Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Մի ուրիշը Թամարի տեղ, լսելով այդ խոսքերը, կգրկեր իր սիրելիին, կհամբուրեր նրան, անվերջ, անթիվ կերպով կհամբուրեր, կթափեր նրա առջև իր հոգու ամենաջերմ զգացմունքները, և մարդկային լեզվի ամենաբարձր, ամենավսեմ խոսքերով կհայտներ իր սրտի անսահման ուրախությունը, թե որքան բախտավոր է ինքը, թե որքան երջանիկ է, որ ունի մի այսպիսի քաջ, անձնվեր և ազնիվ տղամարդ: Բայց Թամարը իր սովորական գեղեցիկ ժպիտը գեղեցիկ դեմքի վրա, դարձավ դեպի Բեկը, ասելով. — Այդ բոլորը շա՛տ լավ է, շա՛տ սքանչելի է, բայց ես դարձյալ կրկնում եմ իմ աղաչանքը, որ ինձ էլ քեզ հետ տանես, որ ես էլ մաս ու բաժին ունենամ այն սուրբ գործի մեջ, որ պիտի կատարես դու:

Անկարելի է, Թամար: Եթե մի բան, որ պիտի խնդրեմ քեզանից իմ բաժանման րոպեում, թող այդ լինի. մնացի՜ր քո հոր տանը: Պատերազմական գործն ունի իր այլ և այլ խորամանկությունները: Դու բոլորովին կփչացնես իմ կարգադրությունները, եթե ինձ հետ գալու լինես: Պատճառները կբացատրեմ քեզ: Դու գիտես, որ ես հեռանում եմ այստեղից ուխտավորի անունով: Իբրև ամուսին քեզ ինձ հետ տանել չեմ կարող, որովհետև դու դեռ իմ նշանածն ես: Իսկ եթե իբրև նշանած տանելու լինեմ, դա մի կողմից անպատշաճ է, մյուս կողմից, հազիվ թե թույլ կտային: Բայց եթե թողնելու ևս լինեին, անպատճառ կշրջապատեին քեզ մի ամբողջ խումբ կնիկներով, աղախիններով և ծառաներով: Դրանց մոտ կբացվի իմ հնարած ուխտագնացության գաղտնիքը, որը ես ամենայն զգուշությամբ պետք է ծածուկ պահեմ: Մնում է մի ուրիշ հնար, այն է` քեզ փախցնել այստեղից: Այդ ես կանեի, բոլորովին ուշադրություն չդարձնելով բամբասանքի վրա, որովհետև սերը ավելի բարձր է, քան հասարակության նախապաշարմունքը: Բայց դարձյալ մի այսպիսի վարմունք կվնասեր գործին: Ես իսկույն կմերկացնեի այն պատրվակը, ինչ անունով որ այստեղից դուրս եմ գալիս: Իսկույն կսկսեին այստեղից հետամուտ լինել ինձ և լրտեսել իմ գործողությունը: Իմ պլանները այնուհետև բոլորովին կխախտվեին:

Ես այժմ համաձայն եմ քեզ հետ, ես այստեղ կմնամ և կսպասեմ քո հաջողությանը...: -Վերջին խոսքերը այնպիսի մի եղանակով արտասանեց Թամարը, կարծես, նույն րոպեում նրա գլխից անցավ մի նոր և ավելի գործնական միտք: Բեկը ոչինչ չնկատեց, միայն գրեց նրան և համբուրեց, ասելով. — իմ խելացի՛, իմ հրեշտա՜կ... — Բայց ի՞նչ միտք էր այդ. ի՞նչը համոզեց նրան հրաժարվել իր համառ պահանջից և այդպես շուտ համաձայնվել Բեկի հետ: Թամարը կամքի տեր աղջիկ էր, նա հեշտությամբ կոտրվող պտուղներից չէր: Չի՞ցե թե նա մտածեց. «Թո՜ղ գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի... ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի...»: Ի՜նչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան:

Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել, — հարցրեց օրիորդը:

Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ, — պատասխանեց Բեկը. — ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է` ստանալ քո համաձայնությունը. այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք: Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից:

Ուրեմն մի՜ ուշացիր, — շտապեցնում էր օրիորդը: — Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր մի թուղթ, ի՞նչ թուղթ էր այն: Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ, մի շատ կարևոր բան պիտի լիներ:

Որքան հետաքրքիր ես դու, Թամար, ամեն բան ուզում ես գիտենալ, — ասաց Բեկը ծիծաղելով: — Ես գրում էի իմ կտակը:

Կտա՞կ...-բացականչեց օրիորդը շփոթվելով. — Ինչո՞ւ համար է կտակը:

Որ կնքած քեզ հանձնեմ, որ դու նրա կնիքը լուծես միայն այն ժամանակ, երբ իմ սպանման լուրը քեզ կբերեն: Խո կարո՞ղ է պատահել, որ ինձ սպանեն:

Կարող է պատահել...-տխրությամբ ասաց օրիորդը: — Բայց դու կասե՞ս ինձ այդ կտակի բովանդակությունը:

Այժմ ոչ, բայց երբ կմեռնեմ, բոլորը կարող ես գիտենալ:

Երևի քո կայքերի, քո ճորտերի մասի՞ն է, — դարձյալ հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը:

Ավելի լավ է չհարցնես, իմ մահը միայն իրավունք կտա քեզ բաց անել այն ծրարը, որ պիտի հանձնեմ քեզ:

Այդ միջոցին Կատոն, որ ընդունարանում քնած էր, հանկարծ զարթեցավ, և նկատելով երդիկից վաղորդյան լույսը, վազեց Բեկի ննջարանը, ասելով.

Թամար, շուտով փողոցները կլցվեն մարդիկներով, դու շատ ես ուշանում:

Լավ, դրսում սպասիր, ես այս րոպեիս կգամ, — ասաց նրան օրիորդը փոքր-ինչ բարկացած ձայնով և դարձավ դեպի Բեկը:

Մենք էլի կտեսնվենք, այնպես չէ՞:

Անպատճառ, ես առավոտյան կգամ մեծ պարոնին իմ վերջին մնաք բարյավը ասելու, հետո կանցնեմ քեզ մոտ: Միայն այնպես կարգադրիր, որ քո սենյակում ուրիշ ոչ ոք չլինի, բացի քեզանից:

Օրիորդը վեր կացավ: Բեկը բռնեց նրա երկու ձեռքերից և սարսափելով նկատեց, որ նրանց վրա արյան բծեր կային:

Այդ ի՞նչ է, — հարցրեց նա, ավելի ուշադրությամբ նայելով օրիորդի կեղեքված ձեռքերի վրա:

Ես այսօր ինձ նախապատրաստեցի արյան համար, — ասաց նա ժպտելով. — պարտեզի ցանկապատից անցնելու ժամանակ ձեռքերս ծվատեցի:

Երիտասարդը խորին հափշտակությամբ նրա ձեռքերը սեղմեց իր շրթունքի վրա, ասելով.

Ես ավելի մեծ հաճությամբ կհամբուրեի այդ ձեռքերը, եթե մեր թշնամիների արյունով ներկված լինեին:

Այդ էլ կլինի...-պատասխանեց օրիորդը խորհրդավոր ձայնով և փաթաթվեցավ երիտասարդի պարանոցին: Նրանք երկար չէին բաժանվում միմյանցից, մինչև նախասենյակից կրկին լսելի եղավ Կատոյի անախորժ կանչյունը. «Բավակա՛ն է... ուշանում ես, օրիորդ...»:

Օրիորդը փաթաթվելով իր շալի մեջ, Բեկի տան ետևի դռնով դուրս եկավ պարտեզը. Բեկը ճանապարհ դրեց նրան մինչև պարտեզի ցանկապատի չարչվան********: Երկինքը բոլորովին ամպամած լինելով, նոր ծագող առավոտը դեռ մթին էր: Մոխրագույն մառախուղը պատել էր ամենուրեք: Օրիորդը բաժանվեցավ իր սիրելիից, կրկին և կրկին անգամ հարցնելով.

Կգա՞ս ինձ մոտ, կգա՞ս... չուշանաս, սիրելիս...

Չեմ ուշանա, իմ հրեշտակ...

Նույն ավուր երեկոյան պահուն Դավիթ բեկը թողեց Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթը, և դուրս գալով վրաց Շահնավազ իշխանի ծառայությունից, իր քառասուն քաջերի հետ ուղևորվեցավ դեպի Սյունյանց աշխարհը:

Երկրորդ գրքի վերջը

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

Ա

1722 թվին Դավիթ բեկը թողեց Վրաստանը և վերադարձավ իր հայրենիքը:

Ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Հայաստանը, ի՞նչ քաղաքական նպաստիչ հանգամանքներ ի նկատի ուներ այդ հերոսը, որ այնպես վստահությամբ ձեռնարկում էր մի մեծ, միևնույն ժամանակ խիստ վտանգավոր գործի: — Այդ հարցերը պարզելու համար մենք համառոտ կերպով կնկարագրենք այն ժամանակվա մի քանի պատմական անցքեր:

Պարսկաստանը քայքայման վիճակի մեջ էր: Շահ-Սուլեյմանի որդի Շահ-Հյուսեին իններորդի 28 տարվա թույլ, անհոգ, միևնույն ժամանակ թմրեցուցիչ կառավարությունը խլել էր այդ սոսկալի պետությունից նրա պատերազմական ոգին: Արյունահեղությունը, բարբարոսական անգթությունը, դեպի ամեն կողմ ահ և սարսափ տարածելը, որ այնքան հատուկ էր բոլոր Սեֆեվիներին և որը այդ տոհմի բռնակալների իշխանությունը պահպանելու ամենագլխավոր պայմանն էրայդ հատկություններից զուրկ էր երկչոտ Շահ-Հյուսեինը, Սեֆեվիների համարյա վերջին ժառանգը: Կրոնասեր, մոլեռանդ թագավորը շրջապատել էր իրան հոգևորականներով, դերվիշներով, սուրբ գրքի մեկնիչներով և, փոխանակ տերության գործերով զբաղվելու, իր ժամանակը անց էր կացնում ղորանի ընթերցանությամբ և անդադար նամազներ անելով: Այդ պատճառով նա ստացավ ժողովրդից «մոլլա» կոչումը, որ մի ծաղրական կոչում էր պարսից թագավորի համար: Երկրի կառավարությունը թողված էր ավազակ, շահախնդիր փոխարքաների կամայականությանը, որքան անպատիժ կերպով կողոպտում էին ժողովուրդը, որոնք ամեն տեղ տարածում էին թշվառություն և աղքատություն, իսկ թուլամորթ շահի սիրտը գրավում էին նրանով միայն, որ երբեմն նահանգներից նրա համար ընծա էին ուղարկում գեղեցիկ աղջիկներ: Թագավորի հարեմը ճոխանում էր, լցվում էր աշխարհի ամեն տեսակ զեխություններով, իսկ ժողովուրդը ուտելու հաց չուներ: Արքունիքի դիվանի մեջ մեծ դեր էին խաղում խորամանկ ներքինիները և բազմաթիվ շողոքորթները: Խելացի մարդիկը, քաջ պատերազմողները, պետության փառքն ու պատիվը պահպանողները հեռացած էին ասպարեզից: Ամեն տեղ տիրում էր դժգոհություն, ամեն կողմից հայտնվում էին բողոքներ: Բայց ժողովրդի ցավերին ճար ու դարման անող չկար: Մի արտաքին զարկ բավական էր, որ այդ ընդարձակ, ահեղ պետությունը քայքայվեր, և նրա բազմասեռ տարերքը լուծելով, բաժան-բաժան լինելով, կազմեին զանազան անկախ իշխանություններ:

Պարսկաստանի այդ խարխուլ, անդադար օրորվող դրությունը չէր կարող աննկատելի մնալ նրա հարևան պետություններից: Ավղանիստանը, որ այն ժամանակ պարսից իշխանության ներքո էր գտնվում, առաջինը եղավ, որ ապստամբության դրոշը բարձրացրեց: Ղանդահարի սուլթան Միր-Վեյսը, սպանելով պարսից զորապետ Գիորգի-խանին††††††††, իրան Ավղանիստանի անկախ ամիր հրատարակեց: Իսկ նրա որդի Միր-Մահմուդ-խանը, ավելի զորանալով, մտածում էր տիրել Պարսկաստանին և ինքը նրա թագավորը դառնալ:

Երիտասարդ Մահմուդի փառասիրությանը նպաստեցին մի քանի սաստիկ պարտություններ, որ կրեցին պարսից զորքերը այլ և այլ կողմերում: Զանազան վայրենի, գազանաբարո ցեղեր, որ բնակվում էին պետության մեջ, կամ թափառում էին նրա սահմանների վրա, ապստամբվելով, սկսեցին կողոպտել ժողովուրդը և ամայի դարձնել երկիրը: Նրանք քանդեցին շատ քաղաքներ, կրակի մատնեցին բազմաթիվ գյուղեր: Քրդերի ավազակ ցեղերը իրանց արշավանքները տարածեցին մինչև պարսից մայրաքաղաքի` Սպահանի պարիսպների մոտ: Հյուսիսից Խորասանի նահանգը ավերակ դարձավ կատաղի ուզբեկների և թուրքմենների բարբարոսություններից: Հարավային կողմից ապստամբվեցան Լորիստանի և Խուժիստանի թափառական ցեղերը: Միևնույն ժամանակ Մասկադի իմամը հարձակվեցավ Պարսից ծոցի կղզիների վրա և տիրեց նրանց: Արևմտյան կողմից լեզգիների Ղազի-Ղումուխ ցեղի գլխավորը` Սուրխեյ-խանը, կովկասյան անթիվ լեռնաբնակներով հարձակվեցավ Շիրվանի վրա, տիրեց Շամախին և անցավ մինչև Սևանա լիճը, կոտորելով ժողովրդի մեծ մասը: Ի լրումն այդ բոլոր դժբախտությունների, արևմտյան Պարսկաստանի մայրաքաղաք Թավրիզը ենթարկվեցավ երկրաշարժության և բնակիչների մեծ մասը ոչնչացավ:

Պարսկաստանը իր օրհասականի մեջն էր: Երկնքի վրա հայտվող զանազան երևույթներ գուշակել էին տալիս շահի աստղագետներին, թե այդ պետության վախճանը հասել է:

Հիշյալ ներքին և արտաքին խռովությունների միջոցում, 24 տարեկան Միր-Մահմուդ-խանը, 20,000 ավղանական զորքով, Ղանդահարից արշավեց դեպի Պարսկաստան` այդ համարյա անիշխանության ենթարկված պետությունը տիրելու համար: Նա արդեն գտնվում էր Սպահանից մի երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա, բայց անհոգ Շահ-Հյուսեինը տակավին ոչ մի զորեղ միջոց ձեռք չէր առել թշնամու առաջը կտրելու համար: Նա բավականացավ նրանով, որ մարդիկ ուղարկեց Մահմուդի մոտ, առաջարկելով նրան մեծ գումար, որ թողնե պարսից երկիրը և վերադառնա իր տեղը: Բայց հպարտ Մահմուդը, ուշադրություն չդարձնելով շահի առաջարկությանը, շարունակեց իր արշավանքը: Այն ժամանակ միայն շահը ուղարկեց նրա առջև իր զորքերը, երբ թշնամին կանգնած էր Սպահանից երեք մղոն հեռավորության վրա: Գյուլնաբադի ճակատամարտի մեջ պարսից զորքերը սաստիկ ջարդվեցան, և մնացածները փախչելով, մտան քաղաքը: Ավղանները պաշարեցին քաղաքը, որ տևեց մի քանի ամիս: Բոլոր ուտեստները սպառվելով, բնակիչները սկսեցին ուտել հին կոշիկների կաշի, ոսկորներ և մինչև անգամ փեհին: Մի տղա, կտրելով սովից մեռած քրոջ ստնիքը, կերավ: Այդ ժամանակ շահը դեսպաններ ուղարկեց Մահմուդի մոտ այս խոսքերով. «Կտամ քեզ 100,000 թուման փող, Խորասանի և Քիրմանի նահանգները, — իմ աղջիկն էլ կտամ քեզ, միայն ե՜կ հաշտվենք և կապրենք միասին, ինչպես հայրը որդու հետ: — Ա՜ռ այդ բոլորը և հեռացիր իմ քաղաքից»: Մահմուդը այդ պայմանների հետ չհամաձայնվեցավ: — «Գնա, հայտնիր քո թագավորին, ասաց նա դեսպանին, — դու տալիս ես ինձ 100,000 թուման և այդ երկրները: Ախար նրանք արդեն ինձ են պատկանում, իսկ դու առաջարկում ես ինձ հենց իմ փողերն ու նահանգները: Դու առաջարկում ես ինձ քո աղջիկը: Ինչի՞ն է պետք ինձ քո աղջիկը: Քո բոլոր աղջիկներին, քո բոլոր որդիներին ես կտամ իմ ծառաներին: Խելքի մոտ բան չէ, որ դու մտածել ես: Ես չեմ հեռանա Սպահանից»:

Սպահանի պաշարման ժամանակ ավելի սարսափելի վիճակի ենթարկվեցան Նոր Ջուղայի հայերը: Նրանց թիվը այն ժամանակ հասնում էր 30 հազար հոգու, բնակվում էին մի առանձին արվարձանում, որ համարյա մի ջոկ քաղաք էր Սպահանի մոտ: Երբ ավղանները մոտեցան, հայոց հասարակությունը իր դարուղային և քալանթարին‡‡‡‡‡‡‡‡ ուղարկեց շահի մոտ, խնդրելով, որ զորքեր տան իրանց քաղաքի պաշտպանության համար: «Մեր զորքերը ուղարկեցինք պատերազմելու, պատասխանեցին նրանց, դուք ուղարկեցեք շահի արքունիքի պահպանության համար 3,000 լավ զինվորված տղամարդիկ»: Քալանթարը և դարուղան կատարեցին այդ հրամանը, բայց շահի դրանիկները բոլոր հայ զինվորների զենքերը առնելով, ասեցին նրանց. «Գնացեք, այլևս մեզ պետք չեք»: Այս խաբեությունը սաստիկ զայրացրեց հայերին, մանավանդ, երբ պարսիկները սկսեցին զինաթափ անել Նոր Ջուղայի մնացած հայերին ևս: «Դուք մեզ զինվորներ չտվեցիք, աղաղակում էին հայերը, այժմ չե՞ք էլ թողնում, որ մեր զենքերով պաշտպանենք մեր քաղաքը»: Բայց անիրավ պարսիկները նրանց բողոքը չլսեցին, որովհետև հրամանը շահիցն էր: Այդ բավական չէր, որ անզեն, անպաշտպան հայերին թողեցին գազանաբարո ավղանների կամքին, բացի դրանից, նշանավոր քեդխուդաների§§§§§§§§ ընտանիքները որպես պատանդ տարան Սպահան և փակեցին քաղաքի պարիսպների մեջ: Այդ բոլոր դավաճանությունները կատարվեցան այն նպատակով, որ բթամիտ շահի խորհրդականները խրատ էին տվել նրան, թե «հայերին զինաթափ անելով և ավղանների ձեռքը մտնելով, մենք կարող ենք ազատել Սպահանը, որովհետև ավղանները հափշտակասիրության նպատակով եկած են մեզ վրա, հայերի անբավ հարստությունը կկողոպտեն, և դրանով լիացած, բավականացած, հետ կդառնան ու մեզ հանգիստ կթողնեն»: Բայց նրանք սխալվեցան իրանց հիմար հաշիվների մեջ:

Նոր Ջուղան Սպահանի արվարձանը լինելով, պետք էր առաջ նրան տիրել և հետո անցնել բուն քաղաքին: Ջուղայի հայերը, հավաքելով իրանց մնացած ուժերը, սկզբում քաջությամբ պաշտպանվեցան: Բայց որովհետև չունեին ոչ թնդանոթներ և ոչ բավականաչափ ռազմամթերք, այդ պատճառով ստիպվեցան վերջը անձնատուր լինել: Չորս օր անցել էր, որ ավղանները տիրել էին Ջուղային, բայց դեռ հայերի ոչ քալանթարը, ոչ դարուղան և ոչ էլ քեդխուդաները չէին գնացել հաղթող Մահմուդին երկրպագելու և իրանց հպատակությունը նրան հայտնելու: Այդ սաստիկ գրգռեց ավղան բռնապետի բարկությունը և հրամայեց բոլոր հայերին կոտորել: Բայց հայոց գլխավորները իրանց արդարացրին նրանով, որ Մահմուդի ոտները ընկնելով, հայտնեցին. «Մեր ընտանիքները պահված են Սպահանի մեջ իբրև պատանդ, եթե մենք ձեզ մոտ գալու լինեինք, շահը կհրամայեր մեր կնիկներին, մեր զավակներին կկոտորեին»: Այդ իրավացի պատճառները թեև ամոքեցին Մահմուդի բարկությունը, բայց դարձյալ հրամայեց նա հայերից առնել 70,000 թուման տուգանք: Ահա ինչպես է նկարագրում մի ժամանակակից ականատես իր հիշատակարանի մեջ հիշյալ ահագին գումարի հավաքման եղանակը. «Այն րոպեում նշանակեցին հարկահաններ և ուղարկեցին 70,000 թումանը հավաքելու: Հարկահանները Ջուղայի քալանթարի և քեդխուդաների հետ սկսեցին ման գալ տնից տուն և հավաքել բոլորը, որքան կնիկները ունեին, թանկագին քարեր, մարգարիտ, ոսկի, արծաթ և մետաքսեղեն կերպասներ: Այդ բոլորը դիզեցին մի տեղում: Մետաքսեղեն կերպասները, արծաթը ընդունեցին քառորդ գնով: Մեկ մոխալ ոսկուն նշանակեցին 1000 դիան********* գին: Թանկագին քարերը, մարգարիտը և ոսկին կշռում էին այնպիսի կշիռքով, որը միայն գարի կշռելու համար էին գործածում: Դրանից հետո ավղանները տարան 62 աղջիկներ: Բացի դրանից, ջուղայեցիներից առնվեցավ 5000 կտոր ատլաս, ղութնի, մահուդ, շալեր, և զանազան զգեստներ, որ բաժանեցին զորքերին: Այլև առեցին նրանցից բազմաթիվ վերմակներ, բարձր, անկողիններ, այդ բոլորը պատրաստված էր մետաքսից, ղութնիից և ատլասից: Այլևս չեմ խոսում եկեղեցիների թանկագին անոթների և սուրբ սպասների հափշտակության մասին, որ կողոպտեցին ավղանները այն ժամանակ, երբ նրանք ինքնակամ թափվեցան հայոց տների մեջ, սկսեցին թալանել, և մինչև անգամ քանդել շինվածքները»:

Չնայելով, որ պարսիկները այսպես դավաճանությամբ Ջուղան մատնեցին ավղանների ձեռքը, որպեսզի Սպահանը ազատեն, բայց պարսից մայրաքաղաքը ավելի վատթար վիճակի ենթարկվեցավ: Ոչինչ չէր կարող լիացնել անհագ ավղանների հափշտակասիրությունը: Շահի գանձը, նրա արքունիքը այնպես կողոպտվեցավ, որպես ջուղայեցի հայի տունը: Նրա որդիները կոտորեցին, ամբողջ հարեմը բաժանեցին իրանց մեջ, տալով շահին երեք կին միայն: Նրա որդիներից կենդանի մնաց միայն Թահմազ-Միրզան, որ Սպահանի պաշարման ժամանակ գաղտնի փախավ դեպի Մազանդարան: Մի քանի ամբողջ շաբաթներ Պարսկաստանի լայնատարած մայրաքաղաքում կատարվում էր ավարառություն և կոտորած: Այդ միջոցին երիտասարդ Միր-Մահմուդ-խանը դեռ չէր մտել քաղաքը: Նա գտնվում էր Ֆարահաբադի††††††††† փառավոր ապարանքի մեջ և սպասում էր, մինչև իր զորքերը վերջացնեն իրանց բոլոր բարբարոսությունները:

Երբ ամեն ինչ վերջացած էր, Միր-Մահմուդ-խանը պահանջեց, որ շահը անձամբ գա իր մոտ և տանե քաղաքը հանձնե իրան: Ծերունի Շահ-Հյուսեինը իր պալատականներով գնաց հաղթողի մոտ: Նա մտավ Ֆարահաբադի այգին, այն այգին, որ թե իր և թե իր նախորդների մշտական զվարճության դրախտն էր, ուր վատնվում էին Պարսկաստանի ահագին գանձերը, ուր հավերժական հյուրիների նման փայփայվում էին այդ երկրի ամենագեղեցիկ կնիկները: Նա մտավ այդ այգին հաղթված, խոնարհված, անարգված: Մի քանի ժամ արեգակի տակ սպասել տալուց հետո ընդունեցին նրան Մահմուդի մոտ: Նա արտասուքը աչքերում մոտեցավ հպարտ ավղանին, և արքայական ջիխկան‡‡‡‡‡‡‡‡‡ իր գլխիցը առնելով, և իր ձեռքով նրա ճակատին կապելով, ասաց. «Որդի, իմ մեղքերի համար աստված այլևս ինձ արժանի չէ համարում կառավարելու իմ թագավորությունը: Իմ թագը նա տվեց քեզ: Ահա ես դնում եմ քո գլխին: Եվ թող օրհնյալ լինի քո թագավորությունը»:

Նույն օրը Միր-Մահմուդ-խանը, որպես պարսից թագավոր, մտավ Սպահան քաղաքը, և հաղթական փառքով գնաց Սեֆեվիների արքունիքը: Այդ օրից այդ տան թագավորությունը համարյա թե վերջացավ:

Բ

Միր-Մահմուդ-խանը տիրելով Սպահանին, Պարսկաստանի արևելյան մասը ամբողջապես ընկավ ավղանների իշխանության ներքո: Իսկ արևմտյան մասում, որի հետ և Հայաստանում, այդ ժամանակ կատարյալ անիշխանություն էր տիրում: Թեև աթոռազուրկ Շահ-Հյուսեինի որդի Թահմադ-Միրզան, Սպահանի պաշարման միջոցում, գաղտնի փախչելով դեպի Մազանդարան, իրան պարսից թագավոր հրատարակեց, և այնտեղից գալով Ատրպատական, երկրաշաժությունից քայքայված Թավրիզը իրան աթոռանիստ քաղաք ընտրեց, բայց նրա ուժերը այնքան թույլ էին, որ հազիվ թե կարող էր այդ երկրները պահպանել: Մտածելով, թե իր բոլոր դժբախտությունների պատճառը հայերն են, թե նրանք առաջնորդեցին ավղաններին, թե նրանք միացած են իր թշնամիների հետ, Թահմադ-Միրզան, որ այժմ կոչվում էր Շահ-Թահմազ, կամեցավ իր վրեժխնդրության թույնը թափել Թավրիզի հայերի վրա, հրամայելով նրանց բոլորին կոտորել: Բայց նրա Հովհաննես անունով հայազգի ժամագործը, որ շատ սիրելի էր թագավորին, ամոքեց նրա բարկությունը և ազատեց հայերին մի մեծ կոտորածից:

Բոլոր հանգամանքները նպաստում էին Պարսկաստանի բաժան-բաժան լինելուն և նրա իսպառ կործանմանը: Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, երկու ավելի հզոր պետություններ` օսմանցիք և ռուսները, աշխատում էին իրանց ձեռքը գցել Պարսկաստանի արևմտյան մասը, որ դեռ ազատ էր մնացել ավղանների տիրապետությունից: Ռուսաց թագավոր Պետրոս մեծը աչք ուներ Կասպից ծովի հարավային եզերքի ամենաբարեբեր նահանգների վրա: Գիլանը և Ռաշտը արդեն ռուսների ձեռքումն էին: Իսկ օսմանցիք մտածում էին տիրել պարսկական Հայաստանին, որպեսզի արգելեն ռուսների իրանց սահմաններին մոտենալը:

Ի՞նչ էին մտածում այդ ժամանակ հայերը. ի՞նչ էր մտածում ամենից շատ հալածված, ամենից շատ տանջված, ամենից շատ հարստահարված ժողովուրդը: — Հայերը նույնպես անտարբեր չէին. նրանք ևս պատրաստվում էին ձգել պարսկական ծանր լուծը, որ դարերով ճնշել էր նրանց: Բայց նրանք մտածում էին, թե իրանց պետք է մի հովանավորող ձեռք, մի արտաքին զորեղ պաշտպանություն: Այդ պատճառով ամենի աչքը դարձրած էր դեպի Պետրոս մեծը:

Պարսկաստանի հայերը շատ հին ժամանակներից հարաբերություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, իսկ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի օրերում նրանց հարաբերությունները ավելի կանոնավոր ձև ստացան: Սպահանի հայերը, որ այն ժամանակ մեծ դեր էին խաղում հնդկա-եվրոպական վաճառականության մեջ, ոչ սակավ անգամ ուղարկում էին իրանց պատվիրակներին հիշյալ թագավորի մոտ, կապում էին նրա հետ զանզան առևտրական դաշնագրեր և ստանում էին նրանից զանազան արտոնություններ իրանց Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա կատարած վաճառականության վերաբերությամբ: Ամեն անգամ երբ հայոց պատվիրակները հայտնվում էին ռուսաց արքունիքում, բերում էին իրանց հետ թանկագին ընծաներ. դրանցից մեկն էր այն գեղեցիկ բազկաթոռը, շինված արծաթից և ոսկուց, զարդարած խոշոր ալմաստներով, յաղութներով, մարգարիտներով ու ֆիրուզաներով, որը Սպահանի մի առևտրական ընկերության կողմից Խոջա-Զաքար Սարհադյանցը մատուց Ալեքսեյ Միխայլովիչին: Բացի վաճառականական հարաբերություններից, Սպահանի հայերը ռուսների արևելյան քաղաքականության մեջ նույնպես մեծ դեր էին խաղում: Նրանք շատ անգամ լինում էին միջնորդներ ռուսաց արքունիքի և պարսից դռան մեջ, պայմաններ էին կապում և վճռում էին այլ և այլ խճճված գործեր:

Պետրոս մեծ թագավորության ժամանակ Պարսկաստանի հայերի հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ ավելի ևս ամրապնդվեցան: Մեծ թագավորի նախորդները գտնում էին հայերի մեջ ավելի առևտրական ընդունակություններ և նրանց ձեռքով կամենում էին վաճառականությունը Ռուսաստանում զարգացնել: Իսկ Պետրոս մեծը, բացի այդ ընդունակություններից, գտավ հայերի մեջ բոլոր այն հատկությունները, որ կարող էին նպաստել նրան իր աշխարհակալությունները դեպի արևելք տարածելու: Կասպից ծովի վրա լողում էին հայերի բազմաթիվ նավերը: Արևելքի ամբողջ արդյունաբերական աշխարհը նրանց ձեռքումն էր: Հնդկաստանի բոլոր նշանավոր առևտրական կենտրոններում նրանք ունեին կալոնիաներ: Ջավա, Սումատրա և Փիլիպյան կղզիների վրա նրանք տեղափոխվեցան դեռ XVI դարու վերջերում, իսկ Մադրասի, Կալկաթայի, Բոմբայի, Սինգապուրի մեջ Շահ-Աբաս մեծի մահից հետո: Ամեն տեղ նրանք առևտուր ունեին ոչ միայն ժողովրդի հետ, այլ գլխավորապես ժողովրդի իշխողների հետ, որոնց ձեռքում հավաքվում էր երկրի հարստությունը որպես հարկերի փոխանորդ: Բիրմանիայի ալմազը, որ սեփականություն էր միայն թագավորի, ծախվում էր հայերի ձեռքով: Պարսկաստանի մետաքսը, որ ստանում էին թագավորները, բոլոր հայերի ձեռքով էր տարվում դեպի Եվրոպա: Անդադար հարաբերություններ ունենալով թագավորների և զանազան երկրների իշխանների հետ, հայերը այն աստիճան մտերմացել էին նրանց հետ, այն աստիճան հավատարմություն էին գտել նրանց մոտ, որ ծանոթ էին նրանց բոլոր թույլ կողմերին, գիտեին նրանց բոլոր գաղտնիքները: Այդ առիթ էր տալիս հայերին երբեմն մեծ դերեր խաղալ արևելքի իշխողների միմյանց հետ ունեցած հարաբերությունների մեջ, մանավանդ որ այդ իշխողները նրանց փողին, խելքին և օգնությանը միշտ կարոտություն ունեին: Պետրոս մեծի արծվի աչքերից չէր կարող աննկատելի մնալ այդ իրողությունը և նա աշխատեց իր ձեռքը ձգել հայերինարևելքի այդ ամենահարմար բանալին:

Հայերը ցույց էին տալիս ամեն տեսակ պատրաստականություն մեծ թագավորի մեծ նպատակները իրագործելու համար: Բաքուն և Կասպից ծովի հարավային եզերքի վրա գտնված պարսկական երկրներըՌաշտը, Գիլանը, Մազանդարանը, — այդ կիտրոնիների, ձիթենիի, մետաքսի և վարդենիների աշխարհը տիրեց նա գլխավորապես հայերի առաջնորդությամբ: Հայերը նրա պիոները դարձան ամեն տեսակ գործողությունների մեջ: Հաշտարխանում նստած էր որպես հայոց հոգևոր առաջնորդ, բայց իսկապես որպես ռուսաց պատերազմական գործակատար, Մինաս վարդապետը§§§§§§§§§: Նրա հավատարմատարը` Պետրոս Դի-Սարգիս Գիլանենց հայազգին********** նստած էր Ռաշտում և Պարսկաստանի ու առհասարակ արևելքի բոլոր նշանավոր անցքերի մասին տեղեկություններ էր տալիս Սարգիս վարդապետին, որը իր կողմից հաղորդում էր ռուսաց կառավարությանը: Ղարաբաղի մելիքների բանակցությունները ռուսաց կառավարության հետ կատարվում էին սկզբում Գանձասարի առաջնորդ Եսայի եպիսկոպոսի ձեռքով, իսկ հետո Ներսես եպիսկոպոսի և Դուզախի կառավարիչ մելիք Եգանի ձեռքով:

Երբ ռուսները տիրեցին Դերբենդին և Բաքվին, Ղարաբաղի մելիքները առաջարկում էին Պետրոս մեծին 60,000 զինված մարդիկ, առաջարկում էին իրանց աջակցությունը տիրելու ոչ միայն այժմյան Անդրկովկասը, այլ ամբողջ Ատրպատականը: Նրանք խնդրում էին միայն մի քանի փորձված օֆիցերներ և 2000 ռուս զինվորներ, որ խոստանում էին իրանց ծախքով պահել: Միայն թե կարողանային ազատվել պարսից լծից և քրիստոնյա մեծ թագավորի հովանավորության ներքո ունենային իրանց անկախ ինքնավարությունը: Այդ բոլոր ծառայությունների փոխարեն հայերը ստանում էին միայն ապարդյուն խոստմունքներ և նրանց խորհուրդ էին տալիս դեռևս սպասել:

Բայց հայերի հարաբերությունները ռուսների հետ այն աստիճան ակներև և աչքարա էին դարձել, որ այլևս չէր կարող ծածուկ մնալ պարսից կառավարությունից: Եվ այդ ավելի կատաղեցնում էր պարսիկներին, երբ պարզ տեսնում էին, որ հայերը առաջնորդում են իրանց թշնամուն` «մոսկոֆների» թագավորին` Պարսկաստանը տիրելու: Զանազան տեղերում սկսվեցան խիստ հալածանքներ նրանց դեմ: Երևանի նահանգում մինչև անգամ հրամայվեցավ կոտորել բոլոր հայերին: Համադանցի Աստվածատուր կաթողիկոսի եռանդոտ միջնորդությունը հազիվ կարողացավ ազատել նրանց: Նա հանգստացրեց Շահ-Թահմազին բավական գումար նրան ընծա տալով և հավատացնելով, թե ինքը և իր ժողովուրդը ամենևին ապստամբության նպատակներ չունեն և պարսից հավատարիմ հպատակներ են: Իսկ այդ խոսքերը միայն ժամանակավոր կերպով կարողացան միամտացնել պարսիկներին: Երբ պարսից կառավարության պատգամավորները հայտնվեցան Ղարաբաղի ապստամբության գլխավորների մոտ, խոստանում էին նրանց առատ փող, ընդարձակ երկրներ և պատիվներ, միայն թե նրանք ցած դնեն իրանց զենքերը և չօգնեն ռուսներին, — այսպես պատասխանեցին հայոց մելիքները. «Մեզ պետք չէ ձեր փողը, երկիրը և պատիվները: Մեզ ոչինչ պետք չէ: Մենք ձեզ ճանաչել անգամ չենք կամենում: Մենք հավաքվել ենք մեծ կայսրի և թագավորի (Պետրոսի) կամքով և մեր հույսը դրել ենք նրա վրա: Մենք նրա մարդիկն ենք: Եթե նա աստուծո օգնությամբ կգա դեպի մեր կողմը, մենք կմիանանք նրա հետ և կկատարենք բոլորը, ինչ որ նա մեզ կհրամայե: Բայց եթե, աստված մի արասցե, մեծ կայսրը չի գա մեր կողմերը, և ոչ մի կարգադրություն չի անի մեր մասին, և կմոռանա իր խեղճ ծառաներին, այն ժամանակ մենք կցրվինք ամեն մեկս դեպի մի կողմ: Իսկ պարսից շահը թող չերևակայե, որ մենք երբևիցե կխոնարհվենք նրան»††††††††††:

Ամենքը հավատացած էին, որ Պետրոս մեծը հաստատ դիտավորություն ունի Ղարաբաղի և Արարատյան աշխարհի հայերին ազատել պարսից լծից և նրանց անկախություն շնորհել: Բանակցությունները հայոց ժողովրդի և ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի հայազգի իշխան Իսրայել Օրիի միջնորդությամբ, դեռ այն ժամանակ, երբ տակավին Սպահանը առնված չէր ավղաններից:

Երբ Պետրոս մեծը ուղարկեց Սպահան պարսից Շահ-Հյուսեինի մոտ մի դեսպանություն, այդ Իսրայել Օրին դեսպանախմբի գլխավորն էր: Դեռ դեսպանությունը պարսից մայրաքաղաքը չէր հասած, Շամախու խանը հաղորդեց շահին, թե այս կողմերում տարածվել են կարծիքներ, թե այդ Օրին պիտի վերականգնե հայոց թագավորությունը, թե ժամանակը հասել է, որ հայերը պիտի ազատվեն պարսից իշխանությունից: Այդ տեղեկությունները մեծ տպավորություն գործեցին Սպահանում. պարսիկները սաստիկ վրդովվեցան, իսկ տեղային հայերի ուրախությանը չափ չկար: Շահ-Հյուսեինին հայտնի լինելով Պետրոս մեծի պատերազմական ձգտումները, մոլեռանդ մոլլաների խորհրդով, մինչև անգամ չէր կամենում ընդունել այդ քրիստոնյա դեսպանությունը: Բայց կայսրի անունը այն աստիճան սարսափ էր տարածել Պարսկաստանում, որ շահը ակամա ընդունեց դեսպանությունը: Այն օրից Հայաստանի անկախության խնդիրը միօրինակ զբաղեցնում էր ամեն կողմերում տարածված հայեին:

Սպահանի և Հնդկաստանի հայերը, թեև հեռու էին հայրենի երկրից, բայց այնքան ոգևորված էին իրանց եղբայրների ազատության գաղափարով, այնքան մեծ էր նրանց բաղձանքը անկախ Հայաստան տեսնել, որ պատրաստ էին հանձն առնել ամեն տեսակ զոհողություններ: «Դուք, գրում էին նրանք Սյունյաց աշխարհի ապստամբության պետերին, սիրտ ունեք և քաջություն, իսկ մենք փող ունենք և միջոցներ ձեզ օգնելու: Կռվեցե՜ք հայրենիքի ազատության համար, մենք ձեզ փող և զենքեր կուղարկենք: Մենք կդիմենք բոլոր քրիստոնյա թագավորների դռները, ձեզ համար կբարեխոսենք: Մեր մարդիկը արդեն ուղարկել ենք ֆրանգների և Մոսկովի թագավորների մոտ»:

Հարաբերություններ ունենալով Եվրոպայի նույն ժամանակվա բոլոր նշանավոր առևտրական կենտրոնների հետ, Սպահանի և Հնդկաստնի հայերին խիստ դյուրին էր Եվրոպայից զենքեր տեղափոխել Հայաստան: Նրանք ունեին Կասպից ծովի վրա սեփական նավեր: Եվ դեռ XVII դարու կիսում Մոսկվայի կառավարության հետ կապած դաշնագրության համեմատ, իրավունք ունեին իրանց ապրանքները Ռուսաստանի վրայով անցկացնել‡‡‡‡‡‡‡‡‡‡ տրանզիտի պայմաններով: Հայերի նավերը և կարավանները, որ սովոր էին ծանրաբեռնվել Եվրոպայի և Ասիայի հարստություններով, այդ ժամանակ զբաղված էին զենքերի և զանազան ռազմամթերքի տեղափոխություններով: Շահախնդիր վաճառականը, մոռացած արծաթի և ոսկու անհագ բաղձանքը, այժմ հրապուրված էր հայրենիքի ազատության սիրով: Այդ սերը սրբել, մաքրել էր նրա սիրտը, և նա պատրաստ էր նվիրել հայրենիքին բոլորը, ինչ որ ունի:

Գ

Մնում է մի քանի խոսք ասել, թե ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Վրաստանը, ի՞նչ էին անում վրացիները, երբ հայերը իրանց հայրենիքի ազատության մասին էին աշխատում: Արդյոք այդ երկու հարևան քրիստոնյա ազգերը, որոնք միևնույն վիճակի մեջ էին գտնվում, մտածո՞ւմ էին ձեռք ձեռքի տալ և միասին, ընդհանուր ուժերով թոթափել պարսից լուծը:

Վրաստանը բաժան-բաժան էր եղած այնքան մանր, միմյանցից անկախ իշխանությունների, որքան միմյանցից տարբեր ցեղեր և բարբառներ կային այնտեղ: Կարթալինիան, Կախեթիան, Իմերեթիան, Օսեթիան, Մինգրելիան, Գուրիան, Աբխազիան և ուրիշ շատ երկրներ, առանձին-առանձին իշխանություններ էին կազմում: Տիրապետող իշխանների քաղաքական նշանակությունը ոչնչով չէր տարբերվում, օրինակ, նույն ժամանակվա Ղարաբաղի մելիքների§§§§§§§§§§ իշխանությունից: Ղարաբաղի մելիքը թե իր կառավարած երկրի տարածությամբ և թե իր վայելած արտոնություններով նույնքան իրավունք ուներ իր գավառի մեջ, որքան վրաց իշխանը իր նեղ, սահմանափակ երկրի մեջ: Թե վրաց իշխանները և թե Ղարաբաղի մլիքները միօրինակ կախումն ունեին պարսից կառավարությունից, նրանցից նշանակվում էին և նրանց հարկ էին վճարում: Ղարաբաղի մելիքները այն առավելությունը ունեին, որ իրանց հավատարմությամբ այնքան համարում էին ստացել պարսից կառավարության առջև, որ առանց իրանց կրոնը փոխելու, առանց մահմեդականություն ընդունելու հավատում էին նրանց: Թեև լինում էին դեպքեր, որ հայ մելիքներից մեկը ուրանում էր կրոնը փառք և իշխանություն ձեռք բերելու համար, բայց այսպիսիներին հայ հասարակությունը բոլորովին մերժում էր իր միջից: Որի ընդհակառակն, պարսից արքունիքում, Սեֆեվիների տիրապետության ժամանակ համարյա ընդունված սովորությունների կարգն էր անցել, որ մինչև վրաց իշշխանները մահմեդականություն չընդունեին և իրանց անունը չփոխեին, իրավունք չունեին ստանալ Վրաստանի կառավարությունը: Շահ-Աբաս մեծի տիրապետությունից հետո (1617 թ.), երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ, հիշյալ սովորությունը բոլորովին օրինական ձև ստացավ: Վրացիների պարսից կառավարության հետ կապած դաշնագրի գլխավոր պայմաններից մեկը այն էր, որ Վրաստանի կառավարիչները կարող են լինել տեղացիներ, վրացիք, միայն մահմեդականություն ընդունած, և պիտի նշանակվեն պարսից կառավարությունից: Այդ օրից մինչև ռուսների տիրապետությունը գտնում ենք մի շարք մահմեդականություն ընդունած վրացի ազնվականներ, որ կառավարում են երբեմն Կախեթիան և երբեմն Կարթալինան, որպես պարսից «վալիներ» և որոնց վրացիք «մեփե» են կոչում***********:

Հաջորդ էջ