Րաֆֆի՝   Դավիթ Բեկ

Սպահանը` պարսից մայրաքաղաքը լիքն էր այդ ժամանակ վրացի ազնվականներով. նրանք պատվի և պաշտոնի համար ծախում էին ամեն բան, ինչ որ սուրբ և նվիրական էր իրանց ազգի համար, և մահմեդականություն ընդունելով, ստանում էին պաշտոններ կամ իրանց հայրենիքում, կամ Պարսկաստանում: Շատերը այնտեղ ամուսնանում էին պարսիկների հետ, որդիք էին ծնում, որոնք պարսկական սովորությունների մեջ կրթվելով, բերում էին պարսից զեխությունը, շռայլությունը, անբարոյականությունը դեպի իրանց հայրենիքը: Այսպիսով վրաց ազնվականների վաղեմի պարզ, նահապետական բարքուվարքը փչացավ և նրան փոխարինեց պարսից հարեմներից ստացված ծույլ, անհոգ, ամեն ինչ վատնող, ամեն ինչ ոչնչացնող բնավորությունը, որի հետքերը մնում են մինչև այսօր: Վրաց այն ժամանակվա տիրապետող իշխաններից ոչ մեկը չէ կարելի ցույց տալ, որ իր կյանքի մեծ մասը Պարսկաստանի մայրաքաղաքում մաշած չլիներ: Նրանք կողոպտում էին իրանց երկիրը, աղքատացնում էին ճորտերին, և նրանց դառն աշխատության պտուղը շռայլությամբ վատնում էին Պարսկաստանում: Վրաստանը լեզգիների ոտքի տակ ավերակ էր դարձել. Դաղստանը լիքն էր վրացի գերիներով, բայց վրաց իշխանները, փոխանակ իրանց աշխարհը պահպանելու, նրան անտեր թողած, իրանց երկրի ամենաընտիր տղամարդիկը տանում էին Պարսկաստան և պարսից շահի համար հեծելազորք էին կազմում, ավղանների հետ էին պատերազմում, որ խանություն ստանան†††††††††††: Պատվի և պաշտոնի համար ամեն բան ծախում էին նրանք, մինչև անգամ իրանց քույրերը, հարազատ աղջիկները, որ տալիս էին պարսից մեծամեծներին, նրանց պաշտպանությունը վայելելու համար‡‡‡‡‡‡‡‡‡‡‡: Խիստ ճիշտ է նկատում մի գրող, որ իրանք` վրացիները այնքան գեղեցիկ աղջիկներ տարան Պարսկաստան§§§§§§§§§§§, որ պարսիկների ցեղը ազնվացրին:

Պարսից Շահ-Սեֆի 1-ի և օսմանցոց Սուլթան Մուրադ IV-ի ժամանակ (1636 թ.) Վրաստանը բաժանվեցավ պարսիկների և թուրքերի միջև: Կարթալինան և Կախեթիան դարձան պարսկական նահանգ, իսկ Ախալցխայի նահանգը և Վրաստանի ամբողջ արևմտյան մասը ընկավ թյուրքերի իշխանության ներքո************: Ախլցխան դարձավ թյուրքերի գլխավոր բերդաքաղաքը, և այստեղից մահմեդական իշխանության հետ նրանց ազդեցությունը տարածվեցավ Իմերեթիայի, Մենգրելիայի, Գուրիայի և Աբխազիայի վրա: Ղորանը փոխարինեց Ավետարանին: Մոլեռանդ թյուրքերը ամեն տեղ մտցրին իրանց հոգևորականներին, սկսեցին հալածել քրիստոնեությունը և տարածել մահմեդականություն††††††††††††: Թյուրքերը ավելի խստություններ էին գործ դնում կրոնի վերաբերությամբ, քան թե պարսիկները: Թյուրքաց նահանգապետ Ասլան-փաշայի կառավարության ժամանակ (1659-1679) այդ կողմերի ազնվականները, մահմեդականություն ընդունելով, ստանում էին «բեկ», «փաշա», «աղա» տիտղոսները և պաշտոններ էին վարում որպես թյուրքերի ներկայացուցիչներ: Վրաստանը այդ ժամանակներում ընկած էր երկու կրակների մեջ. — մի կողմից պարսիկները, մյուս կողմից թյուրքերը: Դեպի ո՜ր կողմը երեսը շուռ էր տալիս, այրում էր...: Վրաց ազնվականները իրանց դիրքը պահպանելու համար, երբ պարսիկներից հուսահատվում էին, դիմում էին դեպի թյուրքերը, իսկ երբ այդ վերջիններից հուսահատվում էին, դիմում էին դեպի պարսիկները: Ամեն տեղ կրոնափոխությունը մեծ դեր է խաղում պաշտոններ և իշխանություն ձեռք բերելու համար: Վերջին ժամանակներում նրանք ծանոթացան ռուսաց կառավարության հետ և երբեմն անձամբ կամ խնդիրքներով դիմում էին ռուսաց թագավորներին, որ իրանց օգնեն‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡:

Դավիթ բեկի Վրաստանում գտնված ժամանակվա վերջին տարիներում այնտեղ կային երեք նշանավոր իշխանություններ` Իմերեթիայի իշխանությունը, որ կառավարում էր Ալեքսանդր V-ը, որպես թյուրքաց ներկայացուցիչ, Կարթալինիայի իշխանությունը և Կախեթիայի իշխանությունը, որոնք կախումն ունեին պարսից կառավարությունից: Մենք կխոսենք վերջին երկուսի մասին:

Կարթալինիայի իշխանության կենտրոնը Թիֆլիսն էր. այստեղ Մետեխի բերդի մեջ կանգնած էր մի ամբողջ գունդ պարսկական պահապան զորք, որը միևնույն ժամանակ հսկում էր թե քաղաքի և թե վրաց իշխանի գործողությունների վրա: Այդ գունդը պահվում էր այնտեղ սկսյալ այն օրից, երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ:

Դավիթ բեկը իր մանկության հասակում բերվեցավ Մցխեթ ավանը, որ այդ ժամանակ դադարել էր Վրաստանի մայրաքաղաք լինելուց: Այստեղ առաջին անգամ ծանոթացավ նա Վախթանգ VI-ի§§§§§§§§§§§§ հետ, որը հալածված իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններից, անպաշտոն առանձնացել էր Վրաստանի հին մայրաքաղաքում: Սկզբում նա վարում էր լի զվարճություններով անհոգ կյանք և անձնատուր էր եղած արբեցողության: (Մեր վեպի երկրորդ գրքում հիշված «մեծ պարոնը» նույն իսկ այդ Վախթանգն է): Հետո նա մոտենալով Մցխեթի աբեղաներին, սկսեց պարապվել վրաց գրականությամբ և օրինավոր կյանք վարել: Դավիթ բեկը այդ ժամանակ թողեց նրան և ծառայում էր երբեմն Կարթալինիայի, երբեմն Կախեթիայի իշխանների մոտ, որոնք անդադար մինը մյուսի ետևից փոխվում էին պարսից կառավարությունից: Իսկ երբ Կարթալինիայի իշխանությունը անցավ Գիորգին-խանի************* ձեռքը, այդ ժամանակ Վախթանգը թողեց Մցխեթը, տեղափոխվեցավ Թիֆլիս, և սկսեց որպես փոխանորդ կառավարել Կարթալինիան, որովհետև Գիորգին-խանը բացակա էր, Պարսկաստանում էր գտնվում: Այդ ժամանակ Դավիթ բեկը կրկին հանձն առեց Վախթանգի մոտ ծառայել և չբաժանվեցավ նրանից, մինչև իր Հայաստան գնալը:

Գիորգին-խանը սպանվեցավ Ղանդահարում առանց ժառանգ թողնելու: Որովհետև Վախթանգը պահպանել էր քրիստոնեական կրոնը, շահը նշանակեց Գիորգին-խանի փոխարեն Կարթալինիայի իշխան Վախթանգի եղբորը` մահմեդականություն ընդունած Քեյ-Խոսրով խանին: Երբ այդ վերջինն էլ սպանվեցավ պարսից ավղանների հետ ունեցած պատերազմում, այն ժամանակ Վախթանգը կանչվեցավ Սպահան, որ իշխանությունը նրան հանձնեն:

Բայց բարեպաշտ Վախթանգը††††††††††††† չխոնարհվեցավ այն կանոններին, որ ընդունված էին իր նախորդների օրերում, այսինքն` նա չհամաձայնվեցավ իր կրոնը փոխելով ընդունել Կարթալինիայի իշխանությունը: Շահը բարկացավ նրա վրա, հրամայեց բանտարկել: Յոթը տարի որպես կալանավոր մնաց Սպահանում: Երկար ընդդիմադրություններից հետո, երբ լսեց հայրենիքի դժբախտությունը, նրա ավերակ դառնալը մի կողմից լեզգիների ձեռքով, մյուս կողմից, իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններով, — վշտացած Վախթանգը վերջապես ակամայից ընդունեց մահմեդականությունը, կոչվեցավ Հյուսեին-Ղուլի-խան, և ստանալով Կարթալինիայի իշխանությունը, վերադարձավ Թիֆլիս:

Այստեղ հանդիպեց նա իր երկու վաղեմի անհաշտ թշնամիներին, մեկը` իր եղբայր Յասսեն, մյուսը` Կախեթիայի Մամադ-Ղուլի-խանը (Կոնստանդին II-ը)‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡: Եղբոր հետ Վախթանգը կարողացավ հաշտվել, թեև այդ հաշտությունը երկար չտևեց, բայց Կոնստանդինի հետ ունեցավ անվերջ կռիվներ: Կոնստանդինը աշխատում էր տիրել Կարթալինիային և ամբողջ Վրաստանի իշխանը դառնալ: Այստեղից ծագում էին բոլոր երկպառակությունները, որ տակնուվրա էին անում երկիրը:

Վախթանգը նեղվելով իր թշնամիներից, խնդիրքով դիմեց ռուսաց թագավոր Պետրոս մեծին, առաջարկեց իր հպատակությունը և սկսեց նրանից օգնութուն խնդրել: Այդ բավական փաստ էր Կոնստանդինի համար մատնել նրան պարսից կառավարության առջև, թե նա խաբում է շահին, թե նա անունով միայն մահմեդական է, իսկ սրտով քրիստոնյա է և գաղտնի բանակցություններ ունի ռուսաց թագավորի հետ, կամենում է Վրաստանը դուրս բերել պարսից իշխանությունից և հանձնել ռուսներին:

Վախթանգը այժմ ստիպված էր երկերեսանի դեր խաղալ, մի կողմից պահպանել իր հարաբերությունները ռուսների հետ, մյուս կողմից արդարացնել իրան պարսից կառավարության առջև, թե ինքը պարսից հավատարիմ հպատակ է, թե Կոնստանդինի հաղորդածները բոլորը զրպարտություն են, թե նա դիտավորություն ունի իր երկրին ևս տիրելու, այս պատճառով չարախոսություններ է անում, և այլն: Ռուսաց կառավարությանը ուղղած թղթերի վրա Վախթանգը ստորագրում էր «թագավոր Վրաստանի», իսկ պարսից կառավարությանը ուղղած թղթերը ստորագրում է «վալի»§§§§§§§§§§§§§ Պարսկաստանի:

Մինչև Վրաստանը այդ խռովությունների մեջ տակնուվրա էր լինում, Սյունյաց աշխարհում հայոց ապստամբները պատրաստվում էին: Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը, որը գաղտնի ուժ էր տալիս ապստամբությանը, աշխատում էր կազմել վրացիներից և հայերից մի ընդհանուր միություն, որ միասին կռվեն պարսիկների դեմ: Բայց այդ նպատակին հասնելու համար նախ պետք էր, որ Վրաստանի մեջ երկպառակությունները դադարեին, վրացիները միմյանց հետ միանային, որ հետո կարելի լիներ կայացնել նրանց հայերի հետ միությունը: Այս մտքով հայոց կաթողիկոսը անձամբ Վրաստան գնաց, որ Վախթանգին հաշտեցնե Կախեթիայի իշխան Կոնստանդինի հետ: Բայց չնայելով կաթողիկոսի եռանդուն աշխատությանը, հաշտությունը չկայացավ: Մինչև անգամ Կոնստանդինը թշնամացավ կաթողիկոսի հետ և նրա նամակները բռնելով, մատնեց պարսից կառավարությանը, որից կաթողիկոսը հազիվ կարողացավ ազատվել, ուրանալով, թե նամակները իր գրածը չեն, այլ իր կնիքը գողանալով, դրոշմել են նրանց վրա: Այդ պատճառաբանությունը, իհարկե, բավական թանկ նստեղ նրան, որովհետև կաթողիկոսի բացակայության ժամանակ, երբ նա Վրաստանումն էր, պարսիկները եկան Էջմիածինը կողոպտեցին:

Դավիթ բեկը դեռ Վրաստանում էր, երբ կատարվեցան այդ բանակցությունները: Նա ինքը աշխատում էր, որ հայոց կաթողիկոսի միջնորդությունը ապարդյուն չմնա, բայց վերջը ցավելով հասավ այն համոզմունքին, թե հայերի և վրացիների մեջ միություն կազմելը անհնարին է: Վրացիները ավելի բարվոք էին համարում իրանց կամ ռուսների գիրկը գցել, կամ պարսից ծանր լծի տակ մնալ, կամ օսմանցիներին հրավիրել, — բայց ոչ երբեք միանալ հայերի հետ և ազատ լինել: Այդ երկու համանման վիճակի մեջ գտնվող, համանման պայմանների ենթակա ազգերի միմյանց դեմ ունեցած ատելությունը սաստիկ վշտացնում էր Դավթի զգայուն սիրտը: Նրա հեռատես աչքը խիստ պարզ տեսնում էր, թե ի՜նչ բախտավոր ապագա կարող էին պատրաստել այդ երկու հարևան ազգերը, եթե իրանց շահերը միացնեին, եթե ձեռք ձեռքի տված, մի սրտով, մի հոգով տանեին իրանց ընդհանուր գործերը: Ո՞ր սատանան մտցրեց այդ դարևոր ատելությունը երկու ազգերի մեջայդ միտքը սաստիկ տանջում էր Դավթին: Բայց ի՞նչ կարող էր անել, դարերով կազմված նախապաշարմունքին դարեր հարկավոր էին ոչնչացնելու համար, իսկ նրան պետք էր շուտափույթ ձեռնարկություն իր հայրենիքի փրկության համար: Այդ էր պատճառը, որ նա բաժանվեցավ Վախթանգից առանց իր դիտավորությունը նրան հայտնելու, երբ նկատեց, թե վրացիների վրա հույս դնելն անօգուտ էր:

Դավիթ բեկի հեռանալուց հետո Վրաստանը սաստիկ պատժվեցավ: Պարսից կառավարությունը նկատելով Վախթանգի համակրությունը դեպի ռուսները, հրամայեց Կախեթիայի կառավարիչ Կոնստանդինին տիրել Թիֆլիսը և հրաժարեցնել Վախթանգին Կարթալինիայի իշխանությունից: Կոնստանդինը մի այսպիսի հրամանի էր սպասում, որ իր վաղեմի բաղձանքը իրագործե և Թիֆլիսը իր ձեռքը գցե: Նա միացավ լեզգիների հետ, եկավ տիրեց Թիֆլիսը, նրան ավերակ դարձրեց և մինչև անգամ կողոպտեց Սիոնի եկեղեցին:

Թիֆլիսի առումից հետո Վախթանգը փախավ Իմերեթիայի կողմերը: Բարեսիրտ իշխանը այնուհետև շատ աշխատեց կրկին ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաքը, և ռուսներից հուսացած օգնությունը չգտնելով, իր եղբայր Յասսեին ուղարկեց Ախալցխայի թյուրքից Իսակ փաշայի մոտ և նրանից օգնություն խնդրեց: Բայց դավաճան Յասսեն, փոխանակ հօգուտ իր եղբոր աշխատելու, առաջարկեց թյուրքերին իր ծառայությունը, թե կառաջնորդե նրանց Թիֆլիսը գրավելու, միայն թե իրան այնտեղի կառավարիչ նշանակեին: Այդ չարագործը, որ մի ժամանակ Կարթալինիայի իշխանությունը ստանալու համար, պարսիկներին իր հպատակությունը առաջարկելով, ընդունել էր Ալիի կրոնը և կոչվում էր Ալի-Ղուլի-խան, — այժմ միևնույն իշխանությունը ձեռք բերելու մտքով, և թյուրքերից օգնություն գտնելու համար, ընդունեց թյուրքաց Օմարի կրոնը և կոչվեցավ Մուստաֆա-փաշա:

Եվ այսպես, Կոստանդինի իշխանությունը Թիֆլիսում երկար չտևեց, որովհետև Իսակ-փաշան Յասսեի առաջնորդությամբ եկավ, տիրեց Թիֆլիսը, և Կոստանդինին բռնելով, բանտարկեց: Նրան ազատեց բանտից մելիք Աշխարատը**************, գիշերով Կուր գետի վրա նավակ կանգնեցնելով, և Կոստանդինին նրա մեջ իջեցնելով, փախցրեց: Դրա համար Իսակ-փաշան հրամայեց մելիքին գլխատեցին:

Վրաստանը այժմ պարսիկների ձեռքից դուրս գալով, ընկավ թյուրքերի իշխանության ներքո (1724 թ.) կառավարում էր Իսակ փաշան: Իսկ դավաճան Յասսեն իր նպատակին չհասավ, որովհետև օսմանցիք փոխանակ Թիֆլիսը նրան հանձնելու, հանձնեցին Վախթանգի որդի Բակարին: Այս վերջինս էլ տեսնելով, որ պարսիկների դարը անցավ, ընդունեց թյուրքաց կրոնը, և իր գլխին օսմանցոց չալմա փաթաթելով, կոչվեցավ Իբրահիմ-փաշա: — Ահա այդ էր վրացոց երևակայական թագավորությունը: Նրա իշխանները պարսից տիրապետության ժամանակ` պարսից կրոնն էին ընդունում և պարսից խաների անունով էին կոչվում, իսկ օսմանցոց տիրապետության ժամանակ` թյուրքաց կրոնն էին ընդունում և թյուրքաց փաշաների անունով էին կոչվում:

Այդ բոլոր դժբախտություններից հետո Վախթանգը իր ընտանիքով և 1400 հոգով գնաց Ռուսաստան: Նա չգտավ Պետրոս մեծին կենդանի, նրան պատվով ընդունեց Եկատերինա կայսրուհին: Վերջը մեռավ Պարսկաստանում, և մարմինը բերվելով թաղվեցավ Հաշտարխանում:

Դ

Սյունյանց աշխարհի Սիսիան†††††††††††††† գավառի Ուչ-թափե կոչված դաշտավայրի վրա երևում էին մի քանի սպիտակ վրաններ: Այդ խուլ, մարդկային բնակությունից հեռու անապատում երբեմն թափառում էին Կարա-չոռլու կոչված թյուրք ցեղի կիսավայրենի խաչնարածները: Ուրիշ ոչ ոք այդ ավազակների երկյուղից այն կողմերից անցնել չէր համարձակվում: Իսկ այժմ սպիտակ վրանների երևույթը բավական աչքի զարկող էր: Ո՞ւմն էին այդ վրանները, ո՞վքեր էին բնակվում նրանց մեջ, — ոչ ոք չգիտեր: Կարծես, նրանք սունկի նման հանկարծ բուսել էին գետնից և ոչ ոք չէր տեսել նրանց տերերի որևիցե կողմից գալը:

Վրանները կազմված էին դաշտավայրի լեռնային կողմում, մի ձորի մեջ, որ երեք կողմից պատած էր բարձր սարերով, իսկ մի կողմից նեղ փապարով բացվում էր դեպի ընդարձակ, ամայի անապատը, որ ծածկված էր ճոխ խոտաբույսերով: Մի խումբ թամքած ձիաներ արածում էին վրանների շուրջը: Մարդիկ չէին երևում: Նրանք, երևի, նոր էին եկել հեռավոր ճանապարհից և պառկած էին վրանների մեջ իրանց հոգնածությունը կազդուրելու համար: Մի մարդ միայն, մերձակա քարաժայռի բարձրության վրա նստած, այդ դիտանոցից զգուշությամբ նայում էր իր շուրջը: Դա, երևի, նրանց պահակն էր:

Արեգակը մայր մտնելու վրա էր: Սարերի գագաթները դեռ լուսավորված էին վերջին ճառագայթներով, բայց խուլ ձորերի մեջ, որտեղ կազմված էին վրանները, արդեն տիրում էր երեկոյան մռայլը:

Վրաններից մեկի մեջ նստած էր Դավիթ բեկը, իսկ նրա մոտ իր մանկության ընկեր և բարեկամ Ստեփաննոս Շահումյանը: Երիտասարդ իշխանը համարյա նոր էր իջել ձիուց և նրա անբաժան ծառաները` Աղասին և Ջումշուդը դեռ ման էին ածում հոգնած, քրտինքի մեջ թաթախված ձիաները, որ հանգստացնեն: Երկար տարիների անջատումից հետո, երկու կարոտյալ բարեկամները, առաջին անգամ միմյանց հանդիպելով, որպես երկու սիրահարներ, երկար համբուրվեցան, երկար ողջագուրեցին միմյանց: Իսկ այժմ թե Բեկը և թե իշխանը երկուսն էլ լուռ էին: Ի՞նչ լռություն էր այդ, որ տեղի ունեցավ այն ջերմ գրկախառնություններից, այն առաջին սիրալիր խոսքերից հետո:

Ես կամենում եմ քեզ հետ կարճ կտրել, Դավիթ, — ասաց իշխանը գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ Բեկի երեսին նայելով: — Նախ քան քո հարցուփորձը սկսելը, իմացած եղիր, որ ես խաբել եմ քեզ:

Ի՞նձ... խաբե՞լ ես... — հարցրեց Բեկը զարմացած կերպով:

Այո՜, քեզ, — պատասխանեց նա ծանր կերպով: — Այն նամակները, որ դու ինձանից ստացար, դրոշմված զանազան եպիսկոպոսների և մելիքների կնիքներով, — բոլորը կեղծ էին: Այդ կնիքները ես շինել էի տվել մի հրեա քանդակագործի, իսկ նամակները ինքս էի շարադրել: Իմ նպատակս էր քեզ բերել հայրենիքը և ես հասա իմ նպատակին: Գործի մեծությունը ինձ թույլ տվեց մի այսպիսի խորամանկության դիմել: Այժմ կամենում ես բարկացիր, կամենում ես ինձ խաբեբա անվանիր, — միևնույն է:

Լսելով այդ խոսքերը, Բեկը կարծում էր, որ իր բարեկամը երևի կատակ է անում:

Դու, Ստեփան, — ասաց նա ժպտելով, — դեռ չես թողել քո հին սովորությունները:

Ես հանաք չեմ անում, ինչ որ ասում եմ, ճշմարիտ է, — պատասխանեց նա սառնությամբ:

Ուրեմն ոչինչ պատրաստություններ չկա՞ն այստեղ:

Այստեղ կան անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժեր միայն, որոնց միացնելու համար մեծ ջանք է հարկավոր:

Բեկին տիրեց մի տեսակ շվարում, մի տեսակ թուլացած վհատություն: Այդ մարդը, որ երբեք հուսահատվել չգիտեր, սաստիկ զայրացավ, երբ նկատեց, որ իր ձեռնարկության հենց առաջին քայլափոխում հանդիպում է դատարկության, հանդիպում է մթին ունայնության: Ի՛նչ քաղցր հույսերով եկել էր նա իր հայրենիքը. ինչե՛ր էին խոստացել նրան. որքա՛ն մեծ ակնկալություններ ուներ իր հայրենակիցներից, իսկ այժմ ասում էին նրան` «դու խաբված ես...»: Ուրեմն այդ բոլորը երազ էր, բոլորը մի տաքարյուն երիտասարդի երևակայության ցնորք էր, որ մի հնարքով կամեցել էր նրան իր հայրենիքը բերել:

Ես այս աստիճան անհեռատես չէի համարում քեզ, Ստեփան, — ասաց նա փոքր-ինչ խռովյալ ձայնով. — եթե դու ինձ ուղիղը գրեիր և ոչինչ չթաքցնեիր ինձանից, ես դարձյալ կգայի, բայց բոլորովին ուրիշ պատրաստություններով: Իսկ քո այդ գործ դրած ձևը կփոխե իմ ծրագիրը, որ առաջուց կազմել էի, հիմնվելով այն խոստումների վրա, որ դու արել էիր ինձ քո նամակների մեջ: Այսուամենայնիվ, ես պետք է շնորհակալ լինեմ քո հնարագիտության համար, Ստեփան, դու ցանկանում էիր, որ ես իմ հայրենիքումը լինեմ, — ահա այստեղ եմ:

Վերջին խոսքերի ժամանակ նա բռնեց իր բարեկամի աջը և համակրությամբ սեղմեց:

Վհատելու ոչինչ չունենք, — ասաց երիտասարդ իշխանը, — ես դարձյալ քեզ համար գունդեր կկազմեմ, ինձ հարկավոր էր միայն քո այստեղ ներկայությունը, — և այդ բավական է ժողովուրդը ոտքի կանգնացնելու համար:

Այդ խոսքերը այնպիսի մի զգացմունքով արտասանեց նա, որ սաստիկ ազդեց Բեկի սրտին: Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը կրկին պայծառացավ և նրա զգայուն հոգին լցվեցավ անսահման ուրախությամբ: Նա տեսնում էր իր առջև մի եռանդոտ երիտասարդ, որ այնքան անկեղծ և ջերմ սրտով նվիրված էր հայրենիքի փրկության գործին և դրանով մխիթարվում էր:

Ես ամենևին չեմ վհատում, Ստեփան, — ասաց նա, — որ այստեղ չգտա այն, ինչ որ սպասում էի: Ես դարձյալ ուրախ եմ, որ իմ հայրենիքում գտնում եմ գոնե մի բարեկամ, որ համակրում է ինձ:

Մի մարդով ոչինչ չի դառնա:

Այդ մի մարդը կդառնա հարյուր, իսկ հարյուրըհազարներ:

Ես քեզ ասեցի, որ իմ առաջուց կազմած ծրագիրը փոխեցի արդեն, — շարունակեց նա այժմ ավելի համոզիչ եղանակով: — Ես հույս ունեի, որ այստեղ կգտնեմ բազմաթիվ պատրաստի ուժեր, որոնց գլուխը անցնելով, կսկսեմ գործը: Այժմ հանգամանքները փոխվեցան, ես էլ ստիպված եմ փոխել իմ ձեռնարկության ձևը: Ես այժմ գործը փոքրով կսկսեմ և դրա համար բավական մարդիկ ունեմ:

Քառասո՜ն հոգի միայն...-ընդհատեց իշխանը ծիծաղելով:

Սկսելու համար քառասուն հոգին փոքր չէ, — ասաց Բեկը վստահությամբ:

Եթե դու կսպասեիր, ես մի քանի օրվա մեջ մի քանի գունդեր կպատրաստեի: Դարձյալ կրկնում եմ իմ խոսքը:

Այժմ գունդեր ամենևին պետք չեն: Մարդիկների բազմությունը կծանրաբեռնե ինձ: Մեր գունդերը ինքնըստինքյան կկազմվեն: Շտապել պետք չէ: Բոլորը կախված է գործի սկզբնական հաջողությունից: Եթե այս գիշեր աստված կտա ինձ ջարդել Կարա-չոռլուների ցեղը, որ մեզանից մի մղոն հեռավորության վրա է գտնվում, — այնուհետև հաղթությունը մեր կողմը կլինի: Եվ այն բոլոր անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժերը, որոնց մասին ակնարկեցիր դու, այնուհետև իրանք կգան և կմիանան մեզ հետ:

Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վնաս կլիներ, եթե սկզբից հրավիրեինք նրանց, — խոսեց իշխանը, չհամաձայնվելով Բեկի չափազանց անձնավստահության հետ: — Ես կարծում եմ, քո անունը բավական հաստատ երաշխավորություն կարելի է համարել, որ նրանք չեն մերժի քո հրավերը:

Դու դեռ անփորձ ես, Ստեփան, — ասաց Բեկը ժպտելով: — Այդ զգույշ, մտածող և իրանց կարծիքով խոհեմ պարոններին, — որ իրանց մելիքներ, տանուտներեր ու բեկեր են կոչում և որոնց յուրաքանչյուրը մի-մի վիճակի տեր է, — լոկ խոսքերով չես կարող համոզել: Նրանք դարձյալ կմնան իրանց խոհեմության մեջ, որ ուրիշ ոչինչ չէ, բայց միայն մի տեսակ խոհեմ անտարբերություն, ավելի լավ է ասել` մի տեսակ խոհեմ մեռելություն: Նրանց պետք է ցույց տալ շոշափելի փաստ. պետք է ցույց տալ, որ փոքրաթիվ մարդիկներով ևս կարելի է մեծ գործ սկսել, միայն թե պետք է գիտենալ, թե ինչպես սկսել:

Այդ փոքրիկ պատերազմական խորհուրդը տևեց մի քանի ժամ. նրանք երկար խոսում էին, վիճում էին և մի քանի կետերի մեջ միմյանց հետ չէին համաձայնվում: Վերջը իշխանը հարցրեց.

Ուրեմն դու վճռել ես հենց ա՞յս գիշեր հարձակում գործել, այն ևս Կարա-չոռլուների վայրենի ցեղի վրա:

Այո՜, Կարա-չոռլուների վրա: Վիշապին պետք է գլխից զարկել. ուրիշ կերպ չես սպանի նրան: Դրա համար ես ընտրեցի այդ բարբարոս ցեղը, որ սարսափի մեջ էր պահել ամբողջ երկիրը:

Դա խիստ վտանգավոր վստահություն է, եթե չհաջողվի, մենք ամեն ինչ կկորցնենք:

Իսկ եթե հաջողվի, մենք ամեն ինչ կշահենք: Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը:

Գոնե ինձ թույլ տուր հրավիրել մի քանի վստահության արժանի մարդիկ, որոնց ես ի նկատի ունեմ:

Դու դարձյալ նույնն ես կրկնում, ինչ որ մի քանի րոպե առաջ ասեցիր: Մեզ պետք չեն այն մարդիկը, որոնց մենք ստիպված պիտի լինենք հրավիրել: Մարդիկ իրանք իրանց սեփական կամքով պետք է հետևեն մեզ: Գործի բնավորությունն այդ է պահանջում: Իսկ մարդիկ գրավելու համար, որպես քեզ ասեցի, հարկավոր է ցույց տալ նրանց մի շոշափելի օրինակ: Խրատներով բան չի դառնա: Իմ անցյալը, իմ Վրաստանում ունեցած հեղինակությունը բավական չէ մարդկանց հավատը որսալու համար: Նրանք պետք է տեսնեն, թե այստեղ ինչ եմ շինում ես: Եվ այդ ես ցույց կտամ հենց այս գիշեր:

Դավիթ բեկը ընտրել էր իր հայրենիքի ամենաընդարձակ մասը, որ ընդհանուր անունով կոչվում էր Մեծ-Սյունիք: Այստեղ դեռ շարժում չկար, թեև այս կողմերումն էին երկրի գլխավոր ուժերը, թեև այստեղ էին հայոց նշանավոր մելիքները: Մեծ-Սյունիք նահանգը բաժանված էր այդ ժամանակ յոթ ընդարձակ գավառների, որոնք սկսյալ Երասխի ափերից տարածվում էին մինչև Սևանա լիճը, մինչև Հաքարի գետը: Այդ յոթ գավառները հետևյալներն էին.

1. Գողթան, ուր տիրում էր Մելիք-Մուսան, 2. Գենվազ, ուր տիրում էր իշխան Ստեփաննոս Շահումյանը, 3. Ղափան, ուր տիրում էր Մելիք-Փարսադանը, 4. Չավնդուր, ուր տիրում էր Թորոս իշխանը, 5. Բարգյուշատ, ուր տիրում էր մելիք Ֆրանգյուլը, 6. Սիսիան, ուր տիրում էր Բայինդուր իշխանը, 7. Զանգեզուր, ուր տիրում էր Մխիթար սպարապետը: Այս կողմերում դեռ շարժում չկար, դեռ սպասում էին, դեռ գտնվում էին անվճռականության մեջ:

Շարժումը սկսվել էր վերոհիշյալ գավառների, այսինքն Մեծ-Սյունիքի հյուսիս-արևելյան կողմերում: Այստեղ սկսյալ Երասխի ափերից մինչև Գանձակի սահմանը, որ էր Քուրակ-չայ գետը, տարածվում էին հինգ փոքրիկ գավառներ, որոնք միասին կազմում էին մի ամբողջ նահանգ, որ կոչվում էր Փոքր-Սյունիք կամ Արցախ: Դա այժմյան Ղարաբաղն է:

Ղարաբաղի կամ Արցախի հինգ գավառները հետևյալն էին.

1. Գյուլիստան, ուր տիրում էր Մելիք-Յուսուբը, 2. Ջրաբերդ, ուր տիրում էր Մելիք-Աթամը, 3. Խաչեն, ուր տիրում էր Մելիք-Ալլահվերդին, 4. Վարանդա, ուր տիրում էր Մելիք-Հյուսեինը, 5. Դուզախ, ուր տիրում էր Մելիք-Եգանը:

Հիշյալ հինգ գավառները կազմում էին հինգ հայ մելիքությունների դաշնակցական մի իշխանություն, որ պարսիկները կոչում էին Խամսա-մելիքլար‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡, այսինքն հինգ մելիքություններ: Այդ հինգ մելիքներից մեկը, Դուզախի Մելիք-Եգանը, որ հետո կոչվեցավ մելիք-Ավան-խան§§§§§§§§§§§§§§, գերիշխանություն ուներ մյուսների վրա: Նրա գլխավոր դաշնակիցն էր Ավան-Միրզան***************, որ բնակվում էր իր անմատչելի ամրոցում, որ գտնվում էր այժմյան Շուշի քաղաքի մոտ և մինչև այսօր կոչվում է Ավանի քերծ (Ավանի ժայռ):

Ավան-Միրզան մեր պատմության մեջ հայտնի է անունովս Հովհաննես իշխան: Նրան երբեմն կոչում են գուգարացոց, երբեմն ուտեացոց, իսկ երբեմն իր բերդի անունով կոչում են Մեծ-Սղնախի իշխան, որովհետև իշխում էր զանազան տեղերում, ուր իր սուրը հաջողություն էր գտնում: Նա չափազանց խիստ, կամակոր և հպարտ մի անձնավորություն էր, իր մեջ կրում էր արկածախնդիր ասպետի բոլոր հատկությունները:

Իր թշնամիներին սարսափի մեջ պահելըգլխավոր պայմանն էր նրա զորության: Ահա այդ հերոսից գլխավորապես օգուտ քաղեց Մելիք-Ավան-խանը (Մելիք-Եգանը) իր մեծ ձեռնարկությունների մեջ:

Լինելով գլուխ հինգ դաշնակցական մելիքությունների, Մելիք-Ավան-խանը միացրել էր ամբողջ Ղարաբաղը (Փոքր-Սյունիքը կամ Արցախը) և այսպիսով կազմել էր մի ահագին ուժ: Երբ ռուսները տիրեցին Դերբենդը և Բաքուն, նա սկսեց իր դաշնակից Ավան-Միրզայի հետ բանակցություններ անել Պետրոս մեծի հետ, առաջարկելով կայսրին իրենց ծառայությունը, և խնդրելով նրա հովանավորությունը պարսից լծից ազատվելու համար: Այդ է պատճառը, որ այդ երկու նշանավոր իշխանների անուններին մենք հաճախ հանդիպում ենք ռուսաց հին ակտերում:

Այդ երկու Ավանները†††††††††††††††, որպես երկու հզոր հսկաներ, ամենայն եռանդով աշխատում էին իրանց հայրենիքի վերածնելության գործում. մեկը, իբրև հանճարեղ քաղաքականագետ, մյուսը, իբրև քաջ պատերազմող:

Եվ այսպես, Փոքր-Սյունիքի կամ Արցախի նահանգում շարժումը սկսվել էր, որովհետև այստեղ միություն կար, մելիքների դաշնակցություն կար: Իսկ Մեծ-Սյունիքի նահանգում, որտեղ Դավիթ բեկը կամենում էր սկսել իր գործողությունները, դեռ ամեն ինչ անշարժ էր, որովհետև այստեղ մելիքները ոչինչ կապ չունեին միմյանց հետ:

Ցավալին այն էր, որ Փոքր-Սյունիքը և Արցախը թե քաղաքական և թե եկեղեցական կառավարության կողմից բոլորովին բաժանված էին Մեծ-Սյունիքից: Քաղաքական կողմից բաժանված էին նրանով, որ մեր հիշած հինգ դաշնակցական մելիքությունները իրանց առանձին ինքնավարությունն ունեին և կապված չէին Մեծ Սյունիքի հետ: Իսկ եկեղեցական կառավարության կողմից նույնպես բաժանված էին, որովհետև սկսյալ ամենահին դարերից Աղվանից կաթողիկոսները, միտրոպոլիտները, եպիսկոպոսները առանձին հոգևոր իշխանություն ունեին Էջմիածնից անկախ: Գանձասարի վանքը որպես առաջ նույնպես և Դավիթ բեկի օրերում Աղվանից հոգևոր իշխանության աթոռանիստն էր: Նրա ներկայացուցիչները, որպես էին` սկզբում Եսայի եպիսկոպոսը, իսկ հետո Ներսես եպիսկոպոսը ձեռք ձեռքի տված միասին էին գործում Հովհաննես իշխանի հետ: Թե ռուսների հետ ունեցած բանակցությունների մեջ և թե իրանց ներքին զինվորական պատրաստությունների մեջ այդ երկրի հոգևոր և մարմնավոր իշխանությունների ներկայացուցիչները համերաշխ էին:

Պետք է աշխատել գոնե միանալ Հովհաննես իշխանի հետ, — ասաց Ստեփաննոսը, երբ նկատեց, որ Բեկը շարունակում է համառությամբ պնդել իր կամքը: — Ես կարող եմ այդ միությունը կայացնել, իմ հարաբերությունները իշխանի հետ շատ լավ են:

Ես միության հակառակ չեմ, Ստեփան, — պատասխանեց Բեկը: — Բայց դու գիտես, Հովհաննես իշխանը որ աստիճան հպարտ մարդ է. նա, շատ հասկանալի է, որ ինձ չի ենթարկվի, իսկ ես նրա զորապետը լինել չէի ցանկանա:

Պետք է աշխատել գոնե Գանձասարի միտրոպոլիտներին միացնել Էջմիածնի հետ, — ասաց իշխանը:

Թեև մի առանձին օգուտ չունի, բայց այդ մասին ինքը` Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը աշխատում է, — պատասխանեց Բեկը:

Հետո նա սկսեց պատմել, թե ինչպես ինքը դուրս եկավ Վրաստանից Էջմիածնի ուխտավորի անունով, գնաց այնտեղ գլխավորապես կաթողիկոսի հետ տեսնվելու նպատակով: Այդ մարդը «շարժման» եռանդոտ և ամենաջերմ գործիչներից մեկն է, ասաց նա, ավելացնելով, թե հայերը միշտ հրաշքներ են գործել, երբ հոգևոր գլուխները միացած են եղել ժողովրդի ներկայացուցիչների հետ:

Այստեղ նույնպես ունենք մի ամենալավ եկեղեցական, որի վրա կարելի է հույս դնել, — ընդհատեց իշխանը Բեկը խոսքը:

Ո՞վ է:

Տաթևի վանքի Ներսես արքեպիսկոպոսը: Ես ամեն ինչ հայտնել եմ նրան, և նա մեծ անհամբերությամբ սպասում էր քո գալստյանը:

Ներսեսին հատավալ կարելի է. մեր պատմության մեջ Ներսեսները ներկայացնում են միշտ պայծառ բացառություններ:

Արեգակը վաղուց մայր էր մտել, բայց վրաններից ոչ մեկի մեջ դեռ ճրագ չէր երևում: Լուսնկա գիշերը բավական պարզ էր: Բեկի և իշխանի մեջ խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ սուլելու խորհրդավոր ձայն: Բեկը ավելի ուշադրությամբ ականջ դրեց, երբ ձայնը կրկնվեցավ: Այդ միջոցին երկու ձիավորներ, ամենայն թափով իրանց նժույգները վազեցնելով, մտան ձորի մեջ և մոտեցան Բեկի վրանին: Եկվորները նրա մարդիկն էին, մեկը մեծ Գիորգին, մյուսը փոքր Գիորգին: Նրանք ուղարկված էին Կարա-չոռլուների կեցած տեղի դիրքերը հետազոտելու: Բեկը իսկույն իմացում տվեց իր ծառաներից մեկին, որ Մխիթար սպարապետին և Բայինդուր իշխանին կանչեն իր մոտ:

Երբ նրանք եկան, Բեկը ծանոթացրեց Ստեփաննոսին նրանց հետ, ասելով.

Ահա այն մարդը, որ մեզ հրավիրել էր այստեղիշխան Ստեփաննոս Շահումյանը:

Բայինդուր իշխանը թեք աչքով նայելով նրա վրա, ասաց.

Դուք կանչեցիք, մենք եկանք, եթե այս րոպեիս ինձ հինգ հազար հրացանավոր չտաք, պարսից թագավորի «բաթման ղլիճը» քեզ հինգ հազար կտոր կանե:

Բոլորը ծիծաղեցին: Այդ միջոցին մեծ Գիորգին և փոքր Գիորգին նույնպես մտան Բեկի վրանը: Սկսվեցավ խորհուրդը գիշերային արշավանքի մասին Կարա-չոռլուների ցեղի վրա:

Ե

Առավոտ էր, վաղորդյան այն ժամը, երբ մութը դեռ չէր բաժանվել լույսից: Տաթևի վանքի առաջնորդարանի դուռը կամաց բացվեցավ. մի բարձրահասակ աբեղա հայտնվեցավ շեմքի վրա: Նա աչք ածեց իր շուրջը, ոչ ոք չէր երևում: Ամբողջ միաբանությունը դեռ քնած էր: Վեղարը ավելի ցածր թողնելով աչքերի վրա, նա սկսեց դիմել դեպի վանքի շրջապարիսպի մեծ դուռը: Դռնապանը փաթաթված իր վերարկուի մեջ, նույնպես քնած էր: Չզարթեցնելով նրան, աբեղան հանեց իր գրպանից մի բանալի, բաց արեց ահագին երկաթե կողպեքը, որ քարշ էր ընկած նույնպես երկաթե սողնակից: Երկփեղկյա դուռը նրա ոտքի մի հարվածով հետ-հետ գնաց: Նա դուրս եկավ և իր ետևից կրկին կողպեց դուռը:

Վաղորդյան լռությունը սքանչելի է. ամեն ինչ չորս կողմում դեռ նիրհում էր քաղցր, խաղաղ անդորրության մեջ: Նա աչքերը դարձրեց դեպի արևելք, տեսնելու, արդյոք շա՞տ էր մնացել, մինչև արևի ծագելը: Արշալույսը դեռ նոր էր սկսել պարզվել: Հետո դիմեց նա դեպի վանքի մերձակա բլուրներից մեկը, բարձրացավ նրա գագաթի վրա: Այստեղից սկսեց նայել դեպի նեղ ճանապարհը, որ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վանքի զառիվերը: Ոչ ոք չէր երևում: Իսկ նա արձանի պես կանգնած, երկար նայում էր: Վաղորդյան մռայլը թույլ չէր տալիս խիստ հեռուն նշմարել. նա այժմ լարեց իր լսողության բոլոր ուժը: Արդյոք չէ՞ր լսվում մի որևիցե ոտնաձայն, արդյոք ճանապարհի վրա ոչ ոք չէ՞ր գալիս:

Դա մի բարձրահասակ աբեղա էր, որի փառավոր սև մորուքի մեջ դեռ նոր երևում էին հատ-հատ սպիտակ մազեր: Նրա նույնպես սև և խոշոր աչքերը դեռ պահպանել էին երիտասարդական փայլը: Փոքր-ինչ թուխ դեմքը արտահայտում էր տաք, եռանդոտ, անվեհեր բնավորություն: Իսկ այժմ նրա կրակոտ աչքերում կարելի էր նկատել սաստիկ անհանգստություն, որ ավելի բարկության նշան էր, քան թե հուսահատության: «Ի՞նչ եղան... հիմա պետք է եկած լինեին... ինչո՞ւ ուշացան...» — կրկնում էր իր մտքում անհամբերությամբ:

Երկար սպասելուց հետո, երբ նկատեց, ոչ ոք չէ երևում, ցած իջավ բլուրից և վերադարձավ վանքը: Այժմ միայն նա զարթեցրեց դռնապանին, պատվիրելով.

Արթուն եղիր, երբ դռան ձայնը կլսես, շուտ բաց արա ու ինձ իսկույն իմացում տուր:

Ե՞րբ եք տեսել, սրբազան, որ Օհանը քնի, — ասաց նա աչքերը տրորելով, — Օհանը միշտ էլ մի աչքը խուփ, մյուսը բաց է քնում. ճանճն էլ անցնելիս իսկույն զարթնում է:

Հաջորդ էջ