտնել իր դրանիկների կարգը և ընդունված լինել պալատում:

Բայց ի՞նչ սատանայական խորամանկություն էր, որ դրդեց Թամարի խորթ մորը համաձայնվել տիրուհու հետ, — այդ մենք կտեսնենք հետո: Իսկ Դավթի հրովարտակը գրելու համար դեռ բավական դժվարություններ կային: Այնտեղ, դիվանատան մեջ նստած խորհրդականներից և ոչ մեկը գրագետ էր: Մեծ պարոնի քարտուղարը, նրա միակ գրագիրը` Գաբրիել սարկավագը այնտեղ չէր: Իսկ Գաբրիելին գտնելը նույնպես հեշտ բան չէր: Մարդ ուղարկեցին նրան որոնելու:

Գաբրիելին գտան մի գյուղացու խրճիթում, գինու լիտրան կշտին դրած, նստել էր:

Կգրեմ, ցավդ տանեմ, կգրեմ, ասում էր նա տանտիրոջը, — մի այնպիսի գիր գրեմ, որ եթե քարի վրա դնես, քարը կծակե:

Գաբրիելի հրաշալի գիրը, որ պիտի քարը ծակեր, շարժեց տանտիրոջ ուրախությունը, որը շնորհակալությամբ դարձավ դեպի սարկավագը, ասելով.

Գրի՜ր, ցավդ առնեմ. կինս մեկ շաբաթից ավել գժվածի նման է, գլխումը խելք չի մնացել:

Ո՞րտեղից խելք մնա, — գոչեց պառկած հիվանդը ցնցոտիների տակից, — մեռնում եմ, մեռնում...

Հիվանդի միայն ատամն էր ցավում և ծնոտի մի կողմը փոքր-ինչ ուռած էր: Գաբրիելը մի այնպիսի զորավոր գիր պիտի գրեր, որը կապելով ծնոտի վրա, համ ուռուցքը պիտի խափանվեր, համ էլ ատամի ցավը պիտի կտրվեր:

Երբ Գաբրիելը լսեց, որ իրան պալատում կանչում են, վերկացավ, տանտիրոջը ասելով.

Երեկոյան գիրը կբերեմ, ցավդ առնեմ, բայց տասնևերկու հատ ձու պիտի պատրաստ ունենաս, մինչև չստանամ չեմ տա, առանց դրան չի լինի: Նա ուշադրությամբ շարժեց գինու լիտրան, և նկատելով, որ միջի հեղուկը բոլորովին սպառվել է, դուրս եկավ գյուղացու խրճիթից և սկսեց դիմել դեպի պալատը:

Գաբրիլի հայտնվելը պալատում շարժեց ընդհանուր ծիծաղ:

Էլի գլորվում է Գաբրիելը, — նկատեց Արչիլը, նրան հեռվից տեսնելով:

Եթե այդ հարբելը չունենար, նրա հատը ողջ Վրաստանում չէր գտնվի, — ասաց մեծ պարոնը. — անիծածը ծովի չափ գիտություն ունի: Ի՞նչ ասես, որ նա չէ կարդացել. Սաղմոս, «Ղարամանիանի», մինչև անգամ «Վեփրիս տըղավոսանի»: Քանի օր առաջ մի նամակ էի ստացել Աբխազեթից, վանքի բոլոր վարդապետներին կանչել տվի, բոլորն էլ էշի նման կանգնեցին, մնացին. ոչ մեկը կարդալ չկարողացավ. հենց որ Գաբրիելը առեց ձեռքը, ջրի պես վազեց:

Գաբրիելը գլուխ տվեց, և որպես վայել էր պալատի քարտուղարին, բարձրացավ, նստեց թախտի վրա:

Դե՜, Գաբրիել, գրիչդ ու թանաքամանդ քոքիր, — ասաց նրան մեծ պարոնը, — գրելու բան ունես:

Գաբրիելը պղնձե թանաքամանը, գոտիի մեջ խրած, միշտ պատրաստ էր: Նրան ման էր ածում իր հետ քարտուղարը ոչ միայն իբրը ապացույց իր անհուն գիտության, այլ առավել որպես նշան այն բարձր պաշտոնի, որ նա վարում էր պալատում: Նա ուներ ճիշտ այն թանաքամանների ձևն ու նմանությունը, որ մինչև այսօր գործ են ածում Էրզրումի և Վանի կողմերի հայերը: Նրա երկայն, խողովակաձև փողի մեջ կային եղեգնյա գրիչներ, գրչահատ և փոքրիկ պղնձե գդալ` մեջը ջուր ածելու համար: Այդ թանաքամանը, որ գուցե երկրորդն էր ամբողջ Մցխեթի մեջ, մեծ պարոնը ընծա էր ստացել մի տեղից և իր կողմից ընծայել էր քարտուղարին:

Որովհետև ամիսների ընթացքում հազիվ էր պատահում մի բան գրել, այդ պատճառով Գաբրիելի թանաքամանը միշտ ցամաք էր լինում: Այդ հանգամանքը բոլորին ծանոթ լինելով, Թամարի խորթ մայրը, առանց խնդրելու, վեր կացավ և մի ամանով ջուր բերեց, որ նա ածե թանաքամանի մեջ: Թեև այդ գործողության համար թանաքամանի խողովակի մեջ փոքրիկ գդալ կար, բայց Գաբրիելը գործը ավելի հեշտացնելու համար ձեռքը կոխեց ջրի ամանի մեջ և բռնեց թանաքամանի վրա. թրջված մատերից ջուրը սկսեց կաթկաթել նրա մեջ: Այնուհետև թրջված ձեռքը սրբեց իր փարաջայի փեշով:

Թանաքամանը կազմ և պատրաստ էր. մնում էր եղեգնյա գրիչներից մեկի բթացած ծայրը սրել. երբ այդ աշխատությունն էլ վերջացավ, քարտուղարը մի առանձին հպարտությամբ դարձավ դեպի ատյանը, ասելով.

Հիմա թուղթ տվեցեք, որ գրեմ:

Այդ ամենադժվար խնդիրն էր. թղթի մասին դեռ ոչ ոք չէր մտածել: Ամբողջ պալատում ման եկան, ամեն տեղ որոնեցին, ոչ մի պատառ թուղթ չգտան: Հետո ուղարկեցին վանքը. այնտեղ էլ չգտնվեցավ: Բայց վանահայրը այնքան հնարիմաց էր, որ մեծ պարոնի մարդուն ձեռնունայն հետ չդարձրեց. նա կտրեց մի հին գրչագիր գրքի կազմից մի թերթ մագաղաթ և ուղարկեց:

Հրովարտակների գրելու ձևը Գաբրիելը «հայր մերի» նման անգիր գիտեր. հարկավոր էր միայն հարցնել անունը, հոր անունը, մնացածը նրան հայտնի էր: Պատանի Դավթին կանչել տվին հոր անունը հարցնելու համար: Այժմ լվացված, հագնված, զարդարված Դավիթը այլևս առաջվա հովիվ Դավիթը չէր: Նա իր նոր հագուստի մեջ երևում էր մի վայելչահասակ, շնորհալի պատանի, որ իսկույն իր վրա դարձրեց բոլորի ուշադրությունը:

Քրիստոս վկա, այդ տղան հենց մորից ծնված է թավադ լինելու համար, — գոչեց Արչիլը ծափահարելով:

Արչիլի ենթադրությունը սխալ չէր. Դավիթը իսկապես ազնվական ծագումից էր, թեև ինքը չգիտեր այդ: Նա տոհմակից էր Սյունյաց երկրի Օրբելյանների հետ, բայց նրա հայրը աղքատանալով, հասարակ գյուղացիների կարգն էր ընկել:

Քարտուղարը մագաղաթի թերթը դրեց մի կտոր տախտակի վրա, և տախտակը դնելով իր ծնկի վրա, այսպիսով կազմվեցավ նրա գրասեղանը: Սկսեց գրել: Որքան և վարժ էր նա գրելու մեջ, այսուամենայնիվ, մի քանի ժամ տևեց, մինչև ավարտեց իր գործը: Երբ բոլորովին պատրաստ էր, սկսեց կարդալ միևնույն ձայնով, միևնույն եղանակով, որպես կարդում էր նա եկեղեցում ավետարանը: Հետո մագաղաթի թերթը իր թանաքամանի հետ դրեց մեծ պարոնի առջև: Մնում էր կնքել նրան: Մեծ պարոնը մատը թաթախեց թանաքամանի մեջ, նրանով մրոտեց իր մեծ, քառանկյունի կնիքը, որ մի թելով միշտ կախ տված ուներ գոտիից, և կնքեց հրովարտակի ճակատը: Նրանից հետո ինքը քարտուղարը, Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները, — Վրաստանի այդ հինգ առաջնակարգ պետական մարդիկը, — վավերացրին իշխանական հրովարտակը իրանց կնիքներով:

Եկ, զավակս, — ասաց մեծ պարոնը, դառնալով դեպի պատանին և մագաղաթի թերթը մեկնելով նրան. — բարով վայելես:

Դավիթը մոտեցավ, չոքեց մեծ պարոնի առջև և, նրա հագուստի դրոշակը համբուրելով, ընդունեց հրովարտակը:

ԺԲ

Ես համառոտ կերպով անցա իմ պատմության այն մասը, թե Վրաստան գալուց հետո որպիսի հանգամանքներ նպաստեցին Դավիթ բեկին մտնել իր ասպարեզի այն շավղի մեջ, որ բնական ճանապարհով տարավ նրան դեպի առաջադիմություն և մինչև վրաց մեծ պարոնի երկրորդականը լինելու բարձր աստիճանին հասցրեց նրան: Այժմ կրկին վերադառնալով մեր վեպի ընդհատված տեղը, տեսնենք, թե ինչ կարգադրություններ արեց Դավիթ բեկը իր բարեկամ Ստեփաննոսի նամակը ստանալուց հետո:

Նամակաբերի եկած գիշերվա առավոտյան պահուն Մխիթար սպարապետը, փաթաթված իր երկայն յափունջի մեջ, միայնակ դիմում էր դեպի Բեկի տունը: Խուլ փողոցների մեջ ոչ ոք չէր երևում. բոլորը անձրևի տարափից քաշվել, մտել էին իրանց խրճիթները: Նա գնում էր մեծ անհամբերությամբ: Բեկի արած խոստումը, թե առավոտյան կպատմե նրան Աղասու գալստյան «գաղտնիքը», սաստիկ հետաքրքրում էր նրան: Ի՞նչը կարող էր բերել այդ սյունեցուն վրաց երկիրը, մտածում էր նա, ի՞նչ գործ կարող էր ունենալ այդ ծածկամիտ երիտասարդը Բեկի հետ: Եվ ինչո՞ւ գիշերը, մինչ Բեկի բոլոր հյուրերը ուտում էին, խմում էին, ուրախանում էին, ինքը Բեկը այնպես տխուր էր և գտնվում էր, կարծես, մի տեսակ անհանգիստ մտատանջության մեջ: Անպատճառ պետք է մի բան լինի և գուցե խիստ կարևոր բան, մտածում էր նա, փութացնելով իր քայլերը դեպի Բեկի տունը, և անցնելով ցեխով պատած փողոցների միջով:

Հաջորդ էջ