Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Չկարծեմ, որովհետև Բեկը վաղուց խոսում էր ուխտագնացության մասին, իսկ մեծ պարոնը միշտ հետ էր գցում: Առաջ նա սուրբ տեղերի անունով դիտավորություն ուներ ճանապարհորդել Հայաստան, նրա դրությունը անձամբ հետազոտել և հետո սկսել գործը, իսկ այժմ հանգամանքները շտապեցրին նրան:

Այդ ե՞րբ:

Դեռ մի տարի առաջ, երբ տակավին Սյունյաց աշխարհից այդ նամակները չէին ստացված:

Զարմանալի ծածկամիտ մարդ է եղել այդ Բեկը. — ասաց իշխանը գլուխը շարժելով. — ես մինչև այսօր հավատացած էի, որ նա ինձանից ոչինչ գաղտնիք չունի, բայց հիմա ուրիշ կեպով է դուրս գալիս: Մի տարի առաջ նա մտածում էր մի խաբուսիկ ուխտագնացության վրա, իսկ այդ մասին դեռ ոչինչ չգիտեմ:

Գուցե այժմս էլ ես և դու շատ բաներ չգիտենք, ինչ բաների մասին որ մտածում է նա, — պատասխանեց սպարապետը ժպտելով, — բայց պետք է հավատանք, որ նրա վարմունքները, ինչ տեսակ և լինեին նրանք, անկեղծ են և գործի օգտին են ծառայում: Այս պատճառով, մենք նրանից խիստ պահանջող չպիտի լինենք, և պիտի բավականանանք այնքանով միայն, որքան որ նա հարկավոր է համարում մեզ հաղորդել: Նրա ազնվությունը մեծ երաշխավորություն է, որ նա չի խաբի մեզ: — Կարծեմ դու ինձ հետ կհամաձայնվես, որ նա չափազանց ազնիվ մարդ է:

Բոլորովին համաձայն եմ, — պատասխանեց իշխանը, — նա ավելի ազնիվ է, որքան հարկավոր է, որ մարդս լինի ազնիվ:

Րոպեական մտածությունից հետո հարցրեց նա. — իսկ այդ պարոնները ի՞նչ անունով պիտի գան մեզ մոտ:

Դարձյալ ուխտագնացության անունով, — պատասխանեց սպարապետը: — Իբրև հայ, Էջմիածին գնալու համար, ոչ ոք նրանց մասին կասկած չի տանի: Բացի դրանից, մի ուրիշ բանկ կա. այդ պարոնները թեև այստեղ զանազան պաշտոններ ունեն, բայց բոլորն էլ գտնվում են Բեկի հովանավորության ներքո և կազմում են նրա թիկնապահների խումբը: Այս մտքով Բեկը շատ պատճառներ ունի նրանց իր հետ տանելու: Իհարկե, նա իր պատվի ու աստիճանի համեմատ պիտի ունենա իր թիկնապահները, իր սվիտան, և քառասուն մարդը շատ չէ նրա համար:

Իհարկե շատ չէ և ցանկացողները քառասուն մարդից ավել չեն լինի, — ասաց իշխանը: — Բայց դու գիտե՞ս, թե ումը հանձվեցավ Բեկի պաշտոնը:

Արչիլին, միայն առժամանակյա կառավարության համար, — պատասխանեց սպարապետը: — Բայց պետք է խոստովանած, որ Բեկը այդ մի քանի տարվա ընթացքում այնքան բարեկարգեց Վրաստանը, այնքան լավ կարգի գցեց նրա խանգարված գործերը, որ այսուհետև շատ հեշտ է կառավարել նրան, միայն թե կառավարիչները աշխատեին պահպանել այն, ինչ որ նա հիմնեց: Բայց ես հավատացած եմ, որ նրա բացակայության ժամանակ կրկին ամեն ինչ տակնուվրա կլինի:

Իսկ ի՞նչ կարգադրություններ արեց Բեկը իր կալվածների և գյուղերի վերաբերությամբ, — հարցրեց իշխանը:

Ոչինչ, նա իր կալվածների մասին ամենևին չի էլ մտածում, բոլորը թողնում է:

Վատ չէր լինի, եթե ծախեր, գուցե փողերը մեզ պետք կգային:

Միևնույնը ես առաջարկեցի նրան, — ասաց սպարապետը, — բայց նա ինձ պատասխանեց, թե «պատերազմի գործը պետք է պատերազմով սնանվի»:

Այսուամենայնիվ, սկզբում միջոցներ հարկավոր են:

— «Ինձ խիստ փոքր միջոցներ հարկավոր են գործը սկսելու համար, իսկ այդ միջոցներն ունեմ ես», — ասում է Բեկը: — Եվ իմ կարծիքով, նրա անձնավստահությունը շատ ուղիղ է: Կալվածների վաճառելը կարող էր միայն կասկած հարուցանել և փչացնել այն ծրագիրը, որ կազմել է նա: Իսկ գործի սկսելու համար ես էլ համաձայն եմ նրա հետ, որ մեծ միջոցներ պետք չեն: Աղեքսանդր Մակեդոնացիները, Լենկ-Թեմուրները, Չինգիս-խանները իրանց հետ գանձ չէին ման ածում, այլ կերակրվում էին իրանց սրով:

Բայց եթե մենք չգտնենք Հայաստանում այն նախապատրաստությունները, որ խոստանում են մեզ Սյունյաց աշխարհից ստացված նամակներով, — այն ժամանակ, կարծեմ, բանը կդժվարանա և փոքր միջոցներով մի նշանավոր գործ կատարել անհնարին կլինի, — ասաց իշխանը:

Ես ավելի, քան թե դու, սիրելի Բայինդուր, սովորած եմ թերահավատությամբ վերաբերվել դեպի անակնկալ բախտի հաջողությունը, — պատասխանեց սպարապետը, — իսկ այդ գործում համոզված եմ, եթե Սյունյաց աշխարհում ոչինչ նախապատրաստություններ ևս չլինեն, մեզ դարձյալ կհաջողվի: Դու քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե հայերի սրտում բոլորովին չէ հանգած հայրենասիրության կայծը, այլ հանգամանքներից փոքր-ինչ նսեմացած է միայն. բավական է փչել նրա վրա և իսկույն կբորբոքվի, կբոցավառվի... Դրանք քո խոսքերն են: Իսկ բոցավառվել, բորբոքել հայրենասիրության սրբազան հուրը` մենք կարող ենք: Եվ այդ կլինի գործի հաջողակ սկիզբը. իսկ վաճխանը աստուծո ձեռքումն է: Ես այնքան հավատում եմ Հայաստանի աստղին, որքան հավատում եմ, թե կա երկնքում մի արդար դատավոր, որը վերջապես կլսե թշվառի ձայնը և նրան ուժ ու զորություն կտա փշրելու ամբարտավան բռնակալի եղջյուրները:

Նրանք դեռ երկար խոսում էին և խորհում էին միմյանց հետ, մինչև զարմացած նկատեցին սենյակի նեղ լուսամուտներից վաղորդյան արեգակի ճառագայթները: Այժմ միայն հասկացան, որ ողջ գիշերը լուսացրել են:

ԺԵ

Վերջին օրերում Դավիթ բեկը սաստիկ զբաղված լինելով իր հայրենիքը գնալու պատրաստություններով, համարյա մոռացել էր այն, ինչ որ նրա սրտին ավելի մոտ էր, ինչ որ նրա համար ավելի թանկագին էր: Նա մոռացել էր գեղեցիկ Թամարին: Հայրենիքի ազատության բաղձանքը այն աստիճան տիրել էր նրա սրտին, այն աստիճան լարել էր նրա ամբողջ մտավոր զորությունը, որ նա գտնվում էր մի տեսակ հոգեկան հափշտակության մեջ, որ հասցնում էր ինքնամոռացության, և ամեն առարկա, ամեն մտածություն, որ չէր նպաստում այդ գաղափարին, նրա համար ոչ միայն նշանակություն չուներ, այլ նրա վրա ուշադրություն անգամ դարձնել ավելորդ էր համարում:

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները կարգի դնելուց հետո, մի գիշեր, առանձնացած իր ննջարանում, գրում էր նա իր բարեկամ Ստեփաննոսից ստացած նամակի պատասխանը: Նամակաբեր Աղասին, ճանապարհի հագուստով, Բեկի ընդունարանում սպասում էր, որ նամակը վերջացնե, իրան տա և ինքը իսկույն ճանապարհ ընկնի: Նրա թամքած ձին բակում պատրաստ կանգնած էր:

Իր նամակի մեջ Բեկը հայտնում էր օրը, ժամը, երբ կթողնե Վրաստանը և կուղևորվի դեպի հայրենիքը: Հայտնում էր անունները այն քաջերի, որոնք իր հետ պիտի լինեն: Մանրամասնաբար պատվերներ էր տալիս այն զգուշությունների մասին, որ պետք էր գործ դնել իրան ընդունելու ժամանակ, որպեսզի իր ներկայությունը Սյունյաց աշխարհում սկզբում բոլորովին գաղտնի պահվեր: Նշանակում էր տեղը, ուր առաջ պիտի տեսնվեր «միմիայն» Ստեփաննոսի հետ, ապստամբության սկզբնական գործողությունների մասին խորհելու համար: Որոշում էր օրը, որ նա պիտի սպասե իրան նշանակյալ տեղում: Վերջացնում էր նամակը, հայտնելով, թե Սյունյաց աշխարհից ստացած եպիսկոպոսների, հոգևոր առաջնորդների, մելիքների և տանուտերների հանրագրի պատասխանը չգրեց, գլխավորապես այն պատճառով, որ այսքան անձինքների մեջ որևիցե խորհուրդ իբրև գաղտնիք պահպանել անհնարին էր:

Երբ կնքում էր նամակը, հանկարծ նրա ձեռքերը դողացին, և դեմքը սպիտակ կտավի նման գունաթափվեցավ: Այս ժամանակ միայն նա մտաբերեց գեղեցիկ Թամարին: Այդ նամակը վճռում էր նրանց միմյանցից անջատումը և գուցե հավիտյան անջատումը... Հանկարծակի հարվածք ստացած մարդու նման սարսափելի խռովության մեջ ընկավ: Նա, կարծես, տեսնում էր սիրած աղջկա արտասվալից աչքերը և լսում էր նրա աղաչավոր ձայնը. «Ո՞ւր ես գնում... ինձ ինչո՞ւ ես թողնում... մի՞թե այդ էր մեր ուխտը... մեր պայմանը...»:

Նամակը մի կողմ դնելով, նա ձեռքը տարավ դեպի ճակատը, աչքերը ծածկեց իր մտածությունները ավելի ամփոփելու համար: Ամբողջ տարիների ընթացքում պատահած անցքերի մի երկար շարք, իրանց տխուր և ուրախ գույներով, նկարվեցան նրա աչքի առջև: Նա հիշեց այն թանկագին ժամերը, որ անցուցել էր Թամարի հետ, հիշեց այն անսահման սերը, այն քնքուշ, հրեշտակային մխիթարությունը, որով նա քաղցրացնում էր իր կյանքի դառնությունը օտար աշխարհի պանդխտության մեջ: Եվ այդ սերը ավելի մեծ արժեք ուներ նրա համար գլխավորապես այն պատճառով, որ նազելի, իշխանական օրիորդը սիրեց նրան իր վիճակի ամենաթշվառ ժամանակում, երբ ինքը մի աննշան հովիվ էր, երբ նրա սպասավորը լինելու արժանավորություն չուներ: Իսկ այժմ իր փառքի ամենաբարձր աստիճանին հասած, երբ կարող էր բախտավորեցնել Թամարին, թողնել նրան, գնալ, և գուցե հավիտյան բաժանվել նրանից, — այդ ծանր էր, սաստիկ ծանր մի զգայուն սրտի համար, որպիսին էր Բեկի սիրտը: Ի՞նչ ասել, ինչպե՞ս բացատրել Թամարին իր գնալու նպատակը, ի՞նչ խոսքերով հանգստացնել նրան: Նրան խո չէ՞ր կարելի խաբել, թե ուխտ եմ գնում և շուտով կվերադառնամ: Նրան պետք էր պարզ ասել, թե գնում եմ կրակի և արյան մեջ, — գնում եմ սարսափելի վտանգների և փորձանքների հետ պատերազմելու: Արդյոք կդիմանա՞ր սիրող օրիորդի քնքուշ սիրտը այդ սոսկալի խոսքերին: Արդյոք ինքն այնքան ուժ և կամքի հաստատություն կունենա՞ր, որ հաղթեր իր զգացմունքներին, որ չըկնճվեր նրա արտասուքի առջև, երբ լսելու լիներ այդ խոսքերը. «Ա՜խ, մի՜ գնա... եթե քեզ մի օր չտեսնեմ, ես կմեռնեմ...»:

Հարյուրավոր այս տեսակ հարցեր ծագեցան նրա մտքում, խռովում էին, տակնուվրա էին անում նրա սիրտը, և այն մարդը, որ մինչև այսօր ոչ մի դժվարության առջև խոնարհված չէր, այժմ գտնվում էր շվարած, շփոթված և բոլորովին անել դրության մեջ:

Ո՜չ, — ասաց ինքնիրան երկար մտատանջությունից հետո, — Թամարը բարձր է բոլոր կանացի թուլություններից, ես այդ մտածություններով ստորացնում եմ նրա արժանապատվությունը: Նա ինքը կներշնչե իմ մեջ իր հոգին. նա ինձ ուժ և զորություն կտա հաջողությամբ կատարելու այն մեծ գործը, որի համար հայրենիքը կոչում է ինձ:

Այդ խոսքերից հետո նա վեր առեց նամակը և կնքեց: Հետո ներս կանչեց Աղասուն, որ ընդունարանում սպասում էր:

Դու բոլորովին պատրա՞ստ ես, — հարցրեց նրանից:

Պատրաստ եմ, ձին բակումը սպասում է, այս րոպեիս կարող եմ ճանապարհ ընկնել, — պատասխանեց սուրհանդակը, ընդունելով նամակը և դնելով իր կաշյա թղթապահի մեջ:

Գիտե՞ս, Աղասի, — ասաց նրան Բեկը, — եթե դու այդ նամակը կորցնելու լինես, եթե դա մեր թշնամիների ձեռքը անցնելու լինի, այն ժամանակ շատ բան կկորցնենք:

Այդ մասին անհոգ կացեք, տեր իմ, Աղասին երեխա չէ: Տեսնո՞ւմ եք այս հագուստը, որի մեջ մտել եմ, այս հագուստով ես անհուն գազանների բանակի միջով կարող եմ անցնել և հասնել մինչև մեր երկիրը:

Նա ոտքից ցգլուխ հագնված էր լեզգու ձևով:

Ուրեմն մի ուշացիր, բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ, — ասաց Բեկը, տալով նրան մի քանի ոսկիներ` ճանապարհին ծախսելու համար:

Պետք չէ, — պատասխանեց Աղասին հրաժարվելով, — եթե -ճանապարհին փող հարկավոր լինի, ես կարող եմ ճարել:

Ի՞նչ կերպով:

Մեկի վզակոթին կտամ ու ձեռքից կառնեմ:

Այդ լավ չէ, Աղասի, — ասաց Բեկը ծիծաղելով:

Ո՞վ է ասում, որ լավ է, բայց ի՞նչ պետք է արած, այդ իմ սովորությունն է... — պատասխանեց քաջասիրտ ավազակը, և խոնարհվելով գրկեց Բեկի ոտները:

Մի՜ ուշացեք, տեր իմ, շուտ եկեք, ամեն մի կորցրած րոպեն թանկ է մեզ համար, — ասում էր նա աղերսելով, — հայոց խեղճ ժողովուրդը սպասում է ձեզ...

Բեկի սաստիկ շարժված այդ խոսքերից, ձեռքը տարավ, վեր բարձրացրեց նրան: Նրա զարմանքը մեծ եղավ, երբ նկատեց երիտասարդի աչքերում արտասուք: Նրա ձեռքը բռնելով, ասաց նրան.

Եթե հայոց բոլոր գյուղացիները քո սիրտն ու քաջությունը կունենային, այն ժամանակ մեր աշխարհը կորած չէր լինի: Գնա՜, դարձյալ բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ: Իսկ ես մի շաբաթից հետո իմ հայրենիքում կլինեմ:

Երիտասարդը, կրկին և կրկին գլուխ տալով, հեռացավ: Դրսում մթին գիշեր էր: Բեկի ծառաները, սպասավորները, աղախինները հավաքված բակում, սպասում էին նրան: Մի քանի օրվա մեջ Աղասին այն աստիճան ընտելացավ նրանց հետ, որ ամենքը խիստ ցավելով բաժանվեցան նրանից: Նա բոլորին մնաք բարով ասելով, խաչակնքեց երեսը, նստեց ձիու վրա և անհետացավ գիշերային խավարի մեջ:

ԺԶ

Մեծ պարոնի տան մեջ արդեն բոլորը խոսում էին Բեկի ուխտագնացության մասին և ոմանք պատմում էին, թե որպիսի ծանրագին ընծաներ է տանում նա հայոց վանքերի ու եկեղեցիների համար: Միայն Թամարը դեռ ոչինչ չէր լսել. բայց նրան սաստիկ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ չէր տեսել իր սիրելիին:

Գիշերից բավական անցել էր. աքաղաղները սկսել էին խոսել: Մեծ պարոնի տան մեջ բոլորը քնած էին, բացի Թամարից: Նա առանց հանվելու պառկել էր իր անկողնի վրա և տխուր մտահոգության մեջ նայում էր ճրագի ճաճանչներին, թե որպես նրանք, իր աչքերը ամեն մի բացուխուփ անելու ժամանակ, զանազան ձևեր էին ստանում: Նրա անկողնի մոտ լուռ կանգնած էր իր մտերիմ աղախինը` Կատոն, և անհամբերությամբ սպասում էր, մինչև օրիորդը քնե, որ ինքն էլ գնա հանգստանա:

Կատո, — դարձավ նա դեպի աղախինը, — այդ ի՞նչ է պատահել, քանի օր է Բեկը չէ երևում:

Կատոն, որի միջնորդությամբ կատարվում էին երկու սիրահարների գաղտնի տեսությունները, ոչինչ գտավ պատասխանելու: Օրիորդի հարցումը բավական անակնկալ եղավ, և աղախինը ամենևին նախապատրաստված չէր մի հարմար պատասխան հորինելու, որպեսզի իր տիրուհուն իսպառ չվհատեցնե:

Ինչո՞ւ չես խոսում, Կատո, քեզանից բան եմ հարցնում, — կրկնեց օրիորդը:

Աղախինը կմկմաց և դարձյալ ոչինչ չկարողացավ խոսել: Այդ ավելի շարժեց օրիորդի կասկածը, և նա գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից, նստեց անկողնի վրա: Ճրագի լույսը այժմ ուղիղ ընկավ նրա գունաթափ երեսի վրա, որ մասամբ սքողված էր գլխի սև մազերով, որոնք խիստ հույսերով թափվել էին նրա կիսաբաց կուրծքի և թիկունքի վրա:

Կատո, ինչո՞ւ չես խոսում, ուղիղն ասա՜, ի՞նչ է պատահել. — դարձյալ հարցրեց օրիորդը այնպիսի մի ձայնով, կարծես, ինքը ավելի վախենում էր այն պատասխանից, որ պիտի տար աղախինը:

Չե՞ք լսել, նա գնում է... — պատասխանեց Կատոն, մտածելով, որ իր աղջիկ պարոնին երկար անգիտակցության մեջ պահելը ավելորդ էր այնուհետև:

Գնո՞ւմ է... — գոչեց օրիորդը սարսափելով. — գնո՞ւմ է առանց ինձ տեսնելու, առանց ինձ մի խոսք ասելո՞ւ... ո՞ւր է գնում... ե՞րբ է գնում...

Խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով: Նա երեսը ծածկեց բարձի վրա, սկսեց դառն կերպով հեկեկալ: Շվարած Կատոն չգիտեր ինչ անել, ինչով մխիթարել նրան: Նա մոտեցավ, աշխատում էր հանգստացնել նրան այս խոսքերով:

Մի՜ լաց լինիք, ցավդ առնեմ, Թամար, նա իր երկիրը ուխտ է գնում, շուտով կվերադառնա: Նա առանց ձեզ տեսնելու, առանց ձեզ հետ խոսելու չի գնա: Հենց այսօր, ճաշին, մեծ պարոնի սենյակից դուրս գալու ժամանակ ինձ ասաց. «Կատո, Թամարին իմացում տուր, որ գիշերը պիտի գամ մնաք բարով ասելու: Բայց ես` հիմարս մոռացա, չհայտնեցի ձեզ:

Կատոն իրանից հնարեց վերջին խոսքերը: Բեկը նրան ամենևին այդպիսի բան ասած չէր: Նա մտածեց օրիորդին առժամանակ միայն հանգստացնել, մինչև կամ ինքը կգնա Բեկին կկանչե, կամ տեսությունը կհետաձգե հետևյալ օրը: Բայց փոխանակ հանգստացնելու, ավելի վրդովեց նրան:

Ո՞ւր է, ապա ինչո՞ւ չեկավ, շուտով կես-գիշեր կլինի, — ասաց նա` գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից և վայրենի հայացքով նայելով իր շուրջը: — Չէ՜, չէ՜, նա չի գա. ես ինքս կգնամ նրա մոտ...

Այս խոսքերը ասելով, կատաղածի պես գլուխը բաց, արձակ մազերով նա դուրս պրծավ սենյակից և անհայտացավ գիշերային խավարի մեջ: Աղախինը վազեց նրա ետևից և հազիվ կարողացավ բռնել, երբ տակավին չէր դուրս եկել տան բակից: — Թամար, ցավդ առնեմ, — աղաչում էր նա իր գրկի մեջ պահած ունենալով ցնորածի պես խելքն ու միտքը կորցրած օրիորդին: — Թամար, այդպես չէ կարելի, ի՞նչ կասեն, եթե փողոցում քեզ կտեսնեն: Այդպես չէ կարելի, Թամար: Բեկը ինքը կգա, անպատճառ կգա:

Աղախինի խոսքերը ամենևին չլսեց օրիորդը. նա այն աստիճան սարսափելի հոգեկան վրդովմունքի մեջ էր գտնվում, գուցե լսեց բոլորը, բայց չհասկացավ: Բորբոքված զգացմունքների կատաղությունը նրան ըմբիշի ուժ և զորություն էր տվել: Կատոն իր զորեղ ձեռքերով չկարողացավ պահել նրան իր գրկի մեջ: Նա դուրս պրծավ և վազեց դեպի բակի դուռը: Բարեբախտաբար դռները բաց էին, եթե ոչ ամբողջ տունը կզարթեցներ նա: (Մեծ պարոնի դռները սովորաբար գիշեր և ցերեկ բաց էին թողնում): Նա անցավ առանց նկատվելու: Պահապանները, կծկված իրանց յափունջիների մեջ, նիրհում էին:

Այդ միջոցին Կատոն շտապով մտավ օրիորդի սենյակը, խլեց այնտեղից մի շալ և վազեց նրա ետևից: Նա գտավ օրիորդին փողոցում, գլուխը բաց, հերարձակ աճապարում էր դեպի Բեկի տունը:

Ծածկվեցեք այդ շալով, ես կտանեմ ձեզ, — կանգնեցրեց օրիորդին և սկսեց փաթաթել նրա գլուխը և ուսերը ընդարձակ շալով:

Փողոցները բոլորովին դատարկ էին և այնքան մութ, որ մի քայլ այն կողմը ոչ ոքին չէր կարելի տեսնել: Նրանք դուրս եկան բնակություններից և անցան դեպի ամայի դաշտը: Այս կողմից ավելի հարմար էր մոտենալ Բեկի տանը, թեև ճանապարհը բավական հեռու էր: Բայց ահագին տարածությունը անցան նրանք մի քանի րոպեի մեջ և շուտով հասան Բեկի տան պարտեզի ցանկապատին, որ հյուսված էր փշոտ մացառներից: Օրիորդը մոտեցավ ցանկապատին, կամենում էր վեր բարձրանալ նրա վրա և իջնել պարտեզի մեջ: Պարտեզի կողմից մուտքը դեպի Բեկի սենյակը ավելի ապահով էր. տանեցիներից ոչ ոք չէր տեսնի նրանց:

Այդ ի՞նչ եք անում, դուք բոլորովին կծակոտեք ձեր մարմինը, — ասաց աղախինը` բռնելով օրիորդի փեշից, որ արդեն կատվի նման ճանկռտում էր փշոտ ցանկապատը:

Բայց օրիորդի խռովությունը թույլ չտվեց լսել աղախնի զգուշացնող ձայնը. նա արագությամբ ցանկապատից ցատկեց մյուս կողմը, իջավ պարտեզի մեջ: Աղախինը նույնպես հետևեց նրա օրինակին, սաստիկ ծակոտելով իր ձեռքերը:

Պարտեզի ամեն մի ճեմելիքները, ամենափոքրիկ շավիղներն անգամ ծանոթ էին Թամարին: Նա դիմեց ուղիղ դեպի այն կողմը, որտեղ բացվում էին Բեկի ննջարանի լուսամուտները: Նա ուրախացավ և ավելի փութացրեց իր քայլերը: Լուսամուտներից ճրագ էր երևում: Ուրեմն նա տանն էր, և եթե տանն էր, դեռ քնած չէր: Օրիորդի սիրտը սկսեց սաստիկ բաբախել, փոքր էր մնում, որ շնչասպառ լինի: Բայց դարձյալ նա շարունակեց իր շտապ քայլերը և մոտեցավ լուսամուտներին, որոնք բավական բարձր էին:

Կատո, — ասաց աղախինը, — կարո՞ղ ես ինձ փոքր-ինչ բարձրացնել, որ գլուխս հասնի լուսամուտին:

Կարող եմ, դուք միայն ձեր ոտները դրեցեք ափերիս մեջ և բարձրացեք ուսերիս վրա. ես կկանգնեմ պատի մոտ, ուղիղ լուսամուտի ներքևը:

Կատոն երկու ձեռքերի մատները միմյանց հետ հյուսելով, կազմեց շարժական սանդուղքի առաջին աստիճանը: Օրիորդը մի ոտքը նրա վրա դնելով, մյուսը դրեց նրա ուսի վրա, և իր ձեռքերով պատը բռնելով, բարձրացավ մինչև լուսամուտը: Սկսեց այնտեղից նայել: Ոչինչ չէր երևում, որովհետև լուսամուտի փեղկերը ապակու փոխարեն պատած էին թղթով: Նա իր մատով զգուշությամբ մի փոքրիկ ծակ բաց արեց թղթապատի մեջ: Այդ գործողությունը կատարվեցավ միևնույն րոպեում, երբ Բեկը իր երկար տենդային մտատանջությունից հետո, վերջապես վճռեց կնքել նամակը և հանձնել Աղասուն:

Օրիորդը դեռ նայում էր իր դիտարանից: Նա տեսնում էր, թե ո՜պես Բեկը սուրհանդակի գնալուց հետո սաստիկ հուզված էր, ո՜րքան օտարոտի կերպով վառվում էին նրա վրդովմունքով լի աչքերը, ո՜րքան անհանգիստ կերպով նայում էր նա թղթերի մի կապոցի վրա, որ դրած էին նրա մոտ: Հետո տեսավ, թե ինչպես նա մոտեցավ ճրագին և սկսեց գրել: Որքա՛ն գունաթափ, որքա՛ն սոսկալի էր նրա դեմքը ճրագի լույսի առջև:

Օրիորդը երկար նայել չկարողացավ: Նրա ոտները դողդողացին, փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր: Նա լարեց իր վերջին ուժերը, մի ձեռքով պատը բռնելով, մյուս ձեռքով սկսեց բախել լուսամուտը: Բեկը ոչինչ չլսեց: Նա սաստկացրեց զարկը: Բեկը այժմ լսեց, բայց կարծելով, թե քամին է, դարձյալ շարունակեց իր գրելը: Քանի րոպեից հետո նա լսեց իր անունը. — «Դավի՛թ»... Ծանոթ ձայնի մեղմ հնչյունները, կարծես, հասան մինչև նրա սրտի խորքը: Նա մի կողմ ձգեց գրիչը և շտապով վազեց դուռը բաց անելու:

ԺԷ

Բեկը ամենը հասկացավ: Թամարի խառնված գիսակները, ծվատված, արյունոտ ձեռքերը, ցեխոտված, փոշոտված հագուստը, գունաթափ դեմքը, բոցավառ աչքերը ավելի պարզ խոսում էին այն սաստիկ հոգեկան վրդովմունքի մասին, որ նրան այն ահագին գիշերային պահուն բերել էր իր բնակարանը: Նա խելագարի նման կախվեցավ Բեկի պարանոցից և երկար բաց չէր թողնում իր գրկից: Սրտի սաստիկ հուզմունքը խլել էր նրանից լեզվի ընդունակությունը. նա մի բառ անգամ չկարողացավ արտասանել. միայն ալեկոծված կուրծքից երբեմն դուրս էին թռչում խուլ հառաչանքներ և լսելի էին լինում մթին, անորոշ բացագանչություններ: Աչքերում արտասուք չկար:

Եթե կարողանայի լաց լինել, ես կհանգստանայի, — ասաց նա, թաքցնելով իր երեսը Բեկի կուրծքի վրա:

Երիտասարդը նույնչափ խռովության մեջ լինելով, ոչինչ չպատասխանեց, միայն նստեցրեց նրան թախտի վրա, ինքն էլ տեղավորվեցավ նրա մոտ, օրիորդի դողդոջուն ձեռքերը բաց չթողնելով իր ձեռքերի միջից:

Դու ամեն բան լսել ես, Թամար, բոլորը գիտես, — վերջապես խոսեց նա բավական հանգիստ ձայնով: — Դու ուրիշներից լսեցիր այն, ինչ որ ես ուղղակի պիտի ասեի քեզ: Այդ մի կողմից լավ է, որ դու արդեն նախապատրաստված ես, որ դու արդեն փորձել ես դառն տանջանքի ամենածանր մասը: Բայց ես ավելին պիտի ասեմ քեզ, և հավատացա եմ, որ դու այնքան սրտի ամրություն ունես, որ սառնությամբ կլսես ինձ: Մի կողմ դնենք մեր զգացմունքների թուլությունները, որ կարողանանք հասկանալ միմյանց:

Օրիորդը գլուխը քարշ գցած լսում էր: Բեկը շարունակեց:

Դու դեռ բոլորը չգիտես, Թամար, դու լսել ես միայն, որ ես գնում եմ, բայց ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար, — այդ չգիտես դու: Ես բոլորը կասեմ քեզ, հավատացած լինելով, որ քեզ հայտնած ամեն գաղտնիք, դարձյալ իմ սրտումը կմնա: — Ես գնում եմ իմ հայրենիքը, Թամար, և գուցե հավիտյան բաժանվում եմ քեզանից, գուցե այլևս չպիտի տեսնենք միմյանց: Ես զգում եմ, թե այդ խոսքերը որքան ծանր են քո սրտին, զգում եմ, թե որքան դառն պիտի լինի քեզ համար ինձանից բաժանվելը: Բայց ես հենց քեզ դատավոր պիտի ընտրեմ, և գիտեմ, որ արդար դատավոր կլինես: Եթե դու ասելու լինես` «միգնա», — ես չեմ շարժվի իմ տեղից: Կամենո՞ւմ ես դատավոր լինել:

Խոսիր, — ասաց օրիորդը գլուխը վեր բարձրացնելով:

Մենք սիրում ենք միմյանց, Թամար: Ես այդ «սիրում ենքը» այդպես եմ հասկանում, թե մեր երկուսիս մեջ կա մի սիրտ, կա մի հոգիայն, ինչ որ կրոնավորը այր և կնոջ մասին ասում է` երկու անձինք մի մարմնի մեջ միացած: Եթե այդպես է, եթե մենք երկուսս միևնույն հոգին, միևնույն սիրտն ենք կրում, ուրեմն, ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում, իսկ դու պիտի սիրես այն, ինչ որ ես եմ սիրում: Ուրիշ կերպ ներդաշնակություն կայանալ չէ կարող: — Այդպե՞ս է:

Այդպես է, — պատասխանեց օրիորդը: — Հիմա այն ասա՜, թե ի՞նչ ես սիրում դու, որ ես էլ նույնը սիրեի:

Ես սիրում եմ իմ հայրենիքը և իմ ազգը: Ես իմ անձի մասին շատ բան պատմել եմ քեզ, Թամար, դու գիտես իմ կյանքի բոլոր մանրամասները, սկսյալ իմ մանկությունից մինչև այժմ: Բայց իմ ազգի, իմ հայրենիքի մասին դեռ ոչինչ չեմ պատմել քեզ: — Եվ նա սկսեց նկարագրել Հայաստանը այնպիսի ազդու, կենդանի գույներով, որ չէր կարելի սառնասրտությամբ լսել: Նկարագրեց նրա անցյալ փառքը և ներկա անբախտ դրությունը: Նկարագրեց մահմեդականների անգութ բարբարոսությունները և ստրուկ ժողովրդի սարսափելի նեղությունները: Եվ որպես կնոջ` Թամարի զգացմունքների վրա ավելի ազդելու համար, նկարագրեց հայ կնոջ թշվառ վիճակը. — կինը այնտեղ իր ամուսնի սեփականությունը չէ, պատահած սրիկան կարող է նրան իր կրքերին ծառայեցնել: Մի փոքր ընդդիմությունը բավական էր, որ մոր երեխան իր կուրծքի վրա մորթեին: Աղջիկը այնտեղ իր տասն տարեկան հասակում զոհ է դառնում մի որևիցե անզգամի բռնաբարությանը: Նրան խլում են հայրենական օջախից և ոչխարի նման վաճառում են, կամ բարեկամը բարեկամին ընծա է ուղարկում:

Եվ ուրիշ շատ սոսկալի դեպքեր պատմելով ժողովրդի ընտանեկան և տնտեսական դրությունից, նա ասաց.

Ահա այդ ողորմելի ժողովուրդը փրկություն է որոնում, աշխատում է ազատվել բռնակալի լծից և ինձանից օգնություն է խնդրում: — Ի՞նչ ես ասում, Թամար, գնա՞մ, թե ո՜չ, ես սկզբից քեզ դատավոր ընտրեցի:

Գնա՜, աստված քեզ հետ, — պատասխանեց օրիորդը և միևնույն ժամանակ նրա դեմքը, որ մինչև այն րոպեն տխուր էր, պայծառացավ խիստ ուրախ զվարթությամբ: — Բայց ես քեզանից մի բան պիտի խնդրեմ, Դավիթ, պետք է ինձ էլ քեզ հետ տանես: Դու ինքդ ասացիր, որ ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում: Ես սիրեցի քո ազգը և քո հայրենիքը: Ինչո՞ւ միասին չկռվենք, ինչո՞ւ միասին չմեռնենք:

Այդ շատ գեղեցիկ կլիներ, Թամար, բայց ես ցավում եմ, որ կռվի արյունոտ դաշտը կնիկների համար չէ:

Ես գիտեի, որ այդպես պիտի ասես, — խոսեց օրիորդը փոքր-ինչ վիրավորված եղանակով: — Բայց դու ինձ բավական ճանաչո՛ւմ ես, Դավիթ: Դեռ փոքրիկ աղջիկ էի, սիրում էի լեռը, դաշտը, անտառը: Դու շատ անգամ տեսել ես ինձ միայնակ լեռների մեջ, երբ դեռ հովիվ էիր: Գազանների մռնչյունը, հեղեղատների կատաղի հոսանքը չէր վախեցնում ինձ: Ինձ միշտ մեծ զվարճություն էր պատճառում, երբ անապատում գտնված ժամանակ մրրիկի կամ փոթորիկի էի հանդիպում: Դեռ տասն տարեկան հազիվ կլինեի, որ հայրս ինձ ձիու վրա նստեցնելով, տանում էր իր հետ որսորդության: Շատ անգամ անձրևից թրջված, կարկուտից ծեծված, տուն էի վերադառնում: Գուցե ես այսպես չդաստիարակվեի, եթե մայրս վաղ մեռած չլիներ: Բայց խորթ մոր անհոգությունը ավելի ազատություն էր տալիս ինձ: Ես աճեցի, զարգացա, որպես մի վայրենի եղջերու: Բոլոր հեքիաթների, բոլոր պատումների մեջ ինձ ոչինչ այնքան չէր հետաքրքրում, որպես լեզգիների, չեչենների և չերքեզների կնիկների սովորությունները: Ես հիանում էի նրանց քաջագործությունների պատմությունները լսելիս, և միշտ մի առանձին նախանձով ասում էի ինձ ու ինձ. «Ի՞նչու ես էլ լեզգու կամ չերքեզի աղջիկ չեմ»: Այդ բոլորը դու ինքդ լավ գիտես, Դավիթ: Հիշո՞ւմ ես, շատ անգամ ասում էիր ինձ. «Ես սիրում եմ քեզ, Թամար, ավելի նրա համար, որ իշխանական տան թուլությունների մեջ չփչացար դու»: Այժմ ի՞նչ ես կարծում, թե ես քեզ հետ գալով, կարող եմ քո վրա մի ծանր բեռ դառնալ:

Բեկը մեծ ուրախությամբ լսում էր մանկահասակ հերոսուհու խոսքերը, հիանում էր նրա սրտի անկեղծ զեղմունքով: Նա գիտեր բոլորը, ինչ որ այնպես հպարտությամբ պատմում էր Թամարը, ճշմարիտ էր: Բայց տանել իր հետ նրան, սարսափելի փորձանքների ենթարկել այդ պատվական գանձը, նա անկարող էր: Օրիորդը նկատելով նրա լռությունը, երես առած երեխայի նման, կախվեցավ նրա պարանոցից, և անհագաբար նրա երեսը, աչքերը, շրթունքը համբուրելով, սկսեց ավելի և ավելի թախանձել նրան, ասելով.

Տա՜ր, քո հոգուն մատաղ, ինձ էլ տա՜ր, աղաչում եմ, խնդրում եմ, պաղատում եմ, ինձ էլ տար: Մի քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե ինչ որ դու սիրում ես, ես էլ պիտի սիրեմ, թե մեր երկուսի մեջ միևնույն սիրտը պետք է լինի: Ինչո՞ւ ես էլ չպիտի սիրեմ քո հայրենիքը, երբ որ դու սիրում ես. ինչո՞ւ ես էլ չպիտի արյուն թափեմ նրա համար, երբ դու քո արյունը զոհում ես: Չէ՞ որ մեր երկուսի մեջ միևնույն սիրտն է բնակվում:

Բեկը վերջին խոսքից բռնելով, պատասխանեց նրան:

Հենց այդ պատճառով, էլ մեր երկուսիս մեջ միևնույն սիրտն է բնակվում, հենց այդ պատճառով, որ մենք երկուքս մի մարմին ենք կազմում, քո ինձ հետ լինելը ավելորդ է, այսինքն կամենում եմ ասել` իսկապես դու ինձ հետ կլինես: Որովհետև ես սրտով, հոգով, մարմնով բաժանված չեմ լինի քեզանից: Դարձյալ քո հոգին պիտի ոգևորե ինձ, դարձյալ քո սիրտը պիտի սիրտ տա ինձ: Ես պիտի ուժ և զորություն ստանամ, միշտ այն տպավորության տակ գտնվելով, թե Թամարը ինձ հետ է: Մի՞թե դու չես հավատում այդ խոսքերին, որ այդ իսկապես այդպես է: Մենք հրեշտակներին չենք տեսնում, բայց հավատացած ենք, որ նրանք աներևութապես գործում են մեզ հետ. օգնում են մեզ, երբ նրանցից օգնություն ենք խնդրում, զորություն են տալիս մեզ, երբ նրանց աջակցությանն ենք դիմում: Դու կլինես իմ պահապան հրեշտակը, Թամար, դու այստեղից ևս կարող ես հովանավորել և պաշտպանել ինձ: Դու գիտե՜ս, Թամար, որ ես մինչև այսօր կատարած իմ ամենամեծ հաղթություններով պարտական եմ քեզ, միայն քեզ: Երբ ես վերադառնում էի կռվի դշտից գերիներով և պատերազմական անհուն ավար ինձ հետ բերելով, ոչ մի վարձատրություն, ոչ մի գովասանք ինձ համար այնքան քաղցր, այնքան թանկագին չէր, որպես քո ժպիտը, որպես քո համբույրը, Թամար, երբ ինձ գրկելով ասում էիր. «Իմ քա՛ջ, իմ հերոս...»: Այդ խոսքերը լցնում էին իմ սիրտը անսահման բերկրությամբ, ինձ ավելի ուժ և զորություն էին տալիս, երբ մտածում էի, թե կա մեկը, որ անկեղծությամբ համակրում է իմ գործունեությունը, և ես աշխատում էի քեզ ավելի ու ավելի հաճելի լինել, և ավելի մեծ գործեր գործել: Եվ իմ այժմյան արշավանքը դեպի իմ հայրենիքը դարձյալ քո սիրո համար է, Թամար: Լսիր, այդ մասին մի փոքր երկար պիտի խոսեմ քեզ հետ:

Իմ կյանքի պատմությունը ուսուցել է ինձ հավատալ ճակատագրին, հավատալ բախտին: Իմ նախազգացումները միշտ կատարված են եղել, երբ ես մի բանի վրա հույս և հավատ եմ ունեցել: Մենք սիրեցինք միմյանց դեռ այն ժամանակ, երբ ես հովիվ էի: Այդ իմ կողմից մի տեսակ լրբություն էր, բայց ես հավատացած էի, որ իմ վիճակը կբարձրանա և քեզ արժանի կլինեմ: Այդպես էլ եղավ: Անակնկալ դեպքեր ինձ հաջողեցրին մտնել պալատը և քեզ ավելի մոտ լինել: Ես դեռ խիստ ստոր աստիճանի վրա էի կանգնած, երբ քո խորթ մայրը աշխատում էր քեզ ձգել իմ գիրկը, որպեսզի ինքը ավելի դյուրություն ունենա իր հարազատ աղջիկը տալ Լևանին, որ քեզ սիրում էր: Բայց ես միշտ հետաձգում էի մեր ամուսնությունը, որովհետև ինձ դեռ բավական անարժան էի համարում քո ամուսինը լինելու: Այնուհետև իմ դիրքը շատ բարձրացավ, բայց ես դարձյալ մնացի այն համոզմունքի վրա, թե դեռ մի բան, և ամենագլխավոր բանը պակաս է: Այժմ մնում է լրացնել այդ պակասը: Ես վաղուց մտածում էի իմ հայրենիքի մասին, բայց սպասում էի, մինչև հաջող հանգամանքները նպաստեին իրագործելու իմ նպատակը: Այժմ հանգամանքները նպաստավոր են, և ես դիմում են այն նպատակին: Ազատել հայրենիքս, ազատել իմ ազգը և Հայաստանի թագուհու թագը քո գլխին դնել, — ահա այն մեծ նպատակը, Թամար, որի մասին խոսում եմ: Ես այն ժամանակ միայն պիտի պսակվեմ քեզ հետ, երբ հայոց թագավորների և թագուհիների թագերով կպսակեն մեզ: Այդ ցնորք չէ, Թամար, դա կախված է իմ քաջությունից և իմ սրի հաջողությունից: Իսկ քո սերը բավական է, Թամար, որ վառե իմ քաջությունը, որ առաջնորդե ինձ, որ լուսավորե իմ ճանապարհը այն հրեղեն սյունի նման, որ աստված ուղարկեց Իսրայելը Եգիպտոսի գերությունից ազատող Մովսեսի ճանապարհը լուսավորելու համար:

Next page